ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ
Կյանքը եղել է ջինջ ու արևկա,
Երկինքը՝ կապույտ,
Մենք ընդամենը տասնութ տարեկան:
Յու. Սահակյան
Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ, հավանաբար, լինում են անմոռանալի օրեր: Երևելի, գեղեցիկ օրեր: Բայց մանկության և առհասարակ պատանեկության բոլոր օրերն էլ անմոռանալի, երևելի ու գեղեցիկ են, որովհետև այդ օրերը մշտապես մեզ հետ են, ապրում են մեր մեջ՝ ժամանակ առ ժամանակ մեր սրտերը լցնելով անպարփակ կարոտով ու տխրությամբ:
Այսօր ես վերստին ուզում եմ հիշել այն հին, հեռավոր օրերը, և այդ օրերի մեջ՝ Մարինեին: Ուզում եմ հիշել այն հեռավոր, բայց անմոռաց ամառը, այն հեքիաթային, անդարձ ամառը, իմ առաջին հանդիպումը Մարինեին: Հուլիս ամսվա վերջին օրերին էր դա, իրիկնադեմին, արեգակը կախվել էր մեր լեռների վրա, ուզում էր մայր մտնել ու, չգիտես ինչու, մայր չէր մտնում, կպել էր լեռներին ու ասես տատանվում էր՝ գնա՞ գիշերելու Կաղնախաչ սարից այն կողմ, լեռների ետևում, թե՞ ոչ:
Ես այդ երեկո խոտհարքից էի վերադառնում, արդեն տուն էի հասել, մտնում էի բակ, երբ ակումբի կողմից, հենց բլրակի վրայից մեր դասարանցի Ալվարդը ոչ այնքան բարձր, բայց ինձ համար լսելի, ձայնեց. «Կինո չե՞ս գալիս, Վահրամ, այսօր հնդկական լավ կինո կա»: Ալվարդը մենակ չէր, նրա կողքին մի աղջիկ կար կանգնած, ես նրան առաջին անգամ էի տեսնում: Վանդականախշ վերնաշապիկս կոճկելով ես քայլեցի աղջիկների կողմը՝ չհամարձակվելով նայել Ալվարդի նոր ընկերուհուն:
-Ի՞նչ կինո է,- հենց այնպես ասացի ես, մոտենալով նրանց:
-Հոյակապ նկար է, Մարինեն տեսել է,- ասաց Ալվարդը՝ ժպտադեմ նայելով մեկ ինձ, մեկ ՝ ընկերուհուն:
-Արժե նայել,- հանկարծական շիկնանքով ասաց Մարինեն՝ թռուցիկ մի հայացք նետելով ինձ վրա: — Ձեզ դուր կգա,- և ավելացրեց մտերմիկ անմիջականությաբ:- Կգա՞ք:
-Այո,- արագ ասացի ես՝ անկարող հայացքս կտրել սպիտակ դեմքի վրա ճառագայթող նրա լուսաջինջ աչքերից ու կարմրավառ շուրթերից:
-Մարինեն Սումգայիթում է ապրում, հյուր է եկել մեզ,- ավելացրեց Ալվարդը՝ մի տեսակ հարազատորեն հպվելով Մարինեին:- Մոտ մի ամիս կմնա մեզ մոտ:
Իսկ Մարինեն ասաց.
-Ձեզնից սարերի բույր է գալիս:- Նա գլխի թեթև շարժումով սևասև փարթամ մազերը ետ նետեց, որոնք շաղ եկան կիսամերկ ուսերին:- Դուք սարերո՞ւմ եք եղել:
-Այո,- ասացի ես ու ցույց տվեցի մեր սարերը:- Հրե¯ն, այնտեղ: Մենք այնտեղ խոտ ենք հարում:
Մարինեն նայեց սարերի կողմը, ուր արև չկար արդեն, և սարալանջերին փռված հանդերը հետզհետե ընկղմվում էին մթության մեջ: Մարինեն աչքերը կկոցած երկար նայում էր, իսկ ես մտածում էի այն մասին, որ այսօրվանից, ահա այս պահից, նրա պատկերը միշտ աչքիս առջև կլինի, իսկ ձայնը մեղեդու պես շարունակ կհնչի իմ հոգում…
-Դե, մենք գնացինք,- ասաց Ալվարդը, թեթևակի նայելով ինձ՝ իբր ի՞նչ ես աչքերդ չռել, գեղեցիկ աղջիկ տեսած չկա՞ս, ինչ է: Նա ակնհայտորեն հպարտանում էր իր հյուրով, իսկ ես շնորհակալ էի Ալվարդին, որ կանչեց ինձ, և ես ծանոթացա Մարինեին:
-Չմոռանաք, կգաք, լավ նկար է,- ետ շրջվելով, ժպտուն ասաց Մարինեն, և ես ակամա մի քայլ առաջ գնացի և, ասես ուրիշ, բոլորովին օտար մարդու ձայնով, ասացի.
-Անպայման կգամ, շնորհակալություն:
Տղաների հետ նստել էինք ակումբի վերջին շարքերում և ուր որ է պիտի սկսվեր կինոնկարը, երբ եկան Մարինեն ու Ալվարդը: Մարինեն կարմրաթույր շրջազգեստով էր, և այն շատ էր սազում նրան: Ասես ակումբը լցվեց լույսով, երբ նա մտավ դահլիճ: Նրանք անցան մեր կողքով, նստեցին մեզնից մի երկու նստարան առաջ, հետո Ալվարդն ինչ-որ բան ասաց Մարինեի ականջին, Մարինեն շրջվեց, պայծառաժպիտ ողջունեց ինձ: Տղաներն արմունկներով թաքուն բոթեցին՝ իբր մի տես ո¯վ է բարևում քեզ: Իսկ հետո սկսվեց կինոնկարը: Սիրո մասին էր այն. մի տղայի ու մի աղջկա սիրո մասին: Նրանք՝ այդ տղան ու աղջիկը, սիրում էին իրար, շարունակ երդվում էին, որ խորունկ սիրով են սիրում, սակայն ես չէի հավատում դրան, որովհետև երդումներով չեն սիրում, մտածում էի, սիրում են առանց երդումների, առանց խոստովանության, ինչպես որ ես էի հիմա սիրում Մարինեին:
Գեղեցիկ էր կինոնկարի աղջիկը՝ ինչպես Մարինեն, և Մարինեի մասին էր ասես նկարը, ես ուզում էի աննկատ մոտենալ Մարինեին, շոյել կիսախավարի մեջ փայլող նրա արձակ մազերը, որ այնպես անփութորեն թափված էին նրա ուսերին, ուզում էի մոտենալ, նստել նրա մոտ, նայել նրան ու ոչինչ-ոչինչ չասել, թող ինքը զգա, թող հասկանա, որ այսօրվանից աշխարհը միանգամից փոխվել է իմ աչքին, և ինքս էլ չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ: Իրավ, Մարինեի նման էր կինոնկարի աղջիկը, բայց անսիրտ ու դաժան էր նա, որովհետև վերջում լքեց սիրած տղային, և նա՝ այդ տղան, աղջկա կողմից լքված, վշտահար, երգում էր այն մասին, որ այժմ ինքը քայլում է այն բոլոր վայրերով, ուր իրենք եղել էին միասին, երդումներ էին տվել սիրո, և հիմա դատարկվել է իր հոգին ու փշրված է արդեն սիրտը և այլևս ոչինչ-ոչինչ չի սփոփի իրեն՝ ամեն ինչ կորած է անդարձ: Ես չէի ուզում, որ այդպիսին լիներ Մարինեն, ուզում էի, որ նա սիրեր ինձ ու չլքեր երբեք, նա այդպիսին լինել չի կարող, մտածում էի ես այն ժամանակ, չէ՞ որ այնքան վճիտ էին նրա աչքերը:
Կինոյից հետո տղաներով դուրս եկանք ակումբի բակ և սպասեցինք՝ մինչև դուրս կգային Մարինեն ու Ալվարդը: «Ես սիրում եմ նրան, ես խենթորեն սիրում եմ նրան ,- ինքս ինձ շշնջում էի ես՝ անասելի հաճույք զգալով այդ խոսքերից:- Բայց մի՞թե այդպես են սիրում, հենց առաջին հայացքից, մի՞թե այդպես սիրում են:»: Մարինեն ու Ալվարդը նույնպես դուրս եկան ակումբից: «Ինչ լա¯վիկն է»,- ասաց ինչ-որ մեկը: «Ձայնդ»,- կոպտորեն նետեցի ես, բայց տղաներին թվաց, թե կատակում եմ, ծիծաղեցին: Մարինեն ու Ալվարդը գնում էին առջևից: Տղաներից մեկը՝ չիմացա, թե ով, թեթև հրեց ինձ՝ «Գնա»: Ես արագացրի քայլերս, հասա նրանց:
-Ձեզ դուր եկա՞վ նկարը,- ասացի ես՝ շփոթմունքս զսպելով:
-Ես այն տեսել էի,- Մարինեն ակնդետ նայեց ինձ:- Լավ նկար է: Իսկ ձե՞զ, ձեզ դո՞ւր եկավ:
-Այո,- պատասխանեցի ես:- Միայն դուր չեկավ այն, որ նրանք հավատարիմ չմնացին իրենց երդումներին:- Իմ հոգում դեռ արձագանքում էին տղայի վշտագին բառերն իր սիրո և անցած աշնան մեռած տերևների մասին ու նաև այն մասին, որ դատարկվել է նրա հոգին ու փշրված է արդեն սիրտը և այլևս ոչինչ-ոչինչ չի մխիթարի նրան՝ ամեն ինչ կորած է անդարձ:
-Ինչո՞ւ,- հարցրեց Մարինեն՝ թեք նայելով ինձ. նրա աչքերը խորախորհուրդ ժպտում էին:
-Եթե նրանք, իրոք, սիրում էին իրար:- սկսեցի ես , բայց Ալվարդը ընդհատեց ինձ.
-Հետո՞ ինչ՝ սիրում էին,- ասաց նա, և ես զգացի, որ նա հենց այնպես, մի բան ասած լինելու համար արտասանեց այդ խոսքերը:
-Երդումներով չեն սիրում,- ասացի ես:- Ես կարծում եմ, որ երդվում են այն ժամանակ, երբ չեն սիրում: Համոզելու, հավատացնելու համար են երդվում: Մի՞թե ճիշտ չէ:
-Չգիտեմ,- Մարինեն կրկին նայեց ինձ: Այս անգամ աչքերը երազկոտ արտահայտություն ունեին:- Գուցե:
Լռեցինք: Լուռ էին և ձորերը, լեռները, գյուղամերձ տաք անտառները, սարերը, ուր ամբողջ օրը գերանդիներն առած խոտ էինք հարում տղաներով: Միայն երբեմն-երբեմն ներքևում, ձորում, կանչում էր գիշերահավը: Գյուղը, ամառային երկար օրվա աշխատանքներից հոգնաբեկ, քնել էր խոր քնով:
-Իսկ դուք սարերում ի՞նչ եք անում,- լռությունը խախտեց Մարինեն:
-Խոտ ենք հարում,- կրկին ասացի ես, նայելով Մարինեին:- Անասնակեր ենք կուտակում կոլտնտեսության համար:
-Վահրամը դպրոցի շրջանավարտներից արտադրական բրիգադ է կազմել,- ասաց Ալվարդը, գոհունակ ժպիտով նայելով իմ կողմը:- Բրիգադավար է:
-Ճի՞շտ,- իբր շատ զարմացած՝ հարցրեց ինձ Մարինեն:
-Այո,- իմ փոխարեն պատասխանեց Ալվարդը:- Եվ ոչ միայն բրիգադավար է: Նաև գյուղթղթակից է: Թերթերում նյութեր է գրում, փող են տալիս:
-Ալվարդ,- կշտամբանքով ասացի ես, իբր ի՞նչ ասելու բան է դա: Բայց ներքուստ ուրախ էի՝ թող Մարինեն իմանա: Մարինեն դարձյալ ձևացրեց, թե դա իրեն շատ զարմացրեց: Գիրգ շուրթերը կիսաբաց՝ նա հիացմունքով նայեց աչքերիս և ժպտալով ասաց.
-Դուք լրագրող կդառնաք: Թերթերում հոդվածներ կգրեք ու ես սիրով կկարդամ:
Ես լուռ էի: Հիմա ինձ չէր հետաքրքրում՝ թե ինչ կդառնամ: Լուսնալույսի տակ սպիտակին էր տալիս ճանապարհը, բայց ես համարյա ճանապարհին չէի նայում, ես շուտ-շուտ կողքանց գաղտնածածուկ նայում էի Մարինեին, լուսնի աղոտ լույսի մեջ գծագրված նրա ուռուցիկ շուրթերին, և հուզմունքից կտրվում էր շունչս:
-Դուք ինչի՞ մասին եք մտածում,- զուսպ ծիծաղ նշմարվեց Մարինեի՝ ասես լույս արձակող գեղեցիկ աչքերի մեջ:
-Կինոնկարի,- իսկույն ասացի ես, թեև միանգամայն այլ բանի մասին էի մտածում:
-Սքանչելի աղջիկ էր, չէ՞,- հարցրեց Մարինեն, ուղիղ նայելով իմ աչքերին:
Մթան մեջ հեշտ էր խոսելը, և ես արագ ասացի.
-Այո, գեղեցիկ էր: Նա շատ էր նման ձեզ:
-Մի՞թե:- Մարինեն աչքերը փախցրեց ինձնից, նայեց հեռավոր սարերի կողմը, և ինձ թվաց, թե նա ուզում է տեսնել մեր խոտհարքերը, բայց դա հնարավոր չէր, որովհետև խավարի մեջ այլևս չէին երևում հանդերը. հանդերը նույնպես, երևի, քնել էին խոր քնով:
Առջևում, մթան մեջ, երգում էր դեպի գյուղի բանջարանոցները վազող առուն: Առվի վրայով անցնելիս Մարինեն հանկարծ գայթեց, ես ակամա բռնեցի նրա ձեռքը՝ մի կարճ պահ ափիս մեջ պահելով նրա սառը, բարակ մատները:
-Ձեր ոչ մի տեղը չցավե՞ց,- հուզմունքից շնչահեղձվելով՝ սրտի անդիմադրելի մղումով ասացի ես և զգացի, թե ինչպես հանկարծակի վառվեց դեմքս:
-Ո¯չ,- հեգնեց Ալվարդը, բայց Մարինեն ուշադրություն չդարձրեց դրան, նա սիրալիր նայեց ինձ:
-Շնորհակալություն,- շշնջաց նա, մի պահ կանգ առնելով: Լուսնալույսի տակ Մարինեն գունատ էր: Գունատ էր, բայց գեղեցիկ: Նա ինչ-որ բան էր ուզում ասել ինձ, սակայն առջևում, բլրի վրա անսպասելի տեսնելով Ալվարդի հորը՝ մերված մթավուն հորիզոնին, փոխեց մտադրությունը:
-Բարի գիշեր,- արագ ասաց Ալվարդը:- Մարինե, գնացինք:
-Բարի գիշեր ձեզ,- մարող շշուկով արտասանեց Մարինեն՝ մեղսահայացք նայելով ու ասես ափսոսալով նաև, որ բաժանվում ենք: Ինձ այդպես թվաց:
-Բարի գիշեր,- կամացուկ արձագանքեցի ես ու կանգ առա. ես չէի ուզում, որ Ալվարդի հայրը տեսներ ինձ:
Մարինեն մի անգամ էլ նայեց ինձ, և նրանք արագ ու թեթև գնացին բլրի կողմը. այնտեղ, իր տան առջև կանգնած, նրանց էր սպասում Ալվարդի հայրը՝ գյուղական փոստատան վարիչ Ապրեսը, որ գյուղում հայտնի էր ամեն ինչից քիչումիչ իմացությամբ:
Ես կանգնել էի մթան մեջ և հայացքով ուղեկցում էի Մարինեին ու Ալվարդին: Ես մտովի Մարինեին պատմում էի հանկարծակի ծնված իմ խորունկ սիրո մասին, և ասում էի նաև, որ իմ ողջ հոգին նրանով է համակված, և որ այսուհետև մի օր անգամ չեմ կարող ապրել առանց նրա մասին մտածելու: Եվ կինոնկարի երաժշտությունը շարունակ հնչում էր իմ հոգում, և մեկը երգում էր վշտաբեկ.
Կբացվի նոր գարուն, նոր սեր,
Կծաղկեն ծաղիկները ալ,
Չեն բացվի տերևները այն,
Որ անցած աշնանը մեռան:
Այս երգն ու երաժշտությունը հնչում էր դեռ իմ հոգում, երբ մտամոլոր շրջում էի մեր տնամերձ այգում (տուն չէի ուզում մտնել,): Ես ցանկանում էի պառկել կանաչ մարգերի մեջ, սեղմվել գետնին, գրկել խնձորենիների սառը բները, որոնց մետաքսանման կեղևը կենդանի մարմին էր հիշեցնում:
:Այո, ես ուզում եմ այսօր նորից վերհիշել այն հեռավոր ամառը, իմ առաջին հանդիպումը Մարինեին: Ավելի ճիշտ՝ իմ առաջին հանդիպման վերջին օրն եմ ուզում հիշել. այդ օրը Մարինեն գնում էր մեր գյուղից:
Իմ հիշողության հեռավոր մշուշի մեջ ես հիմա էլ տեսնում եմ Մարինեին՝ բարակիրան ու բարձր, լուսաժպիտ, սքանչելի: Այդ հեռու- հեռվում, կապույտ մշուշների ու ծիրանագույն արևի մեջ, հնձած արտերի վրա կախված տատրակներ կան, կապտաթև տատրակները թրթռալով կախվում են օդում, քարանում, հետո հանկարծ սահուն փոխում են տեղները, նորից կախվում, մնում են այդպես քարացած:
Տարիների հեռվում օգոստոս ամիսն է, կեսօրն անց, ոսկեգույն ծղոտներով հնձած արտեր, արտերի միջով ձգվող կածանով ես վազեվազ գնում եմ գյուղից դեպի սարեր տանող ճանապարհը, այնտեղ, ուր ճանապարհը հանկարծակի կեռվում, մտնում է անտառ, ծառերի ստվերում ինձ սպասում է Մարինեն: Մարինեն: Մի՞թե հնարավոր է երբևէ մոռանալ նրան՝ սլացիկ ու խրոխտ, մոռանալ նրա վճիտ աչքերը, երբ նա նայում է քեզ և այդ կապտակապույտ շողարձակող աչքերում այնպիսի¯ դյուրահավատություն է փայլում, որ սիրտդ ակամա սկսում է արագ խփել, և, վերջապես, մոռանալ նրա վարդակարմիր շուրթերը, ձյունանման ատամները, երբ նա, կողքանց նայելով քեզ, գլուխը ետ ծիծաղում է:
Հնձած արտերի միջով ես գնում էի Մարինեի մոտ: Ուշացել էի, շտապ-շտապ գնում էի, և քրտինքը ծորում էր իմ դեմքով, և սիրտս արագ խփում էր, գնում էի վերջին անգամ. այդ օրը Մարինեն գնում էր մեր գյուղից: Ալվարդի հայրն արդեն պայմանավորվել էր վարորդ Բալաբեկի հետ: Գնում էի Մարինեի մոտ, և հազիվ էի զսպում ինձ, որ չլամ, որովհետև այլևս չէի տեսնելու Մարինեին, նրա հետ չէի քայլելու կիսամութ անտառներում, լուսնյակ իրիկուններն իրար մոտ չէինք նստելու ձմեռվանից մնացած կոճղերի վրա և մեր շուրջը՝ ծղրիդների միալար երգը՝ գյուղական խուլ ու համատարած լռության մեջ: Այլևս չէի տեսնելու Մարինեին. շուրջ մի ամիս էր համարյա՝ կեսօրին մոտ աշխատանքը թողնում, Մարինեի մոտ էի գալիս, և կոլտնտեսության վարչության նախագահ Գաբրիել Բալայանն ասում էր, որ ինստիտուտ ընդունվելու համար ինձ երաշխավորագիր չի տալու, իսկ այն ժամանակ իմ աչքին ոչինչ չէր երևում. միայն Մարինեի մոտ գնայի, միասին թափառեինք մեր հանդերում ու անտառներում: Այդ օրը, այո, վերջին անգամ էի գնում Մարինեի մոտ, որովհետև Մարինեն ինչ-որ տեխնիկում էր ընդունվել, ուզում էր շուտ գնալ, իսկ ես, թեկուզ ավարտել էի միջնակարգը, բայց երկու տարի կոլտնտեսությունում պիտի աշխատեի դեռ, աշխատանքային երկու տարվա ստաժ պիտի ձեռք բերեի ու նոր գնայի սովորելու, որովհետև այդ տարիներին առանց արտադրական ստաժի ու երաշխավորագրի ինստիտուտ չէին ընդունում:
Հնձած արտերը վերջացան: Մոտիկ ինչ-որ տեղ անհոգ դայլայլում էին հավքերն, ու տրտում կանչում էր կկուն: Ես արագ անցա գյուղագլխի բլրակը և քիչ անց Մարինեի մոտ էի արդեն:Նա նստած էր հաճարկենու տակ, մի բաձրիկ տեղ և ձեռքերով ծնկները գրկած սպասում էր ինձ:
-Ուշացել եմ, չէ՞,- ասացի ես և ընկա Մարինեի կողքին, կանաչ խոտերին՝ հայացքս վերև, տերևների արանքից կապույտին տվող երկնքին. երկնքով, բա¯րձր, շատ բարձր, երկնքի կապույտին քսվելով, ամպի մալանչներ էին սահում:
-Չես ուշացել, ես էլ նոր եկա,- ժպտալով ասաց Մարինեն:- Նորի՞ց փախար,- Մարինեի ձյունասպիտակ ատամները կուրացուցիչ էին:
-Այո: Վերջին անգամ,- ասացի ես, ինքս էլ չհավատալով, որ իրոք վերջին անգամն է դա, և Մարինեն այսօր երեկոյան գնում է մեր գյուղից:
Մարինեն ժպտաց, քիչ հետո ելավ տեղից, ասաց.
— Գնացինք:
-Ո՞ւր,- շրջվելով նրա կողմը, հարցրի ես, հետո ասացի:- Գնանք կորչենք անտառներում, սարերում, մեր հանդ ու ձորերում,- իմ ձայնը անսպասելի դողաց: -Միայն թե մի գնա այստեղից:
Մարինեն ակնդետ երկար նայում էր ինձ. ինչպես այն ժամանակ, երբ առաջին անգամ կինոյից տուն էի ճանապարհում նրան ու Ալվարդին: Ոչինչ չէր ասում, չէր ժպտում, նայում էր, իսկ հետո ասաց.
-Գնանք: Ուզում եմ հրաժեշտ տալ այն բոլոր տեղերին, ուր եղել ենք՝ անտառներին, դաշտերին, լեռներին: Ով գիտե, երբևէ նորից կլինե՞մ այստեղ::- Նա քիչ լռեց, ասաց.- Ինչ-որ թախիծ է պատում հոգուդ, երբ բաժանվում ես մի տեսակ արդեն հարազատ դարձած վայրերից և մտածում, որ այլևս երբեք չես վերադառնալու այնտեղ:
Մենք դուրս եկանք ծառերի թանձր ստվերից, գնացինք սարեր տանող ճանապարհով:
Մարինեն ակումբի հրակարմիր նույն զգեստով էր, զգեստի երկու կոճակն արձակված էր և ամեն անգամ, երբ նա խոնարհվում էր՝ ճամփեզրից ծաղիկ քաղելու, կամ հետո Ջհանգիրի խմհատում, երբ բարձրացնում էր ձեռքը՝ մոշ պոկելու, ես ակամա տեսնում էի գետնամորու մեծության պտուկներով նրա ցորնաթուխ լեցուն կրծքերն ու արմունկի տակից՝ թևատակի մութ աղվամազը, և դա մոգական ուժով ազդում էր ինձ վրա, գլուխս ասես պտտվում էր, սիրտս՝ տրոփում, ներսս լցվում էր ինչ-որ անծանոթ, անըմբռնելի ու քաղցր ջերմությամբ:
Արար աշխարհ գիտեր, որ ես վերջին անգամ էի Մարինեի հետ այդքան մոտ քայլում, շնչում նրա աղջկական խելացնոր բույրը. ծառերը հանդարտ ու տխուր օրորում էին գլուխները, տերևները մանրիկ դողում էին, սվսվում էին, դեղձանիկները թախծածոր երգում էին, հետո լռում, ականջ էին դնում ու նորից երգում էին: Արար աշխարհ գիտեր, որ ես սիրում եմ Մարինեին և միայն ինքը՝ Մարինեն էր, որ չգիտեր այդ մասին, որովհետև ես նրան ոչինչ չէի ասել, նրա հետ թափառել էինք մենք ձորերում, ճիշտ է, միասին հանդերն էինք գնացել, ես նրան ցույց էի տվել մեր գյուղի գեղեցիկ վայրերը, Սառնատան բարձունքից նայել էինք ձյունագագաթ Մռավա սարին, լուսնյակ երեկոներին Մարինեի հետ նստել էինք ձորամերձ խնձորենու այգու խորքում, հազար ու մի բան էինք խոսել, բայց Մարինեն չգիտեր, որ այն օրվանից, ինչ տեսա նրան ակումբի դռանը, իսկ այնուհետև կինոյից հետո նրան ուղեկցեցի մինչև Ալվարդենց տուն, ահա այդ օրվանից անքուն գիշերներ եմ անցկացրել, շարունակ նրա մասին եմ մտածել, նրա անունն եմ տվել, նրան երազել: «Հաճախ երազում ինձ մոտ ես գալիս,- կողքանց նայելով նրան, մտովի ասում էի ես,- դարձած մի չքնաղ, լուսե անրջանք, քանզի ամեն օր, քնելուց առաջ, միտքս գծում է քո պատկերը թանկ:»,- և, ինքս էլ չգիտեմ, թե ինչպես, հանկարծ անսպասելի ասացի.
-Դու կհիշե՞ս ինձ, Մարինե: Այնտեղ, Սումգայիթում:
Մարինեն թախծանուշ ժպիտով նայում էր, հետո ասաց.
-Իսկ դու կհիշե՞ս: Չե՞ս մոռանա ինձ:
-Երբեք չեմ մոռանա, հավիտյան կհիշեմ,- արագ ասացի ես:- Կհիշեմ, կքայլեմ այն տեղերով, ուր միասին եղել ենք, ու կհիշեմ քեզ:
-Ես էլ կհիշեմ,- ուշացումով ասաց Մարինեն ու լռեց:
Առջևում երևում էր Ղըրմա աղբյուրը: Ջրի ձայնը լսվում էր արդեն:
-Ես էլ կհիշեմ,- նորից խոսեց Մարինեն:- Ընկերուհիներիս կպատմեմ քո մասին: Նրանք չեն հավատա, որ այստեղ, այս հեռու լեռներում, ինչ-որ մեկի հետ մտերիմ եմ եղել: Անտառների մեջ, սարերում: Չեն հավատա:
-Ինչո՞ւ,- հարցրի ես:-Ինչո՞ւ չեն հավատա:
-Չգիտեմ,- ուսերը թոթվեց Մարինեն:- Որովհետև: ես ոչ մի տղայի հետ ընկերություն չեմ անում,- կապտացոլք աչքերով ու վառ շուրթերով խորամանկորեն ժպտալով ավելացրեց Մարինեն:
-Ո՞չ մի,- ասացի ես և անչափ ուրախ էի դրա համար:
-Ինչ է, հարցաքննո՞ւմ ես,- աչքերը մանրացնելով ու նորից իր վառ շուրթերով ժպտալով ասաց Մարինեն:
-Ասենք թե,- ժպտացի ես:
-Չեմ ասի,- մազերը ճակատից ետ տանելով ասաց Մարինեն:- Ամեն ինչ չէ, որ կարելի է պատմել: Ավելի ճիշտ՝ ամեն ինչ չէ, որ հնարավոր է պատմել:
Հասել էինք Ղըրմա աղբյուրին, նստեցինք մամռապատ քարերին: Մարինեն երկար նայում էր գուռից նով թափվող ջրերին, ջրերի վրա ճախրող գույնզգույն թիթեռներին, հետո ցածրաձայն ու թախծոտ ասաց.
-Մնաս բարով, հարազատ աղբյուր: Քո մոտով ինչքա¯ն մարդ է եկել ու անցել:Նրանց մեջ դու կհիշե՞ս ինձ:- Նա լռեց մի քիչ, հետո նույն թախծոտ ձայնով ասաց.- Կա թիթեռնիկի մի տեսակ, որ մի օր է ապրում: Ոսկե թևիկներով մի թիթեռնիկ ապրեց մի ամբողջ օր, և այդ օրն ամպոտ էր, շարունակ անձրև էր տեղում: Արև չկար, չկար դեղձանիկի երգը: Անցավ օրը, և ոսկե թևիկներով թիթեռնիկը ոչինչ չտեսավ ու չիմացավ, որ օրերը լինում են նաև արևոտ, աշխարհը լցված է լինում ցնծուն ձայներով: Իր կարճատև կյանքն այդպես ապրեց ոսկե թևիկներով փոքրիկ թիթեռնիկը:- Մարինեն նայեց ինձ, ժպտաց: Եվ նրա ժպիտը նույնպես թախծոտ էր:
Հետո մենք դարձյալ քայլում էինք սարեր տանող ճանապարհով: Ճանապարհը երբեմն դուրս էր գալիս բացատները ու նորից անտառ էր մտնում: Բացատներից մենք ետ էինք նայում. հեռվում, անտառներից այն կողմ, դաշտերում ասես թախծում էին մենավոր դեզերը, երևում էր գյուղը: Իսկ մենք գնում էինք Ջհանգիրի խմհատը. ամենալավ մոշը այնտեղ է լինում, գնում էինք վերջին անգամ մոշ ուտելու և այնտեղից նայելու հեռվում, ամառային մղեղի մեջ կորած մեր Հնձախութ գյուղին:
Մարինեն իմ հետևից էր գալիս, ես շրջվեցի նրա կողմը, կանգ առա.
-Չե՞ս հոգնել,- ասացի ես:
-Հոգնել եմ,- սեթևեթանքով ասաց Մարինեն՝ ուռցնելով գեղեցիկ շուրթերը:- Դեռ շա՞տ կա:
-Մի ձորակ է մնացել: Դա էլ անցնենք, հասնում ենք,- պատասխանեցի ես:- Ուզո՞ւմ ես հետ դառնանք:
-Չէ, չեմ ուզում, տուր ձեռքդ:
Մարինեի ձեռքը բռնած գնում էինք զովասուն անտառի միջով:
-Եկող տարի որ գաս, հազիվ թե հոգնես,- ասացի ես:- Այս տարի առաջին անգամ է, անսովոր ես, դրա համար ես հոգնում:
-Եկող տարի չեմ գա,- անտառային խոր լռության մեջ զրնգուն ձայնով ասաց Մարինեն:- Ի՞նչ կա այստեղ:
-Քեզ դո՞ւր չի գալիս մեր գյուղը,- մի թեթև վիրավորված ասացի ես:
-Չգիտեմ:- Մարինեն լուռ էր, հետո, երբ կրկին մտնում էինք անտառ, ասաց.- Դուր է գալիս: Սկզբում դուր չէր գալիս, հետո սկսեց դուր գալ: Քեզ հանդիպելուց հետո:
Վերջին բառերը նա ընդգծված ասաց: Շեշտակիորեն նայեցի աչքերին. աչքերը խորամանակ ժպտում էին: Մատներս, անկախ ինձնից, սեղմեցին Մարինեի նուրբ, թափանցիկության աստիճան ճերմակ ձեռքը:
-Իսկ Ապրեսը ձեր ի՞նչն է,- քիչ անց հարցրի ես:
-Ապրեսն ո՞վ է:
-Ապրեսին չգիտե՞ս,- ժպտացի ես:- Փոստի Ապրեսին ամբողջ մարզն է ճանաչում: Ալվարդի հայրը: Սուտասանների մրցույթ է եղել շրջկենտրոնում, առաջին տեղն է բռնել:
-Ա¯:- գլխի ընկավ Մարինեն, ինքն էլ ժպտաց,- թռչունների գեղգեղանքից ու անտառի խոնավ բուրմունքից խելքս կորցրել եմ:- Նրա տղան մեզ մոտ, Սումգայիթում է ապրում:
-Իմ քույրն էլ այնտեղ է ապրում: Կաուչիկի գործարանում է աշխատում:
-Իրո՞ք::- Մարինեն կողքանց նայեց ինձ, շարունակեց.- Մենք ինչ- որ հեռու բարեկամ ենք: Բացի այդ, նրա տղան հիվանդանոց էր ընկել, վիրահատել էին: Մայրս հիվանդանոցում է, չէ՞, աշխատում, բուժքույր է, նրան շատ է օգնել: Երբ ապաքինվեց, մեր տուն հաճախակի էր գալիս-գնում : Հայրը, քեռի Ապրեսն այսինքն, եկել էր Սումգայիթ, գյուղ գալիս, մայրս ինձ էլ հետն ուղարկեց: Քեռի Ապրեսն ինքն առաջարկեց, ես էլ, իհարկե, դեմ չէի: Չէ-որ առիթ էր պետք՝ քեզ տեսնելու համար:
Նա ծաղրում էր իհարկե:
-Իսկ հա՞յր,- զգույշ հարցրի ես:- Հայր չունե՞ս :
-Ոչ,- քիչ լռելուց հետո մտախոհ ասաց Մարինեն, հետո ավեացրեց.- Բաժանվել է մեզնից: Ուրիշ քաղաքում է ապրում: Միջին Ասիայում: Ամուսնացել է, նոր կնոջից մի աղջիկ ունի::- Նորից քիչ լռեց, հետո ասաց.- Ես եմ, մայրս, եղբայրս: Եղբայրս այս տարի առաջին դասարան է գնալու:
Լուռ քայլում էինք: Ճանապարհը ծկլթոցով կտրում-անցնում էին նախշուն չարդերը:
-Բայց այլևս չեմ գա այստեղ,- հանկարծ ասաց Մարինեն:
-Ախր ինչո՞ւ,- արագ հարցրի ես,- չէ՞ որ ասում ես, թե դուր է գալիս մեր գյուղը:
-Միևնույն է: չեմ գա,- գլուխն օրորեց Մարինեն:- Նախ, որ մոտիկ ոչ ոք չունեմ այստեղ: Հետո էլ, այդ Ապրեսը զզվացնում է արդեն՝ սրա հետ մի խոսիր, նրա հետ մի խոսիր, ես քեզ համար պատասխանատու եմ, էսպես մի հագվիր, էնպես մի հագվիր, և այլն: Նրա կինը քեզ չի հավանում,- ժպտալով ավելացրեց Մարինեն:
-Ի՞նձ,- զարմացա ես:- Ինչո՞ւ:
-Ասում է նրա մեջ ի՞նչ ես գտել:
-Իսկ դո՞ւ:
-Իսկ ես ծիծաղում եմ: Գյուղում բոլորը, ասում է, քո մասին են խոսում, նրա հետ ինչո՞ւ ես անտառները գնում::- Մարինեն ժպտուն, մշուշոտ աչքերով նայեց ինձ:
Ես Մարինեին չասացի, որ հայրս նույնպես հանդիմանել է ինձ, չասացի, որ նա առավոտյան կռվել է ինձ հետ: Իսկ նա, իրոք, կռվել էր. «Ի՞նչ ես էն աղջկա հետևից ընկել,- առավոտյան ասաց հայրս,- քո ընկերներն օրական երկու աշխօր են անում, իսկ դու աննպատակ թրև ես գալիս ծմակներում»: Այդ մասին էի մտածում, բայց ուրիշ բան ասացի Մարինեին:
-Եկող տարի մեզ մոտ արի, — ասացի ես նրան:- Մեր տանը կմնաս:
Մարինեն շեղակի նայեց, օրորեց գլուխը.
-Չեմ գա,- ասաց նա գլխի թեթև շարժումով: Իսկ հետո ավելացրեց.- Հայրդ սայլապա՞ն է:
-Այո,- ասացի ես, ակամա կարմրելով:- Իսկ ի՞նչ է:
-Ոչինչ, հենց այնպես ասացի: Ես այսօր տեսա նրան:
Ես վայրկյանապես հիշեցի հորս մազակալած դեմքը, ռեզինե փոկահան տրեխները, մինչև ճտքերը իջնող վանդակավոր հնամաշ վերնաշապիկը հիշեցի և տաբատը՝ վրան հազար կարկատան, վայրկյանապես հիշեցի և քրտնելով ու կարմրելով հարցրի.
-Որտե՞ղ:
-Մինչ քո գալը: Ծառերի տակ նստած էի, խոտ բեռնած սայլով եկավ անցավ: Չտեսավ ինձ:
Հետո լուռ էինք: Ես դարձյալ գնում էի առջևից, ճանապարհը հալվել, մի կածան էր միայն, և մեր շուրջը նորից դեղձանիկների դայլայլ էր, կուկուն տրտում ու սրտաբեկ կանչում էր անտառի խորքում, քիչ լռում ու նորից սկսում էր կանչել, անտառը վերջացավ, դուրս եկանք Ջհանգիրի խմհատը: Անցած շաբաթ էինք եղել այնտեղ, և հիմա մոշն ավելի էր սևացել ու լիքն էր: Երկարուկ ու քաղցր մոշ այստեղ է միայն լինում, մոշ կերանք, նստեցինք կանաչ խոտերին, անսահման հաճելի էր հեռվից երկար նայել մեր Հնձախութին՝ կորած կաթնամշուշ մղեղի մեջ, հետո նորից մոշ կերանք, աղբրի սառնասառն ջրով, որից քիչ էր մնում սառչեին մատներս, ես մաքրեցի Մարինեի՝ սև մոշից կապտած ձեռքերը, և Մարինեն շարունակ ծիծաղում էր, որովհետև ջուրը շատ էր սառը, իսկ ես նրա ձեռքը բաց չէի թողնում, և իմ ձեռքը դողում էր, երբ ջրի մեջ թաթախում էի մատներս ու քսում Մարինեի շուրթերին, և Մարինեի շունչը տաք էր, նա շրթունքները փակ ծիծաղում էր, իբր փորձ էր անում փախչել ու նորից հնազանդ կանգնում էր, և ես ուզում էի, որ այդ պահը երկարեր, և սիրտս նվաղում, նվաղում էր: Հետո Մարինեն ծիծաղելով փախավ, և նրա շքեղ մազերը շաղ եկան ուսերին, արևն արդեն հասել էր թավախիտ անտառներով պատած Կղնախաչ սարին, մտել սարի վրա նստած ամպերի մեջ:
-Արևն արդեն մայր է մտնում,- քիչ հեռվից ասաց Մարինեն,- տուն գնանք:
-Արևը մեզ է սպասում,- ասացի ես:- Մեր գյուղի արևը խելացի արև է:
Ետադարձի ճանապարհը ձորերի միջով էր, Բարակ ջրի կողքով, ես վայրի ծաղիկներ էի փնջել, ամրացրել Մարինեի մազերի մեջ և աղջկական զմայլելի բուրմունքի հետ ծաղկունքի բույր էր գալիս նրանից, և հանկարծ անտառը մթնեց, ծառերի կատարները քամուց սկսեցին ուժեղ օրորվել: Դեղձանիկներն այլևս չէին երգում, իրար ետևից թրատելով օդը, անտառների վրա պայթում էին կայծակները: Անձրև էր գալու: Գյուղը հեռու էր դեռ, բայց պետք էր անցնել գետը, որովհետև ես ետ նայեցի և տեսա, որ Կղնախաչ բարձր սարի վրա երկինքը սևակնել է. այնտեղ արդեն անձրև էր: Անձրևը սարերի ու ձորերի վրայով դեպի գյուղ էր գալիս: «Շուտով կվարարի գետը»,- մտածեցի ես: Ես ու Մարինեն իրար ձեռք բռնած վազեցինք օրորվող ու մթնած անտառի միջով և հենց նոր էինք անցել գետը, հորդ անձրևը բռնեց մեզ: Մտանք պատահած մի ծառի տակ. այստեղ ապահով էր, ես վերև նայեցի ու Մարինեի ձեռքը բռնած դուրս վազեցի ծառի տակից, որովհետև դա մի բարձրաբերձ կաղնի ծառ էր, իսկ մեզ մոտ, դա բոլորին է հայտնի, կայծակը հենց կաղնի ծառերին է խփում: Մարինեի հետ վազեցինք գյուղ իջնող նեղ ճանապարհով, թրջվելով վազեցինք, ես հայացքով հաճարկենի կամ բոխի ծառ էի որոնում, գտա վերջապես: Բայց թրջվել էինք արդեն, ես ուզում էի հանել վերնաշապիկս, գցել Մարինեի ուսերին, սակայն Մարինեն չթողեց. «Չեմ մրսում»,- ասաց նա: Բայց նա մրսում էր, կպել էր ծառի բնին, ես ձախ ձեռքով գրկել էի Մարինեին, նա սեղմվել էր ինձ, ջրվեժի պես ցած իջնող փարթամ մազերը քսվում էին դեմքիս, մազերը անուշ բույր էին արձակում, իսկ նրա թրջված մարմինը փխրուն ու տաք էր, ես ուզում էի նրան ասել իմ սիրո մասին, ուզում էի ասել, որ ինչ էլ լինի՝ ես նրան սիրելու եմ միշտ, բայց չէի համարձակվում, շուրթերս զգույշ ու քնքշորեն քսվում էին նրա մազերին, իսկ անձրևը նորից խշշում էր, կածանով անձրևաջուրը տերևներ էր քշում, կայծակը դղրդում էր՝ մի կարճ ակնթարթ լուսավորելով մթամած անտառը, Մարինենի թրջված մարմինը տաքություն էր բուրում, և գետը ոռնում էր խոր ձորում:
-Իսկ եթե հանկարծ մնա՞նք այստեղ,- վախվորած ասաց Մարինեն:
-Չենք մնա,- ժպտացի ես,- հորդ անձրևը շուտ է դադարում, հիմա կկտրի:
Հետո ես վերցրի Մարինեի ձեռքը, ասացի՝ արի գուշակեմ: «Գուշակիր»,- ասաց Մարինեն: Ես բացեցի Մարինեի ափը, երկար նայում էի, իբր մտածում էի, իբր դժվար էր գուշակելը: «Երջանիկ կյանք է առջևում. այսպես է ցույց տալիս: Ամուսինդ սիրելու է քեզ,- ասացի,- ամուսինդ անչափ սիրելու է քեզ, շարունակ սիրելու է,- աչքերս փակ մրմնջում էի ես,- գիշեր-ցերեկ սիրելու է ու շատ-շատ խանդելու է, որովհետև այնտեղ, ուր կա մեծ սեր, կա նաև մեծ խանդ, խելացնոր սիրելու է:»: «Միայն մի հոգո՞ւ եմ սիրելու»,- նայելով ինձ և խորամանկ ժպիտն աչքերում հարցրեց Մարինեն: «Ինչպե՞ս»- չհասկացա ես: «Միայն մեկի՞ն,- նույն խորամանկ ժպիտը կրակացայտ աչքերում, ասաց Մարինեն.- Միայն մեկի՞ն եմ սիրելու և ուրիշ ոչ ոքի՞»: «Իհարկե,- վերջապես գլխի ընկնելով ասացի ես,- միայն մեկին, և:»: «Իսկ ի՞նձ,- ընդհատեց Մարինեն,- ի՞նձ քանի հոգի են են սիրելու»: «Մի հոգի միայն,- ոչ հաստատ համոզմամբ ասացի ես, նայելով Մարինեի ճերմակ ձեռքին,- ահա, նայիր»: «Ճիշտ չես գուշակում,- Մարինեն խճողեց մազերս, դուրս փախավ ծառի տակից, կանգնեց մարդկանց ու անասունների ոտնահետքերից տոփանված կածանի մեջ, բոխու՝ թաթի պես մեկնված ճղան տակ,- ճիշտ չես ասում,- կրկնեց նա, — երկուսին ես արդեն գիտեմ:»: «Ինչպե՞ս»,- սրտատրոփ վախով արտաբերեցի ես: «Չեմ ասի»- ծիծաղելով ասաց Մարինեն, հետո տեսավ, թե ինչպես հանկարծ ընկավ իմ տրամադրությունը, եկավ, կանգնեց ինձ մոտ: Ոչինչ չէր ասում, չէր ժպտում նույնիսկ: Սուս նայում էր, հետո ասաց.
-Մի նեղացիր:
Մարինեն նստեց ոտքերիս մոտ, զմրուխտե մամռոտ քարին, ողորկ ծնկները գրկած մի քանի րոպե նստեց և առանց ինձ նայելու, կամացուկ ասաց.
-Կա մեկը: Ստեփան է անունը: Այս տարի է ավարտել ինստիտուտը: Մինչև նոր բնակարան ստանալը՝ մեր բակում էին ապրում: Եվ ես չգիտեմ նույնիսկ՝ ավելի շատ ատում եմ նրան, թե սիրում:Դու մի նեղացիր:
-Չեմ նեղանում,- հենց այնպես ասացի ես, ուժով զսպելով հուզմունքս:- Ինչո՞ւ պիտի նեղանամ:
Հետո անձրևը կտրեց, արևի վերջին շողերից թաց տերևները փայլկտում էին, ձորերից ծխի պես ամպաքուլաներ էին ելնում, իսկ երկինքն այնպես պայծառ էր: Գյուղագլխին, այնտեղ, ուր անտառը վերջանում էր, ավելի ճիշտ մի երկու քայլից հետո պիտի վերջանար, Մարինեն թեքվեց ճանապարհից, քայլեց անձրևի կաթիլներով ցողված արահետով: Լուռ գնացի նրա ետևից: Քիչ անց, նա ետ շրջվեց դեպի ինձ. նրա դեմքը վառվում էր: Չորս բոլորքը լռություն էր, ծառերից այն կողմ՝ կապտաժեռ հեռավոր երկինքն էր երևում, ու մեր գյուղը՝ շուրջը դյութական հանդ ու սարեր, որ բարձրանում, հասնում էին մինչև երկինք:
-Երջանկությունը վաղվա օր չունի,- ասաց Մարինեն,- այն երեկվա օր նույնպես չունի, այն ամենևին չի ուզում հիշել անցյալը, չի մտածում վաղվա մասին, այն ունի միայն ներկան, այն էլ ոչ թե օր, այլ ժամ, ակնաթարթ: Արի հրաժեշտ տանք իրար,- փոխված ձայնով ու շիկնահար ավելացրեց Մարինեն, մատներով ետ տանելով մազերը:
Ես նայում էի նրա խոշոր ու գեղեցիկ աչքերի մեջ, որոնք լույս էին արձակում, նրա շուրթերին, որ կրակի շեղջի պես հուրհրատում էին ասես, հայացքս չէի կարողանում կտրել նրանից:
-Ի՞նչ ես այդպես անջատված նայում,- նորից խոսեց Մարինեն, մատները հանգիստ ու քնքշորեն քսելով դեմքիս:- Դու սիրում ես ինձ: Ես դա տեսնում եմ: Ես նույնպես քեզ չեմ մոռանա, որովհետև: Դու անաղարտ հոգի ունես: Ես չգիտեմ նույնիսկ, թե այդպիսի սրտով դու ինչպես ես ապրելու այս աշխարհում:
Ես դեռ նայում էի նրա կապտացոլ աչքերին, շառագույն զեղուն շուրթերին, կրծքերին, որ քնած աղունիկներ էին թվում այդ պահին, հայացքս, այո, ոչ մի կերպ չէի կարողանում կտրել նրանից, մեր շուրջը մթնող անտառն էր և խշշուն լռությունը, Մարինեն շաղված նայվածքով մի պահ զննեց ինձ, սովոր շարժումով ետ նետեց մազերը, որոնք կրկին շաղ եկան ուսերին, խուլ ու տաք ծիծաղեց, ասաց.
-Աղջկան գիտե՞ս, թե ինչպես պետք է սիրել:
Ես զմայլված նայում էի նրան, առանց որևէ բառ արտասանելու:
-Դու չգիտե՞ս, թե աղջկան ինչպես պետք է սիրել, — կրկին հարցրեց նա, միանգամայն ու անսպասելի՝ դանդաղորեն արձակելով վանդականախշ վերնաշապիկիս կոճակները:- Աղջկան այնպես պետք է սիրել, որ նրա մտքովն անգամ չանցնի, թե ինչ-որ մեկը կարող է ավելի ուժգին սիրել:
Աջ ձեռքի երկարուկ մատները սահեցնելով իմ կրծքի վրայով, որից քիչ մնաց կտրվեր շունչս, Մարինեն նույն շիկնահար տեսքով ժպտաց ինչ-որ քմահաճ ժպիտով և ընդոստ մի շարժումով փաթաթվեց ինձ՝ պրկված ցցուն ստինքերով սեղմվելով կրծքիս: Ես այդ հոգեցունց քաղցր մերձեցումից գլխապտույտ զգացի, հուզմունքից ասես կանգ առավ շնչառությունս, գրգռանքի, արյան խելառ եռքի ու երանության մեջ անկանոն թպրտում էր սիրտս՝ պատրաստ թռչելու իմ կրծքավանդակից: «Եթե ինձ հիշես երբևէ,- քնքշանվաղուն ձայնով շշնջաց Մարինեն,- այս պահը նույնպես հիշիր»: Հետո ծնկներս զգացին Մարինեի ծնկները, ձեռքերս՝ նրա դյուրաբեկ բարակ մեջքը, իսկ շուրթերս: իմ շուրթերը կսկծացին Մարինեի շուրթերի հուզագրգիռ հպումից: Նրա ձեռքերը վերնաշապիկիս տակից մեղմորեն գրկել էին ինձ, նրբենի մատներն անընդհատ շոյում էին ուսերս: Թվում էր ևս մի պահ, ու ես կկորցնեմ ինձ, ուժ չեմ ունենա դիմանալ զկացմունքներիս հորձանքին: Հետո Մարինեի շուրթերը դանդաղ ետ գնացին, ոնց որ երազում՝ նրա ընդհատուն թառաչանքի ու տաքուկ շնչառության հետ համաժամանակ՝ ես զգացի նրա կոշտավուն լեզվի կրքոտ ջերմությունը:
Խելացնոր այդ համբույրը երկար տևեց, հետո Մարինեն միանգամից հետ քաշվեց, կիսաշրջվեց ինձնից՝ դողացող մատներով կոճկելով բլուզը:
-Մարինե,- հանգչող շշուկով արտաբերեցի ես:
-Ոչինչ մի ասա,- գլուխն օրորեց Մարինեն:- Դու այդ էիր ուզում:- Կողքանց նայելով ինձ, նա այլայլված ժպտաց, ասաց.- Իսկ գուցե ո՞չ միայն այդ:
Անտառի վրայով սրընթաց անցավ քամին, անտառը խշշաց, տարուբերվեց, ինչ-որ տեղ մի չոր ճյուղ ընկավ ծառից:
-Մարինե:
-Խնդրում եմ,- Մարինեն ծաղկաբույր մատները դրեց իմ շուրթերին:- Խնդրում եմ, ոչինչ այլևս պետք չէ ասել: Իսկ հիմա գնանք:
Տեղի ունեցածից շփոթահար՝ ես բոլորովին կորցրել էի ինձ, ոտքերս ինձ չէին ենթարկվում ասես:
Ոչ այնքան հեռու ինչ- որ տեղ երգի անցած՝ ախորժալուր ու քաղցրաձայն գեղգեղում էր դեղձանիկը, ծիածանը հալվում էր հեռու բացատների վրա, իսկ արևն արդեն մայր էր մտնում: Բախչուտի աղբյուրին փոքրիկ աղջիկներ կային՝ գլխներին ծաղկապսակներ, նրանք իրար վրա ջուր էին ցայտում, բարձր ծիծաղում, մեզ տեսնելուն պես՝ լռեցին. կամաց ինչ-որ բան էին ասում ու նայում մեր կողմը:
-Մեր մասին էին խոսում,- երբ աղբյուրն անցել էինք, ասաց Մարինեն:
-Թող խոսեն ,- անհոգ ասացի ես:
Մարինեն շեղակի նայեց ինձ, ժպտաց՝ երկարատև համբույրից թեթևակի ուռած իր շուրթերով:
-Միևնույն է, ես գնում եմ,- ասաց նա:- Դու վախեցիր. այսուհետև ոչ մի աղջիկ չի ուզենա հանդիպել քեզ հետ:
-Ինձ ոչ ոք պետք չէ,- ասացի ես սրտի նվաղումով, կրկին հիշելով ու վերապրալով այն ամենը, ինչ տեղի ունեցավ այնտեղ, ճամփեզրի կիսամութ անտառակում:
Բեռնատար մեքենայով էր գնում Մարինեն: Բեռնատարով՝ մինչև Ստեփանակերտ, իսկ այնտեղից՝ ավտոբուսով ուղիղ Սումգայիթ: Մեքենան կիսով չափ փայտով բեռնված էր, փայտի վրա ծղոտ էր փռված, ծղոտի վրա նստել էին Մարինեն ու մեր դպրոցի ուսմասվարը. ուսմասվարի կինը վատառողջ էր, ուսմասվարը նրան տանում էր մարզկենտրոնի հիվանդանոց: Գյուղում նրա մասին ասում էին, որ, իբր, օր չկա, որ չծեծի կնոջը: Մարինեն բարձրից, թափքի վրայից նայում էր ինձ ու մտերմիկ ժպտում էր:
-Գնո՞ւմ ես,- կամացուկ, տխրալիր ասացի ես:
-Այո,- կամացուկ, սիրալիր ասաց Մարինեն:- Գնում եմ:
Մութն ընկել էր արդեն, մթան մեջ թախծոտ փայլում էին Մարինեի աչքերը:
-Դու անտրամադի՞ր ես, Մարինե,- քիչ լռելուց հետո ասացի ես:- Տխո՞ւր ես, որ գնում ես մեր գյուղից:
-Եվ այո, և ոչ,- նա քիչ լռեց, ասաց.- Դու չես նեղանում, չէ՞, իմ խոսքերից:
-Չեմ նեղանում,- ընկճված ձայնով ասացի ես: Ես նայում էի Մարինեին ու ոչինչ չէի գտնում ասելու: Երկար նայում էի և միայն կարողացա ասել.
-Ինչո՞ւ պիտի նեղանամ:
Բոլորը մեքենայի աջ կողմում էին կանգնած, ինչ-որ բան էին ասում ուսմասվարին ու նրա կնոջը, որ նստած էր բեռնատարի խցիկում: Ալվարդը, բեռնատարի մոտ կանգնած, մեկ ինձ էր նայում, մեկ Մարինեին: Եվ, չգիտես ինչու, չէր համարձակվում որևէ բան ասել: Հորից էր քաշվում երևի: «Մորդ իմ կողմից բարև կանես,- ասում էր սուտասան Ապրեսը:- Կասես, որ լավ ենք պահել քեզ: Ասա՝ Ապրես դային ասում է աշխարհիս տակին միակ բանը, որ չեմ սիրում՝ սուտ խոսելն է, ասա Ապրես դային հրավիրել է, ես խոսքը ճակատին ասող մարդ եմ, մի բանը որ ասացի, ուրեմս վերջ, ասածս՝ ասած է: Եկող տարի թող գա, դու էլ արի, թե ուզում ես»: Մարինեն անուշադիր գլխով էր անում: Ես մեքենայի ձախ կողմում էի կանգնել, հենվել էի ձախ թափքակողին ու նայում էի Մարինեին: Բալաբեկի համար գրասենյակում ուղեգիր էին գրում, նա դուրս եկավ այնտեղից, ռուսերեն ասաց՝ պոեխալի, աչքով արեց ինձ՝ «Դու է՞լ ես գալիս» և, ոտքով խփելով մեքենայի անվադողին, մտավ խցիկ:
-Ես էլ եմ գալիս,- հակարծահաս մտքից ոգեշունչ՝ ասացի Մարինեին:- Կուզե՞ս քեզ ճանապարհեմ:
-Ոչ, ոչ, պետք չէ,- Մարինեն ձեռքը դրել էր ձեռքիս վրա: Նրա ձեռքը տաք էր:- Մի գա, խնդրում եմ:
Բայց ուզում էր, որ մինչև մարզկենտրոն գնայի իր հետ, ես դա զգացի, մեքենան արդեն շարժվում էր, ոտքս դրեցի անվադողին և հենց ընթացքի ժամանակ ցատկեցի թափք, նստեցի Մարինեի կողքին, թևս նրա տաք թևին կպած:
-Գալիս եմ,- դողացող ձայնով ասացի ես:- Մինչև Ստեփանակերտ:
-Շնորհակալություն,- հպվելով ինձ, ռուսերեն շշնջաց Մարինեն, և նա այնքան մոտ շշնջաց, որ շնչառությունից մի տաք ու խելառ հոսանք վազեց իմ մարմնով: Ուսմասվարը նոր միայն նկատեց, որ ես էլ եմ թափքում:
-Դո՞ւ էլ ես գալիս,- ուսի վրայով անտարբեր նետեց նա:
-Այո,- պատասխանեցի ես:- Քեռուս տուն եմ գնում,- հորինեցի ես:
Լուսնյակ գիշեր էր, պարզկա, մաքուր գիշեր էր, աստղալից ու կապույտ երկնքում հանգիստ լողում էր լուսինը, իսկ երբ մտնում էինք անտառ, լուսինը չէր երևում, անտառների միջով ընկած մութ ճանապարհով էինք գնում, մեքենայի լույսերը սահում էին ծառերի ու բլուրների վրայով, ասես որոնում, գտնում էին ճանապարհը, ուսմասվարը շուտ-շուտ թեքվում էր դեպի խցիկը, ասում. «Սրբուհի, ոնց ես զգում քեզ»: Երևի ինքն էր ծեծել , վախենում էր մի բան լինի, իրեն մեղադրեն: Ճանապարհի վրա, լույսերի մեջ նապաստակներ էին երևում, լույսերի մեջ շշկլված նապաստակներն այս ու այն կողմ էին ցատկոտում ու կորչում ճանապարհի տակ, մթան մեջ: Հեքիաթային երեկո էր, անցանք Թխկոտ ու Կիչան փոքրիկ գյուղերը, աստղերը ցոլցլում էին երկնքի մանուշակագույն խորքում, լուսինն իր հավիտենական ճանապարհի տուտը բռնած` վերևով, լեռների ու ձորերի վրայով գալիս էր մեզ հետ: Բեռնատարը սլանում էր առաջ և երբեմն առ երբեմն խոր ձորերում ու սևամութ կիրճերում արձագանքվում էին նրա բեկբեկուն ազդանշանները: Խաչենն անցնելիս ես նայեցի ներքև՝ գետի ջրերը փայլփլում էին լուսնի տակ, թաց գետաքարերը պսպղում էին, և այստեղ, Խաչենի ձորում, օդը սառն էր, մրսեցնող:
-Չե՞ս մրսում,- ցածր, շատ ցածր ասացի Մարինեին, և Մարինեն իմ հարազատն էր աշխարհում, արար աշխարհում՝ իմ ամենամտերիմը, որից բաժանվում էի այսօր:
-Ոչ,- կրկին հպվելով ինձ շշնջած Մարինեն:- Իսկ դո՞ւ:
Ես նայեցի նրան: Լիներ, այնպես լիներ, թափքում մենակ լինեինք, հրաժեշտի խոսքեր ասեի նրան, համբուրեի նրա տաք շուրթերը: Բայց հնարավոր չէր դա:
Իսկ մինչև մարզկենտրոն կես ժամվա ճանապարհ էր մնացել, հեռվում, գիշերային մշուշի մեջ երևում էին Առաջաձորն ու Հայադ գյուղերը, իսկ մեր գյուղը չէր երևում, մեր գյուղը մնացել էր անտառներից ու սարերից այն կողմ, ես քնքշորեն շոյում էի Մարինեի ձեռքը, երբեմն նրա մազերը քսվում էին շուրթերիս, և նրա մազերից չքնաղ բուրմունք էր գալիս, ես մտքում հայհոյում էի մեր ուսմասվարին, որ երկար ականջները սրած լսում էր մեզ ու ձևացնում էր, թե ուշքն ուրիշ տեղ է, չի լսում մեզ, ես նրան մտքում հայհոյում էի, նա հանկարծ շրջվեց իմ կողմը և ասաց.
-Գործերդ ինչպե՞ս են:
-Ոչինչ,- ասացի ես:
-Աշխատո՞ւմ ես:
Իբր չգիտի, որ մեր շրջանավարտներից արտադրական բրիգադ եմ կազմել: Շատ լավ գիտի:
-Այո, աշխատում եմ,- ասացի:- Իհարկե:
-Կեցցես, կեցցես, աշխատանքը պատվի ու փառքի գործ է:- Նա քիչ լռեց: Անտառում կանչում էր բուն, ներքևում` ձորում վշշում, աղմկում էր Խաչենագետը: Մեքենան մտավ մի ձորակ, հետո սկսեց վերելքը, և շարժիչն ասես լաց եղավ:
-Պիտի ինստիտո՞ւտ գնաս,- բարձր ասաց ուսմասվարը:
-Չգիտեմ,- ասացի ես,- տեսնենք:
-Ինչպե՞ս թե՝ չգիտեմ,- ձեռք չէր քաշում նա, -դպրոցն ավարտել ես ու չգիտե՞ս ինչ պիտի անես:
-Երկու տարի պիտի աշխատեմ: Նոր օրենքով երկու տարվա աշխատանքային ստաժ է պետք ունենալ՝ բարձրագույն ընդունվելու համար:
-Հա, ճիշտ որ, մոռացել էի: Լավ ես անում, կեցցես,- կեղծ մտերմությամբ ասաց մեր ուսմասվարը:- Հո պարտադիր չէ, որ բոլորն ընդունվեն: Լավ սովորող ես եղել, մի մասնագիտություն ընտրիր, մնա գյուղում, նյութից-բանից թերթերում կգրես, փող կստանաս:
Իսկ քո Հասմիկ աղջիկն ինչո՞ւ չմնաց գյուղում, մտովի ասացի ես ուսմասվարին: «Երեքներով» մի կերպ ավարտեց տասերորդը և հիմա համալսարանում է սովորում: Ծանոթությամբ ու փողով համալսարան է ընդունվել, իսկ նրա կիսագրագետ ու խորամանկ հայրը, այսինքն՝ դու, ինձ ասում ես՝ պարտադիր չէ, որ բոլորն ընդունվեն:
-Տրակտորիստ եմ դառնալու,- կոպիտ ասացի ես:- Կամ կցիչ՝ տրակտորի վրա, կամ անասնապահ, վարորդ, օղակավար, մի բան կդառնամ, էլի: Դուք մի մտածեք: Հասմիկը ո՞նց է, թոշակ ստանո՞ւմ է գոնե:
Չլսեց իբր, նա վիզը թեքել էր խցիկի կողմը և կնոջն ասում էր.
-Սրբուհի, հիմա ո՞նց ես զգում քեզ:
Ես մտքում հայհոյում էի նրան, ես այնպես էի ուզում խոսել Մարինեի հետ, ես ուզում էի հիմա, այս րոպեին ամեն ինչ ասել նրան, խոսելու այնքա¯ն բան ունեի, բայց հնարավոր չէր, դուրս եկանք խճուղի, մեքենան հիմա ավելի արագ էր գնում, առջևում, սարերի տակ, երևում էին Ստեփանակերտի լույսերը: Ինչքան մոտենում էինք մարզկենտրոնին, այնքան տխրում էի ես, և սիրտս արագ էր խփում: «Մի՞թե չի տա իր հասցեն»,- մտածում էի Մարինեի մասին, ուզում էի խնդրել հասցեն ու չէի համարձակվում:
Մի քանի րոպե հետո կմտնենք քաղաք: մի քանի րոպե հետո ուշ կլինի այլևս, համարձակություն վերցրի և, առանց Մարինեին նայելու, ասացի.
-Հասցեդ տուր ինձ, Մարինե:
Մարինեն օրորեց գլուխը:
-Տուր հասցեդ,- ասացի ես,- խնդրում եմ: Չեմ գրի, ոչինչ չեմ գրի, մի վախենա, տուր հասցեդ, տասը տարի հետո կգամ,- դողացող ձայնով ասացի ես,- չգիտեմ, մի անգամ կգամ քեզ տեսնելու: Տուն չեմ գա, հեռվից հեռու, մի վախենա, Մարինե:
Մարինեն կրկին օրորեց գլուխը:
-Գոնե ասա, ի՞նչ տեխնիկում ես ընդունվել, կգամ, կգտնեմ քեզ:
-Մի խնդրիր:,- Մարինեն ձեռքերով ծածկեց երեսը:- Չեմ կարող,- շշնջաց նա:- Չեմ կարող, ներիր:- Նա արտասվաթոր աչքերով նայեց ինձ:- Ինչո՞ւ, ինչո՞ւ եկա այստեղ:,- կրկին շշնջաց, օրորեց գլուխը, վերստին ձեռքերով ծածկելով դեմքը:- Երանի թե չգայի, չհանդիպեինք:
-Որտե՞ղ ես իջնելու,- առանց իմ կողմը շրջվելու, ասաց ուսմասվարը:
-Ավտոկայանի մոտ,- առանց մտածելու ասացի ես:
Մեքենան արդեն քաղաք էր մտել, իսկ ավտոկայանը քաղաքի սկզբում էր, և այդ խելագար Բալաբեկն այնպիսի արագությամբ էր քշում: Տնօրենը ծեծեց խցիկը:
-Պահիր, իջնող կա,- բարձր ասաց նա, քամուց կնճռոտվելով, հետո թեքվեց և կնոջ հետ ինչ-որ բան էր խոսում:
Ես դանդաղ սահեցի թափքից, բռնեցի Մարինեի ձեռքը, մնացի կանգնած.
-Տուր հասցեդ, Մարինե,- խնդրեցի ես,- ուզում եմ գալ, տեսնել քեզ, ուզում եմ խոսել քեզ հետ, Մարինե:
Մարինեն փորձ արեց ժպտալ:
-Մնաս բարով,- տխրությամբ ասաց նա:- Շնորհակալություն ամեն ինչի համար: Մնաս բարով: Հիշիր մեր վերջին հանդիպումն անտառում:
-Քշիր,- ասաց ուսմասվարը:
Ես Մարինեի ձեռքը բաց չէի թողել, ես նրա ձեռքը քսեցի շուրթերիս, չհամարձակվեցի համբուրել, քսեցի շուրթերիս, մեքենայի հետ արագ գնացի, քիչ վազեցի ու բաց թողեցի Մարինեի ձեռքը:
Ես կանգնել էի ճանապարհի մեջտեղը, իսկ մեքենան առաջ էր գնում, և Մարինեն շարունակ իմ կողմն էր նայում, ձեռքով հրաժեշտ էր տալիս, և նրա դեմքը հեռվից չէր երևում, ու չգիտեի ես՝ ժպտո՞ւմ է նա, թե՞ լաց է լինում:
Բեռնատարի հետևի կարմիր լույսերը վառվում-հանգչում էին, ասես ծաղրում էին ինձ, հետո բեռնատարը գնաց, փոքրացավ ու այլևս չէր երևում:
:Ես քեռուս տուն չգնացի, աննպատակ քայլեցի փոքրիկ քաղաքի դատարկ փողոցներով, հոգնեցի, մի կես ժամ նստեցի ավտոկայանում, մի կես ժամ՝ հեռախոսակայնում, նորից թափառեցի քաղաքում, հերթապահ միլիցիոներները կասկածանքով նայում էին իմ կողմը, հետո գնացի քաղաքային զբոսայգի, նստեցի այգու խորքում, դարավոր լորենիների տակ, շուրջս լռություն էր, ես շարունակ մտածում էի Մարինեի մասին, հետո սկսեց ցրտել, ես ձեռքերով ծածկել էի դեմքս, այդպես լավ էր, իմ շնչառությունից տաքանում էի, ու դարձյալ մտածում էի Մարինեի մասին: Մեղմ լռությամբ շրջապատված ծառերն օրորվում էին զգուշորեն, առանց շրշյունի, իսկ ես զրւցում էի Մարինեի հետ: «Մնաս բարով, Մարինե,- ասում էի ես:- Մնաս բարով, սիրելիս, մենք այլևս չենք հանդիպի, մնաս բարով:»: Ես ինձ անչափ խեղճ ու մենակ էի զգում, արհամարված ու անօգնական, ուզում էի, որ ամբողջ աշխարհը խղճար ինձ, բոլորը խղճային:
Հաջորդ օրը, ճամփակից մի քանի բեռնատար փոխելով, ես հասա գյուղ:
Ամայացել էր մեր Հնձախութն առանց Մարինեի: Ներքևում, ձորում համրացել էին դեղձանիկները: Ո՞ւմ համար պիտի երգեին նրանք, երբ չկար Մարինեն: Գյուղը դատարկ էր իմ սրտի պես. ոչ ձայն, ոչ ծպտուն, միայն մեղրաճանճերն էին միալար գվվում տնամերձ այգում: «Մարինե, իմ Մարինե,-շշնջում էի ես,- ինչո՞ւ եկար մեր գյուղ, ինչո՞ւ տեսա քեզ: Ասա, ինչպե՞ս պիտի հիմա ապրեմ առանց քեզ, Մարինե, մի՞թե դա հնարավոր է»:
Ոչ, հնարավոր չէր: Հնարավոր չեղավ: Ես շարունակ մտածում էի Մարինեի մասին և ինչքան էլ որ աշխատում էի չմտածել, չէր ստացվում, նրա պատկերն իմ աչքի առաջ էր, նրա թախծանուշ աչքերը ժպտում էին ինձ, իսկ ձայնը, Մարինեի թավշե ձայնը, երաժշտության փոխված, հնչում էր իմ հոգում: Եվ այդ հրաժեշտի պահն անտառի խորքում:
Սեպտեմբերի վերջերին մորս ասացի. «Մայրիկ, գնում եմ Սումգայիթ»: Մայրս լաց եղավ, հայրս նախատեց, բայց անօգուտ էին այդ բոլորը, ինձ համար ծանր էր արդեն ապրել առանց Մարինեի:
Ալվարդից մեծ դժվարությամբ վերցրի Մարինեի հասցեն, իմացա նաև, թե նա ինչ տեխնիկում է ընդունվել, միլիցիայի շրջանային բաժանմունքում, անձնագրային սեղանի աշխատակից Սոկրատի օգնությամբ անձնագիր ստացա, և երկու օր անց գնացքն ինձ տանում էր քաղաք, Մարինեի մոտ:
Դա երջանիկ ճանապարհորդություն էր: Հիմա էլ, տարիներ հետո, հուզմունքով եմ հիշում, թե ինչպես էր գնացքը սլանում խավարի միջով, երբեմնակի սուլում զիլ ու թախծական: Մարինեին էր կանչում ասես:
Ինձ թվում էր, թե Մարինեն կուրախանա անչափ՝ հանկարծակի տեսնելով ինձ, երջանկությունից կփայլկտան նրա աչքերը թվում էր, բայց ինչքան եղավ իմ զարմանքն ու հիասթափությունը, երբ նա, տեխնիկումի բակում տեսնելով ինձ, վախվորած նայեց և թողնելով ինձ ծառերի տակ կանգնած, ընկերուհիների հետ նստեց տրամվայ ու գնաց:
Ես կանգնել էի տեխնիկումի բակում, հուսահատ ու շփոթահար և չգիտեի ինչ անել:
Տրամվայի գծերից այն կողմ ծովն էր: Ծովը չէր երևում, բայց երբեմն մեղմ հովը բերում էր ալիքների ձայնը: Ես քայլեցի դեպի ծով և մինչև ուշ երեկո թափառում էի ծովափին, նայում էի ծովի հեռու խորքում դանդաղ լողացող ձկնորսանավերին, որոնք փայլում էին իրիկնային արևի վերջին շողերից: Ծովը հետզհետե մթնեց, սևացավ, ես գնացի Մարինեենց տուն՝ հույս չունենալով, թե կարող եմ հանդիպել նրան: Ցերեկով եղել էի նրանց տան մոտ, բակում ֆուտբոլ խաղացող փոքրիկ տղաներից հարցրել էի նրանց բնակարանը, ցույց էին տվել:
Միհարկանի ձյութածածկ երկարավուն շենք էր դա՝ նեղլիկ պատուհաններով: Ես նրանց բնակարանն իսկույն ճանաչեցի. մուտքից ձախ՝ չորրորդ պատուհանը նրանցն էր: Լույսը վառվում էր: «Մարինեն տանն է երևի»,- մտածեցի ես և կանգ առա մթան մեջ, չհամարձակվելով առաջ գնալ: Երկար ժեմանակ քայլում էի մթան մեջ, երբեմն թաքնվում, երբ որևէ մեկը դույլը ձեռքին դուրս էր գալիս շքամուտքից՝ բակի ծորակից ջուր վերցնելու: Նայեցի շուրջս. ոչ ոք չկար: Համարյա պատին քսվելով կամացուկ մոտեցա Մարինեենց լուսամուտին, վարագույրների արանքով դրսից նայեցի ներս. Մարինեն ինչ-որ տղայի հետ կանգնած էր սենյակի մեջտեղը, տղան ինչ-որ բան էր ասում նրան, հատկապես ինչ՝ չէր հասկացվում, իսկ Մարինեն նայում էր նրան ու ոչինչ չէր ասում, միայն ժպտում էր: «Կա մեկը: Ստեփան է անունը: այս տարի է ավարտել ինստիտուտը:»,- վայրկյանապես հիշեցի Մարինեի խոսքը, և սիրտս կանգ առավ ասես: Մի՞թե նա է: Ցածրահասակ, սևուկ, դյուրաշարժ: Նորաձև կապույտ բաճկոնակով: Տղան կրկին խոսում էր, հետո ձեռքը դրեց Մարինեի ուսին, Մարինեն կրկին ժպտում էր:
Ինքս էլ չիմացա, թե ինչպես եղավ դա, արագ ծեծեցի լուսամուտի ապակին: Տղան շրջվեց լուսամուտի կողմը, բայց նա ինձ տեսնել չէր կարող, դրսում մութ էր, իսկ նա կանգնած էր լուսավոր սենյակում: Ես տեսա, թե ինչպես Մարինեն վախեցած ետ նայեց:
Ես արագ հեռացա լուսամուտից: «Դա նա է, Ստեփանը,- մտածեցի ես,- նա ուրիշի է սիրում:»: Ես ուզում էի գոռալ այդ անծանոթ քաղաքով մեկ: Եվ, չգիտեմ ինչու, քայլեցի դեպի ծով: Բայց մի ձայն կանգնեցրեց ինձ: Մարինեի ձայնն էր դա. նա գալիս էր վազելով, և նրա արձակ մազերը ծածանվում էին ուսերին:
-Գնանք,- հասնելով ինձ ասաց նա շնչահեղձվելով,- գնանք այստեղից:- Նա արագ վերցրեց ձեռքս, և մենք վազելով գնացինք մթին փողոցով:- Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ,- ասաց Մարինեն հանգչող շշուկով::- Ես քեզ ամեն բան կբացատրեմ:
Մենք կտրեցինք-անցանք մի երկու թաղամաս, ես չգիտեի, թե մենք ուր ենք գնում: Մարինեն երբեմն ետ էր նայում, մի երկու թաղամաս ևս անցանք: Առջևում ծովափնյա զբոսայգին էր:
-Իսկ հիմա պատմիր,- հանկարծակի շրջվելով դեպի ինձ և գլուխը սեղմելով կրծքիս, ասաց Մարինեն:- Ես քեզ սպասում էի: Այսօր, քեզ տեսնելուց հետո, երկար լաց էի լինում տանը:
-Իսկ ինչո՞ւ չխոսեցիր ինձ հետ այնտեղ, տեխնիկումի բակում:
-Որովհետև նրա քույրն այնտեղ էր:
-Ո՞ւմ քույրը,- չհասկացա ես:
-Ես նրա մասին պատմել եմ քեզ: Ստեփանի քույրը: Հիշո՞ւմ ես: Մի՞թե մոռացել ես:
-Այդ նա՞ էր ձեր տանը:
-Այո: Նրանք առաջ մեր բակում էին ապրում, այդ մասին նույնպես ասել եմ քեզ, հետո նոր բնակարան ստացան: Հայրը մեր տեխնիկումի տնօրենն է:
-Իսկ նա ի՞նչ էր անում ձեր տանը,- խանդից խեղդվելով անհամբեր հարցրեցի ես:
-Նա հաճախակի է գալիս: Մայրս նույնպես գիտի: Բոլորը գիտեն: Նա սիրում է ինձ:
-Իսկ դո՞ւ:- Ես համարյա շնչահեղձվում էի:
-Իսկ ես: ոչ,- ամբողջ իրանով սեղմվելով ինձ շշնջաց Մարինեն:- Քեզ հետ ծանոթանալուց, քեզ ճանաչելուց հետո անհնարին է որևէ մեկին սիրել, Վահրամ: Նա ինքնահավան ու ամբարտավան է, պարծենկոտ ու լկտի: Դու նրա նման չես: Նա այսօր եկել էր ինձ ասելու, որ հայրը մեքենա է գնել իր համար, իսկ ես շարունակ քո մասին էի մտածում:
-Մի՞թե սա երազ չէ, Մարինե,- շշնջացի ես, անհամարձակ համբուրելով նրա մազերը:
-Ոչ, երազ չէ,- նույնպես շշուկով ասաց Մարինեն:- Դու ինքդ էլ տեսնում ես, որ երազ չէ: Ահա ես քեզ մոտ եմ: քոնն եմ:
Ես չթողեցի, որպեսզի նրա վերջին հնչյունները հանգչեին շուրթերի վրա, ես համբուրեցի նրա կամակոր տաք շուրթերը, տենդագին ինչ-որ խոսքեր էի ասում նրան՝ իմ շուրթերի վրա զգալով նրա համբույրներն ու արցունքները:
-Ես վախենում եմ քեզ համար,- ասում էր Մարինեն:- Նա ընկերներ շատ ունի, դրա համար ես չտվեցի քեզ իմ հասցեն, և դրա համար չուզեցի քեզ հետ խոսել այսօր, գիտե՞ս, նա բռնցքամարտիկի կարգ ունի, ես վախենում եմ քեզ համար:
-Դու անհոգ մնա, Մարինե,- ասում էի ես իմ գրկի մեջ սեղմելով նրա սլացիկ մարմինն ու շնչելով նորաբաց վարդի պես թարմ նրա շուրթերի բույրը:- Դու անհոգ մնա, ինձ ոչ ոք ոչինչ չի կարող անել, ես սիրում եմ քեզ, Մարինե:
Մեր գլխավերևում մեղմորեն օրորվում էին մատղաշ բարդիները, մատղաշ բարդիներն ասես գլխով էին անում, ասում էին այո, սիրո խոստովանության խոսքերն են նրա կրակոտ շուրթերի անուշաբուրակ համբույրները:
Այն հեռավոր տարիներին այդպես տեղի ունեցավ իմ երկրորդ հանդիպումը Մարինեին: Ես այսօր ուզում եմ վերստին հիշել այն հեռավոր, անդարձ օրերը, և ասես ներքին մի ձայն ինձ կամացուկ ասում է՝ մի հիշիր դու գեղատեսիլ վայրերը քո պատանության, ինչ թողել ես այնտեղ վաղուց, էլ չես գտնի, ոչ վայրերն են անտեղ արդեն գեղատեսիլ, և ոչ էլ դու՝ այն պատանին: Մի հիշիր: Մի՞թե հնարավոր է դա, և մի՞թե հնարավոր է մոռանալ լուսնյակ այն գիշերը, երբ Մարինեի հետ երկար շրջեցինք արդեն դատակված զբոսայգում, հետո ես նրան ուղեկցեցի տուն: Մայրն այդ օրը հերթապահում էր հիվանդանոցում, տանը չէր, բայց բնակարանի լույսերը վառվում էին դեռ: Մարինեի փոքրիկ եղբայրը շորերով պառկել, քնել էր բազմոցին, իսկ դուռը բաց էր կրնկի վրա:
-Դուռն անգամ չի փակել,- նայելով ինձ, մի տեսակ մեղավոր ժպտաց Մարինեն, հետո ասաց.- Նա մեզ չի ների:
-Ավելի լավ,- ասացի ես,- նույնիսկ հաճելի է, երբ կա մեկը, որը շարունակ պիտի մտածի մեր մասին:
-Նա մեզ չի ների,- կրկին ասաց Մարինեն մտախոհ, իսկ հետո ծիծաղեց:- Բայց դա ինձ համար միևնույն է,- ավելացրեց նա՝ լուսաժպիտ նայելով ինձ:
Ես կանգնել էի միջանցքում, չէի համարձակվում մտնել սենյակ, որտեղ բազմոցին պառկած քնով էր անցել Մարինեի փոքրիկ եղբայրը:
-Բայց դա ինձ համար միևնույն է,- ասաց Մարինեն և հանգցրեց միջանցքի լույսը:- Որովհետև ես սիրում եմ քեզ,- շշուկով ասաց նա:- Որովհետև դու նույնպես սիրում ես ինձ:- Մարինեն միանգամից նետվեց իմ գիրկը՝ իր պիրկ կրծքերով սեղմվելով ինձ:- Որովհետև հարյուրավոր կլիոմետր ճանապարհ ես անցել ինձ համար:
Կիսամութ միջանցքում ես համբուրում էի Մարինեի մեղմանուշ շուրթերը, ես նրան ասում էի այն մասին, որ իրենից մի քայլ անգամ չեմ հեռանա այսուհետև, որ ես կապված եմ նրան հազար թելերով և մի օր, մի ժամ, մի վայրկյան անգամ չեմ ապրի առանց նրան:
-Այո, այո, այո,- շշնջում էր Մարինեն:- Իսկ հիմա գնա,- շշուկով ասում էր նա,- ուշ է, գնա, քույրդ կարող է անհանգստանալ:
Ես դուրս եկա նրանց տնից, երջանկությունից պայթում էր կուրծքս, ուզում էի գոռալ, արթնացնել քնած մարդկանց, պատմել նրանց Մարինեի մասին:
Այո, այդպես տեղի ունեցավ իմ երկրորդ հանդիպումը Մարինեի հետ: Այնուհետև մենք շարունակ իրար հետ էինք, ես աշխատանքի ընդունվեցի »Փոստային արկղ-240» քիմիական գործարանում, աշխատանքից հետո գնում էի Մարինեի մոտ, և մենք միասին անհոգ շրջում էինք քաղաքում, գնում էինք կինո, թափառում ծովափին: Մենք երջանիկ էինք, և ամբողջ քաղաքը գիտեր դա, ամբողջ քաղաքն ուզում էր, որ միշտ միասին լինեինք ես ու Մարինեն:
Եվ միայն Մարինեի մայրն էր, որ դեմ էր դրան:
-Ես չգիտեմ, թե իմ Մարինեն ինչ է գտել քո մեջ,- մի անգամ կծու նետեց նա :- Դու կդժբախտացնես իմ աղջկան, ես դա գիտեմ:
-Ես սիրում եմ նրան,- արագ ասացի ես, բայց Մարինեի մայրը չուզեց լսել ինձ:
-Մեզ պետք չէ քո սերը,- ասաց նա:
-Ինչո՞ւ,- չհասկացա ես:
-Դու ի՞նչ կարող ես տալ իմ աղջկան հիսունինը ռուբլի քո աշխատավարձով,- քամահրանքով ասաց նա:
Դա շատ էր ստորացուցիչ: Ես նույնիսկ մի պահ կորցրի ինձ:
-Ասա, ի՞նչ կարող ես տալ նրան,- կրկին հարցրեց Մարինեի մայրը՝ ոտից գլուխ չափելով ինձ:
-Իմ աշխատավարձը կբարձրանա շուտով,- մրմնջացի ես:- Ես հիմա թթվածնային արտադրամասում ապարատավարի օգնական եմ, շուտով կարգ կստանամ: Ես փող շատ կստանամ:
-Ինչքա՞ն,-ծաղրեց Մարինեի մայրը:
-Հարյուր ռուբլի,- ասացի ես և զգացի, որ խեղդվում եմ վիրավորանքից:
-Իսկ Ստեփանը երեք հարյուր է ստանում,- քմծիծաղեց Մարինեի մայրը և, նայելով ինձ իր սպանիչ հայացքով, ասաց.- Չտեսնեմ քեզ այլևս նրա հետ, լսո՞ւմ ես, չտեսնեմ այլևս:
Անցավ ձմեռը, եկավ գարուն: Ես քրոջս տնից փոխադրվել էի արդեն խողովակագլանման գործարանի հանրակացարան, իսկ հանրակացարանը քաղաքի կենտրոնական մասում էր, Բարեկամության պողոտայի վրա: Պատահում էր, տեխնիկումից տուն վերադառնալիս, Մարինեն գալիս էր հանրակացարան, ինձ մոտ (նրանք նոր բնակարան էին ստացել, և Մարինեն հանրակացարանի մոտով էր գնում տեխնիկում ու վերադառնում այնտեղից): Մարինեին դուր էր գալիս իմ սենյակը: Մի անգամ ասաց.
-Այսպիսի տաքուկ սենյակ եմ ուզում:
-Արի այստեղ ապրիր,- ասացի:
-Տղաների հանրակացարանո՞ւմ,- ծիծաղեց Մարինեն:
-Ի՞նչ կա որ:
-Գիտես, որ չեն թույլատրի, դրա համար էլ ասում ես:
-Իսկ կգայի՞ր, եթե թույլատրեին:
-Վազեվազ կգայի,- ասաց Մարինեն:- Մի օր անգամ քեզ մենակ չէի թողնի, եթե բնակարան ունենայիր:
-Իսկ ի՞նչ կանեիր,- ժպտացի ես:
-Քեզ կտանեի զագս, կպսակեի ինձ հետ, կստիպեի, որ սիրես ինձ հավիտյան:
-Շուտով կհերթագրվեմ ու բնակարան կստանամ,- ասացի ես, շոյելով Մարինեի ոսկեփայլ մազերը:- Եվ դու կդառնաս իմ տան ու իմ սրտի տիրուհին:
-Իսկ ե՞րբ կլինի դա, Վահրամ, ե՞րբ կլինի,- համարյա թախանձանքով շշնջաց Մարինեն:
-Մի երկու տարի չի քաշի:
-Իսկ Ստեփանն արդեն ստացավ,- տխրաձայն ասաց Մարինեն:-Ընդամենը մի քանի ամիս է, ինչ կադրերի բաժնի պետ է սուպերֆոսֆատի գործարանում, և ահա երկու սենյականոց բնակարան ստացավ:
-Ոչինչ, ես էլ շուտով կստանամ,- մի բան ասած լինելու համար ասացի ես, ինքս էլ չհավատալով իմ խոսքին:
Մարինեն նայեց ինձ, քմծիծաղեց:
-Տա աստված,- ասաց նա, իսկ հետո, այտը սեղմելով ուսիս, մտերմիկ տոնով ասաց.- Ստեփանի հետ ինչո՞ւ եք կռվել :
-Ո՞վ ասաց քեզ,- հարցրեցի ես տարակուսանքով:- Նա՞ է ասել:
-Ոչ,- գլուխը տարուբերեց Մարինեն:- Դա կարևոր չէ: Ուրիշներից եմ լսել:
Ես հայացքս փախցրի Մարինեից: Ես նրան չասացի, որ Ստեփանը մի քանի անգամ ընկերներով եկել է հանրակացարան՝ կռվելու, իսկ մի անգամ, տրամվայի կանգառում, նրա մեքենան քիչ մնաց խփեր ինձ: Չպատմեցի նաև, որ մի շաբաթ առաջ նա զանգել էր մեզ մոտ, թթվածնային արտադրամաս, և ձայնը փոխելով, հայհոյել ու սպառնացել, որ կսպանի ինձ, եթե անհապաղ ձեռք չքաշեմ Մարինեից: «Եթե սրանից հետո մի անգամ էլ քեզ տեսնեմ Մարինեի հետ,- ասաց նա ինձ հեռախոսով,- իմացած եղիր, որ մերդ լացացնելու եմ»: «Մենք շարունակ միասին ենք լինում,- պատասխանեցի նրան:- Եվ միշտ միասին կլինենք: Իսկ ինչ վեաբերում է մեր լացացնելուն, ապա հայտնի չէ դեռևս, թե ով ում մերը կլացացնի»: Ես երկրորդ հերթի էի աշխատում այդ օրը, հանրակացարան եկա գիշերվա մեկին: Եվ նոր էի մտել սենյակ, դուռը ծեծեցին: «Դրսում քեզ սպասող կա»,- ասաց ինչ-որ մի տղա: Իսկույն հասկացա՝ նա էր: Դանդաղ իջա առաջին հարկ, դուրս եկա փողոց: Դատարկ փողոցի եզրին, ծառերի տակ կանգնած էր Ստեփանի մեքենան: Իմ ետևից եկած տղայի հետ գնացի դեպի մեքենան: Մեքենայում, Ստեփանից բացի, երկու տղա ևս կային:
-Ահա եկել եմ, ի՞նչ ես ուզում,- բարձր ասացի ես, առանց որևէ մեկին նայելու. պարզ էր, իմ խոսքը Ստեփանին էր ուղղված:
-Դու սրտոտ ֆրաեր ես եղել, չեմ իմացել,- դուրս գալով մեքենայից ասաց Ստեփանը, անփութորեն խփելով մեքենայի դռնակը:- Բայց միևնույն է, պիտի դաստիարակեմ քեզ:
-Դո՞ւ,- ծաղրանքով հարցրի ես:
-Ես,- ասաց Ստեփանը:- Դու մի վախենա, տղաներից ոչ ոք չի խառնվի:- Մի ակնթարթում աջ այտամկանը ցնցվեց նրա դեմքին:- Ոչ ոք չի խառնվի: Ես ինքս, արի,- նա գնաց դեպի մութ ծառուղի:
Ես քայլեցի նրա ետևից: Ստեփանը կանգ առավ ծառերի տակ, շրջվեց դեպի ինձ:
-Քեզ հեռախոսով ասացի՞ն, որ այլևս չխոսես Մարինեի հետ,- հարցրեց Ստեփանը:
-Ասացին,- պատասխանեցի ես անվրդով:
-Մայրն ասե՞լ էր, որ գործ չունես նրա հետ:
-Ասել էր:
-Հետո՞:
-Հետո այն, որ մենք սիրում ենք իրար:
-Մի՞թե,- ծիծաղեց Ստեփանը:
-Այո,- ասացի ես հանգիստ ձայնով:
-Իսկ դու գիտե՞ս, որ նա աղջիկ չի:
Գետինը ասես երերաց ոտքերիս տակ, իսկ օդը համարյա չէր հերիքում: Ստեփանը ծիծաղեց, դերասանավարի ձեռքերը տարածած ընկերների կողմը, ծիծաղելով ասաց.
-Ստացվում է այնպես, որ նա իր փափլիկ մարմինն ինձ է տալիս, իսկ չեղած սերը էս հարիֆին: Բա ո¯նց է տրվում,- նստուկի այլանդակորեն շարժումներով քրքռաց նա ,- օ¯խ , ու¯խ, ա¯խ:
«Ստում ես, սրիկա»,-մտածեցի ես և ուժգին հարվածեցի նրա դեմքին: Դա անսպասելի էր Ստեփանի համար, բայց նա չկորցրեց իրեն: Նա ոտքով ուժեղ հարվածեց փորիս, գոտկատեղից քիչ ցածր, ես ակամայից ձեռքերս տարա փորիս, նա ձեռքի ափով խփեց երեսիս:
Վազելով մոտեցան Ստեփանի ընկերները, բայց Ստեփանը ձեռքով նշան արեց նրանց չմոտենալ:
-Ես ինքս,- շպրտեց նա:
Ես բռունցքներով էի խփում, Ստեփանը՝ ձեռքի ափով: Իմ հարվածների ձայնը չէր լսվում, մինչդեռ Ստեփանի շառաչուն ապտակներից թնդում էր շուրջը:
Ստեփանի ընկերները բացականչություններով քաջալերում էին նրան:
-Կեցցես, Ստեփան, մի հատ էլ հասցրու էդ խրտվիլակին:
-Էնպես խփիր, որ հոր անունը մոռանա:
-Զգույշ, Ստեփան, մորթին չփչացնես:
Ես զգում էի, որ իմ հարվածները չէին կպչում նրան, նա ճարպկորեն խուսափում էր: Եվս մի շառաչուն ապտակ, և արյունը հորդեց իմ քթանցքներից: Մինչև կփորձեի արյունը կանգնեցնել, Ստեփանը մի անգամ էլ հարվածեց: Ես չոքեցի գետնին, ուզում էի ելնել, չէր հաջողվում:
-Դե գնա, լակոտ,- ասաց Ստեփանը, թափ տալով շորերը:- Մեկ էլ տեսա հետը, ջարդուխուրդ կանեմ:
-Գնացինք,- ասաց տղաներից մեկը:
Նրանք քայլեցին դեպի մեքենան: Լսվեց «Վոլգայի» խուլ հռնդյունը:
-Գուդ բայ, գեղացի տղա, գուդ բայ,- ձայնեց Ստեփանի ընկերներից մեկը: Լսվեց նրանց համերաշխ ծիծաղը: Հետո մեքենան ոռնաց ու սլացավ դատարկ փողոցով:
Ես այդ բոլորի մասին չասացի Մարինեին, ես նրան ոչինչ չասացի Ստեփանի ասածների մասին, ես լուռ մտատանջվում էի՝ առանց նրան որևէ խոսք ասելու:
Գարունը նույնպես անցավ: Սկսվեցին ամռան առաջին օրերը: «Մարինեի հետ այսօր կգնանք ծով՝ լողանալու»,- մտածեցի ես, դուրս գալով հանրակացարանից: Եվ այդ պահին հանկարծ տեսա Ստեփանի մեքենան: Դա մի կարճ ակնթարթ տևեց, մեքենայի ետնամասում աղջիկ կար նստած, ինձ թվաց, թե դա Մարինեն էր: Ստեփանի մասին շատ էի լսել, որ նա իբր օրական մի աղջիկ է փոխում: Ես շնչահեղձվելով առաջկտրուկ վազեցի պուրակով, դուրս եկա փողոց, բայց մեքենան հեռու էր արդեն: «Նա էր»,-սրտի դողով մտածեցի ես և ասես ոտքերս թուլացան. «Ստացվում է այնպես, որ նա փափլիկ իր մարմինն ինձ է տալիս, իսկ չեղած սերը էս հարիֆին:»: Ես չսպասեցի մինչև գար հերթական ավտոբուսը, տների արանքով, կարճ ճանապարհով, վազեցի դեպի Մարինեենց տուն: «Մի՞թե Մարինեն էր»: Ես գնում էի արագ, վազելուց շունչս կտրվում էր արդեն, բայց չէի կանգնում: «Իսկ եթե նա՞ է»,- մտածում էի ես: «Ոչ, չի կարող պատահել,- հուսադրում էի ինքս ինձ:- Բայց վերջերս փոխված է երևում մի տեսակ: նույնիսկ երեկ հրաժարվեց ինձ հետ գնալ կինո:»: Աստված իմ, մի՞թե Մարինեն էր: Ահա և նրանց տունը: Ես արագ սլացա աստիճաններն ի վեր, սեղմեցի դռան զանգը: «Ո՞վ է»,- ներսից ասաց Մարինեն: «Ես եմ, Մարինե, բաց արա»: Մարինեն բացեց դուռը: «Արի»,- անտարբեր ասաց նա, մի կողմ կանգնելով: Նա, ըստ երևույթին, նոր էր հագել տնային խալաթը: «Ի՞նչ է պատահել»,- կոճկելով խալաթը, հարցրեց նա՝ ուշադիր նայելով ինձ:
-Դու որտե՞ղ էիր այսօր,- հարցրի ես, նայելով շուրջս:
-Տանն էի,- պատասխանեց Մարինեն անփույթ:
-Իսկ ինչո՞ւ տեխնիկում չես գնացել:
-Չգիտեմ,- պատասխանեց Մարինեն ուշացումով:- Չեմ ուզում սովորել:
-Ինչո՞ւ:
-Առևտրի տեխնիկում չեմ ուզում: Կընդունվեմ բժշկական:
-Ախր, ինչո՞ւ,- անհամբեր հարցրի ես:
-Այդպես ավելի հարմար է,- հանգիստ տոնով ասաց Մարինեն:
«Նա նույնիսկ ինձ չի հրավիրում նստելու»,- տագնապով մտածեցի ես:
-Դու գժվե՞լ ես, Մարինե,- ասացի:- Դու այդ ինչե՞ր ես ասում:
-Մայրիկին ասել եմ, նա համաձայն է: Առայժմ աշխատանքի կընդունվեմ սուպերֆոսֆատի գործարանում:
-Որպես ի՞նչ:
-Որպես հեռախոսավարուհի: Այնտեղ ազատ ժամանակ շատ կունենամ՝ պարապելու համար: Գուցեև հենց կադրերի բաժնում աշխատեմ:
«Ստեփանի մոտ է գնում,- նվաղուն սրտով մտածեցի ես:- Ուրեմն չեմ սխալվել, այդ նա էր մեքենայում: Նա այլևս չի սիրում ինձ»:
-Դու գնում ես Ստեփանի մոտ:- Սիրտս ճաքճքում, պայթում էր խանդից ու անզորությունից:- Այդ նա է քեզ հրավիրել:
-Ինչո՞ւ հատկապես Ստեփանի:- Նա շփոթված թոթվեց ուսերը:- Սուպերֆոսֆատի գործարանում չորս հազար մարդ է աշխատում:
-Դու այսօր էլ նրա հետ էիր: Ես տեսա՝ նրա հետ էիր: Դու նրա մոտ ես գնում:
-Վահրամ,- նա թեթևակի բռնեց արմունկս: Սակայն չառարկեց: Նա լուռ էր:
-Ե՞րբ ես գնում,- արտաքուստ արդեն խաղաղված ասացի ես:
-Վաղը,- կամացուկ ասաց Մարինեն:- Առավոտյան իննին:
-Ես էլ կգամ քեզ հետ,- ասացի ես:- Այնպես որ, միասին կաշխատենք այնտեղ: Աշխատավարձն այնտեղ բարձր է` ասում են: Ես էլ եմ ուզում այնտեղ աշխատել:
-Ճի՞շտ,- հարցրեց Մարինեն, կրկին ուշադիր նայելով ինձ:
-Այո, վաղն առավոտյան, հերթափոխությունից հետո, կսպասեմ քեզ մեր գործարանի մոտ, տրոլեյբուսի կանգառում:- Ես դուրս եկա Մարինեի մոտից, առանց նրան հրաժեշտ տալու:
Մյուս օրվա առավոտյան ես նրան սպասում էի տրոլեյբուսի կանգառում: Նա եկավ ուշացումով: Համարյա ժամը տասնմեկի մոտերքը: Տրոլեյբուսից իջավ, և, տեսնելով ինձ, մի տեսակ կորցրեց իրեն: Ամենայն հավանականությամբ, նա մտածել էր, որ ես, գիշերային հերթափոխությունից հետո, հազիվ թե սպասեմ այդքան: Նա մենակ չէր. ինչ-որ աղջկա հետ էր նա:
-Ես էլ եմ քեզ հետ գալիս,- բարևելով Մարինեին, կամացուկ ասացի ես:
-Ինչո՞ւ,- իբր առաջին անգամ էր լսում, զարմացած ասաց Մարինեն:
-Չէ՞ որ երեկ ասացի: Ուզում եմ սուպերֆոսֆատի գործարանում աշխատել,- ասացի ես:
Մարինեն կանգ առավ:
-Երեխայություն ես անում, Վահրամ,- ասաց նա, նայելով գործարանի կողմը:- ի՞նչ է պատահել քեզ:
-Ոչինչ չի պատահել,- ասացի ես անվրդով,- պարզապես ուզում եմ աշխատանքի ընդունվել սուպերֆոսֆատի գործարանում:
-Գնա ընդունվիր, քեզ ո՞վ է խանգարում:
-Ես քեզ հետ եմ ուզում գնալ:
-Իսկ ես չեմ ուզում,- սառն ու կտրուկ ասաց Մարինեն, կրկին անգամ նայելով գործարանի կողմը: Երևի պայմանավորվել էին, որ Ստեփանը դիմավորեր նրան, դրա համար էր շարունակ նայում գործարանի կողմը:
-Գնա, ես քեզ չեմ խանգարի,- նետեցի ես:
Մարինեն ընկերուհու հետ քայլեցին դեպի գործարան: Նա նույնիսկ մի անգամ չշրջվեց իմ կողմը: «Ահա և քո սերը, Վահրամ,- հուսաբեկ ասացի ինքս ինձ:- Վերջ քո սիրուն: Մոռացիր նրան:»: Ի¯նչ հեշտ է ասել՝ մոռացիր:
:Երկու օր էր անցել այդ հանդիպումից: Գիշերային հերթափոխությունից էի դուրս եկել, առավոտ էր, գործարանի մուտքի մոտ, հրապարակում, սպասում էի տրոլեյբուսի: Տխուր օր էր ինձ համար, որովհետև երեկոյան, աշխատանքի գալուց առաջ, գնացել էի Մարինեի մոտ, տանը չէր եղել: «Իսկ որտե՞ղ էր, տեսնես»,- տրոլեյբուսի կանգառում կանգնած ինքս ինձ շարունակ հարցնում էի ես և հանկարծ տեսա Մարինեին: Նա նստած էր Ստեփանի «Վոլգայում», Ստեփանի կողքին: Ստեփանը ինչ-որ բան էր պատմում նրան, և նա, գլուխը ետ, ծիծաղում էր: Նա նույնիսկ չնայեց տրոլեյբուսի կանգառում հավաքված մարդկանց կողմը, նա, հավանաբար, գիտեր, որ այս գիշեր ես աշխատում էի, գիտեր նաև, որ կարող է այստեղ եմ, տրոլեյբուսի կանգառում:
Ես չսպասեցի տրոլեյբուսի: Մեր գործարաններն իրարից այնքան էլ հեռու չէին, ոտքով գնացի սուպերֆոսֆատի գործարան: Իմ աչքին ոչինչ չէր երևում, երկինքը սևացած էր իմ աչքին և ապրելն էլ անիմաստ էր թվում արդեն: Ստեփանի կանաչավուն «Վոլգան» կանգնած էր գործարանի վարչության շենքի առջև՝ «56-36»: Նրանն էր: Կադրերի բաժինը երկրորդ հարկում էր, արագ բարձրացա երկրորդ հարկ, հրեցի բաժնի պետի առանձնասենյակի դուռը, փակ էր: Շրջվեցի, որ իջնեմ, կաշեպատ դուռն անսպասելի բացվեց, այնտեղից դուրս եկավ Մարինեն, և նրա դեմքը շառագունած էր: Եվ շուրթերն էլ փքուն: Երևի համբուրվելուց:
Կատաղի խանդն ալիք տվեց իմ հոգում, ես մեջքով հենվեցի պատին, որ չընկնեմ: Մարինեն շփոթահար նայում էր ինձ, հետո հանկարծ շրջվեց և սկսեց արագ իջնել աստիճաններով:
-Մարինե,- կանչեցի ես,- Մարինե, կանգնիր:
Մարինեն չկանգնեց: Ես հասա նրան առաջին հարկի միջանցքում և, թափով շրջելով նրան իմ կողմը, ասացի.
-Դու ի՞նչ էիր անում այնտեղ:
-Քո ի՞նչ գործն է,- կոպտաբար նետեց Մարինեն:
_Դու համբուրվե ՞լ ես նրա հետ:
_Այո,_լկտիաբար նետեց նա` ցույց տալով փքուն շրթունքները,ավելացրեց հանդուգն,_ մի՞թե չես տեսնում:
Մարդիկ կանգնած նայում էին, և ես ամբողջ ուժով ապտակեցի Մարինեին:
-Գնա,- ասացի ես նրան:- Ես երեք հարյուր ռուբլի չեմ վաստակում, ես «Վոլգա» չունեմ, տեխնիկումի տնօրեն հայր չունեմ ես:
Հետո գնացի ծովափ, ընկա ավազների վրա՝ հայցքս դեպի երկինք, դեպի երկնքի խորքով չվող ամպերը: «Չեմ մնա այստեղ,- մտածում էի ես:- Կգնամ, կհեռանամ քեզանից, Մարինե,- մրմնջում էի ես:- Ու չեմ մոռանա քեզ, կսիրեմ քեզ, կսիրեմ քեզ, ամբողջ կյանքում կսիրեմ քեզ, ու դու ոչինչ չես իմանա այդ մասին»:
Այդ օրերին թերթերում հայտարարություն տպագրվեց այն մասին, որ Հայաստանում, Քաջարանի պղնձահանքերում բանվորներ են պետք: Կարդացի այդ հայտարարությունը և մեկնեցի Քաջարան: Աշխատանքի տեղավորվեցի այնտեղ, իսկ հաջորդ տարին ընդունվեցի համալսարան՝ ժուռնալիստիկայի բաժին: Դա իմ վաղուցվա երազանքն էր: Այն ժամանակ, հիշում եմ, Մարինեն ասաց՝ դուք լրագրող կդառնաք, թերթերում հոդվածներ կգրեք ու ես կկարդամ:
Աննկատ անցան ուսման տարիները, այնուհետև աշխատանքի ընդունվեցի երիտասարդական «Ավանգարդ» թերթի խմբագրությունում:
Այդ բոլոր տարիներին ես չմոռացա Մարինեին: Ո՞րտեղ էր նա, ի՞նչ էր անում, ամուսնացա՞վ Ստեփանի հետ, թե ոչ՝ չգիտեի: Եվ ահա պատահեց այնպես, որ խմբագրությունից ինձ գործուղեցին Սամարղանդ: Վերադարձին ես Բաքվի օդանավակայնից տաքսի վերցրի և մեկնեցի Սումգայիթ՝ քրոջս տեսնելու:
Մինչև երեկո մնացի քրոջս տանը, երկար զրուցում էինք: Հետո քույրս ճանապարհեց ինձ մինչև բակ և այնտեղ, բակում նա հանկարծ ասաց. «Մի երկու անգամ Մարինեն եկել է մեր տուն, շատ է ուզում տեսնել քեզ, զանգիր: 48-45, գրիր հեռախոսի համարը»:
Ես քայլում էի դեպի տրոլեյբուսի կանգառ ու մտածում էի Մարինեի մասին: «Զանգեմ ի՞նչ ասեմ,- մտածում էի ինքս ինձ:- Ամեն ինչ վաղո¯ւց անցած է արդեն, ինչի՞ մասին պիտի խոսենք:»: Տրոլեյբուսի կանգառում ես դարձյալ մտածում էի Մարինեի մասին և սիրտս, չգիտես ինչու, անհանգիստ, տագնապալից խփում էր: Ինձ այնպես էր թվում, թե հիմա ինչ որ տեղից դուրս կգա Մարինեն՝ առաջվա պես փխրուն ու գեղեցիկ, և կասի. «Ողջույն, Վահրամ, ես եմ, դու հո չե՞ս մոռացել քո նախկին Մարինեին»:
Տրոլեյբուսը չկար: Ճանապարհից այն կողմ, բլրի ետևում, ծովն էր: Պարզ լսվում էր ալիքների աղմուկը: Որոնեցի գրպաններս, երկու կոպեկանոց գտա: «Կճանաչի՞ ձայնս, կհիշի՞,- մտածում էի ես:- Եթե հեռախոսը չվերցրեց, կամ թե տանը չէ, ուրեմն էլ չեմ զանգի»: Հավաքեցի համարը՝ 4, 8, 4, հավաքեցի վերջին թիվը՝ 5: Սիրտս անհանգիստ խփում էր: Հեռախոսի մյուս ծայրին մեկն ասաց. «Ալլո»:
«Եղբայրն է,- մտածեցի ես:- Առաջին դասարան էր գնում, հիմա երևի դպրոցը վաղուց է ավարտել: Իսկ գուցե ամուսինն է: Գուցե Ստեփանի ձա՞յնն էր»:
-Ես Մարինեին եմ խնդրում,- ինչքան կարելի էր հանգիստ ասացի ես:- Մարինեն տա՞նն է:
Հեռախոսագծի մյուս կողմում մի պահ լռություն եղավ:
-Իսկ ո՞վ է հարցնում,- վերջապես ասաց տղամարդու ձայնը:
«Եղբայրն է»,- կրկին մտածեցի ես:
-Չեք ճանաչի,- հեռախոսի մեմբրանը ծածկելով, ասացի ես:- Տա՞նն է Մարինեն:
Կրկին լռություն եղավ:
-Ալլո, այդ ո՞վ է: Ի՞նչ եք ուզում:
Մայրն էր: Հազարավոր ձայների մեջ ես կճանաչեի նրա ձայնը:
-Ես Մարինեին եմ խնդրում: Կանչեցեք, եթե կարելի է:
-Մարինեն տանը չէ: Ո՞վ է հարցնում:
-Չեք ճանաչի,- ուշացումով ասացի ես:
-Ուրեմն պետք էլ չէ, որ ճանաչենք,- ընդհատեց մայրը:- Եվ չհամարձակվեք այլևս զանգել այստեղ, լսո՞ւմ եք:
Ես զգացի, որ Մարինեի մայրը հիմա ցած կդնի հեռախոսափողը, ինքս առաջինը դրեցի խոսափողը: «Ուրեմն վերջ, մնաս բարով,- մտովի ասացի Մարինեին:- Ես զանգեցի, ես կատարեցի քո խնդրանքը, զանգեցի, սակայն քեզ չուզեցին հեռախոսի մոտ կանչել»:
Տրոլեյբուսը թեթև մոտեցավ, հետո թեթև սահեց տեղից: «Այսքան մարդկանց մեջ ոչ մի ծանոթ չկա»,- անցավ իմ մտքով: Իսկ այն ժամանակ, տարիներ առաջ, քաղաքը դեռ փոքր էր, մի քանի տասնյակ հազար բնակիչ ուներ ընդամենը, և բոլորն իրար դեմքով գիտեին համարյա:
Տրոլեյբուսից երևում էր Կասպիականը: Ծովը մութ-մութ էր, և միայն հեռվում, այնտեղ, ուր ասես վերջանում էր ծովը, իրիկնային աղջամուղջի մեջ կարմիր լույսեր էին վառվում ու հանգչում: Դա ձկնորսանավերն էին լողում ծովի խորքում:
Ավտոկայանում իջա տրոլեյբուսից: Բաքու մեկնող ավտոբուսի տոմսերը վաճառվում էին: «Իսկ որտե՞ղ է,- մտածում էի ես:- Տանն էր, պարզապես չուզեցին կանչել»: Ես դուրս եկա հերթից: «Մի անգամ էլ զանգեմ»,- որոշեցի: Մտա հեռախոսախցիկ, հավաքեցի երեք համարը, մատով մի փոքր պահեցի վերջին թիվը, հետո բաց թողեցի սկավառակը: Սկավառակը ետ սահեց, և քիչ անց հեռախոսագծի մյուս ծայրում վերցրին հեռախոսը:
-Ալլո՞:
Մարինե: Մարինե: Այս ինչո՞ւ եմ հուզվում, ինչո՞ւ այսպես կապվել է լեզուս: Մի՞թե առաջվա պես դեռ սիրում եմ նրան:
-Մարինե, ես եմ: Ալլո: Մարինե,- հուզախռով ու որոշ չափով այլայլված ասացի ես:- Դու լսո՞ւմ ես ինձ: Ալլո:
-Այո, լսում եմ,- հանգիստ ասաց Մարինեն, մի փոքր լռեց, ավելացրեց նույն հանգիստ տոնով.- Այս գիշեր երազում տեսել էի քեզ: Այսքան տարիների ընթացքում՝ առաջին անգամ: Զարմանալի է: Հետո արթնացա, դու չկայիր, և ես այնպես էի ուզում տեսնել քեզ:
-Դու հիմա կարո՞ղ ես դուրս գալ,- ասացի ես Մարինեին:- Ես կսպասեմ:
-Իհարկե: Ժամը քանի՞սն է:
— Յոթ անց քսան:
-Մի տաս-տասնհինգ րոպեից քեզ մոտ կլինեմ: Ալլո,- ծիծաղեց Մարինեն,- քիչ մնաց ցած դնեի հեռախոսափողը: Դու ինձ որտե՞ղ ես սպասում:
-Ձեր տան մոտ: Մսի խանութի առջև: Նոր ավտոկայանից եմ զանգում: Հիմա կգամ:
-Այնտեղ մսի խանութ չկա արդեն: Միլիցիայի բաժանմունք է:
-Չէ, չէ, ուրեմն ուրիշ տեղ,- ծիծաղեցի ես (հեռախոսագծի մյուս ծայրում Մարինեն ևս ծիծաղեց):- Դպրոցական շենքի անկյունում, հույս ունենա՞նք որ դպրոցը մնում է:
-Դպրոցը մնում է:
-Ես քեզ այնտեղ էի միշտ սպասում: Հիշու՞մ ես:
-Հիշում եմ,- թախիծով ասաց Մարինեն:- Արի: Միայն շուտ: Իսկ եթե հանկարծ չճանաչե՞նք իրար:
-Ես քեզ չեմ մոռացել,- ասացի ես:
«Արի: Միայն շուտ»: Շուտ: Ձայնը: Ծիծաղը: Ձայնի մեջ թախիծը: «Հիշո՞ւմ ես»: Չէի քայլում, համարյա վազում էի: «Միայն շուտ:»: «Երազում տեսել էի քեզ»: Այստեղով ճանապարհը կարճ է, բակերով: «Եվ ես այնպես էի ուզում տեսնել քեզ:»: Անցա տրամվայի գծով, իմ կողքով մարդիկ էին անցնում, ես ուշադրություն չէի դարձնում նրանց: Անցա կենտրոնական փոստը.. նվերների խանութը: վարսավիրանոցը: Մի՞թե սիրում եմ դեռ: Ձայնը: ծիծաղը: Սերը, ինչպես կրակը՝ մոխրի մեջ, մնում է: Ահա Մարինենց շենքը.. Մարինե: Փոխվե՞լ է տեսնես: «Իսկ եթե հանկարծ չճանաչենք իրար:»:
Մարինեն չկար դեռ: Հավանորեն ես շուտ էի եկել, մի քանի րոպեում: Հիմա դուրս կգա: Կանգնեցի դպրոցի պատի տակ, այնտեղ, ուր տարիներ առաջ միշտ կանգնում էի: Ոչինչ չէր եղել ասես, ասես տարիներ չէին անցել, պարզապես, ինչպես այն ժամանակ, երկրորդ հերթափոխությունից եկել եմ, որպեսզի մի անգամ էլ նայեմ Մարինեի լուսամուտին ու նոր գնամ հանրակացարան: Գիշերվա ժամը մեկին, աշխատանքից հետո հանրակացարան գնալիս, ավտոբուսից իջնում, գալիս կանգնում էի այս անկյունում, երկար նայում էի Մարինեի լուսամուտին՝ գոնե հեռվից մի անգամ ևս նրան տեսնելու, ու նոր ոտքով գնում էի հանրակացարան:
Մարինեն կարմիր շորով էր, բարձրակրունկ կոշիկներով, ես իսկույն նկատեցի նրան շքամուտքի կիսամթան մեջ: Մարինեն թեթևաքայլ գալիս էր. ես ընդառաջ գնացի, չգիտեի, թե որտեղ թաքցնեի ձեռքերս, հուզվում էի, իսկ Մարինեն թեթևաքայլ մոտենում էր, ես իմ ծնկներում թուլություն զգացի, սիրտս կարծես նվաղում էր, և ինչպես այն ժամանակ, տարիներ առաջ, մի պահ ցանկացա պարզել ձեռքերս, իմ գիրկն առնել Մարինեին, բայց ահա Մարինեն հասնում է, ժպտում է, և ես մնացել եմ կանգնած, չգիտեմ, թե որտեղ թաքցնեմ ձեռքերս, ասես իմ ձեռքերն են մեղավոր, որ ես այդպես հուզվում եմ: Մարինեն չէր փոխվել ամենևին: Աչքերը մշուշոտ, տխուր ժպտում էին:
-Բարի երեկո:
Մարինեի ձեռքը՝ սառը և փոքր, կորել էր իմ ափի մեջ:
-Բարի երեկո:- Ես իմ ափի մեջ պահում էի Մարինեի ձեռքը:- Բոլորովին չես փոխվել,- ցածր ասացի ես:
-Դու էլ:- Մարինեն նայում էր իմ աչքերի մեջ, շարունակում էր տխուր ժպտալ:- Դու էլ բոլորովին չես փոխվել: Իսկ գիտե՞ս քանի տարի է անցել:
Ես կարոտով նայում էի Մարինեին:
-Տասնհինգ տարի,- քիչ անց ասաց Մարինեն:- Գուցեև ավել: Տասնհինգ տարի,- կրկնեց նա հուսակտուր վհատությամբ:- Մարդուն ծերացնում են ոչ թե տարիները, այլ հույսի ու երազանքի բացակայությունը: Հիմա քանի՞ տարեկան ես,- առանց ձեռքը հանելու իմ ափից, հարցրեց նա թախծաժպիտ աչքերով նայելով ինձ:
— Մեծ եմ արդեն: Հինգ տարով Քրիստոսից մեծ:
-Երեսունո՞ւթ:
-Թվաբանությունից ահագին ուժեղ ես: Չգիտեի: Իսկ դո՞ւ:
-Մի՞թե չես հիշում:
-Հիշում եմ: Դու դեռ երեխա ես:- ժպտացի ես:
-Իհարկե,- հառաչեց Մարինեն:- Տարիները ետ են մնում, իսկ մենք քայլ առ քայլ հեռանում ենք մեր կյանքի ամենահրաշալի օրերից: Եվ ինչո՞ւ է այդպես, Վահրամ: Երջանկության մասին չես մտածում, երբ այն կա: Սկսում ես մտածել, երբ այն արդեն ետ է մնացել, և դու այնքա¯ն ես հեռու նրանից,: Ինձ թվում է երջանկությունը նման է հորիզոնի, ինչքան մոտենում՝ այնքան հեռանում է քեզանից:- Մարինեն նորից հառաչեց:- Ե՞րբ ես եկել:
-Այսօր: Ասա, ո՞ւր գնանք:
-Ուզո՞ւմ ես ծովափ:
-Ուզում եմ,- ասացի ես:
Հեռու չէր ծովը. մի թաղամաս այն կողմ էր: Դանդաղ քայլեցինք դեպի ծով:
-Առաջ ոչինչ չկար այստեղ, հիշո՞ւմ ես: Հիմա ծովափի երկարությամբ մեծ զբոսայգի է: Եվ քաղաքն էլ այն չէ: Շա¯տ է փոխվել:
-Այո, շատ է փոխվել,- ասացի ես:- Դու չես միայն փոխվել:
-Դա միայն թվում է, Վահրամ: Դու քա՞նի օրով ես եկել:
— Այսօր գնում եմ: Սամարղանդից եմ գալիս: Այնտեղ հայկական մեծ համայք կա, հոդվածաշար պետք է պատրաստեմ: Այսօր գնում եմ,- կրկնեցի ես:
-Ինչո՞ւ այդպես շուտ:
-Աշխատանքի եմ: Ավտոբուսի տոմս էի գնում: Հերթի էի կանգնել, հետո ասացի՝ մի անգամ էլ զանգեմ: Զանգեցի, և դու վերցրիր: Իսկ դու, ինչ է, տա՞նը չէիր, երբ առաջին անգամ զանգեցի:
-Տանն էի:
-Ես այդպես էլ գիտեի: Զգում էի, որ չեն ուզում հեռախոսի մոտ կանչել:
-Կարծես մորս չգիտես,- հառաչեց Մարինեն:
Մի փոքր լռեցինք:
-Քույրս ասաց, որ զանգեմ,- ասացի ես:- Հեռախոսի համարն ինքը տվեց:
-Ես էի խնդրել: Դու հիմա որտե՞ղ ես աշխատում:
-Երիտասարդական թերթի խմբագրությունում: Չգիտե՞ս, վերջին ավտոբուսն այստեղից քանիսին է մեկնում Բաքու:
— Գիտեմ: Ժամը տասնմեկ անց կեսին: Օդանավակայա՞ն պիտի գնաս:
-Այո: Առավոտյան ժամը վեցին թռչում եմ: Կգնամ օդանավակայանի հյուրանոցում կմնամ, առավոտյան կթռչեմ: Թե չէ՝ այստեղից չեմ հասցնի:
-Այո, այստեղից չես հասցնի: Մինչև կհասնես Բաքու ու այնտեղից՝ օդանավակայան, քո ինքնաթիռն արդեն Երևանում կլինի:
Մեքենա էր անցնում, ես քնքշորեն բռնեցի Մարինեի թևը:
-Սպասիր,- ասացի ես:
Մեքենայի լույսերն ընկան Մարինեի վրա և ես մի կարճ պահ տեսա նրան լույսերի մեջ: Ադամանդե ականջօղերով ու ոսկյա շողշողուն շղթայիկով՝ նա գեղեցիկ էր. նույնն էին լույսից կկոցված աչքերն ու լույսով շղարշված հմայիչ դիմագծերը:
-Վախենո՞ւմ ես ինձ համար,- Մարինեն նայեց իմ աչքերին, ասես ասեղներ կային Մարինեի սևորակ աչքերում: Ես հայացքս փախցրի:
Մեքենան անցավ մեր առջևով:
-Վախենո՞ւմ ես,- չարաճճիորեն կրկնեց նա:
-Վախենում եմ,- ասացի ես և մի հեռավոր, մոռացված անուշ խլրտոց զգացի իմ հոգում: Ես ակամայից սեղմեցի Մարինեի տաք թևը:- Անցնենք:
Ծովն արդեն մոտ էր, այնտեղից սառը հով էր փչում, և մթության մեջ, աստղերի ներքո, թույլ փայլկտում էին ալիքները, լսելի խշշում:
Հեռվում ինչ-որ տեղ տխուր սուլում էր մանևրային շոգեքարշը:
-Լսո՞ւմ ես:- Մարինեն, ականջը հեռու սուլոցին, կանգնեց:- Աչքերդ փակիր ու լսիր:
Մենք կանգնել էինք իրար կողքի, մաքուր աստղերի տակ, փակ աչքերով, և լսում էինք գործարանային մանևրող շոգեքարշի տխուր, ասես հեռվից, տարիների խորքից կանչող սուլոցները:
Իմ մատները Մարինեի թևի վրայով սահեցին, գտան մատները. չկար քիչ առաջվա սառնությունը, մատները հիմա տաք էին:
-Դու լսո՞ւմ ես, Վահրամ,- աչքերը դեռևս փակ, ասաց Մարինեն,- այն ժամանակ էլ, տարիներ առաջ, երբ ծորուն սուլում էին մանևրային շոգեքարշները, կանգնում ականջ էինք դնում այդ թախծածոր կանչին: Հիշո՞ւմ ես, փակ աչքերով, իրար սեղմված լսում էինք:
-Հիշում եմ,- ասացի ես, մատներս քնքշորեն քսեցի Մարինեի դեմքին, ասես արթնացնում էի նրան հիպնոսացումից: Իմ մատները սահեցին արցունքներից թաց տաք շուրթերի վրայով:-Մարինե:
Շոգեքարշն այլևս չէր սուլում, էլ չէր կանչում տարիների հեռվից. խաղաղություն, անդորր էր զբոսայգու վրա:
-Մարինե,- շշնջացի ես:
-Արդեն գարուն է գալիս,- մտքերով հեռու հուշերում՝ ասաց Մարինեն: -Ձեզ մոտ ինչպե՞ս է: Ցու՞րտ է դեռ:
-Մեզ մոտ նույնպես գարուն է: Կարաբալայի ժառանգները մանուշակ են վաճառում արդեն:
-Կարաբալան ո՞վ է:
-Կարաբալա՞ն: Ծաղիկների սիրահար էր, ծաղկավաճառ: Մեզ մոտ բոլոր սիրահարները նրանից էին ծաղիկ գնում: Կարելի՞ է թևանցուկ անել:
-Իհարկե,- Մարինեն կողքանց նայեց ինձ, դառը ժպտաց:- Թևանցուկ անելու մասին թույլտվություն ես հարցնում, առանց թույլտվության՝ ապտակում: Վահրամ, ես դա երբեք չեմ մոռանում:
-Դա այնքա¯ն վաղուց էր:
-Դա ի՞նչ նշանակություն ունի: Ուզում ես ասել՝ մոռացե՞լ ես:- Մարինեն քիչ լռեց, ասաց.- Դու կարող ես և մոռանալ, իսկ ես՝ ոչ: Ես չեմ մոռանա: Ամեն ինչ դրանից սկսվեց:
Ծովի անսահման մակերևույթը մոտիկից մուգ կանաչավուն էր, ապա գորշ, որ գնալով ձուլվում էր իրիկնային մթնող երկնքին: Հեռվում, ծովի ետևից դանդաղորեն ելնում էր լուսինը՝ լուսավորելով ծովի ծանծաղ մասում այստեղ-այնտեղ ցցասյուների վրա սևին տվող ձկնորսների ինքնաշեն տախտակամածները:
-Նայիր, Վահրամ,- ասաց Մարինեն,- լուսինը ճանապարհ է գծում ծովի վրայով:
Մենք լուռ նայում էինք նորելուկ լուսնին, որ աստղերի միջով՝ կամաց գալիս էր դեպի քաղաք: Քիչ հեռվում, նեոնային կարմիր լույսը մութ օդի մեջ շարունակ դաջում էր «Ռեստորան Սումգայիթ», ջնջվում, նորից էր հայտնվում նույն դաջվածքը: Ես հիշեցի, որ Մարինեի հետ երբեք ռեստորան չենք գնացել և ասացի.
-Գնա՞նք ռեստորան: Մի քիչ կնստենք, երաժշտություն կլսենք: Այնքան հանդիպել ենք ու երբեք ռեստորան չենք գնացել:
-Ռեստորան գնալու համար փող էր պետք,- դարձյալ դառը ժպտաց Մարինեն, և ես անհարմար զգացի ասածիս համար:
Ձկան խորովածի բույրը տարածվել էր շրջապատում: Ես ներս հրեցի ռեստորանի ապակեպատ ծանր դուռը, և, Մարինեին առաջ թողնելով, ներս մտանք:
Երկար հայելու առջև Մարինեն հարդարեց մազերը:
-Որտե՞ղ նստենք,- կամացուկ, մտերմիկ հարցրեց Մարինեն:
-Անկյունում:- Ես սեղանների արանքով թևանցուկ տանում էի Մարինենին և, թեպետ չէի նայում ոչ ոքի, սակայն զգում էի, որ այս ու այն կողմից նայում են Մարինեին: Ես հիշեցի, որ այն ժամանակ էլ, երբ միասին գնում էինք կինո, բոլորը հափշտակությամբ նայում էին Մարինեին, և դա խելացնոր կերպով դուր էր գալիս ինձ: Դիտմամբ ուշ էինք մտնում դահլիճ՝ երրորդ զանգից մեկ-երկու րոպե շուտ, Մարինեն՝ վայելչագեղ բարձր ոտքերով, գնում էր առջևից և գիտեր, որ գեղեցիկ է, որ բոլորը նայում են իրեն, գնում էր թեթև, ասես սառույցի վրայով սահում էր, գլուխը բարձր, խրոխտ, նա լեզվի ծայրը տանում էր կիսաբաց շուրթերի վրայով, և շուրթերը նռան գույն էին ստանում:
Ես բացեցի ճաշացուցակը:
-Ի՞նչ ենք պատվիրում,- հարցրի ես:
-Չգիտեմ: Իսկ ի՞նչ կա:
Աչքերս սահում էին ճաշանունների վրայով, բայց իմ մտքում ոչինչ չէր մնում: Եկավ մատուցողուհին:
-Բարի երեկո,- ասաց նա:- Լսում եմ ձեզ:
-Լավ ու թարմ ի՞նչ ունեք,- կիսաթեքվելով նրա կողմը, ասացի ես: Իսկ հետո ասացի.- Թառափի խորոված կուզենայինք, կլինի՞:- Մատուցողուհին գլխով արեց: Ես նայեցի Մարինեին: Մարինեն դեմ չէր ձկան խորովածին:
— Մարինե, ի՞նչ ես խմելու:
— Մարտինի կուզենայի: Սառույցով:
-Իսկ ինձ համար կոնյակ բերեք: Երկու հարյուր գրամ: Ընտիր կոնյակ ունե՞ք:
-Ունենք,- ասաց մատուցողուհին:- Մոլդավական: Բոլորին դուր է գալիս:
-Հայկական չունե՞ք:
-Որտեցի¯ց,- մեղավոր ժպտաց մատուցողուհին:
-Իսկ խավիա՞ր,- հարցրեց Մարինեն:
-Կճարվի:
-Ուրեմն շատ լավ,- աշխուժացավ Մարինեն:- Սև խավիար շատ եմ սիրում,- ասաց նա:- Իսկ դո՞ւ:
-Ես էլ,- ժպտացի ես ի պատասխան, իսկ մատուցուհուն ասացի.- Այնպես արեք, որ իմ ընկերուհին գոհ մնա:
Մատուցողուհին ժպտաց, սիրալիր մի հայացք ձգելով Մարինեին:
Երաժիշտները թուրքական ինչ-որ եղանակ էին նվագում: Ես նայեցի երաժիշտներին: «Մեր կողմն են նայում: Մարինեին»,- մտածեցի ես առանց խանդի զգացումի, նայեցի Մարինեին:
-Ես ճիշտ չէի,- ասացի ես Մարինեին:- Ճիշտ չէի, երբ ասացի, որ չես փոխվել:
-Փոխվե՞լ եմ:
-Այո: Շա¯տ: Դու հիմա ավելի գեղեցիկ ես: Ուղղակի սքանչելի:
-Շնորհակալություն,- ասաց Մարինեն, կիսաթեք ժպիտով մի կարճ պահ, ասես տարիների խորքից, աչքերը կկոցած՝ մշուշոտ հայացքով նայելով ինձ:- Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում:
Մատուցողուհին բերեց մարտինին ու սառցակտորները՝ պնակի մեջ, կոնյակի կլորիկ սրվակն ու ուտեստեղենը խնամքով ու ջանասիրությամբ շարեց սեղանին: Նա բաց արեց մարտինիի տափակ շիշը, Մարինեին մարտինի լցրեց, ինձ՝ կոնյակ:
-Քո կենացն ենք խմելու առաջինը, Մարինե,- ասացի, երբ մատուցողուհին հեռացել էր արդեն:- Ես երբեք չեմ մոռացել քեզ: Երբեք: Քո կենացը: Ես քեզ համար եկա քաղաք ու քո պատճառով էր նաև, որ գնացի այստեղից,- ներողամիտ ժպիտով ասացի ես Մարինեին:- Բայց միևնույն է, քո կենացը:
-Գիտեմ, ես ամեն ինչ գիտեմ, Վահրամ:Ես եմ մեղավոր ամեն ինչում, միայն ես: Աստված ինքն անգամ անկարող է փոխել մեր անցյալը, անցյալը երբեք չի անհայտանում, այն ստվերի պես շարունակ հետևում է մեզ:
-Ես երբեք չեմ մոռացել քեզ,- կրկնեցի ես:- Իմ կյանքը, ամենայն հավանականությամբ, ուրիշ ուղղությամբ կգնար, Մարինե, միանգամայն այլ ընթացք կունենար, եթե մենք չհանդիպեինք: Ամեն մի սեր էլ ինքնին գեղեցիկ է, միայն թե մարդու սրտում, հոգում ու էության մեջ լինի, այլ ոչ միայն գլխում: Սերն առանց խորին հարգանքի ու ակնածանքի, սեր չէ դեռևս, ես կարծում եմ, որ կյանքն անշահախնդիր ու փոխադարձ սիրո վրա է հիմնված միայն, և ամենածանր տառապանքը տառապանքն է անփոխադարձ սիրո: Այն բանից հետո,- շարունակեցի ես և իսկույն փոխեցի խոսքս,- քո կենացը, Մարինե:Այսօրվա մեր հանդիպման կենացը:
Խմեցինք, իսկ հետո Մարինեն ասաց.
— Իրոք, մարդ երջանկության արժեքն այն կորցնելուց հետո է միայն գիտակցում: Ես շատ եմ մտածել այդ մասին, Վահրամ, և եկել եմ այն եզրակացության, որ արտաքին տեսքն աչք է շոյում միայն, սիրտը գրավելու համար հոգի է պետք: Հոգին համր է, նա ձայն չունի, չի կարող գոռալ և դրա համար էլ ստիպված է դիմանա¯լ, դիմանալ¯… դիմանա¯լ: Սիրած մարդու թերությունները չես նկատում, իսկ չսիրած մարդու արժանիքներն անգամ գրգռում են: Այդպես է, հանուն կնոջ դժվար չէ մեռնելը, առավել դժվար է գտնել այնպիսի կնոջ, որի համար արժենար մեռնել: Գիտես, մարդ սկսում է ծխել, որպեսզի ապացուցի, որ ինքն այնպիսին է՝ ինչպիսին բոլորը, հետո, շատ տարիներ հետո, նա թողնում է ծխելը, դարձյալ ապացուցելու համար, որ ինքը նման չէ ուրիշների: Ահա այդ քայլը՝ լավից դեպի վատը, ինչպես որ խելոքությունից դեպի հիմարություն, դժվար չէ կատարել, ընդամենը մի քայլ, և դու այնտեղ ես, հակառակ քայլն է դժվար, հակառակ քայլը՝ դեպի ետ, որին եզակիներն են ընդունակ միայն: Էհ, Վահրամ, Վահրամ: Երաժշտություն լսենք: Լավ են նվագում:
Ես կրկին հիշեցի այն օրը , երբ տեսա Մարինեին սուպերֆոսֆատի գործարանի կադրերի բաժնի վարիչ Ստեփանի «Վոլգայում» :Հետո թե ինչպես ապտակեցի նրան:
-Ի՞նչ էիր մտածում, — հանկարծակի հարցրեց Մարինեն,- մտքերի մեջ էիր, չուզեցի խանգարել:
-Հենց այնպես մտածում էի:
-Իսկ գիտե՞ս, ես ինչի մասին էի մտածում,- հարցրեց Մարինեն:
-Ինչի՞ մասին էիր մտածում,- հարցրի:
-Մտածում էի այն մասին, որ կինը տղամարդու կողոսկրից է ստեղծված իրոք: Ոչ թե ոտքից, որ ստորացված լինի, ոչ թե գլխից, որ գերազանցի նրան: Այլ կողոսկրից, որ միշտ կողք-կողքի լինի տղամադու հետ` նրան հավասար: Թևի տակ, որ պաշտպանված լինի: Սրտի կողմից, որ սիրված լինի: Մտածում էի նաև այն մասին, թե ինչու՞ շատ հաճախ գեղեցիկ աղջիկները բախտ չունեն:
Ես նայեցի Մարինեին:
-Որովհետև նրանց խաբողները շատ են,- նորից խոսեց Մարինեն:- Դա ճշմարիտ է, որ կանայք ականջներով են սիրում: Աշխարհի ամենագայթակղիչ խոսքերը նրանց են ասում, պարզ է, նրանք էլ խաբվում են: Մի՞թե ճիշտ չէ:
-Երևի ճիշտ է:
Մատուցողուհին բերեց ձկան խորովածը:
-Այս մեկն էլ խմենք քո կենացը Վահրամ,- ասաց Մարինեն, այնուհետև երկարուկ բաժակը դրեց սեղանին, երկու սառցակտոր սահեցրեց բաժակի մեջ:- Շնորհակալություն, որ զանգեցիր: Թե միայն իմանայիր որքան դժվար է ապրել կարոտով ու իմանայիր նաև, թե ինչքան էի ուզում տեսնել քեզ: Քո մասին ոչինչ չես պատմում,- ասաց Մարինեն՝ նայելով ինձ:
-Ի՞նչ պատմեմ,- ասացի ես: Որոշ ժամանակ լուռ էի:- Այստեղից գնացի Քաջարան: Պղնձահանքերում էի աշխատում: Միաժամանակ սովորում էի համալսարանում: Համալսարանից հետո միառժամանակ թերթում, այնուհետև գրական ամսագրում էի աշխատում, այժմ հանրապետական թերթում եմ աշխատում: Կարճ կենսագրություն ունեմ:
-Կրկին ու նորից խմենք մեր հանդիպման առթիվ:- Ես իմ ըմպանակը մոտեցրի Մարինեի բաժակին:- Իմ և քո կենացը, Մարինե,- առանց ըմպանակը ետ քաշելու, ասացի ես: Ես շարունակ նայում էի Մարինեի կիսաբաց շուրթերին:- Իմ կյանքը միշտ լցված է եղել քեզնով, Մարինե: Բառերն ավելորդ են թվում երբեմն, երբ քեզ մոտ է նա, ում տենչում է սիրտդ, ով ջերմացնում ու լուսավորում է հոգիդ, որին ոչ միայն խելացնոր կերպով սիրում ես, այլև ամեն ակնթարթ նորիցնոր ու առավել ուժգին ես սիրահարվում: Սերը մի կախարդանք է, որին ոչ բնությունը կարող է հաղթել, ոչ աղքատությունը և ոչ էլ ժամանակը, և պետք է այնպես սիրել, որպեսզի, անցնելով հազար գեղեցկուհու կողքով, ուշք չդարձնես նրանցից ոչ ոքի: Ահա այդպես էի սիրում ես քեզ, Մարինե: Դու իմ առաջին սերն էիր, աստվածային իմ սրբությունը մաքրամաքուր ..
-Պետք չէ, Վահրամ,- առանց հայացքը բարձրացնելու, ասաց Մարինեն, հետո նայեց ինձ հոգնած ու վշտաբեկ:- Դու իմ մասին ոչինչ չգիտես,- ասաց նա:- Ես բոլորովին էլ այնպիսին չեմ, ինչպիսին դու ես կարծում: Ես այն Մարինեն չեմ, Վահրամ: Ասեմ քեզ, կա հինգ բան, որ ետ բերել անհնարին է՝ նետած քարը, ասված խոսքը, չօգտագործված հնարավորությունը, ժամանակը, որ բաց է թողնված և սերը, որ կորցրել ես ընդմիշտ: Նախկին Մարինեն այլևս չկա,- Մարինեն թույլ ժպտաց:- Այն Մարինեն մնաց տարիների խորքում:
-Խմենք,- ես մի ումպով խմեցի կոնյակը:
-Ամեն ինչ սկսվեց այն ապտակից,- քիչ հետո ասաց Մարինեն:- Մեղավոր էի: Զգում էի, որ մեղավոր եմ, բայց, միևնույն է, չէի ուզում քեզ տեսնել: Նա ինձ ասաց, որ աշխատանքի կընդունի կադրերի բաժնում, իր մոտ: Այո, ես նրա հետ հանդիպում էի, իսկ քեզ ոչինչ չէի ասում: Մայրս է մեղավոր, ես մինչև հիմա էլ նրան ներել չեմ կարողանում:
-Ձեր հարևանուհին ինձ ամեն ինչ պատմեց քո մասին: Սուպերֆոսֆատի դեպքից հետո երկու օր անց եկել էի ձեզ մոտ, սիրտս չէր դիմանում, ուզում էի հանդիպել քեզ: Բայց դու չկայիր: Նա պատահաբար տեսավ ինձ, պատմեց ամբողջը: Եվ ես որոշեցի գնալ, հեռանալ այստեղից:
-Ստեփանի հետ էի,- կրկնեց Մարինեն: Մեքենայով մինչև ուշ երեկո ման էր ածում քաղաքից դուրս: Ասում էր՝ սիրում է ինձ, դեռ շատ վաղուց, ասում էր: Եվ եթե ես լքեմ իրեն, ասում էր նա, ապա ինքն իրեն միանգամայն դժբախտ կզգա: Նա խոսում էր ու խոսում: Ամեն ինչ լավ կլինի, ասում էր, կսովորես: Բաքվի բժշկական ինստիտուտում ծանոթ ունեմ, ասում էր, ընդունել կտամ: Մի խոսքով, ամեն ինչ վճռված էր: Գիտես, սերն իրավամբ աստվածային պարգև է և այն պետք է գնահատվի ըստ արժանվույն ու աստվածային վսեմությամբ: Այն իրենից հետո պետք է թողնի այնպիսի քնքշալից հիշողություններ՝ գեղեցիկ սիրատածության, ջենտլմենական վարվելաձևի, առատաձեռնության ու անբասիր ըմբռնողության մասին, որ կինն այլ ընտրանքի ցանկություն չունենա բնավ ու, եթե, աստված չանի, մտքովն անգամ անցնի, չկարողանա նմանը գտնել: Դու հասկանո՞ւմ ես ինձ:
Ես նրան, իհարկե, հասկանում էի:
-Սերը ծնվում է սրտում, արտացոլվում աչքերում ու ապրում արարքներում:- Մարինեն ուշադիր նայեց ինձ, ասես փորձելով հասկանալ ՝ իր ասածի իմաստը հասնո՞ւմ է ինձ արդյոք:
-Հետո՞,- ասացի ես, հեռուն գնացող իր մտքերից նրան վերադարձնելով մեր խոսակցությանը::
-Շատ էի բարկացած քեզ վրա,- շարունակեց Մարինեն:- Ապտակի համար շատ էի բարկացած: Հիմա էլ որ հիշում եմ, վատ եմ զգում: Բոլորի ներկայությամբ: Քո մասին ձգտում էի չմտածել: Իսկ հետո այլևս չտեսա քեզ: Միայն մի անգամ, չգիտեմ ով էր, ասաց, որ գնացել ես քաղաքից: Բայց և այնպես հետագայում հոգուս խորքում ինչ-որ տեղ ցավ էի զգում քեզ համար: Մեղավոր էի զգում ինձ:
Ես ծխախոտ վառեցի:
-Իսկ հետո ընդունվեցի ինստիտուտ,- միանգամից ասաց Մարինեն,- ոչ բժշկական, իհարկե: Առևտուրը չէր ձգում, թողեցի տեխնիկումը, ընդունվեցի քիմիայի ինստիտուտ: Այդ բնագավառում էլ աշխատում եմ:
-Իսկ նա՞: Ստեփանը: Ի՞նչ եղավ:
-Շուտով ուղարկեցին Մոսկվա՝ սովորելու: Գնալիս եկավ կանչեց, դուրս եկանք: Խնդրում էր, որ սպասեմ: Կսպասեմ, ասացի: Հինգ կոպեկանոց գցեց ծովը: Ասում էր, երբ հինգ կոպեկանոց ես գցում ծովը, անպայման բարեհաջող ետ ես գալիս:
Մարինեն լռեց:
-Խմիր,- ասացի ես:- Մեր անցած օրերի կենացը:
-Այսքան ինձ չի կարելի, -ասաց Մարինեն:- Բայց խմում եմ: Ուխտավորի երկյուղածությամբ խմում եմ մեր անդարձ, մեր անցած, մեր կորած օրերի կենացը: Ես հաճախակի գիտե՞ս ինչ եմ հիշում,Վահրամ, մեր այն համբյուրը ձեր անտառում՝ հորդ անձրևից հետո: Քո միամիտ մաքրությունն այնպես էր գերել ինձ, որ ես համարյա թե համաձայն էի ամեն ինչի: Ի¯նչ լավ էին, ի¯նչ թարմ էին վարդերը:
Ես նայեցի նրան: Նա արտասվում էր:
-Գնանք պարելու,- ես կիսաբարձրացա տեղից:- Այսքան տարիներ քեզ հետ չեմ պարել:
-Գնանք:
Սկսեցինք պարել: Ես իմ կրծքին զգում էի նրա մարմնի փխրուն ջերմությունը, իմ ռունգերում նրա ոսկեզօծ մազերի բուրմունքն էր, նրա ողորկ պարանոցի մանուշակաբույրը: Իմ գլուխն ասես պտտվում էր պարի պտույտների հետ, ու չգիտեի՝ կոնյակի՞ց էր, թե՞ Մարինեի այդքան մոտիկությունից:
-Մարինե,- կամացուկ, ասես Մարինեն հանկարծ քնից կարթնանա, շշնջում էի ես:- Դու իմն էիր: Ես քեզ խելահեղորեն սիրում էի: Ինչո՞ւ ամեն ինչ այսպես ստացվեց:
Մարինեն չէր պատասխանում:
-Ախր ինչո՞ւ այսպես դառավ: Ինչո՞ւ,- ասացի ես՝ Մարինեին սեղմելով իմ կրծքին:
-Կարծում ես՝ ես գիտե՞մ,- տխրաձայն ասաց Մարինեն, գլուխը սեղմելով իմ ուսին:- Հետաքրքիր է, ինչո՞ւ կյանքն այնպես է դասավորված, որ ինչ հարկավոր է, քիչ է պատահում, ինչ որ պետք չէ՝ կա ամեն քայլափոխի:
Նվագը վերջացավ: Կրկին նստեցինք սեղանի մոտ: Ես կանչեցի մատուցողուհուն:
-Ի՞նչ սիգարետ ունեք,- հարցրի:
-Իսկ ի՞նչ եք ուզում:
-«Պառլամենտ»:
-Հիմա կբերեմ,- ասաց մատուցողուհին:
Մարինեն նայեց ինձ: Երկար նայում էր, հետո ասաց.
-Չե՞ս ամուսնացել, Վահրամ:
-Ամուսնացել եմ,- ստեցի ես, Մարինեից փախցնելով հայացքս:
-Չգիտեի,- տխուր ասաց Մարինեն:- Վաղո՞ւց:
-Վաղուց,- ասացի ես՝ դարձյալ առանց Մարինեին նայելու:
Մատուցողուհին բերեց ծխախոտը:
-Եվ սիրո՞ւմ եք իրար,- մտախոհ հարցրեց Մարինեն:
-Չգիտեմ:- Ես նոր սիգարետ վառեցի:- Առհասարակ չեմ ծխում,- ասացի ես:- Միայն երբ խմում եմ: Ուզո՞ւմ ես:
-Տուր:- Մարինեն սիգարետ վերցրեց:
«Ճշմարիտ է, նախկին Մարինեն չկա այլևս,- դառնությամբ մտածում էի ես, նա մնացել է տարիների խորքում, հեռու:»:
-Հետո՞,- հանկարծ ասացի ես:- Դու բոլորն ինձ պատմիր: Ինչ քեզ հետ եղել է:
-Ինչ է, ուզում ես գրե՞լ,- քմծիծաղեց Մարինեն՝ ծխից մշուշված աչքերով մի ակնթարթ նայելով ինձ:
-Դիցուքև:
-Խորհուրդ չէի տա: Իմ կյանքը չի տեղավորվի թերթում: Ինձ հետ այնքա¯ն բան է եղել:
-Չեմ գրի: Ինչո՞ւ գրել,- ժպտացի ես ու փորձեցի կատակել:- Միևնույն է, դու հայերեն կարդալ չգիտես:
-Կսովորեմ,- Մարինեն նույնպես ժպտաց:
-Դու պատմիր ինձ բոլորը,- կրկին ասացի ես:- Բոլորը, ինչ եղել է: Սպասեցի՞ր նրան:
-Ո՞ւմ:
-Ստեփանին:
-Սկզբում սպասում էի: Հետո ինձ ասացին, որ նա շատերի հետ է ման եկել ու թողել:- Մարինեն լռեց, այդպես լուռ մնաց երկար:- Բայց ահա մի օր,- շարունակեց նա,- հիշում եմ, արևոտ օր էր, ավելի ճիշտ՝ իրիկնամուտ էր, արևը մայր չէր մտել դեռ, փողոցի մի մասն արևի մեջ էր դեռ, մյուսը՝ ստվերի: Ահա այդ արևի միջով գալիս եմ, և հանկարծ մեկը տնկվում է կողքիս՝ հեծանիվի վրա, ժպտերես, սև մազափունջը ճակատին, որ նա գլխի թեթև շարժումով շարունակ ետ էր նետում, ու ասում է. «Ես քեզ ինչ-որ տեղ տեսել եմ»:
-Ես քեզ ինչ-որ տեղ տեսել եմ,- ասաց տղան, առանց հեծանիվից իջնելու:
Մարինեն նայեց նրան, չէր ուզում պատասխանել, բայց տղան ժպտում էր բարեհոգի ժպիտով, և նա ասաց.
-Ես այնտեղ հաճախակի եմ լինում:
-Իսկ գեղեցկուհու անունն ինչպե՞ս է,- հարցրեց տղան՝ շարունակելով ճանապարհը:- Իմ անունը, օրինակ, Արմեն է:
Մարինեն չպատասխանեց, առանց տղային նայելու, գնում էր, իսկ տղան ձեռք չէր քաշում, հեծանիվով գալիս էր կողքից:
-Այդքան բարի, այդքան գեղեցիկ, այդքան լավիկը,- շարունակեց տղան,- ու այդքան նեղացկոտ:
-Իսկ ինչո՞ւ նեղացկոտ,- հանկարծ ասաց Մարինեն ու նայեց տղային, որի դեմքից չէր իջնում ժպիտը:
-Որովհետև բարև չտվի, նեղացար,- ժպտաց տղան:
Մարինեն նույնիսկ չկարողացավ պահել ժպիտը:
-Հարազատ մարդիկ պետք է իրար հետ դու-ով խոսեն,- ասաց տղան:
-Մենք ի՞նչ հաազատ ենք որ,- զարմանքով ասաց Մարինեն:- Ես ձեզ կյանքում տեսած չկամ անգամ:
-Դա նշանակություն չունի,- ասաց տղան,- այսուհետև ամեն օր տեսնելու ես: Դու դեռ կսիրահարվես ինձ:
Մարինեն կողքանց նայում էր նրան, ու նորից ժպիտը չէր կարողանում պահել:
-Հաստատ բան եմ ասում,- շարունակեց տղան,- սիրահարվելու ես: Ես խոսքը քամուն տվողներից չեմ: Ուզո՞ւմ ես գրազ գանք:
-Բայց դուք շատ եք ինքնահավան,- ասաց Մարինեն ժպտալով,- այդպես չի կարելի:
-Իսկ դո՞ւ,- ասաց տղան ու նորից նրա ամբողջ դեմքը ողողվեց բարեհոգի ժպիտով:- Քո գեցեղիկ աչքերում և խորամանկություն կա և մի փոքր էլ մեծամտություն:
-Մի՞թե,- ասաց Մարինեն:
-Այո: Ի դեպ, քեզ նման գեղեցիկ աղջիկները՝ երկրպագուներով շրջապատված, հազվադեպ են մենակ լինում,- ասաց տղան,- բայց շատ հաճախ վերջում մնում են միայնակ: — Նա արագ փոխեց խոսքը:- Դու ամեն օր կաթո՞վ ես լվացվում,- հարցրեց նա:
-Ինչո՞ւ կաթով,- զարմացավ Մարինեն:
-Չգիտեմ,- ասաց տղան:- Երևի կաթով ես լվացվում, որ այդպես սիրուն ես:
-Ոչ, վարդաջրով եմ լվացվում,- ծիծաղեց Մարինեն: Նա չէր ուզում ծիծաղել, չէր ուզում ժպտալ, չէր ուզում նայել տղային, բայց չէր ստացվում. նայում էր, ժպտում: Ձայնն էլ այնպես հաճելի էր: Մարինեի ժպիտը, հավանորեն, քաջալերում էր տղային, նա հեծանիվը նստած դանդաղ պտտում էր ոտնակները՝ աշխատելով ոչ առաջ ընկնել, ոչ՝ ետ:
-Ես քեզ դուր եմ գալիս,- ասաց տղան: -Ես դա զգում եմ:
-Ի՞նչ,- ծիծաղեց Մարինեն:
Հասել էին Մարինեենց տանը: Մարինեն ցանկացավ մտնել շքամուտք: Բայց տղան հեծանիվով փակել էր շքամուտքը: Եվ դարձյալ դեմքից չէր իջնում ժպիտը:
-Ինչպես տեսնում եմ, շատ եք ուրախ,- ասաց Մարինեն:
-Իսկ ինչ է, դա դուր չի՞ գալիս ձեզ,- ասաց տղան: Նա մեկ դու-ով էր խոսում, մեկ անցնում էր դուք-ի:
-Դուր է գալիս, ինչու չէ,- պատասխանեց Մարինեն, նայելով նրան:
-Այդ դեպքում ամուսնացիր ինձ հետ,- հանկարծ ասաց տղան:
-Առանց սիրո՞,- խաղի մեջ մտավ Մարինեն:
-Հետո կսիրես,- ժպտաց տղան:
-Հետո՝ ե՞րբ,- հարցրեց Մարինեն:
-Հենց որ ամուսնանաս:
-Իսկ դո՞ւ,- ակամա ինքն էլ դու-ի անցնելով ասաց Մարինեն:
-Ես հիմա էլ սիրում եմ:
-Մի՞թե: հենց առաջին հայացքի՞ց,- ժպտաց Մարինեն:
-Այո,- պատասխանեց տղան:- Սեր՝ առաջին հայացքից: Դա ամենամաքուրն է: Մնացածը դատարկ բան է: Բայց այս էլ կա, որ ինչքան շատ ես սիրում , այնքան շատ ես տառապում:
-Կյանքի կարգին փորձ ունես, ինչպես տեսնում եմ,- ասաց Մարինեն:
-Իհարկե,- ժպտաց տղան,- բայց ոչ ոք ինձ դուր չի գալիս,- ավելացրեց նա:- Քեզնից բացի: Դու լավն ես, իսկ մազերդ՝ ոնց որ ոսկեջրած, ձայնդ էլ անչափ բարի է: Ասես լեռնային գետակի կարկաչ:
-Իսկ եթե սխալվո՞ւմ ես,- ասաց Մարինեն:- Ես շատ վատն եմ, չարը:
-Եվ ո՞վ կհավատա քեզ,- ասաց տղան:- Դու չգիտես քեզ, ինձնից հարցրու, ես քեզ պես աղջիկ չեմ տեսել կյանքում:
-Քո ամբողջ կյանքն առջևում է դեռ,- ասաց Մարինեն ժպտադեմ:- Դեռ շատ կտեսնես: Դու դեռ երեխա ես:
-Երեխա ես գտել,- ծիծաղեց տղան:- Բանակ գնացած-եկած տղա եմ, ինչ երեխա: Երեխաները մանկապարտեզում են լինում:Նոր եմ եկել բանակից: Այս ամսին:
-Դա ինձ չի վերաբերում,- լուրջ դեմք ընդունելով ասաց Մարինեն:-Հեծանիվը քաշեք, տանը սպասում են ինձ:
-Պատասխանեք իմ հարցին, հետո,- ասաց տղան:
-Ի՞նչ հարց,- ուսերը թոթվեց Մարինեն:
-Կամուսնանա՞ք ինձ հետ:
-Հենց հիմա՞,- ծիծաղեց Մարինեն:- Սպասեք գնամ մորս ասեմ՝ նոր: Առանց նրա համաձայնության անհարմար է:
-Որ չգաս՝ կփախցնեմ,- ասաց տղան:- Հաստատ:
-Այս հեծանիվո՞վ,- կրկին ծիծաղեց Մարինեն:
Տղան ճանապարհից մի կողմ քաշեց հեծանիվը:
-Գնա,- մռայլ ասաց նա:- Չեմ խանգարի:
Մարինեն արագ բարձրացավ աստիճաններով, բայց չգիտես ինչու, մտածում էր տղայի մասին: «Վիրավորվեց»,- մտածեց նա: Նա նույնիսկ ցանկացավ ետ դառնալ, ներողություն խնդրել: Բայց ետ չդարձավ: Մյուս օրը տղան նորից եկավ: Դարձյալ երեկոյան դիմաց: Առանց հեծանիվի: Մարինեն խոհանոցի պատուհանից տեսավ նրան: Դուրս եկավ: Անցած օրվա նման չէր. տղան համարյա չէր ժպտում:
-Այս գիշեր չեմ քնել,- ասաց նա:
-Ինչո՞ւ,- հարցրեց Մարինեն:
-Ձեր մասին էի մտածում,- ասաց տղան՝ ասես չհամարձակվելով նայել Մարինեին:
Այդպես սկսեցին հանդիպել Մարինեն ու Արմենը:
Շահումյանի Սառնաղբյուր գյուղից էր: Ծնողներն այնտեղ էին, գյուղից էր բանակ գնացել: Ամուսնացած եղբայր ուներ Սումգայիթում, նրա մոտ էր ապրում: Բանակից նոր էր եկել, չէր գրանցվել դեռ: Հետո գրանցվեց, աշխատանքի մտավ: Տրամվայի հավաքակայանում էր աշխատում: Եվ ահա մի օր նա եղբոր հետ եկավ Մարինեենց տուն: Մարինեին չէր ասել, ուզում էր հաճելի անակնկալ մատուցել: Մարինեի սիրտն ասես կանգ առավ, երբ նրանք ներս մտան: Իր և Ստեփանի ինտիմ հարաբերությունների մասին նա ոչինչ չէր ասել Արմենին: Դա մտատանջում էր նրան: «Ի՞նչ անել,- մտածում էր Մարինեն,- ինչպե՞ս բացատրել նրան»: Որոշեց ասել: Ոչ այդ օրը, իհարկե: Մյուս օրը Արմենը զանգեց, առաջարկեց կինո գնալ, սակայն Մարինեն չուզեց: Նա ուզում էր Արմենին պատմել բոլորը: Այն մասին, թե ինչպես մի անգամ, երբ ինքը դեռ իներորդ դասարանում էր, երեկոյան ուշ իրենց մոտ եկավ Ստեփանը: Մայրն այդ օրը հերթապահում էր հիվանդանոցում: «Կարևոր բան ունեմ ասելու»,-ասաց նա: Մարինեն բաց արեց դուռը և վախեցած սեղմվեց պատին: Ստեփանը խմած էր, աչքերը վառվում էին չարագուշակ փայլով: «Դու իմը կլինես,- ասաց այն ժամանակ Ստեփանը,- դու միայն ինձ պիտի պատկանես, լսո՞ւմ ես, և այն էլ այսօր, հենց հիմա»: Մարինեն չհասցրեց անգամ ճչալ, Ստեփանը միանգամից գրկեց նրան, առաջ հրելով տարավ դեպի բազմոցը: Մարինեն դիմադրում էր: Նրանք բազմոցին չհասան, Ստեփանը կոպտորեն նրան գցեց հատակին, պատռտեց շորերը:
Մարինեն ուզում էր Արմենին պատմել, որ Ստեփանը բռնի ուժով տիրեց իրեն, ուզում էր ամեն ինչ բացատրել նրան, բայց վերջին պահին, չգիտես ինչու, ասաց.
-Մինչև քեզ մեկի հետ հանդիպել եմ:Ստեփան է անունը: Մենք պիտի ամուսնանայինք:
-Հետո՞,- ցածր ասաց Արմենը: Ձայնն ասես ինչ-որ հեռավոր տեղից էր գալիս: Թվում էր հիմա կընդհատվի շնչառությունը:
-Մենք նրա հետ պիտի ամուսնանայինք,- շարունակեց Մարինեն:-Սակայն: սակայն մինչև հարսանիք չսպասեցինք: հիմարություն, երեխայություն էր դա: իսկ հարսանիքից երկու օր առաջ նրա մեքենան վթարի ենթարկվեց, և նա զոհվեց:
Մի պահ Արմենը նստել էր անշարժ, այտամկանն էր միայն ցնցվում շարունակ: Հետո ծանր վեր կացավ տեղից, գնաց: Գնում էր գլխիկոր, առանց ետ նայելու: Մարինեն նայում էր նրա ետևից ու չգիտեր ինչ անել: Իսկ հետո լաց եղավ: Երկար ու դառը լաց եղավ Մարինեն:
-Իսկ հետո՞,- առանց Մարինեին նայելու, հարցրի ես:-Այդպես էլ գնա՞ց:
-Ոչ,- պատասխանեց Մարինեն:- Սիրում էր: Մի շաբաթից եկավ:
Մի շաբաթ հետո Արմենը եկավ անթրաշ, աչքերը կարմրած: Լռին նայում էր Մարինեին, ինչպես հավատացյալը սրբապատկերի:
-Չեմ կարող առանց քեզ,- ասաց նա,- սիրում եմ, չեմ կարող, ուժ չունեմ:
Նորից սկսեցին հանդիպել Մարինեն ու Արմենը: Նոր տարվա նախօրյակին Արմենը աշխատանքից ուղիղ գնաց Մարինեենց մոտ: Տանը միայն Մարինեն էր:
-Մի տուն եմ գտել,- ասաց Արմենն ուրախ տրամադրությամբ:- Կապրենք վարձով, մինչև բնակարան կտան: Խոստացել են:
Առանց հարսանիքի, երաժշտության ամուսնացան: Ամեն ինչ լավ էր, աշխատավարձն Արմենը ստանում, մինչև վերջին կոպեկը բերում էր Մարինեին: Մարինեն նույնպես աշխատում էր: Հաշվառող էր տրամվայի հավաքակայանում: Երեք ամիս էր, ինչ միասին էին, պլանավորում էին, թե ուր գնան ամառը:
-Կգնանք մեզ մոտ, Շահումյան,- ասում էր Արմենը:- Երկրագնդի վրա մեր Սառնաղբյուր գյուղի պես գյուղ չկա: Հորդահոս գետակներով, բարձր, մինչև երկինք հասնող Դոտսար ու Ալհրակ սարերով ու անտառներով շրջապատված, ծաղիկների ու վարդերի մեջ կորած: Ինչպես որ հայկական բոլոր տեղանուններն այդ կողմերում՝ ադրբեջանցիներն, ասում էր, փոխել են նաև մեր գյուղի անունը, Բուզլուխ են կոչում, իսկ Ալհրակ լեռը՝ Քյափազ:
Քաղաքում էր ապրում նա, բայց հոգով գյուղի հետ էր, շարունակ գյուղից էր խոսում, գյուղի սարերից, աղբյուրներից: Այնտեղ էր անցկացրել մանկությունը, ավարտել միջնակարգը: Իսկ Ստեփանի մասին չէր խոսում: Թեպետ Մարինեն զգում էր, որ նա հաճախակի էր մտածում այդ մասին: Մտածում էր, տանջվում, բայց ոչինչ չէր ասում: Արմենի գլխի մեջ ամուր նստած էր իր և Մարինեի միջև կանգնած մի երրորդի ստվերը: Եվ նա չէր կարողանում սրտից հանել դա: Տանջվում էր, զգում էր դա Մարինեն, բայց ի՞նչ կարող էր անել: Միայն մի անգամ Արմենն ասաց.
-Իմ գլխից դուրս չի գալիս այն, որ մեկը պարկել է քեզ հետ, Մարինե, անկողնում գրկել է քո մերկ ուսերը, սիրո խոսքեր է ասել, համբուրել է քո հրաշք մարմինը, շուրթերը: Ես կգժվեմ:- Դեմքը ձեռքերով ծածկած էր խոսում, և մատները դեմքի վրա ասես դողում էին:
-Այդ մասին այլևս խոսք չլինի, խնդրում եմ,- ասաց Մարինեն: — Ես հասկանում եմ քեզ, Արմեն, բայց խնդրում եմ, չխոսես այդ մասին: Նա չկա:
-Լավ,- ցածր ասաց Արմենը: Ու այլևս չխոսեց: Իսկ գարնան մի օր, ապրիլի կեսերին էր, Արմենը ուշ եկավ տուն: Խմած էր: Ձեռքին բանալի կար, բայց ինքը չբացեց դուռը: Երկար սեղմեց դռան զանգը: Մարինեն բացեց դուռը և տեսավ նրան՝ շեմքին կանգնած, ոնց որ երեք օրվա անքնությունից՝ աչքերը լիովին կարմրած: Նայեց նա Մարինեին ուղիղ, անքթիթ: Եվ Մարինեն ներըմբռնողաբար հասկացավ. որ նա ամեն ինչ գիտի: «Ստեփանն է ասել»,- իսկույն անցավ Մարինեի մտքով:
Չէր սխալվում Մարինեն: Իրոք Ստեփանն էր ասել: Նա Արմենին կանգնեցրել էր փողոցում ու հենց մեքենայից հարցրել. «Ինչպե՞ս է Մարինեն, նա չի՞ կարոտում ինձ»: «Իսկ դու ո՞վ ես»,- շվարած հարցրել էր Արմենը: «Իրեն հարցրու,- ծիծաղել էր Ստեփանը:- Մենք Մարինեի հետ հաճելի օրեր շատ ենք անցկացրել իմ բնակարանում: Ասա Ստեփանը բարևում է»: Նայեց Մարինեն ու հասկացավ ամեն ինչ: Իսկ Արմենը ներս մտավ, առանց մի խոսքի, լռին անցավ սենյակ: Մարինեն մտել էր խոհանոց ու սիրտ չէր անում գնալ նրա մոտ: Վերջապես սիրտ արեց, ներս մտավ: Արմենն արդեն կապել էր ճամպրուկը:
-Հարսանիքից երկու օր առաջ մեռածները հարություն են առել,- ասաց Արմենը խուլ, հազիվ լսելի ձայնով:- Ուրեմն խաբել ես ինձ: Եվ հիմա երկուսով ինձ վրա ծիծաղում եք երևի:
Մարինեն մնացել էր կանգնած, խոսք չէր գտնում ասելու, արտասվում էր միայն: Արմենը ճամպրուկը վերցրեց, դուրս եկավ:
-Ամբողջ մի տարի մենակ էի,- հառաչեց Մարինեն:- Հետո նորից եկա մերոնց մոտ: Մայրս հետս չէր խոսում, եղբայրս փոքր էր: Անտանելի էր:
Ես մոխրամանի մեջ հանգցրի ծխախոտը:
-Պատմիր,- ասացի ես:-Հետո՞, այլևս չեկա՞վ:
-Ոչ: Այստեղ մի ընկեր ուներ, անունը Սեյրան: Ավտոբուսի վրա էր աշխատում: Գնացի նրա մոտ, վերցրի հասցեն՝ քաղաք Վոլժսկ: Իսկ որտեղ էր այդ Վոլժսկը՝ պատկերացում անգամ չունեի:
-Լցնե՞մ բաժակները,- վերցնելով շիշը, ասացի ես:
-Հերիք է: Դու խմիր, եթե ուզում ես: Ես չեմ ուզում: Ասա, թող սուրճ բերեն:
Ես մոտ կանչեցի մատուցողուհուն, խնդրեցի, որ սուրճ բերի:
-Սուրճը կոնյակով շատ հաճելի է,- ասացի ես:- Մի գավաթ սուրճին ՝մի քանի գրամ կոնյակ:- Ես կոնյակ լցրի սուրճի մեջ:
Սուրճն իրոք լավ էր կոնյակով: Մարինեին նույնպես դուր եկավ: Լուռ երաժշտություն էինք լսում:
-Գնացիր այնտե՞ղ, Վոլժսկ,- երկար լռությունից հետո հարցրի ես:
-Այո,- ասաց Մարինեն, ցածր հառաչեց:-Գնացի:
-Դու, ինչ է, սիրո՞ւմ էիր նրան:
-Չգիտեմ: Երբեք չեմ մտածել այդ մասին:
Մարինեն երբեք չէր մտածել այդ մասին՝ սիրո՞ւմ է Արմենին, թե ոչ: Պարզապես ընտելացել էր նրան: Բացի այդ, նա իրեն մեղավոր էր զգում: «Պետք է սկզբից ասեի ճշմարտությունը»,- մտածում էր Մարինեն: Նրան թվաց, թե Արմենի համար հեշտ կլիներ, եթե ինքն ասեր, որ Ստեփանը չկա: «Հարսանիքի, վթարվելու մասին զուր հնարեցի,- մտածում էր Մարինեն ու ինքն իրեն հուսադրում,- ոչինչ, կգնամ, կբացատրեմ, կհասկանա»: Արդյունաբերական փոքրիկ քաղաք էր Վոլժսկը, Կազանից մի հարյուր կիլոմետր այն կողմ: Ձյունը մինչև գոտկատեղ էր հասնում: Մարինեն գտավ տունը: Երկհարկանի փայտե շենք էր, շենքի բակում մեկին հարցրեց, ասաց, որ, այո, այստեղ է ապրում, ցույց տվեց լուսամուտը, ասաց, որ երկրորդ հարկի ձախ դուռն է : Լույսը վառվում էր: Մարինեի սիրտը անհանգիստ խփում էր: Հուզվում էր: Բարձրացավ, սեղմեց դռան զանգը:
-Ո՞վ է,- հարցրին դռան ետևից:
Սիրտը դարձյալ անհանգիստ խփում էր, թվում էր հիմա կընկնի:
Դուռը կիսաբացվեց, և ռուս մի կին՝ մոտ 30-35 տարեկան, Մարինեին ոտից գլուխ չափելով ասաց.
-Ո՞ւմ եք ուզում:
-Արմենը տա՞նն է,- հարցրեց Մարինեն:
-Արմե՞նը:- կնոջ աչքերը մանրացան, նա քիչ լռեց, հետո ասաց.- Իսկ դուք ո՞վ եք:
-Բարեկամուհին,- ասաց Մարինեն:
-Տանը չէ,- զննելով Մարինեին, ասաց նա:- Երկրորդ հերթի է աշխատում:
Եվ հասկացավ Մարինեն, որ ամուսնացել է Արմենը, և ուժով պահեց իրեն, որ չփղձկա, աստիճանների բազրիքից բռնելով, դանդաղ իջավ, բոլորը ինձնից փախչում են, մտածում էր, և նրա սիրտը լաց էր լինում: Աստիճաններով իջնելիս մի անգամ էլ ետ նայեց. անծանոթ կինը դեռ կանգնած էր դռների արանքում: Մարինեն նայեց նրան, այդ կինը, իհարկե, ամեն ինչ հասկացել էր, կարող է նույնիսկ գիտեր Մարինեի մասին: Արցունքներն անդադար հոսում էին Մարինեի այտերն ի վար:
-Եվ այդպես էլ չտեսա՞ր նրան,- հարցրի ես երկար լռությունից հետո:
-Ոչ,- արձագանքեց Մարինեն:- Այլևս չտեսա: Ես նրան երբեք չեմ մեղադրում: Նա մեղավոր չէր, ես խաբեցի նրան:
-Իսկ Ստեփա՞նը:- նորից հարցրի ես՝ ծխախոտ վառելով:- Նրան նույնպե՞ս այլևս չտեսար:
-Տեսա,- դառը ժպտաց Մարինեն:- Հենց կայարանում:
Մարինեն Ստեփանին տեսավ դեռևս վագոնի բաց հարթակից: Ասես հեռագրել էր, որ դիմավորեր:
-Ստեփան,- կանչեց Մարինեն:
Ստեփանը տեսավ նրան, ձեռքով ողջունեց:
-Դու այս որտեղի՞ց ես գալիս,- հապշտապ մոտենալով հարցրեց Ստեփանը:
Մարինեն չպատասխանեց նրա հարցին:
-Իսկ դու ի ՞նչ ես անում այնտեղ:
-Մի ծանոթ տղա կա, Մոսկվա ճանապարհեցի:
-Ինձ կտանե՞ս տուն,- հարցրեց Մարինեն:
-Մեծ հաճույքով,- ձեռքերը տարածեց Ստեփանը: Մարինեի մասին Ստեփանն ամեն ինչ գիտեր, հետաքրքրվել էր:
-Գնանք ինձ մոտ,- ասաց Ստեփանը:- Սուրճ կխմենք, երաժշտություն կլսենք: Նոր ձայնապնակներ ունեմ:
Տանը չգիտեին, որ Մարինեն եկել է, իսկ իր համար արդեն միևնույն էր:
-Գնանք,- ասաց Մարինեն:
Սկսեցին կրկին հանդիպել: Լավ էր վարվում Մարինեի հետ: Աշխարհն առանց բարի հոգիների չէ, մտածում էր Մարինեն, իսկ Ստեփանի մասին լսածներին այլևս չէր հավատում: Նույնիսկ չնախատեց, թե ինչո՞ւ իրենց հարաբերությունների մասին պատմել էր Արմենին: «Սիրում է ինձ,- մտածում էր նա,- դրա համար է երևի պատմել»: Ասում էր, որ միշտ սիրել է Մարինեին, սիրում է ու կսիրի ընդմիշտ: Սակայն ինչ-որ բանից վախենում էր նա, չէր ուզում զագս գնալ Մարինեի հետ: Ինչի՞ց էր վախենում՝ Մարինեն չէր հասկանում: Բայց շուտով ամեն ինչ պարզվեց: Երեխով էր Մարինեն: Ստեփանը չկար, նա մի քանի օրով գործուղման էր մեկնել Մոսկվա: Մի շաբաթ հետո եկավ: Իսկույն զանգեց Մարինեին: Ասաց, որ շատ է կարոտել: Հրավիրեց իր մոտ՝ տուն: Մարինեն համոզված էր, որ նա ուրախությունից պիտի խենթանա՝ լսելով երեխայի մասին: Սակայն այդպես չեղավ, նա Մարինեի հրճվագին նորությունն ընդունեց սառնորեն, ավելին՝ գույնը գցեց: «Բաքվում ընտանիք ունեմ, ասաց, խնդրում եմ ինձ չխայտառակես, Մարինե:»:
Մարինեի ոտքերն ընկավ, անկապ-անկապ խոսում էր, աղաչում: Ծանոթ գինեկոլոգ ուներ, Մարնեին տարավ նրա մոտ: Բժիշկը համառում էր: «Ռիսկի դիմել չեմ կարող,- ասում է,- նա այլևս երեխա ունենալ չի կարող, դուք հասկանու՞մ եք դա»: Հետո նրանք երկար ինչ-որ խոսում էին: Բժիշկը համաձայնեց: Լաց եղավ Մարինեն: Երանելի անուրջներով տարված՝ ինչքան էր երազել երեխայի մասին: Նրան միշտ թվում էր, թե երբ ամուսնանա՝ անպայման տղա է ունենալու, շեկ մազերով, գեղեցիկ: Պատկերացնում էր, թե ինչպես պետք է հագցնի, ինչ ձևի պիտի սանրի մազերը: Նույնիսկ անուն էր դրել՝ Ալեն: Մի ակնթարթում հիշեց այդ բոլորը Մարինեն ու լաց եղավ: Բժիշկն ուզում էր հանգստացնել նրան, ինչ-որ բաներ էր ասում, իսկ Մարինեն ոչինչ չէր լսում, չէր կարողանում ըմբռնել, թե ինչ էր ասում բժիշկը: Մտքում հայհոյում էր բոլորին՝ և° ծնողներին, որ իրեն աշխարհ են բերել, հատկապես հորը, որ իբր խանդում էր, բաժանվեց մորից՝ իրեն և փոքր եղբորը թողնելով նրա մոտ, գնաց ամուսնացավ ուրիշի հետ և ապրում էր Միջին Ասիայում՝ Սամարղանդում: Գուցե ամեն ինչ այդպես չստացվեր, մտածում էր Մարինեն, եթե նրանք չբաժանվեին, Ստեփանին հայհոյեց և Արմենին, որ թողեց իրեն ու գնաց Վոլժսկ. «Որ ինձ չէիր առնելու, չէիր ամուսնանալու ինձ հետ,- մտովի ասում էր նա Ստեփանին,- ինչո՞ւ այն գիշեր այնպես վարվեցիր ինձ հետ:»: Եվ կատաղությունից ու ինքն իրեն խղճալուց լաց էր լինում Մարինեն:Նույնիսկ ցանկանում էր վերջ տալ կյանքին: Եվ ոչ ոքի չէր ուզում հանդիպել, ոչ ոքի հետ չէր ուզում խոսել:
Մարինեն լռեց: Ես չէի բարձրացնում հայացքս, չէի նայում Մարինեին:
-Չգնա՞նք,- ասաց Մարինեն:- Սուրճը խմիր, դուրս գնաք:
Դրսում օդը սառն էր: Թեթև քամի էր, և լուսինը ճոճվում էր ջրերի վրա: Զբոսայգու նստարանները զբաղված էին, մենք դանդաղ քայլում էինք ծառուղիներով ու լուռ էինք:
Ծովի անծայրածիր մակերևույթը մուգ կանաչավուն չէր հիմա, այլ լիովին գորշ՝ միախառնված սևին, որ հեռանալով՝ խավարում ձուլվում էր երկնքին: Հեռվում, ծովի ետևից լուսինն արդեն բարձրացել, անարգել սահում էր աստեղնազարդ մաքուր երկինքն ի վեր՝ առաջվա պես լուսավորելով այս ու այնտեղ ցցասյուների վրա սևին տվող ձկնորսական ինքնաշեն տախտակամածները:
-Ինչո՞ւ պատմեցի,- կամացուկ ասաց Մարիեն:
Դադար:
-Ինչո՞ւ հիշեցի այսքանը,- տխրությամբ ավելացրեց նա:
Դադար:
-Սա իմ կյանքն է, լավ-վատ՝ իմն է:
Նորից դադար:
-Ես քեզ պատմեցի իմ կյանքը,- խոսեց նա, առանց նայելու իմ կողմը:- Ավելի շուտ՝ մի կտոր իմ փոշոտ կյանքից:
Հառաչ: Մի քանի վայրկյան մտորում:
Գլխի սովոր շարժումով Մարինեն ետ գցեց ճակատին ընկած մազերը:
-Ես քեզ ճիշտ ասացի, Վահրամ, — կրկին խոսեց Մարինեն:- Իմ կյանքը թերթում չի տեղավորվի, չփորձես գրել: Ես թեթևամտորեն վերաբերվեցի կյանքին, և կյանքն արժանին հատուցեց ինձ: Ինձ նմանների մասին ճշմարիտ է ասված, որ մենք հազվադեպ ենք մենակ լինում, բայց շատ հաճախ վերջում մնում ենք միայնակ: Եվ եթե, բան է, գրես, գրիր, որ, այո, ես էի մեղավորը: Ես չկարողացա պահպանել այն սրբասուրբ զգացմունքը, որ տածում էիր իմ հանդեպ: Միայն մի անգամ է տրվում այն կյանքում: Իսկ հետո այլևս այն չէ: Ծանոթանում ես, հանդիպում, խոսում ես, կարծես թե դուր է գալիս, թվում է նույնիսկ, թե սիրում ես արդեն: Բայց դա միայն թվում է, որովհետև ժամանակի հետ անցնում է այդ սեր կոչվածը, և դու նորից ու վերստին զգում ես, որ դա չէր իսկական սերը: Ես այսպես եմ կարծում, Վահրամ, եթե դու քո վարքով ի զորու չէիր պահելու նրան, ով քեզ սրտանց դուր էր գալիս ու քո բախտն էր՝ տրված ի վերուստ, ապա կյանքը կստիպի քեզ, որ դու մինչև վերջ զղջաս ու լուռ մորմոքվես քո հիմար քայլի համար: Ինչո՞ւ ենք երբեմն կյանքում կուրանում,- որոշ դադարից ետո ավելացրեց նա:- Ինչո՞ւ ենք միայն հետո հասկանում, թե ով էր արժանի և ում ընտրեցինք:
Մարինեն լուռ էր, մտքերի հետ:
-Ծխախոտ տուր,- ասաց նա:
Ես ծխախոտատուփը պարզեցի, որպեսզի Մարինեն սիգարետ վերցնի: Հետո ինքնալուցիչը վառած պահեցի, մինչև նա կկպցներ սիգարետը և լույսի մեջ մի կարճ պահ տեսա Մարինեի վշտահար դեմքը: «Իսկ հիմա որտե՞ ղ է Ստեփանը»,- մտածում էի ես:
-Իսկ ես Ստեփանին տեսնում եմ,- հանկարծ ասաց Մարինեն, և ես ակամա նայեցի նրան:- Նոր բնակարան է ստացել մեր փողոցում: Ինչ-որ բարձր տեղ է աշխատում: Հաճախակի եմ տեսնում՝ շաբաթ կամ կիրակի օրերին: Ընտանիքը բերել է Բաքվից, երկու տղա ունի: Անցնում եմ նրանց կողքից, իսկ նա գլուխն անգամ չի բարձրացնում, որ ինձ նայի: Կնոջ հետ թևանցուկ քայլում են, ու երբ հանկարծ տեսնում է ինձ, իսկույն թողնում է կնոջ թևը: Կինն ինձ, իհարկե, չգիտի: Ու ես միշտ մտածում եմ, թե երբեմն ի¯նչ նվաստ, մանր, չնչին ու ողորմելի են տղամարդիկ:- Նա կարճատև դադար տվեց:- Ես կարծում եմ,- քիչ անց ասաց նա,- որ առհասարակ դիպվածական երևույթներ չեն լինում: Այս աշխարհում ամեն ինչ կամ փորձություն է, կամ պատիժ, կամ շնորհ, կամ էլ, ասենք, նախանշան, և մեր կյանքում հայտնվող յուրաքանչյուր ոք անկասկած որևէ ազդեցություն է ունենում մեզ վրա: Ոմանք մեզ սովորեցնում են իմաստուն լինել, կարողանալ ներել, լինել երջանիկ և ուրախանալ բացվող ամեն մի նոր օրվա համար: Ոմանք սովորեցնում են լինել ավելի ուժեղ, իսկ ոմանք էլ ընդհանրապես չեն սովորեցնում, ուղղակի կոտրում են մեզ, սակայն դրանից էլ մենք փորձ ու տոկունություն ենք ձեռք բերում՝ դիմակայելու հետագա արհավիրքներին: Ըստ երևույթին, անհրաժեշտ է ամեն մեկին գնահատել յուրովի ու գիտակցել, որ, եթե նա հայտնվել է քո կյանքում, ապա դա այդպես էլ պետք է լիներ, որովհետև, իրոք, պատահական ոչինչ չկա այս կյանքում:- Մարինեն նայեց ժամացույցին:- Հանկարծ կուշանաս ավտոբուսից:
-Ժամանակ շատ կա դեռ,- պատասխանեցի ես:
-Լսիր Վահրամ, լիներ, այնպես լիներ, որ հետ գնային օրերը,- երազկոտ ասաց Մարինեն:- Հետ գնային, ու մենք կրկին լինեինք այնտեղ, գյուղից վեր՝ ձեր այն անտառակում, հիշո՞ւմ ես, ես կարմիր շորով էի, համատարած լռություն էր մեր շուրջը, թեթև հովից օրորվում էին ծաղիկները, ծառերի արանքից խոր երկինքն էր երևում, ձեր գյուղն էր լավ երևում, ու նաև, հիշում եմ, քիչ հեռվում բացատ կար, այդ բացատը, ուր արևի վերջին շողերը վառվռում, հուրհրատում էին արահետի վրա:
Լուսնկա այդ երեկո, նայելով Մարինեին, ես զարմանքով մտածեցի այն մասին , որ այն ժամանակ, շատ տարիներ առաջ, նա նույնպես կարմիր շոր էր հագած, և որ նա հիմա այս հանդիպանը հատուկ կարմիր շջազգեստով էր եկել, որպեսզի վերստին հիշեցնի ինձ վաղնուց անցած երանելի այն հին օրերը մեր գյուղում :
-Այո, այնպես լիներ, մենք նորից սկսեինք հանդի պել,- շարունակեց նա: — Առաջվա պես անտեղյակ աշխարհի ցավերին՝ անհոգ շրջեինք ձեր հանդ ու սարերում, թափառեինք այս փողոցներում, բայց միայն լիներ՝ օրերը հետ գնային: Թող լրագրող չլինեիր, թող հասարակ բանվոր լինեիր այստեղ, ինչպես այն ժամանակ, միայն լիներ՝ հետ գնային օրերը: Բայց հնարավոր չէ,- տխրությամբ ասաց Մարիեն:- Օրերը հետ չեն գնա:
Հասել էինք նրանց շենքին: Ես վերև նայեցի:
-Ձերոնք չեն քնել դեռ,- ասացի ես:- Ձեր լույսը վառվում է:
Մարինեն երկար նայում էր ինձ: Անթարթափ նայում էր, հետո ասաց.
-Կա թիթեռնիկի մի տեսակ, որ մի օր է ապրում ընդամենը: Ոսկե թևիկներով մի թիթեռնիկ ապրեց մի ամբողջ օր, և այդ օրը ամպոտ էր, շարունակ անձրև էր տեղում:
Որտե՞ղ էի լսել ես այդ պատմությունը՝ հիշել չկարողացա:
-Անցավ ոսկե թևիկներով թիթեռնիկի բաժին օրը,- շարունակեց Մարինեն,- և ոսկե թևիկներով թիթեռնիկն այդպես էլ չիմացավ, որ օրերը լինում են նաև արևոտ, աշխարհը լցված է լինում ցնծուն ձայներով: Իր կարճատև կյանքն այդպես ապրեց փոքրիկ թիթեռնիկը:- Մարինեն կրկին նայեց ինձ:- Ոսկե թևիկներով այդ թիթեռնիկը ես եմ, Վահրամ,- հառաչանքով ասաց նա, հետո ավելացրեց.- Գոնե երբեմն արի: Այս ժամանակ, գարնանը:
Կիսամթան մեջ ես գտա Մարինեի ձեռքը:
-Դու դեռ հիշո՞ւմ ես մեր սերը,- ասացի ես, և իմ ձայնը դողաց:
-Ի՞ նչ է նշանակում՝ հիշում ես,- ասաց Մարինեն վհատ:- Մինչև չգա վաղը, դժվար թե մարդ հասկանա, թե ինչքան լավ էր այսօր: Եվ ինչքան քիչ բան է պետք, Վահրամ, որպեսզի մարդ իրեն զգա երջանիկ և ինչքան շատ բան՝ որպեսզի դժբախտ չզգա իրեն: Ադամի մասին ի՞նչ է ասում Մարկ Տվենը: Այն, որ Ադամը մարդ էր, և որ նրա բաղձալի ցանկությունը դրախտի ծառի խնձորն էր, ոչ թե նրա համար, որ այն խնձոր էր, այլ նրա համար, որ այն արգելված էր: Այո,- դառնորեն ավելացրեց նա- հեռվից երևի ամեն ինչ է քաղցր թվում: Մարդ սիրո խորությունը կորցնելուց հետո է զգում միայն: Բայց ի՞նչ օգուտ դրանից, ամեն ինչ կորած է հիմա:
«Մեր անցած օրերից մենք ոչինչ չենք վերցնում մեզ հետ,- մտածեցի ես: -Ոչինչ չենք վերցնում՝ հիշողություններից բացի,,»:
Եվ հանկարծ վերևի հարկերից մեկում ինչ-որ մեկը միացրեց մագնիտոֆոնը կարմիր Գուցե նույնիսկ մագնիտոֆոն չէր դա, գուցե ռադիոընդունիչ կամ հեռուստացույց էր: Բայր դա չէր կարևորը: Կարևորը երաժշտությունն էր ու երգը: Ես ինքնաբերաբար սեղմեցի Մարինեի ձեռքը, և մենք վերև նայեցինք:
Դա մեր մոռացված երգն էր, այն երգը, որ տարիներ առաջ լսել էինք ես ու Մարինեն՝ գյուղական մեր հին ակումբում: Առաջվա պես տղան, աղջկա կողմից լքված, վշտաբեկ երգում էր այն մասին, որ ինքը քայլում է այն բոլոր վայրերով, ուր իրենք եղել են միասին, երդումներ էին տվել սիրո և հիմա դատարկված է իր հոգին ու փշրված է արդեն սիրտը, և այլևս ոչինչ-ոչինչ չի սփոփի իրեն՝ ամեն ինչ կորած է անդարձ:
— Կբացվի նոր գարուն, նոր սեր,
Կծաղկեն ծաղիկները ալ,
Չեն բացվի տերևները այն,
Որ անցած աշնանը մեռան,-
կամացուկ արտասանեց Մարինեն՝ սեղմվելով ինձ:- Հիշո՞ւմ ես, Վահրամ,- ասաց նա դողդոջուն ձայնով:
-Հիշում եմ,- պատասխանեցի ես՝ շոյելով Մարինեի ցորնագույն մազերը:
-Եվ հիմա դատարկվել է իմ հոգին,- դարձյալ կամացուկ ասաց Մարինեն,- ու փշրված է արդեն իմ սիրտը, և այլևս ոչինչ-ոչինչ չի սփոփի ինձ՝ ամեն ինչ կորած է անդարձ:
-Մարինե:
— Ոչինչ մի ասա, Վահրամ: Խնդրում եմ:Ոչինչ ինձ պետք չէ: ոչ խղճահարություն, ոչ կարեկցանք:- Մթության մեջ շողացին Մարինեի արցունքները:- Միայն երկու-երեք տարին մի անգամ, եթե կարող ես, արի: Եվ երբեմն հիշիր քո նախկին Մարինեին: Իսկ հիմա գնա,- անկարող պահելու արցունքները, ասաց Մարինեն:- Քեզ բարի ճանապարհ:
Մի երկու քայլ չարած, ես ակամաբար ետ նայեցի. լուսնալույսով թեթևակի լուսավորված ցավատանջ դեմքով ՝ նա լուռ կանգնել էր կիսամութ բակում:
Հեռվում, ասես տարիների հեռու խորքից, կարոտաբաղձ ու տխրածոր կանչում էին շոգեքարշ գնացքները: