հատված Ավագ Պռազյանի հուշերից
® Araspel Index
հեղինակային հրապարակում
© araspel.wordpress.com
…1920 թվի մարտ ամսում մեզ մոտ, Կուշչիի գյուղն եկավ մեր Դաշքյասանի շրջանի Բանանց գյուղացի, Դաշնակցական կուսակցության խմբի ղեկավար Եգոր Ավետիքյանը: Նա շատ կուլտուրական մարդ էր…
Երբ նա եկավ Կուշչի գյուղը, շրջանի կենտրոնական գյուղը, այդտեղ հավաքվեցին շրջակա գյուղերից` Զագլիկից, Բանանցից, Չովդարից, Կիրանցից, Քարհատից շատ ներկայացուցիչներ: Մի շատ լավ արև օր էր. երկնակամարը լրիվ պարզ, օրը տաք: Բազմամարդ ժողովուրդ հավաքվեց գյուղի եկեղեցու պատի տակ: Ժողովը Եգորի կարգադրությամբ գումարվեց բացօթյա:
Մեր Կուշչի գյուղից մեծամարդիկ ամբողջովին հավաքվել էին: Եկեղեցու պատերի շուրջը կանգնելու տեղ չկար: Մեկը մյուսին հրելով բարձրանում էին քարերի, պատերի վերև, որպեսզի այնտեղից նայեին դաշնակների բյուրոյի կազմին, նրա անդամներին, որոնք նստած էին պատի տակ դրված մեծ սեղանի շուրջը` աթոռների վրա: Դաշնակներից այդտեղ էին` Եգոր Ավետիքյանը (Բանանց գյուղից), Ավետիս Թավաքալյանը (Զագլիկ գյուղից), Ավետիս Բոյախչյանը (Վ.Քարհատ գյուղից), Գրիգոր Կարապետի Եղիազարյանը, Մաթևոս Արարատյանը (Կուշչի գյուղից): Եգորը, հավաքը նա էր կազմակերպել և ժողովին ղեկավարում էր, հավաքվածներին ուշադրության հրավիրեց և սկսեց իր հրապուրիչ ճառը: Հավաքված 300-400 մարդիկ մի պահ քարացան: Ժողովականների կողմից ոչ մի ձայն, ոչ շշուկ չէր լսվում, բոլորն էլ աչքները հառած նայում էին ճառախոսին, որը ճգնում էր իր բառերով ոտքի կանգնեցնել շրջանի գյուղերի բոլոր գյուղացիներին մուսավաթական թուրքերի դեմ: Նա ասաց. «Ես ստույգ տեղեկություններ եմ ստացել Գյանջայի (այժմ Կիրովաբադ) Դաշնակցական կուսակցության կողմից, որ քաղաքի թուրքերը, որտեղ հավաքվել էին նաև տափաստանային շրջաններից, մեծ բազմությամբ, մուսավաթների անմիջական ղեկավարությամբ, այս գարնանը, ճիշտ ժամկետը հայտնի չէ, հարձակվելու են մեր լեռնային հայ գյուղերի վրա: Նրանք իրենց ձեռքի տակ ունեն և´ թնդանոթներ, և´ գնդացիրներ: Նրանց զորքը մինչ ատամները զինված է: Սակայն մեզ հարկավոր չէ դրանից վախենալ, միայն հարկավոր է շատ զգույշ լինել: Զենք բռնող մարդիկ, այսինք` ով զենք ունի (հրացան), տնից դուրս գա: Մենք պետք է միացյալ ուժերով դուրս գանք պաշտպանվելու համար, մեր գյուղերը վտանգից փրկելու համար: Մեր գյուղարանքներում գտնվող բոլոր հրացանները, փամփուշտները պետք է երևան հանենք: Ում տան զենք բռնող չկա, բայց զենք ունի, պետք է նրանից վերցնենք այդ զենքը, տանք այն մարուն, որը զենք չունի, բայց կարող է հրացան բռնել և կռվել: Մենք մի ընդհանուր ռազմաճակատ ենք կազմելու, որը լինելու է մեր շրջանի Զուռնաբադ գյուղի տակ, մեծ ճանապարհից մինչև Բրաջյուր գյուղի տակի Գյանջա գնացող մեծ ճանապարհը: Մեր զորքերի շտաբը նստելու է Բրաջյուր գյուղում: Հրամանատարական կազմի մի մասը կլինի Միրզիկ գյուղի դպրոցի շենքում: Զագլիկ գյուղից ոչ մի մարդ չպետք է լինի նշված ռազմաճակատում: Զագլիկի ռազմիկները Ա. Թավաքալյանի ղեկավարությամբ կպաշտպանեն Զագլիկ գյուղից դեպի լեռնային կողմերի թուրքերի սահմանները, իրենց գյուղի սահմանները: Վ.Քարհատ գյուղի բոլոր զենքի տակ գտնվողները կպաշտպանեն իրենց գյուղի սահմանները (նրանց կղեկավարի Ա. Բոյախչյանը) խիստ ու սերտ կապ պաշտպանելով Զագլիկի սահմանի սահմանապահների հետ, Ա. Թավաքալյանի ցուցմունքներով: Չովդառ գյուղի զինվորներն էլ Ավետ Դալլաքյանի ղեկավարությամբ կպաշտպանեն Չովդառի սահմանները տափաստանային թուրքերի հարձակումից: Վերևում նշված գլխավոր ռազմաճակատում պետք է ներկայանան` Բանանցի, Կուշչիի, Կիրանցի, Միրզիկի, Զուռնաբադի, Բրաջյուր գյուղի բոլոր տղամարդիկ, որոնք զենքի տակ են: Այս գյուղերի զինվորներին, նշված ռազմաճակատ ուղարկելու համար, պարտավորեցվում է Գրիգոր Եղիազարյանին` հայտնել այս գյուղերի բոլոր գյուղացիներին որպեսզի ռազմաճակատի զինվորների համար չխնայեն ուղարկելու ունեցած հացը, կարտոֆիլը կամ այլ ուտելիքը»: