ԻՄ ՆՈՐ ՀԱՐԵՎԱՆԸ
Մեր շքամուտքի բնակարաններից մեկը վարձով տվեցին մի նորեկի։ Էսպես, միջին տարիքի մարդ էր, կարծեք թե՝ սովորական մարդ, բայց, ինչպես պարզվեց, քաղաքակրթությունը նրա կողքով էր անցել, իսկ տարօրինակություններն այնքան շատ էին, որ ծածկում էին ամեն նորմալ հատկանիշ։
Բնակարանամուտի երկրորդ օրը մեր դռան զանգը հնչեց… Այն էլ ասեմ, որ զանգը ընկերս էր գնել, իր ձեռքով բերել, տեղադրել էր մեր տան միջանցքում։ Զանգ հո չէր. մատդ դրեցիր կոճակին՝ տունը լցվում էր ձվադրման պատրաստվող հավերի կչկչոցով, ոնց որ՝ թոչնապահական ֆերմա։ Նյարդե՞ր կդիմանային։ Ինչքան էլ հրատապ գործի լինեի տանը, զանգի հետ իսկույն վեր էի թռչում ու վազում դուռը բացելու, որպեսզի հնարավորինս շուտ ազատվեմ այդ չարաբաստիկ կչկչոցից։ Իսկ հանել-շպրտել չէի կարող, քանզի, ինչ էլ որ լիներ՝ նվեր էր։
…Եվ ահա, նոր հարևանիս բնակարանամուտի երկրորդ օրը մեր բնակարանի զանգը հնչեց՝ կո՜-կո-կո-կո՜… Եվ էլի կշարունակվեր, եթե ես անհապաղ չբացեի դուռը։ Շեմին կանգնած էր միջին տարիքի մի մարդ։
— Բարիաջողում, մեր տղա, ձեր նոր հարևանն եմ,- ասաց հին ծանոթի նման, ապա ձեռքը պարզեց ինձ.- բռնի՛…
Ես, իհարկե, բռնեցի նրա պարզած ձեռքը։
— Բա՛ց թող,- կարգադրեց նա ու ձեռքը հետ քաշեց։ Ապա այդ նույն ձեռքով ինձ մի կողմ հրեց, ինչպես կախված վարագույրն են մի կողմ տանում, ու հենց այդպես, կոշիկները հագին, քշեց մինչև տան մեջտեղը։
— Պա՛հ, համա թե տուն է, հա՜,- մենախոսեց նա,- մի թախտ, մի սեղան, չորս աթոռ… է՞ս ինչա… հա, ոնց որ մի ժամանակ կարգին կոմոդ ա եղել, հիմի ոչ մի բանի նման չի,- ապա կտրուկ շրջվեց իմ կողմը.- նարդի գիտե՞ս…
— Գիտեմ։
— Իյա՜… հլա խոսալուն, է… Արա, նարդին ես եմ հնարել, քեզ էլ դեռ չեմ սովորեցրել, որտեղի՞ց գիտես… Բեր, բեր մի բմբուլներդ քամուն տամ։
Հասկանալի է, թե որքան տհաճ էր առաջին տպավորությունը։ Այնուամենայնիվ, բերեցի նարդին։
— Կա՞րճ, թե երկար,- լակոնիկ հարցրեց նա՝ մենամարտի պատրաստվող ցլամարտիկի հայացքով։
— Որը կուզեք։
— Յա՜, հլա դեռ ե՞ս պիտի ուզեմ…
Շարեցինք կարճ։
— Զառերը քե՛զ,- մեծամտաբար զիջեց հարևանս։
Վիրավորական էր, բայց անխոս նետեցի՝ վեց-վեց։
— Իյա՜…
Հաջորդը նորից զույգ էր՝ մեկ-մեկ։ Մի խոսքով, բախտս բրեում էր։ Մեկը մյուսի հետևից երեք մարս արեցի՝ 6:0… Տեր աստված, կատաղությունից դեմքի մկանները լարվել էին, ծամածռվել։
— Սա հե՛չ, հիմա երկա՛ր,- կտրուկ հրամայեց նա։
Շարեցինք երկար։ Բայց այդ օրը, ինչպես ասում են, իմ օրն էր. հարևանս ընդամենը մի խաղ շահեց և, ի վերջո, պարտվեց 5:1 հաշվով։
— Էլի՞ եք խաղում,- հանգիստ հարցրի ես։
Նա անսպասելի վերցրեց զառերը և վեր թռավ տեղից.
— Սրանք զ… զառեր չե՛ն… սրանք ս… սատանի ոսկորից են շինվա՛ծ…
Եվ, պատկերացնու՞մ եք, իմ աչքի առաջ, օր-ցերեկով, երկու զառն էլ կուլ տվեց (հետո, իհարկե, մի ամբողջ շաբաթ զկռտոցը չէր կտրում)։ Իսկ զառերը ոչ թե սատանայի, այլ փղոսկրից էին, որ դարձյալ ընկերս էր բերել աֆրիկյան ինչ-որ երկրից։ Եվ հիմա այս ապուշը կուլ տվեց։ Կուլ տվեց ու ինչպես եկել էր, այնպես էլ գնաց՝ դուռը հետևից ուժգին շրխկացնելով։ Ես միայն կարողացա մտածել, որ եթե նա ամեն այցի ժամանակ մի բան կուլ տա, շուտով մեր աղքատիկ բնակարանը կդատարկվի։
Հետո նրա այցերն ավելի հաճախակի դարձան՝ օրը մի քանի անգամ մեր դռան զանգը կչկչում էր, և մեր տան շեմին ցցվում էր իմ տարօրինակ հարևանը։ Հանգիստ չունեի, դադար չունեի։ Նա նույնիսկ բարևն էր թողել՝ դուռը բացելուն պես հրմշտելով առաջ էր նետվում։ Այնպես որ, ինձ մոտ որոշակի բնազդներ էլ արթնացան. դուռը բացելուն պես մի կողմ էի ցատկում, որ ոտնատակ չընկնեմ։ Մի խոսքով, կյանքս վերածվեց կատարյալ տաղտուկի. ոչ մի րոպե հանգիստ չունեի հարևանիս ձեռքից։ Նա այնպես էր ազդել նյարդերիս վրա, որ գործից տուն գնալու փոխարեն ժամերով թափառում էի փողոցներում. ակումբ հաճախել էլ սովորեցի, ծխել էլ, խմել էլ… Իմ տունն էլ ընկել էր աչքիցս, ինչպես իմ հարևանը…
Ասում են՝ մարդու ուղեղն ավելի հստակ է գործում դժվարին կացության մեջ։ Իսկ ավելի ծանր կացություն, թերևս, դեռ չէի տեսել։ Ուղեղս գործում էր տենդագին՝ ինչպես ազատվել այդ չարիքից։ Եվ մի օր էլ գտա ելքը։ Կա՞ մարդ, որ չվախենա որևէ բանից։ Հազիվ թե։ Մեկը, ասենք, վախենում է օձից, մեկը՝ էլեկտրական հոսանքից, մյուսը՝ ինքնաթիռից, ոմանք էլ՝ կնոջից… Ես պատահականորեն իմացա, որ հարևանս սարսափում է շնից։ Մի օր նա ինձ ցույց տվեց աջ ազդրին խոր ակոսված մի սպի և ասաց, թե ինչպես երեխա ժամանակ շունը գզել է իրեն, երբ ինքը փորձել է գողանալ նրա ձագերին։ Երևում է թունդ է վախեցել, որ մինչև հիմա էլ հարյուր մետրի վրա շուն տեսնելիս գունատվում է։
Եվ ահա թե ինչ արեցի։ Ես մի ընկեր ունեի, որ հրաշալի նմանակում էր կենդանիների ձայնը։ Ձայնագրիչս վերցրի ու շտապեցի նրա մոտ։ Պատմեցի եղածը, և, խոսափողը բերանին մոտեցնելով, ասացի.
— Հաչի՛ր…
Ընկերս ասաց՝
— Կենտահաչ տա՞մ, թե…
Ես մի պահ չհասկացա։
— Ասում եմ ՝սոլո գնա՞մ, թե խմբային,- բացատրեց ընկերս։
— Սոլո, սոլո, ես տանը հո ոհմակ չեմ պահելու…
Ընկերս խոսափողը վերցրեց ձեռքիցս ու հաչում է, ո՜նց է հաչում, իսկը՝ գելխեղդ։ Մոտ կես ժամ հաչեց։ Ինչքան հաչեց՝ էնքան խռպոտեց, ինչքան խռպոտեց՝ էնքան սոսկալի դարձավ հաչոցը։
Վերցրի ձայնագրությունն ու վազեցի տուն։ Ձայնագրիչի խրոցը մտցրի միջանցքում տեղադրված վարդակի մեջ ու ձայնը բարձրացրի մինչև վերջ։ Մնում էր, որ հարևանիս զանգի հետ սեղմեմ միացման կոճակը, որպեսզի գելխեղդն իրեն կտրատի։ Շատ չսպասեցի, շուտով տունը լցվեց հավերի կչկչոցով, և ես իսկույն սեղմեցի ձայնագրիչի կոճակը։ Տունը լցվեց գազազած շան սոսկալի հաչոցով։ Ընկերս ո՜նց է հաչում, ո՜նց է հաչում։ Ես էլ դոփում եմ ոտքերով, դուռը ճանկռոտում ու, իբր, սաստում շանը.
— Թոբլան, հա՛նգիստ, Թոբլան մեր հարևանն է, Թոբլան, գործ չունե՛ս…
Հավն էլ չի կչկչում, պապանձվել է։ Ես դուռը ծերպ եմ անում. հարևանս գույնը գցած կանգնել է շեմին ու քարացել։
— Փախի՛ր,- գոռում եմ,- շունն իրեն ուտում է, հազիվ եմ պահում, փախի՛ր…
Իսկ ընկերս ո՜նց է հաչում, ցավը տանեմ։ Հարևանս սթափվում է ու ,,պիպդ բռնի, քեզ մատաղ, բաց չթողնես,, ճչալով ՝ գլխապատառ փախչում։
Էդ փախչելն էր։ Մի ամիս չտեսանք։ Հետո իմացա, որ նոր բնակարան է վարձել մի հեռավոր թաղամասում ու տեղափոխվել։ Գնաց ու գնաց։ Ու հիմա թե ողջ է, ընկերոջս հաչոցը դեռ հնչում է ականջներում։