Ի Ր Ի Կ Ն Ա Յ Ի Ն Ա Ղ Ջ Ա Մ ՈՒ Ղ Ջ
… Հետո սկսեց հալվել, ցրտել տաք գիշերը, այգու վրայով անցավ վաղորդյան հովը, ծառերը լսելի աղմկեցին: Հետո բեկբեկուն կանչեց առաջին աքաղաղը, նրան միանգամից ձայնակցեցին մեկ այստեղ, մեկ այնտեղ՝ գյուղի մյուս ծայրին: Հետո երկար, շատ երկար ժամանակ լռություն էր: Սարերի վրա հետզհետե պարզվում էր երկինքը, հետո ինչ-որ տեղ, լուսամուտից այն կողմ, իրար ընդհատելով երգեցին գեղգեղիկները՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, այնուհետև՝ ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ:
Այնտեղ, հնդկական Սուրաթ քաղաքում, այստեղից հազարավոր կիլոմետր հեռու, չնայած դեկտեմբեր ամսի վերջերին, ինչպես ուշ գարունքին՝ մեզ մոտ, կանաչ հագած պուրակում երգում էին թռչունները՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, այնուհետև՝ ինչպես հիմա այստեղ, նույն քաղցրահունչ դայլայլը՝ ֆյութհ, ֆյութհ, ֆյութհ:
… Կամացուկ, որպեսզի չարթնացնեմ Լուսինեին, ելնում եմ դուրս: Հեռվում, մշուշապատ ձորերից ու վերձիգ սարերից անդին, երկնքի կապույտի մեջ ճերմակին տվող Կաչաղակաբերդի վրա, մերկ՝ ինչպես հրաշամանուկ, խնդումներես կանգնել է արևը, և նրա տեսքից ամբողջ երկինքը շառագունել, հուրհրում է:
Օդը նոսր է, եղյամի պես սառը: Բայց ես ցուրտ չեմ զգում. երբեք ու ոչ մի տեղ մարդ, երևի, իրեն այնպես լավ չի կարող զգալ, ինչպես հայրենական իր փոքրիկ տան շեմին: Որովհետև այնտեղ են անցել մանկության ու պատանեկության հրաշունչ օրերդ, և այդ օրերը հավիտենորեն անբաժան են քեզանից՝ քո վաղանցուկ կյանքի արշալույսից մինչև մայրամուտ:
Իմ հայացքն ակամայորեն ընկնում է ապակեպատ երկարուկ պատշգամբին, ուր իր անշարժուն դիրքով՝ ասես աշխարհից տարանջատ, նստած է մեծ մայրս: Նույն դիրքով, ինչպես երեկոյան թողեցինք նրան: Ես դանդաղ բարձրանում եմ պատշգամբ և, մոտենալով նրան, նստում եմ թախտի ծայրին:
-Բարի լույս, Շահում այա, ո՞նց ես:
Ինքն իրեն անլսելի ինչ-որ բան է մրմնջում: Ձեռքս դնում եմ չորչորուկ ջղուտ ձեռքին, նա իմ մատներն արագ առնում է տաքուկ ափերի մեջ և, կարծես ի պատասխան իմ հարցի, թեպետ, գիտեմ, չի լսել ինձ, ասում է.
-Գլուխս, է¯, ղռռում, դնգդնգում է, հարսանիք է, ինչ է, հասկանում չեմ:- ու շարունակում է՝ գլուխն օրորելով, մի տեսակ ասես երգելով,- մարդուս բաժին կյանքն էս աշխարհում շատ է կարճ, այան քեզ մատաղ: Ամեն ինչ հոսում է, կյանքն էլ է հոսում ոնց որ ջուրը, բայց իմ ջուրն արդեն վերևից, է¯, ակունքից կտրած է, մնացել է մի ծլլոկ, էն էլ որտեղ որ է՝ էսա կկտրվի:
Դրսից եկող պարզունակ ձայներին, թռչունների դայլայլին, առավոտվա անապակ լույսին, տերևների երգեցիկ սվսվոցին, ամեն-ամեն ինչին անհաղորդ, հեռավոր մտքերին, վերհուշներին տրված՝ տարուբերում է գլուխը, երբեմն ննջում՝ դեմքն իջեցրած կրծքին, բայց մի կիսավայրկյան միայն, կրկին բացվում են աչքերը, նայում է դուրս, թեպետ վաղուց, մի տարուց ավել է արդեն, ինչ զրկվել է տեսողությունից էլ, լսողությունից էլ: Լույսն ու խավարն է նշմարում սոսկ՝ մնացածը մշուշ է ու լռություն:
… Այդ լռության ու մշուշի մեջ երբեմն առ երբեմն զարկում են թմբուկներ, զլում են զուռնաներ, համբարձման տոն է, ջահել հարսն ու աղջիկներ՝ նոր շորեր հագած, ծփուն ծամերին գույնզգույն ժապավեններ ու ակներով սանրեր, շուրջպարի երգում են, և նրանց մեջ ամենից գեղեցիկն ինքն է, և իր ձայնն էլ ամենից դուրեկանն է, մեներգը ինքն է երգում.
-Իմ ծաղիկս քաղա¯ծ է:
Խումբը, գարնան հովի հետ, թռցնում է երգը.
-Ջա¯ն գյուլում, ջա¯ն, ջա¯ն:
Նորից ինքը՝
— Բարձր սարին պահա¯ծ է:
Ու նորից խումբը՝
— Ջա¯ն, ծաղիկ, ջա¯ն, ջա¯ն:
Տոնախմբությունը դեռ երեկ էր սկսվել, աղջիկները, խմբերի բաժանված, հանդերից գունեղ ծաղիկներ են քաղել, կավե կճուճների մեջ աղբյուրներից հավաքած ջուր լցրել և, ծաղիկները դնելով այնտեղ, տարել եկեղեցի, որպեսզի ժամերգությանը օրհնի տերտերը: Իսկ հետո, կճուճներն առած, երգելով շրջել են տնետուն՝ օրհնված ծաղիկներից դնելով խնոցու վրա, որ կարագն անպակաս լինի, կապել կովերի պոզերին՝ որ կաթն առատ լինի, օրհնած ջրից ցողել են դաշտերի վրա, որ շուտ հասնի արտը:
Երգն արձագանքվում, գյուղը երեք կողմից շրջափակված բարձրակա ժայռերում բեկբեկվում է.
Իմ ծաղիկս քաղա¯ծ է,
Ջա¯ն գյուլում, ջա¯ն, ջա¯ն,
Բարձր սարին պահա¯ծ է,
Ջա¯ն ծաղիկ, ջա¯ն, ջա¯ն:
Շուրջպարի ժամանակ ինքն զգում էր ինչ-որ մեկի ուշակալ հայացքն իր վրա, ու սիրտ չէր անում բարձրացնել աչքերը, թեպետ ներքուստ զգում էր, գիտեր, թե ով է: Ինքը, իհարկե, լսել էր նրա մասին, բայց երեկ, երկդասյա վարժարանից տուն վերադառնալիս առաջին անգամ տեսավ մոտիկից. Դերունց թաղում էր դա, իրենց տնից ոչ այնքան հեռու, քարքարոտ նեղ կածան էր, անհնարին էր, որ մեկը մի կողմ չկանգներ՝ մյուսին ճանապարհ տալու: Երևում էր, տղան վաղուց էր սպասում այստեղ, սակայն, իրեն տեսնելուն պես, չգիտես ինչու, ձևացրեց, թե իբր հենց այնպես, արահետն ընկած գնում է դեպի վարժարան: Հասան իրար, և, տղան քիչ խռպոտված, բայց համարձակ ձայնով ասաց. «Մի րոպեով կարելի՞ է, օրիորդ, խոսք ունեմ ասելու»: Ինքը մի վայրկյան նայեց միայն, լոկ սև հոնքերի տակից այրող նրա սև աչքերը տեսավ և պատանեկան խավամազով երիզված շուրթերը, որոնք թեթևակի ժպտում էին: Աղջիկն արագ փախցրեց հայացքը ու մնաց կանգնած՝ անկարող մի քայլ անելու: «Ներեցեք, խնդրում եմ,-ասաց տղան շփոթված ժպտալով, — ես Գրիգորյան Մուխանի տղան եմ, անունս Նիկոլայ է, վաղուց է, ինչ գյուղում չեմ լինում, գուցեև չճանաչեք ինձ: Բայց ես: Քանի օր է, ուզում եմ խոսել ձեզ հետ, չի հաջողվում, ժամանակն էլ սուղ է, կարևոր գործով շտապ տեղ պիտի գնամ:»: «Այդ բոլորն ինչո՞ւ է իրեն ասում. ինքն առանց հեր մի աղքատ աղջիկ, նա՝ հարուստի տղա»: Նորից նայեց տղային և զգաց, որ վերջ, ամբողջ կյանքում չի մոռանա նրան: Ուզենա էլ՝ չի կարողանա մոռանալ: «Իմ ընտրած ուղին դժվար ուղի է, միայն դու և ուրիշ ոչ ոք, միայն քեզ հետ կարող եմ անցնել այդ ճանապարհը»: Շահումը, ոնց որ երազի մեջ, լսում ու ոչինչ չէր կարողանում ըմբռնել նրա ասածներից: «Այն օրվանից, ինչ եկա վարժարանի վարիչ Հայկ Շաքարյանի մոտ, և այնտեղ, միջանցքում, պատահաբար տեսա ձեզ, քուն ու հանգիստ չունեմ,- նկատելի շփոթմունքով շարունակեց տղան:- Մի խոսքով, ես ուզում եմ մերոնց ուղարկել ձեր տուն»: Նիկոլայը ակամա փորձ արեց՝ բռնելու աղջկա ձեռքը, սակայն Շահումը, ասես մատները կրակի կպան, արագ ետ քաշեց ձեռքը ու փախավ դեպի տուն՝ չհամարձակվելով (ախ, այնքան էր ուզում) գոնե մի անգամ նայել ետ:
Տանը, ինչպես թռչնակը վանդակում, նա պատեպատ էր զարկվում, մեկ խնդում, մեկ արտասվում էր՝ անհանգիստ նայելով լուսամուտից, և նրան շարունակ թվում էր, թե օդը չի հերիքում: Երեկոյան ամեն ինչ պատմեց մորը՝ ավելացնելով, որ կամ նա, կամ էլ ոչ ոք: Մայրը՝ Թագին, անօգնական, մի տեսակ ասես անտեղյակ, նայում էր աղջկան, չնայած, իհարկե, զգացվում էր, որ գիտեր արդեն այդ մասին, հարևաններն էին, երևի, իրենց միասին տեսել: «Ախր, սար ու ձորի տարբերություն կա ձեր մեջ, մենք՝ ով, նրանք՝ ով,- խոսեց մայրը ընկճված ձայնով, նրա տեսքը խեղճ ու ողորմելի էր, Շահումի սիրտը միանգամից ճմլվեց կրծքի տակ:-Նիկոլայը, խոսք չունեմ, վատ տղա չի, ուրիշ երկրներում էլ, ասում են, ուսում է ստացել, կրթված, գրագետ, իզուր տեղը չի, որ նրան կարմիր պարտիզան են ասում: Բայց ծնողները, հատկապես մերը, չեն համաձայնվի: Դա գլուխ եկող բան չի , բալաս, գործ չունես, մտքիցդ հանիր նրան:»: Եվ հիմա տղաների խմբում կանգնած, հեռվից հեռու նայում էր իրեն, և ինքը գիտեր, որ Նիկոլայն է, և սիրտը թրթռում էր արտասովոր ու տագնապիչ զգացումից: Իսկ խումբն արդեն ուրիշ երգի էր անցել.
Խաչենը փրփրում է,
Ափերը քրքրում է,
Ամեն քեզ տեսնելիս՝
Սիրտս թրթռում է:
Աստված, գոնե ուրիշ կողմ թեքեր հայացքը, ուրիշ ուղղությամբ նայեր, ամբողջ գյուղի առջև ինչո՞ւ է այդպես նայում, եղբայրները՝ Սահակն ու Առուստամը, նույնպես այնտեղ են, ժողովրդի մեջ կանգնած նայում են իրենց, ի՞նչ կմտածենն, եթե տեսնեն նրան՝ իրեն նայելիս: Այլայլվել, դեմքը կրակի պես այրվում էր, իսկ ընկերուհիներն արմունկներով թեթև հրում էին. «Աղջի, Շահում, մի տես ոնց է հայիլ-մայիլ նայում քեզ», ժպտահայաց ակնարկներ էին նետում՝ մտքներում, երևի, նախանձելով նրա բախտին: Էհ, թե աղջիկներն իմանային առջևում ինչ բախտ է սպասում իրենց ընկերուհուն:
… Դեղձանիկները շարունակում են ցայգալույսի իրենց երգը: Ես հիմա տեսնում եմ նրանց՝ ոսկեկանաչ փոքրիկ երգիչներին, թթենիների վրա, երբեմն թաքնվելով դեղնագորշագույն տերևների մեջ, երբեմն հանելով իրենց հետաքրքրասեր կտուցները, ուրախ ոստոստում, ճախրում են ծառերն ի վեր և անընդհատ հնչեղ ու սահուն ծորում է նրանց երգը՝ ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ, ապա մի պահ ասես երգն ընդհատվում է, բայց մի կարճ պահ միայն, այն կրկին հնչում է՝ այս անգամ քնքուշ ու նվաղուն՝ ֆյուուութհ:
Հեռուներից՝ ոչ այն է կոլտնտեսային դաշտերից, ուր ալյակ-ալյակ ծփում են դեղնած արտերը և ասես տաքություն են բուրում, ոչ այն է գյուղամիջով փախչող գետակն ի վար ձգված անտառից, զնգուն ձայնակցում են արտույտները:
-Այա, ուզո՞ւմ ես ուտելու մի բան բերեմ:
Ասես հանկարծակիի եկած՝ աչքերը թարթում, իմ վրայով նայում է ինչ-որ տեղ:
-Վու¯յ, քո անցվորանց գերեզմանին լույս գա, բա ես բա՞ն եմ ուտում: Ուտեմ որ ի՞նչ. պառավի կերածը կորած է, այան քեզ մատաղ:- Քմծիծաղում է, բարակ շուրթերին երևում ու անմիջապես էլ հանգչում է թույլ ժպիտը:- Իմ մասին ինչի՞ ես մտածում, մատաղ, իմն արդեն անցել է, էսօր վերջին օրն է, էգուց չեմ լինելու:Այան գլխովդ շոռ տա, Սամվելիկիս գտիր,- նրա ձայնը դողդողաց, լացախառն ասաց.- Գտիր, անպայման գտիր, այան մատաղ:
-Գտնելու եմ, այա,- հառաչանքս խեղդած՝ հուսադրեցի ես,-անպայման գտնելու եմ:
-Գտնելու ես, բայց ես չեմ լինելու, անունին ու ձենին մատաղ նրա:
-Դու դեռ աղջիկներիս՝ Գոհարի ու Լիլիթի հարսանիքին պար պիտի գաս, էդ ինչե՞ր ես խոսում:
Նույն քմծիծաղն ու հուսակորույս ժպիտը՝ շուրթերի ծայրերին:
-Բարով կռիվ չլինի, խաղաղություն լինի, Սամվելիկը տուն գա, դու էլ բարով երեխեքին տեղաց անես, հացը բոլ լինի, սով չտեսնաք,- ինչպես օրհնանք մրմնջում է նա:- Աստված ձեզ հազար ճողնը շինի ու երեսներդ լվացած տեղը վարդ ու մանիշակ բսնի:- Նա խոսքն անսպասելիորեն փոխում է.- Այան մատաղ, ինչի՞ ես էստեղ նստել, գնա, հանդերը ման եկ, մարդ երեխա ժամանակ ման եկած տեղերը շատ կկարոտի:
Ես ելնում, դուրս եմ գալիս բակ: Գյուղն արդեն արթնացել է, այստեղ-այնտեղ մարդիկ ձայնում են իրար, երդիկներից ծուխ է բարձրանում, երկար գալարվում է տանիքների վրա՝ մեկ կպչելով տանիքներին, մեկ քամու հետ մագլցելով վեր: Ինչ-որ տեղ, հավանաբար, կալերում, միանգամից հռնդաց տրակտորն ու լռեց: Նայում եմ շրջակա լեռներին ու անտառներին, երեկ, երբ գյուղ հասանք, դրանք ծածկված էին թանձր քաշաթխպով, իսկ հիմա, ասես շաղով լվացած, ցոլցլում են արեգակի շողերից: Ներքևում, ձորում, խլաձայն աղմկում է գետը, որ գալիս է հեռվից, Վարդանաբերանց սարերից, և, գյուղը կիսելով երկու մասի, թթայգիներով գնում, կորչում է Խաչենագետի հովտում:
Այդ այգիներում էին տեղի ունենում համբարձման տոները, ճերմակազգեստ փոքրիկ աղջիկները՝ երեսները ծածկած ճերմակ շղարշով, ձեռքները զգույշ իջեցնելով կճուճների մեջ, վիճակ էին հանում, իսկ մեծերը սրտի թրթիռով սպասում էին, թե ինչպիսին դուրս կգա իրենց բախտը:
…Կարմիր պարտիզան Նիկոլայը, ծառերի տակ, տղաների մեջ կանգնած, շարունակ նայում էր Շահումին՝ իր կրակուն աչքերով հետևելով նրա յուրաքանչյուր շարժումին, իսկ երեկոյան հարազատների հետ եկավ նրանց տուն՝ խոսք առնելու: Դա անչափ բախտավոր օր էր Շահումի համար, հնար լիներ՝ թև կառներ, կթռչեր երջանկությունից: Բայց ինչո՞ւ և ո՞ւր թռչեր, երբ այստեղ է նրա երջանկությունը, ահա նստած է նա պատշգամբում, ցածրաձայն զրուցում է, և ինքն՝ ասես հիպնոսացած, ոչ մի կերպ չի կարողանում ըմբռնել նրա ասածների իմաստը, չի համարձակվում գոնե մի անգամ նայել նրան: Միայն մի բան հասկացավ Շահումը, և դա վերաբերում էր հարսանիքին. Նիկոլայը վաղը գնում է, ամսի վերջին կգա, հարսանիք կանեն, և իրենք կճանապարհվեն Բաքու: Աստված, ե՞րբ կգա ամսի վերջը, միթե՞ չեն հասկանում, որ իր սիրտը չի դիմանա այդ անջատմանը: Շահումը նույնիսկ զարմանում էր՝ այդ ինչպե՞ս էր պատահել, որ ինքը մինչ այդ կարողացել էր ապրել առանց նրա գոյության, ուրեմն անիմա՞ստ է եղել իր կյանքը մինչև հիմա: Ստացվում է, որ, այո, անիմաստ ու անարժեք էր եղել, այլապես սիրտը կրակի մեջ չէր այրվի այսպես, կարոտից հալ ու մաշ չէր լինի: Լավ էր, որ ամենամոտ ընկերուհին՝ Մարգարիտը, շարունակ կողքին էր, ծիծաղում, սիրտ էր տալիս, բայց մեկ էր, տագնապալից էր սպասումը մինչև հարսանիք, իսկ հարսանիքին մի օր մնացած՝ ուղղակի քիչ էր մնում սիրտը կանգներ անհամբերությունից: կարգ կար այդպիսի այն հեռու ժամանակներում. հարսանիքի օրը, մինչև եկեղեցի գնալն ու եկեղեցուց հետո՝ մինչև հարսանիքի վերջը, աղջիկն իրավունք չուներ տեսնելու իր նշանածին, խոսելու նրա հետ: Ծաղկավոր մետաքսից կարված զանդրուկը հագցրած գլխին, զուռնա-դհոլի ուղեկցությամբ, հրացանների համազարկով, ուրախ բացականչություններով նրանց տարան գյուղամեջ, Սուրբ Աստվածածին եկեղեցին: Դեմառդեմ ու ձեռք-ձեռքի կանգնել էին նրանք տեր Վարդանի առջև, ինքը ոչինչ չէր տեսնում անթափանց շղարշի տակից, հայացքը գետնին, տրոփող սրտով լսեց տերտերի օրհնանքը. «Տեսէք որդեակք, աստուածային հրամանւն՝ և կանոնիւք սուրբ հայրապատաւյն եկեալ էք ի սուրբ եկեղեցիս, պսակիլ օրինօք ի սուրբ ամուսնութիւն: Ապա տեսէք, որ յաշխարհիս վերայ պէսպէս փորձութինք կան. թե հիվանդութիւն, և թե աղքատութիւն, և թե այլ ինչ նեղութիւն. Աստուած զձեզ յամենայն փորձութենէ հեռի պահեսցէ, միաբան սիրով պահեսցէ, ի խոր ծերութիւն հասուսցէ, և անթառամ պսակին արժանացուսցէ:»: Եվ տեր հոր հարցին, որ կրկնվեց երեք անգամ. «Որդյակ իմ, և դու մինչև ի մահ հնազա՞նդ ես», արձագանքեց շշուկով ու շիկնանքով, և կրկնեց դա երեք անգամ. «Այո, հայր սուրբ, հնազանդ եմ հրամանւն Աստուծոյ»: Հետո նրանց դուրս բերեցին բակ, դարձյալ նույն նվագն էր, ցնծուն բացականչություններն էին, եկեղեցու զանգերը ախորժալուր ղողանջում էին, այս ու այնտեղ երկար ձողերին ամրացրած ջահերի վրա կրակում էին հրացաններից, աղջիկներն ինչ-որ ծիծաղելի պատմություններ էին անում, իսկ ինքն ասես երազի մեջ լիներ, ոչինչ չէր կարողանում ըմբռնել, ինչ-որ անհայտ ու տագնապալի բանից սիրտը տարօրինակ կերպով խփում էր, իսկ թե ինչից էր դա, հասկանալ չէր կարողանում: Մենակ Մարգարիտն էր, որ, չգիտես ինչու, մի տեսակ տխուր էր և հայացքը շարունակ փախցնում էր՝ կարծես թե չուզենալով ուղիղ նայել ընկերուհուն: »Միթե նախանձում է,- Շահումը նույնիսկ վիրավորվեց ներքուստ:- Իսկ գուցե մի բան գիտի ու չի՞ ասում իրեն: Բայց ի՞նչ պիտի իմանա»: Իսկ տագնապը չէր անցնում, այդ տագնապը չէր լքում նրան նույնիսկ հարսանքի ժամանակ, իր համար առանձնացրած սենյակում նստած, ականջում հարսանքավորների խնդուն աղմուկը, նա սպասում էր, որ ահա ուր որ է մեկը ներս կմտնի և անպայման մի վատ բան կհաղորդի նրան Նիկոլայի մասին: «Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո…Եվ մի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա զմեզ չարէ»,- անընդհատ ու անլսելի շշնջում էին նրա տոչոր շուրթերը: Եղավ մի պահ, երբ ընկերուհիները միանգամից ելան և, մեկ-մեկ գրկելով ու համբուրելով նրան, ճռվողելով դուրս եկան: Նա հասկացավ, որ հիմա Նիկոլայը ներս կմտնի: Սիրտն սկսեց ավելի արագ խփել՝ ասես ցանկանալով դուրս թռչել կրծքից: Դռան ձայնից նա շտապ դարձավ դեպի լուսամուտը՝ սիրտ չանելով շրջվել նրա կողմը: Թույլ չրխկաց դռան մղլակը: Շահումի շունչն ասես կանգ առավ:
-Շահո՞ւմ:
Ոնց որ օձ խայթի՝ Շահումն արագորեն շրջվեց ձայնի վրա և, տեսնելով Նիկոլայի եղբորը՝ Աղաբեկին, թիկունքով սեղմվեց լուսամուտագոգին: Աղաբեկը՝ դեմքի մի մասը, աչքի ու շրթունքի հետ միասին, մանկուց այրված, սարսափազդու տեսքով, ծանր շնչելով նայում էր նրան:
-Նիկոլային բա՞ն է պատահել,- արտասանեց Շահումը՝ հազիվ կարողանալով շունչը ետ բերել:- Աստված իմ, դու ինչ-որ բան ես թաքցնում ինձնից: Ինչո՞ւ ես լռում,- ահագնացող վախով շարունակեց նա,- ես հո կույր չեմ՝ նրան վատ բան է պատահել. ես դա զգում էի:
-Ոչ:- Աղաբեկը թափահարեց գլուխը և միանգամից, կարծես ծանր բեռից ազատվելով, ասաց.- Քեզ նրա համար չենք բերել, Շահում: Քեզ ինձ համար ենք բերել:
Շահումը քարացած նայում էր ձայնի ուղղությամբ՝ առանց խոսակցին տեսնելու:
-Նիկոլայի համար ինչ կա,- ինչպես խոր անդունդից՝ գալիս էր Աղաբեկի ձայնը:- Նա ինձ նման անբախտ չի, ում էլ ասես՝ կառնի: Իմ բանն ուրիշ է, ինքդ էլ տեսնում ես, թե ինչ օրի եմ: Եղբորդ՝ Առուստամի հետ էդպես որոշեցինք, սկզբում դեմ կանգնեց, բայց դե, ինչի՞ պիտի դեմ կանգնի, համաձայնեց: Մի մտածիր, իմացած եղիր, որ ես քեզ Նիկոլայից պակաս չեմ պահելու, լավ եմ պահելու:
-Ոչ, ոչ, չեմ ուզում, ոչ,- բերանով օդ որսալով՝ շնչասպառ ու գունաթափ՝ անկարող անգամ ցավից ճչալու՝ Շահումը գլխապտույտ զգաց և ուշակորույս փռվեց հատակին:
…Ես շրջվում, կրկին նայում եմ ետ` պատշգամբին, ուր արևի գունեղ շողերն արդեն լուսամուտներից ներս են մտել և բակի ծառերի մեղմիկ շարժումից վետվետում են սևացած պատերին: Այնտեղ, պատշգամբում, իր հնամենի թախտին նստած, մեծ մայրս ինքն իրեն խոսում է, կամկար շարժում ձեռքերը, ասես ինչ-որ բան է ուզում ապացուցել երևակայական զրուցակցին: Հնարավո՞ր է գիտենալ՝ ի՞նչ է մտածում մարդ ահա այս պահին, երբ արդեն հասել է կյանքի վերջնագծին և բոլորը գիտեն ու ինքն էլ գիտի, որ դա այդպես է, ավարտված է կյանքը, վերջ՝ ինքն այս մեծ ու կանաչ աշխարհում չի լինելու այլևս: Ի՞նչ է հիշում հիմա իր անցած օրերից և առհասարակ որևէ բան հիշո՞ւմ է, թե ամեն ինչ այնտեղ, հոգու խորքում իրար է խճճված:
Շատ տարիներ առաջ, երբ մայրս բերեց ինձ գյուղ և, թողնելով պառավ սկեսրոջ խնամքին, գնաց քաղաք՝ վայելելու իր երջանկությունը նոր ամուսնու հետ, հիշում եմ, մեծ մայրս հեքիաթներ էր պատմում, ըստ երևույթին, ուզում էր սփոփել ինձ, որ շատ չտխրեմ առանց մորս: Իսկ ես չէի էլ տխրում, թեպետ երբեմն առ երբեմն ես ինձ զգում էի մենակ, արհամարված ու լքված բոլորից: Բայց դա սկզբնական շրջանում էր, հետո ես սրտակից ընկերներ ունեցա, մանկական միամիտ ու մաքուր սիրով սիրեցի և° նրանց, և° գյուղը, և°, իհարկե, Շահում մեծ մորս, առանց որի ես իմ կյանքը չէի պատկերացնում այլևս: Նա ձեռքս բռնած ինձ առաջին դասարան տարավ, իսկ երբ ավարտեցի դպրոցը, հասունության ատեստատը կրծքին սեղմած երկար լաց էր լինում, և ես չէի կարողանում մխիթարանքի խոսքեր գտնել նրան ասելու:
Մեծ մորս պատմած բազում հեքիաթներից մեկն իր մասին էր. «Եղել է, չի եղել, մի սիրուն աղջիկ է եղել: Աչքերը ՝ ոնց գիշեր՝ սև են եղել, բերանը պողի նման կարմիր, մեջքը ճապկի պես նուրբ ու բարակ է եղել՝ ու ինքն էլ տասնչորս տարեկան: Կուժն՝ ուսին երբ ջուրն է գնացել, երբ սարերից քշել է իրենց ուլերը, կամ եղբայրներին հաց է տարել հանդ ու թեթևաքայլ տուն է եկել, ամբողջ գյուղը կանգնել, հեռվից հեռու զմայլված նայել է նրան՝ մտքում երանի տալով էն բախտավոր տղին, որ կառնի նրան:»
Պատմում էր նա, և նրա ձայնը, ոնց որ քամու հետ եկող ջրի խոխոջ, մեկ հանկարծ իջնում, մեկ կրկին բարձրանում էր, ես մտովի տեսնում էի կարմիր պարտիզան տղային, որ «բարձրահասակ էր, ինչպես չինարի, սև աչք-ունքով էր ու խոսելիս հմայում էր քեզ իր անուշ ձենով»: Մեծ մորս ձայնը դողում, կտրվող լարի պես թրթռում էր, երբ հեքիաթը հասնում էր վերջին՝ ավետելով այն մասին, թե մեծերն ինչքան դաժանորեն խաբեցին ջահել սիրահարներին: Բայց այն, որ այդ հեքիաթում իր կյանքն էր պատկերված, ես շատ տարիներ հետո միայն հասկացա: Ես նրան հարցրի.
-Այա, իսկ ի՞նչ դառավ կարմիր պարտիզան Նիկոլայը, նա որտե՞ղ մնաց:
Նա և° զարմացած էր, որ ես վերջապես գլխի եմ ընկել, թե ում մասին է հեքիաթը, և° մի տեսակ սրտովն էլ էր, որ ես իմանամ այդ պատմությունը: Վաղնջական գեղեցկությունը կորցրած դեմքին թեթևակի ժպիտ մարմրեց: Քմծիծաղեց, ինչպես սովոր էր, և թառանչանքով ասաց.
-Գնաց ու էն գնալն էր, էլ չեկավ, խռովեց բոլորից էլ, աշխարհից էլ ու էլ չեկավ. Հետո լսեցինք, որ Բաքվի պաշտպանության ժամանակ սպանվել է և, որպես հերոս, թաղված է էնտեղի հայոց ամենամեծ եկեղեցու բակում, հազար ողորմի, ջահել-ջիվան գնաց կորավ…
…Իսկապես, տեսնես որևէ բան հիշվում է, թե ամեն ինչ վաղուց մոռացության է տրվել: Մի՞թե մարդկային կյանքն այնքան երկարատև է, որ մարդ վերջին ժամին չկարողանա հիշել իր գլխովն անցածը: Եվ հնարավո՞ր է մոռանալ: Այն նույն աղջիկներով, որոնց հետ ոչ հեռու ժամանակներում վիճակախաղի ցնծուն երգեր էին երգում համբարձման տոներին, այժմ սուգ էին ասում գերեզմանատանը: Դժվար, անասելի դժվար ժամանակներ էին, գյուղում տիֆի համաճարակ էր տարածվել, չկար մի օր, որ հինգ վեց մարդ չմեռներ: Հնձի ժամանակ էր, տղամարդիկ վախենալով, թե կարող են վարակվել, սարերից տուն չէին վերադառնում: Գյուղում մնացածներն էլ չափարների տակով կուզեկուզ էին գնում: Աղաբեկը նույնպես սարերում էր, Մեղրաքերծից այն կողմ՝ Խասին խութում գտնվող իրենց հանդերում, և Շահումին ծանոթ հին տագնապը հանգիստ չէր տալիս նրան: Ներս ու դուրս էր անոմ, վախվորած նայում երեխաններին, որոնք՝ մոր տեսքից իրենք ևս սսկված, կուչ էին եկել: Նրա աչքերի արցունքը չէր չորացել դեռ. տարվա սկզբին եղբայրը՝ Առուստամը, սայլի տակ ընկավ, մահացավ, իսկ գարնան վերջերին, գիշերը ժայռից մի վիթխարի բեկոր պոկվեց և քրոջ ընտանիքը՝ քրոջ, նրա ամուսնու և տասնչորս տարեկան որդու՝ Միշայի հետ միասին, թողեց տակը: Դրանից երկու շաբաթ չանցած՝ կայծակից բռնկվեց բակի կաղնին, կաղնուց էլ խոտով լիքը մարագն ու տունը, թեպետ ողջ գյուղը հավաքվել էր, ձայներից զրնգում էր շուրջը, սակայն ոչինչ փրկել հնարավոր չեղավ. տունը մինչև վերջ այրվեց, մոխիր դարձավ: «Դերունց Տանիելի աղջկա ոտքը կոտրվեր՝ տունս չմտներ, այ ժողովուրդ,- ծնկանը խփելով անիծեց սկեսուրը:- Ամենազոր աստված, էս ի՞նչ պատուհաս էր, որ դա բերեց մեր գլխին»: Շահումը բարձրաձայն լաց եղավ: «Աղջի, ամոթ է,- այս ու այն կողմից ասացին մեծահասակ կանայք,- խեղճն ի՞նչ անի, ո՞վ կուզենա, որ իր քորփեքը դռնեդուռ ընկնեն»: Մուխանն ու կինը փոխադրվեցին աներոջ ներքնահարկը, որտեղ շատ չանցած, Մուխանը կաթվածահար եղավ, մահացավ, իսկ Շահումը՝ Աղաբեկի ու երեխաների հետ, ժամանակավոր եկան մոր մոտ, միչև աշնանը նոր տան հոգս կանեին, կամ կվերանորոգեին հորական տունը: Սկեսրոջ խոսքերը գալիս, իրեն էին հասնում, երբեմն էլ որևէ տեղ պատահելիս, սկեսուրը ցուցադրաբար երեսը շրջում, թեքում էր ճամփան: Շահումը մտամոլոր քայլում էր դեպի տուն՝ իր թիկունքին զգալով նրա չարագույժ հայացքները: Սկեսուրը աչքով աչք չուներ իրեն տեսնելու,- դա պարզ էր, բայց, ախր, ինքն ինչո՞վ է մեղավոր, ո՞րն է իր մեղքը և մի՞թե իր՝ Շահումի համար հեշտ է: Մայրը նրան սիրտ տվեց. «Ջրին ասել են՝ ինչի՞ ես էդքան վշվշում, ասել է՝ ընկերս քարն է: Նրա կյանքը պալատներում է անցել, սիրտը չի դիմանում, հերսոտվել է, ուշադրություն մի դարձրու»: Այդպես էլ կար՝ չդիմացավ. շուտով մահացավ սրտի հիվանդությունից: Իբր այսքանը քիչ էր, թուրքերն էլ մի կողմից էին նեղում: Խաչենի էն կողմում ու Շուշվա մոտերքում, ասում էին, մի քանի գյուղեր են վառել, մարդկանց անխնա կոտորել: Քանի անգամ երեխոցով թողեցին գյուղը, պահվեցին Վարդանաբերանց սարերում, մինչև որ Հայաստանից դաշնակները լեռներով օգնության եկան: Իբր դա էլ էր քիչ, հիմա էլ այդ անտեր հիվանդությունն էր տարածվել և աջ ու ձախ հնձում էր մարդկանց:
Ծանր մտատանջության մեջ՝ Շահումը հանկարծակի լարվեց՝ լսելով ինչ-որ մեկի ձայնը: Նա արագ ելավ բակ և մնաց քարացած. ամուսինը կանգնած էր տնից ոչ այնքան հեռու, ցանկապատից այն կողմ և սարսափից ավելի այլանդակված, լայնացած աչքերով նայում էր իր կողմը: Նա քայլ արեց՝ առաջ գնալու, սակայն ամուսինը ձեռքով նշան արեց չմոտենալ:
-Էդ զուլումն ինձ էլ կպավ, Շահում:- Նրա այտամկանները ձգվել էին, և նա ուժով էր պահում իրեն, որ չհեկեկա:- Ասացի չեմ հասցնելու վերջին անգամ տեսնեմ քեզ, լսեմ ձենդ: Տուն չեմ ուզում մտնել, կարող եմ վարակել, դու էլ մի մոտեցիր: Նամարդ դուրս եկա, երեխեքը թողեցի վզիդ: Էսօր հիսուն խորթն եմ հնձել:,- այդպես խոսքը կիսատ՝ ասես թիկունքից կրակեցին, նա միանգամից չոքեց, կծկվեց ու ընկավ գետնին:
Շահումը աղեկտուր ճչաց, տնից դուրս թափվեցին երեխաները: Մայրը գարնանից անկողին էր ընկել, տանը պառկած էր, աղջկա ձայնից ցնցվեց, մի քանի անգամ կանչեց, բայց նրան լսող չկար: Վազելով եկան հարևանուհիները՝ Մարիամը, Բաջին, քիչ անց վազեվազ եկավ նաև Մարգարիտը: Եվ Շահումը հանկարծ սարսափով մտածեց այն մասին, որ ամուսինն ընկած էր այն նույն տեղը, ուր Նիկոլայն այն ժամանակ խոստովանեց իր սերը: Հարևանուհիների հետ միասին հենց այդպես շորերով, հին, քրքրված կարպետի մեջ փաթաթած, ամուսնուն քարշ տալով տարան գերեզմանատուն, հանձնեցին հողին, իսկ մթնալուսին, դեռ լույսը չծագած, փոքրերին՝ Արամին, Վաղարշակին, Հովհաննեսին ու Մարգոյին թողնելով հիվանդ մոր մոտ, Սահակին ու Գրիշային, որոնք արդեն տասը-տասներկու տերեկան մեծ տղաներ էին, վերցրած գնաց Խասին խութի սարերը՝ իրեց կիսատ արտը հնձելու:
Լուսնյակը մայր էր մտել, բայց աստղերը դեռևս լուսավորում էին արար աշխարհ: Ուր որ է՝լույսը կբացվի: Շահումը մանգաղով արագ-արագ հնձում էր արտը, արցունքները հոսում էին այտերն ի վար, սակայն նա կծում էր շուրթերը, զսպում իրեն, որպեսզի երեխաները չնկատեն: Ինչ-որ մեկը հեռու հանդում, լուսաբացի շամանդաղում ծորուն երգեց, և այդ երգն Շահումի սրտով էր, ասես նրա հոգու խորքից բխած.
Գնա¯մ, գնա¯մ, հեռանամ,
Էլ ուժ չունեմ՝ դիմանամ,
Մեռնե¯մ, մտնեմ գերեզման,
Գուցե դարդս մոռանամ:
…Կանգնեց արտում, ականջ դրեց, հեղձուկը դեմ առավ կոկորդում, շնչելը դարձավ դժվար: Այս ու այնտեղ երգում էին թռչունները, մոտիկ ու հեռու հանդերից մարդկանց ձայներ էին լսվում, Շահումը նայեց որդիներին, որոնք, խոզանի մեջ հազիվ երևալով, քրտնքի մեջ աշխատում էին՝ մոր հնձածը խրձեր անելով ու դասավորելով իրար վրա: Հույսի հեռավոր մի շող առկայծեց Շահումի հոգում, նա ինքն էլ սկսեց հավատալ, որ կկարողանա մեծացնել իր որբերին: «Առստամը ողջ լիներ, կօգներ, հենարան կկանգներ,- մտածում էր Շահումը,- այդպես էլ մենք իրարից խռով՝ գնաց այս աշխարհից, չիմանալով, որ վաղուց ներել էի նրան՝ ինձ այսպիսի ճակատագրի արժանացնելու համար: Ով գիտի, գուցե իմ լավն է ուզեցել: Սահակը ևս, թե չգնար հեռու քաղաքներ՝ մի կտոր հաց վաստակելու, հիմա այստեղ կլիներ: Նա ևս չէր թողնի, որ իր անբախտ քույրը մենակ տանջվի»: Այո, կկարողանա մեծացնել, մտորում էր Շահումը, շարունակելով հնձել, աշխարհն այսպես չի մնա, Ճամփան ինչքան էլ որ երկար լինի, մեկ է, էլի վերջ ունի:
Կալերում կրկին հռնդաց տրակտորը, տրակտորը չէր երևում, ծուխը գալարվեց այնտեղ, մերվեց երկնքի կապույտին: Արևն ահագին բարձրացել էր, բայց օդը սառցասառն էր: Ցանկապատի տակ սարդը ոստայն էր հյուսել, սարդոստայնից կախված ցողի ադամանդյա կաթիլները շողշողում էին արևի ճառագայթներից: Դուրս գալով բակից, ես իջա դեպի ձորը, այնուհետև ձորն ի վեր, գետի հակառակ ուղղությամբ, քայլեցի սարերի կողմը:
Ի¯նչ քաղցր ու միևնույն ժամանակ ինչքա¯ն տխուր է հանդիպումը անցած օրերի հետ. ինչ-որ անհայտ վշտից, թե անձկությունից սիրտս սեղմվում է: Քիչ ներքև, ինչպես իմ մանկութ օրերին, չի երգում այլևս ինձ ծանոթ առուն: Իմ հեռու-հեռավոր հիշողության մեջ զնգում է այդ առուն, մեղմիկ խոխոջում՝ ողջունելով ինձ, թիթեռնիկներին, հավքերին պես-պես և ծաղիկներին՝ սյուքից օրորվող:
Դու իմ մանկության սիրելի առու, որ զրնգալով, խնդուն խայտալով, վազում էիր ցած՝ քեզ հետ տանելով երազներն իմ ջինջ, ո՞ւր ես դու հիմի, ո՞րտեղ է մարել ձայնդ երգեցիկ: Հեռու-հեռավոր հուշերի խորքից ետ եկ, իմ առու, անանմոռանալի սիրելի ընկեր, ետ բեր օրերն իմ անհոգ ու ազատ ուրախ մանկության, ետ բեր օրերն իմ, իմ ընկերներին, թող կյանքը լցվի նրանց ձայներով՝ անհոգ, երջանիկ:
Այս ու այնտեղ, երփներանգ թևերը խաղացնելով արևի տակ, մի շամբուտից մյուսն է անցնում չարդը՝ ծղրտոցով կտրելով կանաչ մարգագետինը, պոչխաղուկները թռչում են ջրի վրայով և, նստելով քարերի վրա, գլուխները թեքած նայում են փրփրած գետին ու տարուբերում են երկարուկ պոչերը:
Ես զուր չարթնացրի Լուսինեին, հետո պիտի նեղանա, որ իրեն չեմ վերցրել հետս: Ծառերի արանքից երևում է խոր երկինքը: Երկինքը շատ է հեռու երևում, և կապույտը նույնպես չափից դուրս շատ է, կարծես լեղակած է երկինքը: Ասես ոչինչ չի փոխվել իմ մանկության ժամանակներից ի վեր: Ահա այստեղ կրակ են արել, կրակի տեղը խոտը այրված է, դատարկ ծխախոտատուփ կա ընկած, լուցկու վառած հատիկներ կան, այստեղ, ահա ինչ-որ մեկը պառկել է, խոտը շրջված, կպած է գետնին: Թվում է երեկ այստեղ էի, այս կրակն էլ ես եմ արել թվում է, ծխախոտի դատարկ տուփն ու լուցկու հատիկներն էլ իմն են. նույնն է, սիրտ ցավացնելու չափ ամեն ինչ նույնն է, անցած օրերն են, որ չկան այլևս:
Ձորեզրին մեկը արածացնում էր կովը և կամացուկ ինչ-որ եղանակ էր սուլում: Նայեցի նրան: Մեր հարևան Մխիթարն էր, բարձրացրի ձեռքս՝ ողջունելու: Մխիթարը նման է հորը՝ կարճահասակ ու հաստլիկ, ոնց որ լցրած պարկ: Զարմանալի է, մարդիկ ծերանալով ավելի են նմանվում իրեց ծնողներին: Մխիթարը թեպետ կաղալով, բայց արագ, գայթուն քայլերով սկսեց մոտենալ, ես նույնպես ընդառաջ գնացի, բարևեցինք:
-Էն ով է, ասում է՝ մի հիշիր դու վայրերը գեղեցիկ պատանեկության. ո°չ վայրերն են հիմի գեղեցիկ, և ո°չ էլ դու ես էն պատանին:- Մխիթարը մի պահ ժպտում, հետո, միանգամից լուրջ դեմք ընդունելով, ասում է.- Դե, պառավի համար ես եկել, պարզ է: Ո՞նց է հիմի:
-Լավ չի: Ասում է՝ էսօր վերջին օրս է, վաղը չեմ լինելու:
-Վա¯հ, մի տես է:-Մխիթարը զարմացած օրորեց ճերմակ գլուխը:- Մի տես ոնց է իմանում է: Լավ կնիկ էր, էդպիսիները հարյուր տարին մի անգամ են աշխարհ գալիս: Քեզ պահեց, մեծացրեց, գնացիր քաղաք՝ սովորելու, ու մնացիր էնտեղ, հետո հորաքույրդ` Մարգուշան, ամուսնուց բաժանվեց, ասում են մի ավազակ շան տղա էր, բաժանվեց, երեխին բերեց, թողեց պառավի գլխին ու էն գնալն էր, որ գնաց: Նրա հույսն ու մխիթարանքը քեզանից հետո Սամվելիկը դառավ, նա էլ Աֆղանստանի կռիվներում զոհվեց, թե կորավ՝ էդպես էլ մնաց անհայտ: Մի հարցնող չեղավ՝ էդ զորքերն ինչի՞ մտցրին Աֆղանստան: Մեր էս փոքրիկ Ղարաբաղում գյուղ չկար, որ զոհ չունենար էդ կռվում: Դագաղներն էլ իրավունք չկար բացելու, պլոմբած բերում էին, պլոմբած՝ թաղում: Էդպես էր: Հարցնող չեղավ, բայց դե շահագրգիռ մարդիկ կային, այլապես էսօրվա օրը ամեն մեկը մի քանի հեկտար զավթած՝ գեներալները դղյակներ չէին կառուցի Մոսկվայի մոտ ու երկրի ամենալավ տեղերում՝ Սոչիում, Կիսլովոդսկում, Ղրիմում: Մեծ մերդ հավատացած էր, որ ողջ է թոռը, ասում էր` գերի է, ուզում է, բայց չի կարողանում գալ: Քո հոր՝ Գրիշայի նման, որ պատերազմից տաս տարի հետո հայտնվեց միայն: Գյուղն ուրախացավ, շատ ուրախացավ, բայց դե, կարճ տևեց էդ ուրախությունը, Մարտունու մոտ, Կուրոպատկինոյում, գարի բեռնած ավտոմեքենայով վթարի ենթարկվեց խեղճը: Հերդ գերմանական մի քանի լագերներում էր եղել՝ Մայդանեկ, Բուխենվալդ, բայց, ասում էր, անմարդկային, գազանային էն դաժանությունը, որ սովետական լագերների քննիչներն ու առհասարակ էդ լագերների ղեկավար անձնակազմն էր ցուցաբերում մարդկանց նկատմամբ, գերմանական ոչ մի լագերում չի տեսել: Քննիչների ու բանտապահների վարվեցողությունը բանտարկյալների հետ, ասում էր, այնպիսին էր, որ նրանցից շատերն ինքնասպան էին լինում կամ խելագարվում: Գերմանական լագերներից փախավ, ընկավ սովետի լագերները: Տաս տարի ծառ կտրել տվեցին Սիբիրի ու Վորկուտայի սառնամանիքներում, եկավ իր տան-դռանը զոհվեց: Էհ, էդպես եղավ: Ում բախտը ծռվեց, նրա ձին ախոռում էշ կդառնա: Գոնե ճանաչե՞ց քեզ:
-Իհարկե:
-Հիշում եմ, մի մատ երեխա էիր, որ բերեցին մոտը: Ձեռքիցդ բռնած գնում էր հանդ, իրիկունը հետը բերում: Եթե ճիշտը կուզենաս,- Մխիթարը մի տեսակ մեղավոր ժպտաց,- նա քեզ և° հերություն է արել, և° մերություն: Բա ոնց, մենակ պահեց, կրթություն տվեց: Կնիկ կա՝ օխտը տղամարդ արժի: Քու տատ էդպիսի կնիկ էր: Ամեն մարդու բան չի է, որբին ջան ասող շատ կլինի, հաց տվող չի լինի: Գործերդ խմբագրությունում ինչպես են, լա՞վ են:
-Ոչինչ:
-Մեկ-մեկ կարդում ենք գրածներդ: Դե որ գյուղում ապրեիր, իհարկե, իր համար լավ կլիներ, չորս պատի արանքում մենակ ապրելը ծանր բան է:- Մխիթարը մտասույզ նայեց ինձ, փոխեց խոսքը:- Էհ, ինչ եմ ասում, մենակ հո դու չես, բոլորը հիմի փախչում են գյուղերից: Կար ժամանակ էս շենը մարդկանցով լիքն էր՝ ջահել տղաներ, աղջիկներ, դպրոցում մոտ հինգ հարյուր աշակերտ էր սովորում: Բայց երեք կարևոր բան կա, որ գյուղի մեջքը կոտրեցին: Ասեմ. մեկը պատերազմն էր, երկուհարյուր հիսուն հոգի մասնակցեցին կռվին, որից տասնմեկը աղջիկներ, ի¯նչ ջահել-ջիվան տղերք գնացին ու ետ չեկան, մյուսը ֆեզոն էր, երևի չիմանաս, պատերազմից հետո, հիսունական թվականների սկզբներին գյուղերից քաղաք՝ Բաքու, Սումգայիթ, աշխատուժ էին հավաքագրում՝ գյուղի համարյա կեսը գնաց: Մեկն էլ էս խոպանը. մարտի սկզբներին ամբողջ գյուղը՝ մեծ ու պուճուր, ոնց որ չվող թռչուններ, ճանապարհվում են Ռուսաստանի խորքերը, նոյեմբերի վերջերին, ձյունը դրած, գալիս են: Ափսոս, հազար ափսոս, ավերվեց էս դրախտ գյուղը, մի նայիր է, բա էս ձևի տեղ կա՞ աշխարհում:
Կովը մտել էր արտը, Մխիթարը վիրավոր ոտքը քարշ տալով, գնաց՝ թողնելով ինձ ձորափին կանգնած:
Ձորն ի վեր բարձրացող նեղլիկ արահետով շարունակեցի ճանապարհս: Վերևից, սաղարթների արանքից, մերթ ընդ մերթ ցոլցոլում է արևը, մոշահավերը պնդուկի ծառերի վրայից շատ ցածր, համարյա գետնին քսվելով թռչում, կորչում են անտառի մեջ: Այս արահետով, որ մի ժամանակ բանուկ ճանապարհ էր և հիմա ոտքի կարոտից է այսպես բարակել, մաշվել ու ծածկվել մասրենու ճյուղերով, Շահում Մեծ մորս հետ ինչքան ենք բարձրացել սարերը՝ խոտ բերելու, հասկ հավաքելու, կարտոֆիլ հանելու. «Անցած օրին օր չի հասնի»,- մի անգամ ասաց Մեծ մայրս: Այդ բառերի իմաստը ես լոկ հիմա եմ հասկանում, երբ այնքան ջրեր են հոսել այն օրերից ի վեր: Անտառային լռություն է, ոչ մի ձայն, ծպտուն՝ բացի սերինոսների սրտացունց երգից: Հին ընկերներից գոնե մեկը լիներ: Այս օդը, այս չքնաղ վայրերը թողած նրանք բոլորն էլ քաղաքներում են, գյուղ են գալիս երկու-երեք տարին մի անգամ, կարևոր-կարևոր քայլում են գյուղի փողոցներով, ժամերով նստում են գյուղական ակումբի առջև՝ մինչև կլրանա աշխատանքային արձակուրդը, ու թողնում, գնում են:Էհ, իսկ մի՞թե նրանցից մեկն էլ ես չեմ:
Իսկ այստեղ շարունակում են բուրել ծաղիկները, արևը ծառերի արանքից ընկնում է բացատների վրա և, չնայած եղյամ է դնում արդեն սարերին, մյուս բոլոր ծաղիկները չնայած վաղուց են խամրել, բացատներում բացվում է վարդը՝ բարակ թերթերով, բարակ ոտքի վրա կանգնած կարմիր վարդը:
Ամառ է, տաք է, մեծ, դեղնակարմիր ճանճերը՝ կլոր աչքերով, անշարժ կանգնել են ոսկեփայլ օդում, նրանք իմ ոտնաձայներին ուշադրություն չեն դարձնում, բազմերանգ թիթեռները պարսերով իջնում են անասունների ոտնահետքերում հավաքված անձրևաջրերի վրա, պարսերով բարձրանում են ջրերի վրայից, մի տեսակ թեք ճախրելով գնում, պտտվում, կրկին վերադառնում են նույն փոսերի վրա:
Հիշում եմ, ամռան մի շոգ օր Սամվելիկին վերցրի ինձ հետ, եկանք այստեղ: Աղբյուրի մոտ զով էր, նստեցինք՝ ջրի քչքչոցը մեր ականջում, իսկ շուրջը՝ հավքի դայլայլ, մեղվի գվվոց, կկվի կանչ, հեռվում, ծառերի արանքից երևում էր գյուղը՝ փռված ժայռեղեն ձորալանջերին, երերուն մղեղի մեջ՝ գառան մայուն, խրխնջոց, ինչ-որ ծիծաղ, զանգի ղողանջ, շնահաչ, քամու թևին՝ գյուղից եկող բեկբեկուն ձայներ: Ութերորդ դասարան էր փոխադրվել Սամվելիկն արդեն, աղջկա մի լուսանկար ցույց տվեց: «Լավիկն է, չէ՞»,-ամաչելով ու նաև կարծես թե պարծենալով, հարցրեց նա: Սիրունատես աղջիկ էր, մազերը կարճ կտրած, հրացայտ խաժ աչքերով: «Լավիկն է,- հաստատեցի ես,- ո՞ւմ աղջիկն է»: «Մեր ուսմասվարի,- ինքն էլ մի պահ ակնածանքով դիտելով նկարը, ասաց նա:- Ընկեր Թելյանի աղջիկն է: Յոթերորդում է սովորում, անունն էլ Ագնեսա: Լավ անուն է, չէ՞»: Ես ժպտացի: Լուսանկարը, որ նա երևի հատուկ վերցրել էր՝ ինձ ցույց տալու համար, խնամքով դրեց գրպանը: Պարզ երևում էր՝ սրտովն էր, որ գովեցի իր ընտրությունը:
Ես ծնկի եմ իջնում քարե գուռին՝ ջուր խմելու, գուռի հատակին ջուրը փոս է փորել և մանրիկ ավազները ծփանքի միջից դողում են: Այն հեռու ժամանակներում, ետմիջօրեին, սարերից տուն վերադառնալիս, այստեղ կանգ առան հոգնած, ուժասպառ եղած ջահել մայրն ու երկու որդին՝ Սահակն ու Գրիշան:
Ամառ էր ու շոգ էր, մանրիկ, սև մժեղները կախվում էին նովի բորբոսնող ջրի վրա, հետո բարձրանում, պտտվում էին թեղու ստվերում, սյունաձև փայլում: Որդիների տեսքից՝ այդպես ընկճված, հնամաշ շորերին՝ կարկատաններ, ոտաբոբիկ,- Շահումի սիրտը ճմլվում էր: Շահումը վարժարանում սերտած մի ոտանավոր հիշեց, որ ասես իր մասին էր գրված, այդ օրվա իր կյանքի մասին:
Լուսնյակը դուրս է եկել,
Աչքերիս լույս է եկել:
Լուսնի լույսով մանեմ ես,
Սիպտակ ոստեր անեմ ես,
Աղքատ օրով ու լացով
Որբեր պահեմ մանածով:
«Հա, ամեն ինչ կանեմ,- ասես ի պատասխան այդ ոտանավորի, արտասանեց նա,- գիշերը ցերեկ կանեմ, ճախարակով կպահեմ ձեզ, բայց չեմ թողնի, որ ուրիշի դռան վիզ ծռեք»: Բերքն այդ տարի լավ էր, Սահակի ու Գրիշայի օգնությամբ հնձեց արտը, կալսեց, երեսուն փութ ցորեն ստացավ: Երկու փութ տարավ ջրաղաց, մի շաբաթ նստեց Թուլունց ջրաղացներում, մեծ հերթ էր, կես փութ աղաց և շալակած վերադարձավ: Երեխաները, տան մոտ, խաղով տարված, հանկարծակի նկատեցին մորը և վեցը միասին աղմուկ-աղաղակով, ճռվողյունով եկան: Անկարող լացը զսպելու, Շահումը ալյուրը շալակին, կանգնել, սրտի անդիմադրելի մղումով նայում էր նրանց: Ամենափոքր որդին՝ Հովհաննեսը, ինչ-որ բանով ընկավ, թավալվեց գետնին, բայց իսկույն վեր կացավ, վազելով եկան, փաթաթվեցին թուլացած ոտքերին, և Հովհաննեսը, պինդ գրկելով ոտքերը, ասաց. «Մամա, քեզանից սպիտակ հացի հոտ է գալիս»: Իսկ Մարգուշան, ցեխոտ դեմքով, գետնին նսած նայում էր: Եվ այդտեղ նույնպես Շահումը մրմնջաց. «Մեծացնեմ, տեղ հասցնեմ ձեզ ու էլ դարդ չունեմ»: Սահակն ու Գրիշան արդեն դպրոց էին գնում, ամբողջ մի տարի տեր Վարդանի համար ձրի հաց էր թխում, որպեսզի սա պարապեր որդիների հետ, իսկ ձմռան երկար գիշերները նստած գորգ էր գործում: Գարնան վերջերին, ճամփաները բացվելուն պես, Խաչենագետի էն կողմից, Բալուջա գյուղից եկան գորգ առնելու: Տրամադրությունը լավ էր, մտածում էր էդ փողով Շուշի քաղաքից շորեր բերել տալ, երեխեքը տկլոր են: Զուր պատրանքներ՝ փողը փոխվել էր, և դրանք արժեքազրկված փողեր էին. խաբել էին նրան: «Դե, եթե ինձ նման անբախտ մարդուն էլ են խաբում, ինչ ասեմ,- լաց եղավ նա,- թող նրանց կանայք իմ օրը չընկնեն, թող նրանց արածն իմի նման ջուրը չտանի»:
…Կռունկների երամը անուշ կանչով անցավ անտառների վրայով: Ես բարձրացրի հայացքս, սակայն ոչինչ տեսնել չկարողացա: Ծառերը ծածկել էին երկինքը: Ինչ-որ տեղ վայրի աղավնիները ղունղունում էին, փայտփորիկը, կրծքով չոր կեղևին կպած, տկտկացնում հա տկտկացնում էր: Չէր երևում և կկուն, որ հաճարկենու կատարին բազմած անդադրում կանչում էր, և նրա կանչը՝ նման սրտի զարկերի, թախծական էր կուսական անտառի համատարած անդորրի մեջ:
Հուշերի մեջ խորասույզ՝ կապույտ ստվերներով շղարշված ճանապարհով ես քայլեցի դեպի մոտիկ բլրակը, մտածելով այն մասին, որ այս վայրերի հետ ինձ կապող շատ քիչ բան է մնացել: Այստեղից, բլրակի վրայից, ինչպես ափի մեջ, երևում է ձորի զառիվեր ափերն ի վար սփռված գյուղը: Գյուղագլխին, ուղղակի ժայռին թառած, պահակում է հին գերեզմանատունը: Ութերորդում, հին աշխարհի պատմության դասին, ամբողջ դասարանով գնացինք այնտեղ՝ պեղումներ կատարելու: Մամռակալած քարերից մեկին, որ ընկած էր աղբյուրի մոտ՝ կիսով չափ խրված հողի մեջ, մեծ ճիգերով կարողացանք կարդալ՝ «Թիւն ՅԼ էր: Ես նուաստ վարպետ Ներսէս շինեցի զաղբիւրս: Յաղութս յիշեցեք»: Իսկ թե դա ինչ էր նշանակում՝ այն ժամանակ ոչ մենք, ոչ էլ ընկեր Ղուլյանը՝ մեր դասատուն, կարգին վերծանել չկարողացանք: Կոլխոզի ստեղծման առաջին տարիների նախագահ Մնացական դային՝ Մխիթարի հայրը, էշը նստած գնում էր սար՝ խոտ հարելու: Մեզնից ով էր՝ կանչեց նրան: Նա էշի գլուխը շուռ տվեց մեր կողմը և դեռ հեռվից սկսեց. «Էստեղ ի՞նչ եք անում, ո՞վ է իրավունք տվել, ես ձեր տիրումերը»: Աղջիկները փռթկացրին, ընկեր Ղուլյանը մինչև ականջները կարմրեց, իսկ մենք ծիծաղեցինք և, աշակերտական տետրում արտագրած մակագրությունը ցույց տալով նրան, ասացինք. «Մնացական դայի, ոչ ոք չի հասկանում, գուցե դու իմանաս»: Չնայած շոգին, Մնացական դային ականջավոր գլխարկով էր, գլխարկի մի ականջը կախված էր, մյուսը վեր տնկված, երկար քուղերը ծածանվում էին խոսելիս: Ընկեր Ղուլյանն այտը ծռած, խորհրդավոր կիսաժպիտով նայում էր նրան՝ իբր, մարդ եք գտել բան հարցնելու: Մնացական դային որսաց այդ հայացքը, սղալեց երկար բեղերն ու ասաց. «Ես ձեր տիրումերը:Հայոց ՅԼ-ն դա մեր ութհարյուր ութանասունմեկ թվականն է: Ասված է, որ էս աղբյուրը շինեցի ես, վարպետ Ներսեսս, ձեր աղոթքների մեջ հիշեցեք ինձ: — Մնացական դային աչքի մեկը կկոցած նայեց ընկեր Ղուլյանին, քրքռալով ծիծաղեց ու հենց այնպես, ծիծաղի միջից ասաց.- Ղուլյան Վահան, բա քեզ դպրոցում ինչի՞ համար են ռոճիկ տալիս, ես քու տիրումերը: Խելք բաժանելիս էստեղ ես եղել է, էստեղ» էշի քամակին խփելով, դարձյալ ծիծաղեց նա: Մենք քիչ էր մնում կոտորվեինք հրճվանքից, իսկ ընկեր Ղուլյանը, կրկին մինչև ականջները կարմրած, շփոթված՝ չգիտեր նրա՞ն նախատեր, թե՞ մեզ վրա բարկանար:
Հին գերեզմանատնից ձախ՝ ներքևում, նոր գերեզմանատունն էր: Շահում մեծ մորս հետ (նա աջ ձեռքում գավազանը, ձախով իմ ձեռքը բռնած)՝ դանդաղ, այստեղ-այնտեղ կանգ առնելով, որպեսզի հանգստանար, գնում էինք այնտեղ: Չորս բոլորը կանաչ խոտ, տեսակ-տեսակ ծաղիկներ, թռչունների երգ: Մեծ մայրս գունատվում էր, շուրթերը սկսում էին դողալ: «Գնա էն կողմը ծաղիկ քաղիր, բեր դիր քարերին»,-պատվիրում էր ինձ: Ես գնում էի ծաղիկ քաղելու, իսկ ինքը գետնին չոքած երգով լալիս էր երկար՝ մի քարից անցնելով մյուսին: Իրավ, ոչինչ չի փոխվել ասես: Մեղրաքերծի իր բնից մի քարարծիվ պոկվեց և սրատես հայացքը ներքև, դանդաղասահ և վեհափառորեն սկսեց պտտվել կիրճի վրա: Սալկուհոտից գյուղ իջնող սանդղանման քարքարոտ ճանապարհով, ուշք չդարձնելով ո°չ արծվին և ո°չ էլ մերթ ընդ մերթ հնչող նրա կռինչներին, մի երկու տղա բարձր վիճելով քշում էին իրենց ուլերը: Հեռվում, Խաչենագետի կողմերից բեռնատար մի մեքենա էր բարձրանում դեպի գյուղ, փոշին, որ ասես թափքից է թափվում, երկար մնում է կանգնած ճանապարհի վրա: Քիչ այն կողմ, ճանապարհի եզրին, ձի կար կապած, ձին պարանի երկարությամբ արածել է շուրջը և հեռվից այնպես է թվում, թե ձիու չորս բոլորքը գերանդիով հնձած է՝ մաքուր-հավասարաչափ: Ամեն ինչ նույնն է, երկար տարիներ չեն անցել ասես:
Գյուղում կչկչում են հավերը: Հավ թուխս դնելիս, մեծ մայրս կանչում էր ինձ: «Արի, արի, ասում էր, ինքդ դեռ անմեղ, ձեռքդ արդար, ձուն դիր հավի տակ»: Ձյունասպիտակ սառը ձվերը ես զգուշորեն տեղավորում էի թխսկանի տաք թևերի տակ, իսկ մեծ մայրս, դեղին մի ձու վերցրած, երեք անգամ դանդաղ պտտում էր բնի վրա՝ հետն էլ կամացուկ երգելով. «Օձը գա իր ճտերովը, լոկը գա իր ճտերովը. ամեն անասունք գա իր ճտերովը, դու էլ գաս քո ճտերովդ, լոխ սաղ, մեկը՝ լակ»: Ասում էր, ձուն դնում հավի տակ:
Ինձնից մի քանի քայլի վրա երգեց արտույտը: Ես շրջվեցի ձայնի կողմը: Փոքրիկ ու շականակագույն՝ մուգ պուտերով ու խալերով՝ արտույտը թեթև վազեց, շարունակ ետ նայելով և, քիչ անց ալոճենու թփուտների ետևից կրկին լսվեց նրա զրնգուն երգը:
Ես երկար նստեցի բլրակին, հետո իջա գյուղ և, տնամերձ բանջարանոցների արանքով ընկած նեղլիկ ճանապարհով, որ մի ժամանակ առվի դեր էր կատարում, գնացի տուն:
Լուսինեն դրսում, թթենու տակ, կրակը վառել, կաթ էր տաքացնում: Գոհարն ու Լիլիթը չկային, նրանց ձայնը այգուց էր գալիս: Մեծ մայրս նստած էր նույն դիրքում:
-Ոչինչ չի՞ կերել:
-Չի ուզում ուտել,- դժգոհեց Լուսինեն:- Ինքդ փորձիր, գուցե համաձայնի:
Այնտեղ, կալերում, մինչև հիմա չէին կարողանում գործի գցել տրակտորը: Այն մեկ հռնդում, մեկ որոշ ժամանակ միալար աշխատելուց հետո՝ թրկ-թրկ-թրկ, լռում էր: Կալերից եկող այն հռնդյունը մեծ մորս երևի տանում էր մի ուրիշ աշխարհ: Ինչքան հուշեր կային՝ կապված այդ կալերի հետ: Տարիներ են գալիս ու անցնում, բայց ամառային էն սև օրը, չէ, մոռանալ չի լինում:
…Անտանելի, հեղձացուցիչ տոթ էր, հատիկների ծանրությունից ճկված չոր, տաք խրձերը ընկերուհիների հետ միասին երկշարք փռեցին կալում, որպեսզի ընդմիջումից հետո բերեին եզներն ու սկսեին կամնով կալսել: Շահումը մանգաղով կտրում էր կեմերը՝ խրձերը բացում: Նա ինքն էլ չգիտեր, թե ինչու մի տեսակ ընկած էր տրամադրությունը: Հին ժամանակների ծանոթ տագնապը առավոտվանից սողոսկել էր նրա ներսը ու հանգիստ չէր տալիս: Եվ ինչի՞ց էր դա՝ հասկանալ չէր կարողանում: Որպես օղակավար՝ գործերը ոնց որ վատ չեն գնում, առավոտվանից կալսում էին առանց դադարի, շեղջը նկատելի իջել էր, կալսածի մի մասը էրանել էին, մի մասն էլ՝ սպասում էին իրիկվա դեմ քամին բարձրանա: Ամեն ինչ կարգին է, բերքն էլ, փառք աստծո, վատ չի, և° պետական պլանները կտան, և° աշխօրին ահագին կբաժանեն: Բայց, միևնույն է, սիրտն ինչ-որ վախ էր ընկել: Որտեղից-որտեղ միանգամայն անսպասելի հիշեց վաղուց անցած-գնացած այն օրը, երբ ինքը կես փութ ալյուր շալակած եկավ տուն, և երեխաները, հեռվից տեսնելով իրեն, վազեվազ եկան, փաթաթվեցին իրեն, Հովհաննեսը, մոր ծնկները պինդ գրկած, ասաց. «Մամա, քեզնից սպիտակ հացի հոտ է գալիս»: Աստված, տարիներն այս ինչ արագությամբ են թռչում, քարի փոքրը չի մեծանում, երեխի փոքրը մեծանում է, հրեն, աստված թող շատ չհամարի, երեխեքը մեծացել են արդեն: Քիչ է մնացել, շուտով բանակից կվերադառնան Սահակն ու Գրիշան: Ոնց որ գյուղից դուրս են եկել, մինչև հիմա էլ միասին են ծառայում՝ Մինսկ քաղաքում: Իր մտքով չէր էլ անցնում, թե Գրիշան կարող է գնալ: Նա, ախր, շրջկենտրոն՝ եղբորը ճանապարհելու էր գնացել: Հետո էնտեղ, զինկոմում խնդրել է իրեն էլ եղբոր հետ ուղարկել, որովհետև, մեկ է, հաջորդ տարին էլ ինքն է գնալու, ավելի լավ է եղբոր հետ գնա ու եղբոր հետ էլ հետ գա: Հարգել էին խնդրանքը, թույլատրել: Սկզբում Շահումին շատ վշտացրեց այդ դեպքը, երկու օր շարունակ տեղը տեղ չէր տալիս, մի գլուխ լաց էր լինում, բայց այս ու այնտեղից սիրտ տվին, թե ավելի լավը դա է, շուտ գնացել է, շուտ էլ տուն կգա: Ոչինչ, նրանք կգան, հետո էլ Արամն ու Վաղարշակը կգնան՝ հայրենիքին իրենց պարտքը կատարելու: Մնում է Հովհաննեսը: Դե, Հովհաննեսի բանը հեշտ է, դպրոցի աչքն է, հիմա էլ բարձր դասարանների աշակերտներից արտադրական բրիգադ է կազմել, օգնում է կոլտնտեսությանը: Էն առաջին օրը դիրեկտորն ասաց. «Պրծավ թե չէ՝ ժամեր եմ տալու, թող դաս տա: Հովհաննեսը համալսարան պիտի ավարտի, նրանը գիտությունն է»: Քանի ձեռքումը ուժ կա, կօգնի որդիներն էլ կօգնեն, բա ո՞ր օրվա եղբայրներ են: Հրեն Վաղարշակը ֆերմայում է աշխատում, ավելի շատ աշխօր է վաստակում, քան ինքն ու Արամը միասին վերցրած: Չէ, դժվարը մնացել է ետևում: Կգան որդիները, երկհարկանի տուն կկառուցեն՝ մի քանի սենյակներից բաղկացած: Ահագին շինանյութ են կուտակել: Իսկ հետո կամուսնացնի նրանց, կօգնի հարսներին, ինչով կարող է, ինչո՞ւ չպիտի օգնի:
Ամպրոպի խուլ ու հեռավոր ձայն լսվեց: Աչքերը արևից կկոցած՝ Շահումը նայեց երկնքին:
-Էս տերը մեռածը հանկարծ անձրև չանի:- Մարգարիտը նույնպես, ձեռքը հովանի անելով ճակատին, նայեց վեր:
Ինչպես փոքրիկ սառցակտորները ջրում, առնետի ճերմակության ամպամալանչները դանդաղ լողում էին երկնքում:
-Չէ, անձրև չի լինելու,- մտացիր արձագանքեց Շահումը:- Չե՞ս տեսնում՝ քամի չկա,- և դառնալով հին օրերի ընկերուհուն, անսպասելի ասաց.¬ Լսիր, քեզ հետ էլ է պատահու՞մ՝ մեկ էլ տեսար անհասկանալի ինչ որ բանից սիրտս սկսեց թրթռալ, միանգամից և օդն է պակասում, և ոտքերս են մի տեսակ թուլանում: Էդ ինչի՞ց է: Թարսի պես էլ,- շարունակեց նա,- մորս երազում տեսել եմ: Ամեն անգամ մորս երազում տեսա թե չէ, մի բան պիտի պատահի: Լույսը բացվելու վրա աչքս փակեցի և իսկույն տեսա. կանգնել ու մի տեսակ վախեցած նայում էր: Կարծես թե ինչ-որ բան էր ուզում ասել ու սիրտ չէր անում: Էդ էր, էլ աչքիս քուն չեկավ:
-Լուսահոգի մերդ սրբի պես կնիկ էր:- Մարգարիտը հոգնած շտկեց մեջքը:- Լսել եմ, ասում են, երազում ավելի լավ է՝ վատ մարդկանց տեսնես, քան լավ:
-Ինչո՞ւ,- էն կողմից հարցրեց Վարդանուշը:
-Ի՞նչ իմանամ: Իբր թե՝ երազում լավ մարդ տեսնելիս՝ էդ օրը անպայման մի վատ բան է կատարվում:- Մարգարիտը նայեց Շահումին, փոխեց խոսքը: — Էն ո՞վ է հիմի երազներին հավատում, բանիդ կաց:
-Հակառակի պես լեզուս կսկծում է- դարձյալ շարունակեց Շահումը: — Բաքվից եղբորս՝ Սահակի սպանության լուրը ստանալու օրն էլ էդպես էր, առավոտվանից լեզուս կսկծում էր, իսկ իրիկունը լուրը եկավ հասավ: Աստված, մի բան չպատահի երեխոցս:
Բրիգադավար Մնացականը գիշերն իր կովի համար խոտ էր հնձել Բուրջալում, և հիմա մարագի ստվերում պառկած, կոտրում էր աչքի քունը: Նա շրջվեց կանանց կողմը:
-Ի՞նչ եք լեզուներիդ տալիս,- դժգոհ փնթփնթաց նա պառկած տեղից: -Որ ամեն երազ ճիշտ լիներ, է¯, հազար անգամ մեր էս Մարգարիտին դուրս արած կլինեի ու Սիրանին բերած մեր տուն:
-Որտեղի¯ց ինձ էդպիսի բախտը,- կեղծ ափսոսանքով գլուխն օրորեց Սիրանը:
-Հողվես դու, մի սրան նայիր,- խաղի մեջ մտավ Մարգարիտը:- Ուր է, թե մի էդպիսի բան անեիր՝ հոգիս ազատվեր: Երեխաների խաթեր մնում եմ, սա էլ կարծում է, թե մի բանի պետք է:
Սրանց կռիվն ամենօրյա կռիվ էր՝ սովորական դարձած, մի քանիսը ծիծաղեցին, բայց Մնացականը խոսքի տակ մնացողը չէր, ասաց.
-Այ աղչի, հազար մանեթով ձեռք բերած մարդուդ մի մանեթով ինչի՞ ես ծախում:
Սակայն Մարգարիտը չհասցրեց պատասխանել, շրջանցելով մարագները, գյուղխորհրդի նախագահ Ասծատուրի մոխրագույն Հրեղենը քառատրոփ գալիս էր դեպի կալերը:
-Ոնց որ թե էստեղ է գալիս,- ասաց ինչ-որ մեկը: Կանանցից նրանք, ովքեր նստել էին շեղջի ստվերում՝ քիչ հանգստանալու, վեր կացան: Շահումը, ինչ-որ վատ բանի կանխազգացումից թրթռացող սրտով մնաց կանգնած, Մարգարիտը, ձեռքը հերթական խրձին՝ սպասեց: Մնացականը նույնպես ելավ տեղից և, չգիտես ինչու, մի տեսակ անհամբերությամբ, սկսեց նայել ճանապարհին: Ձին կորած էր քափ ու քրտինքի մեջ, լկամը կրծելով վարգով անցավ կալերի միջով, բայց հեծյալը՝ կատարածու Աբգարը կարողացավ ձգել, պահել սանձը, կատաղած հովատակը, շուռ գալով մարդկանց կողմը, կանգ առավ՝ ղրճտացնելով դարչնագույն ատամներն ու անհանգիստ դոփելով տեղում: Աբգարը, առանց ձիուց իջնելու, խզված ձայնով ասաց.
-Դե, ինչ ասեմ, այ ժողովուրդ, մեծ կռիվ է սկսվել, գերմանացի զորքերը հարձակվել են մեր զորքերի վրա:
Հավաքվածների վրա ասես կրակ մաղվեց:
-Վույ, լեզուդ լալկվի, Աբգար,- ձեռքերը ծնկներին խփելով անիծեց Մարգարիտը:- Էս ինչ խաբար բերեցիր:
-Աբգարն ինչ անի, այ քույրիկ,- խեղճացած արդարացավ կատարածուն:- Հրեն շրջանից հեռախոսները կոտրատում են: Ասծատուրին հրամայել են մի մետր անգամ չհեռանալ գյուղխորհրդից: Ինձ էլ ուղարկեց բրիգադիրներին հայտնեմ, որ իրիկունս միտինգ է, բոլորը պիտի ներկա լինեն:
Մի քանիսը սկսեցին բարակ ձայնով լաց լինել:
-Դե, ես գնամ մյուս բրիգադներին էլ ասեմ,- ասաց Աբգարը և ձին վարգով դուրս բերեց երրորդ բրիգադի կալերից: Շահումն ասես քարացել էր, ասես ոչինչ չէր լսում, և այն, ինչ ասվեց այստեղ, նրա գիտակցությանը չէր հասնում դեռ: Նա մտամոլոր, ոչինչ չտեսնող հայացքով նայում էր շուրջը:
Մնացականը լրագրից հաստ գլանակ սարքեց, դողդոջ մատներով վառեց, բայց ծխել չհասցրեց, խեղդող հազը միանգամից բռնեց: Լեզուն խողովակի պես դուրս հանած, երկար հազում էր, և գլխարկի քուղերը շարժվում էին հազի ցնցումներից: Նրա որդին՝ Մխիթարը, նույնպես բանակում էր, և նա մի տեսակ վախ զգաց նայել կնոջը, ասես ինչ-որ բանում ինքը մեղք ուներ: Մխիթարը սահմանից հեռու է, Ուրալից էն կողմ՝ Բառնաուլ քաղաքում է ծառայում, բայց, դե, դա ի՞նչ նշանակություն ունի, իր որդին ռազմաճակատից հեռու է, մյուսների որդիները հո էնտեղ են: Նա սիրտ չարեց նայել նաև Շահումին, որի որդիները՝ Սահակն ու Գրիշան, սահմանային զորամասում են ծառայում հիմա, ամենայն հավանականությամբ, կռվի առաջին գծում են, կրակների տակ: Մնացականը բարձրացրեց աչքերն ու վախեցավ՝ տեսնելով Շահումի՝ հողի գույն ստացած դեմքն ու անարյուն շուրթերը, որ շարժվում էին, սակայն որևէ բան արտաբերել անկարող էին: Մարգարիտը քիչ դենը, գետնին չոքած լալիս էր՝ ձեռքերով ծածկած դեմքը:
-Աղջի, հավաքեք ձեզ, ամոթ է, ճշմարտությունը դեռ ոչ ոք չգիտի, ինչ իմանաս, կարող է նույնիսկ պրովոկացիա է,- քիչ անց մի կերպ արտաբերեց Մնացականը՝ ինքն էլ չհավատալով իր խոսքերին:- Ես դրանց, էդ գերմանացիներին տասնվեց թվականից եմ ճանաչում: Մի բան ասեմ ձեզ:- սակայն բրիգադավարի խոսքը մնաց օդում կախված, կանանցից մի քանի հոգի, ուղիղ կտրելով կարտոֆիլի դաշտը, վազեվազ իջնում էին դեպի գյուղ:
Ամենից վերջում, անդադար հոսող աղի արցունքները լիզելով ու հազիվ շարժելով թուլացած ոտքերը, գնում էր Շահումը: Մնացականը երկար նայեց հեռացող կանանց ետևից, հետո մտախոհ թափ տվեց ձեռքը և, կալում մնացած կանանց հավաքելով, գնացին հացահատիկն էրանելու: Օդի նվազագույն շարժում անգամ չէր զգացվում: Մնացականը բաց արեց մարագների դարպասները, միջանցիկ քամի փչեց, և այդ քամու տակ էլ սկսեցին էրանել:
-Շուտ արեք, ձեզ մատաղ,- շարունակ կրկնում էր Մնացականը՝ ձեռքը ճակատին հովանի արած ստեպ-ստեպ նայելով գյուղի կողմը:- Շուտ արեք վերջացնենք, գնանք տեսնենք ինչ է գալիս գլուխներս, ես դրանց տիրումերը:
…Լուսինեն հավաքեց սեղանը ու մեծ մայրս այդպես էլ ոչինչ չկերավ, չխմեց: Ձեռքերը տեղաշորին, գլուխը հակած կրծքին, լուռ, անշարժ նստած էր նա՝ ասես իրոք անհաղորդ դրսի բոլոր ձայներին:
Տան ետևում, ճանապարհին, մարդատար մեքենայի հռնդյուն լսվեց: Ես շրջվեցի ետ՝ ներըմբռնողաբար զգալով, որ մայրս է եկել: Զարմանալի ու նաև աններելի է՝ ոչ մի զգացմունք չունեմ նրա հանդեպ՝ ո°չ սեր, ո°չ ատելություն: Ինչո՞ւ է այդպես՝ հասկանալ, առավելին՝ բացատրել, չեմ կարողանում: Գուցե մանկութ օրերի ինչ-որ վիրավորանք պահ մտած ապրում է իմ մեջ: Բայց չէ՞ որ նրան մեղադրելու հիմք նույնպես չունեմ: Մի անգամ Շահում մեծ մորս ասացի. «Ես նրան որպես հարազատ ընդունել չեմ կարողանում, չգիտեմ ինչու, բայց դա այդպես է: Նա ինձ համար միշտ էլ օտար է եղել: Եվ եթե մեկը կա, որ ինձ հարազատ է՝ դու ես»: Նրա համար, իհարկե, հաճելի էր իմ խոստովանությունը, բայց ցույց չտվեց, ասաց. «Այան քե մատաղ, գուցե նա մեղավոր չի, կյանքում միշտ չի, որ մարդ կարող է անել էն, ինչ սիրտն է ուզում, պատահում է, որ ամեն ինչ հակառակ մարդու ուզածի է դասավորվում»: «Բայց չէ՞ որ նա մեզ լքեց,- առարկեցի ես,- և° ինձ, և° քեզ»: Մեծ մայրս տարուբերեց գլուխը, դառը քմծիծաղ տվեց, ասաց. «Վայ էն մարդուն, որի կնիկը նախշուն կլինի»: Նրա ասածն ինձ անհասկանալի էր, թեպետ վեցերորդ դասարանի աշակերտ էի արդեն: Այնուամենայնիվ ասացի. «Հետո՞ ինչ»: Մեծ մայս ժպտաց: Բայց անուրախ ժպիտ էր դա: «Էն, որ նախշուն կնիկը կարմիր խնձոր է, քարով տվող շատ կլինի,- ուշացումով արձագանքեց նա:- Մերդ գիտե՞ս ինչպիսին էր, երբ հորդ հետ եկան գերությունից: Նա առաջին ռուսն էր մեր գյուղում, բոլորը ապշած նայում էին: Բոյը բարձր, մազերը շեկ, ծիծաղը բերանին: Որ խոսում էր, ոնց որ թե երգ էր ասում՝ էնքան դուրալի էր ձենը, չնայած լեզուն չէինք հասկանում: Բայց դե շուտով ինքն արդեն մեզնից ավելի լավ էր խոսում հայերեն: Հա, շատ էր սիրուն, սաղ գյուղի բերանը մնացել էր բաց:- Նա մի պահ մտածեց և ասաց.- Իսկ հետո էնպես ստացվեց, որ կապվեց քաղաքից եկած էդ երկրաբանի հետ»: «Իսկ դու ասում ես, թե գուցե մեղավոր չի»,- դարձյալ առարկեցի ես: «Մեղավոր է, թե մեղավոր չի, հիմի արդեն անցած է,- տխուր ասաց նա,- բայց էն ժամանակ շատ ծանր ազդեց ինձ վրա: Գյուղի հիվանդանոցում բուժքույր էր, էդ երկրաբանն անտառում ծառի տակ էր ընկել, թե ինչ՝ ոտքը վնասված բերել էին հիվանդանոց: Էնտեղ էլ կապվեցին: Լսեցի ու ոնց որ եռացած ջուր թափեն գլխիս: Ուղիղ գնացի աշխատանքի տեղը: «Տկլորը բարձրացավ սարը, սարի անունը խայտառակ արեց, ասացի: Գնա որտեղ ուզում ես, ես հարյուր տարի նամուս չեմ պահել, որ դու երկու օրում ցեխոտես»: Էդպես եղավ, էդ երկրաբանի հետ գնացին քաղաք: Որոշ ժամանակ անց քեզ բերեց, թողեց ինձ մոտ»:
Իրոք, ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ անկողմնակալ չեմ կարող վերաբերվել մորս: Ո՞րն է նրա մեղքը: Իսկ գուցե կանխակալ սառնությունը պայմանավորված է այն բանով, որ մեծ մորս գոնե մի անգամ չտարավ իր մոտ, չպահեց: Բայց այս ինչի՞ մասին եմ մտածում: Մի՞թե նա քաղաքում մնացող է: Վերջին անգամ ինչքան հորդորեցի, ինչքան խնդրեցի՝ մինչև կարողացա մի քանի շաբթով տանել Բաքու՝ ինձ մոտ: Տարա թե չէ, մի երկու օր չանցած սկսեց. «Ինձ տար գյուղ, այան անունիդ մատաղ, սիրտս դիմանում չի»: Առավոտվանից իրիկուն նույնը. «Թե ուզում ես երկու օր շատ ապրեմ, ինձ տար իմ տուն, քեզնից էլ եմ գոհ, երեխաներիցդ էլ, կնկանիցդ էլ եմ շատ գոհ, բայց մնալ չեմ կարա, տար, թե չէ մեռնելու եմ, գլխիդ հոգս դառնամ»: «Կմեռնես, քաղաքում կթաղենք»,- գրկելով ուսերը, կատակով ասացի ես: «Չէ, չէ, չէ, տար, այան մատաղ, թե ինձ հարգում ես, տար»,- ասաց նա և մեղմաձայն մրմնջաց.
Որ մեռնեմ, տարեք Արչաձոր թաղեք,
Թող մոտս լինեն իմ լեռ ու սարս,
Էհ, ի¯նչ արած, թե տար չունի քարս
Էնտեղ են թաղված ախպերս, մարըս:
Նրա սիրտն, այո, նրան քաշում էր գյուղ, այնտեղ ամեն մի քար, ամեն մի ծառ հիշեցնում էր որդիներին: Նա ուզում էր այնտեղ լինել, միայն այնտեղ, հուշերի հարազատ աշխարհում:
…Վերջին անգամ: Վերջին անգամ որդիներին՝ Վաղարշակին ու Արամին, ռազմաճակատ ճանապարհելուց հետո գնացին կալեր, կալսեցին մինչև ուշ, Հովհաննեսն էլ իր հետ էր, Հովհաննեսը եզներն արձակեց կամներից, Մնացականը եզները քշեց հանդ, իսկ ինքը կանանց հետ քայլեց դեպի տուն՝ շարունակ նայելով դեպի ետ, դեպի Խաչենագետն ի վար իջնող ճանապարհը, որը հեռվից, աստղալույսի տակ, սպիտակին էր տալիս և ասես գետ լիներ, ուր հոսում էր Խաչենին զուգահեռ և ոլոր-մոլոր գնում, կորչում էր մթին ձորերում:
Այդ ճանապարհով գնացին իր որդիները, և որտե՞ղ են տեսնես հիմա նրանք. մեկնե՞լ են արդեն, թե դեռևս այնտեղ, շրջկենտրոնում են:
Կանայք այդ օրը շատ էին աղի արցունք հեղել, հիշելով կռիվ մեկնած իրենց հարազատներին, շատ էին խոսել, հուսադրել, սիրտ տվել իրար, այժմ լուռ քայլում էին, և նա գիտեր՝ նրանցից յուրաքանչյուրին հիմա նույն միտքն էր մտատանջում՝ շուտ կվերջանա՞, արդյոք, պատերազմը: Նա նույնպես քայլում էր լուռ, գլխահակ, ինչպես ծանր բեռան տակ՝ քիչ առաջ թեքված, և հակընդդեմ, տագնապահույզ մտքերը հանգիստ չէին տալիս նրան: «Որտե՞ղ են, տեսնես, Գրիշան, Սահակը,- շվար մտածում էր նա,- էս հանդ ու սարերին, ազատության սովոր խեղճ երեխեքս ի՞նչ են անում հիմի էնտեղ՝ կրակի ու մահվան բերանում:- Աչքերը լցվեցին, ճանապարհը մշուշի մեջ երերաց:- Իսկ Արամս ու Վաղարշակս,- մտովի շարունակեց,- նրանցից ի¯նչ կռվող, երեկվա անմեղ, էս աշխարհի շառ ու խերին անտեղյակ միամիտ երեխեք են, նրանք ի՞նչ գիտեն, թե ինչ ասել է կռիվ ու մահ»:
Շահումը նայեց առջևից քայլող որդուն, և այն մտքից, որ նրան նույնպես կարող են տանել ճակատ, սարսռաց: «Հովհաննեսին դեռ չեն տանի»,- ինքն իրեն սիրտ տվեց, իսկ մինչ էդ՝ մյուսներն էլ կգան: Արամն ասաց, լեզվիդ մատաղ, բալաս, ասաց, որ կարող է պատահի դեռ ճակատ չհասած՝ պատերազմը վերջանա, և իրենք ետ գան տուն: Չէ, Հովհաննեսին չեն տանի: Ժամանակն ի՞նչ շուտ է անցնում: Էն ե՞րբ էր, գարունը նոր-նոր բացվել էր, տան պատի տակ, տաք արևի մեջ նստած, զնգուն ձենով ոտանավոր էր սովորում.
Արագիլ, բարով եկար,
Հայ, արագիլ, բարով եկար:
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր:
Հա, էդ մեկը որ ճիշտ էր, ուրախ սրտով, երջանիկ ապրում էին՝ իրենք էլ չիմանալով, որ երջանկությունն էլ հենց էն է, որ սոված լինես, թե կուշտ՝ միայն թե երեխեքդ ողջառողջ մոտդ լինեն:
Հովհաննեսին հետևելով՝ աննկատելի անգիր էր արել այդ ոտանավորը, մտքում շարունակ արտասանում էր՝ ինքն իրեն ժպտալով: Ակամա մտաբերեց գարնանային այդ անուշ օրը. Էմման՝ աշխույժ, ուղղակի կրակի կտոր, իրենց բակում, ծառի ետևում կանգնած, հայելու կտորով արևի շողքը գցում էր Հովհաննեսի աչքերին, ծիծաղում: Այն ժամանակ ժպտաց՝ երկար դիտելով նրանց անհոգ խաղն ու ներքուստ ուրախանալով, որ ընկերուհու՝ Մարգարիտի աղջիկը, դուր է գալիս իր որդուն: «Բարով իրար արժանանան ու բախտավոր լինեն»,- շշնջաց նա այն ժամանակ:
Հիշելով այդ օրը, Շահումը հառաչեց, օրորեց գլուխը: Իրոք, էդ ե՞րբ էր, ասես տաս տարի առաջ էր, այնինչ շատ-շատ՝ երեք-չորս տարի է անցել: Չէ, ժամանակը կարծես չի գնում, փախչում է: Ձենն էլ է փոխվել՝ մտածեց նա կրտսեր որդու մասին. տեսնողն էլ կկարծի տղամարդ է, բայց ի՞նչ տղամարդ, երեկ չէ էն մյուս օրվա երեխան է, պարզապես հեր չունի, իսկ առանց հեր երեխեքը շուտ են հասունանում:
Առջևում, ծառերի արանքից, երևաց գյուղը՝ անհյուրընկալ ու լքված: Ճանապարհի երկու կողմին, ճանապարհի ամբողջ երկարությամբ, առանց հոգնելու, միալար ճռճռում էին ծղրիդները, խոտերի կամ թփերի մեջ կանաչավուն լույսով փայլկտում էին կայծոռիկները՝ թարթելով իրենց կախարդական լապտերիկները:
Շահումը կրկին շրջվեց, մի պահ նայեց ետ, ուր ամեն ինչ սուզվել, կորել էր խավարի մեջ, բացի հեռավոր Կաչաղակաբերդից, որ իր անհասկանալի բարձունքից հսկում էր գիշերային տագնապալից անդորրը:
Հովհաննեսին, չէ, չեն տանի՝ մրմնջում էր Շահումը: Նա չգիտեր, որ շուտով, շատ շուտով այս մեկին էլ կտանեն, և ինքը կմնա մենակ, մեն-մենակ դատարկ տան մեջ՝ կարոտ աչքն իր հինգ որդիների ճանապարհին:
…Այգուց դուրս նետվելով ու ճանապարհին, կռատուկների տակ կուչ եկած ննջան հավերին թռցնելով, վազեվազ եկան Գոհարն ու Լիլիթը, և, ուշադրություն չդարձնելով ինձ վրա, գնացին դեպի տան ետևը, որտեղից գալիս էր արդեն մորս ձայնը: Ես նույնպես քայլեցի ճանապարհի կողմը: Այնտեղ, ճանապարհի եզրին, մեքենայի մոտ զրուցում էին Մխիթարն ու իմ երկրաբան հերացուն: Առանց երեխաների էին եկել: Մայրս գալիս էր աղջիկներիս թևանցուկ, նրանք, իրար ընդհատելով, ինչ-որ բան էին պատմում նրան և մայրս, գլխով անելով, ժպտում էր: Մի քայլ ետ՝ նրանց ետևից գալիս էր Մխիթարի կինը՝ Սաթենիկը: Սաթիկը փոստում հեռախոսավարուհի է, նրանց, հավանաբար, նա է հայտնել մեծ մորս մասին:
-Մի տես ինչ գեղեցկուհիներ են,- ասում է մայրս՝ գորովանքով մեկընդմեջ նայելով Գոհարին ու Լիլիթին:- Զգույշ կաց քաղաքում չփախցնեն:- Ինչպե՞ս ես, որդիս:
-Ոչինչ,- պատասխանում եմ:- Դու ինչպե՞ս ես:
-Ինչպես տեսնում ես:- Ժպիտը, ինչպես հովի ալիքից ծնված ծփանքը՝ ծովում, տարածվում է դեմքին:- Գիտես, վերջերս մի գիրք եմ կարդացել, այնտեղ հանդիպեցի այսպիսի մի մտքի. ոչ ոք չի զգում, թե ինչպես է անցնում ջահելությունը, սակայն ամեն ոք զգում է, երբ արդեն այն անցել է: Բայց տարիքի, ինչպես նաև երաժշտության մասին, ասում են, չպետք է բարձր խոսել, ճի՞շտ է դա:
-Երևի,- անորոշ թոթվում եմ ուսերս:
-Լսել եմ, ասում են՝ հասել ես մինչև Հնդկաստան, հաջողվե՞ց մի բան իմանալ Սամվելի մասին:
-Ոչ,- կարճ պատասխանեցի ես:
Մայրս թեթևակի օրորեց գլուխը, ասաց.
-Մարդկության ողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ ՝սպասել և հուսալ:
Լուսինեն կարճ շրջազգեստով, թեթևաքայլ գալիս է մեր կողմը, և մորս ժպիտը հիմա նրան է ուղղված: Ես քայլում եմ տղամարդկանց ընդառաջ:
Մխիթարը հերացուիս կողքից քայլելով, ոգևորված ինչ-որ բան էր պատմում նրան, նա էլ անտարբեր գլխով էր անում՝ մեկ նայելով դիմացի լեռներին, մեկ շրջվելով ետ, երկար դիտելով սարերն ի վար գլորվող ճանապարհը:
Հասնելով նրանց, լուռ սեղմեցի հերացուիս ձեռքը, սպասելով Մխիթարի պատմության ավարտին:
-Ձուկն ինչ է, ձուկն իր ձուկ տեղով լողում է մի մատնաչափ խորություն ունեցող գետում, փորը հատակին քսելով, կողքերը քարերին տալով լողում է ու չկա մի ուժ, որ կարողանա ետ շրջել նրան դեպի ծով: Որովհետև ձկնկիթից նա այնտեղ է ծնվել և պետք է, որ այնտեղ էլ լույս աշխարհ գա նրա սերունդը: Քո մասին եմ, է, պատմում,- շրջվելով իմ կողմը, անսպասելի ասաց Մխիթարը կարմրելով:- Տեսա, թե ինչպես էիր առավոտը գնում դեպի սարերը ու մտածեցի՝ ուր էլ լինի, որտեղ էլ որ ապրի, էս հանդ ու ձորերը նա իր սրտից հանողը չի:
-Երկրաբանական մեր արշավախմբի հետ այս սարերում շատ եմ ման եկել, և դա ոնց որ երեկ եղած լիներ,- նայելով սլացքի մեջ քարացած հեռավոր լեռների կողմը, ասաց հերացուս: Նա լռեց, լռեց, ասաց.- Էհ, իչքան մեծանում ենք, էնքան ժամանակն ավելի արագ է թռչում, ու մենք ավելի հաճախակի ենք մտածում անցած օրերի, ջահելության մասին:
Մխիթարը օրորեց գլուխը, քմծիծաղով ասաց.
-Ողորմածիկ հերս ասում էր, որ ծերության ողբերգությունը մենակ էն չի, որ մարդ ծերանում է, այլև էն, որ հոգով մնում է ջահել, նա ասում էր նաև, որ երբ մարդ հասակն առնում է, աչքերը ճակատից տեղափոխվում են ծոծրակի վրա, և նա սկսում է ետ նայել ու ոչինչ չտեսնել, այսինքս՝ ուզում է ասել, որ գալիս է ժամանակ, երբ մարդ դադարում է հույսերով ապրելուց և ապրում է միայն հուշերով:
-Հա, երևի էդպես է,- անորոշ արձագանքեց հերացուս և, շրջվելով դեպի Մխիթարը, հարցրեց.
-Մխիթար, էլի բանաստեղծություն-բան գրո՞ւմ ես, թե՞ թողեցիր:
-Մեկ-մեկ գրում եմ, շրջանային թերթը տպում է: Ոչ մի բառ չեն փոխում, ոնց որ գրում եմ՝ էնպես էլ տպում են: Բայց դե փող քիչ են տալիս:
-Այ մարդ, հարյուր տարվա պահեստապետ ես, կոլտնտեսության ամբողջ ունեցվածքը ձեռքիդ, փողն ինչի՞դ է պետք:
-Կարծում ես մի շատ ուրա՞խ եմ, որ պահեստապետ եմ,- Մխիթարը շուրթերը ծռմռեց:- Ես գործ անող մարդ եմ, գործից չեմ վախենում: Ամենևին: Գործ անողի համար ամենածանր բանը անգործ մնալն է: Ոտքս վիրավոր չլիներ, վաղուց թողել էի պահեստը: Ի՞նչ եմ ստանում, կգնայի ֆերմա, էնտեղ շատ են ստանում:
Հերացուս աչքով արեց ինձ, ասաց.
-Մխիթար, էդ ճի՞շտ է, որ ասում են, իբր թե, մարդիկ են եղել, որ կռվի թունդ ժամանակ թաքուն կրակել են իրենց ձեռքին կամ ոտքին:
Մխիթարը, իբր, երկար մտածում էր:
-Թշնամու խոսք է,- ի վերջո ասաց նա:- Չի կարող պատահի: Ախր, ո՞վ կհավատա: Մեկն էլ դու, կհավատա՞ս:
-Ե՞ս: Ինչո՞ւ չեմ հավատա,- խնդմնդաց հերացուս, և , Մխիթարի հետ իր գործն ավարտած համարելով, դարձավ ինձ.- պառավը ո՞նց է, ո՞ղջ է, թե արդեն գործուղման է մեկնել:- Դարձյալ ծիծաղեց՝ այս անգամ իր անհամ սրախոսության վրա, իսկ հետո լրջանալով ասաց.- Ի¯նչ աստվածային կնիկ էր: Նա մեռնելուց չպիտի վախենա, դժոխքն էս կյանքում տեսել է արդեն:
-Իմաստունի հետ քար քաշիր, հիմարի հետ փլավ մի կեր,- հերացուիս հեռանալուց հետո դժգոհ փնթփնթաց Մխիթարը:- Հիմար մարդը լավ կանի, որ չխոսա, բայց, դե, եթե էդքանն ընբռնի, էլ ինչի պիտի խոսա: Խելոք մարդը երկու բան գիտի՝ շատ մտածել, քիչ խոսել: Մարդ պիտի ինքն իրեն հարգի, որ ուրիշներն էլ հարգեն: Էդպես է, մարդ որ հիմար ծնվեց, հիմար էլ կմնա, մեկը չի էլ հասկանում, թե վարդն ինչու է բուրում, մյուսը խոտ ու ծաղկից դեղ է սարքում, բուժում մարդկանց: Աչքերը բռնի հորս արածը: Դա որ անտառում ընկել էր ծառի տակ, ոտքը փշրել, ո՞վ է բերել հիվանդանոց: Հերս է բերել սայլով: Բա¯: Մարդ կա, մի կոպեկի լավություն անես, մինչև կյանքի վերջը կհիշի, մյուսին կյանքդ էլ տաս՝ չի գնահատի: Աշխարհն էդպես է ստեղծված, ոչինչ չես փոխի: Խելք բաժանելիս բացակա է եղել: Հիմար-հիմար խոսում է: Մեկն ասի՝ տեսե՞լ ես կրակելիս: Բայց մի բանում ճիշտ էր,- ամենայն հավանականությամբ՝ խոսակցության թեման փոխելու նպատակով, ավելացրեց.- Ձեր Շահում աքան էս կյանքում իր բաժին դժոխքն իրոք տեսել է արդեն, էն աշխարհում վախենալու բան չունի: Բա ոնց, տեսել է: Գյուղում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված աղբյուր-հուշարձան էր կանգնեցվել, շրջանային «Բարեկամություն» թերթում գրել եմ էդ մասին, էն որ վերևում, դպրոցի մոտ կանգնած է, էդ հուշարձանը: Ուրեմս, հուշարձանը բացվեց շատ շուքով, Շահում աքան, որ մարդկանց մեջ մինչև էդ լուռ, շուրթերը սեղմած գունատված կանգնած էր, հանկարծ չոքեչոք, ինչպես առաջները գնում էին սրբի դուռը, էդպես չոքեչոք մոտեցավ հուշարձանին, գլուխը դրեց պատվանդանին ու դառը լաց եղավ: Իսկ հուշարձանին, տեսել ես, պատերազմում զոհված նրա չորս որդիների անուններն էին՝ Աբրահամյան Սահակ, Աբրահամյան Արամ, Աբրահամյան Վաղարշակ, Աբրահամյան Հովհաննես: Հովհաննեսի մասին հրամանատարությունից պաշտոնական նամակ կար, շրջանային զինկոմը կարդաց նամակը, ուր գրված էր, որ մարտական առաջադրանքների կատարման ժամանակ 1945-ի մայիսի 7-ին հերոսաբար զոհվեց գվարդիայի ավագ լեյտենանտ, տանկի հրամանատար Հովհաննես Աղաբեկի Աբրահամյանը: Գրված էր նաև, որ նրան տրված Կարմիր դրոշի շքանշանը, Կարմիր աստղի շքանշանը և մի շարք մեդալներ հետմահու ուղարկվել է Մարտակերտի զինկոմիսարիատ: Վերջում հրամանատարությունը հայտնում էր, որ ծնողները պետք է հպարտանան այդպիսի խիզախ որդի դաստիարակելու համար: Բա, էդպես էր: Շահում աքան ամեն օր, պատկերացնո՞ւմ ես, ամեն օր լուսը-լուսին գալիս էր հուշարձանի մոտ, ավլում, սրբում էր շուրջը, թաց շորով մաքրում հուշարձանի փոշին: «Իմ տունն էստեղ է, ասում էր, իմ երեխեքն էստեղ են»: Հետո քարի մոտ նստած գուլպա էր գործում, ինչպես որ անում էր Հայրենական Մեծ պատերազմի օրերին և ծարավ անցորդներին ջուր էր տալիս իր հին մեծ փարչով, որով խմում էին որդիները: Հետո Սամվելիկին բերեցին, մի մատ երեխա էր, դպրոց էլ չէր գնում դեռ, վիշտը ոնց որ մի քիչ մեղմացավ, կյանքը կարծես թե նոր իմաստ ստացավ, սկսեց թոռան հետ միասին ապրել, ասես նորից ջահելացել էր, բայց դե, աստված էդ էլ երևի շատ համարեց: Է¯հ, կյանք ասողի հերն անիծեմ: Գյուղում գիտե՞ս ինչ են ասում:
-Ի՞նչ են ասում:
-Ես խոսքը մարդու ճակատին ասող եմ, դրա համար շատերը չեն սիրում ինձ: Ասում են, որ ուզենայիր՝ կազատեիր բանակից, չէիր թողնի, որ տանեին Աֆղանստան: Մեծ-մեծ մարդկանց հետ ես նստում-վերկենում, նրանց մի խոսքը բավական էր, որ նրան Աֆղանստան չուղարկեին:
…Այնտեղ, Սուրաթում, երբ Փեշավարից հետո կարծես թե հաջողվել էր գտնել Սամվելի հետքը, ես շարունակ այդ մասին էի մտածում: Գուցե հենց դա էր հիմնական պատճառը՝ սեփական մեղսագիտակցության զգացումը, որ իսկույն համաձայնեցի կատարել Շահում մեծ մորս խնդրանքը՝ գնալ ու փնտրել Սամվելիկին: «Գետնից մինչև երկինք շնորհակալ կլինեմ,- ասաց նա,- գնա գտիր, սիրտս ասում է, որ գնաս՝ գտնելու ես»: Չգիտեմ ինչու, ես նույնպես հավատացած էի, որ ողջ է նա, որովհետև լուրեր էին պտտվում, որ ինչ-որ տեղ, աֆղանական Շինդանդ գավառի ղշլաղներից մեկում տեսնող է եղել, թե ինչպես են մոջահեդները նրան՝ ծանր վիրավոր, գերի վերցրել: Այդ հավատն ինձ Աֆղանստանի վրայով տարավ մինչև Փեշավար՝ սովետական հյուպատոսություն, ուր հյուպատոսության զինվորական կցորդը՝ քաղաքացիական հագուստով, անչափ բարի ռուս մի մարդ, Տիմոֆեև ազգանունով, հաստատեց, որ, համաձայն հետախուզական տեղեկությունների, այո, հնդկական Սուրաթ քաղաքի մոտերքում կա մի հայ՝ Հերաթի հարյուրմեկերորդ մոտոհրաձգային գնդի մեր նախկին զինվորներից, բայց թե ինչպես է անունը, դժբախտաբար, ասել չի կարող, նախ, որ ահագին ժամանակ է անցել, գերիների հարցերով իրենք չեն զբաղվում այլևս, երկրորդն էլ՝ աֆղանական պատերազմում կորած մեր զինվորները վախից թաքցնում են իրենց իսկական անուն-ազգանունները, շատերը հավատափոխ են եղել, դժվար թե հաջողվի որևէ մեկին գտնել: Ես ուզում էի հետ դառնալ այդտեղից, բայց այդքան որոնելուց հետո որոշեցի այդ տեղեկությունը ևս ստուգել. գուցե իրո՞ք Սամվելիկն է այդ հայը: Փեշավարից մեծ դժվարությամբ հասա մինչև Դելի, այդտեղից Սուրաթ՝ գնացքով մի օրվա ճանապարհ էր: Ես գնացքի պատուհանից նայում էի թեյի ու ծխախոտի անծայրածիր կանաչ տնկադաշտերին, մեկը մյուսին հաջորդող Ջայպուր, Ահմեդաբադ, Ուդայպուր, Աջմեր, Բհարուչ քաղաքների մրջնանոց հիշեցնող կեղտոտ կայարաններին՝ էժանագին ձիթայուղի անդուր հոտով, մուրացիկ տկլոր երեխաներով, և շարունակ մտածում էի Սամվելիկի մասին: Վերջապես կհաջողվի՞, արդյոք, գտնել նրան, թե իմ այս վերջին չարչարանքը նույնպես իզուր է:
Կեղտի, ծխի ու մրի մեջ կորած բազմամիլիոն Սուրաթում ես տեղավորվեցի կայարանամերձ «Ալ-Սաուդի» հարմարավետ հյուրանոցում և սկսեցի որոնումները: Հաջորդ օրվա վերջին քաղաքային թերթերից մեկի խմբագրատանն ինձ ասացին, որ այստեղից ոչ հեռու, Բոմբեյ տանող ճանապարհից աջ, ծովափնյա Ալևա փոքրիկ մի ավանում Շեյխ Աբդուլլա անունով մի հայ է ապրում և որ մարդ կա՝ ոստիկանության հետ կապված, որը, վարձատրության դեպքում, իհարկե, վաղը նրան կարող է բերել ինձ մոտ:
Մինչև լույս ես չկարողացա աչք փակել: Մեքենաների ու երկանիվ ռիկշաների անվերջ հոսքն ու նրանց զիլ ազդանշանները չէին միայն իմ անքնութjան պատճառը. ես դարձյալ մտածում էի՝ մի՞թե իսկապես կգտնեմ Սամվելին և կտանեմ տուն՝ հուրախություն մեր Մեծ մոր ու մեզ բոլորիս: Վերջապես կողքի պուրակից եկող թռչունների դայլայլով՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, հետո ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ, բացվեց օրը, մի երկու ժամ ևս անցավ, և, ահա, վերջապես ծեծեցին դուռը: Հուզմունքը միանգամից համակեց ինձ, շնչելը կարծես թե դառավ անհնարին: Ես բաց արեցի դուռը և մնացի քարացած. Սամվելիկն էր կանգնած իմ դեմ՝ չալմայով, անչափ նիհար, արևախանձ գունատ դեմքով, երկար միրուքով, ոտից-գլուխ սպիտակ երկար շորով: Ես շնչահատ առաջ մղվեցի՝ նրան իմ գիրկն առնելու, բայց նա սառը անցավ իմ կողքով և, կաղալով շրջանցելով սենյակի կենտրոնում դրված սեղանը, նստեց բազմոցի ծայրին:
-Գիտե՞ս ինչքան եմ ման եկել քեզ,- ասացի ես, որոշ չափով ընկճված ու շփոթված նրա սառը վերաբերմունքից:- Որտեղ ասես, որ չեմ եղել: Թերմեզով անցել եմ Մազարի-Շարիֆ, այնտեղից Կանդագար, Հերաթ, իսկ Փեշավարից՝ ուղիղ Պակիստան, տեղեկություններ հավաքելով քո հետքով հասել եմ Ֆեյսալաբադ: Շատ տեղերում եմ որոնել քեզ, Սամվելիկ, շատ տեղերում, և ահա այստեղ եմ՝ Սուրաթ քաղաքում: Սովետական դեսպանատանը՝ Դելիում, ինձ շատ օգնեցին քո հարցում, և ահա այստեղ եմ,- նորից կրկնեցի ես,- վերջապես գտել եմ քեզ:
Նա վհատ ու սառը նայում էր: Սմքած շուրթերի ոչ մի շարժում, ոչ մի արձագանք:
-Վերջապես գտա քեզ,- դարձյալ հուզված կրկնեցի ես:- Արդեն հույս չունեի համարյա, թե կգտնեմ: Այո, հույս չունեի, բայցև միաժամանակ չէի կորցնում հույսս: Ճիշտ են ասում, որ մարդ, առանձնապես մեծահասակ մարդ, ամեն գիշեր պառկում է քնելու՝ առանց որևէ երաշխիքի, թե հաջորդ օրն առավոտյան արթնանալու է, սակայն ամեն դեպքում նա նորից ու նորից լարում է զաթուցիչը: Դա հենց հույսն է որ կա: Այան այդ հույսով է ապրում, Սամվելիկ, նա կուրախանա, գիտես, աշխարհի չափ կուրախանա:
Նրա այտամկանը լարվեց: Նա տրտում օրորեց գլուխը, բայց ոչինչ չասաց:
-Նա համոզված է, որ դու ողջ-առողջ ես, նրա սիրտը վկայում է դա: Նա շատ տանջված, բայց իմաստուն կին է, Սամվելիկ, նա շարունակ քո անունն է տալիս: Գիշեր-ցերեկ քո անունն է տալիս: Հիշո՞ւմ ես Ագնեսային,- ակամա ավելացրի ես,- նկարը ցույց էիր տալիս ինձ, հիշո՞ւմ ես:
Նա բարձրացավ տեղից, մոտեցավ լուսամուտին: Երկար նայում էր դուրս, մի տեսակ կուչ եկած, փոքրացած, հետո շրջվեց, այլայլված, բայց սառնությամբ ասաց.
-Ուշ է, ուշ է արդեն: Ես ընտանիքի տեր եմ, կին, երեխաներ ունեմ, ուշ է: Ժամանակին պիտի որոնեիր, ժամանակին,- նա ընդոստ մի շարժումով ու դարձյալ կաղալով մոտեցավ դռանը, շուռ եկավ, ակնդետ նայեց ինձ, և ես հասկացա, ցավագնորեն հասկացա, որ վերջին անգամ եմ տեսնում նրան:- Մի որոնեք ինձ,- կրկնեց նա նույն սառցասառն տոնով:- Իմ հավատն ուրիշ է: Մի որոնեք ինձ:
Նա դանդաղ ելավ սենյակից, իր ետևից ծածկելով դուռը:
Ես երկար, շատ երկար ժամանակ նստած էի՝ անկարող ընկալելու այն ամենը, ինչ տեղի ունեցավ հիմա՝ այս հեռավոր, օտար աշխարհում:
-Իմ ասածից մի նեղացիր,- կրկին խոսեց Մխիթարը:- Խոսք էր, ասացի՝ մոռացիր: Ինչ վերաբերվում է Շահում աքային, ինչ ասեմ, մոտ հարևաններ ենք, միշտ աչքներս վրան է եղել, լավ ենք նայել, թե վատ՝ էդ է, աստված թող տեսնի, և ամենքին իր սրտի ուզածով տա: Քեզնից էլ դժգոհ չէր, իր բախտն էր, ի՞նչ անենք, դու քնած՝ բախտն արթուն, ու՞ր կարող ես փախչել՝ ոչ մի տեղ: Ինքը քաղաքում չէր կարողանում, քո գործն էլ գյուղում չկար, էդպես էր:- Նա նայեց ճանապարհի կողմը, բարձր հարցրեց.
-Ապետնա¯կ, էդ ի՞նչ ես տանում դույլով, բերանն էլ փակել ես:
-Արա, որ պիտի ասեմ, բերանն ինչի՞ եմ փակել:
-Տեսա՞ր ինչ ասաց,- դառնալով ինձ, նեղացած ասաց Մխիթարը:- Գուցե ռումբ է մեջը, բա չիմանա՞նք ինչ է տանում: Մի գրամ խելք չունեն, բայց սրամիտ-սրամիտ խոսում են: Երեկ իրիկունը մտա բանջարանոց՝ մի երկու կարտոֆիլ հանելու, մեկ էլ տեսա՝ մեկը ծառերի ետևում բահով փորփրոմ է, նայեմ-տեսնեմ՝ մեր էս վերևի Վանոյի լակոտը, այ տղա, ասում եմ, էդ ի՞նչ ես անում, ասում է՝ կարտոլ եմ հանոմ, բայց, ախր, ասում եմ, էդ կարտոլի տերը ես եմ, ասում է՝ դե, որ տերը դու ես, օգնիր: Բա¯…էն օրն էլ տեսնեմ մեր էս հարևան Արտաշը, խելքից պակաս մեկն էլ դա է, բանջարանոցի խրտվիլակին գեղեցիկ շորեր է հագցնում, փողկապ է կապում, ասում եմ՝ հիմար հո չես, այ տղա, փողկապն ինչի՞ ես կապում, ասում է՝ խրտվիլակից վախեցող թռչուններին էլ պետք է հարգել: Սաղ գյուղով մեկ սրամիտ են: Ամեն գյուղում մի հիմար կլինի, բայց մեր գյուղում նրանց թիվը վերջերս շատացել է: Խմողների թիվն էլ: Չխմած՝ կատու են, խմած ժամանակ՝ առյուծ: Դրանցից մեկն էլ հենց Արտաշն է: Իր հիմարության պատճառով էն խեղճ Մանվելին երկու տարով ուղարկեցին Շուշի՝ բանտ:
-Մանվելն ո՞վ է:
-Սուրենի տղան: Շոֆեր է: Էս Սուրենը մի բարեկամ ունի Մարտակերտում, հերը մեռել էր, դե, գյուղացի մարդ՝ ի՞նչ պիտի տանի, ինքն էլ ուստա մարդ, ասում է՝ դագաղի հոգս չքաշեք, ես կբերեմ: Չափսն էլ գիտեր, երևի ժամանակին աչքաչափով վերցրել էր: Սարքեց, նախագահից թույլտվություն վերցրեց, տղայի՝ Մանվելի բեռնատարով տարավ: Ներքևի գյուղերում սրանք շրջկենտրոն գնացող մի թուրք դասատու են վերցնում: Բայց չեն ասում, որ թափքում դագաղ կա, էդ էլ դագաղ ու մեռելից սաստիկ վախեցող էշի գլուխ: Որոշ ժամանակ անց սա հանկարծ նկատում է, որ դագաղի կափարիչը կամաց բարձրանում է ու էնտեղից մարդու մի ձեռք է դուրս գալիս: Վախից էս դասատուն թափքից ցատկում, թավալվում է ճամփի փոշու մեջ, ոտուձեռը կոտրում: Պարզվում է, որ գյուղում Էս ախմախ Արտաշն էլ է մեքենա նստել, իբր թե էլեկտրացանցում գործ ունի: Ճանապարհին ուժեղ անձրև է սկսում, մտնում, առոք-փառոք պառկում է դագաղում, ձեռքը հանել է, որ տեսնի՝ կտրե՞լ է անձրևը: Էրկու տարի տվին Մանվելին, կին ու երեխեք թողին անտեր: Բա, կոլխոզի ժողովում մեր էս բերանբաց Բենիկն ինչ ասի, որ լավ լինի,- շարունակեց Մխիթարը:- Ասում է՝ Սովետական Միությունում մենք հազիվ թե լավ ապրենք, միակ ելքն այն է, ասում է, որ Սովետական Միությունը պատերազմ հայտարարի Ամերիկային ու Չինաստանին, նրանք շատ են, մեզ կհաղթեն ու նրանց հաշվին մարդավարի կապրենք: Որոշեցի դրա սանձը ձեռքս հավաքել, ասում եմ՝ բա որ հանկարծ մե՞նք հաղթեցինք… Բերանը մնաց բաց, խոսք չգտավ, թե պատասխանս տա: Էդպես է, թողնես հակա-հակա խոսեն… Գիտե՞ս ես ոնց եմ ամուսնացել,- աշխուժացավ Մխիթարը:- Երևանից ուսանող տղերքը եկել էին արձակուրդի, ուզում էին քեֆ անել, ինձ ուղարկեցին էս կողքի գյուղը՝ Շահմասուր, մսացու գտնելու: Տնետուն ման գալով հարցնում եմ՝ «Ծախու գա՞ռ չունեք»: «Չէ»: «Ու՞լ», «Չէ», «Գո՞ճի», «Չէ»: Տեսնեմ մի տան պատշգամբում մի երկու աղջիկ ծիծաղելով զրուցում են: Հարցրի՝ «Բա մարդու տալու աղջի՞կ»: Ասացին՝ «Ունենք»: Սաթիկի հետ էդպես ամուսնացա:
Նա դարձյալ նայեց ճանապարհի կողմը, էշը խոտով բեռնած մի մարդ էր գնում ճանապարհով, առջևից մի տղա երեխա՝ շվշվացնելով:
-Ա¯յ տղա, ա¯յ տղա,- ներքևից նախատեց Մխիթարը: -Էշը ինչո՞ւ դու չես քշում, հերդ է քշում:
-Էհ, էշն ինչ գիտի՝ ես եմ քշում, թե հերս,- պատասխանեց տղան, շարունակելով շվշվացնելով քայլել առջևից:
-Տեսա՞ր,- նորից հարցրեց Մխիթարը:- Ասում եմ չէ՝ խելքի պատառ չկա գլխներումը, բայց թողնես սրամտեն, հիմար-հիմար դուրս տան, ես ձեր դաստիարակողի հերն եմ անիծել:
Հերացուս դուրս եկավ տնից, ծխախոտ վառելով առաջացավ դեպի մեզ:
-Ամեն ինչի ճար կլինի, մեռնողին ճար չի լինի,- փիլիսոփայեց նա և, Մխիթարի տան կողմը նայելով, ավելացրեց,- Մխիթար, տեսնում եմ, խոտի հոգս չես քաշել, ձմռանն ի՞նչ ես անելու:
-Գելը թողե՞ց, որ խոտի հոգս քաշեմ,- նեղսրտեց Մխիթարը:- Անտերը եկել, հենց մեր տան մոտ, չափարի տակ կերել է էշս:
-Բա հո չէր տանելու ռեստորանում ուտի,- քահ-քահ ծիծաղեց հերացուս:
Մխիթարը նեղացավ, սակայն անպատասխան թողեց նրան: Նա այլ բան ասաց:
-Ամեն ինչ մաշվում է,- ասաց,- նույնիսկ վիշտը, ժամանակը բուժում է բոլոր վերքերը, բացի հարազատ զավակի կորստի վիշտը:- Նա խորը հառաչեց, ավելացրեց.- Մարդ մի օր ծնվում, մի օր էլ պիտի մեռնի, վախենում ես մեռնելուց, թե չէ՝ մեկ է, նա գալու է:
Հաջորդ օրվա երեկոյան դեմ Մեծ մայրս մահացավ: Զարմանալի բան. այդ պահին կռունկների երամ էր անցնում գյուղի վրայով, միանգամայն անսպասելի, երամը հանկարծակի փոխեց ուղղությունը, եկավ, երկու անգամ պտտվեց մեր տան վրա ու թևածելով՝ կուրլու¯-կուրլու¯-կուրլու¯, գնա¯ց, կորավ իրիկնային մթնաշաղի ոսկե շողերի մեջ: Կռունկները չէին երևում այլևս, բայց նրանց հեռացող, թախծածոր կանչը դեռևս լսվում էր երկար:
Մի օր անց մենք հողին հանձնեցինք նրան գյուղական մեր հին գերեզմանոցում, որտեղից երևում էր Խաչենի ընդարձակ ձորահովիտը: Այդ ձորահովիտով է անցնում շրջկենտրոն տանող ճանապարհը:
Տարիներ առաջ այդ ճանապարհով գնացին նրա որդիները, որպեսզի այլևս չվերադառնան:
Իսկ հետո գյուղի վրա նոր օր բացվեց: Ծառերը՝ լուսաբացի սառը հովից արթնացած, խշխշացին, հատուկենտ թռչուններ՝ այս ու այնտեղ, իրար ձայն տալով սկսեցին գեղգեղալ, և նրանց քաղցրահունչ երգը գնալով սաստկանում էր:
Մի տեսակ ընկալելի ու անընկալելի՝ գյուղի վրա բացվում էր լույսը և տարօրինակ էր մտածել, որ այդ լույսը հույս և ուրախություն կբերի բոլոր մարդկանց՝ թե մեծ, թե փոքր, բայց ոչ բնավ նրանց, որ այլևս չկան…