ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՇՈՐԸ
(իրապատում)
Հողամասի ծայրին, ծերացած դեղձենիների մոտ, դեռ անցած տարվանից մնացած խոտի մի փոքրիկ դեզ կար։ Աշնանը Նախշուն կովը, ծերությունից թե հիվանդությունից, սատկեց, և Գոհարիկը, որ դեռ մանկուց սիրով կապված էր կենդանուն, խոր կսկիծով տարավ նրա կորուստը։ Հայրը խոտը չծախեց։ «Գյուղացին անասուն պիտի պահի,- ասաց,- առանց կթանի տունը տուն չի. գարնան գլխին մի կով կառնեմ, երեխեքս թարմ կաթ ու մածուն կունենան»։ Եվ դեզը մնաց որպես Նախշուն կովի մահարձան։
Գոհարիկի տասնութը նոր էր լրացել։ Սիրուն աչքերով, լուսնյակի պես լուսաճառագ դեմքով մի գեղանի աղջիկ էր Գոհարիկը։ Լավիկն էր նա, և հարևանի տղա Հրաչը մեղք չուներ, որ գիշերները քնի մեջ տալիս էր նրա անունը։ Աղջիկը չէր կարող չնկատել տղայի կրակոտ աչքերի հուրը, երբ նայում էր իրեն, երեսի շիկնանքը, երբ իրենց հայացքները հանդիպում էին։ Գոհարիկի աղջկական սրտի զարկերն էլ էին արագանում տղային հանդիպելիս, և այդպես լուռումունջ պահում էին սրտներում այդ տաք, ապրեցնող զգացումը։ Ու երբ մի օր Հրաչը, այլևս չկարողանալով դիմանալ իր ջահել սրտի ալեբախումներին, համարձակություն ստացավ աղջկան հայտնելու իր սերը, Գոհարիկը չիմացավ ինչ ասել և միայն ամոթխած հայացքը ցած խոնարհեց ի նշան համաձայնության։
Եվ խոտի դեզը դարձավ նրանց հանդիպատեղին։ Այնտեղ էին հյուսվում նրանց ապագայի երազները, այնտեղ էին նրանք մտովի կառուցում իրենց աշխարհը, գույն ու երանգ տալիս իրենց մաքուր զգացմունքներին։ Գոհարիկը, որի աղջկական սիրտը անհունորեն ընկողմանել էր սիրո ամենակուլ հորձանուտը, հաճախ դեզի մոտ էր գալիս տղայից ավելի շուտ, նայում էր աստղերին, փորձում էր գուշակություններ անել, ու եթե հանկարծ մի աստղ էր «ծոր տալիս», հայացքն շտապ փախցնում էր ու վախեցած շշնջում ՝ դա մերը չէ, դա մերը չէ…
Մեջքով հենված խոտի դեզին, աղջիկը տարվել էր մտքերով։ Գարնան հետ հողը ջերմացել էր, շուրջը տարածվել էր հաճելի հողաբույրը։ Նա մի պահ կտրվեց մտքերից ու զգաց, որ տղան ուշանում է։ Անհանգիստ մտքեր ծնվեցին ուղեղում։ «Ի՞նչ է պատահել,- մտորեց նա,- Հրաչը չի սիրում ուշանալ…»։
Մինչ նա կշարունակեր խորհել, երևաց Հրաչը։ Տխուր էր, գլխիկոր։ Աղջկա սիրտն սկսեց արագ բաբախել, անհանգիստ մի վախ սողոսկեց սիրտը։
— Բարև, Գոհարիկ…
— Քեզ ի՞նչ է պատահել, Հրաչ,- անհանգիստ հարցրեց աղջիկը, և տղայի թախծոտ «չգիտեմը» էլ ավելի վախեցրեց աղջկան։
— Ասա, մի թաքցրու,- անթաքույց սպասումով պահանջեց նա։
— Ի՞նչ ասեմ… Մի երկու օրից գնում ենք…
— Ու՞ր,- աղջկա սիրտը թրթռաց հուզմունքից։
— Հեռու, այլ երկիր… Աշխատելու ենք գնում… Արդեն քանի օր է, այդ խոսակցությունը գնում է մեր տանը… Քեզ չէի ասում, մտածելով, թե հայրս կփոխի մտադրությունը… Չէի ուզում քեզ անհանգստացնել…
Գոհարիկը միանգամից կարոտեց տղային։
— Բայց դու աշնանը բանակ ես գնալու…
— Արդեն երկու ժամ է՝ տանն այդ մասին ենք խոսում… Հայրս էլ մեղք չունի…Ախր աշխատանք չկա… Նա ուզում է մի քիչ փող վաստակել, մի կթան առնել, էլի որոշ բաներ…
Աղջկա աչքերը խոնավացան։ Աստղերի գույնը փոխվեց երկնքում։ Գարնան հողաբույրն այլևս այն չէր։
— Հետո՞…
— Էլ ինչ հետո… Գնում ենք երկու օրից… Մինչև աշուն կգամ, որ ծառայության մեկնեմ… Ամեն օր կզանգեմ, որ լսեմ ձայնդ…
Աղջիկը մթան մեջ լուռ արտասվեց։ Հրաչը դողացող մատներով շոյեց նրա փարթամ վարսերը։
— Մի տխրիր, ես քեզ շատ-շատ եմ սիրում… Քեզ համար այնտեղից կարմիր գլխաշոր կբերեմ… քեզ շատ է սազում…
Առաջին անգամ նրանք բաժանվեցին առանց «բարի գիշեր» ասելու. միևնույն է, երկուսի համար էլ այդ գիշերը բարի չէր կարող լինել։
Երկու օր անց Հրաչը հոր ու մեծ եղբոր հետ գնաց։ Գոհարիկին թվաց, թե գյուղը դատարկվեց։
՞՞ ՞՞ ՞՞
Ռուսական հեռավոր գյուղում Հրաչն իրեն օտար էր զգում։ Ոչ միայն ոչինչ չէր հիշեցնում լեռան լանջին ծվարած իրենց գյուղը, այլև սիրտը, ասես, մնացել էր հեռու-հեռվում։
Հայրը շատ արագ կարգավորեց աշխատանքի հարցերը։ Եվ սկսվեց տաժանելի աշխատանքը ինչ-որ շինարարությունում։ Աշխատում էին գրեթե գիշեր-ցերեկ։ Գործը պետք է ավարտեին պայմանագրով նախատեսված ժամկետում։ Տղան նույնիսկ սիրած աղջկան զանգելու ժամանակ չէր ունենում։ Կարոտը տանջում էր։ Նաև ամոթ էր զգում, որ խոստացել է զանգել ու չի զանգում։ Ի՞նչ կմտածի Գոհարիկը։ Առանց այն էլ կասկածանքով էր հրաժեշտ տվել՝ «Էնտեղի աղջիկները սիրուն են…»։ Բայց Հրաչի աչքին աղջիկ չէր գալիս։ Անասելի կարոտել էր Գոհարիկին։ Ինչ գնով էլ լինի, պիտի զանգի։ Որոշեց խորամանկել։ Հիվանդ ձևացավ։ «Ժամանակ գտար, էլի,- տրտնջաց հայրը,- արագ վերջացնեինք այս զահրումարը, վերադառնայինք…»։ Այդ օրը հանգիստ տվեցին տղային։ Յոթերորդ երկնքում էր։ Հենց որ մենակ մնաց, անմիջապես հավաքեց աղջկա հեռախոսի համարը։ Սիրտը թրթռաց հուզմունքից։ Րոպեն դար թվաց։ Ինչու չի վերցնում հեռախոսը։ Անջատեց, նորից զանգահարեց։ Եվ հանկարծ մյուս ծայրին լսվեց սիրելի աղջկա քնքուշ, հուզախռով ձայնը։
— Գոհարիկ ջան, ինչպես ես… Ներող եղիր, ժամանակս չի հերիքում… Չէ, ուղղակի գիշեր-ցերեկ աշխատում ենք, որ շուտ վերջացնենք ու գանք։ Այսօր դիտավորյալ հիվանդ ձևացա, որ տանը մնամ, քո ձայնը լսեմ… Շատ եմ կարոտել… Լաց մի լինի, վերջացնենք, կգամ… Առանց քեզ չեմ կարողանում… Ես քեզ շատ եմ սիրում… Եթե ուշ-ուշ զանգեմ, մի նեղանա ու վատ բան մի մտածի…
Այստեղ կապն անջատվեց։ Երևի գումարը վերջացավ։ Տխրեց Հրաչը։ Բայց և ուրախ էր, որ վերջապես լսեց սիրելի աղջկա ձայնը։ Եվ քանի որ այդ օրը ազատ էր, որոշեց գնալ գյուղի խանութ, ուր շորեղեն էին վաճառում։ Կարմիր գլխաշոր էր խոստացել սիրած աղջկան։ Գյուղական խանութը հարևան թաղամասում էր, շուտ հասավ։ Գլխաշորեր կային։ Քանդեց դարսերը, ջոկեց, ջոկջկեց, մինչև գտավ կարմիր, գեղեցիկ ծոպերով մի գլխաշոր։ Վճարեց, խնամքով դրեց ծոցում ու թեթևացած սրտով դուրս եկավ խանութից։ Ո ՜նց կուզեր հենց այդ պահին հայտնվել իրենց խոտի դեզի կողքին, տեսնել, թե ինչպես է Գոհարիկն շտապում իր մոտ… Ծոցից հաներ կարմիր գլխաշորն ու իր ձեռքով գցեր նրա ուսերին…
— Է՛յ, տի՛…
Ուշադրություն չդարձրեց, մտքերի հետ էր։
— Տեբե գովորյատ, գլուխոյ, չտո լի…
Հրաչը հասկացավ, որ իրեն են ուղղված այդ խոսքերը։ Կանգ առավ։ Մոտեցան երկու ջահելներ։ Ալկոհոլի հոտ էր փչում վրաներից։ Նրանցից մեկը կիպ մոտեցավ ու հոխորտաց.
— Կատիտես օտսյուդա, պո՞նյալ…
Հրաչը ռուսերեն չգիտեր։ Ուստի չգիտեր նաև, թե ինչ են ուզում իրենից։ Փորձեց ժպտալ, թեև հասկանում էր, որ նրանք չար են տրամադրված։
— Չեվո ուլիբաեշսյա, բարան,- ասաց նրանցից մեկը և թափով հրեց տղային։ Նա ընկավ գետնին։ Վեր կացավ։ Զայրույթից ու վիրավորանքից քիչ էր մնում արտասվեր, բայց մի կերպ զսպեց իրեն ու փորձեց հեռանալ։ Փակեցին ճանապարհը։ Նրանցից մեկն ուժգին հարվածեց տղային։ Հրաչը չդիմացավ, կատաղությամբ հարձակվեց նրա վրա ու ողջ ուժով խփեց դեմքին։ Նա ընկավ։ Հրաչը վախեցած մոտեցավ ընկածին, կռացավ նրա վրա. բան չպատահի՞, շառի գա… Նույն պահին էլ թիկունքին հարված ու սուր ցավ զգաց… Արյունը հորդեց, աչքերը շաղվեցին… Միայն լսեց մարդկանց ձայներ, որոնք հայհոյում էին հարբած ջահելներին, ու նաև զգաց, որ մի ռուս կին իրեն ջերմորեն «սինոկ» ասաց ու փորձեց բարձրացնել…
…Ուշքի եկավ գյուղական փոքրիկ բուժկետում։ Հայրն ու եղբայրը նստել էին մահճակալի ծայրին ու արցունքից կարմրած աչքերով իրեն էին նայում։
— Արթնացա՞ր, բալա ջան, արևիդ մատաղ,- ասաց հայրն ու արցունքները հորդեցին երեսն ի վար։
Տղան թույլ, գրեթե շշնջոցով, արտաբերեց.
— Կարմիր գլխաշորը… Գոհարիկին…
— Հա, բալա ջան, գլխաշորը ծոցումդ էր, վերցրել եմ… Որ գնանք, կտաս Գոհարիկին…
Բայց տղան չլսեց հոր վերջին խոսքերը…
՞՞ ՞՞ ՞՞
Խոտի դեզը դեռ կա, Գոհարիկն ամեն երեկո այցելում է նրան։ Կարմիր գլխաշորն այդպես էլ չկապեց գլխին, այլ շարունակ կրծքին է սեղմում, մոտեցնում շուրթերին ու թրջում արցունքներով։ Հայրը նոր կով է առել։ Խոտի դեզը գնալով նվազում է, և Գոհարիկը խեթ է նայում կովին։