ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Ռ ՈՒ Ս Հ Ա Ր Ս Ը
(Վեպ)
ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ
Նոյեմբերի վերջին օրերից մեկն էր: Ուշ երեկոյան աշխատանքից վերադառնալով տուն, Արսենը խնդրեց Ելենային ուտելիք պատրաստել, որ առավոտյան հետը վերցնի:
– Պետք է գնամ Ստեփանակերտ, չեմ հասցնի նախաճաշել, գոնե ճանապարհին կուտեմ:
– Թե որ իմ աշխատանքը չլիներ… – երազկոտ սկսեց Ելենան: – Ուզում եմ հետդ գալ:
Արսենը ժպտաց բարեհոգաբար:
– Ես միևնույն է, եթե աշխատանքի էլ չլինեիր, Լենուլ, քեզ հետս չէի վերցնի: Տես ինչ սարսափելի եղանակ է ու ճանապարհներն էլ անձրևներից համարյա անանցանելի: Ասենք, ես այնտեղ երկար չեմ մնալու: Երեկոյան կվերադառնամ, դու երևի դեռ աշխատանքի կլինես: Գուցե վերադարձին մտնեմ մերոնց մոտ, Գրիշկային հետս բերե՞մ: Դեռ չե՞ս հոգնել նրա հետ պարապելուց:
– Ի՜նչ ես ասում: Չէ, իհարկե: Մենք այնպես ենք կապվել միմյանց: Ինքն իրիկունը գալու է մոտս, արդեն պայմանավորվել ենք: Ի՞ն կա այնտեղ, ինչո՞ւ ես մեկնում:
– Զանգել, կանչել են մարզգործկոմից: Գյուղբաժնում որոշ գործեր են կուտակվել՝ կապված մեր սովխոզի հետ, դրա համար: Գինու տրեստ էլ պիտի մտնեմ, բայց շուտ կգամ:
Արդեն ժամը հիգն անց էր, երբ Արսենը դուրս եկավ մարզգործկոմի շենքից: Անձրևը նկատելիորեն վարարել էր:
– Ինչպե՞ս կգնաս այս դիվական մրուրի միջով, – ասաց Աշոտը: Նա Արսենի մանկության ընկերներից էր, նույն գյուղից, հետո նրանց ընտանիքը տեղափոխվեց մարզկենտրոն, նա այնտեղ ավարտեց գյուղատնտեսական տեխնիկումը և այժմ մարզային գյուղբաժնում էր աշխատում, գործի բերումով՝ հաճախակի էին հանդիպում: Արսենին ուղեկցեց մինչև աառաջին հարկ, նրա հետ դուրս եկավ փողոց:
-Խորհուրդ չէի տա գնալ, Արսեն, — մթամած երկնքին նայելով ասաց նա: — Մի տես ինչ անձրև է տեղում, գյուղում էլ, պարզ է, ցեխ ու լել, երկինքն էլ նայիր, սևակնած, ուր որ է՝ տեղատարափ կթափվի, լսիր ինձ,մնա,առավոտը շուտ կգնաս:
– Չէ, գնամ: Զուր տեղն ինչո՞ւ այստեղ գիշերեմ:
– Իսկ ի՞նչ կլինի որ, տե՞ղ չկա, թե՞ ուրիշ ենք:
– Դե չէ, շնորհակալ եմ, Աշոտ, վաղը եղանակը կարող է ավելի վատանալ: Աշունն աշուն է՝ իր հարափոփող եղանակով: : Ուղղակի տանը սպասում են: Լավ, աոայժմ, թե չէ արդեն մթնում է:
– Ցեխ ձորում զգույշ կլինես: Հենց անունն ինչ ասես արժե:
– Այնտեղ, ընդհակառակը, ավելի հեշտ է անցնել` այնտեղով հաստատ փշերի մեջ չես սահի:
– Նման եղանակին՝ ուր ասես, կսահես, – ժպտաց Աշոտը:-Դե, ուրեմն, գյուղում զգույշ մնա:
Խոժոռ երկինքը ցածր կախվել էր գորշ երկրի վրա, ասես կարված էր սպասվող տեղատարափի արծաթե հաստ քուղերով: Մեքենան ընթանում էր, կամացուկ օրորվելով փոսերի վրա, որոնց մեջ լցված պղտոր մուգ ջուրը առջևի անիվների տակից ցայտում էր աջ ու ձախ: Ղեկը նրա ամրակուռ ձեռքերում ինքնաբերաբար ցնցվում էր, և Արսենը ստիպված այնպես էր սեղմում այն, որ մատների հոդերը ցավում էին: Մաքրիչները, թեև աշխատում էին ողջ բեռնվածությամբ, բայց գրեթե չէին օգնում. դիմապակին գեթ մի ակնթարթ պարզ չէր մնում. ջուրը օձի գալարուն շիթերով հոսում էր նրա վրայով:
Ծառայողական «Գազիկը», հեռահար լույսերը վառած, ուժերի գերլարումով, ասես զոռով հաղթահարելով առաձգական դիմադրությունը, մի կերպ ճեղքում էր թանձր, գորշասպիտակավուն մառախուղը:
« Իզուր չլսեցի Աշոտին», – բարձրաձայն արտաբերեց Արսենը, ինքն անգամ չլսելով իր ձայնը:
Տեղատարափը խելահեղ ուժգբությամբ թմբկահարում էր բրեզենտե տենտը:
Ահա և Ցեխ ձորը: Աշոտը ճիշտ դուրս եկավ, հեղեղը լեռնալանջերից քշել, համարյա ճանապարհը փակել էր կավահողի կեղտահոսքերով, այնպես որ Արսենը սկսեց իսկապես զղջալ, որ չէր մնացել ընկերոջ տանը գիշերելու: Մեքենան անվերջ սահում էր դեպի ճանապարհի եզրը, և Արսենը ստիպված էր ավելի շատ աշխատեցնել ղեկը և կցորդիչը, քան թե արգելակները, որոնք, թեև սարքին էին, բայց նման ճանապարհային պայմաններում դրանցից գրեթե օգուտ չկար. հույսդ կդնես դրանց վրա և, մեկ էլ տեսար, սահնակի նման սահեցիր դեպի անդունդի եզրը: Դրա համար էլ սիրտը ոչ միայն նվաղում, այլ ասես իջնում, հասնում էր ոտքերին …
Ի վերջո, փառք Աստծո, ամեն ինչ անցավ, զգուշորեն շրջանցելով ճանապարհի վտանգավոր մի հատված ևս, Արսենը դադրած կանգնեցրեց մեքենան և մի քանի րոպե նստեց փակ աչքերով` փորձելով ուշքի գալ:
Երբ իջավ դեպի Խաչենի հովիտը, անմիջապես թեթևություն զգաց, իսկ տեղատարափը գնալով թուլանում էր: Արսենը քաղց զգաց: «Քշե՞մ խորովածանոցի կողմը»,- ասես ինքն իր հետ խորհրդակցում էր, հետո փոխեց միտքը, շարունակեց ճանապարհը: Մտածեց, որ շատ է ուշ: Բացի այդ, տեղատարափն էլ վերստին կարող էր մոլեգնել, իսկ ճանապարհը, որը գյուղի մատույցներում տեղատարափից դեռ առավոտյան էր ցեխի մեջ կորած, հիմա երևի ընդհանրապես աներթևեկելի է դարձել, մի տեղ կլռվեմ, կմնամ… դե՛, նստիր ու սպասիր տրակտորի: Չէ, շտապել է պետք: Այնտեղ Ելենան, հավանաբար, վախից դեսուդեն է քայլում սենյակում. ինչ-որ տեղ ուշանալիս, նրան անպայման թվում է, թե գահավիժել, ընկել եմ որևէ անդունդ և հիմա ընկած եմ այնտեղ, արնաքամ եմ լինում և չկա մեկը, որ այդ օրհասական պահին օգնության հասնի… Ու սկսում է լաց լինել, իսկ որ իսկ՝ Կիկոսի մահը…
Գետն այնպես էր վարարել, որ ափերից դուրս գալով, տեղ-տեղ հեղեղել էր ճանապարհը: Հավանաբար, վերևներում անձրևը դարձյալ վարարել էր, անցավ մտքով, իրոք պետք է շտապել: Մառախուղն այժմ նկատելիորեն ցրվել էր: Բայց հանդիպակաց հատուկենտ մեքենաները նույնպես գնում էին վառված ցոլալապտերներով, նշանակում է` իրոք մթնել է, այլ ոչ թե միայն թվում է: Արսենը նայեց ժամացույցին. Վեցն անց կես էր, դեռ կարելի է հասցնել մինչև մութն ընկնելը: Տարվա այս ժամանակ օրրը շուտ է մթնում:
«Գազիկը» վերջապես դուրս եկավ կիրճի նեղ անտառահովտից և քառորդ ժամ չանցած մտավ գյուղ: Ծառերի միջև, սյուների վրա, վառվում էին խամրած լապտերները, որոնք հենց այդ սյուներն էին միայն լուսավորում, սյուներից մի քայլ այն կողմ ոչինչ չէր երևում: Նա հատեց ամայի փողոցը, որի մյուս ծայրին մենավոր կանգնած էր կարմիր կղմինդրե տանիքով սպիտակ ակումբը: Ճանապարհը սահուն կերպով շրջանցում էր այն:
Այն, ինչ տեղի ունեցավ հետո, Արսենը հետագայում հիշում էր ինչպես մղձավանջային երազի չկապակցված պատառիկներ… Նա արդեն շրջանցում էր գրասենյակը, երբ հանկարծ շենքի կտրվածքի հետևից, մեծ արագությամբ շրջադարձ կատարելով, դուրս թռավ կեղտաբծերով ծածկված մի «Մոսկվիչ», թե «Ժիգուլի»: Բախումից փախցնելով մեքենան ու աջ անիվով մխրճվելով նեղ, մեկուկեսմետրանոց հետիոտնային ուղին, Արսենը անմիջապես մեքենայի հովացուցիչի դիմաց ոտքից գլուխ ինչ-որ խոնավ բանի մեջ փաթաթված մի կերպարանք նկատեց (սկզբում կարծեց, թե սև գլխաշորի մեջ փաթաված պառավ է): Արդեն գիտենալով, որ ոչինչ չի օգնի, սեղմեց արգելակները, ղեկը պտտեց ձախ, և մեքենան քաշեքաշ գնաց, հետին խցանված անիվներով շարունակելով ակոսել ճանապարհի եզրը: Շարժիչը լռեց, բայց վայրկյան առաջ Արսենը լսեց կարճ ու սուր մի ճիչ… Խցիկից դուրս նետվեց դեպի առջևի անիվները և տեսավ խոնավ, կեղտի մեջ թաթախված անձրևանոցի մեջ փաթաթված մի մարմին: Դողացող ձեռքերով ճանկեց ոտքից ու քաշեց իր կողմը: Անձրևանոցը սահեց` բացելով դեմքը: Արյան բարակ շիթը, ցայտելով ձախ ականջից, հոսում էր ինչ-որ տեղ ծոծրակի տակ… Արսենը տեսավ լայն բացված, սարսափի արտահայտությունը դեռ պահպանած, բայց արդեն ապակիացող, սիրտ կեղեքող ծանոթ աչքեր…
Նա կանգնեց, բայց ոտքերը չպահեցին նրան: Ընկավ ծնկների վրա, ցանկացավ նորից ոտքի կանգնել և նորից ընկավ: Ակումբից մի քանի մարդ դուրս թափվեցին, որոնք այնտեղ շախմատ էին խաղում, վազելով եկան և գրասենյակից… Ինչ-որ մեկը փորձում էր բարձրացնել նրան, իրար ընդհատելով ձայնում էին մեկը մյուսին. «Տղան մեռա՜ծ է», «Վշտից չի կարողանում ոտքի կանգնել, ախր իր քրոջ տղան է…», «Ինչպե՞ս թե քրոջ տղան…», «Իսկ ինչո՞ւ էր քշել մայթի վրա», «Նա մեղավոր չէ, ուզում էր էդ սև «Մոսկիվիչից» փախցնել», «Դա ոչ թե «Մոսկվիչ» էր, այլ «Ժիգուլի», և ոչ թե սև, այլ գորշ, ինքս տեսա»: Մի զիլ կանացի ճիչ տարածվեց ամբոխի գվվոցի միջով, ճեղքելով այն, ինչպես թղթե վարագույր.
– Տղա՜ս, տղա՜ս…
Կրծքին ստացած ղեկի ծանր հարվածից հազիվ շնչելով` Արսենը մղվեց դեպի այդ ճիչը:
– Արփի՜կ: Ես չե՛մ տեսել: Ոչի՛նչ չեմ տեսել:
Նա զգաց, թե ինչպես իր ուսը, ասես աքցանով, ճզմեցին ինչ-որ մեկի մատները:
– Վե՛ր կաց, Արսեն…
Գաբրիել Բալայանի զորեղ ձեռքը բարձրացրեց նրան, ոտքի կանգնեցրեց:
– Գնանք: Գնանք այստեղից:
Ամբոխը ճեղքելով` նրանց մոտեցավ թաղային Գավրոշը:
– Ընկեր Բալայան, տարեք նրան ինձ մոտ, ես այստեղ կմնամ, շուտով ԳԱԻ-ից կգան, հիվանդանոցից նույնպես, ես արդեն զանգահարել եմ: Թող այնտեղ ուշքի գա: Ահա բանալիները:
– Գնանք, – ասաց Գաբրիել Հարությունովիչը:
Արսենը գնաց, սայթաքելով ու քարշ տալով չենթարկվող ոտքերը, ինչպես կաթվածահար, ձեռքով ողջ երեսով մեկ տարածելով արյունը, որը հոսում էր պատռված այտից:
Թաղայինին հատկացված սենյակը ակումբից հեռու չէր: Գաբրիել Հարությունովիչը բաց արեց դուռը, նրանք մտան նամշահոտ կիսամութ շինության ներսը: Ջրամանը լցված, դրված էր սեղանին:
– Գրաֆինը վերցրու, լվացիր երեսդ: Ամբողջովին արյան մեջ կորած ես: Երևի գլխով կպել ես ղեկին: Դե, ի՞նչ ես կանգնել: Ուշքդ հավաքիր, Արսեն, լվացվիր, հետո ես տեսնեմ, գուցե Գավրուշի մոտ յոդ գտնվի, վերքը յոդով մաքրեմ: Ոնց որ թե խորն է:
Արսենը բթացած նայում էր, չհասկանալով, թե ինչ են իրենից ուզում: Ապա շրջվեց սովխոզի տնօրենի կողմը և հույսով լի ձայնով հարցրեց.
– Գուցե սա երա՞զ է:
Գաբրիել Հարությունովիչը մոտեցավ, կախիչից վերցրեց սրբիչը, թրջեց ջրամանի ջրով, մաքրեց Արսենի երեսից արյունն ու ցեխը, հետո նստեցրեց աթոռին, մի ծխախոտ վառեց և տուփը մեկնեց Արսենին:
– Ծխի՛ր, սա քեզ կհանգստացնի, իսկ ես յոդ փնտրեմ Գավրուշի արկղներում:- Իզուր՝ ոչ մի տեղ յոդ չկար:
Դողացող մատներով Արսենը մի գլանակ դուրս քաշեց տուփից, բայց ծխել չհասցրեց, նրա կոկորդում տենդագին ծակոցներ առաջացան, իսկ հետո, ինչ-որ տարօրինակ, խեղդված լացը վնգստացող հեծկլտոց ցնցեց նրա ողջ մարմինը:
– Գրիշկա՜… սիրելի Գրիշկա… Ի՞նչ է հիմա կատարվում Արփիկի հետ…
Մի քանի րոպե անց, երբ Արսենը մի փոքր հանգստացավ, Գաբրիել Հարությունովիչը հարցրեց.
– Դա ի՞նչ «Մոսկվիչ» է եղել:
– Չգիտեմ:
– Համարը չտեսա՞ր:
– Չէ, կեղտով էր ծածկված:
– Ի՞նչ գույնի էր:
– Չգիտեմ, կամ գորշ էր, կամ սև: Ավելի շուտ, գորշ… Ասենք, ի՜նչ տարբերություն, – հոգնած թափ տվեց նա ձեռքը: – Գրիշկան այլևս չկա…
– Նրան այլևս չես վերադարձնի… մտածիր քո մասին:
– Իմը պրծած է արդեն, մտածելու բան չկա:
– Հիմար բաներ մի՛ խոսիր, ավելի լավ է` փորձիր հիշել, ինչ գույնի էր «Մոսկվիչը»:
Արսենը չհասցրեց պատասխանել, երբ դուռը բացվեց, և ներս մտավ Գավրոշը, նրա հետևից` միլիցիոների համազգեստով երկու հոգի և քաղաքացիական համազգեստով ևս մեկը` լուսանկարչական ապարատով: Նրանց անմիջապես իրենցով լցրեցին թաղայինի առանց այդ էլ նեղ տարածքը: Աղմուկով, խշխշացնելով անջրանցիկ թիկնոցները, ձեռքով ողջունեցին նախ Գաբրիելին, ապա Արսենին:
– Ա՜յ թե եղանակ է, – ասաց նրանցից մեկը, – նորից անձրև է թափում:
Շրջանային ԳԱԻ-ի պետը` Պավլիկ Բաղունցը, որը պնդակազմ, կապուտաչյա, վարդագույն այտերով տղամարդ էր կապիտանական ուսադիրներով, շնչահեղձ լինելով և կարմիր ձեռքերը շփելով, նստեց աթոռին, որը նրա տակ ճռճռաց, և կարեկցանքով նայեց Արսենին:
– Զարմի՞կդ է ուրեմն:
– Քրոջ որդին, – Արսենի փոխարեն պատասխանեց Գավրոշը:
– Հը՜մ, դե ինչ ասես նման պայմաններում, այստեղ, թերևս, ասելիք չկա, – հոգոց հանեց Բաղունցը: – Ինչ արած, դառնանք գործին: Այնտեղ, դրսի մարղկանց մեջ, ինչ-որ «Մոսկվիչի» մասին էին խոսում, բայց ոչ մեկը չկարողացավ ո՛չ համարն ասել, ո՛չ էլ գույնը: Որտեղի՞ց նա հայտնվեց: Ես արդեն մերոնցից երկուսին ուղարկել եմ ճանապարհներով, տեսնենք, թե ինչ կասեն:
– Նա դուրս թռավ ակումբի անկյունից, – ասաց Արսենը` չկարողանալով ձերբազատվել ողջ մարմինը ցնցող դողից:
– Եվ հետո՞, քեզ խանգարո՞ւմ էր: Թող անցներ գնար:
– Չէր լինի, – ասաց Արսենը: – Նա դուրս պրծավ հանկարծակի և հայտնվեց ուղիղ իմ առաջ: Եթե ես դեպի աջ չթեքվեի, կբախվեինք:
– Հասկանալի է, դու վերցրել ես դեպի աջ և մտել նեղ ուղին: Իսկ երեխա՞ն որտեղից հայտնվեց:
– Նա էլ հայտնվեց անկյունից… Դրա ցոլալապտերները չէին վառվում:
– Ստացվում է, եթե «Մոսկվիչը» չլիներ, ոչինչ էլ չէ՞ր պատահի:
-Չէ՞ր պատահի:
— Դու ոչ մի նշան չե՞ս նկատել: Ո՞վ էր ղեկին` երիտասա՞րդ էր, թե ծեր:
– Ոնց որ երիտասարդ էր…
– Ոնց ո՞ր, թե՞ հաստատ երիտասարդ էր: Հիշի՛ր, դա քո շահերից է բխում:
– Ես հիմա թքած ունեմ իմ շահերի վրա, – կտրուկ, արդեն հաղթահարելով դողը, ընդհատեց Արսենը:
Բաղունցը ըմբռնողաբար ժպտաց.
– Սկզբում բոլորն էլ այդպես են ասում: Դե լավ… այդ մասին հետո, իսկ հիմա անհրաժեշտ է գնալ:
Բոլորը վեր կացան, Բալայանը հայացքը փախցրեց:
– Ես կգամ էնտեղ, – ասաց նա:
Արսենը չհարցրեց՝ «Ո՞ւր»: Առանց այդ էլ պարզ էր, թե ուր… Միլիցիոներներից մեկը՝ բարձրահասակ բեղավոր մի սերժանտ, նրանց առաջ բացեց դուռը: Ահագնացած տեղատարափը ջրի հաստ երակներով թափվում էր ոստիկանական մեքենայի փակ կողերին: Կապիտանը նստեց վարորդի կողքին, ձգվեց, որ փակի դուռը, բայց այդ պահին մոտակայքում դղրդաց ու կանգ առավ ուղևորասայլակով մոտոցիկլետը: Ուղևորասայլակից դուրս ցատկեց Ելենան և մղվեց դեպի մեքենան: Եվ ինչպես հանկարծակի կրակոց` մի բարձր ճիչ հորդեց փակ մեքենայի ներսը.
– Արսե-ե՜-են:
Բոլորը ցնցվեցին, կապիտանը շուռ եկավ, ասես ատամի ցավից կնճռոտված:
– Ո՞վ է:
– Կինն է, – պատասխանեց մեքենայի կողքին կանգնած Գավրոշը:
– Ա՜… – կապիտանը շրջվեց Արսենի կողմը: – Դուրս արի, հանգստացրու նրան: Միայն թե արագ:
Արսենը կռանալով, որպեսզի գլխով չդիպչի մետաղական վերնածածկին, դուրս եկավ: Ելենան լացով այնպես կախվեց նրա պարանոցից, որ քիչ էր մնում ցած գլորեր, ապա սկսեց անսովոր տենդագին ձայնով թոթովել.
– Դու մեղավոր չես, ճի՞շտ է: Դու մեղավոր չես… Ես գիտեմ, մեղավոր չես ինձ ասացին… հայրիկն ու մայրիկն այնտեղ գլուխները կորցրել են: Դու ոչ մի մեղք չունես, քեզ պետք է բաց թողնեն:
Արսենը, զսպելով հոգուց դուրս հորդող հառաչանքը, ուժով պոկեց իրենից նրա ձեռքերը:
– Ինչեր ես ասում` մեղավո՜ր եմ, մեղավո՜ր չեմ… Գրիշկան չկա, նա զոհվեց իմ մեքենայի անիվների տակ…
– Ո՜չ,- ընդոստ թափահարելով գլուխը ասաց նա:-Նա չի զոհվել, ո՜ղջ է, նա ո՜ղջ, ծանր վիճակում է, բայց ո՜ղջ է, նրան հիվանդանոց են ընդունել, մեզ զանգահարել են:
– Նա մահացել է… ձեզ ճիշտը չեն ասել, նա տեղում մահացել է…
Ելենան սպիտակեց:
– Ինչպե՞ս թե մահացել է… Մեզ զանգահարել են…
Նրա ոտքերը թուլացան և, որպեսզի չընկնի, նրան միաժամանակ բռնեցին Գաբրիել Հարությունովիչը և Ռուբեն Գրիգորյանը:
– Նրանք, ի՞նչ է, նո՞ր են ամուսնացել, – հարցրեց կապիտանը:
– Չորս ամիս էլ չկա, – պատասխանեց Գավրոշը:
Կապիտանը, ասես ցավի սրացումից, նորից կնճռոտվեց:
– Այո, բախտները չբերեց, – մտասույզ ասաց նա: – Ես ոչինչ չէի խնայի՝ միայն թե գտնեի այդ «Մոսկվիչի» տիրոջը… Թե նրան չգտնենք՝ ամենաքիչը վեզ տարի կնստի…
– Բայց «Մոսկվիչ» եղե՞լ է ընդհանրապես, – կասկածեց ոստիկանական մեքենայի վարորդը: – Գուցե «Վոլգա» է եղել կամ «Ժիգուլի»: Այդ անիծյալ եղանակին արի ճիշտն իմացիր:
Կապիտանը նայեց ժամացույցին:
– Լավ, կանչեք նրան: Գնալու ժամանակն է: Գավրուշ, դու առայժմ մնա տեղում, ես տղերքին կարգադրել եմ, թե հանկարծ որևէ նորություն եղավ՝ արագ զանգում ես: Կանչեք տղային:
Գավրոշը մոտեցավ Արսենին, դիպավ նրա թևին.
– Քեզ սպասում են, Արսեն:
– Հա՛… Լա՛վ, Լենա, ների՛ր… ներիր ինձ…
– Ինչի՞ համար ներեմ, դժբա՛խտս, ասա, ինչի՞ համար,- գլուխը թափահարելով, որից ցորնաթույր մազերը շաղ էին գալիս ուսերին, դառնակսկիծ հեցկլտալով կրկնում էր Ելենան: -Սիրելի՛ս, հարազա՛տս, ինչի համար ներեմ…
– Ամեն ինչի համար, Լենա, ամեն ինչի ներիր…
Արսենը շրջվեց և կռանալով խցկվեց մեքենան: Մետաղական դուռը նրանից հետո ծածկվեց` խլացնելով բոլոր արտաքին ձայները: Մնաց միայն անձրևի խուլ թմբկահարումը՝ մեքենայի տանիքին:
ԳԼՈՒԽ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ
Դատը կայացավ մեկ ամսից, մինչ այդ որոնում էին «Մոսկվիչը» կամ «Ժիգուլին», որի պատճառով տեղի էր ունեցել դժբախտությունը, սակայն այդպես էլ չգտնվեց, ասես գետնի տակ անցած լիներ: Դահլիճում ներկաները քիչ էին. շուրջ երկու տասնյակ մարդ, ոչ ավելի: Արսենը խնդրել էր, որ կանանցից ոչ մեկը ներկա չլինի դատավարությանը, ուստի Ելենան, որ եկել էլ՝ հակառակ արգելքին, նստել էր միջին շարքերում, որպեսզի, երբ Արսենին բերեն, նա իրեն անմիջապես չնկատի, իսկ երբ նկատի, Ելենան կարող է զսպել իր հուզմունքը: Նրա աջ կողմում նստել էր սովխոզի զոոտեխնիկ Արմենը` մտահոգ մերսելով դեմքի սպին, ավելի այն կողմ` Գաբրիել Բալայանը և Ռուբեն Գրիգորյանը, որոնք կիսաձայն ինչ-որ բան էին խոսում: Ելենայից ձախ նստել էին Մուշեղը և Միսաքը, երկուսն էլ, որպես սգո նշան՝ խիստ մազակալած դեմքերով:
Գրիշկային հուղարկավորել էին դժբախտ դեպքից երկու օր անց: Ելենան այնտեղ չէր եղել, մտածել էր, որ իր ներկայությունը, ոմանց շնորհիվ, ինչ-որ անհաճո տեսարանի կարող էր վերածվել, ուստի մնացել էր տանը: Բայց հաջորդ օրը այնուամենայնիվ համարձակվեց գնալ Արփիկի մոտ: Եվ Արփիկը՝ ամբողջովին սևազգեստ, նիհարած, բայց ինքնատիրապետումը չկորցրած, ասաց. «Ամեն անգամ նա քեզ մոտ էր գալիս, ինչպես հարսանիքի, ինչպե՞ս կարողացար չգալ և հրաժեշտ չտալ նրան: Նա էլ քեզ չի տեսնի այլևս, իսկ դու էլ` նրան…» Ելենան քարացավ այդ խոսքերից, լեզուն կապ ընկավ, վարար արցունքներն էին միայն թափվում աչքերից: «Արփի՜կ… Արփի՜կ…» – կարողացավ միայն արտաբերել Ելենան և, անկարող զսպելու իրեն, դառնորեն լաց եղավ…
Երբ Արսենին բերեցին դատարանի դահլիճ և նստեցրին նստարանին, որը արգելափակված էր փայտե պատնեշով, Ելենան միանգամից չճանաչեց նրան: Գլուխը լրիվ սափրված էր, և դա այնքան անսովոր էր, որ առաջին իսկ պահից շփոթեցրեց, ինչ-որ կերպ թուլացնելով հանդիպման դրամատիզմի սրությունը, որին Ելենան պատրաստվել էր:
Դատավոր Ռոմա Հարությունյանը, որն արդեն ծանրամարմին, իր կյանքում ամեն բան տեսած, այտուցված դեմքով և շականագույն աչքերի խորաթափանց հայացքով մարդ էր, հևալով կարդաց դատական վճիռը, ապա, ինչպես կարգն էր, հարցրեց Արսենին` ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է:
– Այո, ճանաչում եմ, – պատասխանեց Արսենը:
Դատավորը նրա գործի միջից հանեց մի թուղթ:
– Այստեղ ձեր հայտարարությունն է այն մասին, որ դուք հրաժարվում եք դատապաշտպանից:
Մուշեղը կտրուկ նայեց Ելենային.
– Նա հրաժարվե՞լ է փաստաբանից:
– Չգիտեմ… – շփթված արտաբերեց Ելենան:
– Բայց ինչի՞ համար… – ծամածռեց երեսը Մուշեղը:
Դատավորը ծամծմեց շրթունքները և կրկնեց հարցը.
– Մեղադրյալ, բացատրեք, ինչո՞ւ եք հրաժարվում պաշտպանությունից:
– Պետք չէ ինձ, – խուլ պատասխանեց Արսենը:
– Պատասխանեք, խնդրում եմ, ըստ էության:
– Ես հենց պատասխանում եմ ըստ էության: Իմ պատճառով մահացել է իմ հարազատ քրոջ որդին: Այդքանից հետո ես ինչի՞ համար փնտրեմ ինչ-որ մեկի պաշտպանությունը: Դա հակաբնական կլինի: Հետո ինչպե՞ս եմ նայելու մարդկանց աչքերի մեջ:
Դատավորը խորհրդակցեց իրենից աջ և ձախ նստած ատենակալների հետ և անցավ բուն գործին:
Չնայած այն բանին, որ նախաքննությունը նորից դեմ էր առել այդ չարաբաստիկ «Մոսկվիչին» (կամ «Ժիգուլիին»), ի հայտ եկած կասկածանքները, կապված այդ մեքենայի հետ, ինչպես որ սահմանված էր օրենքով, լուծվեցին Արսենի օգտին, և դատարանը նրան դատապարտեց ոչ թե վեց կամ յոթ, ինչպես կարծում էին շատերը, այլ չորս տարվա ազատազրկման` վճռի բողոքարկման իրավունքով:
Նախքան կալանավորելը նրան թույլատրեցին հրաժեշտ տալ հարազատներին: Ժամանակը քիչ էր հատկացված, ուստի Միսաքը միայն գրկեց նրան, ինչ-որ բան մրմնջաց և հեռացավ` թաշկինակը սեղմելով աչքերին: Մուշեղը մատները մեղմորեն հպեց Արսենի այտի՝ դեռևս չսպիացած վերքին, խռպոտ ձայնով ասաց.
– Երևի հարվածից է… – նա հուսահատությամբ թափ տվեց ձեռքը: – Դե՛, լավ, ի՜նչ արած…
Արսենը տրտմալից նայեց նրան.
– Ահա և մենք թշնամիներ դարձանք:
Մուշեղը ղժկամ օրորեց գլուխը.
– Հիմար բաներ մի ասա:
Զոոտեխնիկ Արմենն ու Ռուբեն Գրիգորյանը սահմանափակվեցին ամուր ձեռքսեղմումով: Անմիջապես անհետացան, հասկանալով, որ Ելենան սպասում է, մինչ բոլորը կհեռանան, որպեսզի ավելի երկար մնա ամուսնու հետ, թեկուզ և միլիցիոների հսկողության տակ: Ելենան մոտեցավ, համբուրեց նրա չսափրած այտը, փորձեց ժպտալ, բայց իսկույն թողեց այդ ապարդյուն փորձը, զգալով, որ ժպիտի փոխարեն ինչ-որ վշտալի ծամածռություն կստացվի:
– Ինչի՞ն ես նայում, – հարցրեց Արսենը:
– Քո գլխին… Ես երբեք քեզ այդպես չեմ տեսել` առանց մազերի:
– Ոչինչ, մազերը կաճեն…
– Ե՞րբ կաճեն…
– Չգիտեմ…Աստվա՜ծ իմ… այս ինչի՞ մասին ենք մենք խոսում:
Արսենը նայում էր մի երկու շաբթվա ընթացքում երկարած իր եղունգներին:
– Ինչպե՞ս ես ապրում, Լենա:
– Ոչինչ, հարազատս, ապրում եմ… Շատ լավ: Ուրիշ էլ ինչպե՞ս պիտի ես ապրեմ:
– Թաղմանը եղե՞լ ես:
– Այո, – պատասխանեց նա` համարձակ նայելով ամուսնու աչքերի մեջ: – Հաջորդ օրն էլ եմ գնացել: Արփիկի հետ միասին գնացել ենք գերեզման… Ես էլի կգնամ…
– Ապրես, – ասաց Արսենը: – Ես քեզ շատ եմ սիրում:
– Ըհը՛… ես էլ…
Արսենը շարունակում էր նայել իր եղունգներին:
– Բոլոր մտադրությունները, բոլոր ծրագրերը, բոլորը, ինչ արված էր, բոլորը, ինչ պետք է արվեր, ամբողջը…
– Պետք չէ, սիրելիս, սա հո վե՞րջը չէ:
– Չորս տարի, – ասաց նա: – Դա շատ է, չէ՞: Մի՛ նայիր ինձ այդպես:
– Ես չեմ նայում, քաղցրս…
– Դու չպետք է այստեղ մնաս…
– Ես հիմա կգնամ, բոլորս կգնանք:
– Չէ, ես այդ չեմ ասում, Լենա… Ուրիշ բանի մասին եմ ասում…
– Ինչի՞ մասին, – հարցրեց նա, արդեն կռահելով, թե նա ինչ նկատի ունի: – Ինչի՞ մասին:
Հանկարծակի առաջացած խանդի զգացման և ինչ-որ տարօրինակ անծանոթ զգացողության պատճառով, շնչահեղձ լինելով իր իսկ վայրի մտքերից, նա հազիվ կարողացավ արտաբերել.
– Քեզ համար այստեղ դժվար կլինի: Գնա ձերոնց մոտ, մնա այնտեղ:
– Հետո՞:
– Մի՛ նայիր ինձ այդպես…
– Հետո՞, – ձայնը փոքր-ինչ բարձրացրեց Ելենան:
– Այնտեղ ավելի հանգիստ կլինես:
– Իհարկե: Ես դա գիտեմ: Դե՛, իսկ հետո՞:
– Իսկ հետո, երբ ես ազատվեմ… կգամ… և եթե… դե, եթե… ոչինչ փոխված չլինի…
– Փոխված կլինի, – ասաց Ելենան, – ես այնտեղ անմիջապես կպսակվեմ այդ Վիտյա Սաֆրոնովի հետ… Իսկ հիմա… ձեռքիս տակ մի բան լիներ, գլխովդ կտայի…
– Տո՛ւր, Լենա, – ասաց Արսենը, – հենց այստեղ, բոլորի աչքի առաջ: Դու ինձ հետ մի կարգին օր չես տեսել: Դե՛, տո՛ւր:
Արցունքներով լի աչքերով նա միայն արտաբերեց.
– Ինչի մասի՞ն ես խոսում, սիրելի՜ս… սարսափելի է սպասումը, ես ինձ կվարժեմ այն մտքին, որ դու ինձ հետ ես, երբ ինձ հետ չես լինի: Հիշիր դա…
– Այդպես ինձ համար էլ հանգիստ կլիներ,- այնամենայնիվ արտասանեցԱրսենը:
– Իհարկե, կգնամ: Տոմսն արդեն գրպանումս է:
Միլիցիոները մոտեցավ Արսենին և, ձեռքը դիպցնելով նրա ուսին, փոքր-ինչ մեղավոր տոնով ասաց.
– Ժամանակն է…
Ելենան գունատվեց:
– Արդե՞ն…
– Պի՛նդ մնա, Ելենա… – ասաց Արսենը:
Ելենան հապշտապ նետվեց դեպի ամուսինը, ձեռքերի մեջ առավ՝ այրելով պարանոցն իր շնչառության ջերմությամբ, ու լացախառն ինչ-որ անհասկանալի բաներ էր կմկմում անընդհատ, որ հետագայում ոչ մի կերպ մտաբերել չէր կարողանում:
Արսենը մեղմությամբ պոկեց նրան իրենից և մոտեցավ ավտոմեքենայի կողային դռանը` նետելով միլիցիոներին.
– Գնացինք:
Ելենան դանդաղորեն սահեց նստարանին, որն ինչ-որ տարեց կին քարշ տվեց այդտեղ, ապա նստեցնելով նրան` վազեց փողոցում սպասողներից որևէ մեկին կանչելու: Բայց այդ պահին սովխոզի տնօրեն Գաբրիել Բալայանը արդեն մտնում էր դատարկ դահլիճ:
ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ
Ելենան չմեկնեց հարազատների մոտ: Նույնիսկ չհայտնեց նրանց ամուսնու ձերբակալության մասին: Գիտեր, որ թեկուզ մի չնչին բառով ակնարկեր իր գլխին եկած դժբախտության մասին, հաջորդ օրն իսկ հայրը, մայրը, Դիման կժամանեին և թեկուզ զոռով, բայց կտանեին իրեն այստեղից: «Քանի ամուսինդ նստած է, աղջիկս, ապրիր հորդ տանը, իսկ հետո, ինչպես Աստված կտա, լավ է, որ երեխաներ չունեք, ոչինչ ձեզ չի կապում, օրենքն էլ քո կողմն է…»:
Պատահական չէ, որ Ելենան հենց այդ խոսքերն էր պատկերացնում հոր ու մոր շուրթերին՝ նրանց հետ իր երևակայական խոսակցության ժամանակ: Մի անգամ նա արդեն լսել էր դրանք սովխոզի տնօրենից: Դա ուղիղ երկու ամիս առաջ էր, երբ դատից հետո նրանք շրջկենտրոնից վերադառնում էին տուն: Ընթանում էին տնօրենի «Ուազիկով»: Ելենան նստել էր առջևում, տնօրենի կողքին, քարացած նայում էր առջևում վազող ճանապարհին, որի եզրին իր վերջին օրերն էր ապրում թոշնած խոտը:
Ինչ-որ բեռնատար, իր հետևից դեղին փոշու ամպ բարձրացնելով, դղրդոցով սլացավ կողքով: Գաբրիելը դժգոհ տարուբերեց գլուխը, ավելացրեց արագությունը, որպեսզի դուրս գա այդ ամպափոշուց: Երբ փոշին քչացավ, կրկին նվազեցրեց արագությունը. նա չէր սիրում արագ ընթանալ առանց որևէ անհրաժեշտության: Նայեց Ելենային. նա հանգիստ ու անտարբեր, ասես ամեն ինչից անջատված, դիտում էր ճանապարհը:
– Ինչպե՞ս ես մտադիր շարունակել կյանքդ, Ելենա, – հարցրեց նա:
Ելենան դանդաղորեն երեսը շրջեց նրա կողմը, հոնքերը բարձրացրեց, ասես ջանք գործադրելով հասկանալու համար հարցը:
– Ծնողներիդ արդեն գրե՞լ ես ամեն ինչի մասին:
– Ծնողների՞ս: Չէ՛, չեմ գրել: Իսկ ի՞նչ է:
– Ոչինչ, հենց այնպես…
– Ձեր կարծիքով, ես անմիջապես պետք է գրե՞մ նրանց:
Տնօրենը պատասխանեց ոչ անմիջապես, անշտապ ավելացնելով արագությունը, որպեսզի հեշտ հաղթահարի կտրուկ վերելքը, ապա չգիտես ինչու նայեց իր ձեռքի ոսկեպատյան ժամացույցին:
– Հասկանո՞ւմ ես, Ելենա, քեզ շատ դժվար կլինի ծերուկների հետ, ես դա արդեն նկատել եմ: Հետո ավելի բարդ կլինի:
– Եվ ի՞նչ: Ի՞նք խորհուրդ եք տալիս, Գաբրիել Հարությունովիչ:
– Գիտե՞ս ինչ, Արսենը այդ չորս տարին լրիվությամբ այնտեղ չի մնա: Դե՛, կմնա երկու, ծայրահեղ դեպքում` երեք տարի… Ես վստահ եմ, քեզ ոչ ոք չի մեղադրի, եթե այդ ժամանակամիջոցը անցկացնես ձերոնց մոտ, հանգստանաս այնտեղ, սթափվես…
– Այսօր այդ մասին ինձ Արսենն ասաց: Երբ մենք հրաժեշտ էինք տալիս, – ընդհատեց Ելենան:
– Գլխի եմ ընկնում, – ասաց տնօրենը, – հակառակ դեպքում, այս խոսակցությունը չէի բացի: Արսենը դա կարող էր ասել ազնվության բնական զգացումից: Դե ասելը կարող էր, բայց հոգու խորքում կարող էր և վախենալ, որ դու հենց այդպես էլ կվարվես…
Տնօրենը լռեց, զգալով, որ ինքն էլ է խճճվել: Նա որոշեց այլևս չշարունակել այդ խոսակցությունը, որը հանկարծակի ստացվեց այդքան դժվար: Նա անթարթ նայում էր ճանապարհին, թեպետ առջևում ոչ ոլորան կար, ոչ խոտոր տեղ՝ շուրջ երկու կիլոմետր տարածության վրա, լրիվ ազատ էր: Նա մտածում էր այն մասին, որ, ըստ էության, արդեն ասել է այն ամենը, ինչ ուզում էր ասել, և Ելենան հասկացել է իրեն:
Երբ հեռվում երևացին առաջին տները, ձուլված լեռան երկու լանջին, տնօրենը չդիմացավ և աչքի տակով մի ակնթարթ նայեց Ելենային այնպես, որ նա չնկատի իր հայացքը, և զարմացավ:
Ելենան հազիվ նկատելի ժպտում էր շրթունքների եզրերով` նայելով մոտեցող գյուղին: Եվ անսպասելիորեն գլուխը աջուձախ էր տարուբերում` ասես մտովի ինչ-որ բան հերքելով: Այդ շարժումն ակամա էր, չնախատեսված կողմնակի աչքի համար: Գուցե և հենց այդ պատճառով էլ թվաց ավելի քան պերճախոս: Ելենան չէր էլ ենթադրում իր գլխի աննկատելի շարժման մասին, դրա համար էլ չգիտեր, որ տնօրենը նկատել է: Բայց հիշելով, որ ոչինչ չի պատասխանել Բալայանին, իսկ նա հավանորեն սպասում էր իրեն, ասաց.
– Բայց չէ՞ որ ինքս եմ ինքնակամ ընտրել այս ճակատագիրը: Ուրեմն ինքս էլ պարտավոր եմ կրել իմ խաչը:
Տնօրենը լուռ ափը դրեց նրա ձեռքի վրա և թեթևակի սեղմեց:
Իսկ ճակատագիրն իսկապես հեշտ չէր: Եվ բանն այն չէր, որ ամուսնու հարազատները դժբախտությունից հետո սկսել էին վատ վերաբերվել Ելենային. նրան թվում էր, որ նույնիսկ Արսենի հայրն է սկսել սառը նայել, և Ելենան արդեն չէր կարող անհրաժեշտության դեպքում դիմել նրա օգնությանը: Մեկ-երկու անգամ նա փորձեց անել դա, բայց ծերունին սրտնեղած հեռու պահեց իրեն: Կամ գուցե այդպես թվաց: Ամեն ինչ նրա մեջ այնպես չէր, ամեն ինչ վատ էր. և՛ հագնում էր նա ոչ այնպես, և՛ խոսում էր ոչ այնպես, և՛ ծիծաղում էր ոչ այնպես, և՛ լռում էր ոչ այնպես, և՛ լվանում էր, և՛ արդուկում էր, և՛ մաքրում ու պատրաստում էր, բայց ամեն ինչ ո՛չ այնպես, ինչպես կուզենային Արսենի հարազատները: Հիմա այն անձրևոտ օրը տեղի ունեցած դժբախտության պատճառ էին համարում նրան ոչ միայն հարազատները, այլև շատ գյուղացիներ, քանի որ բոլորն արդեն գիտեին, որ երեխան շատ կապված էր Ելենայի հետ, և այդ օրը գնում էր նրա մոտ: Անուշի թեթև ձեռքով ողջ գյուղով մեկ տարածվեց «կախարդել է» դաժան հասկացողությունը: Ընդհանրապես այդ խոսքին գյուղացիներից շատերը ծաղրանքով էին վերաբերվում, բայց սա հատուկ դեպք էր: Այստեղ կախարդանքը հստակ էր, այլապես ինչո՞ւ պետք է տղան նման եղանակին ճանապարհ ընկներ, ինչպես հավատացնում են, ռուսերեն պարապելու համար (ուրիշ երեխաներ այդ օրը նույնիսկ դպրոց չէին գնացել): Հիմարին էլ հասկանալի էր, որ այստեղ առանց կախարդանքի կամ մի ուրիշ սատանայության չէր լինի: Անուշը ժամանակին կոլխոզ է ղեկավարել, գյուղխորհրդի նախագահ է եղել, անխելք չի, ամեն դեպքում, ինչ ուզում ես ասա, երբ զգուշացնում էր, ուրեմն իրավացի է, որ ասում է, թե աղջիկը մի դժբախտություն կբերի քրոջ զավակի գլխին: Հիշեցին և կարկուտը, որը ջարդել էր գյուղացիների տնամերձ բանջարանոցները, բայց ձեռք չէր տվել սովխոզի դաշտերին (նունիսկ հակակարկտային կայանները չէին խափանվել): Հիշեցին և այն մասին, որ նույնիսկ ամենակատաղի շները, Ելենային տեսնելիս, դառնում էին հնազանդ: Բոլորին հայտնի դեպքը՝ կապված Միսաքի գելխեղդ շան հետ՝ նրանց բակում, որին հնազանդեցրել էր Ելենան, և այն խոսակցությունը, թե բոլոր շներն ու կատուները սիրում են նրան, քանի որ նա կախարդ է, այժմ ստացել էր մի ուրիշ, առավել հստակ նշանակություն, հուսալիորեն խաբվելով տրամաբանությամբ, թեև առողջ դատողությունը կարող էր հերքել ողջ տրամաբանությունը, ինչպես կավե ամանն է ջարդվում՝ բետոնե պատին հարվածելիս: Այդ տրամաբանությունը սարսափելիորեն պարզ էր. ապրում էին չորս հարգված մարդ, ապրում էին համերաշխ ընտանիքով, ո՛չ մեկին չէին նեղացնում, և ո՛չ մեկն էլ նրանց չէր նեղացնում: Բայց ահա այդ ընտանիք է մտնում մի նոր մարդ, և ամեն ինչ թարսվում է, դժբախտությունը դժբախտության հետևից է թափվում այդ մարդկանց գլխին, վիշտը վշտի հետևից, վեճեր, աղմուկ, անպատիվ խոսքեր… Ուրեմն, մենք ամենևին էլ մեղք գարծած չենք լինի, եթե ասենք, որ Ելենան այնքան էլ լավը չի, այսինքն, գուցե և շատ լավն է, բայց ախր հենց նրա գալով էր, համարյա նրա հայտնության առաջին օրերից էր, որ այս համերաշխ ընտանիքում ամեն ինչ խառնվեց իրար: Ուրիշի ընտանիքը հեռվից նույնպիսի մութ գաղտնիք է, ինչ ուրիշի հոգին. ինչ գտնվում է մակերևույթին՝ այդ մասին էլ խոսում ենք, իսկ ինչ ներսում է տեղի ունենում՝ ոչ ոք չգիտի, ոչինչ չես տեսնի…
Ստացվել էր այնպես, որ Ելենան հայտնվել էր իր շուրջն ապրող հարյուրավոր մարդկանց ուշադրության կենտրոնում: Եվ նրա ամեն քայլը, ամեն արարքը, նույնիսկ շարժումը` խիստ քննության էր արժանանում, բնականաբար, առավել հաճախ կողմնապահորեն, այսինքն` մեկնաբանվում էր ինչպես հարմար էր` ծուռումուռ, թարսուշիտակ: Օրինակ, ինչո՞ւ նա քիչ առաջ ծիծաղեց: Ամուսնուն դատել են չորս տարով, իսկ նա` հեչ, նույնիսկ ուրախ է: Կամ ինչպե՞ս է համարձակվում ժպտալ, ա՛յ, այն տղայի հետ խոսելիս: Դե հո հենց այնպես չէ՞: Իսկ երեկ ուշ է վերադարձել տուն: Ինչո՞ւ: Իսկ երեկ չէ նախորդ օրը այսինչի մեքենայով գնացել է շրջկենտրոն, իսկ ճանապարհը կարճ չէ` քսանհինգ կիլոմետր գնալն է, քսանհինգ էլ գալը, և ամբողջը անտառով, գետի երկայնքով, լի ամեն տեսակի քչքչան աղբյուրներով ու ստվերոտ տեղերով, որոնք քողարկում են կողմնակի աչքից… Երիտասարդ, սիրունիկ, ժպիտն աչքերում («գիտենք մենք այդ ժպիտները»), երեսին ամեն տեսակի ներկ ու դիմափոշի («գիտենք մենք ով և ինչի համար է դրանցից օգտվում»), ամուսինը հեռու է, երեխաներ չկան, իսկ ծնողները աշխարհի ծերին են, այնտեղից չեն տեսնում, թե իրենց աղջիկն ինչեր է անում այստեղ, իսկ նրան էլ հենց դա է պետք, այդ ազատությունը: Հիմա հասկանալի է, թե ինչու նա հրաժարվեց գնալ իր հարազատների մոտ…
Օ՜, գիտեի՜ն, գիտեի՜ն ամեն բան այս մարդիկ: Եվ ընդ որում, այդ ամենը մտածելիս, ասելիս, նրանք անպայման ելնում էին կյանքի իրենց փորձից, ալեհեր տարիքից, իրենց կամ ուրիշների հետ պատահածից և այլ անհերքելի փաստերից, և փորձել հակառակվել դրան՝ անօգուտ էր, ժխտելն՝ անիմաստ:
Եվ ստացվում էր, որ՝ Ելենան գնար իր հարազատների մոտ` վատ էր, չգնար` ավելի վատ: Եվ նա գլուխ էր ջարդում, չիմանալով, թե ինչպես պահի իրեն, որ բամբասանքների առիթ չտա, ինչպե՞ս քայլի, ինչպե՞ս շրջվի, ինչպե՞ս խոսի, որպեսզի դրանք հնարավոր չլինի այլ կերպ մեկնաբանել: Սգավորի շո՞ր հագնի՝ ողջ-առողջ ամուսնու համար ու տնից դուրս չգա՞: Բայց ախր դա նշանակում է ապրել ուրիշի հաշվին: Ոչ, գյուղական հացը դառն է, քրտինքով ցողված՝ կմնա կոկորդիդ, եթե ձեռք չմեկնես այդ աշխատանքին:
Եվ նա շարունակում էր աշխատել մանկապարտեզում:
Բայց ինչպես ասում են, դժբախտությունը միայնակ չի գալիս, շուտով նա ստիպված եղավ թողնել աշխատանքը:
Գարնան մռայլ օր էր, մութ, խոնավությունից ուռած ամպերը կախվել էին գյուղի վրա: Վախենալով, որ րոպե առ րոպե անձրև կգա, Ելենան այդ օրը երեխաներին զբոսանքի դուրս չբերեց: Մինչ նրանք խաղում էին բակում, Ելենան օգնեց մորաքույր Լուսիկին ճաշ պատրաստել. կարտոֆիլ մաքրեց, սոխ ու կաղամբ կտրտեց, ժամանակ առ ժամանակ դուրս գալով բակ, որպեսզի հետևի երեխաներին:
Հերթական անգամ բակ դուրս գալով, Ելենան նկատեց, որ երեխաներից մեկը` Սվետլանան, միակ շիկահերը ողջ գյուղում, կողքանց հենվել է պատին և ինչ-որ տարօրինակ կերպով տենդագին ցնցում է ուսերն ու գլուխը: Ելենան սկզբում կարծեց, թե երեխաներից մեկը նեղացրել է նրան, և նա լալիս է: Արագավազ մոտեցավ. աղջիկը չէր լալիս, սիրտը խառնում էր: Ելենան վախեցավ, մտածելով, թե նա ինչ-որ բանից թունավորվել է: Նրան գիրկն առավ ու ներս բերեց, նստեց` երեխային դնելով ծնկներին:
– Սվետա, Սվետոչկա, սիրելիս, ի՞նչ է պատահել: Լուսիկ մորաքույր, մենք մածուն ունե՞նք, մածուն:
– Մածո՞ւն, հա՛, ունենք: Հիմա:
Աղջիկը դեռ պառկած էր Ելենայի ծնկներին, իսկ նա արցունքն աչքերին նայում էր, թե ինչպես է այդ փոքրիկ չքնաղ մանչուկը տենդագին ցնցվում իր ձեռքերում: Աղջիկը կլորացած աչքերով վախեցած նայում էր Ելենային, ասես ցանկանալով ինչ-որ բան ասել: Քրտինքի մանր ուլունքահատիկներ էին հայտնվել նրա գունատ երեսին: Լուսիկ մորաքույրը բերեց մածունը, Ելենան բաժակը վերցրեց, սկսեց խմեցնել աղջկան, բայց նա, հազիվ երկու կում անելով, նորից կծկվեց սրտխառնոցի հերթական բռնկումով:
– Բժիշկ է պետք, – ասաց խոհարարը:
Ելենան աղջկան տարավ հարևան սենյակ, դրեց անկողնուն: Նրան չգիտես ինչու ամենից շատ սարսափեցնում էր այն, որ երեխան լաց չէր լինում: Նա վստահ էր, որ թունավորության ժամանակ որովայնում սուր ծակոցներ են լինում, և դա շատ ցավոտ է, երեխան պետք է լաց լիներ: Բայց նա չէր լալիս, այլ միայն կկոցում էր աչքերը և անմտորեն նայում առաստաղի ինչ-որ կետի, ասես գիտենալով, որ հիմա կսկսվի սրտխառնոցի հերթական բռնկումը և գիտակցաբար սպասում էր: Դա վախեցնում ու շփոթեցնում էր Ելենային:
– Դուք մնացեք նրա հետ, իսկ ես վազեմ բուժկետ, – ասաց Ելենան, և գլխաշորը գցելով վրան, վազեց դեպի փողոց:
Գյուղում բժիշկ չկար, միայն բուժակ էր, բայց նա բուժկետում չէր, ինչպես հետագայում պարզվեց, այդ օրը նա գնացել էր շրջկենտրոն ինչ-որ դեղորայքի գործով: Բայց դե նա ի՞նչ կարող էր անել: Ելենան վազեց տնօրենի մոտ, ինքն էլ չիմանալով ինչու: Բայց տնօրենն էլ տեղում չէր, գնացել էր խոզաբուծական ֆերմա: Ելենան հուսահատված նետվեց հաշվապահություն և բախվեց այնտեղից դուրս եկող Ռուբեն Գիրիգորյանին:
– Ելենա՞: Ի՞նչ է պատահել: Ինչո՞ւ եք այդպես գունատվել, ի՞նչ է եղել:
Ելենան աղոթելու պես երկու ձեռքերը սեղմեց կրծքին.
– Ռուբեն, աղաչում եմ, մի բան մտածեք, Վարդուհու աղջիկն է հիվանդացել, չգիտեմ որտեղից բժիշկ գտնեմ:
Ռուբենը մռայլվելով տրտնջաց լսելի.
– Ա՜յ թե բախտներդ բերում է…
– Էլ մի ասեք… Բայց ի՞նչ կարելի է անել,ես ուղղակի գլուխս կորցրել եմ:
– Բժիշկ Շահգելդյանն այստեղ էր, քիչ առաջ գնաց… Սպասեք, ես հիմա:
Նա մտավ հաշվապահություն, բայց նույն պահին էլ վերադարձավ:
– Հարևան գյուղ է մեկնել: Դուք վերադարձեք երեխայի մոտ, Ելենա, իսկ ես հիմա գտնեմ նրան, դժվար թե շատ հեռու գնացած լինի:
Նա գնաց դեպի իր մոտոցիկլետը, աջ ոտքի մի շարժումով գործի գցեց այն և հաջորդ վայրկյանին անհետացավ բարձրացրած փոշու ամպերի մեջ: Մի քիչ հանգստանալով` Ելենան վազեց մանկապատտեզ:
– Ինչպե՞ս է, էլի լավ չի՞ զգում, – հարցրեց՝ արագ քայլելուց հևալով:
Լուսիկ մորաքույրը ձեռքերը տարածեց, կարծես ասելով՝ «Ինքդ հո տեսնում ես…»: Աղջիկն առաջվա պես պառկած էր մեջքի վրա` հայացքը տարօրինակ կերպով հառած առաստաղին, մեծի նման ինքնամփոփ, աչքերը փակ:
– Սվետա, Սվետոչկա, սիրելիս: Ի՞նչ եղավ քեզ, հը՞: Որևէ տեղդ ցավո՞ւմ է: Աստված իմ, գոնե մի բառ ասա:
–Չի խոսում… – հոգոց հանեց Լուսիկ մորաքույրը:
Քսան րոպեից փողոցում կանգ առավ մի հին «Զապորոժեց», որին հետևից քիչ էր մնում բախվեր Ռուբենի մոտոցիկլետը: Մեքենայից կռանալով դուրս եկավբարձրահասակ, կորամեջք, բայց դեռ առույգ մի ծերուկ, իսկ նրա հետևից աղջկա մայրը` կթվորուհի Վարդուհին, որին վերցրել էին ճանապարհին` մտնելով ֆերմա: Դա լայնաթիկունք, տղամարդու նմանությամբ երեսունհինգամյա մի կին էր: Մռայլված նայելով իրեն կորցրած Ելենային` նա մոտեցավ աղջկա անկողնուն, խոնարհվեց նրա վրա:
– Սվետա, ա՛յ Սվետա…
Աղջիկը սակայն չարձագանքեց մորը: Բժիշկ Եսայի Ասրիևիչ Շահգելդյանը, ներս մտնելով սենյակ, մոտեցավ աղջկան, և ձեռքով մեղմորեն մի կողմ հրելով աղջկա մորը, որ, երևի, չխանգարի, նստեց աթոռին, որը դրել էր Լուսիկ մորաքույրը: Ձեռքը տանելով աղջկա աչքերին, կրկին ետ քաշեց, հավանորեն, ակնաբիբերն էր ուզում նայել, և շրջվելով բարկացած կարգադրեց.
– Խնդրում եմ բոլորին դուրս գալ, բացի մորից:
Նրա ձայնը չոր էր և դժկամ:
– Նա լա՞վ բժիշկ է, – հարցրեց Ելենան, երբ դուրս եկան սենյակից:
– Շատ լավ բժիշկ է, – հանգստացրեց նրան Ռուբենը:
Բժիշկ Շահգելդյանը, իսկապես, վատ բժիշկ չէր: : Նա ծննդով Զանգեզուրի Քարաշեն գյուղից էր, Բաքվի բժշկական ինստիտուտն էր ավարտել, երկար տարիներ աշխատել էր Առաջաձորի, Վանքի ու Մարտակերտի հիվանդանոցներում: Եվ չնայած այն բանին, որ երիտասարդները նրան համարում էին արխայիկ (ակնհայտորեն նրա համար, որ ծերուկը ծայրահեղ հազվադեպ, միայն բացառիկ դեպքերում էր հիվադներին ժամանակակից դեղամիջոցներ նշանակում, գերադասելով դարավոր փորձություն անցած ժողովրդական միջոցները), այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում, հատկապես նրան էին դիմում՝ խորհրդի կամ օգնության համար: Ծերուկն ապրում էր այստեղից մոտ տասնհինգ կիլոմետր հեռու, Թառթառ գետի ձախ կողմում, համարյա Մռավա սարի ստորոտում գտնվող հինավուրց Հաթերք մեծ գյուղում, որտեղ նրա տունն էր և որտեղ նա հիմնականում ընդունում էր հիվանդներին: Նա միայնակ սպասարկում էր մի քանի գյուղ, սա իր տեղամասն էր, և մարդիկ այնպես էին վարժվել նրան, որ դիմում էին նույնիսկ ամենաանհուսալի դեպքերում, իսկ հետո ասում էին. «Դե՜ որ բժիշկ Եսային ոչինչ չկարողացավ անել, էլ ի՜նչ կարելի է ասել…»:
Եսային հիվանդին զննեց մանրակրկիտ ջանասիրությամբ, լսեց կուրծքը, թոքերը, չափեց ճնշումը, ուշադիր նայեց աչքերը, ստուգեց ծնկային ռեֆլեքսը և, դուրս գալով սենյակից, հայտարարեց՝ առանց կոնկրետ որևէ մեկին դիմելու:.
– Երեխային պետք է անմիջապես հիվանդանոց պառկեցնել:
– Բայց ինչո՞ւ հանկարծ այդպես վատացավ, բժիշկ- հարցրեց Ռուբենը:
– Ոչինչ չեմ կարող վստահորեն ասել, բայց կասկածում եմ, որ աղջիկը մենինգիտ ունի:
– Ի՞նչ:
– Հանգստացեք, սիրելիներս, հանգստացեք, – ճերմակ հոնքերը բարձրացրեց բժիշկ Շահգելդյանը, – կասկածը դեռ փաստ չէ, ես հո մարգարե չեմ, կարող եմ և սխալվել:
Ավա՜ղ, նա չէր սխալվել: Երկու օրից շրջանային հիվանդանոցում ախտորոշումը հաստատվեց: Բարեբախտաբար երեխան փրկվեց, բայց այդ ժամանակ Ելենան ստիպված եղավ թողնել մանկապարտեզը, քանի որ աղջկան հիվանդանոց տանելու հաջորդ օրն իսկ ծնողները, ավելի ստույգ՝ մայրերը վախեցան երեխաներին հանձնել Ելենայի խնամքին: Նրանց համոզում էին, ամոթանք տալիս, բայց ոչինչ չէր օգնում: Այդ կանանց հոգում պինդ նստած էին այնպիսի սնահավատ հասկացողություններ, ինչպիսիք էին «չար աչքը», «ծանր ոտքը» և այլն, նման բաների վրա իրենք էլ էին ծիծաղում, բայց հիմա դրանք ձեռք էին բերել սարսափելի ահեղ իմաստ: Այդ բառակապակցությունները ավելի զորեղ էին առողջ բանականությունից, որովհետև դրանցում ամփոփված էր ամբողջը, ինչ տեղի էր ունեցել Ելենայի գալուց ի վեր: Եվ դա կաթվածահար էր արել մայրերին: Հաջորդ օրը Ելենան շրջեց մի քանի տներ` իմանալու՝ թե ինչու երեխաներին չեն բերում մանկապարտեզ, մի քանի տեղ ինչ-որ անհոդաբախշ բաներ էին մրտմնջացել, մյուս տներում հրաժարվել էին ընդհանրապես անդրադառնալ դրան, երրորդ տեղերում պարզապես չէին ցանկացել խոսել հետը: Նրան հանդիպելիս՝ կանայք ձևացնում էին, թե չեն նկատում նրան, կամ անցնում էին փողոցի մյուս կողմը: Իսկ գուցե իրեն՝ Ելենայի՞ն էր այդպես թվում:
Ներհակ, հակադիր մտքերը հանգիստ չէին տալիս Ելենային: «Ի՞նչ անել, մտամոլոր խորհում էր նա, ինձնից խուսափում, զգուշանում են, երևի նույնիսկ ատում: Ինչպես վերադարձնել նրանց վստահությունը»: Նա հասկանում էր, որ գյուղը մնում է գյուղ է, այն իր օրենքներն ունի` բարի ու չարամիտ, խելացի ու ցանցառ: Դրանք բազմաշերտ են, և ամեն շերտը դարերով կլանել է ինչ որ պատահել է: Եվ հեշտ չէ բացել դրանք, քանզի կբացես մի շերտը, իսկ դրա տակ երկրորդն է, ապա` երրորդը: Շատ ժամանակ ու ջանք կպահանջվի, մինչև հասնես նրա իրական շերտին: Արսենն այդ ամենի մասին ասել էր իրեն, բայց ինքն այն ժամանակ չէր հասկացել դրանց իսկական իմաստը, նա դա հիմա է միայն սկսել հասկանալ:
Ելենան արտասվաթոր աչքերով գնաց սովխոզի տնօրենից խորհուրդ հարցնելու, թե ինչպես վարվի. ծնողները երեխաներին մանկապարտեզ տալ չեն ուզում:
Իսկ նա, պարզվում է, արդեն տեղյակ էր եղածի մասին:
– Դե թող գնան կորչեն,- բարկացավ նա,- չեն ուզում, թող չուզեն:
– Գաբրիել Հարությունովիչ, գուցե դռ՞ւք իրենց բացատրեիք,- երկնչելով, անհամարձակ առաջարկեց Ելենան:- Երեխաներն ախր մեղք են…
– Ոչինչ էլ պետք չէ բացատրել: Իրենք կվազեն խնդրելու, երբ զգան, որ հիմարություն են արել: Ձեր Անուշի մատը խառն է այստեղ:
–Գիտեմ… Բայց ես ի՞նչ անեմ: Պետք է մի բանով զբաղվել, ես չգիտեմ, թե ինչ կարելի է անել:
– Ցավոք, դպրոցում էլ տեղ չկա, մի հաստիքում երեք հոգի են նստած, – ասաց տնօրենը` ցուցամատով թխկացնելով սեղանին… – Բայց առանց աշխատանքի չես մնա: Կգնա՞ս խաղողի այգիներ:
– Աստվա՜ծ իմ, ուր ասեք՝ կգնամ:
– Դե՛ ավելի լավ: Հենց վաղն էլ կգնաս: Ես կնախազգուշացնեմ Ռուբենին:
ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ
Ահա այդպես ստացվեց, որ նա թողեց իր, ինչպես ինքն էր արտահայտվում, երեխաներին և գնաց աշխատելու խաղողի դաշտերում: Աշխատում էր բոլորին հավասար` ջանալով հետ չմնալ մյուսներից: Սկզբում, իհարկե, դժվար էր, բայց նա աստիճանաբար հմտացավ. օգնեցին որոշ կանայք, որոնց հետ նա այնպես էր մտերմացել, որ խաղողի այգիներում աշխատանքը սկսել էր դուր գալ նրան: Երբեմն նրանք մնում էին այնտեղ այնքան երկար, որ երբ տուն էր գալիս, բակում արդեն մութ էր լինում, լուռ բարձրանում էր վեր, անուժ ընկնում անկողնուն և վայկենապես քնում: Ապրում էր միայնակ, իր առանձնահատուկ կյանքով, ջանալով չխառնվել ընտանիքի գործերին: Տան մեջ ոչ ոք չէր խոսում նրա հետ, ոչ ոք չէր հարցնում՝ ինչպես է ապրում, ինչ է մտածում, որտեղ է լինում, ինչ է անում: Ամուսնու տանը նա դարձել էր կենվորի պես մի բան, որին տանտերերը հանդուրժում են մի կերպ: Ելենան նույնիսկ իր իրերն էր տեղափոխել ննջասենյակ, ազատելով մյուս սենյակը, և հիմա դա դատարկ էր: Այդպես նա ապրում էր, մերժված մտերիմ մարդկանց կողմից, չսիրված նրանցից, միայնակ պայքարելով իր դաժան ճակատագրի դեմ…
Արսենի նամակները, իհարկե, հրաշալի օժանդակություն կլինեին հոգեկան հավասարակշռության պահպանման համար, սակայն, չգիտես ինչու, նամակներ չկային: «Գուցե տանը ստանում են, իսկ քեզ չե՞ն ասում», – նրան միտք տվեց Եվգինեն: Ելենան գլուխը տարուբերեց. նա չէր հավատում, որ Արսենի հարազատները կարող էին գնալ նման ստորության: Եվ շատ ճիշտ էր: Մի անգամ սկեսուրը բարձրացավ վեր և հարցրեց նրան, թե չկա՞ն արդյոք նամակներ:
– Եթե լինեին, մի՞թե ցույց չէի տա, – արձագանքեց Ելենան:
Արսենի մայրը` Մարիամը, վշտահար գլխով արեց և գլխաշորի եզրով աչքերը սրբելով` դուրս եկավ: Գուցե նամակները լռվում մնում են ճանապարհին ինչ-որ տե՞ղ: Կամ պարզապես չե՞ն տալիս իրեն: Եվ Ելենան սկսեց հաճախել գյուղական փոստային բաժանմունք: Փոստի աշխատողները արդեն սովորել էին նրա այցելություններին, կարեկցանքով հոգոց էին հանում.
– Չկա, աղջիկ ջան, դժբախտաբար… Դու մի անհանգստանա, հենց որ լինեն, մենք անմիջապես, առանց հապաղելու…
Առավոտից օրն ամպամած էր: Թեև մարտի վերջն էր, բայց գարնան շունչը չէր զգացվում: Երկինքը, պատված ստվար ամպերով, ծանրորեն կախվել էր գյուղի ու խաղողի այգիների վրա, ժամանակ առ ժամանակ լիցքաթափվելով տաղտկալի, ձգձգված թոնով, որը չէր էլ կարելի անձրև անվանել, բայց դրանից ամբողջը թացանում էր, ներծծվում խոնավությամբ և՛ երկիրը, և՛ ծառերը, և՛ զգեստները, և՛ կանանց մազերը, և՛ օդը: Նամշահար սառը խոնավությունը ձեռքերն այնպես էր ջղաձգում, որ մատները չէին զգում այգեգործական մկրատը, խցկվում էր զգեստների տակ, ողջ մարմնով մեկ մանր սարսուռ առաջացնելով, ոտքերին կպչում էին ծանր սոսնձանման կեղտակտորներ, խանգարելով շարժվել: Եվ անհասկանալի էր դառնում` շարունակել աշխատե՞լ, թե գնալ դաշտային կացարանի ծածկի տակ, ուր հարմարավետ ճարճատում էր երկաթյա վառարանը և այնպես տաք էր ու չոր:
– Ախր ո՞ւր կորավ այդ Ռուբենը, – բարկացած ասաց սևաչյա աղմկոտ պառավ Աշխենը` մկրատներով զինված Ելենայից ոչ հեռու: – Մենք այստեղ բոլորովին սառեցինք շան լակոտների նման: Դու էլ հիմարի նման այնպես ես հագել այդ ժակետը, ասես դեռ օգոստոս է:
– Բայց սրա մեջ տաք է, – ստեց Ելենան: – Ես բոլորովին չեմ մրսում:
Այնպես էր ստացվել, որ աշխատանքային ընկերուհիները նրա հետ հայերեն էին խոսում, իսկ նա` ռուսերեն: Եվ վատ չէին հասկանում միմյանց, իսկ եթե նրա բառերից որևէ մեկն անհասկանալի էր լինում, պարզաբանում էին` հաղորդակցվելով երկու լեզվով:
– Լսի՛ր, ինչո՞ւ ես խաբում, – տաքացավ Աշխենը: – Մի՞թե չես մրսում: Նայի՛ր շուրթերիդ, – այստեղ նա առավել համոզիչ լինելու համար ապտակեց իր շուրթերին, – ասես հանգուցյալի շուրթեր լինեն:
– Իմ շուրթերը միշտ էլ կապույտ են, – ժպտաց Ելենան:
– Լսի՛ր, ո՞ւմ ես խաբում: Ի՞նձ: Առավոտյան քո շուրթերն այդպիսի՞ն էին:
– Առավոտյան շրթներկ եմ քսել, ազնիվ խոսք, – ծիծաղեց Ելենան:
Այստեղ արձագանքեց Աննան, որն աշխատում էր հարևան շարքում.
– Պետք մի անգամ ամբողջ բրիգադով գնանք նրա տուն և սկեսուրի մազերը պոկենք, որ հարսի համար ժլատություն չանի, գոնե մի կիսավերարկու տա:
– Իսկ ի՞նչ, շատ էլ լավ միտք է, – ընդհանուր ծիծաղի մեջ նրան պաշտպանեց մեկ ուրիշ կին:
– Շատ ճիշտ է, հենց այսօր էլ կգնանք Մարիամ մորաքրոջ մոտ:
Բրիգադի այս հատվածում աշխատում էր տասներկու կին: Եթե բոլորը որոշեն գնալ… Ելենան պատկերացրեց, թե ինչ կլինի սկեսուրի վիճակը, որը իսկապես չէր մերժել իրեն տաք հագուստ տալ, պարզապես Ելենան չէր խնդրել: Նա ուներ և՛ սվիտեր, և՛ Արսենի տաք պիջակը, բայց դրանք չէր հագել, որոշելով, որ ամեն դեպքում արդեն գարուն է:
– Օ՛յ, ի՞նչ եք ասում, աղջիկներ, ինձ ոչ ոք չի մերժել, – վախեցած ասաց Ելենան, – հենց վաղն էլ սվիտեր կհագնեմ:
Կանայք ուրախ ծիծաղեցին նրա վախերի վրա, իսկ հետո Եվգինեն հրամայեց.
– Դե՛ հերիք է թրջվենք անձրևի տակ: Դիրեկտորը դրա համար հավելավճար չի տա: Այս աշխատանքում թող Ռուբենն ինքն էլ օգնի: Գնանք ծածկի տակ:
– Ահա նա գալիս է, – ասաց Ելենան:
– Ո՞վ, դիրեկտո՞րը:
– Չէ՛, Ռուբենը:
– Ավելի լավ, մենք հիմա դրա հագից շալվարը կհանենք…
– Տես որ ինքը քոնը չհանի, – արձագանքեց կանանցից մեկը:
Եվգինեն ձևական հառաչեց.
– Ո¯ւր է մեզ այդպիսի բախտ: Այդ հիմարը, բացի իր հարթաքամակ Գոհարից, ոչ մեկին չի տեսնում: Պարզապես զարմանալի է, ինչպե՞ս է նա այդպիսի առողջ մարմինը միայն մի Գոհարիկով բավարարում:
– Ինձ թվում է, որ նա մեր Ելենայի կողմն է նայում, – նկատեց Մարգոն: – Տե՛ս, Լենա, նրա հետ զգույշ կլինես:
– Իսկ մի՞թե որևէ մեկը կարող է դիմադրել նրան, – ավելացրեց հետին շարքերից ինչ-որ մեկը:
Ելենան շփոթված կարմրեց, մրմնջալով ուսի վրայով.
– Աղջիկներ, ի՞նչ եք ասում, պետք չէ այդպես:
Եվգինեն, իր վրա վերցնելով Ելենայի պաշտպանությունը, հարձակվեց Մարգոյի վրա.
– Լսի՛ր, Մարգո, լրիվ ցնդե՞լ ես, ինչ է: Դժբախտը չգիտի էլ ինչպես քայլի, որպեսզի նրան մատով ցույց չտան:
– Հա, ավելորդ բաներ պետք չէ ասել, – համերաշխ պաշտպանեցին նրան մյուսները: – Մոռացե՞լ եք, թե ինչի էին հասցրել բամբասանքները Մանվելի մորը, որն ասում էր տղային, թե իր չորս տղաներից երկուսը նման են քարտաշ Բախշիին: Այդ հիմարն էլ վերցրել է հրացանը, գնացել կրակել է դժբախտ Բախշիին, կնոջն ու երկու երեխաներին, որոնք իբր իր նման չեն, տարել է անտառ, սպանել, հետո էլ գնացել է միլիցիա, հանձնվել: Իսկ հիմա փտում է Բաքվի բանտերում: Ինքներդ էլ լավ գիտեք այդ պատմությունը: Աստված չանի, տանը լսեն: Աշխարհն իրար կխառնեն, նրանց երևի միայն հարմար առիթ է պետք…
Մարգոն ինքն էլ արդեն զղջաց իր ասածի համար:
– Ինչ եք ասում, ախր կատակում էի:
– Մարդ պետք է կատակել կարողանա, – վրդոված ամփոփեց Եվգինեն: – Աղջկա սիրտը առանց այդ էլ մղկտում է: Պետք չէ:
Ռուբենը մոտոցիկլետը կանգնացրեց Ելենայից ու Եվգինեից ոչ հեռու:
– Լսի՛ր, մեր թանկագին բրիգադիր, – ձեռքերը մարտական կողքերին կանթելով` վրա տվեց Եվգինեն, – ի՞նչ է ստացվում: Դու քեզ համար թրև ես գալիս մոտոցիկլետով, իսկ մենք այստեղ թրջվում ենք անձրևի տակ: Լրիվ ջուր ենք մինչև պորտներս:
– Բայց ինչի՞ եք թրջվել, – հաշտվողաբար ասաց բրիգադիրը: – Նման աշխատանքից ի՞նչ օգուտ: Գոնե ծածկի տակ գնայիք:
– Ո՞վ է մեզ թույլ տվել ծածկի տակ գնալ:
– Իսկ դուք ինքներդ չէի՞ք կարող կազմակերպել, ի՞նչ է: Լավ, գնացեք ծածկի տակ: Արագ, արագ, թե չէ, Աստված չանի, կհիվանդանաք, ի՞նչ պիտի պատասխանեմ ձեր ամուսնյակներին:
– Իսկ ով ամուսնյակ չունի՞, – ատամները ցցեց Եվգինեն: – Դե ահա, ես, օրինակ, չունեմ էդ շան տղուց: Պիտի սատկե՞մ, ինչ է:
– Ինչի՞ պիտի սատկես, առողջ կնիկ ես, արյունդ կաթի պես է, ոչ մի հիվանդություն քեզ չի կպչի: Դե լավ, հերիք է ատամներդ ցցես, անցեք ծածկի տակ:
Կանայք աղմուկով ներխուժեցին ծածկի տակ, այնպես փռշտալով ու թափ տալով իրենց, ասես նոր էին դուրս եկել սառցանցքից:
– Հը, սառե՞լ եք, – քմծիծաղեց դաշտային կայանի պահակը` միաչքանի Թևանը, նստելով վառարանի բաց դռնակի առաջ և այրված փայտով խառնելով նրա միջի ածուխները, – չասացի՞, գնացեք, անձրև է գալու:
– Ե՞րբ ասացիր, – զարմացավ Եվգինեն:
– Դե՛, ուզում էի ասել… – ուղղեց ծերուկը:
Ռուբենը նույնպես եկավ ծածկի տակ` իր մոտոցիկլետի առջի անվով մխրճվելով ուղիղ կարտոֆիլի պահեստի դռան մեջ: Իջավ նստատեղից և, շրջվելով կանանց կողմը, ասաց միապաղաղ ձայնով.
– Ելենա, ես նոր եղա փոստում, նամակ ունեիր Արսենից…
– Արսենի՞ց, ե՞րբ, չվերցրի՞ք:
– Ո՞նց չվերցնեի: Ահա:
Նա հանեց մարզազգեստի գրպանից ճմռթված նամակը: Ելենան խլեց նամակը, նայեց նրան վերևից, ներքևից, ապա ժպտալով սրբեց արցունքները, քաշվեց ծածկի հեռավոր անկյունը և չենթարկվող մատներով սկսեց պատռել ծրարը: Կանայք ակամա իջեցրին ձայները, նույնիսկ Եվգինեն շշնջոցով նախատեց Ռուբենին.
– Սիրտդ հո սիրտ չէ, չտաշած քար է: Այդպիսի նամակը գրպանումդ ես պահել ու լռում ես:
– Ի՞նչ է, քո կարծիքով, անձրևի տա՞կ պիտի տայի: Ընդամենը մի րոպե եմ ձգել, – արդարացավ բրիգադիրը:
Իսկ այդ ընթացքում Ելենան կարդում ու վերընթերցում էր դպրոցական տետրի թերթիկը, գրված մատիտով, մերթ ժպտում էր, մերթ նորից մաքրում արցունքները, չտեսնելով շուրջը ոչ մեկին ու ոչինչ, նույնիսկ այն, որ կանանցից մի քանիսը, իրենց էլ դա չզգալով, նրա հետ միասին մերթ ժպտում էին, մերթ արցունքները սրբում: Մարգոն մոտեցավ Ռուբենին ու կիսաձայն այնպես ասաց, որ Ելենան չլսի.
– Լսի՛ր, Ռուբեն, նրամ թող տուն գնա, թող տնեցիներին ուրախացնի, հա՞: Իսկ մենք նրա փոխարեն կաշխատենք:
Ռուբենը քմծիծաղեց:
– Առանց քեզ չէի կռահի, հա՞: – Նա նայեց կապարե թանձր ամպերին, որոնք պատել էին երկինքը: – Այս անձրևը երևի մի շաբաթ կգա: Իմ կարծիքով, բոլորդ էլ պետք է տուն գնաք: Միայն թե` ինչո՞վ:
Եվգինեն լսելով նրանց շշնջոցները, նույնպես մոտեցավ:
– Իսկ դու նախ նրան գյուղ տար և եթե որևէ բեռնատար հանդիպի, ուղարկիր մեր հետևից: Իսկ թե չի հանդիպի, բան չկա, ոտքով կգնանք, սովոր ենք արդեն:
Ռուբենը մտածկոտ նայեց Եվգինեին ու ժպտաց.
– Աստված վկա, Եվգինե, դու մեկ-մեկ իմաստուն բաներ ես ասում:
Ելենան վերջապես կտրվեց նամակից, հոգնած նստեց նստարանին, հայացքը տարակուսանքով հառած հեռուներին, բայց դժվար չէր շուրթերին նկատել հազիվ նշմարելի ժպիտի հետքեր: Կանայք շրջապատեցին նրան.
– Հը՞, Լենա, ո՞նց է այնտեղ մեր Արսենը:
– Որտե՞ղ է, ո՞ր քաղաքում:
– Դե՛, մի՛ ձգիր, աչքերիցդ երևում է, որ լավ նամակ է:
Ելենան նամակը սեղմեց կրծքին ու փակեց աչքերը.
– Օ՛յ, աղջիկնե՛ր, սիրելիներ, հարազատներ, նա այնքան մոտ է, գրեթե ձեռքիս տակ:
– Ինչպե՞ս թե մոտ:
– Մոտ որտե՞ղ: Ասում էին, թե հեռու են տանելու:
Ելենան հանկարծ բացեց աչքերը` բոլորին հիացնելով իր աչքերի կուրացուցիչ կապտականաչով:
– Նա Բաքվում է… Պատկերացնո՞ւմ եք, Բաքվում: Եղել է Զաքաթալիում, չգիտեմ էլ որտեղ է, իսկ հիմա Բաքվում է, տեղի գաղութում:
Աղջիկները նայեցին միմյանց, ոմանք` տարակուսած, մյուսները` հիասթափված. ախր մինչև Բաքու համարյա հինգ հարյուր կիլոմետր է, այդքան գնալը, այդքան էլ գալը: Ախր հեչ նման չէ նրան, որ ասես «ձեռքիս տակ» է:
– Աղջիկնե¯ր, նա ուզում է գնա¯լ, – բացականչեց Եվգինեն, – Աստված վկա, ուզում է գնալ ամուսնուն տեսության:
Ելենան բերկրանքով հետ գցեց գլուխը և ծիծաղեց.
– Դե, իհարկե, կգնամ, աղջիկներ, սիրելիներ, իմ լավիկներ: Ախր շատ մոտ է, և նա սպասում է ինձ, պետք է գնամ:
– Գրել է, որ սպասո՞ւմ է, – հարցրեց Ռուբենը:
– Չէ, Ռուբեն, նա այդպես չի գրել, բայց ես գիտեմ, ինձնով գիտեմ:
– Դե էդպես ասա, – միջամտեց պահակ Թևանը, – էդպես էլ ասա, որ դու ինքդ ես ուզում գնալ նրա մոտ:
– Ինքս, ինքս, ինքս, ա¯խ, Աստված իմ, իհարկե ինքս, – ուրախ ծիծաղեց Ելենան, այնպես ազատորեն, ինչպես վաղուց չէր ծիծաղել:
Պահակը ուղղվեց, ծածկեց վառարանի դռնակը և տրորելով, ըստ երևույթին, ծխից արցունքակալած աչքերը, ասաց.
– Գնա, աղջիկս, ճիշտ ես ասում, նա այնտեղ անպայման սպասում է քեզ: Լսիր քո սրտին, սիրտդ չի խաբի: Աստված քեզ պահապան:
Ծերունու խոսքը հնչեց գուցե ավելորդ հանդիսավորությամբ, սակայն չգիտես ինչու կանանցից և ոչ մեկը չծիծաղեց, թեև ուրիշ ժամանակ ձեռքից բաց չէին թողնի մի լավ հռհռալու այդպիսի առիթը:
Ռուբենը լուռ ուղղեց մոտոցիկլետը.
– Նստիր, Ելենա, տանեմ քեզ տուն:
– Ինչպե՞ս, հիմա՞:
– Հա բա ի՞նչ: Չե՞ս ուզում:
– Ինչպես չեմ ուզում: Բայց ախր աշխատանքի եմ:
Այստեղ Եվգինեն ողջ բարկությունը թափեց նրա վրա, բղավելով.
– Գի՞ժ ես, ինչ է, ասում են` նստի՛ր, ուրեմն, նստիր, ու քի՛չ խոսիր: Ինչ պետք է, առանց քեզ կանենք:
– Իսկ այսօր այնքան էլ անելու բան չկա, – միմյանց ընդհատելով ասացին մյուսները, և այնպիսի եռանդով, որ պահակ Թևանը մատներով ծածկեց ականջները և բղավեց.
– Ցածր, ցածր: Մեկ-մեկ չե՞ք կարողանում խոսել, ինչ է:
– Չենք կարողանում, – արձագանքեցին կանայք:
– Թո՛ւ, ես ձեր, – վրդովված թքեց պահակը, – ա՛յ թե չաչանակ եք:
– Դե՛, Ելենա, գալի՞ս ես, թե չէ, – ընդհատեց բոլորին Ռուբենը:
– Օ՛յ, իհարկե, գալիս եմ: Պետք է, չէ՞, տնեցիներին հայտնեմ, ուրախացնեմ…
– Ո¯ւխ, կոկորդներին կանգնի ուրախությունը, – իր անկեղծ ցանկությունը հայտնեց Եվգինեն:
– Պետք չէ, աղջիկներ, մեղք են, այնքան դժբախտություն տարան:
– Իսկ դու քիչ տարար, հա՞, – միացավ Մարգոն: – Իսկ գործի համար մի՛ մտածիր, քո տեղը կանենք:
– Կանենք, կանենք, այդպես չենք թողնի, դու գնա, – միաձայն հաստատեցին մյուսները: – Մնա այնտեղ, որքան պետք է:
– Շնորհակալ եմ, աղջիկներ, իմ հրաշալիներ, չգիտեմ, թե ինչ պիտի անեի առանց ձեզ… – հուզված մրմնջաց Ելենան:
Ռուբենը բացեց ուղևորասայլակի կաշվե ծածկոցը, և երբ Ելենան նստեց, ծածկեց նրա ոտքերը, Մարգոն նրա գլխին ու ուսերին քաշեց անջրաթափանց անձրևանոցը և այնպես փաթաթեց, որ Ելենան նմանվեց ռուսական մատրյոշկայի:
– Դուք ոնց որ ինձ հեռավոր հյուսիս եք ուղարկում, – ծիծաղեց նա` հնազանդորեն ենթարկվելով այդ հոգատար ձեռքերին:
– Դե լավ, հերիք է, – Ռուբենը գործի գցեց մոտոցիկլետը, ծածկի տակ սարսափելի հռնդյուն բարձրացավ:
Տասը րոպեից, երբ մտան գյուղ, Ռուբենը թեքվեց նրա կողմը և բարձրաձայն, որպեսզի շարժիչի դղրդոցի տակ լսելի լինի, ասաց.
– Ելենա, եթե որոշեք գնալ Բաքու, մեկ օր առաջ ինձ զգուշացրեք, ես մեքենա կգտնեմ: Իսկ եթե ինձ չգտնեք, ուղիղ դիրեկտորին դիմեք, նա Արսենի համար ամեն ինչ կանի:
– Շնորհակալ եմ, Ռուբեն, – բղավեց Ելենան ներքևից վերև: – Միայն թե չեմ ուզում Ձեզ անհանգստացնել: Ես մի բանով կգնամ, շրջկենտրոնը մոտ է:
Ռուբենն ակամա մռայլվեց.
– Ուրեմն բոլորիս կնեղացնեք, այդպիսի բան չհամարձակվեք, հասկացա՞ք:
– Հասկացա, շատ շնորհակալ եմ, – երախտապարտությամբ ժպտաց Ելենան:
Տնից հարյուր քայլ հեռու Ելենան խնդրեց նրան կանգնեցնել մոտոցիկլետը:
– Մնացածը ինքս կգնամ… – ասաց նա, ահավոր կարմրելով և խուսափելով Ռուբենի հայացքից:
Սակայն Ռուբենը նույնիսկ արագությունը չնվազեցրեց, ասես չէր լսել Ելենայի խնդրանքը: Բայց երբ կանգ առան տան դարպասի մոտ, կաշվե ծածկոցը գործարար տեսքով հանելով, ասաց.
– Ելենա, լսե՛ք, թե ինչ կասեմ: Խնդրում եմ, ներեք ինձ բառերիս համար, բայց ուզում եմ ասել, որ ինձ շատ եք դուր գալիս… Շատ-շատ… Բայց դուք իմ ընկերոջ կինն եք… Եթե դա չլիներ, և եթե ես էլ չունենայի կին ու երեք երեխա, Ելենա, ես կկանգնեցնեի ձեր տնից հեռու: Բայց ես կին ու երեխա ունեմ: Ա¯յ թե ինչ հետաքրքիր պատկեր է ստացվում, Ելենա ջան:
Ելենան հասկացավ. նա գիտեր այն մասին, թե ինչ էր եղել այն օրը, երբ առաջին անգամ նստել էր նրա մոտոցիկլետը:
– Մի բարկացեք ինձ վրա… խնդրում եմ… – կարմրելով հազիվ լսելի շշնջաց Ելենան:
– Մի՛ ասեք հիմար բաներ: Ելենա, դուք կապ չունեք… Դե՛ լավ, իջեք, առաջինը Դուք ուրախացրեք ծերուկներին: Գնանք:
Ելենան թեթևացած ժպտաց և հրեց ցանկապատի դռնակը: Տան ծածկի տակ, թախտի վրա պառկած էր Միսաքը: Անձրևի ժամանակ նրա հեռացված ձեռքի վերքը սկսում էր ցավել, և նա ոչ մի կերպ չէր հարմարվում այն բանին, որ հատկապես խիստ էին ցավում գոյություն չունեցող մատները` մինչև արմունկը:
– Հայրիկ, – ասաց Ելենան, – իսկ ո՞ւր է մայրիկը:
Տեսնելով մոտեցող Ռուբենին, Միսաք պապը ոտքերն իջեցրեց թախտից, բարձրացավ, նստեց, տրորելով ցավող ուսը:
– Լենա՞, բա՞ն է պատահել, – անհանգստացավ ծերունին:
– Ոչ մի բան, հայրիկ, ամեն ինչ լավ է, – ասաց Ելենան, – Արսենը նամակ է գրել:
– Նամա՞կ: Դե՛, փառք Աստծու… Իսկ ես, ճիշտն ասած, վախեցա: Դե՛, որտե՞ղ է նա, ի՞նչ է գրում:
– Գրում է, որ ամեն ինչ լավ է: Հիմա Բաքվում է, հայրիկ: Ողջ-առողջ է… Իսկ ո՞ւր է մայրիկը, տա՞նը չէ:
– Տանն է, երևի զբաղված է:
Այդ պահին տնից դուրս եկավ վախից ճերմակած մայրը:
– Ի՞նչ է պատահել, – վախեցած հարցրեց նա:
Ելենան նետվեց, գրկեց նրա ուսերը.
– Արսենը նամակ է գրել, մայրիկ: Նա առողջ է, հիմա Բաքվում է: Ռուբենը փոստում էր եղել, իսկ այնտեղ նամակ կար… – Ելենան հապճեպ գոտկատեղից հանեց ճմռթված նամակը: – Ահա՛:
Բայց Մարիամն արդեն չէր լսում նրան: Ազատվելով հարսի գրկից, նա անուժ նստեց ամուսնու կողքին: Եվ արտասվեց.
– Ես էլ կարծեցի… Գլուխդ լավ բա՞ն կգա… Միայն վատը…
Այս տանն այլևս դադարել էին լավ լուրերի սպասել, միայն վատ ու չարագուշակ լուրեր էին գալիս: Ելենան ուրախությունից մոռանալով անբարյացակամության մասին, որ ուներ սկեսուրը Ռուբենի նկատմամբ, սկսեց թեյի պատրաստություն տեսնել, բայց բրիգադիրը, նայելով ժամացույցին, հրաժարվեց թեյից:
– Ես պետք է մեքենա գտնեմ իմ կանանց համար, – նա գլխով արեց բակի կողմը, անձրևը նկատելիորեն ուժեղացել էր: – Այս անձրևը շուտ չի կտրվի:
Նրա հեռանալուց հետո ծածկի տակ լարված լռություն առաջացավ: Արդեն այն բանից, թե ինչ անթաքույց չարությամբ էր նայում սկեսուրը բակով քայլող Ռուբեն Գրիգորյանի բարձրահասակ ու ամրակազմ կերպարանքին, Ելենան հասկացավ, որ հերթական ամպրոպից չի խուսափի: Հիշեց, որ ոչ մեկը բրիգադիրին նույնիսկ մի բառ չասաց, նույնիսկ աթոռ չառաջարկեցին:
– Նա է՞ քեզ բերել… – հարցրեց Մարիամը, – էլի՞:
Ելենան զգաց, թե ինչպես իր ներսում ամեն ինչ պինդ գնդի վերածվեց:
– Ի¯նչ եք ասում… – կմկմաց նա, ուժ չունենալով զսպել իրեն, ախր այնքան անհամատեղելի էր ներկա իրավիճակը այն բանի հետ, ինչ տեղի էր ունեցել դաշտային կայանում կես ժամ առաջ: – Ախր ինչո՞ւ… Ախր այս ուրախ օրով… Ես ախր… ախր ես սրտապատառ վազո¯ւմ էի, որպեսզի ուրախացնեմ ձեզ:
Նա դուրս վազեց ծածկապատշգամբից, արագ բարձրացավ վեր:
Նրան ոչինչ պետք չէր, ոչինչ ուշադրություն չէր գրավում… Մի բան էր միայն ուզում. լուռ նստել, թեթևակի տխրել անվերադառնալի անցյալով ու խորհել: Խորհել` մշտապես ելք փնտրելով ստեղծված անելանելի թվացող իրավիճակից: Իսկ պատուհանից այն կողմ քամին ոլորում էր ճյուղերը, քշում թափված դեղին տերևները, սահում ծառերի բների արանքով` պարուրելով դրանք նոյեմբերյան պաղությամբ:
Հետո գիշեր եկավ, բայց Ելենայի քունը չէր տանում: Պառկած մեծ անկողնու մեջ, որը հավաքված էր դեղին մետաքսով, նա մտածեց Արսենի մասին, այնքան մոտիկ ու հեռու, այնքան քնքուշ, հոգատար և ուշադիր… Նա իր կյանք մտավ մի պատահարի արդյունքում: Թվում էր, այդ հանդիպումը ճակատագրի կատակ էր:
Գուցե և այդպես էր… Միայն թե այդ կատակը վերածվեց այնպիսի վիթխարի, ազնիվ զգացմունքի` բոլոր անհրաժեշտ պիտույքներով. լիությամբ, միավորվելու կրքով, սպասումներով ու տառապանքով: Եվ որքան հեռու էր վազում նրանց խրթին հարաբերությունների նեղ կածանը, այնքան ավելի խորն էր դառնում զգացմունքը, այնքան ավելի էր վախենում պատահական բառով կամ արարքով խանգարել նրանց սրտերի անդորրն ու ներդաշնակությունը: Վախը ստիպում էր հոգուն դողդողալ, ինչպես եղնիկը: Նա վախենում էր բամբասանքներից, որոնք հետապնդում էին իրեն և կարող էին հեռացնել Արսենին, եթե նա հավատար դրանց: Չէ՞ որ նա չգիտեր իր գաղտնի չարչարանքների ու թերասությունների մասին, որոնք տեղի ունեին մեծ ընտանիքում խաղաղությունը պահպանելու նպատակով, ընտանիքում, որն ապրում էր հին ավանդույթներով:
«Եթե միայն իմանայիր, թե որքան եմ սիրում քեզ, – մտովի ասում էր նրան Ելենան: – Օ¯, եթե միայն կարողանայիր զգալ, թե ինչպես է պատառոտվում իմ սիրտը անելանելիությունից, ինչպես է լալիս հոգիս բաժանությունից, ինչպես է տնքում մարմինս միայնությունից… Սերը, իսկապես, ինքնակամ խելագարություն է», – մտածում էր նա, չհասկանալով` ուրախանա՞, թե տխրի իր մեծ սիրո համար, որի պատճառով այսքան տառապանք էր կրել: Ամենայն հավանականությամբ, Ելենան կարծում էր, որ Աստծուն հաճելի է նորից ու նորից փորձարկել իրեն, որպեսզի սպանի կամ էլ դարձնի նախկինից տասն անգամ ավելի ուժեղ: Եվ նա, պատրաստ անձնազոհության, խնդրում էր Աստծուն. «Բարեգո¯ւթ, տուր իմ սիրելիին առողջություն ու ուժ, որպեսզի նա կարողանա դիմանալ այնտեղ ու գոյատևել, որպեսզի նրա ցանկություններից մեկը դառնա վերադարձը դեպի ինձ և ինձ ուրախացնելը իր ներկայությամբ, առանց որի ես նվաղում եմ, ինչպես ճամփեզրի ծաղիկը` դժվարին հոգսերի ու տառապալի կասկածանքների բովում…»:
ԳԼՈՒԽ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ
Բեռնատարը թեթևակի ճռճռացրեց արգելակները և կանգ առավ գյուղական բուֆետի դռան դիմաց: Տնօրենի «Ուազիկը» կանգնած էր ոչ այքան հեռվում: Անուշավանը` բեռնատարի վարորդը, կարճլիկ մի թղա, բացեց դուռը:
– Ես միայն մեկ րոպեով, – ասաց նա, – մի տուփ ծխախոտ վերցնեմ, թե չէ իմը պրծել է… Քեզ ինչ-որ բան պե՞տք է: Դե՛, լիմոնադ, բուլկի…
– Ոչ, ոչինչ պետք չէ, — բարեհամբույր, սիրալիր ասաց Ելենան:- Շնորհակալություն:
Անուշավանը ցատկեց ներքև և անհետացավ բուֆետում: Ելենան հորանջեց, ապա նայեց ժամացույցին, որն Արսենի հարսանեկան նվերն էր. առավոտյան ժամը ինն էր: Ինչպես պատահում է մարդկանց հետ, որոնք սովոր չեն հաճախակի ուղևորությունների, Ելենան այդ գիշեր համարյա չէր քնել, և հիմա քունն անտանելի տանում էր: Ուզում էր աչքերը փակել, որպեսզի թեկուզ մեկ րոպեով ննջեր, բայց այդ պահին նկատեց տնօրենին. նա դուրս եկավ բուֆետի դռնից, կանգ առավ, ծխեց և ուղղվեց «Ուազիկի» կողմը:
– Գաբրիել Հարությունովիչ, – բացականչեց Ելենան` գլուխը դուրս հանելով բեռնատարի խցիկից:
Տնօրենը զարմացած բարձրացրեց հոնքերը և կաղալով մոտեցավ: Ելենան մեքենայից դուրս եկավ և քայլելով ընդառաջ, սեղմեց նրա մեկնած ձեռքը:
– Ո՞ւր ես գնում այս վաղ ժամին, Ելենա, – հարցրեց Բալայանը` ծուռ նայելով բեռնատարի խցիկին. այնտեղ երևաց Ելենայի ճամպրուկը: – Մեկնո՞ւմ ես, ինչ է:
Ելենան հասկացավ, որ բեռնատարով ուղևորությունը կազմակերպել է Ռուբենը, դատելով այն բանից, որ տնօրենը ոչինչ չգիտի այդ մասին:
– Ահա, – գլխով արեց Ելենան, – մեկնում եմ:
– Հասկանալի է, – ինչ-որ բանից սարսռած կծկվեց Գաբրիել Հարությունովիչը, մեքենայաբար կրկնելով, – հասկանալի է… Դե ինչ, ինչպես ասում են, բարի ճանապարհ… Իսկ ինչո՞ւ բեռնատարով: Ուրիշ մեքենա չկա՞ր: Չնայած, ի՞նչ տարբերություն, ճիշտ չէ՞…
– Ձեզ ի՞նչ է եղել, Գաբրիել Հարությունովիչ, ի՞նչ է պատահել: Դե խոսեք:
– Չէ՛, չէ՛… ամեն ինչ կարգին է… Պարզապես… դե մի տեսակ անսպասելի էր…
– Ի՞նչն էր անսպասելի:
– Չգիտեմ, Ելենա… Դե լավ, ես պետք է գնամ: Հաջողություն:
Ելենան հանկարծ հասկացավ.
– Սպասե՛ք, այդ ո՞ւր:
Տնօրենը կանգ առավ:
– Ի՞նչ է, Ելենա: Չէ՞ որ ասացի` բարի ճանապարհ:
– Օ՛յ, ինչի՜ մասին եք մտածում, Գաբրիել Հարությունովիչ, սիրելիս: Ախր ես Արսենի մոտ եմ գնում: Երեկ չէ նախորդ օրը նրանից նամակ ստացա, նա հիմա Բաքվում է, վեցերորդ գաղութում: Ես այնտեղ եմ գնում:
Գաբրիել Հարությունովիչը մի քանի ակնթարթ բթացած նայեց նրան, ասես դժվարությամբ ըմբռնելով լսածը, այնուհետև նրա դեմքը նկատելիորեն պայծառացավ, հայացքը ջերմացավ:
– Ծերանում եմ, Ելենա, գլուխս ամեն տեսակի անհեթեթություններ են խցկվում… – շփոթված ասաց նա:- Շտապ փոխել է պետք, ավելացրեց նա ձեռքը գլխին կպցնելով
Ելենան հասկացավ, որ նա չէր ների իրեն, որովհետև մարդկային յուրաքանչյուր քայլին նա ուներ հստակ անվանում: Դավաճանությունը նա չէր անվանի պարզապես թուլություն:
– Դե ինչո՞ւ եք այդպես ասում, – ասաց Ելենան, – ինչո՞ւ:
– Ասում եմ, չէ՞, ծերանում եմ, ահա և ամբողջը: Հարգանք պետք է ունենալ ծերության հանդեպ թե չէ, գրողը տանի, – փնփնթաց Բալայանը` ձգտելով չնայել նրան:
– Լավ ծերունի եք, խոսք չկա… – ծիծաղեց Ելենան:
– Աստծուց վախեցիր, Ելենա:
Ճաշարանից դուրս եկավ Անուշավանը` «Ավրորայի» երկու տուփ խցկելով գրպանը:
– Դե, գնացի՞նք:
– Ահա, գնացինք: – Ելենան շրջվեց Գաբրիել Հարությունովիչի կողմը: – Ցտեսություն, ինձ հաջողություն մաղթեք:
Նա մեկնեց ձեռքը:
– Ելենա, խիղճ է պետք ունենալ: Ասացի գլուխս շտապ պիտի փոխել՝ դու էլ հավատացի՞ր:
– Դե՛ լավ, տվեք ձեր ձեռքը:
– Մի րոպե սպասիր…
Նա շրջվեց Անուշավանի կողմը, որը սպասում էր իր բեռնատարի խցիկում:
– Լսի՛ր, Անուշավան, դու ուղիղ Ստեփանակե՞րտ ես գնում:
– Չէ՛, մինչև Մարտակերտ: Իսկ ի՞նչ է:
– Այդ դեպքում բեր այստեղ այդ ճամպրուկը:
Ելենան տարակուսանքով նայեց Բալայանին.
– Ինչո՞ւ, Գաբրիել Հարությունովիչ:
– Հասկանո՞ւմ ես, աղջիկս, ես նոր միայն հիշեցի, որ պետք է շտապ Ստեփանակերտ մեկնեմ: Ահա և մտածեցի, իսկ ինչո՞ւ միաժամանակ նաև լավ մարդուն հետս չվերցնեմ:
– Ախր դա ճիշտ չէ:
– Ճիշտ է, Ելենա, ես այնտեղ պետք է պայմանավորվեմ մի գործի մասին… Բացի դրանից, գործեր ունեմ նաև մարզային գերատեսչությունում:
Ելենան հանդիմանանքով տարուբերեց գլուխը.
– Գաբրիել Հարությունովիչ, չէ՞ որ հորինում եք:
– Այս ինչ աշխարհ է՝ ճիշտ խոսողը տեղ չունի, – ժպտաց տնօրենը, հայացքով հետևելով, թե ինչպես է Անուշավանը ճամպրուկը տանում «Ուազիկի» մոտ: – Պետք չէ բեռնախցիկ դնել: Անուշավան, դիր ուղիղ հետին նստարանին: Գնանք, Ելենա:
Նա նստեց ղեկին: Ելենան նստեց նրա կողքին. նա սիրում էր հետևել դիմացից ընթացող ճանապարհին:
Գաբրիել Հարությունովիչը դանդաղորեն մեքենան դուրս բերեց ճանապարհ, և մի երկու րոպե անց արդեն սլանում էին գետի կողքով` դուրս գալով գյուղի սահմաններից:
– Իսկ մենք չե՞նք ուշանա, – հարցրեց Ելենան` ավելի հարմար տեղավորվելով:
– Գնացքը տասնմեկն անց կես է լինելու, մենք կհասցնենք երկու անգամ գնալ այնտեղ ու վերադառնալ: Այդպիսի ցանկությո՞ւն ունես:
Ելենան ծիծաղեց ու ասաց, որ այդպիսի ցանկություն չունի, որովհետև ուզում է քնել:
– Անցիր հետևի նստատեղին, գունդուկծիկ եղիր ու քնիր, – առաջարկեց Բալայանը:
– Բայց ուզում եմ և նայել:
– Այդ մեկը չեղավ: Ստիպված ես երկուսից մեկն ընտրել:
Ճանապարհը թեքվեց դեպի անտառ: Երկու կողմերում, ճանապարհի ամբողջ երկարությամբ, ծառեր էին: Դեղնատերև ճյուղերը ծուլորեն շարժվում էին թույլ քամուց: Ամեն ինչ այնպես չէր, ինչպես անցյալ անգամ, երբ Ելենան առաջին անգամ եկավ այս վայրերով:
– Դու ինչ-որ սկսվեցիր, Ելենոչկա, – ասաց Գաբրիել Հարությունովիչը: – Գոնե նախաճաշե՞լ ես:
– Հա: Առավոտյան կերել եմ:
Գաբրիել Հարությունովիչը նայեց նրան.
– Իսկ ես դեռ ոչ:
– Բայց դուք ախր քիչ առաջ բուֆետից դուրս եկաք, – զարմացավ Ելենան:
– Իսկ ես այնտեղ գործով էի մտել: Ոչինչ չկա՞ քեզ մոտ ուտելու:
– Կա՛, հաց ու պանիր…
– Պանիր ինձ չի կարելի, բժիշկներն արգելել են: Ուրիշ բան չկա՞:
– Ես… – շփոթվեց Ելենան, – ես մտադրվել էի ճանապարհին մի բան գնել:
– Պարզ է: Դե լավ, կդիմանանք: Սոված փորով գնալը նույնիսկ օգտակար է: Ի դեպ, փողի տեսակետից ինչպե՞ս ես:
– Փող ունեմ, – հապճեպ արձագանքեց Ելենան, – շատ ունեմ:
– Դե՝ ինչքա՞ն շատ, օրինակ:
– Իսկ ձեր ինչի՞ն է պետք, – հարցրեց Ելենան, սկսելով կռահել, թե ինչ կա նրա մտքին:
– Ուզում եմ պարզել, իմաստ ունի՞ քեզ թալանել:
– Իմաստ ունի, երկու հարյուր ռուբլի ունեմ:
– Վիճակախաղո՞ւմ ես շահել, ինչ է: Գոնե գաղտնիքը հայտնիր, թե ինչպես են դա անում:
– Մեզ ախր հարսանիքին փող են նվիրել, ահա թե որտեղից: Ես հասկացա… Դուք ուզում եք իմանալ, թե Արսենի ծնողներն ինչպե՞ս են վերաբերվել իմ ուղևորությանը:
– Ա՛յ սատանան տանի, ա՛յ թե ի՜նչ կանայք են ապրում մեր օրերում:
– Երբ ես նրանց ասացի, որ ուզում եմ Արսենի մոտ գնալ, նրանք ուրախացան: Եվ տվեցին այդ երկու հարյուր ռուբլին:
– Իսկ եթե… – Գաբրիել Հարությունովիչը ավելացրեց արագությունը. սկսվում էր վերելքը: – Իսկ եթե ես հիմա կանգնեցնեմ մեքենան և նայեմ քեզ բազմափորձ հետախույզ Շերլոկ Հոլմսի աչքերո՞վ:
Ելենան ծիծաղեց.
– Ես պատկերացրի ձեզ Էրքյուլ Պուարոյի դերում: Նա էլ է հրաշալի հետախույզ: Դե լավ, հարյուր ռուբլի, – սրտնեղությամբ, բայց ժպտալով ասաց Ելենան, – մնացածը ինքս ունեի:
Երբ հասան շրջկենտրոն, Գաբրիել Հարությունովիչը կանգնեցրեց մեքենան շրջանային միլիցիայի բաժանմունքի մոտ, դուրս եկավ և ճռճռացնելով պրոթեզը, մտավ ներս, կարգադրելով Ելենային ձանձրանալ մի քսան րոպե:
– Իսկ ի՞նչ է պատահել:
– Դատարկ բան է: Մի չնչին գործ: Շուտով կգամ:
Նա իսկապես վերադարձավ քսան րոպեից:
– Դե, ահա և վերջ, հիմա կարող ենք գնալ, – ասաց նա, նորից նստելով ղեկին: – Շա՞տ ձանձրացար:
– Չէ՛, բայց ամբողջ ժամանակ վախենում էի, որ ինչ-որ մեկը կարող է ինձ ճանաչել:Չեմ ուզում տեսնող լինի:
– Ա՛յ, դրանից վախենալ պետք չէ, Ելենա: Պայմանավորվեցի՞նք:
Ելենան համաձայնությամբ գլխով արեց.
– Պայմանավորվեցինք:
– Տեսնում եմ, դու շատ խելացի աղջիկ ես, – գոհությամբ ասաց Բալայանը:
Նա ձեռքն ուզում էր արդեն գցել բանալիին, բայց ինչ-որ բան հիշելով, գրպանից ինչ-որ թուղթ հանեց ու մեկնեց Ելենային.
– Վերցրու: Վաղը, երբ հասնես գաղութ, պետք է այս նամակը հանձնել գաղութի պետին: Նրա ազգանունը Գրիգորյան է, անունը` Գուրգեն: Նա մեր կողմերից է, լավ մարդ է, Պավլիկ Բաղունցի մոտ ընկերներից է: Նամակն էլ հենց Պավլիկն է գրել: Դու գիտես Պավլիկին, այն չարաբաստիկ օրը նա եղել է մեր գյուղում: Ի դեպ, նրա կինը նույնպես ռուս է, տեղի դպրոցում է դասավանդում: Մի խոսքով, նա այստեղ գրել է, որ ամեն ինչ անեն, որպեսզի դու շուտափույթ հանդիպես Արսենին: Դու մի ՛ամաչիր, ուղիղ նրա մոտ գնա ու հանձնիր նամակը: Եվ միշտ հիշիր, որ գրվածից բացի կան և չգրված օրենքներ, և դրանցից մեկն ասում է. երբ մի դուռ փակվում է, անպայման երկու դուռ է բացվում, բայց ողջ դժբախտությունը նրա մեջ է, որ մենք շարունակ նայում ենք փակված դռանը, չմտածելով նայել բացվողներին… Եվ որպեսզի հանգիստ լինես, իմացիր, որ այստեղ ամեն ինչ օրենքով է, խնդրվում են միայն արագացնել: Ահա և ամբողջը: Պա՞րզ է:
Ելենան վերցրեց նամակը և երախտապարտ հայացքով երկար նայեց Գաբրիել Հարությունովիչին, բայց վերջինս, ասես արդեն մոռանալով այդ մասին, մեքենան շրջեց դեպի Ստեփանակերտ ընթացող խճուղին: Մի քանի րոպեից շրջկենտրոնը մնաց հետևում, ասֆալտի երկու կողմերում սփռված էին աշնանացանի ու բամբակենու ընդարձակ դաշտերը՝ մինչև վերջ բամբակը չքաղված. թե՛ այստեղ, թե՛ այնտեղ դանդաղորեն շարժվում էին գյուղատնտեսական մեքենաները:
Ելենան նստել էր Բալայանի կողքին և աչքի տակով, որքան հնարավոր է աննկատ, դիտում էր նրա կիսադեմը, փորձելով պատկերացնել, թե ինչ կմտածեր նա իր մասին, եթե ինքն իսկապես վերադառնար հարազատների մոտ` հայրենի Վոլխով:
– Գոնե մի բան պատմիր, Ելենա, –անսպասելի ասաց Բալայանը, – թե չէ շարունակ նայում ես վրաս, ասես ուզում ես հիպնոսացնել: Այդպես քունս կտանի:
Անակնկալի գալով` Ելենան շփոթվեց:
– Որտեղի՞ց գիտեք, որ ձեզ եմ նայում…
Տնօրենը ցույց տվեց հայելին.
– Քեզ տեսնում եմ այստեղ: Հապա խոստովանիր, ի՞նչ էիր մտածում քիչ առաջ:
Ելենան թեթևակի տատանվելով` անակնկալ կերպով ասաց.
– Իսկ դուք չե՞ք ծիծաղի:
– Դե՛, եթե ծիծաղելի բան լինի…
– Ես մտածում էի… իսկ ի՞նչ կմտածեիք դուք իմ մասին, եթե ես իսկապես վերադառնայի ծնողներիս մոտ:
Բալայանն անմիջապես չպատասխանեց: Նախ արագությունն ավելացրեց, շրջանցելով դիմացի բեռնատարը, և միայն դրանից հետո պատասխանեց.
– Ոչ մի բան, Ելենա, պարզապես կլռեի:
– Այսինքն, ինչպե՞ս կլռեիք:
– Չէի ասի այն, ինչ պտտվում էր լեզվիս ծայրին մինչև այն պահը, երբ բուֆետի մոտ նստեցիր իմ մեքենան: Գիտե՞ս, Ելենա, մեր հին բարի ժամանակներում, փորձառու զինվորները, այնպիսի մարդու մասին, ինչպիսին դու ես, ասում էին. «Ես նրա հետ հետախուզության կգնամ…»: Ահա այդ բառերը ես քո մասին չէի ասի:
Ելենան կարմրեց և, շրջվելով նրանից, ցածրաձայն արտաբերեց.
– Շնորհակալություն, Գաբրիել Հարությունովիչ…
Կես ժամից հասան Ելենային ծանոթ կայարանը: Բալայանը կանգնեցրեց մեքենան մերձկայարանային հրապարակում:
– Եթե ուզում ես, դուրս արի, թարմացի՛ր, – առաջարկեց նա:
– Իսկ ո՞ւր է այստեղ տոմսարկղը:
– Կգտնենք, Ելենոչկա, կգտնենք տոմսարկղը: Դու այստեղ նայիր մեքենան չգողանան, իսկ ես փնտրեմ այդ տոմսարկղը: Շուտով կգամ:
Ելենան սկսեց հետուառաջ անել մայթի վրայով` աչքը պահելով «Ուազիկի» վրա: Բավական սառն էր, հրապարակի վրա քիչ մարդ կար, բայց ձայներից դատելով, որոնք լսվում էին դռնից, երբ այն կրնկի վրա բացվում էր, սպասասրահում շատ ժողովուրդ կար: Վերին հարկի բաց պատուհանիկներից հազիվ լսելի հնչում էր երաժշտություն, ուտելիքի գրգռիչ հոտը ձգում էր իր կողմը: Ելենան ակամա խորը շնչեց, զգալով, թե ինչպես ճմլվեց սիրտը: Նա ախորժակով նայեց «Ուազիկին», այնտեղ, իր ճամպրուկում, հաց ու պանիր կար: Ուզում էր նետվել, բացել ճամպրուկը, բայց վախենում էր հանկարծ Բալայանը գար այդ պահին: Ամոթ էր: Նա ինչ-որ շատ ուշացավ: Ելենան տագնապով նայեց ժամացույցին: Իսկ եթե բոլոր տոմսերը վաճառվա՞ծ լինեն: Մոռանալով ուտելիքի մասին` նա վճռականորեն ուզում էր գնալ փնտրելու տոմսարկղը, բայց նույն պահին հիշեց մեքենայի մասին, որը թողնված էր իր հսկողությանը: Ահա և Գաբրիել Հարությունովիչը: Դանդաղորեն իջնում էր նա լայն, առանց բազրիքի աստիճաններով:
– Դե ինչ, Ելենա, երևի մրսել ես և հիմա սրտանց հայհոյում ես ինձ, – ասաց Գաբրիել Հարությունովիչ: – Տոմսը վերցրել եմ, – ավելացրեց նա` գործարար տեսքով բանալիով փակելով ավտոմեքենայի դուռը: – Իսկ հիմա գնանք:
– Ո՞ւր գնանք:
– Չէ՞ որ քեզ ասացի` սոված եմ, գնանք մի կտոր հաց ուտենք:
– Դուք սոված եք, դուք էլ գնացեք, իսկ ես կուշտ եմ:
– Ես քեզ չեմ առաջարկում հաց ուտել, գիտեմ, որ կուշտ ես, բայց անհարմար է, հո մենակ չե՞մ գնալու ռեստորան:
Ելենան սարսափեց.
– Ե՞ս: Ռեստորա՞ն: Ախր ես կյանքում այնտեղ չեմ եղել:
– Ճիշտ էլ արել ես, որ չես եղել, դա պարկեշտ կնոջ տեղը չէ, – հաշտվողաբար համաձայնեց Գաբրիել Հարությունովիչը` ձգտելով թաքցնել ակամա ժպիտը: – Բայց մեկ անգամ, կարծում եմ, կարելի է համարձակվել, խոհրդային փառահեղ բանակի դժբախտ վետերանին օգնության կարգով:
Որքան էլ Ելենան փորձեց պահպանել ձայնի չեզոք երանգը, ոչինչ չստացվեց. «խոհրդային փառահեղ բանակի դժբախտ վետերանի» հիշատակությունը ոչնչացչրեց նրա բոլոր ջանքերը: Նա ծիծաղից փռթկացրեց, ապա մտասույզ տարուբերեց գլուխը:
– Ա՜յ թե… Առաջին անգամ եմ տեսնում համոզելու այսպիսի՜ վարպետություն: Դե լավ, գնանք: Միայն թե հաշվի առեք, որ հակառակ ձեր սպասումների, ես ամբողջը կուտեմ, ինչ որ կբերեն:
– Հուսով եմ, որ ինձ գոնե մի կտոր քարթու հաց կթողնես:
Դուրս գալով ռեստորանից, նրանք փողոցով ներքև գնացին: Գաբրիել Հարությունովիչը մեքենայից դուրս բերեց Ելենայի իրերը` ճամպրուկն ու պայուսակը, դրեց մայթին ու նայեց ժամացույցին:
Կայարանի շենքից դուրս եկավ երկարամազ մատուցողը, որը սպասարկում էր նրանց, կրծքին սեղմած մի մեծ թղթե փաթեթ, պռնկեպռունկ լցված ինչ-որ բաներով:
Բալայանը վերցրեց փաթեթը և փոխանցեց Ելենային:
– Սա ի՞նչ է, – մտովի կշռելով բավականին ծանր փաթեթը, ապշած հարցրեց Ելենան:
– Կտանես Արսենին:
Ելենան այնպես նայեց նրան, ասես առաջին անգամ էր տեսնում:
– Գաբրիել Հարությունովիչ, հարազա՜տս, այս որքա՜ն հոգս պատճառեցի ձեզ:
Բալայանը, ասես չլսելով նրան, շարունակեց.
– Քոնը ներքևի նստատեղում է:
– Իսկ տո՞մսը:
– Սա էլ քո տոմսը, մի՛ փնթփնթա, ու թող մեկը համարձակվի քեզ գնացքից դուրս հանել, վայրկենապես թերթում կգրենք: Մենք մեր գյուղական թղթակիցն ունենք` Սանթրիկ Սիմոնյանը: Նույնիսկ երկու թղթակից` Սանթրիկն ու Սերգեյ Վարունցը: Կասեմ, կգրեն: Ի՞նչ է պատահել…
– Չէ, ես չեմ ծիծաղում…
– Իսկ ինչո՞ւ չես ծիծաղում:
– Ծիծաղում եմ:
– Ու լավ էլ անում ես: Իմացիր, Աստված ուզում է քեզ երջանկացնել, դրա համար էլ քեզ տանում է դժվար ճանապարհով, որովհետև երջանկության տանող հեշտ ճանապարհ չկա: Այնպես որ, իսկական ծիծաղը արևի լույս է տանդ մեջ: Միշտ պետք է ծիծաղել, բոլոր իրավիճակներում:
– Այդպես էլ անում եմ:
– Ճիշտ ես անում, – նա մեկնեց ձեռքը: – Դե, իսկ հիմա եկ հրաժեշտ տանք, քեզ բարի ճանապարհ, աղջիկս, ու բարի վերադարձ:
ԳԼՈՒԽ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ
Առավոտյան, երբ գնացքը կանգ առավ, և ուղևորները աճապարեցին, իրենց ճամպրուկներով շտապելով դեպի ելքը, Ելենան իր կողքին տղամարդու ձայն լսեց.
– Բարև ձեզ: Դո՞ւք եք Ելենան:
Նա արագ շրջվեց` վախեցած նայելով անծանոթին:
Ոչ բարձրահասակ, մոտ հիսուն տարեկան, ծանրամարտիկի նման թեք ուսերով, տեղ-տեղ ճերմակած լայն բեղերով, որոնք հաստաշուրթ բերանի երկու կողմերից կախվել էին ներքև: Թանձր հոնքերի տակից նայում էին անսպասելիորեն ճառագուն ծիծաղկոտ աչքեր:
– Այո: Իսկ դո՞ւք ով եք:
– Ես Էդուարդ Արկադևիչ Գյորգյանն եմ, ձեզ համար պարզապես Էդուարդ: Ինձ Գաբրիել Հարությունովիչն է զանգահարել և խնդրել դիմավորել ձեզ:
– Իսկ ինձ ոչինչ չի ասել, – շփոթված արձագանքեց Ելենան:
– Նա այդպիսին է, – ծիծաղեց Էդուարդը: – Այնպես որ, կարող եք վստահել ինձ: Որտե՞ղ են ձեր իրերը: Սրա՞նք են: – Նա վերցրեց ճամպրուկը, որը նրա ձեռքին անկշիռ թվաց (դե դա իսկապես անկշիռ էր. մի քանի զույգ սպիտակեղեն և տաք շորեր Արսենի համար, մեկ էլ թղթե փաթեթ, որը երեկ բերեց մատուցողը): – Դե, շարժվեցինք:
Նրանք դուրս եկան կայարանամերձ հրապարակ, որը չնայած վաղ ժամին, հիշեցնում էր մեծ մրջնաբույն. բոլոր ուղղություններով այն հատում էին տարբեր մակնիշների ու գույնի ավտոբուսներ, ավտոմեքենաներ, իրենց գործերով վազող հետիոտներ, և բոլորը շտապում էին, աճապարում այնպես, որ Ելենայի աչքերը շաղվեցին: Հրապարակի շուրջը շարված էին երկու տասնյակ ավտոմեքենաներ: Էդուարդը գրպանից հանեց բանալին, բացեց կարմիր «Մոսկվիչի» դուռը, Ելենայի իրերը դասավորեց բեռնախցիկում:
– Նստեք: Ուզում եք` հետևում, ուզում եք` իմ կողքին:
– Ո՛չ, հետևում չեմ ուզում, ուզում եմ ձեր կողքին, որպեսզի տեսնեմ քաղաքը: Ես դեռ ոչ մի անգամ չեմ եղել Բաքվում:
– Այդ դեպքում մենք այսպես կանենք. նախ կշրջենք կենտրոնական փողոցներով:
– Ոչ, ոչ, – ընդհատեց Ելենան, – ուղիղ գաղութ: Իսկ քաղաքը վերադարձի ճանապարհին էլ կտեսնեմ:
– Բայց դուք պետք է հանգստանաք ճանապարհից…
– Աստված իմ, այդ ի՜նչ եմ արել, որ մի բան էլ հանգստանամ: Իմ փոխարեն ուրիշներն են արել, նույնիսկ տոմս չեմ առել, ամեն ինչ պատրաստ եմ եկել:
Էդուարդն ակամա ժպտաց նրա անաղարտ մաքրության վրա:
– Ինչ արած, թող ձեր ասածով լինի: Գաղութ, ուրեմն՝ գաղութ:
Շուրջ քառասուն րոպե նա մեքենան վարում էր քաղաքի կենտրոնական մասերում, որտեղ, չնայած վաղ ժամին, անսովոր աղմուկ էր, լեցուն տրամվայների ու բեռնատարների դղրդյունով, մարդկային բազմությամբ, մուեձինի միապաղաղ ձայնով, որով նամազի էր կանչում հավատացյալներին: Ելենայի աչքերը կկոցվում էին գովազդների բազմերանգ գույներից, խանութների ցուցափեղկերից, վահանակներից, տների ապակիների փայլից: Նա նայում էր այդ ամենին հմայված, ինքն էլ չիմանալով, հիացնո՞ւմ է իրեն այդ վիթխարի, աղմկոտ, բազմամարդ քաղաքը, թե՞ վախեցնում: Մինչ այդ նա երբեք չէր եղել մեծ քաղաքներում, բացի Լենինգրադից, այն էլ հպանցիկ (իհարկե, նա երազանք ուներ լինել Մոսկվայում և Կիևում, բայց դա այդպես էլ երազանք մնաց): Նա մտովի համեմատում էր իր հայրենի Վոլխովի հետ, որտեղ մարդիկ դեմքով համարյա գիտեին միմյանց: Դրա համար էլ այս աղմուկը առաջին րոպեներին շշմեցրել էր նրան, նա շփոթված պտտում էր գլուխը, փորձելով տեսնել, հայացքով ընդգրկել ամենը, ինչ լողում էր կողքով, սուրում, կայծկլտում շլացուցիչ փայլով:
– Ե՞րբ է վերջանալու քաղաքը, – անհամբերությամբ հարցրեց նա: – Մի՞թե այսքան մեծ է:
– Արվարձանների հետ միասին շատ մեծ է, վերջ չունի, – պատասխանեց Էդուարդը:
Ելենան տարակուսանքով նայեց նրան, բայց ոչինչ արտաբերել չհասցրեց. փողոցի երկայնքով շարված ծառերի արանքով, որտեղով նրանք ընթանում էին, փայլատակեց ծովը` կապտաոսկեգույն, կուրացուցիչ: Երևում էին արևի տակ պսպղացող զբոսանավերը:
– Գիտե՞ք, ես երբեք չեմ տեսել նման գեղեցկություն, – հիացավ Ելենան: – Սա շատ զարմանալի է, նույնիսկ աչքերիդ չես հավատում: Իսկ այստեղից գաղութը հեռո՞ւ է:
– Մըմմմ… – կմկմաց Էդուարդը, – ինչպես ասեմ… Գաղութը քաղաքից դուրս է, Բյոյուքշորում, դա «Բինա» օդանավակայանի կողմում է: Մենք հիմա հակառակ ուղղությամբ ենք գնում:
Ելենան անակնկալի եկավ.
– Ինչպե՞ս թե հակառակ:
– Հասկանում եք, Ելենա, բանն այն է, որ ձեր ամուսինը հիմա այնտեղ չի լինի: Նրանց այս ժամերին տանում են աշխատանքի: Ես դեռ երեկ եմ տեղեկացել: Նրանք կվերադառնան միայն երեկոյան: Եվ ի՞նչ իմաստ ունի այնտեղ գնալը: Հիմարություն է, ճի՞շտ է:
– Ուրեմն մենք մինչև երեկո այստե՞ղ պիտի մնանք:
– Իսկ ինչո՞ւ այստեղ: Մենք հիմա կգնանք մեր տուն, Դուք թեյ կխմեք, կհանգստանաք, ձեզ կարգի կբերեք, իսկ ժամը հինգի կողմերն էլ կգնանք գաղութ:
– Հինգի՞ն, – նա նայեց ժամացույցին, դեռ ժամը տասը չկար: – Աստված իմ, ամբողջ յոթ ժամ սպասել, երբ նա այստեղ է, կողքիդ: Ես խելքս կկորցնեմ….
– Չեք կորցնի, եթե մինչև հիմա չեք կորցրել, հիմա էլ չեք կորցնի– հանգստացրեց նրան Էդուարդը: – Գնանք, մենք այստեղ մոտ ենք ապրում:
Ելենան տատանվեց: Նա բնականաբար հասկանում էր, որ Էդուարդը ճիշտ է, հիմարություն է փողոցում մինչև ժամը հինգը սպասելը: Բայց ներքուստ նա պատրաստ չէր նման անսպասելի շրջադարձի: Նա այլ կերպ էր պատկերացնում. ահա կմոտենա պատուհանին, կասի, ով է ինքը և ում մոտ է եկել, իրեն կտանեն մի մեծ, դատարկ սենյակ, կարգադրելով նստել աթոռակին ու սպասել, հետո ներս կմտնի Արսենը, հագած գծավոր վերնաշապիկ ու անդրավարտիք, սափրած գլխով, ձեռքերը դրած մեջքին, խստահայաց հսկիչի ուղեկցությամբ և այլ նման բաներ, ինչպես կինոյում: Բայց ամեն ինչ բոլորովին այլ կերպ եղավ: Պարզվում է, Արսենը նստած չէ մութ խցում, այլ գնացել է աշխատանքի: Նրա մտքում շատ վատ էին արտահայտված «բանտ», «ազատազրկում», «կալանավոր» բառերը: Բայց ինչ կարող էր անել:
– Դե գնանք, եթե այդպես է… – հառաչեց Ելենան:
Էդուարդն ապրում էր Բաքվի առափնյա զբոսայգուց ոչ հեռու, մեծ ու հին մի շենքի երրորդ հարկում: Մինչև դուռը կբացվեր՝ ներսից մեղմ ծորում էր Բրամսի համար մեկ սոնատը՝ ջութակի և դաշնամուրի համար, որը Ելենան շատ էր սիրում: Դուռը բացեց քառասունամյա մի կին, թխադեմ, հաստ հոնքերով, որոնց ասես նրբունելի չէր դիպել կյանքում:
– Բարև Ձեզ, – ասաց նա լայն ու բարեկամական ժպիտով, – Դուք Ելենան եք:
Ելենան երկչոտ մեկնեց ձեռքը, կինն ամուր սեղմեց, տղամարդու նման, ասելով իր անունը` Ռիմա: Ելենան թեթևակի զարմացած էր. թվաց, թե այդ կնոջն ինչ-որ տեղ տեսել է… Քիչ անց, որոշ չափով հարմարվելով, նա այնուամենայնիվ հարցրեց, թե որտե՞ղ կարող է տեսած լինել իրեն: Ի պատասխան Ռիման ծիծաղեց.
– Դու ինձ չես տեսել, Լենոչկա, դու Գաբրիելին ես տեսել, մենք շատ նման ենք, չէ՞ որ նա իմ հարազատ եղբայրն է: Բայց մի՞թե նա չի ասել:
– Այո, նա ոչինչ չի ասել, – Ելենան անմիջապես իրեն այնքան թեթևացած զգաց այդ տան մեջ:
– Նա բացառիկ է, – ժպտաց Էդուարդը:
– Դուք էլ պակասը չեք, բարեկամաբար ժպտալով ասաց Ելենան:- Երկու ժամ ման էիք ածում ինձ քաղաքում և մի անգամ չասացիք այդ մասին:
– Դե՛ դուք ինձ չհարցրիք, իսկ ես մտածում էի, թե գիտեք:
– Լենոչկա, – խոսակցությանը միացավ Ռիման` սփռոցով ծածկելով սեղանը, – տղամարդկանց հետ իմ բախտը չի բերում՝ և Գաբրիելը, և Էդուարդը, այնպես որ նրանց հետ մի վիճիր: Ավելի լավ է` գնա բաղնիք ու լվացվիր, իսկ հետո կնախաճաշենք:
– Ահա, հիմա, – պատասխանեց Ելենան, դուրս եկավ միջանցք, որտեղ դրված էին նրա իրերը, և վերադարձավ մի մեծ փաթեթ գրկած:
– Դա ի՞նչ է:
– Օ՛յ, միայն իմանաք, ինչ ասես չի խցկել այստեղ Գաբրիել Հարությունովիչը: – Նա սեղանին դրեց մի կապ ապխտած երշիկ, երեք տապակած հավ, խնամքով փաթաթված ցելոֆանի մեջ, տասնյակի չափ նարինջ, նույնքան էլ խնձոր, մի մեծ կտոր պանիր, մեծ տարայով շպրոտ…
Էդուարդն ու Ռիման ժպիտով հետևում էին, նրանց զվարճացնում էր Ելենայի մանկական գործարարությունը:
– Ահա… – թեթևացած հոգոց հանեց Ելենան` փաթեթը ամբողջությամբ սեղանին դատարկելով:
– Իսկ ինչո՞ւ այդ ամբողջը հանեցիր, – հարցրեց Ռիման:
– Ինչպե՞ս թե՝ ինչու: Որ նախաճաշենք:
– Նախաճաշի համար մենք մի ուրիշ բան կգտնենք, իսկ սա կտանես ամուսնուդ, միասին կուտեք:
– Մեզ երևի չթողնեն միասին լինենք, այնպես որ ուտել չենք կարողանա:
– Դուք սխալվում եք, Ելենոչկա, – միացավ Էդուարդը: – Դուք միասին եք լինելու երեք օր, դրա համար էլ Գաբրիելը այդ ամենը դրել է քեզ հետ…
Ելենան նույնիսկ գունատվեց.
– Երեք օ՞ր… Ամբողջ երեք օ՞ր… Բայց ախր…
– Իսկ ի՞նչ է, Գաբրիելն այդ մասին չի՞ ասել, – հարցրեց Ռիման: – Դե ահա, ասում եմ, չէ՞, իմ տղամարդիկ անհաջողակ են…
– Բայց… որտե՞ղ պիտի լինենք մենք այդ երեք օրը:
– Այնտեղ հատուկ տեղեր կան նրանց համար, ովքեր հեռվից են գալիս: Հո բոլո՞րը չէ, որ կարող են հյուրանոցում տեղավորվել:
Ելենան անսպասելիությունից ապշած որոշ ժամանակ այնպես էր նայում տանտերերին, ասես խեղդվողը նայեր իր փրկարարներին, հետո նրա կապտականաչ աչքերը լցվեցին արցունքով, իսկ շուրթերին լուսավորվեց երջանիկ ժպիտ:
– Ամբողջ երե՜ք օր, Աստվա՜ծ իմ, ես նույնիսկ մտածել չէի համարձակվի…
Ռիման, նայելով նրան, ծիծաղեց, թեպետ ինքն էլ հազիվ էր զսպում արցունքները.
– Դե լավ, լավ: Մի կողմ թողնենք հույզերը, պետք է ամրապնդվել: Լենոչկա, օգնիր այս ամենը տեղավորել սառանարանում, միայն թե արագ, մենք սովից մեռնում ենք:
Ելենան սեղանի վրա ոգևորված խոսում էր, պատմում այն մասին, թե ինչպես ամբողջ ճանապարհին Գաբրիել Հարությունովիչը խաբել է իրեն, ձևացնելով, թե գործեր ունի մարզգործկոմում, թե սարսափելի սոված է… Նրանք լսում էին ու ծիծաղում:
ԳԼՈՒԽ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Առջևում Ելենան տեսավ բարձր պատեր, որոնք վերևում փշալարերով էին պատված, և կրծքի անսպասելի ցավով հասկացավ, որ հենց դա է բանտը:
– Ո՞ւր է նամակը, որի մասին ասում էիք, – հարցրեց Էդուարդը:
Ելենան գրպանից հանեց Մարակերտի շրջանային ավտոտեսչության պետ Պավլիկ Բաղունցի գրած նամակը և փոխանցեց Էդուարդին: Նրա ձեռքերը նկատելի դողդողում էին: Էդուարդը, նրան առույգացնելու համար, ժպտաց.
– Համարձակ եղեք, Ելենա, դուք ուժեղ մարդ եք:
– Ես ոչինչ, ես առույգ եմ… – կմկմաց Ելենան` վախի ու տարակուսանքի խառնազգացումով, նայելով մեկ առանց ճաղերի երկաթե դարպասին, մեկ քարե բարձրաբերձ պատերին:
Եվ զարմանալի էր, նրա գլխում պարզապես չէր տեղավորվում, որ այս խուլ, կույր ու անզգա պատի հետևում գտնվում է նրա Արսենը, թեպետ գիտեր, որ նա իսկապես այնտեղ է: Նա հստակորեն պատկերացնում էր այս պատի հետևում քարե շենքերը, ճաղապատ պատուհանների շարքերը, գիշերաշորի նմանվող գծավոր զգեստներով մարդկանց, բայց, ա՛յ, պատկերացնել Արսենին այդ մարդկանց մեջ` չէր հաջողվում, որքան էլ փորձում էր: Դրա համար էլ Արսենի հետ սպասվելիք հանդիպումը նա չէր ընկալում որպես շոշափելի իրական ինչ-որ բան: Մտքերը խառնաշփոթ էին, բայց խորունկ մտածելով՝ նա սարսափեց այն բանից, որ իրեն ավելի շատ հուզում էին այս խուլ պատը և առանց ճաղերի դարպասը՝ ժամապահը մուտքի դռան կողքին, որտեղից ներս մտավ Էդուարդը: Ու նաև , և այս մարդիկ՝ իրենց երեխաների հետ, ցանցատոպրակներով, հալումաշ եղած, ուժասպառ, հոգնաբեկ (ով գիտի, որքան ժամանակ էին սպասում, որպեսզի հանդիպեին իրենց հարազատին, որը հայտնվել էր այդ պատի հետևում` իր մեղքով, թե չար դիտավորությամբ, պատահաբար, թե հիմարությամբ), այս ամենը հուզում էր ավելի, քան հանդիպումը ամուսնու հետ: Բանականությամբ նա, իհարկե, հասկանում էր, որ այդ հանդիպումը կկայանա, գուցե և մի քանի րոպեից, բայց սիրտը հրաժարվում էր դա ընդունել որպես իրականություն:
Շուտով վերադարձավ Էդուարդը: Ելենան հարցրեց.
– Դե՛ ի՞նչ:
– Ամեն ինչ կարգին է:
– Տեսա՞ք նրան:
– Ո՞ւմ:
– Դե՛ Արսենին:
Էդուարդը շփոթվեց, բայց հետո գտավ իրեն, գլխի ընկելով, թե ինչ պատասխանի, ծիծաղեց.
– Ինչո՞ւ ես: Դուք ինքներդ կտեսնեք նրան:
Ելենան այնպես նայեց նրան, ասես առաջին անգամ իմացավ, որ հանդիպելու է ամուսնուն:
– Ըհը… իսկ ե՞րբ:
– Դե ահա, ես եկել եմ ձեր հետևից, – նա մեքենայից դուրս բերեց ճամպրուկն ու զամբյուղը: – Իսկ նամակը փոխանցել եմ գաղութի պետին: Գնանք:
– Ահա, հիմա, – արձագանքեց Ելենան անբնական ձայնով, բայց տեղից չշարժվեց:
– Ի՞նչ է կատարվում ձեզ հետ, Ելենա:
– Չգիտեմ… ինձ այնպիսի անդուր դող է համակել… ինքս էլ չգիտեմ:
Էդուարդը հասկանալով ժպտաց.
– Ոչինչ, հիմա կանցնի:
Նրանք մոտեցան երկաթե ճաղերին, որոնք քսան քայլ հեռու էին դարպասից: Առաջաթեք ինքնաձիգով զինվորը բացեց դուռը` ներս թողնելով նրանց երկար ու նեղ միջանցքը: Դուռը նրանց հետևում փակվեց, լսվեց սողնակի մետաղական զնգոցը: Միջանցքում գերեզմանային մթություն տիրեց, բայց հաջորդ րոպեին մյուս ծայրում ինչ-որ բան ասես ծանր ու գվվոցով ճարճատեց, երկաթե դուռ էր, ծանր բացվեց, լույսը հորդեց ներս: Բակի վրա էր բացվում դուռը: Ելենան բնազդաբար բռնեց Էդուարդի արմունկից: Նրանք մոտեցան այդ երկրորդ դռանը: Դռան բացվածքի մյուս կողմում կագնած էին երկու ինքնաձիգավոր: Նրանցից մեկը, գրեթե հասակով, ճերմակող փարթամ բեղերով և քարեղեն դեմքով, կարճ, բայց խիստ այնպես նայեց Ելենային, որ աղջիկը ակամա, այդ հայացքից ազդված, ցածրաձայն ասաց.
– Զդրաստի…
Բեղավորը, սակայն չպատասխանեց, և Ելենան որոշեց, որ նրանց չի թույլատրվում խոսել կողմնակի մարդկանց հետ: Նա միայն գլխի շարժումով կարգադրեց հետևել իրեն:
– Մեր հեռախոսահամարը գիտեք, – ասաց Էդուարդը, – պետք լինի, զանգահարեք: Նույնիսկ` եթե գիշերով, հասկացա՞ք:
– Ահա… – մեքենայաբար արձագանքեց Ելենան, վերցնելով նրանից ճամպրուկը և պայուսակը, քայլեց դեպի բակ, լսելով, թե ինչպես թիկունքում դղրդոցով փակվեց դուռը:
Նա քայլեց բակով բեղավոր ինքնաձիգավորի կողքով, և ամեն ինչ նրա մեջ քարացավ: Չհամարձակվելով բարձրացնել գլուխը` տեսնում էր միայն փայլուն ճտքակոշիկներ, որոնք հստակորեն ու համաչափորեն փոխարինում էին մեկը մյուսին, սկզբում ձախը, հետո աջը, ձախը… աջը… Միայն մեկ անգամ նա ձայն լսեց, և գլուխը բարձրացնելով, տեսավ, թե ինչպես երկու պահակային ուղեկցորդ ընդառաջ էին բերում մի կալանավորի, որը ձեռքերը դրել էր թիկունքին: Երբ նրանք հավասարվեցին, կլանավորը, հանկարծ զարմանքից բերանը լայն բացած՝ մի ակնթարթ քարացավ տեղում՝ աչքերը չռած նայելով Ելենային, խրխռան ձանով վգվնգաց, պսպղացնելով մեկումեջ ոսկե ատամները.
– Հարյուր տարի սրա նմանը չէի՜ տեսել… ո՜ւխ, կխժռեի ոսկորներով, – և այնպիսի անպատկառ բառեր սկսեց շարել, որ Ելենան մի կողմ թռավ, ոնց որ երկրաշարժի ցնցումից:
Պահակային ուղեկցորդներից մեկը անտարբերությամբ, կարգ պահպանելու համար, բղավեց նրա վրա.
– Ձայնդ կտրի՛, թե չէ հիմա…
Ելենային թվում էր, թե այս ճանապարհը երբեք չի ավարտվի, այնքան երկար քայլեցին… Բայց երբ վերջապես կանգ առան քարե մի շինության առաջ և բեղավոր ուղեկցորդը շխկշխկացրեց բանալիների խուրձըը, փնտրելով անհրաժեշտ բանալին, Ելենան հետ նայեց ու տեսավ, որ նրանք ընդամենը հատել են բակը, այսինքն` անցել էին հարյուր քայլից ոչ ավելի: Բեղավորը վերջապես գտավ անհրաժեշտ բանալին և բացեց դուռը:
Սենյակը, որում նրանք հայտնվեցին, միջին չափերի էր, մոտ քսան մետր մակերեսով, բայց կահավորանքի աղքատության պատճառով թվում էր ավելի ընդարձակ. երկու երկաթե մահճակալ, սեղան և երկու աթոռակ: Միակ պատուհանը պատված էր երկաթե ճաղաշարով, պատերը ճերմակեցված էին կրաշաղախով, ո՛չ զգեստապահարան կար, ո՛չ էլ նույնիսկ վերարկուի հանդերձարան:
– Այնտեղ խոհանոցն է, – ասաց ուղեկցորդ պահակը, ցույց տալով հարևան սենյակի դուռը:
– Ահա, շնորհակալություն…
Ուղեկցորդը մատնացույց արեց մթերքի զամբյուղը:
– Բացեք:
– Ի՞նչը բացեմ, – զարմացավ Ելենան:
– Ներսում ի՞նչ կա:
Ելենան զամբյուղը հապճեպ դրեց սեղանին և սկսեց պարունակությունը դուրս հանել:
Պահակը ուշադրությամբ հետևում էր նրա շարժումներին:
– Ալկոհոլ չկա՞: Օղի, գինի:
– Օղի՞: Ո՛չ, ինչ եք ասում: Ոչ էլ գինի:
– Դեղորա՞յք, թմրանյութե՞ր:
– Ո՛չ, ո՛չ: Ահա այստեղ է ամբողջը, ինչ բերել եմ:
– Լավ, – բավարարված գլխով արեց ոխղեկցորդ պահակը: – Դուք այստեղ տեղավորվեք, հիմա նրան կբերեն: – Ապա փոքր-ինչ հապաղելով մեղմորեն ավելացրեց, – Գիտե՞ք, չի թույլատրվում… Թմրանյութերը, այսինքս…
– Այո, իհարկե, հասկանում եմ, – գլխով արեց Ելենան:
Պահակը գնաց` դրսից կողպելով դուռը: Մնալով միայնակ` Ելենան հանկարծ սարսափելի հոգնություն զգաց: Նստեց աթոռակին և ինքնամփոփ, չտեսնող աչքերով նայեց փակված դռանը: Ձեռքերը, ոտքերը, մարմինը ասես քարացած լինեին: Ինչի մասին նա մտածում էր (եթե նրա մեջ դեռ պահպանվել էր ինչ-որ բանի մասին մտածելու ունակություն…), ոչ մի կապ չուներ իրականության հետ: Դա սովորական քուն էր թվում և հավանաբար Ելենան չէր զարմանա, եթե հանկարծ սկսեր ճախրել սենյակով մեկ, կամ բացվեր դուռը, և ներս մտնեին իր հայրն ու մայրը. ինչ ասես չէր կարող լինել երազի մեջ… Նա գիտեր, որ հիմա Արսենին կբերեն, ամբողջովին գծավոր հագած, նա կկանգնի դռան մոտ և կզարմանա, հետո կնետվի գրկելու իրեն, հնարավոր է, նույնիսկ լաց կլինի, այո, այդպես էլ կա, լաց կլինի… և դա նրան բոլորովին չէր հուզում, չեր վախեցնում և չէր ուրախացնում, որովհետև ինչ ասես` չէր կարող պատահել երազի մեջ…
Հանկարծ Ելենան հասկացավ, որ այդպես չի կարելի, որ պետք է ինչ-որ բան անել, ինչ-որ բանով զբաղվել, որպեսզի ձերբազատվի քարացածությունից, իրականության զգացողություն ձեռք բերի: Բայց ի՞նչ անել: «…Ահա, այո, հավաքել այս ամենը սեղանից` հավերը, նարինջները, խնձորները… Եվ տանել խոհանոց: Այո, այո, դա պետք է անել անհապաղ…»: Պառավ կնկա նման երկու ձեռքերով նա հենվեց ծնկներին, որպեսզի օգնի իրեն վեր կենալ աթոռակից, բայց ձեռքերը սահեցին սև բրդե փեշի վրայով, և նա թողեց վեր կենալու փորձը: Հավաքել կարելի է և հետո, երբ Արսենը գա: Իսկ հիմա նա սարսափելի ուզում է քնել, պարզապես քնել, ասես ողջ շաբաթ չի քնել: Միայն երկու րոպե, ընդամենը երկու րոպե ննջի, և վերջ, ուշքի կգա: Ելենան նայեց անկողնուն, ոչ թե հիացմունքով, ինչպես կնայեր մարդը, ով սարսափելի ուզում է քնել, այլ անտարբերությամբ, գրեթե ինքնաբերաբար, գիտենալով, որ չի պառկի այնտեղ, որովհետև դեռ մի քանի րոպե առաջ, երբ մտավ այս սենյակը և տեսավ անկողինը` հավաքված հավանաբար մաքուր, բայց հաճախակի լվանալուց դեղնած սպիտակեղենով և գորշ ծածկոցներով, նա ցնցվեց նողկանքի անորոշ զգացումից, որը չէր անցել և հիմա: Նա երևի բառերով չէր կարող բացատրել, թե որտեղից էր այդ զգացողությունը:
Ելենան իրենից հեռու, դեպի սեղանի կենտրոնը մղեց բերած մթերքը և ազատված անկյունում ձեռքերը ծալապատիկ անելով, դեմքով հենվելով ձեռքերին, վայրկենապես ննջեց ծանր, տագնապալից քնով: Բայց դա տևեց ընդամենը մի քանի րոպե: Կամ գուցե այդպես թվաց: Այդ կեղեքող լռության մեջ նա ակամա հիշեց այն օրը, երբ գնաց Արսեն մոտ, Լենինգրադ: Այդ օրը հիմա թվում էր այնքան հեռու, ասես ուրիշ կյանքից: Այն ժամանակ Արսենը ավարտել էր իր ինստիտուտը, և նրանք երկար քայլում էին Ելագինյան զբոսայգու հզոր կվենիների տակ: Ելենան ապրում էր այդ պայծառ ամառային օրով, ինքն էլ չհասկանալով, ինչու հատկապես հենց այդ օրն էր իրեն ուրախացնում, և ինչով էր այդ օրն առանձնահատուկ, որ հիշվեց ընդմիշտ: Այդ օրը նա կարող էր վերակերտել հիշողության մեջ գրեթե րոպե առ րոպե. արթնացավ, երբ ժամացույցը ցույց էր տալիս առավոտյան ժամը հինգը, պետք էր շտապել` հասցնելու համար ծեգի ավտոբուսին: Իսկ այնտեղ դեռ երեքուկես ժամ էլ ճանապարհ էր անցնելու: Նրա մեծագույն ցանկությունն էր շուտափույթ հանդիպել Արսենին և, որքան հնարավոր է, երկար ժամանակ անցկացնել միասին, որովհետև երեկոյան նա դեռ պետք է վերադառնար տուն, իսկ Արսենը մի քանի օրից ընդմիշտ պետք է գնար հայրենիք՝ Ղարաբաղ: Երկուսին էլ հայտնի չէր, թե երբ կրկին կարող էին հանդիպել և արդյո՞ք կհանդիպեին երբևէ:
Նա դեռ երբեք չէր հանդիպել Արսենին տնից այդքան հեռու: Առաջին անգամ էր, որ նա իրեն կանչել էր իր մոտ: Նա շփոթված էր, որ չի հասցնի Արսենին ասել ամեն ինչ: Ելենան միշտ գրում էր նրան և ասում հեռախոսով, որ իրեն միշտ չի բավարարում այն ժամանակը, որն անհրաժեշտ է ասելու համար ամեն ինչ. ժամանակը թռչում էր անկանգ: Նա մշտապես ուզում էր զգալ նրան իր կողքին, ուզում էր բռնել ձեռքը… Բայց կյանքում միշտ չէ, որ լինում է այնպես, ինչպես ուզում ես, և Ելենան հասկանում էր դա:
Նախորդ երեկոյան Ելենան շատ էր մտածել, թե ինչ հագնի, որպեսզի ավելի համակրելի լինի նրա համար: Նա ուզում էր լինել գեղեցիկ, ինչպես երբեք, և ընտրեց անսովոր գորշաերկնագույն ամառային զգեստը: Դա երկար էր մինչև գետին, իսկ կտորը հաճելիորեն գրկում էր մարմինը, և բացելով ուսերը, իրեն ինչ-որ յուրահատուկ փայլ էր տալիս: Այդ հանդերձին հարմար էր գեղեցիկ զարդագրով շղթան, որը բացառիկ նշանակություն ուներ Ելենայի համար, քանի որ գնել էր հենց Արսենը, և նա երբեք իր վրայից չէր հանում:
Ելենան ամեն ինչ հստակ հիշում էր. դուրս գալով մետրոյից, նա բազմության մեջ աչքերով փնտրում էր նրան, այրվելով որքան հնարավոր է շուտ նրան գրկելու, համբուրելու ցանկությունից, զգալու այն ջերմությունը, որը մշտապես չէր հերիքել նրան…
Գեղեցիկ, թուխ, բարձրահասակ՝ Արսենը կանգնել էր փողոցի մյուս կողմում: Ելենան հեռվից նկատեց նրան և գրեթե վազեց նրա կողմը, ուշադրություն չդարձնելով ոչ ոքի, և կրկին, ինչպես իրենց առաջին հանդիպմանը Վոլխովում, նա ասաց. «Որքան քնքուշ ու գեղեցիկ ես դու…»: Ելենան գիտեր, որ դա այդպես է, որովհետև միշտ որսում էր իրեն ուղղված տղամարդկանց հայացքները, բայց այն օրից, երբ առաջին անգամ տեսավ նրան, սրտում միայն մեկն էր` Արսենը: Նա իրեն ասաց. «Ես քեզ սիրում եմ»: Ելենան կատակով պատասխանեց. «Ապացուցիր»: «Ինչպե՞ս», – հարցրեց Արսենը: Ելենան ծիծաղեց. «Ճչա, որ սիրում ես, որպեսզի ամբողջ աշխարհում լսվի»: Արսենը գրկեց նրան և ցածրաձայն ականջին շշնջաց. «Ես սիրում եմ քեզ»: Այդ բառերից նրա սիրտն ուրախությունից մարեց: Ժպտալով նա հարցրեց. «Ինչո՞ւ այդքան ցածր և ինչո՞ւ ականջիս»: Նա պատասխանեց. «Որովհետև ամողջ աշխարհն ինձ համար դու ես»: Եվ հետո ավելացրեց. «Դու անչափ գեղեցիկ աչքեր ունես, հմայիչ ժպիտ և վարակիչ ծիծաղ… Դու հմայիչ ես, մի քիչ նման ես հին հունական աստվածուհու և թվում է, – ասաց, – որ քո ծնողները քեզ համար շքանշանի են արժանի»: Հետո ասաց, որ այսքան երջանիկ չի եղել, որքան իր հետ շփվելիս: Ահա թե ինչու Ելագինյան զբոսայգու այդ օրն այդքան հիշարժան դարձավ: Ելենան նրա հետ իրեն զգում էր հանգիստ ու վստահ, նրա հետ իրեն համար միշտ հեշտ է ու հարմարավետ: Նա ծիծաղում էր և ուրախանում, հոգնություն չկար երկար ճանապարհից, ամեն բան սքողում էր հանդիպման ուրախությունը: Նա իրեն երջանիկ էր զգում, որ նա կա, և ինքը կարող է երջանկացնել նրան:
Այդ օրը արևոտ էր ու տաք: Զբոսայգում շատ մարդ կար. բոլորն ուրախանում էին արևոտ օրով, և նույնիսկ սկյուռը, որը անտառից վազեց նրանց ընդառաջ, թվում էր, ուրախանում է արևով և ինչ-որ համեղ բան է խնդրում, բոլորովին չվախենալով: Հետո նրանք նստեցին ամառային սրճարանում, և Արսենն իսկույն սկսեց նրան ելակ հյուրասիրել: Ելենան գիտեր, որ Արսենին դուր են գալիս իր շուրթերը: Եվ զգում էր, թե ինչպես է նա խելքահան լինում, երբ նայում էր իր շուրթերին, ուստի երբեք թույլ չէր տալիս իրեն հատապտուղ վերցնել. դա պետք է աներ միայն նա, վայելելով, դիտելով իր շուրթերը:
Այդ օրը նրանք խոսում էին ամեն ինչի և ոչնչի մասին: Նրանք ծիծաղում էին և կատակում և համբուրվում: Նրանք իրենց այնքա՜ն լավ էին զգում, և Ելենան չէր ուզում նույնիսկ մտածել, որ մի քանի ժամից պետք է վերադառնար… Նա ուզում էր լսել Արսենին, անչափ հաճելի էր նրան ականջ դնելը: Նա ասում էր. «Դու կուրացուցիչ ժպիտ ունես, Լենուլ, քո հմայքը շշմեցուցիչ է, դու այնքան գեղեցիկ ես ու բարեկազմ, քո շուրթերը գայթակղիչ են, ես սիրում եմ քեզ, որովհետև չսիրել քեզ անհնար է…»: Ելենան ուզում էր, որ այդ օրը երկար լիներ: Նա ունկնդրում էր թռչունների դայլայլը, նայում էր կապուտակ երկնքին, ուրախանում էր զգացմունքների այն մաքրությամբ ու նրա հանդեպ ունեցած այն մեծ սիրով, որը հանգրվանել էր իր սրտում…
Խլացուցիչ դղրդաց դռան սողնակը: Ելենան վախեցած ուղղվեց, ուժգին բաբախող սրտով դեռևս չգիտակցելով, թե որտեղ է ինքը և որտեղից է այդ դղրդոցը: Հետո հիշեց և նայեց միջանցքի կողմը: Ի զարմանս իրեն, դուռն այնքան ուժեղ չէր դղրդում, որքան իրեն թվաց նիրհի և հիշողությունների ժամանակ: Միջանցքում հնչեցին ծանր քայլեր, և դռան բացվածքում երևաց Արսենը: Ելենան անմիջապես չճանաչեց նրան: Նա գծավոր համազգեստով չէր, ինչպես սպասում էր Ելենան, այլ ինչ-որ կոշտ կտորից սև հագուստով, որը նման էր բրեզենտի, և նույնպիսի անդրավարտիքով, որը քիչ կարճ էր նրա հագով: Մազերը խուզված էին մեքենայով, և ճակատի վերևում տարօրինակ և անծանոթ սպիտակին էր տալիս հին, երևի մանուկ հասակում ստացած մի սպի: Այդ սպին նա դատարանում չէր նկատել: Արսենը կանգնել էր դռան բացվածքում և զարմանքով ու շփոթված նայում էր Ելենային, նրա նիհարած թուխ դեմքին սառել էր ժպիտը` հիշեցնելով զսպվող անտանելի ցավի ծամածռություն: Ելենան նայում էր Արսենին, ճանաչելով ու չճանաչելով նրան, ուժ չգտնելով բարձրանալ ու մոտենալ: Սիրտը բաբախում էր հանդարտ, հավասարաչափ, և նա վախենում էր այդ հանդարտությունից, քանի որ գիտեր, որ այդպես չի լինում. մարդիկ նման րոպեներին լալիս են, ողողվում արցունքներով, քարանում են միմյանց գրկում: Իսկ Արսենը կանգնել էր դռան մոտ և նայում էր իրեն, ասես վարանելով քայլել դեպի ներս, իսկ նրա թիկունքում երևում էր բեղավոր մի ուղեկցորդ պահակ` ինքնաձիգը պատրաստ բռնած, նա անտարբերորեն նայում էր մերթ Արսենին, մերթ Ելենային: Այնուհետև նա ասաց.
– Առաջ գնա:
Ասես արթնանալով, Արսենը ցնցվեց, շրջվեց նրա կողմը, ապա ծանրորեն փոխելով ոտքերը, եկավ Ելենայի մոտ, որը դեռ նստած էր իջեցված ձեռքերով, գրկեց ուսերը, բարձրացրեց աթոռակից և սկսեց համբուրել ձեռքերը, երեսը, մազերը, շշնջալով լարածի նման.
– Ի՞նչ է, Լենոչկա, ինչո՞ւ… ինչո՞ւ ես այդպես…
Իսկ Ելենան խելահեղ զարկվում, թպրտում էր նրա գրկում` հեծկլտալով առանց արցունքների, նույնպես շշնջալով.
– Ոչինչ, ես հիմա… հիմա…
Դղրդոցով փակվեց երկաթյա ծանր դուռը: Դա արթնացրեց նրանց զգացմունքները: Նրանք շրջվեցին հետ. պահակն արդեն չկար:
– Դե՛, ավելի լավ, – ասաց Արսենը` բաց թողնելով նրան գրկից:
Ելենան հանկարծ եռանդով լցվեց, սկսեց սեղանին դնել իր բերած ուտելիքը:
– Սա քեզ… հավ… նարինջ… հնդկական թեյ… ահա ծխախոտ, տասը տուփ…
Արսենը տարակուսանքով նայեց նրան:
– Սպասիր, Լեն, – բռնեց նրա ձեռքը և նստեցրեց աթոռակին, ինքն էլ նստեց կողքին, մյուսի վրա, – դեռ կհասցնենք, ես այստեղ սովից չեմ մեռնում:
– Հա, իհարկե, հետո կհասցնենք, –անկամ համաձայնեց Ելենան, – հիմա ամբողջը կտանեմ խոհանոց…
– Պետք չէ, թող մնա: Պատմիր, ավելի լավ է, թե ինչպես այստեղ հասար:
– Այսպես, շատ պարզ, ստացա քո նամակը, նստեցի գնացք և եկա…
Արսենը քմծիծաղեց.
– Իսկապես, շատ պարզ, նստեցիր ու եկար… Ինչպե՞ս են տանը:
– Տանը ամեն ինչ լավ է: Ե՛վ հայրիկը, և՛ մայրիկը, և՛ մորաքույրը քեզ շատ բարևներ են անում:
– Իսկ մյուսնե՞րը, – տագնապած հարցրեց Արսենը` ակամա ցածրացնելով ձայնը: – Դե՛, Մուշեղը… – քրոջ անունը տալ չէր համարձակվում:
Ելենան, հասցնելով ուշքի գալ, նրա ձայնի մեջ անսովոր երկչոտություն որսաց:
– Գալուց առաջ եղա նրանց մոտ: Մուշեղը տանը չէր, գործով նրան ինչ-որ տեղ էին ուղարկել: Իսկ Արփիկը տանն էր:
– Ինչպե՞ս է նա:
– Լավ: Միասին լաց եղանք, հետո ինձ համբուրեց, կարգադրեց փոխանցել քեզ, որ այստեղ ոչ մի բանի մասին չանհանգստանաս և չհիվանդանաս…
– Ճի՞շտ ես ասում:
– Ճիշտ, – հաստատուն պատասխանեց Ելենան` ուղիղ նայելով նրա աչքերի մեջ:
Թեպետ ճիշտ չէր ասում: Գալու նախորդ օրը իսկապես գնացել էր Արփիկի մոտ, բայց նա չէր կամեցել նույնիսկ խոսել իր հետ, միայն ասել էր կոպտորեն. «Դու այս տունն էլ չգաս…»: Որդու կորստից հետո վիշտը նոր էր սկսել դաժանացնել նրան: Նախկինում վիշտ չէր, ցնցում էր տեղի ունեցածից: Վիշտը գալիս է հետո, իսկ նրա հետ էլ դաժանությունը, ամենայն հավանականությամբ, ոչ առանց մորաքույր Անուշի, ինչպես մտածում էր Ելենան: Տալը նույնպես իրեն համարում էր պատահարի անուղղակի պատճառ: Ապացուցել հակառակը և առողջ դատողության հրավիրել` անհուսալի էր արդեն: «Բայց գուցե պետք է որևէ բան փոխանցել Արսենին, չէ՞ որ նա ձեր եղբայրն է, – թոթովել էր Ելենան, անասելի ջանք գործադրելով, որպեզի լաց չլինի: – Լավ, ասենք, ես օտար եմ, իսկ նա ձեր հարազատ եղբայրն է»: «Ես եղբայր չունեմ, – ընդհատել էր Արփիկը, – կար եղբայր, իսկ հիմա չկա… Այդպես էլ փոխանցիր նրան»: Ելենան հառաչել էր ու պատասխանել. «Արփիկ, ես դա չեմ փոխանցի, դուք դա բորբոքված վիճակում եք ասում»: Եվ հեռացել էր դառը արտասվելով: Իսկ այստեղ տեղին չէր դա պատմել Արսենին, և ի՞նչ իմաստ ուներ…
Ելենայի կաշկանդվածությունը վերջնականապես անցավ: Նա վեր կացավ, հանեց կուրտկան, գցեց պատուհանագոգին, հետո տնարարությամբ հավաքեց սեղանից բերած մթերքը և տարավ խոհանոց:
Խոհանոցը մեծ չէր, երկու մարդ չէին կարող անցնել: Տեղադրված էր նոր գազօջախ, բայց գազը դեռ միացված չէր: Այդ պատճառով էլ գազօջախի վրա դրված էր մեկ ուրիշ, ժանգոտած էլեկտրական սալօջախ: Ելենան միացրեց այն և ափը մոտեցրեց պարույրին: Սալօջախից ջերմություն էր գալիս:
– Սարքի՞ն է:
Ելենան անսպասելիությունից ցնցվեց. Արսենը խոհանոց էր մտել անաղմուկ:
– Այն էլ ինչպես, – ասաց Ելենան` տաքացնելով կծկված մատները:
– Այստեղ սառն է, չեն վառում, – ասաց Արսենը, ափերը եռանդուն դնելով նրա ուսերին: – Եվ ո՞վ է քեզ օգնել ինձ մոտ գալ:
– Գաբրիել Հարությունովիչը: – Նա կարճ պատմեց, թե ինչպես է նրա հետ եկել մինչև մարզկենտրոն: – Սկզբում, երբ ես ասացի, որ գնում եմ, նա նույնիսկ այլայլվեց, որոշելով, թե ես հեռանում եմ մերոնց մոտ: Բայց հետո, ոչինչ…
– Եվ քեզ սարսափելի չէ՞ր այստեղ մտնելը:
– Մի քիչ, – խոստովանեց Ելենան, – հատկապես, երբ ինձ ուղեկցեցին բակով…
– Դա կոչվում է «զոնա», – քմծիծաղեց Արսենը: – Այստեղ ուրիշ լեզու է, ժամանակակից ժարգոն, որով արտահայտվում են բանտերում ու ճամբարներում: Զոնայի գլխավորը օրենքով գողն է, հանցագործ աշխարհի կուռքը, իսկ «տղամարդը»` նրան ասում են «մուժիկ» օրենքով գողի հենարանն է, իսկ կալանավորների բանտախուցը կոչվում է«կամերա»: Գողական աշխարհում ամեն ինչ պետք է համապատասխանի կյանքի սեփական կերպարին… Կարճ ասած, այդ բակը կոչվում է զոնա:
Ելենան ձեռքով շոշափեց նրա չսափրած այտը.
– Ոչինչ, զոնա է, թող լինի զոնա, ինչ-որ կերպ կհաղթահարենք, ճի՞շտ է:
Արսենը խուլ հառաչեց և ասաց.
– Քեզ ամեն դեպքում պետք էր գնալ…
– Ո՞ւր գնալ: Ճակատագրից չես փախչի, այն միշտ մեզ հետ է:
– Եվ ինչպիսի՞ն է քո ճակատագիրը:
– Հիմարիկ, իմ հիմարիկ:
Արսենը խլեց նրա ձեռքերը, սկսեց քնքշորեն համբուրել, շշնջալով.
– Անվախս…Դու իմ անվախս…
– Ես ախր սիրելի ամուսնու մոտ եմ եկել, ես քեզ մոտ եմ եկել, քեզ մոտ նույնիսկ մինչև Սիբիր կգայի, ինչպես դեկաբրիստների կանայք են հարյուր հիսուն տարի առաջ գնացել իրենց սիրելի ամուսինների ետևից: Կգայի, որովհետև դու իմ սիրելի ամուսինն ես, իմ սիրտն ու հոգին, երջանկությունն ես, իմ կյանքն ու իմ շնչառությունն ես… — Ելենան նայում էր նրա խոնարհված սափրված գլխին՝ սպին վրան, որը անսովոր սպիտակին էր տալիս կարճ, հազիվ աճած մազերի միջից և մայրական քնքշանքի տաք ալիքը դանդաղորեն պարուրում էր նրան: Այդ պահին նա իրեն ավելի մեծ էր զգում Արսենից: Եվ հնարավոր է, որ այդ պատճառով է մտածել այն մասին, որ իր հայտնությունը այստեղ Արսենը, երևի սխրանքի շարքն է դասում: Դա և՛ ծիծաղելի, և՛ հաճելի էր թվում միաժամանակ: «Ժամանակը զարմանալի բան է,- շշնջաց Ելենան: – Նա այնքան քիչ է, երբ ուշանում ես, և այնքան շատ` երբ սպասում ես… Գոնե դու շուտ ազատվեիր…»:
Արսենը բարձրացրեց գլուխը և նայեց նրան. Ելենայի հյութեղ շուրթերը ժպտում էին, բայց կապույտ աչքերը արցունքով էին ողողված:
– Որքա՞ն է դեռ մնացել քեզ… Երեք տարի՞…
– Ավելի քիչ, Լենոչկա:
– Ինչպե՞ս ավելի քիչ:
– Ըստ օրենքի, միջին և թեթև հանցագործությունների համար դատապարտյալը պետք է նստի վճռի մեկ երրորդից ոչ պակաս: Բացի դրանից, ես այստեղ, կարծես թե բարի համբավ ունեմ, եթե այսպես գնա, ինձ կարող են բաց թողնել մեկ կամ մեկուկես տարի շուտ:
Ելենան նայում էր նրան քնքշանքով և փոքր-ինչ զարմանքով. իրականում նրան թվում էր, թե երեք տարին այնքան էլ շատ չէ՞, կամ գուցե չէ՞ր կարողանում իրեն սփոփել: Համեմատած չորս տարվա հետ, թերևս…
– Ինչպե՞ս ես զգում քեզ այստեղ, սիրելիս:
Արսենը հայացքը հեռացրեց և պատասխանեց խուսափողաբար.
– Բանտ է, Լենոչկա… – բայց տեսնելով, որ նա սպասում է ավելի լիարժեք պատասխանի, ավելացրեց չուզենալով, – ուտում ենք, աշխատւմ, նույնիսկ աշխատավարձ են տալիս… գրադարան էլ կա… կինո են ցուցադրում…
Նա ցանկանում էր դրանով ավարտել, բայց չհաջողվեց: Ելենան սպասում էր:
– Այն չէ, ինչ ազատության մեջ, իհարկե: – Արսենը ժպտաց և շարունակեց` նայելով սալօջախի շիկացած պարույրին: – Երեք բան եմ միայն կարոտում` քեզ, ծնողներիս ու իմ խաղողի այգիները:
– Ինձ թույլ են տվել քեզ հետ մնալ երեք օր, – ասաց Ելենան:
– Գիտեմ, – գլխով արեց նա և, թողնելով նրա ուսերը, քայլեց խոհանոցում, մի խնձոր վերցրեց սեղանից, հոտ քաշեց, ապա նորից դրեց տեղը: – Միայն թե դու… այստեղ չես մնա:
Ելենան ապշահար նայեց նրան.
– Ինչպե՞ս թե, չեմ մնա: Ինձ ախր թույլատրել են:
– Այստեղ քո տեղը չէ, – համառորեն արտաբերեց Արսենը` հիվանդագին կնճռոտվելով:
Ելենան մի հայացք նետեց խոհանոցին:
– Ինչպե՞ս թե իմ տեղը չէ, – զարմացավ նա: – Ես արդեն այստեղ եմ: Կլինեմ այստեղ երկու ժամ, թե երեք օր, ի՞նչ տարբերություն: Ա՜յ քեզ բան, մի՞թե վատ կլինի, որ այդ երեք օրը ապրես մարդկային պայմաններում: Տես, որքան ուտելիք կա այստեղ, երեք օր մեզ հերիք է, դեռ մի բան էլ կմնա: Ամբողջը Գաբրիել Հարությունովիչն է առել: Ես քեզ, ինչպես պետքն է, կկերակրեմ, և դու նորից կարգին տեսք կունենաս: Մի՞թե չես ուզում կարգին տեսք ունենալ: – Եվ չսպասելով պատասխանի` ինքն էլ պատասխանեց, – ուզում ես, գիտեմ, որ ուզում ես:
Նա աննկատելիորեն անցավ կատակի, հասկանալով, որ ճակատային գրոհը ոչ մի լավ բանի չի բերի: Հասկանում էր նաև, թե ինչու Արսենը չի ուզում, որ նա մնա այստեղ երեք օր: Չէ՞ որ նա հստակ ասաց. «Այստեղ քո տեղը չէ»: Ելենան կռահում էր, որ նա իրեն իրավունք չի վերապահում երեք օր պահել իրեն այստեղ: Բանտը բանտ է, որ կողմից ուզում ես` նայիր, ոչինչ չի փոխվի: Բայց չէ՞ որ նրան պարզապես անհրաժեշտ էր, որ ինքը մնա, որպեսզի նա, թեկուզ երեք օրով, կտրվեր այդ բանտային մթնոլորտից, զգար կնոջն իր կողքին, շնչեր նրա հետ նույն օդը. դա նրան ուժ կտար, հոգու հենարան կլիներ:
– Չէ՛, – համառորեն պնդեց Արսենը:
Ելենան այդ բացականչությունը չլսելու տալով շարունակեց նույն կատակային տոնով, ներքին ձայնով զգալով, որ այդ տոնը այս պահին ամենահարմարն է, քանի որ ընդգծում է իր բնական, սովորական պահանջը` մնալ այստեղ, և դրա մեջ չկա ոչ մի անձնազոհություն կամ սխրագործություն:
– Ես քեզ համար այստեղ այնպիսի հարմարություններ կստեղծեմ, որ հսկիչների նախանձը կշարժվի, իրենք կվազեն կրակի կողմը: Պատուհաններին վարագույրներ կկախեմ… Իսկ դու մի ծիծաղիր, քեզ ճիշտն եմ ասում:
Արսենն իսկապես չդիմացավ և ցածրաձայն ծիծաղեց` լսելով վարագույրների մասին: Նա անմիջապես պատկերացրեց գունավոր վարագույրները տեսակցության սենյակի պատուհաններին և հսկիչների զարմացած հայացքները, երբ գիշերվա կեսին վրա տան ստուգելու` հո կարգ խախտողներ չկա՞ն…
– Հիմարություն մի արա, Լենա…
– Հիմարություն չեմ անում: Լուրջ եմ ասում: Հենց դրա համար էլ վերցրել եմ մայրիկի հին գլխաշորը: Մտածում էի, եթե տեսակցություն թույլ չտան, դրանով քեզ ուտելիք կուղարկեմ: Այդ գլխաշորը երկու կես կանեմ, եզրին թել կկապեմ, թել նույնպես ունեմ… Լավ վարագույր դուրս կգա: Ես հիմա, հենց հիմա…
Նա անմիջապես ուզում էր գործի անցնել, բայց Արսենը կանխեց.
– Չի թույլատրվում, Լենոչկա:
– Չի՞ թույլատրվում: Վարագույր չի՞ թույլատրվում: Ինչո՞ւ:
– Այստեղ շատ բան չի թույլատրվում: Դու մոռանում ես, որ սա բանտ է, և ոչ թե հանգստյան տուն կամ առողջարան: Ոչինչ չի ստացվի, Լենուլիկ, չի կարելի, մենք հիմա մի քիչ կզրուցենք, մի կտոր հաց կուտենք, իսկ հետո դու կվերադառնաս տուն:
– Ինչպե՞ս թե տուն, – վրդովվեց Ելենան, – իմ տունը երեք օրով այստեղ է: Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա, քանի դեռ ինձ ուժով չեն վռնդել:
Ծիծաղելով Արսենն ասաց, որ դա տեղի կունենա շատ շուտով:
– Հենց հայտնվի ուղեկցորդ պահակախումբը, ես կասեմ, որ քեզ այստեղից տանեն:
– Իրավունք չունես, – բացականչեց Ելենան` ինքն էլ հազիվ զսպելով ծիծաղը, ոչ այնքան իր ձևական խաղարկային տոնի համար, որքան նրա համար, ինչ հիմա պատրաստվում էր ասել: – Ես քո օրինական կինն եմ և այստեղ եմ եկել օրինական հիմքերով, ղեկավարությունն ինձ թույլատրել է: Եվ ես լիարժեք իրավունք ունեմ պահանջելու, որպեսզի դու կատարես քո ամուսնական պարտականությունները: Ամուսնական անգործունեության համար, ինքս եմ կարդացել, անգլիացի կանայք դատի են տալիս իրենց ամուսիններին…
Հանկարծ նա պապանձվեց, ուշացումով նկատելով, թե Արսենի երեսից ժպիտն ինչպես է անհետանում, տեղի տալով տառապալից արտահայտության, և նրա ողջ եռանդը, նրա ողջ սիրալիր ձևականությունը, վայրկենապես ցնդեց, անհետացավ, ասես քամին քշեց տարավ: Եվ մնաց միայն այն, ինչը զգում էր իրապես, եթե մի կողմ նետեր դերասանությունը, որը նախատեսված էր Արսենի համար: Մնաց միայն հոգնությունը, թախիծը, ցավը, որ ամեն բան իրենց կյանքում դասավորվում է ոչ այնպես, ինչպես պետք է, և նրա կատակային տոնը ոչնչով չհամոզեց Արսենին, չխաբեց, նա չխաղաց իր հետ, դերասանություն չարեց: Ոչինչ չօգնեց, և ահա նա գրեթե շնչակտուր եղավ, այլևս զորություն չունեցավ խաղը շարունակել մինչև վերջ:
Ելենան ուժաբեկ նստեց աթոռակին, ներքևից վեր նայեց Արսենին և, դժվարությամբ ծիծաղ պատկերելով դեմքին, ասաց.
– Ահա և վերջ… Սպառվեցի… Ուզեցի լավ բան անեմ, երևում է, չեմ կարողանում… ներիր ինձ, սիրելիս…
Արսենը պոռթկումով իջավ գետնին, դեմքը խրեց նրա ծնկների մեջ, ամբողջովին զգացմունքներով լի, իր շնչառության ջերմությունը հաղորդելով նրան:
– Ներիր, Լենոչկա, Աստծու սիրուն, ներիր…
Ելենան բարձրացրեց նրա գլուխը, սեղմեց կրծքին, շուրթերով հպվելով նրա տաք ու կոշտացած այտերին, սկսեց շոյել նրա երեսը:
– Ի՞նչ ես ասում, սիրելիս, ի՞նչ ես արել, որ ներեմ…
– Տանջեցի, փշրեցի քեզ:
– Ինձ չէ, քեզ փշրեցիր, հարազատս: Ինձ ի՞նչ, ոնց որ գորտը՝ ջրում, ինձ ոչինչ… – նա նորից իրեն ավելի տարեց զգաց նրանից և ուժեղ:
Վերստին մայրական քնքշանքը տաք ալիքի պես անցավ նրա մարմնով: Եվ հենց այդ զգացումը, իր ներքին հոգեկան գերազանցության անսպասելի գիտակցումը՝ այդ դժվարին պահին, նրան նոր ուժ տվեց ու արիություն, որպեսզի անի այն, ինչը նա երբեք չէր կարող անել, համենայն դեպս, նման իրավիճակում: Երկու ձեռքերով նա բարձրացրեց ամուսնու արտասվալից դեմքը.
– Ի՞նչ ես անում, պետք չէ, հարազատս, ախր մենք ուժեղ ու դիմացկուն ենք, այնպես չէ՞:
Նա ձգվեց դեպի Արսենը, երկարատև ու հյութալի համբույրով կառչեց նրա կիսաբաց շուրթերից, իսկապե՞ս կրքոտ, թե՞ կիրք նմանակելով (նա երևի ինքն էլ չգիտեր), դա չէր նրա համար այլևս կարևորը, կարևորն այլ էր. որպեսզի նա ոչ միայն գիտակցությամբ, այլ իր մարմնի յուրաքանչյուր բջիջով, բոլոր իր զգայարաններով, քանի՞սն էին դրանք` հի՞նգը, վե՞ցը, տա՞սը, քսա՞նը, հասկանար, որ նա մենակ չէ իր դժբախտության մեջ, որ այդ դժբախտությունը իր հետ կիսում է ինքը` նրա կինը, նրա Ելենան, նույնիսկ եթե իր կողքին չէ: Լարված սպասելով, նա հանկարծ ամենայն թեթևությամբ և զուտ կանացի սնափառությամբ զգաց, թե ինչպես Արսենի ձեռքը, անվստահ, գրեթե երկյուղով, սահեց իր ազդրով դեպ վեր:
– Մի բան եմ հիմա միայն ափսոսում… – արտաբերեց նա կիսաձայն:
– Ի՞նչ, ի՞նչ ես ափսոսում, – հապճեպ շշնջոցով հարցրեց Ելենան, վախենալով, որ հիմա նորից նրան կվերադառնա անիմաստ, երիցս անիծված սթափությունը: – Ի՞նչ ես ափսոսում, սիրելիս, միակս, ասա՛… – շշնջում էր նա, այս անգամ գիտակցաբար մարմնական կիրք նմանակելով:
– Այն եմ ափսոսում, որ կոպիտ ու անտաշ վայրենի չեմ, որի համար ամեն ինչ մեկ է…
– Իսկ դու որոշ ժամանակով դարձիր վայրենի: Կոպիտ ու անտաշ վայրենի… Վայրենիները երևի հեշտ են ապրում, և քեզ էլ հեշտ կլինի… Եղիր վայրենի: Գրկիր ինձ, փաղաքշիր, ինչպես դու կարողանում ես, այնպես եմ կարոտել քո փաղաքշանքը, որքա՜ն եմ դա սիրում… – կարկամ արտաբերեց նա հազիվ շնչելով, հեղձուկը դեմ էր առնում կոկորդում, և ջանալով չփղձկալ, Ելենան, փակեց աչքերը, զգալով, թե ինչպես ողջ մարմնով վազեց թեթև դողը, արդեն գրեթե կիրք չարթնացնելով, նրա մեջ դանդաղորեն, մեծ դժվարությամբ էր այդ կիրքը ծնվում: – Ինձ գիրկդ առ, սիրելիս… Հիշո՞ւմ ես, ինչպես էիր դա անում տանը:
– Լենա, Լենոչկա, Լենուլյա, սիրելիս, Լենուսիկ, քաղցրիկս, հարազատս, – կրքից ընդհատվող ձայնով, լարումից շնչասպառ լինելով` շշնջում էր Արսենը, – սիրում եմ քեզ, խանդում ու խենթանում եմ քեզ համար: Սիրում եմ, սիրում եմ և փափագում: Դու իմ երջանկությունն ես, իմ կյանքը…
Գրկելով ու սեղմելով իրեն Ելենայի բարակ ու քնքուշ մարմինը, նա ձեռքերով անհամբերությամբ շոյում էր նրա ուսերը, ներքև իջնելով մեջքով և զգալով անրակների միջև եղած նուրբ փոսիկը, որը դյութում էր սլացիկ կորությամբ: Արսենի կրքոտ շուրթերը ծածկում էին Ելենային նուրբ համբույրներով, մարմինն այրվում էր գրգիռներից, իսկ շունչն ասես հրդեհում: Իսկ երբ Արսենի ձեռքը կանգ առավ նրա ազդրին, նա հանկարծ սեղմվեց սարսափի պոռթկումից, խառնված մերձեցեման տարփանքի հետ:
– Ինձ ձեռքերիդ մեջ առ ու ոչինչ մի ասա…
Արսենն ուղղվեց, թեթևությամբ բարձրացրեց նրան ձեռքերին ու տարավ անկողիններից մեկի վրա, հանեց կոշիկները, շտապ-շտապ դողացող մատներով սկսեց արձակել վերնազգեստի կոճակները, տենդագին համբուրելով նրա պարանոցը և ուսերը, ուրախանալով, որ կարողացավ ազատվել իր քարե կաշկանդվածությունից և վախենալով, որ ամեն րոպե կարող է նորից հայտնվել դրա մեջ: Ո՛չ, մոռանա՛լ, մոռանալ, թեկուզ մեկ օրով, թեկուզ մեկ ժամով, մոռանալ որտեղ ես, ինչու ես այստեղ, սուզվել անսպասելիության, անգուշակելի երջանկության քաղցրաբույր հորձանուտը…
Անիծյալ սթափությունն ու կաշկանդվածությունը վերադարձավ ակնթարթապես ու կոպտորեն, վայրենի քրքիջով՝ նրանց նորից հետ թողնելով սահմանից այն կողմը, որը նրանք այնքան մեծ դժվարությամբ էին հաղթահարել: Դղրդաց բացվող դուռը, Ելենան արագ ցատկեց անկողնուց, մի ձեռքով հարդարելով մազերը, մյուսով պահելով կրծքի մասում արձակված վերնաշապիկը, միևնույն ժամանակ ձեռքերը դողում էին ու չէին ենթարկվում: Դռան մեջ հայտնվեց ինչ-որ մեծահասակ ուղեկցորդ և, անշտապ շոյելով իր սափրած այտը, քմծիծաղեց, նայելով մերթ Արսենին, մերթ Ելենային: Ելենան վախեցած բռնեց Արսենի ձեռքը և սկսեց աննկատ, ինչպես իրեն էր թվում, բացել ամուսնու ակամա բռունցքված մատները:
– Առանց հիմարությունների, – հանգիստ ասաց պահակը` ամենայն հավանականությամբ, նկատելով այդ բռունցքը: – Ամեն ինչ կարգի՞ն է:
Արսենի մատները հանդարտորեն բացվեցին: Նա և Ելենան հապճեպորեն գլխով արեցին:
– Եթե քո կինը կցանկանա որևէ բան գնել, խանութը հեռու չէ, երկրորդ զոնայում է:
– Շնորհակալություն, – ասաց Ելենան, կրկին գլխով անելով:
– Շնորհակալություն, քաղաքացի պետ, – ասաց Արսենը:
Հսկիչը շուռ եկավ, որպեսզի դուրս գնա, բայց դռան առջև կանգ առավ և ասաց.
– Նախ անկողնուց վերցրեք ծածկոցը… Չի թույլատրվում…
Եվ դուրս գնաց:
Արյունը խփեց Ելենայի երեսին: Նա սահեց անկողնու եզրին, ձեռքերը դրեց այրվող այտերին:
– Աստված իմ, ի՜նչ ամոթ է…
Արսենը կնճռոտվեց, մի ոտքից հենվեց մյուսին, ճտճտացրեց մատների հոդերը, չհամարձակվելով որևէ բան ասել: Նա իրեն անարգված զգաց: Եվ գիտակցելով իր մեղքը Ելենայի առաջ, որ տրվել էր րոպեական թուլության, ինչն այդպես դաժանորեն վերածվեց ամենածանր վիրավորանքի, որը կարելի էր պատճառել կնոջը, առավել ևս երիտասարդ և նման կարգի կենցաղային դժվարությունների մեջ չթրծված կնոջը:
Որոշ ժամանակ այդպես կանգնելուց հետո նա անվստահորեն, ասես չկամենալով վախեցնել, ափով շոշափեց նրա գլուխը և շշնջաց.
– Լեն…
– Ինչո՞ւ դուռը չէիր կողպել, – կտրուկ հարցրեց նա:
– Ինչո՞վ կողպեի, Լեն:
– Ինչպե՞ս թե ինչով, կեռիկով, սողնակով:
– Ո՛չ կեռիկ կա, ո՛չ էլ սողնակ: Ներսից հնարավոր չէ փակել:
– Ինչո՞ւ:
– Չի թույլատրվում, սա բանտ է, Լենոչկա, ոչ թե հյուրանոց: Դու միշտ մոռանում ես այդ մասին: Ինձ էլ ստիպեցիր մոռանալ: Դա ինձ երբեք չեմ ների…
– Ներիր, սիրելիս: Ես երևի վերջին հիմարն եմ: Բայց այնպես եմ քեզ սիրում: Թվում է, հիմա սիրտս կբացեմ, քեզ կառնեմ սրտիս մեջ ու կտանեմ ինձ հետ հեռու այստեղից…
Արսենը նայեց պատուհանին.
– Մութն ընկնում է, Լենոչկա, դու պետք է գնաս:
– Հա, ժամանակն է… – ասես ուրիշի ձայնով արձագանքեց Ելենան:
Արսենի ներսում ամեն բան սեղմվում էր ցավից: Ելենան հեռանում էր ոգեթափ եղած, ստորացած: Բայց որևէ բան փոխելն այլևս ուշ էր:
– Դու ասացիր, որ ունես Գաբրիել Հարությունովիչի քրոջ հեռախոսահամարը:
– Հա… – ընկճված շշնջաց Ելենան, ասես նոր էր միայն հասկանում, որ գնում է:
– Դարպասի մոտ հարցրու, թե որտեղից կարելի է զանգահարել, թող անմիջապես գա:
Նա բռնեց Ելենայի ուսերից, բարձրացրեց, օգնեց հագնել կուրտկան:
– Մի վշտացիր, Լենուլս, – ասաց Արսենը` համբուրելով նրան, – գուցե և լավ էր, որ մենք այս մի բանի միջով էլ անցանք:
– Այո, գուցե և լավ էր… – ցածրաձայն կրկնեց Ելենան:
– Չէ՞ որ՝ ոչ ոք ոչինչ չգիտի:
– Այո, ոչ ոք, – ասաց Ելենան` կոճկելով բոլոր կոճակները:
Նա նայեց Արսենին անսպասելիորեն չոր, փոս ընկած աչքերով.
– Դե՛ ահա… և հանդեպեցինք… Իսկ ինչպես էի ուզում երեք օր մնալ քեզ հետ… Չհասցրեցի անգամ քո խաղողի այգիների մասին պատմել…
– Այնտեղ երևի Ռուբեն Գրիգորյանն է ինձ փոխարինել:
– Քեզ ոչ ոք չի փոխարինել, նա է ինձ ասել: Նա առաջվա նման բրիգադիր է: Ահա և ամբողջը:
– Դու այլևս մի արի, Լենոչկա, մինչև ես չնստեմ ամբողջը:
Ելենան ձեռքերը դրեց նրա ուսերին.
– Լավ, հարազատս, թանկս: Այլևս չեմ գա:
Արցունքները հոսում էին նրա աչքերից, բայց նա չէր էլ մտածում սրբել:
– Գնա, երևի, այնտեղ` զոնայում, կտեսնես այն տարեց հսկիչին, որը բերեց ինձ այստեղ, նրանից էլ հարցրու, թե որտեղից կարելի է զանգահարել, նա կասի:
– Լավ, դու ինձ կուղեկցե՞ս:
– Չէ, Լենոչկա, – Արսենը ստիպեց իրեն ժպտալ:
Ելենայի շուրթերը դողացին:
– Աաա՜, – հասկանալով ձգեց նա:
Նայեց շուրջը` հո որևէ բան չի՞ մոռացել: Տրորեց ճակատը` ցանկանալով որևէ բան հիշել:
– Հա՛, իսկ ի՞նչ անեմ ուտելիքը, – նա գլխով արեց խոհանոցի կողմը:
– Մի անհանգստացիր, չի կորի, ես բոլորը կվերցնեմ ինձ հետ:
– Ո՞ւր կտանես:
– Այնտեղ, ուր ապրում եմ, – պատասխանեց Արսենը, վերջին պահին խուսափելով ասել` «իմ խուցը», որն այստեղ գողական ժարգոնով անվանում են «կամերա»: – Այնտեղ մենք հինգով ենք, վայրկենապես կուտենք, բան չի մնա:
– Իսկ նրա՞նք ինչի համար են նստած:
– Ամեն մեկն իր գործով, Լենա: Մի մասը հիմարությունից, մյուսները` խելքից:
– Ինչպե՞ս թե խելքից:
– Մի ծերուկ ինչ-որ նորարարություն է մտցրել թունելների շինարարության մեջ, վթար է եղել, երկու մարդ է զոհվել, իսկ նրան նստեցրել են: Պատճառները տարբեր են:
– Ահա… Դե լավ, ես գնացի…
Նա պոռթկումով գրկեց նրա գլուխը, համբուրեց, հետո դեմքով սեղմվեց նրա կրծքին, մի քանի վայրկյան անշարժացավ, փակեց աչքերը, հետո արագ հրեց նրան ու նետվեց դռան կողմը:
Արսենը անզորությամբ իջավ աթոռակի վրա և ձեռքերով գրկեց գլուխը:
Էդուարդը ժամանեց զանգահարելուց քառասուն րոպե անց: Ելենան սպասում էր նրան ավտոբուսի կանգառում: Արդեն սառն էր: Խոնավ թափանցող քամին քշում էր ամպերը ծովի կողմը: Նրա կտրուկ պոռթկումները բերում էին ավտոբուսային կանգառից այն կողմ ընկած պարապուրդի ավազը և շփում Ելենայի վրա, նա շրջվում էր, որպեսզի խուսափի ծակծկող ավազահատիկներից: Ցուրտը խցկվում էր հագուստի միջով, և Ելենան ողջ մարմնով դողում էր: Նա բնազդաբար թուլացնում էր մկանները, ձգտելով վանել դողը, սակայն մեկ րոպե անց ամեն ինչ նորից էր սկսվում:
Էդուարդն իսկույն նկատեց նրա վիճակը, ուստի հարցուփորձ չսկսեց: Միայն ասաց.
– Ցո՞ւրտ է:
– Հա, – պատասխանեց Ելենան` չնայելով նրան:
Էդուարդը միացրեց ջեռուցումը, մի քանի րոպեից մեքենայի մեջ տաքացավ, բայց Ելենան առաջվա նման ձեռքերը չէր հանում գրպաններից, ատամները սեղմել էր իրար, որպեսզի չկափկափեն: Մեղավորն այստեղ ցուրտը չէր:
Մինչև տուն նրանք լուռ գնացին: Ելենան մի քիչ կենդանացավ, երբ քաղաք մտան: Նկատելով, որ նա որոշ հետաքրքրություն է դրսևորում երեկոյան փողոցների նկատմամբ, Էդուարդը դիտավորյալ վարում էր ամենալուսավորված ու բազմամարդ փողոցներով:
Երբ բարձրացան տուն, ընթրիքն արդեն դրված էր սեղանին, իսկ էլեկտրական ինքնաեռից գոլորշի էր բարձրանում: Ամուսիններն աննկատ հայացքներ փոխանակեցին, Ռիման նույնպես հարցուփորձ չսկսեց: Պարզապես ասաց.
– Մրսե՞լ ես, Ելենոչկա: Փողոցում սարսափելի ցուրտ է:
– Ցուրտն իմ ներսում է, ես ներքուստ եմ սառել:
– Հասկանում եմ: Հանվիր: Քեզ հիմա տաք կաթ կխմացնեմ:
Ելենան սկսեց հանվել, դողացող մատներով արձակելով թիկնոցը, բայց հենց դիպավ երկրորդ կոճակին, ինքն էլ իր վրա զարմանալով հանկարծ ասաց.
– Նա չցանկացավ, որ ես մնամ:
– Նա շատ ճիշտ է արել, Լենոչկա, – ասաց Ռիման` օգնելով նրան արձակել անձրևանոցը: – Նա շատ լավ ամուսին է և իսկապես սիրում է քեզ:
– Ես ուզում էի, որ նրա համար լավ լինի…
– Լենա, ես վստահ եմ, նա հասկացել է: Պարզապես չի ցանկացել, որ քեզ համար վատ լինի:
Տասը րոպեից նրանք նստած էին սեղանի շուրջը: Էդուարդը, արագորեն մի բաժակ թեյ խմելով, դուրս եկավ իր գործերով: Կանայք մնացին միայնակ: Ընթրիքի սեղանը հավաքելիս նրանք թեթևորեն զրուցեցին: Ավելի շատ Ելենան էր խոսում, պատմում էր իր մասին, իր հայրենի քաղաքի, Արսենի, Տոնաշենի մասին, որտեղ հիմա ապրում էր, իր միայնության մասին` ինչ Արսենին դատել են, խոսում էր, խոսում անդադրում, վախենալով ինչ-որ բան բաց թողնել: Առաջին անգամ էր նա սիրտը բացում գրեթե անծանոթ մարդու առաջ և անասելի թեթևություն էր զգում այն բանից, որ խոսում դատարկվում էր: Չէր կարողանում հասկանալ, որտեղի՞ց իրեն նման անհրաժեշտություն. կիսել օտար մարդու հետ այն ամենը, ինչ դանդաղորեն կուտակվել էր նրա հոգում: Նա չգիտեր, որ Ռիման օժտված էր կանանց համար հազվագյուտ շնորհով` լսելու կարողությամբ: Իսկ այստեղ նա նույնիսկ հասկացել էր, որ Ելենային անհրաժեշտ է անպայման խոսել, որ չի կարող նման նուրբ էակը, այդ կիսակին-կիսադեռահասուհին, իր վրա վերցնել այդքան ծանր բեռը, որ չի կարող ապրել առանց որևէ մեկի, եթե ոչ օգնության, ապա գոնե կարեկցանքի, ապրումակցման, որը որոշ պահերին դառնում է հոգևոր հենարան, այլապես կարող է տեղի ունենալ անդառնալին… Եվ նա, աննկատելիորեն Ելենայի համար, զարմանալի ունակությամբ ու տակտով ստիպեց նրան խոսել: Եվ դա ամենակարևորն էր, ամենաանհրաժեշտը, ինչ նա կարող էր անել, որպեսզի թեկուզ չնչին չափով թեթևացներ դեռատի կնոջ ճակատագիրը:
Ուշ երեկոյան, երբ Էդուարդը տուն վերադարձավ, Ելենան արդեն կարողանում էր ծիծաղել:
Հաջորդ օրվա երեկոյան Ելենան գնաց, իմանալով, որ Ստեփանակերտի կայարանում դիմավորելու է Գաբրիել Հարությունովիչը, և նա արդեն իրեն միայնակ չէր զգում:
ԳԼՈՒԽ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Ճամպրուկը և պայուսակը ձեռքին, Ելենան մտավ բակ, կանգ առավ, նայեց շուրջն այնպես, ասես այստեղ չէր եղել առնվազն կես տարի, թեև անցել էր ընդամենը երեք օր: Առաջին անգամ զարմանքով նկատեց, որ ծառերն տերևաթափ են լինում և մերկացող ճյուղերը թախծալի և խուլ բախվում էին իրար, տարուբերվելով Մռավ սարի կողմից փչող քամուց: Զարմացավ նաև, որ բանջարանոցի փարթամ խոտը վաղուց չկար, տան անկյունից երևում էր մուգ մոխրագույն չոր հողը, որբացած տնկված ձողերով, որոնք նախկինում չէր էլ նկատում, որովհետև ծածկված էին լոբու չորացած ոստերով ու կպչուն տերևներով: Տան ծածկապատշգամբի առաջ խաղողենու հյուսվածքը մերկ ծածկի վրա կախվել էր սև, ծանր ողկյուզներով: Ամայի էր թվումև տնամերձ հողամասը: Մեկը չկար նունիսկ, որ բանջարանոցը փորեր… Մոշի մացառները, որոնք օրեր առաջ ուրախացնում էին մարդու աչքը սև ու գեղեցիկ հատիկներով, այժմ մեռած էին թվում ու թախիծ առաջացնում… Ելենայի սիրտը ցավով սեղմվեց. այն ամենի վրա, ինչը շրջապատում էր նրան, նստած էր անդառնալիորեն ներխուժած ամայացման և անկման կնիքը…
Իսկ գուցե ավելի ցավոտ էր նաև այն պատճառով, որ այստեղ ոչ ոք չդիմավորեց նրան, բարի խոսք չասաց, չհարցրեց, ինչպես ընդունված է նման պահերին. «Բարո՜վ ես եկել… Ինչպե՞ս գնացիր… Ինչպե՞ս տեղ հասար…»:
Ելենան հատեց բակը, բարձրացավ վեր, հրեց իր սենյակի դուռը, որ երբեք չէին կողպում և, երկնքի պես կապտաժեռ աչքերը լայն բացած, ապշահար քարացավ մուտքի մոտ: Աչքերում միաժամանակ թե՛ ուրախություն էր, թե՛ տագնապ, թե՛ էլի ինչ- որ մի բան, որը նա չհասցրեց ո՛չ հասկանալ, ո՛չ էլ զգալ մինչև վերջ: Միայն հասցրեց արտաբերել.
– Դիմա՞:
– Նա ինքն է, որ կա:
– Օ՛յ, Դիմկա՛, սիրելիս, եկե՜լ ես, – Ելենան պոռթկումով նետվեց եղբոր կողմը, որը բարձրացավ անկողնուց` նրան գիրկն առնելու համար: – Աչքերիս չեմ հավատում, – թոթովում էր նա, դեմքով նրա ծոցը մտնելով, համբուրելով ծակող այտը: – Ե՞րբ ես եկել:
– Երրորդ օրն է, որ եկել եմ:
– Ինչպե՞ս երրորդ օրը:
– Ուղիղ երկու օր անց, երբ դու գնացել էիր… Գնացել էիր Բաքու, մի խոսքով…
Ելենայի սիրտը կծկվեց անհանգիստ. Դմիտրին Արսենի անունը չտվեց:
– Ինչո՞ւ ես եկել, – հարցրեց նա՝ ազատվելով եղբոր գրկից: – Որևէ բա՞ն է պատահել:
– Ոչինչ էլ չի պատահել, – պատասխանեց Դմիտրին և ձգվեց` փորձելով հասնել պատուհանագոգին դրված ծխախոտատուփին: Չհասավ և թողեց փորձը:
– Պարզապես մի փոքրիկ բացթողում է եղել… դե՛ դու հանիր կուրտկադ, գլխաշորդ, թող քեզ մի լավ տեսնեմ: Ոնց որ թե նիհարել ես, բայց չէ, այնքան էլ չէ…
– Ի՞նչ բացթողում, – ավելի անհանգստացավ Ելենան` աթոռին գցելով գլխաշորն ու կուրտեկան: – Ինչի՞ մասին ես խոսում:
– Գիտե՞ս, քո վերջին նամակները չափից դուրս կենսուրախ էին: Հատկապես այն, որ Արսենը Բաքու՝ որակավորման բարձրացման դասընթացների է մեկնել , սակայն, չգիտես ինչու, մոռանալով իր հետ վերցնել երիտասարդ կնոջը…
Ելենան թեթևացավ. նա այնուամենայնիվ տվեց Արսենի անունը:
– Քո կարծիքով, ինչ է, ես պետք է ձեզ գրեի ամեն բան այնպես, ինչպես եղե՞լ է:
– Երևի դու ճիշտ ես, փոքրիկս, բայց սուտն էլ պիտի գոնե մի քիչ ճշմարտանման լինի: ՝ Մեր մայրիկին այնքան էլ հեշտ չէ խաբելը: Նա աներևակայելի ներըմբռնողություն ունի, տողատակերում չգրվածն էլ է կարդոէմ: Բարեբախտաբար, դու դա հաշվի չէիր առել:
– Ինչո՞ւ բարեբախտաբար:
– Հակառակ դեպքում նա ինձ չէր ուղարկի այստեղ, ինքը կգար: Դե լավ, հերիք է այդ մասին: Ավելի լավ է, պատմիր, ինչպե՞ս է Արսենը: Տեսա՞ր նրան:
– Հա՛, հետո կպատմեմ: Դու հագնվիր, իսկ ես իջնեմ ծերունիների մոտ:
Նա վեր կացավ, ուզում էր գնալ դռան կողմը, բայց հանկարծ հարցրեց ետ շրջվելով.
– Քեզ ինչպե՞ս ընդունեցին, Դիմ:
Դմիտրին քմծիծաղեց.
– Ավելի լավ՝ չի լինում: Որերորդ օրն է` օրական երեք անգամ տնական օղի են խմացնում, ամեն օր՝ նոր ձևի՝ մեկ թթի, մեկ հոնի, մեկ խաղողի… Բայց ա՜յ թե թունդ է հա՜ աքչքերս շլվում, թռնում են ճակատիս: Այսպես որ գնա՝ հաստատ հարբեցող կդառնամ:
Ելենան հանգստացած ժպտաց: Այն պահից, երբ տեսավ եղբորը, նրան հանգիստ չէր տալիս այն միտքը, թե Արսենի մերձավորներն ինչպես են նրան ընդունել:
Արդեն սանդուղքով իջնելիս նա տեսավ սկեսրայրին, որը բակ էր մտնում: Նա զինվորական հին, մաշված շինել էր հագել, որի աջ թևքը ինչ-որ կարիքի համար, երևի, կտրել էին, տեղը ջանասիրաբար կարել: Այդ շինելը նա միայն ցուրտ ժամանակ էր հագնում և միայն գիշերը, աշխատանքի ժամանակ, ծածկվելով նրանով, երբ ննջում էր մեկ-երկու ժամ:
Տեսնելով հարսին երկրորդ հարկի աստիճաններից իջնելիս, Միսաքը կանգ առավ բակի կենտրոնում այնքան անսպասելիորեն, ասես հանդիպել էր ձգված պարանի:
– Լենա՞, դո՞ւ ես:
Ելենան վազելով իջավ ցած, հապշտապ մոտեցավ նրան, համբուրեց մի շաբաթվա ճերմակ մազով պատված այտը.
– Բարի լույս, հայրիկ:
– Ե՞րբ ես եկել:
– Նոր, հենց նոր:
– Նո՞ր: Իսկ եղբայրդ արդեն երկու օր է, որ այստեղ է:
– Տեսել եմ նրան, հայրիկ, բարձրացա, որ ճամպրուկը դնեմ, իսկ այնտեղ իմ անկողնուն Դիմկան է քնած:
– Եղբայրդ շատ լավ տղա է, Լենա, Աստված նրան առողջություն տա: Ուրախ, լավ տղա է… հա…
Ծերունին չէր համարձակվում հարցնել որդու մասին, որովհետև Ելենայի ժամանակից շուտ վերադարձը փոքր-ինչ շփոթեցրել էր նրան, և նա, սրտի նվաղումով սպասում էր ինչ-որ մխիթարիչ բան լսել: Ելենան անմիջապես զգաց դա և որոշեց իրավիճակը թեթևացնել.
– Արսենը բոլորիդ բարևներ է ուղարկել,- որքան հնարավոր է կայտառորեն ասաց նա, ստիպելով իրեն ժպտալ:
Միսաքը անթարթ նայեց նրան և հանկարծ հեծկլտալով արցունքոտվեց:
– Լաց մի լինիր, հայրիկ,- ինքն էլ անսպասելիորեն արտասվելով ասաց Ելենան:- Արսենն իրեն շատ լավ է զգում:
– Ուրեմն, տեսե՞լ ես նրան, աղջիկս, հա՞: Քո աչքո՞վ ես տեսել:
– Իհարկե իմ աչքով: Ամբողջ երկու ժամ մենք նստել էինք միասին ու զրուցում էինք:
Ծերունին անորոշ տարուբերեց գլուխը:
– Իսկ ես, ճիշտն ասած, սկզբում վախեցա… Էդքան շուտ… մտածեցի… վատ բաներ մտածեցի… – նա իսկույն առույգացավ, եռանդով լցվեց: – Ինչո՞ւ ենք այստեղ կանգնել: Տուն գնանք:
Առողջ ձեռքով նա բռնեց Ելենայի թևը և տարավ տուն, բայց կանայք այնտեղ չէին: Նա նորից շտապեց բակ և մեկ րոպեից վերադարձավ կնոջ և քենու հետ: Ելենային հարցախեղդ արեցին, այնպիսի մանրամասներ պահանջելով, որպիսիք կարող է պահանջել միայն հարազատ մայրը՝ ի՞նչ են այնտեղ կերցնում, հո չի՞ նիհարել, մնացե՞լ է այնպիսին, ինչպես գնացել էր, ի՞նչ տրամադրություն ուներ, հո գիշերը ցուրտ չէ՞ և արդյոք տալի՞ս են տաք հագուստ, փափո՞ւկ է նրա անկողինը և ի՞նչ հարևաններ ունի սենյակում…
Ելենան պատասխանում էր որքան հնարավոր է մանրամասն, իհարկե թեթևակի խմբագրելով, որոշ բաներ լռության մատնելով, որոշ բաներ չափազանցելով, հատկապես Արսենի առույգ տրամադրությունը… Իսկ այն մասին, որ Արսենը չէր կամեցել, որպեսի ինքը երեք օր մնա այնտեղ, Ելենան պատմեց այնքան զվարճալիորեն, որ հայրն ու մայրը նույնիսկ ժպտացին: Իսկ ինքը զարմանում էր իր վրա, որ դեռ կարողանում է կատակել:
Շուտով կանայք անցան սեղան գցելուն, Միսաքը գնաց Դմիտրիի հետևից, և ուրախությունից նրան չափից ավելի շատ թթի օղի խմեցրեց. թե՛ Արսենի կենացը, թե՛ Ելենայի կենացը, թե՛ ծնողների կենացը, դե՛ փորձիր հրաժարվել: Հետո Ելենան բերեց ճամպրուկը և բոլորին սկսեց բաժանել բերած նվերները. սկեսրայրին` հաստ կաուչուկե տակերով մի զույգ ամուր ճտքակոշիկ և մի բլոկ ծխախոտ, սկեսուրին և Անուշ մորաքրոջը` մեկական չթե խալաթ և մի զույգ թեթև տնային հողաթափ, տան համար` բյուրեղապակյա թեյաման: Էլեկտրական ինքնաեռ («Սա Արփիկի համար է», – ասաց նա, չնայելով ոչ մեկին, բայց ներքին, վեցերորդ զգայարանով զգալով, որ իր խոսքը բարեհաճորեն ընդունվեց), մի դյուժին՝ այսինքն տասներկու հատ, թեյի բաժակ, տան եղածը գրեթե ամբողջովին կոտրվել էր, թեյը խմում էին հաստ, պղտոր ապակուց հին թրաշավոր բաժակներով: Վերջում նա ճամպրուկի հատակից հանեց փողը և դրեց սեղանին.
– Իսկ այս հարյուր ռուբլին մնացել է…
Միսաքը նախ նայեց կնոջը, ապա քենուն, դժգոհ տարուբերեց գլուխը և նախատինքով ասաց.
– Լենա, քեզ փողը տվել էին, որ հե՞տ բերեիր, հա՞:
Ելենան չկարողացավ թաքցնել շփոթմունքը, նույնիսկ կարմրեց: Տնեցիների դժգոհությունը, երևում է, անկեղծ էր, դա անսպասելի էր նրա համար, թեև ժլատության մեջ մեղադրել նրանց չէր կարելի: Պարզապես, այս տանը դեռ իրեն չէր հաջողվել գործ ունենալ փողի հետ, այդ պատճառով էլ նա զգուշացել էր ավելորդ ծախսերից. դե ո՞վ իմանա, ինչպես կանդրադառնան…
– Հայրիկ, բայց ի՞նչ պետք է անեի: Հո չէի՞ կարող փողը հենց այնպես ծախսել: Դե՛, հետո էլ ես շատ ծախս չեմ արել: Ինձ թույլ էլ չտվեցին դա անել: Նույնիսկ գնացքի տոմս չեմ գնել: Գնալիս Գաբրիել Հարությունովիչը գնեց, իսկ գալիս` նրա քրոջ ամուսինը:
– Իսկ քե՞զ, – հարցրեց Միսաքը, տեղից բարձրանալով և նույնիսկ մի փոքր բարձրացնելով ձայնը, ինչը հազվադեպ էր պատահում, – մի՞թե չէիր կարող մի բան էլ քեզ համար գնել , հա՞: Քեզ եմ հարցնում: Ինչո՞ւ քեզ մի բան չես գնել, հը՞: Կոշիկ, հագուստ, չգիտեմ էլ ինչ… Մի՞թե դրա համար քեզ վրա պիտի խոսեինք, հա՞: Կարո՞ղ է մի բան ասեինք, ինչո՞ւ ես լռում, ասա՛…
Այս տանն, իրոք, ժողովրդի մեջ տարածված մտացածին կարծիքը՝ գեղջկական ժլատության մասին, գոյություն չուներ, բայց փողի արժեքը գիտեին: Եվ շատ հավանական է, որ ոչ մեկն էլ չէր բարկանա Ելենայի վրա, եթե նա դրամի մի մասը կամ նույնիսկ ամբողջը ծախսեր իր վրա: Այսպես թե այնպես, սկեսրայրի փոքր-ինչ չափազանցված բարկությունը, հնարավոր է, նույնիսկ անկեղծ էր, բայց ասված էր այն հաշվարկով, որ իրենց խոսակցությունը լսում է Դմիտրին:
Ելենան ներըմբռնողաբար հասկացավ այդ անմեղ խաղը և որոշեց խաղարկել սկեսրայրին.
– Հայրիկ, ինձ ոչինչ պետք չէ, ամեն ինչ էլ ունեմ: Մայրիկ, դե ասեք նրան, թե չէ ինձ չի հավատում:
Նույն չափազանցված նախատինքով էլ հայրիկը տարուբերեց գլուխը և նայեց Դմիտրիին.
– Տեսնո՞ւմ ես, Միտյա, նա միշտ այսպես է:
Դմիտրին, որն, անշուշտ, նույնպես հասկացել էր այդ միամիտ խորամանկությունը, սրտալի հաստատեց.
– Նա մեր տանն էլ էր այդպիսին. իր հագի շորը կհաներ ու կտար ուրիշին, հայրիկն ու մայրիկը դրա համար միշտ նախատում էին նրան…
Նա վեր կացավ տեղից, չկարողանալով այլևս մասնակցել զրույցին, մի կողմ կանգնած՝ թափ տվեց պիջակը, որը միշտ նեղ էր նրա հագով և ասաց.
– Դե՛ լավ, զրուցեք առանց ինձ, սա արդեն ընտանեկան խոսակցութուն է:
Դիման դուրս եկավ սենյակից, որպեսզի չմատնի իրեն, թե ընկճված է հաշտության ու խաղաղության ապաշնորհ խաղացված ընտանեկան տեսարանից: Որոշեց շրջել գյուղում, իրեն կարգի բերել, իսկ Ելենան բարձրացավ վերև, որպեսզի մի քիչ աչք փակի, գնացքում բոլորովին չէր կարողացել քնել:
Դմիտրին վերադարձավ միայն ճաշին: Ելենայից աչքից չվրիպեց, որ նա ինչ-որ բանից ընկճված է, թեև ցանկանում էր թաքցնել, նույնիսկ հրաժարվեց ճաշել, պատճառաբանելով, որ առավոտյան կարծես շատ է խմել:
– Գուցե մրսե՞լ ես, – հարցրեց Ելենան:
– Չգիտեմ, մի թեթև գլուխս ցավում է: Լավ կլինի բարձրանամ, քիչ ընթերցեմ, գուցե անցնի: Կարդալու ի՞նչ ունես:
– Վերցրու Մագդա Նեյման, «Հայերը»… Դա այստեղի, Ղարաբաղի հայերի մասին է: Հրաշալի գիրք է:
– Իսկ թեթև ի՞նչ ունես:
– Գրադարակում նայիր, կարծեմ Կոնան Դոյլի հատորը կա:
– Ա՛յ, հենց դա է պետք գլխացավի համար… Իսկ դու ի՞նչ պիտի անես:
– Մի քանի բան պիտի լվանամ: Պե՞տք եմ քեզ:
– Չէ, գործիդ կաց:
Նա իհարկե, առանց դժվարության հասկացավ, որ Դիման առավոտյան բոլորովին էլ նրա համար չէր դուրս եկել, որ բնությամբ հիանա, այլ պարզապես նրա համար ծանր էր նստել իրենց մոտ և լսել այդ խոսակցությունները: Առավելագույնը, ինչ նման իրավիճակում կարող էր անել ամեն մի դաստիարակված և նրբանկատ մարդ, նա արեց` ստիպեց իրեն ժպտալ, իսկ հետո վեր կենալ ու հեռանալ: Եվ հիմա Ելենան փորձում էր կռահել, այդ դիպվա՞ծն էր եղբոր վատ տրամադրության պատճառը, թե՞ մեկ ուրիշ բան:
Մեկ ժամ անց, լվացած սպիտակեղենը կախելով բակում, Ելենան բարձրացավ վեր: Դմիտրին, հենված բազրիքին, մտահոգ նայում էր հեռուներին, ուր կապտին էին տալիս լեռները, պարուրված երեկոյան մանուշակագույն ծխով: Ելենան բերեց նրա անձրևանոցը, իսկ ինքը հագավ իր բրդե գործած գլխաշորը:
– Ի՜նչ գեղեցիկ է այստեղ, շուրջը աշնան դուրեկան արևի մեջ կորած լեռներ են ու անտառներ, – չգիտես ինչու հոգոցով արտասանեց Դմիտրին: – Դու շո՞ւտ հարմարվեցիր:
– Մինչև հիմա էլ չեմ հարմարվել:
– Լո՞ւրջ:
– Գիտեմ, որ դրանք գեղեցիկ են, բայց այդ գեղեցկությունն ինձ մի քիչ վախեցնում է:
Դմիտրին արագ չարձագանքեց: Հետո գլխով արեց:
– Այո, իրոք, տարօրինակ գեղեցկություն է, – ասաց նա մտահոգ: – Հատկապես գիշերը: Ես այստեղ կարող եմ մնալ մեկ-երկու օր, կամ երեք, կամ էլ շատ-շատ՝ մի հինգ օր, բայց ոչ ավել, այն էլ ոչ ամեն տարի, թե չէ տխրությունից շունչս կփչեմ:
– Ինչո՞ւ, – հարցրեց Ելենան, թեթևակի զգաստանալով ու փորձելով հասկանալ՝ Դմիտրին ակնարկո՞վ էր խոսում, թե իսկապես ասում էր այն, ինչ զգում էր: – Ինչո՞ւ պիտի շունչդ փչես:
– Չգիտեմ, բայց ինձ այդպես է թվում: Երևի այն ազատությունը չէ, այն լայնությունը չէ… Թե Արսենն այստեղ լիներ, երևի հաճույքով որսի գնայինք, ա՛յ, տեսնո՞ւմ ես հեռվում, այդ սարերից այն կողմ, այնտեղ: Դե ինչպե՞ս է նա:
– Ո՞վ, – Ելենան անմիջապես չհասկացավ: – Արսե՞նը: Ոչինչ: Արհեստանոցում հյուսն է աշխատում: Բարի համբավ ունի, եթե այդպես շարունակվի, նրան կարող են ազատ արձակել ժամկետի կեսից: Ասաց, որ այդպիսի օրենք կա: Իսկ այնպես… դե ինչ ասես, բանտը բանտ է, անազատություն…
Այդ ամենը Դմիտրին արդեն լսել էր, ոչ մի նոր բան նա արդեն չի ավելացնի: Դե, ասենք ինչ նոր բան կարող է նա ասել: Իսկապես անազատությունը անազատություն է, դրանով ամեն ինչ ասված է:
Որոշ ժամանակ նրանք լուռ էին, ամեն մեկը տարված իր մտքերով: Դմիտրին ծխախոտ հանեց, սեղմեց ատամների արանքումում, թափ տվեց գրպանները:
– Լուցկին կարծես ներքևում եմ մոռացել:
– Սենյակում կա: – Ելենան լուցկի բերեց: – Արի ես վառեմ, ինչպես փոքր ժամանակ… Հիշո՞ւմ ես… — Ելենան ծիծաղեց, իսկ հետո արտասվեց:
– Ի՞նչ եղավ, Լեն, – զարմացած հարցրեց Դմիտրին:
Ելենան սրբեց արցունքները և նորից ժպտաց:
– Ոչինչ, պարզապես հիշեցի մեր տունը, մայրիկին…
Դմիտրին, զվարթ տրամադրությամբ համակելու համար թեթևակի խփեց քրոջ ուսին, բայց ոչինչ չասաց, նորից սկսեց նայել հեռուներին: Կամ գուցե ձևացրեց, թե նայում է: Ելենան աննկատ, ինչպես իրեն էր թվում, տեղաշարժվեց, որպեսզի հպվի եղբորը, որովհետև նրանից այնպես էր բուրում հայրական տան, մայրիկի հոտը: Եվ Ելենան երանությամբ ինչ-որ անհասկանալի բաներ մրմնջաց՝ շնչելով այդ հարազատ բույրը:
Դմիտրին շարունակում էր ձևացնել, իբր ոչինչ չի նկատում: Նա կենտրոնացած ծխում էր և նայում հեռավոր լեռներին:
– Ասա, Լենուլ, ինչպե՞ս ես ապրում, – ցածրաձայն, գրեթե շշնջոցով հարցրեց նա, որպեսզի չվախեցնի սիրելի քրոջը և չոչնչացնի նրա հետ մտեմության այս խաղաղարար, անտեսանելի զգացողությունը, բայց նույն պահին էլ զղջաց, զգալով, թե ինչպես նրա մարմինը վայրկենապես ձգվեց, և քույրը մի թեթև հեռացավ իրենից:
Դմիտրին կողքանց տեսավ նրա աչքերը, որոնք լարված ու լայն բացված էին: Բայց ձայնը, երբ նա խոսեց, հնչեց հանգիստ, առանց լարման.
– Ապրում եմ էլի, ինչպես այստեղ բոլոր հարսերը, ոչ իմ տանը: Եվ սկեսուրն էլ հարազատ մայր չի դառնա: Ինչ-որ բանով ես օտար եմ իրենց, իսկ երեխայի մահվանից ու Արսենի ձերբակալությունից հետո ինձ գրեթե թշնամի են համարում: Դե ինչ-որ բանով էլ հարազատ եմ, յուրային: Դա բնական է…
– Ինչպե՞ս թե բնական է:
Ելենան դժգոհությամբ բարձրացրեց հոնքերը:
– Եթե դու պետք է ենթատեքստ որսաս իմ ամեն մի բառում, ոչ մի խոսակցություն էլ չի ստացվի, – նախազգուշացրեց նա: – Չէ՞ որ դու հարցրիր, ինչպես եմ ապրում: Ես էլ պատմում եմ ինչպես որ կա, ոչինչ չթաքցնելով:
Ելենան պատմեց այն մասին, որ այստեղ իրեն չեն ծեծում, սովամահ չեն անում, հացի վերջին պատառը չեն խլում, տնից դուրս չեն անում, մանրուքների համար նյարդերը չեն քայքայում, բայց այնուամենայնիվ ինքն օտար է նրանց, ինչպես և նրանք իրեն, և միակ բանը, որ ստիպում է միմյանց հանդուրժել, այն է, որ ինքը Արսենի կինն է:
– Ահա երևի ամբողջը,- ավելացրեց նա: — Ես ձգտում եմ քիչ երևալ նրանց աչքին, ապրում եմ իմ կյանքով, իսկ իրենք` իրենց: Պետք է՝ ես եմ իրենց օգնում, պետք է, իրենք` ինձ:
Դմիտրին ելավ տեղից, մի պահ մտամփոփ քայլեց սենյակում:
– Եվ դա նրանց բավարարո՞ւմ է,- ուշադիր զննելով քրոջը հարցրեց նա:
— Ուզում ես ասել` ինձ բավարարո՞ւմ է:
– Չէ, Լենուլ, ես նրանց նկատի ունեմ:
– Չգիտեմ, չեմ հարցրել: Դու հասկացիր գլխավորը, Դիմա, այդ մարդիկ ոճրագործ չեն, ոչ էլ քարանձավաբնակ վայրենիներ: Սովորական մարդիկ են, մի բանով լավն են, մի բանով` չէ, ինչպես մեզնից յուրաքանչյուրը: Իրենց հացը վաստակում են քրտինքով, առավել ազնվորեն, քան դու կարող ես պատկերացնել:
– Պետք չէ, քույրիկս, – ընդհատեց Դմիտրին: – Ես դա քեզնից լավ գիտեմ: Ես ախր ուրիշ բան եմ հարցնում:
– Ի՞նչ:
– Նկատեցի, օրինակ, որ քո ծերուկները չափից դուրս շատ ջանք թափեցին ինձ ցույց տալու համար, թե սարսափելի վշտացած են, որ դու քեզ համար ոչինչ չես գնել և փողը հետ ես բերել: Ամեն բառի մեջ կեղծիք էր հնչում:
Ելենան պատասխանեց առանց մտածելու և նկատելի թեթևությամբ.
– Կեղծիք չկա, Դիմա, պարզապես նրանք վախեցել են, որ դու իրենց չես հավատա, դրա համար էլ մի քիչ չափազանցել են: Մի՞թե հենց այնպես, պարզապես մարդկային տեսանկյունից չես կարող հասկանալ նրանց: Չէ՞ որ դու այքան մեծ ես, խելացի, հոգեբանական ֆակուլտետն ես ավարտել, դասավանդում ես…
Դմիտրին նյարդայնորեն ձգեց իր պիջակի եզրերը, ուղղեց մի ուսից սահած անձրևանոցը և ասաց ավելի կոշտ, քան ինքը կցանկանար.
– Լսի՛ր, քույրիկս, ինչ ես ասում: Կարո՞ղ ես ուղղակի ասել, թե ինչու ձեզ մոտ ընդհանրապես առաջացավ այդ խոսակցությունը:
Ելենան հասկացավ, որ չի կարողացել փարատել եղբոր կասկածանքները: Նա ևս մի փորձ արեց` թեև գիտակցելով դրա անհուսությունը:
– Հասկանո՞ւմ ես, Դիմա, այսօր քեզ հետ խոսելիս դու ինձ ասում էիր լեզվի, սովորույթների ու նման այլ բաների տարբերությունների մասին: Եվ ահա. լեզուն ես գրեթե սովորել եմ, սովորույթներին հարմարվել եմ, նույնիսկ զգեստը երկար եմ հագնում, ծնկներից ցածր, ինչպես ընդունված է այստեղ…
Հանդիպելով Դմիտրիի քմծիծաղող, չհավատացող դեմքին, նա չդիմացավ.
– Դե՛ ինչո՞ւ ես հոգիս պղտորում… Ի՞նչ ես ուզում ինձնից…
Դմիտրին ափով քնքշանքից շոյեց քրոջ գլուխը.
– Ներիր, փոքրիկս, ես ախր պարզապես հետաքրքրությունից չէ, որ այսպիսին եմ: Ես գալիս եմ, իսկ դու չկաս: Հարցնում եմ` ո՞ւր է Ելենան: Գնացել է Բաքու: Իսկ Արսե՞նն ուր է: Բանտում է… Ով լիներ իմ տեղը, որ շոկի մեջ չընկներ: Իսկ հիմա էլ տեսնում եմ, որ ինքդ էլ լավ չես ապրում…
– Ախ, Աստված իմ… Լավ եմ ապրում ես, շատ լավ, – ճնշված ձայնով բացականչեց Ելենան: – Նույնիսկ չես պատկերացնի, թե որքան երջանիկ էի, երբ Արսենը կողքիս էր: Ես հիմա էլ ապրում եմ այդ երջանկությամբ, դա ինձ ուժ է տալիս: Հիշում եմ այն օրերը, երբ միասին էինք, բարձրանում էինք այս սարերը, շրջում անտառները, նստում աղբյուրների մոտ, նա ինձ գուրգուրում էր ինչպես փոքրիկ երեխայի…
Նա կտրուկ շրջվեց ու մտավ սենյակ: Դմիտրին մնաց կանգնած, մռայլված, հաճախակի, ագահորեն ծխախոտը ներս քաշելով՝ բերանում ինչ-որ դառնահամ զգաց: Չծխելով մինչև վերջ, ծխուկը հանգցրեց մոխրամանում և նույնպես մտավ սենյակ, ձգելով պիջակի եզրերը: Ելենան կանգնել էր պատուհանի առաջ և, նայելով արևոտ բակին, անձայն արտասվում էր: Դմիտրին անվճռական մոտեցավ նրան, զգուշությամբ դիպավ նրա ցնցվող ուսին: Ելենա շուռ չեկավ:
Դմիտրին անհանգիստ քայլեց սենյակում, բայց նրա մեծ մարմնի համար տեղը շատ փոքր էր: Քայլ արեց` դիպավ աթոռին, փորձեց շրջանցել` կպավ անկողնու սնարին: Դրանով էլ դադարեցրեց փորձերը և նստեց աթոռին: Նորից ձգվեց դեպի ծխախոտը, բայց հիշեց բերանի դառնության մասին և փոշմանեց:
Ելենան աստիճանաբար հանգստացավ, մատների ծայրերով սրբեց արցունքները, հոգնած նստեց անկողնուն: Եվ ասաց չնայելով եղբորը.
– Դու ուզում էիր վաղը չէ մյուս օ՞րը գնալ:
– Հա, իսկ ի՞նչ է:
– Վաղը գնա, Դիմա…
Դմիտրին չզարմացավ, կամ համենայն դեպս, զարմանքը ցույց չտվեց:
– Ինչո՞ւ, – հարցրեց նա հանգիստ, կանխազգալով, որ լուրջ խոսակցություն է հասունանում, քան կար մինչ այդ: – Ինչո՞ւ ես ուզում, որ շուտ գնամ:
– Գնա, Դիմա, հոգիս մի թունավորիր:
Դմիտրին երկար ժամանակ լուռ էր: Ելենան չդիմացավ.
– Ինչո՞ւ ես լռում, Դիմոչկա, սիրելիս: Բարկանո՞ւմ ես ինձ վրա, հա՞:
Հասկանալ նրա հոգեվիճակը` Դիմայի համար, իհարկե, դժվարություն չէր ներկայացնում: Նա ստիպեց իրեն ժպտալ, մոտ նստեց քրոջը: Ելենան շնչակտուր գրկեց նրա պարանոցը և սեղմվեց նրա կրծքին.
– Բարկանո՞ւմ ես, հա՞:
– Դե չէ, փոքրիկս, այդ ե՞րբ եմ քեզ վրա բարկացել: Դու, ինչպես ընդունված է ասել, իմ թուլությունն ես, իմ խիղճն ու միտքը: Ա՜յ թե ինչ:
Ելենան ճակատով քսմսվեց նրա կզակին:
– Որ այդպես ես ուզում, – արտաբերեց Դմիտրին դանդաղորեն, – հենց վաղն էլ կգնամ: Միայն թե, գիտե՞ս ինչ… – նա մի վայրկյան տատանվեց, բայց այնուամենայնիվ ավարտեց հաստատուն, թեպետ չիմանալով, որ քրոջը ծանր ցավ է պատճառում, – միայն թե դու էլ կգաս ինձ հետ: Այլապես միայնակ չեմ գնա…
Ելենան ինչի ասես, որ չէր սպասում, բայց ոչ դրան: Նա հետ ընկրկեց եղբորից` ասես անսպասելի հարված ստանալով:
– Դու… Այդ ի՞նչ ասացիր… Դիմա, դու… խելքդ գլխի՞դ է: Ինչպե՞ս կարող ես, ինչպե՞ս ես համարձակվում:
– Համարձակվում եմ, Ելենա… – դժվարությամբ ասաց Դմիտրին ձևական հանգստությամբ:
– Բայց ինչպե՞ս կարող էր նման բան մտնել գլուխդ, – Ելենան նայում էր եղբորը, ինչպես հանկարծակի ցնորվածի: – Ինչո՞ւ պետք է ես հեռանամ իմ տնից:
Նրա ձայնը զնգաց լարվածությունից:
– Սա քո տունը չէ, – ասաց Դմիտրին` դառնությամբ նայելով քրոջը, – հասկանո՞ւմ ես, Լեն: Քոնը չէ: Ցավոք, սիրելիս, ես լավ գիտակցում եմ, ինչ եմ ասում… Գնանք, թե չէ մայրիկը կգա քո հետևից: Ես քո մասին ամեն ինչ գիտեմ:
Ելենան նայեց նրան ահագնացող վախով:
– Ի՞նչ գիտես:
– Դու այստեղ օտար ես, հասկանո՞ւմ ես, քույրիկս, բոլորովին օտար:
– Դա լսել եմ: Ինքս եմ քեզ ասել: Հետո՞, էլի՞ բան կա:
– Կա…
Ելենայի դեմքը ճերմակ քաթանի գույն ստացավ:
– Աստվա՜ծ իմ… է՞լ ինչ …
Դմիտրին մտատանջ քորեց չսափրված այտը և մռայլվելով դանդաղ արտաբերեց.
– Հասկանո՞ւմ ես, Լենա, ինձ այսօր այստեղ, այս տանը, որը դու անվանում ես քո տունը, շատ պարզ հասկացրեցին, որ վատ չի լինի, եթե դու գնաս այստեղից, այսինքն, որ ես քեզ տանեմ ինձ հետ: Ահա թե ինչ, քույրիկս:
Ելենան, անկողնու վրա նստած, հանկարծ երերաց, ասես հատակը փախչում էր ոտքերի տակից:
– Ինչպե՞ս թե, ինչպե՞ս թե, Դիմա…
– Ա՛յ այդպես, սիրելիս…
– Ստացվում է, որ նրանք վռնդո՞ւմ են ինձ տնից: Բայց ինչի՞ համար, Դիմա: Մի՞թե ես ինչ-որ վատ բան եմ արել նրանց:
– Այդ ակնարկն ինձ շատ նրբանկատ ձևով հասցրին. իբր մենք Լենային շատ ենք սիրում, շատ ենք խղճում, հենց դրա համար էլ ուզում ենք, որ նա առայժմ մնա հայրական տանը, լավ հանգստանա հոգով ու մարմնով, այդ ընթացքում Արսենն էլ, Աստված տա, ազատվի… Կուզի, թող գնա նրա հետևից, իսկ չի ուզի, նշանակում է, տրված չէ նրանց միասին լինել:
Դմիտրին քիչ լռեց, ինչ-որ բան մտորելով, ապա ավելացրեց.
– Հասկանո՞ւմ ես, Լենա, ինձ թվում է, երբ Արսենը չի ցանկացել, որ դու երեք օր մնաս իր մոտ, նրանք դա այլ կերպ են մեկնաբանել, յուրովի, և թվում է, լիովին գիտակցաբար…
– Բայց ախր նա չի հրաժարվել ինձնից… – ասաց Ելենան: – Նա ախր լրիվ ուրիշ պատճառով… Աստված իմ, այս ի՞նչ եմ ասում: Ասես առևտուր եմ անում… Ո՞ւմ հետ, ե՞րբ ես խոսել:
– Քո կեսրարի հետ, երկու կանաց ներկայությամբ: Նախաճաշից հետո, երբ դուրս եկա զբոսանքի: Հետո քիչ ցրտեց, ես վերադարձա: Դու այդ ժամանակ քնած էիր վերևում: Ներքևի պատշգամբում նստել էին երեքով, եգիպտացորեն էին մաքրում: Նստեցի նրանց հետ, այնտեղ էլ խոսեցինք…
Ելենան ձեռքերով հափշտակեց գլուխը, զգալով, թե ինչպես է աչքի առաջ փլատակվում այն չնչինը, ինչը մնացել և պահպանում էր նրա ոգու ամրությունը` հույսը, այն բանի հույսը, որ առավելագույնը մեկ-մեկուկես տարի անց Արսենը կվերադառնա, և այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի. երջանկությունը նորից կժպտա իրեն, նրանք կդասավորեն իրենց կյանքը, ինչպես իրենք են ուզում:
Անսպասելիորեն նրա գլխում առկայծեց կռահումը, ինչից նույնիսկ սիրտը սկսեց ավելի բուռն բաբախել, և դրա հետ միաժամանակ նա հասկացավ և դրա աներևակայելիությունը: Բայց և այնպես կռահումը բաց չէր թողնում նրան: Ելենան հապճեպ նայեց եղբորը.
– Իսկ եթե նրանք պարզապես փորձո՞ւմ են ինձ, հը՞, Դիմա:
Մինչ այդ պահը Դմիտրին վստահ էր, որ ճանաչում է իր քրոջն ավելի, քան աշխարհի երեսին որևէ մեկ ուրիշը: Բայց նույնիսկ նա շփոթվեց, երբ լսեց այդ բառերը:
– Դե՛, գիտե՞ս… խելամիտ մարդու համար քո լավատեսությունը պարզապես անհասկանալի է, – ասաց նա` սկսելով զայրանալ:
Ելենան ինքն էլ ուշացումով հասկացավ, որ իրեն տանող հորդահոս գետում տաշեղ է որոնում՝ կառչելու դրանից:
– Բայց ախր անգթություն է դա, – ասաց նա հանկարծ անչափ հոգնած ձայնով: Ապա նա վեր կացավ ու արագորեն ուղղվեց դեպի դուռը:– Ոչ, ես չեմ հավատում, ես պետք է ինքս խոսեմ նրանց հետ:
Դմիտրիի առաջին անհաշվետու ցանկությունն էր՝ հետ պահել նրան, կանգնեցնել, բայց հետո փոշմանեց. թող գնա, թող համոզվի, թե չէ՝ այդպես էլ մինչև վերջ փնտրելու է ու գտնի բացատրություններ և, իհարկե, համաժամանակ, արդարացումներ` յուրաքանչյուր նման դեպքի համար, իրեն զոհելով, անհասկանալի է` հանուն ինչի, և անհայտ է` ինչու…
«Ինչո՞ւ…»: Դմիտրին կռահողաբար զգաց, որ այս բառը, ինչ-որ անհասկանալի կերպով անդրադառնում է Ելենայից, ինչպես գնդակը՝ պատից, և հնչում է անամոթության աստիճանի անտեղի… Դրանից էլ դառնանում է, ֆիզիկական ցավ է ապրում նրա հոգին, և եղբայրը միայն հիմա կարողացավ ըմբռնել քրոջ արարքների էությունը այս բոլոր ամիսների ընթացքում. լեռնային աղբյուրի ականակիտ ջրի պես պարզ ու մաքուր էությունը: Ելենան իսկապես սիրում է Արսենին և պատրաստ է ամեն ինչի, ցանկացած զոհողության, միայն թե չկորցնի նրան, որովհետև նման կորուստը նրա համար համահավասար է աղետի, կործանմանման…
Ելենան վերադարձավ անսպասելիորեն շուտ, չէր անցել և քսան րոպե: Դմիտրին սպասում էր, որ նա հիմա լաց կլինի կամ մի ինչ-որ ուրիշ նման մի բան, և նույնիսկ մտովի մխիթարական բառեր էր որոնում: Սակայն, Ելենան ներս մտավ կարծես հանգիստ` քայլելով թեթև ու առաձգականորեն: Բայց նրա լայն բացված աչքերը` տխրագին խոնավ փայլով, գունատվելու աստիճանի պինդ սեղմված շուրթերը առավել քան պերճախոս վկայում էին նրա հոգեվիճակի մասին և վախեցնում Դմիտրիին ավելի, քան եթե նա հիստերիկա սարքեր: Դմիտրին ոչինչ չհարցրեց, այլ տեսք ընդունեց, թե Կոնան Դոյլ է ընթերցում, բայց աչքի տակով լարված հետևում էր նրա յուրաքանչյուր շարժմանը:
Ելենան խնդրեց եղբորը վերևից իջեցնել իր ճամպրուկը: Դմիտրին հիշում էր, որ գալուց առաջ մայրն ուզում էր նոր ճամպրուկ գնել աղջկա համար, բայց Ելենային, չգիտես ինչու դուր էր գալիս այդ հինը, որը եզրերում քիչ մաշված էր: Ի վերջո, նա խոստովանել էր, որ այդ ճամպրուկն ավելի էր կապված հայրական տան հետ, ամբողջովին թաթախված էր նրա բույրով:
Ելենան թխկոցով ճամպրուկը դրեց սեղանին, շուռ տվեց կափարիչը:
Դմիտրիի սիրտը ցավով սեղմվեց: Ճամպրուկի մեջ խնամքով դրված էր քրոջ հարսանեկան զգեստը, ամենավերևում՝ որպեսզի չճմռթվի: Նա բարձրացավ անկողնուց, մոտեցավ պատուհանին և սկսեց նայել բակին, որտեղ շարունակում էր շողալ աշնան արևը: Թեթև քամին մեղմիվ օրորում էր ծառերը, տերևները ճյուղերի վրա թրթռալով պոկվում, տարուբերվելով դանդաղորեն սահում էին ցած: Հետո նա անսպասելիորեն զգաց, որ Ելենան այնքան էլ զբաղված չէ ճամպրուկով. չէր լսվում զգեստների շրշյուն: Նա շրջվեց և տեսավ, որ քույրը անշարժ կանգնած ուշադիր դիտում է իր հարսանեկան երեսքողը, որի եզրերը զարդարված էին արհեստական երիցուկներով: Դմիտրին մոտեցավ թիկունքից, երկու ձեռքերը դրեց քրոջ ուսերին:
Ելենան ցնցվեց, ակամա մտածելով այն մասին, որ մարդիկ չեն ենթադրում, թե ինչպես են գիշերը լալիս նրանք, ովքեր այնքան ուրախ ժպտում ու ծիծաղում են ցերեկը, հեղձուկը բարձրացավ վեր, բայց, այնամենայնմիվ, նա կարողացավ իրեն տիրասպետել, որ չփղձկա, ասաց դառնությամբ.
– Ինչ ասես, որ չէի երազում, երբ առաջին անգամ հագա… Իսկ հիմա, ահա, հայտնվեցի փողոցում… Ես հասկանալ չեմ կարողանում՝ ինչո՞ւ: Ինչ-որ անհեթեթություն է…
– Գնանք այստեղից, Լենոչկա: Այստեղ անելիք չունես: Իսկ տանը քեզ են սպասում հայրիկը, մայրիկը… Հենց առավոտյան գնանք:
Ելենան դանդաղորեն ազատեց ուսերը եղբոր ձեռքերից և մերժողաբար տարուբերեց գլուխը…
– Չէ, Դիմա, այստեղից ոչ մի տեղ չեմ գնա, – հառաչանքով ասաց նա: – Ես պետք եմ այստեղ:
Դմիտրին զարմացած չռեց աչքերը.
– Ո՞ւմ, սիրելիս, ո՞ւմ ես այստեղ պետք: Այն բրիգադիրի՞ն, ինչ է:
Ելենան ցնցված նայեց նրան.
– Նրա՞նք են ասել, – ընդհատվող ձայնով ասաց նա, – նրանք են ասել, չէ՞: Ի՜նչ բրիգադիր: Արսենին, էլ ո՞ւմ:
– Բայց ախր չկա Արսենը:
– Կա՛, այստե՛ղ է, – նա ցույց տվեց իր կուրծքը: – Նա միշտ այստեղ է, ինձ հետ:
Դմիտրին նույնիսկ չժպտաց նրա պարզամիտ, գուցե և մի քիչ թատերական ժեստի վրա, այնքան որ Ելենան անկեղծ էր:
– Դե՛ մեր տանն էլ նա քեզ հետ կլինի, ո՞ւր պիտի փախչի:
– Այնտեղ կփախչի: Երբ վերադառնա ու տեսնի, որ ես չկամ, կփախչի:
– Եվ ի՞նչ ես մտադիր անել: Էլ ինչո՞ւ ես ճամպրուկդ հավաքում:
– Կգնամ Եվգինեի մոտ, կմնամ այնտեղ, մինչև Արսենի գալը: Այն ժամանակ էլ կորոշենք` ինչ անել:
– Դա ո՞վ է… ի՞նչ էր անունը…
– Նա ինքն է առաջարկել մի ժամանակ: Մենք մի բրիգադում ենք աշխատում: Մի անգամ ես անտրամադիր դաշտ էի գնացել, նա ասաց, որ եթե պետք լինի, տեղափոխվեմ իր մոտ: Նա միայնակ է ապրում, ոչ երեխա ունի, ոչ ամուսին: Եվգինե է անունը… Ես նրան նեղություն չեմ պատճառի, նույնիսկ տնտեսության մեջ կօգնեմ…
Նրա վերջին բառերը հնչեցին այնքան խեղճ ու նվաստացած, որ ցավագին ճմլվեց Դմիտրիի հոգին:
– Լենոչկա, սիրելիս, ախր ինչո՞ւ օտար մարդկանց մոտ գնաս…
Ելենան նորից բացասաբար տարուբերեց գլուխը:
– Մի բարկացիր ինձ վրա, Դիմկա, թե չէ՝ խոսելու ուժ չունեմ… Այսպիսին եմ ես, երևի այսքան հիմար էլ ծնվել եմ: -Նա հանկարծ նստեց աթոռին ու դառը արտասվեց, արդեն չփորձելով զսպել, քանի որ, իրավ, ուժ չէր մնացել այլևս:
Հետո արևն անցավ: Սար ու ձոր հետզհետե ծածկվեցին կաթնամշուշ շղարշով: Այդ մշուշն հոսեց, լցվեց գյուղի փողոցները ու այնքան անթափանց էր, որ արդեն վախ չկար, թե ճանապարհին որևէ մեկը կարող է տեսնել: Ելենան հագավ անձրևանոցը, դուրս եկավ: Նրան հետևեց Դմիտրին` ճամպրուկով ու պայուսակով:
Որոշ ժամանակ քայլում էին լուռ, փողոցի ինչ- որ շրջադարձում, որից հետո տունը չէր երևալու, Ելենան ալեկոծվող հոգով ետ նայեց. մշուշն այնքան թանձրացել էր, որ նույնիսկ բակի ցանկապատը չէր երևում: Մշուշապատ ճերմակության մեջ թույլ առկայծում էին, ասես, անտերունչ մնացած, տան երկու պատուհանները, որոնք ավելի հեռու էին թվում, քան կային իրականում:
Տան մեջ ոչ ոք չէր նկատել նրանց հեռանալը, պարզապես, երևի, չէին մտածում, որ նա հենց այդպես միանգամից կգնա:
ՇԱՐՈւՆԱԿՈւԹՅՈՒՆԸ այստեղ՝ https://miaban.ru/info/armenia/adyan-hars-3/