Ա Շ Ն Ա Ն Ա Յ Ի Ն Ց Ր Տ Ե Ր
Աղմկեցին, անցան անձրևները աշնան:
Մովսես Յախշունց
Աննկատելի սկսվեց ու անցավ ձմեռը՝ ձնառատ ու տաք: Հետո, ինչպես տոնական երկու խնդուն օր, ցոլացին և անցան գարունն ու ամառը: Եվ ահա եկել է աշունը՝ անձրևներով, հազվադեպ արևի պայծառ, արդեն սառը վերջին փայլով, ծառերի տակ թափված գույնզգույն թոշնած տերևներով, պաղ օդով, առավոտյան դրած եղյամով ու անթափանց խոնավ մառախուղներով:
Վերջին շաբաթվա ընթացքում առաջին օրն էր, որ անձրև չտեղաց, առավոտվանից արև էր, և աշնան արևի տակ տնամերձ այգիներում, փողոցներում ու գյուղի շուրջը փռված անտառներում ծառերը փայլածում, հուրհրատում էին բազմերանգ գույներով՝ մաքուր ոսկուց սկսած մինչև փիրուզ:
Իսկ հետո միանգամից իջավ մութ երեկոն: Անահիտը բարի գիշեր մաղթեց հերթապահ բժշկին ու բուժքրոջը և դուրս եկավ հիվանդանոցից: Լուսինն իր հեռավոր ճանապարհին էր, դեռ չէր հասել լեռների մեջ կորսված Հնձախութ գյուղին, և շուրջը ամեն ինչ՝ դաշտերը, անտառները, լեռներն ու ձորերը ընկղմված էին ակնակուր մթության մեջ: Հիվանդանոցի բակում լորենիների բարձր ճյուղերն էին միայն աչքի համար հազիվ նկատելի օրորվում անաստղ երկնքի կապտավուն հեռանկարի վրա:
Չգիտես ինչու, աշնանայի այդ երեկոն Անահիտին թվաց մի տեսակ ոչ սովորական: Դա արտասավոր երեկո էր, իսկ թե ինչու միանգամից այդպես թվաց՝ Անահիտը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ: Սիրտն անհանգիստ էր: Սիրտն ինչ որ բան էր զգում՝ ոչ այն է կարոտալի, ոչ այն է տագնապալից: Հոգնել էր երևի: Նա մի քանի վայրկյան կանգնեց գյուղական հիվանդանոցի փայտե աստիճաններին՝ մինչև աչքերը կընտելանային մթությանը, ու նոր միայն գնաց անձրևներից հետո տոփանված արահետով:
Սկզբնական շրջանում, երբ նա, Ստեփանակերտում ավարտելով բժշկական ուսումնարանը, եկավ գյուղ և աշխատանքի անցավ հիվանդանոցում, երկրորդ հերթի ընկնելիս, մայրը միշտ գալիս էր նրան դիմավորելու: Մայրը, ցանկապատի մյուս կողմում, մթության մեջ կանգնած, սպասում էր նրան: Հետո դուրս էր գալիս Անահիտը, և, տեսնելով մորը, ասում էր. «Մամա, էլի՞ ես եկել: Ես ճանապարհը չգիտե՞մ, ինչ է:»: Նա թևանցուկ էր անում մորը, և նրանք՝ մայր ու աղջիկ, բռնում էին տուն տանող ճանապարհը: Անահիտը չէր ուզում, որ մայրը, դաշտային գործերից հոգնած, գար իրեն դիմավորելու: Բայց մայրը չէր լսում նրան, ամեն երեկո գալիս էր: Անահիտը քայլում էր լուռ, գլխահակ, իսկ մայրն անդադար խոսում էր, և խոսում էր համարյա միշտ նույն բաների շուրջը. այն մասին, որ դաշտերում ահագին կարտոֆիլ մնաց հանելու, իսկ այսօր վաղը մեկ էլ տեսար ձյուն եկավ, հրեն գիշերը եղյամ է դնում սարերին, որ կաթնապրանքային ֆերմայում հիմա լավ են վաստակում, առաջ այդպես չէր, խոսում էր Անահիտի փնթփնթան հորից, որի մարմնում մնացած պատերազմական բեկորները, եղանակների փոփոխման հետ, իրենց զգացնել էին տալիս: Բայց ամենից շատ պատմում էր իր մասին, թե ինչպիսի դժվարություններ է քաշել ինքը ջահել ժամանակ, թե ինչպես մի կտոր հացի համար մարդու տվին իրեն տասնչորս տարեկանում: «Միթե՞ հնարավոր է համեմատել էսօրվա կյանքի հետ: Ռադիոն կա, հեռուստացույցը կա, սառնարանն ու լվացքի մեքենան տանը, խանութն ամեն ինչ լիքը, ամսվա վերջին թոշակը բերում են տուն՝ ստացիր ու սիրտդ ուզածին պես ապրիր: Բայց ապրելու ժամանակն անցել է: Ի՞նչ ապրելու մասին է խոսքը, երբ յոթանասունդ լրացել է արդեն, էդ տարիքում հոգիդ աստծուն ավանդելու մասին ես մտածում և ոչ թե ապրելու»:
Անահիտի համար տխուր ու ձանձրալի էր շարունակ լսել նույն պատմությունները, և նա ամեն անգամ ներքուստ ուրախանում էր, երբ առաջին հերթ էր ընկնում:
Հիմա նրան ոչ ոք չի դիմավորում երեկոները, թեպետ և մայրն է մնում, և ամուսին ունի, և որդի: Անահիտը դուրս է գալիս հիվանդանոցից և, մտքերի մեջ խորասույզ, քայլում ցանկապատերի և տների արանքով ընկած ճանապարհով, այդ ճանապարհը քնած գյուղի միջով թեքվում է այս ու այն կողմ, հետո ուղղվում, իջնում է ձորը, անցնում փայտե կամրջով, որի տակ մանրիկ խոխոջում է լեռներից եկող անանուն փոքրիկ գետակը, և երկար բարձրանում մինչև դիմացի սարի գագաթին թառած իրենց թաղամասը: Լռիկ քայլում է նա մթության մեջ սպիտակին տվող ճանապարհով, և ոչ ոք չի խանգարում նրան՝ տրվել իր խոհերին, հիշողության մեջ օր-օրի հաջորդաբար վերարտադրել իր կյանքը: Գիշերային խավարի մեջ հեշտ է մտածելը, մտքերն իրենք իրենց գալիս, շարվում են իրար ետևից, վաղուց անցած իրադարձությունները վերստին շունչ են առնում, և Անահիտը ամեն անգամ զարմանում է՝ ինչո՞ւ իր կյանքն այդպես անիմաստ ու հիմարաբար դասավորվեց: Ե՞րբ, ո՞ր օրը ճեղք տվեց այն, և այդ ճեղքը գնալով մեծացավ՝ դառնալով անդունդի նման խոր, և օրեցօր ավելի սարսափելի է թվում նայել այդ վիհի խորքը: Ո՞վ է մեղավոր այն բանի համար, որ դու ամեն ինչ ունես՝ սիրելի որդի ու քեզ սիրող ամուսին, տունուտեղ, սրտովդ է նաև աշխատանքդ, ամեն ինչ կա՝ բացի մի բանից, որին տենչում ես ամբողջ կյանքում՝ մի քիչ երջանկություն: Տարիներ առաջ, երբ հայրը ողջ էր, մի խոսք ասաց: Վերջերս, չգիտես ինչու, Անահիտը հաճախակի էր հիշում այդ խոսքը: «Կաղնավուն մի թռչուն կա, հանդերում է լինում, երջանկությունը նման է էդ թռչունին,- ասաց հայրն այն ժամանակ:- Նստում է աչքիդ առաջ, մի երկու քայլի վրա, ուզում ես բռնել, ցատկում, մի քիչ էն կողմ է կանգնում, ասում ես՝ մի քայլ էլ անեմ՝ կբռնեմ: Խաբելով տանում է, է¯, աստված գիտի, թե որտեղ: Մարդու երջանկությունը նման է էդ փոքրիկ թռչունին, թվում է ահա մոտ է արդեն, հասնում ես երջանկությանդ, բայց, չէ, էն թռչունի պես նորից իր ետևից տանում է քեզ ու մինչև վերջ էլ էդպես գնում ես երջանկության ետևից ու երբեք չես հասնում»:
Իսկ մի՞թե հնարավոր չէ ապրել առանց այդ երջանկության: Հնարավոր է, իհարկե, բայց դրա հետ միասին երկինքը պարզապես մնում է անծայրածիր երկինք՝ սև դատարկությամբ, աստղերը՝ սովորական աստղեր, որոնք ոչ թե ժպտում, աչքով են անում գիշերային երկնքից, այլ հենց այնպես հղում են իրենց հեռավոր սառը լույսը, տան կողքով անցնող առուն չի կարկաչում մանկան զվարթ ծիծաղով, պարզապես իր համար հոսում է՝ լեռներից բերած աղբրաջրերը տանելով դեպի կոլտնտեսային բանջարանոցները:
Ի՞սկ չէ որ կար ժամանակ՝ ուրիշ կերպ էր ամեն ինչ՝ և աստղերն էին ուրախ աչքով անում թավշյա մութ երկնքում, և առվակն էր ծիծաղում մանկան զնգուն ծիծաղով: Եղե՞լ է այդ ամենը, թե՞ ինքը՝ Անահիտն է հնարել վաղանցուկ այն մի քանի շաբաթները՝ Կարենի հետ: Ոչ, եղել է, ամեն ինչ եղել է, այն շաբաթները նույնպես եղել են, դրանք այնպես արագ անցան: Երբեմն Անահիտին այնպես էր թվում, թե ինքը կխենթանա երջանկությունից: Տեսնես որտե՞ղ է հիմա Կարենը: Ո՞ր հեռուներն է նետել նրան ճակատագիրը: Իսկ գուցե նա ինչ-որ բոլորովին մոտիկ տեղ է: Բայց մի՞թե մեկ չէ, թե որտեղ է նա: Եթե նա նույնիսկ այստեղ, իր կողքին լիներ, Անահիտի համար նույնն էր, թե նա գտնվում է աշխարհի մյուս ծայրին: Մի անգամ ինչ-որ առիթով նա Անահիտին ասաց. «Հիշիր խոսքս. կգա ժամանակ՝ կկործանի քեզ անհաստատ բնավորությունդ»:
Ոտնաձայներ լսելով ձորում՝ ուռենիների տակ, անհանգիստ կռկռացին գորտերը: Անահիտն անցավ փայտե կամրջակը, որի տակ մի կարճ պահ խոխոջաց գետակը, և սկսեց բարձրանալ դիք ճանապարհով: Նա կրկին հիշեց Կարենին, դառը քմծիծաղեց մթան մեջ: Ընդհանուր առմամբ, Կարենի ասածի մեջ ճշմարտություն կար: Գուցե կայուն բնավորություն ունենար՝ իր կյանքում ամեն ինչ այդպես չդասավորվեր: Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս է դասավորվել իր՝ Կարենի կյանքը, նա շատ էր հպարտանում իր անհողդողդ կամքով ու չափից դուրս անսասան բնավորությամբ: Ով գիտի, երևի նրա կյանքը լավ է դասավորվել, այլապես գոնե մի անգամ գյուղ կգար. արդեն մի քանի տարի է հարազատ գյուղում չի եղել: Ծնողներին Կարենը, ամենայն հավանականությամբ, նամակ-բան գրում է: Մի ժամանակ, դա շատ վաղուց էր, Անահիտը ցանկացավ ծնողներից վերցնել Կարենի հասցեն: Ինքն այդ օրը չէր աշխատում, և հարևաններից ով էր՝ հիմա չի հիշում, ասաց, որ Կարենի հայրն իրեն վատ է զգում, գիշերը սրտի նոպա է ունեցել, շրջկենտրոնից շտապ օգնություն են կանչել: Վոլոկորդին և վալիդոլ վերցրեց, վազեց նրանց տուն: Մտածում էր միաժամանակ վերցնել Կարենի հասցեն: Սակայն Կարենի մայրը բավականին կոպտաբար դիմավորեց նրան: Դու ոչ միայն Կարենի, այլև մեր կյանքն էլ ես փչացրել, ասաց նա այն ժամանակ, որովհետև, եթե դու չլինեիր, մեր տղան հիմա ապրելիս կլիներ մեզ հետ և էսօրվա օրը նրա ծերացած ծնողները ստիպված չէին լինի վիզ ծռել ուրիշների առաջ, էն մարդուն դու ես հիվանդացրել, քո պատճառով էր ամեն ինչ, և չփորձես երևալ նրա աչքին: Անահիտը կանգնել էր բակում՝ ամոթահար, շվար, չգիտեր ինչ անել: Հազիվ զսպելով իրեն, որ չփղձկա վիրավորանքից, նա շուռ եկավ և մոլոր քայլերով գնաց տուն: Տանը ոչ ոք չկար: Հուզմունքից դողում էին Անահիտի շուրթերը, բայց նա չէր լալիս, իսկ սիրտը գնալով նվաղում էր: Մոտենալով սեղանին, նա դողացող մատներով միացրեց պատերազմական ժամանակներից մնացած հին պատեֆոնը, և պատեֆոնը տխրաձայն երգեց.
Հրաժեշտի համար շալը եզրավոր
Կապիր, օ, կապիր ինձ տուր,
Այդ հանգույցի պես մի օր բախտավոր
Մենք կապված էինք ամուր:
Այլևս անուժ զսպելու իրեն, երեսնիվայր ընկավ մահճակալին և երկար ժամանակ լալիս էր: Ինքն ինչո՞վ է մեղավոր, որ նրանք մենակ են, որ ծանր է նրանց համար՝ մեն-մենակ չորս պատի արանքում: Ի՞նչ մեղք ունի ինքը դրանում, և մի՞թե իր՝ Անահիտի համար հեշտ է: Անահիտն ինքը քիչ պատճառներ չունի մեղադրելու իրենց՝ Կարենի ծնողներին, հենց այն բանում, որ նրանք խորտակել են իր կյանքը: Բայց ինչո՞ւ փորփրել հին վերքերը: Մի՞թե դա որևէ բան կարող է տալ: Եվ մի՞թե բանն այն է, որ հին են վերքերը, վերքերը թարմ են միշտ, մինչև մահ-գերեզման այդպես էլ կմնան թարմ ու կճզմեն, կցավացնեն Անահիտի սիրտը, և նա չի կարողանա այդ մասին պատմել որևէ մեկին, որովհետև, երբ խորն է վիշտը, պատմել չի լինում: Մղկտում, վառվում է սիրտդ, ինչպես դեզն է ներսից այրվում՝ լուռ, անմռունչ, և միայն ծուխն է բարձրանում ինչպես հառաչանք: Երբեմն Անահիտին թվում է` չի դիմանա այլևս, թվում է` ցավից կգոռա: Բայց միշտ չէ, որ անում ես այն, ինչ պետք է, երբեմն ստիպված ես ծիծաղել՝ փոխանակ լալու: Եվ այնքան էլ հեշտ չէ գոռալ ցավից, երբ կողքիդ են որդիդ ու քեզ սիրող բարի ամուսինդ: Ամուսինը գիտի, որ Անահիտը չի սիրում իրեն, այդ մտքից նա հաճախ բռնվում է անզուսպ կատաղությամբ, խմում, հարբում է խելագարության աստիճան (թեպետ ոգելից խմիչքներ տանել չի կարողանում) և անխնա ծեծում է Անահիտին, և ասում, որ նա խորտակել է իր կյանքը: Իսկ առավոտյան, ուշքի գալով, արցունքն աչքերին սկսում է ներողություն խնդրել: Եվ Անահիտը ներում է նրան, և ներում է ոչ միայն նրա համար, որ հասկանում է ամուսնուն (այն բանից, որ ինքը հասկանում է ամուսնուն, իրեն թեթևություն չի գալիս), ամենից շատ նա ամուսնուն ներում է, որովհետև իրեն ոչինչ չի մնում անելու, քան ներել նրան, այլապես մշտական տառապանք կդառնա իրենց կյանքը: Ամուսինը նույնպես հասկանում է դա, դրա համար էլ շատ հաճախ երեկոները գնում է ծնողների մոտ և այնտեղից վերադառնում գիշերվա կեսին, երբ Անահիտն արդեն քնած է լինում (կամ ձևանում է քնած):
Մտքերով տարված, Անահիտը չնկատեց, որ հասել է տուն: Նույնիսկ չէր նկատել, որ լուսինն անշշուկ բարձրացել է սարի ետևից և հիմա անշտապ մագլցում էր երկինքն ի վեր: Նա ձեռքը ցանկապատի արանքից մտցրեց, բաց արեց բակի դռնակը, բայց ներս չմտավ, նայում էր լուսնալույսի արծաթ շողերի ներքո քնած լեռներին, հեռու ու մոտիկ դաշտերին, դեպի սարեր բարձրացող ճամփաներին, որ գնում, կորչում էին մթին անտառների մեջ: Մատուռի ձորում մի քանի անգամ կանչեց գիշերահավը ու կրկին լռություն տիրեց: Ներքևում երևում էր ամբողջ Հնձախութը՝ իր բոլոր թաղամասերով: Տների թիթեղյա տանիքները, ինչպես անձրևից հետո՝ արևի տակ, աղոտ փայլում էին լուսնի շողերից: Անահիտը նայեց աշնանային սև ցելերի միջով դեպի գյուղի կենտրոն իջնող ճանապարհին, և այս՝ իրոք արտասովոր, ու, չգիտես ինչու, մի քիչ էլ տագնապալից, երեկոն նրան կրկին հիշեցրեց այն օրերը, երբ ինքն ու Կարենը սովորում էին տասերորդ դասարանում և այդ ճանապարհով ամեն օր միասին գնում էին դպրոց, վերադառնում: Գնալիս շտապում էին, իսկ վերադարձին գալիս էին անշտապ, երբեմն կամրջի մոտ թեքվում, գնում էին ձորն ի վեր, անանուն գետակի հակառակ ուղղությամբ (դա ավարտական քննությունների օրերին էր), և նրանց գլխավերևում, ծառերի վրա, երգում, ասես նրանց ողջունում էին փոքրիկ դեղձանիկները: Անահիտը հիշեց անդարձ այդ օրերը, հառաչեց և, ետ տանելով դռնակը, մտավ բակ:
Տան լույսը չէր վառվում. ամուսինը դարձյալ յուրայինների մոտ է գնացել կամ աշխատանքից չի եկել դեռ, իսկ որդին՝ Արայիկը, երկրորդ օրն էր, ինչ Անահիտի մոր մոտ էր: Ընտանիքում տիրող սառնությունը հավանաբար ձանձրացնում էր տղային, և նա գերադասում էր տատի մոտ մնալ, այնտեղ նրա համար լավ էր:
Անահիտն իր բանալիով բաց արեց դուռը, միացրեց լույսը և, ասես առաջին անգամ էր տեսնում, մի քանի վայրկյան առանց շտապելու, ուշադիր դիտեց սենյակը. նա նման էր կենվորուհու, որին տանտերերը ցույց էին տվել իր նոր կացարանը, և նա հիմա շեմին կանգնած վճռում էր՝ համաձայնի՞ դրան, թե ուրիշ, ավելի լավ կացարան փնտրի:
Սենյակը կահավորված է ոչ այնքան թանկ, բայց լավորակ կահույքով, պատի տակ դրված թախտը ծածկված է տանը գործած նախշուն գորգով, պատին ֆաբրիկայի թողարկած գեղարվեստական փոքրիկ գորգն է կախված՝ վրան առվից ջուր խմող երկու եղնիկ: Այդ գորգն ամուսինն է գնել մի երեք տարի առաջ. կոլտնտեսային տեխնիկան բերքահավաքին օրինակելիորեն ու ժամանակին նախապատրաստելու համար նա դրամական պարգև էր ստացել:
Անահիտը հանեց վերարկուն, նետեց բազկաթոռի թիկնակին: Հետո մոտեցավ սեղանին, ձեռքի սովոր շարժումով մեքենայորեն ուղղեց սեղանի մոմլաթը, լիքը ջրամանը վերցրեց, դրեց սեղանի մեջտեղը: Նրա հայացքն ընկավ պատից կախված մուգ կարմրագույն շրջանակով խմբային նկարին: Հունիսի վերջին էր, լուսանկարվեցին ամբողջ դասարանով: Անահիտը դանդաղորեն մոտեցավ և, ասես նախկինում երբեք չէր տեսել, սկսեց լարված հետաքրքրությամբ դիտել նկարը: Ահա ինքը՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարիա Ամբարձումովնայի կողքին: Իսկ ահա վերջին շարքում, մի տեսակ բոլորից անջատ, կանգնած է Կարենը: Նա հանգիստ, ուժեղ կամք արտահայտող դեմք ունի, օբյեկտիվին ուղղված վճռական, փոքր ինչ սառը հայացք: Ամեն անգամ, նայելով դաժանության հասնող այդ խիստ ու լուրջ դեմքին, Անահիտը տարիների հետ չնվազող ամոթի զգացումով հիշում է մի դեպք, որից և, ըստ էության, սկսվեց այդ ամբողջ պատմությունը: Նա այնպես կուզենար հիշողությունից դեն նետել այդ դեպքը, բայց, ավաղ, դա անհնարին է, ինչպես անհնարին է մոռանալ այն ամենը, ինչ այս կամ այն կերպ կապված է Կարենի հետ. հումորով ասված նրա խոսքերը, հրապուրական ժպիտները, բարեհոգի ծիծաղը, շարժուձևը,- այս բոլորը մեկ-առ մեկ դրոշմվել է Անահիտի հիշողության ու սրտի մեջ:
Անահիտը դուրս եկավ բակ՝ ջրամանի ջուրը փոխելու: Տան լույսը, որ դռան արանքից մի ոստույնով բարձրացել էր մեղմ հովից խշշացող թթենիների վրա, կատվի պես ցած թռավ, սողոսկեց ներս՝ մինչև Անահիտը կփակեր դուռը: Բակում լռություն էր՝ ոչ մի ձայն, միայն ծառերն էին այգում արթուն: Նրանք կամացուկ սվսվում, զրուցում էին, ասես, չհամարձակվելով մոտենալ իրար: Ամենուր լռություն էր, և այդ լռության ու արտասավոր գիշերվա մեջ ձորերն ի վեր դանդաղ հոսում էր մշուշը, ներքևում, ինչ-որ մեկի տնամերձ հողամասից ծուխ էր բարձրանում, գոմաղբ էին վառել, ծուխը թանձր էր, սև, հեռվում, լուսնալույսի արծաթ շողերով ողողված սարերից ու լեռներից անդին, երևում էր Մռավա սարը՝ պատված ճերմակ ամպերով: Թե՞ ձյուն էր: Ձյուն էր երևի:
Հիշողությունները նորից տարան Անահիտին, այո, դրանից սկսվեց ողջ պատմությունը, այդ անհեթեթ դեպքից, որի մասին հիշելիս, հիմա էլ տարիներ անց, Անահիտը զգում է, թե ինչպես ամոթից կարմրությունը բռնում է դեմքը: Երկար դասամիջոցին էր դա. ընկերուհիների մոտ իրեն ցույց տալու համար Անահիտը ցատկեց պատուհանի գոգին, և, նայելով Կարենին, որն ինչ-որ բան էր փնտրում քարտեզի վրա, ծիծաղկուն աչքերը կկոցելով ասաց.
-Լսիր, Կարեն, որպես կոմերիտկազմակերպության քարտուղարի, կարո՞ղ եմ մի հարց տալ քեզ:
Դպրոցում տարածված էր, որ, իբր, Կարենը մինչև ականջները սիրահարված է Անահիտին, և, լավ իմանալով Անահիտի չարաճճի բնավորությունը, աղջիկները հետաքրքրասիրությամբ շրջվեցին նրանց կողմը:
-Ի՞նչ հարց,- ասաց Կարենը՝ չհամարձակվելով ուղիղ նայել Անահիտի աչքերին:
Անահիտը գլխի վարժ շարժումով ետ նետեց մազերը և ասաց.
-Այսինքն հարց չէ: պարզապես ուզում եմ փոխանակություն կատարել քեզ հետ, եթե կարելի է, իհարկե:
Նրա գեղեցիկ դեմքը ողողված էր գարնան արևով ու ծիծաղով. ծիծաղում էին մաքուր երկնքի գույն ունեցող աչքերը, վարդի թերթիկների նրբությամբ լիքը շուրթերը, ձյունաճերմակ ատամները:
-Ի՞նչ փոխանակություն,- տարակուսանքով հարցրեց Կարենը:
-Դու քո մշկամկենու գլխարկդ տալիս ես ինձ, իսկ ես դրա փոխարեն քեզ մի անգամ համբուրում եմ: Կամ կարելի է երկու անգամ: Համաձա՞յն ես:
Կարենը թեթևակի այլայլվեց, հետո մոտեցավ, նստարանի տակից հանեց ականջակալներով գլխարկը, որ մորեղբայրն էր ուղարկել Ղազախստանից, մեկնեց Անահիտին և հանգիստ, շեշտված սառնությամբ ասաց.
-Վերցրու:
-Ուրեմն, համաձա՞յն ես,- հաղթանակած ու խորամանկ ժպտաց Անահիտը՝ աշխուժորեն նայելով աղջիկներին:
-Ոչ, համաձայն չեմ: Դու շատ էժան ես ծախում քո համբույրները, այդպիսի համբույրներ ինձ պետք չեն:
Գլխարկը թողնելով Անահիտի ձեռքին, նա շրջվեց, դուրս եկավ դասարանից: Անահիտը շշկլվել, մնացել էր կանգնած, կյանքում երևի, առաջին անգամ նա կորցրեց իրեն և ոչինչ չգտավ ասելու: Նա կանգնել էր՝ տեղի ունեցածից քար կտրած, ընկերուհիների աչքի առաջ՝ այրվելով ամոթից ու մատներով անմտորեն քրքրելով գլխարկի մազախավը, հետո հանկարծակի գլխարկը նետեց պատուհանի գոգին և նույնպես դուրս վազեց միջանցք, որը գվվում էր աշակերտների անհամար ձայներից: Երբ հնչեց զանգը, և Անահիտը ներս մտավ, ընկերուհիները տեսան, որ լացից կարմրել, ուռել են նրա աչքերը:
Այդ օրվանից կարծես Անահիտին փոխս էին գցել: Ասես նախկին Անահիտը չէր: Ճիշտ է, նա հիմա էլ, ինչպես առաջ, կարող էր համոզել ամբողջ դասարանին՝ փախչել հերթական դասից, պարզապես տասը էջ անգիր անել եռանկյունաչափության դասագրքից (նա ապշեցուցիչ հիշողություն ուներ), կամ հանրահաշվի ստուգողական գրավորը լրիվ՝ առաջին տողից մինչև վերջին տողը, արտագրել կողքին նստող ընկերուհուց, և, լուսաշող կապույտ աչքերը հառելով ուսուցչին, տետրը հանձնել նրան ու անմեղ ժպիտով հայտարարել. «Ընկեր Աղասյան, դուք կարող եք հիմիկվանից «երկու» նշանակել, ես սկզբից մինչև վերջ Գրետայից եմ արտագրել»: Եվ, այնուամենայնիվ, այդ արարքները չէ, որ այժմ բնորոշում էին Անահիտին:
Նա սկսել էր հաճախակի խորասուզվել մտքերի մեջ, երբեմն առ երբեմն նա իրեն բռնում էր այն բանում, որ խանդում է Կարենին իր ընկերուհիների նկատմամբ, երբ տեսնում էր, որ նրանք հենց այնպես մոտենում էին նրան՝ մի բան հարցնելու, զրուցելու հետը (իր և Կարենի միջև վարվեցողության այդ պարզությունը չկար այլևս), գաղտնաբար հետևում էր նրա յուրաքանչյուր քայլին, իսկ պատահական հանդիպումների ժամանակ շփոթվում, կորցնում էր իրեն և արագ փախցնում հայացքը:
Հասակակից աղջիկների նման, Անահիտը նույնպես հաճախակի նամակներ էր ստանում տղաներից և այդ նամակներում՝ երբեմն քնքուշ, երբեմն սրտառուչ, երբեմն էլ ծիծաղաշարժ, տղաները ժամադրության էին կանչում նրան: Դրանք, պարզ է, շոյում էին նրա աղջկական սնապարծությունը, նա ուրախանում և հպարտանում էր այդ նամակներով, և, փակվելով դասարանում կամ առանձնանալով դպրոցի բակի ինչ-որ մի անկյունում, դրանք կարդում էր ընկերուհիներին, առանց տալու, իհարկե, հեղինակների անունները: Այդպիսի նամակներ նա այժմ էլ ստանում էր, սակայն դրանք այլևս չէին ուրախացնում նրան, ավելի շուտ տարակուսանք էին առաջ բերում, իսկ հետո վերջնականապես սկսեցին ջղայնացնել, և, ստանալով հերթական սիրային նամակը, նա պարզապես վերադարձնում էր ետ՝ առանց կարդալու, կամ պարզապես պատռում էր: Ի վերջո, Անահիտը խնդրեց իրեն ուղղված ոչ մի նամակ չվերցնել (այն նամակները սովորաբար նրան էին հանձնվում կամ համադասարանցի աղջիկների, կամ էլ ցածր դասարանների աշակերտների միջոցով):
Ապրիլի վերջերին, արևոտ ու պայծառ մի օր, Անահիտը պայուսակը ձեռքին գնում էր դպրոց: Երկրորդ զանգը հնչել էր արդեն, դրա համար էլ շտապում էր: Նա արդեն հասել էր դպրոց, դարպասի մոտ էր, մեկը ետևից ասաց.
-Անահիտ Գաբրիելյանին ջերմ ողջույններ:
Անահիտը շրջվեց և տեսավ Մուշեղ Առուշանյանին՝ 10-րդ «բ» դասարանից:
-Բարև,- սառը արձագանքեց Անահիտը:
-Ես հիմա քայլում էի ձեր ետևից և ուշադիր նայում ձեր ստվերին,- ասաց Մուշեղը ժպտալով:
-Եվ հետո՞:
-Հետո ոչինչ: Ես նայում էի ձեր ստվերին և մտածում այն մասին, որ գեղեցիկ աղջիկների ստվերն էլ գեղեցիկ է լինում:
Անահիտը ծիծաղեց:
-Ինչ չի հաջողվում գնել ոսկով՝ կարելի է նվաճել քաղցր խոսքով: Դու, հավանորեն, այս նշանաբանով ես առաջնորդվում, չէ՞:
-Ասենք թե,- մարտական տեսքով նետեց Մուշեղը:
-Անօգուտ է, Մուշեղ, այդ նշանաբանն ունի իր բացառությունը՝ ինձ վրա չի ներգործում:
-Դրա համար էլ չե՞ս պատասխանում իմ նամակին:
-Ի՞նչ նամակ:
-Մեր դասարանցի Սաթիկն էր բերել:
-Ես քո նամակը չեմ կարդացել:
-Ուրեմն արժանի չես համարել:
-Հաշվիր, որ այդպես է:
-Շնորհակալություն,- քմծիծաղ տվեց Մուշեղը:- Դու գիտե՞ս, թե մի խելոք մարդ ինչ է ասել այդ առթիվ: Նա ասել է. «Դու քո վերելքի ճանապարհին մարդկանց հետ այդքան դաժան մի եղիր. նրանց հետ դու կհանդիպես նաև ցած իջնելիս»: Լավ է, չէ՞, ասված:
Անահիտին միշտ էլ բարկացնում էր Մուշեղի այդ խոսելաձևը՝ արտահայտվել փքուն ու խորիմաստ, և ամենագլխավորը՝ ուրիշների խոսքերով:
-Լավ է ասված, միայն թե չհասկացա՝ դա ի՞նչ կապ ունի ինձ հետ:
-Ոչինչ, Անահիտ, հետո կհասկանաս,- բազմանշանակ խոստացավ Մուշեղը:
Անահիտը հանկարծակի կանգ առավ և, շրջվելով Մուշեղի կողմն ու միաժամանակ գիտակցելով, որ հետո պիտի փոշմանի արածների համար, հուզմունքից շնչահեղձվելով, անակնկալ կերպով ասաց.
-Դու հո լավ գիտես Կարենին: Մեր դասարանցի Կարենին:
Մուշեղն ինքնաբերաբար գլխով արեց, զարմանքով նայելով աղջկա թեթևակի գունատված դեմքին:
-Ասենք թե: գիտեմ:
-Այ, եթե նա գրեր: Նրանից, միայն նրանից կուզենայի նամակ ստանալ: Ինչպիսին էլ որ լիներ այդ նամակը՝ թեկուզ վիրավորական, թեկուզ: միայն թե գրված լիներ նրա ձեռքով:
Անսպասելի նորությամբ շշմած՝ Մուշեղը չէր համարձակվում տեղից շարժվել: Թողնելով նրան կանգնած, Անահիտը, թանձր մազերը ծածանելով ուսերին, քարե սանդուխքներով վազեց վեր և մտավ կիսամութ միջանցք: Նա վազելով անցավ միջանցքով՝ հետզհետե ընտելանալով մթությանը, և, ասես հետապնդում էին, նուրբ ռունգերով արագ շնչելով օդը, ներս մտավ դասարան: Նա հայացքով փնտրելով գտավ Կարենին և վճռականորեն մոտեցավ նրան: Կարենն իր նստարանին նստած ինչ-որ քրքրված գիրք էր կարդում:
-Այդ ի՞նչ գիրք ես կարդում, Կարեն,- հարցրեց Անահիտը:
Կարենն աչքերը կտրեց գրքից, զարմանքով նայեց նրան:
-Լրտեսների մասին է:
-Հետաքրքի՞ր է:
-Դեռ չգիտեմ, նոր եմ սկսել:
Նրա ուշադիր հայացքի ներքո Անահիտը՝ արտասվելու աստիճան հուզված, շիկնանքից այրվելով, չգիտես ինչու, փորձեց բացել իր հին պայուսակը: Բայց կողպեքը, հակառակի պես, չէր բացվում, ըստ երևույթին, փչացել էր: Եվ Անահիտը, վհատության պոռթկումով բռնված, հանկարծ, ինքն անգամ սարսափելով սեփական խոսքերից, ասաց.
-Գիտե՞ս, ես կուզենայի, որ վերադառնային այն հին ու երանելի ժամանակները, երբ աղջիկն ինքն էր սեր խոստովանում տղային, և դա անպատվություն չէր համարվում: Բայց ոչ, ես դա չէի ուզենա, որովհետև այդ հին ժամանակներում չէիր լինի դու:
Հիմա, տարիներ հետո, աշնանային լուսնյակ ու ցուրտ գիշերվա մեջ մեն-միայնակ կանգնած, Անահիտը մտածում էր այն հեռավոր, արդեն անդարձ օրերի մասին, և նրա համար ամոթալի ու միևնույն ժամանակ հաճելի էր վերհիշել իր այսպես ասած երեխայական արարմունքը, որին, ամենայն հավանականությամբ, մղեց նրան մի քանի րոպե առաջ Մուշեղի հետ տեղի ունեցած կարճատև խոսակցությունը: Զարմանալին այն էր, որ Կարենն իսկույն հասկացավ նրան: Նա մի քիչ գունատվեց, հետո ժպտաց, ինչպես նա է ընդունակ ժպտալու՝ միայն աչքերով:
Անահիտը մինչև այսօր էլ չի կարողանում մոռանալ, թե ինչպես այդ րոպեին հոգու վրայից անսպասելիորեն չքացավ լարվածությունը, ձեռքն ակամայից ընկավ նստարանին, նրա ամբողջ էությունը համակեց տարօրինակ, ընդարմացնող նվաղկոտությունը, որից արցունքներն իրենք իրենց լցվում էին աչքերը: Եվ նա թերևս լաց լիներ, բայց այդ պահին Կարենի ձեռքը զգույշ իջավ նրա ձեռքին և թեթևակի սեղմեց նրա մատների ծայրերը: Անահիտը խոնարհեց կրակի պես այրվող դեմքը, բայց ձեռքը ետ չքաշեց: Արցունքներ չկային նրա աչքերում, բայց սիրտն այպես էր բաբախում, ասես ուր որ է պիտի դուրս թռչեր կրծքից:
Անահիտը ջրի ծորակի տակ լցրեց ջրամանը և թաց, սառը ջրամանը ձեռքին գնաց դեպի տուն: Տուն մտնելիս նա ինչ-որ հռնդյուն լսեց, կանգ առավ: Նրան թվաց՝ ավտոմեքենայի ձայն էր: Բայց ավտոմեքենայի ձայն չէր դա. բարձր, սարերից ու լեռներից էլ շատ բարձր, աստղազարդ երկնքի միջով ինչ-որ օդանավ էր անցնում՝ կարմիր լույս արձակելով: Անահիտը ներս մտավ, ջրամանը դրեց սեղանին, իր նախկին տեղը: Նրա աչքը կրկին ընկավ խմբային նկարին: Նկարում ինքն ու Կարենը իրարից հեռու են, իսկ այն ժամանակ անբաժան էին: Անահիտն իրեն ամենաերջանիկ աղջիկն էր համարում արար աշխարհում: Նրա էության յուրաքանչյուր բջիջ պարուրված էր այդ զգացմունքով: Երեկոները նա պառկում էր քնելու այդ բերկրալից, շարունակ իրեն զարմացնող զգացումով, և մտածում էր գալիք օրվա մասին, որը նույպես սկսվելու էր նույն արբեցնող հուզմունքով: Անահիտի սիրտն ու հոգին, ինչպես նորահաս գինու ոսկյա թաս, պռնկե-պռունկ լցված էր ցնծուն երջանկությամբ: Նա նույնիսկ ջանում էր քայլել հանդարտ ու սահուն քայլվածքով, ասես վախենալով թափթփել այդ արբեցնող գինին: Անահիտն առավոտներն արթնանում էր վաղ, մինչև արևը դուրս կգար, արթնանում էր ինչ-որ բանի մասին իրար հետ տաք վիճող ճնճղուկների անհանգիստ ճռվողյունից, միառժամանակ անխոհ ժպիտով նայում էր նրանց, հետո փակում աչքերը և մտածում Կարենի մասին՝ հիշողության մեջ հերթով վերակենդանացնելով երեկ երեկոյան նրա հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթը: Հետո անկողնուց ելնում, դուրս էր գալիս պատշգամբ և այդպես վարդագույն թափանցիկ գիշերանոցով, բարակ մեջքն ի վար թափած շողշողուն, ասես ոսկեջրով լվացած թանձր մազերով, երկար կանգնում, կկոցված աչքերով դիտում էր այդ մեծ, տաք ու բարի աշխարհը, որը շռայլորեն նրան էր հղում վաղ լուսաբացի իր մաքրամաքուր կապույտ լույսը: Իսկ հետո ներքևում, Մատուռի ձորում ընդհատումներով սկսում էր դայլայլել դեղձանիկը: Անահիտն արագ նախաճաշում, կարգի էր բերում մազերը, և վերցնելով պղնձե կուժը, վազում էր դուրս, չմոռանալով, իհարկե, զգուշացնել մորը.
-Մամա, ես գնացի ջրի:
-Շուտ վերադարձիր, քննության ես պատրաստվում,- իր հերթին ահազանգում է մայրը:
Ձորում, կամրջից վեր, ուռենիների տակ փոքրիկ մի աղբյուր կար, որ մամռոտ քարերի մեջ գիշեր ու զօր ցածրաձայն երգում էր, այդպես երգելով էլ անցնում էր մի քանի տասնյակ մետր ճանապարհը, ու նորից կորչում՝ անհայտ ու անանուն: Այստեղ, այս աղբյուրի մոտ էին նրանք մշտապես հանդիպում: Գյուղում ուրիշ աղբյուր կար՝ երեք ծորակով, վարար: Տարին չորս բոլոր մարդաշատ էր լինում այստեղ. կանայք կժերով ու դույլերով ջուր են վերցնում, լվանում են իրենց նախշուն կարպետները, տղամարդիկ ջրում են իրենց ձիերին, այստեղ են գալիս դատարկ, դնգդնգան տակառներով սայլերը՝ ջուր տանելու հնձվորներին ու ծխախոտագործներին: Իսկ սրա, մամռոտ քարերի մեջ կամացուկ երգող այս անանուն աղբյուրի համար, որի սառնորակ ջրերը, հազիվ մի քանի մետր վազելով՝ կորչում են ընկուզենիների տակ, կուժկոտրուկի դեղնագույն ծաղիկների մեջ, միակ մխիթարությունն ասես այն է, որ ճապկի ճիպոտի պես ճկուն, խաղացկուն իրանով մի սիրուն աղջիկ ու բարձրահասակ, սև հոնքերի տակից սևեռուն նայող լրջախոհ մի տղա համարյա ամեն օր գալիս են իր մոտ, իրեն են վստահում իրենց սերը, իր ներկայությամբ երկար զրուցում են՝ շարունակ շիկնելով ու չհամարձակվելով նայել իրար, խոսում են կամացուկ, և ինքը հասկանում է, իհարկե, որ սիրո մասին չի կարելի բարձր խոսել: Եվ գուցե դրա համար է, որ անհայտ ու անանուն աղբյուրը՝ մոռացված աստծուց ու մարդկանցից, իր կարճ ճանապարհն անցնում է ուրախ երգելով, ինչպես ոսկեթև թիթեռ, որն ամբողջ օրը թրվռում, անհոգ պարում է, չիմանալով, որ այս մեծ ու լույս աշխարհում ընդամենը մի օրվա կյանք ունի ինքը: Անահիտը կուժը դնում էր աղբյուրի տակ, և, մինչև այն կլցվեր ջրով, Կարենի հետ ձեռք-ձեռքի ձորն ի վեր խորանում էին անտառի մեջ, երբեմն ծաղիկներ փնջում, երբեմն նստում գետակի մոտ՝ ունկնդրելով նրա երգը: Գետակը գալիս էր լեռներից, նա իր հետ բերում էր լեռների հովը, այդ սառը, շնկշնկան հովը նրանց էր հասցնում բարձր լեռների կրծքին ծվարած ծաղիկների բուրմունքը, և Անահիտը չգիտեր, չէր կարողանում հասկանալ՝ ծաղիկների բուրմունքի՞ց էր արբում, թե՞ նրանից, որ Կարենն այդքան մոտ է նստած իրեն:
Անահիտն այդ օրը չի մոռանա երբեք: Չի կարողանա մոռանալ: Ավարտական առաջին քննությունից հետո, դպրոցից տուն գնալու ճանապարհին, Անահիտը, առանց նախապես պայմանավորվելու, հանկարծ կամրջի մոտ թեքվեց դեպի ձորը և չնայելով ետ, ձորն ի վեր վազեց դեպի ծանոթ աղբյուրը՝ իր ետևից տանելով Կարենին: Հասնելով աղբյուրին, նա մեջքով հենվեց սպիտակավուն հաճարենիներից մեկի բնին և, վազելուց շունչը կտրվելով, սկսեց նայել Կարենին:
Կարենը Անահիտին չէր նայում, նա մի պահ նայեց երկնքի խորքը մխրճված հաճարկենուն, որի տակ կանգնած էր Անահիտը, և, գրպանից հանելով դանակը, սկսեց ինչ-որ բան փորագրել սպիտակավուն ծառաբնին: Անահիտը գլուխը թեքել, հետաքրքրությամբ նայում էր ու ժպտում: Քրտինքի կաթիլները ճակատին՝ Կարենը ջանասիրությամբ փորագրեց իրենց անունների սկզբնատառերը. »Կ+Ա= սեր», և, իր արածից գոհ ու երջանիկ, հաղթական նայեց Անահիտին: Անահիտը շարունակում էր ժպտալ՝ ձյունասպիտակ ատամներով սեղմելով շուրթերը: Կարենը նայեց նրան և, մի կողմ նետելով դանակը, արագորեն մոտեցավ Անահիտին և փութկոտ մի շարժումով գրկելով նրա տաք ու հնազանդ մեջքը, հուզմունքից շնչահեղձվելով, բերանով արագ գտավ նրա այրվող շուրթերը:
Անահիտը, դեռևս մեջքով սեղմված ծառաբնին և անուժ դիմադրելու Կարենի մոլուցքին, դանդաղորեն սահեց ցած՝ ասես տենդի մեջ՝ հառաչելով ու տնքալով: «Միթե՞ հնարավոր է ապրել առանց քեզ»,-շշնջում էր Կարենը, անհագորեն շնչելով նրա աղջկական բույրն ու մոլեգնաբար համբուրելով հրագույն շուրթերը, թախծանուշ ջինջ աչքերը, դեմքը, մազերը:
Այդպես շերունակվեց մինչև հունիսի վերջը: Արդեն հանձնել էին վերջին քննությունը, պատրաստվում էին ավարտակական երեկույթին: Աղջիկներն իրենց համար տոնական զգեստներ էին կարում, տղաներն ամբողջ օրն անց էին կացնում դպրոցում՝ նախապատրաստելով այն նոր ուսումնական տարվան. սպիտակացնում էին դասասենյակների պատերը, նստարանները ներկում, լվանում ապակիները- վաղուց ի վեր այդպիսի ավանդույթ կար դպրոցում՝ շրջանավարտները պարտավոր էին իրենց ուժերով վերանորոգել դպրոցական շենքը, և, ինչպես էստաֆետ, հաջորդ սերնդին հանձնել այն կազմ ու պատրաստ:
Անահիտն ամեն երեկո, վերջացնելով տան աշխատանքները, գնում էր դպրոց՝ իմանալու, թե ինչպես են գնում տղաների գործերը: Մյուս աղջիկները նույնպես գալիս էին: Պետք էր, օգնում էին, չէ՝ պարզապես զրուցում էին՝ բազմազանություն մտցնելով տղաների աշխատանքային առօրյայի մեջ: Հետո բաժանվում էին, և նրանց աշխույժ ձայները երկար ժամանակ հնչում էին գյուղական կիսամութ փողոցներում:
Այդպիսի մի օր Անահիտն ուշացած եկավ դպրոց: Նա Կարենին տեսավ հեռվից. ուսուցչանոցի դուռը հանել, ռանդայով տաշում էր:
-Բարև,- մոտենալով ասաց Անահիտը՝ զարմանքով նայելով նրան:
-Փեղկերից մեկը կիպ չի նստում շրջանակի մեջ, ստիպված տաշում եմ:
-Դու հյուսնությո՞ւն էլ ես կարողանում անել:
-Քիչ-քիչ սովորում եմ,- քմծիծաղ տվեց Կարենը:- Գուցե պետք եկավ:
Անահիտին թվաց՝ ինչ-որ անուրախ բան կար այդ քմծիծաղի մեջ: Նա ուշադրությամբ զննեց Կարենին՝ ձգտելով բռնել նրա հայացքը, բայց դա Անահիտին չհաջողվեց: Կարենն աշխատում էր չնայել նրան, ձևացնելով, թե չափազանց կլանված է աշխատանքով:
Անահիտը, զուտ կանացիական հոտառությամբ, ներըմբռնողաբար հասկացավ. ինչ-որ բան է պատահել, և այդ ինչ-որ բանը կապված է իր հետ: Բայց ի՞նչ: Նա տենդորեն միտքը բերեց իր յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր ասած խոսքը, բայց դրանց մեջ այնպիսի մի բան չգտավ, որ վիրավորեր կամ վշտացներ Կարենին: Եվ այդ պահից մի աղոտ տագնապ սողոսկեց սիրտը: Հարցնել այդ մասին Կարենին, չհամարձակվեց. գիտեր՝ եթե չի ասում, ուրեմն անօգուտ է հարցուփորձը, չի ասի:
Պարզապես հարկավոր է համբերությամբ զինվել և սպասել: Եվ Անահիտը ամբողջ երեկոն սպասեց՝ անդադրում հոգով շրջելով միջանցքներում ու բռնազբոսիկ ժպիտով պատասխանելով աղջիկների և տղաների ուրախ կատակներին:
Բանալիները հանձնելով տնտեսվար Աշոտին, տղաներն ու աղջիկները դուրս եկան դպրոցից: Չգիտես ինչու, Անահիտին այնպես թվաց, թե այսօր ինքն ու Կարենը երկար չեն մնա իրար հետ, շուտ կբաժանվեն: Ինչո՞ւ հանկարծ այդպես թվաց՝ Անահիտը չհասկացավ: Բաժանվելով ընդհանուր խմբից, նրանք լուռ, առանց մի խոսքի, սպիտակին տվող ճանապարհով քայլեցին դեպի տուն: Խախտելով լռությունը, Կարենը, իբր ի միջի այլոց, ասաց, որ ավարտական երեկույթից անմիջապես հետո գնալու է Ղազախստան, Կուստանայի մարզ՝ քեռու մոտ: Անահիտն այնպես հանկարծակի կանգ առավ, ասես մթության մեջ դեմ առավ պատի:
-Ինչպե՞ս: Ղազախստա՞ն: Դու ինձ թողնում ես մենա՞կ:
-Այդպես է պետք, Անահիտ:
-Իսկ ե՞ս: Ես ի՞նչ պիտի անեմ առանց քեզ:
-Կտխրես մի քանի ամիս:
-Քեզ համար հեշտ է ասել՝ «Կտխրես:»: Ես առանց քեզ կմեռնեմ այստեղ:
-Ես պետք է գնամ: Անպայման պետք է գնամ: Այլապես:
-Այլապես ի՞նչ,- արագ վրա բերեց Անահիտը:- Դու ինձնից մի թաքցրու ոչինչ: Դու այլևս չես սիրում ինձ, չէ՞:
-Ոչ, սիրում եմ, Անահիտ, հենց նրա համար եմ գնում, որովհետև սիրում եմ::- Նա քիչ լռեց, հետո ավելացրեց մտամփոփ:- Ամեն ինչ ինչքան հեշտ կլիներ, եթե չսիրեի քեզ: Եթե այդպես լիներ, ես ոչ մի տեղ էլ չէի գնա:
Դառն ու օտարոտի հնչեցին Կարենի բառերը: Անահիտը լարվեց, տագնապով դիտելով Կարենի դեմքն ու ջանալով կռահել, թե որտեղի՞ց է գալիս այս դառը մորմոքը, սակայն մթան մեջ ոչինչ տեսնել չկարողացավ՝ բացի իր համար անսահման թանկ դիմագծերից:
-Աստված իմ, դու այդ ինչե՞ր ես ասում, Կարեն,- մի տեսակ փոխված ձայնով մրմնջաց Անահիտը: -Ես ոչինչ հասկանալ չեմ կարողանում: Ի՞նչ է պատահել:
-Մի անհանգստանա, ամեն ինչ լավ կլինի,- ասաց Կարենը, քնքշորեն սեղմելով նրա թևը՝ արմունկից քիչ վերև:- Ամենից շատը՝ կես տարի, և մենք ազատ կլինենք, ինչպես:
-Դու զարմացնում ես ինձ, Կարեն,- ընդհատեց Անահիտը:- Մի՞թե մենք հիմա ազատ չենք: Միթե՞ որևէ մեկը խանգարում է մեզ:
-Ոչ, իհարկե, բայց կուզենայի, որ բոլորովին ազատ լինենք:- արտաբերեց Կարենը թեթևակի դողացող ձայնով և, ասես ցանկանալով ազատվել նրանից, անմիջապես շտապեցրեց:- Դե լավ, գնա, ուշ է արդեն: Բարի գիշեր:- Կարենը, առանց ետ նայելու, քայլեց կիսամութ փողոցով:
«Աստված իմ, այս ի՞նչ է կատարվում ինձ հետ,- արցունքից խեղդվելով շշնջում էր Անահիտը, նայելով ծայրեծայր սևակնած երկնքին: Նա ամեն ինչ թաքցնում է ինձնից: Գուցե ուրիշի է սիրում,- մտածում էր նա հուսաբեկ,- գուցե ուրիշի է սիրում ու չի ուզում այդ մասին ասել ինձ»: Մտքերը նրան հանգիստ չէին տալիս: Սրտում իրարամերժ հարցեր էին ծնվում, սակայն բոլոր այդ հարցերն այդպես էլ մնում էին անպատասխան: Մի բան պարզ էր սակայն. սև ամպեր էին կուտակվում նրանց սիրո վրա:
:Կարենը, իհարկե, Անահիտից որոշ բաներ թաքցրել էր, և թաքցրել էր ոչ միայն նրա համար, որ վախենում էր ցավ պատճառել նրան, այլ որ ինքը Կարենն էլ դեռևս մի կարգին չէր կարողանում ըմբռնել պատահածի իմաստը:
Երեկոյան` դպրոց ճանապարհվելուց մի քանի րոպե առաջ, հայրը կանգնեցրեց նրան դարպասի մոտ:
-Արի այստեղ,- ասաց նա, -քեզ հետ խոսելու բան ունեմ:
Հոր խոսելու տոնը, իր բավականին անզուսպ բնավորության համեմատ՝ չափազանց մեղմ, զգաստացրեց Կարենին:
-Էդ ո՞ւր ես գնում,- հարցրեց հայրը՝ գրպանից հանելով «Բելամորկանալի» ճմրթված տուփը:- Էլի դպրո՞ց ես գնում:
-Այո, ավարտական երեկույթի ենք պատրաստվում:
-Չափազանց երկար եք պատրաստվում դուք էդ երեկույթին,- ասաց հայրը և, վառելով գլանակն ու աչքի մեկը կկոցելով՝ ծուխը բաց թողեց վեր:
-Բայց դպրոցն էլ փոքր դպրոց չի,- ժպտաց Կարենը, կռահելով, որ դպրոցի մասին հայրը հենց այնպես, ի միջի այլոց ասաց, իսկ գլխավորը դեռ առջևում է: Եվ Կարենը ներքուստ շտկվեց՝ պատրաստ ամեն մի անակնկալի:
-Էդ ճիշտ է,- համաձայնվեց հայրը:- Ինչ ճիշտ է, ճիշտ է:- Նա, առանց շտապելու, ծխախոտի ծուխը ներս քաշեց, հետո գլխի թեթևակի շարժումով ցույց տվեց անցած ձմեռվանից մնացած կոճղը:- Նստիր, գործ ունեմ քեզ հետ:
Կարենը նստեց կոճղին, հոր դիմաց, նրա դեմքն ասես իսկույն քար կտրեց:
-Ի՞նչ գործ է:
-Ուրեմն էսպես է բանը, տղաս, ինձ էնքան էլ դուր չի գալիս, որ քեզ ամեն օր տեսնում են էդ: անունն ինչ է:Սուրենի աղջկա հետ:
-Անահիտ է անունը,- հուշեց Կարենը:- Իսկ նա ի՞նչ է արել քեզ:
Հայրը մթնեց, դժգոհ նետեց ծխուկը և կրունկով տրորելով այն, բղավեց.
-Իսկ ի՞նչ պիտի անի: Հը՞, նա ինչ պիտի անի ինձ:
Առաջին հայացքից անիմաստ թվացող այդ հարցը, ըստ ամենայնի, իր մեջ նուրբ ակնարկ էր պարունակում, սակայն Կարենը ձևացրեց, թե իբր չնկատեց դա, անտարբեր տեսքով թոթվեց ուսերը՝ այս անգամ ցուցադրաբար նայելով ժամացույցին:
-Իսկ գուցե պե՞տք չէ այդ մասին, պապա, մի ուրիշ անգամ:
-Վախենում եմ հետո ուշ լինի:
-Որ այդպես է: հիմա էլ ուշ է արդեն:
Դա ասվեց այնպիսի հանդուգն զսպվածությամբ ու սառը հաստատակամությամբ, որ հայրը մի պահ շփոթվեց, բայց իսկույնևեթ հավաքեց իրեն և, ցասկոտ հայացքով նայելով որդուն, ֆշշաց.
-Դու էդ ի՞նչ ես տակից-գլխից դուրս տալիս, շուն-շան տղա, խայտառակել ես ուզում, հա՞, մեզ ժողովրդի:
-Մի վախեցիր, հայրիկ, ոչինչ էլ չի եղել,- ընդհատեց նրան Կարենը քմծիծաղ տալով:- Ես պարզապես ուզում էի ասել, որ սիրում եմ Անահիտին և նրան ոչ ոքի հետ չեմ փոխի: Եվ եթե երբևէ ամուսնանամ, ապա միայն նրա հետ:
Կարենը ոտնաձայներ լսեց և իսկույն ճանաչեց. մոր ոտնաձայներն էին: Մայրը կանգ առավ, բայց լուռ էր դեռ: Սակայն Կարենը լավ գիտեր մոր բնավորությունը. նա սկզբում խոսակցության մեջ առաջնությունը թողնում էր ամուսնուն, բայց շուտով դա մոռացվում էր, և նա վստահորեն ու բավականին հաջող կերպով ստանձնում էր ընտանիքի գլխավորի իր դերը:
Այսպես եղավ և հիմա: Տեսնելով, որ որդու վերջին խոսքերը դարձյալ ծանր դրության մեջ գցեցին ամուսնուն, նա հասկացավ, որ եկել է վճռական պահը, հարկավոր է անհապաղ խառնվել և ամեն ինչ դնել իր տեղը: Մայրը, շրջանցելով կոճղը, որի վրա նստած էր Կարենը, եկավ կանգնեց ամուսնու կողքին:
-Սա ինչ է, պսակվո՞ւմ ես արդեն: Եվ ո՞ւմ հետ ես պսակվում՝ շոֆեր Սուրենի աղջկա՞, էդ նրանց հարստության վրա՞ ես աչք դրել, թե՞ նրա դիպլոմի:
-Ես պսակվելու ոչ մի մտադրություն չունեմ, մամա,- ուսերը թոթվեց Կարենը:- Եթե բանը հասնի դրան, պարզ է, որ առաջինը ձեզնից խորհուրդ կհարցնեմ: Մի՞թե կասկածում էիր: Իսկ ինչ վերաբերում է նրանց հարստությանը, ապա մենք նույնպես միլիոնատեր չենք:- Նա հանդարտ ելավ տեղից և վերջապես ասաց այն հիմնականը, որի շուրջը, ըստ էության, պտտվում էր այս զրույցը:- Գուցե հենց այդ պատճառով եք ինձ համար հարուստ ու դիպլոմավոր հարսնացու ճարել: Եվ նույնիսկ նրա ծնողների հետ պայմանավորվել եք՝ առանց ինձ վճռել իմ բախտը: Վատ չէր լինի իմ կարծիքն էլ հարցնեիք:
Ծնողները գաղտնաբար նայեցին իրար: Նրանք լավ գիտեին, որ իրեց որդին հարկ եղած դեպքում, խոսքի տակ չի մնա: Սակայն այդպիսի բացարձակ ուղղամտություն նրանից երբեք չէին սպասում:
-Եվ շատ էլ լավ ենք արել, որ պայմանավորվել ենք,- ճղրտաց մայրը:- Իսկ ինչի՞ համար ենք արել դա: Որպեսզի քեզ նման հիմարը լավ ապրուստ ունենա: Որպեսզի ստիպված չլինես վիզ ծռել ուրիշի առաջ: Գալու է, գալու է էդ օրը, երկու ձեռքով գլուխդ թակելու ես քո էդ սիրո համար, բայց ուշ է լինելու:
-Աղչի,- սաստեց նրան ամուսինը,- սպասիր, էն չես ասում, ինչ հարկավոր է: Թող սիրի, սիրելով պսակվի: Միայն թե ինձ ասա, Աստղիկն ինչո՞վ է պակաս քո էդ Սուրենի աղջկանից: Նա ինչ է, քո՞ռ է, քաչա՞լ է: Որ նայում ես՝ ոնց որ մի հուրի-փերի, ազնվությամբ եմ ասում, մեր էս վերի գյուղարանքում նրա նման աղջիկ չեմ տեսել: Եվ քաղաքում էլ ապրում է, ոչ թե քո էս աղջիկների նման՝ ամռանն ու աշնանը՝ հանդերում, ձմռանն ու գարնանը՝ ձյուն ու ցեխի մեջ կորած:
-Այդպիսիներն ինձ ավելի են դուր գալիս,- համառորեն ասաց Կարենը:
Նրա վրա հոր խոսքերը ազդեցություն չունեցան, որովհետև անխելք մարդն անգամ կհասկանար, որ դա անհաջող փորձ էր՝ սքողել կնոջ չափից դուրս բացարձակ ասված խոսքերը. քանզի հիմնական միտքը հենց պարունակում էր նրա բառերում. մայրն ուզում էր խնամիանալ իր մի հեռու ազգականի հետ, որը խոստացել էր աղջկա օժիտի հետ միասին ավտոմեքենա նվիրել ապագա փեսային, իսկ հարսանիքից հետո նորապսակների համար սեփական առանձնատուն կառուցել քաղաքում (այդ ազգականն ապրում էր մարզկենտրոնում, ինչ որ պետ էր յուղի գործարանում, և կասկած չկար, որ նա անպայման կկատարի իր խոստումը. Աստղիկը նրա միակ աղջիկն էր, սովորում էր օտար լեզուների ինստիտուտի առաջին կուրսում և, իմիջիայլոց, անտարբեր չէր Կարենի նկատմամբ, որը, սակայն, նրան պարզապես վերաբերվում էր որպես հեռու ազգականի, ոչ ավել:
-Ձյուն ու ցեխի մեջ կորածներն ինձ ավլի են դուր գալիս,- կրկնեց Կարենը:- Իսկ առանձնատունն ու մեքենան ինձ պետք չեն: Տուն՝ մենք ունենք, իսկ ինչ մնում է մեքենային, առանց դրան էլ կարելի է ապրել:
-Սուրենի աղջիկն իմ տուն չի մտնելու,- նորից ճղրտաց մայրը:- Ես ու հերդ նրա համար չենք տարիներով տուն ու տեղ դրել, որպեսզի նա գա տիրություն անի էստեղ: Նրա ոտն էս տանը չի լինելու:
-Ինչո՞ւ,- գունատվեց Կարենըը:- Որովհետև հարուստ ընտանիքից չէ, դիպլոմ չունի, և պարզ չէ՝ կունենա՞ երբևէ: Այո՞:
-Այո,- շուրթերը սեղմած գլխով արեց մայրը:
-Որ դու դիպլոմ ունես, ինչի՞ է պետք: Գոնե մի օր աշխատե՞լ ես կյանքում:
-Չեմ աշխատել, որովհետև դրա կարիքը չենք զգում: Ամուսինս աշխատում է:
-Ամուսինդ հասարակ անտառապահ է՝ ութսուներկու ռուբլի աշխատավարձով:
-Հասարակ անտառապահ է, բայց ամբողջ շրջանը ճանաչում, հարգում է նրան:
-Պետական անտառը ծախում, բոլորին ուտացնում է, դրա համար էլ հարգում են:
Խոսակցությունն այնուհետև վերածվեց անհեթեթության, ծնողները սկսեցին բղավել Կարենի վրա, պահանջելով նրանից հնազանդություն ու սպառնալով նրան բոլոր տեսակի պատիժներով, Կարենը համառորեն թափահարում էր գլուխը՝ անձնատուր չլինելով նրանց հորդորներին ու սպառնալիքներին: Վերջացավ նրանով, որ Կարենը, դուրս գալով հավասարակշռությունից, նույնպես սկսեց բղավել ծնողների վրա, որից հետո մայրը անիծեց նրան՝ դառն արտասուքներ թափելով:
-Դուրս կորիր էստեղից, շուն-շան տղա,- կատաղած առաջ եկավ հայրը:- Դուրս կորիր, անպատկառ լակոտ, և չփորձես այսուհետև երևալ աչքիս,- գոռաց հայրը, դողդողացող մատներով հանելով «Բելամորկանալի» ճմրթված տուփը:
-Լրիվ խելքը կորցրել է,- որդու ետևից ծնկներին խփելով հառաչանքով ասաց մայրը՝ սրբելով արցունքները:- Ոչինչ, դու դեռ կտեսնես,- ավելացրեց նա, սակայն պարզ չէր՝ Կարենի՞ն էին վերաբերում այդ խոսքերը, թե՞ Անահիտին:
Կարենը չլսեց մոր ասածը: Ուժեղ խփելով դարպասի դռնակը, նա, հոգով ընկճված, մի պահ կանգնեց լուռ՝ չիմանալով անելիքը: Եվ ինքն էլ չգիտակցելով ինչպես, հանկարծակի վճռեց ավարտական երեկույթից հետո մեկնել Ղասախստան՝ քեռու մոտ: Տնից մինչև դպրոց, նա շարունակ այդ մասին էր մտածում: Մուրճ ու կացին բռնել գիտի, քեռին սովորեցրել է, բայց դա քիչ է, իհարկե, լուրջ գործ ձեռնարկելու համար, այդ պատճառով էլ նա վճռեց գնալ քեռու մոտ. կօգնի նրան և միաժամանակ փող կաշխատի ուսման համար, իսկ եթե այնտեղ, Ղազախստանում, լավ եղավ, կմնա այնտեղ և Անահիտին էլ կտանի իր մոտ:
: Կարենը, իհարկե, հասկանում էր, որ Անահիտի նկատմամբ ինքը հիմա անգթորեն վարվեց. հիմարաբար դուրս տվեց ու, ինչպես հարկն է, չբացատրեց բանի էությունը. դժվար չէ պատկերացնել, թե հոգեկան ինչպիսի ծանր դրության մեջ է նա այժմ: Բայց ինքը Կարենն էլ կարգին վիճակում չէ, թեպետ խելառ մի միտք հուսադրում էր նրան, որ ամեն ինչ չէ, որ կորած է. նրան թվում էր, թե ծնողներին դեռևս կարելի է համոզել, չնայած շատ լավ գիտեր մոր բնավորությունը. եթե նա մի բան մտցրել է գլուխը, ապա, ինչ էլ ուզում է լինի, միևնույնն է, անպայման պիտի կատարի իր ասածը: Հոր բանը, իհարկե, ուրիշ է, նրան հնարավոր էր մի բան հասկացնել, որովհետև թեև հոխորտում է՝ իրեն ձևացնելով ահեղ ամուսին ու ընտանիքի հեղինակավոր հայր, իրապես գտնվում է կնոջ իշխանության տակ: Գուցե քեռո՞ւն գրի: Իսկ դա ի՞նչ կարող է տալ: Քեռին այստեղից շատ է հեռու, նա ճիշտ է, շատ է սիրում Կարենին, բայց այսքան հեռավորության վրա հազիվ թե որևէ բանով կարողանա օգնել իրեն: Ուրեմն ի՞նչ անել: Մի՞թե միակ ելքը՝ նրա մոտ գնալն է:
Այսպիսի դառը մտքերով Կարենը մտավ բակ և սանդուղքներով տուն բարձրանալիս անսպասելիորեն մտածեց այն մասին, որ այդ տունն օտար է իր համար, ու ինքը չի ուզում ոտք դնել այնտեղ: Եվ սարսափեց այդ հանկարծահաս մտքից:
:Այս նկարն արվեց ավարտական երեկույթի օրը: Շրջկենտրոնից լուսանկարիչ էր եկել, ծանրամարմին, անչափ բարեկիրթ և բարի մի մարդ՝ անունը Սամսոն: Դպրոցի պատին ինչ-որ պաստառ էր կապել, այդ պաստառի ֆոնին երկու տասերորդցիները միասին նկարվեցին: Երջանիկ օր էր այդ օրը, շռայլ արև էր, հովը խաղում էր ծառերի կատարներին, տերևները շրջում մի կողմ: Իսկ հետո սկսվեց երեկույթը: Հանձնելով հասունության ատեստատը, դպրոցի տնօրենն ամեն մի շրջանավարտի համար ողջերթի սրտառուչ խոսք էր գտնում ասելու, որից պարզվում էր, որ իրենցից յուրաքանչյուրին նա, թերևս, եթե ոչ լավ, գոնե վատ չգիտեր, քան իր՝ շրջանավարտի, ծնողները: Դա հաճելի կերպով զարմացրեց բոլորին, քանի որ տնօրենը, սովորաբար, հազվադեպ էր մտնում դասարանները, բացի իններորդից, ուր նա աշխարհագրություն էր դասավանդում, և այդչափ հազվադեպ էր խոսում աշակերտների հետ, դրա համար էլ բոլորը համոզված էին, որ նա աշակերտներից դեմքով համարյա ոչ ոքի չգիտե և պատկերացում չունի, թե ով ինչպես է սովորում, կամ ուր է մտադիր հետագայում գնալ՝ ինստիտո՞ւտ, տեխնիկո՞ւմ, թե՞ որոշել է մնալ կոլտնտեսությունում: Եվ հանկարծ պարզվում է, որ տնօրենը բոլոր այդ տարիներին ուշադրությամբ հետևել է նրանցից յուրաքանչյուրին և բացարձակապես ամեն ինչ գիտի նրանց մասին: Հակառակ արտաքուստ թվացող իր ողջ մանկայնության, այդ մարդն ուշադիր ու կառչուն հայացք ուներ: Այնուամենայնիվ, մի շրջանավարտի հարցում նա սխալ դուրս եկավ: Այդ շրջանավարտը Կարենն էր: Հասունության ատեստահը մեկնելով նրան, տնօրենն իր սովորական, ոչ բարձր ձայնով ասաց.
-Շնորհավորում եմ քեզ, Կարեն: Այս տասը տարիների ընթացքում դու միշտ ընթանում էիր գերազանցիկների շարքում: Ճիշտն ասած, ինձ թվում էր անպայման մեդալ կստանաս: Եվ, այնուամենայնիվ, ես ուրախ եմ քո նվաճումների համար: Ես գիտեմ, որ դու վաղուց երազում ես ընդունվել Տիմիրյազևի անվան ակադեմիա: Քեզ հաջողություններ եմ մաղթում, համոզված եմ, որ մեր դպրոցի անունը բարձր կպահես այնտեղ: Խոստովանո՞ւմ ես:
Կարենը մի քանի վայրկյան տատանվում էր, չիմանալով ինչպես պատասխանել ուղղակի դրված հարցին: Կարելի էր, իհարկե, ասել, որ, այո, իբր, խոստանում եմ և մնաս բարով, ոչ ոք ոչ մի բանում նրան չէր պարտավորեցնում: Մի պահ խորհելուց հետո նա, այնուամենայնիվ, ասաց.
-Ոչ, չեմ խոստանում:
-Ինչպե՞ս թե՝ չեմ խոստանում,- տնօրենի դեմքը ձգվեց:- Չես ուզո՞ւմ բարձրագույն ընդունվել:
-Այս տարի երևի չի ստացվի:
Ընդարձակ ուսուցչանոցում, ուր տեղի էր ունենում ատեստատների հանձնման արարողությունը, լարված լռություն տիրեց: Մի քանի տասնյակ զույգ աչքեր սևեռվեցին տնօրենին ու Կարենին: Այն մասին, որ Կարենը չի գնում սովորելու, ոչ ոք չգիտեր, նույնիսկ Անահիտը: Իսկ մինչդեռ բոլորը համոզված էին, որ ով, բայց՝ Կարենն անպայման պետք է գնա սովորելու, որովհետև հաջողության բոլոր շանսերն ունենալ և ինստիտուտ չգնալ:
-Իսկ դու ին՞չ ես մտադիր անել,- հարցրեց տնօրենը, բայց նկատելով, որ Կարենը շարունակում է տատանվել, ավելացրեց:- Լավ, ինքդ գիտես:
Երեկույթն, ընդհանուր առմամբ, լավ անցավ, շատ երգեցին, պարեցին պատեֆոնի նվագի տակ, ուսուցիչների խիստ հսկողությամբ սեղանի շուրջը նստած, մուշկեթի տնական թույլ գինի խմեցին, իսկ հետո միանգամից ընկան տաք, մանղալների վրայից վերցրած թշշացող խորովածի վրա: Մանղալները դրված էին դպրոցի բակում, որտեղ հրամանատարություն էին անում Մուշեղը՝ 10-րդ «բ»-ից և տնտեսվար Աշոտը, որը, համաձայն համընդհանուր կարծիքի, լավ խորոված էր պատրաստում: Կոլտնտեսության նախագահ Մռավը, որի տղան նույնպես այդ օրը ավարտում էր դպրոցը, երկու գառնուկ էր դուրս գրել, և հիմա գառան թարմ խորովածի բույրը բռնել էր ամենուր: Ավարտելով կերուխումը, մի կողմ քաշեցին սեղաններն ու աթոռները, և կրկին սկսեցին երգն ու պարը: Մուշեղը մի քանի անգամ պարի մեջ մտավ, ասես միայն նրա համար, որպեսզի պարելու հրավիրի Անահիտին, սակայն երեկույթի հենց սկզբից Կարենի տրամադրությունն անցավ նրան, և նա, ինչքան էլ ջանում էր, չէր կարողանում ստիպել իրեն պարել, թեև համարյա բոլոր շրջանավարտներն ու ուսուցիչները միահամուռ պահանջում էին. Մուշեղը գերազանց պարում էր, իսկ աղջիկների մեջ միայն Անահիտն էր, որ պարելում չէր զիջում նրան: Մուշեղը սկզբում չվիրավորվեց մերժում ստանալու համար, երկրորդ անգամ վիրավորվեց, բայց թաքցրեց վիրավորանքը, երրորդ անգամ թաքցնել չկարողացավ: Չընդհատելով պարը, նա մոտեցավ Անահիտին և շշուկով մի բան ասաց նրան, հավանաբար, վիրավորական բան ասաց, որովհետև Անահիտը հանկարծակի կարմրեց, աչքերը լցվեցին արցունքով, և նա արագ դուրս եկավ միջանցք: Կարենը դուրս եկավ նրա ետևից:
-Նա ի՞նչ ասաց քեզ:
-Դատարկ բան է,- Անահիտն ինքն իրեն ստիպեց ժպտալ:- Հիմարի մեկն է, չարժե ուշադրություն դարձնել:
-Բայց նա ինչ-որ բանով վիրավորեց քեզ,- համառորեն պնդեց Կարենը:
-Ասում է՝ սերն իր տեղը, իսկ ամուսնանալու ես ինձ հետ: Երևի տնական գինին վատ է ազդում նրա վրա,- նա կրկին փորձեց ժպտալ և վախվորած նայեց Կարենին, որի դեմքը վայրկենապես դաժան արտահայտություն ստացավ: Դա լարեց Անահիտին: Նա արագությամբ բռնեց Կարենի ձեռքը:- Կարիք չկա չնչին բանի համար կռվել: Հիմա այդ էր միայն պակաս ինձ:- Բայց իսկույն ևեթ սթափվեց և ավելացրեց.- Ներիր, ես ուզում էի ասել մեզ: Չէ՞ որ, իսկապես, դա մեզ պետք չէ հիմա: Մի՞թե դրա ժամանակն է,- և պատասխան չստանալով, նա խոսեց ուրիշ բանի մասին:- Դու գնալո՞ւ ես արևածագը դիմավորելու:
Կարենն ի վերջո ասես արթնացավ, նրա դիմագծերը քիչ մեղմացան: Նա բռնի ժպտալով, ասաց.
-Երևի գնամ, բայց:
-Բայց՝ ի՞նչ,-հարցրեց Անահիտը:
-Այդ բոլորը՝ արևածագի դիմավորումը, վարդագույն երազները՝ ապագայի մասին և նման այլ բաներ, երեխաների համար ստեղծված անմիտ զվարճանքներ են թվում հիմա ինձ: Իսկ քե՞զ:
-Չգիտեմ, ես չեմ մտածել այդ մասին: Պարզապես դպրոցական գեղեցիկ ավանդույթ է, իսկ մենք զառամյալ ծերունիներ չենք: Ճիշտ չէ՞:
-Իհարկե, ճիշտ է, բայց:
-Պետք չէ այդ «բայցը», պարզապես լավ բաների մասին մտածիր և ավելի շատ վստահիր ինձ: Դա քեզ իմ միակ խնդրանքն է, չհաշված մի ուրիշ խնդրանք ևս, որն ավելի շուտ խնդրանք չէ, այլ սրտի բաղձալի ցանկություն. կուզենայի, որ միշտ ինձ մոտ լինեիր, իմը լինեիր:
-Ես քոնն եմ ընդմիշտ, բայց:
-Դարձյալ «բայց»:
-Ոչ, իմ խոսքը վստահության մասին է: Ինչո՞ւ ես կարծում, թե ես չեմ վստահում քեզ:
-Համենայն դեպս, դու մինչև հիմա հարկ չես համարել ինձ պատմել քո մտատանջությունների մասին: Ես հասկանում եմ, որ այդ դառնություններն ինչ-որ կերպ առնչություն ունեն ինձ հետ, հազար ու մի ձևի ենթադրություններ եմ անում՝ մեկը մյուսից սարսափելի, իսկ դու, ինչպես կրիան իր պատյանում, պարփակվել ես ինքդ քո մեջ ու լռել: Նույնիսկ չես ուզում ասել, թե ինչու այդպես հանկարծակի որոշեցիր գնալ Ղազախստան: Օհ, տեր աստված, էլի եկավ:- Անահիտը նայեց ուսուցչանոցի դռների մեջ կանգնած Մուշեղին:
-Քչփչում եք, հա՞,- արտաբերեց Մուշեղը բարեսիրտ ծիծաղով: Նա, իսկապես, մի քիչ հարբած էր երևում:- Կարո՞ղ եմ, արդյոք, միանալ ձեզ:
-Կարող ես,- խեթ-խեթ նայելով նրան դժկամ ասաց Կարենը:
Մուշեղը, թեթևակի օրորվելով, մոտեցավ, մեջքով հենվեց լայն լուսամուտագոգին և ձեռքերը խաչեց կրծքին. մարտահրավեր արտահայտող նրա կեցվածքն ու անչար, զվարթ տրամադրությունը իրար չէին բռնում:
-Իսկ դու այդպես մի նայիր ինձ, Կարեն,- ասաց նա:- Ես եկա խաղաղությամբ, իսկ դուք: ուրեմն:դուք սվիններով դիմավորեցիք ինձ: Չեմ հիշում, թե ով է ասել: Ասենք դա կարևոր էլ չէ: Ես վիրավորեցի Անահիտին, և ես եկա նրա մոտ մեղքս հանձն առնելու: Եվ փորձեք դրանից հետո ասել, թե ես անդաստիարակ ապուշ եմ:
-Դու դաստիարակված ապուշ ես, Մուշեղ,- դառը կիսաժպիով հառաչեց Կարենը:
-Նայած, թե ով է դա ասում, եթե հարցնես մորս, արար աշխարհում ինձ նման տղա չկա: Բայց, այ, որոշ հանճարներ, դպրոցական մասշտաբի, իհարկե, համենայն դեպս, չափազանց մեծ խելքից չէ, որ հրաժարվում են գնալ սովորելու:
-Իսկ դա ինչ է, շա՞տ է վշտացնում քեզ,- զայրացկոտ ասաց Անահիտը:- Քո ի՞նչ գործն է:
Մուշեղի դեմքից անմիջապես չքացավ շինծու ծիծաղկոտությունը:
-Դու այդպիսի հարց տալու իրավունք կունենայիր, եթե ես նկատի առնեի մեզ երեքիս միասին վերցրած,- ասաց նա լրջորեն և մի վայրկյան լռեց, հնարավորություն տալով, որ Անահիտը «մարսի» ակնարկը: Բայց ես խոսում եմ միայն Կարենի մասին: Բացեիբաց ասեմ. դու, օրինակ, երկնքից աստղեր չէիր վայր բերում: Ես էլ, փառք աստծո, շնորհքից զուրկ չեմ, բայց ավաղ, նույնպես շատ եմ հեռու աստղերից: Իսկ ահա նա:- Մուշեղը մատով ցույց տվեց Կարենին և կրկին անցավ իր հեգնական տոնին, որի ետևում, ի միջի այլոց, հեշտությամբ նկատելի էր դառնում այն բանի անկեղծությունը, ինչ նա ասում էր:- Ահա նա: նա առաջին մեծության աստղ է: Ինչպե՞ս արտահայտվեմ, որ հասկանալի ու պարզ լինի: Նրա մեջ աստծու կայծ կա, այսինքն տաղանդի կայծ: Մի խոսքով, կրակ կա, մարդը հանճար է՝ մասնավորապես և ընդհանրապես: Եվ յուրաքանչյուր ազնիվ ու օրինավոր մարդու պետք է մտահոգի հանճարի ճակատագիրը, թեկուզև նա լինի դպրոցական մասշտաբի հանճար: Իսկ վերջում կցանկանայի ավելացնել, որ դու, Կարեն, ինքդ քո նկատմամբ ունեցած վերաբերմունքի տեսակետից առաջին կարգի հիմար ես:
-Լսիր, ձեռք քաշիր, զզվացրիր արդեն,- տհաճությամբ ասաց Կարենը, մտածելով այն մասին, որ ճշմարտության մասնիկ կա նրա ասածների մեջ:- Ի՞նչ ես տակից-գլխից դուրս տալիս, գնա քնիր, երևի շատ ես խմել:
Մուշեղը ծիծաղեց:
-Սիրում եմ, երբ ճշմարտությունը երեսին ասում են: Դե լավ, ես գնացի: Տխուր անձնավորություններ եք դուք, ձեզ հետ մարդ կարող է ձանձրույթից սատկել:- Նա ուզում էր գնալ դեպի ուսուցչանոց, բայց կանգ առավ կես ճանապարհին, և շրջվելով, անզուսպ հանդգնությամբ ասաց.- Այնուամենայնիվ, Անահիտ, դու ինձ հետ ես ամուսնանալու: Եվ գիտե՞ս ինչու, Կարեն: Հիշիր, կանայք սիրահարվում են բարդ բնավորությամբ տղամարդկանց, բայց որպես ամուսին գերադասում են: ինձ նմաններին:- Նա, առանց ետ նայելու, քայլեց միջանցքով, և մտնելով ուսուցչանոց, իր ետևից ամուր փակեց դուռը:
Մնալով մենակ, Կարենն ու Անահիտը, նայեցին իրար, բռնազբոսիկ ժպտացին: Այնուհետև, չկարողանալով իրեն զսպել, Անահիտը գողունի նայեց շուրջը և, մտերմորեն փարվելով Կարենին, հանկարծ խորը հառաչեց:
-Քեզ ի՞նչ եղավ,- հարցրեց Կարենը:
-Չգիտեմ, մի տեսակ ինչ-որ վատ բան եմ կանխազգում: ինչ-որ վախ է մտել սիրտս և շարունակ տանջում է ինձ:
-Ուզո՞ւմ ես գնանք այստեղից:
-Գնաք: Ո՞ւր:
-Գնանք միասին արևածագը դիմավորելու:
Անահիտը հուսահատ նայեց նրան, ձեռքերով ծածկեց դեմքը: Նա լալիս էր:
… Լուսանկարից, տարիների հեռվից հիմա Կարենը նայում էր նրան թախծոտ ու կարոտած աչքերով: Անահիտը անձկությամբ հիշեց նրանց բաժանումը: Ավարտական երեկույթից երկու օր հետո էր դա: Կարենը մեկնեց առանց հարազատներին հրաժեշտ տալու (նախօրյակին նրանք նորից խիստ գժտվել էին): Անահիտը ճանապարհեց նրան և մենակ, տխուր վերադարձավ տուն:
Աշխարհն Անահիտի համար միանգամից դատարկվեց: Ոչ կկվի տխրագին ձայնն էր գրավում նրան, որ գալիս էր Սառնատան կողմերից, ոչ չարդի ու մոշահավի զիլ կանչերը՝ Մատուռի ձորում, ոչ արտույտների գեղգեղանքը՝ կակաչների մեջ հուրհրատին տվող արտերում, ոչինչ, ոչինչ չէր գրավում Անահիտին, նա քայլում էր հոգնաբեկ ու մտամոլոր, և աչքին ոչինչ չէր երևում: Ոտքերը նրան տարան ծանոթ արահետով, անցավ ծանոթ կամրջի մոտով, խորացավ անտառի մեջ և հասնելով մամռոտ քարերի մեջ լուռ ծվարած իրենց աղբյուրին, նստեց ու ազատություն տվեց արցունքներին: Հետո նա կրկին մտածում էր Կարենի մասին, տարօրինակ էր, որ Կարենը մեկնեց՝ այդպես էլ չասելով, թե ինչը ստիպեց նրան դիմելու այդ քայլին: Անահիտը հասկանում էր՝ Կարենը, հավանորեն, ծանրակշիռ պատճառներ ուներ իրեն ոչինչ չասելու, ինքը որոշ բաներ կռահում էր, իհարկե. այն օրը, երեկույթից հետո իրեն տուն ճանապարհելիս, Կարենը, կարծես պատահմամբ, կիսաբերան ասաց. «Ոչ մի հարցով մերոնց չդիմես»: Անահիտը մնաց սառած՝ սպասելով, թե նա էլ ինչ կասի: Բայց Կարենը ոչինչ չասաց այլևս: Նա մի քանի անգամ փորձեց պարզել՝ ի՞նչ է պատահել և, առհասարակ, ի՞նչ կա թաքնված այդ բառերի ետևում, սակայն Կարենը համառորեն լուռ էր, Անահիտը նույնպես լռեց, հասկանալով, որ Կարենն իր ծնողների մասին դատապարտելի ոչինչ ասել չի ուզում: Բայց ծնողների հետ ունեցած նրա վեճն ինչ-որ չափով կապվա՞ծ է արդյոք իր հետ, թե ոչ: Անահիտը չգիտեր, և դա նրան մտատանջում էր:
Այո, գնաց Կարենը, և Անահիտի համար, աշխարհը, իրոք, միանգամից դատարկվեց, կորցրեց իր հմայքը: Նրա միակ սփոփանքն այժմ Կարենի նամակներն էին, որ գալիս էին շաբաթը մեկ, երբեմն՝ նաև երկու անգամ: Անահիտի համար այդպիսի օրերը տոն օրեր էին, վերցնում էր գրքերը ( ընդունելության քննությունների էր պատրաստվում) և գնում Մատուռի ձոր: Նստում էր մամռոտ ժայռերից մեկին և, աղբյուրի անուշ կարկաչն ականջում, դանդաղ, ըմբոշխելով յուրաքանչյուր բառը, ընթերցում ու վերընթերցում էր Կարենի նամակը:
Անահիտին այդ նամակները դուր էին գալիս, և դուր էին գալիս ոչ միայն այն բանի համար, որ Կարենն էր գրել, այլև, որ դրանք ինքնին հետաքրքրական նամակներ էին՝ տոգորված սիրով ու քնքշությամբ՝ հանդեպ Անահիտի, գրված մանր ձեռագրով, տառերը, ոնց որ մարգարիտներ՝ խնամքով շարված էին աշակերտական տետրից պոկված մի քաի թերթերի վրա: Կարենը գրում էր իր գործերի մասին, շինարարությունից էր գրում, ուր աշխատում էր քեռու հետ միասին, աշխատանքային ընկերներից, այն մասին, թե ինչքան ծանր է իր համար առանց Անահիտի, և որ ինքը խելացնոր կերպով ուզում է տեսնել նրա ժպիտը, լսել նրա ծիծաղը, զգալ նրա ձեռքերի ջերմությունը: Ձորում, աղբյուրի մոտ միայնակ նստած, Անահիտը վերընթերցում էր Կարենի հերթական նամակը, և ծիծաղն ու լացը մեջընդմիջվում էին, հետո նա ելնում, լվացվում էր աղբյուրի սառը ջրով և վազում տուն՝ ուրախ ու թեթևացած: Իսկ ուշ երեկոյան, երբ բոլորը պառկում էին քնելու, վառում էր լույսը, և, սեղանին հակված, գրում էր Կարենի նամակի պատասխանը՝ լի ջերմությամբ ու սպասումով, գրում էր ու ինքն էլ զարմանում՝ որտեղի՞ց են այսքան բառերը, իրենք իրենց հորդում են:
Մի անգամ, արևալից մի քնքուշ առավոտ, Անհիտը դուրս եկավ պատշգամբ և, բաց անելով պատուհանը, սկսեց նայել դուրս: Բակի հեռավոր անկյունում մայրը կթում էր կովը, և հում կաթը թշշոցով փրփրում, բարձրանում էր պղնձե կլայեկած կթիչի մեջ: Երեք ամսական հորթը, փոքրիկ պարանը վզին, դունչը ագահորեն խոթում էր այս ու այն կողմ՝ խանգարելով կթելուն: Անահիտի մայրը ձեռքով հրում էր նրան, բայց հորթը նորից ու նորից խցկվում էր կովի տակ:
-Աղջի, Անահիտ, մի դեն կորցրու էս հիմարին,- կանչեց մայրը,- չե՞ս տեսնում խանգարում է:
Անահիտը ծիծաղեց, վազելով իջավ տնից և, բռնելով պարանից, հորթուկին մի կողմ քաշեց: Նա խալաթի ծայրով սրբեց հորթուկի դունչը և համբուրեց ճակատը, որից հորթուկն ասես ոգևորվեց՝ ցանկանալով կրկին դուրս պրծնել Անահիտի ձեռքերից, բայց Անահիտը նրան կապեց թթենուց և մատով սպառնաց նրան.
-Դի հիմի գնա խուլիգանություն արա, հիմարիկ:
Հորթուկը պռոշ արած նայեց նրան, շրջեց գլուխը:
Անահիտը ժպտաց, ուզում էր գնալ տուն, մայրը նորից կանչեց նրան:
-Թեյնիկը դիր, նախաճաշենք: Էն կոթավոր կաթսան էլ մի լավ լվա, կաթը տաքացնենք:
-Շատ լավ, մամա:
Երբ նստել էին նախաճաշելու, Անահիտը նկատեց, որ մայրը մտահոգ տեսք ունի: Այսինքն, նա դեռ երեկ էր նկատել դա, երբ մայրը եկավ աշխատանքից (նա դաշտավարական երրորդ բրիգադում օղակավար էր), բայց ուշադրություն չդարձրեց, իսկ հիմա մոր դեմքի արտահայտությունը տագնապահույզ արեց նրան: Անահիտը տեսավ, որ մայրը մի երկու անգամ փորձեց ինչ-որ բան ասել, բայց, հավանաբար, սիրտ չէր անում: Ի վերջո, այնուամենայնիվ, հարցրեց՝ չնայելով աղջկա կողմը.
-Երեկ Կարենից էլի նամա՞կ ես ստացել:
-Այո:
-Ի՞նչ է գրում: Լա՞վ են գործերը:
-Իհարկե:-պատասխանեց Անահիտը՝ անթարթափ նայելով մորն ու ձգտելով բռնել նրա հայացքը:
Մայրը խոր հոգոց հանեց և վերջապես նայեց աղջկան:
-Աղջիկս, լավ կլիներ, թողնեիր էդ նամակագրությունը:
Անահիտը քիչ մնաց ձեռքից վայր գցեր թեյի բաժակը:
-Ինչո՞ւ, մայրիկ: Սրտո՞վդ չի Կարենը:
-Նա գուցե և սրտովս է, աղջիկս, բայց ծնողները սրտովս չեն:
Անահիտը մի կում թեյ ևս խմեց, զգալով, որ բաժակը դողում է ձեռքին, հետո բաժակը դեն հրեց:
-Իսկ ի՞նչ է պատահել, մայրիկ, նրանք քեզ ի՞նչ վատ բան են արել:
Մայրը սփռոցից ինքնաբերաբար հավաքեց հացի փշրանքները:
-Ի՞նչ ասեմ, աղջիկս, երեկ երեկոյան կոլխոզի գրասենյակի մոտ պատահեցի էդ Լուսիկին:
-Կարենի մո՞րը:
-Հա: Տեսնում եմ՝ մի տեսակ ծուռ-ծուռ է նայում: Մտածեցի՝ փոստում բանում երևի վիճել է (փոստից նոր էր դուրս եկել), կողքով անցնում էի, կանգնեցրեց՝ իբր գործ ունի հետս: Դու, ասում է, աղջկադ կապը քաշիր, թող մեր տղային չհանի ճանապարհից, նա իբր մի տարի է արդեն, ինչ նշանած ունի, ինստիտուտում սովորում է: Մնացի քար կտրած: Ի՞նչ նշանած, ասում եմ: Պարզվում է, որ իր հեռու ազգականի աղջիկն է: Անունն էլ ասաց, մտքիցս գնացել է: Հա, անունն Աստղիկ է:
-Իսկ հետո՞:-հարցրեց Անահիտը հանկարծակի խռպոտած ձայնով, զգալով, որ հեղձուկը հոսում է կոկորդին:-Հետո է՞լ ինչ ասաց:
-Դե, ի՞նչ պիտի ասի, աղջիկս,- ձեռքը հուսահատական թափ տվեց մայրը:- Աղջկադ ասա, ասում է, որ նրա ոտքը իմ շեմքը չի տեսնելու: Նա դեռ իր հոր տանը, ասում է, մեզ բոլորիս թշնամացրել է իրար հետ: Իբր թե, Կարենը քո պատճառով է գնացել խոպան, և աստված գիտի, թե էլ ինչեր ասաց: Մի քանի հոգի էլ հավաքել էր գլխին, ամոթից քիչ էր մնում գետինը մտնեի: Լավ կլիներ, ձեռք քաշեիր դրանցից, աղջիկս, դեռ էս գլխից ձերը թարս է գնում, ի՞նչ պիտի լինի դրա վերջը: Ձեռք քաշիր, քանի ուշ չի: Ուրիշ տղաներ չկա՞ն, ինչ է, հրեն, տես ինչքան կան գյուղում:
Մինչ ուշ երեկո՝ Անահիտը գունատ, հուսաբեկ ու տրտում, տնից դուրս չեկավ: Իսկ երեկոյան երկինքը միանգամից մռայլվեց՝ պատվելով սև ամպերով: Նա բաց արեց լուսամուտները: Անձրև էր սկսվել, և սառը հովը եղինջի, կանաչ խոտի, թաց ծաղիկների ու թրջված հողի զովասուն բուրմունք էր բերում: Անձրևը գնալով վարարեց՝ աղմկելով ջրհորդաններում, կռատուկի լայն տերևների ու թիթեղե տանիքների վրա: Մերթ ընդ մերթ ցնցվում, ալեկոծվում էր երկինքը՝ մեկ հանկարծ բացվելով սպիտակավուն հրով, մեկ սեղմվելով անթափանց խավարի մեջ:
Անահիտը նստել էր պատշգամբում դրված թախտին, փաթաթվել մոր բրդե շալում. նրա դողը բռնել էր: Ներքնահարկից բարձրանալով տուն, մայրը անհանգստությամբ նայեց նրան:
-Ցո՞ւրտ է, մամա, թե ինձ է թվում,- հարցրեց Անահիտը, նայելով բաց լուսամուտներին:
-Ոչ, ցուրտ չէ,- հառաչեց նա:- Պարզապես վիշտ ունես սրտումդ, դրանից է:
-Դա ճիշտ չէ, մամա: Ճիշտ չէ, որ նա հարսնացու ունի:
-Իսկ ինքը՝ Կարենը, չի՞ ասել քեզ այդ մասին:
-Դա ճիշտ չէ, դրա համար էլ չի ասել: Սուտ է:
-Սուտ չէ, աղջիկս: Ես դեռ անցայլ տարի եմ լսել: Բայց նշանակություն չեմ տվել: Չէ՞ որ ձեր մեջ ոչինչ չկար էն ժամանակ: Իսկ հետո սկսեցիք հանդիպել, և ես մտածեցի, որ նա ոչ մի նշանած-բան չունի, էդ բոլորը ասեկոսություններ են: Բայց երեկ նրա մայրն իր բերանով ասաց: Իսկ եթե ճիշտը կուզես իմանալ, Կարենն ինքը պիտի ասեր քեզ էդ մասին: Իսկ նա, տեսնո՞ւմ ես, թաքցրել է: Ճիշտ են ասում, որ պտուղը ծառից հեռու չի ընկնի:
-Դա ճիշտ չէ, մամա, ես դրան չեմ հավատում, այլապես նա անպայման կասեր ինձ,- հոգնաձայն արտաբերեց Անահիտը և զգաց, որ ինքը դա ավելի շատ ասում է այն նպատակով, որպեսզի հավատացնի ինքն իրեն, որովհետև սոսկալի ծանր էր իր համար,- ծանր այն բանի գիտակցությունից, որ սերը, իր առաջին սերն ու նրա հետ կապված լուսաշող ու թանկագին բոլոր երազները կործանվում են իր աչքի առաջ, և ինքն անզոր է որևէ բան փոխելու:Ի՞նչ անել, աստված իմ, ո՞ւմ և ինչի՞ հավատալ, ո՞ւմ վրա հույս դնել այսուհետև:
Այդ օրը մինչև ուշ գիշեր ու հաջորդ ամբողջ օրն Անահիտը տանը ետ ու առաջ էր քայլում՝ հորինելով այն նամակը, որ պետք է գրեր Կարենին: Մտքում նամակը ստացվում էր ճիշտ այնպիսին, ինչպիսին, Անահիտի կարծիքով, պիտի լիներ, երբ գրում ես մի մարդու, որը խաբել է քեզ՝ սուր, անողոք ու միաժամանակ սեփական արժանապատվության զգացումով: Բայց նստում էր սեղանի մոտ թե չէ՝ այդ ամենը թղթին հանձնելու համար, ստացվում էր անգույն ու խղճուկ մի բան, իսկ տոնը՝ նվաստացուցիչ, մի տեսակ մանկական թոթովանք էր ստացվում, և ոչ թե նամակ: Մնում էր միայն արցունքներով ողողել: Ինչ արժե հենց սկիզբը. «Իմ սիրելի, իմ թանկագին:»: Սիրտ է խառնում այդ բառից՝ «սիրելի», ասես որևէ իմաստ է պարունակում իր մեջ: Դա բառ-կեղծիք է, բառ-դատարկություն: «Սիրելի:»: Իբր թե սեր կա:
Նամակը ոչ մի կերպ չէր ստացվում: Բայց նրա վրա անցկացրած ժամանակն ապարդյուն չանցավ. օրվա վերջում վշտի նախնական սուր զգացողությունն այլևս չկար. Անահիտին թվում էր, վերադարձել է հարազատ մարդու թաղումից և միայն սիրտն է, որ դեռևս շարունակում է նվվալ ցավից: Բայց Անահիտը դրան նույնպես սկսեց ընտելանալ, ավելի շատ՝ ստիպեց ընտելանալ, չնկատել:
Իսկ երեկոյան նրա մոտ եկավ նախկին դասընկերուհիներից մեկը՝ Ագնեսան, և հաղորդեց, որ այսօր ակումբում հնդկական նոր կինոնկար են ցուցադրելու, չտեսնված հետաքրքրական նկար է:
-Գնա՞նք միասին,- ասաց Ագնեսան:- Մենակ չեմ ուզում:
-Իհարկե, գնանք,- արագ, ձայնի մեջ մարտահրավեր՝ արձագանքեց Անահիտը, և նա դա ասաց այնպիսի տոնով, որ զարմանքից Ագնեսայի աչքերը կլորացան:- Քանիսի՞ն է սկսվում:
-Իննին: Կես ժամ է մնացել: Քեզ ի՞նչ է եղել, Անահիտ:
-Ի՞նչ պիտի լինի: Ամեն ինչ կարգին է: Նույնիսկ շատ լավ է: Կես ժամ է մնացել ուրեմն: Կհասցնեմ շորերս փոխել: Նստիր մի քիչ, ես հիմա …
Նա արագորեն վրայից հանեց խալաթը, հագավ ավարտական երեկույթի համար կարված սպիտակ շրջազգեստը՝ կրծքից պոկելով ու մի կողմ նետելով արհեստական ճերմակ վարդը: Կորչի այն ամենը, ինչ արհեստական է, ինչ կեղծ է: Շտապ հարդարեց մազերը և դուրս եկավ պատշգամբ, ուր նրան սպասում էր Ագնեսան:
-Գնացինք:
Ակումբի մուտքի մոտ մի խումբ տղաներ կային կանգնած: Աշխույժ զրուցում, ծիծաղում էին: Նրանց մեջ էին նաև Մուշեղն ու ինչ-որ մի տղա, որը, հավանորեն, բոլորի ուշադրության կենտրոնում էր այդ պահին, ծիծաղաշարժ բան էր պատմում, որովհետև բոլորը նայում էին նրան, ծիծաղում: Ուշադիր նայելով՝ Անահիտը ճանաչեց տղային, Կարենի հորեղբոր տղան էր՝ Հրանտը: Առաջին պահ՝ Անահիտը ցանկացավ ետ դառնալ տուն, սակայն հաջորդ վայրկյանին նա փոխեց մտադրությունը և ուղիղ գնաց Հրանտի կողմը: Ամենայն հավանականությամբ, Անահիտի դեմքը վճռական արտահայտություն ուներ, որովհետև Հրանտն իսկույն լռեց, իսկ մյուսները դադարեցին ծիծաղելուց և միայն Մուշեղն էր, որ շարունակում էր ժպտալ, բայց նրա ժպիտը նախատեսված էր Անահիտի համար: Ընդ որում, շուտով նրա ժպիտը ևս չքացավ:
-Բարի երեկո, Անահիտ,- ողջունեց Մուշեղը:
-Բարև, Մուշեղ:
-Կինո՞ ես եկել:
-Գուշակեցիր: Իսկ ինչո՞ւ չէ: Չի՞ կարելի կինո գալ:
-Ես հենց այնպես ասացի: առանց ետին մտքի:- շփոթվեց Մուշեղը:- Ես հիմա տոմս կվերցնեմ:
-Ես մենակ չեմ, Ագնեսան էլ ինձ հետ է:
-Նրա համար էլ կվերցնեմ,- ուրախացավ Մուշեղը և անմիջապես գնաց դեպի դրամարկղ:
Անահիտը նայեց տղաների կողմը:
-Հրանտ, մի րոպեով կարելի՞ է:
-Ի՞նձ, իհարկե:
Ագնեսային թողնելով մենակ, Անահիտը գնաց դեպի ակումբի բակում կանգնած շահ թթենին:
Հրանտը տրակտորիստ էր կոլտնտեսությունում, իսկ ամառներն աշխատում էր կոմբայնի վրա: Նա բարձրահասակ, թիկնեղ տղա էր՝ կլոր, բարեհոգի բութ դեմքով ու այդ դեմքին ընդմիշտ կպցրած նույնպիսի բութ ժպիտով՝ նա մի երկու տարի առաջ էր ավարտել միջնակարգը, բանակում տանկիստ էր եղել, այնտեղից վերադառնալուց անմիջապես հետո գնացել էր կոլտնտեսության նախագահի մոտ և ասել. «Բանակում տանկիստ եմ եղել, իսկ տանկն ու տրակտորը նույն գործարանում են սարքում, մի տրակտոր տուր, գյուղում աշխատեմ»: Նախագահը չէր մերժել:
Հրանտն իր սրամտությամբ աչքի չէր ընկնում, բայց ստացվել էր այնպես, որ ինչ էլ որ ասում էր, չգիտես ինչու, բոլորը ծիծաղում էին: Եվ ոչ ոք չէր կարողանում բացատրել այդ տարօրինակ հանգամանքը:
Նա, առանց շտապելու, անջատվեց տղաներից, և, թերծխած գլանակը գցելով գետնին ու ոտքով տրորելով այն, մոտեցավ Անահիտին:
-Լսիր, Հրանտ, ես ուզում եմ մի հարց տալ քեզ: Բայց խոսք տուր, որ մեր մեջ կմնա այս խոսակցությունը,- սկսեց Անահիտը:- Խո՞սք ես տալիս:
-Է, քույրիկ,- ծոծրակը քորելով ասաց Հրանտը,- ախր, ինչպե՞ս կարող եմ խոսք տալ: Բոլորը գիտեն և, դու էլ գիտես, որ ես բերանում խոսք պահող չեմ: Էնպես որ, եթե գաղտնիք է, ինձ մի ասա:
Անահիտն ակամա ժպտաց այդ պարզասիրտ խոստովանության վրա:
-Լավ, սատանան քեզ հետ, այնուամենայնիվ, պիտի հարցնեմ: Հրանտ, այդ ճի՞շտ է, որ ձեր Կարենը հարսնացու ունի մարզկենտրոնում:
Հրանտը բթահայաց նայեց նրան:
-Աստղիկի մասի՞ն է խոսքը,- հարցին հարցով պատասխանեց Հրանտը:
-Նրա անունը Աստղի՞կ է,- հարցրեց Անահիտը, թեև մայրն ասել էր արդեն:
-Աստղիկ է:Հա, ոնց որ թե էդպիսի բան կա : Ասում են, իբր նշան են տվել: Բայց ճիշտ է, թե չէ՝ հաստատ չգիտեմ, մեզ չեն ասել:
-Իսկ դու չգիտե՞ս, թե Կարենն ինչու է գնացել Ղազախստան:
-Չգիտեմ: Հորեղբորս կինը՝ Կարենի մայրը, այսինքս, բոլորին ասում է, որ իբր հարսանիքի համար փող աշխատելու է գնացել:- Նա հանկարծ կանգ առավ և զարմանքով նայեց Անահիտին:- Սպասիր, բա դա էդ ո՞նց է ստացվում. դուրս է գալիս, որ նա քեզ հետ հենց էնպես ման է եկել, հա՞:
-Այդպես է ստացվում:- Անահիտի ձայնը դողաց: Նա կտրուկ շրջվեց և քայլեց դեպի ակումբի մուտքը: Մուշեղն այնտեղ կանգնած սպասում էր նրան:
-Իսկ ո՞ւր է Ագնեսան,- կտրական նայեց Անահիտը, նկատելով, որ ընկերուհին չկա:
Նրա տոնը շփոթեցրեց Մուշեղին: Նա կարմրեց և մի ոտքից մյուսն անցնելով ասաց, որ մինչև նրանց գալը ինքն իր համար տոմս էր վերցրել, իսկ երբ Անահիտն ու Ագնեսան եկան, իր տոմսը տվեց Ագնեսային, Անահիտի ու իր համար նոր տոմսեր գնեց: Ճիշտ է, Ագնեսան առանձին կնստի, բայց, դե, ոչինչ, նա բարի սիրտ ունի, չի նեղանա: Չէ՞ որ ինքը՝ Անահիտը ևս, դեմ չէ, որպեսզի գոնե մի երեկո իրենք նստեն կողք-կողքի: Ճիշտ չէ՞:
«Իսկ ինչու չէ, մի երեկո կարելի է»,- մտածեց Անահիտը և անսպասելիորեն ասաց բարձրաձայն.
-Իսկ ինչու՞ չէ: Համաձայն եմ՝ նստենք կողք-կողքի:- Նրա ձայնը ղողանջեց ինչպես պրկված լար:- Կնստենք իրար մոտ, իսկ հետո դու կուղեկցես ինձ մինչև տուն, ճանապարհին սեր կբացատրես:
Այս խոսքի վրա նա կանգ առավ, նկատելով, որ Մուշեղը զսպված ժպիտով տոմսերը պատռեց և հանգիստ սկսեց ծվեն-ծվեն անել դրանք:
-Ես քեզ սեր չեմ բացատրելու, մի վախեցիր,- ասաց նա:- Չնայած դու ինձ թեթևսոլիկ մարդու տեղ ես դնում, բայց, երևի, այնուամենայնիվ, ստոր չես համարում: Այդպես չէ՞:
-Այդ ինչե՞ր ես ասում, Մուշեղ,- զարմացած շշնջաց Անահիտը:
-Ինձ Ագնեսան հենց նոր ասաց, որ դու ինչ-որ ծանր ապրումներ ունես և, ելնելով այն բանից, թե ինչպիսի տեսքով մոտեցար Հրանտին, քո ապրումները կապված են Կարենի հետ: Ես քեզ չեմ հարցնի, թե ինչ է պատահել, բայց և քո հոգեկան ծանր դրությունից օգտվել նույնպես չեմ ուզում:
-Ի սեր աստծո, ներիր ինձ, Մուշեղ, իրոք, որ վատ ստացվեց, ես իսկականից գլուխս կորցրել եմ:
-Եվ չես ուզում, իհարկե, գնալ կինո:
-Ոչ, չեմ ուզում:
-Որ այդպես է, ես քեզ կուղեկցեմ տուն:- Նա ուշադիր նայեց Անահիտին և ժպտալով ավելացրեց:- Եվ տուն գնալ նույնպես չես ուզում: Գուշակեցի՞:
-Տուն գնալ նույնպես չեմ ուզում:- կամացուկ ասաց Անահիտը:
-Այդ դեպքում այս երեկո ինձ դարձրու քո եղբայրը, ծառան, դարձրու ինձ քո խեղկատակ ծաղրածուն, ինչ ուզում ես դարձրու, միայն թե քո ետևից քարշ գամ փողոցներով ու նույնիսկ գյուղի շրջակայքով այնքան ժամանակ, մինչև խաղաղվի հոգիդ,- նկատելով Անահիտի դժգոհ հայացքը, Մուշեղն արագորեն ավելացրեց:- Եղիր սիրալիր ու բարի և մի մերժիր ինձ, որովհետև այդ վիճակում, միևնույն է, ես քեզ մենակ բաց չեմ թողնի ոչ մի տեղ: Գնացինք:
Նրանք դանդաղ քայլերով սկսեցին հեռանալ ակումբից՝ դեպի ուր շտապում էին մարդիկ՝ ջահել աղջիկներ ու տղաներ, կանայք, տղամարդիկ: Նրանք բոլորն էլ շրջվում, տարակուսանքով նայում էին Մուշեղի ու Անահիտի ետևից և տարակուսելու բան էլ կար. մինչև կինոնկարի սկիզբը մնացել էր ոչ ավել, քան հինգ րոպե, իսկ այդ երկուսը գնում էին ակումբի հակառակ ուղղությամբս:
Ակումբի առջև, խճապատ հրապարակն անցնելիս, դեմ առ դեմ հանդիպեցին երկու կնոջ: Նրանցից մեկն այնպիսի մի ակնհայտ արհամարհանքով ու ծաղրանքով նայեց Անահիտին ու Մուշեղին, որ Անահիտը ակամայից շրջեց դեմքը, իսկ Մուշեղն ասաց անկաշկանդ ժպիտով.
-Հիմա տղա ես, դիմացիր:
Այդ կինը Կարենի մայրն էր:
Որոշ ժամանակ գյուղական մթին ու անմարդ փողոցներով լուռ քայլելուց հետո, նրանք թեքվեցին դեպի ձորը, և հասնելով ձորի վրա կախված մեծ, սալ գլաքարին, նստեցին քարի վրա, կողք-կողքի: Ներքևում, անդնդախոր ձորում սև մթությունն էր, և մթության մեջ կամացուկ վշշում էր լեռներից իջնող գետակը:
Գետակն այդ անցնում էր մամռածածկ քարերի մեջ անտերունչ մնացած աղբյուրի մոտով, աղբյուրից քիչ ներքև, ճեղքելով երկինքը, վեր է բարձրանում մի հաճարկենի, գետակն անցնում է սպիտակավուն այդ հաճարենու մոտով, որի վրա փորագրված են իր և Կարենի անունները: Բայց, ոչ, Անահիտն ուզում է իրենից հեռու վանել այդ մտքերը, նա այսօր ոչինչ հիշել չի ուզում, նա ուզում է մոռանալ այն ամենը, ինչ կապված է Կարենի հետ:
-Ինչ լավ եղավ, որ եկանք այստեղ,- անսպասելիորեն կամացուկ ասաց Անահիտը, ասես վախենալով խանգարել գիշերվա թրթռուն անդորրը:- Եվ ինչ լավ եղավ, որ դու պատռեցիր տոմսերը: Չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է նստեի խեղդուկ դահլիճում:
-Չես մրսո՞ւմ,-հարցրեց Մուշեղը:
-Ոչ, ես ինձ լավ եմ զգում, ես ինձ հիմա շատ լավ եմ զգում, շնորհակալ եմ: Այսօր վաղ առավոտվանից ինչ-որ դող էր բռնել ինձ, մրսում էի, իսկ հիմա չեմ մրսում: Ինչ փառավորություն է այստեղ: Մուշեղ, դու գիտես, ես առաջին անգամ եմ լինում այստեղ: Եթե առաջներում իմանայի, թե այսքան լավ է այստեղ, ամեն երեկո կգայի:
-Եթե ուզում ես, մենք ամեն երեկո կարող ենք գալ այստեղ,- ասաց Մուշեղը:
Անահիտը, տարված խոհերով, չպատասխանեց: Վերջապես նա հարցրեց.
-Ասա, Մուշեղ, դու հավատո՞ւմ ես Կարենի ազնվությանը:
Մուշեղը լուռ նայեց Անահիտին: Նա այդ հարցին չէր պատրաստվել: Բայց, այնուամենայնիվ, պատասխանեց անհողդողդ.
-Հավատում եմ:
-Կատարելապե՞ս:
-Կատարելապես:
-Դու, հավանաբար, ինձ չհասկացար: Ես նկատի ունեի նրա ազնվությունը՝ իմ հանդեպ,- ճշտեց Անահիտը:
Մուշեղը մթության մեջ քմծիծաղեց և սկսեց նայել ներքև, ուր լեռներից իջնող գետակը, դուրս գալով ծառերի տակից, մի պահ պսպղում էր լերկ քարերի վրա ու նորից մտնում անտառ:
-Դու, իհարկե, այդ հարցը ինձ չէ, որ պիտի ուղղեիր:
-Ներիր, ես չէի ուզում վիրավորել քեզ,- արագ ասաց Անահիտը:
-Վերջ տուր ամեն դատարկ բանի համար ներողություն խնդրելուն,-սրտնեղությամբ ասաց Մուշեղը:- Ինչ վերաբերում է քո հարցին, ապա: չէ՞ որ ես չգիտեմ, թե ինչ է եղել ձեր միջև: Քեզ, հավանորեն, իմ անկողմնակալ կարծիքն է պետք:
-Իհարկե,- գլխով արեց Անահիտը, դեռևս չհասկանալով, թե նա խոսքն ուր է թեքում:
-Լավ, ես անկողմնակալ կլինեմ, չնայած ատում եմ ինձ դրա համար: Այսպես, ուրեմն, ինչ էլ ուզում է, որ եղած լինի ձեր միջև, անկախ դրանից, ես չեմ հավատում, թե Կարենն ընդունակ է ստորություն անելու քո հանդեպ: Երկուսից մեկը՝ կամ այստեղ որևէ թյուրիմացություն կա, կամ ես պարզապես, ինչպես հարկն է, նրան չեմ ճանաչել: Ահա բոլորը: Իսկ այժմ, խնդրում եմ, գնանք տուն, ինձ համար դժվար է շարունակել այս խոսակցությունը:- Մուշեղը ելավ տեղից և դանդաղաքայլ գնաց դեպի գյուղը: Անահիտը նույնպես բարձրացավ քարից, և գլխահակ քայլեց Մուշեղի ետևից:
Նա ուշացումով հասկացավ, որ Մուշեղից պահանջել է ավելին, քան դրա իրավունքն ուներ, և այդ տղայի հանդեպ ունեցած սեփական մեղքի գիտակցումն այնքան ազդեց Անահիտի վրա, որ նա միառժամանակ մոռացավ իր վիշտը: Մինչև իրենց տուն գնացին լուռ: Դարպասի մոտ կանգ առան:
-Ժամը քանի՞սն է,- հարցրեց Անահիտը, որպեսզի խախտեր ճնշող լռությունը:
-Ուշ է արդեն:- Մուշեղի ձայնը հնչեց բավականին չոր:
-Մի՞թե:
-Բարի գիշեր, Անահիտ:
-Բարի գիշեր, Մուշեղ: Չգիտեմ ինչպիսի խոսքեր ասեմ քեզ այս փառավոր երեկոյի համար:
-Ոչինչ ասել պետք չէ:
-Բարի գիշեր, Մուշեղ:
-Ցտեսություն: Եթե հարկավոր եղա՝ կանչիր:
-Շնորհակալություն, Մուշեղ:
Մուշեղը շրջվեց, քայլեց դեպի բլրի ստորոտում քնած իրենց փոքրիկ, ընդամենը մի քանի տնից բաղկացած թաղամասը: Գիշերային անմարդ ճանապարհին որոշ ժամաակ միայնակ ու աղոտ ուրվագծերով երևում էր նրա կարճլիկ, պնդակազմ կերպարանքը, հետո այն միախառնվեց մթությանը, ասես ձուլվեց նրան:
Անահիտը խոր հառաչեց և մտավ բակ: Մուշեղի հանդեպ ունեցած մեղքի տանջալից գիտակցումը չէր լքում նրան:
Եվ ով գիտե, գուցե հենց այդ զգացումը, ինչպես նաև տրտմագին միայնակության զգացումն ու հոգեկան ունայնությունը, որ համակել էր նրան մոր հետ ունեցած այն անմոռանալի զրույցից հետո, պատճառ դարձան, որ Անահիտն արդեն հաջորդ օրը, ինչ-որ պատրվակ բռնելով, կանչեր Մուշեղին: Անահիտը կանչեց նրան, և Մուշեղը, ասես ամբողջ օրը նրա կանչին էր սպասել, անհապաղ եկավ: Նրանք մինչև ուշ երեկո ման եկան ձորափին, սալ գլաքարին նստած նայեցին իրիկնային աղջամուղջի մեջ կորսված ձորերին, հետո Մուշեղը խնդրեց մյուս օրն էլ հանդիպել, Անահիտը երկար ժամանակ լուռ էր, հետո ասաց՝ «լավ»: Նրանք հանդիպեցին նաև հաջորդ օրը, հետո նորից ու նորից: Մուշեղը նրա համար աննկատելիորեն դարձավ այն միակ անձնավորությունը, որին Անահիտը կարող էր հաղորդակից դարձնել իր փոքրիկ վշտերին և ուրախություններին, այն միակ մարդը, որն անհրաժեշտության դեպքում կարող էր լսել նրան, ճիշտ ըմբռնել նրա ասածները, կարեկցել, իսկ եթե հարկ լինի, նախատինք տալ ինչպես հարկն է: Մի խոսքով, նրան կարելի էր ապավինվել: Իրար ետևից անցնում էին օրերը, օրերը դառնում էին շաբաթներ: Իրար ետևից անցնում էին շաբաթները: Եվ մի անգամ Անահիտը, ուշադիր նայելով Մուշեղին, հանկարծակի նկատեց, որ նրա դեմքը նիհարել է, այտերը փոս են ընկել, իսկ աչքերը նայում են տխուր ու հոգնած: Նա անհանգստացավ և հարցրեց.
-Քեզ ի՞նչ է պատահել, Մուշեղ: Գուցե հիվանդացե՞լ ես,- և ուշացումով գլխի ընկավ, որ հիմար հարց տվեց:
Մուշեղն անուրախ ժպտաց և պատասխանեց, որ ամեն ինչ կարգին է: Այդ անուրախ ժպիտն այնպես թափանցեց Անահիտի հոգու խորքը, որ նա դժվարությամբ զսպեց իրեն, որ լաց չլինի: Անահիտը նոր միայն հասկացավ, որ ըստ էության բոլոր այս շաբաթներին ինքը միանգամայն անգթորեն, եսամոլաբար շահագործել է Մուշեղի զգացմունքները, իր հանդեպ ունեացած նրա անանցողիկ սերը: Եվ նա տանջալից ամոթ զգաց անձնուրացաբար իրեն սիրահարված այդ բարի ու լավ տղայի նկատմամբ իր անարդարացի դաժանության համար: «Ի՞նչ անել,- Մուշեղի կողքից քայլելով ոլորապտույտ գետակի մոտով, որի ջրերն արտացոլում էին հրակարմիր մայրամուտը, տենդորեն մտորում էր Անահիտը:- Աստված իմ, ի՞նչ անել: Ո՞ւմ դիմել»: Եվ ինքն էլ հասկանում էր, որ կարիք չկա ոչ մեկին դիմելու, որովհետև ոչ ոք չի օգնի: Բայց կա մի ելք. միակ ելքը՝ այլևս չհանդիպել Մուշեղի հետ: Սակայն, իր մտորումների մեջ հասնելով այդ կետին, նա սոսկումով հասկացավ, որ չհանդիպել նրա հետ ինքը չի կարող, որ չափազանց ընտելացել է Մուշեղին, և իրենք, աճակցված ընկույզի պես, հիմա հոգով կապված են իրար: Կորցնել նրան ևս՝ այս մտքից Անահիտը պատրաստ էր ընկնել ու աղաղակել: Իսկ գուցե դա սեր է: Գուցե դա հենց այն մաքուր ու իսկական սերն է, առանց որի անհնարին է ապրել, իսկ այն, ինչ եղել է Կարենի հետ, անցողիկ ու կիսամանկական հափշտակություն էր, հոգեկան ժամանակավոր կուրություն. «Չէ՞ որ ահա նա խաբել է ինձ, լքել է, իսկ ես ամբողջ ամսվա ընթացքում նույնիսկ մի անգամ լաց չեղա: Ուրեմն սեր չի եղել դա: Եվ այժմ այն մտքից միայն, որ կարող եմ զրկվել Մուշեղից, պատրաստ եմ ցնորվելու»:
Վհատ ու իրեն կորցրած, Անահիտը չէր նկատել նույնիսկ, որ ձորից ելել են արդեն և հիմա ինքը նստած է դարավանդի եզրին, մեծ, սալ գլաքարի վրա, Մուշեղի մոտ, իսկ Մուշեղը լուռ ծխում է: Նա Մուշեղին առաջին անգամ էր տեսնում ծխելիս: Նկատելով Անահիտի մոլոր հայացքը, Մուշեղը դա, հավանաբար, մեկնաբանեց յուրովի, նա շփոթված ժպտաց ու ասաց.
-Չեմ ծխում, հենց այնպես, երբեմն:
Անահիտը նրա ժպիտին ժպիտով չպատասխանեց: Ընդհակառակը, նրա դեմքը կտավի պես գունատվեց ու այնպես սառավ, ասես նա հանկարծակի վճիռ էր կայացրել՝ իրեն ձորը նետել այս անդունդից:
-Քեզ ի՞նչ պատահեց, Անահիտ,- կամացուկ հարցրեց նա:
Եվ այստեղ կատարվեց անսպասելին: Առանց մի խոսք անգամ արտասանելու, Անահիտը նրա ձեռքից խլեց սիգարետը, շպրտեց մի կողմ, հետո շրջեց նրա ձեռքը և շուրթերով հպվեց նրա ափին:
Բոլորովին շշմած, Մուշեղը նույնիսկ ետ չքաշեց ձեռքը: Քիչ անց նա խեղդված ձայնով միայն արտաբերեց.
-Ախ, Անահիտ, թե իմանայիր ինչքան ես տանջել ինձ այս բոլոր օրերին:
-Գիտեմ, ես ամեն ինչ գիտեմ: Այն բոլորը, ինչ մինչև հիմա եղել է, եղել է անիսկական, այն չի եղել, ինչ պետք է:- թոթովեց Անահիտը՝ դեմքով ավելի ու ավելի կիպ սեղմվելով Մուշեղի կրծքին ու զգալով, թե Մուշեղի ձեռքերն ինչպես են գրկում իր ուսերն ու մեջքը:- Գիտեմ, որ ծանր է եղել քեզ համար: Մոռացիր ամեն ինչի մասին:
-Իսկ դո՞ւ:
-Ես նույնպես կմոռանամ, ես արդեն մոռացել եմ:- շշնջաց նա, սոսկումով զգալով, որ չի մոռացել, և դա խանգարում է իրեն՝ լիովին տրվելու նրա փաղաքշանքներին, տիրաբար խուժում է միայն իրենց՝ Անահիտին ու Մուշեղին պատկանող այդ րոպեների մեջ, և Անահիտը ճիգեր էր թափում՝ Մուշեղի սիրատենչ տաք գրկում անձնատուր լինել մոռացման: Եվ երբեմնակի նրան նույնիսկ թվում էր, թե դա իրեն հաջողվում է… Սակայն Կարենի աննկատելի ներկայությունը զգացվոմ էր, նա այստեղ էր ու ամենուր՝ լուծված իրիկնային օդում, տաք մթության մեջ. «Պետք չէ, չեմ ուզում, նա չկա:»,- համոզում էր Անահիտն ինքն իրեն՝ ահագնացող սոսկումով գիտակցելով, որ անզոր է դիմանալու է այդ կախարդանքին. ինքը հիմա գրկում է ոչ թե Մուշեղին, այլ Կարենին:
Զայրանալով ավելի շատ ինքն իր վրա, քան Մուշեղի կամ Կարենի, հասկանալով, որ կարող է վիրավորել Մուշեղին, նա հանկարծ դուրս սահեց Մուշեղի ձեռքերից և ոտքի ելնելով, սկսեց թեք նայել նրան. բարեբախտաբար սա չէր վիրավորվել: կամ հմտորեն թաքցրեց իր վիրավորանքը:
-Ուշ է արդեն, հարկավոր է գնալ, -ասաց Անահիտը:
Մուշեղը նույնպես բարձրացավ քարից:
-Այո, տասն անց է արդեն,- արձագանքեց նա, թեպետ քիչ չէր պատահել, երբ տուն էին վերադարձել դրանից էլ ուշ:- Գնացի՞նք:
Նա հոգատարությամբ թևանցուկ արեց աղջկան, բայց մի քանի քայլ հետո Անահիտն աննկատելիորեն ազատեց ձեռքը, ձևացնելով, թե ուզում է շտկել սանրվածքը:
Քառորդ ժամ անց Անահիտը, իր ետևից ծածկելով բակի դռնակը, բարձրացավ տուն: Սեղանի վրա նկատելով Կարենի ծանոթ ձեռագրով ծրարը, Անահիտը, ասես հանցանքի մեջ բռնված, հանկարծակի կանգ առավ: Նա մի պահ այդպես մնաց կանգնած, հետո դանդաղ վերցրեց նամակը, բաց արեց: Կարենը գործնական, չոր ու ցամաք տոնով հայտնում էր այն մասին, որ ավելի քան երեք շաբաթ է չի կարողացել գրել Անահիտին, որովհետև իրեն ու քեռուն ուղարկել էին խոպանի հեռավոր, նոր կազմակերպվող սովխոզներից մեկը՝ անասնագոմեր կառուցելու, իսկ այսօր, վերադառնալով այնտեղից, տեսավ, որ գյուղից նամակ ունի (թե ումից էր նամակը՝ չէր գրում), որից պարզ դարձավ, որ Անահիտն այս ժամանակաընթացքում հասցրել է մտերմանալ Մուշեղի հետ, որ այդ մտերմությունն այն աստիճան ջերմ է, որ նրանք մինչև կեսգիշեր չեն կարողանում բաժանվել իրարից: Ինչ կա որ, գեղեցիկ ու դեռ թարմ է Անահիտը, դեռևս շատ տղամարդիկ կփաղաքշեն նրա վայելուչ մարմինը, և որ ինքը՝ Կարենը, դրանում չի կասկածում: «Շնորհավորում եմ ձեզ երկուսիդ էլ,- գրում էր նա նամակում,- առավելը. վերջին երկու ամսվա ընթացքում, ինչ գտնվում եմ այստեղ, ես բավականին ժամանակ ունեցա՝ համոզվելու այն բանում, որ ես երբեք չեմ սիրել քեզ, ի միջի այլոց, ինչպես և դու՝ ինձ: Դե ինչ, բաժանվենք առանց ափսոսանքի, և եթե կա ափսոսանք,, ապա դա ափսոսանք է կորցրած ժամանակի համար, ուրիշ ոչինչ: Ինչ վերաբերում է Մուշեղին, ապա ես անկեղծորեն խղճում եմ նրան, որովհետև նա քեզ հետ չի երջանկանա, որին այնպես համառորեն ձգտում է, դու նրան նույնպես չես սիրում, ինչպես որ չես սիրել և ինձ»: Նամակի վերջում Կարենը տեղեկացնում էր, որ ինքն այլևս գյուղ չի վերադառնալու, այնտեղ՝ Ղազախստանում, իր նմանների կարիքն ավելի են զգում:
«Ավելի լավ»,- մտածեց Անահիտը, մեքենայաբար ծալելով նամակը:- «Ավելի լավ:» Ավելի լավ: Հեշտ է ասելը՝ ավելի լավ: Իսկ երբ գիշերվա կեսին հանկարծակի վե՞ր ես թռչում քնից՝ դեռևս քեզ խաբելով, որ երազի մեջ չէր դա, այդ նա էր՝ Կարենը, նա նորից եկել է, և աչքերդ փակում ես՝ նրան կրկին տեսնելու համար, և քո շուրթերն իրոք զգում են նրա՝ կայծկլտացող պողի պես կարմիր, տոչոր շուրթերի հպումը քո բացված շուրթերին: Իսկ դաժան հիշողություններից ինչպե՞ս ջնջել այն, թե այնտեղ, Մատուռի ձորում, աղբյուրի մոտ, ինչպես էր նա գրկում քո ուսերը, և դու, գլուխդ նրա կրծքին սեղմած, լսում էիր, թե կրծքի խորքում ինչպես է անհանգիստ խփում նրա տաք սիրտը: Ինչպե՞ս մոռանալ այն, երբ բաժանվելիս նա աշխույժ, բերկրալի աչքերը հառում էր վրադ և մատները քնքշորեն սահեցնելով քո այտերով, ասում. «Բարի գիշեր, սիրելիս» և տանը հիշելով նրա խոսքերը, դու անձայն լալիս ու ծիծաղում էիր երջանկությունից: Ավելի լավ: Այո, հեշտ է ասել՝ ավելի լավ:Ոչ, լավ ոչինչ չկա, ամեն ինչ վատ է, անհավատալիորեն վատ է ու ծանր, այնքան ծանր, որ երբեմն Անահիտն ուզում էր գազանի պես ոռնալ ու թավալվել գետնին: Անահիտը թուղթ ու գրիչ վերցրեց և ցանկացավ հենց հիմա, այս րոպեին պատասխանել Կարենի նամակին, նա ուզում էր բացատրել Կարենին, որ այն բոլորը, ինչ նա գրել է, ճիշտ չէ. որ ինքը սիրել է նրան, հիմա էլ սիրում է ու հար-հավիտյան պիտի սիրի, որ նույնիսկ չեն վիրավորել Կարենի խիստ դաժան ու կոպիտ խոսքերը, որովհետև գիտի, որ այդ խոսքերը գրվել են բարկացած ժամանակ, և գրվել են իրեն՝ Անահիտին, ցավ պատճառելու համար, իսկ ինքն ահա բոլորովին չի նեղանում նրանից: Գրելու շատ բան ուներ Անահիտը, նա շատ բաների մասին էր ուզում գրել: Սակայն ոչինչ էլ չգրեց. ինչո՞ւ նա մի բառ անգամ չի ասում այն մասին, թե, այնուամենայնիվ, ինչի համար գնաց Ղազախստան: Ինչո՞ւ պիտի Անահիտը կողմնակի մարդկանցից իմանար այդ մասին, թեկուզև հենց Հրանտից: Երկու ամսվա ընթացքում նա համոզվել է այն բանում, որ երբեք չի սիրել իրեն: Չափազանց նվաստացուցիչ չի՞ լինի, արդյոք, իր՝ Անահիտի համար, այդքանից հետո ինչ-որ բան բացատրել, ապացուցել.. Ի՞նչ կա որ, թող այդպես լինի՝ սրտին չես հրամայի: Իսկ Մուշեղը: Մուշեղը շատ լավ տղա է, փառավոր տղա է, ինքն ամեն ինչ կանի, որպեսզի ընտելանա նրան, իսկ գուցեև սիրի: Եվ նա այնպես կանի, որպեսզի հակառակ Կարենի գուշակումների, Մուշեղն իրեն երջանիկ զգա Անահիտի հետ: Եվ նա կհասնի դրան:
-Ավելի լավ,- այս անգամ կրկնեց նա բարձրաձայն և անսպասելի նկատեց, որ ինքնաբերաբար պատռում է Կարենի նամակը: Եվ այլևս անկարող է զսպելու իրեն, Անահիտը հենց այնպես, շրջազգեստով, ընկավ մահճակալին և, գլուխն առնելով ափերի մեջ, դառը լաց եղավ: Երկար, սրտանց լաց եղավ Անահիտը՝ զգալով, որ արցունքները հետզհետե հանգստացնում են իրեն, կամ, համենայն դեպս, ինչ-որ թեթևություն են բերում: Նա վիրավորանքից ու վշտից չէր միայն, որ լալիս էր, նա հրաժեշտ էր տալիս ընդմիշտ հեռացող այն լուսապայծառ ջինջ մաքրությանը, որ Կարենը մտցրել էր իր կյանքի մեջ: Այսպես արցունքն աչքերին էլ նա քնով անցավ: Իսկ հաջորդ օրը, հանդիպելով Մուշեղին, նա նրան ոչինչ չասաց նամակի մասին. ոչ միայն նրա համար, որ չէր ուզում վշտացնել նրան, այլև այն բանի համար, որ Մուշեղն այդ օրը նրան թվաց օտար, նա ոչ մի առնչություն չուներ ոչ իր հետ, ոչ Կարենի հետ, ոչ նամակի հետ: Մուշեղը, իհարկե, հենց սկզբից զգաց նրա խորթացածությունը, սակայն հարցուփորձ չարեց, ասես կռահողաբար զգալով, որ այսօր ինքն օտար է նրա համար: Նրանք լուռ քայլեցին մինչև մեծ գլաքար, որոշ ժամանակ նստեցին այնտեղ: Եվ այդ ամբողջ ժամանակաընթացքում Անահիտը հոգեպես տանջվմում էր, չիմանալով ինչ անել, երե հանկարծ Մուշեղն ուզենա համբուրել իրեն: Եվ անսպասելիորեն շնորհապարտ էր նրան, հավաստիանալով, որ նա փորձ անգամ չի անում իրեն գրկելու: Այդ երեկո նրանք երկար չնստեցին իրար հետ, բաժանվեցին շուտ ու մի քիչ էլ վախեցած՝ անակնկալ կերպով իրենց տանջող (համենայն դեպս Մուշեղի համար) օտարացման անբացատրելի սառնությամբ:
Դրսում կրկին ինչ-որ հռնդյուն լսվեց: Անահիտը դուրս եկավ պատշգամբ և այնտեղից նայեց ներքև, գյուղի կենտրոնից դեպի իրենց թաղամասը բարձրացող ճանապարհին: Ոչ ոք չկար: Իսկ հռնդյունը շարունակվում էր: Այդ հռնդյունը Անահիտի հայացքը տարավ երկինք: Երևի քիչ առաջվա օդանավն է, ետ է գնում, չգիտես ինչու, մտածեց նա, երկար ժամանակ նայելով ադամանդեղեն երկնքով, աստղերի միջով առկայծումներով ընթացող սուրացող օդանավի ետևից: Օդանավը գնաց կորավ Մռավա սարի վրա: Հետաքրքիր էր այդպես մենակ կանգնել բաց պատշգամբում, մերկացող այգուն դեմառդեմ, իմանալով, որ շուրջդ ոչ մի կենդանի շունչ չկա, դու ես ու աշնանային տարօրինակ, արտասովոր երեկոն: Անահիտը մտավ տուն և հիշեց մի ուրիշ աշուն: Այդ աշնանն իր և Մուշեղի կյանքում նշանակալից իրադարձություններ եղան. Անահիտն ընդունվեց Ստեփանակերտի բժշկական ուսումնարան, իսկ Մուշեղին զորակոչեցին բանակ: Մտածում էին. մինչև Մուշեղը կվերջացնի ծառայությունը՝ Անահիտը կավարտի ուսումնարանը, գյուղ կգան և այն ժամանակ էլ կամուսնանան:
-Եվ դու ինձ կսպասե՞ս երկու տարի,- հարցրեց Մուշեղը:
-Դու ինչ է, չե՞ս հավատում ինձ:
-Ինչու չէ:,- խուսափողաբար պատասխանեց Մուշեղը:
-Ես սպասելու եմ քեզ, միայն հաճախակի գրիր ինձ:
Եվ Անահիտը սպասեց, թեև հասկանում էր. թերարժեք սեր է իրենց սերը, Մուշեղն իրեն սիրում է, իսկ ինքը պարզապես կապված է նրան, կապված է ընկերական ջերմ զգացմունքով ու հարգանքով: Եվ, անյուամենայնիվ, սպասեց, որովհետև նրա համար, էստ էության, արդեն միևնույնն էր. Կարենից հետո մե՞կ չէ, թե ում ես սպասում: Եվ նա սպասեց, ու միաժամանակ սովորեց. ամիսը մեկ-երկու անգամ գյուղ էր գալիս, քանի որ ուսումնարանը հեռու չէր, գտնվում էր մարզկենտրոնում՝ գյուղից վաթսուն կիլոմետրի վրա:
Կարենն իր խոսքի տերը եղավ. գյուղ նա չվերադարձավ, և ոչ ոք կարգին չգիտեր, թե որտեղ է նա, թեև հայտնի էր, որ Ղազախստանից մեկնել էր վաղուց, դեռևս հուլիսի վերջերին («Այսինքն՝ վերջին նամակն ուղարկելուց անմիջապես հետո»,- մտքում հաշվեց Անահիտը): Բայց ո՞ւր էր մեկնել, երկար ժամանակ ոչ ոք չգիտեր: Մի անգամ Անահիտն իր մեջ համարձակություն գտավ՝ գնալու նրանց տուն: Կարենի մայրը տան առջև՝ բանջարանոցում, կանաչ լոբի էր քաղում: Անահիտը ցանկապատի վրայով բարևեց նրան, որպես պատասխան ՝Կարենի մայրը քթի տակ ինչ-որ բան մռլտաց, բայց շարունակեց աշխատանքը: Անահիտը, իհարկե, լավ ընդունելություն չէր սպասում (իր առաջին այցը նա չէր մոռացել), բայց շփոթվեց, և այն աստիճան կորցրեց իրեն, որ մի պահ մնաց շվար կանգնած՝ չիմանալով, թե ինչ անել: Սթափվելով՝ նա, այնուամենայնիվ, ասաց, որ պարզապես ուզում է տեղեկանալ՝ որտե՞ղ է լինում Կարենը և նամակ-բան գրո՞ւմ է արդյոք, թե ոչ: Այդքանը, ըստ երևույթին, հերիք էր, որպեսզի Կարենի մայրը դուրս գար ինքն իրենից: Նա գազազած ելավ լոբու արխից՝ լոբու տերևները սոսնձված շորերին, և ձեռքերը թափահարելով ու ճղճղան ձայնով թնդացնելով օդը, հարձակվեց անակնկալից շշմած Անահիտի վրա և միանգամից սկսեց նզովք թափել նրա գլխին: Նա այնպիսի խոսքեր էր ասում, որ Անահիտն իր ամբողջ կյանքում երբեք չէր լսել: Անահիտը շրջվեց և համարյա վազելով դուրս եկավ նրանց բակից և լսեց, թե ինչպես Կարենի մայրն իր ետևից նետեց. «Սիրեկանդ գնացել է, հա՞, էլի պոչ ես խաղացնում»:
Անահիտը փողոց դուրս եկավ ամոթից ու վիրավորանքից կաս-կարմիր կտրած: Իր բախտից, շուրջը ոչ ոք չկար: Բայց Անահիտը գիտեր, որ մինչև երեկո ամբողջ գյուղն արդեն իմանալու է, թե Կարենի մայր Լուսիկն ինչպես է շշպռել Անահիտին:
Միայն հոկտեմբերի սկզբներին գյուղում լուր տարածվեց, որ Կարենն ընդունվել է Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա: Լսելով այդ մասին, Անահիտը դառը կսկիծով մտածեց այն մասին, որ իրենց գժտությունը Կարենի օգտին եղավ. ո՞վ գիտե, գուցե միասին լինեին, նա չկարողանար ընդունվել:
Ավարտելով ուսումնարանը, Անահիտը խնդրեց իրեն ուղարկել հայրենի գյուղ՝ տեղական հիվանդանոցում աշխատելու: Իսկ երկու ամիս անց բանակից վերադարձավ Մուշեղը՝ արևից թխացած ու առնականացած: Ծառայել էր նա մոտոհրաձգային զորամասում, ուր և յուրացրել էր մեխանիկի մասնագիտությունը: Դրա համար էլ, վերադառնալով գյուղ, նա աշխատանքի անցավ կոլտնտեսության ավտոգարաժում: Շուտով նրան գարաժի վարիչ նշանակեցին (վարիչն արդեն ծեր մարդ էր և գործը դժվարությամբ էր գլուխ բերում): Մուշեղն աշխատանքներն այնպես կազմակերպեց, որ գարնանամուտին բոլոր մեքենաներն արդեն լրիվ պատրաստ էին գարնանացանին ու բերքահավաքին: Կոլտնտեսության ղեկավարությունը հանգիստ շունչ քաշեց. վերջապես բանակային դպրոց անցած գործիմաց մեխանիկ էր գտնվել:
Աշնան կեսերին, երբ գյուղում վերջացան դաշտային աշխատանքները, Անահիտն ու Մուշեղն ամուսնացան: Անահիտի համառ թախանձանքով (դա շատ վշտացրեց Մուշեղին ու նրա ծնողներին) շատ թեթև հարսանիք արեցին, որին հրավիրեցին մոտ քսան-քսանհինգ մարդու՝ մերձավոր ազգականներից ու ընկերներից: Հետո կոլտնտեսությունը նոր հողամաս ու դրամական վարկ տվեց՝ տուն կառուցելու համար, և նրանք տուն կառուցեցին՝ միահարկ, երկու սենյակից բաղկացած: Տունը բլրի վրա էր՝ երեսով դեպի արևը, և այնտեղից, ինչպես ափիդ մեջ, երևում էր ամբողջ Հնձախութը՝ բլրալանջերին ու ձորակներում փռված փոքրիկ թաղամասերով: Պարզ եղանակներին ու լուսնկա գիշերներին տարին չորս բոլոր Անահիտի աչքի առջև մենության մեջ թախծում էր Մռավա սարը, երևում էին շրջակա բոլոր լեռներն ու սարերը, մեծ ու փոքր հանդերը՝ կպած անտառներին կամ հենց այդ անտառների մեջ: Անահիտը կանգնում, երկար դիտում էր այդ բոլորը, և դրանք ոչ մի զգացմունք չեն արթնացնում նրա մեջ: Բլրի վրա կանգնած այդ տանն սկսեցին ապրել Անահիտն ու Մուշեղը:
Ծանրաբեռ նոր հոգսերով՝ կապված մանկությունից ի վեր կայունացած հոգեկան կերտվածքի կտրուկ փոփոխման հետ, Անահիտը սկզբնական շրջանում չէր նկատում սեփական օտարացումը Մուշեղից, Մուշեղն ինքն էլ կարծես թե դժգոհության ոչ մի նշան չէր ցուցաբերում, հավանաբար նրա համար, որ առերևույթ ոչ մի բանում չէր դրսևորում այդ օտարացումը: Անահիտը սիրալիր էր ամուսնու հետ, հոգատար ու գորովալից էր, Մուշեղը ևս նույնպիսի զգացմունքներով էր պատասխանում նրան: Առավոտվանից Անահիտը գնում էր հիվանդանոց, իսկ Մուշեղը՝ վերանորոգման արհեստանոց: Վերադառնում էր նա սովորաբար Անահիտից ուշ, և տանը միշտ պատրաստ էր լինում համեղ ու տաք կերակուրը: Միասին ճաշում էին, իսկ հետո կամ հյուր էին գնում որևէ բարեկամի տուն, կամ գնում էին կինո, երբեմն էլ մնում էին տանը: Տանը նրանց համար տխուր չէր անցնում. Մուշեղն ուրախ ու հոժարակամությամբ օգնում էր Անահիտին տնտեսական գործերում, իսկ եթե անելու բան չէր լինում, յուրաքանչյուրը մի գիրք էր վերցնում գրապահարանից և խորասուզվում էին ընթերցանության մեջ, կամ եթե հեռուստատեսությամբ կարգին կինոնկար էր ցուցադրվում, նստում էին հեռուստացույցի դիմաց, նայում: Նման պահերին, լավ իմանալով, թե կինոյի ինչպիսի սիրահար է Անահիտը, Մուշեղն ավելի շատ Անահիտին էր նայում, քան էկրանին՝ ձգտելով կնոջ դեմքի շարժումների ու աչքերի արտահայտությունից գուշակել, թե ինչ է ցուցադրվում էկրանի վրա, և համարյա միշտ էլ գուշակում էր անսխալ: Անահիտի մեջ օտարացման զգացումն առաջանում էր այն ժամանակ, երբ նրանք մտնում էին անկողին: Մուշեղի փաղաքշանքը թեև տհաճ չէր նրան, բայց և չէր հուզում, չէր ալեկոծում նրա արյունը, և որպեսզի թաքցներ դա, Անահիտը ստիպված էր լինում ձևացնել և, պատասխանելով նրա փաղաքշանքներին, նա սարսափով մտածում էր այն մասին, որ ինքն ամբողջ կյանքում պիտի ձևացնի և ամբողջ կյանքում վախենա, որ Մուշեղը մի օր կզգա իր կեղծիքը: Մի երկու անգամ Անահիտն իրեն բռնեց այն բանում, որ քիչ էր մնում Մուշեղի փոխարեն արտասաներ Կարենի անունը և սառավ այն մտքից, որ երբևէ դա կարող է պատահել և թե ինչ կարող է տեղի ունենալ դրանից հետո: Նա տենդայնորեն իրենից հեռու վանեց իրեն վախեցնող այդ անունը և գիշերային իր մեղքը՝ ամուսնու առջև, նա ձգտում էր քավել ցերեկները՝ նրա հանդեպ ցուցաբերած նուրբ հոգատարությամբ, փայփայանքով, հանգիստ բնավորությամբ: Եվ դա, ընդհանուր առմամբ, նրան հաջողվում էր, որովհետև Մուշեղն անկեղծաբար ուրախանում էր նրա խաղաղ, քնքույշ խոնարհության թեկուզև ամենաչնչին դրսևորմամբ՝ չկասկածելով դրա իսկական պատճառի մասին և վերագրելով այն իր, ինչպես ինքն էր ասում, «սարսափելիորեն բախտը բերելուն»: Եվ, այնուամենայնիվ, ցերեկը փոխվում էր գիշերվա, և ամեն ինչ սկսվում էր նորից, և Անահիտը մտածում էր այն մասին, թե երկա՞ր կդիմանա, արդյոք, այս երկպառակ կյանքին: Եվ հիմա, որպեսզի ինչ որ ձևով իր մեջ պատասխան զգացմունքներ արթնացներ Մուշեղի հանդեպ, նա մխիթարում էր իրեն, որ շուտով երեխա կունենան, նա երազում էր շուտ ունենալ այդ երեխան, հուսալով ու հավատալով, որ եթե երեխան ծնվի, իր ու Մուշեղի հարաբերությունները կամրապնդվեն այն աստիճան, որ այդ ատելի օտարացումը կլուծվի, կչքանա ինքնին և ամեն բան կընկնի իր տեղը, և կյանքը վերջապես կրկին ձեռք կբերի իր ջինջ պարզությունը, առանց որի չկա երջանկություն:
Երեխան, ավաղ, չափազանց ուշ ծնվեց, նրանց համատեղ կյանքի երրորդ տարում միայն, երբ Մուշեղն սկսել էր արդեն որոշ բաներ կռահել: Անահիտը հաճախակի էր իր վրա բռնում ամուսնու մտախոհ հայացքը, որովհետև այդպիսի հայացքից հետո, առանց ձևականության կհետևի հարցը, որն, ամեն պարագայի կարող է հանկարծակիի բերել Անահիտին: Անահիտը նման դեպքերում ինչ-որ պատրվակ էր գտնում՝ տնից դուրս գալիս, միայն թե հեռու լինի Մուշեղից, միայն թե հնարավորություն չընձեռնի նրան տալու իրեն վախեցնող հարցը,- վերցնում էր կուժը և գնում աղբյուրը՝ ջրի, կամ մի անհետաձգելի բան «հիշելով», գնում էր հիվանդանոց:
Եվ, այնուամենայնիվ, Մուշեղը տվեց անխուսափելի հարցը.
-Անահիտ, միայն ճիշտն ասա, ես անտանելի՞ եմ քեզ համար:
Ուշ երեկոյան էր դա, նրանք պառկել էին անկողնում քնելու, Անահիտի մարմինը լարվեց ինչպես զսպանակ, բայց հաջորդ վայրկյանին նա արագորեն հպվեց ամուսնուն:
-Այդ ի՞նչ ես ասում, Մուշեղ,- նվաղկոտ ձայնով ասաց նա:
Հաջորդ հարցն ավելի սարսափելի էր.
-Չէ՞ որ Կարենից հետո քեզ համար միևնույն էր, թե ում հետ կամուսնանայիր: Իմ փոխարեն մեկ ուրիշը պատահեր՝ նրա հետ կամուսնանայիր:
-Պետք չէ այդ մասին,- ասաց Անահիտը կամացուկ, ծայր աստիճան լարված ձայնով:- Ես ուզում եմ քնել: Ավելի լավ է քնենք:
Գիշերվա կեսին Մուշեղն արթնացավ քնից. Անահիտը չկար կողքին: Մուշեղն արագ ելավ տեղից, մտավ մյուս սենյակը: Անահիտը գիշերվա շապիկով նստել էր մթան մեջ և լալիս էր անձայն:
Մուշեղը որոշ ժամանակ կանգնեց դռների մեջ, հետո վերադարձավ, պառկեց ու մինչև լույս աչք չփակեց: Լուսադեմին, առանց նախաճաշելու, գնաց գարաժ, իսկ երեկոյան եկավ խմած և ինչ-որ դատարկ բանի համար անողոքաբար ծեծեց Անահիտին: Եվ զարմանալին այն էր, որ ինչպես միշտ, Անահիտն այդ օրն էլ ներեց նրան, նույնիսկ չթողեց, որ ներողություն խնդրեր: Նա Մուշեղին չէր մեղադրում: Մեղադրում էր ինքն իրեն:
Երեխայի ծնունդը ոչինչ չփոխեց, ընդհակառակը՝ գնալով նրանց միջև ընկած վիհը խորացավ՝ պարտականություն դնելով նրանց վրա՝ դիմանալ ու չփորձել կտրել խճճված հանգույցը: Եվ նրանք դիմանում էին: Ի միջի այլոց, գործը թեթևանում էր նրանով, որ Մուշեղը ոչ միայն սիրում էր կնոջը, այլև գիտեր, որ նա ոչ մի տեղ չի գնա իրենից, երեխան ամուր կապում էր նրա ձեռն ու ոտքը: Իսկ ո՞ւր պիտի գնա:
Դրսում շարունակում էր հոսել աշնանային արտասովոր, լուսնկա երեկոն: Անահիտը, պատուհանի առջև նստած, վերհիշում էր անցած-գնացած օրերը: «Թող քեզ ծիծաղելի չթվա, Կարեն,- մտովի Կարենի հետ զրուցում էր Անահիտը,- թող ծիծաղելի չթվա, որ լինում են այնպիսի օրեր, երբ ուզում եմ գլուխս թաքցնել քո տաք գրկի մեջ, որպեսզի դու քնքուշ ձեռքերով շոյես ինձ, և ես մոռանամ, մոռանամ ամեն ինչ, ինչպես այն ժամանակ, հեռավոր թվացող այն տարիներին: Ասա ինձ, ո՞րն է այն ճամփան, որ կարող է մեզ տանել դեպի այդ օրերը՝ անցած-գնացած:»: Հարյուրավոր ճանապարհների խաչմերուկներից մեկում, մտածում էր նա, կյանքը հանդիպեցրեց իրեն ու Կարենին, որպեսզի երջանիկ լինեն, ամեն մարդ ծնվել է երջանիկ լինելու համար, այլապես ինչո՞ւ աշխարհ գալ, աստված մարդուն հենց դրա համար է ստեղծել, իսկ ինքը, երևի, շատ էր հպարտ, չուզեց հասկանալ, որ ինքը երջանիկ կլինի միայն Կարենի հետ, չուզեց, դրա համար էլ, ինչպես բոլոր մեծ երջանկությունները, կարճ տևեց նաև իր երջանկությունը:
Անահիտը հիշեց Կարենի մի խոսքը. «Երբ քեզ չեն սիրում այլևս, քեզ հետ է մնում քո վիշտը: Երբ դու ինքդ արդեն չես սիրում, քեզ ոչինչ չի մնում այլևս»:
Անահիտը դառը քմծիծաղեց իր մտքերի վրա: Նա քմծիծաղում էր, այնինչ արցունքները հոսում էին աչքերից: Նա արտասվում էր իր խորտակված սիրո համար, օտար աչքի համար աննկատ իր առաջին կնճիռների համար, այն բանի համար, որ օրերն անցնում են միանման, անիմաստ ու դատարկ:
Այդ օրերը, շաբաթները, ամիսները, տարիներն աննկատելիորեն անցնում են, և ստացվում է ճիշտ մոր ասածի նման. ամեն ինչ կա՝ ջահելություն, առողջություն, քեզ սիրող, հոգատար ամուսին ու մեծացող որդի ունես, որը շուտով առաջին դասարան է գնալու, տուն ունես, և փառք աստծո, ամեն ինչ կա տանը, ապրելու ամենալավ ժամանակն է, ապրիր ու ուրախացիր, բայց չի լինում, չի ստացվում, ուրախանալու ոչինչ չկա և չգիտես՝ ինչո՞վ կվերջանա դա, և կվերջանա՞, արդյոք, երբևէ:
Ոտնաձայներ լսելով՝ Անահիտը լարեց ուշադրությունը: Տան ետևում ճռռաց դարբասի դռնակը, հետո բակում լսվեցին Մուշեղի ծանր ու հատու քայլերը. նա դեռ չէր թողել զինվորական շարայինի իր խրոխտ քայլվածքը: Մուշեղը, ներս մտնելով տուն, գլխի թեթև շարժումով բարևեց կնոջը, մոտեցավ ընթրիքի սեղանին:
-Իսկ ո՞ւր է Արայիկը: Քնա՞ծ է, ինչ է:
-Ոչ, մայրիկի մոտ է,- պատասխանեց Անահիտը:- Ինչո՞ւ այդպես ուշ ես գալիս:
-Մարտակերտ՝ պահեստամասերի էինք գնացել:
-Հաջողվե՞ց ստանալ,- հարցրեց Անահիտը: Նրա համար, իհարկե, միևնույն էր՝ ստացե՞լ են այդ պահեստամասերը, թե ոչ, բայց պետք էր, չէ՞, մի բանի մասին խոսել, որպեսզի հենց առաջին րոպեներից նյարդեր քայքայող լռություն չտիրի, որին նրան՝ ոչ Անահիտը, և ոչ էլ Մուշեղը, ոչ մի կերպ ընտելանալ չէին կարողանում (դրա համար էլ Մուշեղը խոսք բացեց Արայիկի մասին, նա գիտեր, որ այսօր նա տատի մոտ պիտի մնար):
-Ոչ,- պատասխանեց Մուշեղը, հացը բրդելով մածնի մեջ:- Մի թուղթ կար պակաս: Ստիպված վաղն էլ պիտի գնանք:
-Ի՞նչ թուղթ:
-Լիազորագիր պիտի վերցնեինք, մոռացել էինք: Ոչինչ, վաղը կստանանք,- Մուշեղը քիչ լռեց, հետո ավելացրեց:- Ի միջի այլոց, այնտեղ, շրջկենտրոնի խանութում լավ ճտքակոշիկներ կային՝ մեջը փափուկ, ձմռան համար լավ բաներ են: Էսօր չհաջողվեց վերցնել, մոտս փող չկար, վաղը կվերցնեմ:
-Ճտքակոշիկներ ես ունեմ, համարյա նոր են:
-Նախ, այնքան էլ նոր չեն: Մի խոսքով, վաղը կբերեմ, դու գիտես՝ դուր եկան՝ կվերցնես, չես ուզենա՝ կծախես որևէ մեկին:- Անահիտի մարմնով քնքշանքի ու խղճահարության մի տաք ալիք անցավ: Նա նայեց ամուսնուն՝ ընդհանուր առմամբ ուժեղ ու բարի այդ մարդուն, որից, ինչպես իրենից, բախտը երես էր թեքել՝ զրկելով նրան մի փոքր երջանկությունից: Նա ետևի կողմից մոտեցավ Մուշեղին և, փարվելով նրան, նրա գլուխը սեղմեց իր կրծքին:
-Եթե դու գնես այդ ճտքակոշիկները,- արտաբերեց նա փաղաքուշ ձայնով,- ես դրանք կծախեմ մի ուրիշի, որովհետև ինձ պետք չեն, ես ամեն ինչ ունեմ: Այնպես որ, եկ այդ մասին չխոսենք: Մենք այնքան էլ շատ փող չունենք, որպեսզի ուզածին պես ցրիվ տանք:
-Ոնց թե ցրիվ տանք: Քեզ համար է, չէ՞,- վրդովվեց Մուշեղը:- Դու գոնե մտածո՞ւմ ես, թե ինչ ես ասում:
Անահիտը չհասցրեց պատասխանել. տան ետևում մի մեքենա կանգ առավ: Մեքենայի լույսերն ընկան ծառերրի վրա, իսկ քիչ անց դրսում լսվեցին ինչ-որ մեկի ոտնաձայները:
-Սա ո՞վ կլինի այս ուշ երեկոյան,- դժգոհ փնթփնթաց Մուշեղը. նա այսօր շատ էր հոգնել, ուզում էր շուտ քնել:
-Դու նստիր, ես դուռը կբացեմ,- ասաց Անահիտը:
Նա արագ անցավ փոքրիկ նախասենյակով, բաց արեց դեպի բակ նայող դուռը և անսպասելիորեն ընկրկեց՝ գունատվելով ու ձեռքը տանելով բերանին, որպեսզի խլացնի բնազդական ճիչը:
-Բարև, Անահիտ,- արտասանեց Կարենը՝ շփոթված ժպտալով:- Հյուր չե՞ք ընդունում:
«Աստված իմ, այդ դո՞ւ ես»,- մտովի շշնջաց Անահիտը, դեռևս չհավատալով իր աչքերին:
-Համեցեք:,- խեղդված, հանկարծակի խռպոտած ձայնով ասաց նա:
Կարենը մտավ ներս: Անահիտը մնաց նախասենյակում և, մեջքով հենվելով պատին, մի պահ փակեց աչքերը՝ չիմանալով ինչպես զսպել սրտախփոցը, որից կտրվում էր շունչը: Բացելով աչքերը, Անահիտն ասես մշուշի միջից տեսավ, թե ինչպես Մուշեղը, դեմքին քարացած բութ ժպիտ, ընդառաջ ելավ անակնկալ հյուրին (իսկ թե այդ պահին Կարենն ինչպիսի տեսք ուներ՝ Անահիտը չգիտեր, որովհետև նա կանգնած էր թիկունքով դեպի իրեն), թե ինչպես Կարենն առաջինն անվստահ մեկնեց ձեռքը, ասես չիմանալով՝ դպրոցական տարիների իր ընկերը կսեղմի՞ իրեն մեկնված ձեռքը, թե ոչ, դարձյալ մշուշի միջից Անահիտը տեսավ, թե ինչպես Մուշեղը, սկզբում մի տեսակ տատանվելով՝ սեղմի՞ իրեն պարզած այդ ձեռքը, թե՞ ոչ, հետո, այնուամենայնիվ, սեղմեց այն ամուր, տղամարդավարի:
Այդպիսի սկիզբը որոշ թեթևություն բերեց Անահիտի սրտին: Նա ինքնաբերաբար ուղղեց սանրվածքը և վճռականորեն մտավ սենյակ, ուր լարված լռություն էր տիրում: Կարենն ու Մուշեղը մի պահ շփոթված նայում էին տարբեր կողմեր՝ աշխատելով չհանդիպել հայացքներով: Անահիտը բացեց սպասքապահարանը և, զրնգացնելով սպասքը, սկսեց հանել թեյի բաժակները:
-Ի՞նչ բանի ես, Անահիտ,- հարցրեց Մուշեղը:
-Ես: ես հիմա թեյ կդնեմ:
-Նման դեպքերում ոչ թե թեյ են խմում, այլ ավելի լավ բան:
-Ոչինչ պետք չէ, Մուշեղ, ղեկի վրա եմ, երկար ճանապարհ պիտի գնամ: Մի րոպեով մտա տեսնեմ ինչպես եք: Մերոնց մոտ էի, քանի տարի չեմ եղել:
-Պարզ է,- քմծիծաղեց Մուշեղը:- Իսկ որտե՞ղ էիր այսքան տարի:
-Երկար պատմություն է, Մուշեղ:
-Դու էլ կարճ պատմիր, եթե շտապում ես:Անահիտ, թեյի հոգս արա:
-Հիմա,- սկսեց շտապել Անահիտը՝ կրկին զրնգացնելով սպասքն ու գաղտնաբար նայելով Կարենին. նա ոնց որ ավելի բարձրահասակ էր դարձել, թխացել էր արևից, սակայն անընկալելի ինչ-որ ըկճվածություն կար նրա մեջ: Եվ այդ վաղ ճերմակը նրա մազերի մեջ, և այդ կնճիռները, որ կտրվածքներ էին առաջացրել նրա լայն ու բաց ճակատին: Անահիտի սիրտը դանդաղ սկսեց մղկտալ: Բաժակապնակները հանելուց հետո նա մի տեսակ այլևս չգիտեր, թե ինչ պիտի անի. Կարենի ձայնն ասես հմայել էր նրան:
-:Տիմիրյազևն ավարտելուց հետո խնդրեցի ինձ նորից ուղարկել Ղազախստան:
-Իսկ ինչո՞ւ չեկար մեր մարզը: Չէ՞ որ այստեղ նույնպես գյուղատնտեսներ են պետք:,- հետաքրքրվեց Մուշեղը: Անահիտը, շաքարամանը ձեռքին, մնաց սառած. Մուշեղի խոսքերում, նրան թվաց, թաքնված մարտահրավեր կար: Ըստ երևույթին, Մուշեղը ևս ուշացումով հասկացավ այդ, դրա համար էլ չթողեց, որ Կարենը պատասխաներ:
-Ի դեպ, դա կարևոր չէ, խոպանում նրանց կարիքն ավելի լավ են զգում, այնտեղ ուրիշ են մասշտաբները,- ասաց նա, աչքի տակով որսալով Անահիտի երախտագետ հայացքը:- Իսկ հետո՞:
-Երկու տարի հացահատիկային մի խոշոր սովխոզում գլխավոր գյուղատնտես էի, մտածում էի՝ կմնամ ընդմիշտ:- Նա մի պահ խոսքն ընդհատեց, բայց հետո ավելացրեց հենց այնպես, առանց ճիգ գործադրելու:- Չկարողացա: ինձ չէին հերիքում մեր լեռները, այստեղի օդը, և առհասարակ մի տեսակ էի զգում ինձ:
-Դու, ի՞նչ է, չե՞ս ամուսնացել մինչև հիմա,- հարցրեց Մուշեղը:
-Ամուսնացել եմ, նույնիսկ երկու երխա ունեմ՝ մի տղա ու մի աղջիկ: Պարզապես այնտեղ ես ինձ զգում էի ոնց որ օտարության մեջ:
-Ընտանիքո՞վ ես եկել:
-Այո,- գլխով արեց Կարենը, վառելով սիգարետը:
Սենյակում կարճատև, բայց լարված դադար տիրեց: Ինչպես ամպրոպի հեռավոր, սրընթացորեն մոտեցող որոտ, օդում՝ էլեկտրացնելով մթնոլորտը, ոչ ոքի կողմից տրված մի հարց էր սավառնում: Այդ չարտահայտված հարցին պատասխանեց ինքը՝ Կարենը:
-Մենք ապրելու ենք ոչ այստեղ,- հանգիստ ասաց նա, չնայելով ոչ մեկի կողմը և կարճ քմծիծաղ տվեց, ինքն էլ զգալով, թե ինչպես իր խոսքերն իսկույն լիցքաթափ արեցին մթնոլորտը, սենյակում լարվածությունը փարատվեց:- Ինձ փորձնական տնտեսության գյուղատնտես են նշանակել ցիտրուսային գոտում:
-Բայց այնտեղ նույպես չեն լինի քո լեռները:- ասաց Մուշեղը:
-Ոչինչ, մի կերպ կդիմանանք:- արձագանքեց Կարենը՝ նայելով ուղիղ Մուշեղի աչքերին: Սա իր հայացքը չփախցրեց:- Սա ի՞նչ է, շարունակ իմ մասին ենք խոսում: Դո՞ւք ինչպես եք:
Մուշեղը չպատասխանեց: Նա անսպասելիորեն վեր կացավ նստած տեղից:
-Ես, այնուամենայնիվ, գնամ նկուղ՝ գինի բերելու:
-Ասացի, որ չեմ խմում:
-Մի բաժակ կխմես, թեթև գինի է, ոչինչ չի լինի:
Նա դուրս եկավ: Սենյակում կրկին լռություն տիրեց: Կարենը նստել էր սեղանի մոտ՝ մեջքով զգալով Անահիտի ներկայությունը:
-Հը, ինչպե՞ս եք ապրում, Անահիտ,- կամացուկ հարցրեց Կարենը:
Անահիտը մատուցարանը՝ թեյի բաժակներով, չրխկոցով դրեց սեղանին:
-Ես հիմա չգիտեմ ինչ անել: Թե՞յ եք խմելու, թե՞ գինի:
-Ոչ մի բան պետք չէ, Անահիտ: Ես մի բաժակ գինի կխմեմ ու կգնամ: Մեքենան ուրիշի է, երկրաբան մի ընկեր ունեմ՝ Ալբերտ Շահնազարյան, նրանն է, առավոտյան շուտ տեղ է գնալու:- Նա վերջապես բարձրացրեց աչքերը, նայեց Անահիտին:- Դուք համարյա չեք փոխվել՝ ոչ դու, ոչ էլ Մուշեղը:
Կարենը չժպտաց նրան աչքերով, ինչպես ժպտում էր այն ժամանակ: Նա չժպտաց, և դա ցավ պատճառեց Անահիտին: Ասես դա որևէ բան կարող էր փոխել: Աստված իմ, ինչպիսի հիմար մտքեր են գալիս գլուխը, փոխանակ հարցնելու, տեսնելու՝ հիշո՞ւմ է իրեն, այնտեղ, մատուռի ձորում, մամռոտ քարերի մեջ անտեր, անտիրական մնացած իրենց աղբյուրը, դեպի լույս ու արև ելնող սպիտակավուն հաճարկենին, որի վրա մինչև հիմա էլ վերքի պես սպիացած մնում են դեռ իրենց անունները՝ ավետելով, որ տևական ոչինչ չկա այս մեծ աշխարհում, ամեն ինչ անցողիկ է, ժամանակավոր:
Սակայն Անահիտը ոչինչ չհարցրեց, նա թոթվեց ուսերը, ասաց.
-Դա երևի նրանից է, որ վատ չենք ապրում:
Կարենը հազիվ նկատելի շարժեց հոնքերը:
-Ես ուրախ եմ ձեր հաջողությամբ:
-Դու ինչպե՞ս ես:
-Նույնպես վատ չեմ:- Նա խեղդեց հառաչանքը, ավելացրեց:- Կին, երեխաներ, նախասիրած աշխատանք:
-:հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա:
-Ոչ, այդ բաները չունենք դեռ, պարզապես առնելու ժամանակ չի եղել: Իսկ ի՞նչ կապ ունեն դրանք:
-Դա իմ մայրն էր մի ժամանակ ասում, որ հիմա ապրելու ամենալավ ժամանակն է, որ ամեն ինչ կա, թոշակն անգամ տուն են բերում: մնում է ապրել ու ուրախանալ:
-Հըմ-դա: ամեն ինչ կա: անհասկանալի է միայն, ինչո՞ւ ոչ բոլորն են ուրախանում:,- մտազբաղ արտաբերեց Կարենը ՝ ձեռափով ուղղելով սփռոցի ծայրը:
Ներս մտավ Մուշեղը՝ մի կուլա գինի ձեռքին: Առանց որևէ մեկին նայելու, նա փոքրիկ կուլան դրեց սեղանին: Անահիտն ուզում էր հանել գինու ըմպանակները, բայց Մուշեղն ասաց, որ ըմպանակներ պետք չեն, այսպիսի գինու համար թեյի բաժակներն ավելի լավ են: Երեք բաժակ լցնելով մինչև եզրերը, նա վերցրեց իր բաժակը և ասաց.
-Դեհ, թող մեր հանդիպման կենացը լինի:
-Ոչ, ավելի ճիշտ կլինի՝ բաժանման,- ասաց Կարենը:- Վաղը երեկոյան ես արդեն պետք է իմ տնտեսությունում լինեմ: Ավելի լավ է հաջողություն մաղթեք ինձ:
-Դե, ինչ, հաջողություն քեզ ու մի քիչ էլ երջանկություն:
Կարենն ի պատասխան գլխով արեց ու նայեց Անահիտին:
-Իսկ դո՞ւ, Անահիտ, դու ինձ ոչինչ չե՞ս մաղթում:
Անահիտն ուղիղ նայեց նրա աչքերի մեջ, ասաց կամացուկ, բայց հատու ձայնով.
-Իմ ամուսինը քեզ հաջողություն ու երջանկություն մաղթեց նաև իմ անունից:
Նա բարձրացրեց իր բաժակը, խփեց Մուշեղի բաժակին: Խմեցին կանգնած: Կարենը նայեց ժամացույցին:
-Դեհ, ես գնամ,- ասաց նա` մի պահ նայելով հատակին:
Մուշեղը մինչև մեքենան գնաց՝ նրան ճանապարհելու: Դա մի հին «գազիկ» էր՝ գույնը կորցրած տենտով: Կարենը բաց արեց դռնակը, բայց չնստեց: Նա հանեց ծխախոտատուփը, մի սիգարետ վերցրեց, տուփը մեկնեց Մուշեղին:
-Հը, է՞լ ինչ կուզենայիր ասել:
Մուշեղը բարձրացրեց ուսերը:
-Ոչինչ: Համարյա ամեն ինչ ասացինք: Ի միջի այլոց:- նա տատանվեց:
-Ասա:
-Բարևներ հաղորդիր Աստղիկին:
-Աստղիկն ո՞վ է,- լարվեց Կարենը:
-Սպասիր:,- Մուշեղը կկոցեց աչքերը:- Մենք այն կարծիքին էինք, որ դու ամուսնացել ես ձեր ազգականի աղջկա հետ:
-Պետք չէ այդ մասին,- խստորեն ասաց Կարենը:- Միթե՞ դու կարծում ես, թե ես այսօր կմտնեի ձեզ մոտ, եթե ամուսնացած լինեի նրա հետ:- Նա նստեց ղեկի մոտ, կրկին դարձավ Մուշեղին և ասաց ժպտալով:- Հիշում եմ, դպրոցում պարծենում էիր տափակ ճշմարտություններով: Ուզո՞ւմ ես դրանից մի հատ ասեմ:
-Ասա տեսնենք,- արտաբերեց Մուշեղը՝ վառելով սիգարետը:
-Ինչքան ուզում ես, կարելի է շարունակ կրկնել, որ մեր բախտը մեզնից է կախված, բայց հերիք է, որ թեկուզ մի անգամ թեթևամտորեն վերաբերվենք այդ բախտին, որպեսզի նա քեն հանի մեզնից մեր ամբողջ կյանքի ընթացքում: Ահա այդպիսի բաներ:
-Դու գտնում ես, որ բախտը դաժա՞ն է եղել քո հանդեպ,- հարցրեց Մուշեղը և իսկույն հասկացավ, որ հարցը հնչեց ոչ տեղին:
Կարենը շրխկոցով փակեց «գազիկի» դուռը, գործի գցեց մեքենան, հետո ժպտալով շրջվեց դեպի Մուշեղը և հարցին պատասխանեց հարցով.
-Իսկ դո՞ւ:- Նա չսպասեց պատասխանին:- Մնաս բարով, Մուշեղ:
Մեքենան, առանց լույսերը վառելու, դանդաղ գնաց կիսամութ դատարկ փողոցով, միայն ետևի կարմիր լապտերիկներն էին վառվում: Բայց շուտով դրանք ևս չքացան մթության մեջ:
Գիշերվա կեսին Մուշեղն արթնացավ, նայեց կնոջը: Անահիտը պառկած էր դեմքը դեպի առաստաղը, վարագույրների արանքից ներս թափանցող լուսնից շողշողում էին նրա լայն բացված աչքերը, կամակոր շուրթերը թեթևակի հպված էին իրար, իսկ այտերին շողում էին չչորացած, արծաթագույն արցունքները:
-Դու քնա՞ծ չես,- հարցրեց Մուշեղը:
Աշնանային պարզկա, ցուրտ երկնքով կռունկների երամ էր անցնում՝ կուր-լու, կուր-լու, կուր-լու, թախծոտ կանչում էին կռունկները, նրանց թախծական կանչերը հեռանում էին: Ահա թե ինչու էր ամբողջ երեկոն թվում այնպես ոչ սովորական, արտասովոր, այո, իր սիրտն զգում էր, երևի, որ նա պիտի գար այսօր:
-Դու քնա՞ծ չես,- կրկին հարցրեց Մուշեղը:
-Ոչ:
Մուշեղը մեղմորեն շոյեց կնոջ մերկ ուսերը:
-Իսկ դու փորձիր քնել: Ախր չես փորձել:
-Ոչ:- Նա շրջվեց ամուսնու կողմը, վերցրեց նրա ձեռքը, այտով հպվեց մեքենայի յուղի հոտ արձակող խոշոր, կոշտ ձեռափին, և փակեց աչքերը:- Ես հիմա քնով կանցնեմ, միայն դու ձեռքդ մի վերցրու: -Չեմ վերցնի, դու քնիր, — ասաց Մուշեղը: Բայց իր մեջ ակամայից մտածեց. ո՞ւմ ձեռքին ես հպվել այդպես՝ ի՞մ, թե՞: Եվ մտովի ընդհատեց ինքն իրեն՝ ուրիշ անուն չտալու համար: