ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. ՌՈՒՍ ՀԱՐՍԸ — 3
ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ Ռ ՈՒ Ս Հ Ա Ր Ս Ը (Վեպ) ԳԼՈՒԽ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ Եվգինեն ապրում էր գյուղի մյուս ծայրում ոչ մեծ միահարկ հին տան մեջ, որն ուներ երկու սենյակ և փայտե սյուների վրա նստած բարձր ծածկապատշգամբ: Տունը շրջապատող բակը նույնպես փոքր էր և ամբողջովին անխնամ: Երևում էր տղամարդկային հմուտ ձեռքի պակասը: Եթե չլիներ տան առջև վիթխարի ընկուզենին՝ բնի մոտ վառարանի համար դիզած փայտով, կարող էր թվալ, թե անտերունչ, լքված տուն է: Բայց մի պատուհանը լուսավորված էր տաք դեղին լույսով, որը անդրադարձվում էր ծածկապատշգամբում՝ հանդարտ ուղիղ քառակուսու տեսքով: