Լևոն ԱԴՅԱՆ. ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ Տունը գյուղի ծայրին էր՝ երեսով դեպի արև, թիկունքով՝ հենված անտառին: Մյուս տներից տարանջատ՝ կանգնած էր բլրակի վրա միայնակ ու ասես նաև լքված: Անտառն օրվա բոլոր ժամերին բուրում էր անուշակ բույրերով, լույսը դեռ չբացված՝ թռչուններն այնտեղ սկսում էին վաղորդյան ջինջ արևով օծված իրենց համերգը: Իսկ գիշերները, երբ շուրջն ամեն ինչ սահում, ընկղմվում էր փափուկ ու անեզր մթության մեջ, Բախչուտի ձորի կողմերում սկսում էր հնչել գիշերահավի կարոտակեզ կանչը: