ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Ռ ՈՒ Ս Հ Ա Ր Ս Ը
(Վեպ)
ԳԼՈՒԽ ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ
– Տեսնում եմ, դու ամբողջը հասցրել ես անել: Նույնիսկ` մի քիչ էլ ողբալ, – ասաց Արսենը` մտնելով սենյակ:
Ելենան նետվեց նրա գիրկը` բացականչելով.
– Ո՞ւր էիր: Ինչ ասես, որ չեմ մտածել: Դե՛, ո՞ւր էիր:
– Ամեն տեղ, Լենա, ամեն տեղ եղել եմ: Ճանապարհին կպատմեմ: Ճամպրուկները պատրա՞ստ են: – Նա նայեց սենյակի անկյունին: – Հրաշալի է: Իսկ հիմա վերցրու քոնը, դա թեթև է և գնա փողոց, այնտեղ մեզ սպասում է տնօրենի «Ուազիկը»: – Նկատելով, որ Ելենան տատանվում է, Արսենը հանգստացրեց նրան: – Մի՛ վախենա, բակում ոչ ոք չկա, և խոսակցություններ չեն լինի: Ես ծնողներիս հետ զրուցել եմ: Ամեն ինչ լավ կլինի: Չնայած, լա՛վ, միասին դուրս գանք: – Նա վերցրեց երկու ճամպրուկները: – Դու ոչինչ չե՞ս մոռացել:
Բակում իսկապես ոչ ոք չկար: Ելենան նստեց դիրեկտորական «Ուազիկը», վարորդը` Ալյոշան, ճամպրուկները տեղավորեց բեռնախցիկում: Ճռճռացնելով զսպակները` «Ուազիկը» լքեց բակը և հասավ շրջադարձին: Ելենան հետ շրջվեց, նայեց հեռացող տան կողմը և սրտում խորին ցավ զգաց. այնտեղ, երկհարկ տան ետևում, ծառերի տակ հազիվ նկատելի, կանգնել էին Արսենի ծնողները, վշտալի, գուցեև արտասվալից՝ նայում էին մեքենայի հետևից:
Վարորդն արագացրեց ընթացքը, և մեքենան արագորեն սլացավ անմարդ փողոցներով:
Ելենան, մտքերի մեջ խորասույզ, փորձում էր պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել Արսենի ու նրա ծնողների միջև, որ այդպես լուռ, առանց վիճաբանության, ինչը անբնական էր սպասել, համաձայնեցին, կամ գուցե հաշտվեցին հայրական տնից որդու հեռանալու հետ: Բայց այդպես էլ ոչ մի խելամիտ բացատրություն չգտավ, իսկ հարցնել Արսենին չէր համարձակվում: Երևի չէր էլ կարողանա հարցնել, եթե նույնիսկ համարձակվեր: Արսենը նստել էր Ալյոշայի կողքին և դժկամությամբ պատասխանում էր երիտասարդ ու հետաքրքրասեր վարորդի հարցերին: Ետնամասում նստած՝ Ելենան մերթընդմերթ կիսադեմից նայում էր ամուսնուն, տեսնելով, որ գնալով նրա դեմքն ավելի ու ավելի է մռայլվում, և վերջապես, Ալյոշայի հերթական հարցից հետո նա չդիմացավ, ասաց բարկացած.
– Ալյոշա՛, արի՛ մի քիչ լռիր…
Տղան վիրավորված լռեց և կենտրոնացված սկսեց նայել ճանապարհին:
Գյուղից դուրս գալիս Արսենը խնդրեց թեքվել դեպի ծայրամաս, որտեղ գերեզմանուտն էր: Մի քանի րոպեից մեքենան կանգ առավ գերեզմանոցային ցանկապատի դիմաց: Արսենը դուրս եկավ, ապա հարցական նայեց Ելենային:
– Կարելի՞ է ես էլ գամ, – անվստությամբ հարցրեց Ելենան:
– Արի:
Նրանք քայլում էին գերեզմանաթմբերի ու հուշարձանների կողքով, և այն բանից, թե որքան վստահ էր քայլում Արսենը՝ առանց հետ նայելու, գնալով ուղիղ դեպի Գրիշիկի գերեզմանը, Ելենան հասկացավ, որ նա արդեն եղել է այստեղ:
Նրանք լուռ կանգնեցին գերեզմանի առաջ, նայելով հասարակ գորշ քարին: Ձվաձև լուսանկարից իրենց էր նայում հավերժ ժպտացող Գրիշիկը` իր անհնազանդ գիսախռիվ մազերով:
Ելենան խոնարհվեց, շուրթերով հպվեց սառը լուսանկարին, խորունկ ցավով մտածելով այն մասին, որ ընդմիշտ բաժանվում է նրանից և հուզմունքը ալիք տվեց նրա կրծքում: Արսենը, ձգվելով մինչև նրա ուսը, ասաց խռպոտ ձայնով.
– Գնանք, Ելենա:
Ելենան արցունքներից մշուշված աչքերով մի անգամ էլ նայեց ետ և քայլեց Արսենի ետևից:
Երբ շրջանի սահմաններից դուրս եկան, Ելենան սարսափեց. ո՞ւր են գնում, ո՞ւմ մոտ, որտե՞ղ պիտի ապրեն, ի՞նչ միջոցներով, ինչո՞վ պիտի զբաղվեն: Մինչ այդ պահը բոլոր այդ հարցերը նրան այնքան էլ խորությամբ չէին անհանգստացնում: Հավանական է, այն պատճառով, որ մինչ այդ նա ապրում էր` Արսենի վերադարձին սպասելով: Աշխատանք ուներ, գլխավերև՝ տանիք: Բայց ահա մի ակնթարթում այդ ամենը չկա, և հարցերը մեկը մյուսի հետևից առաջանում էին` պահանջելով հստակ պատասխաններ: Եվ նա մի բան ևս հասկացավ, որը թերևս ամենից խրթինն էր. Արսենը, որպես գյուղատնտես, հիմա երկար ժամանակով աշխատանք չի ունենա՝ ըստ իր մասնագիտության: Ինչպե՞ս նա կտանի դա: Երեկ ասաց` կգնանք, կապրենք ուրիշ տեղ, աշխարհը մեծ է… Ի՜նչ հեշտ են ասվում բառերը, իսկ իրականում այլ է ամեն ինչ…Նա դիպավ Արսենի ուսին.
– Հիմա մենք ո՞ւր ենք գնում:
Արսենը, զարմանալով այդ պարզ ու միաժամանակ անսպասելի հարցից, այնպես նայեց նրան, ասես ուզում էր հասկանալ, թե ինչի մասին է նա հարցնում: Ելենան հասկացավ, որ տեղին չէր իր հարցը. նա այդ պահին, պարզ է, լրիվ ուրիշ բանի մասին էր մտածում:
Մարզկենտրոնը համեմատաբար ոչ այնքան մեծ, բայց հարմարավետ քաղաք էր, այն նրանց դիմավորեց փողոցների երկայնքով շարված բարդիներով ու լուսաշող արևով:
– Եվ ինչ էլ հավես ունեք` գնալ ինչ-որ տեղ, ասես ձեր տանն ապրելու տեղ չկա… – դարձյալ իր դերի մեջ մտավ վարորդ Ալյոշան, ամբողջ ժամանակ ձեռափով մաքրելով դիմապակին:
– Լսի՛ր, դու վերջապես կարո՞ղ ես թողնել ողբդ, – խիստ բարկացած՝ վարորդին կարգի հրավիրեց Արսենը, հպանցիկ նայելով սսկված Ելենային, որն առանց այդ էլ վախեցած էր անհայտությունից, դեպի ուր գնում էին նրանք, իսկ ամուսնու մռայլ տրամադրությունն ահագնացնում էր նրա սարսափը:
Տասը րոպեից կանգ առան երկաթե ներկված դարպասի առաջ: Արսենը դուրս եկավ մեքենայից, Ելենային ասաց.
– Նստի՛ր, ես հիմա:
Բակը լայն էր, մի քանի ծեր թթենիներով: Խորքում միահարկ մի տուն էր` կարմիր կղմինդրե տանիքով: Փայտե մաշված աստիճանները տանում էին դեպի սանդղամուտք, որոնցով բարձրանալով, Արսենը անվստահորեն թակեց դուռը: Մի երիտասարդ կին՝ ալյուրոտ, ծաղկավոր գլխաշորով, հայտնվեց դռան մոտ:
– Բարև, Մարիա, – ասաց Արսենը` անհամարձակ ժպտալով:
Կնոջ հոնքերը զարմանքից բարձրացան մինչև քունքերը:
– Արսեն: Վերադարձե՜լ ես: Ե՞րբ, Աստվա՜ծ իմ, – նա սկսեց հապճեպորեն ձեռքերը թափ տալ գոգնոցի վրա: – Բարև, հարազատս: Ե՞րբ ես վերադարձել:
– Հետո, Մարիա, հետո մանրամասն կպատմեմ, – ասաց Արսենը` ամուր սեղմելով նրա ձեռքը:
Հոգին այնպես թեթևացավ հանդիպման առաջին վայրկյանների ջերմությունից:
– Շահենը տանը չէ՞, – հարցրեց:
– Շահենն աշխատանքի է, շուտով պիտի գա: Դե՛ ներս արի:
– Չէ՛, Մարիա… Ես, հասկանում ես, մենակ չեմ…
– Ինչպե՞ս թե: Ո՞վ կա հետդ:
– Կինս: Նա փողոցում է սպասում:
– Ելենա՞ն: Խե՞նթ ես, ինչպե՞ս ես նրան թողել այնտեղ, արևի տակ:
– Արևի տակ չէ, մեքենայում է:
Բայց Մարիան այլևս չէր լսում նրան: Արագաբար իջնելով սանդղամուտքից, նա վազեց դարպասի կողմը և մի քանի րոպեից վերադարձավ Ելենային թևանցուկ: Նրանց հետևից, թեթևակի կռացած, գուցե ճամպրուկների ծանրությունից, գուցե և այլ պատճառով, շորորալով գալիս էր Ալյոշան` համաշխարհային վիշտը դեմքին:
Դնելով ճամպրուկները ոչ մեծ միջանքցքում, նա սկսեց հրաժեշտ տալ: Երևի ուզում էր շուտ վերադառնալ գյուղ: Աստիճաններից իջնելիս նա, այնամենայնիվ, հարկ համարեց մի անգամ ևս նախատել գյուղից հեռացողներին.
– Իզուր էլ այս ամենը ձեռնարկեցիք, գյուղում կմնայիք, ի՜նչ կա քաղաքում…
Տունը երեք սենյակ ուներ: Դրանցից մեկում տեղավորեցին Ելենային` Մարիայի օգնությամբ: Նայելով նրանց, Արսենը ակամա ժպտաց. կանայք այնպես էին մտերմիկ զրոէցում, ասես մանկութ ծանոթներ լինեին, մինչդեռ իրականում իրար տեսել էին միայն մեկ անգամ, այն էլ Արսենի հարսանիքին ու երևի նույնիսկ մեկ բառ չէին փոխանակել:
Շուտով աշխատանքից եկավ Շահենը` ամրակազմ, միջահասակ, քչախոս մի տղա: Հանելով աշնանային թեթև վերարկուն, նա մտավ սենյակ, հանգիստ, առանց որևէ հույզի դրսևորման, նախ նայեց Արսենին, ապա Ելենային և արտաբերեց այնպիսի անտարբեր ձայնով, որից Ելենան վատ զգաց իրեն: , հարցրեց.
– Այս ինչ է, հյուրե՞ր ունենք,- հարցրեց նա, մոտեցավ Արսենին, ամուր սեղմեց նրա ձեռքը: – Հրաշալի է: Ե՞րբ ես դուրս եկել:
– Որտեղի՞ց, – միանգամից չհասկացավ Արսենը, ենթադրելով, որ գուցե ուզում է իմանալ՝ ե՞րբ են դուրս եկել գյուղից:
– Բանտից: Ասում եմ, ե՞րբ ես դուրս եկել:
Ելենային ցնցեց այդ «բանտը»: Նա արագ հայացքը տեղափոխեց Արսենի կողմը, նրանից էլ նույնպիսի արձագանք ակնկալելով, և զարմացավ, երբ ամուսինը անսպասելիորեն ծիծաղեց.
– Երեք օր առաջ:
– Շնորհավորում եմ: Իսկ նա՞… Հիշեցի,, քո կի՞նն է:
– Ապրես, ուժեղ հիշողություն ունես: Գուշակեցիր:
– Նա չի փոխվել այն ժամանակվանից: Բարև ձեզ:
Ելենան անվստահորեն գլխով արեց, ակնհայտորեն շշմած նման ընդունելությունից, և արդեն սկսել էր անհանգստանալ, չի՞ սխալվել արդյոք Արսենը` ընտրելով հենց այս տունը:
Բայց հանկարծ մեջ ընկավ Մարիան:
– Լսի՛ր, – հարձակվեց նա ամուսնու վրա, – գոնե մի անգամ ժպտա մարդկանց, թե չէ Ելենան արդեն իրեն անհարմար է զգում քո պատճառով:
Շահենն այնպիսի անկեղծ զարմանքով նայեց Ելենային, որ նա ակամա թեթևացած ժպտաց:
– Ինչո՞ւ է անհարմար զգում, մի՞թե սա օտար տուն է նրա համար: – Նա շրջվեց կնոջ կողմը: – Իսկ դու ավելի լավ է, սեղան գցիր, հո ժպիտներո՞վ չենք կերակրելու նրանց:
Սեղանի շուրջ Արսենը պատմեց իրենց ժամանման մասին: Շահենին նա իհարկե վաղուց գիտեր, միասին էին ծառայել բանակում, որից հետո հազվադեպ էին հանդիպում, այն էլ, երբ Արսենը ծառայողական գործերով ստիպված էր լինում գալ մարզկենտրոն: Այնպես որ, արտաքուստ նրանց ընկերությունը չէր ընդգծվում: Բայց Շահենն այն մարդկանցից էր, ովքեր իրենց բնույթով միշտ պատրաստ են համակիր լինելու ընկերոջ ցավին, իսկ դա ամենքին չէ տրված: Հենց այդ պատճառով էլ Արսենը որոշել էր սկզբնական օրերին հանգրվանել նրա մոտ: Լուռ ունկդրելով Արսենին, նա միանգամից ասաց.
– Առանց գրանցման ոչ մի տեղ աշխատանքի չեն վերցնի:
– Դե… Կգրանցվենք որևէ տեղ,- անորոշ արտասանեց Արսենը:
– Ի՞նչ է նշանակում՝ որևէ տեղ:- Այդ պահին Շահենը ձեռքը մեկնել էր՝ թթու վարունգ վերցնելու ափսեից, շրջվեց, աչքը գցեց Արսենին.– Ինչպե՞ս թե՝ որևէ տեղ, հենց այստե՛ղ, մեր տանն էլ կգրանցենք: Տարածքը բավականացնում է, – վարունգն այնուամենայնիվ նա վերցրեց, հետո ասաց խաղաղ ու գործնական ձայնով, – կարևորը, որ հարմար աշխատանք գտնվի: Իսկ գրանցման հարցում խնդիր չեմ տեսնում, ես ինքս կօգնեմ: Եվ կապրեք մեր տանը: Ա՛յ այն սենյակը դատարկ է:
– Իսկ եթե հյուրե՞ր ունենաք, – ժպտալով հարցրեց Արսենը:
– Գլուխ կհանենք: Ծայրահեղ դեպքում Մարիային կուղարկենք հորանց տուն, երկու թաղամաս այն կողմ են ապրում: Տունն էլ սեփական է, երկու հարկից, առաջին հարկում ոչ ոք չի ապրում: — Եվ նա ախորժալի ղրճտոցով կծեց թթու վարոնգը:
Մարզկենտրոնում Արսենն ու Ելենան մնացին մեկ շաբաթից քիչ ավելի: Արսենը շրջեց քաղաքի գրեթե բոլոր խոշոր ձեռնարկությունները` կոշիկի ֆաբրիկան, ղարմետկոմբինատը, էլեկտրալամպերի գործարանը, ավտոնորոգման արհեստանոցները: Այդ ձեռնարկություններից յուրաքանչյուրի ընդունարանում կախված էին հայտարարությունների արշինանոց ցանկեր, որոնցում նշված էին գրեթե բոլոր հայտնի մասնագիտությունները, որոնց կարիքը կար: Սակայն Արսենի համար որևէ աշխատանք չգտնվեց: «Անձնագիրը և աշխատանքային գրքույկը», – պահանջում էին նրանից կադրերի բաժնում: Եվ բառացիորեն բռնացնում էին որևէ կետում, դա հիմնականում կախված էր կադրերի բաժինների աշխատողների անձնական հակումներից, վերաբերմունքից, մակարդակից և այլ նման բաներից: Կամ դառնում էին անառարկելիորեն խիստ և ասում. «Ձեզ համար ոչինչ չունենք», կամ ընդհակառակը, քաղցրախոսելով ճանապարհում էին. «Հասկանո՞ւմ եք, մենք, իհարկե, մեծ սիրով, բայց ցավոք, այսպես է բանը… եթե մեզ մոտ գայիք երեկ (մի շաբաթ, մի ամիս առաջ)…»:
– Եվ չէի՞ն հարցնում, թե ինչ հոդվածով ես նստել:
– Նրանց բավարարում էր և անձնագրի նշումը, – դառնությամբ պատասխանում էր Արսենը: – Դե՛ հա, ոնց կարելի է նման մարդուն ընդունել աշխատանքի՝ մեկ էլ տեսար՝ թալանեց ֆաբրիկան կամ պայթեցրեց արհեստանոցը: Ով պիտի պատասխան տա, պա՞րզ չէ՝ նա, ով կուրորեն աշխատանքի է ընդունել …Չէ, ձեր մոտ, երևում է, անելու բան չկա:
– Բա ո՞ւր կգնաք, – հարցրեց Մարիան:
Արսենը քմծիծաղով պատասխանեց.
– Հայրենի Ղարաբաղը հրաժարվում է մեզ ընդունել: – Նա գրկեց բոլորովին ընկճված Ելենայի ուսերը: – Իսկ արի, Ելենոչկա, միասին գնանք Բաքու, հը՞:
– Ի՞-ինչ, – Ելենայի աչքերը նույնիսկ կլորացան. մինչ այդ րոպեն ընդհանրապես որևէ խոսք չէր եղել Բաքվի մասին: – Եվ ի՞նչ ենք անելու այնտեղ:
– Պատկերացում չունեմ: Մեծ քաղաքում երևի մի բան կգտնվի: Այնտեղ, ամեն դեպքում, հեռու բարեկամներ կան: Ի վերջո, կապրենք մեր հաճույքի համար, կառնչվենք քաղաքակրթությանը, այդ էլ քիչ չէ, ծովի օդ կշնչենք: Ինչո՞վ ենք պակաս մյուսներից: Մեզ հո հակացուցված չե՞ն քաղաքային հաճույքները: Առավել ևս, որ ես մի քիչ փող ունեմ: Հո հավերժ չպե՞տք է ցեխ տրորենք ու մեկ շաբաթվա թխած ծաղկած հաց ուտեենք: Քաղաքի հացն ուրիշ է :
Արսենի խաղարկային անհոգ տոնը, իհարկե, առանձնապես հատուկ ազդեցություն չգործեց Ելենայի վրա: Նա մտածում էր այն մասին, որ իր համար սկսվում է նոր անհայտություն, իսկ Արսենի համար… Դժվար թե «քաղաքի հացը» նրա համար օգտակար լինի:
– Ինչպես կասես… – ասաց նա ճնշված, սակայն հոգու ներսում հուսալով, որ Արսենը կփոխի իր մտադրությունը, թեև չգիտեր էլ, թե դա որքանով էր լավ, կամ որքանով է վատ՝ մի անհայտությունը փոխարինվելու էր մյուսով:
Ծանր սրտով նրանք հրաժեշտ տվեցին այդ հյուրընկալ տան տերերին և գնացին` նախօրյակին զանգահարելով Բաքու` Էդուարդ Գեորգիյանին:
Ինչպես որ համոզված էր Ելենան՝ Էդուարդը դիմավորեց նրանց կայարանում, հետո ուղիղ տարավ իրենց տուն: Ռիման մեծավ սիրով համբուրեց Ելենային, ապա ձեռքը մեկնեց Արսենին.
– Ահա թե ինչպիսին եք դուք,- ասաց նա ժպտադեմ: — Անցյալ անգամ Լենան ինձ շատ է պատմել ձեր մասին:
– Իսկ ինձ ձեր մասին է ասել, – արձագանքեց Արսենը` փոքր-ինչ շփոթված:- Շնորհակալություն այն ջերմ վերաբերմունքի համար, որ ցուցաբերել եք Ելենայի հանդեպ:
– Ելենան անզուգական աղջիկ է,- իր հերթին ասաց Ռիման:- Նա իր ամոթխած մաքրությամբ այս աշխարհից չէ ասես: Ձեր բախտը բերել է :
Արսենն ինքնագոհ հպարտությամբ նայեց Ռիմային, առաջին իսկ խոսքերից այդ կինն իրեն այնպես էր պահում, ասես իր՝ Արսենի հեռավոր ազգականը լիներ:
– Իսկ հիմա, Լենոչկա, ցույց տուր ամուսնուդ, որտեղ կարող է լվացվել, հետո եկեք սեղանի մոտ, մենք դեռ չենք նախաճաշել, սպասել ենք ձեզ: – Նա գնաց խոհանոց` ընթացքից ձայնելով, – Ելենա, հետո անցիր ինձ մոտ` խոհանոց:
Խոհանոցում նրանց միջև բնականաբար, խոսակցություն բացվեց այն մասին, թե ինչ է տեղի ունեցել այն օրվանից ի վեր, երբ վերջին անգամ, մեկուկես տարի առաջ, հանդիպեցին այստեղ: Ռիման խոստովանեց, որ Գաբրիելը, հյուր գալով իրենց, որոշ բաներ պատմել է:
Նախաճաշի ընթացքում խոսեցին Արսենի աշխատանքի մասին: Այն մասին, որ համապատասխան որակավորում չունենալու դեպքում բավականին դժվար կլինի, եթե չասենք՝ անհնարին, աշխատանքի տեղավորվել որևէ գործարանում կամ ֆաբրիկայում, մանավանդ, առանց մշտական գրանցման: Բայց և սկսել քաղաքացիական որևէ մասնագիտություն սովորել` նույնպես անիմաստ էր, թեկուզ նրա համար, որ ուսուցման ընթացքում, իսկ այն կարող է տևել ո՛չ մեկ, ու ո՛չ էլ երկու ամիս, աշխատավարձն այնքան ցածր կլինի, որ դրանով անհնարին կլինի ոչ միայն մարդավարի ապրել, անգամ վճարել վարձու բնակարանի համար, նույնիսկ եթե Ելենային նույնպես հաջողվի աշխատանքի տեղավորվել:
– Իսկ ի՞նչ կլինի, եթե գնաք Վագիֆ Զեյնալովի մոտ, – խոսակցության մեջ մտավ Էդուարդը:
– Եվ ի՞նչ, – նայեց նրան Ռիման:
– Չգիտեմ… – ինչ-որ բանից Էդուարդը շփոթվեց:
– Իսկ ո՞վ է այդ Վագիֆը, – հարցրեց Արսենը, – պե՞տ է:
– Չէ՛, ի՜նչ պետ, իմ ընկերն է: Վաթսունութ թվին միասին Չեխոսլովակիա ենք մտել: Դե՛, երբ այնտեղ ապստամբություն էր… Քարհանքում ինքնաթափի վարորդ է աշխատում:
– Լսել եմ, որ քարհանքում լավ աշխատավարձ են ստանում,- մի թեթև ոգևորված նշեց Արսենը:
– Իսկ որտե՞ղ է այդ քարհանքը, քաղաքից հեռո՞ւ է,- հարցրեց Ելենան: :
– Մի երեսուն կիլոմետր է հեռու այստեղից,- բացատրեց Ռիման:
– Դու այդքանէլ մի տարվիր բարձր աշխատավարձով,- ասաց Էդուրդը:- Աշխատավարձը իսկապես վատ չէ, բայց աշխատանքն էլ ծանր է: Քարհատ մեքենայի վրա աշխատել կարո՞ղ ես:
– Ես այդ մեքենան նույնիսկ կինոյում չեմ տեսել, – խոստովանեց Արսենը:
– Նշանակում է, որպես բանվոր պիտի աշխատես… Այսինքն, քար բեռնող բանվոր:
– Դե ինչ, արժե փորձել, – քմծիծաղեց Արսենը: – Առավել ևս, որ ուրիշ բան ձեռքիցս չի գալիս: Ավելի լավ է, ասեք, այդ քարհանքի մոտերքում կարելի՞ է սենյակ գտնել:
– Կարելի է, և այն էլ հենց Վագիֆի մոտ: Իր սենյակներից մեկը սովորաբար ամռան ամիսներին վարձով տալիս է հովեկներին: Ինքն է, կինը, տունն էլ ծովափին է, շատ լավ տեղ: Բայց եկեք չշտապենք, թողնենք դա մնա որպես պահեստային տարբերակ: Առայժմ կապրեք մեզ մոտ, մեր երեխաները սովորում են Մոսկվայում, տեղը, փառք Աստծու, կհերիքի, իսկ այդ ընթացքում հարմար մի բան կփնտրենք:
– Չէ՛, – աներեր ասաց Արսենը, – ձեզ մոտ մենք, իհարկե, չենք ապրի: Դեռ պարզ չէ, քանի օր կտևի մեր որոնոմները: Ավելի լավ է` հյուրանոցում մնանք, որպեսզի նեղություն չպատճառենք…
– Նեղություն չեք պատճառի:- Ռիման անսպասելիորեն ծիծաղեց:– Եթե Գաբրիելն իմանա, որ դուք հյուրանոցում եք մնացել, – խրատական տոնով ասաց Ռիման, – մահացու կգժտվի մեզ հետ, – և ավելացրեց, – ձեզ հետ նույնպես:
Արսենն, այնուամենայնիվ, իրենը պնդեց: Էդուարդը նույն օրը օգնեց նրանց տեղավորվել Մալիգին փողոցի հին հյուրանոցի ընդարձակ մի համարում: Դա նրանց տնից հեռու չէր: Արսենը փող ուներ, շրջկենտրոնում հանել էր գրքույկից, ուզում էր հավասարապես կիսել ծնողների հետ, բայց նրանք հրաժարվեցին: Այնպես որ` սկզբնական օրերին նրանք ապրելու միջոցներ ունեին: Եվ նրանք ապրում էին հանուն իրենց հաճույքի. ճաշում էին սրճարաններում, շրջում քաղաքում, այցելում թատրոն, կինո, խանութներ, ուր գնումներ էին անում, թեպետ ոչ այնքան թանկ, բայց ճաշակով, որպեսզի համապատասխաներ մեծ քաղաքի ռիթմին: Երբեմն ձեռք- ձեռքի երկար քայլում էին ծովափնյա զբոսայգում, երբեմն՝ ֆունիկուլյորով բարձրանում Կիրովի անվան զբոսայգի, որտեղից աղեղնաձև բացվում էր վիթխարի քաղաքի ամբոջական համայնապատկերը՝ Բայիլովի ծովախորշից միչև հեռուների մշուշով շղարշված Ախմեդլի ավան՝ նորակառույց բազմահարկ շենքերով: Ծովն էր երևում, որ գնում, հեռուներում ձուլվում էր հորիզոնին, ուր իրիկնայի ժամերին գլխիվար սուզվում էր դեղնակարմիր արևը: Նրանք շրջում էին անհոգ, և ամենուր, գրեթե ամեն քայլի, Արսենը որսում էր տղամարդկանց՝ Ելենային ուղղված գնահատող, հետաքրքրասիրական հայացքները, խանդի հաճելի ու միևնույն ժամանակ ցավագին զգացում ապրելով, թեև այն մեղմանում էր սեփական, զուտ տղամարդկային սնափառությամբ և նույնիսկ անթաքույց հպարտությամբ` իբրև իմն է այդ կաթնահունց գեղեցկուհին… «Լսիր, Լեն, – մի անգամ երեկոյան, արհեստականորեն դժգոհ տոն տալով ասածին, խոստովանեց նա, – քո նկատմամբ իմ առաջին սիրահարությունը չավարտված` արդեն սկսվել է երկրորդը: Դա երևի մի քիչ հիմարություն է, չէ՞»: «Չգիտեմ, – արտաբերեց Ելենան, համբուրելով նրան այնպիսի կրքոտ ջերմությամբ, ասես ուզում էր նրան ամբողջովին լուծել իր ներսում, – դու միայն հաճախ ասա ինձ նման խոսքեր: Դու հազվադեպ ես նման բառեր ասում, բայց չէ՞ որ գեղեցիկ ու լավ բառերը նշանակալի բարձրացնում են կնոջ ինքնագնահատականը, ամրացնում ինքնավստահությունը, ես կասեի հոգեբանական վիտամիններ են դրանք, ընդ որում՝ ամուսինների հետ լավ հարաբերութունների անհրաժեշտ պայմաններ: Այնպես որ, հաճախակի օգտագործիր դրանք սիրելիս, դու, նույնիսկ չես պատկերացնում, երևի, թե դա ինչ է ինձ համար…»:
Ըստ էության, մանր ու մեծ հոգսերից ազատ ու երջանիկ, որ միասին են վերջապես, նրանք երկուսն էլ «երկրորդ սիրահարություն» էին ապրում, և դա հասկանալի էր: Նրանցից յուրաքանչյուրը մյուսին տեսնում էր այլ, անսովոր պայմաններում, նոր տեսանկյունով, և ասես նորից էր նրան հայտնաբերում իր համար: Արսենի հագին նախկին կարճաթև պիջակը չէր՝ արևի տակ գունափոխված, վերածված գորշավունի, որով նա ամբողջ օրեր էր անցկացնում խաղողի այգիներում, այլ մոխրագույն նորաձև կոստյում: Պարզվում է` այդ կոստյումով, որը փափուկ գրկում էր նրա ուժեղ ուսերը և ընդգծում նրա բարեկազմ մարմինը, նա զարմանալիորեն գեղեցիկ էր որպես տղամարդ: Եվ ամեն առավոտյան նա սափրվում էր էլեկտրական սափրիչով, լողանում ամեն երեկո, երբեմն էլ` ամեն առավոտ, մազերը երկար հարդարում մեծադիր հայելու առջև: Ծիծաղելի է, բայց առաջին օրերին, երբ հագավ այդ կոստյումը, մի տեսակ երկնչում էր հյուրանոցից դուրս գալ. նրան թվում էր, թե անցորդները կսկեն ծիծաղել, բայց հետզհետե ընտելացավ: Եվ այնպես ինքնահավան ու հպարտամիտ էր քայլում, որ ոչ ոք չէր էլ մտածի, թե նա միայն երեկ է եկել գյուղից:
Այո՜, ցերեկներն ամեն ինչ լավ էր, թեթև ու պարզ՝ զվարճանքներ, կինոթատրոններ, բացօդյա սրճարաններ, զբոսանավերով մինչև Նարգին կղզի ու ետ, այս ամբողջը ո՛չ ժամանակ էր թողնում, ո՛չ էլ տեղ՝ այլ մտքերի համար: Բայց ահա երկարատև թվացող գիշերները…
Գիշերները դժվար էր: Մինչև լուսաբաց Արսենը աչք չէր կպցնում, անզոր ու անկար փորձելով հետ մղել իր էության հեռավոր խորքից հառնող անելանելի, անողոք, սահմռկեցուցիչ հարցը. «Իսկ հետո՞ ինչ կլինի»:
Այդ հարցը անդադրում որդի պես կրծում էր Արսենի ներսում, կեղեքում` զրկելով նրան հանգստից:
Ելենան նույնպես վեր էր կենում գիշերվա կեսին:
– Ի՞նչ է պատահել, սիրելիս:
– Չգիտեմ, քունս չի տանում:
– Ինչ-որ բա՞ն է անհանգստացնում:
– Չէ:
– Դա ասում ես, որ ինձ հանգստացնե՞ս:
– Քնիր, Լենա, մի՛ մտածիր, կանցնի: Չէ որ ամեն ինչ անցնում է: Դա էլ կանցնի
Մի անգամ, քնելուց առաջ, Ելենան վերնաշապիկով նստել էր հայելու առջև և մազերն էր սանրում: Հայելու մեջ երևում էր ինչպես է Արսենը թերթում «Օգոնյոկ» ամսագրի վերջին համարը, որը ցերեկն էին գնել: Ելենան տեսավ, որ Արսենն անսպասելիորեն աչքերից իջեցրեց ամսագիրը և սկսեց փոքր-ինչ տարօրինակ մտածկոտությամբ նայել Ելենային, ակնհայտորեն չկռահելով, որ Ելենան էլ իրեն է տեսնում:
Ի վերջո, Ելենան չդիմացավ.
– Ինչո՞ւ ես այդպես տարօրինակ նայում ինձ:
Արսենը ամսագիրը գցեց մի կողմ:
– Լենա, ես վաղուց եմ ուզում քեզ հարցնել: Այն, ինչ դու ապրել ես այս ողջ ընթացքում, ոչ մի կերպ չի՞ ազդել իմ հանդեպ ունեցած քո զգացմունքի վրա:
Ելենան չպատասխանեց, բայց նրա դեմքից զգացվեց, որ նա պարզապես չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը:
– Լենա, չե՞ս լսում ինձ:
– Լսում եմ… բայց… Չեմ հասկանում, ինչի՞ մասին ես հարցնում:
– Եթե լիներ այնպես, որ իմ կյանքը նորից կրկնվեր նույն ձևի, քո զգացմունքն արդյոք չէ՞ր փոխվի իմ նկատմամբ:
– Երբեք չեմ մտածել այդ մասին:
– Այնուամենայնի՞վ, – համառեց Արսենը:
Ելենան լարված կնճռոտեց ճակատը:
– Այն, ինչ տեղի ունեցավ քեզ հետ, ավելի ճիշտ՝ մեզ հետ, ինձ ստիպեց առավել սիրել քեզ: Բառերով դա անհնարին է բացատրել:
– Իսկ եթե այդ տարիները կրկնվեի՞ն:
Ելենան թոթվեց ուսերը, պատասխանեց անհողդողդ.
– Եթե կրկնվեին՝ ես էլ կկրկնվեի…
Նա այդպես էլ չհասկացավ, այդ տարօրինակ խոսակցությունն ինչ-որ կապ ունե՞ր գիշերային տագնապների և անքնության հետ: Թերևս, Արսենն էլ դա չգիտեր:
Սակայն մի շաբաթ անց, այնուամենայնիվ, Արսենն իր հարցին ստացավ առավել հանգամանալից պատասխան. Ելենան խոստովանեց նրան, որ հղի է…
Ավարտվում էր նրանց հյուրանոցային կյանքի երկրորդ շաբաթը, իսկ Արսենի համար «հարմար» աշխատանք դեռ չկար: Այդ ժամանակ նա գնաց Էդուարդի մոտ և խնդրեց իրենց տանել Վագիֆ Զեյնալովի մոտ:
– Դե՛ հո գյուղ չենք վերադառնա:
– Իսկ ինչո՞ւ ոչ, – բազմիմաստ ժպտաց Էդուարդը, – քո տեղն այնտեղ է: Այստեղ դու անելիք չունես: Գուցե և սխալվո՞ւմ եմ:
– Չգիտեմ, Էդուարդ, հնարավոր է, դու ճիշտ ես: Բայց հիմա վերադառնալ չեմ կարող: Գուցե ժամանակի ընթացքում…
– Ի՞նչ է նշանակում՝ ժամանակի ընթացքում: Դու, ինչ է, քեզ ժամկե՞տ ես հատկացրել:
Արսենը չպատասխանեց: Եվ նորից, ինչպես այն ժամանակ սովխոզի տնօրենի աշխատասենյակում, մտածեց, որ կարծես թե իսկապես հայտնվել է փակուղում:
Էդուարդը ափսոանքով տարածեց ձեռքերը.
– Դե ի՜նչ արած: Իհարկե, ափսոս, բայց… Առավոտյան կգամ ձեր հետևից: Ասենք, ժամը տասին: Հարմա՞ր է:
– Մենք կսպասենք այդ ժամին:
ԳԼՈՒԽ ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ
Հաջորդ օրը, հազիվ քաղաքից դուրս էին եկել, միանգամից երևաց ծովը, և մինչև տեղ կհասնեին՝ ձախ կողմից ծովն իր կապարագույն ջրերով ուղեկցում էր նրանց այդ երեսուն կոլոմետր ճանապարհին: Խոնավությունից փքված ամպերը կախվել էին գլխավերևում, պատրաստ ամեն րոպե ճայթել սառցե անձրևով: Ելենան ջանում էր չնայել ծովին, նրա սառնությունն ասես փոխանցվում էր իրեն` կարճ ու հաճախակի դողով անցնելով ողջ մարմնով: Առջևի ապակու մեջ Արսենը տեսնում էր նրա դեմքը` ինչ-որ անսպասելի նիհարած ու թախծալի: Հասկանալ նրան դժվար չէր. շուրջ կես ամսվա անհոգ, երջանիկ կյանքը բավականին կտրուկ ընդհատվեց, իսկ առջևում դարձյալ անորոշությունն էր թևածում` որևէ հուսադրող ոչինչ չխոստանալով: Նրա նկատմամբ սուր խղճահարությունը ծակեց Արսենի սիրտը. «Ո՞ւր ենք գնում: Ինչո՞ւ և ումի՞ց ենք փախչում», – մտածեց նա:
Ծովափնյա բանավանը, ուր եկան նրանք, բավականին մեծ երևաց՝ ծովի անմիջապես ափին, ասֆալտապատ փողոցներով, բազմահարկ շենքերով, եռահարկ հանրախանութով ու մթերային զանազան խանութներով: Փողոցների երկայնքով տնկված էին մեծ, փարթամ ծառեր` ճյուղերին դեղնակարմրավուն տերևներով: Ամեն ինչից երևում էր, որ տաք ամիսներին այստեղ շատ հարմարավետ է: Բայց դա տաք ամիսներին, իսկ հիմա աշնան վերջն էր, և մռայլ, ամպամած երկինքը ամեն ինչ ներկել է անուրախ, գորշ երանգներով՝ տները, փողոցները, ծառերը, նույնիսկ փողոցներում հանդիպող մշտադալար եղևնիներն ու կեչիները թվում էին գորշ… Երբ նորից, ինչպես այն ժամանակ, երբ գյուղ էին մտնում և նա տեսավ առաջին տները՝ կպած կիսաթեք լեռնալանջերին, Ելենայի կրծքում խլրտաց թախիծը` միախառնված վախի հետ: Նա մտածեց. «Հիմա էլ պետք է այստեղ ապրեմ, այս օտար ափերում, և հայտնի չէր` որքա՞ն կտևի դա` կե՞ս տարի, մե՞կ տարի, երկո՞ւ, թե՞ ողջ կյանքը…»:
Վագիֆ Զեյնալովն ապրում էր ծովամերձ այն թաղամասում, որը հասարակ խոսակցականում կոչվում էր «Ինքնաշեն»: Շինությունների սեփականատերերը դրանց կառուցման թույլտվությունը ստացել էին սոսկ այն բանից հետո, երբ շինություններե արդեն կառուցված էին: Դրանք իսկապես պատշաճ միահարկ տներ էին` երկու, երեք և նույնիսկ ավելի սենյակներով ու բակերով, որոնցում տնկված էին պտղատու ծառեր, խաղողի տնկիներ, որոնք մագլցում էին մետաղյա կամ փայտե միահյուսված ծածկերի վրայով, կամ բանջարանոցներ էին, ուր աճեցնում էին զանազան բանջարեղեն ու կանաչիներ:
Նման մի շենքի փայտե դարպասի առաջ Էդուարդը կանգնեցրեց իր «Մոսկվիչը»:
– Դուք մի քիչ նստեք այստեղ, ես հիմա կվերադառնամ:
Ցանկապատը բաց էր: Էդուարդը ներս մտավ և շուտով անհետացավ բակի խորքում:
Մնալով միայնակ` Արսենն ու Ելենան սկզբում լուռ էին: Երկուսն էլ ճնշված էին այն անհայտությունից, որն իրենց սպասում էր այստեղ: Ապա Արսենը, շրջվելով Ելենայի կողմը, դիմեց նրան աշխուժության անհաջող փորձով.
– Ինչո՞ւ լռեցիր, փոքրիկս: Դուրդ չի՞ գալիս այստեղ: – Եվ առաջկտրուկ` պատասխանեց ինքն իրեն, – դուր է գալիս: Ամռանը այստեղ շատ հովեկներ են գալիս:
– Այստե՜ղ, – անվստահ ձգեց Ելենան:
– Իհարկե: Այստեղ ամենալավ ծովափն է:
– Իսկ ո՞ւր է ծովափը:
–Ինչպես թե՝ ուր է: Այստեղ ամենուր ծովափ է: Ահա, այստեղից երևում է, տեսնում եմ, ջուրը մաքրամաքուր, առանց մազութի, առանց կեղտի, գեղեցիկ հանդերձարաններով, այստեղից մի երկու հարյուր մետր է հեռու: Ուզո՞ւմ ես, գնանք ցույց տամ:
Ելենան բացասականորեն տարուբերեց գլուխը.
– Չէ, մրսում եմ, ավելի լավ է` նստենք մեքենայում:
Նրանք նորից լռեցին` չիմանալով ինչի մասին զրուցել: Բարեբախտաբար, Էդուարդը շուտ վերադարձավ:
– Դե՛ եկեք, ծանոթացնեմ ձեզ տանտերերի հետ ու գնամ: Այսօր, ցավոք, շատ գործ ունեմ… Ելենա, տեսնում եմ, բոլորովին ընկճվել եք: Հավատացեք, ես ձեզ չեմ բերի այնպիսի մարդկանց մոտ, ում վատ եմ ճանաչում:
– Չէ, ինչ եք ասում, – շփոթվեց Ելենան: – Այդ մասին նույնիսկ չեմ էլ մտածում:
Առաջինը, ինչ տեսավ Ելենան, մտնելով ցանկապատից ներս, փոքրիկ տնակն էր՝ բակի հետին պատի մոտ, հարթ ու երևի նոր հղկված պատերով և մեկ ոչ մեծ, միափեղկ պատուհանով:
– Սա՞ է, – շշունջով ու զարմանքը չթաքցնելով, ուզում էր հարցնել Ելենան, բայց Էդուարդը լուռ ցույց տվեց բակի հակառակ կողմը:
Այնտեղ, կիսամերկ ծառերի թավուտում մի տուն երևաց երկփեղկ պատուհաններով:
– Իսկ դա նրանք պատրաստել են որպես ամառային խոհանոց, – բացատրեց Էդուարդը: – Ամեն ինչ պատրաստ է, մնում է գազն անցկացնել: Ահա և տանտեր Վագիֆ Զեյնալովը, ծանոթացեք:
Վագիֆ Զեյնալովը հիսուն տարեկանից ավելի կլիներ, բայց երիտասարդ էր թվում. նրա թանձր սանրվածքում գոնե մի ճերմակ մազ չէր երևում: Ոչ բարձրահասակ, ամրակազմ, ինչպես ցորենի պարկ, բայց անսովոր առույգ ու շարժունակ, նա ողջունեց հյուրերին, հրավիրեց տուն, աթոռ առաջարկեց, ինքն էլ նստեց:
– Իսկ ո՞ւր է Մեհրիբան-խանումը: Ինչ-որ չի երևում, – հարցրեց Էդուարդը:
– Հիմա կգա, գնաց մառան:
Մի քանի րոպե խոսակցությունն ընթացավ կողմնակի բաների մասին` որ եղանակը չի կարգավորվում և ցրտերը ավելի վաղ են ընկել, որ ավանը շատ մաքուր և հարմարավետ է, որ մարդիկ քիչ են փողոցներում…
– Էդ հիմա է թվում, թե քիչ են,- ոգևորված ասասց Վագիֆը, – իսկ ամռանն ուր նայես՝ հերթեր են, համարիր, որ առողջարան է: Ի՜նչ Կիսլովոդսկ, ի՜նչ Բորժոմ: Ամեն տեղից գալիս, լցվում են: Արսենն ասաց, որ նրան դուր է եկել բակը, շատ ծառեր ու թփեր կան, թեպետ տնկված են անկանոն, և այգին ամեն տարի պետք է կարգի բերել: Վագիֆը ծիծաղեց ու ասաց.
– Այ ջանըմ, ո՞վ պիտի կարգի բերի, ինչի՞ մասին ես ասում, Արսեն ջան, հենց մայիսը գալիս է , ես ու Մեհրիբանը մեր փասա-փուսան հավաքում, գնում ենք մեր ծերուկների մոտ, ինշալլահ*, ողջ- առողջ են, գյուղում են ապրում: Եվ մնում ենք այնտեղ մինչև ամառվա վերջը, նույնիսկ մինչև աշնան սկիզբը: Իսկ տունը թողնում ենք հերթական հովեկներին, որպեսզի և ապրեն, և հետևեն տանը: Իսկ երբ վերադառնում ենք, տեսնում ենք, որ դրանց երեխեքը բոլոր ծառերն ու թփերը կոտրտել-ավերել են: Երդվում եմ, ազնիվ
խոսք, ճիշտ եմ ասում:
– Ոչի՜նչ, մի անհանգստանա, – լրացրեց Էդուարդը: – Արսենը փորձառու գյուղատնտես է, քեզ արդեն ասել եմ… Քո այգին այնպես կկարգավորի, որ տեսնես` չճանաչի:
– Աստված տա, Աստված տա: Ինչպես ասում են, թող մի աչքով կուրանա նա, ով իր լավը չի ուզենա: Ահա և իմ Մեհրիբանը: Այ, արվադ**, ո՞ւր ես կորել այսքան ժամանակ:
Մեհրիբան-խանումը կլոր դեմքով, հարավցու համար անսովոր՝ ճերմակամաշկ, բարետես կին էր: Ամուսնուն համահունչ, նա նույնպես գործարար ու առույգ էր: Ողջունելիս շուտասելուկի պես շատախոսեց.
– Վո՜ւյ, Էդուարդ-գարդաշ, հարյուր տարի քեզ չէինք տեսել: Լրիվ դադարել ես մեզ հյուր գալ, ասես մոռացել ես մեզ: Ինչպե՞ս է Ռիման, ո՞նց է առողջությունը, հիվանդ հո չէ՞: Վո՜ւյ, ա՛յ, փա՜ռք Ալլահին:
– Ա՛յ արվադ, կա՛նգ առ, – ծիծաղելով ընդհատեց Վագիֆը: – Երդվում եմ, ազնիվ խոսք, ոնց որ մագնիտոֆոն լինի: Լսի՛ր, այս մարդիկ գործով են եկել, – նա ցույց տվեց Արսենին ու Ելենային, որոնք մեկուսացած նստել էին մի կողմ: – Ուզում են մի սենյակ վարձել, իսկ մնացածի մասին հետո քեզ կպատմեմ: Նախ ծանոթացիր, սա Արսենն է, մեր Էդուարդի լավագույն ընկերը, իսկ նա իր կինն է` Ելենա է անունը: Դե՛, ի՞նչ կասես, այստեղ տեր ու տնօրենը դու ես, գլխավոր խոսքը քոնն է:
– Ինչի՞ ես ասում, այ Վագիֆ, ինքդ էլ ես հասկանում: Եթե Էդուարդը թողել է իր բոլոր գործերը ու անձամբ է նրանց բերել այստեղ, մի՞թե կարող ենք մերժել: Այսպես թե այնպես, գարնանից մինչև աշուն մեզ մոտ հովեկներ են ապրում, բոլորովին անծանոթ մարդիկ: Հիմա էլ թող մերոնքականներ ապրեն: Շատ լավ կլինի: Ես այդպես եմ կարծում:
– Շա՛տ ապրես, – չափազանցված հիացմունքով բացականչեց Վագիֆը: – Երդվում եմ, ազնիվ խոսք, իսկապես ապրես: Իմ մտքերն ես կարդում… Դե հիմա խելքդ գործի դիր ու ——————————
* Ինշալլահ — Փառք Ալլահին
** Այ, արվադ- այ կնիկ
հիշիր, որ հյուրերին միայն զրույցներով չեն հարգում:
Մեհրիբան-խանումի հայտնությունը սենյակում, նրա ուրախ ու հասարակ բնավորությունը, և հատկապես այն, որ նա առանց ավելորդ բառերի համաձայնեց սենյակ հատկացնել, բոլորի տրամադրությունն այնպես փոխեց, նույնիսկ Ելենան երկչոտ ժպտաց` նայելով նրան: Եվ երբ Մեհրիբանը սկսեց սեղանի պատրաստություն տեսնել, նա նույնպես վեր կացավ օգնելու:
– Մեհրիբան մորաքույր, կարելի՞ է ձեզ օգնել:
– Կարելի է, Լենա ջան, նույնիսկ շատ կարելի է: Ո՞ր կինը կհրաժարվի օգնությունից: Գնանք, աղջիկս: Ինձ համար շատ հաճելի է, որ օգնես, վաղուց թռվռուն աղջկա օգնության կարիք եմ զգում:
Արսենը հայացքով հետևեց կանանց: Պարզ էր արդեն, որ տասը րոպեից նրանք անբաժան — կընկերուհիներ կդառնան: Եվ չէր սխալվել:
Երկսենյականոց առանձնատանը Զեյնալովները բնակվում էին երկուսով: Նրանց աղջիկը` Սևիլը, Ռոստովի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտի ուսանողուհի էր, ամեն ամառ իր ուսանողական շինջոկատով մեկնում էր երկրի խոշոր շինարարությունները և միայն հազվադեպ, երեք-չորս օրով էր գալիս տուն: Հենց նրան էլ ակնարկում էր Մեհրիբան-խանումը, ասելով, որ վաղուց թռվռուն աղջկա օգնության կարիք է զգում:
Այդպես նրանք սկսեցին ապրել ծովամերձ այդ ավանում: Զեյնալովները տվել էին նրանց մի փոքրիկ սենյակ, բայց շատ լայն, դեպի բակ բացվող երկու պատուհանով և առանձին մուտքով, համեմատած հովեկների հետ` շատ հարմարավետ գնով: Նրանք համարյա փողի կարիք չունեին, բավարար էր և այն, որ նրանց բացակայությամբ տանը հետևող լիներ, առավել ևս` տիրություն անող լիներ այգուն:
Հաջորդ օրը Վագիֆը օգնեց Արսենին աշխատանքի անցնել քարհանքում, որը երեք կիլոմետր էր հեռու բանավանից: Շուտով Ելենան էլ գործի մտավ տեղի հանրախանութում, կոշիկի բաժնում, որպես գանձապահուհի: Առհաարակ ավանում Վագիֆը քիչ ծանոթներ չուներ:
– Էդուարդն աշխատում է քաղաքային ժողովրդական վերահսկողության կոմիտեում, մեծ մարդ է, բայց ես էլ փոքր չեմ, – ծիծաղեց նա, – տեսնում ես, չէ՞, որքան ընկերներ ունեմ, ճիշտ են ասում, որ հարյուր ռուբլի մի ունեցիր՝ հարյուր ընկեր ունեցիր: Երդվում եմ, ազնիվ խոսք, լավ ընկերից լավ բան չկա…
Արսենի աշխատանքը ծանր էր, նա քարհատ մեքենայից վերցնում էր քարի խորանարդները, յուրաքանչյուրը երեսուներկու կիլոգրամ, հետո բարձում ինքնաթափը: Առաջին շաբաթները, մինչ նա որոշ հմտություն ձեռք կբերեր, անասելի դժվար էր: Օրվա վերջին ողջ մարմինը նվվում էր, ասես նրան ջարդել էին քարերով, ձեռքերն ամբողջովին կոշտացել էին, պատվել բշտիկներով, կաթվածահարի պես դողդողում էին, թեև աշխատում էր ձեռնոցներով: Այնպես էր հոգնում, որ, պատահում էր, նույնիսկ ճաշարան չէր գնում ճաշաժամին` ախորժակ չէր ունենում: Ավտոբուսով վերադառնալով տուն` պղտոր մղձավանջի մեջ զգում էր անոթի սրտխառնություն, բայց տանը, այդպես էլ կարգին չսնվելով, ընկնում էր քնելու, վանելով իր էության խորքերից համառորեն մակերևույթ բարձրացող սարսափեցնող ու անիմաստ հարցը. «Իսկ հետո՞…»:
Նայելով նրան` Ելենան թաքուն սրբում էր արցունքները: Եվ բանն այն չէր, որ Արսենը հոգնում էր աշխատանքում, պակաս չէր հոգնում նաև գյուղում, առավոտից երեկո դեսուդեն անելով խաղողի այգիներում, բանն այլ էր. նրան թվում էր, թե Արսենը գիտակցաբար հալումաշ էր անում իրեն, գուցե աշխատանքի մեջ մոռացություն փնտրելով իրեն տանջող մտքերից, գուցե ցանկանալով մեղքը քավել, գուցե, ընդհակառակը, ձգտելով ձերբազատվել այն բանից, ինչը մի անգամ նա անվանեց «մեղքի բարդույթ», որը մշտապես կեղեքում, բզկտում էր նրան:
Ապրիլի կեսերին, վերադառնալով աշխատանքից, Արսենը Ելենային տեսավ տան դարպասի առջև` փայտե նստարանին նստած: Այդպիսի բան չէր եղել, նա միշտ իր համար գործ էր գտնում կամ տնտեսության մեջ օգնում էր Մեհրիբանին :
– Լենա՞, ինչո՞ւ ես այստեղ, – զարմացավ Արսենը:
Ելենայի դեմքին շփոթվածություն կար:
– Որևէ բա՞ն է պատահել:
Պարզվեց, պատահել է: Առավոտյան անսպասելիորեն գյուղից եկել էին Մեհրիբանի ծնողները երեք դպրոցական թոռների` Մեհրիբանի քրոջ երեխաների հետ, և Զեյնալովները հիմա մոլորության մեջ են, չգիտեն ուր տեղավորեն նրանց: Ճիշտ է, ոչինչ ցույց չեն տալիս, բայց…
Արսենը մտահոգ տրորեց ճակատը:
– Մեզ դա էր պակաս,- մտամոլոր շշնջաց Արսենը, շփոթված անակնկալ նորությունից:- Երկա՞ր ժամանակով են եկել:
– Կարծես թե երկար ժամանակով: Բուժման են եկել: Մեկինը աչքերն է, գլաուկոմա ունի, մյուսինն էլ՝ ոտքերն են:
– Հը՜մ… ստիպված ենք նոր բնակարան գտնել:
– Այդ մասին ասել եմ իրենց:
– Եվ հետո՞:
– Լսել չեն ուզում:
– Ինչպե՞ս թե, բա հո ինը հոգով երկու սենյակում չե՞նք ապրելու: Դե լավ, գնանք, տեսնենք, թե ինչ կարելի է մտածել:
Երբ նրանք բակ մտան, այսպիսի պատկերի ականատեղ եղան. Վագիֆն ու Մեհրիբանը աշխուժորեն տնից դուրս էին բերում ներքնակներ, բարձեր, ծածկոցներ: Արսենն ու Ելենան հայացքներ փոխանակեցին: Ելենայի աչքերում վախ կար: Արսենն իր տարակուսանքը թաքցրեց, մոտեցավ նրանց և, թեպետ անտրամադիր, կատակով հարցրեց.
– Դե ասեք, մենք էլ օգնենք, էս ո՞ւր ենք քոչում:
Վագիֆը շրջվեց և թեթևակի բռնելով Արսենի արմունկը, նրան մի կողմ տարավ.
– Բան ունեմ ասելու,- ասաց նա:- Ինձ լսիր, Արսեն ջան,միայն թե փորձիր հակառակվել:
– Մի վախեցրու, – ժպտաց Արսենը:
– Չեմ վախեցնում: Լենան երևի արդեն հայտնել է քեզ, չէ՞:
– Հա, գիտեմ, Մեհրիբանի ծնողներն են եկել:
– Ճիշտ է, ու լրիվ անսպասելի, նախօրոք չեն գրել, իսկ մենք՝ անտեղակ… Լավ, հիմա ինձ լսիր: Լենան ասաց, որ դուք պետք է նոր բնակարան գտնեք: Արսեն ջան, դու տղամարդ ես, ես կանանց հետ գործ չունեմ, միայն տղամարդկանց հետ եմ խոսում, դրա համար էլ ինձ պետք է հասկանաս. եթե դուք իմ տնից հեռանաք, համարի՛ր, որ ապտակել ես ինձ: Ես նման խայտառակություն չեմ տանի և մարդկանց աչքերին չեմ կարող նայել: Դրա համար լսիր ինձ ու չհամարձակվես հակառակվել: Դու ու Լենան կմնաք ձեր սենյակում: Ծերուկներին ու երեխաներին մենք կտեղավորենք մեզ մոտ:
– Իսկ Դո՞ւք: Կտրի՞ն եք քնելու:
– Լսիր, ինչո՞ւ կտրին: Ահա մի սենյակ էլ այնտեղ կա: – Վագիֆը ցույց տվեց բակի մյուս կողմում ապագա ամառային խոհանոցի շենքը: – Ամբողջ տասնհինգ քառակուսի մետր, մի՞թե երկուսի համար քիչ է:
– Լրիվ հերիք է, – ասաց Արսենը: – Կարճ ասած, ես այնպես հասկացա, որ դու և Մեհրիբանը ուզում եք այս ամբողջ ամսվա ընթացքում կամ ինչքան որ կլինի, գուցե երկու ամիս կամ էլ ավել, ապրել ամառային խոհանոցում, ճի՞շտ է:
– Շատ ճիշտ է:
– Շատ լավ, իսկ հիմա, ասա ինձ, Վագիֆ, սիրելիս, մեր գնալը վիրավորական ես համարում քեզ համար, իսկ մեզ համար վիրավորակա՞ն չէ, որ դուք խոհանոցում մնաք:
– Ա՛յ հարգելիս, ինչի՞ մասին ես ասում, ես ախր… – Վագիֆն արդեն ուզում էր տաքանալ, բայց Արսենը ընդհատեց նրան.
– Արի պայմանավորվենք այսպես: Ես ու Լենան կապրենք այնտեղ, իսկ դուք` ձեր սենյակում:
– Ի՞նչ, – ըմբոստացավ Վագիֆը, – խելքդ թռցրի՞ր, ա՛յ մարդ: Հղի կնոջը ո՞ւր ես տանում այդ մութ խոռոչը: Մեհրիբան, ա՛յ արվադ, շուտ արի, լսի՛ր, ինչ է ասում այս մարդը: Դեռ կիրթված է կոչվում, ինստիտուտ է ավարտել:
Սկսվեց բավականին զվարճալի իրարանցում, որում յուրաքանչյուր կողմը ձգտում էր նվաճել ամենավատ տեղը: Միացան նաև կանայք, բնականաբար, ի պաշտպանություն իրենց ամուսինների: Հաղթող դուրս եկան Արսենն ու Ելենան:
Անմիջապես սկսեցին տեղափոխվել և սկսեցին նրանից, որ Վագիֆը տնից դուրս բերեց երկու փոքրիկ գորգ և մեխեց նոր բնակարանի պատերին:
– Իսկ գորգերն ինչի՞ համար են, – զգուշորեն հարցրեց Արսենը, բայց տանտերը կատաղած փնչաց նրա վրա.
– Քո գործը չէ,- անվրդով արձագանքեց Վագիֆը: — Ես գիտեմ ինչ եմ անում: :
Ստիպված եղավ ենթարկվել:
Մայիսի սկզբին ծերուկները երեխաների հետ հեռացան, նրանց հետ նաև Վագիֆն ու իր կինը: Գնալու նախօրյակին նրանք Արսենին ու Ելենային համոզեցին վերադառնալ տան միջի իրենց սենյակը, բայց վերջիններս հրաժարվեցին, մեկ ամսվա ընթացքում այնպես էին հարմարվել իրենց նոր բնակարանին և, ով գիտի, արդյոք մի ամիս հետո հիմա էլ Վագիֆի հարազատնե՞րը չեն ցանկանա գյուղից գալ քաղաք:
Եվ նորից ձգվեցին մեկը մյուսից ոչնչով չտարբերվող օրերը: Վերադառնալով աշխատանքից` Արսենը ավտոբուսից իջնում էր ավանային մշակույթի պալատի մոտ և հայացքով դիտում կինոազդագրերի վահանակը, քաջ գիտենալով, որ իրենք կինոթատրոն չեն գնալու, թեև Ելենան ժամանակին եղել է մոլի կինոսիրող: Գալիս էր տուն, լուռ, առանց ախորժակի, ուտում այն, ինչ նրա առջև, սեղանին էր դնում Ելենան, հետո մի ժամ բակում նստելուց հետո տապալվում քնելու: Եվ հաճախ հենց այդպես էլ ավարտվում էր նրանց օրը:
Նրան հալումաշ էր անում ոչ այնքան աշխատանքը, որքան իր արածի անմտության և խլացնող դատարկության գիտակցումը: Երբեմն սարսափ էր պատում նրան, մտածում էր. «Այսպես որ գնա՝ ինքս ինձ էլ կկորցնեմ…»: Եվ, որպեսզի ինքն իրեն չկորցներ, շաբաթ և կիրակի օրերին վերստին կարդում էր դիսերտացիան, շմկումներ կատարում, ներըմբռնողաբար հասկանալով, որ դրանով նա փորձում է իր մեջ խլացնել հոգին կրծող սարսափը՝ վաղվա օրվա համար: Մի երեք ժամ նստելով և աննպատակ թերթելով մի քանի տասնյակ ձեռագիր էջեր ու կատարելով աննշան ուղղումներ, համոզվում էր, որ գործն առաջ չի գնում, նույնիսկ ավելի վատ, նա չէր էլ փորձում ստիպել իրեն աշխատել: Որոնում և իհարկե գտնում էր դրան բացատրություն` կտրված է իր միջավայրից: Ճի՞շտ էր, թե սխալ, ինքն էլ չգիտեր: Ելենային ոչինչ չէր ասում իր սարսափների մասին, թեև հաճախ էր որսում իրեն ուղղված նրա տագնապահար հայացքները… Միայն մի թեթևություն կար. քարհանքի աշխատանքը լավ էր վարձատրվում, երբեմն ամսական հասնում էր երեք հարյուր ռուբլու, դեռ դրան էլ գումարած Ելենայի ութսուն ռուբլին: Այդ գումարով կարելի էր ապրել, նույնիսկ կարելի էր գումար ետ գցել «սև օրվա» համար: Բայց նորից ու նորից հոգու խորքից դուրս էր լողում գիտակցական թե ենթագիտակցական, սարսափի աստիճանի մերկացուցիչ ու անողոք հարցը. «Իսկ հետո՞ ինչ կլինի»: Եվ նորից նա խլացնում էր այդ անձայն ճիչը, որ մղվում էր նրա հոգու խորխորատից. մերթ աննպատակ թրև էր գալիս բանավանի փողոցներով, մերթ մինչ թմրելու աստիճան հեռուստացույց էր դիտում տանտերերի սենյակում (Վագիֆը թողել էր տան բանալիները), մերթ Ելենայի հետ դուրս էր գալիս ու մինչ կեսգիշեր նրա հետ զբոսնում խոնավ ավազային ծովափին, մերթ զբաղվում էր այգում` փխրեցնում հողը, հատում չորացած ճյուղերը, տեղափոխում թփերը:
Մի անգամ նա վերադարձավ աշխատանքից ինչ-որ բանից խիստ ընկճված: Ելենայի հարցին, թե որտե՞ղ է եղել, Արսենը հոգնած թափ տվեց ձեռքը և սկսեց զգեստափոխվել: Հանեց պիջակը, շրջվեց, որպեսզի մեխից կախի և լսեց Ելենայի սրտակեղեք լացըը: Արսենը արագորեն շրջվեց և տեսավ, թե ինչպես Ելենան դանդաղորեն նստում է անկողնու վրա, աչքը չկտրելով իրենից, հայացքում աննկարագրելի սարսափ:
– Լենա՞…
– Ի՞նչ է պատահել քեզ… – խուլ մրմնջաց կինը:
Արսենը նայեց իր աշխատանքային վերնաշապկին` ողջ ձախ կողմը արյունով էր ողողված:
– Գրողը տանի՛, ո՜նց էի մոռացել, – սրտնեղած արտաբերեց նա: – Մի վախենա, սա իմ արյունը չէ: Մեքենան կտրեց գործակցիս ձեռքի դաստակը: Ես օգնեցի նրան տեղավորել «Շտապ օգնության» մեքենայի մեջ և չեմ նկատել, թե ինչպես է արյունը քսվել:
Նա ճշմարտությունն ասաց, որպեսզի հանգստացնի Ելենային, բայց հակառակը ստացվեց: Քաթանի պես ճերմակելով` Ելենան հարցրեց վախեցած շշունջով.
– Այդպիսի բան է՞լ է լինում ձեզ մոտ:
– Լենա, հանգստացիր, այդպիսի բան յուրաքանչյուր գործի մեջ կարող է լինել: Պարզապես պետք է ուշադիր լինել:
Ելենան երևում է, չէր լսում նրան, ափերով դեմքը ծածկած՝ նա օրօրեց գլուխը, ասաց հառաչանքով.
– Հեռացիր այդ աշխատանքից…
– Այդ ինչե՞ր ես ասում, Լենա, ինչպես թե՝ հեռացիր, մտածու՞մ ես ինչ ես ասում:
– Հեռացիր այդ աշխատանքից, – ձայնը բարձրացրեց Ելենան ավելի հաստատուն: – Անմիջապես հեռացիր: Դժբախտությունն առանց դրա էլ կրկնկակոխ հետապնդում է մեզ: Հեռացիր, լսո՞ւմ ես…
–Զուր մի խոսա, Լեն: Ոչ մեկը մեղավոր չէ, որ նա ձեռքը մտցրել է այնտեղ, ուր պետք չէր:
Անսպասելիորեն Ելենան փուլ եկավ ծնկների վրա և, գրկելով Արսենի ոտքերը, արտասվեց:
– Սիրելիս, հարազատս, աղաչում եմ, դուրս արի այդ աշխատանքից: Ես ախր հանգիստ չեմ կարող ապրել, չեմ կարող: Ուրիշ աշխատանք գտիր:
Արսենը արագ բարձրացրեց նրան, նստեցրեց աթոռին:
– Ինչե՜ր ես ասում, Լեն, ցավդ տանեմ… Ախր դու ինքդ էլ տեսար, որ հեշտ չէ աշխատանք գտնել: Այս մեկն էլ ծանոթությամբ ստացվեց, թե չէ՝ դա էլ չէր լինի:
– Ուրեմն մի ամիս հանգստացիր: Նայիր` ինչպես ես նիհարել, երբ նայում եմ քեզ, ցավից սիրտս մղկտում է:
Արսենը փորձում էր բացատրել նրան, որ դա անհնար է, բերում էր պատճառաբանություններ, մեկը մյուսից համոզիչ, սկսելով նրանից, որ «ամիսը երեք հարյուր ռուբլին ընկած չէ գետնին, իսկ հետո հայտնի չէ, թե կյանքն ինչպես կդասավորվի», և խոսքն ավարտում էր նրանով, որ առանց աշխատանքի մի օր անգամ չի կարող ապրել, որ աշխատանքը իր փրկությունն է, իր սրտհովանքը… Բայց բոլոր պատճառաբանություններն անդրադառնում էին Ելենայից, ինչպես գնդակը` պատից…
Գիշերվա կեսին Արսենը վեր թռավ ասես ցնցումից: Բարձրանալով արմունկների վրա` նայեց Ելենայի դեմքին: Կինը պառկած էր աչքերը լայնորեն բացած:
– Լենա, քնած չե՞ս:
– Չէ՜…
– Ինչո՞ւ:
– Վախենո՜ւմ եմ:
– Ինչի՞ց:
– Չգիտե՜մ:
Արսենը նորից պառկեց և ինչքան կարելի է մեղմ, սակայն դյուրահույզ կերպով ասաց.
– Հիմա այսպես էլ պիտի շարունակվի՞:
– Դա ինձնից չէ կախված…
– Եվ ինչպե՞ս վարվենք:
– Ես կփորձեմ քնել, ուշադրություն մի՛ դարձրու:
– Այդ մասին չեմ ասում:
– Գնա քո աշխատանքին` ինչպես միշտ:
– Իսկ դո՞ւ:
– Ես ոչինչ, ես կհարմարվեմ, ես դա կարող եմ, դու գիտես…
Մի րոպե նրանք լուռ էին: Արսենը փորձեց ձգվել ծխախոտի կողմը, բայց հիշեց, որ Ելենան ընդհանրապես չի սիրում, երբ Արսենը ծխում է անկողնում:
– Գնանք այստեղից, – հանկարծաբար արտաբերեց Ելենան:
Դա հնչեց այնքան անսպասելի, որ Արսենը կրկին հենվեց արմունկների վրա.
– Ո՞ւր,- զարմանքով հարցրեց նա:
– Գյուղ: Քո գյուղը: Քո ծնողների մոտ: Հո կո՞ւյր չեմ, տեսնում եմ, թե ինչպես ես օր-օրի հալվում կարոտից: Քեզ պետք են քո խաղողի այգիները, քո սարերը, առանց դրանց դու երկար չես ապրի:
– Հո ապրում եմ…- Արսենը քմծիծաղեց մթության մեջ.
– Դու չես ապրում… – կարճ դադարից հետո Ելենան դա ասաց այնպիսի ձայնով, որից ինքն էլ անակնկալի եկավ, – լսի՛ր, հարազատս, դու պետք է վերադառնաս քո գործին, որպեսզի ապրես:
– Ի՜նչ հեշտ ես ասում այդ ամենը:
– Մի՛ ընդհատիր, ավելի լավ է` լսի՛ր: Քեզ պետք է վերադառնալ, եթե… եթե դրա համար անհրաժեշտ է, որ ես չլինեմ. ես կգնամ… Միայն թե դու, մի վախենա դա ասել ինձ, լսո՞ւմ ես: Դու մի մտածիր, սիրելիս, ես ախր ուժեղ եմ:
Արսենը խոնարհվեց, այտով հպվեց նրա այտին. Ելենայի այտն անարցունք էր, սակայն այրվում էր կրակի պես:
– Այնքան ուժեղ ես, որ կարող ես առանց ինձ ապրե՞լ, – խորամանկորեն հետաքրքրվեց նա ժպիտով:
Ելենան փակեց աչքերը, սեղմվեց ամուսնուն:
– Եթե իմանամ, որ դու նորից կենսուրախ ես, կապրեմ այնտեղ ու ինձ կզգամ երջանիկ…
– Եվ իմ որդո՞ւն էլ քեզ հետ կտանես,- հարցրեց նա շարունակելով ժպտալ :
– Ի՞նչ որդի:
– Ահա այս, – Արսենը զգուշորեն ձեռքը դրեց նրա նրբանուրբ փորիկին: – Ա՛յ այս մանչուկին: Ես նրա մասին երազում եմ օր ու գիշեր: Նույնիսկ անունն եմ մտածել:
Ելենան ավելի ամուր սեղմվեց Արսենին, ձեռքերով գրկեց պարանոցը:
– Եվ ի՞նչ անուն է:
– Արթուր… Դո՞ւր է գալիս քեզ:
– Դու Արթուր Բերտոնի անո՞ւնն ես ուզում դնել՝ Էթելյա Վոյնիչի վեպից… – Ելենան հանկարծակի դեմքով մտավ Արսենի ծոցը, արտասվեց: – Խաբում եմ… Գնալը կարող եմ, եթե դու դա ուզենաս, բայց ապրե՜լ առանց քեզ՝ չեմ կարող, հաստատ կմեռնեմ…
ԳԼՈՒԽ ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ
Այդ օրը Ելենան թեթևակի տկարություն զգաց՝ կապված իր ներկա վիճակի հետ, թեև հղիությունը ընդհանուր առմամբ նա թեթև էր տանում: Չնստելով մինչև հերթափոխի ավարտը, նա խնդրեց վարիչին և գնաց տուն: Նրան դուր էր գալիս զբոսանքը ավանի մաքուր փողոցներով, որոնք ինչ-որ բանով հիշեցնում էին հայրենի Վոլխովի փողոցները: Ճանապարհին մտավ հացի խանութ, հաց գնեց: Հացի խանութից ոչ հեռու, հին լորենու ստվերում, մի ծեր կին, չնայած շոգ եղանակին՝ խաչաձև կապած բրթե գլխաշորով, կանաչի էր վաճառում: Ելենան թարմ ու բուրումնավետ մաղդանոսի երկու լավ փունջ ընտրեց. Արսենը սիրում էր թարմ մաղդանոս:
Նրա սիրտը թեթևակի խառնեց, իսկ սրտխառնուքի յուրաքանչյուր դրսևորում նրան բերում էր մոտալուտ ապագայի վերաբերյալ մտքերին: Հոգում լուսապայծառ խինդ էր, ուրախություն: Բայց կար նաև տագնապ և անորոշություն: Նա մտածում էր, որ երեք ամիս էլ չի անցնի, և նա զավակ կունենա:
Չգիտես ինչու, ինքը նույնպես վստահ էր, որ անպայման տղա կծնվի. երկուսն էլ ուզում էին, որ տղա ունենան՝ անատամ, ծիծաղելի, տաք գունդուկծիկ: Նա ջերմ դնչիկով կխլի իր կուրծքը. Ելենան ժամանակ առ ժամանակ ասես ֆիզիկապես զգում էր փափլիկ շուրթիկների տաք հպումը: Արսենը արդեն երկու անգամ քաղաք էր գնացել մանկասայլակի համար, բայց դրանք չգիտես ինչու անհետացել էին խանութներից: Արդեն քիչ-քիչ գնել էին մանկական սպիտակեղեն` բարուր, անկոճակ շապիկներ, տակաշորեր: Տակաշոր` այս բառը Արսենը արտասանում էր հատուկ բավականությամբ, և նրա շուրթերին դա հնչում էր շատ ծիծաղելի, ամեն անգամ նրանք երկուսն էլ ուրախ ծիծաղում էին: Իսկ ծնունդից երկու ամիս հետո կլրանա գրանցման ժամկետը: «…Ի՞նչ պիտի անենք այդ ժամանակ, ինչպե՞ս պիտի ապրենք, չէ՞ որ աշխատել է պետք, իսկ առանց գրանցման դժվար թե Արսենին հաջողվի աշխատանք գտնել: Ա՜խ, եթե միայն նա համաձայներ գոնե մի անգամ գնայինք Վոլխով: Բայց այդ մասին կարելի է միայն երազել… Նրա ներկա տրամադրությամբ այդ մասին նույնիսկ խոսք բացել չի կարելի: Անհասկանալի է, թե ինչ է կատարվում նրա հետ: Ահա արդեն երկու շաբաթից ավելի է, որ նա ինչ-որ օտարացած է. ո՛չ խոսում է, ո՛չ ժպտում՝ ինչպես առաջ: Իսկ եթե խոսում է կամ ժպտում, հասկանում ես, որ դա հղի կնոջը չվշտացնելու, չանհանգստացնելու համար է անում: Հարցնում ես, ի՞նչ է պատահել, այնպիսի տեսք է ընդունում, ասես չի հասկանում քեզ: Եվ արդեն չգիտեմ, ում խղճամ` ի՞նձ, թե իրեն: Եվ ինչո՞ւ խղճամ, ի՞նչ է պատահել…», –այդպես քայլում ու խորհրդածում էր Ելենան…
Մթերային խանութի դիմաց, անմիջապես տակառից, թթու վարունգ էին վաճառում: Անցորդները կանգնում էին, թերթի մեջ փաթաթում երեք-չորս վարունգ` թեթևակի կնճռոտ, խոնավ, համեղ բուրող… Ինքը ևս մեծ ցանկություն ունեցավ գնել: Նա ակամա դանդաղեցրեց քայլերը և երբ հասավ տակառին, կանգ առավ: Ամաչկոտ շուրջը նայելով, մոտեցավ, երեք վարունգ վերցրեց և վճարելով հեռացավ՝ բռնելով իրենից հեռու, որպեսզի ջուրը չկաթի զգեստին:
Արսենին նա միանգամից նկատեց: Չգիտես ինչու, հաստատակամորեն մտածեց, որ դա անպայման Արսենն էր: Թե՞ պարզապես թվաց միայն: Ելենան նախ տեսավ կնոջը, որի մոտ կանգնած էր նա: Կինը մուգ շագանակագույն մազեր ուներ, որոնք ջրվեժի պես թափվում էին մեջքին՝ մինչև գոտկատեղ: Շքեղ մազեր էին: Նա հագել էր չթե թեթև զգեստ` չափազանց խոշոր աստղածաղիկներով: Հենց դա էլ թույլ չտվեց Ելենային՝ առաջինը նկատել տղամարդուն: Նրանց դեմքերը չէին երևում, քանի որ կանգնած էին թիկունքով դեպի իրեն: Ըստ երևույթին, մինչ նա վարունգ էր գնում, նրանք անցել էին իր կողքով, չնկատելով իրեն:
Ելենան փորձեց պատկերացնել, թե ինչպես կարող էր այդպես ստացվել, բայց չկարողացավ. այնքան էլ հաճախ չեն փողոցում տակառից առևտուր անում, որպեսզի չնկատեին: Եթե Արսենն էր, ուրեմն պետք է շրջվեր, գոնե հետաքրքրասիրությունից դրդված… Ելենան նայում էր նրանց հետևից, մինչև որ նրանք կանհետանային հինգհարկանի շենքի անկյունում: Վերջին պահին նա նկատեց, թե ինչպես կինը շրջվեց ետ, կարճ մի ակնթարթ նայեց իրեն, թվաց նույնիսկ ժպտաց, ապա ձեռքով գրկելով տղամարդու մեջքն ու թեթևակի գլուխը հակելով նրա ուսին, անցան շենքի մյուս կողմը:
Սրտի անդիմադիր ցավը հարկադրեց Ելենային դուրս գալ քարացած վիճակից: Վարունգներն իրենից հեռու բռնած և զգալով այդ դիրքի անհեթեթությունը, ինչպես նաև անհամատեղելիությունը այն բանին, ինչ քիչ առաջ պատահեց՝ նա շրջվեց ու գրեթե վազեց, որպեսզի շուտափույթ տուն հասնի:
Մտնելով բակ, նա լարված զգայարաններով կռահեց, որ Արսենը տանն է: Ելենան կանգ առավ և, հանկարծական բերկրանքից թուլացած՝ հենվեց բակի սլացիկ բարդուն, ժպտաց. այդ տղամարդն իհարկե Արսենը չէր: Շունչը ետ բերելով ու դեմքին սովորական, անհոգ արտահայտություն հաղորդելով, քայլեց դեպի տուն, հասնելով՝ հրեց դուռը և ահագնացող զարմանքով կանգ առավ շեմին. դուռը փակ էր: Վարունգները տեղափոխելով մի ձեռքից մյուսը, նա ուզում էր պայուսակից հանել բանալին և նույն պահին լսեց ոչ բարձր մի ձայն, որն իրեն էր կանչում բակի խորքից.
– Ելենա՛:
Ելենան արագորեն ետ շրջվեց:
– Մայրի՜կ… – խլացած բացականչեց նա, նետվելով Եկատերինա Վասիլևնայի գիրկը, որը քիչ առաջ էր նստել եղրևանու ծաղկած թփերի հետևում, այդ պատճառով էլ Ելենան, բակ մտնելով, չէր նկատել նրան:
Մի քանի րոպե անց, երբ ավարտվեցին առաջին համբույրները, առաջին արցունքներն ու հարցուփորձը, նրանք արդեն նստել էին աթոռների վրա կողք կողքի և լռում էին, չհամարձակվելով սկսել զրույցը, որը չէր կարող երկուսի համար էլ դժվարին չլինել:
Արսենի մասին մինչ այժմ, որքան էլ տարօրինակ էր, մայրը դեռ ոչ մի անգամ չէր հարցրել: Մեկ ժամ առաջ Ելենան գուցե նեղանար դրա համար, ինչպես նեղացել էր ժամանակին Դմիտրիից, երբ նա չէր տվել Արսենի անունը: Բայց հիմա նա միայն ուրախ էր, որ մայրը ոչ մի բանի մասին չի հարցնում: Նա պարզապես չգիտեր, թե ինչ պիտի պատասխաներ: Հո չէ՞ր ասելու, որ քիչ առաջ տեսել է նրան ուրիշ կնոջ հետ: Նա հիմա իրոք հաստատակամորեն համոզված էր, որ, այո, Արսենն էր: Այդ պատճառով էլ Ելենան ինքը սկսեց հարցնել հայրիկի, Դմիտրիի, հարևանների, ընկերուհիների մասին: Եկատերինա Վասիլևնան պատասխանում էր մի քիչ ավելի մանրամասնորեն, քան պետք էր: Եվ Ելենան հասկացավ, որ նա էլ է հետաձգում դժվարին խոսակցությունը, գուցե իրեն խղճալով, գուցե նաև` վախենալով փչացնել դստեր հետ հանդիպման առաջին րոպեները:
Երբ հետաձգելն այլևս դարձավ անհնարին, Ելենան առաջինը քայլեց անխուսափելիին ընդառաջ:
– Դու մեզ հեշտությա՞մբ գտար, մայրիկ:
– Շատ հեշտությամբ, հասցեն ձեռքիս էր, – պատասխանեց մայրը, ասես համաձայնելով Ելենայի հետ այն բանում, որ խոսակցությունն անխուսափելի է, հարցրեց, – ինչ-որ բանից վախենո՞ւմ ես, Լենա:
– Վախենո՞ւմ եմ, ինչի՞ց ենթադրեցիր, մայրիկ:
– Չգիտեմ, Լենոչկա, երևի ադպես թվաց, – պատասխանեց մայրը: – Իսկ Արսենն աշխատանքի՞ է:
– Չէ՛, մայրիկ, նա… նա արդեն երկու շաբաթից ավելի է, որ չի աշխատում, – պարզ ու հստակ արտասանեց Ելենան, ինքն էլ զարմանալով, թե որքան բնական հնչեց իր ձայնը:
– Չի՞ աշխատում: Ինչպե՞ս թե: Իսկ ինչո՞վ եք դուք ապրում:
– Մեզ հերիքում է, նույնիսկ քիչումիչ հետ գցած գումար ունենք, խնայել ենք նրա աշխատավարձից: Նա լավ է վաստակել:
– Սպասիր, չեմ հասկանում, ինչո՞ւ է նա թողել աշխատանքը, ինչո՞ւ է դուրս եկել գործից:
– Ես եմ ստիպել դուրս գալ… Այլ կերպ չէի կարող:
Ելենան պատմեց քարհանքի դժբախտ դեպքի մասին:
Մայրը դժգոհ թոթվեց ուսերը:
– Ոչինչ չեմ հասկանում: Կամ դու խենթ ես կամ…
– Ես պարզապես վախենում էի նրա համար: Եթե միայն իմանաս, մայրիկ, որքան էր նա տանջվել այս ընթացքում…
– Իսկ դո՞ւ, – ընդհատեց Եկատերինա Վասիլևնան, – դու քի՞չ ես տանջվել:
– Նա ավելի շատ է տանջվել: Ես կռահում եմ, որ Դիման շատ բան է քեզ պատմել… Գիտե՞ս, մայրիկ, երբեմն ինձ թվում է, որ ես նրան միայն դժբախտություն եմ բերում: Այն օրից, ինչ մենք ամուսնացել ենք, նրա անհաջողությունները հաջորդում են մեկը մյուսին:
– Իսկ քո՞նը:
– Իմը ի՞նչ:
– Երջանկության մեջ լո՞ղ ես տալիս:
– Ինձ բավարարում է: Ավելին չեմ ուզում: – Մոր հայացքում կարճ քմծիծաղ որսալով` նա ավելացրեց հանգիստ, առանց ճնշման, – գիտեմ, ինձ հիմա չես հավատում, և ես էլ, հավանաբար, քեզ չեմ կարող համոզել… Բայց հասկանո՞ւմ ես, մայրիկ, եթե ես իմ ունեցածից ավելի մեծ երջանկության հանդիպեի, կմտահոգվեի: Բայց իմ ունեցածը ոչ մի բանի հետ չեմ համեմատի: Գուցե և դրա համար եմ ասում, որ ինձ բավարարում է: Ես չեմ խաբում քեզ, ոչ էլ համոզում եմ: Հավատա ինձ, մայրիկ: Դիման այն ժամանակ գնաց` այդպես էլ չհավատալով ինձ: Բայց նա գոնե ձգտում էր հասկանալ ինձ, իսկ դո՞ւ:
– Ես էլ եմ ձգտում, աղջիկս, – ծանր հոգոցով ընդհատեց Եկատերինա Վասիլևնան: – Բայց ինձ համար ավելի դժվար է, քան նրա: Ես մայր եմ: Եվ տեսնում եմ, որ իմ աղջիկը, իմ արյունը, տառապանքով մեծացրած երեխաս, իրեն զոհաբերում է մի մարդու համար, որը… – նա կարկամեց, – վախենում եմ, նույնիսկ ասել… որը արժանի չէ նրան…
Ելենան մի փոքր մտածեց, հետո ասաց.
– Մայրիկ, սիրելիս, մի՞թե դու քեզ չես զոհաբերել հանուն հայրիկի:
– Բայց ես ի՞նչ կապ ունեմ: Մերն ուրիշ է եղել:
– Հա, դու մի անգամ պատմել ես ինձ, որ չես սիրել հայրիկին, երբ ամուսնացել ես, – հիշեցրեց Ելենան: – Պարզապես լսել ես ծնողներիդ և ամուսնացել: Եվ` ոչինչ, ապրել եք հաշտ, նույնիսկ ինձ ու Դիմային եք ունեցել…
Եկատերինա Վասիլևնան զգաստացավ.
– Ի՞նչ ես ուզում դրանով ասել:
– Ոչինչ, պարզապես ես սիրում եմ իմ ամուսնուն, ահա և ամբողջը:
Մայրը թերահավատորեն տարուբերեց գլուխը:
– Օ՜խ, Լենկա, Լենկա… Ախր վաղ թե ուշ սերը վերջանում է: Բոլորինն է վերջանում: Եվ ի՞նչ կմնա քեզ այդ ժամանակ: Հոգսերի բե՞ռ, երեխանե՞ր, կեղտոտ տակաշորե՞ր, թափառաշրջիկություն՝ օտար անկյուններո՞ւմ, նյութական կարի՞ք, որի վերջը ես առայժմ չեմ տեսնում: – Մոր ձայնում զգացվում էր հազիվ զսպվող ճիչ: – Դե ի՞նչ, պատասխանիր:
– Մայրիկ, ախր միշտ չի այդպես լինելու: Մի օր ամեն ինչ կկարգավորվի: Միայն պետք չէ վախենալ ու փորձել վախեցնել ինձ Ես, միևնույն է, վախեցող չեմ: – Եվ արդեն կատակով՝ որպեսզի մոր սիրտը թեթևացնի, ավելացգրեց– տատիկի գեները, շրջանցելով քեզ, փոխանցվել են ինձ: Չէ՞ս հավատում: Ահա, նայիր: — Ելենան ձեռքով կպավ Վանկա Վստանկային, որը ճաճվեց, ընկավ մեկ աջ, մեկ ձախ ու վերստին կանգնեց նույն ուղիղ դիրքով: — Այ, տեսնում ես, հազար անգամ էլ հարվածեն ու հազար անգամ ընկնի, դարձյալ կելնի, կկանգնի ուղիղ, ասես ոչինչ չի եղել:
– Ո՞վ պիտի հարվածի, – չհասկացավ Եկատերինա Վասիլևնան:
Ելենան ծիծաղեց.
– Դե, չգիտեմ ով, կյանքը, գուցե և ճակատագիրը… հարվածում են, գցում ոտնատակ, իսկ ես բարձրանում եմ և գնում ճակատագրին ընդդեմ: Նորից են գցում, իսկ ես նորից ոտքի եմ կանգնում:
Եկատերինա Վասիլևնայի աչքերը լցվեցին արցունքներով.
– Ուրեմն մենք այդպիսի խա՞ղ ենք խաղում:
Ելենան դադարեց ծիծաղել: Նա չէր սպասում, որ իր զվարթ կատակը այդպիս հակառակ իմաստով կընկալվի:
– Դե, մայրիկ, ի՞նչ կապ ունի խաղը, մայրիկ…
– Ամեն կին պետք է հենարան ունենա՝ ուժեղ, անսասան:
– Աստվա՜ծ իմ, բայց չէ՞ որ ես հենարան ունեմ: Արսենն է իմ հենարանը:
– Լավ հենարան է: Երկու շաբաթից ավելի թրև է գալիս առանց աշխատանքի, իսկ կինը մեջքը կոտրում է իր փոխարեն:
– Մայրի՛կ…
– Չէ, աղջիկս, նա քեզ հենարան չէ ու չի էլ կարող լինել: Սիրո տեղ Աստված տառապանք է տվել քեզ:
– Առանց տառապանքի սեր չի լինում, մայրիկ, – արձագանքեց Ելենան կատակային հորդորով: Սերը համբերություն է պահանջում: Առանց դրա երևի սեր չկա:
– Այս աշխարհում անցողիկ է ամեն բան, ժամանակը կգա՝ սերը կանցնի: Ահա թե ինչից եմ վախենում:
– Պետք չէ վախենալ, մայրիկ: Սերը կանցնի` մի բան կմնա դրա տեղ:
– Ի՞նչ, ի՞նչ կմնա:
– Դե՛, պարտք, պարտականություն, հարգանք… քաղցր հիշողություն՝ սիրո մասին… Ի՜նչ իմանամ: Միայն առանց հենարանի չեմ մնա: Ա՜խ, մայրիկ, միայն թե իմանաս ի՜նչ լավ մարդկանց եմ հանդիպել այս ընթացքում: Երբևէ կպատմեմ նրանց մասին:
Եկատերինա Վասիլևնան ի վերջո հուսահատված, տարածեց ձեռքերը.
– Բայց դու հո նրանց հետ չես ապրում, դու քո ընտանիքն ունես…
– Ես իմ ընտանիքում էլ ապրում եմ: Չեմ հասկանում, թե ուրիշ ինչպե՞ս պիտի ապրեմ:
– Սա պարզապես անտանելի է,- զայրացկոտ վրա բերեց մայրը: — Չէ, երևում է, ստիպված եմ քո ամուսնու հետ խոսել: Գուցե նա մի բան հասկանա: Իսկ ո՞ւր է նա:
Անցել էր արդեն մեկ ժամ, ինչ նա տեսել էր Արսենին: Հիմա նա լիովին համոզված էր, որ Արսենն էր փարթամ մազերով այ կնոջ հետ:Իսկ ո՞ւր է նա այսքան ժամանակ: Ի՞նչ պատասխանել մորը: Որոշեց խուսափել պատասխանից:
– Ինչի՞ մասին ես ուզում խոսել նրա հետ:
– Ինքս գիտեմ ինչի մասին:
Մայրը համարյա ոչինչ չկերավ: Ելենան հավաքեց ապսեները, դանակ- պատառաքաղները, տարավ դուրս, մաքուր բաժակները, շաքարամանը, դրեց պատուհանագոգին, ծածկեց անձեռոցիկով: Մայրը ուշադրությամբ հետևում էր նրա գործողւթյուններին:
– Դու խոհանոց չունես, որտե՞ղ ես կերակուր պատրաստում, լվանում:
– Բակում օջախ կա:
– Ա՜յ թե ինչ: Նշանակում է, խարույկի վրա ես պատրաստում, ինչպես գնչուհի:
– Ինչո՞ւ գնչուհի: Տան բանալիները մեզ մոտ են, երբ պետք է, պատրաստում եմ խոհանոցում: Բայց ամռան շոգին, ավելի լավ է դրսում, խարույկի վրա: Նույնիսկ ավելի համեղ է լինում:
Մայրը դժգոհությամբ շարժեց գլուխը:
– Ամեն ինչին պատասխան կգտնես… Մանկությունից ես այդպիսին: Հիշում եմ, մի անգամ կոտրել էիր թեյամանը, երբ սկսեցի քեզ նախատել, ասացիր, որ դա, միևնույն է, հին էր:
Ելենան ծիծաղեց, նա հիշում էր այդ դեպքը, թեև մոռացել էր իր բառերը: Հետո ականջ դրեց բակում լսվող քայլերին:
– Ոնց որ Արսենն է:
Արսենը ներս մտավ ինչ-որ բանից ոգևորված: Վերջին ժամանակներում նրա հետ հազվադեպ էր նման բան լինում: Տեսնելով զոքանչին, որը դեմ դուրս ելավ իրեն, և չիմանալով ինչպես դիմել նրան` մայրի՞կ կոչել, թե՞ դիմել անուն-հայրանունով, պարզապես թեթևակի գրկեց ուսերը:
– Իսկ ինչո՞ւ չէիք հեռագրել: Կդիմավորեինք ինչպես հարկն է: – Պատասխանի չսպասելով, նա դիմեց Ելենային, – դուք արդեն ճաշե՞լ եք, Լենոչկա:
– Մի թեթև: Քեզ էինք սպասում, – արձագանքեց Ելենան ակնհայտ շփոթմունքով:
Նա երբեմնակի ուշադրությամբ զննում էր ամուսնուն, փորձելով նրա դեմքին ինչ-որ նշան գտնել, ինչը կապացուցեր, որ այդ կնոջ կողքին հենց Արսենն է եղել: Սակայն բացի ուրախ ոգևորությունից, Արսենի դեմքը ուրիշ բան չէր արտահայտում: Եվ Ելենան հանգստացավ, մտածելով, որ անկասկած սխալվել է:
– Դե՛ նստիր, – ասաց, – հիմա սեղան կգցեմ: Երեկվա կոտլետի հետ կարտոֆիլ տապակե՞մ:
– Ինչպե՞ս: Մենք երեկվա կոտլե՞տ պիտի ուտենք:
– Իհարկե, – ասաց Ելենան ի վ երջո խաղաղված հոգով: Արսենի ուրախ տրամադրությունը աստիճանաբար փոխանցվում էր նրան:
Միակ ենթադրությունը` կապված բարձր տրամադրության հարաբերական պատճառի հետ այն էր, որ Արսենն ամենայն հավանականությամբ հարմար աշխատանք է գտել: Եվ ընդհանուր առմամբ դա հեռու չէր ճշմարտությունից: Արսենը որոշել էր վերադառնալ քարհանք, բայց ասել Ելենային այդ մասին՝ դեռևս չէր համարձակվել:
– Չէ, Ելենա, ճաշը պետք է մի ժամով հետաձգել: Տոնի պատվին թառափի խորոված կանենք:
– Ի՞նչ տոն, – չհասկացավ Եկատերինա Վասիլևնան:
– Իսկ մի՞թե ձեր գալը տոն չէ:
– Դե եթե իմ պատվին է, ես կգերադասեի կոտլետը: Ես ախր հենց այնպես չեմ եկել, խոսելու բան կա…
– Իսկ ո՞ւր է թառափը, – բացականչեց Ելենան, վախենալով, որ Արսենը իսկույն կնստի, որպեսզի սկսի խոսակցությունը:
Արսենը դուրս եկավ և մի քանի վայրկյան անց հայտնվեց` խռիկներից բռնած ներս բերելով հինգկիլոգրամանոց թառափը:
– Ահա, կես ժամ առաջ լողում էր ծովում: Մի հարբեցողից եմ գնել: Երևի պատահական է կարթն ընկել: Մենք երկուսով հազիվ հանեցինք ջրից, պոչով կատաղի զարկվում էր: Դե՛, թանկագին կանայք, խնդրեմ, զբաղվեք գործով, իսկ ես բակում խարույկը վառեմ:
Մեկ ժամից նրանք արդեն նստած էին սեղանի շուրջը, որի վրա, ուտելիքից բացի, դրված էր մի շիշ սպիտակ անապակ գինի: Ընդ որում, Արսենից բացի, ոչ ոք գինի չէր խմում: Ելենային չէր կարելի, իսկ Եկատերինա Վասիլևնան, մի կում անելով, կնճռոտվեց ու թողեց բաժակը, հայտարարելով, որ մաքուր քացախ է: Սեղանի շուրջը Արսենը հարցրեց աներոջ, Դմիտրիի մասին, նրանց առողջության ու գործերի մասին: Եկատերինա Վասիլևնան պատասխանում էր որքան հնարավոր է մանրամասն, տեղ-տեղ մակերեսորեն: Նրանց ճնշում էր թաքնված լարվածության մթնոլորտը, չգիտեին, թե ինչպես կընթանա և ինչով կավարտվի սպսվող խոսակցությունը:
Եկատերինա Վասիլևնան ինքը սկսեց, ի միջի այլոց, դիմելով աղջկան, թե չի՞ կարոտել նա հայրական տունը, հորը, եղբորը, ընկերուհիներին և առհասարակ հայրենի երկիրը: Ելենան հապաղեց, հուսալով, որ իր փոխարեն Արսենը կպատասխանի, բայց նա լռում էր` խոնարհած գլուխը և կենտրոնացած նայելով մաղդանոսի տերևներին:
– Մի քիչ կարոտել եմ, – անվստահորեն կմկմաց Ելենան` աչքի պոչով նայելով ամուսնուն:
– Դե տեսնո՞ւմ ես, – ուրախացած ասաց մայրը, – հայրիկն էլ է շատ կարոտել քեզ: Ընկերուհիներդ ամեն հանդիպման հարցնում են, մի՞թե մի անգամ չի գալու, որ տեսնենք…
– Ո՞ւր գամ, մայրիկ, իմ այս տեսքով… – քմծիծաղեց Ելենան:
– Հենց այդ տեսքով էլ պետք է գաս: Այնտեղ կծննդաբերես: Փառք Աստծու, հիվանդանոց ունենք մի փողոց այն կողմ, ծծնդատան բաժանմունքով: Դաշա մորաքույրն այնտեց ավագ բուժքույր է աշխատում: Բժիշկներն էլ լավն են: Կմնաս մեզ մոտ, մինչև երեխան կամրանա, հետո կվերադառնաս:
– Դե, ծննդաբերել՝ նա այստեղ էլ կարող է, – միջամտեց Արսենը` շարունակելով ուսումնասիրել մաղդանոսի տերևները: – Այստեղի բժիշկներն էլ ոչնչով չեն զիջում:
Եկատերինա Վասիլևնան նայում էր նրան, ասես փորձելով հասկանալ, թե առհասարակ որտեղի՞ց հայտնվեց այդ մարդը:
– Չգիտեմ, – մռլտաց նա, – գուցե և չեն զիջում: Երեխան հո հավերժ հիվանդանոցում չի՞ ապրելու:
– Ինչո՞ւ հիվանդանոցում, մայրիկ, – գրեթե վրդովվեց Ելենան:
– Իսկ որտե՞ղ: Այս խցիկո՞ւմ:
Ո՛չ Ելենան, ո՛չ Արսենը չգտան, թե ինչ պատասխանեն այդ դյուրագրգիռ հարցին:
– Լռո՞ւմ ես, – շարունակեց Եկատերինա Վասիլևնան, դիմելով Արսենին, հետո խոսքն ուղղեց երկուսին: – Չէ, սիրելիներս: Եթե որոշել եք երեխա ունենալ, ուրեմն բարի եղեք նրա կյանքի համար համապատասխան պայմաններ ստեղծել: Իսկ այստեղ նա մի շաբաթից կհյուծվի` ո՛չ լույս կա, ո՛չ օդ, ո՛չ որևէ հարմարություն, ամռանը` խեղդոց, ձմռանը` ցուրտ: Իսկ երեխային կերակրել է պետք, ամեն օր լողացնել, անվերջ լվանալ լաթերը, չորացնել, արդուկել, իսկ ձեր տանը, տեսնում եմ, արդուկ միացնելու տեղ էլ չունեք: Հասկացեք, վերջապես, որ երեխան Վանկա Վստանկա չէ, այլ կենդանի մարդ, և նրան խնամել է պետք, հիգիենիկ պայմաններ են պետք:
Ամեն ինչից երևում էր, որ Եկատերինա Վասիլևնա դիտավորյալ էր շեշտել այդ սարսափեցնող բառերը, զգալով, որ դրանք բավարար չափով անդրադարձնում են իրավիճակը: Դա երևում էր նրանից, թե Ելենան ու Արսենն ինչպես էին սսկվել, չիմանալով, ինչ բառերով հակադրվել նրան: Արսենը, ճիշտ է, մտածում էր, որ կարելի է վկայել նման գործերում իր համագյուղացիների երկարամյա փորձը, սակայն հետո որոշեց, որ սա այն դեպքը չէ:
– Դե ի՞նչ եք լռում: Արսե՛ն, տղամարդ ես, ասա՛ քո խոսքը:
Արսենը վերջապես բարձրացրեց գլուխը: Նրա դեմքը քարի պես անդրդվելի էր, արևահարության միջից երևում էր գունատությունը:
– Թող Ելենան ինքը որոշի, – լուռ արտաբերեց նա:
Ելենան վախվորած նայեց նրան:
– Իսկ դու ուզո՞ւմ ես, որ ես գնամ, – հարցրեց նա թալկացող սրտով, կրկին աչքի առաջ հայտնվեցին ծառապատ փողոցը, և այն կնոջ ձեռք՝ Արսենի մեջքին:
Բայց իսկապե՞ս դա ինքն էր եղել… Եվ ասես հեռվից լսվեց Արսենի անարի ձայնը.
– Քո մայրը գտնում է, որ այդպես լավ կլինի՝ թե՛ քեզ, թե՛ երեխայի համար…
– Ճի՛շտ է… – ոգևորվեց մայրը, – նա համաձայն է, Լենա, նա խելացի մարդ է, հասկանում է, որ ես…
– Սպասիր, մայրիկ, հիմա այդ մասին չէ խոսքը, – ընդհատեց Ելենան և նորից դիմեց Արսենին ահագնացող տագնապով, այնպես, որ ձայնը նույնիսկ զնգաց լարվածությունից, – իսկ դո՞ւ… դու ինքդ ուզո՞ւմ ես, որ ես գնամ…
Արսենը զարմանքով նայեց նրան,
– Լենա, խելքդ գլխի՞դ է: Իհարկե, չեմ ուզում: Չեմ ուզում,որ գնաս, չեմ ուզում, նույնիսկ մի շաբաթով չեմ ուզում: Ես ուղղակի չգիտեմ` ինչպես կապրեմ առանց քեզ…
Ելենայի դեմքը վայրկենապես լուսավորվեց:
– Ես հենց դա էի ուզում լսել, – արտաշնչեց նա թեթևությամբ, հայացքը տեղափոխելով մոր կողմը: – Մայրիկ, ես ոչ մի տեղ էլ չեմ գնա: Կմնամ այստեղ:
– Սպասե՛ք, սպասե՛ք, ինչե՞ր եք խոսում: Լենա՛, դստրիկս…
– Վե՛րջ, մայրիկ, մենք արդեն որոշեցինք՝ ես ոչ մի տեղ չե՛մ գնա:
– Ինչպե՞ս թե` չեմ գնա: Հապա ես ինչո՞ւ եմ եկել այստեղ՝ ամբողջ երեք հազար կիլոմետր ճանապարհ կտրելով: Ի՞նչ պիտի ասեմ քո հորդ, երբ վերադառնամ առանց քեզ: Նա հոգիս կհանի, ինձ գերեզման կուղարկի: Չէ՜, այսպես չի լինի: Հենց վաղը մենք կգնանք միասին…
– Ես չեմ գա, մայրիկ…
Եկատերինա Վասիլևնան ձեռքերն իրար զարկեց.
– Սա ի՞նչ բան է: Արսեն, գոնե դուք խելքի բերեք այս հիմարին:
Արսենը ստիպեց իրեն ժպտալ.
– Դուք մի անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի…
– Ինչպե՜ս թե՝ «մի անհանգստացեք»: Քո կարծիքով ես պետք է ուրախամա՞մ: Ես մայր եմ, հասկանո՞ւմ ես, մայր: Կատուն որ կատու է, էլի անհանգստանում է իր ձագերի համար, իսկ դու ուզում ես, որ ես … – Նա հեծկլտաց: – Չա՜ր, անսիրտ մարդ ես դու .. Որքան ժամանակ նա քեզ հետ է ապրում, ասա, գոնե մի լավ օր տեսե՞լ է: Երկու ամսից պետք է ծննդաբերի, իսկ դուք նույնիսկ ձեր անկյունը չունեք: Ահա թե ինչպիսին ես դու, քեզնից ի՞նչ ամուսին…
– Մայրիկ, – բացականչեց Ելենան` կտրուկ ոտքի կանգնելով, – չհամարձակվես:
– Լռի՛ր, անխելք տխմարի մեկը: Թող արտահայտվեմ, վերջապես, ամբողջը, ինչ կուտակվել է, ինչ մտածում եմ նրա մասին: Հենց սկզբից… այո՛, այո՛… ամենասկզբից էլ նա ինձ դուր չէր գալիս, գիտեի՜, թե ինչով է ամեն ինչ վերջանալու: Գիտեի՜, կանխազգում էի: Եվ ահա, խնդրեմ, իրականացել են կասկածներս… Ամուսին է կոչվում՝ հաղթանդամ անբա՜ն, ապրում է կնոջ խնամքի տակ: Հղի՜ կնոջ: Գոնե մարդկանցի՜ց ամաչիր… Գտել ես քեզ համար կերակրող աղախին և վախենում ես ձեռքիցդ բաց թողնել…
Եկատերինա Վասիլևնան ձայնը բարձրացեց, նրա դեմքը վայրկյանապես ծածկվեց արյունատար բծերով: Արդեն բառերի ընտրություն չկատարելով, նա տաքացած, ճչալով Արսենի դեմքին էր շպրտում մեղադրանքներ, որոնցում նա մասամբ կամ բոլորովին արժանի չէր. մեղադրում էր նրանում, որում նա իսկապես մեղք չուներ, հիշեց և՛ բանտը, և՛ զարմիկի մահը, և՛ Ելենայի արտաքսումը ամուսնու տնից… Ելենայի ո՛չ արցունքները, ո՛չ հորդորները, ո՛չ աղաչանքը` ուշքի գալ, կանգ առնել, ոչ մի ազդեցություն չէին ունենում հերսոտված կնոջ վրա: Մայրական բնազդը, աղջկա ճակատագրի հանդեպ մշտաբորբոք վախն ու երազանքը, որ աճել էին նրա մեջ անվերջանալի հոգածությամբ՝ հանդեպ իր միակ, իր աչքի լույս դստեր ճակատագրի, ավելի ուժեղ դուրս եկան այն ամենից, ինչը կարող էր խելքի բերել, հանդարտեցնել ու մխիթարել նրան:
Արսենը վերջապես չկարողացավ այլևս տանել այդ անդադար անարգանքը, և որպեսզի ինքն էլ հունից դուրս չգա, չպատասխանի նույն կերպ, վեր կացավ ու դուրս եկավ սենյակից:
ԳԼՈՒԽ ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴ
Մինչև մութն ընկնելը Արսենը թափառեց ավանի փողոցներով, որոնք չգիտես ինչու այդ համեմատաբար ուշ ժամին մարդաշատ էին, իսկ հետո գնաց ծովափ, ուր հավերժական քամին բերում էր ծովի անընմեջ ու հավասարաչափ սոսափը: Լիակատար մենության մեջ՝ հայացքը կապտաժեռ հորիզոնին, մտախոհ ծխում էր: Ջուրը մեղմ ճողփում էր` ափի քարերին բախվելով: Լուսնյակ երեկո էր, լոսնի դրոշմը կանգնած էր ջրերի վրա: Բայց անմարդ ու տարտամ ափը թախիծ էր սփռում: Ծովափին՝ այս ու այնտեղ, դատարկ շշեր, պահածոյի տուփեր, լրագրերի պատառիկներ կային թափթփված: Ավազը կամացուկ խշշում էր նրա ոտքերի տակ, բայց այդ խշշոցը արձագանքում էր ականջներում այնքան ուժգին, որ Արսենն ակամա կնճռոտվում էր:
Նա վերադարձավ ավան, անցավ երեք թաղամաս և կանգ առավ նորակառույց հինգհարկանի շենքի մուտքի առջև, կանգնեց, ծխեց, նայեց երկրորդ հարկին: Ծանոթ պատուհանում լույս էր վառվում` աղոտ, լուսամփոփի ծածկի պատճառով վարդագույն: Նա նայեց ժամացույցին, տասին մոտ էր: Նետելով ծխուկը, նա բարձրացավ երկրորդ հարկ և կանգնելով ծանոթ դռան առաջ, մտածեց այն մասին, որ այսօր արդեն եղել է այստեղ: Բայց այդ միտքը թույլ առկայծեց նրա գլխում և արագ մարեց: Նա սեղմեց զանգի կոճակը: Չէին պատասխանում: Միայն երրորդ զանգից հետո Արսենը դռան հետևում ոտքերի քստքստոց լսեց: Կանացի ձայնը հարցրեց.
– Ո՞վ է:
– Բաց արա, Սիմա, ես եմ:
– Ո՞վ` ես:
Արսենը քմծիծաղ տվեց` հասկանալով, որ կանգնած է դիտանցքից հեռու և կանգնեց ուղիղ դռան դիմաց:
Շտապ զրնգաց կողպեքը:
– Երկա՞ր ես զանգահարել, – հարցրեց Սիման:
Բաղնիքի խավավոր սրբիչը հապճեպ գցված էր մերկ մարմնի վրա և հազիվ էր ծածկում այն:
– Ամբողջ օրը ջուր չկար, քիչ առաջ տվեցին, ես արագ լողանամ, լա՞վ: :
Տնային հողաթափերով քստքստացնելով մանրահատակին` նա նորից գնաց լոգարան: Արսենը նստեց լայն բազմոցին, ծոծրակով հենվելով պատի ձեռագործ փափուկ գորգին, որի խավը անդուր տաք էր: Բայց Արսենը ծուլացավ տեղափոխվել բազկաթոռին: Նա փակեց աչքերը, ունկնդրելով բաղնիքի ջրի ձայնին, փորձ արեց պատկերացնել Սիմային` մերկ ջրի տակ, բայց բան դուրս չեկավ, պատկերն իսկույն անհետանում էր: «Ո՞ր սատանան ինձ բերեց այստեղ», – մտածեց նա դարձյալ տարտամորեն, նույնիսկ չնեղսրտելով նրանից, որ եկել է:
Նրանք ծանոթացել էին երկու շաբաթ առաջ: Այդ օրը Արսենի վրա կարոտանք էր իջել, կարոտ, որն ընդունված է համարել առանց պատճառի, չնայած որ առանց պատճառի ոչինչ չի լինում: Դա այդպես էր և պատճառն էլ տարօրինակ էր, առաջին հայացքից այնքան աննշան. նա այդ օրը պարզապես երազում տեսել էր իր գյուղը` պարուրված անտառոտ կանաչ սարերով, հարազատներին էր տեսել՝ տրտում կանգնած…Առավոտյան նա վեր կացավ, Ելենային ուղեկցեց աշխատանքի, իսկ հետո նորից հիշեց երազն ու դարձյալ կարոտեց ու կարոտն այդ այնքան ուժգին էր, որ ամեն ինչ ձեռքից վայր էր ընկնում: Ուզում էր մի քիչ փորել այգում, բայց չկարողացավ: Նա մեկ ժամից ավելի նստեց թթենու ստվերում, անմտորեն նայելով շուրջը, ասես ամեն բան առաջին անգամ էր տեսնում: Ապա հագնվեց ու գնաց թափառելու ավանում:
Չնայած վաղ ժամին, հազիվ տասն անց կես էր, բայց արդեն շոգ էր, մոտակա բարդիներին կնճիթավոր ճպուռները ճռռում էին խլացուցիչ ձայնով: Արևը բարձրացել էր շենքերի տանիքներից վեր, և նրա շողերը, թվում էր, վառում էին մարմինը: Ասֆալտը առաձգական էր դարձել ոտքերի տակ: Որոշ ժամանակ քայլելով անտանելի շոգից սակավամարդ փողոցներով` Արսենը դիմեց դեպի ծով: Ծովափին շատ ժողովուրդ կար: Չնայած նրան, որ ծովափը մայրաքաղաքից հեռու էր և անհրաժեշտ չափով բարեկարգ չէր, բայց այնամենայնիվ մարդիկ գալիս էին ոչ միայն այնտեղից, այլև կողքի բնակավայրերից, որովհետև ջուրն այստեղ հազվագյուտ մաքուր էր, իսկ ավազը` փափո՜ւկ, ոտքդ խրվում էր մեջը:
Արսենը ծովափնյա երջանկության սիրահար չէր, ծով էր գնում կամ շոգից նեղված, կամ նրա համար, որ ծովը մոտ էր, կարելի էր նստել ու նայել շողշողենի ջրերին: Բայց վերջին ժամանակներում մագնիսի նման ծովը ձգում էր նրան: Նա այդ օրը նստել էր քամիներից ու ջրի ազդեցությունից հղկված ժայռաբեկորին և ծնկները գրկած՝ երկար նայում էր կապուտակ, արևի տակ կայծկլտացող հեռուներին, հազիվ կռահելով, որ այդ կապույտն ու այդ անընդգրկելի հեռուներն են ձգում իրեն այստեղ, որովհետև նրանք հիշեցնում էին իրենց մշուշապատ սարերը… Նրան արդեն վաղուց անտանելի կեղեքում էր փողոցների անձկությունը, հարթ ասֆալտը, հավասարաչափ, տների երկրաչափորեն անթերի և միապաղաղ խորանարդները, այնպե՜ս էր ուզում փախչել այդ ամենից…
Նա հիմա էլ գնաց հարթ, շերտավոր թխվածք հիշեցնող ծակերով ժայռի կողմը (նրա վրա արդեն կար ինչ-որ մեկի պլաստիկե պայուսակը` զգեստների հետ, քարով ամրացված, որպեսզի քամին չքշի): Արսենը նստեց քարի վրա և սկսեց նայել լողացողներին: Բայց ջրի մեջ նրանք բոլորը միանման էին, և աչքը ոչ մեկի վրա կանգ չէր առնում: Նա հանվեց ու մտավ ջուրը, բայց մի քանի րոպե անց ափը նորից ձգեց նրան: Խոնավ մարմինը վայրկենապես կլանեց մինչ այդ աննկատ քամու սառնությունը, շնչելը հեշտացավ: Արսենը պառկեց տաք քարին և սկսեց նայել ծովին: Գիշերվա երազը առավոտից ի վեր հանգիստ չէր տալիս նրան… Գյուղը, շուրջը լեռներ, լեռներից վեր՝ կապուտակ երկինք, թռչունների անդադար անուշ դայլայլ՝ մոտակա անտառում ու դաշտերում, և այդ ամենը սրտի ծակոցի պես ծանոթ: Նա նորից ու նորից էր մտածում, որ պետք չէր գյուղից հեռանալ… Մտքին էր գալիս վերջին խոսակցությունը Գաբրիել Հարությունովիչի հետ, գալու նախորդ օրը. «Դու այնտեղ չես կարողանա ապրել, լավ մտածիր…»:
Ափից մի քսան քայլ հեռավորության վրա ծովում մի կին երևաց, ջուրը ձեռքերով դեսուդեն անելով` նա գալիս էր դեպի ափ: Շատ հնարավոր է, որ Արսենը չնկատեր նրան՝ մարդկանց այս բազմության մեջ, բայց չափից դուրս աչքի էր ընկնում նրա լողազգեստը` նուրբ, վարդագույն, առաջին պահ այնպես թվաց, թե կինն այդ մերկ է: Դուրս գալով ջրից, նա առաջ եկավ, նստեց նույն քարին, որտեղ Արսենն էր նստած: Դնովի թարթիչներով ու կպցրած երկար եղունգներով, աճքերը ներկաց սև տուշով՝ նա թռուցիկ մի հայացք նետեեց Արսենի վրա, քարի վրայից վերցրեց պլաստիկե պայուսակը, հանեց սրբիչը, սրբվեց, հետո գլխից հանեց ռետինե գլխարկը` ուսերին ու մեջքին արձակելով շագանակագույն մազերը: Նկատելով, որ Արսենը իրեն է նայում, նա հանկարծ ժպտաց նրան, ասաց.
– Ներեցեք, այստեղ մի աղջիկ կար նստած, դուք չնկատեցի՞ք, թե ուր գնաց:
– Ի՞նչ աղջիկ, – Արսենը բարձրացավ քարի վրա և նստեց:
– Չգիտեմ, երիտասարդ աղջիկ էր վարդագույն սարաֆանով: Նրան խնդրել էի նայել իմ պայուսակին:
– Իսկ ձեր իրերը տեղո՞ւմ են:
Կինը ծիծաղեց, ապա նայեց պայուսակի մեջ:
– Կարծես թե: Իսկ, ինչ է, կարող էին գողանա՞լ:
Նման ապշեցուցիչ միամտությունը չէր բռնում բավականին ազատամիտ պահվածքին:
Արսենը չարախինդ քմծիծաղեց, թոթվեց ուսերը.
– Ամեն ինչ էլ պատահում է: Ահա, տեսեք ինչքան մարդ կա, և նրանք բոլորը տարբեր են:
Կինը նայեց լողացողներին.
– Իսկապես, բոլորը տարբեր են… Ինքս այստեղից չեմ, գիտե՞ք, ապրում եմ քաղաքում: Ընկերուհիս էր հրավիրել: Ես եկա, իսկ նրանք ուղեգիր ունեին, ամուսնու և երեխայի հետ գնացին Ղրիմ, Յալթա: Երեկ չէ նախորդ օրը ճանապարհեցի նրանց ավտոբուսով: Ստացվում է, որ պարզապես հսկում եմ նրանց բնակարանը:
– Դուք, ի՞նչ է, լրիվ մենա՞կ եք:
– Իհարկե: Անսովոր է, ճիշտն ասաց, երբեմն վախենում եմ: Հատկապես, գիշերը…
– Դե՛, վախենալու բան չկա: Սա երևի աշխարհի ամենախաղաղ ավանն է:
– Ճի՞շտ:
– Յոթ ամիս է, ապրում եմ այստեղ, դեռ չեմ լսել, որ ինչ-որ մեկին կողոպտեն:
Հաջորդող խոսակցությունից, իսկ կինը պարզվեց անչափ զրուցասեր էր, հայտնի դարձավ, որ նրա անունը Սիմա է, որ աշխատում է ինչ-որ նախագծային կազմակերպությունում: «Ո՞ր մեկում», – հարցրեց Արսենը քաղաքավարությունից: Սիման արձագանքեց անբռնազբոսիկ ծիծաղով` բառերը համեմելով կատակային բազմանշանակությամբ:
– Ինչո՞ւ խորանալ: Վերցրեք այն, ինչ մակերևույթին է, ապրելը հեշտ կլինի:
Արսենը թոթվեց ուսերը, չիմանալով ինչպես պատասխանել նրա կատակին: Պարզապես ասաց.
– Իսկ դուք ինքներդ այդպե՞ս եք վարվում:
– Ոչ միշտ, բայց հաճախ: Ահա, օրինակ, ես չգիտեմ, դուք ով եք, բայց ուրախ եմ ծանոթության համար: Թե չէ արդեն երեք օր է` միայնակ եմ, իմ անմիջական բնույթի համար սա ամենածանր փորձությունն է: Մեկ-երկու օր էլ՝ կգնայի այստեղից: Իսկ հիմա կմտածեմ՝ գնա՞լ, թե ոչ: Ձեզ հո չի՞ շփոթեցնում իմ անկեղծությունը:
Արսենը պատասխանեց, որ չէ, չի շփոթեցնում, բայց մտածեց, որ թերևս շփոթեցնում է, և նույնիսկ ոչ քիչ: Եվ ոչ այնքան նրա անկեղծությունը, որքան նա ինքը, գրեթե մերկ՝ այդ գրգռիչ լողազգեստով ու կկոցուն աչքերի ցանկահարույց գրավչությամբ:
– Գնամ հագնվեմ, քանի չեն զբաղեցրել խցիկը:
Նա վերցրեց իր պլաստիկե պայուսակը և վազեց հարևան հանդերձախցիկը: Մի քանի րոպե անց Սիման վերադարձավ, հագած հասարակ չթե զգեստ, խոշոր ծաղկուն աստղածաղիկներով:
– Ահա և ես պատրաստ եմ, – ասաց նա:
Հրաժեշտ տալիս Սիման հարցրեց, իսկ հաճա՞խ է նա գալիս այստեղ, ծովափ և ո՞ր ժամերին: Արսենը պատասխանեց, որ հաճախ է գալիս, բայց տարբեր ժամերի, ինչպես պատահի:
– Դե, այդ դեպքում պայմանավորվենք, – գործարար տոնով առաջարկեց Սիման, – եթե մենք այստեղ գանք միևնույն ժամին, ապա, որպեսզի միմյանց հեշտությամբ գտնենք, հանդիպենք այս ժայռի մոտ: Համաձա՞յն եք:
Արսենը սեղմեց նրա մեկնած ձեռքը, որը տաք էր ու հարթ, ինչպես կատվի թաթի բարձիկը:
Նրա հեռանալուց հետո Արսենը որոշ ժամանակ մնաց շփոթված, ապա վեր կացավ, մտավ ջուրը, լողաց, ձեռքերով ճողփելով և հաճախ սուզվելով, ինչպես ձուկը, ցանկանալով գլխից հանել այդ կնոջ կերպարը: Բայց կերպարը չէր անցնում: Անպատկառորեն Արսենի աչքի առաջ էին խցկվում նրա հզոր ազդրերը` թեթևակի պատված առաջին թույլ վարդագույն արևահարությամբ, փարթամ կրծքերի առաձգական բլրակները` խոնավ լողազգեստի տակ: Արսենը մի քանի անգամ փորձեց պատկերացնել նրա դեմքը, բայց չհաջողվեց: Պատկերվում էր միայն առողջ ու կանչող կանացի մարմինը: Դեմքից զուրկ կնոջ մարմին: Արսենը անսպասելիորեն ծիծաղեց, վերջապես կռահելով, թե ինչու էր անհետացել Սիմայի դեմքը:
Սիման նստել էր նույն քարին, որը նման էր շերտավոր թխվածքի: Արսենը նկատեց նրան հեռվից և անորոշ անբարյացակամություն զգաց. նա չէր ուզում այդ հանդիպումը, թեպետ հենց դրա համար էր եկել այստեղ:
– Իսկ ինչո՞ւ երեկ չեկաք… Ես սպասում էի ձեզ:
– Չկարողացա…
– Հասկանալի է՝ կին, տան անհետաձգելի գործեր, կիրակնօրյա հոգսեր, մի խոսքով…
Նրա ձայնի մեջ զգացվեց շատ ընկերական հեգնանք, ուստի Արսենը չվիրավորվեց: Բայց ամեն դեպքում խոսակցության առանցքը փոխեց:
– Արդեն լողացե՞լ եք: – Սիմայի հագին նույն չթե զգեստն էր` մեծ աստղածաղիկներով: – Թե՞ դեռ չեք հանվել:
Եվ նա սկսեց հանել կիսաթև վերնաշապիկը:
– Դեռ ոչ, միայնակ ցանկություն չկա: Եվ չեմ էլ հասցրել, քիչ առաջ եմ եկել, – ասաց Սիման` անթաքույց զմայլվելով նրա ուսերով ու լայն կրծքով:
«Նա ինձ նայում է, ինչպես զոոտեխնիկն է ֆերմայում նայում ցեղական ցլիկին», – մտածեց Արսենը բացահայտ քմծիծաղով:
– Գիտե՞ս, քանդակագործի համար դու երջանիկ հայտնագործություն կլինեիր, – անսպասելիորեն անցնելով «դու»-ի, ասաց Սիման: – Քանի՞ տարեկան ես:
– Քսանյոթ: Իսկ ձեր ինչի՞ն է պետք դա:
– Քեզնից կարելի է երիտասարդ անտիկ աստված կերտել: Կանայք երևի խելքամաղ են լինում՝ տեսնելով քեզ մերկացած: Դու շա՞տ կանայք ես ունեցել: Խոստովանիր:
– Ինչի՞ մասին եք հարցնում:
– Կանանց:
– Դա եղել է վաղուց և այն էլ ոչ ճիշտ, – քրթմնջաց Արսենը:
– Իսկ հիմա՞:
Արսենը հասկացավ, որ նրան հենց ասի` կնոջիցս բացի, ոչ մեկը, կծաղրի իրեն: Նա պատասխանեց թեթևակի կոպտությամբ, թաքցնելով լեռնային գյուղում մեծացած տղայի ամոթխածությունն ու պատկառանքը, գյուղում, որտեղ գոյություն ուներ ու հիմա էլ ունի սեփական, խիստ որոշակի մարդկային առաքինությունների սանդղակ: Ասաց.
– Չգիտեմ, չեմ հաշվել:
– Նույնիսկ այդպե՜ս, – ծիծաղեց Սիման: – Ահա թե ինչու էիր երեկ այստեղ նստել միայնության մեջ՝ ընտրելով հերթական զոհի՞ն: Իսկ գուցե դու վայելքի որսո՞րդ ես: Նրանցից, ովքեր մշտապես բնակվում են ծովափերի՞ն:
Դա շողոքորթություն էր, բայց ոչ այքան նրբանկատ:
– Գուշակեցիր, – պատասխանեց Արսենը` նույնպես անցնելով «դու»-ի:
Սիման ժպտաց ու սկսեց հանվել, անելով դա հատուկ ալարկոտ դանդաղկոտությամբ, բայց ոչ այնքան, որ դիտավորությունն աչք ծակեր: Այսօր նա ուրիշ լողազգեստով էր` ճերմակ, միայն կուրծքն ու ազդրերը ծածկող: Հատկապես երկար զբաղվեց մազերով` դրանք տեղավորելով ռետինե գլխարկի տակ: Արսենը զգաց, որ չափից դուրս ինքնամոռաց է նայում նրա բարձրացված ձեռքերին, դեռ լրիվ չարևահարված ճերմակ մաշկին:
Երբ մտան ջուրը, Սիման բռնեց նրա ձեռքը, ասելով, որ ջրում առաջին պահերին իրեն զգում է անհաստատ ու վախենում է ընկնել:
– Դու ինձնից հեռու մի գնա, ես լավ չեմ լողում, – խնդրեց նա, երբ նրանք մինչև կուրծքը գտնվում էին ջրի մեջ:
Շուտով սակայն պարզվեց, որ նա բոլորովին էլ վատ չի լողում: Մեկ սուզվելով բռնում էր Արսենի ոտքերից, փորձելով քաշել նրան ջրի տակ, մեկ անհետանում էր այնպես, որ Արսենը շփոթված շուրջն էր նայում, իսկ հետո անսպասելիորեն հայտնվում էր նրա դիմաց, ինչպես ծովային ուրվական: Արսենի կաշկանդվածությունն անցավ, խաղը սկսեց դուր գալ նրան: Նա հետապնդում էր Սիմային, վերջինս ձևական երկյուղով հեռանում էր նրանից, բայց ինչ-որ պահի հանկարծ, ասես հոգնելով, դանդաղեցնում էր ընթացքը, իսկ երբ Արսենը փորձում էր բռնել նրան, օձի նման գալարվելով սահում էր նրա ձեռքերից ու հեռանում: Եվ ահա, ասես չկարողանալով դուրս պրծնել, հայտնվեց Արսենի գրկում: Առաջին պահին շփոթվելով` Արսենը ցանկացավ վանել նրան, բայց Սիման հանկարծ գրկեց նրա պարանոցը և ջրից սառած ու խոնավ շուրթերով հպվեց Արսենի շուրթերին: Արսենը մատներով շոշափեց նրա մեջքը և զգաց, թե ինչպես է կնոջ մարմինը ծանրանում իր ձեռքերում: Բայց ակնթարթ անց նա ուժով հետ հրեց Արսենին և բացականչեց խռպոտ ու ընդհատ ձայնով.
– Այսպես խեղդվել կարելի է… Դու անտանելի ես: Ես ուզում եմ տուն գնալ…
Նրանք ջրից դուրս եկան, լուռ հագնվեցին:
– Կուղեկցե՞ս ինձ:
Արսենը գլխով արեց, և նրանք միասին քայլեցին:
– Ահա և տանն ենք, – ասաց Սիման, երբ նրանք հայտնվեցին բնակարանում: – Այստեղ էլ ապրում եմ: Նե՛րս եկ, հարմարվիր: Ես հիմա կզգեստափոխվեմ:
Նա գնաց խոհանոց, թե լոգարան: Արսենը նստեց բազմոցին, շուրջը նայեց:
Սա երկսենյականոց բնակարան էր ավանի` ծովից հակառակ կողմում, հինգհարկանի նորակառույցի երկրորդ հարկում: Սենյակները կահավորված էին համեստ, բայց ճաշակով: Զգացվում էր, որ այստեղ ապրում են մարդիկ, որոնք բավարարվում են սովորական միջին աշխատավարձով: Ոչ թանկ, հասարակ կահույքը այնպես էր տեղադրված, որ նեղություն չէր առաջացնում ոչ մեծ սենյակներում, այդ պատճառով էլ լայն բազմոցը, որը թերևս միակ քիչ թե շատ թանկարժեք իրն էր տան մեջ, առաջին հայացքից անհամատեղելի էր թվում հյուրասենյակին: Բայց նա այստեղ հավանաբար անհրաժեշտ էր, քանի որ փոքրիկ սենյակը, որը սովորաբար հարմար էր ամուսնական ննջարանի համար, հատկացված էր երեխայի: Այնտեղ նրա մահճակալն էր, պատուհանի կողքին ոչ մեծ գրասեղան, պատի երկայնքով ինքնաշեն պատի կահույք, գրքերի և դպրոցական պարագաների երկու գրադարակ, ինքնաշեն պատվանդանի վրա` երկու զույգ մանկական մարզագնդեր: Կար նաև երկու փոքրիկ նկար` ինքնաշեն շրջանակներով ( տղան, ըստ երևույթին, ծովի սիրահար էր), իսկ դրանց արանքում ծածկաշապիկով կախված էր կիթառ կամ ջութակ:
Արսենը հանկարծ ցանկացավ հեռանալ այդ տնից: Բայց տարօրինակ շղթայվածությունը գամել էր նրան բազմոցին, և նա չէր կարողանում ստիպել իրեն տեղից բարձրանալ:
Սիման կաթնագույն թեթև կտորից կարված երկար տնազգեստով մտավ սնեյակ: Նա ավելի մերկ էր թվում, քան եթե բոլորովին հագնված չլիներ: Փփոքրիկ մատուցարանը՝ ձկնկիթով, թանկարժեք կոնյակի կիսատ շշով , շոկալադի շերտավոր սալիկներով, դրեց հայելանման ողորկ անվավոր սեղանին: Չէր մոռացել նաև «Քեմել» ծխախոտի մի տուփն ու ճապոնական շքեղ կրակայրիչը:
– Ահա և ես, – կայտառորեն հաղորդեց Սիման:
Նա ձգեց, սեղանը մոտեցրեց Արսենին, ինքը տեղավորվեց բազմոցին` հենվելով Արսենի ուսին: Նրանից գալիս էր օծանելիքի հազիվ ընկալվող նուրբ բուրմունք:
– Կոնյակ լցրու, – գեղգեղաց Սիման, – այսօր ուզում եմ խմել, թեև ճիշտն ասած, այնքան էլ մոտ չեմ խմիչքի: Շուտ է ազդում վրես:
Արսենի շղթայվածությունն անցել էր: Նա վեր կացավ և զգալով, որ ինչ-որ ծիծաղելի կամ հիմար բան է անում, փակեց մանկական սենյակի դուռը:
– Ինչո՞ւ, – զարմացած հարցրեց Սիման, – այնտեղ ոչ ոք չկա:
Արսենը վերադարձավ, նստեց, գավաթները կոնյակ լցրեց.
– Դե ուրեմն խմում ենք: Բարով տեսանք:
Մի կումով դատարկելով իր գավաթը և թույլ չտալով Սիմային դիպչել իր գավաթին, գործիմաց կերպով գրկեց նրան և չգիտես ինչու ներսում տարօրինակ, անսովոր սառնություն զգալով, հետ գցեց նրա գլուխը և բերասնով մխրճվեց շուրթերի մեջ:
Հետո նա պառկած մաքուր անկոնում ծխում էր: Սիման, տարփանքից շառագունած ու կիսամերկ՝ անհարմարության նշույլ անգամ չէր զգում, նստել էր, մեջքը հենած պատի գորգին, ոտքերը հավաքած իր տակ, մանր կումերով կոնյակ էր ըմպում:
– Ինչ-որ բանից դժգո՞հ ես, – հարցրեց նա հերթական կումից հետո, – մռայլ տեսք ունես:
Արսենը չպատասխանեց: Թե՛ նրա նստած դիրքը, թե՛ մանր կումերով կոնյակը, թե՛ նրա հարցը Արսենին թվացին ծանոթ, տեսած ինչ-որ տեղ: «Կինոյո՞ւմ եմ տեսել, ինչ է», – ծուլորեն հիշողությունն էր փորփրում նա, բայց ոչինչ չէր հիշում:
– Ինձ էլ ծխախոտ տուր, – ասաց Սիման:
Արսենը չէր սիրում, որ կինը ծխում էր, բայց հիմա նրա համար մեկ էր: Նա տուփից ծխախոտ հանեց:
– Քոնից կպցրու, – գրեթե հրամայեց Սիման:
Արսենը կպցրեց ու անփույթ խցկեց նրա բերանը:
– Չե՞ս ուզում պատասխանել:
– Ի՞նչ պատասխանեմ:
– Ինչո՞ւ մռայլվեցիր: Գուցե ես ինչ-որ բան այնպե՞ս չեմ արել: Ինձ հետ լավ չե՞ս զգում քեզ, – հարցուփորձ էր անում նա, մոխիրը թափ տալով դատարկ գավաթի մեջ (դա նույնպես ծանոթ էր թվում Արսենին):
– Չէ, սովորական է:
– Հը՜մ… Դու կնոջդ է՞լ ես այդպես պատասխանում:
– Դու իմ կինը չես:
– Չե՞ս սիրում, երբ ուրիշները խոսում են կնոջդ մասին:
– Չէ՛:
– Սատանան տանի, ոմանց բախտը բերում է, – ծիծաղեց Սիման: – Ի դեպ, կուզեի՞ր` քո կինը լինեի:
– Չէ՛:
– Ինչո՞ւ:
– Դու չափազանց… – Արսենը տատանվեց` ոչ վիրավորական բառ մտմտալով, – գայթակղիչ ես…
– Ուղիղ ասեիր` անբարոյական:
Արսենը լուռ էր:
– Պարզապես զարմանալի է, որքա՜ն միանման են տղամարդիկ,- ասաց Սիման չարանենգ քմծիծաղով:- Ձերը ստանում եք, իսկ հետո մեզ մեղադրում… Իմ ամուսինն, օրինակ, ամեն գիշերվանից հետո հիշում է իր առաջին կնոջը՝ այնքան մաքուր, այնքան համեստ, այնքան ամոթխած, բարոյական… Բայց ախր ինքն էր բողոքում, երբ մենք ծանոթացանք` այնքա՜ն ձանձրալի, անտանելի՝ սա չի կարելի, սա անթույլատրելի է, սա ամոթ է, իր ասելով՝ ամեն մի քնքշանք ընկալում էր որպես շեղում, ասես ոչ թե կին էր, այլ ամուլ կով, նրա հետ, ասում էր, միայն թախիծ կարելի էր համտեսել:
Սիման շունչ քաշեց, ավելացրեց մեղմորեն.
– Դու, կարծես, ոչնչով լավը չես` բարոյակա՜ն, անբարոյակա՜ն: Ոնց որ թե երեկ ես գյուղից դուրս եկել:
Արսենն ակամա ժպտաց.
– Դու ճիշտ նկատեցիր: Ես իրականում գյուղից եմ:
– Ի՞նչ, լո՞ւրջ ես ասում:
– Եվ ընդ որում, մարդիկ այնտեղ ձեզնից վատ չգիտեն, թե ինչ է սերը:
– Ահա թե ինչ, լուսավորիր, խնդրում եմ:
Արսենը չարացած էր թե՛ իր, թե՛ նրա վրա, գիտեր, որ անարդար է նրա հանդեպ, զգալով, որ հիմա մի անհեթեթություն կասի, բայց միևնույն է, չկարողացավ զսպել իրեն.
– Դու սերը վերածել ես խաղի և դադարել նրան վստահել: Դրա համար էլ սերը քեզ մինչև վերջ չի բավարարում: Որպեսզի քեզնից ծածկես դրա կորուստը, դու այն շրջապատում ես այսպիսի անէական բաներով, – նա ցույց տվեց կոնյակն ու ծխախոտը:
– Իսկ գյուղում ուրի՞շ է, – հարցրեց Սիման` հեգնանքով կորացնելով շուրթերը:
– Այնտեղ ավելի կարևոր հոգսեր կան՝ մեկ կայծակ ու կարկուտ է, մեկ երաշտ, մեկ ժամանակից շուտ ցրտահարություն կամ մի ուրիշ աղետ…
Արսենը լռեց և հետաքրքրությամբ նայելով Սիմային: Սա միանգավից չանթեց բյուրեղապակյա մոխրամանն ու ուզում էր խփել Արսենին:
–Գրողի տարած, բարոյախո՞ս ես դառել գլխիս: Հիմա գլո՛ւխդ կջարդեմ:
Արսենն արագ բռնեց նրա ձեռքը, ծիծաղեց.
– Մոխրամանն ուրիշի է: Դու ավելի լավ է` շիշը վերցրու:
Սիման մոխրամանը տեղը դրեց և անաղմուկ լաց եղավ.
– Ինչի՞ համար ես ինձ հետ այդպես վարվում:
Արսենը նրան իր կողմը ձգեց.
– Ես ախր անտաշ գյուղացի եմ, այնպես որ, ինձնից շատ մի նեղացիր:
Նա դադարեց արտասվել, սրբեց արցունքները և ուշադրությամբ նայեց նրան.
– Դու իսկապես գյուղի՞ց ես, թե կատակում ես:
– Գյուղատնտես էի, խաղող էի աճեցնում, – Արսենը եղունգով թխկացրեց շշին: – Շատ հավանական է, որ այս կոնյակը պատրաստված է իմ խաղողից:
Սիման շեղակի նայեց շշին.
– Ինստիտո՞ւտ ես ավարտել:
– Դե իհարկե:
– Իսկ ինչո՞ւ ես հիմա քաղաքում:
– Բանտից հետո… – փոքր-ինչ դադար տալով` պատասխանեց նա:
– Ինչի՞ց հետո…
Սիման կիսաթեքված էր, ուղղվեց տեղում, հարցրեց.
– Դու բա՞նտ ես նստել…
– Այդպես է ստացվել:-Արսենը մտասույզ չափեց նրան:
Սիման դժգոհությամբ տարուբերեց գլուխը.
– Գրողը տանի, պարզվում է, որ ես սիրավեպ ունեմ, այն էլ` լցոնով, – նկատեց նա փոքր-ինչ ձևական ծիծաղով: – Հպարտանալու հիմք ունեմ, սիրեկանս գյուղից նոր դուրս եկած բարոյականության քարոզիչ է, բարձրագույն կրթությամբ ու քրեական անցյալով օրենքով գող: Իսկը ինձ համար:
– Մի՛ գայթակղվիր, – հոգոց հանեց Արսենը: – Ծառայողական մեքենայով իմ իսկ զարմիկին եմ վրաերթ արել:
Սիման նկատելի հիասթափված էր: Բայց խոնարհվեց նրա վրա և համբուրեց բերանի անկյունը:
– Դժբա՜խտս… Դու երևի շա՜տ ես տառապել, հա՞: Չէ՞ որ դու այնքա՜ն զգայուն ես… Նույնիսկ մանկասենյակի դուռն ես ծածկում, նախքան մոլեգնորեն կսիրեիր ինձ:- Նա խնդաց, իրենից դեն նետեց բարակ ծածկաշալը, մնալով մորից մերկ և գրկեց Արսենին:
Ամեն անգամ, հեռանալով նրանից, Արսենն ակամա կնճռոտվում էր, զգալով իրեն և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես դատարկված: Իսկ մոտենալով նրա տանը, նա գրեթե հակակրանքով էր մտածում ոչ թե Սիմայի, այլ իքն իր մասին: «Դյուրազգայուն մարդկանց հետ, սովորաբար նման բաներ լինում են, մտածեց Արսենը, պատահում է և ավելին»:
Լոգարանում ջրի աղմուկը դադարեց: Սիման հայտնվեց երկար մետաքսե խալաթով: Գլուխը չալմայի պես փաթաթված էր սրբիչով, իսկ ձեռքում բռնել էր էլեկտրական վարսահարդարիչը:
– Քեզ չի՞ նյարդայնացնի, եթե այստեղ ես զբաղվեմ ինձ կարգի բերելով:
– Զբաղվիր, ես հիմա կգնամ:
– Կգնա՞ս: Ո՞ւր:
– Ինչպե՞ս թե` ուր: Տո՛ւն:
– Իսկ որտեղի՞ց ես գալիս:
– Տնից:
– Ինչ-որ բա՞ն է պատահել:
– Ոչինչ էլ չի պատահել:
Թեթևակի սրտնեղությամբ Սիմաн ուսերը թոթվեց: Նա հանեց սրբիչը, խոնավ մազերը շաղ եկան ուսերին: Արսենը հայացքը հեռացրեց, հետո վեր կացավ և դուրս եկավ պատշգամբ. թե՛ ինքը Սիման, և թե՛ վարսահարդարիչի աղմուկը սկսեցին նյարդայնացնել նրան: «Ինչո՞ւ եկա այստեղ», – թախծալից կրկնում էր նա` նայելով գիշերվա մթությանը: Իսկ այնտեղ Ելենան է մոր հետ… Իսկ, եթե նա հանկարծ այնտեղ կարողանա՞ համոզել աղջկան: Այդ մտքից նա իրեն վատ զգաց: Համոզված նրա անեղծ սիրո մեջ՝ Արսենը երբեք չէր մտածել, որ կարող է կորցնել Ելենային. նման միտք նախկինում նրա գլուխը չէր մտել. այդ մասին չէր մտածել: Բայց հիմա, երբ նրա առաջ նման վտանգ հայտնվեց, լիովին իրատեսական, նա վախեցավ: Եվ նրա անսպասելի կապը Սիմայի հետ, մի կնոջ, որը բոլոր չափանիշներով օտար էր նրան, կապ, որը սկսվել էր որպես թեթևակի սիրախաղ` պարզապես ձանձրույթից, և օրեցօր ավելի ու ավելի կլանելով նրան, հիմա երևաց այնքան մանր, ամոթալի, ավելորդ ու չնչին, որ նա շփոթվեց, հասկանալով, որ այդ կապը, չնայած թվացյալ մակերեսայնությանը, այնպես էր կաշկանդել նրա ազատությունը, որ նա իրեն իրավունք չէր վերապահում ինչ-որ կերպ արդարանալ Եկատերինա Վասիլևնայի առաջ, թեև նրա ասածները մեծ մասամբ անարդար էին, արտաբերված բորբոքված վիճակում:
Նա վերադարձավ սենյակ, Սիման արդեն անջատել էր վարսահարդարիչը:
– Դե՛ ես գնամ: Արդեն ժամանակ է:
– Ինչպե՞ս թե` ժամանակն է, – բացականչեց Սիման:
Այս պահին նա մատիտով ընդգծում էր հոնքերը:
– Ինչի՞ ժամանակն է, – նա աթոռին գցեց մետաղական շրջանակով փոքրիկ հայելին և մոտեցավ Արսենին: – Ինչ-որ բա՞ն է պատահել: Դու եկար շատ անտրամադիր:
– Չէ, ոչինչ էլ չի եղել:
– Բայց դու ինչ-որ բանի համար եկար, չէ՞, այն էլ այս ուշ ժամին: Ինչո՞ւ:
– Պատկերացում չունեմ, երևի հենց այնպես, – արտասանեց Արսենը, այնպես նայելով նրան, ասես առաջին անգամ էր տեսնում:
Մի հոնքը արդեն ընդգծված էր, մյուսը նոր էր միայն սկսել: Տարբերությունը ինչ-որ մի սանտիմետր էր, բայց այդ սանտիմետրի պատճառով ողջ դեմքը թվում էր ծիծաղելի: Ուրիշ ժամանակ դա կարող էր շարժել Արսենի ծիծաղը, իսկ հիմա նա ուզում էր միայն մի բան` հեռանալ այստեղից:
– Գուցե ես քեզ նեղացրե՞լ եմ, – հարցուփորձ էր անում Սիման:
– Չէ, ինչո՞վ: Ուղղի՛ր հոնքդ, թե չէ` կմոռանաս:
Սիման հառաչեց և վերադարձավ հայելու մոտ:
– Իսկ գուցե մնա՞ս: Շաբաթ օրը վերադառնում է ամուսինս, և մենք այլևս չենք հանդիպի:
– Քո ամուսի՞նը, – տարակուսած հարցրեց Արսենը, – քո՞…
– Մոռացե՞լ ես, որ ես էլ ամուսին ունեմ, – ծեքծեքուն արձագանքեց Սիման: – Նա ակնոցավոր պրոֆեսոր է:
Արսենը տրորեց ճակատը` ասես ձգտելով ինչ-որ բան հիշել:
– Դե՞… – հարցրեց Սիման, հայելու վրայից լարված նայելով նրան:
– Թող հիշեմ… Հա՛, իսկ ինչո՞ւ երեխաներ չունես: Դու ընդհանրապես երբևէ երեխա ունեցե՞լ ես:
– Իսկ ինչի՞ս է պետք, – կտրուկ հարցրեց Սիման` նկատելիորեն գունատվելով: – Թե՞ ձեր գյուղում արդեն վարժվել են, որ բոլոր կանայք պետք է ամեն տարի շրջեն տռզած փորերով: Այսօր, երբ վերադառնում էինք ծովափից, այդպիսի մեկին նկատեցի: Նա փողոցում թթու վարունգ էր գնում: Այսպես ուրեմն, ես չեմ ուզում թթու վարունգ գնել, այն էլ փողոցում դրած տակառից: Հասկացա՞ր:
– Կներես, չգիտեի, որ ցավոտ տեղիդ կդիպչեմ…
– Իսկ դու հանգիստ թող ինձ, հասկացա՞ր: Մարմինս դեռ կարող եմ քեզ տալ, բայց հոգիս… – նա բացասաբար շարժեց գլուխը: – Հոգիս հանգիստ թող, այնտեղ ես ամեն մեկին թույլ չեմ տա մտնել, իսկ քեզ` առավել ևս:
Նրա ատամները ծիծաղելիորեն ցցվել էին:
– Իսկ ինձ համար ինչո՞ւ ես նման բացառություն անում:
Սիման բռնկվեց ցածրաձայն, փոքր-ինչ թատերական ծիծաղով:
– Դե լավ, գնա, – ասաց, – իսկապես արդեն ուշ է:
– Բարի գիշեր:
Արդեն դռան մոտ՝ նրան նորից կանգնեցրեց Սիմայի ձայնը.
– Ի միջի այլոց, այդ երիտասարդ կինը, որ թթու վարունգ էր գնում…- Սիման կոտրտվելով նայեց նրան:
– Եվ հետո՞…
– Եթե չեմ սխալվում, քո կինն էր: Մի անգամ քեզ տեսել եմ նրա հետ խանութից դուրս գալիս: Ինձ թվաց` շատ երիտասարդ է քեզ համար: Բայց դե, չգիտեմ: Ես ուշադրություն դարձրի նրա աչքերին: Զարմանալիորեն մաքուր էին, ասես երեխայի աչքեր: Դրանց մեջ երևի սարսափելի կլինի նայելը: Հատկապես այն բանից հետո, երբ ստում ես: Դու նման ոչինչ չե՞ս զգում` նայելով նրա աչքերի մեջ: Ճի՛շտն ասա:
– Զգում եմ, – խուլ արտաբերեց Արսենը` զգալով իր ներսում կտրուկ գլուխ բարձրացնող կատաղությունը: – Այն օրվանից, ինչ հանդիպեցի քեզ:
– Գոնե դրա համար շնորհակալություն, – արձագանքեց Սիման` ստիպողաբար ժպտալով: – Բարի գիշեր:
Արսենը դուրս եկավ, կանգնեց աստիճանահարթակում, փորձելով հանդարտվել, ապա սկսեց արագորեն իջնել:
ԳԼՈՒԽ ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ
Նա տուն վերադարձավ ուշ գիշերով, այն հույսով, որ կանայք արդեն քնած են և նշանակում է` տհաճ խոսակցությունը չի շարունակվի, ծայրահեղ դեպքում, գոնե այսօր: Իսկ վաղը… Վաղը կտեսնենք: Արսենն իհարկե հասկանում էր, որ Եկատերինա Վասիլևնան, թեև խոսքի մեջ անզուսպ էր, բայց ըստ էության, որպես մայր, ճիշտ էր: Բայց ի՞նչ անել: Նրա հետ Ելենային ուղարկե՞լ: Արսենը նույնիսկ կանգ առավ` պատկերացնելով իրեն առանց Ելենայի: Նա կարող էր դա պատկերացնել նաև առաջ, զոքանչի հետ խոսակցության ժամանակ: Սակայն Ելենային կորցնելու միտքն այնքան անհեթեթ էր, որ չէր տեղավորվում նրա գիտակցության մեջ: Այժմ մեն-մենակ մնալով այդ մտքի հետ, նա սկսել էր հասկանալ, որ նման հնարավորությունը բոլորովին բացառված չէ, որ թերևս միակ խանգարող հանգամանքը Ելենան էր, իր հանդեպ նրա զգացմունքը: Բայց դա, այդ զգացմունքը, չափազանց հաճախ էր ենթարկվում փորձությունների: Երկա՞ր կդիմանա արդյոք, հատկապես հիմա, մոր, ընդհանուր առմամբ, անհերքելի փաստարկների, առողջ դատողության և հստակ փաստերի ճնշման տակ: Ի՞նչ կարող է դրանց հակադրել Ելենան: Հղումը՝ սիրո՞ւն: Դա շատ քիչ է խուճապահար մոր համար…
Արսենն ակամա արագացրեց քայլերը: Ելենան քնած չէր: Նա նստած էր դարպասի կողքի նստարանին` ուսերին տաք վերնազգեստ գցած:
– Լենա՞:
Կինը տեղաշարժվեց` նստարանի վրա տեղ տալով Արսենին: Նա նստեց և գրկեց կնոջ ուսերը: Ելենան հպվեց նրան` երանությամբ փակելով աչքերը:
– Դու վաղուց ինձ չես գրկել…
– Ինչո՞ւ քնած չես:
– Մայրիկիս պառկեցրի, իսկ իմ քունը չի տանում: Ո՞ւր էիր:
– Այնպես… – արձագանքեց Արսենը` փորձելով խուսափել նրա հայացքից, – թափառում էի ավանում:
– Ուշքի՞ էիր գալիս:
– Դատարկ բան է, մի մտածիր այդ մասին:
– Դու մայրիկից մի նեղացիր, լա՞վ:
– Ինչո՞ւ պիտի նեղանամ: Նա մայր է, ընդ որում, լրիվ ճիշտ է: Մեր կյանքում չի ստացվում այնպես, ինչպես պետք է:
– Հիմարություն մի ասա, լսո՞ւմ ես, – նա ափը սեղմեց Արսենի շրթունքին: – Չհամարձակվես: – Ելենան հանկարծ ծիծաղեց մթության մեջ: – Լավ կլինի` մտածես սպիտակ գծի մասին:
– Ի՞նչ սպիտակ գծի:
– Երբ փոքր ժամանակ վատ էի զգում ինձ, դե, ասենք, մեկը նեղացնում էր կամ հիվանդ էի լինում, հայրիկն ասում էր, որ կյանքը ասֆալտի վրա քաշած սպիտակ գծերի է նման` ամբողջովին սև և սպիտակ գծեր: Միայն թե կյանքի գծերն ավելի լայն են, քան ասֆալտի վրա: Երբ մարդը հայտնվում է սև գծի վրա, պետք է միշտ հիշի, որ սևից հետո անպայման վրա կհասնի սպիտակ գիծը, այդ դեպքում ավելի հեշտ է հաղթահարել սևը: Ահա դու էլ մտածիր սպիտակ գծի մասին:
–Ոչինչ, խելացի միտք է, այսինքն՝ գիշերվա խավարին հաջորդում է ցերեկվա լույսըը– դառնորեն քմծիծաղեց Արսենը, – միայն թե իմանանք, երբ է ավարտվելու այդ գիշերը և գալու է լույսը… Լենա – անսպասելիորեն հիշելով՝ դիմեց կնոջը,- սիրտս հանկարծ թթու վարունգ ուզեց:
– Ունե՛նք, –ուրախաձայն արձագանքեց Ելենան, – հենց խանութի առջև, տակառից եմ առել: Առել ու մոռացել եմ դնել սեղանին: Բերե՞մ:
– Չէ՛, հետո, պարզապես հանկարծ ուզեցի ու անցավ: Վաղը,– ճնշված ասաց նա: – Ավելի լավ է, ասա, ի՞նչ որոշեցիք մայրիկիդ հետ:
Ելենան այտով քսվեց նրա կրծքին:
– Աստվա՜ծ, ի՜նչ հիմարիկն ես: Դե՛ ո՞ւր պիտի հեռանամ ես քեզանից: Եթե միայն դու դա չուզենաս: Դու իմ ներսում ես, ինչպես անբուժելի հիվանդություն:- Այդ անսպասելի համեմատության վրա նա զսպված ծիծաղեց: Ապա, հոգոց հանելով, ցածրաձայն ասաց.- Այսօր ինձ այնպես թվաց, թե քեզ տեսել եմ… ուրիշի հետ: Բայց դա դու չէիր… Դու երբեք այդպիսի բան չես անի, ճի՞շտ է: Ես ախր կմեռնեմ, լրիվ կմեռնեմ, լսո՞ւմ ես, իսկապե՞ս չես անի:
– Ի՞նչ չեմ անի:
Քիչ լռելուց հետո նա ձայնը իջեցրած շշնջաց.
– Չես վռնդի ինձ:
Արսենը շրջեց գլուխը, որպեսզի չտեսնի նրա արտասուքները:
– Ես ինչ-որ տեղ կարդացել եմ, — ասաց նա,- որ ամենամեծ թմրանյութը խելահեղ սերն է: Ինչպես թմրամոլն առանց թմրանյութի, այնպես էլ սիրող սիրտն առանց իր սիրո ապրել չի կարող, այն միշտ քեզ հետ է՝ ուր էլ, որ գնաս, ուր էլ, որ լինես: Ախր ես ո՞ւր կարող եմ վանել քեզ իմ սրտից, Լեն, դու իմ հոգին ես, իմ սիրտն ու շնչառությունն ես, ես ինչպե՞ս կարող եմ ապրել առանց քեզ, առանց սրտի ու շնչառության ապրել չի լինի, ցավդ տանեմ…
Ելենան սեղմվեց նրան, ապա վերցրեց նրա ձեռքը և շուրթերով հպվեց կոշտ ափին:
Երեք օրից Եկատերինա Վասիլևնան գնաց` այդպես էլ չհաշտվելով Արսենի հետ: Գնաց արցունքախառը, վստահ, որ աղջկան թողնում է դժբախտության ու անելանելության մեջ, բառերով անպատվելով նրան, հոգով խղճալով ու լալով նրա «դառն» ու «անուրախ» ճակատագիրը: Արսենն ու Ելենան ուզում էին ուղեկցել նրան, բայց նա կտրուկ հրաժարվեց, որպեսզի նրանք իր հետ գնան մինչև օդանավակայան: Նրանց համար դժվար չէր հասկանալ, որ նա հրաժարվել է ո՛չ այն բանի համար, որ չի ցանկացել նրանց ավելորդ նեղություն պատճառել… Արսենը և Ելենան նրան ուղեկցեցի մինչև տեղական ավտոկայան:
Տուն վերադարձան խիստ ընկճված, ասես մտերիմ մարդու թաղումից, մինչև տուն մի բառ անգամ չարտասանելով: Միայն երեկոյան, ընթրիքի սեղանին Արսենը, գլուխը չբարձրացնելով անցողակի ասաց, որ վերջերս փողոցում պատահաբար հանդիպել է քարհանքից մի ծանոթ տղայի:
– Եվ ի՞նչ ասաց, – հապճեպ հարցրեց Ելենան:
– Համոզում էր ինձ վերադառնալ քարհանք:
– Դա անկարելի է, Արսեն: Ես արձակուրդային կստանամ, կդիմանանաք մի կերպ մինչև քեզ համար մի թեթև գործ կճարվի:
– Ասաց, որ աշխատողներ են պետք… – շարունակեց Արսենը:
– Եվ ուզում ես վերադառնալ՞: Համաձայնե՞լ ես:
– Դեռ ոչ, ուզում էի սկզբում քեզ հետ խորհրդակցել, բայց մայրիկդ եկավ…
– Եվ հետո՞:
Արսենը թոթվեց ուսերը:
– Դե՛, ինքդ մտածիր, Լենա: Մի երկու ամիս կաշխատեմ: Մոտ վեց հարյուր ռուբլի կստանամ, գուցե և ավելի: Այդ գումարը մեզ չի խանգարի:
– Ո՛չ: Քարհանք չեմ ուզում: Ինչպե՞ս չես հասկանում, որ ամբողջ օրը պիտի կմտածեմ միայն այն մասին, որ քեզ հետ էլ կարող է տեղի ունենալ նույնը, ինչ այն տղայի հետ:
Բայց այնուամենայնիվ Արսենը վերադարձավ քարհանք: Ելենային ասաց, որ փոխարինելու է ինքնաթափ մեքենայի վարորդին, որը տեղ է գնացել ու մի երկու ամիս չի լինելու: Որպեսզի Ելենան վերջնականապես չանհանգստանա, նա մի անգամ տուն եկավ քարով բարձված ինքնաթափով: Խցիկում նրա կողքին նստել էր մի երիտասարդ, որին նա ներկայացրեց Ելենային որպես բանվոր: Բայց իրականում դա վարորդն էր: Դրանից հետո Ելենան հաշտվեց իրավիճակի հետ: Արսենը հետագայում ինքն իրեն կշտամբում էր, թե ինչու նախկինում չէր դիմել այդ խորամանկությանը:
Հենց առաջին օրը նա խոստովանեց, որ «վերջապես իրեն մարդ է զգում»: Եվ ճիշտ որ, սիրով էր աշխատում: Ի ծնե գյուղացու ձեռքերը, որոնք մանկությունից սովոր էին պարապ չմնալ, կարոտ էին աշխատանքի: Գործը ը նույնն էր, ինչ առաջ՝ ծանր ու ուժաքամ: Բայց այս անգամ նա այնքան հիվանդագին չէր տանում այդ ծանրությունը: Ճիշտ է, հոգնում էր և նույնիսկ շատ, թե՛ մեջքն էր կոտրվում, թե՛ ձեռքերն էին քրքրվում, սակայն բավարարության զգացումը հաղթում էր, և ֆիզիկական անհարմարությունները այնքան սուր չէին ընկալվում: Պարզապես նա նորից իր սովորական աշխատանքային տարերքում էր:
Ինչպես և առաջ, նա պատրաստի խորանարդիկները քարհատ մեքենայից վերցնում և դնում էր մի կողքի, իսկ հետո բարձում ինքնաթափ: Երբեմն, անհրաժեշտության դեպքում նստում էր վարորդի կողքին և տեղափոխում քարը հեռավոր շինարարության վայրեր: Այդ պարբերական ուղևորությունները նույնպես մտնում էին նրա պարտականությունների մեջ: Ելենայի համար նախատեսված բեռնատարով հնարքը շատ հաջող էր: Հաճախ էր նա իսկապես փոխարինում վարորդներին, որոնք տարբեր պատճառներով աշխատանքի չէին գալիս: Այդ փոխարինությունները որոշ զանազանություն էին մտցնում նրա աշխատանքային եռուզեռի մեջ: Այդպիսի օրերին նա անպայման գալիս էր տուն, որպեսզի Ելենան չմտատանջվի, չանհանգստանա իր համար:
Տուն վերադառնալիս Արսենը սովորաբար ավտոբուսից իջնում էր ավանի մշակույթի պալատի մոտ, որտեղից մինչև տուն երեք րոպեի ճանապարհ էր: Հենց կանգառում, կինոազդագրերի վահանակին գեղեցիկ ձևավորված ազդագիր կար այն մասին, որ երեկոյան ցուցադրվելու է «Սենյոր Ռոբինզոն» կինոնկարը: Վերջերս աշխատանքի վայրում մեկը գովել էր այդ ֆիլմը, անվանելով այն «սքանչելի»: Արսենը մոտեցավ տոմսարկղին, երկու տոմսակ գնեց ժամը իննի սեանսի համար: Ելենան քիչ էր մնում ուրախությունից թռչկոտեր, երբ նա ցույց տվեց տոմսերը. վաղուց կինո չէր գնացել:
Մինչև ֆիլմի սկիզբը մնացել էր տաս-տասնհինգ րոպե, երբ նրանք մտան սպասասրահ: Շուտ էին եկել, բայց մարդ շատ կար: Նստել էին սպսասրահի նստարաններին, շարվել պատերի տակ, հետուառաջ էին անում դահլիճում, խմբվում տաղավարների առաջ, որտեղ պաղպաղակ էին վաճառում:
– Պաղպաղակ ուզո՞ւմ ես, – հարցրեց Արսենը և ավելացրեց առանց սպասելու պատասխանի: – Հիմա կբերեմ:
– Չէ… – անվստահությամբ պատասխանեց Ելենան:- Պետք չէ:
Ելենան պաղպաղակ շատ էր սիրում, հատկապես սերուցքային, բայց հիմա, այդ տեսքով ամաչեց երևալ մարդկանց, ուստի նրանք կանգնել էին մուտքի մոտ, կիսամութ մի անկյունում:
Արսենը այնուամենայնիվ բերեց պաղպաղակը, հենց նույնից, որ սիրում էր Ելենան` սերուցքային: Ելենան դանդաղորեն վայելելում էր պաղպաղակը, նայելով սպասասրահի կողմը:
– Ի՜նչ հետաքրքիր կին է, – ասաց նա` աչքերով ցույց տալով սպասասրահում դանդաղորեն առաջ ու ետ քայլող կնոջը:
Արսենը վաղուց էր նկատել Սիմային, բայց ցույց չէր տալիս:
– Ահա նա, բարեկազմ, փարթամ, գեղեցիկ մազերով, այն, որ քայլում է նիհար, բարձրահասակ ու ակնոցավոր տղամարդու հետ:
– Կին է էլի, հետաքրքիր ի՞նչ կա նրա մեջ, – արտասանեց նա, մտածելով այն մասին, որ այդ ակնոցավորն ամենայն հավանականությամբ նրա ամուսինն է:
Սիման երբեք չէր նկարագրել իր ամուսնու արտաքինը, միայն մի անգամ ասել էր, որ «ակնոցներով պրոֆեսոր» է… Եվ ուրիշ ոչինչ: Իսկ եթե պատահել էր՝ խոսել նրա մասին, ապա խոսել էր քմծիծաղով` համեմված անթաքույց արհամարհանքով:
– Դու ուրիշ տեղ ես նայում երևի, այս կողմ նայիր, – ասաց Ելենան, կամենալով ցույց տալ, թե ուր է պետք նայել՝ փարթամ մազերով բարեկազմ կնոջը տեսնելու համար, բայց հանկարծ խայթվածի պես քարացավ. Նրա դեմքը քաթանի գույն ստացավ. Ելենան ճանաչեց այն կնոջը, որը քայլում էր Արսենի հետ…
Իսկ գուցե նա՞ չէր: Ելենան այն ժամանակ տեսել էր նրա դեմքը մի վայրկյանից ոչ ավելի, ընդ որում` շատ հեռվից: Բայց այդ շքեղ շագանակագույն մազե՜րը, որոնք թափված էին մեջքին և ուսերին…
Չթաքցնելով տարակուսանքը` Ելենան նայեց Արսենին, բայց վերջինս, շրջվելով դեպի պատը, ուշադրությամբ դիտում էր այնտեղ տեղադրված վահանակները՝ սկզբից մինչև վերջ տնտեսական ցուցանիշներով…
– Խնդրում եմ, վերցրու բաժակը:
Արսենը չուզենալով կտրվեց վահանակներից:
– Էլի կուզե՞ս պաղպաղակ, – կողքային տեսողությամբ Արսենը նկատեց, թե ինչպես Սիման, շրջան գործելով «ակնոցավորի» հետ, հայտնվեց մի երկու քայլ իրենցից հեռու:
Սիման ազատեց ձեռքը և թեթևակի դանդաղեցրեց քայլը, այնպես որ «ակնոցավորը» մի քայլ առաջ ընկավ նրանից: «Գժվե՞լ է, ինչ է», – սարսափով մտածեց Արսենը, նկատելով, որ Սիման ժպիտով նայում է իրեն:
– Սպասիր այստեղ, ես սա վերադարձնեմ:
Արսենը Ելենայից վերցրեց պաղպաղակի բաժակը և մոտեցավ տաղավարին, ձգտելով առաջ անցնել «ակնոցավորից», նախքան կմոտենար Սիման: Եվ նույն պահին լսեց ոչ բարձր, բայց հստակ մի ձայն.
– Բարև, Արսեն…
Արսենը ընթացքից գլխով արեց և մտավ տաղավարի առջև գոյացած բազմության մեջ, աչքի տակով հետևելով Սիմային, և երբ նա իր հպարտ ակնոցավորի հետ հեռացավ, նոր միայն վերադարձավ Ելենայի մոտ: Միաժամանակ բացվեցին կինոդահլիճի բարձրադիր դռները:
– Գնա՞նք նստենք, – առաջարկեց Արսենը, տառապալից ջանալով գուշակել՝ լսե՞ց նա Սիմայի ողջույնը, թե՞ ոչ, արդյոք ճանաչե՞ց նրան, թե՞ չի ճանաչել:
Ելենայի դեմքը անշարժ էր, հայացքը լարված, շուրթերին սառել էր մոռացված ժպիտը… Արսենը հասկացավ. ամեն ինչ գիտի, ամեն ինչ տեսել է ու լսել…
– Հա, գնանք, – ասաց Ելենան ու առաջինը մտավ դահլիճ:
Երբ լույսերը հանգեցին և էկրանին մակագրություններ հայտնվեցին, Արսենը թեթևացած հոգոց հանեց, մեկնվելով բազկաթոռի թիկնակին: Նա բնականաբար հասկանում էր, որ ինքը բարոյապես հանգստանալու պատճառ չունի, բայց դահլիճի մթությունը ասես պաշտպանում էր նրան նոր անակնկալներից:
Սկսվեցին քաղաքակրթությամբ խեղված մարդու զվարճալի արկածները «վայրենիներով» բնակեցված կղզում: Դահլիճում մշտապես անզուսպ քրքիջ էր պայթում. կինոկատակերգությունն իսկապես ծիծաղաշարժ էր: Բայց Արսենը ոչինչ չէր նկատում: Նա տագնապով նայում էր Ելենային, և սիրտը կծկվում էր ցավից: Ելենան ոչ մի անգամ չծիծաղեց իր զրնգուն ծիծաղով: Ժպիտը, որ սառել էր նրա դեմքին դեռևս սպսասրահում, այդպես էլ մնաց նրա գիրգ շուրթերին:
– Հետաքրքիր չէ՞, ԼենաԱրսենը փորձ.ց ժպտալ:
Այդ անբնական ժպիտը անհետացավ Արսենի դեմքից: Ելենան լուռ գլխով արեց` հայացքը էկրանից չկտրելով: Այդ պահին Արսենը պատրաստ էր վճարել իր համար ամենաթանկ բանը, որպեսզի դեմ առ դեմ հանդիպեր Սիմային: Նա միայն հիմա հասկացավ, որ դա նրա վրեժն էր` հիշաչար, զուտ կանացիորեն հաշվարկված:
– Գուցե գնանք տո՞ւն:
Ելենան չզարմացավ, նա ասես սպասում էր այդ հարցին: Շարունակելով նայել էկրանին, նա լուռ, բացասական տարուբերեց գլուխը:
Անսպասելիորեն Արսենի կուրծքն այնպես սեղմվեց, քիչ էր մնում շունչը կտրվեր. նա հստակ տեսավ, թե ինչպես Ելենայի աչքերից սահեցին արցունքները, թողնելով այտերին թաց ակոսներ, որոնք փայլում էին գունավոր էկրանի փոփոխական լույսերով:
Արսենը հանեց թաշկինակը և մեղմորեն չորացրեց նրա արցունքները, իսկ երբ ուզում էր հետ քաշել ձեռքը, Ելենան բռնեց այն ու սեղմեց կրծքին:
Ֆիլմի ավարտից րոպե առաջ, երբ դժբախտ Ռոբինզոնին ձկնորսական ցանցերով որսում էին և վերամբարձ կռունկով բարձրացնում նավի տախտակամած, կինոթատրոնի աշխատակցուհին բացեց ելքի դռները: Ելենան, որ վաղուց սպասում էր այդ պահին, հանկարծ ոտքի կանգնեց ու շտապ դուրս եկավ փողոց: Արսենը նետվեց նրա հետևից` բռնելով նրա արմունկը: Փողոցում փոթորկվում էր ծովից հանկարծակի բարձրացած քամին, ցասումնալից ու աղմկոտ, ուժգին օրորելով ծառերը:
– Ի՞նչ պատահեց, Լենա, սիրելիս, – շնչահեղձ լինելով հարցրեց Արսենը, սարսափով նայելով, թե ինչպես Ելենան երկու ձեռքերով բռնել էր փորը՝ խոնարհվելով ցած, միաժամանակ փորձելով դիմադրել սոսկալի քամու պոռթկումներին, – Լենա՛:
– Շուտ, տաքսի, – կամացուկ արտաբերեց Ելենան ցավից կծկվելով, – ոնց որ թե, ժամանակից շուտ… Դու մի՛ վախենա…
– Լենա, սիրելիս, ի՜նչ ես ասում…
– Աստծու սիրուն, տաքսի… Ոտքով չեմ կարող…
– Ես հիմա… հիմա…
Կոխկրտելով դեղին ակացիայի թփերը, որոնք աճել էին մշակույթի պալատի առջև, Արսենը նետվեց փողոց: Կանգնեցրեց ինչ-որ մասնավոր «Վոլգա», շրջվեց, որպեսզի գնա Ելենայի հետևից, բայց Ելենան արդեն հասել, ցնցում էր մեքենայի հետին դուռը` փորձելով բացել:
Երբ Ելենան վերջին անգամ թախծաժպիտ նայեց Արսենին՝ բուժքույրերի ուղեկցությամբ դանդաղորեն մտնելով ծննդատնից ներս, երբ նա անհետացավ ծննդատան դռան հետևում, երբ նրանց ետևից դուռն անաղմուկ փակվեց և դռան բռնակը նախ իջավ ներքև, ապա նորից բարձրացավ, Արսենին գլխում հանկարծ սարսափահար մի ծայրահեղ միտք ծագեց՝ որ այլևս չի տեսնի իր Լենոչկային: Նա ցնորվածի պես վազեց դատարկ ընդունարանով, հետո հիշեց ինչ-որ բան, արագորեն մոտեցավ գրանցասենյակի պատուհանիկին:
– Ասացեք, նա այլևս դուրս չի՞ գա, – հարցրեց նա ճերմակ խալաթով ու գլխարկով երիտասարդ կնոջը:
– Ո՞վ:
– Ելենան, իմ կինը…
– Ոչ, իհարկե, – տարակուսանքով պատասխանեց կինը, – ինչ-որ բա՞ն եք ուզում փոխանցել նրան:
– Ներեցեք, – ասաց Արսենը, – իսկ ես ի՞նչ անեմ: Հա, ի դեպ… – նա տրորեց ճակատը, ինչ-որ բան փորձելով մտաբերել, ապա տարուբերեց գլուխը և նստեց աթոռին, հստակ գիտակցելով, որ ուզում էր հարցնել ինչ-որ շատ կարևոր բանի մասին:
Հետո նորից բարձրացավ, տառապանքով փորձելով հիշել, թե հատկապես ինչ էր ուզում հարցնել:
Որոշ ժամանակ անց ծննդատան դուռը կրկին բացվեց, հայտնվեց Ելենային ուղեկցող բուժքույրերից մեկը` ձեռքին ինչ-որ շորեր: Նա ոտեցավ Արսենին, հարցրեց.
– Իսկ պայուսակ կամ մի ուրիշ բան չկա՞ քեզ մոտ:
– Չէ, իսկ ինչի՞ համար::
– Ահա վերցրու:
– Դա ի՞նչ է, – տագնապով հարցրեց Արսենը`ակամայից ետ ընկրկելով:
– Ինչպե՞ս թե` ինչ է: Նրա շորերը, տուն կտանես:
– Իսկ նա՞: Նա մնո՞ւմ է:
Բուժքույրը ապշած նայեց նրան, ծիծաղեց.
– Այ տղա, դու նորմալ ես, թե՞ աննորմալ:
– Հասկանո՞ւմ եք, – ի վերջո իրեն հավաքեց Արսենը:- Բանն այն է, որ.. ախր դեռ ժամանակը չէ: Ընդամենը յոթ ամիս է:
– Դե, դա արդեն մեր խելքի բանը չէ: Երեխան ինքը գիտի` երբ ծնվի: – Բուժքույրը մոտեցավ գրանցասենյակի պատուհանին: – Մանյա, քեզ մոտ մի հին թերթ չի՞ լինի: Գոնե փաթաթենք թերթի մեջ: :
– Կա:
– Այ քեզ տղամարդ, ո՛չ տոպրակ ունի, ո՛չ պայուսակ ունի, մենք էլ, որ չլինենք՝ տղամարդիկ կորած են,- Ելենայի շորերը թերթի մեջ փաթաթելով քրթմնջում էր բուժքույրը: – Ահա՛, վերցրու և գնա տուն: Այստեղ այլևս անելիք չունես: Առավոտյան կգաս:
– Շնորհակալություն, – հապճեպ գլխով արեց Արսենը, – շատ շնորհակալություն…
Նա դուրս եկավ հիվանդանոցից` կրծքին սեղմած փաթեթը, որից Ելենայի բույրն էր առնում:
Փողոցում մի քանի քայլ անցնելով` նա հետ նայեց: Երկու հարկերի պատուհաններում էլ լույս էր վառվում: Դրանցից մեկի հետևում Ելենան էր: Բայց ո՞ր մեկի հետևում: Արսենը շվարած տարուբերեց գլուխը և վազեց փողոցով, որը լուսավորված էր նեոնային լույսերով: Անկյունում քիչ էր մնում ցած ընկներ քամու պոռթկումից: Փողոցներում մարդ չկար, փոթորկածուփ քամին բոլորին ասես քշել տարել էր, շուրջը թողնելով ամայի:
Ծանոթ հինգհարկանի շենքը… Ինչպե՞ս նա հայտնվեց այստեղ: Հա, դա ախր հիվանդանոցի ճանապարհին էր: Առանց մտածելու, ինքն էլ չիմանալով` ինչու է այդպես վարվում, Արսենը վազքով բարձրացավ երկրորդ հարկ, սեղմեց զանգի կոճակը և մատը զանգից հետ չքաշեց, մինչև դուռը չբացեցին: Բացվածքում երևաց Սիմայի «ակնոցավորը»: Ցուցամատով վեր հրելով նորաձև ակնոցի շրջանակը, նա հարցրեց.
– Ո՞ւմ եք ուզում:
Արսենը ասես հենց նոր ուշքի եկավ:
– Չգիտեմ…
– Չհասկացանք…
– Ներեցեք… Կարծեցի երրորդ հարկն է… – մռթմռթաց Արսենը` ակամա թիկունքում թաքցնելով շորերի փաթեթը:
Եվ սկսեց իջնել աստիճաններով, միաժամանակ լսելով սենյակների խորքից Սիմայի ձայնը.
– Ո՞վ էր:
– Չգիտեմ, նրան երրորդ հարկ էր պետք, բայց իջավ ներքև…
Եվ դուռն աղմուկով փակվեց:
Վերադառնալով տուն, Արսենը երկար նստեց, առանց լույսը վառելու: Վախենում էր, որ լույսը կմերկացնի իր առաջ սենյակի դատարկությունը, այն սենյակի, որը հիմա զրկվել էր Ելենայից: Իսկ պատուհանից այն կողմ դժոխային քամին ոլորում ու ջարդում էր ծառերի ճյուղերը: Նրա սուլոցների միջով լսվում էր փոթորկված ծովի ալիքների շառաչուն աղմուկը, որոնք առաջանում էին ափամերձ ժայռերի ալեբախությունից: Նման փոթորիկ Արսենը չէր հիշում. չէր եղել նման բան այս անցած ամիսների ընթացքում, ինչ այստեղ էր:
Վերջապես նա վեր կացավ ու վառեց լույսը: Չէ՛, այնքան էլ սարսափելի չէր, որքան թվում էր: Սեղանին դրված էր Ելենայի լուսանկարը, Արսենը նայելով նրան ժպտաց, ապա վերցրեց, սեղմեց կրծքին ու արտասվեց:
Նա հագուստով պառկել էր ծածկոցի վրա՝ ոտքերը դնելով աթոռակի վրա, և՛ քնով էր անցել: Կիսանինջ վիճակում նա ունկնդրում էր քամու ոռնոցը, և այդ ոռնոցի միջով երբեմն ասես ականջին էր հասնում ծովի ափնակոծումն ու Ելենայի քաղցրանուշ ձայնը: Նա բացում էր աչքերը, լարված ականջ դնում ձայներին, որոնք լսվում էին փողոցից: Հասկանալով, որ Ելենան չկա, նա նորից ընկնում էր մղձավանջային նիրհի մեջ:
ԳԼՈՒԽ ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ
Ելենայի ձայնն այնքան հստակ հնչեց, որ Արսենը վեր թռավ և անկողնու վրա նստաած սպասեց բաբախող սրտով: Դուռն իսկապես թակում էին ցածր, հազիվ լսելի: Արսենը նետվեց դեպի դուռը և բացեց: Մթության մեջ անմիջապես ճանաչեց իր տանտիրոջը` Վագիֆ Զեյնալովին:
– Վագիֆ, դո՞ւ:
– Արսեն ջան, կներես, հարգելիս, ես ցածրաձայն թակեցի, չէի ցանկանում Ելենային անհանգստացնել:
– Ելենան չկա, հիվանդանոցում է, – տխրամած արտաբերեց Արսենը` սեղմելով նրա ձեռքը:
– Ասացիր` հիվանդանոցո՞ւմ է: Ինչո՞ւ է հիվանդացում, ի՞նչ է պատահել:
– Բանալիները հիմա կբերեմ, Մեհրիբան-խանումն է՞լ է եկել:
–Այո, նա էլ է եկել: Սպասիր, ի՞նչ է եղել Ելենային:
– Ցավերը բռնեցին, տաքսով տարա ծննդատուն: Ծննդատանն է: – Արսենը բերեց տան բանալիները, ապա ավելացրեց մի թիթև անհարմար զգալով: – Ներիր ինձ, Վագիֆ, զոքանչս էր երեք օրով եկել, ստիպված ձեր տանն եմ գիշերել:
Վագիֆը վրդովվեց.
– Լսի՛ր, դու այդ ինչեր ես ասում: Ես քեզ ի՞նչ էի ասել: Չէի՞ ասել, քանի մենք գյուղում ենք, կարող եք մեր տանն ապրել: Իսկ դու, տես, ինչ ես արել՝ այս նեղվածքում ես պահել հղի կնոջը, հա՞: Է՜, բա եղա՞վ: Տեսնո՞ւմ ես, նա հիվանդացել է: Բա դա ճի՞շտ է: Գնանք մեզ մոտ, այնտեղ կպատմես, թե ինչ է եղել: Է՜, ինչ ասեմ քեզ…
Արսենը օգնեց Վագիֆին բեռները տուն տանել: Մի ճամպրուկը տեղում բացեցին, սեղանին հայտնվեցին ծիրան, դեղձ, թուզ, նուռ. սենյակն անմիջապես լցվեց դրանց բույրերով:
– Կեր, Արսեն ջան, ամբողջը մեր այգու միրգն է, հայրս է աճեցրել, – ասաց Մեհրիբան-խանումը` մոտեցնելով նրան մրգերի ամանը:
Նա սեղանին դրեց ոսկեգույն մեղրի կտորներով կավե ամանը, թարմ կարագը, որի վրայից դեռ հոսում էր թանը (դա Արսենին անանցողիկ կարիտով հիշեցրեց հարազատ Տոնաշեն գյուղը), երկու մեծ բոքոն հաց, գինու ոչ մեծ կուժը և արմուդի՝ թեյի տանձանման բաժակները:
– Կերեք, հիմա թեյը կեռա:
Արսենը նայեց իր ժամացույցին:
– Ի՞նչ ուտել, Մեհրիբան-խանում, առավոտյան ժամը հինգն է:
– Ի՞նչ ժամը հինգը, լսիր,- վրա տվեց Վագիֆը: — Նոր տեսա, շուկան արդեն բաց է, մսավաճառ հայ Բենիկը ուրախ-ուրախ գովում է իր ապրանքը: Հորթի միսը թարմ է, ասում է, նոր են մորթել, դմակավոր գառը գրեթե նորածին է, միսը թարմ է: Իսկ հավ ունե՞ս, հարցնում եմ: Իհարկե, ունեմ, ասում է, նոր են փետրահան արել: Ճի՞շտ, հարցնում եմ, տնակա՞ն է: Պապայիս արևը, ասում է: Փող տվեցի, առա: Հարցնում եմ` իսկ տապակել կարելի՞ է: Իսկ նա ինձ` քո հավն է, ինչ ուզում ես՝ այն էլ արա: Իսկ դու ասում ես` ժամը հինգն է:
– Արսեն գարդաշ*, ուտելու համար երբեք ուշ կամ շուտ չի լինում, – ուրախ եզրափակեց Մեհրիբան –խանումը: :
– Լսիր, ինքդ ես ասում` առավոտ է: Եթե առավոտ է, նշանակում է` սա նախաճաշ է: – Վագիֆը ոտքի կանգնեց, բաժակները գինի լցրեց: – Դե՛ վերցրու, հարգելիս: Խմենք այն բանի համար, որ մեր Ելենան բարեհաջող ազատվի և մեզ առողջ ու ամրակազմ տղա պարգևի: Մի մտածիր, բնությունից այդպես է սահմանված, որ կինը երեխաներ ծնի՝ մենք էլ մի քիչ օգնենք նրանց էդ գործում: Հա՜-հա՜-հա՜, – նա բարձրաձայն ծիծաղեց, ավելացրեց– առողջ լինենք, մնացածը հեշտ է:
– Հա, Արսեն ջան, մի անհանգստանա, որ ժամանակից շուտ է ծնվում, – նկատեց Մեհրիբան-խանումը: – Այդպես հաճախ է լինում: Յոթամսական երեխաները ամուր են լինում ու լավ են աճում: Բոլորովին պետք չէ անհանգստանալ:
– Շնորհակալ եմ, – հոգոց հանեց Արսենը: – Հուսանք…
Եվ նա մի շնչով խմեց թթվաշ, բայց համեղ տնական գինին: Նրա ձեռքը մի պահ քարացավ հացի բլրակի վերևում: Նա հանկարծ հստակ պատկերացրեց. մինչ ինքն այստեղ քեֆի է նստած, Ելենան այնտեղ կուչուձիգ է եղել սատանայական ցավերի մեջ և ատամներով սեղմած բարձի եզրը` փորձում է զսպել կոկորդից դուրս նետվող ճիչը, և արցունքները լուռ գլորվում են այտերով, թողնելով խոնավ ու փայլուն ակոսներ… Նկատելով տանտերերի կարեկցանքով ու տարակուսանքով լի հայացքներն իր վրա, նա ուշքի եկավ և վերցնելով բոքոնի մի կտոր` սկսեց դանդաղորեն ծամել:
– Իսկ ինչո՞ւ այդպես անսպասելի, Արսեն ջան, – նորից խոսեց Մեհրիբան-խանումը: – Գուցե ընկե՞լ է կամ ինչ-որ ծանրությո՞ւն է բարձրացրել: Կամ էլ վախեցե՞լ է ինչ-որ բանից,
նյարդայնացե՞լ: Դու պատահաբար նրան հո չե՞ս նեղացրել:
– Նեղացրել եմ ու շատ խիստ… – խուլ արտաբերեց Արսենը` չնայելով նրան:
– Դե լավ, եկեք այդ մասին չխոսենք, – Վագիֆը խախտեց տիրած անհարմար լռությունը: – Կարիք չկա: Ընտանեկան հարց է, իսկ ընտանիքում, ինքդ էլ գիտես, տարբեր բաներ են տեղի ունենում: Իսկ դո՛ւ, կնի՛կ, լեզուդ քեզ քաշի: Նեղացրել է, չի նեղացրել` երիտասարդների գործն է:
– Դե ես ի՞նչ… Ես միայն ուզում էի ասել:
– Ոչինչ մի ասա ու ոչինչ մի ուզի:
– Դու նախ ականջ արա, հետո նոր բղավի, – բարկացավ Մեհրիբան-խանումը: – Ես ուզում էի ասել, որ երբ Ելենան դուրս գրվի հիվանդանոցից, դուք կապրեք այս սենյակում, որտեղ հիմա մենք նստած ենք: Ահա՜ թե ինչ էի ուզում ես ասել, – և նա հաղթողի տեսքով նայեց ամուսնուն:
– Երդվում եմ, ազնիվ խոսք, ես միշտ էլ գիտեի, որ դու խելացի կին ես: Իսկ քո ամենախելացի քայլն այն է եղել, որ կամավոր ամուսնացել ես հետս, – ամփոփեց Վագիֆը` չկարողանալով զսպել ծիծաղը: – Եվ ճիշտ էլ արել ես, դրա համար էլ ես միշտ քո կողքին եմ եղել իմ ողջ կյանքում ու միշտ հավատարիմ, այլ ոչ թե բոմժի նման նայել եմ
յուրաքանչյուր աղբանոցի կողմը և ամեն պատահածին սիրելիս կոչել: Արսեն ջան, երդվում եմ իմ ու քո արևով, որ մեր գլխի վերևում է, չի լինում տարիքի տարբերություն, լինում է խելքի տարբերություն, գրեթե ամեն օր այս կինը զարմացրել է ինձ իր խելքով: Նրանից բոլորովին չես սպասում, իսկ նա տեսար մի շաստ խելոք բան ասաց: Ոնց որ հիմա: Ասա, մի՞թե նա ճիշտ չէ: Ինչո՞ւ վերադառնաք ձեր փոքրիկ խցիկը, հը՞: Ահա այս սենյակն էլ կլին
ձերը: Պարզ է, չէ՞: Ազնվորեն ասած, Արսեն, մենք կնոջս հետ վաղուց երեխայի ձայն չենք
լսել մեր տան մեջ: Հիմա, փառք Ալլահին, կլսենք:
—————————————————
* Գարդաշ- եղբայր
– Շնորհակալ եմ ձեզ, իմ թանկագիններ: Եթե ձեզ նեղություն չենք պատճառի, ապա, իհարկե: Ելենային երեխայի հետ այստեղ շատ հարմար կլինի: – Նա ոտքի ելավ: – Դե, ես արդեն շատ նստեցի, իսկ ձեզ ճանապարհից հանգստանալ է պետք:
– Ո՞ւր, – անհանգստացավ Վագիֆը` հայացք փոխանակելով կնոջ հետ:
Արսենը խուսափողաբար պատասխանեց.
– Արդեն լուսանում է… Գնամ տեսնեմ ինչ նորություն կա:
– Ես քեզ հետ կգամ, – առաջարկեց Վագիֆը, բայց Մեհրիբան-խանումը ձեռքը հանգիստ դրեց նրա ուսին.
– Պետք չէ, Վագիֆ, թող նա այսօր մենակ գնա:
– Հա՞, լավ: Թող այդպես լինի, ինչպես ասում ես… Մենք քեզ հետ դեռ կհասցնենք գնալ, ժամանակ կա:
Արսենը դուրս եկավ բակ: Վագիֆն ու կինը ճանապարհեցին նրան մինչև դարպաս:
– Երբ նրան հիվանդանոց էիր տանում, նա ուժե՞ղ էր լալիս, – անհանգստացավ Մեհրիբան-խանումը: – Երիտասարդ կանայք առաջին անգամ շատ են վախենում…
– Չէ՛, ընդհակառակը, ինձ էր սիրտ տալիս, որ չվախենամ… Այդպես էլ ասաց: – Արսենը գլուխը բարձրացրեց, նայեց վաղորդյան երկնքին: – Դե ես գնամ:
– Նա շատ լավն է, – եզրափակեց Մեհրիբան խանումը: – Ե՛վ շատ գեղեցիկ է, և՛ շատ լավը: Եվ բարի է: Աստված նրան առողջություն տա: Փոքրիկին նույնպես:
– Մեհրիբանը վաղը ուտելիք կտանի, – ավելացրեց Վագիֆը: – Դու մի անհանգստանա, Արսեն, ամեն ինչ լավ կլինի, որովհետև նա լավ աղջիկ է, հոգով արև է, ում հոգում արև կա, ամենամռայլ օրն էլ արև կտեսնի: Երդվում եմ, ազնիվ խոսք, միշտ լավ բաների մասին պետք է մտածես, որ միշտ լավ լինի:
Արսենը դուրս եկավ դարպասից: Դանդաղորեն, ասես չուզելով, ծագում էր արևը: Ծովից փչող քամին փոթորկվում էր ահագնացող ուժով, կատաղի ծվատելով ծառերը, սառը ասֆալտի վրայով քշելով պոկված, սևացած տերևների կույտեր: Փոթորկված Կասպիցի ալիքները դղրդյունով բախվում էին ափերին: Իսկ փողոցի վերջում գվվոցով գլորվում էր քամուց քշվող դատարկ պահածոյի տուփը:
Ծննդատան բակը շրջապատված էր բարձր քարե պարսպով: Արսենը բախեց: Մորուքավոր մի ծերուկ, որը վերնաշապիկի վրայից պիջակ էր կրում, նայեց ճաղավոր ցանկապատից դուրս:
– Ի՞նչ է:
– Հայրի՛կ, ներս թող ինձ, կինս ներսում պառկած է:
– Չեմ կարող, գժվե՞լ ես, տղա: Դեռ առավոյան յոթըը չկա: Ավելի ուշ կգաս:
– Ուշ չեմ կարող, աշխատանքի եմ:
– Ա՛յ աշխատանքից հետո էլ կգաս:
– Դե բաց արա, հայրի՛կ, խնդրում եմ:
– Չի թույլատրվում, ասում եմ: Կգաս թույլատրելի ժամին:
– Դե՛, ես թույլատրելի ժամին չեմ կարող, հասկացիր: Խիղճ չունե՞ս:
– Խի՞ղճ: Ով գիտի, գուցե և ունեմ: Միայն թե իմ խիղճը անչափ չէ, բոլորին չի հերիքում, – արձագանքեց ծերուկն ու անհետացավ:
Ծերուկի պատասխանից վհատված, Արսենը կանգ առավ, չիմանալով ինչ անել, հետո գլխի ընկավ և գրպանից փող հանեց:
– Հայրիկ, գուցե այնուամենայնիվ բացե՞ս: Ա՛ռ, վերցրու:
Մորուքավորը նորից հայտնվեց, նայեց փողին:
– Դու ինձ կաշա՞ռք ես տալիս:
– Չէ, ինչո՞ւ կաշառք: Մաքուր սրտով…
– Դե որ մաքուր սրտով է… Վաղուց էր պետք: Թե չէ` խի՜ղճ: – տեղաշարժվող սողնակը զնգաց, և ցանկապատը բացվեց: – Անցիր: Միայն թե, տե՛ս, հա՜, ես քեզ ներս չեմ թողել, ինքդ ես պարիսպն անցել: Հասկացա՞ր:
– Հասկացա՛, հասկացա՛: Վերցրո՛ւ փողը:
– Սա շատ է… Ես ամեն մեկից մի ռուբլի եմ վերցնում: Վերցրու մնացածը:
Արսենը հապճեպ դրամը խցկեց պիջակի գրպանը, հարցրեց.
– Երեկոյան մեզ մեքենան բերեց, ես այդպես էլ չհասկացա, թե որտեղ է ծննդատունը:
– Ահա էնտեղ է ծննդատան բաժանմունքը: Հենց թեքվեցիր դեպի վիրաբուժարան՝ դիմացի մուտքն է, ցուցանակ կա էնտեղ:
Արսենը շտապեց ծառապատ ասֆալտե ճանապարհով, վազեց դեպի սանդղամուտքը և հրեց ծանոթ դուռը: Պարզվեց, բաց է: Ընդունարանում նույն բուժքույրը նստած էր գրանցասենյակին կից աթոռի վրա և աչքերին դրած մետաղական շրջանակով ակնոցը, ինչ-որ բան էր գործում: Դռան ճռռոցի վրա նա բարձրացրեց հայացքը և ակնոցի վերևից նայեց Արսենին:
– Դո՞ւ ես, – ասաց նա, հակառակ Արսենի սպասման` ոչ թե բարկացած, այլ կարեկցանքով:
– Ինչպե՞ս է իմ կինը… Ելենան, – հարցրեց նա` գլխով անելով ծննդատան դռան կողմը:
Բուժքույրն ու գրանցասենյակի մատենավարուհին հայացքներ փոխանակեցին:
– Դե՛, ինչպես ասենք, սիրելիս… – ուզում էր սկսել բուժքույրը, բայց նրան ընդհատեց մատենավարուհին.
– Դու նստիր, հանգստացիր, ինչո՞ւ ես կանգնել: Ահա աթոռը:
– Դե՛ խոսեք… – աղերսանքից խռպոտած ձայնով ասաց Արսենը` նստելով աթոռին: – Ի՞նչ է պատահել նրան:
– Մի անհանգստացիր, տղաս, վախենալու բան չկա: Ծնունդը բարդություններ ունեցավ… Մի խոսքով, վիրահատության կարիք եղավ:
– Ի՞նչ… ի՞նչ վիրահատություն…
– Դե՛, հատում… կեսարյան… Մի անհանգստացիր, մեր վիրաբույժը շատ փորձառու է: Ամեն ինչ լավ կլինի, ազնիվ խոսք: Վիրահատությունն էլ բոլորովին վտանգավոր չէ:
– Ահա՜… հա՛… հասկանալի է… Վաղո՞ւց են սկսել:
– Այո, հիմա հավանաբար վերջացրել են կամ վերջացնում են: Զինա մորաքույր, մի հատ իմացեք:
– Ես հիմա, – բուժքույրը վեր կացավ, ձեռագործը թողնելով գրանցասենյակի պատուհանի դիմավ, գնաց դռան կողմը:
Արսենը ծխախոտ հանեց, բայց մատենավարուհին թույլ չտվեց ծխել.
– Այստեղ չի կարելի: Դուրս եկ բակ, խնդրում եմ, այնտեղ ծխիր:
– Այո, ներեցեք:
Արսենը ծխախոտը խցկեց գրպանը և նայեց դռանը:
Մի ողջ հավերժություն անցավ, մինչև դուռը նորից բացվեց: Ներս մտավ բուժքույրը և շեմից ուրախաձան հաղորդեց.
– Ամեն ինչ բարեհաջող անցավ, փառք Աստծու:
– Դե, ի՞նչ է, – հարցրեց մատենավարուհին:
– Ե՛վ ինքն է ողջ, և՛ երեխան: Տղա է ծնվել: Շնորհավորում եմ:
– Իսկ վիրահատությունն արդեն ավարտե՞լ են, – նորից հարցրեց մատենավարուհին:
– Այո: Մնացել է միայն կարել վերքը:
« Գնամ նրանց համար վարդեր առնեմ՝ լավ լուրի համար»,- մտածեց Արսենը դուրս գալով փողոց: Իսկ մտքերը նրան հանգիստ չէին տալիս… Եվ այն ամենը, ինչ տեղի էր ունեցել մինչ այդ պահը, Արսենին թվացել էր ինչ-որ անհավատալի բան, ասես երազում, երբ գիտես` հերիք է արթնանաս, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Բայց երկու անողոք բառ մեկ ակնթարթում ցիրուցան արին այդ երազը, և Արսենին իրականություն բերեցին: Եվ նա իր աչքերի առաջ կուրացուցիչ հստակությամբ տեսավ Ելենայի սարսափելի արնագույն սպին՝ ցավի աստիճան հարազատ, մանկան մաշկի պես քնքուշ ու ճերմակ մարմնին: Իր Ելենայի ծվատվա՜ծ, բզկտվա՜ծ մարմնի…
Այդ օրը աշխատել չկարողացավ, թույլտվություն խնդրեց և տուն գնաց: Բայց տանն էլ մնալ չկարողացավ: Փոքրիկ, առանց Ելենայի դատարկությամբ լի սենյակը, ինչպես ջուրը` փայտե խցանը, դուրս նետեց նրան: Նա վեր կացավ ու գնաց Զեյնալովների մոտ: Վագիֆը տանը չէր, բայց Մեհրիբան-խանումը գրեթե ուժով նրան տարավ սենյակ և սկսեց հարց ու փորձ անել Ելենայի մասին: Եվ մինչ նա լարվածությունից ուժի զոռով իրենից բառեր էր քամում պատասխանելու հարցերին, սեղանի վրա հայտնվեց ուտելիքի ափսեն և ծանոթ կավե սափորը` գինով լի:
– Փառք Ալլահին, որ ամեն ինչ լավ է ավարտվել, – ասաց Մեհրիբան-խանումը` լսելով նրա պատմածը: – Հետո ամեն ինչ արդեն շատ լավ կընթանա: Բայց դու պետք է ուտես, ուժ հավաքես: Ահա, ղավուրմա վերցրու, վարունգը թարմ է…
– Շնորհակալ եմ, Մեհրիբան-խանում, ուտում եմ:
– Է, չէ, դու այնպես չես ուտում, ես քեզ գիտեմ: Պետք է լավ ուտել իմանալ, տղամարդու պես: Գինի խմիր, ախորժակդ կբացվի:
Արսենը թեյի բաժակով գինի խմեց, պատառաքաղով մի կտոր ոչխարի միս վերցրեց: Մի քիչ սպասելով, նա ասաց.
– Մեհրիբան-խանում, ես գործով էի եկել:
– Ասա ի՞նչ գործ է, մի ամաչիր: Ես օտար չեմ:
– Ճիշտն ասած, ամեն ինչ այնպես անսպասելիորեն եղավ, որ ես բոլորովին շփոթվեցի: Մենք ախր դեռ պատրաստ չէինք, ո՛չ Ելենայի, ո՛չ էլ երեխայի համար: Գուցե խորհուրդ տաք, ինչ կարելի է գնել:
– Ոչինչ, Արսեն ջան, – հանգստացրեց Մեհրիբան-խանումը, – ժամանակ կա, ամեն ինչ կհասցնենք, ինչ պետք է` կգնենք կամ կկարենք: Մենք հո օտա՞ր չենք, յուրային ենք…
Արսենը երեկոյան գրքույկից հանեց իր բոլոր խնայողությունները և նորից այցելեց Զեյնալովներին: Այս անգամ Վագիֆը տանն էր: Արսենը սեղանին դրեց ողջ գումարը:
– Ահա, Մեհրիբան-խանում, ութ հարյուր ռուբլի, ամբողջը, ինչ ունենք: Վերցրեք և գնեք այն ամենը, ինչ պետք է: Իսկ ինչ է պետք` դուք ավելի լավ կիմանաք: Սա բավարա՞ր է:
Մեհրիբան-խանումը նկատելիորեն շփոթվեց, նույնիսկ կարմրեց: Արսենի վստահությունը հուզեց նրան: Հետո նայեց ամուսնուն ու ծիծաղեց:
– Արսեն ջան, թանկագինս, իսկույն երևում է, որ դեռ երիտասարդ ես, փորձ չունես: Այսքան փողով ողջ ծննդատունը կարելի է գնել: – Նա վերցրեց երկու հիսունանոց: – Սա բավարար է: Մնացածը դիր գրպանդ, դեռ պետք կգա:
Արսենն ասաց, որ խնայդրամարկղ չի վերադարձնի, թող դրանք մնան նրանց մոտ: Գրպանի ծախս ունի, իսկ ավելին պետք չէ, շուտով աշխատավարձ էլ կստանա:
– Ծնողներիդ գրե՞լ ես թոռան ծննդյան առիթով, – հարցրեց Վագիֆը, երբ կինը պահելով ինչ-որ տեղ փողերը, սկսեց սեղան գցել:
– Ծնողների՞ս: Չէ,Վագիֆ, չեմ գրել: Եթե իմանայի, որ կուրախացնի, կգրեի:
– Հը՜մ… – մտահոգ ձգեց Վագիֆը: – Քեզ, իհարկե, տեսանելի է, Արսեն ջան, ես չեմ ուզում խառնվել քո ընտանեկան գործերին: Բայց կարծում եմ, որ այս աշխարհում ոչ ոք և ոչինչ չի կարող ծնողից ավելի լավը լինել: Ծնողից լավ կարող է լինել միայն ծնողը: Թող Աստված օրհնի քո ծնողներին, ողջ ու առողջ թող լինեն, երկար կյանք ունենան, իմացիր, քանի նրանք կան, մենք բոլորս երեխաներ ենք, և դրա համար չի կարելի նրանց ծուռ նայել, դա մեղք է, նրանք, միևնույն է, ավելի մոտ են Աստծուն, քան ես և դու: Դու դեռ երիտասարդ ես, չես հասկանում, մի նեղացիր Վագիֆից, բայց քեզ կասեմ, որ ես պաշտում էի ծնողներիս, ինչպես պաշտում եմ հիմա նրանց հիշատակը, տարիքդ կապ չունի ծնողդ կորցրիր՝ որբ ես այլևս։ Ծնողը սրբություն է: Ինչպես դու վերաբերվես քո ծնողին, նույնպես քեզ կվերաբերվեն քո երեխաները: Ծնող պիտի դառնաս՝ծնողի գինն իմանաս:
– Այո, իհարկե, – գլխով արեց Արսենը: – Ծնողը մնում է ծնող: Ես էլ եմ արդեն ծնող, բայց չգիտես ինչու, դեռ չեմ զգում դա: Նույնիսկ երեխային չեմ ընկալում, չեմ զգում:
– Է՜, մի ասա այդպես, սիրելիս, – Վագիֆը ժպտաց, – երբ մի անգամ նրան ձեռքդ վերցնես, ճաշակես այդ քաղցր կաթնահոտը, առնես նրա փոքրիկ մարմնի բույրը, երբ նա իր փոքրիկ տաք թաթիկներով մի անգամ բռնի քո քիթը, խոնավ շուրթերով կպչի այտերիդ, ա՛յ, հենց այդ ժամանակ կզգաս: Երդվում եմ արևով, որ մեր գլխավերևում է, դա ինձնով գիտեմ: Երբ իմ աղջիկ Սևիլը ծնվեց, ես էլ էի սկզբում ասում, երեխան հեչ, միայն իմ Մեհրիբանը ողջ մնա: Հետո, երբ առաջին անգամ գիրկս առա… Է՜, ինչ ասեմ: Կհավատա՞ս, Արսեն ջան, այդ օրը ասես ինձ արև նվիրեցին և իմ տան մեջ հարյուր անգամ ավելի լուսավոր դարձավ: Երդվում եմ, ազնիվ խոսք:
– – Ծնողներիս, իհարկե կգրեմ, – ասաց Արսենը: – Բայց այս պահին իմ ամենահարազատ մարդիկ դուք եք:
ԳԼՈՒԽ ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ
Ելենան պառկեց հիվանդանոցում շուրջ չորս շաբաթ:
Օրը արևոտ ու տաք էր, թեև արդեն հոկտեմբերի սկիզբն էր: Բակի հեռավոր անկյունում քարհանքի երկու աշխատողներ մեծ մանղալ էին պատրաստում խորովածի համար: Նրանց կանայք, ուրախ զրուցելով, պատրաստություն էին տեսնում, մեծ սալորենու տակ սեղան էին գցում` նախապատրաստվելով նորածնի հանդիսավոր գալուստին:
Եվ վերջապես լայն բացված դարպասից դանդաղորեն ներս մտան երկու «Ժիգուլի»: Մի մեքենայից դուրս եկավ Ելենան` թարմ վարդերի փնջով, նրա հետևից` Մեհրիբան-խանումը, գուրգուրանքով կրծքին սեղմած նորածնին, որը փաթաթված էր երկնագույն մետաքսե ծածկոցի մեջ և բոլորովին չէր երևում վերջինիս կապկպված ժանյակների ու ժապավենների հետևում: Երկրորդ մեքենայից դուրս եկան չորս տղամարդ, նույնպես քարհանքի աշխատողներ: Բոլորին հրավիրել էր Վագիֆը, մտածելով, թե որքան ավելի շատ մարդ դիմավորի Ելենային, այնքան հաճելի կլինի վերջինիս: Եվ ընդհանուր առմամբ երևի ճիշտ էր: Այդ ընթացքում նիհարած, տանջված և թուլությունից մեծ դժվարությամբ ոտքի վրա մնացող Ելենան հուզվել էր արտասվելու աստիճանի` տեսնելով իր շուրջը այդքան անծանոթ, սակայն բարեհամբույր ժպտացող դեմքեր: Նա այդպես էլ չկորցրեց իր ամուր հավատը նրան, որ ժպտացող մարդը անպատճառ լավ մարդ է… Կանայք համբուրում էին նրան, ասում հաճելի խոսքեր, բարձրաձայն չափազանցված հիանում էին երեխայով, թեև փակ աչքերից ու կարմիր, կնճռոտ, անհոնք ճակատից բացի ուրիշ ոչինչ չէին տեսնում, հավատացնում էին, որ տղան, ինչպես ջրի երկու կաթիլ, նման է մորը, իսկ տղամարդիկ ոչ այնքան շնորհալի կերպով տալիս էին նրան ծաղիկների փնջեր և նույնքան վստահորեն առարկում էին. մի՞թե չեք տեսնում` քթից թռած հայրն է:
Վերջապես Մեհրիբան-խանումը տիրաբար բռնեց Ելենայի ձեռքը և ուղեկցեց նրան իր համար նախապատրաստված սենյակը:
Ելենան շփոթված նայեց կնոջը:
– Ինչպե՞ս թե…
– Ձեր սենյակի մասին մոռացի՛ր: Դա քո տեղը չէ:
– Օ՛յ, Մեհրիբա՜ն մորաքույր…
– Նորի՜ց արտասվում է: Լսի՛ր, ինձ բարկացնում են քո արտասուքները:
– Սա թուլությունից է…
– Ավելի լավ, որ թուլությունից է: – Նա երեխային դրեց անկողնու վրա և օգնեց Ելենային հանել վերարկուն: – Իսկ հիմա պառկիր և փոքր-ինչ հանգստացիր, շատ ես հոգնել: Երբ ամեն ինչ պատրաստ լինի, ես քեզ կկանչեմ… – Նա նորից մոտեցավ երեխային: – Հիմա տեսնենք հո խոնավ չէ՞: Այդպե՜ս էլ կա: Իսկակա՜ն տղամարդ է:
Մեհրիբան-խանումը ճարպկորեն, իր գործը լավ իմանալով, բարուրից հանեց փոքրիկին: Երեխայի ձեռքերն ու ոտքերը պատված էին բամբակի հաստ շերտով: Նույն պահին բարձրանալով թախտից, Ելենան մոտեցավ անկողնին, նայեց իր առաջնեկին և ամուր սեղմեց շրթունքները…
– Ի՞նչ է, – աշխուժորեն նրա կողմը շրջվեց Մեհրիբան-խանումը:
Ելենան ստիպեց իրեն ժպտալ.
– Ոչինչ, ուշադրություն մի դարձրեք, պարզապես նայում եմ:
– Դե, փառք Ալլահին, նշանակում է` ինձ թվաց, թե մտքերիդ հետ կռվում ես, որ շուտ ծնվեց: Սպասիր, Լենա ջան, ինքդ կտեսնես ինչ տղա կդառնա, իսկական ջիգիթ: Դու աչքդ քիչ գցիր այդ կողմը, ավելի լավ է ինձ հավատա: Յոթամսականները հետո շատ առողջ ու ամուր են դառնում: Օհո՛: Պատրաստ է:- Բարուրը փոխելով` նա կարգադրեց.
– Թող քնի, Լենա, ձեռք չտաս: Դու էլ պառկիր: Ես հիմա Արսենին կկանչեմ:
Նա դուրս եկավ:
Ելենան չդիմացավ և փոքրիկին գիրկն առավ, պառկեցրեց իր կողքին, այտերով թեթևակի հպվեց նրա ծածկոցի տաք ժանյակներին:
– Իմ քաղցրիկս, իմ փոքրիկս,- անրջատենչ խանդաղատանքով շշնջաց նա:
Ներս մտավ Արսենը, անաղմուկ հետևից ծածկելով դուռը, դանդաղորեն մոտեցավ Ելենային: Նա դեռ պառկած էր փակ աչքերով: Արսենը, խոնարհվելով, շուրթերով զգուշորեն հպվեց կնոջ այտին: Ելենան բացեց աչքերը, հառելով նրան իր կապտակապույտ աչքերը:
– Կարծես ննջեցի… Այնքան հաճելի է նրա հետ: Ուզո՞ւմ ես նայել:
– Ուզում եմ: Միայն թե նա քնած է, պետք չէ նրան շատ անհանգստացնել:
– Նա միշտ քնած է, – ասաց Ելենան, ապա մտածեց ու ավելացրեց, – նա դեռ երկար կքնի: Ինչո՞ւ այդպես շուտ ծնվեց, ես վախենում եմ:
– Իսկ ես` չէ:
– Ճի՞շտ:
– Չէ՞ որ ես էլ եմ այդպես ծնվել, յոթամսական էլ չկայի:
– Նստիր կողքիս:
Արսենը նստեց, համբուրեց նրա աչքերը, ճակատը:
Ելենան ժպտալով թոթովեց.
– Նույնիսկ եթե հնարում ես, միևնույն է, էլի լավ է, որ ասացիր… Օ՜յ, ինչպե՜ս եմ սիրում քեզ:
Արսենը բռնեց նրա ձեռքերը և երեսով հպվեց նրա ափերին: Հետո հիմարաբար արտաբերեց.
– Չգիտեմ, կներե՞ս դու ինձ երբևէ:
Ելենան թեթևակի սեղմվեց նրան.
– Ի՞նչը ներեմ, սիրելիս:
Արսենը ցնցված նայեց նրան: Նա ինչ-որ բառեր էր սպասում, բայց ոչ բնավ դրանք:
– Իմ հիմարիկ, – ասաց Ելենան ճառաքալույս դեմքով: – Ավելի լավ է լուռ նստենք: Միայն թե ձեռքերս բաց մի թող: Ինձ հիմա շատ լավ եմ զգում:
Ելենան դանդաղ, բայց վստահորեն կազդուրվում էր: Վերադարձել էր նախկին կայտառությունը, դեմքին հայտնվել էր առույգ վարդագույնը, աչքերում՝ կապտականաչ փայլը: Բակում նա այլևս դադարել էր քայլել զգուշավորությամբ` շրջանցելով յուրաքանչյուր անհարթություն՝ վախենալով ընկնել: Քայլը դարձել էր, եթե ոչ բավականին հաստատուն, ապա գոնե որոշ չափով ամուր: Սակայն նրա կազդուրման թերևս ամենահամոզիչ նշանն այն էր, որ վերադարձել էր նրա նախկին զրնգուն ու անկաշկանդ ծիծաղը, որն այնպես սիրում էր Արսենը: Նրա մատղաշ տարիքը իրենն էր անում: Բայց և որոշ բաներ նրա նախկին երիտասարդությունից արդեն անհետացել էին, ի հայտ էր եկել տարիքին անհամապատասխան, այնքան էլ աչքի չընկնող, ինչ-որ խստություն, զսպվածություն, հատկապես այն ժամանակ, երբ գիրկն էր առնում երեխային: Այդ պահերին նրա դեմքը փոխվում էր և թվում էր` նրանից ճառագում են խաղաղ, հանդարտեցնող մայրական իմաստնության և սիրո ալիքներ:
Արսենը նման պահերին զգում էր, որ սիրտը նվաղում է նրա առաջ: Դա նախկին Ելենան չէր, ուրախ, կենսախինդ, արտաքնապես հանդարտ, բերկրանքով գնացող իր ճակատագրին ընդառաջ, անվախորեն ընդունելով ճակատագրի թե՛ հարվածները, թե՛ փաղաքշանքը:
Եվ միևնույն ժամանակ նա նույնն էր, նույն Ելենան: Եվ դա ամենից շատ էր ուրախացնում Արսենին, թևեր տալիս նրան: Ոչ պակաս թևեր էր տալիս նաև այն հստակ զգացումը, որ ուներ ներքին համոզմամբ` որ ի վերջո վերդառնալու է հայրենի եզերք: Մեկ անգամ հանկարծակիորեն հայտնվելով նրա գիտակցությունում, հոգեկան վերելքի ազդեցությամբ, այդ միտքն այլևս չէր ուզում դուրս գալ նրա գլխից, օրեցօր ավելի ու ավելի ամրանալով ու արմատներ ձգելով: Երջանկությունը այն է, մտածում էր Արսենը, երբ քո հայրենի հողում ու հայրենի տանն ամեն առավոտ ուրախությամբ գնում ես աշխատանքի, իսկ երեկոյան նույն ուրախությամբ վերադառնում ես տուն: Հենց դա էլ մտովի տեղի էր ունենում Արսենի հետ` դառնալով նրա առօրյայի իմաստը: Այդ երանավետ մտքերով տոգորված՝ նա այստեղ ևս առավոտյան բերկրանքով մեկնում էր աշխատանքի և նույն զգացողությամբ վերադառնում, չզգալով ոչ մի հոգնություն, թեպետ ձեռքերն ու մեջքը նախկինի պես նվվում էին, բայց չկար այլևս ոչ մի սրտնեղություն, թե զբաղված է անիմաստ աշխատանքով, ու նա հաճախակի մտաբերում էր իր և Ելենայի խոսակցությունը խռովահույզ մի օր: Ելենան այն ժամանակ ասաց. «Գնանք այստեղից, գնանք մեր մոտ»: «Ձեր մո՞տ», հարցրեց Արսենը: «Չէ, – անմիջապես պատասխանեց Ելենան, – մեր մոտ՝ գյուղ: Որքան էլ տարօրինակ հնչի, ինչ էլ մեզ այնտեղ սպասի, մենք իրավունք չունենք լքել հարազատ ծերունիներին: Դրանով մեղք ենք գործում»: Արսենը, հիշում է, նայեց Ելենային և նրա նկատմամբ քնքշանքը ալիքվեց իր հոգու ներսում: Եվ հիմա, նկատելով այդ փոփոխությունն Արսենի մեջ, Ելենան երջանկություն էր ապրում, նրանք երկուստեք զգում էին, որ անհրաժեշտ է համբերությամբ լցվել, որպեսզի հաղթահարեն այն, ինչ վիճակված է նրանց այսօր: Հենց դա էլ ասում էր Ելենային, քանի որ վաղուց էր գլխի ընկել, որ Ելենան թեպետ ոչ մի անգամ, ոչ մի բառով չէր տրտնջացել, թե իրեն ինչպես է կեղեքում այն, որ նա ստիպված է ապրել հայրենի վայրերից, սովորական դարձած միջավայրից, սիրելի աշխատանքից կտրված, և մշտապես իրեն մեղավոր էր զգում ամուսնու առաջ, թեև ոչ մի մեղք չուներ: Նա ծիծաղում էր Արսենի արտակարգ ոգևորվածությամբ և ուրախանում, պարզապես ուրախանում: Իսկ նա կարողանում էր ուրախանալ…Ներքին ձայնը, եթե իսկապես այն կար, չէր խաբել Արսենին: Մի անգամ աշխատանքից վերադառնալիս նա բակում հանդիպեց Մեհրիբան-խանումին, որը լվացքն էր կախում պարանից: Բարևելով նրան, Արսենն ուզում էր տուն մտնել, բայց նա բռնեց իր արմունկը և խորհրդավոր կիսաշշնջոցով ասաց. «Գործ կա…»: Նույն հանելուկային տեսքով նա գոգնոցի տակից մի կնքված ծրար հանեց:
– Առավոտյան եմ ստացել, – շշնջաց նա` աչքի պոչով նայելով տան կողմը: – Նամակ է: Քեզ: Չգիտեմ ումից է, բայց այսպես եմ մտածում. եթե վատ բան լինի գրված. Լենան առայժմ թող ոչինչ չիմանա, իսկ եթե լավ բան է, ինքդ կհաղորդես նրան: Կնոջը միշտ էլ հաճելի է լավ լուրեր լսել ամուսնուց:
– Կեցցեք, Մեհրիբան-խանում, շնորհակալություն, – երախտապարտությամբ ասաց Արսենը` բացելով ծրարը: – Միայն թե Լենան, միևնույն է, ոչինչ էլ չի հասկանա, նա հայերեն կարդալ չգիտի:
Նամակը Գաբրիել Բալայանից էր: Նա գրում էր այն մասին, որ անցնում է վաստակած հանգստի և իր տեղում երաշխավորել է Արսենին: «Եթե մտածես վերադառնալ քո Տոնաշեն, մենք բոլորս միայն ուրախ կլինենք, եթե համաձայնես աշխատել իմ տեղը: Երեկ, – գրում էր Բալայանը, – խոսեցի Բադունցի հետ, կուսակցության շրջկոմի առաջին քարտուղարի` Յակով Օսիպովիչի հետ, դու նրան գիտես, նա իմ առաջարկը հավանեց: Երբ քո հեռագիրը ստանամ, իսկույն ձեր հետևից մեքենա կուղարկեմ»:
Արսենը դանդաղորեն նամակը խցկեց ծրարի մեջ, նայեց Մեհրիբան-խանումին:
– Դե ի՞նչ, ինչպիսի՞ն է, լա՞վ նամակ է, – չդիմացավ Մեհրիբան- խանումը: – Աչքերիցդ եմ տեսնում, որ լավն է:
– Մեհրիբան-խանում, թանկագինս, Վագիֆը ճիշտ է ասում, որ դուք խելացի կին եք: Անչափ երախտապարտ եմ ձեզ, հրաշալի նամակ է:
– Դե, փառք Ալլահին, ինձ ավելին պետք չէ: Իսկ հիմա գնա Ելենայի մոտ, նա քեզ է սպասում: Երևի արդեն պատուհանից տեսել է:
Ելենան իսկապես պատուհանից տեսել էր նրան: Եվ երբ Արսենը ներս մտավ, նա շշնջոցով, որպեսզի չարթնացնի մանկասայլակի մեջ քնած մանկանը, հարցրեց տագնապալի ձայնով.
– Այդ ի՞նչ նամակ տվեց քեզ:
Արսենը ժպտաց:
«Իսկ գուցե նա գնում է, որպեսզի ես վերադառնա՞մ», – մտածեց նա Բալայանի մասին:
– Ումի՞ց է նամակը:
– Գաբրիել Հարությունովիչից, – հանգստացրեց նրան Արսենը, – իր տեղն ինձ է երաշխավորել:
Ելենան մի քանի վայրկյան նրան նայեց այնպես, ասես ոչ մի կերպ չէր կարողանում որոշել, հավատա՞լ լսածին, թե չէ:
Բայց Արսենը գրկեց նրա ուսերը և քաշեց դեպի իրեն:
– Դա ճիշտ է, Ելենա: Ահա նամակը:
Ելենան, ուրախությունից շողացող աչքերով նայեց Արսենին, երջանկավետության անհագուրդ գգվանքով սեղմվելով նրան:
– Գիտե՞ս, – շշնջաց նա, – իմ կարծիքով, ես էլ եմ մի քիչ կարոտել մեր լեռները: Նրանք այնքան գեղեցիկ են` կանաչ, կապույտ, մանուշակագույն…
– Ես հիմա կգամ, – ժպտալով ասաց Արսենը, ծրարը խնամքով ծալելով, դրեց գրպանը և ուղևորվեց փոստ` հեռագիր ուղարկելու:
Левон Адян
РУССКАЯ НЕВЕСТКА
( роман)
ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Արձակագիր, թարգմանիչ, հրապարկախոս, հասարակական գործիչ
1970 թվականից ԽՍՀՄ Գրողների միության, ներկայումս՝ ԱՄՆ հայ գրողների մության, Ռուսաստանի, Արցախի եւ Հայաստանի գրողների միությունների անդամ։
Ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում։
Ավարտել է հարեւան Առաջաձոր գյուղի միջնակարգ դպրոցը։ Հետագայում ուսումը շարունակել է Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական եւ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետներում։
Ուղիղ քառորդ դար աշխատել է Բաքվի «Գրական Ադրբեջան» հանդեսում՝ արձակի բաժնի վարիչ, բաժինների ընդհանուր վարիչ, գլխավոր խմբագրի պաշտոնակատար։ Հանդիսացել է ՌԴ Պյատիգորսկ քաղաքում լույս տեսնող «Արմյանսկի վեստնիկ» («Հայոց լրաբեր») տարածքաշրջանային թերթի գլխավոր խմբագիր, այդ քաղաքի հայկական համայքի նախագահի տեղակալ։
Հեղինակ է շուրջ չորս տասնյակ ինքնուրույն եւ թարգմանական արձակ գրքերի, որոնք լույս են տեսել Բաքվում, Երեւանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Լոս-Անջելեսում. «Կյանքի ճանապարհին», «Հեռու լեռներու», «Իմ երկրի մարդիկ», «Կորսված բարդիներ», «Այն հեռավոր ամռանը», «Տունը գյուղի ծայրին», «Ձորում աղմկում է գետը», «Աշնանային ցրտեր», «Մոռացված երգ», «Դարձ ի շրջանս յուր», «Հեռացող եզերք», «Իրիկնային աղջամուղջ», «Անձրեւից հետո», «ՙԾննդյան օր», «Կոտրած թեւերով թռչունը» եւ այլն, որոնց թեմատիկան բացառապես հայրենի բնաշխարհն է՝ Արցախն ու նրա ժողովուրդը։
Գրքերը լույս են տեսել նաեւ թարգմանաբար՝ ռուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով։ «Հեռացող եզերք» վեպն ունեցել է մի շարք հրատարակություններ: Այդ ստեղծագործության մեջ գեղարվեստական բարձր մակարդակով արտացոլված է Ադրբեջանի բնիկ հայության դառը ճակատագիրը եւ ազգային-ազատագրական պայքարը 20-րդ դարի ողջ ընթացքում՝ ողբերգական ու հերոսական իրադարձություններով հանդերձ։ Վեպում մանրամասն, դրվագ առ դրվագ նկարագրվում են Սումգայիթի 1988թ. փետրվարյան եւ Բաքվի 1990թ. հունվարյան հայկական ջարդերը։ Իր ծավալային ու խորքային ընդգրկումներով «Հեռացող եզերքը» հայ իրականության մեջ միակ լիարժեք արձակ ստեղծագործությունն է այս թեմայով։
Բաքվի հայտնի դեպքերի պատճառով Լեւոն Ադյանը տարագրվել է Ռուսաստան եւ տեւական դեգերումներից հետո ներկայումս բնակվում է Սանկտ-Պետերբուրգում:
Բնակվելով օտար ափերում, նա մշտապես ապրում է հայրենիքի հոգսերով, պարբերաբար հանդես գալիս Արցախյան հիմնախնդրին, արցախահայության ազգային-ազատագրական պայքարին, անկախ պետականության կառուցման գործընթացին նվիրված, ինչպես նաեւ հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների որդեգրած ցեղասպան քաղաքականությունը մերկացնող ելութներով եւ հրապարակումներով։
——————