Նպատակը։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը նպատակ է հետապնդում իր գործունեության միջոցով պաշտպան կանգնելու հայ ժողովրդի իրավունքներին, համաձայն՝ 1920 թ․ Փարիզի խաղաղության համաժողովում կայացված որոշումների եւ այդ եղանակով բարձրացնելու Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ինքնիշխանության ու անվտանգության, Սփյուռքի իրավունքների պաշտպանության մակարդակը ամենատարբեր իրավական – քաղաքական ոլորտներում, այդ թվում եւ միջազգային իրավական – քաղաքական հարթակներում։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը նպատակ է հետապնդում գործունեություն իրականացնել այն ոլորտներում, որտեղ այս պահին դեռեւս Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ Սփյուռքի միջոցները սահմանափակ են ամենատարբեր պատճառներով։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականի մայիս եւ նոյեմբեր ամիսներին երեք դիմումնագրեր է ուղարկել ՄԱԿ՝ ՄԱԿ-ին անդամակցելու, ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու, Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքները ապառազմականացնելու, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ։
Իրավական — քաղաքական հիմքերը։
ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագրի եւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21-րդ հոդվածի հիման վրա ձեւավորում է Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը, որի հիմքի վրա ձեւավորվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության իրավաչափ պետական համակարգը՝ խորհրդարանը, կառավարությունը եւ նախագահական համակարգը:
Առաջին անգամ, ամբողջ աշխարհում, 2013 թ. նոյեմբերին՝ համացանցի միջոցով, անցկացվել է Խորհրդարանի 1-ին գումարման ընտրություններ, աշխարհի 41 երկրներում՝ շուրջ 18 հազար ընտրող, միասնական ցուցակով ընտրել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 64 պատգամավոր։
Խորհրդարանի 2-րդ գումարման ընտրություններ անցկացվել են 2018 թ. սեպտեմբերի 1-5-ը, որին մասնակցել են 51 հազար 505 ընտրող, 47 երկրից, միասնական ցուցակով ընտրել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 101 պատգամավոր:
Խորհրդարանի 2-րդ գումարման 1-ին նստաշրջանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Ռադիկ Խամոյանը, վարչապետ՝ Տիգրան Փաշաբեզյանը, Ազգային ժողովի (Խորհրդարան) նախագահ՝ Արմեն Տեր-Սարգսյանը:
Գործունեության ոլորտը։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության գործունեությունն ուղղված է նրան, որ Հայերի իրավունքների վերաբերյալ կայացված որոշումների պաշտպանությունն իրականացվի ՄԱԿ-ում, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Մշտական անդամ պետությունների, ինչպես նաեւ Սեւրի Խաղաղության պայմանագիրը ստորագրած պետությունների շրջանակներում։ Այդ նպատակով վերը նշված դիմումնագրերն ուղարկվել եւ ուղարկվում են նրանց։
Միաժամանակ աշխատանք է տարվում նրանց հետ կապեր հաստատելու ուղղությամբ, հարաբերություններ եւ համագործակցություն հաստատելու նպատակով։
Նախկինում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցություն է իրականացվել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության միջոցով, այդ թվում մասնակցելով նախարարության կազմակերպած Լրագրողների համահայկական համաժողովներին եւ Հայաստան – Սփյուռք համաժողովին։
Մեծ է ցանկությունը լայն համագործակցություն հաստատել ու իրականացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Սփյուռքի գործերով կոմիտեի եւ Սփյուռքի գործերով կոմիտեի գլխավոր հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանի հետ։
Ռեսուրսները։
Մարդկային ռեսուրսների շարքում նշենք Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության հիմքերով ինքնությանը վերադարձած Արեւմտյան Հայաստանի հայերին, որոնց թիվը ըստ 2018 թվականի Խորհրդարանի ընտրությունների՝ կազմել է շուրջ 55 հազար ընտրող, 47 երկրից։ Այդ շարքում նաեւ՝ խորհրդարանի 101 պատգամավորներ, կառավարության շուրջ մեկ տասնյակ պաշտոնյաներ, լրագրողներ, իրավաբաններ, տնտեսագետներ, պատմաբաններ, քաղաքագետներ, այլեւայլ մասնագիտությունների տեր պատգամավորներ ու պաշտոնյաներ, աջակիցներ եւ համախոհներ։
Տեղեկատվական լրատվական ռեսուրսներից նշենք խորհրդարանի պաշտոնական կայքը՝ http://parliament-wa.info/, կառավարության պաշտոնական կայքը՝ http://gov-wa.info, աջակից կայքեր՝ http://lousavor-avedis.org/, https://miaban.ru/ եւ այլ։
Մաղթում ենք հաջողություններ, արդյունավետ աշխատանք ու համագործակցություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ինքնիշխանության ու անվտանգության, Սփյուռքի իրավունքների պաշտպանության գործում եւ ռազմավարական նպատակներում։ Պատրաստ ենք ներդնելու մեր ողջ ներուժը հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում։
Վահան Բաբախանյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
19․07․2019 թ.