ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Ռ ՈՒ Ս Հ Ա Ր Ս Ը
(Վեպ)
ԳԼՈՒԽ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ
Եվգինեն ապրում էր գյուղի մյուս ծայրում ոչ մեծ միահարկ հին տան մեջ, որն ուներ երկու սենյակ և փայտե սյուների վրա նստած բարձր ծածկապատշգամբ: Տունը շրջապատող բակը նույնպես փոքր էր և ամբողջովին անխնամ: Երևում էր տղամարդկային հմուտ ձեռքի պակասը: Եթե չլիներ տան առջև վիթխարի ընկուզենին՝ բնի մոտ վառարանի համար դիզած փայտով, կարող էր թվալ, թե անտերունչ, լքված տուն է: Բայց մի պատուհանը լուսավորված էր տաք դեղին լույսով, որը անդրադարձվում էր ծածկապատշգամբում՝ հանդարտ ուղիղ քառակուսու տեսքով:
Ելենան մի քանի անգամ եղել էր այդ տանը: Եվգինեն գրեթե զոռով նրան քաշում էր իր տուն, և ամեն անգամ Ելենան սկեսուրից ու սկեսրայրից հանդիմանանք էր ստանում, քանի որ Եվգինեի հետևից վատ շշուկներ էին պտտվում գյուղում, որպես անբարոյական, անառակ կնոջ, ընդ որում` Տոնաշենում շատերն էին մատնանշում այն հանգամանքը, որ կրակն առանց ծխի չի լինում…
Ասենք, Եվգինեն ինքն էլ քիչ առիթներ չէր տալիս իրեն քարկոծելու համար: Նա բավական աշխույժ կին էր, լեզվից անզուսպ, երբեմն տաքացած՝ այնպիսի բաներ կաներ, որից նույնիսկ փորձառու տղամարդիկ ամոթով կհազային կամ երեսները կշրջեին:
Բախտն այնքան էլ երես չէր տվել այդ համեմատաբար դեռ երիտասարդ երեսունվեցամյա կնոջը, որին բնությունը թեթևակի զրկել էր արտաքին գեղեցկությունից: Ամեն ինչ նրա մեջ կոպիտ էր. և՛ դեմքը, և՛ ձեռքերը, և՛ ձայնը, կոպիտ, զանգվածեղ, զուրկ կանացիությունից, բացառությամբ միայն, երևի թե, արտահայտիչ աչքերից: Դրանք զարմանալի էին, անհավատալիորեն մեծ, շողշողուն սև, ինչպես օգոստոսյան գիշերային երկինքը, և մշտապես լայն բացված, ասես շարունակ հիացմունքով զարմացած այն ամենից, ինչ շրջապատում էր նրան: Նա ամուսնացել էր, երբ արդեն կորցրել էր ամեն հույս` քսանինն տարեկանում: Այդ ժամանակ ապրում էր ծնողների հետ Մոխրաթաղ գյուղում, ծնունդով այդտեղից էր, շրջկենտրոնից ոչ այնքան հեռու: Այնպես էր պատահել, որ մի անգամ, խաղողի հեռավոր դաշտից վերադառնալիս առջևում, ճանապարհի եզրին կանգնած մի ինքնաթափ բեռնատար է տեսնում և, մտածելով, որ կարողա դեպի Մոխրաթաղ է գնում, մոտենում է, որ խնդրի վարորդին իրեն էլ վերցնի հետը: Շարժիչի կափարիչը բաց էր, վարորդը՝ ռազմական մարզազգեստով, արևահար, ձեռքերը քշտած կռացել էր շարժիչի վրա, Եվգինեն նրան ճանաչել չկարողացավ, քանի որ գլխով համարյա խցկված էր կափարիչի տակ, դեմքը չէր երևում:
– Հե՛յ, ա՛յ տղա, ո՞ւր ե եք գնում:
Վարորդը գլուխը դուրս հանեց, վերից վար ուշադիր չափեց նրան, ծիծաղեց:
— Չենք մ գնում, չե՞ս տեսնում, կանգնած ենք՝ ես էլ, մեքենաս էլ: Նորոգվում ենք:
Եվգինեն շփոթվեց, տղան անծանոթ էր: Նա բարձրահասակ էր, հաղթանդամ, ծիծաղկուն դեմքով և բարի աչքերով:
-Ինչի՞ ես ծիծաղում,- այնամենայնիվ հարցրեց Եվգինեն: — Ծիծաղելի բա՞ն կա, ասա՝ մենք էլ ծիծաղենք:
-Ծիծաղս եկավ՝ ծիծաղեցի: Դու որտեղի՞ց լույս ընկար: Էս տեղերի թաղայինն ես, թե՞ գլխիս վերահսկիչ են ուղարկել ու ես անտեղյակ եմ:
Եվգինեն լուռ նայեց նրան, հետո ասաց հաշտարար տոնով.
- Ծիծաղիր ինչքան ուզում ես, բայց ասա, Մոխրաթաղ չե՞ս գնում:
– Չէ, – պատասխանեց տղան, բարեհոգի ժպիտով: — Տոնաշեն եմ գնում: Իսկ քեզ Մոխրաթա՞ղ է պետք:
– Հա՛:
– Անունդ ի՞նչ է:
Եվգինեն ասաց իր անունը:
-Իմն էլ Ռազմիկ է,- ասաց տղան: — Կողքով եմ անցնում: Դե, մի քիչ նստիր, վերջացնեմ, գնանք: Գործարկիչը ինչ-որ լավ չի աշխատում:
– Իսկ շո՞ւտ կվերջացնես, – հարցրեց Եվգինեն` բավականությամբ նայելով մինչև արմունկները քշտած տղայի ամրակուռ յուղոտված ձեռքերին:
– Տեսնենք,- անորոշ արձագանքեց տղան: — Դու առայժմ նստիր, այ էնտեղ, տանձի ծառի տակ, մեկ էլ տեսար կաթուկ տվեց:
Եվգինեն նայեց վեր, տանձենու նորաբողբոջ ճյուղերին, տարակուսանքով որորեց գլուխը.
-Այ տղա, դու հո խելառ չես,- ասաց նա,- ծառը նոր է բողբոջում, դու տանձի կաթուկի մասի՞ն ես խոսում:
Տղան քահ- քահ ծիծաղեց, ասաց.
— Պապս կոլխոզի նախագահին ասում է՝ Հարությունյան ջան, ինձ տեղակալ վերցրու քեզ, փոշման չես մնա, ես տանձի ծառ եմ՝ տակս ջրի, տանձս կեր…- Նա կրկին քրքջաց, հավելեց.- Կոլխոզի այդ նախագահը մի պարարտ քարտուղարուհի ուներ՝ անունը Մարգարիտ։ Նախագահն ու դա կաբինետում սիլիբիլի են արել իրար հետ ու հանկարծ պարզվել է, որ Մարգարիտը երեխով է։ Մարգարիտն էլ մինչև գլխի է ընկել, բանը բանից անցել է, այսինքս, ուշ է եղել որևէ քայլի դիմել։ Ի՞նչ անեն չանեն՝ նախագահը գտնում է ելքը։ Կանչում է գյուղի խև Անուշավանին, ասում.«Լսիր, մեր այս Մարգարիտի խելքը գնումա քեզ համար, ինչի՞ չես ամուսնանում հետը»։ Կարճ, պսակում է դրանց։ Մի երկու ամիս անց Անուշավանը գալիս է նախագահի մոտ, բարձր տրամադրությամբ, ուրախ — ուրախ ասում.«Ընկեր Հարությունյան, երեխան ինչքա՞ն ժամանակում է ծնվում»։ Նախագահն ասում է. «Դե մի ինն ամսում»: Անուշավանը ոգևորված ասում է. «Բա գիտե՞ս, մեր Մարգարիտը չորս ամսում է երեխան բերել, նրան պարգևատրում չի հասնու՞մ»։- Տղան դարձյալ քրքջաց, այս անգամ ավելի ուժգին, հետո ասաց,— Էրեկ պապիս ասում եմ՝ այ պապի, ի՞նչ կուզենայիր՝ ջահել, սիրուն մի կնիկ,
թե՞ մի լավ հասած տանձ, ասում է՝ այ լակոտ, ես ատա՞մ ունեմ, որ տանձ ուտեմ:
Եվգինեն նույնպես ծիծաղեց, հետո հարցրեց.
-Քո այդ պապիկդ քանի՞ տարեկան է: Խելքը տե՞ղն է:
— Բա ո՜նց, ասում է՝ Նապոլյոնի զորքի դեմ կռվել եմ: Ծնունդը նոր ենք նշել, դառավ իննասունութ տարեկան: Պսակվել է ուզում: Բայց վախենում եմ, ասում է, դավաճանի, ես էլ խանչալս վերցնեմ, վիզը կտրեմ, ընկնեմ բանտ:
-Այ տղա, գիժ-միժ մի խոսա, այդ տարիքում պսակվե՞լ է ուզում:
-Հետո ինչ թե ուզում է: Հո իր ուզելով չի, մեծ ախպերը չի թողնում, դեմ է:
-Մեծ ախպե՞ ր էլ ունի,-զարմանքից աչքերը լայն բացած հարցրեց Եվգինեն:
— Ունի, մեծ ախպեր ունի: Պապս առաննձին տուն ունի, առանձին է ապրում, իսկ մեծ ախպերը ծնողների հետ է ապրում: Գյուղի վերևի մասում: Նա էլ չի ամուսնացած:
Դյուրահավատ Եվգինեի հոնքերը միանգամից թռան ճակատին, իսկ Ռազմիկը քրքջալով ավելացրեց.
— Ես առաջին դասարանը շրջկենտրոնում եմ սովորել, այնտեղ էինք ապրում, այդ օրը դպրոց չէի գնացել, պապս ինձ վերցրեց, գնացինք շուկա, մեկ էլ պապս շուկայում հանկարծ տեսավ մեր դասղեկին, շուռ եկավ ասաց՝ այ լակոտ, դասի չես գնացել, թաքնվիր՝ չտեսնի քեզ, ասացի՝ պապի, ավելի լավ է՝ դու թաքնվիր, ասել եմ վաղը դպրոց չեմ գալու, պապս մեռել է, ու նա էնպես բամփեց գլխիս, որ օրն ասես միանգամից մթնեց:
Տղան լիաթոք ծիծաղեց, երկար նայում էր աղջկան, հետո ասաց.
— Դե լավ, մի խանգարիր, նստիր էն տանձենու տակ, ես գործս վերջացնեմ:
Եվգինեն ինքն էլ ծիծաղելով գնաց, նստեց խճուղու եզրի քարին, տանձենու ստվերում և սկսեց սպասել, չգիտես ինչու, ինքն իր վրա զարմանալով: Մի անգամ չէր, որ նա վերադարձել էր հեռավոր դաշտից, մի անգամ չէր, որ նստել էր համընթաց մեքենա կամ մոտոցիկլետ… Բայց որ իրեն կարգադրեին նստել և հնազանդորեն սպասել` նման բան երբեք չէր եղել: Չէր եղել և վերջ, ընկել էր ճանապարհն ու գնացել: Ամենահեռավոր դաշտից մինչև տուն երեք կիլոմետրից ավելի չէր, իսկ այսօր դրանից էլ քիչ էր, որովհետև ճանապարհի կեսն արդեն անցել էր, բայց առանձնապես հոգնություն չէր զգում և կարող էր քայլել մնացած ճանապարհը և կես ժամից տանը լինել: Բայց ահա, չգիտես ինչու նստել է այս քարին, սպասում է և հայտնի չէ, որքան դեռ պիտի սպասի, գուցե կես ժամ, գուցե մի ժամ, գուցե և ավելի: Զարմանալին այն էր, որ իրեն հաճելի էր ահա այսպես նստել և սպասել՝ հայացքը անծանոթ տղայի հզոր ձեռքերին, նրա ամրակազմ մեջքին, որի վրա ամեն շարժումից արևահարված ռազմական մարզազգեստի տակից ձգվում էին մկանները, երկար մազերին, որ հասնում էին ծոծրակին: Տղան լուռ տանջվում էր՝ թեքված շարժիչի վրա: Եվգինեն զգում էր, որ իր սպասումը ձգձգվում է և արդեն անհարմար էր զգում դրա համար:
Մի քանի անգամ նա ցանկացավ վեր կենալ ու գնալ, բայց մնաց նստած, չէր կարողանում ստիպել իրեն դիմել այդ քայլին, շարունակելով նստել քարի վրա, րոպե առ րոպե ավելի ու ավելի շփոթվելով դրանից և զգալով, որ իր քսանինամյա կյանքում երբեք չէր զգացել այսպիսի խաղաղ ու անհանգիստ ուրախություն, ինչպես զգում էր հիմա, նստած տանձենու ստվերում, ճանապարհի եզրին: Նրան ուրախացնում էր ամեն բան, և՛ լուռ հնազանդությունը, որով համակված՝ նստել էր քարին, ենթարկվելով բոլորովին անծանոթ տղայի կարգադրությանը, և ինքը տղան` արևահարված, ռազմական մարզազգեստով, հաստաթուշ դեմքով ու ծիծաղը երեսին, և՛ անտառի խշշուն լռությունը, որը նախկինում նա չէր նկատել, թեպետ ամեն օր անցել էր այս ճանապարհով…
– Ոնց որ թե՝ վերջ, – վերջապես ասաց տղան, դղրդոցով փակելով ինքնաթափի ծածկը և ցատկեց գետնին:- Արի քեզ հարս տանեմ պապիկիս:- Ասաց ու բարձր ծիծաղեց:
- Տար,- համաձանվեց Եվգինեն, նույնպես ծիծաղելով:
Ռազմիկը խցիկից լաթի կտոր վերցրեց, մաքրեց յուղոտ ձեռքերը, նա մերթընդմերթ ժպտալով նայում էր Եվգինեին, հետո մոտեցավ, ասաց.
– Երևի հոգնել ես նստելուց, հիմա կգնանք: Միայն մի հատ ծխախոտ ծխեմ ու գնանք:
– Իսկ ինչո՞ւ պիտի հոգնեմ, նստած եմ ինձ համար… – արձագանքեց Եվգինեն` ձեռքերը դնելով իր կլորիկ ծնկներին: – Բայց դու ինքդ երևի հոգնել ես:
– Մի քիչ, – համաձայնվեց Ռազմիկը և, նստելով կողքի քարին, Եվգինեի մոտ, սկսեց ծխել իր «Պամիրը»:- Իմ էդ գործարկիչը ամեն անգամ այսպես համը հանում է: – Եվ հանկարծ ավելացրեց անսպասելի ծիծաղով, – ոտքով գնայիր՝ վաղուց հասել էիր արդեն:
– Իսկ ո՞ւր եմ վռազում, ծնողներս ֆերմայում են, իսկ տունն էլ չի փախչում, – ուսերը թոթվեց Եվգինեն, մի թեթև սրտնեղած նրա խոսքից: – իսկ ինչո՞ւ ես ծիծաղում: Ծիծաղելիս է, հա՞, որ հիմարի նման նստել ու սպասել եմ այսքան: Կարող եմ և գնալ:- Նա կտրուկ ոտքի ելավ:
Ռազմիկը արագ բռնեց նրա ձեռքը.
– Ո՞ւր ես գնում, կանգնիր: Կատակ անել էլ չի լինում քեզ հետ:
Համոզվելով, որ Եվգինեն ձեռքն ազատելու միտք չունի, տղան ինքը բաց թողեց նրա ձեռքը, արդեն վստահ, որ նա ոչ մի տեղ չի գնա: Եվ ասաց զարմանքով.
– Ա՜յ թե աչքեր ունես… Քիչ է մնում վառես ինձ քո նայվացքով:- Նրա դեմքը նորից բռնկվեց լայն ու անխորամանկ ժպիտով, ժպտալիս ու ծիծաղելիս մանավանդ՝ նրա աչքերը նեղանում, դառնում են փոքրիկ գծիկներ:-– Մեր գյուղում ինձ խելապակաս են համարում, գիտե՞ս ինչի:
-Ինչի՞:
-Որովհետև տեղի ու անտեղի ծիծաղում եմ՝ ինքս էլ չգիտեմ թե ինչու:
-Դու ո՞ր գյուղից ես,- հարցրեց Եվգինեն:
-Հորական կողմից Տոնաշենից եմ, այդտեղ եմ ապրում, մորական կողմից՝ Հաթերքից: Այստեղից չի երևում, բարձրանաս մի թումբ՝ կերևա: Մռավա սարից դեսը:
-Ինչ է, ես չգիտե՞մ Հաթերքը որտեղ է,- ասաց Եվգինեն, ավելացրեց աշխույժ տոնով,- այդ ճի՞շտ է, որ ասում են՝ ամեն գյուղում մի գիժ կլինի, Հաթերքից ով պատահի՝ իմացիր գիժ է:
— Իննսունինն տոկոսը սուտ է, մի տոկոսը՝ ճիշտ: Այ ես քեզ օրինակ, կիսով չափ ՝ Հաթերքից եմ, գի՞ժ եմ:
— Բա ի՞նչ ես, որ գիժ չես, հենց կիսով չափ գիժ ես, գիժը պոզե՞ր է ունենում:
Ռազմիկը միանգամից պայթեց կայտառ ծիծաղից:
— Հաթերք հարսանիք էին կանչել,- պատմեց նա,- պապս ինձ էլ էր տարել հետը։ Դե գիտես, Հաթերքը մեծ գյուղ է, համարյա սաղ գյուղն այդտեղ էր։ Ուժեղ հարսանիք էր։ Քաղաքից եկած մի տղա ու աղջիկ Լամբադա էին պարում։ Լամբադան գիտե՞ս ինչա։
Շուրթերն իրար կպցրած՝ Եվգինեն օրորեց գլուխը։
-Դե, պար է, էլի,- դեմքի մեծամիտ զիջողամտությամբ, ինչպես անհասկացողի, բացատրեց Ռազմիկը։- Ուրախ պար է, երաժշտությունն էլ չտեսնված։ Այդ երկուսն էլ՝ տղան ու աղջիկն, այսինքս, քամու արագությամբ պարում էին՝ թռչկոտելով նետվելով միմյանց գիրկ, իրար հրմշտելով ու հետույքներն անպարկեշտ խաղացնելով։ Պապս նայեց, նայեց, թե՝ սրանք մինչև չպառկեն, բան չի ստացվի։
Ռազմիկը սրտաբուխ ծիծաղեց, մեջքի ընկած՝ ոտքերը օդում ճոճելով, ու նրա ծիծաղն այնպես վարակիչ էր, որ Եվգինեն չդիմացավ, նույնպես սկսեց ծիծաղել։
— Այդ հարսանքում գիտե՞ս էլ ինչ պատահեց,- վրա նստելով, շարունակեց Ռազմիկը նույն կենսուրախ տրամադրությամբ:- Հարսին որտեղից էին գտել, դա մենակ աստծուն է հայտնի։ Այնքան անճոռնի ու այլանդակ, այնքան սարսափելի գեշ, որ երևակայել նույնիսկ անհնարին է։ Ես, ճիշտն ասած, կյանքում այդպիսի տգեղ աղջիկ տեսած չկամ։ Պապս երկար զննում էր դրան, ասաց՝ նայում եմ ու հասկանում չեմ՝ դա տղա՞ է, թե աղջի՞կ։ Դու մի ասի, մեր դիմաց խնամիների կողմի բարեկամներն են նստած։ Դրանցից մեկը կատաղած նայեց պապիս, ասաց՝ այ մարդ, բերանդ կարգին բաց արա, էդ իմ հարազատ աղջիկնա։ Պապս տեղն ու տեղը ներողություն խնդրեց, որովհետև տուրուդմփոց կսկսվեր։ Ասաց՝ շատ կներեք, չգիտեի, որ դուք իրա հերն եք։ Կռիվն իրոք անխուսափելի կլիներ, թե որ պապս խանչաըը չհաներ, որովհետև պարզվեց, որ դա հարսի հայրը չէր, այլ՝ մայրը:
Որոշ ժամանակ ինքնամոռաց ծիծաղում էին՝ մեկընդմեկ նայելով իրար, հետո Ռազմիկն ասաց.
– Դե ինչ, գնա՞նք:
Եվգինեն գլխով արեց.
– Գնանք…
Տղան, սակայն, տեղից չշարժվեց: Մտածում էր:
– Իսկ գուցե նախ մի բա՞ն ուտենք,- առաջարկեց նա: -Դու երևի աշխատանքից ես գալիս, սոված կլինես, այստեղ էլ՝ ե՝ս ուշացրի այսքան:
-Այ տղա,- մի պահ շրջակայքը զննելով տարակուսեց Եվգինեն,-դու ուտելիքի տեղ՝ այս տափաստանում որտե՞ղ ես տեսնում:
Ռազմիկը քրքջալով ելավ, բարձրացավ խցիկ, երկու վայրկյան չտևած՝ վերադարձավ, ապխտած երշիկն ու խաշած ձվերը դնելով սալ քարին:
– Երևի կինդ է խաշել… – ձվերը տեսնելով, ասաց Եվգինեն, մտածելով այն մասին, որ երշիկը հնարավոր է ինքն է գնել որևէ խանութից կամ ճանապարհամերձ խորտկարաններից, իսկ, ա՛յ, ձվերը, կանայք են խաշում իրենց ամուսինների համար:
– Դե չէ, – ձեռքը թափ տվեց Ռազմիկը, – ինքս եմ խաշել:
– Ինչի՞: Ամուսնացած չե՞ս,- զգուշավոր հարցրեց Եվգինեն:
– Եղել եմ, բայց կինս փախել է:
– Ինչպես թե՝ փախել է, – չհասկացավ Եվգինեն:
– Շատ պարզ, փախել է և՝ վերջ: Թողել փախել է, – աշխուժորեն հաղորդեց տղան: – Շուտ է եղել դա, մի ութ տարի առաջ: Հասկանո՞ւմ ես, ինձ վաղ են ամուսնացրել, դեռ տասնութս էլ չէր լրացել: Երկու ամսվա պսակված՝ հո՛պ, վերցրին տարան բանակ: Դե նա էլ կրքոտ, արյունը եռ եկած… Երբ երեք տարի անց վերադարձա, տեսա պսակվել է ուրիշի հետ, երեխա ունի… Մի խոսքով, մենակ եմ, ինչպես դաշտում միայնակ ծառ՝ քամու բերանին:
– Իսկ ծնողներդ որտե՞ղ են:
– Գրոզնիում են ապրում: Քույրս այնտեղ երկհարկանի սեփական տուն ունի, ընտանիք, ամուսին, երեխաներ, համոզել, ծնողներիս տարել է իր մոտ: Իսկ ես մնացել եմ այստեղ:
–Գնայիր նրանց մոտ, ինչո՞ւ ես մնացել,:
– Մնացել եմ, որովհետև սիրում եմ իմ գյուղը,- արտասանեց նա շենշող տեսքով:- Բանակում քնում էի և երազիս տեսնում: Ի՞նչ եմ կորցրել Գրոզնիում, իմ հայրենիքն այստեղ է, սա իմ պապական հողն է, պիտի ապրեմ ու շենացնեմ:
-Պապական ասեցիր, միտս ընկավ, պապիդ մո՞տ ես ապրում:
-Չէ, պապի մոտ ապրե՞լ կլինի,- քրքջալով ասաց Ռազմիկը:- Գազեր ունի, մեկ էլ տեսնում ես՝ գիշեվա կեսին վեր է կենում, Նապոլեոնի զորքի դեմ հետևից հրետանու համազարկեր արձակելով գնում միչև բակի զուգարանը:
Եվգինեն բարձր ծիծաղեց՝ գլուխե ետ գցած, հետո լրջանալով ու ակամա թեթևակի խանդելով հարցրեց.
– Երևի կնոջդ էլ էիր տեսնում երազում… – Եվգինեն աչքի տակով նայեց Ռազմիկին ու մի պահ այնպես թվաց, թե ինքը վաղուց է ճանաչում նրան: – Եվ այն էլ ոչ մեկ անգամ…
– Կհավատա՞ս, երեք տարվա մեջ` ոչ մի անգամ: Գյուղը տեսել եմ, սարերը, ձորերը, մեր աղբյուրները, նույնիսկ մեր սև էշն եմ տեսել, իսկ նրան` չէ, չեմ տեսել: — Նա շրջվեց Եվգինեի կողմն ու ասաց անսպասելի,- . կամուսնանա՞ս հետս…
– Ի՞իինչ, – տղայի ասածից ապշած` ձգեց Եվգինեն, – է՞դ ինչի համար…
– Ինչպե՞ս թե՝ ինչի համար: Որ երազիս մեջ քեզ տեսնեմ:- Ռազմիկը հորանջեց, ծիծաղեց լիաթոք:
– Շատ պետքս է… –նազկտանքով ասաց Եվգինեն, աչալուրջ նայելով նրան: – Հերիք է գիժ-միժ խոսաս, վեր կաց գնանք,- և առաջինը ինքը բարձրացավ նստած տեղից:
Ռազմիկը, փոքր-ինչ հապաղելով, նույնպես ոտքի ելավ:
– Ի՞նչ պատահեց,- արդեն լրջորեն հարցրեց նա:- Ինչո՞ւ ես բարկանում: Մի՞թե վիրավորական բան ասացի:
– Չէ՛, չեմ բարկանում, – թեպետ իրոք բարկացած, բայց հանգիստ տոնով ասաց Եվգինեն, բարձրանալով խցիկ, ուր համակ գեղեցիկ դերասանուհիների լուսանկարներ էին փակցված: – Պարզապես չեմ սիրում, որ նման բաների մասին խոսում են ծիծաղելով:
Տղան, չկարողանալով զսպել, նորից ծիծաղեց, միաժամանակ ձեռափով սեղմելով բերանը:
– Դե ահա, տեսա՞ր: Նորից: Ես մեղավո՞ր եմ: Ծիծաղս ինքն իրեն է գալիս, ես համարյա կապ չունեմ: Երևի հենց դրա համար է կնիկս փախել ինձանից: Իսկ դու,- շրջվելով նրա կողմը ասաց Ռազմիկը, – դո՝ւ ինչո՞ւ ամուսնացած չես:
– Ուզող չի եղել, դրա համար էլ ամուսնացած չեմ: Իսկ քե՞զ ինչ: Կպել ես քո հիմար հարցերով: Մենք գնո՞ւմ ենք, թե չէ:
– Գնում ենք, գնում ենք, մի վախենա: Դու Հաթերքի մասին ես ասում, բայց, տեսնում եմ, ձեր Մոխրաթաղում էլ ամբողջովին ցնդած են:
– Է՞դ ինչի:
– Ցնդած են ու վերջ: Ինքդ չե՞ս հասկանում, ինչ է:
– Չէ, չեմ հասկանում:
– Ինչպե՞ս թե՝ չեմ հասկանում: Այսպիսի գեղեցիկ աչքերով պարարտ աղջիկ է ապրում իրենց քթի տակ, իսկ իրենք չեն տեսնում: Դե եթե ցնդած չեն, ուրեմն կույր են, – վճռականորեն ավարտեց նա, միացնելով գործարկիչը:
Անորոշ թեմաների շուրջ խոսելով՝ Ռազմիկը նրան հասցրեց Մոխրաթաղ և, առանց որևէ պայմանավորվածության, մեքենան քշեց դեպի Տոնաշեն:
Նրա գնալուց հետո Եվգինեն մտավ տուն, մի կուշտ լաց եղավ իր անհասկանալի բախտի վրա, հետո, գիշերվա կեսին արթնանալով, մտքում հայհոյեց այդ դոդգլուխ Ռազմիկին, որ քիչ էր մնում խելքամաղ աներ իրեն, մի քիչ էլ բարձրաձայն հայհոյեց՝ և, հետզհետե խաղաղվելով, քնով անցավ: Առավոտյան նա վեր կացավ մշտօրյա զվարթ տեսքով՝ կարծես թե արդեն մոռացած երեկվա վարորդին: Օրն անցավ հանգիստ, սակայն կեսօրին, չգիտես ուրկից, ինչ-որ անբացատրելի հուզմունք համակեց նրան, որը երեկոյան դեմ փոխարկվեց տագնապալից ուրախության: Ինքն իր աչքերին չհավատալով, Եվգինեն լուսամուտից տեսավ գյուղ մտնող ինքնաթափն ու ճանաչեց. Ռազմիկի մեքենան էր: Նա տնից դուրս չեկավ, անհանգիստ տրոփող սրտով սպասեց, միչև լեռներին բախվելով՝ ողջ գյուղով մեկ ղողանջեց նրա խրոխտ ձայնը.
– Հե՛յ, Եվգինե:
Այլևս անկարող սպասելու՝ Եվգինեն արագ դուրս ցատկեց տնից, կասկածելիորեն գեղեցիկ զգեստավորված, ընթացքից կոճկվելով:
– Ինչո՞ւ ես եկել: Ի՞նչ ես ուզում:
– Լսիր, պապիս խանչալը մոտս է, — քռքռաց Ռազմիկը,- կգամ վիզդ կտրեմ, հետս կարգին խոսիր, եկել եմ պաշտոնապես ամուսնության առաջարկ անեմ:
Եվգինեն ասես նոր միայն նկատեց, որ նա նոր շորերով է, արդուկած ճերմակ վերնաշապիկով, ու ինքն էլ ծեծաղեց:
Նույն երեկոյան, առանց հորն ու մորը ասելու, նույն ինքնաթափով, խցիկում մեն-մի ճամպրուկ` աղջկա գույնզգույն շորեր լցրած, Եվգինեն Մոխրաթաղից տեղափոխվեց Ռազմիկի մոտ` Տոնաշեն:
Նրանք սկսեցին ապրել կարծես թե երջանիկ, բայց այդ երջանկությունը երկար չտևեց:
Կես տարի անց Մարտակերտի քարհանքից Հաթերք՝ բարեկամի համար անկյունաքար տանելիս, Թարթառ գետի ոլորաններից մեկում ծանր բեռան տակ՝ արգելակներերը չեն դիմանում, մեքենան սլլում, գլորվում է անդունդ:
Դառը լաց եղավ Եվգինեն նրա գերեզմանաթմբի վրա՝ գյուղական գերեզմանոցի հեռավոր ծայրին, մի տարի սգվորի շոր հագավ, իսկ հետո գնաց դաժան ճակատագրին ընդդեմ մարտնչելու՝ իր բաժին մի կտոր երջանկության համար, որի բերկրանքն զգացել էր ամառային այն տաք օրը՝ խաղողի դաշտից վերադառնալիս: Այն օրը, երբ անտառամերձ ճանապարհին, տանձենու տակ չոր քարին նստած, քսանիննամյա կյանքում առաջին անգամ, ինքն էլ դա չգիտակցելով, զգաց, որ աշխարհում գոյություն ունի մինչ այդ իրեն անհայտ մի զգացում, որն ասես մարդուն թևեր է տալիս ճախրելու: Եվ հիմա նա որոշել էր օգտվել դրանից` բաց չթողնելով իրենը: Բայց ավաղ, դա անում էր այնքան անհմտորեն, որ ստիպված էր հատուցել դառը արցունքներով: Երկու անգամ, միամիտ բաց սրտով նա ընդառաջ նետվեց փայլատակող երջանկությանը կամ այն բանին, ինչը դյուրահավատորեն ընդունել էր որպես երջանկություն, և երկու անգամ էլ նրան այնպիսի բիրտ ու ցավալի հարված բաժին հասավ, ասես դիպել էր բարձր լարման հոսանքի լարերի:
Դրանցից մեկը հանդիպումն էր անտառտնտեսության կարգավորիչ Վարդան Ահարոնյանի հետ: Սա նույնպես իբր հայիլ-մայիլ էր եղել Եվգինեի աչքերին, ոտանավորներ էր գրում՝ նվիրված նրան, իրիկունները անտառներից վայրի ծաղկափնջեր էր բերում տուն, բայց ապրում էր Եվգինեի հաշվին, առանց մի կոպեկ տալու նրան: Այդպես ապրեցին մոտ մի տարի, հետո պարզվեց, որ նա երկու թե երեք տեղ կնիկ ու երեխաներ ունի, դրա համար էլ Եվգինեի հետ օրինավոր գրանցվել չէր ուզում: Թեպետ ուշացումով՝ Եվգինեն Իմացավ այդ ամենի մասին և մի գեղեցիկ օր վռնդեց նրան իր տնից: Մյուսը` Միշիկն էր, որը երկրաբանական արշավախմբի սեզոնային աշխատող էր, խումբն այդ շրջակա լեռներում ոռոգման նպատակով ջրային ռեսուրսների նոր աղբյուրներ էր որոնում: Միշիկն արդեն քառասունն անց էր, մի երկու անգամ ամուսնացած-բաժանված տարբեր քաղաքներում` Մինգեչաուր, Հրազդան և Սումգայիթ, ու կանոնավորապես, ըստ հարկադիր թղթի, ալիմենտ էր վճարում: Եվգինեի հետ նա ապրեց յոթ ամիս և Վարդան ահարոնյանի պես նրան իր աշխատավարձից մի կոպեկ անգամ չտվեց, պատճառաբանելով, որ գումարի մեծ մասը ստիպված է տալ երեխաներին, իսկ մնացածը գնում է կոլեկտիվ սննդի և գրպանի մանր ծախսերի վրա:
– Ա՛յ երբ ջուր գտնենք և հորանցքեր բացենք, մեզ կհեղեղեն դրամական պարգևներով, չենք իմանա փողն ուր ծախսենք:
– Իսկ ջուր կգտնե՞ք, – ժպտում էր Եվգինեն` ինքն իրեն ստիպելով հավատալ, որ Միշիկը ճիշտն է ասում:
Եվ Միշիկը, ընդհանուր առմամբ, ճիշտն էր ասում: Սակայն, երբ գործը հասավ դրամական պարգևներին, և նա արդեն կանոնավոր փող էր ստանում, իրեն տվեց խմելուն և սկսեց խանդի տեսարաններ սարքել այն բանի համար, որ Եվգինեն մինչ այդ երկու անգամ ամուսնացած է եղել: Ընդ որում, նրա այդ խանդն այնքան ձևական էր, որ Ելենան ներքուստ սառելով մտածում էր. հո նրա համար չի՞ անում, որ հեռանա իրենից կամ, որ ավելի վատ է, ստիպի իրեն` վռնդել նրան: Բայց երրորդ ամուսինը մնում է երրորդ ամուսին, վռնդելով նրան՝ խայտառակությունից հո չե՞ս ազատվի, գյուղը նման բաներ չի ներում, առավել ևս, որ օտար գյուղ է, ոչ թե քո հայրենին: Եվ Եվգինեն լուռ դիմանում էր, ցերեկը ժպտում էր մարդկանց, գիշերը` անձայն արտասվում: Եվ երևի այդպես դիմանար մինչև մահ, եթե մի անգամ, ամեն ինչ ներող իր բնավորությանը հակառակ՝ Միշիկի հերթական հարձակման ժամանակ, երբ նա խմած ձեռք բարձրացրեց կնոջ վրա, Եվգինեն, վերջապես գիտակցեց, որ հետո ավելի վատ է լինելու, համաժամանակ անտեսելով, թե ինչ կասի գյուղը, վերցրեց անկյունում դրված երկաթյա ծհանը, որով թխած հացը հանում թոնրից, այրեց երկրորդ ամուսնու ամբողջ թիկունքը այնպիսի կատաղությամբ, որ վերջինս մորթվող խոճկորի ճղղոցով ու խոր աշնան տեղատարափ գիշերով դուրս փախավ տնից: Եվ այլևս չերևաց:
Այդ օրվանից Եվգինեն երկար ժամանակով փակվեց ինքն իր մեջ` մի տեսակ անհարմար զգալով նայել համագյուղացիների աչքերին, որովհետև լավ գիտեր, թե ինչ է նշանակում գյուղ տեղը իրար ետևից երեք անգամ մարդի գնալ: Եվ հենց այդ օրվանից էլ ասեկոսությունները նրա վարքի մասին տարածվեցին գյուղում…
Միշիկի վտարումից հետո առաջին օրերին գյուղացիներից ոմանք, հատկապես կանայք, առիթը բաց չէին թողնում հենց իր ճակատին ասելու, որ նա փչացածի մեկն է: Եվգինեն սկզբում լռում էր, ձգտելով նման բանսարկուներից ոչ մեկին չհանդիպել, նույնիսկ գործից հետո ջրի էր գնում, երբ մութն ընկնում էր ու փողոցներում մարդ չէր լինում: Բայց հետո հասկացավ՝ որքան երկար լռի, այնքան իր համար ավելի վատ, մինչև մահ կթունավորեն… Եվ սկսեց պատասխանել, ու այն էլ այնպես, որ չար լեզուները նույնիսկ պարտքի տակ մնացին. մի խոսքին՝ տասով էր պատասխանում, ընդ որում, ընտրելով դիմացինի ամենացավոտ տեղը. չէ՞ որ ամեն ոք ունի իր խոցելի գաղտնիքը, որը կարծես թե ուրիշներին չպիտի վերաբերի…
Նա գիտակցաբար դիպչում էր առանձնապես այդ տեղին, իսկ եթե դա էլ չէր օգնում, քաշում էր վիրավորողների մազերից, մարտնչում չարացած, դիվական, առանց խղճի խայթի ու գթության: Գյուղը նրա թշնամին էր, և նա պաշտպանվում էր՝ ինչպես կարողանում էր, միջոցների մեջ խտրականություն չդնելով… Նրան հանգիստ թողեցին, բայց անթաքույց թշնամությունը՝ նրա նկատմամբ, դեռ երկար մնաց, հիշեցնելով դա զանազան ձևերով ու ամեն տեսակի արգելքներով, իչպիսին Արսենի մերձավորների արգելքներն էին այն բանից հետո, երբ իմացան, որ Ելենան երկու անգամ եղել է այդ « դուրս պրծած անառակի» տանը…
Եվգինեն և՛ միայնակ էր, և՛ տրտմած իր տան չորս պատերի մեջ, բայց նա գնալու տեղ չուներ: Նույնիսկ հայրենի Մոխրաթաղ գնալը կնշանակեր առիթ տալ մարդկանց բամբասելու իրեն, ժամերով խոսելու իր «անվայելուչ» վարքից: Ծնողները նույնպես հարազատ աղջկան տեսնել չէին ուզում, այնտեղն էր հասել, որ նրանք անիծում Էին Եվգինեին՝ իրենց այդպես խայտառակելու համար, իսկ եղբայրը սպառնացել էր կտոր-կտոր անել, եթե նա հանդգներ երևալ հայրական տանը (եղբայրն իր ընտանիքով առանձին էր ապրում ծնողներից, բայց դա, պարզ է, նշանակություն չուներ):
Սակայն այդ ամենը չէր փոխել Եվգինեին, նա մնացել էր նույնը՝ քնքույշ, բարեհոգի, միամիտ, ամեն ինչի հավատացող ու մոր պես՝ ամեն ինչ ներող: «Աստված, գոնե երեխա տայիր,- արցունքառն մրմնջում էր նա ինքն իրեն,- երեխա տայիր՝ ոչ մի Վարդան ու ոչ մի Միշիկ իր օրում ոտք չէին դնի իմ շեմքին: Դու խլեցիր ամբողջը,- շարունակեց նա դիմելով անտես Աստծուն,- բոլորը խլեցիր, զրկեցիր ամեն ինչից, ու ես ոչինչ չունեմ հիմա՝ ոչ սեր, ոչ ուրախություն, ոչ լույս և ոչ էլ անգամ հույսի մի շող: Ո՞ւմ է պետք իմ մաքրությունն ու հիմար միամտությունը, երբ չարակամ մարդիկ մատով են ցույց տալիս ինձ…»:
Ինչպես իր բոլոր հասակակիցները, Եվգինեն, իհարկե, երբեք չէր հավատացել Աստծուն, օգնության համար չէր դիմել նրան, միշտ ծիծաղել էր, երբ որևէ մեկն իր ներկայությամբ աղերսով դիմել էր՝ « Տեր Աստված, օգնիր… փրկիր… սատար եղիր…»: Բայց հիմա նա այնքա՜ն միայնակ էր ու ընկճված այնպե՜ս, որ ուզում էր ինչ-որ մեկի հանդեպ հոգ տանել, լինել մեկին անհրաժեշտ, մեկին ուրախացնել, ինչ-որ մեկով ուրախանալ, որ նա իսկապես սկսեց հավատալ Աստծու ամենակարողությանը: Եվ ոչ միայն Աստծուն… Եթե նրան ասեին, որ սատանան կարող է իրեն օգնել, նույն մոլեռանդությամբ նա կարող էր աղոթել նաև սատանային: Մի անգամ նա խոստովանեց Ելենային, որ լրջորեն սկսել է մտածել մանկատնից մի երեխա որդեգրելու մասին, բայց դեռ չի համարձակվում… Իսկ եթե հանկարծ երեխան մեծանալով հասկանա, որ նա իր իսկական մայրը չէ և վանի՞ իրենից, ի՞նչ կմնա անելու, եթե ոչ ժայռից գցել իրեն ցած…
Նա Ելենայի հետ կապվեց միանգամից: Դժվար է ասել, թե ինչու Ելենայի հետ, բայց, ամենայն հավանականությամբ, Եվգինեն նրա մեջ գտել էր, ինչպես ասում են, հարազատ հոգի: Նրան թվում էր, որ իրենք նման ճակատագիր ունեն. երկուսն էլ վտարյալներ են իրենց սեփական տանը, չսիրված, միայնակ` օտար մարդկանց մեջ, և չունեն այստեղ արյունակից հարազատ: Իրենց ողջ բրիգադից ինքն ամենից շատն էր վրդովվում՝ Ելենայի հանդեպ Արսենի հարազատների վերաբերմունքից, և ամեն անգամ արդեն ձևավորված կատաղության մեջ էր ընկնում` տեսնելով Ելենային՝ արցունքներից թաց աչքերով: Մեկ անգամ չէր, որ ցանկացել էր գնալ նրանց տուն և կռվել բոլորի հետ, բայց վախենում էր դրանով վնաս պատճառել Ելենային: Մի անգամ, տեսնելով Ելենային արտասվելիս, նա առաջարկեց վերցնել իրերն ու տեղափոխվել իր տուն, բոլորովին չկասկածելով, որ մի ամիս էլ չանցած, մի սովորական երեկո, եղբոր ուղեկցությամբ Ելենան կգա գյուղի ծայրի իր տունը և կթակի դուռը…
Եվգինեն զարմանքից ափերը զարկից իրար` դռան հետևում տեսնելով Ելենային, որը մեծ դժվարությամբ աշխատում էր ժպտալ:
– Լենա, դո՞ւ ես:
– Բարի երեկո, Եվգինե… Դու այն ժամանակ ասացիր… Ահա, ես էլ եկա: Քեզ չեմ խանգարի, կանեմ ինչ կասես, ինչ պետք է տանը…
Նա խոսում էր ցածրաձայն ու հայերեն, որպեսզի Դմիտրին, որը մնացել էր բակի խորքում, ընկուզենու տակ, չլսեր քրոջ նվաստացուցիչ խոսքերը, չտեսներ նրա տանջահար դեմքն այդ պահին, չիմանար, թե ինչքան ծանր է մնալ այդպես հանգիստ, երբ հոգու խորքում ալեկոծվում է ամեն ինչ, աղավաղելով ժպիտը, որը նա անասելի դժվարությամբ պահում էր երսին, թեև ողջ մարմինը ցնցվում էր չգիտես որտեղից հայտնված մանր ու տհաճ սարսուռից:
– Ես երկար չեմ մնա քեզ մոտ… Տեղ կգտնեմ… ես…
Եվգինեն վերջապես ուշքի եկավ և ընթացքից հարձակվեց նրա վրա, խոսելով չգիտես ինչու ռուսերեն` խառնելով արական ու իգական սեռերը.
– Ախչի, դու լրիվ գժվե՞լ ես, հա՞: Դու գի՞ժ ես, սումասեչի դա՞: Ես քեզ ասացի` արի, բոլոր սրտով ասացի: Եվ դու ճիշտ արեցիր, որ եկար: Թքիր դրանց վրա: Էդ քո տունը չէ: Սա է քո տունը: Ապրիր, որքան կուզես` մի տարի, երկու տարի, հազար տարի: Ո՞ւր է քո չամադանը:
– Եղբորս մոտ է` Դիմայի:
– Իսկ նա ո՞ւր է, ինչո՞ւ չկա:
– Դիմա՛, – կանչեց Ելենան:
Դմիտրին ճամպրուկով և պայուսակով դուրս եկավ ստվերից ու հայտնվեց լույսի տակ, որը նրա վրա էր ընկնում դռան բացվածքից:
– Ծանոթացիր, Դիմա, սա իմ Եվգինեն է:
Եվգինեն, ժպտալով ու կարմրելով, ամոթխած շտապողականությամբ չգիտես ինչու մաքրեց ափը կեղտոտ գոգնոցով և ձեռքը մեկնեց Դմիտրիին:
– Բարև, – ասաց նա իր նույն կիսառուսերենով, – քեզ երեկ տեսել եմ այնտեղ, – նա ցույց տվեց խաղողի այգիների ուղղությամբ, – ինձ ասացին, սա մեր Լենայի եղբայրն է, խառոշի չալավեկ: Հիմա ինքս եմ տեսնում, որ խառոշի: Այսքան մեծ ու այսքան խառոշի չալավեկ, նավերնի, կակ մամա-պապա, դա՞: Լենան շատ է ասել ձեր մամա-պապայի մասին…
– Հա, նրանք լավ մարդիկ են, – ասաց Դմիտրին, մտնելով սենյակ և հատակին դնելով ուղեբեռը:
– Իհարկե, լավն են, – ձայնակցեց Եվգինեն, – և ոչ թե էս երեք ծեր պառավների նման, սրանք իսկական սատանա են:
Սենյակը, ուր նրանք մտան, մեծ չէր, քառակուսի էր, դեպի բակն ուներ մեկ հասարակ լուսամուտ, բայց, ընդհանուր առմամբ, բավականին հարմարավետ էր. սեղան, չորս աթոռ, ինքնաշեն թախտ, թախտի տակ` տնագործ սևուսպիտակ գծավոր կարպետ, վաղուց չներկված հատակին` հին ու մաշված գորգ, նախկինում` գունավառ, այժմ` խունացած պատկերով: Սենյակի մեջտեղում դրված էր բաց դռնակով երկաթե վառարան, որի մեջ կրակի լեզվակներ էին երևում` հաճելի ճտճտացնելով փայտերը: Որպես ծխատար ծառայում էր խողովակը, որը վառարանից բարձրանում էր վեր` ուղիղ առաստաղի տակ թեքվում դեպի պատուհանը և դուրս գալիս թիթեղով պատված փեղկից: Անկյունում հնաոճ սպասքապահարանն էր` բազմաթիվ դռնակների վրա կանաչավուն հաստ ապակիներով:
Հարևան սենյակի բաց դռնից երևում էր լայն անկողնու նիկելապատ ոլորանախշերով սնարը: Ընդհանուր առմամբ, այստեղ Դմիտրիին ավելի դուր եկավ, քան նա կարող էր պատկերացնել, տան ամեն ինչի վրա երևում էր տանտիրուհու տնարարության կնիքը:
Եվգինեն նրանց միայնակ թողեց և դուրս եկավ խոհանոց` թեյ պատրաստելու: Ելենան սկսեց դատարկել ճամպրուկը: Ամբողջ մարմինը նախկինի պես մանր դողով էր բռնված, բայց նա պինդ էր պահում իրեն, աշխատելով թաքցնել եղբորից իր հոգեվիճակը, հուսալով, որ մի գավաթ տաք թեյը կհանի տհաճ լարվածությունը: Եվ ճիշտ որ, երկու գավաթ տաք թեյը հոնի մուրաբայով իր գործն արեց. Ելենան իրեն ավելի լավ զգաց, այտերը վարդագունեցին, աչքերը կենդանացան, փայլեցին:
Եվգինեն ուզում էր իր համար թախտի վրա տեղ գցել, իսկ Ելենային եղբոր հետ տեղավորել հարևան սենյակում, դեմ դիմաց դրված երկու մահճակալների վրա: Բայց Ելենան հրաժարվեց, ասելով, որ ուզում է քնել Եվգինեի հետ նույն սենյակում: Տանտիրուհին թեթևակի զարմացավ դրա վրա, բայց արեց այնպես, ինչպես կամեցավ Ելենան: Երբ պառկեցին և փակեցին ննջարանի դուռը, Ելենան խոստովանեց, որ իրեն շատ վատ է զգում և վախենում է, որ եղբայրն այդ մասին կիմանա: Այդ դեպքում նա կա՛մ կհետաձգի գնալը, կա՛մ կգնա անհանգստացած: Ավելի լավ է, թող հանգիստ քնի, առավոտյան պետք է ճանապարհ ընկնի, իսկ ճանապարհը երկար է…
Առավոտյան Դմիտրին ձևացրեց, թե ոչինչ չի նկատում, թեպետ տեսնում էր, որ Ելենայի երեսին երեկվանից հայտնված անառողջ կարմրության հետքերը, ինչպես նաև աչքերի հիվանդագին փայլը, դեռ չէին անցել: Ավելին, նույնիսկ ահագնացել էին: Բայց այստեղ մնալ նա նույնպես չէր կարող, քանզի հասկանում էր, որ իր ներկայությամբ միայն ավելացնում է քրոջ տառապանքը. նա վերջին ճիգերով փորձում էր առույգ երևալ` պարզամիտ անհոգություն ձևացնելով: Պարզ էր, որ նա վախենում է, թե Դմիտրին հորն ու մորը կպատմի այն մասին, թե ինչ է այստեղ տեղի ունեցել: Եթե միայն Ելենան համաձայներ նրա հետ գնալ, ամեն ինչ ավելի հեշտ կլիներ. նա կհետաձգեր գնալը, մինչև քույրը կկարգավորվեր: Բայց նա հրաժարվեց գնալ եղբոր հետ, այդ պատճառով էլ յուրաքանչյուր ժամը, որ Դմիտրին կանցկացներ այստեղ, կվերածվեր Ելենայի համար դաժան ու անմիտ փորձության: Նա նույնիսկ բժիշկ չէր կարող կանչել, կամ ինչ-որ հոգեկան լիցքաթափություն թույլ տալ իրեն` արտասվելն իսկապես երբեմն թեթևացնում է: Իսկ նրա ներկայությամբ Ելենան ստիպված էր լինելու միայն ամեն ինչ ներս գցել ու հետն էլ ժպտալ:
Արդեն պատրաստ գնալու, նա վերջին անգամ համբուրեց Ելենային, որը ջերմության մեջ վառվում էր: Դմիտրիի սիրտը մղկտաց: «Ախր ինչ եղբայր եմ ես…», – մի պահ առկայծեց նրա գլխում: Բայց նա իսկույն գտավ իրեն ու ասաց.
– Մի վախենա, փոքրիկս, մայրիկը ոչինչ չի իմանա… Իսկ դու կազդուրվիր: Եվ շուտ-շուտ գրիր:
Եվգինեն ուղեկցեց նրան մինչև տան դարպասը: Սեղմելով նրա ձեռքը, Դմիտրին մի թուղթ խցկեց Եվգինեի ափի մեջ:
– Սա իմ հասցեն է՝ հեռագրի համար, գուցե ուզենա գալ… Ես իսկույն կգամ իր ետևից:
Եվգինեն վերադարձավ տուն, Ելենան կանգնած էր պատուհանի դիմաց: Շրջվելով դեպի Եվգինեն` նա արտաբերեց ընկճված ձայնով.
– Օգնիր հասնեմ թախտին, էլ ոտքերիս վրա մնալ չեմ կարողանում…
Եվ կորցնելով գիտակցությունը, սկսեց դանդաղորեն ընկնել, բնազդաբար կառչելով պատուհանագոգից: Եվգինեն վայրկենապես նետվեց նրա կողմը, բռնեց գրեթե հատակի մոտ, ապա թեթևությամբ, ինչպես փոքրիկ երեխայի, գրկած տարավ մինչև թախտը` փորձելով գիտակության բերել: Մի քանի րոպե անց Ելենան ուշքի եկավ և, տեսնելով իր վրա խոնարհված Եվգինեին, զարմացած հարցրեց.
– Ի՞նչ է պատահել:
Եվգինեն արցունքների միջից ժպտաց:
– Լրիվ գիժ ես, հա՞… –հոգոցով ասաց նա, – լրիվ գիժ ես, սումասեչի, վախեցրիր ինձ:
Երեկոյան եկավ բժիշկ Եսայի Շահգելդյանը, Հաթերք գյուղից, այն ծերուկը, որը քառասուն տարուց ավելի աշխատում էր այս կողմերում և իր հինգ մատի պես գիտեր իր տեղամասի յուրաքանչյուր ընտանիք: Բարձրահասակ, կորամեջք, երկար վերարկուով ու գլխարկով, նա այդ քառասուն տարիների ընթացքում շատ բան էր հասցրել տեսնել. ականատես էր եղել ծնունդների ու մահերի, վշտի ու ուրախության, մարդկային տառապանքի` հոգևոր ու ֆիզիկական: Նա լավ գիտեր և՛ Արսենին, և՛ նրա ընտանիքը, և՛ այն դժբախտությունները, որ բաժին էին ընկել այդ ընտանիքին: Երբ նրան ասացին, որ հիվանդացել է Միսաքի հարսը, որը, պարզվում է, պառկած է ոչ թե ամուսնու, այլ մի օտար կնոջ տանը, նա Ելենայի մոտ գնաց արդեն պատրաստի ախտորոշմամբ, որն այդպես էլ չփոխվեց ուշադրությամբ Ելենային զննելուց հետո, բայց բարձրաձայն ոչինչ չասաց, հասկանալով, որ ո՛չ նրան, ո՛չ էլ առավել ևս մեկ ուրիշին դա պետք չէ: Այդ պատճառով էլ նա բարձրաձայնեց միայն այն, ինչը հանրամատչելի էր, որը սակայն հնչեց որպես ակնարկ նրա իրական հոգեվիճակի բուն պատճառների մասին:
– Մի խոսքով, ձեր նյարդերն են… Վախենալու բան չկա, շուտով կանցնի: Կյանքը լավ բան է, բայց մենք ամեն օր բարդացնում ենք այն մեր ապրումներով, անհանգստությամբ, ոլորումներով ու բացասական հանգամանքներով: Ե՞րբ եք վերջին անգամ դիտել վերջալույսը կամ տարվել գիշերային աստղերով: – Հետո նա ցույց տվեց չաշխատող հեռուստացույցը: – Անսա՞րք է, ինչ է: Անմիջապես նորոգեք: Եվ հաճախ միացրեք: Դադարեք ամեն ինչ սրտին մոտ ընդունել և անհանգստանալ այն բաների շուրջ, որոնց ընթացքը փոխել անկարող եք: Կարիք չկա օրերով թթվել ու կուլ տալ սեփական արցունքները: Դեռ ջահել եք՝ տառապելու համար: Մյուսների համար, կարծում եք, հե՞շտ է… Ա՛յ, ինձ հարցրեք, ես ձեզ կպատասխանեմ: – Նա կճմթեց Ելենայի քթիկը, ծիծաղեց ու ասաց. – Ա՛յ, սա միշտ բարձր պահիր: Ցտեսություն:
Եվգինեն բացեց դուռը բժշկի առաջ, որպեսզի ուղեկցի, բայց վերջինս հանկարծ շուռ եկավ և ծիծաղելով ասաց.
– Ռուսները գնում են օտոլարինգոլոգի` ականջ, կոկորդ, քիթ բժշկի մոտ` Ականջ, Կոկորդ, Քիթ: Որովհետև ռուսները սկզբում լսում են, հետո խոսում և դրանից հետո միայն քթները խոթում: Հայերի մոտ հակառակն է, կոչվում է` Քիթ, Կոկորդ, Ականջի բժիշկ: Այսինքն սկզբում քթներն են խոթում, հետո խոսում են և միայն վերջում սկսում լսել: Ու հենց դրանից են մեր բոլոր դժբախտությունները: Քիչ ականջ դրեք բամբասանքներին, – եզրափակեց նա և դուրս եկավ:
Եվգինեն ուղեկցեց նրան մինչև դարպասը, հուսալով, որ բժիշկը էլի ինչ-որ բան կասի, ինչը կարիք չկար հիվանդի ներկայությամբ ասել:
– Կանցնի, – չոր պատասխանեց նա, – ամեն ինչ լավ կլինի:
– Շնորհակալություն, – ուրախացած արտաբերեց Եվգինեն:
Եվգինեն խնամում էր Ելենային, ինչպես հարազատ մայրը կխնամեր հիվանդ երեխային՝ ինքնամոռացությամբ, ասես թողություն աղերսելով նրա բոլոր մեղքերի համար, որոնցում նրան մեղադրում էին համագյուղացիները: Նույնիսկ գիշերով վեր էր կենում, վառում վառարանը, որպեսզի սենյակում միշտ տաք լինի, քանի որ Ելենան անհանգիստ էր քնում, շուռումուռ էր գալիս անկողնում, հաճախ վրայից գցելով վերմակը: Ելենայի հիվանդության ընթացքում Ռուբեն Գրիգորյանը, տնօրենի թույլտվությամբ, դաշտային աշխատանքներից ազատել էր Եվգինեին, իսկ բրիգադի կանայք ցանկություն էին հայտնել աշխատել նրա փոխարեն:
Իսկ Եվգինեի հոգատարությունը չափ ու սահման չուներ: Ելենան ժամանակ առ ժամանակ իրեն ոչ միայն անհատույց պարտական էր զգում նրա առաջ, այլև երբեմն պարզապես իրեն անօգ երեխա էր զգում նրա կողքին և հնազանդորեն կատարում էր նրա բոլոր պահանջները: Իսկ դրանք տարբեր էին. օրը մի քանի անգամ ուտել, տան մեջ ոչինչ չանել, նույնիսկ կարտոֆիլ չմաքրել, հաճախ տաք հագնվելով դուրս գալ բակ, մաքուր օդ շնչել:
Բրիգադի աղջիկները նրան լավ էին վերաբերվում: Նրանք թքած ունեին, թե գյուղն ինչ էր մտածում: Իսկ երբ նրանց էին հարցնում, թե ինչպե՞ս է նա, պատասխանում էին ծաղրով. «Մենք բոլորս պայմանավորված ենք՝ հեռու մնացեք մեզնից, գոնե գիշերը հանգիստ կքնեք»:
Եթե առավոտից անձրև էր թափվում և հեռուստացույցով (որը հաջորդ օրն իսկ վերանորոգել էր գյուղի կինոմեխանիկ Փիրկան) կարգին հաղորդում չէր լինում, իբր պատահաբար, հյուր էին գալիս բրիգադի մի քանի աղջիկներ ու մի հետաքրքիր բան կազմակերպում՝ լոտո, թղթախաղ, ինչ մտքներով անցներ: Ելենան բնականաբար հասկանում էր, որ այդ հավաքույթներն, իրոք, պատահական չէին, այլ Եվգինեի նախաձեռնությամբ, որն առանց հոգնության փնտրում էր նորանոր միջոցներ` նրան իր մտքերի մեջ միայնակ չթողնելու համար, և դրա համար երախտապարտ էր նրան, բոլորովին էլ չթաքցնելով իր երախտապարտությունը, հասկանալով, որ նրան ոչինչ պետք չէ: Եվգինեի աչքերն իսկույն լցվում էին շնորհակալական ամեն մի բառից, որն արտաբերում էր Ելենան: Մի անգամ նա նույնիսկ ցանկացավ փող տալ նրան, որը թողել էր Դմիտրին` մեկնելուց առաջ: Բայց Եվգինեն, փողը տեսնելով այնպես ճչաց, իսկ հետո այնքան լաց եղավ հոնգուր-հոնգուր, որ մի ամբողջ օր Ելենան քայլում ու քայլում էր նրա հետևից ինչպես ստվեր և ներողություն խնդրում:
Սկզբում Ելենային թվում էր, թե ինքը Եվգինեին շատ հոգս է պատճառում, թե նա հոգու խորքում ուրախ կլինի որևէ ազնիվ պատճառով ազատվել իրենից: Բայց մի անգամ մի դեպք պատահեց, որը լիովին փարատեց նրա բոլոր կասկածները: Դմիտրիի հեռանալուց մոտավորապես մեկ շաբաթ անց, Արսենի ծնողները, հավանորեն գյուղի հասարակ ժողովրդի առաջ ձևացնելով, թե իբր խիստ վիրավորված են, որի համար էլ երբեք չեն այցելել Ելենային, այնուամենայնիվ մեկ անգամ եկան… Եվգինեն, վախենալով, որ հանկարծ, Աստված չանի, Ելենային համոզեն վերադառնալ, մայր գայլի կատաղությամբ, որը պաշտպանում է իր ձագին, այնպես հարձակվեց պառավների վրա ճիչ ու աղմուկով, հայհոյանքներով, որ նրանք սարսափահար եղան, թեև Ելենան չէր էլ մտածում վերադառնալ (ասենք, չէր էլ կարող. այդ ժամանակ պառկած էր անկողնում` նիհարած ու հիվանդությունից թուլացած),: Եվգինեն նույնիսկ նրա անկողնուն մոտ չթողեց: Նրանք դատարկաձեռն հեռացան ու այլևս փորձ չարեցին հարսին վերադարձնել. իբր մեր խիղճը մաքուր է, գնացինք, բայց նա ինքը հրաժարվեց: «Թող բարի մարդիկ իմանան, որ նա իրեն շատ լավ է զգում այդ անբարոյական փչացածի տանը, ասել էր Անուշն ու բազմանշանակի խաղացնելով աչքերը, շարունակել,- իրեն էլ հենց դա է պետք՝ ամուսինը բանտում, ինքն էլ ազատ, ինչպես թռչունը, ոչինչ, ավելացրել էր Անուշը, գրել, իրազեկ ենք դարձրել ու էլի կգրենք, թող մարդն իմանա, թե դա ինչ պտուղ է…»: Եվ շատերը անկեղծորեն կարեկցում էին արդեն ոչ թե Ելենային, այլ պառավներին: Իսկ Ելենայի մեղադրում էին, ինչպես ժամանակին մեղադրում էին Եվգինեին: Դե, գյուղը գյուղ է, այն իր չգրված օրենքներն ունի…
Գյուղն արդեն, իրոք, այլ աչքերով էր նայում Ելենայի` ուրիշի տանը գտնվելուն, ավելի հաճախ հարցադրվելով, թե ինչու է նա ընտրել հենց Եվգինեի տունը: Ուղեղներ էր լցվում և շուրթից շուրթ էր փոխանցվում Անուշ մորաքրոջ խոսքը, թե պատահական չէ, որ ամուսինը բանտում՝ ինքը գնացել է անմարդ Եվգինեի տուն է… Եվ նույնիսկ կասկածի տակ էին առնում նրա հիվանդությունը: Գուցե ոչ մի հիվանդություն էլ չկա, հենց այնպես ձևացնում է, որ կարեկցանքի արժանանա: Չէ՞ որ տարօրինակ էր` ո՛չ ջերմություն ուներ, ո՛չ ցավ, ո՛չ սրացում: Հիվանդություն ունենար՝ բժիշկ Եսային գոնե մի դեղորայք կնշանակեր: Բայց ոչինչ չէր նշանակել: Շատ անհասկանալի էր:
Ելենային, իհարկե, հասնում էին այդ խոսակցութունները, լինում էր, որ ցավ էին պատճառում, բայց արդեն ավելի ցավալի չէր, քան սկզբում… Երիտասարդ ու առողջ օրգանիզմը, վերջ ի վերջո, հաղթահարեց բոլոր այդ թուլությունները և արդեն մոտ երկու շաբաթ անց նա այնքան էր կազդուրվել, որ կարող էր դուրս գալ աշխատանքի: Իսկ ամենից շատ դրանից ուրախացել էր Եվգինեն: Ելենան ամբողջ օրը նրա կողքին կլիներ, պետք չէր լինի նրան թողնել միայնակ, գնալ աշխատանքի: Նրան միշտ թվում էր, որ իր բացակայության ժամանակ Արսենի տնեցիներից որևէ մեկը կարող է գալ ու համոզել Ելենային վերադառնալ, թեև գիտեր, որ նա չի պատրաստվում գնալ: Ելենան հստակորեն վճռել էր, որ իրեն միայն մեկ բան էր մնացել՝ սպասել մինչև Արսենը վերադառնա և որոշի, թե ինչպես պիտի շարունակեն ապրել: Միայն թե հանգիստ չէր տալիս այն չարագուշակ միտքը, որ նրանից ոչ մի նամակ չկար…
ԳԼՈՒԽ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գերեզմանուտի շուրջը փռված բազմերանգ ծաղիկները` խատուտիկ ու երիցուկ, հոտավետ ասպիրակ ու կարմրավառ կակաչ, երեքնուկ ու զանգակածաղիկ, հովից մեղմիվ տարուբերվում էին, երկարուկ ցողուններով կարմրաթույր շողավարդն անընդհատ ճոճվում, թեքվում էր մի կողմ, կրկին ուղղվում ու դարձյալ ճոճվում էր` մազմզոտ բոռերի ծանրության տակ:
Շռայլ արև էր, որը Ելենայի թիկունքում էր և արեգակնային ոսկե ճաճանչներով էր ողողել նրա մազերը: Գլխահակ ծաղիկներ էր փնջում, հոգու անսահման ցավով մտաբերելով այն օրը, երբ Գրիշիկը նրա ձեռքը բռնած, թեթևակի հպված նրան, ձգում էր թևը, շարունակ կրկնում` «Գնանք»: Ելենան պարզ տեսնում էր Անուշի չար հայացքները` ուղղված իրեն: Նրա հայերեն խոսքերն ինքը չէր հասկանում, բայց տեսնում ու զգում էր` պառավը կատաղությամբ էր խոսում իր մասին, իսկ Գրիշիկն ուզում էր երկրորդ հարկ տանել իրեն, հեռացնել այդտեղից և վշտից ու անզորությունից արտասվում էր` փոքրիկ բռունցքով սրբելով արցունքներն ու շարունակ կրկնելով Անուշի մասին` «Անա սումասեչի ժենչինա…»:
Կապուտակ աչքերում լճացած արցունք՝ Ելենան ծաղիկները փունջ արած, դնում էր Գրիշիկի գերեզմանին ու համատարած խուլ անդորրի, ծառերի սոսափի, կակաչազարդ արտից ընհատումներով եկող դեղձանիկի մորմոքուն երգի տակ լսելի էր, թե ինչպես էր նա կամացուկ լաց լինելով զրուցում, նախատում Գրիշիկին, որ մենակ թողեց իրեն: «Դու իմ պահապան հրեշտակն էիր, Գրիշիկ, ասում էր լացախառն, իմ պաշտպանն էիր չար մարդկանց չար խոսքերից, ինչո՞ւ լքեցիր, ինձ, իմ փոքրիկ հարազատս, ինչո՞ւ թողեցիր ինձ… Հիմա, երբ դու չկաս, երբ Արսենը չկա, ես ի՞նչ պիտի անեմ, ամբողջովին մեն- միայնակ՝ ես ինչպե՞ս պտի ապրեմ ինձ համար օտար այս աշխարհում…»:
Մոտակա ծառուտի սոսափը հասնում էր Ելենային, ճիճիները անձանձիր ճկճկում, մեղուները միալար գվվում էին` ծաղկից ծաղիկ անցնելով, խոտածածկ շիրմաքարերի միջև բարձրացած խոտուծաղիկ սվսվում, տարուբերվում էին` թեքվելով քամու ուղղությամբ:
Կարմրավառ կակաչների մեջ արտույտը վերստին դայլայլեց ու լռեց: Նրա քաղցրածոր երգը դյութում էր: Գերեզմանի մոտ նստած` Ելենան անրջանքով ականջ դրեց, նա չգիտեր, թե իրենց մոտ ինչպես էր կոչվում այդ թռչնակը, իրենց մոտ, երևի, այդպիսի թռչուն չկա, լիներ` ինքն այդ քաղծրածոր թովիչ ձայնը կհիշեր, դա մոռանալ չի լինի:
Մտքերի մեջ խորասույզ` Ելենային թվաց մոտիկ տեղ ինչ-որ մեկը բռի մեջ հազաց: Նա վախեցած արագ շրջվեց: Արսենի հայրն էր, մահակին հենված` կանգնել էր քիչ հեռվում: Երեսի սպիտակ մազը եկած` նա Ելենային միանգամայն ծերացած թվաց: Առաջին անգամ էր նրան տեսնում մահակով, սրտի ինչ-որ մի անկյունում Արսենի հոր հանդեպ անբացատրելի մորմոք զգաց:
– Բարև, հայրիկ, – ասաց Ելենան, իսկույն ելավ տեղից, հապճեպ սրբելով թաց աչքերն ու ձեռքով թափ տալով շորը:
Միսաքը գլխի թեթև շարժումով պատասխանեց նրա ողջույնին, գայթուն քայլերով մոտեցավ, նստեց հին մի տապանաքարի վրա, ծոցագրպանից դանդաղ հանեց «Պրիմայի» տուփը: Ելենան միշտ զարմանում էր, թե մի թևը հատած՝ սկեսրայրն ինչպես էր հմտորեն լուցկի վառում պիջակի մյուս դատարկ թևքը գրպանի մեջ խնամքով սուզած:
Միսաքը մատների արանքում վարժ շարժումով չրթացրեց լուցկին, բոցից մի կիսավայրկյան լուսավորվեց աչքերի անսքող տխրությունը: Քիչ շփոթվելով, ասես բառերը դեմ էին առնում, ապա հուզականությունը հաղթահարելով, հարկավոր բառերն ընտրելով` հանկարծ խիզախեց, խոսեց հստակ.
– Էս արև աշխարհում ոչ ոք մահ չի որոնում, մահն ինքն է գալիս գտնում քեզ, բայց
անարդար է անժամանակ մահը, անմեղ երեխու մահը: – Հայացքը հուշաքարի պատվանդանից ժպտացող թոռանը` տարուբերեց գլուխը: – Թաղում չէր` աստծու ողբ էր…- Աչքերից արցունքի երկու խոշոր կաթիլ գլորվեց: Նա մի պահ խորասուզվեց մտքերի մեջ, և, առանց Ելենայի կողմը նայելու, հարցրեց ուշացումով.
– Դու մենակ ինչո՞ւ ես եկել: – Նախատինքի նման հնչեց նրա ձայնը: – Մենակ մի արի… Ինչքան չլինի` ամայի տեղ է, հանգստարան…
– Շատ լավ, հայրիկ, – արտաբերեց Ելենան մի տեսակ երախտապարտ ու զգացված:
Երկուսով որոշ ժամանակ լուռ էին:
– Արսենը չի՞ գրում քեզ, – ի վերջո հարցրեց սկեսրայրը:
Ելենան վշտագին օրորեց գլուխը:
– Չէ, չի գրում: Ձեզ նույնպե՞ս չի գրում:
Միսաքը տարուբերեց գլուխը: Հասկանալի էր` նրանց նույնպես չի գրում:
Մտքերի մեջ ընկած, նա երկար նայում էր խոտերի մեջ կորսված գերեզմաններին, կիսով չափ գետնի մեջ թաղված մացառածածկ հին տապանաքարերին, նոր կիսանդրիներին, որ ասես կենդանի մարդիկ են, վախվորած ու թաքնված՝ լռին նայում էին ծառերի ու թփերի հետևից: Ծառերը հանկարծ աղմկեցին թեթև հովից, սոսափեցին թրթռուն տերևները՝ շրջվելով հակառակ ուղղությամբ: Հետո երգեց ոսկեսարյակը, որին համահունչ ձայնակցեցին սոխակն ու դեղձանիկը:
Խորասույզ մտքերից արթնանալով, Միսաքն ասաց դառը կսկիծով.
– Մահը սարսափելի բան է, առավելևս ջահելի մահը, երեխու մահը… կրակի պես էրում, խորովում է ծնողի սիրտը, էդ ցավից մինչև կյանքի վերջը փրկություն չկա՝ ո՛չ արթուն, ո՛չ էլ քնի մեջ: Մարդն ապրում ու մահանում է, հուշարձանի վրա դնում են ծնունդի ու մահվան գիծը: Իսկ իմ կարծիքով, միայն էդ գիծը պետք է դնել, եթե իսկապես նկատի ունեն մարդու ապրած կյանքը: Որովհետև մարդկանց մեծ մասը, որ թաղված է էս գերեզմանոցում, մի լավ օր չի տեսել: Կուլակաթափությունը մեզ շատ վնաս տվեց: Աշխատող, ջանասեր մարդկանց, կուլակի անվան տակ, աքսորեցին Սիբիր, սեփականացնելով նրանց տներն ու ունեցվածքը: Իսկ էդ մարդիկ կորան Սիբիրներում, նրանցից ոչ մեկը չվերադարձավ: Հետո՝ պատերազմը հենց սկսվեց, գյուղի կեսը ռազմաճակատ մեկնեց, շատերը հենց կամավոր, իսկ հետ եկան քչերը, էն էլ` վիրավոր ու հաշմանդամ: Մտածում էին, պատերազմը կավարտվի, կապրեն մարդավարի, էստեղ էլ մի նոր դժբախտություն եկավ. բոլոր նրանց, ովքեր ոչ իրենց սեփական կամքով, գերի էին ընկել, բայց մի կերպ փրկվել էին գերմանական ճամբարներից, քշեցին Ղազախստանի տափաստանները, կամ Սիբիրի խորհրդային ճամբարները, որտեղ ավելի սարսափելի էր, ավելի դաժան… Չգիտեմ, թե ինչպես է եղել Ռուսաստանում, իսկ մեզ մոտ էդ տարիները շատ վատ տարիներ էին: Անտանելի սով էր, մարդիկ անասունների կեր էին ուտում` քուսպ, հաճարկի ծառի թթվաշ տերև, շորերին հազար կարկատան: Մյուս կողմից էլ խեղդում էր պետական փոխառությունը… Ահա էդպես է եղել:
Շունչ քաշելով, նա խորը հառաչեց ու ավելացրեց.
– Արսենը պատմել է, որ ինչ-որ տեղ Աֆրիկայի կողմերում մի երկրի կա, ուր հանգուցյալի գերեզմանաքարի վրա գրում են ոչ թե ծննդյան ու մահվան թվերը, այլ միայն լավ ապրած օրերի, ամիսների, տարիների քանակը: Ով մի լավ օր չի տեսել, երջանկություն չի տեսել, նրա գերեզմանի վրա թվերի փոխարեն գիծ են դնում: Մեր գյուղացիների գերեզմանաքարերին կարելի է միայն գիծ դնել, մեր էս երկրում մի լավ օր չեն տեսել` տանջանքներից ու զրկանքներից բացի, սպասելով, որ շուտով լավ օրեր կգան: Կյանքիս մեծ մասը անց եմ կացրել, բայց շրջվելով և նայելով ետ, հասկանում ես, որ սկի չես էլ ապրել։ Է՜հ, երևի դեռ չի ծնվել էն հրեղեն ձին, որ իր մեջքին մեզ կհասցնի լավ օրվա, երջանկության:
Միսաքը լուռ, երկար նայում էր Մռավ սարի կողմը: Երևում է` մտովի նա այտեղ էր, վաղուց անցած այն տարիներում:
– Մարդուս մի բերան է տրված ու երկու ականջ, որպեսզի ավելի շատ լսենք, քան խոսենք, – որոշակի դադարից հետո ասաց ծերունին: – Նաև երկու աչք է տրված` ականջներից վերև, որպեսզի տեսնենք, և ոչ թե հավատանք ամեն մի լսածի, – շարունակեց նա: – Էդ ամենից վեր ուղեղն է, այսինքն, մարդու խելքը: Դրա համար էլ պարտավորված ենք սկզբում մտածել` նախքան տեսնելն ու լսելը, խոսելը… Որովհետև, մեկին ցավ պատճառելիս, գոնե մի գրամ խիղճ պիտի ունենաս, մտածես, որ դրանով կարող է հանկարծ խորտակես էդ մարդուն: Ամենադառը արցունքները մարդու աչքերից հոսում են բառերի համար, որոնք նա չի ասել երբեք, արարքների համար, որոնք ոչ միայն չի գործել, այլ տեղյակ չէ անգամ:
Նա լռեց մի պահ, ասես մտմտում էր` շարունակե՞լ միտքը, թե ոչ: Այնուամենայնիվ շարունակեց.
– Կան մարդիկ, որոնց մասին հիշողություններից սիրտդ կծկվում է, իսկ աչքերումդ արցունք ու տխրություն է հայտնվում: Երբեմն մտածում ես` ավելի լավ չէ՞ր լինի, որ ճանաչած չլինեի: Բայց դա էդպես չի, ընդհակառակը, առանց նրանց, առանց էդ լավ մարդկանց, կյանքը դատարկ կլիներ: Չէ՞ որ նրանք միշտ կողքիդ են, ուղեկցում են քեզ քու ողջ կյանքում և դրանով ես դու հարուստ: Սրանից շա՜տ, շատ տարիներ առաջ, այսինքս, էն հին, ջահել ժամանակ, Աբգար անունով մի ազիզ ընկեր ունեի: Ֆերմայում անասնապահ էինք, Աբգարը նոր-նոր ամուսնացել էր, նշանածի անունն էլ Թամար էր, մեր գյուղացի: Թունդ սիրահարված՝ խելքները գնում էր մեկը մյուսի համար, բայց արի ու տես, էդ անտեր պատերազմը սկսվեց, ամեն ինչ խառնեց իրար: Ես թիկունքի բրոն ունեի, ինձ չտարան կռիվ, բայց Աբգարին տարան: Նրանց բաժանումը որ հիշում եմ, մազերս բիզ-բիզ կանգնում են, մի երկու անգամ ջուր ցանելով` ուշքի բերեցին Թամարին…
Ծերունին, հայացքը հառած ձյունագագաթ սարերին, մահակը պարզեց այդ հեռավոր սարերի կողմը, փոքր-ինչ մտորելուց հետո հոգոցով ասաց.
– Դրանք են մեր սարերը: Մռավա սար ենք ասում: Բարձր, կանանչ, զմրուխտ սարեր են՝ գլգլան աղբյուրներով, վարար գետակներով, որ գնում, լցվում են Թրղե գետը, էն էլ իր հերթին գնում, ներքևում Թարթառին է միամում: Է՜, կյանքիս կեսն էդ սարերում է անցել, հազար երանի էն օրերին:
Ելենան նայեց ձյուների մեջ կորած բարձրաբերձ Մռավ սարին, որը լեռնաշղթայի ձյունապատ ողջ երկարությամբ, ձուլված էր գորշավուն ամպերով պատած երկնքին:
– Ահա էնտեղ, – հայացքը չկտրելով մշուշապատ հեռուներից, երազկոտ շարունակեց ծերունին, – էդ սարերից էս կողմ, դեպի աջ, բայց ավելի ցած, միանգամից անտառներ են սկսվում, հայկական ավերված գյուղեր կան էդ անտառներում՝ բարձր, դարավոր կաղնիներով, աղբյուրներով, լքված գերեզմաններով, հնամյա եկեղեցիներով, որոնք ավերվել են Լենկ-Թեմուրի ժամանակներում, իսկ գուցե և դրանից հետո: Ասում են, մեր կողմերից Շահ-Աբասն ու հետո Նադիր շահը Պարսկաստան են տեղափոխել երեք հարյուր հիսուն հազար հայ: Մի էդքան էլ քոչվոր թուրքեր էնտեղից բերել, բնակացրել են մեր կողմերում: Արսենն էդ ամենը գիտի, ես չգիտեմ… Էսպես ուրեմն, – կարճ դադարից հետո շարունակեց ծերունին, – ամռան սկիզբին անասունը քշեցինք Մռավա սարի լանջերը: Թամարն ամուսնու շորերը հագած, ասես ոչ թե աղջիկ էր, այլ տղա, մազերը կարճ կտրած` իսկական կտրիճ տղա, մեզ հետ եկավ սար` փոխարինելու ճակատ մեկնած ամուսնուն: Էդպես էլ ասել էր` փոխարինելու է Աբգարին, միչև կռիվը կվերջանա ու նա նորից գա ֆերմա: Մեզ հետ միասին, անձրևի ու կարկուտի տակ, նախիր էինք պահում, կաթ, միս, յուղ, պանիր, պլան էր գցած` ամեն ինչ զինվորի համար, ամեն ինչ ռազմաճակատի համար… Հետո բամբասանքներ սկսեցին պտտվել Թամարի շուրջը, մեկ ֆերմայի վարիչի հետ էին կապում, մեկ հաշվետարի, իսկ ինքը` անմեղ լույսի կտոր: Մեր Անուշն էդ ժամանակ գյուղխորհրդի նախագահ էր, վերցնի ու անմեղ երեխու վարքի հարցը դնի ժողովում, նրան սարից կանչել տա գյուղ` ընկերական դատարան… Հիմարություն անելու համար մի րոպեն էլ հերիք է, իսկ էդ հիմարությունն ուղղելու համար մի կյանքն էլ բավական չի: Մի խոսքով, Թամարը սարից չիջավ գյուղ, էսօրվա պես հիշում եմ, տեսա գլուխն առած ձեռքերի մեջ, տավարի մոտ նստած է մի քարի: Արևոտ օր էր: Գունատ, այլայլված, ասեց` իմ ապրելն արդեն զուր է: Ասեց` դու Աբգարի ամենամոտ ընկերն ես, ասա, դու հավատո՞ւմ ես, որ ես կյանքում կարող եմ որևէ մեկին նայել` Աբգարից բացի: Ասեցի, որ երբեք չեմ հավատա: Շնորհակալ եմ, ասեց, այդպես էլ կասես իրեն, հետո լռեց, ավելացրեց` չէ, էդ չի լինի, երբ կլսի, որ ես չկամ` չի վերադառնա: Աչքիս առաջն է՝ անսպասելի ձեռքերս առնելով իր ափերի մեջ, համբուրեց մատներս: Ի՞նչ ես անում, Թամար, ասեցի: Նա հետ քաշվեց, ժպտաց արցունքների միջից, ասեց` բանակ գնալիս, տեսել եմ, նա սեղմեց քո ձեռքը, նրա ձեռքի հետքն էի համբուրում: Մնացել էի շշմած, խոսք չէի գտնում ասելու, իսկ նա ասեց` էս աշխարհում մենք իրար այլևս չենք տեսնի, որովհետև մեր ճակատին էդ էր գրված: Ու քեզ նույնպես չեմ տեսնի, շնորհակալ եմ վստահության համար: Արդարանալուց ու լացից հոգնել եմ, ասեց: Հետո խիստ ճնշված շարունակեց` մարդ իր մեջ ուժ գտնի, առանց հետ նայելու, հեռանա էս այս աշխարհից, հասնի մի տեղ, ուր չկա չարություն ու բամբասանք, փակի աչքերն ու այլևս չարթնանա: Ես լուրջ չէի ընդունում իր ասածները, կատակում էի: Ասեցի` խոսք եմ տալիս էդ բոլորը պատմեմ Աբգարին, հենց որ վերադառնա պատերազմից: Ես չարաչար սխալվել էի` իր լուրջ խոսքերին իմ անլուրջ վերաբերմունքով… Իսկ հաջորդ օրվա առավոտյան նա իրեն բարձր ժայրից գցեց ցած:
Միսաքը լռեց` նայելով Մռավա սարի կողմը: Երկար մտորում էր:
Ծաղիկները առաջվա պես համաչափ օրորվում էին` մերթ բոռերի ծանության տակ խոնարհվելով, մերթ ուղղվելով: Ներքևում, գյուղի կողմից լսվեց տրակտորի ոռնոցը և լռեց:
– Հայրիկ, իսկ նրա սիրած տղան վերադարձա՞վ կռվից, – վարանոտ հարցրեց Ելենան:
– Ոչ, – խուլ արձագանքեց ծերունին, նոր ծխախոտ վառեց: – Զոհվել է բելառուսական ինչ-որ բարձունքի համար մղված կռիվներում:
Եվ երևի, իր ասածին որպես լրացում, տխրությամբ ավելացրեց.
– Ինչպիսին էլ որ դու լինես, ինչպես էլ որ ապրես, միշտ կգտնվի չարալեզու մեկը, ով, սեփական շահից ելնելով, կամ որևէ մեկ այլ պատճառով, կամ էլ հենց իր բնույթով, կուզենա քեզ ցավ պատճառի` ինքը դրանից գուցե հաճույք ստանալով: Մարդիկ շատ տարբեր են լինում, և էդ հաճույքն էլ ստանում են տարբեր կերպ. ոմանք պարգևում են ուրախություն, մյուսները` կեղտոտում են շուրջը, գարշանք տարածում: Չար մարդկանց չարությունը տակնուվրա է անում մարդու հոգին… Էնպես որ, չարժի հավատալ ականջներին, քանի աչքովդ տեսել չես: Որովհետև լինում է էնպես, որ սուտն ավելի հավանական է թվում, քան ճշմարտությունը: Չեմ ասում, թե մարդուն չպիտի հավատալ, պիտի հավատալ, անհավատ ապրել չի լինի, բայց պիտի հավատալ ու հավատալու հետ մեկտեղ` պիտի զգույշ մնաս որոշ մարդկանցից, որոնց խոսքըցերեկըգործդկխափանիգիշերը՝քունդ։
Նա քիչ դադար տվեց, հավելեց.
– Ներքևից տեսա մենակ ես, տեղս տեղ չտվեց, եկա:
Նա մահակին հենվելով ելավ տեղից և ծերունական գայթուն քայլերով առաջ ընկավ:
Ելենան մի անգամ էլ նայեց հետ, տեղական գորշ մարմարից իրեն ժպտացող Գրիշիկին և, զգուշությամբ շրջանցելով մոշի ծակոտկեն մացառուտները, լուռ քայլեց սկեսայրի հետևից:
ԳԼՈՒԽ ՔՍԱՆԵՐՈՐԴ
Դարձյալ զարմանալիորեն աննկատ՝ այլոց համար, իր՝ Ելենայի համար հոգնատանջ ու դժվարանց, իրար հաջորդեցին ցուրտ ձմեռն ու գարունը՝ դեղձենիների մանուշակագույն ծաղիկներով՝ լուսամուտի տակ, այնուհետև ամառ եկավ, որն այս տարի անսովոր շոգ էր ու անցավ սրընթաց, հետո նոր սկսվեցին աշնան առաջին օրերը՝ տաք ու արևոտ: Ելենան նախկինի պես աշխատում էր խաղողի այգիներում: Երբեմն նա անշտապ շրջում էր թփերի կողքով, որոնցից կախված էին սաթե, արևով թափանցված «Ռկածիթելիի», «Խնդողնու» կամ սև, ճերմակավուն ծխագույն փառով «Թավրիզենիիի» ծանր ողկույզներ (սովորել էր տարբերել տեսակները): Մատներով հպվելով դրանց տարօրինակ, մի տեսակ առաձգական թվացող սառնությանը, զարմանում և փոքր-ինչ վիրավորված էր զգում իրեն, ասես Արսենի նկատմամբ դավաճանություն են արել. նա չկա, իսկ նրանք, ասես ոչինչ էլ չի եղել, կանաչում են իրենց համար, ծաղկում, պտուղ տալիս… Նա առաջներում էլ երբեմն բրիգադի տեղամասում լսում էր ընկերուհիների գովեստի խոսքերը՝ Արսենի մասին, իսկ հիմա, երբ խաղողի բերքահավաքին մնացել էր մի քանի օր, աղջիկներն ավելի շատ էին խոսում առատ բերքի մասին՝ երանությամբ նշելով, որ այդ ամենը նրա շնորհիվ է: Նույնն էր հաստատում և սովխոզի տնօրենը, այցելելով բրիգադ, անպայման հարցնում էր Ելենային` լուր չկա՞ Արսենից, հետո մտահոգ տարուբերում էր գլուխը, խոստովանում. «Առանց նրան` դժվար է ինձ համար, նրա կարիքը շատ եմ զգում… Մի տես է` ի՜նչ բերք է, – ասում էր Ելենային` մատնացույց անելով ողկույզներով ծանրաբեռ խաղողի թփերը: Հետո սրտնեղած կնճռոտվում էր ու թափահարում ձեռքը.– Այս ամբողջը իր ջանքերով է ստեղծվել: Իսկ հետո ի՞ նչ կլինի, չգիտեմ..».
Ելենան անթաքույց հպարտանում էր խաղաղ հպարտությամբ. չէ, թփերը չեն դավաճանում, պարզապես նրանք չգիտեն չեն իմանում, որ Արսենը չկա և չեն էլ կարող իմանալ, որովհետև նրանցից յուրաքանչյուրը իր մեջ կրում է նրա հոգու մասնիկը, նրա մեծ ու ուժեղ ձեռքերի ջերմությունը, նրա սերը` իրենց նկատմամբ: «Եվ նրա սերը իմ նկատմամբ, — ժպտալով ինքն իրեն մտմտում էր նա: — Չէ՞ որ ես էլ սիրում եմ նրան, սիրում անմոռաց կերպով, և նա էլ անմոռաց ինձ է սիրում, և աշխարհում իր համար չկա մեկ այլ երջանկություն` քան սիրել նրան ու լինել նրա սիրելին»:
Հոգեկան պոռթկման ու գերզգայության նման մի պահի Ելենան իր սիրո մասին խոսք բացեց Եվգինեի հետ:
– Ես չգիտեմ` ինչ է սերը, – հոգոցով արտաբերեց Եվգինեն: – Ես սեր չեմ ունեցել:
– Սերը, – երազկոտ շարունակեց Ելենան, – հանկարծակի առաջացած հրդեհ է, որն այրում է քեզ ներսից և հետո ամբողջ ժամանակ մլմլում է: Երբ նա կողքիդ չէ` ներսդ դատարկ ես զգում, իսկ երբ կողքիդ է` քեզ առույգ ես զգում: Երբ մշտապես վախենում ես կորցնել նրան: Երբ մարմնիդ ամեն բջիջով զգում ես սոսափը և առաջին խոտի դողդոջյունը, առավոտյան առաջին շողի ջերմությունը և երեկոյան ցողի սառնությունը, փոթորկի պոկած տերևի ցավը և գարնանային առվակի կարկաչյունը: Սկսում ես ավելի գնահատել սիրելի մարդու մերձությունը, նրա շնչառությունը, հպումը: Երբ թվում է, թե դու գիտես նրա դեմքի յուրաքանչյուր գծիկը և նրա մարմնի յուրաքանչյուր կորությունը, բայց ամեն անգամ ինչ-որ նոր բան ես հայտնաբերում ու վախենում ես բաց թողնել ինչ-որ շատ կարևոր բան, ուշադրություն ես դարձնում նրա ամեն մի բառին ու շնչին, ուրախանում ես նրա բարձր տրամադրությամբ և տխրում, երբ նա մռայլվում է: Իսկ կյանքը ինքնուրաց սլանում է` անդունդ տանելով երջանկության րոպեները, այն երջանկության, որ նրա կողքին ես, ում քեզ նվիրել է ճակատագիրը, առանց որի քո կյանքը ոչ մի իմաստ չունի: Եվ այդ ամբողջը, Եվգինե, սիրելիս, հարազարտս, դու սկսում ես հասկանալ չգիտես ինչու միայն այն ժամանակ, երբ նա քեզնից հեռու է և անհասանելի:
– Դու այնքան գեղեցիկ ես խոսում, ջանա, բայց ես լրիվ չեմ հասկանում: Ավելի ճիշտ, քիչ եմ հասկանում, բայց զգում եմ, որ ասում ես գեղեցիկ ու ճիշտ խոսքեր: Դու այնքան խելացի ես: Որտեղի՞ց գիտես այդ ամենը:
– Ես սիրում եմ կարդալ և նախկինում շատ եմ կարդացել: Կախարդական ուժ ունեն գրքերը, Եվգինե. դու բացահայտում ես նրանց, իսկ նրանք` քեզ: Գրեթե ողջ համաշխարհային գրականությունն ընթերցել եմ: Ե՛վ արտասահմանյան, և՛ ռուս, և՛ մեր՝ խորհրդային հանրապետությունների գրողներին: Դումբաձեին, Բելովին, Դրուցեին, Այթմատովին: Այթմատովն ինձ շատ է դուր եկել, նա մեծ գրող է: Ընթերցել եմ նրա բոլոր գործերը, մեկը մյուսից լավն են: Ճիշտ է, հայ բանաստեղծների և գրողների գրքեր առայժմ քիչ եմ կարդացել: Գիտեմ միայն Սիլվա Կապուտիկյանին և Ասադովին:
– Իսկ դա ո՞վ է:
– Ասադոո՞վը:
– Հա:
– Էդուարդ Ասադովը հայ է, տաղանդավոր բանաստեղծ: Ավարտական երեկոյից մի շաբաթ անց սկսվել է պատերազմը, կամավոր մեկնել է ռազմաճակատ, ծանր վրավորվել է արկի բեկորից, կորցրել տեսողությունը: Գրքերում տեսել եմ նկարը, աչքերին սև կիսադիմակ է կրում:
– Ես նրան չգիտեմ, – մեղավորությամբ հայացքը կախեց Եվգինեն, ուսերը թոթվելով: – Բայց դու այնքան գեղեցիկ ես խոսում… Հետո աղջիկներին կպատմեմ: – Քիչ մտածելուց հետո նա ավելացրեց, – եթե ես կարողանայի այդքան գեղեցիկ խոսել, Գաբրիել Հարությունովիչը հաստատ ինձ հետ կամուսնանար:
– Բայց ախր նա շատ մեծ է քեզնից, – նայելով նրան` շփոթված ժպիտով նկատեց Ելենան:
– Իսկ ինձ համար մեկ է, – տխուր արձագանքեց Եվգինեն:
Սեպտեմբերի տասից սկսվեց խաղողի բերքահավաքը: Ելենան անցյալ տարվանից գիտեր, թե ինչ է դա և սպասում էր այդ օրերին, ինչպես ամենաուրախալի տոնի: Դա հենց տոն էր: Նման ուրախ աշխուժություն, այդքան ժպիտ, ծիծաղ, բերկրալի բացականչություններ Տոնաշենը ունենում էր տարվա մեջ միայն մեկ անգամ` բերքահավաքի օրերին: Ամեն մեկը, ով կարող էր կանգնել ոտքի վրա և շարժել ձեռքերը. ծեր գյուղացիները, յոթ և ավելի տարեկան երեխաները, նույնիսկ յոթ-ութ ամսական հղի կանայք, բոլոր հաշվապահները, ինժեներները, տնտեսագետները, անասնաբուծական ֆերմայի աշխատողների մեծ մասը, մեխանիզատորները, դաշտավարները, ուսուցիչները՝ աշակերտների հետ միասին (այդ օրերին դպրոցում պարապմունքները դադարեցվում էին), բոլորը դուրս էին գալիս բերքահավաքի, պետք էր հասցնել ժամանակին ավարտել, քանի դեռ եղանակը տաք էր:
Սովխոզի տնօրեն Գաբրիել Բալայանը կարգադրել էր անասուն մորթել: Երեք տեղ կրակ էր վառվում, հատուկ դրա համար ընտրված կանայք կրակների վրա պղնձե վիթխարի կաթսաներում խաշլամա էին պատրաստում բերքահավաքի մասնակիցների համար:
Ելենան, այգեգործական մկրատը ձեռքին, շարժվում էր իր տեղամասում՝ մի թփից անցնելով մյուսը, զգուշորեն կտրելով հյութեղ ծանր ողկույզները և խնամքով դասավորելով հյուսածո մեծ զամբյուղի մեջ, որը երկու պատանիներ արագ վերցնում էին՝ հենց ծայրեծայր լցվում էր, տեղը դնելով մեկ այլ՝ դատարկ զամբյուղ:
Ողկույզները ընտրելն ու կտրելը նրան սովորեցրել էր Եվգինեն, որը նրանից քայլ անգամ չէր հեռանում, ամբողջ ժամանակ աչալուրջ հսկում էր, որպեսզի հանկարծ, Աստված ոչ անի, հայտնվի Արսենենց ընտանիքից որևէ մեկը և փորձի Ելենային համոզել վերադառնալ ամուսնու տուն:
Բայց որքան էլ ջանում էր, այնուամենայնիվ, եղավ մի պահ՝ աչքաթող արեց: Երբ ընդմիջում ազդարարեցին, և բոլորը ուղևորվեցին ճաշելու, իսկ Եվգինեին կանչեցին, որպեսզի օգնի ուտելիք բաժանել (ուտում էին` նստելով ով որտեղ պատահի, սփռոցների փոխարեն շուրջը թերթեր էին փռված, որոնց վրա բլրակներով լցված էին հացի կտորներ, վարունգ, լոլիկ, զանազան համեմունքներով ու բանջարեղենով, եփած մսով լի ամաններ, որոնցից քուլա-քուլա գոլորշի էր բարձրանում), Ելենան, նստեց իր բրիգադի ընկերուհիների հետ նույն շարքում, որոնք ուրախ աղմկում, ծիծաղում էին, և այդ պահին հանկարծ հենց իր դիմաց տեսավ սկեսրայրին: Ըստ երևույթին, նա դեռ չէր նկատել Ելենային, և Ելենան ինքն էլ, հավանաբար, չնկատեր նրան՝ բազմաթիվ մարդկանց մեջ, եթե Մարգոն թեթևակի չբոթեր կողքն ու կամացուկ չասեր.«Լենա, նայիր՝ ուրախությունից կանգ չառնի սիրտդ»: Ելենան չհասկացավ ում մասին է խոսքը, բայց հետո նկատեց: Ուզում էր աննկատ մնալ, սակայն հենց այդ ժամանակ Միսաքն անսպասելիորեն ձգվելով՝ աղ թե վարունգ վերցնելու, իր վրա զգալով նրանց հայացքները, բարձրացրեց աչքերը և տեսավ Ելանային: Մի քանի վայրկյան նրանք երկուսն էլ շփոթված, անխոս նայում էին մեկը մյուսին, չիմանալով ինչպես վարվել: Ելենան առաջինը գտավ ելքը.
– Բարև ձեզ… – ասաց նա, ուզում էր սովորականի պես ավելացնել՝ «հայրիկ», բայց չկարողացավ, գուցեև չհամարձակվեց:
Միսաքը տխուր լռությամբ գլխով արեց: Երեսի սպիտակ մազը եկած, հնամաշ շորերով՝ նա խղճուկ տպավորություն էր թողնում:
– Արսենից լուր չկա՞, Լենա, – մարող ձայնով հարցրեց նա:
– Ո՛չ, – Ելենան բացասական տարուբերեց գլուխը: – Ինչպե՞ս եք ապրում, հայրիկ:
Այս անգամ բառը կարծես ինքնիրեն դուրս թռավ:
Ծերունին միայն հոգնած թափ տվեց ձեռքը: Թե այդ ժեստում, և թե՛ նրա ողջ կերպարանքում այնքան վիշտ ու անելանելություն կար, որ Ելենան, իր համար ևս անսպասելի, որոշեց՝ «Եթե ասեն վերադարձիր՝ կվերադառնամ»:
ԳԼՈՒԽ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ
Ելենան քայլում էր բանտի բակով, ուղեկցորղ կնոջ ուղեկցությամբ, որին դուր էր գալիս թեթևակի վախվորած այդ դեռափթիթ թովչուհին: Ելենայի վախը, որը ծնվել էր հիշողության խորխորխտում, ստիպում էր նրան շուրջը նայել, ինքնաբերաբար փնտրելով այս հաստատության՝ նախկինում հանդիպած թեթևակի կուզիկ կերպարանքով ժպիրհ բնակչին, որն իր հասցեին անպարկեշտ արտահայտություններ արեց այն ժամանակ: Բայց կարճ անցումը դարպասից մինչև նշանակման վայրը, այս անգամ հանգիստ անցավ, և նա, թեթևացած շունչ քաշելով, ներս մտավ տեսակցության սենյակ, քիչ անց երկչոտ հարցրեց. «Իսկ այստեղ վարագույր կարելի՞ է կախել»: Կինը լայն ժպիտով պատասխանեց. «Կախի՛ր… և ոչնչից մի վախենա, այստեղ ոչ ոք չի մտնի, միայն ամուսինդ, նրան հիմա կբերեն»: Եվ կրկին ժպտալով դուրս եկավ:
Անկյունում դրված էր պետական մահճակալ` հարդարված բաց գույնի ծածկոցով:
Ոտնաձայներ լսելով ու ասես տենդով բռնված՝ Ելենայի սիրտը լարվածությունից սկսեց արագորեն բաբախել, կարծես պատրաստվելով դուրս թռչել կրծքից: Հանկարծակի որոշելով կրկնել նույնը, ինչ տանն արել էր մի անգամ, և դա անասելի դուր էր եկել իրենց՝ նա արագ շուռ եկավ դեմքով դեպի պատը, ինչպես այն ժամանակ, փակեց աչքերը, բորբոքուն սպասումով ցանկանալով զգալ, ապրել, ընկալել, հիշել և մտապահել ամեն մի ակնթարթը… Այդ զրնգուն լռության մեջ նա լսեց մոտեցող քայլերը, տղամարդկային էության ոգին հեղեղեց ողջ տարածությունը՝ հատակից մինչև առաստաղ: Ելենան սրտի անդիմադիր դողով զգաց, թե Նա ինչպես մոտեցավ թիկունքից, ձեռքերը հպեց իր ուսերին: Ելենան քարացավ: Նա չէր բացում աչքերը, նրան անսպասելիորեն գերել էր նախկին խաղը: «Սիրելիս, հարազատս, հոգյակս, – հյութալից շուրթերով մրմնջում էր Ելենան՝ այրվելով ցանկությունից, – սիրիր ինձ, սիրելիս, միակս…»: Նրա իշխանության տակ լինելու ցանկությունը ալիքվում էր Ելենայի ներսում, այտերի թեթևակի շառագույնը վերածելով ամոթի և կրքի վարդագույնի, ողողելով դեմքն ու պարանոցը:
Ամուսնու ուժեղ ձեռքերը բարձրացրին նրան ինչպես փետուր և տեղադրեցին մահճակալի վրա: Եվ նույն վայրկյանին Ելենան զգաց ջլապինդ ձեռքերի մոլեգին ճնշում: Դրանք լարումով գրեթե պոկեցին նրա հագուստը, իսկ կիզիչ շուրթերը, թույլ չտալով ուշքի գալ, կրքոտ համբույրներով մխրճվեցին տարփանքից հուրհրատող շուրթերի մեջ, առաջացնելով քաղցրահամ կրքի նվաղուն հոքոցներ… Բառ անգամ չարտաբերելով, ըստ երևույթին նրան էլ պակաս դուր չէր գալիս կնոջ հորինած կրքահարույց խաղը, նա դողդողուն մատներով շոյում էր Ելենայի ոչ մեծ, լցոնված ցցուն կրծքերն ու լեզուն շրջանաձև սահեցնում թուխ պտուկների շուրջը, երբեմն քերքոտ լեզվի ծայրով հպվելով պտուկներին ու մատների ծայրով կպչում նրա ցայլքի նուրբ աղվամազին, որից Ելենան ցնցվում էր գրգռվածությունից և սպասման հրայրքից…
Ելենան, կոպերը փակ ու կորցրած իրեն՝ հորդացող զգացումներից, գրկել էր ամուսնու ձիգ մարմինը` ավելի ու ավելի սեղմվելով նրան: Առնական մարմնի ախորժելի ծանրությունը նրա փխրուն իրանը գամել էր մահճակալին, որն ասես հաճությամբ ճռնչում էր նրանց ծանության տակ: Ելենայի շնչառությունը մերթ ընդհատվում էր, մերթ արագանում, իսկ մարմինն ասես այրվում էր, նետելով նրան մերթ ջերմության, մերթ էլ պաղության մեջ, հուսահատ ձեռքերով նա բռնվում էր սպիտակեղենից, երբ ամուսինն իր խելահեղ համբույրներով ծածկում էր նրա ուսերը, կուրծքը, շրջած ափսեիկի մեծության փորիկը… Թեթևակի անխորշությունն ու մոլուցքը, միախառնվելով, մի տեսակ վանում էին բանտում գտնվելու միտքը, տեղ թողնելով սոսկ միմյանց տիրանալու բաղձանքին: Ելենան, իր բոլոր հինգ զգայարաններով ըմբոշխնելով ամեն մի ակնթարթը, կրկնում էր չորացած շուրթերով. «Սիրելիս, հարազատս… սիրիր ինձ, սիրիր ուժգին… չէ՞ որ քոնն եմ, հավերժ քոնը: Ես այնպես եմ կարոտել, քեզ, սիրելիս, քեզ, քո ձեռքերը, քո շուրթերը, քո քնքշանքը… Ես քոնն եմ, լսո՞ւմ ես, և դու իմ միակն ես արար աշխարհում»:
Քունքերում հարվածում էին արծաթե մուրճիկներ, վեր ելնող սրտի զարկերը պատռտում էին զարկերակնեը, անսահման սիրելի ամուսնու տաք շնչառությունն ու նրա կրակված գիրգ շուրթերը՝ Ելենայի մաշկի վրա, կնոջը ստիպում էին զսպված տնքալ բավականությունից, և դարձյալ ու կրկին անզուսպ կրքի ահագնացող անդիմադիր մղումով միահյուսվում էին միմյանց հանդեպ կարոտից գրգռված բնազդները:
Տղամարդու հերթական պոռթկումը Ելենային սուր ցավ պատճառեց, նա կտրուկ բաց արեց աչքերը և սարսափահար եղավ՝ տեսնելով լայնաբաց երախով այն կալանավորին, որի հետ հանդիպումից վախեցել էր դեռ այն անգամ, բակում, երբ տեսակցության էր գնում Արսենի հետ: Նա ակնթարթորեն հետ հրվելով, փորձեց ազատվել տղամարդուց, նրա գլխում մթագնել էր ամեն ինչ, ճգնում ու ոչինչ չէր հասկանում՝ անըդունակ տեղի ունեցածի իմաստավորումից, միակ տենչն այդ պահին՝ ազատվել կալանավորի ճիրաններից: Նա դեսուդեն էր ընկնում անկողնում, գալարվելով ողջ մարմնով, մինչև որ հուսակտուր մի ճիչ դուրս թռավ նրա կրծքից…
Եվգինեի տաք, գրեթե մայրական ձեռքերն ու փաղաքուշ ձայնը նրան վերադարձրին իրականություն, անէացնելով երանությունն ու սարսափը, որ առաջացել էին ալեկոծ կրքի ազդեցությամբ… Ելենան, ծանր շնչելով, նստեց անկողնու վրա, շուրջը նայելով, ասես մինչև վերջ չհասկանալով, թե որտեղ է գտնվում: Իսկ Եվգինեն՝ մտահոգված ու շվար, սառը ջրով լի բաժակը մեկնած անհանգիստ կրկնում հա կրկնում էր. «Ի՞նչ է, վա՞տ երազ ես տեսել, հա՞… Հա՞, ջանա, վախեցել ես, հա՞…»:
Դողացող ձեռքերով բաժակը մոտեցնելով շուրթերին և մի քանի կում անելով` Ելենան կարողացավ միայն հաստատողաբար գլխով անել:
ԳԼՈՒԽ ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ
Երկու տոնական շաբաթները, նվիրված խաղողի բերքահավաքին, լի խինդ ու ծիծաղով, ուրախ բացականչություններով, թռան արագ ու աննկատ: Ելենան դրանցից անմիջապես հետո իրեն զգաց ասես գյուղի կյանքից դուրս նետված, և հիմա ներքուստ տարօրինակ հոգեկան դատարկություն էր ապրում: Օրերը, շաբաթները, ամիսները, միանման իրենց անդեմությամբ ու անլիարժեքությամբ, փոխարինում էին մեկը մյուսին, ոչինչ չփոխելով շուրջը: Որովհետև միակ բանը, որը կարող էր փոխել ժամանակի ընթացքի ձանձրալի միապաղաղությունը, արագացնել այն, լցնել իմաստով ու բովանդակությամբ` Արսենից ստացած լուրն էր: Բայց դա չկար` այդ լուրը չկար, և հայտնի չէր` որտեղ է նա հիմա, ո՞ղջ է, թե չէ…
Այդպես անցավ աշունը և եկավ ձմեռը` ձյունառատ, սառը, դժվարին ու այնքան տարբեր՝ իր իմացած ռուսական ձմեռներից:
Գարնան բուրմունքը տարածվեց, սկզբում վեհերոտ, բայց յուրաքանչյուր հաջորդ օրվա հետ այն բերում էր ինչ-որ նոր բան, որն ուրախացնում էր աչքն ու սիրտը: Ելենան դուրս էր գալիս ծածկապատշգամբ, ցրտահար փաթաթվելով տաք շալի մեջ. մարտյան առավոտը դեռևս սառն էր, ձյունապատ Մռավ սարից սառնամանիք էր փչում և ձյան հոտ էր գալիս: Նա հաճախ էր նայում բակին` արդյոք գարնանային ինչ-որ նոր բան չի՞ հայտնվել: Եվ ուրախանալով, ինքն էլ դա չնկատելով, ժպտալով տեսնում էր, թե ինչպես է ամենուր, բակի տարբեր անկյուններում ծիկրակում առաջին խոտը. դեռ նվազ, չամրացած, գունատ, բայց արդեն միայն իր հայտնությամբ, թեկուզ աննշան, փոխելով հողի տեսքը:
Ելենան նայում էր ծեր ընկուզենուն, կանգնած բակի կենտրոնում, և չէր կարողանում հասկանալ, ինչն է նրա մեջ փոխվել. կամ ճյուղերի վրա ի հայտ են եկել առաջին, բոլորովին մանր, առաջին հայացքից դեռ չձևավորված բողբոջներ, կամ ճյուղերի կեղևը ձեռք է բերել առաջին գարնանային կանաչ երակներ:
Եվ արևը, ողջ ձմեռ սառը և խամրած, այժմ կենդանացել և փայլում էր այնպես կուրացուցիչ ու բերկրալի, որ կեսօրին հովտի ողջ հողը, նրա ճառագայթներից գուրգուրված, հալվում, նվաղում էր. նրանից դանդաղորեն բարձրանում էր թափանցիկ գոլորշի, որը երեկոյան այնքան էր թանձրանում, որ նրա հետևում հազիվ էին երևում լեռները:
Եվ Ելենան ինքն էլ պարզորոշ զգում էր ամիսներ շարունակ տագնապի ու հուսահատության սառնությամբ կաշկանդված, իսկ հիմա աստիճանաբար բաբախող կյանքով լցվող մարմնի յուրաքանչյուր բջջով, սկզբում երկչոտությամբ, անվստահորեն, ինչպես այն առաջին դեռ չամրացած խոտաբույսերը, բայց ամեն բացվող օրվա հետ ավելի ու ավելի ուժեղ էր նրա մեջ բաբախում անհաշվետու և տագնապալի բերկրանքը, որից ուզում ես ծիծաղել ու պարել, կատակել ու խենթություն անել մարդկանց մեջ, միևնույն ժամանակ էլ թաքնվել մարդկանցից, որքան հնարավոր է հեռու, համեստ մի անկյունում, որպեսզի միայնակ մնաս… Ուզում էր գրկել և պարփակել իր մեջ այս հրաշալի, արևոտ, երկնագույն աշխարհը կամ էլ ինքնովին լուծվել նրա մեջ: Եվ շունչը կտրվում էր, երբ նայում էր բացվող հեռուներին, երկինք խոյացող լեռներին` լանջերին ձյան պատառիկներ ու ձորերով կտրտված, նոր հերկած սևահողի քառակուսիներով Թառթառի հովտին…
Եվ այդ ամենի մեջ գերիշխում էր մի մեծ, ոչնչով չարդարացվող զգացում, որը իմաստ էր տալիս իր գոյությանը և ամենայն հրաշալիություն այն ամենին, ինչը շրջապատում էր նրան, և ինչը նա տեսնում էր ամեն օր: Դա սպասումն էր այն մեծ ու լավ բանի, որը եթե ոչ այսօր, ապա վաղը, եթե ոչ վաղը, ապա վաղը չէ մյուս օրը, բայց անպայման տեղի պիտի ունենար… դե՛, անհնար էր, որ տեղի չունենար: Նա ինքն էլ չգիտեր, թե ինչի էր սպասում: Պարզապես սպասում էր: Սպասում էր ու վերջ: Սպասում էր, որովհետև սպասելի էր: Այդ զգացումով նա քնում էր, այդ զգացումով վեր կենում:
Եվ հասավ այդ օրը…
Դա տեղի ունեցավ ապրիլի սկզբին: Այդ օրը Եվգինեն վաղ վերադարձավ ֆերմայից: Արդեն չորրորդ օրն էր, որ անձրևը չէր կտրվում, բոլոր փողոցները, ճանապարհները, խաղողի այգիների հողը վերածվել էին հեղուկ զանգվածի, ու այնպես, որ թփերին հնարավոր չէր մոտենալ, դրա համար էլ բրիգադի աղջիկներից մի քանիսին ուղարկել էին ուրիշ բրիգադ,մի քանիսին էլ ժամանակավորապես ուղարկել էին անասնապահական ֆերմա՝ սիլոսի հորերը մաքրելու: Ռուբեն Գրիգորյանը երկրորդ օրն էր, ինչ Ելենային ազատել էր ծանր աշխատանքից:
Գրեթե տան ետևում, ճանապարհին, Եվգինեն հանդիպեց գյուղի փոտատարի որդուն` Մամիկոնին, որին գյուղում բոլորը Մամիկ էին կոչում: Վատ եղանակներին, երբ հոր հոդացավը գլուխ էր բարձրացնում, Մամիկոնն ինքն էր առաքում փոստը:
– Մամի՛կ, – բացականչեց Եվգինեն, – հո մեր տնից չե՞ս գալիս:
– Ձեր տնից եմ գալիս, – ուրախ արձագանքեց տղան: – Նամակ եմ բերել:
– Ումի՞ց:
– Քեռի Արսենից:
– Ի՜նչ ես ասում, – ուրախացավ Եվգինեն: – Ա՜յ ապրես, շատ լավ լուր հայտնեցիր: Խեղճն ինչքան է սպասել այդ նամակին,- ինքն իրեն խոսելով քայլում էր նա,- էնքան սպասեց՝ աչքը ջուր դառավ: Շատ- շատ ապրե՛ս, Մամիկ ջան:
– Դե՛, ես գնամ, տես դեռ որքա՜ն փոստ ունեմ բաժանելու:
– Գնա, Մամիկ ջան, նայիր, որ անձրևը չթրջի նամակներն ու թերթերը: :
– Անձրևը համարյա կտրվել է, – ասաց Մամիկն ու վազեց տոփանված ճանապարհով:
Եվգինեն շտապեց տուն, ասես իրեն էր ստացել այդ սպասված նամակը: Լայն բաց արեց դուռը և դեռ շեմից, ոտքը ներս չդրած, ուրախաձայն բացականչեց.
– Ելենա, նամա՞կ է, եկել, հա՞: Դե, շնորհավոր… – ասաց ու մնաց պապանձված: – Լենա, Լենա, ջանա, ի՞նչ է պատահել, վատ բա՞ն է եղել…
Ելենան կանգնել էր այնտեղ, որտեղ հավանաբար քիչ առաջ կարդացել էր նամակը, որը հիմա ընկած էր հատակին: Նրա աչքերը լայն բացված էին ու նայում էին տարօրինակ ձևով, անարյուն դեմքը ոչինչ չէր արտահայտում, բացի սարսափից:
– Եվգինե՞… դո՞ւ ես, – արտաբերեց նա` նայելով Եվգինեի ուղղությամբ` բայց գլխից քիչ բարձր և մի քիչ էլ կողք:
– Իհարկե, ես եմ: Չե՞ս տեսնում, ինչ է, – արձագանքեց Եվգինեն` նետվելով նրա կողմը: – Ի՞նչ է եղել, Լենա: Բա՞ն է պատահել:
– Ոնց որ կուրացել եմ… ոչինչ չեմ տեսնում…
– Ի՜նչ, Լենա, ի՞նչ ես ասում, – բացականչեց Եվգինեն, արդեն կռահելով նրա դատարկ, ոչինչ չարտահայտող աչքերից, որ նա ճիշտ է ասում:
Ելենան մեկնեց ձեռքը, շարժեց օդի մեջ:
– Որտե՞ղ ես, տո՛ւր ձեռքդ… Տար ինձ թախտի մոտ, թե չէ արդեն մոռացել եմ, որտեղ եմ կանգնած, վախենում եմ բախվեմ վառարանին: Դու մի վախենա, կանցնի… Դու միայն մի վախենա…
Նրա ձայնը հնչում էր ընդհատ և վախեցնելու աստիճանի հանգիստ: Եվգինեն գրկեց նրա ուսերը, տարավ թախտի մոտ, նստեցրեց:
– Լենա, ջանա, դու բոլորովին չես տեսնում, հա՞: – Եվգինեն ասես չէր ընկալում, թե ինչ է կատարվում: Պարզապես հավատը չէր գալիս: — Բոլորովին-բոլորովի՞ն:
– Բոլորովին, Եվգինե, որտե՞ղ է պատուհանը: Փողոցում լո՞ւյս է:
– Իհարկե, լույս է: Ցերեկ է, չէ՞: Դեռ ժամը հինգն է, – ասաց Եվգինեն` մատներով արցունքները քսելով երեսին: – Բայց, ախր, ի՞նչ եղավ, Լենա: Քեզ հետ նման բան էլի՞ է եղել:
– Հա… Լաց մի լինի, շուտով կանցնի… Միայն թե դու լաց մի լինի, լա՞վ… Չորս տարի առաջ ինձ հետ այպիսի բան արդեն եղել է: Մեր տան մոտ հայրս ընկավ մեքենան տակ… Ես այդ պահին դուրս էի գալիս բակից… Կարծեցի, թե նա մահացավ… Բղավեցի: Իսկ հետո աչքերիս առաջ սևացա՜վ, ամեն սևացա՜վ… Եվ դարձավ իսկական խավար: Իսկ հայրիկի միայն ուսն էր դուրս ընկել և ոտքերն էին վնասվել ընկնելուց… Եվգինե, դու, ինչ է, էլի լալի՞ս ես: Պետք չէ, սիրելի, չէ՞ որ ասացի, կանցնի: Այն ժամանակ երկու օրում անցավ…
– Լենա, Լենա… այն ժամանակ հայրդ մեքենայի տակ ընկավ, իսկ հիմա՞ ով է ընկել մեքենայի տակ, հը՞, Լենա:
Ելենան նայում էր մի կողմ, նրա գլխի վրայով անթարթ նայում էր անորոշ մի կետի:
– Արսենը… – արտաբերեց նա նույն ընդհատ, տագնապալի հանգիստ ձայնով:
– Արսենն ի՞նչ: Ի՞նչ է եղել Արսենին, Լենա…
Սակայն, պատասխանի փոխարեն, Ելենան սկսեց ձեռքերով որոնել թախտի առջև փռած տնագործ գորգի վրա:
– Նամակը… Որտե՞ղ է նամակը:
– Այստեղ է, – Եվգինեն արագորեն պատուհանի մոտ, հատակից վերցրեց, բերեց նամակը: – Ահա: Ո՞վ է գրել: Արսե՞նն է գրել:
Ելենան միանգամից չպատասխանեց:
– Հասկանո՞ւմ ես, երբ կարդում էի նամակը, ինձ թվաց, թե մեկը թիկունքից ուժգին հարվածեց գլխիս: – Ելենան ձեռքը տարավ գլխին: – Ահա այստեղ… Շատ ցավոտ էր… Այնքան ցավոտ, որ բղավեցի… Հետո… չեմ հիշում… Կարծես աչքերս փակեցի: Իսկ հետո, երբ նորից բացեցի, արդեն մութ էր, ոչինչ չէի տեսնում… Հասկանո՞ւմ ես, Եվգինե, նա հրաժարվում է ինձնից… Արսենը հրաժարվում է ինձնից, ասում է, որ ես… իբր ես… միայն խնդրում եմ, ոչ մեկին ոչ մի բառ չասես, լա՞վ: Թե չէ՝ ամոթ է:
Ելենան շունչ քաշեց և կարճ պատմեց նամակի բովանդակությունը, բաց թողնելով այն հատվածները, որ վերաբերում էին Եվգինեին:
Արսենը գրում էր այն մասին, որ գիտի հայրական տնից Ելենայի հեռանալու պատճառը, նմանապես և այն, որ նա ապրում է Եվգինեի մոտ: Մեղադրում էր Դմիտրիինն ևս: «Ա՜յ թե չէի սպասում նման ստորություն, գրել էր Արսենը, կարող էիր կռահել, որ քո հեռանալով ցեխն ես գցում ոչ միայն իմ, այլև ծնողներիս պատիվը: Ես լիովին ընդունում եմ, որ Եվգինեի մոտ դու քեզ շա՜տ լավ ես զգում, ավելի ազատ ես, ճի՞շտ է… Բայց իմ կարծիքով, ավելի լավ կլիներ, որ դու հիշեիր պարզ ազնվության մասին և վեր կենայիր գնայիր Վոլխով… Բոլոր դեպքերում, մեր հանդիպումից այլևս ոչ մի լավ բան մի սպսաիր, դու չափից դուրս շատ բան ես քեզ թույլ տվել…»:
Գրեթե չլսելով նրան, Եվգինեն նայեց Ելենային, նրա անթարթ, չտեսնող աչքերին: Նա երբեք չէր տեսել, որ ահա այսպես, առանց որևէ պատճառի, կարգին տեսնող մարդը հանկարծակի կուրանա: Չէր հավատում իր աչքերին, բայց համոզվեց, որ նման բան հնարավոր է:
Այնուամենայնիվ, Ելենայի ասած խոսքերի իմաստը աստիճաբար հասավ նրա գիտակցությանը:
– Ի-ի՞նչ, Արսենը հրաժարվո՞ւմ է: Չհավատաս, Լենա, չհավատաս: Էդ նրանք են գրել Արսենին: – Նա անսպասելի անցավ իր կոտրատված ռուսերենին: – Իսկ նա, հիմար, դուռակի մեկը, քեզ գրեց էդպես դուռակ նամակ, հա՞: Հիմա կգնամ նրանց մոտ, էդ սումասեչիներին ցույց կտամ…
– Չէ, չէ, ինչ ես ասում, Եվգինե, խնդրում եմ, ոչ մի տեղ պետք չէ գնալ, – վախեցած արձագանքեց Ելենան` բռնելով նրա ձեռքը: – Դա ոչինչ չի փոխի, ինքս կգրեմ նրան, կբացատրեմ… Իսկ թե ինչ կբացատրեմ, ինքս էլ չգիտեմ…
Ելենան անհույս տարածեց ձեռքերը` տարակուսանքով արտաբերելով.
– Բայց ախր նա չի կարող այսպես հրաժարվել ինձնից: Ախր շատ դաժան է: Ախր գիտի, թե ինչպես եմ սիրում իրեն: Աստված իմ, սիրում եմ աշխարհում ամեն ինչից առավել: Ինչի՞ համար է այդպես վարվում:
Ելենան հանկարծ քարացավ` ասես ունկնդրելով ինչ-որ բանի.
– Իսկ ինչպե՞ս է իմացել, որ ապրում եմ քեզ մոտ:
– Չգիտեմ, – շփոթված ասաց Եվգինեն, – ճիշտ որ, Լենա, ինչպե՞ս է իմացել: Նշանակում է, նրան գրել են, հաստատ՝ էդ հին ակտիվիստ ջադու Անուշն է գրել: Թաղեմ նրա սումասեչի բոյը:
– Բայց ախր նա հասցեն չգիտե, այն օրից, ինչ ես եղել եմ նրա մոտ, նա ոչ մի նամակ չի գրել…
– Նշանակում է, գրել է…
Այլ բացատրություն, ըստ էության, չկար: Արսենը գրել էր ծնողներին (կամ Ելենային), ծնողները թաքցրել էին նամակը, իսկ Արսենին հայտնել, որ Ելենան հիմա ապրում է Եվգինեի մոտ և երևի էլի ինչ-որ բաներ են իրենց կողմից ավելացրել, եթե Արսենը նամակի մեջ հիշել է Ռուբեն Գրիգորյանի մասին (Եվգինեին պատմելիս Ելենան չէր տվել նրա անունը):
Ելենան հանկարծ երկու ձեռքերով բռնեց բերանը` ասես ետ հրելով կոկորդից դուրս ժայթքող ճիչը.
– Ինչի՞ համար, հը՞: Չէ՞ որ գիտեին, թե ինչպես էի ես սպասում նրա նամակներին:
Եվգինեն գրկեց նրան, սեղմեց իրեն:
– Լացի՛ր, Լենա, լացի՛ր, – արցունքներով լի աչքերով ասաց Եվգինեն, – լացի՛ր, սիրելիս, սիրտդ կթեթևանա:
– Ինչի՞ց կթեթևանա:
– Ես ի՞նչ իմանամ, – քիթը ֆսֆսացրեց Եվգինեն, – բայց երբ լաց ես լինում, սիրտդ թեթևանում է:
– Չէ, Եվգինե, էլ ուժ չունեմ դրա համար, արցունք էլ չունեմ: Ես ասես լրիվ չորացած լինեմ…
– Ի՞նչ անեմ քեզ համար, Լենա ջան, – հարցրեց Եվգինեն` նորից անցնելով հայերենի, – ի՞նչ անեմ, որ մի քիչ հանգստանաս: Դու միայն ասա, Լենա, ես ամեն ինչ կանեմ: Դու միայն ասա, քեզ չեմ կարողանում այս վիճակով տեսնել:
– Ոչինչ պետք չէ, սիրելիս, առանց այդ էլ արդեն տանջվել ես ձեռքիս: Ես գիտեմ, դու հիմա ինձնից շատ ես տանջվում… Այնպես եմ ափսոսում, որ փաթաթվել եմ վզիդ…
– Լենա, չհամարձակվես այդպես ասել:
– Չէ, ճիշտ է, ավելի լավ կլիներ` Դմիտրիի հետ այն ժամանակ գնայի…
Նրանք մի քիչ լռեցին, սեղմվելով միմյանց, չիմանալով ինչ ասել ու ինչ անել: Հետո Ելենան հստակ արտասանեց.
– Երբ մի քիչ թեթևանամ, դու մի կերպ փոխանցիր Գաբրիել Հարությունովիչին, որ ուզում եմ տեսնել իրեն:
– Ո՞ւմ… Ինչի՞դ է նա պետք: Թե ուզում ես` ես հիմա կգնամ գրասենյակ, կկանչեմ էստեղ:
– Չէ, հիմա պետք չէ, չեմ ուզում լացած տեսքով երևալ նրան:
– Լավ, Լենա: Իսկ ի՞նչ ես ուզում նրան ասել: Եթե ինչ-որ կարևոր բան է, ես հենց հիմա կփոխանցեմ նրան:
– Չէ, վռազ չէ: Պարզապես ուզում եմ տեսնել նրան: Նա շատ բարի է և ուժեղ կամքի տեր: Ու միշտ հանգիստ, հավասարակշռված: Նրա ներկայությամբ ես ինձ հաստատուն եմ զգում:
– Էդ մեկը ճիշտ է, որ բարի է, – շուրթերը սեղմած՝ գլխով արեց Եվգինեն: — Բայց միաժամանակ ախմաղ է, ախմաղ չլիներ՝ ինձ կառներ:
Ելենան այդ պահին և՛ ինքն իրեն, և՛ նրան խղճաց ու դառը մորմոքեց, որ իրենց այդպիսի բախտ է վիճակված ի վերուստ:
Ելենան արթնացավ վաղ առավոտյան և վախենալով բացել աչքերը, դեմքով շրջվեց այն կողմը, որտեղ իր հաշվարկով պիտի լիներ պատուհանը: Այդպես պառկեց մի քիչ թրթռացող սրտով ու փակ աչքերով: Իսկ հետո, համարձակություն ստանալով, միանգամից ու լայն բացեց աչքերը: Եվ նորից ոչինչ չտեսավ. շուրջը տիրում էր նույն անթափանց խավարը, առանց լույսի փոքրիկ պատառիկի…
Կողքի անկողնում շարժվեց Եվգինեն:
– Լենա, արդեն արթնացե՞լ ես, – շշուկով հարցրեց նա, մտածելով, որ գուցե դեռ քնած է:
Եվգինեն խոսում էր հայերեն: Ելենան արդեն լավ էր հասկանում նրան:
– Վաղուց եմ արթնացել, – արձագանքեց Ելենան: – Արդեն լույսը բացվե՞լ է:
– Լուսանում է: Դեռ ոչինչ չե՞ս տեսնում:
Ելենան չպատասխանեց: Եվգինեն հոգոց արձակեց ու սկսեց հագնվել:
– Աշխատանքի՞ ես գնում, – հարցրեց Ելենան:
– Ի՞նչ աշխատանք, գնում եմ գրասենյակ, զանգեմ բժիշկ Շահգելդյանին:
– Պետք չէ բժշկին անհանգստացնել, – կտրուկ ընդհատեց Ելենան:
– Ինչպե՞ս թե՝ պետք չէ: Միշտ կանչում ենք ու միշտ գալիս է:
– Էհ, գիտեմ, թե ինչ պիտի ասի՝ հանգիստ կյանք, չնյարդայնանալ, մաքուր օդ շնչել… Հոգնել եմ այդ ամենից: Ավելի լավ է` արի ինձ մոտ: Նստիր կողքիս:
– Ի՞նչ է պատահել, Լենա:
Եվգինեն կիսահագնված, բոբիկ ոտքերով մոտեցավ, նստեց Ելենայի անկողնու եզրին: Ելենան շոշափելով գտավ նրա ձեռքը:
– Ես երազ տեսա:
– Ի՞նչ երազ, – այն օրվա պես՝ տագնապեց Եվգինեն:
– Իբր փոքր եմ, նստել եմ մորս գրկում ու լալիս եմ: Իսկ նա շոյում է գլուխս և ինչ-որ բան է ասում մխիթարող: Եվ ձայնն այնքա՜ն քնքուշ էր, այնքա՜ն նուրբ… Արթնացա, աչքերս թաց էին: Երևի երազում լացել եմ:
– Լինում է, Լենա, ես էլ եմ հաճախ երազում լալիս: Դա մեր կանացի դժբախտությունն է, հենց մի բան էլ լինում` լաց ենք լինում:
Ելենան չէր լսում նրան, ինչ-որ բան էր մտածում:
– Եվգինե…
– Ի՞նչ է, թանկագինս:
– Վախենում եմ… վախենում եմ հանկարծ կուրանամ… սարսափելի է:
– Չես կուրանա, մի վախենա: Ճիշտն եմ ասում, Լենա: Ես էլ եմ երազ տեսել:
– Ի՞նչ երազ: Պատմիր:
Եվգինեն տատանվեց:
– Էնքան էլ լավ երազ չի, չեմ ուզում պատմել:
– Պատմիր, երազը հո իրականություն չի, հանգիստ պատմիր, լսում եմ:
Եվգինեն անզուսպ փռթկացրեց, երևում էր՝ նրա երազն այնքան էլ վատը չէր, ինչպես ինքն էր ներկայացնում: Բայց Ելենան, հիվանդագին հետաքրքրությամբ տարված՝ համառեց:
– Դե լավ, լսիր: Միայն թե միշտ հիշի՛ր, արթուն ժամանակ ամեն ինչ հակառակն է… Աստված, նույնիսկ լեզուս չի պտտվում, որ պատմեմ: – Նա լռեց, հետո նորից այնպես փռթկացրեց, ասես ջուրն էր նետվում: – Դե՛, իբր դու պառկած ես դագաղում, իսկ Արսենն այնպես ուրախ ծիծաղում է: Դա լավ նշան է, Լենա: Շատ լավ նշան է, ա՛յ կտեսնես, այսօր ամեն ինչ կանցնի: Կտեսնես:
Ելենան ոչինչ չասաց, միայն խնդրեց, որ բարձը տեղափոխի մյուս սենյակ, որպեսզի ցերեկով պառկի թախտին:
Ողջ օրը Եվգինեն գրեթե չհեռացավ նրանից: Միայն երեկոյան դեմ մի քանի րոպեով մտավ հարևանի տուն, Սիրան մորաքույրը հենց նոր թոնրում հաց էր թխել և հորդորել էր Եվգինեին գնալ ու թաժա հաց վերցնել հիվանդի համար: Ասել էր` «Հանկարծ հոտը կզգա՝ սիրտը կուզենա»:
Միայնակ մնալով, Ելենան միանգամից այնպես լքված զգաց իրեն, որ մի պահ թվաց՝ իրոք պառկած լիներ դագաղում: Եվգինեի ներկայությունը ամբողջ ժամանակ վանում էր նրան մռայլ մտքերից, իսկ հիմա, երբ մենակ էր մնացել, սարսափը, որը պատել էր նրան առավոտվանից և թեթևակի մոռացության մատնվել օրվա ընթացքում, նորից իմաց տվեց իր մասին՝ վայրկյան առ վայրկյան ուժգնանալով: Նա արդեն ուզում էր վեր կենալ, բռնել պատից, դուրս գալ և կանչել Եվգինեին, երբ նույն պահին ավտոմեքենայի աղմուկ լսեց. ինչ-որ մեքենա դանդաղորեն մտավ բակ: Մեքենայի դռնակը շխկաց, մեկ-երկու րոպե անց դրսում ցածր ձայներ լսվեցին: Հետո պատշգամբի դուռը բացվեց և շեմին ծանր, անշտապ քայլեր լսվեցին` ծանոթ մետաղական զնգոցով:
– Գաբրիել Հարությունովիչ, – ուրախ բացականչեց Ելենան, – դո՞ւք եք:
Քայլերը անշտապ մոտեցան սեղանին, իսկ հետո լսվեց Բալայանի համաչափ ձայնը.
– Եթե հիշողությունս չի դավաճանում, ես մի ժամանակ ասել եմ, որ դու պետք է աշխատեեիր քրեական հետախուզությունում: Այնտեղ դու անգնահատելի հետախույզ կլինեիր: Ասե՞լ եմ:
– Ահա, ասել եք, – թոթովեց Ելենան, զգալով, թե այդ հանդարդաբարո ձայնից ինչպես է ներքուստ խաղաղվում: – Ձեզ քայլերից եմ ճանաչում:
– Ես էլ դա եմ ասում: Դե՛, ուրեմն, բարով տեսանք, աննմանական Ելենոչկա:
– Ի՜նչ լավ է, որ դուք եկաք, Գաբրիել Հարությունովիչ: Ես էլ արդեն ուզում էի Եվգինեին ուղարկել ձեր հետևից:
– Գիտեմ, քո տանտիրուհին ինձ ասաց: Դու երևի լսում էիր, թե ինչպես էինք նրա հետ չարախոսում դռան հետևում:
– Ձայնը լսվում էր, բառերը՝ չէ, – ժպտաց Ելենան:
Նրա անկողնու կողքին աթոռի ոտքերը բախվեցին հատակին: Սեղանի վրա ինչ-որ հաստ թուղթ խշխշաց: Ելենան զգաց մանդարինի նուրբ բուրմունքը և ցածր ծիծաղեց:
– Գաբրիել Հարությունովիչ, գիտե՞ք ինչ էի մտածում քիչ առաջ, երբ ներս մտաք:
– Ի՞նչ էիր մտածում, – հարցրեց Բալայանը` հանելով մանդարինի նարնջաոսկեգույն կեղևը:
– Նույնիսկ ասելն է ամոթ: Դուք ինձ չե՞ք դադարի սիրելուց:
– Տեսնենք՝ նայած ինչ կասես:Ասա, տեսնեմ:
– Ես մտածեցի, որ դուք ինձ համար ինչ-որ համեղ ու անսպասելի լավ բան եք բերել: Դուք ինձ այնպես եք երես տվել, Գաբրիել Հարությունովիչ, ես պարզապես չգիտեմ երախտագիտական ինչպիսի բառեր գտնեմ ձեզ ասելու համար:
Բալայանն այդ ընթացքում մաքրեց մանդարինը, շերտիկների բաժանեց և, դասավորելով իր ափի մեջ, հայտարարեց.
– Որպեսզի քո լեզուն ավելի կարևոր գործով զբաղվի, առաջարկում եմ փորձել այս մանդարինը:
– Ա՜խ, ինչ լավ է, – անուշ կարկաչեց Ելենան` երանությամբ փակելով աչքերը, – ոչ մի դեպքում չեմ հրաժարվի, իմ ամենաամենա…
Գաբրիել Հարությունովիչը մոտեցրեց մանդարինի շերտիկները և ակամա կնճռոտվեց. Ելենան լալիս էր, արցունքները թափվում էին նրա փակ կոպերի տակից:
Մի քիչ սպասելով ու աչքերը ափի մանդարինի շերտիկներից չկտրելով, տնօրենն արտաբերեց.
– Ես լսել եմ, դա ինձ խելացի մարդիկ են ասել, որ երբ լալիս ես փակ աչքերով, արցունքները հոսում են ներս և դրանից մարդ դառնում է երկու աչքից շիլ: Երիտասարդ, սիրունիկ կանանց համար դա, իհարկե, հրապույրիչ է, բայց տարվել դրանով, իմ կարծիքով, վտանգավոր է, թերևս տղամարդկանց համար…
Ելենան դադարեց լալ, բայց աչքերը չբացեց, միայն արցունքները մաքրեց մատների ծայրերով:
– Ի՞նչ անեմ, Գաբրիել Հարությունովիչ, մի խորհուրդ տվեք: Արսենից նամակ եմ ստացել:
– Գիտեմ:
Գաբրիել Հարությունովիչը սեղանից վերցրեց հասարակ գյուղական շրջանակով լուսանկարը:
– Սիրողակա՞ն է: Լսի՛ր, Ելենա, որտեղի՞ց քեզ քո հագի այս զգեստը: Իմ կարծիքով, նման զգեստ կրում էին դեռ պատերազմից հետո` հասարակ, դնովի ուսերով:
Ելենան, վերջնականապես հանդարտվելով, բացատրեց.
– Դա ես չեմ, այլ իմ Օլյա տատիկը: Նա է ինձ դաստիարակել… Ի՞նչ անեմ, Գաբրիել Հարությունովիչ:
– Ապշեցուցիչ նմանություն ունեք: Այսքան բաց հայացք, լուսապայծառ աչքեր: Նա հիմա կա՞:
– Չէ, մահացել է:
– Եվ դու, իհարկե, լացել ես:
– Ես նրան շատ էի սիրում, երևի, լավ չէ այդպես ասելը, բայց մայրիկիցս շատ էի սիրում:
– Հետաքրքիր է:
– Նա զարմանալի կին էր: Գյուղական ուսուցչուհի է եղել: Երբ սկսվել է պատերազմը և դպրոցը տարհանել են, մնացել է գյուղում և ընդհատակյա աշխատանք կատարել, պարտիզանների հետ կապ է պահել:
– Ահա՜ թե որտեղից ես դու սկսվում:
– Նա ասում էր, որ նման պատերազմից հետո մարդկանց մի քանի սերունդներ մաքուր կլինեն, պատերազմի կրակը, ասում էր, այրել, ոչնչացրել է այն վատը, որ կար մարդկանց մեջ: Նա այնպիսի իդեալիստ էր:
– Մաքուր սրտով մարդը մութ տեղը լույս կտեսնի: Բախտդ բերել է, լավ տատ ես ունեցել:
Ելենան հոգնած ձեռքը թափ տվեց.
– Գիտեմ: Եթե թեկուզ մի քիչ ես նման լինեի նրան… Թե չէ ինչ-որ շիլաշփոթ եմ:
Գաբրիել Հարությունովիչը ժպտաց.
– Ինքնաքննադատությա՞մբ ես զբաղված: Դե ինչ, դա էլ վատ չէ, նշանակում է` սթափվում ես: Ա՛յ հիմա կարող եմ պատասխանել քո հարցին, թե ինչ կարող ես անել…
– Դե՛ ասեք:
– Իմ հայրը կրթված չէր, բայց իմաստուն մարդ էր: Ասում էր, երջանկությունն ու դժբախտությունը երկու շուն են, որոնք վազում են մեկը մյուսի հետևից: Եթե հանդիպես մեկին, իմացիր, մյուսը մոտակայքում է: Այնպես որ, հավատա քո սրտին ու արա հենց այն, ինչ անում ես` սպասի՛ր:
– Բայց նա չի ուզում ինձ տեսնել:
– Ուզում է: Կյանքն իմաստ ունի միայն այն ժամանակ, երբ դու ապրում ես հանուն մեկի՝ քեզնից բացի: Դու ստեղծված ես, որ երջանկացնես նրան: Հիմա նա աշխարհում ամենից շատ ուզում է քեզ տեսնել:
– Որտեղի՞ց գիտեք:
– Ես գիտեմ քեզ ու գիտեմ Արսենին: Ու գիտեմ նաև, որ տաքացած վիճակում հնարավոր է հրաժարվել սիրելի մարդուց: Բայց դա շատ դժվար է իրականում: Հավատա ինձ, աղջիկս, ու իմացիր, որ սերը գոյություն ունի ոչ թե նրա համար, որպեսզի երջանկացնես մեկին, այլ ստեղծված է, որպեսզի մարդը կարողանա ցույց տալ, թե որքան ուժեղ է տառապանքի ու համբերության մեջ:
Ելենան միանգամից բացեց աչքերը դեռևս ամբողջովին սև, նրա համար անթափանց աշխարհի վրա, լուսավոր ժպտաց և ասաց.
– Վերջին ժամանակները ինձ մշտապես հետապնդում է մի միտք. ենթադրենք դու ունես հարազատ մարդ, քեզ անչափ մտերիմ, առանց որի մեկ օր էլ չես կարող ապրել: Եվ ահա նա հեռանում է քո կյանքից: Ժամանակավորապես, թե ընդմիշտ, նշանակություն չունի: Նա հեռանում է և իր հետ տանում քո մի մասը: Դրանից դու չես մահանում, չէ, այլ պարզապես դադարում ես գոյություն ունենալ, այսինքն` ապրում ես ու ասես նայելիս լինես ամեն ինչին կողքից, դու արդեն այն նախկինը չես, արդեն ուրիշ ես և ուրիշ կերպ ես սկսում մտածել, նայել մարդկանց, նրանց արարքներին: Նույնիսկ ժպտում ես ուրիշ կերպ, ոչ այնպես, ինչպես նախկինում: Ամեն ինչ ուրիշ է… ամեն ինչ:
Բալայանը, նայելով նրան, տարուբերեց գլուխը, բայց ոչինչ չասաց: Իսկ Ելենան շարունակելով՝ հարցրեց.
– Իսկ եթե աշխարհում միայն չար մարդիկ լինեին և բարիներ չլինեին, ի՞նչ կլիներ աշխարհի հետ:
– Կյանքում կան բաներ, որ կարծես թե նույնն են առաջին հայացքից, սակայն նույնը չեն բնավ: Կան արժեքներ, որ փողով չես գնի, թեկուզ գնի տասնապատիկը տաս: Կան մարդիկ, որոնք ուզած պահին դավում են, ինչքան էլ որ նվիրված լինես նրանց: Կան և պահեր, որ երբեք չես մոռանա, ինչքան էլ երկար ժամանակ անցնի, ու նաև կորուստներ կան, որ սովորեցնում են դիմանալ, ակնթարթներ՝ որ ստիպում են ապրել: Ահա , հենց հանուն այդ ակնթարթհերի արժե ապրել:
– Շնորհակալ եմ… Բայց դուք չպատասխանեցիք իմ հարցին, Գաբրիել Հարությունովիչ: Եթե աշխարհում միայն չար մարդիկ լինեին և բարիներ չլինեին, ի՞նչ կլիներ աշխարհի հետ:
– Աշխարհը կքանդվեր, – առանց մտածելու պատասխանեց Բալայանը:
– Երջանիկ եմ, որ իմ կյանքում կան այնպիսի մարդիկ, որոնք ստիպում են ինձ ծիծաղել այն ժամանակ, երբ ես ժպտալ անգամ չեմ ցանկանում… Դե, իսկ հիմա կարելի է մանդարին ուտել, – եզրափակեց Ելենան: – Շնորհակալ եմ, Գաբրիել Հարությունովիչ: Սքանչելի մանդարիններ են, պարզապես հիսաքանչ: Եվ որտեղի՞ց եք ձեռք բերել այսպիսինները և այն էլ բենզինի համով:
Եվգինեն սկսեց թեյի պատրաստություն տեսնել, բայց Գաբրիել Հարությունովիչը կանխեց նրան.
– Պետք չէ, ես շուտով գնում եմ:
– Ինչպե՞ս թե, այդքան շո՞ւտ, – թնկթնկաց Ելենան:
– Հաշվապահություն պետք է մտնեմ: Փոքրիկ ժողով եմ հրավիրել: – Գաբրիել Հարությունովիչը ոտքի կանգնեց, ժպտաց Ելենային, ավելացրեց: – Մի բան էլ ասեմ ու գնամ: Դու դա չգիտես, ասեմ, որ հիշես. քո մեջ հոգու բացառիկ լույս կա, քո էության լույսն է դա, պահպանիր այդ լույսը՝ ինչ էլ որ պատահի, իմացիր՝ այդ լույսով է Արսենը գտել քեզ, որովհետև հոգեկան այդ հազվագյուտ լույսից կա և նրա մեջ: Դե՛, առայժմ, էլի կայցելեմ:
ԳԼՈՒԽ ՔՍԱՆԵՐԵՔԵՐՐՈՐԴ
Արսենը վերադարձավ հոկտեմբերի վերջին, մի քամոտ, սառը երեկոյան: Նա մտավ դատարկ բակը, կանգ առավ, նայեց տան երկրորդ հարկին, թեև գիտեր, որ Ելենան այնտեղ չէ, սակայն հոգու հեռավոր խորքերում հույս էր փայփայում, ինքն իրեն չխոստովանելով, լույս տեսնել նրա պատուհանում: Լույս չկար: Վառվում էին միայն ներքևի երկու պատուհանները: Արսենը դառնությամբ քմծիծաղեց և գնաց դեպի այդ լույսը՝ երկակի զգացումով. իհարկե, ուզում էր շուտափույթ տեսնել հարազատներին երկարատև բաժանումից հետո, բայց և հասկանում էր, որ հիմա կլինեն ոչ միայն մայրական անկեղծ բերկրանքի արցունքներ, այլ նաև բազմանշանակ զգացումներ, կապված Գրիշիկի կորստյան հետ: Ապրած վշտի, ցավի սրությունը, իհարկե, ժամանակի ընթացքում թեթևակի մեղմանում է, բայց չէր անցնում: Կլինեն նաև բողոքներ Ելենայի հասցեին, որոնցում, հավանաբար, ավելի շատ ձգտում կլինի փնովել նրան, արդարացնելով իրեն: Ապացուցելու փորձ, որ Ելենան որպես կին համապատասխան չէ իրեն: Եվ հանուն դրա, ճշմարտությունը կխառնվի կեղծիքի հետ: Իսկ Արսենը իսկապես չէր ցանկանում այդ ամենը լսել, փոխարենը ավելի էր ահագնանում Լենային տեսնելու ցանկությունը, ըմբոշխնելու նրա ժպիտը, ձայնը, ծիծաղը:
Վերադառնալուց առաջ նա չէր հեռագրել տուն, որպեսզի ծնողները խնջույք չկազմակերպեին տեղնուտեղը մորթված ոչխարի անփոխարինելի խորովածով, որին մասնակցության համար կհավաքվի գյուղի կեսը: Նրա տրամադրությունը «խորովածային» չէր, և նա ոչ մեկին չէր կամենում տեսնել…
Բոլոր երեքն էլ տանն էին, հեռուստացույց էին դիտում. ինչ-որ կինոկոմեդիա էին ցուցադրում, և ծերունիները սրտանց ծիծաղում էին: Դռան մեջ տեսնելով Արսենին, խմբովի բացականչեցին, աղմկեցին աթոռներով, նետվեցին գրկախառնության: Հայրը հապճեպ մեղավոր տեսքով անջատեց հեռուստացույցը, մայրն ու Անուշ մորաքույրը ուզում էին ողբ կապել, բայց Արսենը անբարյացակամորեն խոժոռվեց ու ընդհատեց նրանց.
– Պետք չէ: Պետք չէ ձայն բարձրացնել, ես ողջ-առողջ եմ, ամեն ինչ կարգին է, ինչպես տեսնում եք, և արցունք թափելու կարիք չկա: Ավելի լավ է, ահա, կինո նայեք: Ինչո՞ւ անջատեցիք:
Նրա անսպասելի սառը տոնից անվստահություն ձեռք բերած կանայք պապանձվեցին, իսկ հետո համերաշք, ասես հրամանով բացեցին բուֆետի դռները, ամանեղենը շխկացրին, բայց Արսենը կրկին կանգնեցրեց նրանց.
– Պետք չէ, ոչինչ պետք չէ, ես քիչ առաջ եմ կերել:
– Ինչպես թե…
– Ասացի, պետք չէ: Ավելի լավ է ինձ մի բաժակ տաք բան տվեք, թե չէ ամբողջովին մրսել եմ, ասֆալտից մինչ այստեղ ոտքով եմ եկել:
Կանայք նորից սկսեցին ամանեղենը շխկացնել: Արսենը դուրս եկավ բակ, ջրի ծորակի տակ լվաց ձեռքերը, իսկ երբ վերադարձավ, թեյն արդեն դրված էր սեղանին: Նա նստեց, բաժակն իր կողմը քաշեց և վառվելով սկսեց խմել տաք թեյը, չզգալով համը, բայց ամեն կումի հետ զգալով ինչպես է մարմնով մեկ տարածվում արբեցուցիչ տաքությունը: Հայրը նստած էր դիմացը և լուռ, կենտրոնացած ծխում էր ծխախոտ ծխախոտի հետևից, իսկ մայրը մորաքրոջ հետ թաքուն սրբում էին արցունքները: Արսենը ցույց էր տալիս, որ ոչինչ չի նկատում, թեև տեսնում էր ամեն բան. նա ցավով մտածեց այն մասին, որ հայրը լրիվ ծերացել է, մայրը` նույնպես: Իսկ Անուշը ինչպես կար, այնպես էլ մնացել է, նույնիսկ կարծես երիտասարդացել է: Նրա սիրտը սեղմվեց մոր ու հոր հանդեպ խղճմտանքից:
– Ինչպե՞ս են Արփիկը, Մուշեղը, – հարցրեց նա վերջապես: – Գալի՞ս են այստեղ:
– Ոչ, մենք ենք գնում, – հոգոց հանեց մայրը:
– Առո՞ղջ են, հիվանդ չե՞ն:
– Ի՜նչ առողջության մասին պիտի մտածեն եղածից հետո… – ողբաց Անուշը:
Արսենը մի ակնթարթ բարձրացրեց գլուխը, ծուռ նայեց նրա աչքերի մեջ: Նրա հայացքից Անուշն ակամա կծկվեց և հանդարտվեց:
– Պարզ է: Դե, իսկ դո՞ւք այստեղ ինչպես եք ապրել:
– Ոչինչ, փառք Աստծո… – հազալով արտաբերեց հայրը: – Աշխատում ենք… Մի շաբաթ առաջ խոզը ծնեց, տասներկու գոճի բերեց:
– Դե՛, շատ լավ է: Իսկ գյուղում ի՞նչ նորություն կա:
– Նորություն կարծես թե չկա, ամռանը մեռավ Զարվարդը, այն ասենք, որ իննսունյոթ տարի ապրել է, քիչ չէ…
– Ինչի՞ց է մահացել:
– Ո՞վ գիտի: Մեծ կին էր, բայց դե, ասում են, բժիշկների օնությամբ նաև. սխալ ախտորոշում են տվել, երկու օր պառկել է ու մահացել:
Նորից լռեցին: Արսենը հասկանում էր, որ նրանք զգաստացած սպասում են` ներքուստ պատրաստվելով գլխավորի մասին խոսակցության. դա զգում էր հոգով: Բայց խոսել գլխավորի մասին չէր կամենում, մոր ու առանձնապես մորաքրոջ լարված, քարացած հայացքներից տեսնում էր, որ նրանք պատրաստ են ում ասես ցեխը գցել, որպեսզի իրենց ճշմարտացիությունը համոզեն: Բայց և լռելն էլ անկարելի էր: Եվ չնայելով ոչ մեկին, նա հարցրեց, հայացքը խոնարհելով թեյի կիսատ բաժակին, որից հաճելի ջերմություն էր բարձրանում:
– Որտե՞ղ է Ելենան: Գյուղում է, թե՞ գնացել է:– Նրա ձայնը հնչեց կտրուկ, այն էլ այնպես, որ ինքն էլ չէր սպասում:
Կանայք նայեցին միմյանց, անձայն որոշելով, թե ով պատասխանի այդ հարցին: Պատասխանեց մայրը.
– Որտե՞ղ պիտի լինի, գյուղում է: Էն այն փչացածի տանն է ապրումը…
– Եվգինեի տա՞նն է, ուրեմն:
– Բա էլ ո՞ւր , – միջամտեց Անուշ մորաքույրը: – Ոչինչ չես ասի, լավ էլ գտել են մեկը մեկին:
– Այսինքն, ծնողների մոտ չի գնացել… – մտամփոփ արտաբերեց Արսենը:
– Ո՞ւր պիտի գնա: Ու ինչպե՞ս պիտի գնա, ինչպե՞ս պիտի այս ամենից հետո նայի ծնողների աչքերին…
Արսենը նորից ծուռ նայեց մորաքրոջ երեսին, խռպոտ ձայնով ասաց.
– Ժամանակն է, որ մեղմեք չարություններդ: Հիմա նա ձեզ ոչնչով չի խանգարում:
Ներքուստ նա տարօրինակ զգացում ունեցավ. անսպասելիորեն թեթև դող անցավ ողջ մարմնով մեկ: Այդ պահին նա գրեթե զղջաց, որ տուն է վերադարձել: Վեր կացավ սեղանից, ոտքով հեռացրեց աթոռը և դուրս եկավ սենյակից` վերջին պահին առանց շուռ գալու նետելով.
– Հիմա կգամ:
– Ո՞ւր ես գնում այս ուշ ժամին, որդիս, – նրա հետևից մի երկու անհաստատ քայլ արեց մայրը:- Հանգստանայիր մի քիչ:
Ամուսնու անսովոր կոշտ ձայնը կանգնեցրեց նրան.
– Նստիր տեղդ: Նա շատ լավ գիտի, թե ուր պիտի գնա…
Ծերուկը ճիշտ էր: Արսենը գիտեր, թե ուր պիտի գնա:
Էլեկտրական վառ լույսից հետո փողոցը թվում էր մթնած, ինչպես որ կար իրականում: Արսենը կանգնեց պատշգամբում, վարժվելով մթությանը: Հեռավոր սարերի վրա ամպրոպ էր փոթորկվում և վերջալույսի ճառագայթալից սև համայնապատկերի վրա՝ դուրս սողալով մթությունից, դանդաղորեն նշմարվում էին բանջարանոցի ցցերի, տների, ծառերի ուրվագծերը: Նա իջավ պատշգամբից և արդեն առանց կանգ առնելու, լայն քայլերով ուղղվեց դեպի ցանկապատը:
Ռուբեն Գրիգորյանի թիթեղյա տանիքով երկհարկանի քարե տունը գտնվում էր հարևան փողոցում, սովխոզի հաշվապահությունից ոչ հեռու: Այնտեղ ևս լույսը վառվում էր միայն ներքևի պատուհաններում, բայց տունը, թեև այն գրեթե նույնպիսի տուն էր, ինչպես Արսենինը, ինչպես գյուղի շատ տները, ավելի ուրախ տեսք ուներ. համենայն դեպս, այդպես թվաց Արսենին, գուցե նրա համար, որ վերին պատուհաններն այստեղ պարտադիր չէ, որ լուսավոր լինեին: Նա գիտեր, որ վերին սենյակները նախատեսված էին միայն հովեկների համար, իսկ հիմա այնտեղ ոչ ոք չէր հյուրընկալվում: Այդ պատուհաններում լույսը վառվում էր միայն ամռան ամիսներին:
Արսենը անվճռականորեն կանգնեց բակում, չգիտես ինչու համոզված, որ Ռուբենը տանը չէ: Եվ ճիշտ որ, հեռավորության վրա մետաղական խլացած թխկոց հասավ նրա ականջին: Տան հետևում, բանջարանոցի հեռավոր անկյունում գտնվում էր խորթանոցը, որտեղ Ռուբենը պահում էր իր մոտոցիկլետը: Արսենն ուղղվեց այնտեղ: Ճիշտն ասած, դա նույնիսկ ոչ թե խորթանոց էր, այլ տախտակե ծածկ, որի առաստաղից լարով կախված էր հարյուրմոմանոց, խիստ փոշոտված լամպ: Նրա բավականին պայծառ լույսի տակ, ծալապատիկ նստած և կլանվածությունից լեզվի ծայրը ծիծաղելիորեն դուրս հանած, Ռուբենը լաթով տրորում էր ինչ-որ ատամնանիվ, որը երևի հենց նոր էր հանել կերոսինով լցված ամանից: Կողքին, յուղաթաթախ լաթերի վրա դասավորված էին մոտոցիկլետի քանդված շարժիչի մասերը, պտուտակիչներ, մանեկաբանալիներ, աքցաններ և այլ գործիքներ:
Արսենը, մթության մեջ կանգնած, շուրջ մեկ րոպե լուռ դիտեց նրան` չհամարձակվելով քայլել դեպի լուսավոր շրջանը: Հետո թեթևակի հազաց բռունցքի մեջ: Ռուբենը շրջվեց` յուղոտ ափով պատնեշվելով լույսից:
– Ո՞վ է: Գոհարիկ, դո՞ւ ես:
Արսենը դուրս եկավ մթությունից:
– Ես եմ, Ռուբեն… Բարի երեկո…
– Արսե՞ն… Դո՞ւ ես… Եկե՞լ ես, ինչ լավ է…
Ռուբենի խոշոր, ասես քարից տաշած երեսը վայրկենապես ողողվեց բերկրալի լայն ժպիտով: Նա արագ ոտքի կանգնեց, շփոթված նայեց իր կեղտոտ ձեռքերին, ապա մի լաթ գտավ և հընթացս մաքրելով ձեռքերը` շարժվեց դեպի Արսենը` նրան գրկելու հաստատ որոշմամբ: Բայց Արսենը միայն ձեռքը մեկնեց նրան և Ռուբենը, փոքր-ինչ այլայլվելով, անհմուտ սեղմեց այն, մեքենայաբար շուրջը նայելով, ասես փնտրելով, թե ուր նստեցնի հյուրին, բայց ողջ ծածկի տակ, բացի շուռ տված մի աթոռակից, ուրիշ բան չկար:
– Ազատվել ես, նշանակում է… Լավ է… – Նա նորից շուրջը նայեց: – Ինչո՞ւ ենք այստեղ կանգնել, տուն գնանք:
Նա պատրաստվեց ձեռքերը լվանալ կերոսինե ամանի մեջ, բայց Արսենը պահեց նրան.
– Չէ, Ռուբեն, տուն չեմ գա: Քեզ մոտ գործով եմ եկել:
– Լսիր, գոնե մի քանի րոպեով կարո՞ղ ես ներս մտնել:
– Չէ, այստեղ խոսենք:
Այդ «խոսենք» բառից, որը սովորաբար ոչ մի լավ բան չէր խոստանում, Ռուբենն ասես միանգամից սառեց, նրա բերկրալի եռուզեռը տեղնուտեղը ընդհատվեց:
– Դե՛, որ տուն չես ուզում, ես նստեմ, – ասաց Ռուբենը:
Իջնելով աթոռակին` նա հուզախռով սպասողականությամբ ներքևից վեր նայեց Արսենին:
– Դե ինչ, Արսեն, խոսիր, այդ ի՞նչ գործ է, գուցե մի բանով օգտակա՞ր լինեմ:
Արսենը հասկացավ, որ Ռուբենը արդեն գիտի, թե ինչի մասին է խոսակցությունը և ներքուստ լարվեց, ինչպես խոր փոսի վրայով թռչելուց առաջ: Որպեսզի ծածկի լարվածությունը, Արսենը կռացավ, լաթի վրայից վերցրեց լավ լվացած ատամնանիվը և սկսեց ուսումնասիրել, աչքի պոչով նկատելով, թե ինչպես է Ռուբենը, առանց գլուխը շրջելու, շեղ նայում իրեն:
Եվ այստեղ հանկարծ մի միտք նրան այրեց ներսից, որից սառը քրտինք տվեց վրան: «Ինչո՞ւ եմ այստեղ, ինչի՞ եմ սպասում, ի՞նչ կարող է նա ինձ ասել»: Եվ հանկարծ տեսավ իրեն, ասես կողքից, պատկերացրեց, թե ինչպես է ժլատությամբ բառերը ընտրելով, ստորացած ժպիտով հարցնում ընկերոջը, համագյուղացուն, արդյոք ճի՞շտ է այն, ինչ մորաքույր Անուշը քանիցս գրել է Ելենայի մասին… Պատկերացրեց, թե ինչպես է Ռուբենը դանդաղորեն բարձրանում աթոռակից, կանգնում ողջ հասակով մեկ, և նայելով իրեն, արհամարհական քմծիծաղով ասում է այն, ինչ որ կասեր յուրաքանչյուր ոք, ով էլ լիներ Ռուբենի տեղ. «Եթե դու առողջարանից գայիր ու ինձ այդ հարցը տայիր, ես քեզ, առանց խղճի խայթի, կոպտորեն դուրս կանեի այստեղից…»:
– Դե՛, ի՞նչ ես լռում, Արսեն, խոսիր:
Արսենը ոչինչ չպատասխանեց:
Ռուբենը գրպանից հանեց «Ավրորայի» ճմռթված տութը, մի ծխախոտ վերցրեց, ապա տուփը մեկնեց Արսենին: Նա մեքենայաբար վերցրեց: Երկուսն էլ սկսեցին այնպես ծխել, ասես մինչ այդ մի ամիս չէին ծխել: Ռուբենը, ուշադրությամբ դիտելով, թե ինչպես է կրակը աստիճանաբար խժռում իր ծխախոտը, վերածվելով գորշ մոխրի, խոսեց համաչափ, հանդարտ ձայնով.
– Ճիշտ արեցիր, Արսեն, որ ոչինչ չասացիր: Նշանակում է, խիղճդ դեռ չես կորցրել: Չգիտեմ, քեզ ով ու ինչ է գրել Ելենայի մասին, բայց ճիշտը չի գրել: Հասկանո՞ւմ ես, Արսեն, կնոջը, որին ատամները չեն հասնում, ուտում են աչքերով ու բամբասանքներով: Քեզ սուտ բաներ են գրել: Այդպիսի կանայք, ինչպիսին նա է, այնքան էլ հաճախ չեն պատահում: Նրան զրպարտել են: – Նա նորից ծուխը ներս քաշեց, ապա ծխուկը շպրտեց հողե հատակին, ոտքով տրորեց: – Մի անգամ դու արդեն մեղքը վիզդ ես առել, քո նամակից հետո նա կուրացավ…
– Ինչպե՞ս թե կուրացավ, – չհասկացավ Արսենը, ենթադրելով, որ դա հավանաբար ինչ-որ այլաբանություն է: – Ի՞նչ է նշանակում` կուրացավ:
– Այդպես, դադարեց տեսնել: Բժիշկ Շահգելդյանն ասաց, որ դա նյարդային ցնցումից է… Գոնե մտածեիր, նախքան նրան այդպիսի բան գրելը:
– Ինչպե՞ս է նա հիմա, – կտրուկ հարցրեց Արսենը:
– Բարեբախտաբար, մի երկու շաբաթ հետո ամեն ինչ անցավ: Նա նորից աշխատանքի է գալիս: Դրա համար Եվգինեին պետք է շնորհակալություն հայտնել, խնամել է նրան, ինչպես իր հարազատ երեխային: – Նա հանեց լուցկին: – Քո ծխախոտը հանգել է:
Արսենը խոնարհվեց նրա հզոր ափերի վրա, որոնց ներսում թրթռում էր լուցկու կրակը:
– Իսկ հիմա լսի՛ր, Արսե՛ն: Գնա նրա մոտ: Ինձ մոտ անելիք չունես:
– Հա, կարծես թե… – մռթմռթաց Արսենը, շրջվեց ու դուրս եկավ ծածկի տակից:
Դուռը բացեց Եվգինեն և կարճ մի ճիչ արձակելով, ընկրկեց, երկու ձեքերը դնելով այտերին:
– Բարի երեկո, Եվգինե, – արտաբերեց Արսենը, ինքն էլ շփոթվելով նրա արձագանքից, տարածելով ձեռքերը և հիմարաբար ժպտալով, ասես վախենալով հարցնել այն մասին, հանուն ինչի եկել էր:
Եվգինեն չպատասխանեց նրա ողջույնին, երևի նույնիսկ չլսեց բառերը: Նայում էր նրան իր մեծ ու կլոր աչքերով, ասես իր առաջ տեսնում էր կենդանացած ննջեցյալի:
– Իսկ Ելենան ո՞ւր է: Քեզ մո՞տ է:
Եվգինեն վերջապես վերագտավ խոսելու ունակությունը:
– Քնած է, քիչ առաջ աչք փակեց, – ասաց նա և անսպասելիորեն աշխուժացավ, – Աստված իմ, իսկ ինչո՞ւ ենք կանգնել շեմին: Նե՛րս արի:
– Ես քնա՛ծ չեմ, – լսվեց Ելենայի ձայնը հարևան սենյակից:
Արսենը նետվեց ձայնի կողմը, բայց նույն պահին ննջարանի դռան կիսամութ բացվածքում, ինչպես ծովի ճերմակ փրփուրներից ելած ջրահարս, հայտնվեց Ելենան` երկար սպիտակ գիշերանոցով: Եվ Արսենը դեռ չէր հասցրել ուշքի գալ, Ելենան կախվեց նրա պարանոցից ու այդպես քարացավ` երանությամբ փակելով աչքերը՝ այտը հպած նրա այտին:
Եվգինեն, դռան մոտ կանգնած, գլխաշորի եզրով սրբում էր արցունքները: Եվ հասկանալի չէր, նա լալիս էր ուրախությո՞ւնից՝ հանուն Ելենայի երջանկության, թե՞ այն մտքից, որ հիմա արդեն Ելենան անկասկած կգնա իր մոտից, և ինքը նորից կմնա այս չորս պատերի մեջ` միայնակ ու անտիրական…
Հետո նրանք՝ Ելենան ու Արսենը, երկար նստել էին թախտին, ասես վախենալով դիպչել մեկմեկու, լռելյայն տանջվելով այն բանից, որ այսքան երկար բաժանությունից հետո, պարզվում է, ոչինչ չունեին իրար ասելու, չգիտակցելով, երևի, որ հարազատը նա չէ սոսկ, որի հետ կարող ես խոսել ժամերով, երբ նույնիսկ ոչինչ չկա խոսելու, այլև նա, որի հետ լռելն անգամ հաճելի է, և որի ցավն առավել ցավագին ես ընդունում, քան քո սեփական ցավը: Իրավ, նրանք ոչ մի ակնթարթ լուռ չէին, անխոս զրուցում էին միմյանց հետ, տալիս անթիվ հարցեր, ստանում դրանց պատասխանները, և այդ ամենը` հարկավ, լուռ, բառ անգամ չարտաբերելով, որովհետև բնազդաբար վախենում էին այդ բարձրաձայն արտաբերած բառերից, որոնք անշուշտ կհնչեին ոչ այնպես, ինչպես իրենցից յուրաքանչյուրի հոգում, և հնչելով բարձրաձայն, կստանային բոլորովին այլ իմաստ, քան ունեին իրենց ներսում, երբ արտասանվում էին լուռ, հոգու ընդերքում, և դրանց պատասխաններն էլ կլինեին ոչ այնպիսին, ինչպիսին կուզենային ի սրտե, որոնք լսում ես, երբ դրանք հնչում են անձայն…
Այդ ընթացքում Եվգինեն գնում գալիս էր սենյակից խոհանոց ու հակառակը, սեղանին դնելով ամենը, ինչ կարելի էր դնել թեյի հետ: Նա դրել էր և՛ գինի, և՛ թթի օղի, բայց մտորելով, հավաքեց և՛ մեկը, և՛ մյուսը, հետո հանկարծ սթափվեց` կողքից երևի ծիծաղելի էր երևում. մե՛կ ըմպելիքները դնում, մե՛կ միանգամից վերցնում էր, ասես թույլ չտալով հյուրին դիպչել դրանց: Կամեցավ նորից դնել սեղանին, բայց մտածելով որոշեց, որ այդպես է՛լ ավելի ծիծաղելի կլինի: Աչքի պոչով նայեց Ելենային ու Արսենին, որպեսզի պարզի` ծիծաղո՞ւմ են, թե ոչ, և համոզվելով, որ նրանք ոչինչ չեն նկատել, հանգստացավ, հետ տարավ գինին ու օղին:
– Դու եղե՞լ ես տանը, – հարցրեց Ելենան:
Արսենը լուռ գլխով արեց: Սպասեց, կհարցնի՞ նա էլի ինչ-որ բան: Ելենան չհարցրեց, բայց հարցը նրա դեմքին էր, և նա պատասխանեց դրան բարձրաձայն.
– Կգնանք այստեղից, Լենա:
«Ե՞րբ»:
Անձայն հարցի պատասխանը չուշացավ.
– Հենց վաղն էլ կգնանք:
«Իսկ ո՞ւր»:
Նույն անձայն հարցն ու պատասխանը.
– Ուր պատահի, միայն թե չենք մնա այստեղ, աշխարհը մեծ է, չենք կորի…
Ելենան իր տաք ափը դրեց նրա ձեռքի վրա, որը մեկնված էր սեղանին և քնքշանքով շոյեց:
– Արա այնպես, ինչպես կգտնես ճիշտ: Ես միշտ քեզ հետ եմ:
Ելենայի ափը շարունակում էր շոյել նրա ձեռքը: Անհասկանալի ցավը անսպասելիորեն սեղմեց Արսենի կուրծքը: Միանգամից գլխի չընկավ, թե ինչն էր դրա պատճառը: Հետո բռնեց Ելենայի ձեռքը, զգուշորեն շրջեց ափը դեպի վեր: Նրա երբեմնի գեղեցիկ մատների վարդագույն փափլիկ բարձիկների տեղ ցեխից սևացած կոշտուկներ էին գոյացել:
«Դժվա՞ր է եղել», – հարցրեց անձայն:
Ելենան նայեց ետ, Եվգինեի կողմը, որն այդ պահին թեյ էր լցնում բաժակները, ասաց թախծոտ ժպիտով.
– Մի՞թե դժվարությունը դրա մեջ է:
Արսենը թեթևակի սեղմեց նրա ձեռքը՝ «Գիտեմ, Լենոչկա, – ասում էր նրա հայացքը: Նա նորից սեղմեց մի քիչ ավելի ուժեղ, – ամեն ինչ գիտեմ, սիրելիս»:
Հետո նրանք թեյ խմեցին հոնի մուրաբայով և հապճեպ պատրաստված թեյը թվաց անուշաբույր, իսկ շաքարած մուրաբան՝ աստվածային: Նրանք կատակում էին, թեև հասկանում էին, որ իրենց կատակները թաթախված էին դառնությամբ և ծիծաղը` ձգված նյարդային գրգռումից, քանի որ նրանցից յուրաքանչյուրը հոգու խորքում, երևի ինքն էլ դա չգիտակցելով, մտածում էր բոլորովին այլ բաների մասին: Արսենը մտորում էր՝ մնա՞ այստեղ` Ելենայի հետ, թե գնա տուն, բայցև երկմտում էր՝ կուզենա՞ արդյոք նա իր հետ գալ: Ավելի շուտ չի կամենա: Այդ դեպքում ի՞նչ անի: Ելենան այլ բան էր մտածում` մերժի՞ արդյոք, եթե Արսենը առաջարկի իր հետ գնալ տուն, իսկ եթե մերժի, Արսենն արդյոք չի՞ նեղանա, իսկ նեղանալով հանդերձ՝ տաքացած չի՞ սկսի իր մերժման պատճառը փնտրել մեկ ուրիշ բանում, քան կա իրականում: Բայց արժե՞ արդյոք նեղացնել նրան երկարատև բաժանումից հետո առաջին իսկ րոպեներին: Ելենան իր մեջ կունենա՞ այնքան ուժ` վիրավորելու նրան մերժումով` վերադառնալ տուն, որտեղից իրեն համարյա վռնդել են: Նա, իհարկե, իրավացի կլինի, եթե հրաժարվի գնալ, և Արսենը պետք է հասկանա իրեն, բայց արժե՞ արդյոք նրա վրա այդքան ծանր բեռ դնել, ավելի լավ չէ՞ ինքը փոքր- ինչ զսպի իր ինքնասիրությունը հանուն Արսենի…
Եվգինեն այդ ժամանակ մտածում էր այն մասին, որ քանի Ելենան ապրում էր իր տանը, իր կյանքը լի էր ինչ-որ իմաստով: Ինքը պետք էր ինչ-որ մեկին, ինչ-որ մեկը սպասում էր իրեն այդ տանը, ինչ-որ մեկին նա ինքն էր սպասում: Եվ թեպետ Ելենան նրան քիչ հոգս չէր պատճառել, գուցե և հենց այդ հոգսի շնորհիվ Ելենան դարձել էր նրա համար այնքան թանկ, ինչպես մոր համար երեխան, որը նրան ամենից շատ դառնությունն է պարգևում, բայց որի հանդեպ օր-օրի սերն ու նվիրվածությունն ավելի է ուժգնանում: Հիմա, երևի, Ելենան կհեռանա իր տնից, մտորում էր նա, և կյանքը նորից միապաղաղ կդառնա, նորից զզվելի, անդուր, անիմաստ: Ինքը վերստին, ինչպես առաջ էր, կվերադառնա դատարկված տուն, որտեղ իրեն ոչ ոք չի սպասում: Կբացի դուռը բանալիով, կմտնի չջեռուցված սենյակ, միայնակ անախորժակ կուտի այն, ինչ կգտնվի ձեռքի տակ (և ո՞ւմ համար տաք ուտելիք պատրաստի) և կպառկի քնելու սառը անկողնում և կսպասի լույսը բացվելուն, որպեսզի նորից գնա աշխատանքի, մարդկանց մոտ, որովհետև մարդկանցով շրջապատված ավելի հեշտ է խլացնել միայնության զգացումը հոգուդ խորքում: Այդ ամենը նա իր կյանքում ապրել էր ոչ մեկ անգամ…
Եվ երբ Եվգինեն, մտքերիի մեջ խորասույզ, դուրս եկավ սենյակից էլի մուրաբա բերելու, Արսենը ցածրաձայն հարցրեց.
– Ի՞նչ ես որոշել Լենա, գնանք տո՞ւն, թե ուզում ես առայժմ մնալ այստեղ:
Եվ Ելենան արեց այն, ինչ չէր կարող չանել. զոհեց իր ինքնասիրությունը հանուն Արսենի: Նա հպվեց այտով նրա ձեռքին ու շշնջաց, երանությամբ փակելով աչքերը.
– Որպեսզի այսքան մոտ լինենք ու միմյանցից հեռո՞ւ: Չէ, հարազատս, կգնանք միասին:
Արսենը գորովանքով նայեց նրան, սիրտը բաբախեց անկանոն, նա վեր կացավ, թեթևակի դիպավ Ելենայի ուսին՝ « Գնա՞նք»: Նախքան տեղից ելնելը, Ելենան աչքերը բարձրացրեց ու նայեց Եվգինեին,մի կարճ պահ հանդիպելով նրա հանգած հայացքին: Եվգինեն նույնպես բարձրացավ և անհասկանալի էր, թե ինչու, սկսեց առանց այդ էլ չոր ու մաքուր ձեռքերը սրբել գոգնոցով:
Արսենը մոտեցավ նրան:
– Դե ինչ, Եվգինե, ասել քեզ այս ամենի համար շնորհակալություն, նշանակում է, ոչինչ չասել…
– Ոչինչ պետք չէ, – ընդվզեց Եվգինեն, – ոչինչ պետք չէ ասել:
– Լա՛վ, չեմ ասի: Բայց մի բան, միևնույն է, պիտի ասեմ. մեծ երջանկություն է, որ աշխարհի երեսին ապրում են այնպիսի մարդիկ, ինչպիսին դու ես: Թե որ քեզ նմանները շատ լինեն… –Արսենն ընդհատեց խոսքը, անսպասելիորեն գրկեց Եվգինեին ու սեղմելով կրծքին, համբուրեց երկու այտերը: – Հաջողություն, սիրելիս, ով գիտի, երբ կտեսնվենք կրկին:
– Դու միայն Ելենային պահպանիր: Իսկ հիմա գնա, մենք առանց քեզ հրաժեշտ կտանք իրար: Հրեն, վերցրու ճամպրուկը, ես ամբողջը դրել եմ այնտեղ՝ մինչ դուք այստեղ զրուցում էիք: – Եվ հանկարծ բացականչեց, – դե՛ հեռացիր, գրողի տարած:
Արսենը վերցրեց ճամպրուկը և դուրս եկավ: Կանգ առավ ծածկի տակ, ականջ դրեց սենյակից լսվող ձայներին. փակ դռան հետևից լացի խլացած ձայներ էին լսվում: Նա հոզմունքով լսեց մի պահ, հետո բակի միջով քայլեց դեպի ցանկապատը, միայն թե հեռու լինի Եվգինեի սիրտ կտրատող աղիողորմ լացից:
Ելենան մի քանի րոպեից դուրս եկավ: Մթության մեջ Արսենը չէր տեսնում նրա դեմքը, բայց այն բանից, որ նա, ինչպես սաստիկ սառնամանիքից՝ կծկվել էր, հասկացավ, որ հրաժեշտը շատ ծանր էր: Արսենը ընդառաջ գնաց, բռնեց նրա ձեռքը, բայց Ելենան շարունակում էր արտասվել: Նա չգիտեր, թե մխիթարության ինչ բառեր շշնջար կնոջը, գուցե և մխիթարանքի ոչ մի խոսք էլ պետք չէր, այդ պատճառով էլ լռում էր: Դուրս գալով ցանկապատից, առանց բառ փոխանակելու, նրանք երկուսով ակամայնորեն ետ նայեցին. Եվգինեն, գլուխն առած ափերի մեջ, դեսուդեն էր գնում լուսավորված սենյակում:
Ելենան կտրուկ շուռ եկավ ու այնպես առաջ շարժվեց, որ Արսենը ակամա բաց թողեց նրա ձեռքը: Եվ այդպես բաժան նրանք քայլեցին մութ, անմարդ փողոցով: Երբ հասել էին տան մոտ, Ելենան քիչ դանդաղեցրեց քայլը, Արսենը նույնպես կանգ առավ, հարցրեց տարակուսած.
– Ի՞նչ եղավ, Լենա:
– Դու միայն… դու միայն մի ստիպիր, որ ես նրանց մոտ մտնեմ, լա՞վ… Որովհետև… ստացվում է` ի՞մ պատճառով է, ամաչում եմ, ես չեմ կարող, – մրմնջաց Ելենան` անմտորեն պտտելով Արսենի պիջակի կոճակը: – Դա հետո… Այսինքն… երբ ժամանակ կանցնի…Ո՛չ ես, ո՛չ նրանք հիմա դա անել չենք կարող: Որովհերև… կեղծ կստացվի, իսկ ես հոգնել եմ այդ խաղից…
Ե՛վ ցավալի, և՛ վիրավորական էր Արսենի համար լսել այդ խոսքերը, ծնողները, միևնույն է, օտար չեն: Բայց նա բառ անգամ չասաց, հասկանալով, որ Ելենան ճիշտ է: Նրանք լուռ մտան բակ, նայեցին տան պատուհաններին, այնտեղ լույս էր վառվում. սպասում էին Արսենին:
Բակի հեռավոր անկյունում, մթության մեջ, կանգնել էր հայրը, ծխում էր: Արսենը նկատեց նրան: Նրանք նույն լռությամբ բարձրացան վեր, մտան իրենց սենյակը, վառեցին լույսը: Սենյակում ոչինչ չէր փոխվել, ամեն ինչ մնացել էր իր տեղում. երևում է, որ այստեղ մտել էին միայն նրա համար, որ մաքրեն, կարգի բերեն սենյակը, փոշի չլինի: Բայց սենյակը նրանց թվաց սառը և անբարետես, ասես սխալմամբ հայտնվել էին անբնակ շինության մեջ: Ելենան ինչպես որ անձրևանոցով էր՝ այդպես էլ մնաց կանգնած, շփոթված ու ընկճված: Արսենը շեղակի նայեց նրան ու մի պահ նրան այրեց սատանան գիտի որտեղից հայտնված միտքը. «Իրո՞ք ես խելահեղ կերպով սիրում եմ նրան: Թե՞ լոկ խաբկանք է դա»:
– Սատանան գիտի թե ինչ է սա… – անգամ իրեն համար անսպասելի` բարձրաձայն արտասանեց նա:
– Ի՞նչը: Ինչի՞ մասին է խոսքը
Արսենը չպատասխանեց: Ելենան ջղագրգիռ կրճտացրեց մատները և նայելով ամուսնու՝ լայն բացված աչքերին, արտասանեց բառեր, որ իրեն անգամ սարսափելի թվացին.
– Այնպիսի տպավորություն ունեմ, ասես իմ մեջ ինչ- որ բան փշրված լինի, և կարծես ես այլևս չեմ սիրում քեզ… Մենք օտարացել ենք: Հնարավո՞ր է այդպիսի բան:
Արսենը այնպես նայեց նրան, ասես դա ոչ թե Ելենան էր, այլ ինչ-որ անհայտ տեղից անսպասելիորեն հայտնված նրա ստվերը, իսկ իրական Ելենան չկար:
– Ինչ-որ առեղծված է սա… – շշնջաց Արսենը:
– Ի՞նչը:
– Ես քիչ առաջ նույնը մտածեցի քո մասին…
– Դո՞ւ… Չէ… Չէ՛:
– Իհարկե՝ չէ: – Արսենը քայլեց նրա կողմը, ծնկով ակամա տեղաշարժելով բազկաթոռը, գիրկն առավ հառաչանքով դեպի իրեն նետված Ելենային: – Սատանայական կախարդանք էր դա: Երևի այս սառը, անբարեհարմարավետ սենյակից էր, այս հիմար սառնությունից… Չհավատաս… Լենոչկա, չհավատաս երբեք, թե երբևէ կարող եմ չսիրել քեզ առաջվա խելացնոր սիրով, չէ՞ որ դու արժանի ես դրան՝ քո անբասիր սիրով, նվիրվածությամբ, քո դյուրզգաց թովչանքով ու ինքնազոհությամբ…
– Այո… այո… այո… – թոթովում էր Ելենան՝ երկար ու համառորեն զսպված քնքշանքի ալիքից խեղդվելով: Դողը ցնցում էր նրա մարմինը, և նա՝ կախարդված այս մեծ աշխարհում իր համար միակ սիրելի տղամարդու տոչորված շուրթերի հպումից, շարունակում էր թոթովել ինքնամոռաց: – Այո, սիրելիս… Չեմ հավատա՝ ո՛չ քեզ, ո՛չ ինձ… Որովհետև սերը մեր կյանքի առանցքն է, և կյանքում մի երջանկություն գոյություն ունի միայն՝ սիրել ու լինել սիրված,- շշնջում էր նա, զգալով, ինչպես է սենյակը ջերմանում, և ինչպես է այդ ջերմությունը մեղմանուշ ալիքներով մղվում դեպի իրեն. մեկը մեկից հետո, մեկը մեկին հաջորդելով՝ ոտքից գլուխ ողողելով փոխադարձ սիրո քնքշալից երջանկությամբ…
Առավոտյան արթնանալով՝ Ելենան, առանց աչքերը բացելու, ձգվեց դեպի Արսենը, սակայն նա կողքին չէր: Նա վախվորած բացեց աչքերը, նայեց շուրջը: Արսենը սենյակում չէր: Գուցե հյուրասենյակո՞ւմ է: Ականջ դրեց, արդյոք քայլեր չէ՞ն լսվում: Բայց ձայն չկար: Նա ձայն տվեց. Ոչ մի պատասխան: Նրա սիրտը նվաղեց այն նախազգացումից, որ Արսենը հավանաբար իջել է ներքև, որպեսզի զրուցի հարազատների հետ: Անցումը երջանիկ կիսաքնից, որի մեջ նա գտնվում էր մինչ այդ րոպեն, դեպի կենդանի ու սթափ իրականություն այնքան կտրուկ ստացվեց, որ նա մի քանի րոպե պառկած էր՝ աչքերը ամուր կկոցած, ստիպելով իրեն կրկին վերադառնալ բերկրալի անրջանքին: Վերադառնալ չհաջողվեց, խանգարում էին անուրախ ենթադրությունները` կապված նրա հետ, թե ինչ էր տեղի ունենում հիմա այնտեղ` ներքևում, տան ծնողական կեսում: Այդ ենթադրությունները խանգարում էին նրա հանգիստը՝ իրենց սարսափեցնող անարդարությամբ: Հավանական է, որ իր համար ավելի թեթև կլիներ, եթե ինքն էլ հիմա լիներ այնտեղ: Բայց ոչ, նա չէր ուզում այնտեղ լինել: Եվ ոչ միայն նրա համար, որ խանգարում էր անբարեհաճությունը այդ մարդկանց հանդեպ, նա կարող էր դա հաղթահարել: Պարզապես վախենում էր, որ իր բացակայությունը ինչ-որ կերպ կարող էր դժվարացնել կամ սրել խոսակցությունը, որը հավանաբար տեղի էր ունենում հույզերի հիման վրա: Ի վերջո, Արսենի ծնողներին էլ կարելի էր հասկանալ. նա հեռանում է հայրական տնից, և դրանում մեղավոր է, իհարկե, նա` Ելենան, օտար կինը, որ մտել էր այդ տունը և խռովություն մտցրել խաղաղ, աշխատավոր, հաշտ ընտանիքի մեջ: Համենայն դեպս, այդպես էին մտածում նրանք… Այդ էին նրանք ասում ամենուր:
Դարձավ անտանելի` պառկել անշարժ և խճճվել ենթադրությունների մեջ: Նա գցեց ծածկոցը, վեր կացավ, հագնվեց, իրեն կարգի բերեց: Նայեց պատուհանից. խոնավ առավոտ էր, այս ու այնտեղ սահում էր թափանցիկ մառախուղը, բայց անձրև կարծես չկար: Դե դա գոնե լավ էր, թե չէ` անհաճ կլիներ հեռանալ անձրևով… Բայց մի բանով պետք է զբաղվել: Անտանելի է հենց այնպես նստել պատուհանի մոտ ու սպասել ինչ-որ բանի… Նա հավաքեց մահճակալը, ավլեց հատակը, ուղղեց պատուհանների վարագույրները, աթոռները շարեց ազատ անկյուններում: Է՞լ ինչ անել: Մտածի՛ր, մտածի՛ր: Մի զբաղմունք մտածիր: Ահա՛, գրքերը գրադարակում ի՜նչ անկարգ վիճակում են, դա, իհարկե, Դմիտրիի արածն է: Միշտ էլ այդպիսին է եղել, ամեն ինչ իրար կխառնի ու կթողնի այդպես: Ելենան մաքրեց գրքերի փոշին, սրբեց շապիկները, կողերիզները և նորից դասավորեց իրենց տեղում: Դրա վրա ծախսվեց կես ժամից ոչ ավելի: Իսկ Արսենը չկար ու չկար:
Ելենան, փոշոտ շորը ձեռքին, մոտեցավ լուսամուտին, մի պահ կանգնած ականջ էր դնում, թե չե՞ն լսվում արդյոք ծանոթ քայլերը՝ աստիճանների վրա, հետո չհամբերեց, դուրս եկավ ծածկապատշգամբ, նայեց բակի կողմը: Այնտեղ էլ ոչ ոք չկար: Վերադարձավ սենյակ, վերցրեց առաջին պատահած գիրքը, նստեց պատուհանագոգին, որոշելով տարվել իր համար այս պահին անհարիր զբաղմունքով` ընթերցանությամբ: Եվ իհարկե, դրանից նույնպես ոչինչ դուրս չեկավ: Մի քանի րոպեից հասկացավ, որ անվերջ կարդում է նույն տեքստը ու մտքին ոչինչ չի մնում: Նա հուսաբեկ փակեց գիրքը:
Սովխոզի տնօրեն Գաբրիել Բալայանը միայնակ էր աշխատասենյակում: Նա նստել էր մեծ սեղանի դիմաց և խառնելով ալեհեր մազերը, ինչ-որ բան էր գրում: Դռան մեջ տեսնելով առանց թակոցի ներս մտած Արսենին, զարմանքով բարձրացրեց հոնքերը:
– Դո՞ւ ես…
– Բարի լույս, Գաբրիել Հարությունովիչ:
– Լսիր, դու ե՞րբ ես եկել, – տնօրենը դուրս եկավ սեղանի հետևից և թափով հարվածեց Արսենի մեկնած ձեռքին: – Դե՛, ուրախ եմ, թանկագինս, այնքան ուրախ, որ ասելու չէ: Նստի՛ր, պատմի՛ր:
– Ինչի՞ մասին:
Տնօրենը թեթևակի ծիծաղեց.
– Տնաշեն, քի՞չ բան կա պատմելու… Ասում են ձերոնց չէիր գրում, ինչո՞ւ:
–Շարունակ տեղից-տեղ էին փոխադրում, դրա համար… Դե համարյա բան չկա պատմելու: Ավելի լավ է, դուք պատմեք, ինչպե՞ս են գործերը տնտեսությունում:
– Սովորական: Անցյալ տարի վատ բերք չունեցանք:
– Իսկ ինչպե՞ս են իմ այգիները Խոր ձորում:
– Եթե հավատանք Ռուբենին, երկու տարուց մենք այնտեղից կստանանք շրջանում ամենամեծ բերքը, Սամվել Մամունցին կտանք, կանցնենք: Այնպես որ, շնորհակալ ենք քեզ այդ հեկտարների համար: Աստված քեզ հետ, գործի անցիր, տեսնենք:
Արսենը լուռ խաղաց սեղանի վրա թանաքամանի կափարիչի հետ: Տնօրենը զգաստացավ:
– Ի՞նչ ես լռում: Կարծում ես, Ռուբենին կվիրավորե՞նք: Նա ինքն էլ է անհամբեր սպասում, թե դու երբ կվերադառնաս: Չե՞ս հավատում: Ուզո՞ւմ ես, կանչեմ, թող ինքն ասի:
Արսենը կափարիչը դրեց թանաքամանի վրա:
– Պետք չէ, Ռուբենը կապ չունի: Ես պարզապես այստեղ չեմ կարող մնալ:
Տնօրենը կտրուկ հետ տարավ գլուխը` ասես անսպասելի հարված ստացավ կզակին:
– Սպասիր, Արսեն, ի՞նչ ես ասում: Ինչպե՞ս թե չես կարող:
– Այդպես, չեմ կարող և վերջ, – ուսերը թոթվեց Արսենը: – Ապրել իմ գյուղում, չհամարձակվելով նայել համագյուղացիների աչքերին, ինձ զգալ ինչ-որ վտարանդի, որսալ խղճահարության և չարության հայացքներ…
– Լսի՛ր, – ընդհատեց Բալայանը, – բայց դու հո հանցագո՞րծ չես: Դե՛, դժբախտություն է եղել, ողբերգական պատահար: Դու հո դիտմամբ չե՞ս արել, պատահմունք էր՝ եղավ: …
– Գուցե և հանցագործ չեմ, բայց դրանից ինձ համար ավելի հեշտ չէ:
– Երևում է, դու արդեն սկսել ես վատ մտածել տոնաշենցիների մասին, կարծես առաջին օրն ես ճանաչում: Նոր ես վերադարձել, դեռ ոչ մեկին չես տեսել, ոչ մեկի հետ չես խոսել:
– Հենց բանն էլ այն է, որ և՛ տեսել եմ, և՛ խոսել:
– Ո՞ւմ հետ, ե՞րբ:
Արսենը զսպեց հոգոցը: Ասաց դանդաղ, դժվարությամբ.
– Երեկ երեկոյան: Նախ այցելեցի քրոջս: Կարծում էի, միասին կգնանք գերեզմանոց, կնստենք Գրիշիկի գերեզմանի մոտ: Դե նրանց ցավը այս ընթացքում, թեկուզ քիչ, բայց բթացած կլինի: Իսկ իմ ցավը դեռ թարմ է, նստած է ներսումս, չէ՞ որ ինքս, իմ իսկ ձեռքով… Ես մինչ օրս տեսնում եմ նրա սարսափահար, լայն բացված, աչքերը: Դրանք ասես հանդիմանությամբ ինձ են նայում… Գիշերներն արթնանում եմ ամբողջապես քրտնքի մեջ կորած, իսկ հետո վախենում եմ քնել: Ե՛վ այդ աչքերը, և՛ արյունը՝ ականջներից, և՛ ցեխոտ անձրևանոցը… Դա իմ ներսից երբեք չի վերանա: Դա իմ ամբողջ կյանքում կբավարարի…
– Եվ ի՞նչ ասացին քույրդ, Մուշեղը, – հարցրեց տնօրենը:
– Մուշեղը տանը չէր: Իսկ Արփիկը, հենց տեսավ ինձ դռանը, միայն ասաց. «Մենք օտար ենք, Արսեն, այլևս օտար, և այս տանը դու անելիք չունես…»: Եվ ես լուռ հեռացա ծեծվածի նման՝ խոնարհաբար ընդունելով իմ մշտական մեղքը նրա առաջ և նրա սրբազան իրավունքը` քամահրանքով քշել ինձ իր տնից… Սարսափելի զգացում է` ընդունել ուրիշի իրավունքը` քեզ ստորացնելով: Դա ինչ-որ ստրկական մի բան է, Գաբրիել Հարությունովիչ: Թշնամուս չեմ ցանկանա:
– Հը՜մ… – մտահոգ արտաբերեց Գաբրիել Բալայանը: – Հետո՞ ինչ եղավ:
– Առաջինը, որ ցանկացա անել, ավտոբուս նստելն ու հեռանալն էր գյուղից` ուր բախտը կտաներ իր հետ: Բայց մտածեցի Ելենայի մասին, այսքան սպասել է, թեև կարող էր թողնել ու գնալ, և ոչ ոք չէր մեղադրի նրան:
– Ինչ մեղքս թաքցնեմ, Արսեն, – արտաբերեց տնօրենը մի տեսակ շփոթված, – դատից հետո ես ինքս ել համոզեցի նրան գնալ: Մտածում էի, որ իր համար այդպես ավելի լավ կլինի: Իսկ նա, տեսնում ես՝ այլ կերպ է մտածել… Նա հոյակապ մարդ է, ահա թե ինչ կասեմ քեզ: Եվ ինչպե՜ս այն ժամանակ ձեռքդ գնաց այդպիսի՜ բան գրել նրան…
– Ես ինքս էլ չգիտեմ… Ինչ-որ մլար էր պատել, աչքիս ոչինչ չէր երևում: Մորաքույրս այնպիսի բաներ էր գրում նրա մասին, որ… Դե ահա, Ելենայի համար էլ չհեռացա: Մայրուղուց ոտքով եմ եկել միչև գյուղ, երբեմն մեկ-մեկ մեքենա էր պատաքում, բայց ամեն անգամ, ինչպես մանր գող, թաքնվում էի ծառերի հետևում:
– Եվ շատ իզուր, – նախատինքով գլուխը թափահարեց տնօրենը:
– Իզուր թե ոչ իզուր, այդպես է եղել: Նույն այդ ստրկականը վանում է ինձ մարդկանցից: – Արսենը վերցրեց սեղանից թղթի մի շերտիկ ու սկսեց փաթաթել մատին: – Գալիս եմ տուն, ուրեմն, մերոնք հեռուստացույց են դիտում: Ինչ-որ կատակերգություն է: Ծիծաղում են այնպե՜ս ուրախ: Տեսան ինձ, տեղներից թռան, հապճեպ անջատեցին հեռուստացույցը. ինչպե՜ս չէ, սգի մեջ՝ ու հեռուստացույց նայե՞ն: Չի կարելի… Եվ անմիջապես դեմքներին համաշխարհային սուգ` Գրիշկայի համար: Վիրավորված սրբություն` սա արդեն Ելենային էր վերաբերում: Սիրտս խառնեց: Այնպես խառնեց… Նայեցի մորաքրոջս, իսկ գլխումս մի բան է միայն. ախր նրա պատճառով էր, որ գրեթե ողջ գյուղը Ելենայի դեմ տրամադրվեց:
– Դե՛, տոնաշենցիների հետ այնքան էլ հեշտ չէ… Խոստովանության կարգով՝ գյուղը Ելենային լավ է վերաբերվում՝ ես կասեի սիրով և ըմբռնումով:
– Այնուամենայնիվ նրան էին մեղադրում գրեթե բոլոր դժբախտություններում, որ տեղի էին ունենում գյուղում:
– Քեզ Ելենա՞ն է ասել, – հարցրեց տնօրենը:
– Չէ հա, ընդհակառակը, նա ամեն ինչ թաքցնում է ինձնից, նույնիսկ հիմա ոչինչ չի ասում: Մերոնց խոսքերից իմացա: Թե նրանց լսես, մանավանդ մորաքրոջս՝ ձմեռվա ցուրտն էլ նրա պատճառով է:
– Հա՜…Մորաքրոջդ մատը խառն է ամեն ինչում, ինձ թաքուն ասել են, որ քո նամակները փոստատարից վերցրել ու թաքցրել է տանեցիներից: Խիղճ չունի ամենևին: Տես, Ելենան չգիտի այդ մասին, նրան ասել պետք չէ: Պարզապես զարմանում եմ՝ որտեղից այդքան չարությունն այդ պառավի մեջ:
– Չարությունը երբեք միատեսակի չի լինում, ով-ով՝ դուք դա լավ գիտեք:
– Գիտեմ, Արսեն, ամեն ինչ գիտեմ… Իսկ գյուղից քո հեռանալու որոշումն ո՞ւմն է, քո՞նը, թե Ելենայինը:
– Դե՛ ահա դուք էլ՝ մյուսների պես, – դառնությամբ արտաբերեց Արսենը:
– Ե՞ս, – չհասկացավ տնօրենը:
– Մեկ րոպեում դուք հասցրիք երկու անգամ ինչ-որ բանում կասկածել Ելենային: Չէ,՛ նրանը չէ, ի՛մ որոշումն է, ի՛մը:
Տնօրենը ծիծաղեց.
– Հըմ… իսկապես… Լավ, կներես…– Նա նայեց Արսենին: – Բայց ես այդպես էլ չհասկացա, ինչո՞ւ ես գնում: Ի՞նչն է քեզ քշում գյուղից:
– Նույն բանը… դե՛ կոչենք դա բարդույթ, – քմծիծաղեց Արսենը:
– Ոչինչ չեմ հասկանում: Ի՞նչ բարդույթի մասին է խոսքը:
Արսենը հոգոց հանեց:
– Ինքդ քեզնից չես փախչի, բայց գոնե` բոլորից հեռու կլինես… Հասկացեք, ես պետք է ազատվեմ մշտական մեղքի այդ կեղեքիչ զգացումից, դա ինձ կաշկանդում է շարունակ: Այստեղ դա հնարավոր չէ, ամեն ինչ աչքիս առջև է:
Բալայանը տարակուսանքով օրորեց գլուխը.
– Դժվար է… Ինչ ասեմ, բայց և այնպես, գուցե դու ճիշտ ես: Չգիտեմ, ես չէ, որ պետք է ճիշտ գնահատական տամ:
– Ես էլ չգիտեմ, բայց ուրիշ ելք չեմ տեսնում:
– Նշանակում է, հաստատ որոշել ես: Այդպե՜ս… Դե, իսկ ի՞նչ եղան քո ծրագրերն ու մնացած բոլոր բարի մտադրությունները: Հիշում եմ, դրանցից դու մի ամբողջ կույտ ունեիր:
Արսենը չպատասխանեց: Նա խորհում էր այն մասին, որ ինքը կարծես թե ինչ-որ բանում մտել է փակուղի:
– Դե ինչ, Արսեն, ինչպես ասում են, տնտեսական հարց է: Պահել քեզ չեմ համարձակվում, թեև ազնվորեն ասեմ, մենք մշտապես զգում ենք ու կզգանք քո կարիքը:
– Դե դա չափազանցնում եք: Անփոխարինելի մարդիկ չկան:
– Չեմ հասկանում… – Բալայանը վերստին տարուբերեց գլուխը: – Այնքա՜ն բան ես այստեղ արել: Ափսոսդ չի՞ գալիս` թողնել այդ ամենը:
– Պետք չէ այդ մասին, Գաբրիել Հարությունովիչ:
– Լսիր, իսկ քո դիսերտացիա՞ն: Դրա մասին մտածե՞լ ես:
– Ոչ մեկին պետք չէ այն, բացի ինձնից, – քմծիծաղեց Արսենը: – Աշխարհն առանց իմ դիսերտացիայի էլ մի կերպ առաջ կգնա:
– Նայած: Դե լավ, ինչո՞վ կարող եմ օգտակար լինել քեզ:
– Եթե հնարավոր է, ինձ մեքենա տվեք մինչև մարզկենտրոն:
– Քո ծառայողական «Գազիկը» կուզե՞ս:
– Չէ՛, չեմ ուզում…
– Հասկանալի է: Դե իմ մեքենան վերցրու: Ալյոշան հետ կքշի այնտեղից:
Այս համաձայնությամբ էլ բաժանվեցին:
ՇԱՐՈւՆԱԿՈւԹՅՈՒՆԸ այստեղ՝ https://miaban.ru/info/armenia/adyan-hars-4/