ՏՈՒՆԴԱՐՁ
(մերօրյա իրողություն)
Երբ այսօր վաղ առավոտյան Պուլկովոյի օդանավակայանում Հայաստան էի ճանապարհում դստերս, ականատես եղա մի ցնցող ուրախության… Նախ ասեմ, որ տարվա այս ամսին ավելի շատ Հայաստանից են դուրս գալիս աշխատանք որոնելու, քան վերադառնում են։ Եվ դա ինձ զարմացրեց։ Բայց շուտով պարզվեց իրողությունը… Մարդկանց դեմքերի աշխույժն ու դրա իմաստը հասկանալի դարձան, երբ ինձնից քիչ հեռու կանգնած երկու ջահելի խոսակցությունը հասավ ականջիս։ Նրանցից մեկը մյուսին հարցրեց.
— Ախպեր ջան, տյու վերտեղա՛ցի ես…
— Ստեփանավանից եմ, ախպեր ջան։
— Հա, համարյա տյու էլ էս մեր ղոլիցը… Ես էլ Իջեվանիցն եմ, մեր Նիկոլի տեղիցը… Տեսար, չէ՞, թե ինչ արավ մեր ախպերը։
— Հա, ոնց չտեսա, բա էս ու՞ր եմ փասա-փուսեքս առած հետ գնում։
— Դե թխի կյա-, ասաց իջևանցի ջահելն ու ձեռքը շաչյունով խփեց ստեփանավանցու ափին։
Մի քանի քայլ դեպի աջ կանգնած էին մի խումբ ահել ու ջահել մարդիկ։ Խոսակցությունից անշփոթ կարելի էր ասել, որ գյումրեցիներ են։
— Ծո հավատս հեչ չի գա… Ըշտե մե մարդն է՞լ կրնա էսքան բան էնե…
— Հբը ինչըղ… Հլը դեռ ինչքան բան բդի էնե՜… Հլը նոր է ցրցամ տվե…
Մի կին էլ թաշկինակը ձեռքին մոտեցավ ամուսնուն.
— Արի, արի մե ճբըլըդ մաքրեմ, Օնո ջան, քրդինքդ մեր բախչի աղբրի պես հոսա գը…
Մոտը կանգնածները ծիծաղեցին։
— Ըդիկ հուզմունքց է, քուր ջան, տուն օր հասնիք, կցամքի…
— Օնոս վռազե գը, կըսե տուն օր հասնիմ, սաղ հարևան-բարեգամ կհավքիմ սեղանի շուրջ, Նիգոլիս կենացը խմինք,- աշխույժով բացատրեց Օնոյի կինը։
Պարզվեց, որ Լոռեցի էլ կա մեջները։ Նա թե՝
— Այ ձեր ջանին մեռնեմ, էկեք մեր Լոռու էն քչքչան ախպրների ղրաղին, հենց կանանչների վրա մի ընենց սուփրա գցեմ, մի ընենց սուփրա, որ օրներըմդ տեհած չլիք։ Էս ուրախութինը ռեստորան-մեստորանի բան չի, է՛, էսթավուր ուրախու՛թինը հանդըմը կանեն, հա՛նդըմը։
Միջին տարիքի մի մարդ կար, խոսքից երևում էր, որ ուսյալ է։ Մի երկու խոսք փոխանակեցինք, պարզվեց բժիշկ է։
— Գիտեք ինչքան եմ սպասել այս օրվան… Գնում եմ տեսնեմ ինչն ինչոց է, գամ, տունուտեղս հավաքեմ, գնամ իմ երկիրը…
Այստեղ հուզմունքն ալիք տվեց ներսս… Երեսս մի կողմ թեքեցի… Ինչքա՜ն սպասողներ են եղել այս օրվան։ Ազգը մեր բոլորի աչքի առաջ վերակենդանանում է։ Թվում է՝ իր համընդհանուր ոգևորության մեջ հայը պատրաստ է հավաքվել, մի բռունցք, մի հոգի դառնալ։ Ավելի ճիշտ, չի թվում, այդպես էլ կա։ Միայն տեսնել ու զգալ է պետք։ Միայն հավատալ ու սատարել է պետք։ Տեսա՞ք, հրեաները մի 60 տարում ինչ երկիր ստեղծեցին։ Եվ հիմա 20 հազար քառ/կմ տարածքի վրա 7 միլիոն մարդ է ապրում։ Ինչ է, մեր ավելի մեծ տարածքի վրա չի՞ կարող գոնե 5 միլիոն հայություն հավաքվել։ Կարող է։ Այդ էին վկայում տուն վերադարձող մարդկանց վառվռուն աչքերը, ոգևորությունը։
Փառքդ շատ, տեր աստված, թող շարունակական լինի այս ուրախությունը։