ՄՈԾԱԿՆ ՈՒ ԱՌՅՈՒԾԸ
Թափահարելով թևեր ու ոտ,
Մոծակը թռավ առյուծի մոտ։
Իջնելով ծառին ճյուղատարած,
Հզոր առյուծին այսպես ասաց.
-Ուժեղ եմ քեզնից, արևս վկա,
Ինձանից հզոր կենդանի չկա։
Եղածդ ի՞նչ է՝ մի խոշոր կատու,
Ինչո՞վ եք տարբեր կատուն ու դու։
Եթե հզոր ես, մարտի ել իմ դեմ,
Այնժամ կիմանաս, թե մոծակն ով է…
Փողհարեց փողն իր այդ վտիտը,
Սուրաց, մխրճվեց առյուծի քիթը։
Եվ հզոր արքան ծառս եղավ ցավից
(Դե ո՞վ չի դողա մոծակի ահից),
Սուր-սուր ճանկերով իրեն ճանկռոտեց,
Սեփական քիթը խիստ արյունոտեց։
Մոծակը, հպարտ իր հաղթանակով,
Թռավ, որ լուրը սփռի աշխարհով։
Բայց հենց այդ պահին այդ ճտպտանը
Ընկավ թունավոր սարդի ոստայնը,
Մեկ-երկու անգամ անզոր թպրտաց
Եվ իր պապերի հետևից գնաց։
Խոսքն այն մասին է, կտրիճ բարեկամ,
Որ ինքնավստահ միշտ պետք է լինել,
Բայց պետք չէ բնավ խիստ պատահական
Հաջողությունից իրեն կորցնել։
ԾԵՐԱՑԱԾ ՁԻՆ
Մեծ կյանք է ապրել այս երիվարը,
Անգամ տիրոջը մարտի է տարել,
Խենթ վրնջյունով ելել սարերը,
Հովատակներին խելքահան արել։
Տարիք են անցել։ Ծերացած ձիուն
Տերը տվել է ջրաղացպանին,
Սա էլ իր հերթին, առանց խղճալու,
Նրան լծել է աղացաքարին։
Եվ հիմա տխուր միտք է անում ձին,
Թե ի՜նչ կյանքով է ապրել, հե՜յ գիտի…
Այժմ, երբ ծեր է, կապել են քարին,
Եվ աղացքարը պիտի պըտըտի։
Առա՞կ է արդյոք, թե խոհ է հուզիչ՝
Չգիտեմ։ Սակայն գիտեմ հաստատուն,
Որ առանց հիմքի չի ասվում ոչինչ,
Որ մարդն էլ հաճախ սրան է միտում։
ԽԵՑԳԵՏԻՆՆ ՈՒ ՁԱԳԸ
Մայր խեցգետինը ասաց իր ձագին.
-Կողքի մի քայլիր, քայլիր դու կարգին,
Ինչու՞ ես թեք-թեք գնում շարունակ,
Եվ փորդ քսում քարերին խառնակ։
Եվ ձագը ասաց.
-Եթե ուզում ես, որ քայլեմ ուղիղ,
Նախապես ինքդ քո քայլքը ուղղիր։
Մինչև ուրիշի բիծը ցույց տալը
Խնամքով մաքրիր քո մատի ծայրը։
ՀԱՇՏԱՐԱՐԸ
Մեծ ու մրրկածուփ ծովի ջրերում,
Ուր ամեն րոպե մահ էր ու աղետ,
Այդ փոթորկահույզ ծովում երերուն
Դելֆինն էր կռվում շնաձկան հետ։
Երբ հեռվից լսեց կռվի աղմուկը,
Որ տարածվել էր անծիր ծովի մեջ,
Իսկույն մոտ լողաց խարակաձուկը,
Որպես գործիմաց, փորձառու հրշեջ։
Ծովում աննշան այդ ձկնիկը հեզ
Փորձեց հաշտեցնել նրանց տիրաբար,
Բայց դելֆինն ասաց՝ ի՜նչ ամոթ է մեզ,
Որ դու պիտ լինես այստեղ հաշտարար։
Երբ ժամանակը խառնակ է դառնում,
Աննշան մարդն էլ արժեք է առնում։
ԱԵՓԱԿԱՆ ԱՐԺԱՆԻՔ
Էշի մեջքին Զևսի արձանը կապած,
Տերը մի օր քաղաք տարավ վաճառքի,
Տեսնողները գլուխ տվին գլխաբաց,
Որ վայել է ծառաներին հավատքի։
Սակայն էշը այլ կերպ մեկնեց փաստը այս.
Նրան թվաց, թե իրեն են մեծարում,
Եվ ի նշան երախտիքի զիլ զռռաց,
Հպարտ կանգնեց որպես մի այր մեծանուն։
Երբ տերը այս երևույթը նկատեց,
Զարմանք պատեց ճերմակամազ ծերունուն,
Տխմար էշին սուր խոսքերով նախատեց,
Եվ ծեծելով, հայհոյելով տարավ տուն
Քո սեփական արժանիքները թողած,
Մի պարծենա շնորհներով ուրիշի.
Քոնն ունեցիր, քեզնով եղիր վեհապանծ,
Թեկուզ էշ ես, և արժանիքդ էշի։
ԷՇՆ ՈՒ ՃՊՈՒՌՆԵՐԸ
Էշը լսեց ճպուռների ճռռոցը,
Քաղցր ձայնով, ճռճռոցով զմայլվեց,
Մի կողմ թողեց իր էշային զռռոցը,
Ուզեց նրանց իր զռռոցով նմանվել։
Եվ հարցրեց քնքշությամբ ու մեղմաձայն,
Թե ինչով են նրանք սնվում փառահեղ։
««Ցողո՛վ,,- ասին ճպուռները միաձայն,-
Դրանից է այսպես մեր ձայնը հնչեղ,,։
Այդ օրվանից անխելք էշը երաժիշտ,
Մի կողմ թողած գարի, վարսակ ու առվույտ,
Ձայնի համար իրեն այնքան անհրաժեշտ՝
Ցող էր ուտում աստծո ամեն առավոտ։
Իր էշային համառությամբ հաստակող
Այնքան երկար սնվեց ցողով վաղորդյան,
Որ մի օր էլ դաշտի միջին ծաղկաշող
Ընկավ, սատկեց՝ ի նշան իր էշության։
Ով սեփական գործը թողած
Կնախանձի ուրիշին,
Կասկած չունեմ, անվերապահ
Կնմանվի այս էշին։
ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԵՂՋԵՐՈՒՆ
Ահն ու սարսափը կենդանիների,
Հզոր առյուծը, թագավորը մեծ,
Իր մոլուցքին ու նյարդերին գերի՝
Օրերից մի օր խելքը թռցրեց։
Երբ այս իմացավ ազնիվ եղջերուն,
Ասաց, տե՜ր Աստված, ահա քեզ փորձանք.
Խելքը գլխին էր՝ էլի էր տանջում,
Երբ խելագարվեց ինչպե՞ս դիմանանք։
Երբ իշխանության երերուն նավին
Անարդար ու խենթ մի այր է նստած,
Վայը եկել է՝ տարել տկարին,
Նրա հույսը լոկ մնում է Աստված։
ՕՁՆ Ու ՈՐԴԸ
Երբ օձը որդի կողքովը անցավ,
Նրան նմանվել որդը կամեցավ.
Իրեն զոռ տալով երկարեց այնքան,
Որ շուտով պայթեց, եղավ ցիրուցան։
Երբ թույլն է հագնում ուժեղի մորթին,
Նա նմանվում է այս անզոր որդին։
ՊԱՐԾԵՆԿՈՏ ՈՐՍՈՐԴԸ
Ուսին հրացան ժանգոտած ու հին,
Պարծենկոտն իրեն խիզախ համարեց,
Եվ հանդիպելով անտառապահին՝
Հզոր առյուծի հետքը հարցրեց։
-Ոչ միայն հետքը, կտրիճ բարեկամ,-
Ասաց փորձառու անտառապահը,-
Այլև առյուծի տեղը ցույց կտամ,
Որ բազմապատկես փառք ու համբավդ։
Վախից գունատվեց մեր որսորդը քաջ,
Ահից ջուր դառան արյունն ու լեղին,
Անտառապահին նա այսպես ասաց՝
Քրտինքի շաղը դողացող բեղին.
-Շնորհակալ եմ քեզնից, իմ եղբայր,
Անշուշտ, կջարդեմ նրա ողնուցը…
Բայց ավաղ, դու ինձ ճիշտ չհասկացար,
Ինձ պետք է հետքը, ոչ թե առյուծը։
Միայն խոսքերով սին պարծենկոտը
Հսկա փղին էլ գետնովը կտա,
Սակայն կդողա իր ձեռն ու ոտը,
Կողքից անցնողը եթե փռշտա։
ԾԵՐԱՑԱԾ ՁԻՆ
Մեծ կյանք է ապրել այս երիվարը,
Անգամ տիրոջը մարտի է տարել,
Խենթ վրնջյունով ելել սարերը,
Հովատակներին խելքահան արել։
Տարիք են անցել։ Ծերացած ձիուն
Տերը տվել է ջրաղացպանին,
Սա էլ իր հերթին, առանց խղճալու,
Նրան լծել է աղացաքարին։
Եվ հիմա տխուր միտք է անում ձին,
Թե ի՜նչ կյանքով է ապրել, հե՜յ գիտի…
Այժմ, երբ ծեր է, կապել են քարին,
Եվ աղացքարը պիտի պըտըտի։
Առա՞կ է արդյոք, թե խոհ է հուզիչ՝
Չգիտեմ։ Սակայն գիտեմ հաստատուն,
Որ առանց հիմքի չի ասվում ոչինչ,
Որ մարդն էլ հաճախ սրան է միտում։