Ավետիք Հարությունյան
«ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն,
իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Իրավաբանի մասնագիտությունը երբեք չի կորցնում ժողովրդականությունն ու արդիականությունը։ Այն հեղինակավոր, բարձր վարձատրվող և պատասխանատու մասնագիտություն է, որը պահանջում է հարուստ գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ։ Միայն շարունակաբար ինքնակատարելագործվող ու որակյալ իրավաբաններն ունեն բարձր եկամուտ:
Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում իրավաբան դառնալու 10 հիմնական պատճառ.
1. Ֆինանսական բաղադրիչը
Ֆինանսական բաղադրիչն իրավաբան դառնալու առաջին պատճառն է: Այսօր այս մասնագիտությունն ամենաբարձր վարձատրվողներից է։ Իհարկե, բարձր եկամուտ ունենալու համար պետք է ունենալ արհեստավարժության որոշակի մակարդակ:
2. Աշխատանքի հեղինակությունը
Աշխատանքի հեղինակությունն իրավաբան դառնալու ևս մեկ պատճառն է: Այս մասնագիտությունը պահանջված է և երբեք չի կորցնի արդիականությունը: Իրավաբան լինելը մշտապես եղել ու մնում է պատվաբեր, և ամենևին էլ պատահական չէ, որ մասնագիտության հեղինակությունը, բարձր կենսադիրքը և եկամտի մակարդակը տվյալ որակավորումն ունեցողներին դարձրել են ժամանակակից հասարակության ընտրանու մաս, որին հարգում և նույնացնում են հաջողության հետ։
3. Սոցիալական կարևորությունը
Իրավաբանն իր մասնագիտական գործունեության տեսակով օգնում է ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանության գործում և պաշտպանում հանրային շահերը։
4. Աշխատանքային պայմաններն ու վայրը
Իրավաբանն իրեն լիովին կարող է թույլ տալ աշխատել խոշոր ընկերություններից անկախ և ինքնուրույն ձևով: Նա է որոշում, թե ինչպես համագործակցել այս կամ այն հաճախորդի հետ, ինչպես նաև սահմանել ծառայությունների գինն ու այլ պայմաններ:
5. Աշխատանքային ժամանակացույցը
Իրավաբանը, որպես կանոն, սեփական աշխատանքային ժամանակացույցը սահմանում է իր հայեցողությամբ: Կարևոր է հասկանալ, որ ճկուն աշխատանքային ժամանակացույցը ոչ թե հանգստի համար նախատեսված շատ ժամանակն է, այլ գրասենյակից դուրս ամեն մի հաճախորդի հետ մշտապես կապի մեջ լինելու և նրա խնդիրների լուծման ուղղությամբ գործուն քայլեր իրականացնելու հնարավորություն:
6. Մասնագիտացման ընտրության անսահմանափակ հնարավորություն
Իրավաբանը հնարավորություն ունի մասնագիտանալ ոչ միայն մեկ կոնկրետ ուղղությամբ, այլև մի քանի՝ սկսած քաղաքացիական դատավարությունից և աշխատանքային օրենսդրությունից մինչև նեղ մասնագիտացված ոլորտներ (օրինակ՝ նոտարական գործունեություն)։
7. Նոր որակավորում ստանալը
Իրավաբանական պրակտիկայի ընթացքում ձեռք բերված հմտությունները կարող են օգտակար լինել գործունեության բազմաթիվ ոլորտներում, օրինակ՝ կառավարման, իրավաբանական խորհրդատվության, հաշտարարության, հոդվածներ գրելու և այլն:
8. Հասարակության վրա ազդելու հնարավորությունը
Իրավաբանները ոչ միայն օրենսդիրներ են, այլև մտածողներ ու բարեփոխիչներ, և որպես այդպիսին՝ ունեն հասարակության վրա ազդելու եզակի հնարավորություն։ Բոլոր ժամանակներում իրավաբանները եղել են հասարակության միջուկը. նրանք են ստեղծել օրենքներ, իրականացրել արդարադատություն, զբաղեցրել ազդեցիկ պետական պաշտոններ և այլն:
9. Ինտելեկտուալ կարևորությունը
Իրավաբանը բարձր ինտելեկտով անձ է։ Ինտելեկտն առանցքային նշանակություն ունի իրավաբանի կարիերայում հաջողության հասնելու համար. նա պետք է ունենա բարդ խնդիրներ լուծելու, վերլուծություն կատարելու, նորարարական և ինչ-որ տեղ ռիսկային մտածելու կարողություն:
10. Շփում և ազատություն
Իրավաբանը հնարավորություն ունի ճանապարհորդել ոչ միայն իր երկրում, այլև ամբողջ աշխարհում, բայց ոչ թե հանգստի, այլ դատական նիստերին, գործարար գործարքներին և մասնագիտությանը վերաբերող այլ գործընթացներին մասնակցելու նպատակով: Իրավաբանը գործունեության բերումով շփվում է քաղաքական գործիչների, հայտնի մարզիկների, գործարարների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների և այլ շրջանակների հետ։ Այդ իսկ պատճառով իրավաբանի մասնագիտությունը լիովին համապատասխանում է շփվող ու դյուրահաղորդ մարդկանց տեսակին, որոնք ձգտում են լինել ուշադրության կենտրոնում:
Ամփոփելով իրավաբան դառնալու վերոհիշյալ պատճառները, որոնք, իհարկե, սպառիչ չեն, փաստենք, որ անկախ մասնագիտությունից յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր առաքելությունը, որն իրավաբանի պարագայում տարբեր իրավական խնդիրներ ունեցող մարդկանց օգնելն է, և միշտ չէ, որ այն պետք է պայմանավորել վերջիններիս վճարունակության հետ: