на русском — https://miaban.ru/info/armenia/hayastan_2012/
in English — https://miaban.ru/info/armenia/hayastan_2012_en/
Հայաստանն ու հայությունը, այսօր արդեն, անմիջականորեն, դեմ առ դեմ կանգնած են այն մարտահրավերներին ու սպառնալիքներին, որոնց մասին վերջին տարիներին գրում էինք «Ուխտ Արարատի» պարբերականի խմբագրականներում 2005 թվականից սկսած: Գրում էինք, զգուշացնում եւ փորձում մշակել ու առաջարկել դրանց հաղթահարման ուղիներ ու ծրագրեր:
Բայց նախ ամփոփ կերպով վերհիշենք այդ սպառնալիքներն ու մարտահրավերները.
- Ռազմաքաղաքական իրադարձությունների սպառնալից ու սրնթաց զարգացումները Մերձավոր Արեւելքում, մասնավորապես, Սիրիայի ու Իրանի շուրջ: Դրանց համապատասխան սպառնալիքները ուղղված Սիրիայի, Իրանի հայությանը:
- Իրանի տարածքը միջուկային կամ ընդերք թափանցող ռումբերով հարվածելու հետեւանքում հնարավոր էկոլոգիական եւ հումանիտար աղետների հավանականությունը (1):
- Մեծամորի ատոմակայանի նկատմամբ բնական, տեխնածին կամ ահաբեկչական ակտի միջոցով հնարավոր սադրանքները եւ դրա հետեւանքները, ինչի մասին խոսվում էր «Արմենիա-2010» Հայաստանում ՆԱՏՕ-ի վարժանքների ծրագրում (2):
- Կովկասյան եռակողմ (քառակողմ` քրդերի մասնակցությամբ) պատերազմի հրահրման սպառնալիքը (3):
- ՀՀ շրջափակման խստացումը նոր միջոցներով, այդ թվում պարենային եւ էներգետիկ:
- ՀՀ զինաթափման պարտադրանքը եւ խաղաղապահ ուժերի տեղակայումը տարածաշրջանում (4):
Թվարկված այս եւ այլ սպառնալիքների հետեւանքում ՀՀ անկախության, ինքնիշխանության կորուստն ու ՀՀ պետության ոչնչացումը:
Իբրեւ պատասխան սպառնալիքներին մենք առաջարկում էինք ձեռնարկել հայության եւ Հայաստանի համապարփակ ինքնապաշտպանության գործը, որի անմիջական ուղիներից մեկն էլ ՀՀ-ի Մշտական, զինված, դրական չեզոքության քաղաքականության որդեգրումն էր: Ինչեւէ, այդ մասին որոշում կայացվել է, ինչը հնարավորություն է ընձեռում որակապես շատ բարձր մակարդակով կազմակերպելու Մերձավոր Արեւելքի հայության ինքնապաշտպանությունը:
Այստեղ որպես ամփոփում նշենք միայն, որ բոլոր դեպքերում տարածաշրջանում ապրող հայությունը նահանջելու տեղ չունի այլեւս, բացի իր հայրենիքից` Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկյան Հայաստանից:
Այստեղ որպես ամփոփում` հավելենք, որ եթե տարածաշրջանի հայությանը պարտադրվելու է նոր բռնագաղթի ու «գաղթի քարավաններ» կազմել, ապա այդ «քարավանները» այլ ուղղություն չունեն բռնելու այլեւս, բացի Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկյան Հայաստանից, որը իրենց իրավունքն է, եւ որը, ի դեպ, պարտավոր է պաշտպանել Միջազային ընկերակցությունը` քավելու համար շուրջ 90 տարի առաջ թույլ տված քաղաքակրթական խոշոր բացթողման մեղքը: Դրա իրավունքը ունի տարածաշրջանում ապրող հայությունը, որովհետեւ ինքն այս վիճակում է հայտնվել ցեղասպանության եւ հայրենքից բռնագաղթվելու հետեւանքով:
Թերեւս արժե մեկ անգամ եւս հիշեցնել նաեւ, որ առանց հայկական եւ քրդական հարցերի ամբողջական կարգավորման հնարավոր չէ տարածաշրջանում հաստատել երկարատեւ ու կայուն խաղաղություն եւ ակնկալել իրական զարգացում ու առաջընթաց:
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
09.02.2012 թ.
Ծանոթագրություն
- Տես, Մանե Հակոբյան, «Տարածաշրջանային, հնարավոր գլոբալ, էկոլոգիական աղետ թափանցող ռումբերով Իրանի տարածքի ռմբահարման դեպքում», «Ուխտ Արարատի», թիվ 2 (20), նոյեմբեր-դեկտեմբեր, 2010 թ., էջ 16-17:
- Տես, «ՆԱՏՕ-ի վարժանքը Հայաստանում. Թուրքիայի հետ սահմանի բացումը, ԱԷԿ-ի վթարը եւ հայերի տարհանումը Վրաստանով» եւ այլ նյութեր, «Ուխտ Արարատի», թիվ 2 (20), նոյեմբեր-դեկտեմբեր, 2010 թ., էջ 14-15:
- Տես, Րաֆֆի, «Քրդական միություն» — 1880 թ., «Ուխտ Արարատի», թիվ 1 (17), մարտ — ապրիլ, 2009 թ., էջ12-21: Տես, «Քրդերի բնակեցում Ադրբեջանում…», նույն տեղը` էջ 27: Տես, Ստեֆան Բլանկ, «Քրդական հարցը եւ Լեռնային Ղարաբաղը», նույն տեղում` էջ 30-31:
- Տես, նյութին կից հավելվածները` ՄԱԿ-ի «Հազարամյակի մարտահրավեր» Հռչակագրի եւ «ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի համապատասխան հոդվածները: Տես, «Ուխտ Արարատի», թիվ 1 (19), մարտ-ապրիլ, 2010 թ., էջ 5: