Բանաստեղծ Էդուարդ Պողոսյանի զրույցը արձակագիր Լևոն Ադյանի հետ
Էդուարդ ՊՈՂՈՍՅԱՆ. — Բարեկամս, կարդալով ձեր մի շարք գործերը, ես բնավ չէի կասկածում, որ պիտի ծնվեր ձեր, այսպես ասած, գլուխգործոցը, որն է՝ «Հեռացող եզերք» խորագրով ձեր վեպը՝ Բաքվի և Սումգայիթի հայոց ահավոր ջարդերի մասին, որի ականատեսն եք եղել անձամբ։ Եվ, ճշմարիտն ասած, խորապես ցավում եմ, որ այն հրատարակվել է՝ գրվելուց քսաներեք տարի անց։ Այստեղից հարց.ասացեք, խնդրեմ, ինչի՞ց ծագեց այդ ամենը՝ որ Ղարաբաղի ժողովուրդը ձգտում էր անկախությա՞ն՝ վերջնականապես վերեմիավորվելու մայր հայրենիքին, թե՞ ավելի շուտ դա հետևանք էր ադրբեջանական ղեկավարության հայահալած քաղաքականության, որ ի վերջո արհեստականորեն վերածվեց հայ- ադրբեջանական հակամարտության ու պատերազմի։
Լևոն ԱԴՅԱՆ.— Լեոնիդ Հուրունցը՝ այդ մաքրամաքուր մարդն ու մեր մեծ հայրենասերը, մեր մի զրույցի ժամանակ այսպիսի մի միտք արտահայտեց Ղարաբաղի մասին, ասաց՝ երբևէ տեսած կա՞ս անտառից անջատ, մենավոր ծառ, որը լավ եղանակին լինի, թե վատ, անվերջ գալարվում է, ասես Ճյուղերով շուրջն ինչ-որ բան փնտրելով: Ինձ միշտ այնպես է թվացել, ասաց, թե ծառն այդ փնտրում, փնտրում է մեկի հուսալի ձեռքը, մեկի աջակցությունը ու չի գտնում: Անցնում են տարիները, տասնամյակները հաջորդում են իրար ու ծառը կա՝ հողմերից ծեծված, շարունակում է գալարվել ու փնտրել, փնտրել ու գալարվել: Ղարաբաղն է դա,ավելացրեց նա, որ ահա երեքհարյուր տարի ի վեր պատվիրակներ է ուղարկում այս ու այն կողմ՝ Իսրայել Օրուց մինչ այսօր, խնդրում, բողոքում ու տառապելով սպասում է օգնության, բայց քար լռության ու քար անտարբերության մեջ կանգնած՝ մենավոր այն ծառի պես չի գտնում աջակից ու հուսալի մի ձեռք ու գալարվում, տնքում է անամոք ցավից, չհասկանալով, որ հավաքական ուժի մեջ է իր զորությունը։ Իրավ, Ղարաբաղը, ի վերջո, կորցրած հույս ու հավատ՝ հանդեպ աշխարհի արդարության, ցասումնալից ելավ ոսոխի դեմ և սիրասուն իր քաջ որդվոց արյան գնով մարեց թշնամական բոլոր կրակակետերն ու գերությունից ազատեց իր սրբասուրբ հողը, քաղաքամայր Շուշին: Հենց այդ միասնական, համայն հայության քաջ որդվոց հավաքական ուժի մեջ է մայիսյան եռատոնի խորհուրդը։
Ինչ վերաբերում է ղարաբաղցիների տասնամյակների երազանքին՝ միավորվել մայր Հայաստանին, ապա մի՞ թե Ճապոնիան նույնպես նույնը չի ուզում՝ պահանջելով Շիկոտանն ու Խոբամայի կղզաշարքը՝ Կունաշիր, Ինտուրուպ, ետ տալ։ Ինչու՞ ռուսները ճապոնացիների կոտորած չկազմակերպեցին ու չեն կազմակերպում: Ղրիմի ռուսները քանիցս ցույց են կազմակերպել, պահանջել Ղրիմը վերամիավորել Ռուսաստանի Դաշնությանը, Մոսկվայի շատ ճանաչված մարդիկ պաշտպանում էին նրանց այդ հարցում: Ինչու՞ ուկրաինացիները դրա համար չ էին կոտորում ղրիմաբնակ ռուսներին: Բասկերը ինքնորոշում, անկախություն են պահանջում Իսպանիայում, բայց նրանց Իսպանիայում ոչ-ոք մատով չի կպչում: Նույնը և շոտլանդցիները՝ Մեծ Բրիտանիայում: Օրինակներ շատ կարելի է բերել, այս ամենը քաղաքակիրթ աշխարհում կասկած չի՞ հարուցում, արդյոք մեր հարևանների վերաբերյալև Թե՞ նավթը վեր է ամեն տեսակի ճշմարտությունից։ Ստեփանակերտում տեղի ունեցած ծնրադիր խաղաղ ցույցերին ադրբեջանցիները պատասխանեցին սումգայիթյան հրեշավոր եղեռնով, ծեր կանանց ու երեխաների անասնական բռնաբարություններով:
Էդուարդ ՊՈՂՈՍՅԱՆ. — Ձեր թույլտվությամբ, կուզենայի բերել իմ մեծ ուսուցչի՝ Պարույր Սևակի հետևյալ քառյակը.
Հանկարծակի է պայթում վտանգը,
Բայց նա ծագում է դանդա՜ղ, աննկատ:
Դանդաղ, աննկատ, մետաղից ծնվում,
Ու նույն մետաղն է կրծոտում ժանգը…
Կարծում եմ,որ խնդիրը ոչ միայն միավորման հարցում արցախցիների ուզենալ կամ չուզենալն էր, որն արդարացի էր ի սկզբանե, այլ ադրբեջաական վերնախավի, այսպես ասած, ժանգոտված էության մեջ էր, որը հասավ իր գագաթնակետին թե Սումգայիթում, և թե Բաքվում: Մի կողմ թողնելով<պատմական փաստերը> կուզեի նշել, որ Սովետների երկիրը անհեռանկար երկիր էր թերևս այն իմաստով,որ համառորեն չէինք նկատում ժողովուրդների հնարովի բաեկամությունը, որը ոչ այլ ինչ էր, քան նույն այդ ժողովուրդներին ստիպել կատարել քանակով ու տարածքով մեծ մեկ այլ ժողովրդի վերնախավի կամքը…Առհասարակ բարեկամությունը սկսվում և վերջանում է այնտեղ, որտեղ կա մեծի շահ: Պարզապես մենք չէինք տեսնում այն, ինչը մեզ …չէին թողնում տեսնել: Ղարաբաղում լիներ, թե այլուր, այդ ամենը բերում է շահերի բախման, ընդ որում <փոքրերը> իրավազուրկ են ,<մեծերը> ամենակարող: Թերևս սահմանափակվեմ այսքանով և վերադառնանք մեր թեմային: Ըստ ադրբեջանական լրատվության՝ Ասկերանի մոտ այդ երկու ադրբեջանցի երիտասարդների սպանությունը իրագործվել էր հայերի կողմից, որը և տեղիք տվեցին ջարդերի սկզբին: Կուզեի իմանալ ձեր տեսակետը:
Լևոն ԱԴՅԱՆ.— Ստույգ ապացույցներ կա՞ն, որ հայերն են սպանել: Չկան…Որովհետև հայերը չեն սպանել նրանց, նրանց իրենք՝ ադրբեջանցիներն են սպանել։ Լենինգրադի «Ավրորա» ամսագրի աշխատակից Ալեքսանդր Վասիլևսկին նույն ամսագրում տպագրած իր ծավալուն ակնարկում վկայում է, որ Աղդամում հանդիպել է Ասկերանի մոտ սպանված Ալի Հաջիևի հարազատ եղբոր հետ, որը հաստատել է, որ իր եղբորն ադրբեջանցի միլիցիոներն է սպանել: Սումգայիթ կազմակերպելու համար պատրվակ, առիթ էր պետք: Հանրապետության ամբողջ ղեկավարությունը դեպքի օրն այնտեղ՝ Աղդամում էր, Ասկերանի կողքին, հաջորդ երեկոյան նույն կազմով՝ Բագիրով, Հասանով, Սեիդով, Ասադով և այլն, Սումգայիթում էին արդեն: Սա ձեզ ոչինչ չի՞ ասում… Իսկ այդ երկու ադրբեջանցիները, հարց եմ տալիս քեզ, ի՞նչ էին անում այնտեղ, հայերը հարսանիքի՞ էին կանչել նրանց Ղարաբաղ: Նրանք մի քանի հազարանոց խաժամուժի հետ գնացել էին կոտորելու խաղաղ հայ բնակչությանը, որոնք կուսակցության մարզկոմի և մարզգործկոմի շենքի առաջ կանգնած, չխախտելով խորհրդային երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության, և ոչ մի կետը, դիմել են Ադրբեջանի և Հայաստանի գերագույն խորհուրդներին, խնդրելով, և ոչ թե պահանջելով, մարզը միացնել Հայաստանին, որովհետև, անցած վաթսունյոթ տարիներին՝ ոչ քաղբյուրոն, և ոչ էլ նրա գլխավոր քարտուղարը, չեն ժխտել դա, շարունակ ենթարկվել են խտրականության, հայ ազգաբնակչության իրավունքները մշտապես սահմանափակվել ու ոտնահարվել են:
Էդուարդ ՊՈՂՈՍՅԱՆ. — Դուք միանգամայն ճիշտ եք, որ Բաղիրով-Հասանովներին սոսկ պատրվակ էր պետք, որ գլխավորեին խուժան –բաշիբոզուկներին ու ցույց տային իրենց էությունը: Անմարդկային դեմք պիտի ունենալ, նման չարագործություն իրագործելու համար: Խեղճ ու անպաշպան մարդկանց դեմ դա արել և անում են միայն մարդու դիմակ հագած տականքները, որոնք ծնունդ են վիժվածքների ու վախկոտ արնախումների: Նրանք ցույցերում ց գոռում –գոչում էին, որ Ղափանում կոտորում են ադրբեջանցիներին, որ նույնը պիտի անել նաև Սումգայիթում և ամենուր, իսկ հիմնական խնդիրն այն էր, որպեսզի հայերը հրաժարվեին իրենց պահանջից՝ Ղարաբաղը միավորել Հայաստանին։ Պարզ է ,որ բազմամբոխին դա էլ պետք էր….Այստեղից էլ հետևանքը, որը բազմահազար հայերի անբուժելի վերքը դառավ…
Լևոն ԱԴՅԱՆ. — Կա փաստ և կա խորհրդածություններից հանած մտածածին ենթադրություն, դրանք տարբեր բաներ են, մենք պարտավոր ենք խոսել միայն փաստերի լեզվով: Իրոք, Ղափանում ոչ մի ադրբեջանցու սպանություն չի եղել:Ես մի առիթով ասել եմ այդ մասին։ Սուտ է այդ ամենը: Հայաստանի տարածքում մինչ այդ դեպքերը մոտ հարյուր վաթսուն հազար ադրբեջանցիներ էին ապրում, այնինչ միայն Բաքու քաղաքում, Կիրովաբադ, Սումգայիթ ու Լեռնային Ղարաբաղն ու ադրբեջանական հայաշատ շրջանները՝ Շամախի, Աղսու, Իսմայիլլի, Շամխոր, Շաքի, Դաշքեսան, Շահումյան, Խանլար և այլն չհաշված, կես միլիոն հայ էր ապրում, այսինքն՝ մոտ երեք անգամ ավելի, քան Հայաստանի բոլոր ադրբեջանցիները միասին վերցրած: Եվ զավեշտական է հնչում աարբեջանական շինծու լեգենդը՝ միլիոնավոր անտուն փախստականնարի մասին։ Հետաքրքիր է իսկ ովքե՞ր են ապրում Բաքվում հայերից բռնագրավված շուրջ հարյուր հազար բնակարաններում, սեփական տներում ու ամառանոցներում։ Դարձյալ չհաշված վերոհշյալ վայրերում մնացած հարյուրավոր տներ և տասնյակ ու տասնյակ գյուղեր…Եթե կուզես իմանալ, հայերն իրոք Ղարաբաղը Ադրբեջանից չպետք է պահանջեին, որովհետև Ղարաբաղը, ինչպես և Նախիջևանը, ոչ թե Ադրբեջանն է խլել Հայաստանից, այլ Մոսկվան է նվիրել Ադրբեջանին: Ապացույց ե՞ս ուզում, խնդրեմ. 90 թվականի հունվարին Բաքու քաղաքում հայերին անխնա կոտորում էին՝ Գորբաչովը ոչ թե Բաքվում՝ Լեռնային Ղարաբաղում անձնագրային ռեժիմ ու արտակարգ դրություն մտցրեց, ուր ապաստան էին գտել Սումգայիթից և այլ վայրերից փախած հայերը, և բանտերր լցվեցին հարյուրավոր անմեղ մարդկանցով, ուր նրանք անլուր կտտանքների էին ենթարկվում։ Սումգայիթը նույնպես ոչ թե ադրբեջանցիները կազմակերպեցին, այդ մասին նույնպես ասել եմ, այլ ադրբեջանական կուսակցական մաֆիան՝ համաձայն Կրեմլից տրվող հրահանգների: Ինչու՞ չկանխվեց կոտորածը, ինչու՞ զորքը երեք օր պարապ կանգնած՝ չէր միջամտում Սումգայիթի եղեռնին: Տասնհինգ թվի երիտթուրքերի օրինակով՝ Ադրբջանի ներքին գործերի նախարարի հրամանով բանտերից յոթհարյուր քրեական հանցագործներ էին ազատ արձակվել, և Մոսկվան շատ լավ տեղյակ էր դրան։ Անգլիացները հազարավոր մղոն հեռավորության վրա գտնվող Ֆոլկլենդի կղզիներ հասան երեք օրում, նույնքան ժամանակ պահանջվեց նաև մեր զորքերի համար, որպեսզի Սումգայիթի կողքին գտնվող Նասոսնի ռազմական բազայից հասնեն Սումգայիթ: Սումգայիթում երեք ժամ չէ, Գորբաչովը ստում էր՝ ինչպես միշտ, երեք օր ուշացավ զորքը, այդ նույն զորքը Բաքու մտավ ուղիղ յոթ օր հետո և այն էլ ոչ թե հայերին պաշտպանելու, այլ Ադրբեջանում առաջիկա խորհրդարանական ընտրություններն արտակարգ դրության պայմաններում անցկացնելու, կոմունիստական ռեժիմը պահպանելու համար: Գորբաչովների մեղքով էր նաև, որ հազարամյա տասնյակ հայոց գյուղեր՝ ինչպես Հյուսիսային, այնպես էլ բուն Լեռնային Ղարաբաղում, գազանաբար տեղահանվեցին ռուսների անմիջական մասնակցությամբ։
Էդուարդ ՊՈՂՈՍՅԱՆ. — Բարեկամս, ոչ միայն ռեժիմը… Սուտ բարերարներ էին խաղում, բառիս բուն իմաստով: Ըստ իս, նրանք չէին էլ պատկերացնում թե որն է ճշմարտությունը Թերևս սա էր պատճառը, որ ոչ միայն ուշացան, այլև չէին կարող չուշանալ: Դա քաղաքականություն է: Ընդ որում, էժանագին ու աչք կապելու քաղաքականություն: Միայն մի բան գիտեին <բարերարները>, որ պետք եղած դեպքում փաստերը քողարկել դժվար չէ, քանզի դրա հնարավորություններն անսահմանափակ են: Ես 80-ական թվականներին աշխատում է Լենինգրադում որպես կուսակցության շրջանային կոմիտեի իրավունքներ ունեցող մի վիթխարի տրեստի կուսկոմիտեի երկրորդ քարտուղար: Երբ սկսվեցին այդ անիրավությունները, շրջկոմում արտահերթ նիստ հրավիրվեց՝ այդ հարցի շուրջ։ Շատերը անգամ չգիտեին, թե որտեղ է գտնվում Ղարաբաղը… Ոմանք անգամ կոչ էին անում հայերին և ադրբեջանցիներին միավորվել՝ ընդդեմ ղարաբաղցիների…. Սա ցավալի է, բայց և փաստ: Միայն թղթի վրա էր ժողովուրդների բարեկամությունը, ռուսները չգիտեին ու հիմա էլ չգիտեն անգամ, թե Անդրկովկասում կոնկրետ ովքեր են ապրում, ինչ հավատի են։ Հետագան ցույց տվեց, թե ինչպիսի հետևանքների բերեց նման քաղաքականությունը: Երևի օգտվելով նման հանգամանքից նաև, Ադրբեջանը որդեգրել է ստի ու կեղծիքի քաղաքականությունը։ Նրանք աշխարհով մեկ տարածում են, որ Ղարաբաղի հայերը եկվոր, օտարամուտ ժողովուրդ են և որ իբր Գրիբոեդովն է նրանց Իրանից փոխադրել Ադրբեջան: Ակադեմիկոս Զիա Բունիաթովը, Ֆարիդա Մամեդովան, Ախունդովը, Գյոյուշևը, մյուսները դրա ջատագովներն են։
Լևոն ԱԴՅԱՆ.— Ֆրանսիայի ազգային գրադարանում 17–րդ դարի մի հազվագյուտ քարտեզ է պահպանվում, իտալացի հայտնի քարտեզագետ Ջակոմա Կանտելլիի գծագրած քարտեզն է, ըստ որի՝ Արաքս գետից աջ ու ձախ ընկած տարածություններում, ընդհուպ մինչև Քուռ գետի աջափնյա ամբողջ տարածքը, հայեր են ապրել։ Միայն հայեր։ Ադրբեջանի հետքն անգամ էդ տեղերում չի եղել։ Այդ քարտեզում Հայաստանի մեջ են ընգրկված ոչ միայն Վանը, Կարինը, Ղարսն ու Անին, այլև Նախիջևանը, Շուշին ու Ջուղան… Բրիտանական հանրագիտարանի առաջին տպագրությունը թվագրվում է 18-րդ դարով: Ռուսական կայսրության Բրոքգաուզի ու Եֆրոնի հանրագիտարանը սկսել է տպվել 1890-ից և ավարտվել 1907-ին: Իսլամի թեմայով առաջին հանրագիտարանը հրատարակվել է 1913-ից: Հանրագիտարանների վրա աշխատել են տասնյակ մասնագետներից բաղկացած խմբեր լավագույն գիտական հաստատություններից: Հատկապես ուշագրավ է թվում Իսլամի հանրագիտարանը, որի առաջին հրատարակությունը տպվել է Նիդեռլանդների Լեյդեն քաղաքում: Այդ Հանրագիտարաններում Ադրբեջան անունը վերաբերում է բացառապես Իրանական Ատրպատականին: «Ադրբեջանը» գործածված է որպես զուտ աշխարհագրական հասկացողություն և բնավ ոչ որպես երկիր, պետություն: Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ «Ադերբիջան, Ադերբեյջան, Ադերբայջան, Ազերբեյջան կամ Ազարբայջան՝ մարզ Պարսկաստանի հյուսիսային մասում, Ուրմիա մեծ լճով, հարավային սահմանագիծն է Կիզիլ-Ուզեն գետը, հյուսիսայինը՝ Արաքսը… բնակեցված գլխավորապես պարսիկներով, բայց կան և քոչվոր ցեղեր: Հունահռոմեական գրողներն այն կոչում են Ատրոպատեն»: Այսօրվա Ադրբեջանի մասին խոսք չկա, Հայաստանի մասին կա, այն էլ մի քանի էջ, Վրաստանի մասին կա, Դաղստանի մասին՝ նույնպես կա, ընդ որում՝ Քյուրինգի և Ղուբայի գավառները՝ Բաքու և Դերբենդ քաղաքներով, մտնում էին Հարավային Դաղստանի կազմի մեջ: Այդ ամենի մասին, այո, կա, բայց այսօրվա Ադբեջանի մասին ՝ոչ մի խոսք: Որովհետև, ինչպես մինչ այդ, այնպես էլ այն ժամանակ, այսինքն՝ մոտ հարյուր տարի առաջ, Արաքսից հյուսիս՝ Արևելյան Անդրկովկասի այս ամբողջ տարածքում, Ադրբեջան անունով երկիր չի եղել ու չկար, գոյություն չուներ, այն ստեղծվեց 1918 թվականին՝ մեծամասամբ Դաղստանի, Հայաստանի և Վրաստանի հաշվին՝ թուրքերի, անգլիացիների և բոլշևիկների օգնությամբ: Ու նաև անձամբ Ստալինի ջանքերով, Ստալինի շնորհիվ, որովհետև Շահումյանին գնդակահարելուց հետո, որի մեջ, անշուշտ խառն էր Ստալինի մատը, Կովկասին վերաբերող բոլոր զեկույցները, բոլոր հարցերը Լենինը նրան էր մակագրում, նրա հետ էր խորհրդակցում: Ադրբեջանին հատկացված այդ տարածքների վրա ապրող ազգություններն ու քոչվոր մուսուլման ցեղերը՝ թաթար, համշարի, թուրք, քուրդ, թարաքյամա, քյոլանի, դաղլի, հյուսիսային շրջաններում բնակվող լազ, աղվան, լյազգի, իրանախոս թալիշ ու թաթ և այլն, նույն Ստալինի թելադրանքով նորաստեղծ երկրին տրված «Ադրբեջան» ժամանակավոր անունով երեսունվեց թվականից սկսեցին կոչվել ադրբեջանցիներ: Դե, եթե երկիրը կա, այդ երկրին պատմություն է պետք: Որոշվեց ստեղծել և այդ պատմությունը: Սկզբում խոսք կար միդիացիներին համարել ադրբեջանցիների նախահայրերը, հետո որոշվեց՝ ալբաններին: Բաքվում, քսաներեք թվականին գիրք է հրատարակվել՝ «Համառոտ ակնարկ Ադրբեջանի պատմության»: Եվգենի Պախոմովն է հեղինակը, ինչի մասին որ հիմա խոսվում է, այդ գրքում լրիվ կա, պարզ ու մատչելի։ Բայց ադրբեջանցիներին, ըստ երևույթին, պետք չէ դա, իրենք իրենց մասին գրում են, իրենք կարդում։ Ինչ վերաբերում է Գրիբոեդովին… Նա Ռուսաստանի դեսպանն էր Պարսկաստանում, նրա աջակցությամբ և անմիջական օգնությամբ, այո, համաձայն Թուրքմանչայի պայմանագրի, քառասուն հազար հայեր փոխադրվել են Հայաստան, Արարատյան դաշտ: Բայց այդ հայերը ոչ թե տարաբնակեցվել են, այլ վերադարձել են Հայաստան, որտեղից 1604 թվականին նրանց քշել էր Շահ Աբբասը: Նա երեք հարյուր հիսուն հազար հայ էր քշել Պարսկաստան: Մի այդքան էլ Նադիր շահն է քշել 1734-ին: Այդ հայերով բնակեցված ընդամենը մի քանի գյուղ կա Ղարաբաղում: Մեկն էլ Շամախու շրջանում է՝ Մադրասան, Սաղյան հինավուրց գյուղի մոտ: Մեսրոպ Մաշտոցն, իմիջի այլոց, այս Սաղյանում նույնպես հայերեն դպրոց է հիմնել: Ադրբեջանական պատմաբանները շատ լավ գիտեն այս ամենը, բայց չտեսնելուն են դնում, այնինչ ստի թևերը կարճ են, իսկ իրողությունն այն է, որ Ղարաբաղի տարածքում, կամ ինչպես հնում էր կոչվում՝ Արցախում, սկսած Սևանա լճի արևելյան ափից մինչև Արաքս ու Քուռ գետերը, այնտեղից էլ մինչև Վրաստանի հարավային սահմանները, հայերն ապրել են վաղնջական ժամանակենրից և ոչ թե Գրիբոեդովից հետո:
Էդուարդ ՊՈՂՈՍՅԱՆ. — Բարեկամս, ակամա հիշեցի մի պատմություն. գերմանացի մի գեներալի, որը պատասխանատու էր համակենտրոնացման ճամբարների գազախցիկների համար, ուր մարդկանց այրում էին, հարցնում են, թե լավ, ասենք դու խիղճ չունես, բա չե՞ս վախենում, թե պատմությունը ինչ կասի քո մասին։ Նա ,առանց հապաղելու, պատասխանում է, թե նայած ով է գրելու ձեր նշած պատմությունը: Հետո ավելացրել է, որ ինքը շատերի համար հերոս է համարվելու։ Չգիտեմ, գիտեն այս մասին Ադրբեջանի <ակադեմիկոս-պատմաբանները> թե ոչ, բայց որ նրանց իմացած պատմությունը սահմանափակվում է պատմություն հնարելով, դա ոչ միայն ինձ, այլև ամենահեռավոր գյուղում ապրող նախրապանին է հայտնի։ Սեփական ազգի արժանապատվությունը անհնար է բարձրացնել ուրիշների հաշվին: Պատմությունը չի կարելի հորինել, ինչպես դա արել ու անում են Զիա Բունիաթովները, մոլորեցնելով սեփական ժողովրդին ու նրանց դարձնելով կառավարելի մանկուրտներ… Ի՞նչ կարծիք ունեք Փահան խանի ու նրա ժառանգների մասին։
Լևոն ԱԴՅԱՆ.— Հենց նոր իմ նշած Պախոմովի մոտ հանգամանորեն կա նաև նրանց մասին: Օգտվելով հայ մելիքների ներքին երկպառակտությունից, Պարսկաստանից փախած միջինասիական քոչվոր սարաջալլու ցեղապետ Փանահ-Ալին, որը Նադիր շահի կողմից Պարսկաստանում գլխատման էր դատապարտված և փախել, պատսպարվում է Ջրաբերդի հայ մելիք Ալլահղուլի-սուլթանի մոտ, ընդ որում, նա վերջում գլխատել տվեց իր փրկարարին, որը բազմիցս հաղորդել էր Նադիր շահին, թե՝ իբր, իր «աշխարում էդպիսի մարդ չկա», բարեկամանում է Վարանդայի մելիք Շահնազար Երկրորդի հետ և, նրան մատուցած ծառայությունների համար, նվեր է ստանում Շուշի բերդը, որն, ի միջի այլոց, մինչև բերդ դառնալը, Կարկառ անունով առևտրական քաղաք է եղել: Երևանի Մատենադարանում այդ Կարկառ բերդում ստեղծված ավետարան կա։ Ամրանալով տեղում, Փանահ-Ալին իրեն հռչակում է խան, չնայած, այդպես էլ մինչև վերջ Ղարաբաղի բոլոր մելիքները չեն ենթարկվում ոչ նրան և ոչ էլ նրա ժառանգներին՝ Իբրահիմ խանին ու Մեհթի խանին, որի փախուստով Պարսկաստան՝ 1822-ին, ավարտվում է մոտ յոթանասուն տարի տևող այդ խանությունը: Ղարաբաղի հայկական հինգ մելիքների տարածքում Փանահ խանը հայտնվել էր պատահականորեն: Եվ պատահական չէ, որ այդ ամբողջ տարածքում ադրբեջանցիները պատմաճարտարապետական ոչ մի հուշարձան չունեն: Այն մասին, որ Քուռ գետի աջափնյա ամբողջ տարածքը Հայաստան էր, իսկ ձախափնյա մասը՝ մինչև տասերորդ դարի սկզբները պատկանում էր Ալբանիային, որովհետև տասերորդ դարից հետո «Ալբանիա» այլևս գոյություն չուներ, կա և Ստրաբոնի մոտ, և Պլուտարքոսի մոտ, և Դիոն Կասիոսի մոտ, ինչպես նաև անտիկ աշխարհի մի շարք պատմիչների մոտ, որոնք բոլորն էլ, որպես Ալբանիայի սահմաններ նշում են Կովկասյան լեռները, Կասպից ծովը և Քուռ գետը: Կովկասյան Ալբանիան զբաղեցրել է Քուռ գետի ձախափնյա մասը, ուր բնակվում էին քսանվեց քրիստոնյա ցեղեր, որոնց հետագայում, ութերորդ դարում, արաբները կրոնափոխ արեցին: Մեսրոպ Մաշտոցը չորս հարյուր քսանական թվականներին այդ ցեղերից մեկի՝ գարգարացիների համար գրեր է ստեղծել, սակայն դրանք գործնական կիրառություն չեն ունեցել: իմիջաայլոց, համաձայն հին աղբյուրներում պահպանվող նյութերի, Ղուբայում, Խաչմազում, Դյավաչիում, Կուտկաշենում, Վարդաշենում, Շաքիում ու Կովկասյան Ալբանիայի այլ տեղերում, տասնհինգ հազար ութհարյուր ծուխ հայեր ևս՝ բոլորն էլ տարբեր ժամանակներում Արցախ-Ղարաբաղի զանազան գյուղերից փոխադրված, նույնպես բռնի հավատափոխ են արվել:
Էդուարդ ՊՈՂՈՍՅԱՆ. — Ադրբեջանցիներն իրենց ի հայտնի նշանաբանով են առաջնորդվում՝ Նաղդ օլսուն-սողան օլսուն, պատմություն հնարելով նոր, դեռ չլսված ու միայն իրենց հայտնի <սեփական> աղբյուրներից վերցված տեղեկություններով: Այստեղ նրանք դիմում են ամեն միջոցի, ներդնելով հսկայական գումարներ, գործելով կազմակեպված ու բոլոր ուղղություններով, իսկ մենք, ինչպես ասում են, քնած ենք ուղտի ականջում: Թե ինչով ենք զբաղված մենք այդ բնագավառում- դա արդեն մեկ այլ զրուցի թեմա է։ Առանձնահատուկ թեմա: Շա՜տ ենք անհեռատես։ Անթույլատրելի շատ: Թող ինձ ներեն մեր ընթերցողները, բայց ես չեմ հասկանում հատկապես Հայաստանի Սփյուռքի նախարարությանն ու Հայաստանի գրողների միություն կոչվող կազմակերպությանը: Մի՞թե նրանք չգիտեն ձեր անտիպ գրքի մասին: Թե իրոք չգիտեն, ապա դա նրանց պատիվ չի բերում: Թե Բաքվում մեր ժողովրդի դեմ կատարված ահավոր ու հանցավոր դեպքերի մասին կա վեպ, այն էլ ականատեսի կողմից, այն էլ նման հեղինակի կողմից գրված, ապա …Ես ոչինչ չեմ հասկանում: եվ առհասարակ չգիտեմ ի՞նչ է մեր ուզածը։ Երգում, պարում, տնազում ենք սրան-նրան ու …վերջ: Ախր, վերջն էլ չի երևում: Ինձ համար մի բան ակնհայտ է, որ կամ չկան, գոյություն չունեն, կամ <խոր քուն> են մտել թե մեր դիվանագիտությունը, թե մեր Գրողների միությունը, թե մեր արվեստն ու գրականությունը: Գրականությունը ,ըստ իս, արտացոլքն է ապրած ժամանակի: Եթե, այո, ուրեմն պիտի ժամանակից ետ չնկնենք հոգիներ պղտորելով ու անուրջներ շաղ տալով միայն: Պատմությունը մենք են ստեղծում և մեզանից է կախված, թե ինչպիսին կլինի մեր հայրենիքի,մեր սերունդների ապագան: Ես չէի ցանկանա,որ մեր սերունդների անեծքին արժանանայինք… Եթե պատմությունը գիտություն է ազգերի ու ազգությունների,ապա ըստ երևույթին ադրբեջանական պատմաբանները իրենցից բացի ոչ ոքի չեն կարդում։
Լևոն ԱԴՅԱՆ.— Եթե կարդային, կիմանային, որ ինչպես Թիղլատպալասարը՝ մեր թվարկությունից առաջ տասներկուերորդ դարում, այնպես էլ հինգերորդ դարի սկզբին ծնված Հերոդոտոսն ու առաջին դարում ապրած Տակիտոսը վկայում են, որ հայերն այստեղ գոյություն ունեին դեռևս մեր թվարկությունից շատ-շատ առաջ: Անդրադառնալով Հռոմի կայսր Տիբիլիոսի եղբոր որդու՝ զորավար Գերմանիկի դեմ որոգայթներ լարող քաղաքագետներին, Տակիտոսը նշում է, որ Գերմանիկն իր առաջին հոգսը համարեց արագ հասնել հայերի մոտ, որոնց հողերը դարեր ի վեր սահմանակից լինելով հռոմեական գավառներին, խոր սեպի պես խրված են միդիացիների տիրույթների մեջ… Յոթանասուն թվականնների մոտերքին, դարձյալ մեր թվարկությունից այն կողմ, Հայաստանը Մերձավոր Արևելքի ամենախոշոր տերություններից մեկն էր, գրավում էր ընդարձակ տարածքներ՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով ու Կովկասից մինչև Պաղեստին ու Կիլիկիա: Բաբելոնի՝ մինչև մեր օրերը հասած կավե քարտեզի վրա վեց երկիր է նշված ընդամենը, որից մեկը Հայաստանն է… Ադրբեջանցի շատ պատմաբաններ, այդ թվում և Զիա Բունիաթովի աշակերտուհի Մամեդովան, հավանաբար , կարիք չեն զգում կարդալու օտարազգի հեղինակներին՝ իրենց անհիմն ու վերացական դատողություններով անհարմար դրության մեջ դնելով հենց իրենց՝ ադրբեջանցիներին։ Եթե, իրոք, կարդային, ամենայն հավանականությամբ, կտեսնեին, որ այդ հեղինակները անխտիր ոչ թե հայերին՝ իրենց են օտարամուտ, եկվոր ցեղեր համարում: Հայտնի կովկասագետ Բեյդենբաումի՝ 1917 թվականի «Կավկազսկի կալենդարում» տպագրված ծավալուն հետազոտությունն անհերքելիորեն ապացուցում է, որ Անդրկովկասի մահմեդականները ներկայացուցիչներն են մոնղոլական ռասսայի, մնացուկները Բայկալի այն կողմերից եկած թյուրք-թաթարական ցեղերի, որոնց համար, որպես տափաստանային քոչվոր ցեղերի, այս տարածքները շատ բարենպաստ էին, և նրանք մնացին ու բազմացան այս տեղերում…Նույնն է ասում և Չիչերինը: Նա Ռուսաստանի արտաքին գործոց կոմիսարն էր, Լենինին ուղարկած նամակում մատնանշում է, որ Ղարաբաղը բուն հայկական տարածք է, սակայն հարթավայրային մասում հայերին բնաջնջելուց հետո, գրում է նա, այնտեղ բնավորվել են թաթարները: Եվ պատահական չէ, որ նրանք այդ ամբողջ տարածքում պատմաճարտարապետական ոչ մի հուշարձան չունեն, որովհետև նրանց նախնիները ո՛չ քաղաքներ են հիմնել և ո՛չ էլ ամրոցներ կառուցել, այլ մի արոտավայրից տեղափոխվել են մի այլ արոտավայր…
Էդուարդ ՊՈՂՈՍՅԱՆ. — Այնտեղ, որտեղ սկսում է կեղծն ու հնարովին, չկա ու չի լինի ողջամտություն… Վերջերս համացանցում տեսա մի ձայնագրություն, որտեղ ադրբեջանցիները օրը ցերեկով մեր մայր քաղաք Երևանը իրենցն են համարում, էլ ուր մնաց, թե ջանք թափեն կարդալու ուրիշների ճշմարիտ պատմություը… Մի առիթով դուք ինձ ասել եք,որ ժամանակին Պարույր Սեվակը այդ <ակադեմիկոս> Բունյաթովին ցեխն էր կոխել… և նա մի երկու տարի ձեն չէր հանում: Նման կերպ պիտի վարվել յուրաքանչյուր զեղծարարի հետ, ով փորձ է անում խեղաթյուրել մեր պատմությունը, այն, ինչ ակնհայտ է քիչ թե շատ կիրթ մարդուն, էլ չեմ ասում ակադեմիկոսին… Շատ ադրբեջանցիներ ապրում են անգիտության մեջ, հենց նույն այդ ակադեմիկոսների շնորհիվ: Ես ճանաչում եմ շատ խոհեմ ադրբեջանցիների, ովքեր, ինչպես շատ առաջադեմ մարդիկ Թուրքիայում, վախենում են ծպտուն անգամ հանել, քանզի էն գլխից դատապարտված են հալածանքների… Ես կարծում եմ, որ ազգը ճանաչվում կամ համենայն դեպս պետք է ճանաչվի համաշխարհային մշակույթի գանձարան ներդրած իր վաստակով։
Լևոն ԱԴՅԱՆ.— Գրականագետ Միքաիլ Ռաֆիլի կար, այդ Ռաֆիլին դեռևս 1947-ին իր հոդվածներից մեկում, որ կոչվում է «Ադրբեջանական ժողովրդի մշակույթը մինչև Նիզամի», պնդում էր, որ Հոմերոսն իր «Ոդիսականում» նկարագրելով կիկլոպներին՝ նկատի ուներ ադրբեջանցիներին: Ստացվում է, որ հասարակական կյանքի վարք ու բարքից, օրենքներից հեռու, քարանձավներում ապրող մարդակեր կիկլոպներն են ադրբեջանցիների նախնիները: Հեռու ինչո՞ւ եմ գնում. Նախիջևանի համալսարանի ռեկտոր Հաբիբբեյլին վերջերս գրել էր, որ Հոմերոսն ադրբեջանական «Քիթաբի Դադա Գորգուդ» էպոսի ազդեցության տակ է հորինել «Ոդիսականը», իսկ շումերա-բաբելոնական «Գիլգամեշ» էպոսը, ուր համաշխարհային գրականության պատմության մեջ առաջին անգամ մահվան ողբերգական անխուսափելիությունը հաղթահարվում է մարդու հերոսական արարքների անմահությամբ և աշխարհի՝ մինչ այժմ գտնված ամենահին գրական ստեղծագործությունն է համարվում, ըստ նրա՝ բաբելոնցիները ադրբեջանցիներից են գողացել, որովհետև գիլգամեշ բառն, ասում է, ադրբեջանական ծագում ունի, գյամըշ (գոմեշ) բառից է առաջացել։ Այստեղ են ասել, որ հիմար մտքեր ունենում է ամեն մեկը, միայն թե խելացին դրանք չի արտահայտում: Համաձայն եմ. համաշխարային քաղաքակրթությունն անհնարին է պատկերացնել առանց հայերի։ Սա միայն մենք՝ հայերս չենք ասում, այլ աշխարհի երևելի մարդիկ են ասել՝ սկսած Բայրոնից ու Մագդա Նեյմանից մինչև Մարի-Ֆելիստե Բրոսսե, մինչև Անդրեյ Սախարով, մինչև Դմիտրի Լիխաչով, մինչև Դեվիդ Լենգ ու Ջովաննի Գուայտա: Հայերս երկու հազար տարվա թատրոն ունենք, Մատենադարան ունենք, հոյակապ մանրանկարչություն, ճարտարապետություն ու միջնադարյան քնարական վեհասքանչ պոեզիա ունենք, որը Վալերի Բրյուսովը համաշխարհային գրականության մեծագույն նվաճումներից մեկն է համարում: Մենք Թորոս Ռոսլին, Սայաթ-Նովա ու Փարաջանով ենք տվել աշխարհին, Զվարթնոց ու Գեղարդ ենք տվել, Նարեկացի ու Այվազովսկի ենք տվել, որը վեց հազար մեծարժեք կտավների հեղինակ է, ամբողջ աշխարհում առաջինը մենք ընդունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն, քրիստոնեոթյունն ընդունելուց ուղիղ ութսունվեց տարի հետո Պարսկաստանն ու Բյուզանդիան իրար մեջ բաժանեցին Հայաստանը, մենք կորցրին մեր պետականությունը, ոչնչացվեց մեր գիրն ու գրականությունը, բայց հարյուր տարի հետո մենք նոր այբուբեն ստեղծեցինք, և դա հազար վեց հարյուր տարի առաջ էր, իսկ մեր մեծախոս հարևաններն , ահա, մինչ այսօր, սեփական այբուբեն էլ չունեն: Հայրենական մեծ պատերազմի սկզբին ինչքա՞ն էր հայերի թիվը՝ մեկուկես միլիոն: Մեկուկես միլիոն հայությունը երեք հարյուր հազար զոհ տվեց կռվում: Թվով ադրբեջանցիներից երեք անգամ քիչ բնակչություն ունենալով հանդերձ, Հայրենական մեծ պատերազմում մենք Սովետական միության հարյուրից ավել հերոս ու այդքան էլ գեներալներ տվեցինք: Բազմամիլիոն Միջին Ասիան ու Անդրկովկասը, Հյուսիսային Կովկասն էլ հետը, մարտական ոչ մի մարշալ չտվեցին, իսկ մենք տվեցինք և այն էլ քանիսը՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով-Խանփերյանց, Ագանով, Իսակով, ի դեպ՝ բոլորն էլ ղարաբաղցի, իսկ Ադրբեջանի տված հերոսների թիվը չորս տասնյակից չի անցնում, չնայած, որ նրանք հիմա այդ թիվն էլ են կեղծում։ Կռվի տարիներին Ադրբեջանի տարածքում ապրող չորս հարյուր հազար հայերը Սովետական Միության 36 հերոս տվեցին, իսկ ողջ ադրբեջանական ժողովուրդը, որ այն ժամանակ չորս միլիոն էր, երեսուներեք հերոս տվեց, այսինքն, էթնիկ լեզգիներին, թալիշներին, ուդիներին հաշված՝ քառասուներեք էր, բայց բուն ադրբեջանցիներ՝ երեսուներեքն էին: Իսկ մարտական գեներալ երկուսն են տվել ընդամենը՝ Հազի Ասլանովը և Մահմուդ Աբիլովը, մեկն ազգությամբ թալիշ, մյուսը՝ լեզգի… Ասա, տեսնեմ, Սումգայիթի ու Բաքվի, նմանապես Կիրովաբադի ու Ադրբեջանի հայաշատ այլ վայրերի արյունախում բարբարոսներից ու 1967-ին Ղարաբաղի Ղզղալա գյուղում տաս-տասնմեկ տարեկան հայ տղա երեխային գազանավարի բռնաբարող ու մորթող դպրոցի դիրեկտոր Արշադ Դաշտամիր-օղլը Մամեդովից բացի նրանք է՞լ ում են տվել աշխարհին:
Էդուարդ ՊՈՂՈՍՅԱՆ. — Դուք քչերին նշեցիք միայն, որոնց մտքի փայլից ողջ աշխարհն է հիացել, որոնց տվածը համաշխարհային գրականությանը, պատմությանը, արվեստին ,ռազմագիտությանը և այլն, մնայուն հետք են թողել մարդկության կողմից ստեղծված բարձր արժեքների շարքերում: Մենք՝ հայերս , հպարտանալու այնքա՜ն բան ունենք, որ մեր հարևաները երազել անգամ չեն կարող… Ըստ իս, դա էլ նրանց մտահոգում է այն աստիճան, որ պատրաստ են դա էլ <սեփականացնելու>…Նրանց միայն պարծանքը, կարծեմ, Նիզամի Գյանջևին է, որը, սակայն, որքան տեղյակ եմ , իրենցն էլ չէ…
Լևոն ԱԴՅԱՆ.— Նիզամին պարսիկ բանաստեղծ է, պարսկերեն է գրել, ծնվել է Պարսկաստանի Ղում քաղաքում՝ Թեհրանից ոչ հեռու, Պարսկաստանում էլ թաղված է: Ադրբեջանական ժողովրդի հետ նա ոչ մի կապ չունի, ինչպես որ նրանցը չեն նաև Բաբեկը, Ասադի Թուսին, Խագանին, Քաթրան Թավրիզին, Ռիզայե Աբբասին, Բաբրակ Խուրամադդին, Ռաշիդէդդինը և շատ-շատ ուրիշներ: Հայերեն ու իրենց ժողովրդի՝ հայերի մասին են գրել Մովսես Կաղանկատվացին ու Կիրակոս Գանձակեցին, Դավթակ Քերթողն ու Մխիթար Գոշը և շատ ուրիշներ: Ուրիշի պատմությունը, հուշարձաններն ու անվանի մարդկանց սեփականացնելուց ու նրանցով հպարտանալուց ավելի խայտառակ բան դժվար է պատկերացնել: Ուրիշների հաշվին պատմություն ու մշակույթ չեն ստեղծում, ինչպես դա անում էր պատերազմի տարիներին պատժիչ գումարտակի հերոս հրամանատար Բունիաթովը, որը արևմյան երկու հայտնի կովկասագետների՝ Դոուստիի և Ռոբերտ Խյուսենի հոդվածները թարգմանել էր ռուսերեն ու, առանց ամոթի, հրատարակել իր անունով, իհարկե, ինչպես միշտ, ամբողջապես աղավաղված վիճակում՝ «Հայաստան» անվանումներն ինքնակամ կերպով դարձնելով «Ադրբեջան»: Ծանոթանալով այդ հոդվածների բնագրերին, մարդ մնում է ապշած. նրանք գիտականորեն ապացուցում են, որ ինչպես իշխան Հասան Ջալալը, այնպես էլ նրա նախնիները՝ ընդհուպ մինչև չորրորդ դարը, զտարյուն հայեր են համարում իրենց, և որ Հասան Ջալալի՝ 1238-ին կառուցած Գանձասարի վանքի ու Ղարաբաղի տարածքում գտնվող պատմաճարտարապետական բոլոր հուշարձանների և իր՝ Հասան Ջալալի, Էրմիտաժում պահպանվող թրի վրա արված մակագրությունները հայերեն են և ալբանական ոչինչ չկա այնտեղ և չի էլ կարող լինել: Թարգմանությունների մեջ՝ լրիվ ընդհակառակն է: Բունիաթովը նույն ձևով է վարվել նաև գերմանացի ճանապարհորդ Շիլդերբերգերի գրքի հետ, հայկական տեղանունները դարձնելով ադրբեջանական, Հայաստանը՝ Ադրբեջան… Նա ճիշտ այդպես է վարվել նաև պատմաբան ու լուսավորիչ Բաքիխանովի «Գյուլիստան-ի Իրեմ» աշխատության հետ, կանխամտածված կերպով լիովին աղավաղելով այն: Բունիաթովը Բաքիխանովի գրքից կրճատել է ոչ միայն այն, որ, ինչպես Արղուն խանի հետնորդ էմիրը, այնպես էլ Շահ Իսմայիլը Սիրիայից, Իրաքից ու Թուրքիայից երկու հարյուր հազար թուրք են փոխադրել Կովկաս ու բնակեցրել Էրիվանում, Գյանջայում ու Ղարաբաղում, ուր նրանք ժամանակի ընթացքում բազմացել են, այլև հանել է հայերով բնակեցված տարածքների հայկական անվանումների հիշատակումը, դրանով իսկ առհասարակ կեղծելով պատմությունն ու գրամ անգամ չհարգելով Բաքիխանովին, որի անունն է կրում Ադրբեջանի գիտությունների ակադեմիան, որտեղ նա աշխատել է որպես պատմության ինստիտուտի տնօրեն: Զիա Բունիաթովը, դժբախտաբար, աչքի էր ընկնում միայն նրանով, որ հակված էր հավատալու այն ամենին, ինչին ինքն էր ուզում հավատալ: Օրինակ, թաթար-մոնղոլական արշավանքների ժամանակներում ապրած հայ վարդապետ Կիրակոս Գանձակեցուն համառորեն հայ պատմիչ չէր համարում, նրա կարծիքով, Աղվանքի պատմությունը գրելով՝ Գանձակեցին իր՝ Բունիաթովի նախնիների պատմությունն է գրել, հետևաբար, նա ադրբեջանական ժողովրդին է պատկանում: Եվս մի ապացույց, որ ադրբեջանցիները շատ հաճախ իրենց սնամեջ եզրահանգումներով փաստորեն հեղինակազրկում են ինքներն իրենց։ Որովհետև Իրականում, Գանձակեցին ոչ թե նրանց նախնիների մասին, այլ՝ նրանց դեմ է գրել. իր պատմության մեջ Բունիաթովի նախնիներին վերաբերող գլուխը նա այսպես է կոչում. «Գլուխ այն մասին, թե ինչպես երևացին թաթարները, որպեսզի ապականեն, պղծեն ողջ աշխարհը»: Ռեյխսմարշալ Գերման Գերինգն ասում է՝ ես խիղճ չունեմ, իմ խիղճը Հիտլերն է: Այսօրվա ադրբեջանական մի շարք պատմաբանների խիղճը Զիա Բունիաթովն է, որի անարգ սադրանքները հայ ժողովրդի ու նրա պատմության հանդեպ սանձարձակ ավազակություն ու աճպարարություն կարելի է համարել:
Վերդառնալով մեր զրույցի սկզբին, հավելեմ, որ հայ ժողովրդի կյանքում անգնահատելի է մայիսին ձեռք բերած հաղթանակների նշանակությունը, քանզի իր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ մենք զգացինք միաբանության վիթխարի նշանակությունը։ Այն, ինչ մեզ չի հերիքել երբեք: Դարեր ի վեր չենք կարողացել ու հիմա նույնպես, թող ներվի, չենք կարողանում ազգի շահը վեր դասել անձնական շահից. մեր բոլոր կորուստները այդտեղից են գալիս։
Տոնական այս օրերին նանիր մտքերի չտրվեմ, այլ եռատոնի առթիվ սրտանց ու սիրով շնորհավորեմ մեր բոլոր հայրենակիցներին՝ մաղթելով սփյուռքի հայերին վերադառնալ հայրենական տուն, որովհետև մարդ իր հողում սոսկ կարող է երջանիկ լինել։ Ուրիշ տեղ լիարժեք երջանկություն չկա։