ԼՈԼՈՅԻ ԵՐԱԶԸ
(երգիծանք)
Լոլոն ուտել շատ էր սիրում։ Օհ, ո՜նց էր սիրում։ Երբ նստում էր սեղանի մոտ, մոռանում էր աշխարհում ամեն բան։ Իրեն էլ էր մոռանում։ Իրենից մնում էր աչք, որ տեսնի սնունդը, ձեռք, որ վերցնի այն, բերան, որ տեղավորի ձեռքերի մատուցածը, և ստամոքս, որ մարսի կոշտ ու փափուկ կերերը։ Իսկ մնացածը չորրորդական բաներ էին։
Ծանր օրեր են հիմա Լոլոյի համար։ Էլ նա հասարակական սննդի միավորման պահեստապետ չէ՜, իր ժամանակներն անցա՜ն… Սոնայի գործն է դժվարացել՝ նրա միակ մտահոգությունն ամուսնուն սնունդ հասցնելն է։ Լոլոն ամեն անգամ տուն է գալիս ու խռովկան երեխայի նման գլուխը կախ՝ սպասում, թե ինչ է մատուցելու կինը։ Իսկ կինը սեղանին է դնում մի աման կարտոֆիլով սուպ, կաղամբի թթու, մի քանի կտոր հաց։ Լոլոն քիչ է մնում լաց լինի, երբ հիշում է խոզի խորովածը, բաստուրման, սուջուխը, հավի բդերը, տեսակ-տեսակ ձկնեղենը, խոզի տոտիկները… Հիմա էլ կան, ավելի շատ, բայց հիմա իր ձեռքերը կարճ են, իսկ էն ժամանակ այդ ամենն իրեն տրվում էր անվճար…
Տռուզ փորը բարակել է, կլոր թշերը մաշվել են, նախկին ինքնագորհ կեցվածքից ոչինչ չի մնացել։ Նրա համար ամենաերանելի պահերը գիշերներն են, երբ երազների տեսքով այցելում են անցած օրերի ճոխ սեղանները։ Միայն թե ամեն անգամ, երբ արթնանալուց հետո հասկանում է, որ այդ ամենը երազ էր, սոսկալի գլխացավ է ունենում։
Իսկ ահա թե վերջերս ինչ երազ տեսավ Լոլոն։ Նրան, իբր, հրավիրել են հարսանիքի։ Սեղանները ճկել են տեսակ-տեսակ ուտեստների ու խմիչքների ծանրությունից։ Թամադան Բրեժնևն է, որ ծպպոցով կենացներ է խմում։ Հայերեն էլ խոսում է։ «Թանկագին ընկերներ,- ասում է նա,- ես խմում եմ… ծըպպ… հարազատ կուսակցության կենացը, որ իմաստուն կերպով մեր երկիրը տանում է դեպի…ծըպպ… կոմունիզմ»։ Հարսանքատունը թնդում է ծափերից։ Լոլոն նկատում է, որ իր դիմաց նստած ծանոթ դեմքով ճաղատը շարունակ իրեն է նայում։ Նա նշանակություն չի տալիս դրան և շարունակում է խժռել աջ ու ձախ։ Հանկարծ ճաղատը Լոլոյի ձեռքը մի կողմ է հրում ՝ գոչելով.«Հերիք է խժռես, իմացար…»։ Լոլոն զայրալից մի հայացք է գցում նրա վրա ու բղավում.«Ձեռքդ քաշի, թե չէ…»,- և մի թունդ հայհոյանք է շպրտում նրա հասցեին։ «Ախ, այդպես, հա՞,- Լոլոյին սպառնում է ճաղատի կողքին նստած կինը և դիմում ճաղատին.- հենց վաղը, Միշա, առավոտյան նիստում, կդնես սրա հարցը»։ Հանկարծ Լոլոն, ո՜վ զարմանք, հասկանում է, որ ճաղատը Գորբաչովն է, իսկ կողքինը՝ Ռաիսան։ Մի պահ վախից քիչ է մնում արթնանա, բայց չի արթնանում, այլ մնում է երազի ու իրականության այն սահմանում, երբ մարդը հասկանում է, որ ինքը երազի մեջ է ու իրեն ավելի անկաշկանդ է զգում. դե մեկ է, երազ է։ Ահա այս վիճակում էլ Լոլոն գոռում է Գորբաչովի վրա.« Նախ, ախպերացու, քո հացը չեմ ուտում, դու հո բոլորիս հացը խլեցիր, երկրորդն էլ՝ շանդ կապի, թող վրես չհաչի, երրորդն էլ՝ թամադայից ձայն խնդրե՞լ ես, որ ինքնագլուխ խոսում ես, հը՞…»։ Եվ Լոլոն, վերցնելով մի կարմիր, գերհասունացած լոլիկ, առ հա կտաս նրա ճակատին։ Ռաիսան իրար է անցնում, փորձում է թաշկինակով մաքրել ամուսնու ճաղատի կարմիր հետքը, բայց ապարդյուն։
Հանկարծ թամադան նկատում է իրարանցումը։ «Այդ ի՞նչ է կատարվում այդտեղ… ծըպպ»։ «Այս քաչալն արգելում է ինձ օգտվել սեղանի բարիքներից, ընկեր Բրեժնև,- դժգոհում է Լոլոն,- բա էսպես կարելի՞ է, չէ՞ որ սա հարսանիք է, և ես էլ տանտիրոջը 50 ռուբլի եմ տվել,,։ ,,Դա ի՞նչ է նշանակում, Միշա…ծըպպ,- զայրանում է թամադան,- ինչու՞ չես թողնում մարդը կուշտ փորով հաց ուտի… ծըպպ… մանավանդ, որ տանտիրոջն էլ 50 ռուբլի է տվել…ծըպպ…,,։
Միշան իրար է անցնում. ,,Գիտե՞ս ինչ, Լեոնիդ Իլյիչ, լավ կլինի դու քո էդ ծպպոցներով գլուխ չտանես, իմացա՞ր։ Դու իրավունք չունես Ռաիսայի մոտ ինձ նվաստացնելու, ի վերջո, սովետի առաջին ու վերջին պրեզիդենտը ես եմ…,,։ ,,Դա նու՜,- ձեռքն արհամարհանքով թափ է տալիս Բրեժնևը,- պլևա՛ծ… տեսանք, թե ինչ պրեզիդենտ էիր՝ երկիրը ծախեցիր…ծըպպ… քեզ կախել է պետք…ծըպպ…,,։
Այստեղ Լոլոն, որ մի պահ մոռացել էր ուտելը, ոգևորված մեջ ընկավ. ,,Ճիշտ է, կախել է պե՛տք… կա՛-խել, կա՛-խել,- վանկարկեց նա ու բռունցքով ուժգին հարվածեց Միշայի դեմքին։ Ռաիսան ձեռքը գցեց Լոլոյի ճակատի մազափնջին. ,,Ես քո գլուխը հողեմ, այ շատակեր, կերդ պակասեց, խենթացա՞ր…,,։
Լոլոն աչքերը բացեց ու վեր թռավ տեղից. կինը նստել էր անկողնում, իսկ քթից արյուն էր հոսում։
— Ի՞նչ է պատահել, այ կնիկ,- դեռևս չընկալելով կատարվածը՝ հարցրեց նա։
— Չոռ ու ցավ է պատահել… աչքդ հանել էի՞, որ քիթս ջարդեցիր, հը՞…
Լոլոն հասկացավ ամեն ինչ ու գլուխն առնելով ափերի մեջ, հոնգուր-հոնգուր լաց եղավ։