Սկիզբ — https://miaban.ru/themes/gen-in-azer/adyan-1/
(201)
Մեքենայի երկար ազդանշաններից հասկացա, որ Ռոբերտն ու Արաքսյան վերադարձել են Յալամայից և ինձ են կանչում:
– Ախպերո, էս որտե՞ղ ես, – ուրախ ու, ինչպես միշտ, շարժուն ու գործունյա, ժպտաց Ռոբերտը, թևքերը քշտած նայելով ինձ: – Մի տես ինչ ձուկ ենք բերել:
Հսկայամեծ սևրյուգան ընկած էր տերևների վրա և բացուխուփում էր բերանը՝ ճիգով օդ որսալով:
Ձայնի վրա Ռենան դուրս եկավ Ալվարդի սենյակից և պատշգամբում կանգնած, ասես, մի տեսակ չհամարձակվելով ու կարծես թե ամաչելով, նայեց ինձ, ժպտաց:
Ես մի պահ նայեցի նրան՝ անկարող թաքցնելու հիացմունքս նրա ճառագուն տեսքից:
– Դուք նախաճաշեք, գնացեք ծով, ես ձուկը կմաքրեմ, բաստուրմա կդնեմ, ծովից կգաք, կխորովենք, – խորհուրդ տվեց Արաքսյան և գնաց նախաճաշ պատրաստելու:
– Ես կօգնեմ ձեզ,– պատրաստակամ ասաց Ռենան և գնաց նրա ետևից:
Նաբրանից դուրս եկանք, երբ հովն ընկել էր արդեն և տեղ հասանք երեկոյան դեմ: Խաղաղ Նաբրանից հետո քաղաքը գվվացող վիթխարի մեղվափեթակ էր հիշեցնում:
* * * * *
Սեպտեմբերի մեկին Էսմիրան զանգեց ինձ: Հարյուրավոր ձայների մեջ անգամ անհնարին է չճանաչել նրա անուշիկ ձայնը:
– Գիտե՞ք ինչի եմ զանգել, – հարցրեց նա:
– Եթե չասես՝ երբեք չեմ իմանա, – կատակեցի ես:
Նա ծիծաղեց, ասաց.
– Որպեսզի շնորհակալություն հայտնեմ:
– Իսկ ո՞վ է խանգարում, – նույն կատակախառն տոնով շարունակեցի ես: – Կարո՞ղ է՝ Զաուրը:
– Չէ¯, – կարկաչուն ծիծաղեց: – Ոչ ոք, ուզում էի ասել… շնորհակալություն «Շանելի» համար: Ես դա կյանքում չեմ մոռանա:
– Ես բոլոր տոներին քեզ համար «Շանել» կառնեմ, եթե քեզ այդքան դուր է գալիս այդ օծանելիքը: Ի՞նչ աղմուկ է այդտեղ:
– Դպրոցից եմ զանգում, դասամիջոց է:
– Ուզո՞ւմ ես քեզ մի անեկդոտ պատմեմ:
– Պատմեք:
– Դե, լսիր: Ութսուն տարեկան մի ծեր ղարաբաղցի քաղաքում մտնում է խանութ, գործակատարին ասում՝ երկու կոստյում տուր: Գործակատարն ասում է՝ ութսուն տարեկան մարդ ես, երկու կոստյումն ի՞նչ ես անում, մեկն էլ որ կարողանաս մաշել՝ լավ է: Չէ, ասում է, մեկն ինձ համար է, մեկը՝ հորս: Գործակատարն ասում է՝ եթե դու ութսուն տարեկան ես, ուրեմն, հերդ էլ կլինի հարյուր-հարյուր հինգ տարեկան, ճի՞շտ է: Ճիշտ է, ասում է ղարաբաղցին: Այդ տարիքում կոստյումը նրա ինչի՞ն է պետք, հարցնում է գործակատարը: Հորս հերը, իմ պապն՝ այսինքն, պսակվում է, բացատրում է նա, ուզում ենք նրա հարսանիքին լավ տեսքով լինենք: Ծիծաղից գործակատարի ուշքը քիչ է մնում գնա: Լսիր, ասում է, եթե դու ութսուն տարեկան ես, հերդ՝ հարյուր-հարյուր հինգ, ուրեմն պապդ կլինի մոտ հարյուր երեսունհինգ տարեկան: Եվ նա այդ տարիքում պսակվե՞լ է ուզում: Չէ, պատասխանում է մեր էս ղարաբաղցին, ինքը չի ուզում, ծնողներն են ստիպում:
Էսմիրան քրքջաց, ասաց.
– Բա դրա ծնողնե՞րը քանի տարեկան են:
– Երևի մի հարյուր վաթսուն:
– Չէ հա, մարդ այդքան ապրո՞ւմ է որ:
– Ինչո՞ւ չի ապրում: Ադամը ինը հարյուր երեսուն տարի ապրեց:
– Հնարում եք, – ծիծաղեց Էսմիրան:
– Իսկ գիտե՞ս ինչքան է ապրել Նոյը:
– Ինչքա՞ն:
– Վեց հարյուր տարի մինչև ջրհեղեղը, որը տևեց ուղիղ հարյուր հիսուն օր, և երեք հարյուր հիսուն տարի՝ ջրհեղեղից հետո:
– Չէ հա, – նորից ծիծաղեց Էսմիրան: – Չի կարող պատահել: Ես երբեք չեմ հավատա:
– Հրեաների նախահայրերից Մաթուսաղան, Էսմիրա, ինը հարյուր վաթսունինը տարի ապրել է, վեց հարյուր տարեկանում նա այնքան առույգ, կենսախինդ ու հմայիչ էր, որ Հրեաստանի աղջիկներն առաջին հայացքից սիրահարվում էին, և ոչ ոք երեք հարյուր հիսունից ավելի տարիք չէր տալիս նրան:
– Օ¯յ, օ¯յ, օ¯յ, – չգիտես զարմանքով, թե սրտաբուխ հրճվանքով ծիծաղեց Էսմիրան, և ես մի պահ պատկերացրի նրան՝ կիսաբաց հրաբոսոր շուրթիկներով, միահավասար ատամների արտակարգ ճերմակությամբ ու ծիծաղկուն աչքերի շողշողուն փայլով՝ գլուխն օրորելիս: – Չէ հա, սիրահարվում էին… Հնարում եք, հնարում եք, հնարում եք, – դարձյալ ծիծաղեց նա: – Չեմ հավատա, երբեք չեմ հավատա, մենք այդպիսի բան չենք անցել դպրոցում, բայց կստուգեմ, անպայման կստուգեմ: Իսկ դուք գիտե՞ք այս անեկդոտը. հայկական ռադիոյին հարց են տալիս. «Ճի՞շտ է, որ Կարլ Մարքսն ու Ֆրիդրիխ Էնգելսը մարդ ու կին են»: Հայկական ռադիոն պատասխանում է. «Ոչ, դրանք չորս տարբեր մարդիկ են»: – Էսմիրան կրկին ծիծաղեց նույն սրտաբուխ հրճվանքով, ասաց, – սպասեք մեկն էլ պատմեմ… Բայց չէ, զանգը տվին, ափսոս: Դե լավ: Անչափ, անչափ, անչափ, անչափ շնորհակալ եմ, – նա դարձյալ կարկաչուն ծիծաղեց, կախեց հեռախոսը:
Ես երկար ժպտում էի՝ լցված ինչ-որ անհայտ, պայծառ ուրախությամբ:
* * * * *
Ռենայի հետ, ինչպես և առաջ, հանդիպում էինք շաբաթ օրերին, մեքենայով շրջում էինք քաղաքում ու քաղաքից դուրս, այնտեղ, քաղաքից հեռու, Բինաղադիից այն կողմ, Նովխանիի ծովափ տանող ճանապարհին, ուր, համեմատաբար, մեքենաները քիչ էին, ճանապարհի երկու կողմերում նավթաշտարակների անկտիներն էին միայն վարուվերում՝ նավթ արտամղելով, ես Ռենային սովորեցնում էի մեքենա վարել, երբեմն թենիս էինք խաղում «Դինամո» սպորտընկերության բացօթյա ցանցապատ խաղադաշտում կամ հատուկ այցետոմսով փակ կինոնկարներ դիտում կառավարական շենքում: Ամենից անմոռացը նոր տարվա նախօրյակի երեկոն էր «Գյուլիստան» ռեստորանում:
Անկրկնելի, անմոռանալի երեկո էր դա, ձյունառատ ու տաք երեկո: Դրսում սպասում էինք՝ մինչև Ռոբերտը կգար: Փետրաթեթև ձյուն էր տեղում անընդհատ: Ձյան խոշոր փաթիլները հարյուր հազարավոր, միլիոնավոր ճերմակ թիթեռնիկների պես ճախրում, գալարվում էին օդում, ասես ալարելով՝ դանդաղորեն իջնում ցած:
Մեզնից քիչ հեռու, թեփուկատերև ձյունածածկ նոճիներից այն կողմ, ֆունիկուլյորն էր, թեք վերելքով ճռնչալով՝ դեպի Կիրովի զբոսայգի էր բարձրանում ձյան կապտաճերմակ թափանցիկ վարագույրով շղարշված լարավոր վագոնը: Հեռվում, իրիկնային աղոտ երկնքում կարմրավուն կրակներով լուսավորված՝ միայնակ կանգնած էր հեռուստատեսային աշտարակը:
Ռենայի կիսամուշտակի տակից ես ձեռքերս մտցրել, գրկել էի նրա հեշտանքավառ խաղացկուն իրանը, ես նրան ձգում, սեղմում էի ինձ, շնչելով նրա ողորկ պարանոցի անուշաբույրը, և սիրտս խլրտում, հոգիս ցնծում էր այդ տաքուկ մերձեցումից: Նրա գլուխը թեթևակի ետ էր գցած, ձյան լայնշի փաթիլները թևավոր աստղերի պես անդադար իջնում էին նրա լուսավոր դեմքին, Ռենան՝ հուզիչ ու մատղաշ, դեռատի, ձեռնոցավոր ձեռքերը մտցրած մեկը մյուսի մորթավոր թևքը, քմահաճ աղջնակի նման հրճվալից ծիծաղում էր՝ լեզվի ծայրով որսալով այդ փաթիլները:
Նեոնային լույսերի մեջ՝ գոլորշի էր ելնում նրա անուշիկ բերանից, ես նրան ավելի ու ավելի էի սեղմում ինձ, շարունակ մրմնջալով. «Ցավդ տանեմ, ցավդ տանեմ, ցավդ տանեմ», և աչքերս լցվում էին Ռենայի հանդեպ տածած անասելի մեծ սիրուց ու իմ սրտի խորքից ելնող խանդաղատանքի արցունքով:
– Լեո, – ցածրիկ, մի տեսակ ասես զգուշավոր ձայնով շշնջաց Ռենան, – ամեն մի աղջիկ, կին՝ նշանակություն չունի, ուզում է իր կողքին տեսնել իսկական տղամարդու՝ ուժեղ, վճռական, բարի ու հասկացող, որպեսզի նրա հետ իրեն սիրված, ցանկալի ու պաշտպանված զգա: Կյանքում ամենից գլխավորն այն չէ, որ ունի մարդ: Առավել կարևոր է սերը, հավատը, անմնացորդ նվիրաբերումն այդ սիրուն: Մարդուն մի սիրտ է տրված ու այդ սրտում մի տեղ՝ միայն մեկի համար, և ես չեմ սխալվել՝ ընտրելով ու սիրելով քեզ, երբ այդ մասին մտածում եմ, ինքս ինձ նախանձում եմ, և միակ բանը, որ այս աշխարհում կարող եմ անել, քեզ սիրելն ու պաշտելն է, սիրել և խոնարհվել քո առջև, որպես միակի, որին ես հենց այս պահին կարող եմ նվիրաբերել իմ ամբողջ կյանքը՝ առանց մի վայրկյան անգամ մտածելու, առանց մի ակնթարթ անգամ տատանվելու:
Ես բարձրացրի հայացքս և խանտաղատանքի բուռն զգացումը, ինչպես քիչ առաջ, համակեց ինձ. Ռենայի կապտակախարդիչ աչքերում նույնպես արցունք էր լճացել, որը շողշողում էր գույնզգույն լույսերից:
– Ռենա, Ռենա, իմ աննման Ռենա, – բերկրանքից ու հուզմունքից շնչասպառ՝ արտասավոր ուժգնությամբ բաբախող սրտով ասացի ես, սակայն շարունակել չհասցրի, Ռոբերտի ձայնն ընդհատեց ինձ.
– Ախպերո, – դուրս գալով մեքենայից, հեռվից ուրախաձայն բացականչեց Ռոբերտը: – Քեֆ անողին քեֆ չի պակսի, քեֆ ենք անելու, – ոգևորված ասաց նա: – Ձյունն ու ցուրտն ի զորու չեն խանգարելու մեզ՝ հասնելու մեր ազնիվ նպատակին:
Առաջին հարկում, հանդերձարանում, մենք հանվեցինք, բարձրացանք ռեստորան, ուր Ռոբերտը նախօրոք սեղան էր պատվիրել: Ռոբերտը մենակ չէր, իր ընկերոջ՝ Զարմիկի հետ էր: Ռոբերտի նման դյուրաշարժ ու գործունյա՝ Զարմիկը նույնպես առաջ կապի նախարարությունում էր աշխատում, բայց հետո թողել, դուրս էր եկել այնտեղից և հիմա գործն առևտրի հետ էր՝ միրգ ու բանջարեղեն էր առաքում Մոսկվա:
Հաստ ու թավ բեղերով՝ Զարմիկը բոլորովին նման չէր հայի, բնիկ նախիջևանցի էր և ադրբեջաներեն խոսում էր նախիջևանցիների առոգանությամբ՝ Նախիջևանն արտաբերելով՝ Նախծվան:
«Ես Ագուլիսից եմ, – ասաց Զարմիկը: – Ագուլիսեցիները գիտե՞ք ինչով են հայտնի, – ծիծաղելով ասաց նա: – Պանիրը դնում ենք բանկայի մեջ, հացը քսում բանկային, ուտում»:
Իրենց սիրած աղջիկների՝ Լիայի և Սիմայի հետ էին նրանք երկուսն էլ: Լիային ես շատ էի տեսել, նա և Ռոբերտը վաղուց էին հանդիպում, իսկ Սիմային՝ Բաքվին մերձակա Զաբրատ ավանից, ազգանունը՝ նույնպես Մահմուդովա, սպիտակամաշկ ու գեղաչյա, տեսնում էի առաջին անգամ: Երկրորդ հարկի ընդարձակ դահլիճում, որտեղից ամբողջ քաղաքը՝ իր առկայծող լույսերով, մեր աչքի առաջ էր, մենք ամբողջ երեկոն երգ ու նվագի տակ ինքնամոռաց պարում, անվերջ կատակում, անհոգ ծիծաղում էինք:
Զարմիկը հեքիաթատիպ անեկդոտ պատմեց. «Մի օր մի մարդ գետում ձուկ բռնելիս հանկարծ արծաթե ձկնիկ է բռնում, – սկսեց նա: – Էս ձկնիկը մարդկային լեզու է առնում ու ասում. «Ախպեր ջան, ինձ բաց թող՝ մի ցանկությունդ կկատարեմ»: Էս մարդը հայրենասեր տղա է լինում ու արծաթե ձկնիկին Տիգրան Մեծի ժամանակների Հայաստանի քարտեզն է ցույց տալիս ու ասում. «Ուզում եմ ծովից-ծով Հայաստան»: Արծաթե ձկնիկը նայում է քարտեզին, մտքում գցում-բռնում է ներկա քաղաքական ու տարածաշրջանային իրավիճակն ու ասում. «Ցավդ տանեմ, էս գործի համար ոսկե ձկնիկի թափն ա պետք: Կներես, բայց ուրիշ բան ուզի»: Էս մարդը մի պահ ուզում է գժվի ու արծաթե ձկնիկին կուլ տա, բայց մի բան է հիշում ու ասում. «Տանը մնացած երեք աղջիկ ունեմ, որ մարդու տաս՝ նոր բաց կթողնեմ»: Արծաթե ձկնիկն ասում է. «Ցույց տուր աղջկերքիդ նկարները»: Էս մարդը ջեբից հանում է իր աղջիկների նկարները ու ցույց տալիս արծաթե ձկնիկին: Արծաթե ձկնիկը նայում է նկարներին, նայում է, նայում ու ասում. «Չէ, ախպեր ջան, ավելի լավ է քարտեզը տուր՝ տենամ ինչ եմ անում»:
Մենք բոլորս բարձր ծիծաղեցինք, որովհետև և՛ անեկդոտն էր սրամիտ, և՛ Զարմիկն էր շատ համով պատմում:
Հետո ես ու Ռենան իսպանական «Ֆլամինգո» պարեցինք և, հավանաբար, լավ էինք պարում, հատկապես Ռենան՝ խանդավառ ու չքնաղատեսք, ուղղակի մի աննման սքանչելիություն, լանջաբացվածք ունեցող վառ կարմիր շողշող երկար շորով, որովհետև մյուս պարողները շուտով ետ քաշվեցին՝ պարահրապարակը թողնելով ինձ ու Ռենային, և, շրջան կազմած, ռիթմիկ ծափերով քաջալերում էին մեզ:
Ուրախ և հաճելի երեկո էր և չիմացանք, թե ինչպես անցավ ժամանակը:
– Թող նոր տարին նոր ուրախություններ բերի մեզ բոլորիս, – վերջում իր կենաց-խոսքում ասաց Ռոբերտը: – Թող երջանկություն բերի բոլորիս, և համոզված եմ, որ այդպես էլ կլինի, բարեհաջող տարի կլինի: Կյանքը երբեմն մարդուն անկրկնելի, երջանիկ ակնթարթներ է պարգևում՝ ինչպես որ այսօր: Երջանկությունը վաղվա օր չունի, այն երեկվա օր նույնպես չունի, չի հիշում անցյալը, չի խորհում գալիքի մասին, այն միայն ունի ներկա, և դա էլ ոչ թե մի ամբողջ օր, այլ կարճ ժամեր, րոպեներ, գուցե և ակնթարթներ, և երջանկության գաղտնիքը նրանում է, որպեսզի այդ ակնթարթները, որ երբեմն մի ամբողջ կյանք արժեն, ինչքան հնարավոր է, հաճախակի կրկնվեն: Շնորհավոր ձեր Նոր տարին, սիրելիներս: Հանդիպում ենք այստեղ, այս շքեղ սրահում, փետրվարի քսաներեքին՝ Կարմիր բանակի օրը, երեկոյան ժամը վեցին: Համաձա՞յն եք:
– Համաձայն ենք, – խնդուն բացականչություններով համաձայնվեցինք բոլորս և մեր բյուրեղյա ըմպանակները զվարթ զնգոցով բախվեցին իրար՝ ի նշան համաձայնության:
* * * * *
…Ավա¯ղ, մեզ չհաջողվեց հանդիպել փետրվարի քսաներեքին շքեղազարդ «Գյուլիստանում», ինչպես և չհաջողվեց կատարել Նոր տարվա գիշերը մորս տված խոստումը՝ Ռենային հյուր տանել նրանց մարտի ութի տոն օրը:
Առհասարակ, նոր տարին այնքան էլ բարեհաջող չսկսվեց: Ռենան մրսել, հիվանդացել էր, ես շարունակ անտրամադիր էի, մինչև նա կազդուրվեց, և ես հնարավորություն ունեցա նրան տեսնելու:
Հունվարի վերջերին խմբագրությունում մեծ կռիվ առաջացավ Թելման Կարաբաղլի-Չալյանի և նույն բաժնում աշխատող Գևորգ Աթաջանյանի միջև: «Գամ ես, գամ՝ նա, – ինչ-որ մեկից վերցրած չվառած սիգարետը մատների արանքում՝ միջանցքում հուզված այս ու այն կողմ գնալով, կրկնում էր Թելմանը: – Վսյո, երեսուներեք դոգոսանոս ալիմենդով մեձասող իմ էրգու ջոխդակ դղայիս գարմուր արևը, քինամ եմ նախագի մոդը: Մուգունը գուջուր մուգունա, բայս վար ինգնում ա օխտը կուժանոս գարասի մեջը, սաղ մուռդառում ա: Դա մուռդառ մուգուն ա: Դոնս քանդիս, գյանքս քանդիս, ինս շաքյարի հիվանտ շինիս, էդ լագոդը հո՞վ պերավ էսդեղ»:
Բանն այն չէր միայն, որ նրանք՝ երկու մեծահասակ մարդ, ամբողջ կոլեկտիվի առաջ ամենավերջին խոսքերն էին ասել միմյանց: Նրանք երկուսն էլ՝ իրենց վարք ու բարքով, իրար արժեն, և նրանց վեճ ու կռիվն էլ սովորական, առօրյա երևույթ էր, ցավալին այն էր, որ այդ մասին իմացավ նաև կոմիտեի ղեկավարությունը:
Տհաճ խոսակցություն եղավ նախագահ Էլշադ Գուլիևի առանձնասենյակում: Ներկա էին նախագահի տեղակալները, կոմիտեի բոլոր գլխավոր խմբագիրները, սկզբնական կուսկազմակերպության քարտուղարը, արհմիության նախագահը՝ շուրջ երեսուն մարդ:
Նախագահը ջահել, բայց ծանրամարմին, գլուխն ուսերի մեջ խրված, տեղում նստած կարդաց Թելմանի բողոքը, երկար խոսում էր զայրացած տոնով ու ցնցուղային աստմայից ծանր շնչելով, կշտամբեց գլխավորին՝ այդպիսի նենգավուն մարդուն աշխատանքի ընդունելու համար: Նա կարդաց նաև Աթաջանյանի կնոջ՝ Ռոզալիա Ավետիսյանի նամակը, ուր նա պաղատագին խնդրում էր օգնել՝ ալիմենտ ստանալու: Կար և մի ուրիշ նամակ, ինչ-որ Ռիտա Գրիգորյանից: Սա բողոքում էր Աթաջանյանից, որը սուտ խոստումներով պատվազրկել է իրեն ու փախել:
Ի վերջո, որոշում ընդունվեց, ըստ որի գլխավորին խիստ նկատողություն հայտարարվեց, իսկ Աթաջանյանը վտարվեց աշխատանքից: Ընկճված տրամադրությամբ մենք բարձրացանք խմբագրություն: Գլխավորը լուռ էր, չափազանց հուզված: «Մարդ չի, էլի, մարդ չի, – արդեն իր առանձնասենյակում կատաղի ասաց նա Աթաջանյանի հասցեին, – երախտամոռ անասուն է: Հիմա նրանք ի՞նչ պիտի մտածեն մեր մասին… Իմ ու նախկինի երաշխավորությամբ մի օրվա մեջ, պատկերացնո՞ւմ ես, Լեո, մի օրվա մեջ, գրողների միության շարքերն ընդունվեց, մարդիկ քսան տարի սպասում են, չեն կարողանում ընդունվել, նրան մի օրվա մեջ ընդունեցին, որպեսզի գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար նշանակեն: Վերևից հրահանգ կար՝ շտապ ընդունել: Ես հետո միայն իմացա, թե նա ինչ ճանապարհով էր դրան հասել: Մենակ հո դա՞ չի, Լևոն Ոսկանյանի խնդրանքով գրող Սուրեն Կասպարովն իր տանը գրանցեց նրան, «Գրական Ադրբեջանում» սրբագրիչ էր, հեռացնելուց հետո եկավ աղաչեց, դու էլ բարեխոսեցիր, հիշում եմ, գործի ընդունեցինք: Էլ ի՞նչ պիտի անեինք, ասա խնդրեմ, որպեսզի մարդավարի պահեր իրեն, չխայտառակեր մեզ: Բարձր հոնորար էինք նշանակում, մտածելով, որ ալիմենտ է վճարում երեխաներին: Տեսա՞ր, պարզվում է՝ ոչ մի կոպեկ էլ չի ուղարկում ընտանիքին: Չես հասկանում, ի՞նչ մարդ է դա:
Անսպասելի ներս մտավ ինքը՝ Գևորգ Աթաջանյանը, ասես ոչինչ չէր եղել՝ անհոգ տեսքով, ծուռ ժպիտը դեմքին գնաց, նստեց բազմոցին:
– Լսիր, ես քեզ չեմ հասկանում, – չդիմացավ գլխավորը: – Դու վերջիվերջո պիտի՞ հասկանաս, որ կան քայլեր, որոնք ներում չունեն, կան բառեր, որոնք հնարավոր չէ մոռանալ, կան արարմունքներ, որից հետո քեզ համար ամենաթանկ մարդն անգամ կարող է հավասարվել հողին: Դու քեզ այնպես ես պահում, ասես ինչ-որ մրցանակ ես ստացել կամ էլ առնվազն վիճակախաղի տոմս ես շահել:
– Իսկ ի՞նչ է պատահել, – լկտիաբար նայելով գլխավորին՝ ամբարտավան տեսքով ասաց նա:
– Էլ ի՞նչ պիտի պատահի, կոմիտեի նախագահի հրամանագրով ազատված ես աշխատանքից:
– Հետո ի՞նչ, – ուսերն անտարբեր թոթվելով չարախինդ քմծիծաղով ասաց նա: – Կգնամ գերեզմանատներում փողով երգ կասեմ, ցախավելը վերցրած՝ փողոցները կավլեմ, միայն թե դուք գոհ լինեք: Ինչ է, կարո՞ղ է դադարել եմ կոմունիստ լինելուց:
– Այ տղա, առաջին հերթին մարդ պետք է լինել: Ղարաբաղի գրողները քեզ բոյկոտի ենթարկեցին՝ ինչի՞ համար, – հարցրեց գլխավորն ու ինքն էլ պատասխանեց: – Ոչինչ չէիր անում՝ դրա համար: Ասեկոսություններով բոլորին իրարով էիր տվել՝ դրա համար: Մինչ այդ մարզային ռադիոյում էիր՝ այնտեղի՞ց ինչու հանեցին: Անբարոյականության համար: Թվե՞մ մեկ-մեկ: «Գրական Ադրբեջանում» մարդիկ ընդառաջեցին, օգնեցին գրանցվելու, ընդունեցին աշխատանքի: Իսկ դու ի՞նչ արեցիր: Կարիերայի սին մարմաջով տարված՝ սև ապերախտությամբ պատասխանեցիր նրանց լավությանը: Շարունակական բանսարկություններով պախարակեցիր հարգարժան մարդկանց: Այն մարդկանց, ովքեր օգնել էին քեզ, սատար կանգնել քո նեղ օրվան: Վաթսուն տարեկան մարդ ես, հարկավոր է մի քիչ լուրջ լինել:
– Վաթսուն տարեկան մարդ եմ, բայց մի ընկած ատամ չունեմ, նա յիր, – շեռից հոտ քաշած մադյանի պես երախաբաց՝ իրար սեղմած ատամներն այս ու այն կողմ ցուցադրելով, ասաց Աթաջանյանը: – Մազերս տեղը, տղամարդկային արժանապատվությունս, փառք աստծո, տեղը, շենք ու շնորհքս տեղը, նայեք ու նախանձեք, նախանձից բացի ընդունա՞կ եք որևէ բանի: Չէ, իհարկե: Հետո էլ, մի հարցրու տես՝ քո խրատների կարիքը զգո՞ւմ եմ ես, – դեմքի ծամածռունքով նետեց նա:
– Գորտի երեսին թքեցին, ասաց՝ ուխա¯յ, անձրև է գալիս: Գիտե՞ս ինչ եմ մտածում, – տեղից ելնելով՝ զայրացած ասաց գլխավորը: – Մտածում եմ, որ դու այդ ամենը միտումնավոր ես անում, հատուկ նպատակով, ուզում ես խայտառակել մեր հայ մտավորականությանը և, պետք է ասել, որ դա քեզ, դժբախտաբար, հաջողվում է: Այլապես ինչպե՞ս գնահատել քո արարմունքը, որ Ղարաբաղից, ոչ բարով-խերով, այստեղ գալուց հետո ոչ մի տեղ երկար չեն պահում քեզ: Ամեն տեղից վտարում են, ընդ որում՝ կռվով, խայտառակ ձևով: Մենք քո պատճառով քիչ է մնում գետինը մտնենք ամոթից, իսկ քեզ վրա, տեսնում եմ, ամենևին չի ազդում:
– Չի ազդում, որովհետև ես ազնիվ մարդ եմ, – ձայնը չէր կտրում նա: – Որովհետև անազնիվ մարդկանց շրջապատում մեզ նմանների համար միշտ դժվար է եղել:
– Մեզ նմանների համար… Ո՞ւմ նկատի ունես՝ քեզ և Ռոբերտ Առաքելովի՞ն:
– Թեկուզ և նրան. գիտահետազոտական ինստիտուտում բաժնի վարիչ է, գիտությունների թեկնածու, հրաշալի բանաստեղծությունների հեղինակ, ինստիտուտի դիրեկտորի համար դոկտորական դիսերտացիա է գրել: Ումի՞ց է պակաս: Ինչ մնում է ինձ, այո, ես գերազնիվ մարդ եմ…
– Այդ գերազնվությո՞ւնն է մղել քեզ Թելման Չալյանի կնոջը հրամցնես Սաֆար Ալիևին, – ակնհայտորեն նյարդանալով հարցրեց գլխավորը:
Որքան ավելի էր գլխավորը հուզվում, Գևորգ Աթաջանյանն այնքան հանգիստ ու ծաղրական էր դառնում:
– Դա իմ անձնական գործն է՝ ծանոթ կանանց ծանոթացնել ծանոթ տղամարդկանց հետ, և դա ոչ ոքի չի վերաբերում, – տարփափայլ ժպիտը տարածվեց նրա դեմքին: – Լավ եմ արել: – Աթաջանյանի բերանի անկյունները թրթռացին չարախինդ ծիծաղից:– Ախորժակն ում են տվել, փլավն՝ ում: Ցնդած Թելման Չալյանն ո՞վ է, որ վայելի էդպիսի կնոջը… Այո, լավ եմ արել, ի՞նչ է, հավատարմության գոտի՞ ես հագցնելու, թե՞ միջնադարյան ասպետ ես՝ կողպեք ես դնելու վրան: Ապրանքն իրենն է, ում ուզում՝ նրան էլ տալիս է, դո՞ւ ով ես:
Գլխավորն ուշադրություն չդարձրեց նրա անվայելուչ խոսքերին:
– Ամբողջ կյանքում, – նողկանքով ասաց նա, – որպես ծաղրածու՝ դատավոր-դատախազների, միլիցիոներների ետևից ընկած ծամածռություններ ես անում նրանց՝ մարդկանց ծախելով:
– Դու էլ արա:
– Ես դրան սովոր չեմ, դա քո արհեստն է: Քո և քո հարբեցող ընկերոջ՝ Ռոբերտ Առաքելովի արհեստը: Նրա հոր՝ Կարո Առաքելովի հետ աշխատել եմ «Կոմունիստի» խմբագրությունում, կեղտոտ արարածի մեկն էլ նա էր, և, տեսնում եմ, որ հայատյացությամբ՝ հորից շատ բան է ժառանգել որդին: Մանավանդ, որ ընկերն էլ դու ես՝ նմանն զնմանին գտանե, – ավելացրեց գլխավորը: – Գուրգեն Գաբրիելյանն ինչո՞ւ էր ապտակել քեզ՝ մարդկանց ներկայությամբ:
– Քո գործը չէ:
– Նրա քրոջ ամուսնացած աղջկան էստեղ՝ Բաքվում, անամոթաբար սիրահետել ես, դրա համար: «Ազերինֆորմի» թղթակից Ռադիկ Գրիգորյանի հետ ընկերություն էիր անում, – շարունակեց նա, – իսկ նրա քույրը քո դեմ բողոքի նամակ է գրել կոմիտեի ղեկավարությանը:
– Շան պես հավատարիմ, շան պես արհամարված, – մանր կվթոցով գռմռաց Աթաջանյանը:
– «Կոմունիստ» թերթի խմբագիր Հրանտ Բաբայանի եղբոր՝ Ժորայի հետ, իբր, ընկեր էիր, իսկ, ահա, Հրանտ Բաբայանի մասին կեղտոտ լուրեր ես տարածում, անանուն նամակներ ես հորինում: Ի՞նչ մարդ ես դու:
– Հրանտ Բաբայանը, եթե կարգին մարդ լիներ, – ասաց նա և չարագույժ դեղին փայլով շողացին աչքերը, – ինձ աշխատանքի կընդուներ, բաժնի վարիչ կնշանակեր, և ես ստիպված չէի լինի դռներն ընկնել:
– Ըստ երևույթին, Բաբայանը քեզ ավելի լավ էր ճանաչում, քան մենք, դրա համար էլ չի ընդունել:
– Ոչինչ, նա չի ընդունել, նոր խմբագիր Էմիլ Գրիգորյանը կընդունի:
– Այո, – քմծիծաղեց գլխավորը, – նոր մարդ է, քեզ չի ճանաչում, կարող է և ընդունի: Բայց միայն որպես սրբագրիչ կամ ցրիչ: Չնայած, ճիշտն ասած, դու դրան էլ արժանի չես:
– Բայց ես հայ բանաստեղծ եմ… Աստված իմ, աստված, – արտիստորեն ձեռքերը վեր կարկառած՝ գոչեց Աթաջանյանը: – Բամբասում են անվերջ, չարախոսում անդուլ, բանսարկում են քինոտ, նախանձում ու խանդում, ի՞նչ եք ուզում ինձնից, չարախոսներ դուք իմ խեղճ ու կրակ: Որ թևերս ծալե՞մ, իմ հեռընթաց հրթիռի շարժիչները մարեմ ու ճռնչա՞մ՝ հին ճամփեքով շարժվող ձեր սայլերի նման, դե, եկ վարդապետ ու մի ցնորվիր: Դուք դա՞ եք ուզում, իմ ողորմելիներ, բայց չեք տեսնի բնավ, հայ բանաստեղծ եմ ես, և այն էլ շատ լավ:
Գլխավորը մի պահ ուղիղ նայեց նրան, դառնորեն ասաց.
– Դու ի՞նչ հայ բանաստեղծ ես, և այն էլ շատ լավ, եթե այդ տարիքում Հայաստանում բանաստեղծական մի տող անգամ չես տպագրել:
– Քեզ նմաններն են խանգարել:
– Մի լսեիր, թե Հուրունցն ինչ էր պատմում քո մասին:
– Հուրո՞ւնցը: – Աթաջանյանը ցասկոտ վեր թռավ տեղից: – Գիտեմ, գիտեմ, լսել եմ, թե ինչեր է ասել այստեղ, ոչինչ, շուտով, հը, հը, հը, – խրխնջոցի պես ձայներ հանեց նա, – շուտով Հուրունցն էլ իր բաժինը կստանա, – թունոտ ու քինոտ հոխորտաց: – Հուրունցը չգիտի, որ ես տրխամաշ տեզ եմ, կպա, էլ պոկ չեմ գա, մինչև արյունը չծծեմ մինչև վերջ: Թելման Կարաբաղլին էլ չգիտեր՝ հիմա գիտի, – ասաց նա և, բեմական զբոսանքի քայլերով մոտենալով դռանը, առանց ետ նայելու, դուրս եկավ առանձնասենյակից:
– Ոչնչություն ես դու, այլ ոչ թե հայ բանաստեղծ, – նրա ետևից այնուամենայնիվ նետեց գլխավորը: – Մի դրա ճոռոմ խոսելուն նայիր՝ հայ բանաստեղծ եմ և այն էլ շատ լավ… Սարսափելին այն չէ, որ մարդ հիմար է, այլ այն, որ նա ամենուր ցուցադրում է դա:
* * * * *
Մի անարխոժություն ևս եղավ, և դա կապված էր Արինայի հետ: Վերջին երկու օրը նա շարունակ անտրամադիր էր: Ասես նախկին ծիծաղկուն, կենսախինդ Արինան չլիներ: «Ի՞նչ է պատահել Արինա յին», – հարցրի Լորաննային: «Իր խելքից տանջվում է», – եղավ պատասխանը, որից ես, սակայն, ոչինչ չհասկացա: Մյուս օրն Արինան ինչ-որ հաղորդում բերեց ստորագրելու, դարձյալ տխուր էր, մտախոհ ու ինքնամփոփ, աչքերում անթաքույց թախիծ: «Ինչո՞ւ ես ընկճված: Ծիծաղն ու ժպիտը քեզ ավելի են սազում», – ասացի ես:
Արինան ինձ նայեց արցունքաժպիտ աչքերով:
– Ես քեզ դառնություն եմ բերում միշտ, – ասաց նա աչքերը փախցնելով: – Չգիտեմ նույնիսկ ինչ անեմ: Ես դա չեմ ուզում, բայց այդպես է ստացվում:
– Ի՞նչն է այդպես ստացվում:
– Այն, որ, հակառակ իմ կամքի, նորից քեզ վատություն եմ արել, – կիսաձայն ասաց Արինան: – Ներիր ինձ, խնդրում եմ:
– Բայց ինչի՞ համար: Ես ոչինչ չեմ հասկանում:
– Սիլվան ամուսնուն ասել է, թե ես եմ իրեն խանգարել, որ աշխատանքի վերցնեն այստեղ:
– Բայց դու ասացիր, որ ամուսինը դեմ է… Ես այդպես էլ ասացի Սաիդային:
– Այո, ասել եմ… – Արինան շառագունեց, շփոթված նայեց ինձ: – Նա ամուսնուն ասել է, թե իբր ես… կապված եմ քեզ հետ… նա էլ եկել, իմ ամուսնուն է ասել…
Այդ պահին իմ առանձնասենյակի դուռը բացվեց, քսանհինգ-քսանվեց տարեկան մի տղա՝ սպիտակամաշկ, հուզմունքից գունատված դեմքով, մտավ ներս և, չնայելով իմ կողմը, կատաղի դիմեց Արինային.
– Դու այստեղ ի՞նչ ես անում:
Արինան մինչ այդ կանգնած էր սեղանի մոտ, իմ դիմաց: Նրա դեմքը քաթանի գույն ստացավ, նա ոչ թե նստեց, այլ ուղղակի փլվեց աթոռին:
Ես, իհարկե, հասկացա, որ Արինայի ամուսինն է, և շատ կոպիտ ասացի.
– Լսիր, ինչպե՞ս է քո անունը:
– Հարութ, – շրջվելով՝ շուրթերը ցասումով կքած նետեց նա:
– Հարութ, դու քո այդ հրամայական տոնով ձեր տանը կարող ես խոսել: Սա խմբագրություն է և բարի եղիր պահել քեզ ինչպես հարկն է:
Արինան՝ վախեցած, բերանը կիսաբաց, աչքը չէր կտրում ամուսնուց՝ չհամարձակվելով մի խոսք անգամ արտաբերել:
– Նա ի՞նչ է անում այստեղ, – արդեն ինձ դիմելով հարցրեց Հարութը՝ ծանր շնչելով:
– Հաղորդում է բերել ստորագրելու, – ասացի ես չոր ու կոպիտ: – Իսկ եթե դա քեզ դուր չի գալիս, մենք նրան հենց այսօրվանից կարող ենք ազատել աշխատանքից: Բավարարվա՞ծ ես:
– Ոչ, – նետեց Հարութը: – Ես հիմա նրան կտանեմ Սիլվայի մոտ, դուք գիտեք նրան, և, եթե Սիլվան նրա ներկայությամբ հաստատի այն ամենը, ինչ նա պատմել է Սիլվային, ուրեմն վճիռը պարզ է: – Արինայի ամուսինն ընդոստ մի շարժումով գրպանից զսպանակավոր դանակ հանեց, որի սայրը՝ կոճակի սեղմումով շխկոցով դուրս թռավ պատյանից: – Վճիռը պարզ է, – կրկնեց նա լայնացած ռունգերով, – ահա այս դանակով ես կսպանեմ և՛ նրան, և՛ ձեզ, և՛ ինձ:
– Լսիր, – անսպասելի կատաղությամբ ասացի ես: – Դու լավ կանեիր՝ սկսեիր հենց քեզնից: Դուրս այստեղից:
Արինան ակամա վեր թռավ տեղից, գլխահակ դուրս վազեց առանձնասենյակից:
Հարութը սառնորեն նայեց և, առանց մի խոսք անգամ արտաբերելու, դանդաղ շարժումներով ծալեց սուրսայր դանակը և, խոթելով գրպանը, դռան մոտ մի անգամ ևս ետ նայեց ու դուրս եկավ:
Այո, նոր տարին, իրոք, այնքան էլ բարեհաջող չսկսվեց: Իսկ փետրվարի քսանմեկի ուշ երեկոյան, միանգամայն անսպասելի, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի մշակույթի բաժնի վարիչ Ազեր Մուստաֆազադեն զանգեց: Ազերը մեզ մոտ՝ ռադիոյի ու հեռուստատեսության կոմիտեի ռուսական խմբագրությունում էր աշխատում: Հետո մի կարճ ժամանակ գրողների միության ներկայացուցիչն էր Մոսկվայում, դարձյալ կարճ ժամանակով՝ հանրապետության մամուլի կոմիտեի նախագահի տեղակալն էր: Առաջներում Սիավուշի, նրա ու գրող Սեյրան Սախավաթի հետ մի քանի անգամ եղել էինք ռեստորաններում, նույնիսկ մի անգամ Մոսկվայում էինք հանդիպել, ՑԴԼ-ի ռեստորանում, մտերիմ էինք:
– Լեո, – ասաց Ազերը, – վաղը դու պետք է Ստեփանակերտում լինես: Ռամիզ Մեհթիևն այնտեղ է, կմտնես մարզկոմ՝ նրա մոտ, նա կասի, թե ինչ պետք է անել:
Ռամիզ Մեհթիևը կենտկոմի քարտուղարներից էր, առաջներում նույնպես, պատահել էր, գործ էի ունեցել բարձր ղեկավարության հետ, նույնիսկ մի երկու անգամ Հեյդար Ալիևի հետ էի եղել շրջաններում՝ Ղազախում, Իսմայիլլիիում, Աղդամում ու Մարտունիում և տարօրինակ ոչինչ չէի տեսնում դրա մեջ:
– Լավ, – ասացի, – այսօր ուշ է, վաղը կմեկնեմ:
Սակայն նրա վերջին, հպանցիկ նախադասությունը՝ «Մի քանի ծերուկ բունտ են բարձրացրել այնտեղ, հարկավոր է համոզել, որ ձեռք քաշեն ծերունական զառանցանքներից», – ինձ անհասկանալի մնաց: Նա այդպես էլ ասաց՝ «ծերունական զառացանքներ»:
– Չէ, ի¯նչ ես ասում, – առարկեց Ազերը, – այսօր է պետք ճանապարհվել: Թիֆլիս երկու գնացք է գնում՝ տասնմեկին և մեկ անց կեսին: Կգնաս մինչև Եվլախ, այնտեղից ի՞նչ է մնում՝ մի վաթսուն-յոթանասուն կիլոմետր ճանապարհ:
Ազերի ի միջի այլոց ասած նախադասությունն ինձ հանգիստ չէր տալիս: Մտազբաղ ետուառաջ էի քայլում տանը: Իսկ Ստեփանակերտ մեկնել բոլորովին չէի ուզում: Որոշեցի զանգել գլխավորին, գուցե նա կոնկրետ որևէ բա՞ն գիտի: Գլխավորը չկար: «Վլադիմիրը հենց նոր գնաց, – տխրաձայն ու ափսոսանքով ասաց կինը՝ Գեղեցիկը, – նրան կենտկոմից շտապ Հադրութ ուղարկեցին»: Սկսեցի հավաքել Ազերի հեռախոսահամարը, ուզում էի նրան խնդրել, որ ազատի ինձ այդ հոգսից, սակայն նրա հեռախոսը շարունակ զբաղված էր: Փորձեցի ուրիշ բաժիններ զանգել՝ նույնը, կենտկոմի բոլոր հեռախոսները կա՛մ զբաղված էին, կա՛մ ոչ ոք չէր վերցնում խոսափողը: Գուցե Սիավո՞ւշը որևէ բան իմանա: Ոչ, նա Ստեփանակերտի մասին ոչինչ չգիտեր, ես նրան պատմեցի Ազերի հեռախոսազանգի մասին, ասացի, որ Ստեփանակերտ մեկնել չեմ ուզում: «Ծերուկ, ես քեզ հասկանում եմ, – ասաց Սիավուշը, – սպասիր, ես քեզ կզանգեմ»: Մի քանի րոպեից նա զանգեց և ասաց, որ Ստեփանակերտում, մարզկոմի շենքի առաջ ցույցեր են տեղի ունենում, պահանջում են Ղարաբաղը միացնել Հայաստանին: «Ես քեզ լավ եմ հասկանում, ծերուկ, – կրկին ասաց Սիավուշը, – բանն այն է, որ քո և՛ գնալն է վատ, և՛ մնալը՝ նայած որ կողմից ես նայում: Ազերը տեղում չէ, խորհրդակցություն է այնտեղ, սեկտորի վարիչ Խեյրուլլա Ալիևի հետ խոսեցի, բացատրեցի նրան բանի էությունը, ասաց, որ կզանգի քեզ»: Եվ, իրոք, քիչ անց Խեյրուլլան զանգեց, ասաց, որ ոչինչ անել հնարավոր չէ, անպայման պետք է մեկնել: «Ոչ մի տեղ չեմ գնա, – հաստատ որոշեցի ես և անջատեցի հեռախոսը, – թող ինչքան ուզում են՝ զանգեն»: Սակայն առավոտյան շուտ ինձ մոտ, տուն եկավ ինքը՝ Խեյրուլլան: Դռան զանգի վրա ես բացեցի դուռը և տեսա նրան՝ հաղթանդամ, ճերմակող ալեխառն մազերով, երկու մետրից քիչ բարձր բոյով:
– Լեո, պետք է մեկնել, – առարկություն չվերցնող տոնով ասաց նա: – Ամբողջ կենտկոմն է մեկնում, քաղբյուրոյից էլ մարդիկ կան, շտապ գնա օդանավակայան, ժամը տասի ռեյսին պիտի հասնես: Իմ մեքենան մինչև «Աերոֆլոտ» կտանի քեզ:
«Աերոֆլոտի» մոտ ես դիտմամբ մի երկու ավտոբուս բաց թողեցի, ուզում էի թռիչքից ուշանալ: Ուշացումով, տասին մի քանի րոպե պակաս, ես արդեն դեպուտատական սրահում էի:
– Տեղ չկա, – ասացին այնտեղ: – Մի հատ տեղ անգամ չկա:
«Ավելի լավ», – մտքում ասացի ես գոհ իմ բախտից: Հենց այդտեղից, դեպուտատական սրահից, զանգեցի կենտկոմ՝ Խեյրուլլա Ալիևին, ասացի, որ Ստեփանակերտ մեկնող օդանավում տեղ չկա:
– Ի՞նչ է նշանակում՝ տեղ չկա, – զայրացավ Խեյրուլլան: – Լրացուցիչ օդանավ կլինի, հիմա մերոնք էլ կգան, սպասիր, նրանց հետ կմեկնես:
Օդանավում ընդամենը յոթ-ութ հոգով էինք, ինձնից քիչ հեռու կենտկոմի հրահանգիչ Վալերի Աթաջանյանն էր նստած՝ մտախոհ, տխուր տեսքով: Մնացածներն անծանոթ էին, անհոգ կատակներով սուրճ էին խմում, քռքռում:
Իմ տրամադրությունը քիչ բացվեց, երբ օդանավն անցավ Ստեփանակերտի վրայով և գնաց դեպի Խոջալու՝ վայրէջքի, որովհետև ես վերևից տեսա. մարզկոմի առջև, հրապարակում, ոչ ոք չկար: Օդանավակայանում դիմավորողներ կային, նրանք պատմեցին, որ Աղդամի կողմից ադրբեջանցիների մի հոծ բազմություն՝ կացիններով ու դանակներով, բրերով, դաշույններով, մահակներով ու քարերով զինված եկել են Ասկերանի վրա՝ ճանապարհին ավերելով ամեն ինչ, խաղողի այգիներում աշխատող տասնյակ հայերի ծեծել, խոշտանգել են, մի քանի տուն վառել Ասկերանի մոտ, բայց զինվորականներին՝ մոտ հազար հոգով, որոնց այստեղ, լեռնային պայմաններում, զորավարժում էին՝ Աֆղանստան ուղարկելու համար, հաջողվել էր մի կերպ կանգնեցնել խուժանին: Ամենից սարսափելին այն էր, որ երկու ադրբեջանցի էին սպանվել, սպանվողներից մեկի եղբայրը՝ Հաջիև ազգանունով, ասել էր, որ եղբոր վրա կրակողը ադրբեջանցի միլիցիոներ է եղել:
Մարզկոմի առջև, հրապարակում, իրոք, մարդ չկար: Մենք բարձրացանք երկրորդ հարկ, այստեղ էին արդեն Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Քյամրան Բագիրովը, քաղբյուրոյի անդամ Գեորգի Ռազումովսկին, քաղբյուրոյի անդամության թեկնածու Պյոտր Դեմիչևը, ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ՝ համազգեստով ու առանց համազգեստի: Այստեղ էր Բորիս Կևորկովը: Ես հիշեցի Հուրունցի խոսքերը նրա մասին: Ահ ու սարսափ տարածող այդ մարդը հիմա մարզկոմի նիստերի դահլիճում նստած, վախեցած ու խեղճ այս ու այն կողմ էր նայում՝ հաստ ապակիներով ակնոցը ցուցամատով ստեպ-ստեպ հրելով վեր ու օգնություն հայցող աչքերով նայելով ելույթ ունեցողներին:
Սակայն ոչ ոք չէր խղճում նրան և ոչ ոքի չէին խղճում: Կրակ էր ցայտում ելույթ ունեցողների կրակված շուրթերից:
– Ժողովուրդների բարեկամության շինծու քողի տակ տարիներ ի վեր թշնամանք եք սերմանում իմ ժողովրդի դեմ, – գոչեց բանաստեղծ Վարդան Հակոբյանը Քյամրան Բագիրովի երեսին: – Տարիներ ի վեր սոցիալական կեղեքման ու ազգային հալածանքների եք ենթարկում մարզի աշխատավորությանը: Ի՞նչ բարեկամության մասին է խոսքը, երբ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի բաժնի վարիչ Ասադովը կուսակցության մարզկոմի բյուրոյի նիստում սպառնում է մեզ՝ հարյուր հազար ադրբեջանցիներով ներխուժել Ղարաբաղ և սրի քաշել ողջ բնակչությանը, և որ այդ հարյուր հազարը Ղարաբաղի սահմանագծին պատրաստ կանգնած՝ սպասում է հրամանի: Ուղիղ յոթանասուն տարի առաջ միաչքանի Սուլթանովն էր այդ նույն ձևով սպառնում՝ հարյուր հազար քուրդ ու թաթար խաժամուժով ներխուժել Ղարաբաղ, եթե Ղարաբաղը, ի վերջո, չհամաձայնի կամովին մտնել նորաստեղծ Ադրբեջանի կազմի մեջ: Ահա այստեղ ներկա է կուսակցության Շուշիի շրջկոմի առաջին քարտուղար Հաջիևը, հարցրեք՝ ինչո՞ւ են ավերել քաղաքի հայկական վեց գերեզմանատները, ինչո՞ւ են փշրել Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանը: Ասացեք՝ ինչո՞ւ մեր ազգային հերոս մարշալ Բաղրամյանի մահվան օրը հրավառություն էր Բաքվի փողոցներում, ինչո՞ւ ոչ մի հաղորդում չեղավ ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, ոչ մի թերթ մի տող անգամ չգրեց այդ մասին: Հակահայ այս քաղաքականությունը մի նպատակ չունի՞ միայն՝ Նախիջևանի նման Ղարաբաղը նույնպես դատարկել հայերից, և մեր մեղքն ա՞յն չէ լոկ, որ դարեր ի վեր հավատարիմ ենք մեր հինավուրց հողին ու ջրին, մեր մայրենի լեզվին ու մեր հավատին: Երկրորդ Նախիջևա՞ն եք ուզում՝ չի լինելու:
– Այս ամբողջը Հեյդար Ալիևի սարքած գործն է, – վերջին շարքերից կատաղի բացականչեց ինչ-որ մեկը:
Բոլորը ետ շրջվեցին. մարզկոմի հրահանգիչ Արմեն Հովհաննիսյանն էր՝ ճերմակած մազերով, նիհարավուն, հուզմունքից այլայլված ու գունատ:
Խոսեց Ռազումովսկին, խոսեց և Դեմիչևը, և այնքան անճարակ էր նրանց խոսքը, և նրանք՝ այնքան անտեղյակ հիմնահարցին, որ ես սարսափեցի մի պահ՝ մի՞թե սրանք ու սրանց նմաններն են տնօրինում մարդկանց ու ժողովուրդների ճակատագիրը, և ես ցավով հասկացա նաև, որ այս խմորը ջուր շատ է տանելու, և որ մեծ արհավիրքներ են սպասում մեզ առջևում:
Երբ դուրս եկանք նիստերի դահլիճից, հրապարակը փոթորկում էր արդեն, տասնյակ հազարավոր մարդիկ գետնին ծնկաչոք աղերսում էին՝ «Լենին, պարտիա, Գորբաչով»:
Ամբողջ չորս օր՝ գիշեր ու ցերեկ, ես լսում էի նրանց չընդհատվող աղերսը՝ ուղղված քարացած Լենինին, խուլ ու համր պարտիային ու քամելեոն Գորբաչովին:
– Հավատ ընծայել Գորբաչովին, նշանակում է՝ ոչինչ չհասկանալ նրա քաղաքականությունից, – ասաց Մաքսիմ Հովհաննիսյանը՝ սակավախոս ու անչափ հաճելի վեհանձն մի անձնավորություն, հեռավոր 1965 թվականին Մոսկվա ուղարկված հայտնի նամակի տակ ստորագրած տասներեք առաքյալներից մեկը, որն այդ ստորագրության համար բազում զրկանքներ կրեց կյանքում: – Երբեմն ուշադիր լսում ես նրա ելույթն ու այդպես էլ չես կարողանում ըմբռնել, թե կոնկրետ ինչի՞ մասին է նրա խոսքը: Ղարաբաղի հարցի հնարավոր լուծումը, ես համոզված եմ, նա դիտավորյալ կտանի փակուղի, որպեսզի վերակառուցման իր սնամեջ գաղափարի կործանումը կապի այդ շարժման հետ՝ իշխանության ու մամուլի ամբողջ ցասումն ուղղելով մեր դեմ:
– Բայց մեզ կենտկոմում խոստացան օգնել, – ներողամիտ տոնով ասաց բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանը, ով մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի ու Վարդան Հակոբյանի հետ նոր էր վերադարձել Մոսկվայից և հավատում էր, որ Ղարաբաղի հարցն անպայման արդարացի լուծում կունենա: – Մենք այնտեղ պատմեցինք այն բոլոր անարդարությունների մասին, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար գործադրում է մարզի դեմ: Նրանք ասացին, որ արդարացի է մեր պահանջը:
«Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրի առանձնասենյակից երևում էր ալեկոծվող հրապարակը:
– Մոսկվային հավատալու համար կա՛մ չտես պիտի լինել, կա՛մ անմիտ լավատես, – իր կարծիքն ասաց խմբագրության բաժնի վարիչ Նվարդ Ավագյանը: – Մոսկվան դեմ է արցախահայության արդարացի պահանջին, նա ամեն ինչ կգործադրի՝ ձախողելու, վարկաբեկելու այդ շարժումը, որովհետև ինքնորոշման մեր պահանջը փաստորեն մերժում է 1918-1920 թվականներին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև 1921 թվի մարտի 16-ի հայադավ ու միանգամայն անարդարացի դաշնագիրը, որը ստորագրվել է ընդամենը 25 տարով՝ մինչև 1946 թվականը: Դրանով իսկ հնարավորություն է ընձեռնվում հասկանալու այդ պայմանագրի էությունը: Վերջ ի վերջո, Մոսկվան ե՞րբ է գնահատել հայի բազմադարյա հավատարմությունն ու նվիրվածությունը, որ հիմա գնահատի: Նայեք, տասնյակ հազարավոր մարդ կա հրապարակում, նրանց մեջ ադրբեջանցիներ կան, ոչ ոք նրանց մի ցուրտ խոսք չի ասում և չի ասի, բայց երեկ Մոսկվան հաղորդում տվեց՝ նրանց բոլորին անվանելով ծայրահեղականներ: Մի՞թե սա արդարություն է:
– Այսօր այստեղ ինձ մոտ էր Լենինգրադի «Ավրորա» ամսագրի աշխատակից Ալեքսանդր Վասիլևսկին, – ասաց Մաքսիմ Հովհաննիսյանը՝ հայացքը հրապարակի բազմահազար բազմությանը: – Նա հանդիպել է Ասկերանի մոտ սպանված Ալի Հաջիևի հարազատ եղբոր՝ Արիֆ Հաջիևի հետ: Հաջիևը հաստատել է, որ, իրոք, իր եղբորն ադրբեջանցի միլիցիոներն է սպանել: Եղբոր ընկերոջ՝ Ուլվի Բահրամովի ներկայությամբ է եղել դա: Եղբոր ու միլիցիոների միջև վեճ է ծագել, և միլիցիոները, հանելով ատրճանակը, կրակել է նրա քսաներկուամյա եղբոր կրծքին: Եղբորը սպանող միլիցիոներին Ուլվին չի ճանաչում, ասել է, բայց աղդամցի միլիցիոներին, որը մարդասպանին իր մեքենայով իսկույն դուրս է բերել ամբոխի միջից, լավ ճանաչում է:
– Այդ սպանությունը մի նպատակ ունի միայն, – խոսակցությանը խառնվեց Գուրգեն Գաբրիելյանը: – Լավ հիշեք ասածս, ի պատասխան մեր խաղաղ ցույցերի, հեռուստատեսությամբ կհաղորդվի, որ հայերը երկու ադրբեջանցի են սպանել: Մարզային հիվանդանոցը լցված մեր տասնյակ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվի, մեր ավերված տների, ջարդված ավտոբուսների և այրված մեքենաների մասին նույնպես ոչ մի խոսք չի լինի, բայց սպանության մասին կլինի: Նպատակը պարզ է՝ մեր երկու ժողովուրդներին հանել իրար դեմ, այնուհետև այդ հակամարտությունը վերածել ազգամիջյան կռիվների:
– Իսկ հետո Բաքուն ու Մոսկվան միացյալ ուժերով կսկսեն տեղահանել հայերին, – միանգամայն անսպասելի ասաց ուսուցիչ Վաղարշակ Գաբրիելյանը՝ Քոլատակ գյուղից:
Նա՝ նիհար ու բարձրահասակ, մինչ այդ լուռ կանգնած էր առանձնասենյակի մի անկյունում:
– Եվ մենք ստիպված կլինենք դիմել ինքնապաշտպանության, – ավելացրեց նա հաստատուն տոնով՝ մի տեսակ հարու տալու պես ճակատն առաջ տված, հոնքերի տակից խուզարկու նայելով: – Փրկության ուրիշ ելք չկա: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հողը:
Ես այս խոսակցությունը հիշեցի, երբ երկու օր անց, արդեն Բաքվում, երկաթուղային կայարանից տուն գնալիս տաքսու ադրբեջանցի վարորդն ասաց. «Երեկ ուշ երեկոյան Մոսկվայից հաղորդեցին, որ Ստեփանակերտում երկու ջահել ադրբեջանցի են սպանվել»:
Տուն մտնելուն պես ես զանգեցի մերոնց՝ Սումգայիթ:
– Ամեն ինչ կարգին է, – ասաց մայրս, – քաղկոմի առջև մի քանի տասնյակ մարդ կա, պատուհանից երևում է, խոսում են, բայց ոչինչ չի լսվում: Այդտեղ ինչպե՞ս է, միտինգ բան չկա՞:
– Չէ, ոչ մի փոփոխություն, խաղաղ է, – ասացի ես:
– Ե՞րբ ես գալու:
Ես Ստեփանակերտից զանգահարել էի նրանց, գիտեին, որ այստեղ չեմ եղել: Ասացի, որ նոր եկա, այս շաբաթ չեմ կարող, եկող շաբաթ անպայման կգամ:
Խմբագրությունում ևս ոչ մի փոփոխություն չկար՝ նույն ջուրն էր, նույն ջրաղացը:
– Գլխավորին տեսե՞լ ես, – հարցրեց Լորաննան ծիծաղելով, – գնա տես:
Բացելով գլխավորի առանձնասենյակի դուռը՝ մնացի կանգնած: Գլուխը վիրակապերի մեջ՝ նա ծիծաղելի տեսք ուներ:
– Ի՞նչ է պատահել:
– Էհ, Լեո ջան, մահից եմ փրկվել, – նա ծիծաղելով ելավ տեղից, ընդառաջ եկավ ինձ, – հաշվիր թե նոր եմ ծնվել: Նստիր:
Գլխավորը նստեց իր տեղը, ես՝ նրա դիմաց: Մի աչքը նույնպես վնասվել էր: Ասես ոչ թե ինձ էր նայում, այլ իմ վրայով ինչ-որ տեղ:
– Եվլախում նստեցի Հադրութ մեկնող ավտոբուսը, – սկսեց գլխավորը: – Հանգիստ, խաղաղ եկանք մինչև Աղդամ: Մի քսան-քսանհինգ ջահել լակոտներ, որտեղի՞ց դուրս եկան՝ չհասկացանք: Սկսեցին քարերով խփել. ապակի-բան՝ ջարդվեց, փշուր-փշուր եղավ: Բայց վարորդը, ապրի արևը, չկանգնեցրեց մեքենան, գազը սեղմեց, դուրս պրծավ: Ճանապարհի երկարությամբ, մինչև քաղաքից դուրս կգայինք, այս ու այն կողմից քարապրանուկ էր: Շատ մարդ վիրավորվեց, ես էլ նրանց մեջ, գլուխս երկու տեղից ճղվել է: Հասանք Մարտունի, հիվանդանոցում գլուխս վիրակապեցին, մի քանի հոգու վիճակը ծանր էր, պահեցին հիվանդանոցում: Դու ո՞նց հասար, ի՞նչ արեցիր:
– Կառավարական պատվիրակության կազմում, – ծիծաղեցի ես, – սուրճ խմելով: Ռամիզ Մեհթիևին պիտի տեսնեի, բայց ի՞նչ Մեհթիև, ինչ բան՝ շունը տիրոջը չէր ճանաչում:
– Ճիշտն ասած, նույնիսկ գոհ եմ, որ այս վիճակում եմ, – կամացուկ ասաց գլխավորը:
– Ինչո՞ւ, – չհասկացա ես:
– Դու կարծում ես մեզ ինչի՞ համար են ուղարկել Ղարաբաղ. որպեսզի գանք ու հեռուստատեսությամբ խելքի բերենք իբր բանականությունը կորցրած ղարաբաղցիներին, նրանց շարժումը բնութագրենք որպես ծայրահեղականների և ազգայնամոլների կազմակերպած գործ, այսինքն՝ հաստատենք կենտկոմի քաղբյուրոյի հայադավ որոշումը: Ասա, այս տեսքով ես կարո՞ղ եմ հեռուստատեսությամբ ելույթ ունենալ, – հաղթական ժպիտով ավարտեց գլխավորը:
– Հեռուստատեսությամբ՝ չէ, – ծիծաղեցի, – բայց ռադիոյով կարող ես:
Գլխավորը վախեցած նայեց ինձ.
– Կարգին բան ասա, սիրտս մի ճաքացրու: Արի տես ինչ եմ ասում քեզ. գնա տուն, հեռախոսն անջատիր, մինչև տեսնենք ինչ է դառնում: Որ զանգեն՝ կասեմ չես եկել դեռ: Նայեցի՞ր գիշերվա հաղորդումը:
– Գիշերը ես գնացքում էի, ո՞նց կարող էի նայել:
– Միութենական դատախազի տեղակալ Ալեքսանդր Կատուսևը ելույթ ունեցավ: Մի՞թե արժեր աղդամցի այդ երկու պատանու զոհվելու մասին անստույգ տեղեկությունը հայտնել այս պայթուցիկ պահին, ընդ որում՝ նշելով նրանց անուն-ազգանունները, ծննդյան թվերը: Դրա մեջ դիտավորություն չե՞ս տեսնում արդյոք: Ես տեսնում եմ:
– Ես էլ եմ տեսնում, – ասացի ես:
Գլխավորի խորհրդով գնացի տուն: Ռենան, ամենայն հավանականությամբ, ինստիտուտից չի վերադարձել դեռ: Ես անջատեցի հեռախոսը: Միացրի միայն ժամը երեքն անց կեսին, մտածելով, որ նա արդեն տանն է:
– Ալլո: – Ռենան էր:
– Ողջույն, Ռեն, – արտաբերեցի ես հուզմունքով: – Ես եմ: Ինչպե՞ս ես:
– Բարև, – ուշացումով պատասխանեց Ռենան: – Ես հենց նոր մտա տուն: Դու հանձնեցի՞ր ստուգարքը… Վաղը չէ մյուս օրը կհանդիպենք ինստիտուտում: – Նա արագ ցած դրեց հեռախոսը:
Ես ժպտացի Ռենայի հնարամտության վրա: Պարզ է, չէր կարողանում խոսել: «Եղբայրը տանն էր», – մտածեցի: Քանի օր է՝ չէի տեսել, սաստիկ կարոտել էի: «Վաղը չէ մյուս օրը, պարապմունքներից հետո, քեզ կսպասեմ այգու մոտ», – մտովի ասացի ես՝ կրկին անջատելով հեռախոսը: Ամեն անգամ, բժշկական ինստիտուտից ոչ հեռու, այգու մոտ տեսնելով մեքենան, նա մի պահ կանգնում, ժպտալով նայում է, ապա, շտապ անցնելով տրամվայի գծերը, բերանը կիսաբաց, անուշ ժպիտը հրաշագեղ դեմքին, թեթևաքայլ մոտենում է: Ու ամեն անգամ ես ինձ բռնում եմ այն բանում, որ սարսափելիորեն, մթագնման աստիճանի խանդում եմ Ռենային. այնտեղ, ինստիտուտում, որևէ մեկը աչք չի՞ դրել, արդյոք, նրա վրա, ոչ ոք չի՞ սիրահետում նրան, այդ մտքից ես իմ ծնկներում սոսկալի թուլություն եմ զգում, սիրտս անկանոն, արագ-արագ սկսում է զարկել, շնչառությունս կանգ է առնում, արյունս ասես սառչում է… «Ցավետ տանեմ», – սա նրա սիրած ամենօրյա խոսքն է: Այս մի քանի օրվա մեջ երևի միլիոն անգամ մտածել եմ նրա մասին: «Թե իմանայիր ինչքան եմ սիրում քեզ, – դարձյալ մտովի ասացի ես Ռենային, – առանց քեզ օրը տարի է թվում ինձ»:
Տեղական հեռուստատեսությամբ ոչինչ չկար Ղարաբաղի մասին: Բաքվեցի երկու հայ թոշակառու՝ պատերազմի հաշմանդամ Սերգեյ Խաչատուրովն էր մեկը, մյուսը՝ հայերեն «Կոմունիստ» թերթի նախկին աշխատակից Կարո Առաքելովը, իրար ընդհատելով խոսում էին բարեկամության մասին, պատմում, թե իրենք ինչքան երջանիկ են ապրում Ադրբեջանում:
Ճոխ համերգ տրվեց, հայ երգիչներն ադրբեջանական երգեր էին երգում, ադրբեջանցի երգիչները՝ հայկական: Զեյնաբ Խանլարովան երգեց «Նունե» կատակային երգը. «Նունե, Նունե, Նունե, արի ինձի սիրե»: Տարօրինակ էր, բայց հաջորդ օրը երեկոյան նույնպես հայկական համերգ հաղորդվեց: Զեյնաբ Խանլարովան դարձյալ գեղգեղաց նույն երգը. «Հանդիպել եմ շատ շատերին, բայց սիրել եմ իմ Նունեին, իմ Նունեին փախցրին տարան, ես մնացի առանց Նունե»: Ընթերցանությամբ տարված, ուշ պառկեցի քնելու, իսկ առավոտյան արթնացա դռան զանգից: «Մի՞թե նորից Խեյրուլլան է, – անցավ իմ մտքով: – Եթե նա է, կասեմ, որ հենց նոր եկա»: Բարեբախտաբար, նա չէր, Սիավուշն էր: Ես ուրախ բացեցի դուռը:
– Ծերուկ, դու այս մինչև քանի՞սն ես քնում:
– Իսկ քանի՞սն է որ, – զարմացա ես:
– Տասներկուսն անց է՝ քանի՞սն է: Խմելու բան ունե՞ս:
– Առավոտ շուտ ի՞նչ ես անում խմելու բանը: Կոնյակ կխմե՞ս:
– Բեր: «Լիտերատուրնի Ազերբայջան» ամսագրի վերջին համարը չե՞ս նայել:
– Չէ, ի՞նչ կա այնտեղ:
– Իմ բանաստեղծությունների շարքը՝ նվիրված քեզ:
– Շնորհակալ եմ: Ցավում եմ, բայց չեմ կարդացել դեռ:
– Ես մի օրինակ քեզ համար վերցրել եմ, կբերեմ:
Ես սուրճ պատրաստեցի, կոնյակի կիսատ շիշը դրեցի սեղանին:
– Մենակ մի բաժակ, – ասաց Սիավուշը, – ավել չեմ խմի:
Մեկական բաժակ խմեցինք:
– Ծերուկ, դու ե՞րբ ես ինձ սուրճ եփելը սովորեցնելու: Քո պատրաստած սուրճը շատ համով է լինում: Երևանում Հովհաննես Ղուկասյանի տանը նույնպես շատ լավ սուրճ մատուցեցին: Մոխրի թե ավազի մեջ են եփում: Ի միջի այլոց, հայկական մեծ շարք եմ գրել: Երբ գնացել էի Երևան, Թարգմանչաց տոնին, եղանք Գառնիում, Գեղարդում, Զվարթնոցում: Ցնցող տպավորություն թողեց: Այս ամենի մասին բանաստեղծություններ եմ գրել: Կոմիտասի մասին էլ պոեմանման մի բան եմ մտմտում, բայց չգիտեմ ինչպես կստացվի: Լսիր, – հանկարծ ինչ-որ բան հիշելով ասաց Սիավուշը: – Քո հեռախոսը չի՞ աշխատում, ինչ է:
– Աշխատում է: Պարզապես անջատել եմ, որպեսզի չկանչեն ելույթ ունենալու:
– Բայց գոնե ինձ ասեիր: Գիտե՞ս ինչքան եմ զանգել քեզ: Ամբողջ երեկոյան: Տեսա՞ր ինչ արեց էդ պոռնիկ Կատուսևը:
– Չեմ տեսել, լսել եմ: Դա չպետք է արվեր:
– Խոսքով բոլոր մարդիկ միատեսակ են և միայն արարքներն են բացահայտում նրանց տարբերությունը: Նրա խիղճը, եթե այդպիսի պոռնիկը կարող է խիղճ ունենալ, շաղախված է անմեղ զոհերի արյամբ:
– Ի՞նչ զոհեր, – զգաստացա ես:
– Ինչ-որ հանրակացարանում, ասում են, ընդհարում է եղել, – խուսափողական ասաց Սիավուշը: – Զոհեր կան:
– Այստեղ՝ Բաքվո՞ւմ:
– Ոչ… Սումգայիթում:
– Ի՞նչ ես ասում, – ես արագ միացրի հեռախոսը, հավաքեցի մերոնց հեռախոսահամարը:
Ոչ ոք չէր պատասխանում:
– Տանը մարդ չկա, – անհանգստացած ասացի ես: – Հետաքրքիր է, ո՞ւր են գնացել:
– Ուզո՞ւմ ես գնանք Սումգայիթ, – անսպասելի առաջարկեց Սիավուշը: – Ծանոթ մի տղա կա՝ Զուլֆուգար Ալիև, այնտեղ, երաժշտական ուսումնարանի տնօրենն է, շարունակ հրավիրում է:
– Գնանք, – ասացի ես: – Փառք աստծո, մեքենան բակում կանգնած է:
– Քո մեքենայով չենք գնա, – վճռական ասաց Սիավուշը, վեր կացավ տեղից, մոտեցավ հեռախոսին, միացրեց: – Սպասիր մի տեղ զանգեմ: – Նա ինչ-որ հեռախոսահամար հավաքեց, քիչ սպասեց: – Այդին, Սիավուշն է, – ասաց նա: – Իհարկե: Կարո՞ղ ենք Սումգայիթ գնալ… Ճիշտն ասած, եթե հնարավոր լիներ, քեզ չէի անհանգստացնի: Շնորհակալ եմ: Վագիֆի փողոց, 30: Եղավ… Ուրիշ մեքենայով կգնանք, – դառնալով ինձ՝ ավելացրեց Սիավուշը: – Շուտով կգա:
– Ես ճանաչո՞ւմ եմ նրան:
– Չէ, ես էլ նոր եմ ծանոթացել: Գիրք է գրել՝ չեկիստների կյանքից, թարգմանում եմ ռուսերեն: Մոսկվայում պիտի տպագրվի, թեմատիկ պլանում կա, վավերագրական պատմվածքներ են ու մի վիպակ: Բարձր պաշտոն ունի, բայց հրաշալի տղա է:
Մենք կրկին սուրճ խմեցինք, սպասելով Այդինին: Փողոցից մեքենայի ազդանշան լսելով՝ հասկացանք, որ նա է:
– Եկավ: Գնացինք:
Այդինը՝ բարձրաբերձ, թխադեմ, համակրելի դիմագծերով, մեքենայից արագ դուրս ելավ մեզ ընդառաջ, ծանոթացանք: Մեքենա նստելիս ես նկատեցի, որ նա, ձախ գոտկատեղից քիչ բարձր, ատրճանակ է կրում:
Քաղաքից դուրս, Բալաջարից հետո, Խրդալանից անմիջապես այն կողմ, ամբողջ ճանապարհին, ընդհուպ մինչև այնտեղ, ուր Բաքու-Ռոստով մայրուղուց մի ճանապարհ անջատվում, թեքվում է դեպի աջ՝ Սումգայիթ, զինվորական ստորաբաժանումներ էին կանգնած, տանկեր ու զրահամեքենաներ, կանաչագույն ծածկով բեռնատար մեքենաներ՝ թափքերի աջ և ձախ կողմերին նստած զինվորներով, հրասայլեր:
– Ինչո՞ւ են սրանք այսպես կանգնած, – հարցրեցի ես: – Զորավարժություննե՞ր են, ինչ է:
– Լեո, – գրկելով իմ ուսը անսպասելի ասաց Սիավուշը մի տեսակ փոխված ձայնով, և նրա ձայնից ու տոնից ես հասկացա, որ ինչ-որ ծանր, դաժան բան պիտի ասի նա, ես ներքուստ զգացի դա, և ցուրտ մի դող անցավ իմ մարմնով: – Սումգայիթում վատ բաներ են կատարվում:
– Ի՞նչ վատ բաներ, – հարցրի՝ ինքս անգամ չլսելով իմ ձայնը:
– Անկարգություններ են այնտեղ: Զոհեր կան: Բայց ձերոնք լավ են, – փորձեց մխիթարել Սիավուշը: – Քեզ գտնել չէի կարողանում… Կարծում էի դու էլ Սումգայիթում ես, տաքսիով հասա մինչև Ջեյրանբաթան, բայց պահակակետում դեն անցնել չթողեցին, քաղաքացիական մեքենաները ետ էին տալիս: Այդինին գտա, միասին գնացինք: Նրա մեքենան չեն կանգնեցնում: Ուզում էի քաղաք բերել, մայրիկդ չհամաձայնվեց…
– Նրանք որտե՞ղ են հիմա, – Սիավուշի ասածներն ինձ չէին հաս-նում: – Դու եղա՞ր մեր տանը:
Սիավուշի հետ առաջ եղել էինք մեր տանը, նա գիտեր, որ քաղկոմի մոտ են ապրում իմ ծնողները:
– Տանը եղել եմ, բայց… բոլոր հայերը հիմա պանսիոնատներում են, մի մասն էլ քաղկոմում են ու քաղկոմի դիմաց՝ կաուչուկի գործարանի ակումբում…
Մեքենան մտավ քաղաք, այս ու այնտեղ փշրված մեքենաներ էին՝ բազմաթիվ վառված մեքենաներ, որոնցից դեռևս ծուխ էր բարձրանում, կողքի ընկած ավտոբուսներ կային՝ լրիվ սև, ավտոկայանի մոտ շուռ տված կրպակներ՝ ջարդված ապակիներով:
Մտանք Խաղաղության փողոց: Մի շարք տների ապակիները՝ նույնպես ջարդված: Փողոցում վառված կահույքի մնացորդներ կային թափված, հեռուստացույցներ, այրված ներքնակներ, որոնք նույնպես մխում էին, մանկական իրեր կային ընկած ու նաև սառնարաններ, որ վերևի հարկերից էին, երևի, ցած գցել:
– Այս ի՞նչ է կատարվել այստեղ, – հազիվ լսելի ասացի ես՝ շշմած ու սարսափած:
Իրար ետևից զրահամեքենաներ էին անցնում:
– Չեմ հասկանում, թե ինչպես կարող էր այսպիսի բան պատահել, – ի վերջո ասաց Այդինը, որն ամբողջ ճանապարհին լուռ էր: – Քսաներորդ դարի վերջում նախնադարյան այսպիսի բարբարոսություն՝ անհնարին է հավատալ:
Խաղաղության ու Բարեկամության փողոցների խաչմերուկում զրահամեքենաներ էին կանգնած, իսկ բակերի խորքում, ես դա տեսա, ամբոխն ինչ-որ իրերի կույտ էր վառում:
Թեքվելով աջ, անցանք կենտրոնական փոստի մոտով, հատելով տրամվայի գծերը, մտանք քաղկոմի հրապարակը՝ շրջապատված հարյուրավոր զինվորներով ու տասնյակ զրահամեքենաներով: Օտար մեքենաների մուտքն այստեղ արգելված էր, բայց Այդինին ոչ ոք չկանգնեցրեց:
– Լեո, դու մտիր քաղկոմ, մենք հիմա կգանք, – ասաց Սիավուշը, երբ մեքենան կանգ առավ քաղկոմի շենքի առջև:
Ես դուրս եկա մեքենայից, մտածելով, որ ծնողներս, հավանաբար, այստեղ՝ քաղկոմում են:
Օդը չէր հերիքում: Ես մտա ներս ու մնացի դռների մոտ կանգնած. ամենուր՝ աղմուկ-աղաղակ, գետնին, քարե սանդուղքներին ու լուսամուտագոգերին, մարդիկ էին տեղավորված՝ ծեծված, վիրավոր, նստած, կիսաթեք պառկած՝ կիսամերկ, շատերը հողաթափերով, շատերը ոտաբոբիկ, խալաթով ու գիշերանոցով, արյունած ուռած դեմքերով: Ես երկար մնացի կանգնած՝ այդ դժոխքի դեմ հանդիման: Ինչ-որ մեկը՝ ջահել մի աղջիկ, լալիս, ցնցվում էր խուլ հեկեկանքից: Դանդաղ առաջանալով՝ ես աչքերով որոնում էի մերոնց: Հարյուրավոր մարդկանց արանքներով մի կերպ անցնելով՝ հասա մինչև չորրորդ հարկ: Բայց այդպես էլ չգտա մերոնց:
– Իջեք երկրորդ հարկ, – խորհուրդ տվեց ինձ ռուս մի կին՝ դեմքին սև կապտուկներ ու այտույցներ: – Նրանց մոտ ցուցակներ կան, գուցե ցուցակներով գտնեք:
Քաղկոմի առաջին քարտուղար Ջհանգիր Մուսլիմզադեի առանձնասենյակը նույնպես երկրորդ հարկում էր: Ընդունարանը ևս լցված էր այդ նույն մարդկանցով: Ոմանք լաց լինելով, ոմանք հազիվ կարողանալով ոտքի վրա կանգնել, սպասում էին հերթի: Ես նույնպես հերթ բռնեցի: Դռների մոտ միլիցիոներները սաստում էին նրանց լռել՝ սպառնալով դուրս հանել ընդունարանից: Դռան արանքից երևաց մի երկար սեղան, սեղանի գլխավերևում՝ Ադրբեջանի մինիստրների խորհրդի նախագահ Հասան Սեիդովը. ես նրան դեմքով ճանաչում էի: Ուրիշ մարդիկ էլ կային ներսում:
– Ծննդատնից ոչ մի երեխա չեն նետել, – հեռախոսով բացատրում էր նա ինչ-որ մեկին, – դրանք մանկական խաղալիքներ են եղել:
Իսկ թե մանկական խաղալիքներն ինչ կապ ունեին ծննդատան հետ՝ անհասկանալի էր:
– Այս քաղաքը ես ահա այս ձեռքերով եմ կառուցել, – քիչ անց ասաց նրա առաջ կանգնած հիսունամյա մի մարդ: – Տասնյոթ տարեկանից կառուցում եմ, հիսուներկու տարեկան եմ, հաշվեք՝ ինչքա՞ն է անում՝ երեսունհինգ տարի: Ես երեսունհինգ տարի ձեզ համար տներ եմ կառուցել, դրա դիմաց ընդամենը մի խնդրանք ունեմ ձեզնից, ուզում եմ իմ մեքենայով Ստավրոպոլ գնալ, գազաններից հեռանալ, մարդկանց մոտ գնալ: Այնտեղ եմ ուզում գնալ, օգնեցեք ինձ գնամ:
– Դու ինչ է, տղամա՞րդ չես, – ձայնը բարձրացրեց Սեիդովը: – Չե՞ս կարող քո մեքենայով գնալ: Դու պետք է, որ տղամարդու սիրտ ունենաս: Քսան հազար հայ է ապրում Սումգայիթում, հո բոլորին մեկ-մեկ չպիտի՞ ուղեկցենք: Ոչ մի օգնություն չի լինի, գնացեք ինչպես ուզում եք:
– Դու մինիստր չես, սարի չոբան ես, – գոռաց մարդը և ուշակորույս ընկավ հատակին:
Միլիցիոներներից երկուսը հապշտապ վազելով մտան ներս, մարդուն դուրս հանեցին ընդունարան, այնտեղից էլ՝ միջանցք: Քիչ անց նա ուշքի եկավ, հենց գետնին նստած, մեջքով հենված պատին, զսպված հեկեկանքով լաց եղավ: Դեմքն ամբողջովին խոշտանգված, այլանդակված էր, սև այտուցներից օղակներով շրջանակված կոպերի տակ աչքի մեկը համարյա չէր երևում, ճակատին երկու տեղ պատռվածք կար, շորերին ու գլխին՝ սև, չորացած արյուն: Ճակատից մինչև այտոսկորն ու քթից՝ քունքը, սևագորշ կապտուկ էր տարածված:
– Էհ, էս ոնց որ թե Բարմենն է, – քիչ առաջ թեքված, ուշադիր նայելով նրան, ասաց երեսունամյա մի տղամարդ: – Դե, իհարկե, Բարմենն է, Բեդյան Բարմենը: Միասին աշխատել ենք: Բարմեն, դո՞ւ ես, – ավելի թեքվելով նրա վրա՝ հարցրեց տղան:
– Հա, ես եմ: – Բարմենը կապտուկներով դեմքը շրջած (աչքի մեկը, հավանաբար, չէր տեսնում) թեքվեց ձայնի ուղղությամբ: – Կոստյա, դո՞ւ էլ ես էստեղ, – ասաց նա ու փղձկաց: – Տեսա՞ր մեր հայերին ինչ արեցին, – գլուխն օրորելով ասաց նա: – Մարդ չեն, գազան են, վայրենի գազան, գազանից էլ բեթար: Ինչ արեցին մեր ժողովրդի հետ, աղքատ ու չարքաշ մեր բանվոր ժողովրդին կոտորեցին՝ հեր, մեր, տղա, աղջիկ, պատվազրկեցին, ոչխարի պես մորթոտեցին, շատերին սաղ-սաղ այրեցին… Դու վրացի ես, Կոստյա, կարող է քեզ ոչինչ չանեն, բայց կինդ հայ է…
– Իմ վիճակն էլ լավ չի, Բարմեն, քաղաքում կոտորածը շարունակվում է, միլիցիայի աշխատողները, բանդիտների հետ միացած, թալանում ու կոտորում են, զինվորականներն էլ չեն խառնվում, ասում են՝ հրաման չկա:
– Բոլորին կոտորելուց հետո հրամանը կլինի, – ասաց ինչ-որ մեկը: – Այս ամբողջը նախօրոք պլանավորված էր, Մոսկվայի ու Բաքվի թուլտվությամբ է արվում: Ես խուժանից մի կերպ պրծա, փախա, միլիցիայի մեքենա էր գալիս, ուրախացա, երբ մեքենան կանգ առավ: Վազելով մոտեցա և այն պահին, երբ ձեռքս մեկնեցի դռան բռնակին, մեքենան պոկվեց տեղից: Իսկ մեր կողքի հարևան Վագիֆն ու իր քույր Սաբիրգյուլն առաջին հարկի լուսամուտից գոռում էին. «Բռնեք, սպանեք»:
– Իսկ ինձ միլիցիան բռնեց, հանձնեց խուժանին, – ասաց Բարմենը: – Ես առաջին հարկից տեսա, թե ինչպես էդ խաժամուժը մտավ բակ, տան տակ ներքնահարկ ունենք, մուտք կա էդտեղի վրա, մերոնց բոլորին արագ իջեցրի ներքև, հնամաշ կարպետը գցեցի հատակին ու էդ պահին դուռը ջարդելով ներս մտան՝ տասը-տասնհինգ հոգով ու միանգամից գիշատիչ անգղների պես թափվեցին վրաս… Միջանցքի պատին սեղմած՝ կատաղի խփում էին, բայց ես ձեն չէի հանում, ամենից շատ վախենում էի տղաս ձայնս լսի, չհամբերի, դուրս գա, ընկնի գազանների ձեռքն ու մյուսների կյանքն էլ դնի վտանգի տակ: Ատամներս սեղմած դիմանում էի, մտածելով, որ հիմա կսպանեն ու մի բան էի ուզում մենակ, որ եթե սպանում են, թող փողոցում սպանեն, միայն թե մերոնք ոչինչ չլսեն: Էդ վայրենի բարբարոսների անողոք հարվածների տակ կիսաթեք՝ ես ինձ մի կերպ գցեցի բակ ու փախա՝ ոհմակը տանելով իմ հետևից: Ծեծված, աչքիս մեկն արյունով լցված փախչում էի, ամբոխը գոռում էր. «Բռնեք, վախկոտ հայ է, բռնեք»: Երկու միլիցիոներ բռնեցին, ծիծաղելով հանձնեցին խուժանին, մի վեդրո արյուն կորցրի էնտեղ: Նրանց թվաց՝ մեռած եմ, թողին գնացին: Մի ռուս պառավ կնիկ վախվխելով օգնեց, վեր կեցա, քարշ գալով հասա հիվանդանոց, ինչքան բուժքրոջը խնդրեցի՝ թույլ տա զանգեմ մերոնց, չգիտեի՝ սա՞ղ են, թե մեռած, չթողեց… Ամեն ինչ հատուկ կազմակերպած էր:
– Այո, կազմակերպված էր, – հաստատեց վրացի Կոստյան: – Դեռևս փետրվարի քսանմեկին իմ աշխատանքային ընկերներիցս մեկը՝ Իլհամ Հումմաթովը, ասաց, որ ամսի վերջին հայերի դեմ ուղված մեծ ցույց է լինելու: Նրանք նախօրոք պատրաստվում էին, մեր գործարանում հատուկ կարգադրությամբ դանակներ, կացիններ ու մետաղաձողեր են պատրաստել, միկրոշրջաններում ինչ-որ տեղից ինքնաթափ մեքենաներով գետաքարեր են բերել թափել, տոննաներով բենզին բաժանել: Ադրբեջանցի վարորդներն ամբոխի մոտով անցնելիս երեք անգամ ազդանշան են տալիս, ձեռքը հանում, դա նշանակում է, որ յուրային է, բացի այդ, երեկոյան բոլոր ադրբեջանցիներն իրենց տներում լույսերը չպիտի մարեին: Սա չի նշանակո՞ւմ, որ ամեն ինչ կազմակերպված էր: Ես տեսա առաջին զոհին, – շարունակեց Կոստյան, – ես այստեղ, հրապարակում էի: Քաղկոմի երկրորդ քարտուղար Մալաք Բայրամովան ելույթ ունեցավ, ասաց որ հայերին կոտորել պետք չի, թողեք հեռանան, նրանց տներն ու ունեցվածքը կմնան ձեզ, բայց իրենք թող հեռանան: Մինչև նա, Ղափանից եկած մեկը ելույթ ունեցավ, այսինքն՝ իբր թե Ղափանից եկած: Բայց ոնց որ թե դերասան էր, դերասանի նման անգիր արած ասում էր: Ասաց, որ Ղափանում հայերն իր մորը մորթել են, մորթել են նաև կնոջ հորն ու մորը, բնակարաններն ու ունեցվածքը գրավել են, ասաց: Երկար դեմքով էր, սև ակնոցով, փոքր միրուք ուներ, բարակ բեղեր: Լայքայե թիկնոցով էր: Հետո Մուսլիմզադեն եկավ: Դա հաջորդ օրն էր: Ղափանցին դարձյալ ելույթ ունեցավ, կրկնեց նույնը: Բայց ավելացրեց, որ Ղափանում ադրբեջանուհիների հանրակացարան կա, հայերը, իբր, ներխուժել են այդ հանրակացարան, բռնաբարել ադրբեջանուհիներին, կտրել նրանց կրծքերը: Վերջում նա գոչեց. «Դուրս հայերին ադրբեջանական հողից: Փառք Թուրքիային»: Թե Թուրքիան ի՞նչ կապ ուներ այստեղ՝ անհասկանալի էր: Մուսլիմզադեն համարյա բառացի կրկնեց Բայրամովայի խոսքերը, ավելացրեց, որ Գորբաչովն ադրբեջանական ժողովրդի կողմն է: «Խնդրում եմ, – ասաց նա, – որպես մուսուլման, խնդրում եմ՝ թողեք հայերը հեռանան մեր քաղաքից»: Հրապարակը ցնծում էր, որովհետև, եթե մինչ այդ վախենում էին, թե իրենց կճնշեն այդ ցույցերի համար, այժմ պարզ տեսնում էին, որ ոչ մի ճնշում էլ չի լինելու, ընդհակառակը, քաղկոմի առաջին քարտուղարը ոչ թե սպառնում, այլ խնդրում է: Դրա համար էր ցնծում հրապարակը: Ինչ-որ մեկը գոռաց ամբոխի միջից. «Միքայիլ Մեհմեդ օղլի Գարբոչովա էշգ օլսուն*»: Մուսլիմզադեն, չգիտես ինչու, խոսեց նաև տասնհինգ թվականի կոտորածների մասին, ասաց, որ ռուս-թուրքական բոլոր կռիվների ժամանակ հայերը միշտ դավաճանել են թուրքերին, անցել ռուսների կողմը, հարյուրավոր զինված ջոկատներով օգնել նրանց: Եվ դրա համար, ասաց, տասնհինգ թվականին ստացան իրենց արժանի պատիժը: Հետո նա իջավ ամբիոնից, վերցրեց ադրբեջանական դրոշը և քայլեց ամբոխի առջևից: Հենց այդտեղ, հրապարակի մոտ, սպանվեց առաջին հայը: Երկու հոգով էին նրանք՝ մեկը ջահել էր, տասնութ-քսան տարեկան, փախավ դեպի չորրորդ թաղամաս, դեպի Նարիմանովի փողոց, իսկ մյուսը՝ մեծահասակ մարդ, մնաց գետնին փռված:
Կոստյան մի կարճ պահ լռեց, ասաց.
– Այդ ղափանցուն ես դարձյալ տեսա: Պարզվեց, որ ղափանցի չէ, հայաստանցի քուրդ է, միջնակարգ դպրոցի դիրեկտոր, անունն էլ
—————————————————————————————
*Փառք Միքայիլ Մեհմեդ օղլի Գորբոչովին (ադրբ.)
(234)
Խըդըր Ալոև: Խուժանը նրա գլխավորությամբ ջարդում էր կրպակները, ավերում խանութները, տներն էին խուժում, սպանում հայերին: Ես զանգեցի քաղկոմ. «Ի՞նչ անենք», – ասում եմ: Կարծում էին՝ հայ եմ. «Գնացեք քաղաքից», – ասում են: «Ինչպե՞ս գնանք, –
ասում եմ, – օգնեք»: «Ինչպես ուզում եք, այնպես էլ գնացեք, – ասում են, – դրեք հեռախոսը, ասում են, օդը մի աղտոտեք»: Ես իմ ընտանիքը տարա ընկերոջս՝ Ադիլ Ալիզադեի տուն, նրա տանը մի ուրիշ հայի ընտանիք էլ կար: Հետո իմացել էին, թե կասկածել էին՝ չգիտեմ, Ադիլին ասել էին՝ գլուխդ պոկելու ենք: Մի խոսքով, Ադիլի հետ զինվեցինք սառը զենքով, գնացինք գործարան՝ բացակայության թույլտվություն վերցնելու: Հին երկաթուղային կայարանի մոտ երկու այրված «Իկարուս» տեսանք, մի այրված միկրոավտոբուս էլ կար, հետո մի «Ժիգուլի» տեսանք՝ ներսից ու դրսից վառված՝ մեջը այրված մի մարդ: Քիչ այն կողմ, եղեգների մեջ, մի ուրիշ «Ժիգուլի»՝ էլի վառված:
– Շտապ օգնության բակում ես իմ աչքով տեսա, – ասաց Բարմենը: – Ամբողջ ընտանիքով մեքենայով ցանկացել էին փախչել, բռնել, վառել էին: Ես նայեցի, մեքենան բացարձակ սև էր, հնարավոր չէր հասկանալ՝ «Մոսկվիչ» է, թե՞ «Ժիգուլի», և մեքենայի մեջ՝ հինգ այրված դիակ: Ես դա իմ աչքով տեսա:
– Գործարանից վերադառնալիս մտանք մեր ծանոթների մոտ, – շարունակեց Կոստյան: – Մեկի անունը Իգոր է, մյուսինը՝ Ռուսլան: Ռուսլանն ասաց, որ քաղկոմի դիմաց, կաուչուկագործների ակումբում էվակուացման կետ կա, բոլոր հայերին տանում են այնտեղ: Չորսով երկու ընտանիք բերեցինք էվակուացման կետ՝ իմ ընտանիքը բերեցինք և Ադիլի հարևանների ընտանիքը: Երբ վերադառնում էինք, առաջին միկրոշրջանի մոտ տեսանք, որ երկու զինվոր մի աղջկա բերում են դեպի էվակուացման կետ: Կյանքումս չեմ մոռանա դա: Աղջիկը կլիներ տասներկու-տասներեք տարեկան, ոտքերն ու ծնկները լրիվ արյունոտ, գիտակցությունը համարյա կորցրած: Զինվորներից մեկը նրա թևը մտած տանում էր, իսկ ետևից, մի քսան քայլի վրա, հիսուն տարեկան մի կին էր գնում, հիստերիկ ձայնով ողբում էր ու փետում մազերը: Տառացիորեն փետում էր, որովհետև մազերը փունջ-փունջ դեն էր նետում իրենից:
– Զինվորները բռնում են բանդիտներին, հանձնում միլիցիային, իսկ միլիցիան նորից բաց է թողնում նրանց: – Բարմենն էր:
Ինչ-որ մեկը կամացուկ քաշեց թևս, արագ ետ շրջվեցի. Սիավուշն էր: «Գնանք», – հայացքով ասաց նա: Ես նրա ետևից իջա ներքև և առաջին հարկում տեսա մորս՝ խեղճ, միանգամից պառաված, մազերը լրիվ սպիտակ:
Նա տանջահար, մտախոհ տեսք ուներ, աչքերը կարմրած:
Բերանս չորացավ, ծնկներս ասես թուլացան ու չհասկացա ինչպես հասա մորս, գրկեցի նրան: Մայրս թփրտում էր ձեռքերիս մեջ, դեմքը կրծքիս սեղմած լալիս էր՝ չկարողանալով մի խոսք անգամ արտասանել: Ես ուզում էի հարցնել հորս մասին՝ որտե՞ղ է նա:
– Պապան չկա, Լեո, պապան չկա, – լացից աղավաղված դեմքով հանկարծ ասաց նա, – մեքենայի հետ միասին վառեցին, այրեցին պապայիդ, իմ կեսս էլ մեռած է արդեն… Պապան չկա, շտապ թաղեցինք…
Ես մորս սեղմել էի կրծքիս, անկարող զսպելու արցունքներս, հեղձուկը խեղդում էր ինձ: Այդպես երկար մնացինք կանգնած՝ մայր ու որդի իրար գրկած: Հետո Սիավուշը մտավ թևս, ցածրաձայն ասաց. «Լեո, տղամարդ կաց, դու պետք է սիրտ տաս մորդ»:
Մենք դուրս եկանք քաղկոմի շենքից:
Հրապարակն առաջվա պես լիքն էր զինվորներով ու զրահամեքենաներով:
– Եթե հնարավոր է, մի րոպեով մտնենք տուն, – ասաց մայրս խեղճացած՝ առանց բարձրացնելու գլուխը:
Այդինի կարգադրությամբ՝ մեզ հետ մի քանի միլիցիոներ դրեցին: Սիավուշն էլ եկավ: Բոլոր լուսամուտները փշրված էին, մեր բազմոցը, որի վրա հայրս սիրում էր պառկած գիրք կարդալ, այրված, ընկած էր բակում: Գրքեր ու ուրիշ իրեր ևս կային, շատ բան՝ այրված: Բարձրացանք տուն: Դուռը կոտրված էր, տան մեջ ամեն ինչ ջարդուփշուր արված: Այստեղ-այնտեղ՝ ամանեղենի կտորտանք, փշրված, լարից կախված ջահ: Հեռուստացույցը, մորս կարի մեքենան, մագնիտոֆոնը, հատակի և պատի ձեռագործ գորգերը չկային: Ոչինչ չկար:
– Տեսնո՞ւմ ես ինչ են արել, – լաց եղավ մայրս: – Երեսուն տարում ստեղծած մեր ունեցվածքը երեսուն րոպեում քամուն տվեցին: Գրքերը վառեցին, տետրերը վառեցին: – Մայրս թեքվեց, արտասվելով գետնից մի թուղթ վերցրեց: – Նայիր, հորդ ձեռքով է գրած: Քանի հատ տետր ուներ, մաքուր արտագրած, բոլորը ոչնչացրել են, չկա:
Մորիցս վերցրի թուղթը: Բանաստեղծություն էր: Տեսնելով հորս ձեռագիրը, աչքերս կրկին լցվեցին: Այդպես մշուշված աչքերով էլ կարդացի նրա բանաստեղծությունը.
Հե¯յ, Կըղնախաչ,
դրախտ երկիր,
Կըղնախաչ…
Շընշնկան հով,
զիլզիլան զով,
ծաղկած ծով…
Խոտի շրշյուն,
հավքի դայլայլ,
կկվի կանչ…
Քարեն կըլխան՝
մղեղի մեջ
շինամաչ…
Գառան մայուն,
մեղվի գվվոց,
խրխնջոց…
Ինչ-որ ծիծաղ,
զանգի ղողանջ,
շնահաչ…
Թեթև անձրև,
գունեղ անձրև,
սարից-սար
Կամար կապած
կընընչկարմյուր
ծիածան…
Քամու թևին՝
մայրական ձայն,
անուշ ձայն.
Կանչում է ինձ՝
արի որդիս,
արի տուն…
Լռին կանգնած՝ երկար արտասվում էի: Կոկորդս սեղմվում էր անագորույն կորստի ու հուսահատության չոր ջղակծկումից: Բանաստեղծությունը դրեցի գրպանս. հորիցս որպես հիշատակ դա էր մնացել:
Ես դառնությամբ հիշեցի Արմենի խոսքը՝ քրեական հանցագործներին բանտերից ազատ արձակելու մասին ու նրա չարագուշակ կենացը ռեստորանում՝ «Թող մարդը բնավեր չդառնա և ոչ էլ ողբ ու լաց լինի անժամանակ կորստի համար»:
– Գնանք, – ասացի ես՝ գրկելով մորս ուսերը:
Դռան մոտ մենք վերջին անգամ նայեցինք ետ՝ մեր ավերված բնակարանին: Մայրս օրորեց գլուխը և, չկարողանալով զսպել իրեն, դարձյալ լաց եղավ:
– Սիավուշ, – ասացի ես: – Այդինին հարցրու՝ հնարավո՞ր է գնանք գերեզմանատուն:
– Իհարկե, կգնանք, – ասաց Սիավուշը: – Ի՞նչ խոսք կարող է լինել:
– Մարդս մեռավ, ուրեմն կեսս մեռավ, – լացի միջից նորից ասաց մայրս: – Գնանք տեսնենք, շատ հնարավոր է, որ էլ չկարողանանք այցելել:
Միլիցիոներներն իրենց մեքենայով եկան մինչև գերեզմանատուն:
Ես ընկա հորս թարմ շիրիմին, դառնակսկիծ լաց եղա: Մայրս մղկտում էր, ասում էր, որ այսուհետև իր ապրելն անիմաստ է, հանդիմանում էր հորս, որ չլսեց իրեն, եթե լսեր, ասում էր, տնից դուրս չգար, գուցե նրան էլ հաջողվեր փրկվել:
– Հա, չլսեց, չլսեց ինձ, – դառնությամբ ասաց մայրս քիչ հանգստացած, երբ մեքենան դուրս եկավ մայրուղի և սլացավ դեպի Բաքու: – Ախր, տեսնում էր, թե ինչ է կատարվում հրապարակում: Այնտեղ, ձեռքներին դրոշակներ բռնած, գոռգոռում էին՝ «Մահ հայերին»: Բոլորի առջևից քառասուն-քառասունհինգ տարեկան, մոխրագույն վերարկուով մի մարդ էր գնում, նա ինչ-որ բան էր ասում և բոլորը՝ ջահել տղաներ, նրա ետևից գոռում էին՝ «Ղարաբաղը չենք տա», «Մորթեք հայերին», «Կեցցե Թուրքիան»: Էսպես գոռում, բղավում էին, հետո էլ «ուռա» էին գոռում: Իսկ մարդիկ անընդհատ գալիս էին ու գալիս՝ գործարաններից, ֆաբրիկաներից, ուսումնարաններից, դրանց մեջ կանայք էլ կային: Այդ կանանցից մեկը, հետո իմացանք, թատրոնի դերասանուհի էր, սկսեց խոսել: Ավելի շուտ՝ գոռգոռում էր. «Էնտեղ մերոնց տկլորացնում են, ասում էր, սպանում, բռնաբարում են, դուք տղամարդ չեք, մերոնց սպանում են, իսկ էստեղ լռում եք»: Էդպես մարդկանց գրգռում էին, իսկ ես մի բան էի մտածում միայն, հանկարծ երեխաս, Լեոն այսինքս, չգա Բաքվից, չնայած ասել էր, որ էս շաբաթ չի գալու, բայց վախենում էի՝ կլսի ու կգա: Մի խոսքով, Սիավուշ եղբայր, մարդիկ գալիս են ու գալիս, իսկ ես վախեցած դես ու դեն եմ ընկնում: Դուրս եկա պատշգամբ, մյուս պատշգամբում էլ մեր հարևան ադրբեջանուհին է կանգնած: Ասում եմ՝ «Էս ի՞նչ բան է, ի՞նչ է պատահել»: Նա ասում է. «Ես էլ չգիտեմ ինչ է եղել»: Դեմքին գույն չկար, նա էլ ինձ նման հուզված էր: Նրանց՝ էդ տղաների ձեռքներին փայլուն բաներ կային, բոլորը նույն չափսի, հետո իմացանք՝ հատուկ պատրաստած, միջնամատի հաստության սրած երկաթե ձողեր էին, համարյա ամեն մեկի ձեռքին էլ կար: Գալիս էին ու էդ ձողերը թափահարելով գոռգոռում էին, առջևից գնացողն էլ, ոնց որ դրանց ղեկավարը, ձեռքին ձող ուներ: Մի տասը-տասնհինգ րոպեից ամուսինս եկավ: Հենց նա տուն մտավ, ասացի. «Վույ, վախենում եմ, մեզ սպանելու են»: Իսկ նա ասում է. «Ինչի՞ց ես վախենում, պրոֆտեխուսումնարաններում սովորող երեխեք են, վախենալու բան չկա»: Նա հաց էլ չկերավ, մի գիրք վերցրեց, գնաց դիվանին պառկեց: Էն որ բակում գցած էր, էդ դիվանին, ու էդ ժամանակ հեռուստացույցով հաղորդեցին, որ Ղարաբաղում, Ասկերանի մոտ հայերը երկու ադրբեջանցի են սպանել՝ մեկը քսաներկու, մյուսը՝ տասնվեց տարեկան: Ամուսինս ջղայնացավ, գիրքը մի կողմ գցեց: Նա հասկացավ, երևի, որ դա կազմակերպված բան է՝ էդ հաղորդումը: Ինձ բան չասաց, բայց տեսա՝ գույնը գցեց: Ես ինձ կորցրի: «Մեզ սպանելու են», – ասում եմ, իսկ նա էլի նույնը՝ «Ոչինչ չի լինի, մի վախենա»: Էդ հաղորդումից հետո հրապարակում կանայք սկսեցին ճվճվալ, չգիտեմ ինչ էին գոռում, ամուսինս պատուհանը փակեց: Էլ ոչինչ չէր լսվում: Հետո կարծես թե ամեն ինչ խաղաղվեց, բայց քնել չկարողացա: Մինչև գիշերվա երեքը պատուհանի մոտ կանգնած էի, հազար ու մի բան էի մտածում: Հեռախոսներն անջատված էին, ոչ մի տեղ հնարավոր չէր զանգել: – Մայրս շունչ քաշեց:
Սիավուշը սիգարետը սիգարետից վառելով լուռ լսում էր՝ սիգարետի ծուխը պատուհանի ապակու վրայից դուրս փչելով: Ես մտքով հորս հետ էի, փակ աչքերով տեսնում էի նրան՝ դյուրահավատ, անմեղ ժպիտով, և սիրտս մղկտում էր նրա կարոտից ու իմ անզորությունից:
– Հաջորդ օրը, այ Սիավուշ եղբայր, ամուսինս վեր կացավ, թեյ խմեց, ուզում էր դուրս գալ, ասացի. «Այ մարդ, ո՞ւր ես գնում, մի գնա»: Չլսեց: «Գործ կա, ասում է, պետք է գնամ»: «Դու քո ասածին ես, ասում եմ, որ ասել ես՝ գնալու ես, բայց գոնե մի անգամ լսիր ինձ, մեքենան մի հանիր գարաժից, մեքենայով մի գնա»: Իսկ նա ասում է. «Էհ, դուռը փակիր»: Հետո աստիճանների վրա էլի ինչ-որ բան ասաց, չգիտեմ՝ վախկոտ անվանեց, թե ինչ՝ չլսեցի, ու գնաց: Ու էն գնալն էր: – Մայրս լուռ փղձկաց: – Մինչև ժամը մեկը մեզ մոտ ոնց որ խաղաղ էր, հարևանուհին ասաց, որ երեկ իրիկունը շատ տներ են ավերել, և դա հիմա էլ շարունակվում է, ասաց: «Ավտոկայանում, ասում է, մեքենաներ են վառում»: Ես հարցնում եմ. «Մե՞րն էլ»: «Չէ, չէ, չէ, ասում է, դրանք պետական մեքենաներ են, ավտոբուսներ»: Բայց ամուսինս չկա ու չկա: Արդեն ժամը հինգն էր, վեցը՝ չկա: Յոթը դառավ, բայց էլի չկա: «Չէ, սպանել են», մտածում եմ: Քաղաքում մեքենաների դողեր էին վառում, սև ծուխը բռնել էր շուրջը, երկինքը՝ մթնել: Պատշգամբում կանգնել, դողում եմ, ամբողջ մարմնով դողում եմ: Վայ, աստված, մտածում եմ, ամուսնուս սպանել են, հաստատ սպանել են, մտածում եմ: Ժամը քանիսն էր, չեմ հիշում, տեսնեմ մեր դիմացի շենքի երկրորդ հարկից տան եղած-չեղածը թափում են ներքև: Ներքևում էդ բոլորը վառում են, իսկ միլիցիոներները՝ մի տասը-տասնհինգ հոգի, կամ գուցե ավելի, կանգնած նայում են, ծիծաղում: Ու զարմանալի բան: Նրանք՝ էդ տղաները, բոլորն էլ սև էին հագած: Սև, մուգ գույնի շորեր: Գուցե էն նպատակով, որ չշփոթեն իրար, կամ գուցե որ բոլորն ընկալվեն որպես ինչ-որ սև, չարագույժ զանգված և անհնարին լինի առանձին մարդկանց մտապահել, չգիտեմ: Հեռուստացույց նետեցին ցած, ոնց ռումբ պայթեց: Մեր երրորդ հարկի ադրբեջանցի հարևանուհին՝ Խանում Իսմայլովան, դուրս եկավ պատշգամբ ու գոռաց. «Էս ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք վառում, մարդիկ իրենց բերանից կտրել են, որ տուն-տեղ դնեն: Ինչո՞ւ եք վառում»: Իսկ ներքևից նրա վրա գոռում են. «Դու ավելի լավ է ասա՝ դրանցից էդտեղ ապրո՞ւմ են, թե չէ»: Նրանք մեզ՝ հայերիս նկատի ունեին: «Չէ, չէ, չէ, չկան»: Հետո վազելով եկավ ինձ մոտ, ասում է. «Բանալիները տուր ինձ, գնա, մեզ մոտ, որ եկան՝ կասեմ քրոջս բնակարանն է, կասեմ նրանք հյուր են գնացել»: Ես բանալիները նրան տվի, գնացի նրա տուն: Իսկ այդ ժամանակ մեր բակում երկու եղբոր միասին սպանեցին: Լեոն գիտի նրանց՝ Վալերան ու Ալիկը: Չդիմացա, իջա բակ, տեսա մեր հարևանի տղան կանգնած: Ադրբեջանցի է: «Արի, ասում եմ, գնանք գարաժը նայենք, գուցե ամուսինս էնտեղ մեռած-ընկած է»: Նա ինձ չթողեց, ինքը գնաց, ետ եկավ, ասում է. «Էնտեղ մարդ չկա, գարաժը փակ է: Ալիկին արդեն սպանեցին, ասում է, իսկ Վալերան էնտեղ խրխռացնում է»: Անհեր մեծացած խելոք երեխեք: Ուզեցել է մոտենալ, օգնել Վալերային, մոտ ընկերներ են եղել, ախր, չէին թողել: Իսկ միլիցիան նայում էր ու հրհռում: Ես բարձրացա տուն՝ Խանումի մոտ: Հետո խուժանը վազելով մտավ մեր մուտքը: Լենա Ավանեսյանը մեր մուտքում էր ապրում, նրանց դուռը ջարդեցին, ամանեղենի փշրվելու ձայն լսեցինք, ճիչ ու ծվվոց էր, ասես ամբողջ շենքը ցնցվում էր: Լենային ու նրա ամուսնուն՝ Սաշիկին, քարշ տալով հանեցին փողոց: Խփում էին մահակներով, երկաթե էդ ձողերով: Մենք լսում էինք, մի հարկ ներքև ավերածություն էր, նրանց աղջիկը՝ Իրան, նրա ծննդյան օրն էր այդ օրը, գզգզված դուրս եկավ պատշգամբ, այլայլված, դանակը ձեռքին: «Մոտ չգաս, – գոռում էր նա ինչ-որ մեկին, – մոտ չգաս»: Իսկ մարդիկ կանգնած նայում էին, ոնց որ գեղարվեստական կինո, ու ոչ մի տղամարդ չէր ասում՝ «Էդ ի՞նչ եք անում, ամո՞թ չի ձեզ, դուք գազանից ինչո՞վ եք տարբերվում»: Հետո իմացանք, որ Իրային ու երկու քույրերին տասը-քսան հոգով բռնաբարել էին, տկլոր հանեցին փողոց: Նրանք Բաքվից հյուրեր էին ունեցել, չէին կարողացել վերադառնալ, որովհետև ավտոկայանն արդեն փակ էր: Հյուր եկած աղջկան, անունը Աիդա, նույնպես բռնաբարել էին, դանակը խրել փորը, ներբանները կտրել, ականջօղերը մսի հետ պոկել: Եվ այդ ամենը հոր աչքի առաջ, ու նրանց մեջ՝ քառասուն-հիսուն տարեկան մարդիկ, և քսանհինգերորդ դպրոցի դիրեկտոր Խըդըր Ալոևն էլ նրանց հետ, իսկ հորը չէին սպանել, ասել էին՝ «Էդքանը դրան հերիք է, թող տանջվի»: Նրանց բոլորին զինվորականները փրկեցին: Զինվորներից մեկը, տեսնելով նրանց էդ վիճակում, ուշաթափվել էր:
Մայրս լաց եղավ: Իմ արցունքները ևս հոսում էին անզորությունից ու խղճահարությունից:
– Ոչինչ մի պատմիր, մամ, մի պատմիր, – խնդրեցի ես:
Բայց նա չլսեց ինձ, շարունակեց.
– Աստված պահի Խանումկային: Խանում Իսմայլովա: Քառասունվեց բնակարանից: Հարևանները՝ հաղթանդամ տղամարդիկ, օգնության չեկան, չօգնեցին: Իսկ երեսունհինգամյա էդ միայնակ կինը պատրաստ էր զոհաբերելու իրեն և մեզ փրկելու: Նրանից էլ ոսկին հանեցին՝ հարսանեկան մատանին: Մի քանի անգամ խփեցին: Նույնիսկ դանակով սպառնացին: Մենք դա լսում էինք: Ավանեսյանների ու Գրիգորյանների ընտանիքները նա թաքցրեց երկրորդ հարկի քառասունմեկերորդ բնակարանում: Սվետա Մամեդովայի բնակարանում: Սվետան այդ օրը տանը չէր, Լենքորան՝ թաղման էին գնացել ամուսնու հետ, բանալին թողել էին Խանումկային, որ ծաղիկները ջրի, և ահա, Խանումը շատերին այդ տանը թաքցրեց: Կյանքը վտանգելով, նա տներից ու բակից հավաքում էր ծեծված հայերին, տեղավորում իր տանը: Քանի անգամ եկան բանդիտները, նրանցից մեկը խփեց Խանումկայի դեմքին, բայց Խանումկան չվախեցավ, կտրեց երակը, ասաց՝ «Արյո՞ւն եք ուզում, ահա, իմ արյունը»: Իգոր Աղաևն էր օգնում նրան, Լեոն գիտի, նույն դպրոցում են սովորել: Գաբրիելյանների ընտանիքն էլ նրանց աղջիկներից մեկի պետը՝ Մամեդովը փրկեց, բերեց ակումբ: Ուրշան Մամեդովը՝ Լենքորանից: Իսկ մինչ էդ նրանց՝ գազանաբար բռնաբարված, հարևանները՝ Քյարամովը, Սալիման ու Սաբիրը թաքցրեցին իրենց բնակարաններում: Բայց, ահա, երկրորդ շենքում ոչ ոք չպաշտպանեց Մելքումյաններին, վեց հոգու՝ մեկն էլ հյուր էր, սպանեցին և ինչպես սպանեցին, ի¯նչ խոշտանգումների ենթարկեցին, սաղ-սաղ նետեցին կրակի մեջ, նրանց որդին՝ Էդիկը, շատ լավ, բարի սրտով տղա, ուզում էր կրակից դուրս գալ, երկաթի ձողերով հրում էին կրակի մեջ, քրոջը՝ Իրինային, մի հրաշք գեղեցկուհի, կողքի դեղատանն էր աշխատում, նույնպես այրեցին, խեղճ աղջիկը պատշգամբով անցել էր հարևանի տուն, բայց տանտիրուհի Սևիլն ու իր երկու անչափահաս տղաները նրան դուրս հրեցին բնակարանից, գցեցին գազազած գայլերի բերանը: Էդ Սևիլի ախպերը պատուհանից գոռում էր. «Ծեծելը քիչ է, սպանեք, այրեք»: Հոշոտեցին խեղճ Իրինային, ողջ-ողջ նետեցին կրակի մեջ, խորովեցին, կերան: Մինչ այդ նրանց տանն ինչ եղել էր` կացին, դանակ, մկրատ, նույնիսկ աթոռի ոտք ձեռքներին` դիմադրություն էին ցույց տվել, երբ գազանների կատաղի ոհմակը` տասնհինգ-քսան հոգով, դուռը ջարդել խուժել էր ներս: Ու ինչ այլանդակ բաներ ասես, որ չեն արել նրանց հետ: Հրաշքով փրկված նրանց հարս Կարինեն էր լաց լինելով պատմում ակումբում, էդ անիծյալ Խըդըր Ալոևն, ասում էր, սրած մետաղաձողը ձեռքում խաղացնելով` նրա սկեսուր Ռաիսային ասել է` տղաներիցդ մեկին քեզ եմ բաշխում, ընտրի՛ր, որին ես զոհ տալիս: Սկեսրոջ լեզուն կապվել է, հարսն ասում էր` գույնը գցած, ոնց որ ջրից հանած ձուկ` բերանը բացվում-փակվում էր, ձեն չէր լսվում: Ալոևի հրահանգով հենց մոր աչքի առաջ դանակահարել են խոշտանգված զավակներին: Ուշաթափված մորն ու մնացածներին ծեծելով դուրս են քաշել բակ, մենք վերևից քար կտրած նայում, տեսնում էինք էդ ամենը, ողջ ընտանիքը` հեր, մեր, երեխեք, հյուրն էլ հետները, ընկած էին բակում` մեկը մյուսից մի քանի մետր հեռավորության վրա, ու տասը-տասներկու տարեկան անչափահաս լակոտներ բահերով ու մետաղաձողերով անխնա հարվածում էին, մինչև նրանց կնետեին խարույկի մեջ: Վեց հոգու մի ընտանիքից, իսկ հարևանները պատուհաններից ու պատշգամբից նայում էին, ծիծաղում: Էդպես էր: Մենք, էդ բոլորն, այո, տեսանք վարագույրների ետևից: Քսանհինգերորդ դպրոցի էդ Խըդըր Ալոևը դուրս էր եկել նրանց պատշգամբ ու էնտեղից Լենինի պես ձեռքն առաջ մեկնած՝ գոռում էր. «Գըրըն, գըրըն*»: Բա էդպիսի դիրեկտո՞ր կլինի: Մեր դիմացի տասներկու հարկանի շենքում ադրբեջանցիներն իջան բակ և չթողեցին, որ խուժանը մտնի իրենց մուտքը, այդպես նրանք երկու հայ ընտանիք փրկեցին իրենց շենքում: Այդպես վարվեց նաև կողքի շենքից մի ջահել ադրբեջանուհի, անունը չգիտեմ, նա սկզբից պատուհանից հայհոյեց խուժանին, հետո իջավ բակ և մուտքի առաջ կանգնելով ասաց. «Դուք իմ դիակի վրայով կանցնեք, կամ չեք մտնի այս մուտքը», իսկ այդ մուտքում նույնպես երկու հայ ընտանիք էր ապրում: Շնորհակալություն քեզ, անծանոթ աղջիկ, և քեզ շնորհակալություն, Խանում, մենք քեզ կյանքով ենք պարտական: Մինչև վերջ նստեց մեզ հետ, բոլորին փրկեց, կերակրեց, ուղարկեց էվակուացման կետ: Իսկ մինչ էդ, մեր տունը նույնպես այրեցին, բոլոր գրքերը՝ երկու հազար հատ, մեր բակում այրեցին: Նրանք հայերի ցուցակներն ունեին, այդ ցուցակներով էին գտնում մեր տները: Որ տեսնեիք վաթսուն տարեկան Էմմա Գրիգորյանին ինչպես սպանեցին, ինչպես տանջեցին խեղճ կնոջը: Տկլորցրած, մեջքին խփելով տանում էին բակով, իսկ նա ձեռքերով կրծքերն էր ծածկում: Ինչո՞վ էր մեղավոր այդ հավաքարարուհի կինը: Բա Հերսիլյա Մովսեսովան, աստվա¯ծ, աստված, ի¯նչ արեցին խեղճ կնոջը: Բաքվից հյուր էր եկել բարեկամներին, ութանասունվեց տարեկան պառավ կնիկ, հիվանդանոցում բժիշկն ասաց, որ դանակի երեսունվեց հարված կար մարմնին: Գազանը գազան
տեղով էդպիսի բա՞ն կանի: Գազանը չի անի, բայց ահա մարդն
——————————————————————————
*Գըրըն, գըրըն (ադրբ.) – Կոտորեք, կոտորեք
արել է: Սովետական մարդը:
տեղով էդպիսի բա՞ն կանի: Գազանը չի անի, բայց ահա մարդն արել է: Սովետական մարդը:
Մայրս լռեց: Սիավուշը ետ շրջվեց, բռնեց ձեռքս՝ այսինքն արիացիր: Ես նրա աչքերում արցունք տեսա:
– Աստված մարդուն իր պատկերով ստեղծեց, – նորից խոսեց մայրս, – ստացվում է, որ մարդկանց սպանելով, նրանց անխղճորեն մորթելով՝ Աստծուն են սպանում ու մորթում: Բա էդ ո՞նց կլինի:
Քիչ անց նա դարձյալ խոսեց, խոսեց ծանր, ասես ինքն իրեն էր խոսում.
– Զարմանալի է, բայց բոլոր սպանվածներն ու տուժածները հայեր էին: Միայն հայեր՝ կամ մեզ նման փեզո եկած, կամ էլ նրանց անմեղ զավակները: Սա ի՞նչ բան է, անհասկանալի է… Առավոտյան ժամը յոթին երեք միլիցիոներ եկան ակումբ՝ շտապ օգնության հիվանդանոցի բուժքրոջ հետ: Ես քանի տարի էդ հիվանդանոցում էի աշխատում, բուժքրոջը բերել էին, որ գտնի ինձ հինգ հազար մարդու մեջ: Չորս հայրուր տեղանոց ակումբում, դուք տեսաք, հինգ հազար մարդ՝ մեծ, փոքր, ջարդված, վիրավոր, իրար վրա թափված՝ գետնին, նստարանների վրա ու նստարանների տակ: Ո՛չ ջուր կա, ո՛չ լույս՝ հակասանիտարական վիճակ: Երեք շարք զինվորներով, տանկերով պաշտպանում են, որ խուժանը չհարձակվի: Դե դա դուք նույնպես տեսաք: Ինձ տարան հիվանդանոց: Ճանապարհին տեսա, ավերված բնակարանները շտապ նորոգում էին: Ինձ տարան հիվանդանոց, ու ես հասկացա, որ ամուսինս չկա արդեն: «Սառա բաջի, ասում եմ բուժքրոջը, մեռածների մե՞ջ է ամուսինս»: «Չէ, ասում է, ի՞նչ ես ասում»: Նա ամուսնուս, իհարկե, ճանաչում էր, քանի անգամ հիվանդանոցի նորոգման ժամանակ օգնել է: Գլխավոր բժշկին ասում եմ. «Դոկտոր, ասա, խնդրում եմ, ամուսինս մեռա՞ծ է»: «Ի՞նչ ես, ասում է, անընդհատ՝ մեռած է, հա, մեռած է»: «Աղաչում եմ, ասում եմ, ասա»: Եվ նա ասաց: Ես լալիս էի, ճչում, գոռում էի հենց նրա առանձնասենյակում: Նա ասում է՝ «Գնա մի քիչ հանգստացիր»: Հետո ինձ տարան մորգ: Էնտեղ այրված մարդիկ կային, այդ թվում կանայք ու մի երեխա: Երևի մի տասը տարեկան կլիներ էդ երեխան: Ես որ էդ ամենը տեսա՝ ոնց որ թե խելագարվեցի: Ասացի չեմ կարող նայել, չէ, չեմ կարող: Քննիչ կար, էդ քննիչն ասում է. «Նա մի հատուկ նշա՞ն ունի»: Ասում եմ. «Ձեռքի մատի՝ բութ մատի կեսը չկա: Աշխատանքի վայրում է վնասել: Տվեք շորերը, ասում եմ, կամ էլ կոշիկը տվեք, գուլպան, ես կճանաչեմ»: Բերեցին շապիկի մի թևքն ու նրա հագի սվիտերը… բոլորը վառված… Ես դա հենց տեսա, գոռացի՝ վա¯յ, գազաններ, նրան վառել են: Ես ճչում էի, լաց լինում, չգիտեմ՝ հատակին էի ընկել… թե նստած էի, չեմ հիշում: Իսկ քննիչն ասում է. «Դե, լավ, լավ, ուրեմն ճշտեցինք, որ դա նրա հագուստն է, ձեռքի բութ մատն էլ կտրված»: Հետո մեր գլխավոր բժիշկն ասաց, որ հարկավոր է շուտ թաղել, չի իմացվի, հետո ինչ կկատարվի: Բա ասում եմ՝ ո՞նց կլինի, տղաս չկա, աղջիկներիս մեկը Չարենցավանում է, մյուսը՝ Ստավրոպոլում, ո՞նց կլինի դա: Քույրեր ու եղբայր ունի, հեր, մեր: Էդպիսի պատվավոր մարդուս էդպես անպատիվ թաղեցինք: Վախենում էինք, որ գերեզմանի վրա էլ կարող են հարձակվել, շտապ-շտապ թաղեցինք, բժիշկը շատ օգնեց, աստված պահի նրա երեխաներին: Աստված ձեզ էլ պահի-պահպանի, որ էս նեղ օրը երկու անգամ եկաք Սումգայիթ, հենարան եք կանգնել որդուս: Մինչև երկինք շնորհակալ եմ:
– Իսկ քեռի Աբբասը չի՞ երևացել, – երկար լռությունից հետո հարցրեցի ես:
– Քեռի Աբբասը հիվանդանոցում պառկած էր՝ վերակենդանացման բաժնում: Հենց առաջին իրիկունը «Բահար» ռեստորանի մոտ խուժանը հարձակվել էր տրոլեյբուսի վրա, պահանջել, որ հայերն իջնեն: Կռվի մեջ էր մտել՝ հայերին պաշտպանել, երկաթե ձողով մի քանի անգամ խփել էին, երկու օր ուշքի չէր եկել: Ձեռքն էլ կոտրված է: Բա նա հորդ մենակ կթողնե՞ր որ… Էդպես էր, լավերը տուժում էին, վատերն՝ օգտվում: Աստված քոռ է, չի տեսնում, որպեսզի մարդկանց ըստ իրենց սրտի գնահատի, լավին՝ լավ, վատին՝ վատ, բայց դե, տեսնում ենք, որ ճիշտ հակառակն է անում:
– Լեո, ընդունիր իմ ցավակցությունը, – բաժանվելիս ասաց Սիավուշը, – և իմացած եղիր, որ Սումգայիթի այս հրեշավոր ոճրագործությունն ադրբեջանական ժողովուրդը չի կազմակերպել, այլ կուսակցական-կառավարական ադրբեջանական մաֆիան՝ հենվելով խաժամուժի վրա: Ազգայնական կուսակցական այդ մաֆիայի թիկունքին կանգնած է կենտրոնական համամիութենականը: Բոլոր նշաններով հանգամանորեն կազմակերպված կոտորած է սա: – Սիավուշը հոգոց հանեց, ասաց, – այո, մաֆիան իրականացրեց այս ցեղասպանությունը՝ խրախուսվելով Կրեմլի վերակառուցման ու հրապարակայնության հակառակորդներից: Մոսկվան չի վճռի Ղարաբաղյան հարցը, – շարունակեց Սիավուշը: – Կրեմլն ազգային լարվածության կետեր է ստեղծում ոչ թե հանուն կամ ընդդեմ որևէ հանրապետության, այլ հանուն կայսրության պահպանման և ամենասարսափելին մեզ համար գիտե՞ս որն է, Լեո, – դարձյալ հոգոցով ասաց նա, – չգիտեմ, դու մտածե՞լ ես այդ մասին, թե՞ ոչ, ես շատ եմ մտածել, ամենասարսափելին մեզ համար այն է, որ նոր սերունդ կգա, տարված ազգայնամոլա-հայրենասիրական հովերով, և չի իմանա, երբեք չի իմանա, որ իրենցից առաջ կային մարդիկ, և շատ էին նրանք, որոնց համար ազգ ու ազգություն չկար, նրանք վեր էին կանգնած այդ ամենից, չեն իմանա, թե ինչքան էինք կապված միմյանց, ինչպես էինք իրար սիրում: Այ, դա է ամենասարսափելին: – Նա նայեց ինձ կարեկցությամբ ու տրտում, ավելացրեց, – մի անգամ ևս, խնդրում եմ, ընդունիր իմ ցավակցությունը: Ես կզանգեմ քեզ:
* * * * *
Մայրս Բաքվում մնալ չէր ուզում:
– Չէ, չեմ մնա էստեղ, չեմ կարող, – ասաց նա: – Ուղարկիր քույրերիդ մոտ՝ Ստավրոպոլ կամ Չարենցավան: Ինձ համար այլևս Սումգայիթ քաղաք գոյություն չունի:
Փորձեցի զանգել Չարենցավան, ոչինչ չստացվեց: Իսկ Ստավրոպոլի հետ միացա առանց դժվարության: Քույրս երկար լաց էր լինում, ոչ մի կերպ չէի կարողանում սփոփել նրան: Ի վերջո, լսափողը տվեցի մորս: Սկզբում նա հանգիստ խոսում էր, հետո չդիմացավ, սկսեց լաց լինել և այդպես լաց լինելով պատմում էր հորս ողբերգական մահվան մասին: «Կյանք չունեմ էլ, մատտաղ, – ասաց նա, – հորիցդ հետո իմ ապրելն արդեն իզուր է»: Չարենցավան նույնպես հաջողվեց զանգել, բայց դա ուշ ստացվեց, համարյա գիշերվա տասներկուսի մոտերքը:
Առավոտյան գլխավորը զանգեց, ցավակցություն հայտնեց, ասաց, որ շատ է վշտացած: Հետո հարցրեց՝ հո ոչ մի տեղ չե՞ս գնում:
– Ոչ, – ասացի, – տանն եմ:
Նա եկավ Լորաննայի և Արինայի հետ: Ընկճված տեսքով էին երեքն էլ: Գլխավորն առանց վիրակապերի էր, աչքի տակը՝ լայնակի սև այտուցով: Գրկեց ինձ, մի տեսակ փոխված ձայնով ասաց՝ «Պինդ կաց»: Լորաննան թեթևակի սեղմեց ձեռքս, ցածրաձայն ասաց՝ «Ցավակցում եմ», իսկ Արինան կանգնել էր միջանցքում, փոքր-ինչ շփոթահար տեսքով, ուղիղ նայում էր՝ ասես չհամարձակվելով առաջ անցնել:
– Ներս արի, Արինա, ինչո՞ւ ես կանգնել, – ասացի ես փորձելով ժպտալ և մեկնեցի ձեռքս:
Նա իր փոքրիկ սառը մատներով սեղմեց ձեռքս, առաջ եկավ: Նրա սև, շողշողուն աչքերում փայլատակեց արցունքը, և ես խորապես զգացի նրա անհուն կարեկցանքն իմ հանդեպ, նրա անկեղծ ձգտումը՝ հաղորդակից լինել իմ դժբախտությանը: Իսկ գուցե դա նրանի՞ց է, որ ինքը՝ Արինան, մանկուց էր զրկվել մորից և գիտեր, թե ինչ ծանր բան է ծնող կորցնելը: Նրանք մորս նույնպես ցավակցություն հայտնեցին:
– Ինձ համար այլևս Սումգայիթ քաղաք գոյություն չունի, – դարձյալ ասաց մայրս: – Էդ քաղաքն արատավորված է մեր՝ հայերի արյունով: Անմեղ մարդկանց արյունով:
– Մի՞թե կազմակերպված էր այդ ամենը, – հենց այնպես հարցրեց գլխավորը:
– Կազմակերպված էր, – հանգիստ ասաց մայրս: – Սուտ լուրերով մարդկանց գրգռեցին, լցրին փողոցները: Բա, իհարկե, կազմակերպված էր: Նախօրոք լավ կազմակերպված էր, իսկ մենք ոչինչ չգիտեինք: Բոլոր հայերին աշխատանքի վայրից ուղարկում էին տները՝ ինչո՞ւ: Ինչո՞ւ էին հեռախոսներն անջատել: Որտեղի՞ց նրանց հայերի ցուցակները: Եվ ինչո՞ւ միլիցիան ու շտապ օգնությունը չէին արձագանքում մեր կանչերին: Զրահամեքենաները քաղաքում շրջում էին, հարյուր մետրի վրա մարդկանց սպանում էին, բայց նրանք չէին միջամտում՝ հրաման չկար: Ինչո՞ւ էր էդպես: Երևի, կքննեն, կպարզեն ճշմարտությունը, էդպես չի մնա:
– Ցավալի է, շատ է ցավալի, որ մեր երկրում, ուր ժողովուրդների բարեկամությունն անսասան սրբության նման մի բան է համարվում, օրը ցերեկով մարդուն կարող են սպանել այն բանի համար, որ նա մի այլ ազգության է պատկանում, – հոգոցով ասաց գլխավորը: – Սումգայիթը մեզ հազար տարով քաղաքակրթությունից ետ մղեց դեպի վայրենություն:
– Հազար տարի առաջ կրակի վրա մա՞րդ էին խորովում, ուտում, – միամիտ հարցրեց մայրս, և գլխավորը ոչինչ չգտավ պատասխանելու:
– Գոնե կարեկցողներ կայի՞ն ադրբեջանցիների մեջ, – հարցրեց Լորաննան, – օգնո՞ւմ էին որևէ բանում:
– Կային, իհարկե, կային, օգնում էին, – պատասխանեց մայրս: – Լեզգիները, թալիշները, իրենք` ադրբեջանցիները… Առանց նրանց օգնության շատ մարդ կզոհվեր, շա¯տ: Բայց քիչ էին դրանք: Հիմնականում բոլորը ջարդարարների կողմն էին, նրանց միացած սպանում ու թալանում էին, կամ էլ իրենց պատշգամբներին կանգնած, առանց տոմսի թատրոն էր. նայում էին, թե ոնց են այրում մարդկանց: Աստված գազա՛ն մարդու մեջ պիտի խիղճ դնի, խեղճ մարդու խիղճն ո՞ւմ է պետք: Աստված ո՞նց է էդ բոլորը տեսնում ու համբերում: Էհ, գուցե հենց Աստված էլ չկա, գուցե էդ էլ է սուտ… Լավ, էս ինչո՞ւ եմ էսպես նստել:
Մայրս գնաց խոհանոց՝ սեղան գցելու: Լորաննան ու Արինան իսկույն ելան տեղից՝ նրան օգնելու:
– Ախպեր, դիմացիր, կյանք է, – սիրտ տվեց գլխավորը: – Մյուս աշխատողներն էլ էին ուզում գալ՝ Միշա Հաջիյանը, Նորան, Մնացականը, Բոջիկյանը, Հախումյանը, Յուրի Պողոսյանը, մյուսները: Բայց ես հարմար չգտա: – Նա քիչ լռեց, ասաց, – Ես էլ եմ փոքրուց ծնող կորցրել: Է¯հ, քանի տարի է անցել, բայց մոռանալ չեմ կարողանում: Ծնողին մոռանալ չի լինի:
Երկար լուռ էինք երկուսս էլ, հետո գլխավորն ասաց.
– Լեո, մայրդ ասում է՝ կքննեն, կպարզեն ճշմարտությունը: Նա հավատում է, որ այդպես էլ կլինի: Բայց, ահա, ես չեմ հավատում՝ չի լինի դա: Դաշքեսանի շրջանի երկուհազար բնակիչ ունեցող Բանանց գյուղում Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան էր կանգնեցվել: Այդ գյուղից կռվի դաշտում ավելի շատ մարդ է զոհվել, քան շրջանի բոլոր ադրբեջանական գյուղերից՝ միասին վերցրած: Կարճ՝ շրջանի ղեկավարության ու մշակույթի նախարարի առաջին տեղակալ Թեյմուր Սուլեյմանովիչ Ալիևի գլխավորությամբ մի գիշերվա մեջ հուշարձանը ջարդուփշուր արվեց: Որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞ց դրա համար: Ընդհակառակը, ընդհարում եղավ այդ հողի վրա և տասնյակ հայ պատանիներ բանտ նետվեցին: Նույնը կատարվեց նաև իմ հայրենի Շամխորի շրջանում, երկու հազար տարվա պատմություն ունեցող Չարդախլու գյուղում, որը երեք հազարից ավելի հայ բնակիչ ունի: Դա այն գյուղն է, որը Խորհրդային Միության երկու մարշալ, տասնյակ գեներալներ ու հերոսներ է տվել: Պատերազմ մեկնած հազար երկու հարյուր հիսուն մարդուց չորս հարյուր հիսուներկուսը չեն վերադարձել: Ո՞վ պատասխան տվեց: Ոչ ոք: Շրջկոմի առաջին քարտուղար Ասադովն արժանացավ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման և առաջ քաշվեց: Հիմա կենտկոմի բաժնի վարիչ է և սպառնալիքներ է հղում Ղարաբաղին: Խոսք կա, որ այս երկու օրը ներքին գործերի նախարար է նշանակվում: Շահումյանի շրջանի հողատարածությունները տարեցտարի խլում, տալիս են ադրբեջանական շրջաններին՝ ջախջախիչ հարված հասցնելով հայկական տնտեսություններին: Սովետական Միության երեք հերոսի ու ադմիրալ Իսակովի ծննդավայր Գետաշեն գյուղը, որն ավելի քան հազար հինգ հարյուր զինվոր ուղարկեց ռազմաճակատ ու նրանց կեսն այդպես էլ չվերադարձավ տուն, հարթավայրային մասում ահագին հողեր ուներ, գյուղ էլ կար՝ Չալաբերդը, մի երկու անգամ եղել եմ այնտեղ, ուղղակի դրախտ, վերջերս վերցրել, ինքնակամ կերպով կցել են Կասում Իսմայլովի շրջանին: Ո՞ւմ են կանչել դրա համար պատասխանատվության՝ դարձյալ ոչ ոքի: Սումգայիթի եղեռնագործությունն իր ողջ ճշմարտությամբ չի բացահայտվի երբեք: Ճշմարտությունը պարզելու համար նախ պետք է հասկանալ, թե ում է դա ձեռնտու: Սումգայիթն իսկական ցեղասպանություն էր՝ ծանրագույն հանցանք մարդկության դեմ: Բայց ուրիշ բան կա դրա տակ, Լեո, ոչ պակաս սարսափելի: Իմ կարծիքով, դա վիթխարի այսբերգի տեսանելի կողմն է միայն, քաղաքական կողմը՝ սարսափ ներշնչել հայությանը, կաշկանդել նրա կամքն արյունալի նոր ոճիրների հնարավոր հեռանկարով, ստիպել, որպեսզի հայ ժողովուրդը ետ կանգնի Ղարաբաղյան շարժումից: Բայց, կրկնում եմ, դա այսբերգի տեսանելի կողմն է միայն:
Գլխավորը բազմանշանակ ժպտաց, ասաց.
– Իսկ անտեսանելի կողմում, ահա, թե ինչեր կան: Ասեմ, հիշիր՝ ըստ իս, սա Գորբաչովի ու նրա շրջապատի՝ Լիգաչով, Կրյուչկով, Յազով, Պուգո, Շատալին, Լուկյանով-Մուկյանովի կանխապես պատրաստած գործն է, հետագա իրադարձությունները, համոզված եմ, կհաստատեն դա: Պարզապես Ղարաբաղը հարմար կռվախնձոր էր՝ երկու հարևան ժողովուրդներին իրար դեմ հանելու համար: Հինգ թվականին ճիշտ նույն ձևով վարվեց նաև Նիկոլայ երկրորդ ցարը: Այստեղ զարմանալի ոչինչ չկա: Լևոն Շանթն իր նամակներից մեկում նշում է, որ քաղաքականությունը ստի ու խաբեության հյուսվածք է: Այդպես էլ կա, քաղաքականությունը կեղտոտ գործ է, քաղաքագետները՝ անամոթ ու խարդախ մարդիկ: Ստալինը հեղափոխական գործիչ էր, բայց միաժամանակ թուրքական ու ցարական հակահետախուզությունների գործակալ էր, Բերիաշվիլի անվան տակ երկու տարի թաքնված ապրել է Թուրքիայում: Բերիան մուսավաթական կուսակցության ամենաակտիվ անդամներից մեկն էր, մասնակցել է Բաքվի 26 կոմիսարների բանտարկությանն ու գնդակահարությանը Ախչա-Կույմայում: Մոսկվան շատ լավ գիտեր այս ամենը, և՝ ոչինչ: Մի խոսքով, շատ հնարավոր է, որ Գորբաչովն արևմտյան տերությունների, առանձնապես ամերիկյան կողմի ոչ անշահախնդիր հովանավորությամբ հեռահար նպատակ է հետապնդում՝ քայքայել, մասնատել խորհրդային հզոր պետությունը: Համաձա՞յն չես այս տեսակետին: Մոսկվայից միութենական դատախազի՝ առանձնահատուկ գործերի գծով օգնական Ասլախանովի գլխավորությամբ երկու ամիս առաջ քննչական հանձնաժողով է եկել այստեղ՝ ստուգելու Հեյդար Ալիևի գործնեությունը՝ զանգվածային հավելագրումներ, անհիմն բանտարկություններ, սպանություններ, այդ թվում և Քյուրդամիրի կուսշրջկոմի առաջին քարտուղար Մամեդովի սպանությունը, պետական մասշտաբի զանազան զեղծարարություններ, անսահման չափերի հասնող կաշառք և այլն: Պարզ է, խոսքն այն տարիների մասին է, երբ Ալիևը գլխավորում էր Ադրբեջանի կուսակցական կազմակերպությունը, այսինքն՝ երբ նա հանրապետության ղեկավարն էր: Երեք հյուրանոց՝ «Ազերբայջան», «Ապշերոն» ու «Յուժնայա», լցված են մոսկովյան քննիչներով: Կարճ՝ Թելման Գդլյանի ու Իվանովի ուզբեկական հանձնախմբի տարբերակն Ադրբեջանում: Եթե Ուզբեկստանում հափշտակումները միլիոնների էին հասնում, այստեղ միլիարդներից են խոսում: Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, գլուխներ են թռչելու, և այն էլ ի¯նչ գլուխներ: Բանտերը կլցվեն նրանցով, ովքեր երկար տարիներ անխնա թալանում, կողոպտում էին հանրապետությունն ու հիմա էլ անպատիժ շարունակում են նույն թալանն ու կողոպուտը: Այս ամենը չի՞ կազմակերպվել, արդյոք՝ ձախողելու, խափանելու քննչական հանձնախմբի աշխատանքները: Միտինգներում արդեն խստորեն պահանջ է դրվում՝ հանձնախումբն անհապաղ հեռացնել Ադրբեջանից, որովհետև նրա ներկայությունը, իբր, ապակողմնորոշում է իրադրությունը հանրապետությունում: Ուժեղ է, չէ՞: Մի ուրիշ տեսակետ՝ Հեյդար Ալիևը, դու էլ գիտես, այն մարդը չէ, որ կարողանա ներել նրանց, ովքեր պատճառ եղան իր քաղաքական պարտությանը: Այդ շարքում Գորբաչովը նրա թիվ մեկ թշնամին է: Որովհետև Գորբաչովն էր, որ նրան խայտառակաբար վտարեց քաղբյուրոյից, և որի պատճառով նա ծանր ինֆարկտ տարավ, համամիութենական մամուլում, այդ թվում և «Պրավդայում», քանիցս պախարակեցին, որ, իբր, հիվանդության կեղծ փաստաթղթեր սարքելով՝ 41-ին խուսափել է պատերազմից: Կների՞ Ալիևը նրան՝ երբեք: Պետանվտանգության իր համախոհների հետ նա կազմակերպեց այս ամենը՝ նախ Գորբաչովին տապալելու նպատակով, երկրորդը՝ ճանապարհ հարթելու՝ նորից իշխանության գլուխ անցնելու համար: Վստահելի մարդուց եմ լսել, ասում է՝ նախքան Սումգայիթի դեպքերը, ժողովրդական ճակատի վարչության երեք անդամներ՝ Էլչիբեյը, Նեյմաթ Փանահովն ու Էհթիբար Մամեդովը մեկնել են Մոսկվա՝ Հեյդար Ալիևի հետ հանդիպման. իմացիր, առանց նրա ոչինչ չի արվում, այս բոլորը նրա վերադարձի համար է արվում: Այդ վերադարձը Բաքու՝ կլինի, Լեո, ես մեռած, դու՝ սաղ, հիշիր, կլինի, և նա իր այդ հաղթական երթը կսկսի հայրենի Նախիջևանից:
Բաժանվեցինք բավականին ուշ: Դուրս եկա ճանապարհելու, Լորաննան կամացուկ ասաց. «Ռենան էր եկել, քեզ էր հարցնում: Ասում էր՝ հեռախոսդ չի պատասխանում: Չէ՞ր աշխատում հեռախոսդ»:
– Հիմա աշխատում է, – ասացի ես:
– Ես նրան ասացի հորդ սպանության մասին: Ինձ Սիավուշն էր ասել: Չգիտեր: Գունատվեց, Լեո, նայում էր ինձ մի տեսակ ցրված ու ասես ոչինչ չէր հասկանում:
– Նա լա՞ց էր լինում:
– Այո… լաց եղավ: Ինչի՞ց իմացար:
– Սիրտս ծակում էր:
Լորաննան անվճռական նայեց ինձ, օրորեց գլուխը:
– Ի՞նչ պիտի լինի ձեր վիճակը սրանից հետո, չգիտեմ:
Երկուսս էլ լուռ էինք:
– Ներիր, Լեո, բայց զգում եմ, որ ծանր, դժվարին օրեր են սպասում քեզ, – երկարատև լռությունից հետո խոսեց Լորաննան վհատ ձայնով: – Պատրաստ եմ անգամ ծնրադիր խոնարհվել քո այդ անխուսափելի տառապանքի առջև:
– Լսիր, Լորաննա, – չգիտեմ ինչու ակամա բարկանալով՝ ասացի ես, – դու հայր Զոսիման չես և ոչ էլ ես՝ Միտյա Կարամազովը:
– Իսկ Սոնեչկա Մարմելադովա՞, – սեթևեթեց նա:
– Ոչ էլ Սոնեչկա Մարմելադովան:
– Բայց չէ՞ որ նա նույնպես կանխազգաց Ռասկոլնիկովի մոտալուտ տաժանակիր ողբերգությունը:
– Սոնեչկա Մարմելադովան այս աշխարհից չէր, այլապես կամավոր չէր գնա հեռու Սիբիր՝ ութ երկար տարիներ կիսելու Ռասկոլնիկովի տառապանքը:
– Ավաղ, ինձ վիճակված չէ կիսելու քո տառապանքը, Լեո, – Լորաննան դառնադառը նայեց ինձ: – Բայց դու գիտես, որ ես մեծագույն հոժարությամբ պատրաստ եմ օգտակար լինել քեզ: Դրա համար էլ շատ կուզենայի, չնայած լավ գիտեմ քեզ, հասկանում եմ, որ անհնարին բան եմ ասում, սակայն, կրկնում եմ, շատ կուզենայի, որ թողնեիր այդ ադրբեջանուհուն: Դու էլ տեսնում ես, թե գնալով ինչպիսի անդունդ է առաջանում մեր երկու ժողովուրդների միջև, թե օրեցօր ու ժամ առ ժամ ինչպես է շիկանում մթնոլորտը: Մի՞թե այդքան դժվար է նրան թողնելը:
Լորաննան ուղիղ նայեց իմ աչքերին:
– Թողնելը դժվար է, մոռանալը՝ անհնարին: Ռոմեոն կասեր՝ նա, ում սիրում եմ, հիատեսիլ ու շլացուցիչ է, մի ուղի ցույց տուր, որ կարողանամ նրան մոռանալ:
Ճակատը կնճռոտած՝ Լորաննան ուշադիր նայեց իմ աչքերին ոչ այն է տխրությամբ, ոչ այն է ներողամտությամբ: Առհասարակ տարօրինակ ձևով էր նայում Լորաննան, աչքերը կկոցած՝ կարծես շատ մանր, պետիտ շարվածքի տող էր կարդում քո աչքերում: Նա մի րոպե տատանվեց, ասես կշռադատելով այն, ինչ պիտի ասեր, հետո ասաց անհուսալի քնքշությամբ.
– Ի՞նչ ուղի ցույց տամ, սիրելիս, մի՞թե այս ամենի կազմակերպված բնույթն ու նպատակը չես տեսնում: Դավեր նյութելով՝ դեպի պատերազմ են տանում մեզ: Դու հայ ես, նա՝ ադրբեջանուհի, դատապարտված է ձեր սերը, Լեո, ի՞նչ ուղի ցույց տամ… Այո, հիատեսիլ ու շլացուցիչ է, գեղեցկությունն էլ հազվագյուտ գեղեցկություն է, նայելիս, անկախ քեզնից, շփոթվում ես, և հասկանում եմ նաև, որ ամբողջ կյանքում նրա կարոտն այրելու է հոգիդ, բայց, միևնույն է, թո՛ղ նրան, Լեո, լսիր ինձ՝ թո՛ղ: Մի՞թե ուրիշ աղջիկներ չկան:
– Չկան, – անվիճելի հաստատակամությամբ ասացի ես: – Նրանից բացի ոչ ոք գոյություն չունի ինձ համար: Վանգան գտնում է, որ ինչ ի վերուստ գրված է մեր ճակատին՝ այն էլ կլինի: Սուրբ գրքում ի՞նչ է ասված՝ մարդուս սիրտը խորհում է իր ճանապարհը, բայց նորա քայլերը Տերն է հաստատում: Աստված ողորմած է:
– Ողորմած է, բաց ոչ մեզ համար:
– Մեղք մի գործիր, Լորաննա, և մի խռովիր սիրտդ, հավատա՝ ամենայն լավն ու բարին մեկ անգամ ու մեկընդմիշտ Տիրոջ կամոք է արարված, Աստված մեծ է իր աստվածային զորությամբ, օրհնեալ է Նա այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից… Աստծու փառքը մեծ է:
– Աստծու փառքը մեծ է, կտրած փոսը՝ խոր:
– Դարձյալ մեղք ես գործում: Աստված ամենակարող է ու հզոր:
– Ամենակարող է ու հզոր… Տեր, եկուսցե արքայություն քո, – մրմնջաց նա և ավելացրեց ինչ-որ չարախինդ հուսաբեկությամբ, – ողբ էր, լաց և կոծ Ռամայի մեջ, Ռաքելն իր որդկանց վրա լաց էր լինում և չէր կամենում մխիթարվել, որովհետև չկա՛ն նրանք… Եթե այդքան ամենակարող է Աստված ու հզոր, ինչո՞ւ աշխարհից իսպառ չի վերացնում վիշտն ու մորմոքը, չէ՞ որ նա կարող է դա անել, ինչո՞ւ չի արել մինչև հիմա և ինչո՞ւ չի անում այժմ: Նա ավելի հզոր է, քան Աստված:
– Ո՞վ՝ նա:
– Գազանը, – ասաց Լորաննան: – Մարդ գազանը: Բերանն արնոտ մարդակեր գազանը, որ հազար տարում հազիվ դառավ մարդասպան և ձեռքերն արնոտ գնում է դեռ կամկար ու հեռու է մինչև մարդն իր ճամփան: Շա¯տ է հեռու, – ավելացրեց նա: – Դուք չգիտեմ ինչպես, բայց ես այստեղ չեմ մնա:
* * * * *
Ռենան տանն էր, սակայն, ըստ երևույթին, դարձյալ մենակ չէր: Խոսում էր ոչ բարձր, ասես ձեռքով ծածկելով մեմբրանը:
– Ես եմ, Ռենա:
– Բարև, – ցածր, նվաղուն ձայնով արձագանքեց նա: – Քո հեռախոսը չէր աշխատում, ես զանգել եմ… ես շատ եմ զանգել… Ես ցավակցում եմ… Ես շատ եմ ուզում տեսնել քեզ… Լսո՞ւմ ես, – ավելի ցածրացնելով ձայնը՝ ասաց Ռենան: – Ես սիրում եմ քեզ, ավելի շատ եմ սիրում, քան առաջ… Ես առանց քեզ չեմ կարող ապրել…
Նա համարյա այդ նույնն ասաց նաև խմբագրությունում, արցունքն աչքերին խոստովանեց, որ ամենուր՝ տանը, փողոցում, պարապմունքների ժամանակ, տրանսպորտում՝ շարունակ իմ մասին է մտածում:
Որոշ դադարից հետո.
– Մարդու սիրտն օրական հարյուր հազար զարկ ունի: Օրական հարյուր հազար անգամ իմ սիրտը բաբախում է քեզ համար, Լեո… Ես վախենում եմ քեզ կորցնելուց:
Ես ներողամտաբար ժպտացի նրան. ի՞նչ կարող էի ասել: Ոչինչ: Համարյա ոչինչ:
– Հնար լիներ՝ մի ուրիշ մոլորակ գնայինք, ուրիշ մոլորակում ապրեինք, – ասաց Ռենան՝ միաժամանակ ժպտալով ու արտասվելով: – Բոլորը դեմ են, որ ես սիրեմ քեզ, նրանք չեն հասկանում, որ ինչքան շատ ես սիրում, այնքան շատ ես տանջվում, չեն հասկանում, որ արգելքներն ավելի են սաստկացնում սերը: Արար աշխարհը դեմ է, բայց ես ոչինչ չեմ կարող անել ինձ հետ, դա իմ ուժերից վեր է, ոչ ոք չի կարող հասկանալ դա: Ոչ ոք չի ուզում հասկանալ: – Արցունքի լույս կաթիլը սահեց այտն ի վար:
Դարձյալ որոշ դադարից հետո.
– Իսկ դու գիտե՞ս, որ Շեքսպիրը ոչինչ չի հորինել: Ռոմեոն և Ջուլիետն իրոք եղել են: Նրանց սիրո պատմությունն էլ իրական պատմություն է: Վերոնայում մնում է դեռ Ջուլիետի պատշգամբը, հազարներով զբոսաշրջիկներ են գալիս աշխարհի տարբեր ծայրերից՝ տեսնելու այդ պատշգամբը: Եվ այն, որ նրանց ծնողները պատկանում էին երկու հակառակորդ գերդաստանների, որոնց մեջ տոհմական հինավուրց քեն, թշնամություն կար, որ երբեմն բորբոքվում էր զանազան սադրանքներով՝ նույնպես եղելություն է, – և արցունքաշաղ աչքերով նայելով՝ վհատորեն ավելացրեց, – ոչինչ չի փոխվել… ոչինչ չի փոխվում…
Մի ուրիշ անգամ.
– Ինչո՞ւ է այսպես, Լեո: Ես հիմա կյանքին մի տեսակ ուրիշ ձևի եմ նայում: Առաջ նման բաներին ուշադրություն չէի դարձնում… Մեր կուրսում շատերն արդեն գիտեն, թե որտեղ են աշխատելու ավարտելուց հետո՝ մեկը բաժանմունքի վարիչ, մյուսը՝ գլխավոր բժիշկ, մեկ ուրիշը՝ առողջապահության նախարարի տեղակալ: Ծնողները կենտկոմում ու նախարարների խորհրդում են աշխատում, բարձր պաշտոններ են վարում, իսկ իրենք օրերով պարապմունքների չեն գալիս, և դասախոսները վախենում են անգամ դիտողություն անել: Վերջերս Այթմատովի մի գիրքն էի կարդում՝ «Սպիտակ շոգենավը»: Պատանի հերոսն իրեն նետում է գետը, որովհետև կեղտին ու չարիքին չվարժված նրա մանկական դյուրազգացողությունն անկարող է դիմանալ շրջապատի ստին, կեղծիքին ու անարդարությանը: Իրոք, ինչո՞ւ է այդպես:
Ռենան նայեց ինձ, բայց պատասխան չէր սպասում ինձնից:
– Կգա ժամանակ, բոլոր մարդիկ եղբայր կլինեն, – ասաց նա դառնորեն ժպտալով: – Լեզուն, դավանանքը, մաշկի գույնը՝ դարերով մարդկանց կաշկանդած բոլոր այս նախապաշարումները, կվերանան… Բայց ե՞րբ, ե՞րբ կլինի, ե՞րբ կգա այդ ոսկեդարը, Լեո, երբ մենք չե՞նք լինի…
* * * * *
Անսալով մորս թախանձանքին, ես նրան գնացքով ուղարկեցի Ստավրոպոլ՝ քրոջս մոտ:
Մանր անձրև էր տեղում, գորշագույն մթնաշաղի միջից հազիվ էին երևում կայարանամերձ տների աղոտ լույսերն ու կայարանից այն կողմ, բլրակի վրա միայնակ կանգնած տուրիստական հյուրանոցի ստորին հարկերը: Գնացքի ճանապարհվելուն մի երկու րոպե էր մնացել, և մայրս, ինձ համար բոլորովին անսպասելի, խոսք բացեց Ռենայի մասին: Հորս սպանությունից հետո նա երբեք չէր խոսել նրա մասին, անունը երբեք չէր տվել:
– Էդպես էլ չտեսա Ռենային, – սրտաշարժ ափսոսանքով ասաց նա, տրտմալի շարժելով գլուխը: – Պապան շատ էր ուզում տեսնել… Անհարմար էր զգում, երևի, քեզ ասել, ինձ էր ստիպում, որ խոսեմ հետդ՝ հյուր բերես նրան Սումգայիթ: Իսկ երբ իմացավ, որ մարտի ութին գալու եք, ուրախացավ, երեխի պես հուզվել էր… Էհ, ամեն ինչ փոխվեց, ամեն ինչ սրտներումս մնաց…
– Ռենան նմանապես շատ էր հուզվում, – կարճ լռությունից հետո ասացի ես և, չնայած Լորաննայից բացի երբեք ու ոչ ոքի չէի պատմել Ռենայի հանդեպ ունեցած իմ անեղծ սիրո մասին, հանկարծորեն իմ մեջ ցանկություն առաջացավ մորս հետ խոսել նրա մասին, և, չգիտեմ ինչու, այդ մտքից անգամ անասելի հաճույք զգացի, և ինքս էլ զարմացա, թե որտեղից հայտնվեց զվարթուն սենտիմենտալության այդ անհասկանալի հուզիչ զգացողությունը:
– Պապային շատ դուր կգար նա, – քնքշահույզ շշուկով ասացի ես, – և դու նույնպես, մամա, կսիրեիր նրան, որովհետև շա¯տ, շատ լավիկն է…
Մայրս կողքանց նայեց ինձ, արցունքների միջից ժպտաց.
– Նկարից երևում է, մաման մատտաղ: Նկարից երևում է:
– Կյանքում ավելի լավն է, քան նկարում, – ասացի ես և իմ սեփական խոսքերից սիրտս անուշ ու խորունկ կարոտից սկսեց արագ-արագ զարկել: – Իսկ թե իմանաս՝ ի¯նչ ոսկի բնավորություն ունի, մամ… Ոնց որ թե այս աշխարհից չլինի՝ անկեղծ, անարատ, սիրտը մաքուր, սուրբ ու պաշտելի…
– Հոգու գեղեցկությունը դեմքի գեղեցկությունից թանկ է, մաման մատտաղ: Նկարից էդ էլ է երևում, – արցունքաժպիտ աչքերով նայելով՝ նա այտը գգվանքով սեղմեց ուսիս: – Հա, շատ լավն է, նայում ես ու աչքդ չի կշտանում, ուզում ես նորից ու նորից նայես… Քույրդ շատ խնդրեց նկարը տանեմ, թող տեսնի…
Մայրս դադար տվեց, ապա ավելացրեց հոգոցով.
– Ի¯նչ ասեմ, որդիս… Աստված թող քո սրտի ուզածը կատարի…
«Էստեղ՝ Բաքվում, խաղաղ է, ոչինչ չկա, – արդեն վագոնի փակ հարթակում կանգնած ասաց նա, – բայց, միևնույն է, ծախիր մեքենան, նրանով ոչ մի տեղ չգնաս»: Նա մինչև այդ մի քանի անգամ ասել էր այդ մասին, բայց հարկ համարեց վերջին րոպեին նորից հիշեցնել. «Ես կզանգեմ էնտեղից, թե որ ծախած չլինես՝ կնեղանամ քեզնից»:
Ռոբերտն օգնեց ինձ այդ հարցում: Գնորդ գտավ՝ Գադիր անունով նիհարավուն մի տղայի՝ Բայիլովից: Միասին գնացինք խնայդրամարկղ, Գադիրը փողը՝ քսանյոթ հազար ռուբլի, մտցրեց իմ հաշվի մեջ: Խնայգրքույկում ես փող ունեի՝ հոնորարներից ետ էի գցել, միասին ստացվեց քառասուն հազար ռուբլի:
– Ախպերո, հարուստ մարդ ես, քեզ հետ խոսել չի լինի, – ծիծաղեց Ռոբերտը:
Երեկոյան զանգեցի մորս, որպեսզի նա այլևս չանհանգստանա:
– Երևի չմնամ այստեղ, – ասաց Ռոբերտը, – Զարմիկը հրավիրում է Մոսկվա: Կարելի է և Ամերիկա մեկնել: Շատերն են ուզում մեկնել: Ես որ գնամ, Մոսկվայում ամերիկյան դեսպանատնից քեզ համար էլ անկետաներ կվերցնեմ:
* * * * *
Սումգայիթից հետո կյանքն ասես գլխիվայր շուռ եկավ մեզ համար: Հեռուստատեսությամբ հաղորդումներ էին տրվում, թե այդ ամենը սելավի նման մի բան էր, եկավ ու անցավ, և որ մեղավորներն անպայման կստանան իրենց արժանի պատիժը:
Հետո միառժամանակ հանգիստ էր, ոնց որ սպասողական վիճակ, ոչինչ չէր հաղորդվում ու չէր գրվում Սումգայիթի մասին, բացի պաշտոնական կարճառոտ հաղորդագրություններից՝ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի բյուրոն կուսակցական խիստ նկատողություն հայտարարեց Մուսլիմզադեին՝ ազատելով նրան զբաղեցրած պաշտոնից: Լենինի անվան խողովակագլանման գործարանի դիրեկտոր Աբդուլլաևը նախազգուշացվեց՝ գործարանի մեքենայական արտադրամասում հատուկ պատվերով մետաղաձողեր, դանակներ, դաշույններ, կացիններ ու այլ իրեր պատրաստելու համար: Կուսակցության Սումգայիթի քաղաքային բյուրոն խիստ նկատողություն հայտարարեց քաղգործկոմի նախագահի առաջին տեղակալ Հասանովին և նախագահի տեղակալ Թաղիևին: Հայտարարվեց, որ զանգվածային անկարգություններին մասնակցած իննսունչորս պատանիներ ձերբակալված են, միութենական դատախազության կողմից ստեղծված է քննչական հանձնախումբ, որը գլխավորում է… Ալեքսանդր Կատուսևը: Այն նույն Կատուսևը, որի մեղքով միանգամայն անմեղ մարդիկ զոհ գնացին ոճրագործությանը:
– Ամեն ինչ կարվի, որպեսզի թաքցվի անլուր հանցանքի իմաստն ու կազմակերպված բնույթը, – եզրակացրեց Սաղումյանը:
Սաղումյանը չէր սխալվում. քրեական գործերը մասնատվեցին՝ ըստ դրվագների, և հետաքննության ուղարկվեցին երկրի տարբեր քաղաքներ՝ Մոսկվա, Սարատով, Կույբիշև, Վորոնեժ և այլն: Գործերի հիմնական մասը մնաց Սումգայիթում, մի մասն էլ՝ Բաքվում: Պարզ հասկացվեց. ոչ ոք ոչ մի պատիժ էլ չի ստանա: Սումգայիթի ցեղասպանության կազմակերպիչներն ու ոգեշնչողները դուրս եկան թաքստոցից և սկսեցին գործել: Թերթերն ու հեռուստատեսությունը հեղեղվեցին ճշմարտությունը խեղաթյուրող հոդվածներով ու հաղորդումներով: Կարճատև ընդհատակից իր գլուխը հանեց և սումգայիթյան եղեռնագործության ամենաակտիվ կազմակերպիչներից մեկը՝ ակադեմիկոս Զիա Բունիաթովը, որը մինչ այդ հայտնի էր հայոց պատմության զեղծարարությամբ, և ակադեմիական «Էլմ»* թերթում հրապարակեց անպատկառ ստերից, կեղծիքից ու հարատև մաղձից հերյուրված ծրագրային երկէջ մի ստոր զրպարտագիր՝ «Ինչո՞ւ Սումգայիթը» վերտառությամբ, ուր նա անամոթաբար այդ եղեռնի մեջ մեղադրում էր… ոճրագործության զոհերին:
Խմբագրությունում խոսք ու զրույցը շարունակ Սումգայիթի ու Ղարաբաղի մասին էր:
– Հայերս միշտ էլ լավ դիվանագետներ ենք ունեցել, բայց լավ դիվանագիտություն՝ երբեք, – ինչպես միշտ հանգիստ, խաղաղ տոնով ասաց Սաղումյանը: – Հետամուտ եղե՞լ ենք երբևէ փոքր հաղթանակներ շահելու շղթայով մեծ հարցեր լուծելու
——————————————————-
*«Էլմ» (ադրբ.) – «Գիտություն»
քաղաքականությանը, փոխանակ նախընտրելու առճակատման ձևը՝ չհաղթելու դեպքում գլխովին նահատակվելու նշանաբանով:
Ինչպե՞ս վարվեցին մուսավաթականները քսան թվականին. թուրքերի հրահանգով՝ առանց մի գնդակ անգամ արձակելու, դիմավորեցին բոլշևիկներին ու միացան նրանց՝ շարունակելով մուսավաթականների քաղաքականությունը, և Խորհրդային Ռուսաստանն ամեն կերպ աջակցում էր նրանց: Ինչպե՞ս վարվեցին հայերը: Հեղկոմն ու բոլշևիկները ելան հայ բանվորների ու գյուղացիության դեմ, իրենց բարբարոս գործունեությամբ մղելով նրանց ապստամբության, և հերթական անգամ գետի պես հոսեց հայոց արյունը: Բոլշևիկներն ավերեցին ողջ Ղարաբաղն ու Հայաստանի հարյուրավոր գյուղեր, բանտերը լցվեցին հայ քաղաքական, մտավորական ու զինվորական առաջնորդներով: Հայկական բանակի բոլոր սպաներին՝ հազար երկու հարյուր հոգու, տասնհինգ գեներալներով ու քսանհինգ գնդապետներով, գլխավորությամբ ազգային բանակի սպարապետ Նազարբեկյանի, հավաքեցին Հայաստանի խորհրդարանի շենքում և, դավադրաբար ձերբակալելով, փետրվար ցրտաշունչ ամսին, Սևանի վրայով ոտքով քշեցին մինչև Ղազախ, այնտեղից՝ ապրանքատար փակ վագոններով ուղարկեցին Բաքվի բանտերը, իսկ այստեղից էլ՝ Վրաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի հայ սպաների հետ, որոնք նույնպես ռուսական բանակի կազմում մարտնչել էին ավստրա-գերմանական ռազմաճակատում, կռվել թուրքական ճակատում ու Սարդարապատում, ուղիղ՝ Ռյազանի համակենտրոնացման ճամբար: Նրանց մեջ էին նաև զորավարներ Սիլիկյանը, Հախվերդյանը, Ղամազյանը: Սրի քաշվեցին հայկական բանակի յոթանասուն բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ ազգային հերոս Համազասպը: Բոլշևիկներն օգտագործեցին այդ առճակատումը և, համաշխարհային հեղափոխության սին մարմաջով տարված՝ տասը միլիոն ոսկի փողով ու ռազմամթերքով օգնեցին Թուրքիային, հրահրելով նրան մտնելու Հայաստան, բնաջնջելու ողջ մնացած նրա բնակչությունն ու գրավելու նոր տարածքներ: Առաջին համաշխարհայինում պարտված պետությունների մեջ Թուրքիան միակն էր, որ շնորհիվ բոլշևիկների, նոր տարածքներ զավթեց՝ հասնելով մինչև Բաքու, և հենց բոլշևիկներն էին, որ առաջինը ճանաչեցին քեմալականներին: Գուցե այդ առճակատումն էր նաև պատճառը 1921-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման, որով Հայաստանի տարածքը մաս-մաս բաժանվեց հարևաններին: Ընդ որում, Նախիջևանը Լենինն Ադրբեջանին նվիրեց Ստալինի թելադրանքով ու Մուստաֆա Քեմալի խնդրանքով: Ղարաբաղի հարցում նույնպես այսօր նույն սխալներն ենք անում, – շարունակեց Սաղումյանը: – Հարկավոր էր մի քիչ սպասել, որովհետև հարցը բարձրացվեց հապշտապ, տարերայնորեն, առանց այդ ազնիվ ու դժվարին նպատակին հասնելու տևական գործողությունների մշակված ծրագրի, առանց ճշգրիտ ուսումնասիրելու պրոբլեմի լուծման հնարավոր ուղիները: Ի՞նչ պիտի լինի Բաքվի, Կիրովաբադի, Հյուսիսային Ղարաբաղի ու մյուս շրջաններում ապրող կես միլիոնից ավել հայության վիճակը, որևէ մեկը մտածե՞լ է այդ մասին: Դա նույնն է, թե զորքը մտցնես պատերազմի դաշտ ու նոր միայն սկսես ուսումնասիրել տեղանքը: Չէ՞ որ այդօրինակ անհեռատես եղանակով կարող ենք շատ բան կորցնել: Նորից դառնանք Ադրբեջանի օրինակին: Հայտնի է, որ մինչև քսան թվականը Նախիջևանում հիսունչորս հազար հայ էր ապրում, վաթսունից ավելի գյուղ կար, նույնը և Կիրովաբադում, ուր նախկինում յոթանասուն հազար հայ էր ապրում: Ադրբեջանի ղեկավարությունը ոչ թե գնաց առճակատման, այլ որդեգրելով մանր հաղթանակների գումարման քաղաքականությունը՝ կազմեց այդ երկրամասը հայերից դատարկելու ծրագիր և հաջողությամբ իրագործեց այն: Լուկուլլոս զորավարը՝ վաթսունինը թվականին Տիգրանակերտի ճակատամարտում խայտառակ պարտության մատնեց Տիգրան Մեծ արքայի բանակին և ոգևորված շարունակեց արշավանքը դեպի Արտաշատ: Սակայն, – շունչ առնելով շարունակեց Սաղումյանը, – նա քաղաքի մատույցները հասավ այնպիսի վիճակում, որ չհամարձակվեց կռվել քաղաքի գրավման համար: Բանն այն է, որ Լուկուլլոսի բանակը Տիգրանակերտից մինչև Արտաշատ՝ չտալով և ոչ մի ճակատամարտ, հալվել էր: Այդ ամբողջ ճանապարհին հայկական ոչ մի գունդ դուրս չէր եկել նրան առճակատման, բայց ամեն մի գիշերատեղում կամ նեղ ձորերով անցնելիս անսպասելի կորուստներ է ունեցել: Այդ կորուստները, պարզ է, առանձին-առանձին մեծ չէին, բայց միասին վերցրած մի ամբողջ բանակի, այն էլ հզոր բանակի, կորստյան պատճառ էին դարձել: Արտաշատի մատույցներից Լուկուլլոսը բռնել է ետդարձի ճամփան, որը վերածվել է խուճապահար փախուստի՝ նման Նապոլեոնի փախուստին Ռուսաստանից: Մենք շարունակ հպարտանում ենք Ավարայրի ճակատամարտում ունեցած մեր բարոյական հաղթանակով, Տղմուտ գետի մոտ հերոսաբար զոհված քաջ հրամանատար Վարդան Մամիկոնյանով ու հազար երեսունվեց սուրբ նահատակներով, այնինչ ուսանելի է Լուկուլլոսի պատմությունը՝ ճիշտ գնահատել ժամանակն ու ուժերի հարաբերակցությունը և փոքր հաղթանակներով հասնել մեծ արդյունքի:
* * * * *
Լորաննան իր խոսքի տերը եղավ: Մեր խմբագրությունից առաջինը նա թողեց Բաքուն: Նրա ամուսինը քաղաքային պետավտոտեսչությունում էր աշխատում, ավտոտեսչության պետն էլ գնեց նրանց բնակարանը:
– Լեո, ցավում եմ, որ չկարողացա տեսնել քեզ վերջին անգամ, – հեռախոսով ասաց նա: – Մտածում էի գալ ու բոլորիդ հրաժեշտ տալ, հատկապես քեզ, բայց չստացվեց, կներես, շատ եմ խնդրում: Մեր ամբողջ կյանքը պատահական հանդիպումների ու իրարամերժ երևույթների հերթականություն է, Լեո, անկանխատեսելի շրջադարձերի մի երկար շղթա՝ լի բազմաթիվ դժբախտ ու երբեմն նաև երջանիկ պատահականություններով, անախորժություններով, լի թախիծով ու անցողիկ բերկրանքով, լի անհուն սիրով ու անհուն ատելությամբ… Այո, դու ինչ ուզում ես, ասա, բայց սա է իրական կյանքը, Լեո, որ հորդահոս վարար գետի պես տանում է մեզ իր հետ, և այն իրոք լի է հակասական ճշմարտություններով: Ու դժվար է ըմբռնել, հասկանալ, թե այդ ճշմարտություններից որն է առավել ճշմարիտ, մի բան պարզ է սակայն, որ առջևում անթափանց խավար է ու այլևս հույս ու հավատ չկա, սիրելիս, թե երբևէ կյանքը վերստին լուսաշող եդեմ կդառնա մեզ համար… Գուցե չհանդիպենք այլևս… – նա մի պահ լռեց, հետո արագ ավելացրեց, – հաջողություն եմ ցանկանում՝ քեզ բաժին ընկած քո դժվարին ճանապարհին… Առայժմ Երևան ենք գնում, թե ուր կգնանք այնտեղից՝ աստված գիտի: Մնաս բարով, Լեո, հիշո՞ւմ ես Իրասեկի թանկան, միասին կարդացինք. «Կանգ են առնում նրանք իրենց վշտալի ճանապարհին և արցունքով լեցուն աչքերով նայում ետ՝ սիրելի, օրհնված այն երկրին, ուր նրանց տունն ու հայրենիքն էր»: Ո՞վ կմտածեր, որ մեզ հետ էլ նույնը կպատահի: Մնաս բարով, սիրելիս, ես քեզ կհիշեմ միշտ…
Նա արագ ցած դրեց հեռախոսը, և ես մի անասելի դատարկություն ու ամայություն զգացի, կյանքն ասես մի տեսակ կանգ առավ, կորցրեց իմաստը:
Հաջորդը Ռոբերտն էր: Նրա գնալը, սակայն, ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ: Գուցե պատճառն այն էր, որ նա պարզապես արձակուրդ էր վերցրել և պետք է վերադառնար: Նա մի անգամ զանգեց, խորհուրդ էր տալիս նույնպես արձակուրդ վերցնել և գնալ իր մոտ: «Արի, չես փոշմանի, – ասաց նա, – Մոսկվայի հմայքն ուրիշ է»:
Մյուս օրն ինձ մոտ՝ խմբագրություն եկավ Էսմիրան: Կրակացայտ աչքերով, բարակիրան ու սլացիկ՝ ինչպես մատղաշ բարդի, կանգնել էր նա իմ դիմաց շառագունած, այլայլված դեմքով:
– Ի՞նչ է պատահել, Էսմիրա, – վախեցած հարցրի ես, – որտե՞ղ է Ռենան:
– Ռենան տանն է, – աչքերը փախցնելով ասաց Էսմիրան: – Ես ձեզ մոտ մի խնդրանքով եմ եկել, – արագ արտաբերեց նա:
– Ասա, ի՞նչ խնդրանք է, – քիչ հանգստացած ասացի ես:
– Մի պայմանով, որ Ռենան չպիտի իմանա դա:
– Ի՞նչ չպիտի իմանա:
– Այն որ… որ ես եկել եմ այստեղ, ձեզ մոտ… Խոսք տվեք, որ նա չի իմանա այդ մասին՝ երբեք-երբեք:
– Խոսք եմ տալիս:
– Ոչ, երդվեք, – անդրդվելի ասաց Էսմիրան՝ ավելի շառագունելով:
– Երդվում եմ:
– Ոչ, ամենասուրբ բանով երդվեք: Ես ձեզ խնդրում եմ… այն, ինչ ես պիտի ասեմ ձեզ, դուք չպետք է Ռենային ասեք՝ հանուն նրա հանդեպ ունեցած… ձեր զգացմունքի:
– Ասա, Էսմիրա, մի տանջիր ինձ:
– Իրադան ներքևում սպասում է: Սկզբում խոստացել էր, որ միասին կբարձրանանք ձեզ մոտ, բայց վերջին պահին չկարողացավ, ինձ ուղարկեց: Դուք այլևս չպետք է զանգեք Ռենային, – ասաց նա և, ասես ծանր բեռից ազատված, խորը շունչ քաշեց:
– Ինչո՞ւ:
– Չգիտեմ, – դարձյալ աչքերը փախցնելով՝ արտասանեց Էսմիրան: – Չեմ կարող ձեզ ասել… Քույրիկս ձեզ, հավանաբար, ոչինչ չի ասում, բայց նրա համար շատ է ծանր… Եղբայրս կարող է սպանել նրան, հասկանո՞ւմ եք… Դուք չգիտեք, թե ինչ է կատարվում մեր տանը, ես ձեզ ամեն ինչ ասել չեմ կարող… Նրա ամեն մի քայլափոխը հսկողության տակ կլինի այսուհետև… Մի զանգեք նրան, ձեր զանգը մահ է նրա համար, խնդրում, աղաչում եմ, երդվեք, որ չեք զանգի:
– Չեմ զանգի, – ծանր արտաբերեցի ես: – Երդվում եմ:
– Շնորհակալություն, – շշնջաց Էսմիրան: – Ես… մենք ձեզ երբեք չենք մոռանա: Երբեք-երբեք, – ավելացրեց նա հանկարծական շիկնանքով և այտերն ի վար հոսող արցունքները մատներով սրբելով՝ արագ դուրս եկավ առանձնասենյակից:
Հետո նրա ոտնաձայները, որպես հուսահատության վերջին հնչյուններ, հանգան, մարեցին: Հետո լսվեց վերելակի աղմուկն ու երկաթե դռան ծանր շրխկոցը միջանցքի հեռու ծայրում: Հետո եղավ լռություն: Երկարատև քարացած լռություն:
* * * * *
(265)
Խմբագրությունում խոսակցությունները դարձյալ ու կրկին Սումգայիթի ու Ղարաբաղի մասին էին: Հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ բանաստեղծ Սաբիր Ռուստամխանլին հեռուստադիտողներին լրջորեն բացատրում էր, որ Ղարաբաղի տարածքում պատմաճարտարապետական ոչ մի հուշարձան չի եղել, այդ ամենը Հայաստանից ինքնաթիռներով ու ուղղաթիռներով բերում, թափում են Ղարաբաղի անտառներում: «Տարօրինակ ոչինչ չկա, – հաղորդումը մեկնաբանեց գլխավորը: – Ըստ Գեբբելսի, ամենակեղտոտ ու զզվելի սուտն անգամ բազմիցս կրկնվելով՝ մարդկանց հասկացողության մեջ ընկալվում է որպես ճշմարտության փաստ: Հենց այդ նշանաբանով է գործում Զիա Բունիաթովը»:
Երևանի ադրբեջանական թատրոնի նախկին դիրեկտոր Օրուջ Հիդայաթովը, որն այժմ «Գյանջլիք» հրատարակչության գլխավոր խմբագիրն էր, հանրապետական երիտասարդական թերթում հանդես եկավ մի հոդվածով, ուր, խոսելով Ղափանում ապրող ադրբեջանցիների հանդեպ, իբր, հայերի գործադրած բռնությունների մասին, չբերելով ոչ մի կոնկրետ օրինակ ու չնշելով ոչ մի անուն, հոդվածն ավարտում է պաթետիկ բացականչությամբ՝ «Ինչե¯ր, ինչե¯ր ասես, որ չեղան այնտեղ, գրիչն անկարող է վերարտադրել այդ ամենը»:
Օրուջը մինչ այդ, նույնիսկ, երբ դեռևս Երևանում էր, գալիս էր մեր խմբագրություն: Մի երկու անգամ ռադիոյով հաղորդել էինք նրա բանաստեղծությունները, մոտիկից ծանոթ էի:
– Օրուջ, – առաջին հարկում, վերելակի մոտ հանդիպելով նրան՝ ասացի ես: – Հոդվածդ կարդացի «Ազերբայջան Գյանջլարի» թերթում: Ինչո՞ւ որևէ փաստ չես նշում, որևէ տուժած մարդու անուն չես տալիս:
– Իմ հ-հ-հ-հ-հոդվածը լ-լ-լ-լրիվ փոխել են, – ուժեղ կակազելով հայերեն ասաց նա, շիլ աչքերով չգիտես ինձ, թե վերելակի առաստաղին նայելով: – Իմ գ-գ-գ-գրածից բ-բ-բ-բան չի մնացել: Փ-փ-փ-փ-փոխել են:
Այդ օրերին հնամաշ պորտֆելը ձեռքին Ղափանից մեր խմբագրություն եկավ Մուխտար Բախշալիևը՝ վաթսունն անց, երկար հովարով գլխարկը փոքրիկ գլխին, վիթխարի բոյով նիհար մի մարդ: Պատմական թե բանասիրական գիտությունների թեկնածու՝ նա ոչ այն է բուն Ղափանում, ոչ այն է Ղափանի մոտ գտնվող գյուղերի դպրոցներից մեկում ուսմասվար էր, դոկտորական դիսերտացիա էր գրում և դա էր պատճառը, որ շուտ-շուտ Բաքու էր գալիս:
– Մուխտար մուալլիմ, ազնվաբար ասեք, խնդրում եմ, – ասացի ես, – իրո՞ք Ղափանում ընդհարումներ են եղել հայերի և ադրբեջանցիների միջև, մարդ չգիտի, թե ում հավատա: Դատելով ըստ Սումգայիթում տարածված լուրերի ու նաև Օրուջ Հիդայաթովի հոդվածի, այնտեղ, Ղափանում ադրբեջանցիներ են սպանվել: Ճի՞շտ է դա:
– Կարո՞ղ եք մի կտոր հաց տալ ինձ, – անսպասելի խնդրեց Բախշալիևը:
– Ի՞նչ հաց, – չհասկացա ես:
– Հաց: Սովորական հաց:
– Ես հիմա կբերեմ, – ասաց Արինան և, մտնելով իր սենյակը, մի կտոր հաց բերեց:
Բախշալիևը վերցրեց հացը, համբուրեց, ասաց.
– Հացը սուրբ է ու, ահա, այս սուրբ հացով եմ երդվում, պատրաստ եմ նույնիսկ յոթ անգամ երդվել Ղուրանով, գնալ մեր բոլոր երեք սրբավայրերը՝ Մադինա, Մեքքա ու Էլլ-Քուդս, ձեր լեզվով՝ Երուսաղեմ այսինքն, Ղափանում ոչ մի ադրբեջանցու սպանություն, ոչ մի բռնություն ադրբեջանցիների նկատմամբ չի եղել: Վալլահ-բիլլահ*, սուտ է: Ասում են, իբր, ադրբեջանուհիների հանրակացարան է եղել Ղափանում, դա էլ է սուտ: Բաքվում հայ
————————————————————————
*Վալլահ-բիլլահ (ադրբ.) – Աստված վկա
աղջիկների առանձին հանրակացարան կա՞, որ Ղափանում ադրբեջանուհիների նման հանրակացարան լինի: Այդպիսի ստերին ո՞նց կարելի էր հավատալ: Մեր մեծամեծերը իզուր չեն ասել, որ նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն: Մեզ՝ Ղափանի մեծահասակ ադրբեջանցիներիս համար շատ ամոթալի է, որ, մեր անունն օգտագործելով, այդպիսի հրեշավոր բան կազմակերպվեց Սումգայիթում: Ձեզ ասեմ, նույնիսկ Սումգայիթի դեպքերից հետո մեր հանդեպ ոչ մի բռնություն չի եղել: Ջահել լակոտ-մակոտ մի երկուսի տուն, ասում են, զանգել են, ահաբեկել են, ես չգիտեմ, թե որքանով է դա ճիշտ, ինձ, օրինակ, զանգող չի
եղել: Բայց դա էլ եղել է Սումգայիթից հետո: Իսկ թե որևէ ադրբեջանցու Ղափանում մատով կպած լինեն՝ այս լույսն ինձ քոռացնի, թե ճիշտ չեմ ասում, էդպիսի բան չի եղել, սուտ է: – Բախշալիևը խեղճ-խեղճ նայեց, գլուխն օրորելով ասաց, – մարդ, ի սկզբանե ծնված լինելով անխաթար, ի վերջո նախասահմանված փորձություններին չդիմակայելու, երբեմն էլ՝ թուլակամության հետևանքով, ենթարկվում է բարոյահոգեբանական խեղումների:
– Անհամար խեղումների, – ավելացրեց Սաղումյանը:
– Այո, անհամար խեղումների, – գլուխը կիսաշրջելով Սաղումյանի կողմը՝ ներողամտորեն համաձայնեց Բախշալիևը:
– Մեր երկու հարևան ժողովուրդներին թշնամացրին իրար, – շարունակեց նա,– ամբողջ Խորհրդային Միության մեջ ոչ մի ժողովուրդ ոչ մի ժողովրդի հետ այնքան մոտ ու հարազատ չէր, ինչքան մեր երկու ժողովուրդներն էին, չկար մի հայ կամ ադրբեջանցի, որ դոստ ու քիրվա չունենար: Ափսոս, հազար ափսոս, որ այդպես ստացվեց և նմանապես շատ ափսոս, որ մեզ իրար դեմ լարող ալչախ*, ստոր մարդիկ, ինչպես միշտ, պատիժ չեն կրելու, ընդհակառակը՝ ավելի բարձր պաշտոններ են ստանալու: Սա ես չպիտի ասեի, բայց ասում եմ ու ոչ ոքից չեմ վախենում, որովհետև իմ խղճի հանդեպ մաքուր եմ: Ապշերոնի շրջկոմի առաջին քարտուղար Զոհրաբ Մամեդովը մեր կողմերից է, նա էլ շատ մեղք ունի այս գործում: Երևանի ադրբեջանական թատրոնի դերասանների մեղքը նույնպես անասելի մեծ է Սումգայիթի սպանությունների մեջ: Այդ նրանք էին որպես տուժած ղափանցիներ հանդես գալիս Սումգայիթում, Օրուջ Հիդայաթովի ու Խըդըր Ալովլու հատուկ սցենարով սարքած չեղած բաներ պատմում, գրգռում ժողովրդին: Նահլաթ** այդպիսի չարագործ մարդկանց: Ինչ որ նրանց մեղքով ուրիշներին արեցին, թող Ալլահն իրենց առաջը բերի: Ուրիշ բան չեմ ասում:
Բախշալիևը քիչ լռեց, ներհուն, մտքերի մեջ մտասույզ ու դալուկ դեմքին մի թույլ ժպիտ՝ ասաց.
– Ժամանակն ամեն ինչ բուժում է, ամեն ինչ մոռացվում է: Շա¯տ տարիներ կանցնեն, շա¯տ-շատ տարիներ, հայն ու ադրբեջանցին էլի կհաշտվեն, կբարեկամանան, առանց դրան հնարավոր չէ: Արյունը արյունով չեն մաքրում, արյունը ջրով են մաքրում: Հինգ-վեց թվից ու տասնութ-քսան թվերից հետո նույնպես սառնություն էր, բայց հետո, ժամանակի ընթացքում, հաշտվեցին, սկսեցին առաջվա պես կողք-կողքի հաշտ ու համերաշխ ապրել, ինչպես որ հաշտ ու համերաշխ ապրել էին մինչև թուրքերի հայտնվելը Կովկասում, չհաշված հինգ թվականի դեպքերը, այստեղ էլ ռուսի մատն էր խառը, Նիկոլայ Երկրորդ թագավորի հրահանգով արվեց ամեն ինչ: Հայոց դպրոցների փակման ու եկեղեցիների գույքի բռնագրավման պատճառով Կովկասի հայության հուզումների համար որոշել էին պատժել նրանց: Բայց դե, բոլոր դեպքերում, սա չպիտի լիներ: Խորհրդային ազատ երկրում այսպիսի զուլում բան՝ սպասելի չէր:
– Ասում է՝ ժամանակն ամեն ինչ բուժում է, ամեն ինչ մոռացվում է: – Բախշալիևի գնալուց հետո խոսեց Սաղումյանը: – Ո՛չ ժամանակը, և ո՛չ էլ իմաստնությունը անկարող են բուժել հոգեկան վերքերը: Հինգ թվականի փետրվարյան կոտորածների ժամանակ իմ հարազատներից մի քանի հոգի զոհվել են: Ի միջի այլոց, մինչև հիմա էլ, դժբախտաբար, պարզված չէ, թե այդ օրերին Բաքվում ի՞նչ էր անում գողական շրջանակներում «Չոփուռ» մականունով քաջ հայտնի Իոսիֆ Ջուղաշվիլին, ինչո՞ւ էր Բաթումիից շտապ եկել
————————————————————
*ալչախ (ադրբ.) – ստոր
**նահլաթ (ադրբ.) – նզովք
Բաքու, ի՞նչ նպատակ էին հետապնդում ջարդերի նախօրեին նրա գաղտնի հանդիպումները քաղաքի ավազակային խմբավորումների պարագլուխների՝ ղոչիների հետ, որոնցից մեկի՝ ոմն Բաբաևի, ատրճանակի կրակոցով հայոց եկեղեցու կողքին, Պարապետի այգում, փետրվարի վեցի կիրակի օրը ծայր առան ընդհարումները հայերի և մուսուլմանների միջև: Պետերբուրգի «արյունոտ կիրակիից» մի ամիս չանցած՝ ի՞նչ էր անում նա Բաքվի նահանգապետ Նակաշիձեի մոտ: Կառավարության կողմից զինված ամբոխը հարձակվում էր հայերի տների վրա, հրդեհում, թալանում ու սպանում հայերին, իսկ Նակաշիձեն, որին երեք ամիս անց, մայիսի տասնմեկին, շանսատակ արեց Դրոն, իր շքախմբով շրջում էր քաղաքում, կազակների կողմից բռնագրավված զենքը կրկին վերադարձնելով ջարդարարներին: Մի քանի ամիս անց նույնն էր կատարվում նաև Ելիզավետպոլի՝ Գանձակի նահանգում, որտեղ նահանգապետը գեներալ Տայկաշվիլին էր՝ Նակաշիձեի հարազատ քրոջ որդին: Նրա բացարձակ հովանավորությամբ, գաղտնի զենք էր բաժանվում մուսուլմաններին, իսկ հայերին անխտիր զինաթափում էին: Նոյեմբերի տասնութին Գանձակ քաղաքում, ուր տասնյոթ հազար թուրք ու տասնհինգ հազար հայ էր ապրում այդ ժամանակ, ինչպես «Կավկազ» թերթն է գրում, սարսափելի կոտորած էր: Տայկաշվիլին ոստիկանապետ Թեյմուրբեկ Հասանբեկովի ու իր շքախմբի հետ «Ցենտրալ» հյուրանոցի մոտ կանգնած՝ ծխում ու ծիծաղելով նայում էր, թե ինչպես են կոտորում զինաթափված հայերին: Դարձյալ նրա անմիջական դավադրությամբ, հաջորդ տարվա սկզբից նոր թափով վերսկսվեցին կոտորածները Ջիվանշիրի, Շուշիի, Ջաբրայիլի, Շաքիի, Արեշի, Ղազախի, Զանգեզուրի ու բուն Գանձակի գավառներում: Տասնյակ ու տասնյակ հայկական գյուղեր ավերվեցին այդ գավառներում, մի շարք գյուղեր հիմնովին ոչնչացան: Այդ գյուղերից էր և Մինքենդը՝ Զանգեզուրի և Ղարաբաղի արանքում, գյուղի հարյուր իննսունյոթ բնակիչներ՝ ծծկեր երեխաների հետ միասին, սրախողխող եղան, իր երկու հարյուր քսան շունչ բնակչությամբ՝ ամբողջովին բնաջնջվեց նաև քռամերձ Կրզեն գյուղը՝ Արեշի գավառում… Նակաշիձեից հետո Բաքվի նահանգապետը Ֆադեևն էր՝ Նակաշիձեից ու Տայկաշվիլուց ոչ պակաս մի ստոր արարած, և պատահական չէ, որ նույն թվի օգոստոս և հոկտեմբեր ամիսների վերջերին Բաքվում տեղի ունեցած կոտորածների ժամանակ դրոշներով, երաժշտությամբ ու ցարի դիմանկարներով թաթարների հետ արդեն լեզգիները, ռուսներն ու կազակներն էլ էին մասնակցում հայերի սպանություններին ու թալանին: Մի՞թե դա կարող է մոռացվել: Տասնութ թվին ես վեց-յոթ տարեկան տղա էի, հիշում եմ, տղամարդկանց՝ ահել ու ջահել, ամբողջ քաղաքից հավաքում էին Սաբունչի կայարանի՝ հաստ պարաններով շրջափակված հրապարակում, լցնում բեռնատար գնացքները և տանում Ալյաթ՝ կոտորելու: Այդ Ալյաթը Մուսաբեկով թաղամասի իմ պատշգամբից երևում է: Աստված երևի այնպես է կամեցել, որ ես ամեն օր ստիպված լինեմ տեսնելու այն վայրը, ուր գազանաբար սրի են քաշվել իմ հայրն ու իմ երկու մեծ եղբայրները և տանջվեմ: Դե արի ու մոռացիր այդ ամենը:
* * * * *
Մթության մեջ կանաչ-կարմիր լույսերի բեկբեկուն թրթռոցով մագնիտոֆոնը մեղմիվ նվագում էր… Ռենան հավանորեն քնած է արդեն… Նայեցի ժամացույցին. տասներկուսն անց էր: Իհարկե, քնած է… Քնի մեջ ժպտում է, երևի, իր մեղրանուշ շուրթիկներով… Անընկալելի, զարմանալի բան. ինչի՞ց է դա, և, առհասարակ, ինչպե՞ս է պատահում, որ մինչ այդ քեզ անծանոթ մեկը, որին դու բնավ չգիտեիր, գաղափար անգամ չունեիր, որ, ահա, աշխարհում կա այպիսի մեկը, միանգամայն անսպասելի հայտնվում, մտնում է սիրտդ՝ հոգիդ ափեափ լցնելով անպարփակ երանությամբ, և դու, ինքդ քեզ մոռացած, շարունակ նրա մասին ես մտածում, գիշեր ու զօր նրան երազում… Անսպասելի հնչեց հեռախոսազանգը: Տարօրինակ է, ո՞վ կլինի այսպես ուշ: Ես ծուլորեն վերցրի ընկալուչը: Հեռախոսագծի մյուս ծայրին՝ ոչ մի ձայն: Այդ լռության մեջ իմաստավոր բան կար, ես զգացի դա, և կայծակնային սրագությամբ ծագած մտքից սիրտս արագորեն բաբախեց: Սիրտս ասաց՝ Նա է:
– Դու զանգել ես, որպեսզի, քնելուց առաջ, ես լսե՞մ քո անուշիկ ձայնը, – ասացի ես հրճվագին շշուկով: – Դե, ուրեմն, խոսիր:
Ռենան մանր ծիծաղեց հեռախոսագծի մյուս կողմում, կամացուկ ասաց.
– Ճիշտ հակառակը. ես զանգել եմ, որպեսզի ոչ թե դու, այլ ինքս լսեմ քո ձայնը: Լսեցի և իմ հոգին լցվեց սրբազան զգացմունքով:
– Իսկ դու ի՞նչ իմացար, որ այս պահին, լույսերը մարած, ես քո մասին էի մտածում: Մագնիտոֆոնն իմ կողքին ցածրաձայն նվագում էր, մեղեդու ախորժալուր հնչյունների տակ ես ըղձալի անուրջներով էի տարված, Ռենա, ես քո մասին էի մտածում, իրավ, ինչ լավ է, որ զանգեցիր: Դու, ինչ է, կարդո՞ւմ ես իմ սիրտը:
– Այո, – արձագանքեց նա սիրաշշուկ քնքշանքով:
Նա երևի ժպտում էր:
– Եվ դու զգում ես, իհարկե, որ այն քեզ համար է միայն բաբախում:
– Ուզում եմ, որ այդպես լինի:
– Այդպես է, Ռեն, այդպես է, և դա քո ուզելով չէ միայն և ոչ էլ իմ ուզելով: Արարիչն է այդպես կամեցել: Ես սիրում եմ քեզ, – ինձնից անկախ՝ ներսից վեր ելնող կարկամի զգացմունքից աչքերս լցվեցին: – Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ…
– Քնիր, ուշ է արդեն… Երկար խոսել չեմ կարող: Քո ձայնը լսեցի և ինձ համար այնպես հաճելի է հիմա: Ամենամեծ երջանկությունը կյանքում այն է երևի, երբ համոզված ես, որ քեզ խենթորեն սիրում է նա, որին դու ինքդ ես խենթորեն սիրում… Ես վաղը չէ՝ մյուս օրը կգամ քեզ մոտ: Ուզում էի շաբաթվա վերջին գալ, բայց չէ, այդքան համբերել չեմ կարող: Ցավեդ տանեմ, բարի գիշեր:
* * * * *
Ես դուրս եկա գլխավոր խմբագրի առանձնասենյակից և միանգամից տեսա Ռենային: Լայքայե դեղնաշագանակագույն չկոճկված թիկնոցով, մետաքսե բաց վարդագույն շողշող բլուզով, մանրածալք սևաթույր կիսաշրջազգեստով, բարձրաոտք, գեղասրունք ու վեհատեսիլ՝ նա արագորեն գալիս էր լուսավոր միջանցքով՝ առանց ուշք դարձնելու կողքից անցնողներին, որոնք, ակամա դանդաղեցնելով իրենց քայլը, շրջվում, ետ էին նայում: Ջերմ ու խանդավառ հրճվանքով, զմայլանքով ես նայում էի նրան, մտածելով այն մասին, որ գեղեցկությունը և՛ մարդուն, և՛ Աստծուն է հաճելի, և որ աշխարհի երեսին չկա առավել գեղեցիկ որևէ բան, քան գեղեցկությունը գեղեցիկ աղջկա: Հասնելով իմ առանձնասենյակի դռանը, Ռենան ժպտադեմ բաց արեց դուռը և, տեսնելով, որ ներսում ոչ ոք չկա, մնաց շվար կանգնած: Ես չէի կարող թողնել, որ նա մտատանջվեր, շտապ մոտեցա:
– Բարև, – մի փոքր հուզված ասացի ես:
Ռենան ետ շրջվեց, ժպիտը կրկին ծաղկեց, փթթեց նրա սքանչելի դեմքին ու լուսաշող կապուտակ աչքերում:
– Ողջույն: Ես մի րոպեով բարձրացա, – արագ քայլելուց շնչահեղձվելով՝ ասաց նա ու ներս մտավ սենյակ: – Միայն մի րոպեով, չէ՞ որ խոստացել էի: Ուզում էի տեսնել քեզ, բայց երկար մնալ չեմ կարող: Ինչպե՞ս ես, – հարցրեց նա՝ ինքնաբերաբար մղվելով դեպի ինձ:
Ես քնքշալից, կարոտի հուզական ներշնչանքով գրկեցի Ռենային, այս վիթխարի քաղաքում իմ ամենահարազատ մարդուն, դեմքս քսեցի նրա անուշահոտ մազերին, չգիտես ինչու, չհամարձակվելով համբուրել նրան:
– Ոչինչ, – դեռևս հուզվելով ասացի ես, – դո՞ւ ինչպես ես, – ավելացրի ես, ինչպես առաջին անգամ՝ անկարող հայացքս կտրելու նրանից:
– Նույնպես ոչինչ… Դե լավ, ես գնամ, – Ռենան մեղմակի շունչ առավ: – Երկար մնալ չեմ կարող, քննության եմ պատրաստվում:
Քննության մասին, նա, իհարկե, հնարում էր, ես դա հասկանում էի:
– Գոնե սպասիր մի քիչ, – աղերսեցի ես՝ բռնելով նրա ձեռքը:
– Ոչ, ոչ, ոչ, չեմ կարող… Բայց շուտ-շուտ կգամ: – Ռենան դանդաղ ետ քաշեց ձեռքը և ետ-ետ գնալով դեպի դուռը՝ ժպտալով ավելացրեց, – ես երկու օր հետո կգամ, այս ժամին: Նայիր հա, տեղ չգնաս, – հորդորեց նա դարձյալ ժպտալով: – Կսպասես չէ՞, ինձ:
– Իհարկե, – ասացի ես: – Ես ոչ թե երկու օր, երկու տարի էլ կսպասեմ, – փորձեցի կատակել:
– Երկու տարի՞, – իր կապտաշող աչքերով շեղակի նայելով ինձ՝ հարցրեց նա: – Այդքան քի՞չ:
– Լավ, ոչ թե երկու, այլ քսան տարի, – տեղի տվեցի ես ժպտա լով: – Ոդիսևսը քսան տարի սպասեց Պենելոպեին:
– Ո-ո¯չ, – պարզասիրտ բռնկումով ընդդիմացավ Ռենան: – Այդ Պենելոպեն քսան տարի Իթաքեում սպասեց Ոդիսևսին և ոչ թե՝ Ոդիսևսը նրան: Սուտասանիս նայիր:
Ես ծիծաղեցի, դռան մոտ գրկելով Ռենային, փաղաքուշ ձայնով հարցրի.
– Իսկ դու, դու կսպասեի՞ր այդքան տարի:
– Ե՞ս… – նա ետ ընկրկեց, ասես մի պահ վարանելով պատասխան տալ, և իմ սիրտը տագնապալից խփեց, – ես կսպասեի ու կսպասեմ, եթե տեղը գա, – արտաբերեց Ռենան: – Բայց ոչ, – վայրկյանական դադարից հետո հապճեպ ցնցելով գլուխը՝ ասաց նա: – Ես երկու տարի չեմ կարող սպասել, – ծեքծեքուն ժպիտով ասաց նա, ձեռքը դրեց կրծքիս և, լեզվի ծայրը վերին շրթունքի վրայով դանդաղորեն աջից ձախ ու ձախից աջ սահեցնելով՝ երկարուկ մատներն իմ փողկապի տակից փաղաքշորեն մտցրեց վերնաշապիկից ներս՝ անձայն ծիծաղով խուտուտ տվեց:
Շունչս միանգամից կանգ առավ:
– Ես երկու տարում կմեռնեմ քո կարոտից, – ավելացրեց նա արդեն խաղացկուն, հետո, անսպասելիորեն առաջ մղվելով, «Քլիմայի» բուրմունքով իր դյուրաբեկ կենսաթրթիռ մարմնով ամուր սեղմվեց ինձ: – Երկու տարի չէ, երկու ամիս առանց քեզ ապրելն անգամ սարսափելի տանջանք կլինի ինձ համար:
Ռենան հուզմունքից շիկնած իր հուր շուրթերով հպվեց իմ շուրթերին:
Դա անչափ կարճ մի ակնթարթ էր: Աչքերում շողշողուն արցունք՝ նա ետ-ետ գնաց և, դուրս գալով առանձնասենյակից, միջանցքով վազեց դեպի վերելակը:
* * * * *
Ռոբերտն իր հաջորդ զանգով մի թեթև վշտացրեց ինձ: Ասաց, որ Զարմիկը խորհուրդ է տալիս չվերադառնալ Բաքու, այլ մնալ Մոսկվայում և զբաղվել առևտրով: «Դա հիմա ամենաշահավետ գործն է, – ասաց Ռոբերտը, – ամբողջ մտավորականությունը հիմա դրանով է զբաղվում: – Իսկ հետո հարցրեց, – վաղը գնալու եմ դեսպանատուն, անկետաներ վերցնե՞մ Ամերիկայի համար»: «Վերցրու, – անտարբեր ասացի ես և միանգամայն անսպասելի մի միտք ծագեց իմ մեջ՝ Ռենայի հետ գնալ Ամերիկա: – Վերցրու, – շտապ ասացի ես Ռոբերտին, – անպայման վերցրու, երբ պետք լինի՝ ես կգամ»:
Երկու օր անց ես Ռենային զգուշորեն ասացի այդ մասին, չիմանալով ինչպիսին կլինի նրա վերաբերմունքը և անչափ ուրախացա՝ նրա աչքերում ցնծուն հրճվանք տեսնելով:
– Ամերիկա՞, – հուզված շշնջաց նա: – Մի՞թե դա հնարավոր է… Գիշեր-ցերեկ մտածում էի ու ելք չէի գտնում ու եկել էի այն համոզման, որ չկա կյանքում առավել ողբերգական բան, քան բացարձակ անհնարինությունը՝ փոխել այն, ինչ վեր է մեր ուժերից: Աստված իմ, մի՞թե դա հնարավոր է:
– Ուրեմն կգա՞ս ինձ հետ, – ասացի ես բերկրանքով:
Ռենան հանկարծակի տխրեց, մի պահ տրտում, վշտահար նայեց ինձ:
– Այո, բայց… դրանով գիտե՞ս ես ինչ հարվածի տակ կարող եմ դնել մերոնց… – կամացուկ արտաբերեց նա մտահոգ, – սակայն ես ինչո՞վ եմ մեղավոր, Լեո, ասա, ես ինչո՞վ եմ մեղավոր… – Հետո, ասես ինքն իրեն սիրտ տալով, ավելացրեց մեղսագիտակ լուսաշող կիսաժպիտով, – բայց միևնույն է, կգամ քեզ հետ, ուր էլ որ տանես՝ կգամ, – ասաց նա փութկոտ փարվելով ինձ: – Մերոնք, իհարկե, ինձ չեն ների: Սկզբում չեն ների, բայց չէ՞ որ, վերջիվերջո, կներեն… Աստված իմ, ես ոչ ոքի չեմ ասի, ոչ ոք չի իմանա այդ մասին: Իրադան ու Էսմիրան նույնպես չեն իմանա, հետո, մեկնելուց առաջ, կզանգեմ, բայց տեղս չեմ ասի, չէ՞, Լեո: Եվ դրանից հետո մենք միասի՞ն կլինենք ընդմիշտ: Աստված իմ, մի՞թե դա հնարավոր է, – խանդավառ շարունակեց Ռենան: – Լեո, ես քեզ կնվիրեմ իմ ամբողջ կյանքը, իմ կյանքի ամեն մի րոպեն, կլինեմ հնազանդ, հավատարիմ ու նվիրված ու երբեք-երբեք, ասել եմ քեզ, երբեք չեմ անի այնպիսի մի բան, որ ցավ պատճառի քեզ, ես հանուն քեզ կզոհաբերեմ իմ ամբողջ կյանքը, ամեն-ամեն ինչ կզոհաբերեմ քեզ, փոխարենը պահանջելով միայն ու միայն մի բան՝ որ սիրես ինձ, ես քեզ շատ եմ խանդում, շարունակ այդ մասին մտածում եմ, բայց չեմ ասում քեզ ու երբեք չեմ ասի, ուզում եմ, որ միայն ինձ սիրես և ուրիշ ոչ ոքի, լսո՞ւմ ես, ուրիշ ոչ ոքի… Իսկ դու երբևէ սիրե՞լ ես որևէ մեկին, – անսպասելի հարցրեց նա, լայն բացված աչքերով ուղիղ նայեց ինձ՝ մի տեսակ վեհերոտ տեսքով սպասելով պատասխանի:
– Այո:
– Ինչպե՞ս, – Ռենան արագ ետ ընկրկեց, տագնապով նայեց ինձ:
– Դա վաղուց էր, դպրոցում:
– Որտե՞ղ: Սումգայիթո՞ւմ, – հարցրեց նա վհատ ու շփոթված:
– Չէ, իհարկե: Գյուղում, առաջինից մինչև վեցերորդ դասարանը ես գյուղում եմ սովորել, այնտեղ…
Ռենան մի տեսակ խաղաղված շունչ քաշեց, հարցրեց ուշացումով.
– Ի՞նչ էր անունը:
– Լյուդմիլա:
– Նա գեղեցի՞կ էր, – դարձյալ ուշացումով հարցրեց նա:
– Գեղեցիկ էր:
– Եվ դու հիշո՞ւմ ես նրան, – ցածր հարցրեց Ռենան:
– Հիշում եմ, – ասացի ես: – Երբեմն հիշում եմ: Նրա ժպիտը սկսվում էր աչքերից ու տարածվում էր դեմքին: Ես դա հիշում եմ… Բայց դա վաղուց է եղել: Շա¯տ վաղուց:
Վեցերորդ դասարանում, սեպտեմբերի սկզբին, մեր ամբողջ դպրոցը՝ վեցերորդից մինչև տասներորդ դասարան, բեռնատար մեքենաներով տարան Ներքին Հոռաթաղի դաշտ՝ բամբակահավաքին օգնելու: Այնտեղ, աստղազարդ ու լուսնյակ մի ուշ երեկո, շարքից դուրս եկած տրակտորների ու կալսիչ մեքենաների լուսնաստվերում համբուրվեցինք Լյուդիկի հետ: Հետո՝ քնքուշ, անսահմանորեն հարազատ՝ նա գլուխը դրել էր իմ կրծքին… Մինչև լուսաբաց, սիրատենդի մեջ, ես չկարողացա քնել: Այդ գաղտնածածուկ ժամադրությունն ու առաջին հաբույրն իմ կյանքում ալեկոծել էին հոգիս…
Ռենան՝ քիփ կպած մոդայիկ ջինսով, լուսամուտի առջև կանգնած, երկար ժամանակ լուռ էր: Նա անթարթափ նայում էր դուրս, խաղաղ ծովին:
– Սերը՝ այն է, – ասաց նա, – ինչը կորցնելուց հետո մենք այլևս ոչինչ չունենք կորցնելու:
Հետո հարցրեց մարող շշուկով.
– Մենք կգնանք Ամերիկա, և այդուհետ ոչ ոք չի՞ խանգարի, որ մենք ընդմիշտ լինենք միասին:
– Ոչ ոք, ոչ ոք չի խանգարի, միասին կլինենք միշտ, միշտ միասին ու միշտ անբաժան, – շշնջացի ես նույնպես մարող շշուկով:
– Աստված իմ, ե՞րբ կգա այդ օրը…
Ես քնքշորեն գրկեցի Ռենայի ուսերը, շնչելով նրա՝ տեղի տվող մարմնի քաղցրանուշ բուրմունքը:
– Լեո, սիրելիս, ես միայն մի րոպեով էի եկել, – շրջվելով՝ արտաբերեց նա, – ես…
Ես մատներս դրեցի նրա շուրթերին:
– Ես սիրում եմ քեզ, – չթողնելով, որ նա ավարտի խոսքը, սրտահույզ ու երկչոտ ասացի ես: – Դու գիտե՞ս այդ:
Ես այդ պահին, երևի, այլայլված տեսք ունեի, որովհետև Ռենան, ասես մի տեսակ վախեցած, ինքնաբերաբար ընկրկեց, բոլորակ հետույքով սեղմվելով իմ գրասեղանին: Բայց ժպտում էր:
– Չէ, ասա, դու գիտե՞ս, որ սիրում եմ քեզ:
Ռենան, շարունակելով ժպտալ, գլխով արեց, որ նշանակում էր՝ այո, ինքը գիտի, որ ես սիրում եմ իրեն:
Արևի պայծառ շողքն ընկավ նրա դեմքին: Ռենան կկոցած աչքերով նայեց ինձ, գլխի թեթև շարժումով ետ նետեց ոսկեզօծ մազերը, նեֆերտիտյան մարմարյա ճերմակ պարանոցին շողշողացին նրա շղթայիկն ու կապտասպիտակ ադամանդով կուլոնը: Սքանչանալով Ռենայի կուրացուցիչ գեղեցկությամբ՝ ես փաղաքշորեն բռնեցի նրա կզակը, Ռենան գլուխը մի փոքր ետ տարավ՝ նայելով ինձ մեղմ ու գերպայծառ հայացքով:
– Իսկ որ ես ցնորվածության աստիճա՞ն եմ սիրահարված քեզ, – դողացող ձայնով շշնջացի ես: – Դու ա՞յդ էլ գիտես:
Ռենան դարձյալ գլխով արեց՝ ավելի լայն ժպտալով:
Ասես անգիտակցական մի շարժումով ես շրջվեցի, դռան բանալին պտտեցի փականքի մեջ, ասելով.
– Ես քեզ այստեղից բաց չեմ թողնի:
Թափանցիկության աստիճան նուրբ մատներով ձեռքերը կրծքին տանելով՝ Ռենան համր խնդրանքով նայեց ինձ: Բայց չհանդիմանեց, ոչինչ չասաց: Նա գիտեր, հասկանում էր իր հմայքի ուժը, հայացքը շողում էր ինքնավստահ հիացմունքից, նրա ջինջ աչքերից ինչ-որ մի տեսակ խորամանկ խանդավառություն էր ճառագայթում: Լեզվի ծայրը կրկին սահեցնելով վերին շրթունքի վրայով՝ նա արեգնափայլ ժպիտով նայում էր ինձ, ասես հրճվելով իմ շփոթվածությամբ: Իսկ ես… ես ոչ մի կերպ չէի կարողանում հայացքս կտրել նրա բոցավառ շուրթերից:
Աստված իմ, ինչ լավիկն է նա, երբ կարկաչուն ծիծաղում է՝ գլուխը փոքր-ինչ ետ գցած, և նրա մարգարտաշար ատամները շողշողում են՝ ինչպես նոր եկած ձյունն առավոտվա արևի տակ, երբ իբր նեղացած, հանց Մոնա Լիզան՝ Լուվրում, աչքերը կկոցած՝ խորաթափանց հայացքով հարևանցիորեն նայում է, իսկ առանձնահատուկ կերպով փայլատակող այդ կապտակապույտ շողարձակող աչքերում՝ ամեն ինչ ներող խորհրդավոր ժպիտ, երբ սիրելի սովոր շարժումով ճակատից ետ է նետում անհնազանդ ոսկեգանգուր մազափունջը, երբ բռնկուն շիկնանքով հանկարծակի փարվում է՝ պարուրելով մատղաշ մարմնի բուրմունքով, ու փարվելիս այնպես է հպվում՝ ասես ուզում է հալվել, ներթափանցել հոգուս մեջ, երբ… Աստված իմ, աստված իմ, ինչքան ցանկալի, սքանչելի է նա, ես, իրավ, խենթանում եմ նրա հմայիչ տեսքից, գլխի գեղեցիկ պահվածքից, շորորուն թեթև քայլվածքից, մեղրանուշ թավշյա ձայնից, ես անսպասելի, անհաղթահարելի ու խելահեղ տենչանքով մի բան էի ցանկանում այդ պահին միայն՝ համբուրել փքուն շրթունքի վրայով սահող վարդագույն լեզվի ծայրը: Այդ խելացնոր մտքից ես գլխապտույտ զգացի նույնիսկ: Ես ակամա բռնեցի Ռենայի թևը՝ արմունկից քիչ վերև, և հանկարծակի պոռթկումով նրան ձգեցի դեպի ինձ:
– Արար աշխարհում, Ռենա, ոչ ոք ոչ ոքի երբեք այնպես չի սիրել ու չի կարող սիրել, ինչպես որ ես եմ սիրում քեզ:
Իմ սիրատոչոր շուրթերը հպվեցին նրա քաղցրանուշիկ բերանին: Ռենայի շուրթերն ասես շիկացած էին ներքին կրակից: Ես զգում էի այդ ջերմությունը, նրա կուսական մարմնի, փափուկ ու լիքը կրծքերի ջերմությունը նույնպես զգում էի… Նրա ձեռքերը բարձրացան, քնքշորեն գրկեցին իմ ուսերը, մատները խճողեցին մազերս: Ես Ռենային սկզբում համբուրում էի շատ քնքշորեն, բայց հետո համբուրեցի լիաշուրթ ու մոլեգին: Ռենայի հյութեղ շուրթերը դանդաղ ետ գնացին, հետո բացվեցին ավելի ու ավելի, նրա ատամները՝ կրքահարույց տաք շնչի հետ խածնելով անցան իմ ծնոտի վրայով, դա շշմեցրեց ինձ, երջանկությունից խելացնոր՝ ես գրկած պտտեցրի նրան իմ առանձնասենյակում՝ առանց շուրթերս կտրելու նրա շուրթերից, նստեցրի իմ գրասեղանին:
– Արար աշխարհ գիտե իմն ես, դու համակ կյանք՝ իմ հավատն ու սրտի սյունն ես, դու իմ հույսն ու աչքի լույսն ես, ես մի հավք եմ՝ դու իմ բույնն ես… – կցկտուր, անպարզահունչ թոթովում էի ես:
Ես ուզում էի, որ հարատևեր այդ պահը, ուզում էի շարունակ զգալ նրա մարմնի դողը, այն ջերմությունը, որ բերկրանքի, հրճվանքի ու մտացիր թեթև հառաչանքի հետ ելնում էր նրա կիսաբացված շուրթերից, ես ուզում էի այդպես պահել նրան իմ գրկի մեջ, սիրել, փաղաքշել, լիզել նրան ոտքից գլուխ, ես չէի ուզում թողնել նրան ու նրանից հագենալ նույնպես չէի կարողանում, իմ աչքերի համար հաճելի էր շարունակ տեսնել նրան…
Եվ Ռենան, ասես նոր միայն սթափվելով, ասաց.
– Ես պետք է գնամ… Ես չպետք է ուշանամ, – նրբակաշվե ծոպավոր բաճկոնը կոճկելով՝ շշնջաց նա՝ դուրս սահելով իմ գրկից:
Դռան մոտ նա մի անգամ ևս շրջվեց, շիկնած ու շփոթված ժպտաց ինձ իր արևափայլ շողշողուն ժպիտով, կամացուկ արտաբերեց.
– Ցավեդ տանեմ:
* * * * *
Ռոբերտը զանգեց շաբաթվա վերջին:
– Անկետաները վերցրել եմ, – ասաց նա: – Բայց ինքդ քո ձեռքով պետք է լրացնես դրանք ու ինքդ անձամբ հանձնես դեսպանություն: Հանձնում ես թղթերը ու սպասում զրույցի: Մի խոսքով, գնում ենք Կենտրոնական Միչիգան, Լանսինգ:
Ես ստիպված էի երկար համոզել գլխավորին՝ մինչև նա կստորագրեր դիմումս:
– Գիտեմ, հասկանում եմ, երկու տարվա արձակուրդդ մնում է, չես օգտագործել: Բայց, ախր, մենակ եմ մնում, – մտամոլոր քայլելով ընդարձակ առանձնասենյակում՝ ասաց նա: – Բոլորդ գնում եք, ահա, Արինան էլ է դիմում գրել, բնակարանն էլ, կարծեմ, փոխանակում են:
– Ինչպե՞ս, – զարմացա ես:
– Դիմումը քիչ առաջ ստորագրեցի, տարավ կադրերի բաժին:
Արինայի փոքրիկ, արևկող անկյունային սենյակից երկու դուռ էր բացվում, մեկը՝ դեպի ընդհանուր բաժին, մյուսը՝ դեպի գլխավոր խմբագրի առանձնասենյակ: Դուռը փակ չէր, գլխավորի մոտից ուղիղ անցա Արինայի սենյակը: Նա կանգնած էր լուսամուտից ներս թափանցող իրիկնային շողշողենի արևի մեջ, նայում էր դուրս:
– Գնում ես ու ինձ ոչինչ չե՞ս ասում, – ներս մտնելով ասացի ես՝ մի թեթև վիրավորված:
Նա արագ շրջվեց իմ կողմը: Աչքերը՝ սև, քնքուշ ու լացած:
– Քեզ գլխավո՞րն ասաց, – աչքերը ողողած արցունքների միջից ժպտալով՝ ցածր հարցրեց Արինան:
– Այո:
– Թե իմանայիր ինչքան ծանր է ինձ համար, Լեո, – տխրաթախիծ արտաբերեց Արինան՝ նստելով սեղանի մոտ ու իր փոքրիկ ձեռքերը դնելով սեղանին: – Դու կարո՞ղ ես դա պատկերացնել, – հարցրեց: – Չես կարող:
Արինան դարձյալ շրջվեց, նայում էր դուրս: Նա չէր ուզում, որ տեսնեի արտասուքները: Հետո ասաց.
– Չեղած տեղից՝ անհայտությունից, ծնվում, գնում ենք դեպի անհայտություն, ճանապարհին կորցնելով նրանց, որոնց կարոտը հետագայում այրում է մեր հոգին… Մարդիկ չգիտեն, չեն իմանում, որ նա, ով կենսախինդ ժպտում է բոլորին, երբեմն գիշերները լաց է լինում թաքուն, և որ երբեմն ցրտից փաթաթվում, կուչ է գալիս վերմակի տակ ու միևնույն է՝ չի կարողանում տաքանալ, որովհետև այդ ցուրտն իրականում դրսից չէ, այլ՝ իր ներսում, իր սրտի խորքում… – նա կարճ մի պահ դադար տվեց, մտամփոփ ասաց, – և ես եկել եմ այն համոզման, որ ապրելու երկու տեսակ կա՝ կարող ես ապրել ու կարծել, որ հրաշքներ չեն լինում: Կամ կարող ես ապրել ու հավատալ, որ կյանքն ինքնին հրաշք է: Ես դա այստեղ զգացի միայն: Եվ կարծում եմ, որ առհասարակ դիպվածական երևույթներ չեն լինում. այս աշխարհում ամեն ինչ կա՛մ փորձություն է, կա՛մ պատիժ, կա՛մ շնորհ, կա՛մ նախանշան: Իմը ո՞րն է դրանցից՝ չգիտեմ, հասկանալ չեմ կարողանում: Մի բան գիտեմ միայն, որ յուրաքանչյուր մարդու կյանքում, երբեմն ուշացումով, բայց անպայման հայտնվում է այնպիսի մեկը, որից հետո դու միանգամայն փոխվում ես: Եվ ամենևին կարևոր չէ՝ անսահման երջանկությո՞ւն էր դա, թե խելացնոր ցավ: Պարզապես զգում, հասկանում ես, որ դու այլևս առաջվանը չես, որ այլևս այնպիսին չես լինելու, ինչպես առաջ էր: – Նա դարձյալ կարճ դադար տվեց, ասաց, – ճակատագրի բերումով և քո շնորհիվ նաև, Լեո, ես ընկա այստեղ: Մոտ երեք տարի շարունակ ես աշխատանքի էի գալիս՝ ոնց որ տոնահանդեսի… Միշտ հիշելու եմ ծառատնկման մեր ուրախ շաբաթօրյակները Շիխովի ծովամերձ զբոսայգում, հավետ անմոռանալի մեր անվերջ ծիծաղն ու աշխույժ պատմությունները՝ շաբաթօրյակներից ու մայիսմեկյան շքերթներից հետո՝ սրճարաններում, որովհետև կյանքը, իրավ, այն օրերը չեն սոսկ, որ անցել են, այլ որ հիշվում են… Աստված իմ, մի՞թե դա հնարավոր է մոռանալ, Լեո, մի՞թե ես երբևէ կմոռանամ դա… Այս երեք տարվա հմայքն ընդմիշտ կապրի ինձ հետ՝ ուր էլ որ գնամ, ուր էլ որ լինեմ, և կջերմացնի ինձ կյանքիս մնացած ժամանակներում:
Արինան ուղիղ նայեց ինձ, և կուրացուցիչ լույսի բռնկումներով շողացին նրա խոնավ աչքերը:
Ինձ համար ևս ծանր էր մտածել այն մասին, որ այլևս չեմ տեսնելու նրան, այս երեք տարում ես նույնպես ընտելացել էի նրան:
– Ո՞ւր եք գնում, Երևա՞ն, – հարցրի ես: – Գլխավորն ասաց, որ փոխանակում եք բնակարանը:
– Ստալինյան շենքում երեք սենյականոց ընդարձակ բնակարան ենք տալիս՝ կահույքի հետ միասին և դեռ վրան էլ ահագին փող, փոխարենը ինչ-որ տեղ, համարյա Երևանի ծայրամասում, երկու փոքրիկ սենյակ ենք վերցնում: Սկեսրայրս իսկույն համաձայնեց, որովհետև հետո դա էլ չի լինելու, Երևանում հատուկենտ ադրբեջանցիներ են ապրում, իսկ այստեղ՝ հարյուր հազարավոր հայեր:
– Ժամանակավոր է այս ամենը, կանցնի, – ասացի ես:
– Կանցնի… կյանքը նույնպես ժամանակավոր է, – մտահոգ ժպտաց Արինան և խորը մտածելով՝ ավելացրեց: – Սկեսրայրս ուրիշ կարծիքի է: Դո՞ւ ինչ ես անելու:
– Կմնամ այստեղ, – հենց այնպես ասացի ես, – հո բոլորս չենք գնալու:
– Ամուսնուս ծնողները կապրեն Երևանում, իսկ մենք կգնանք Հունգարիա: Սկեսրայրիս եղբայրն այնտեղ, մեր բանակում է ծառայում, Վելենցե քաղաքում, իր ասելով՝ հենց Վելենցե լճի ափին, հրավիրում է: Ես քեզ կզանգեմ այնտեղից, գոնե ձայնդ լսեմ, – դառը ժպտաց Արինան: – Ես քեզ շատ եմ վշտացրել, Լեո, ներիր, խնդրում եմ: Ամուսնուս նույնպես ներիր, շատ տաքարյուն է, բայց բարի սիրտ ունի, շատ է փոշմանել: Հայրը, գիտե՞ս, քիչ էր մնում նրան դուրս աներ տնից այստեղ գալու համար:
– Ես արդեն մոռացել եմ այդ մասին, – ասացի ես:
– Իմ մեղքով էր այդ ամենը, Սիլվային հիմար բաներ պատմեցի, չպիտի պատմեի: Հետո, երբ ամուսնուս հետ գնացել էինք նրանց տուն, գլուխը մի անգամ չբարձրացրեց, որ նայեր ինձ: Ամուսինս մտածեց, որ նա հնարել է այդ բոլորը: Բայց ես չպիտի պատմեի:
– Ի՞նչ էիր պատմել, – նստելով նրա դիմաց, սեղանի մյուս կողմում՝ հետաքրքրվեցի ես:
– Պատմել… Այն, ինչ ես կուզենայի, որ իրականում լիներ՝ նրան պատմել էի որպես իրողություն:
Արինան մտացրիվ նայեց ինձ, կարծես երկմտելով՝ ասե՞լ, թե ոչ, հետո հոգոց հանելով միանգամից ասաց.
– Ես նրան խոստովանեցի, որ սիրահարված եմ քեզ, և որ դու, իբր, նույնպես անտարբեր չես իմ հանդեպ: Ուզում էի, որ այստեղ աշխատանքի ընդունվելուց հետո պատրանքներ չունենար քո նկատմամբ:
Արինան ձեռքով ճակատից ետ տարավ մազերը, միաժամանակ հետևելով իմ ռեակցիային:
– Եվ հետո՞, – ժպտալով ասացի ես:
– Հետո… նա էլ այդ բոլորը պատմել էր ամուսնուն… Հասկացել էր, որ ես եմ խանգարել իրեն՝ աշխատանքի տեղավորվելու այստեղ:
– Ուրեմն նրա ամուսինը դե՞մ չէր:
– Իհարկե, դեմ չէր: Ես արեցի այդ ամենը, որպեսզի նա չգար այստեղ: Չէի ուզում և վերջ… Երևի խանդում էի, – ժպտաց Արինան, ուղիղ նայելով ինձ, իսկ հետո ասաց, – մի բան էլ ասեմ, միևնույն է, վերջին օրն է, պիտի ներես: Ինչքա¯ն աղջիկներ էին զանգում քեզ. մեկը կար նրանց մեջ, շատ սիրուն էր, ոսկեփայլ մազերով, «Մերիլին Մոնրո» ոճի գլխարկ էր դնում, միշտ ժպտուն, չտեսնված գեղեցիկ շուրթերով, աչքերն էլ շատ սիրուն էին՝ գորշ, ոնց որ վագրի աչքեր, շինարարական ինստիտուտի առաջին թե երկրորդ կուրսից՝ Սիլվա Ասրյան, մի երկու անգամ տեսել եմ քեզ մոտ, վերջերս չի երևում, այ, հատկապես նա համառորեն զանգում էր, մի խոսքով, բոլորին ասում էի, որ տեղում չէ, արձակուրդ է գնացել, կամ նման մի բան: Դա էլ էր երևի խանդից: Լորաննային էլ էի խանդում, կատաղությունից շունչս կտրվում էր, – հանկարծակի ամբողջովին բռնկվելով ու շառագունած նայելով ինձ ասաց նա: – Առանձնապես, երբ գալիս, ժամերով նստում էր մոտդ: Բարկանո՞ւմ ես:
– Ոչ, – ժպտալով տարուբերեցի գլուխս:
Իրոք, չգիտեմ ինչու, չէի նեղանում: Իմ ներսում ինչ-որ բան էր փշրվում, զգում էի, որ այսօրվանից թանկ ու հարազատ, շատ հարազատ մի բան եմ կորցնում:
Մի քանի վայրկյան Արինան լուռ էր, երևում էր՝ կռվում է ինքն իր հետ, կրծում էր շրթունքները, և աչքերը դարձյալ հառված էին լուսամուտից դուրս: Նա հանկարծ շեշտակի հայացքով նայեց ինձ, մի կիսաժպիտ լուսավորեց նրա դեմքը, և նա ասաց.
– Այս աշխարհում երկու կույր մարդ կար, Լեո: Դու էիր մեկը, որովհետև չէիր տեսնում, թե ինչքան թանկ ես ինձ համար, և ես, որովհետև ոչ ոքի չէի տեսնում քեզանից բացի… Միայնակ մարդիկ շատ կան կյանքում, – ավելացրեց նա: – Կարող ես բազում ընկերներ ունենալ: Հարազատներ, բարեկամներ… Ունենալ մեկին, որը սիրում է քեզ ու միշտ քո կողքին է, բայց դրա հետ միաժամանակ, միևնույն է, զգաս քեզ միայնակ: Միայնակ ու համակված այնպիսի մի զգացումով, որ դու ամբողջ կյանքում փնտրել ու չես գտել… Չես գտել մեկին, որի կամքին հանձնեիր քեզ լիովին ու այդ երջանիկ մտքից ինքդ քեզ նախանձեիր: Դու ինձ հասկանո՞ւմ ես, – հարցրեց նա, ու, չսպասելով պատասխանի, ավելացրեց, – ժամանակը միակ բանն է, որ երբեք չես կարող ետ տալ: Այն կարծես թե մերն է… բայց մեզ չի պատկանում: Մեր ուժերից վեր է ետ պահել այն: Այն սահում, փախչում է մեզնից, ինչպես սորուն ավազն է սահում մեր մատների արանքից: Այս օրը չի կրկնվի երկրորդ անգամ… Այս երանելի պահն ահա, որ կա այստեղ, այս վայրկյանին, էլ ետ չի գա… – Արինան շրջվել, ձեռափերով այտերը սեղմած՝ նայում էր դուրս, հետո ասաց հոգնաձայն, առանց ետ շրջվելու, – մարդ իր ունեցածի արժեքն այն ժամանակ է հասկանում, երբ կորցնում է արդեն… Այս երեք տարվա մեջ, Լեո, միշտ էլ զգացել եմ քո մտերմությունը, միշտ էլ ինձ համար պաշտելի ես եղել ու այդպիսին էլ կմնաս իմ հիշողության մեջ… Մեր մեջ ոչինչ չի եղել, – շարունակեց նա սրտառուչ անկեղծությամբ, – բայց ես այնպես էի տարված քեզնով, որ ուր էլ կանչեիր՝ գլուխս կորցրած կգայի քո ետևից, ուր էլ հրավիրեիր՝ կվազեի: Մեյերհոլդն իր կնոջը՝ Զինաիդա Ռայխին, սաստիկ խանդում էր Սերգեյ Եսենինի հանդեպ, նրան թվում էր՝ հերիք է Եսենինը մատով կանչեր կնոջը, և նա, անձրևի ու կարկտի միջով վազելով կգնար Եսենինի ետևից: Կարծես իմ մասին է ասված: Բայց դու չկանչեցիր ինձ, ոչ մի տեղ չհրավիրեցիր, չնայած գիտեիր, տեսնում էիր, որ ինքնամոռաց կերպով տարված եմ քեզնով: Այո, դու դա գիտեիր, անհնարին է, որ չիմանայիր, չզգայիր, կրակն ու սերը հնարավոր չէ թաքցնել, բայց, միևնույն է, դու չօգտվեցիր իմ թուլությունից…
– Բայց չէ՞ որ մենք բարեկամներ ենք, Արինա:
– Դրա համար էլ երախտապարտ եմ քեզ, և դու դրանով առավել ես ինձ սիրելի: Իսկ գիտե՞ս ինչ մտածեցի մի անգամ, – ձեռքի սահուն շարժումով կրկին ճակատից ետ տանելով անհնազանդ մազափունջը՝ ասաց նա: – Մտածեցի այն մասին, որ հոգին իր մաքրությամբ է գեղեցիկ, ու երբ դու սիրում ես, բայց չես արժանանում փոխադարձ սիրո, տխրել պետք չէ ամենևին, միևնույն է, քոնն է հաղթանակը, որովհետև քո սերն այնքան մեծ է, որ չի տեղավորվում նրա սրտում: Եվ որ պետք չէ նվաստանալ ու վազել նրա ետևից, ով առանց քեզ էլ երջանիկ է: Ու մի պահ, ազնիվ խոսք, ցանկացա, որ դու սիրես ինձ՝ միայն այն բանի համար, որ ես քեզ մերժեմ, և դու տառապես: – Արինան շրջվեց, ակնդետ նայեց, ավելացրեց: – Բայց… երբ խենթորեն սիրում ես՝ անշահախնդիր, անմնացորդ, ապա միայն ու միայն նրա երջանկությունն ես ուզում: Եվ ուզում ես ամեն ինչ անել, որ նա երջանիկ լինի` անկախ քոնը լինել կամ չլինելուց… Այո, նրա լավն ես ուզում միայն, ուզում ես, որ նա երջանիկ լինի, սակայն, տեսնելով նրան երջանիկ՝ ոչ քեզ հետ, սիրտդ կծկվում է ցավագնորեն… – Նա հապաղեց մի պահ, հետո միանգամից ասաց, – աշխարհում գուցե թե ամեն ինչ վերջ ունի՝ թե՛ սեր, թե՛ արցունք, թե՛ տառապանք, լոկ հիշողությունն է, որ վերջ չունի, հիշողությանը վերջ չկա: Ես քեզ կհիշեմ, Լեո, որպես եղբոր, որպես հարազատի, և մինչև վերջ, մինչև վերջին շունչս կհիշեմ… Հավատա ինձ, հիշողությունն այդ մշտատև կմնա ինձ հետ, դա Հազարան հավքն է իմ, և այն ոչ ոք չի կարող խլել ինձնից…
Ես չգիտեի ինչ պատասխանել Արինային, ոչինչ չէի գտնում ասելու, և այն մտքից, որ, իրոք, այլևս չեմ տեսնելու նրան, սիրտս սեղմվում էր վշտից ու հուսահատությունից: Բայց մի բան պետք էր ասել, և ձեռքս դնելով բարակավուն մատներով նրա ցորնաթուխ ձեռքին, ինքս անգամ չհավատալով իմ խոսքին, ասացի.
– Մենք կհանդիպենք դեռ… Շատ տարիներ հետո կհանդիպենք և միմյանց կնայենք քնքուշ, մշուշված աչքերով:
Նա անձայն ժպտաց: Նա հոգնած ժպտաց: Թափահարեց գլուխը:
– Ոչ, – արձագանքեց տխրամած, – սա չի կրկնվի, չի կրկնվի… Ես գիտեմ, զգում եմ, որ վերջին անգամ եմ տեսնում քեզ, նայում ինձ համար սիրելի քո աչքերին և գիտեմ նաև, որ հազար անգամ երազում տեսնելու եմ ահա այս պահը՝ մեր վերջին հանդիպումը արևոտ այս սենյակում…
Արինայի աչքերը լցվեցին, նա դարձյալ ժպտաց արցունքներից շողացող աչքերով, ասաց.
– Բայց երջանիկ եմ գոնե, որ այս ամենն ասում եմ քեզ, և որ դու լսում ես այն: Որովհետև ծանր է կրել չասված խոսքերի ցավը: Ես չեմ լալիս ու, տես, չեմ արտասվում, որ ամեն ինչ անցած է արդեն, այլ ժպտում եմ, որ այս ամբողջը իրոք եղել է: – Նա քիչ լռեց, ավելացրեց, – անցած մարտի ութի տոնին մի ձայնասկավառակ էիր նվիրել ինձ: Ես հաճախակի եմ դնում այն: Պատրիսիա Կաասն է երգում, թախծոտ երգ է, դնում եմ ու շարունակ քեզ եմ հիշում: Մոտավորապես սա է իմաստը. երբ տեսնում եմ փողոցում ծեր մարդկանց, սարսափ է պատում ինձ մի պահ, չէ՞ որ կգա և մեր վերջին գարունը, և այնտեղ, ուր վառվում էր կրակը մեր ջահելության, մոխիր կգտնենք մենք միայն և որ կյանքը նման է վարդի, պատրանք է նրա յուրաքանչյուր թերթը, իսկ փուշն՝ իրականություն… Իսկ դու ասում ես՝ կհանդիպենք և միմյանց կնայենք քնքուշ աչքերով…
Նա արագ շրջվեց, կրկին նայեց լուսամուտից դուրս, ուր արևոտ օրը սկսել էր խամրել և պատերին հովհարաձև ու երերուն շարժվում էին իրիկնային արևի ոսկերանգ, նարնջագույն ցոլքերը:
– Ինչո՞ւ, ինչո՞ւ այսպես կարճ է տևում երջանկությունը, Լեո, – ասաց նա: – Եվ, առհասարակ, ի՞նչ է երջանկությունը՝ գեղեցկագույն մի ծիածան, մի դյուրաշեջ արևի շող, որ բեկվել է արցունքի մեջ…
Ահա այդպես բաժանվեցինք ես և Արինան, և նա այդպես էլ մնաց իմ հիշողության մեջ. իրիկնային ոսկեզօծ արևով լցված փոքրիկ սենյակում, ողորկված փայլկտուն սեղանի ետևում նստած, հարազատորեն, մտերիմ հայացքով տրտում ժպտում է ինձ՝ սևորակ գեղեցիկ աչքերում լճացած արցունք:
Առավոտյան Արինան չեկավ աշխատանքի, ու ես, ավաղ, այլևս չտեսա նրան:
Երկու օր անց, երեկոյան դեմ, ես թռա Մոսկվա՝ Ռոբերտի մոտ:
– Շատ չուշանաս, – մտերմաբար ժպտալով ասաց գլխավորը: – Տես, մենակ չթողնես ինձ:
Ռենան եկել էր ճանապարհելու: Դա անսպասելի էր. խմբագրությունում մենք պայմանավորվեցինք, որ նա չի գա ճանապարհելու, ասացի, որ կարճ ժամանակով եմ գնում և կարիք չկա ճանապարհելու, բայց, օդանավակայանում տեսնելով նրան, մնացի քարացած հուզմունքից: Ես արդեն թռիչքադաշտում էի, օդանավի մոտ, երբ հանկարծակի տեսա նրան՝ ուշ աշնան արևով ողողված սպասասրահի հաստ ապակիների ետևում կանգնած: Ինձ թվաց՝ նույն սպիտակաթույր զգեստով էր, որով տեսել էի առաջին անգամ: Մազերն ուսերին թափած՝ նա անդադար շարժում էր ձեռքը՝ ի նշան հրաժեշտի: Հեռվից չէր երևում, բայց ինձ այնպես էր թվում, թե նա շարունակ ժպտում է ինձ իր կապտաջինջ աչքերի հմայիչ ու կանչող ժպիտով:
* * * * *
Ես, իրավ, այն կարծիքին էի, որ երկար չեմ մնա Մոսկվայում: Հարցաթերթիկները լրացնելու համար մորս նույնպես ստիպված եղա Ստավրոպոլից կանչելու: Ռոբերտի աջակցությամբ կոմունալ բնակարանում սենյակ վարձեցինք և համարյա ամեն օր գնում էինք դեսպանատուն՝ թղթերը հանձնելու: Վիթխարի հերթեր էին, մարդիկ կային գիշերվա կեսից գալիս, հերթ էին բռնում: Ամերիկա մեկնել ցանկացողները հիմնականում Սումգայիթից էին, բայց օր-օրի շատանում էին նաև Բաքվից ու Ադրբեջանի տարբեր վայրերից եկած փախստական հայերը: Հարազատ օջախներից լքված, անպաշտպան ու անօգնական՝ նրանք իրար պատմում էին իրենց գլխին եկածը՝ մեկը մյուսից սարսափելի, և այդ պատմությունները, հավանաբար, որոշ թեթևություն էին բերում նրանց:
– Ամբողջ կյանքում տանջանքով, տառապանքով, հազար ու մի հալածանքների ենթարկվելով, էս երկրի համար ձրի, համարյա ձրի տքնես, կառուցես ու վերջում մնաս անտուն, մերկ ու անպաշտպան, – դժգոհում էին հերթում կանգնածները: – Գնացածները մի տեսեք ինչե¯ր են գրում, տներով ու բնակարաններով իսկույն ապահովել են՝ անհրաժեշտ ամեն բան մեջը, թոշակ են նշանակել՝ յուրաքանչյուրին վեց հարյուր երեսուն դոլլար ու ամսական հարյուր երեսուն դոլլար էլ ինչ-որ տեղից են տալիս, հիվանդանոց, դեղորայք՝ լրիվ անվճար, երեխեքի բարձրագույն կրթությունը՝ անվճար, լաց են լինում, ասում են, որ էսպիսի վերաբերմունք, հոգատարություն ու էսպիսի դրախտ է եղել, հապա մեր կյանքն ինչու իզուր մաշեցինք էդ դժոխքում: Նույնիսկ մարդ անհարմար է զգում, ասում են, որ նրանց համար ոչինչ չարած՝ էդքան արտոնություններ ունեն: Չէ, էստեղի նման… Անծայրածիր երկիր, հազարավոր դատարկ գյուղեր, ու մեզ համար տեղ չկա. ո՛չ գրանցում, ո՛չ աշխատանք, ամեն քայլափոխի՝ արգելք, ամեն տեղ՝ կաշառք, ծեծ ու նվաստացում, գոնե մի կարեկցող չկա, բա ինչո՞ւ են մեր հայրերն ու եղբայրները արյուն թափել, զոհվել Հայրենական մեծ պատերազմում, եթե էսօրվա օրը էն հեռավոր Ամերիկան պիտի մեզ օգնության ձեռք մեկնի: Ամոթ էսպիսի պետությանը:
Ցավում էի, որ չէի կարող զանգել Ռենային, կարոտից մղկտում էր սիրտս, բայց դրժել Էսմիրային տված իմ խոստումն ու նաև ամենագլխավորը՝ վտանգի տակ դնել Ռենային, անկարող էի:
Զանգեցի գլխավորին, նա անասելի ուրախացավ իմ զանգի համար, բայց անսահման վշտացրեց ինձ, ասելով, որ քաղաքում դրությունն այնքան էլ լավ չէ: «Ռադիոն, հեռուստատեսությունն ու թերթերը հեղեղված են հակահայկական հերյուրանքներով, – ցածրաձայն ասաց նա: – Բայց մենք չենք խառնվում, պաշտոնական հաղորդումներ ենք տալիս միայն: Իսկ այդ տականք Գևորգ Աթաջանյանը, – ավելի ցածրացնելով ձայնը՝ ավելացրեց գլխավորը, – Կարո Առաքելովի սրիկա որդու՝ Ռոբերտ Առաքելովի հետ միասին, ցուցակը ձեռքներին, «Կոմունիստ» թերթի աշխատակիցներից, իբր, Մոսկվա հեռագրեր ուղարկելու նպատակով, փող են հավաքել: Դու պատկերացնո՞ւմ ես, թե դա ինչ է նշանակում. հրատարակչության բազմահարկ շենքում, ուր հայերեն «Կոմունիստից» բացի տասնյակ ուրիշ խմբագրություններ կան տեղավորված, նրանք ցուցադրաբար փող են հավաքում: Կասկած չկա, – շարունակեց գլխավորը, – որ դրամահավաքի այդ ամբողջ պատմությունը մանրազննին պլանավորված գործ է, որովհետև հենց հաջորդ օրը կառավարական տան մոտ, հանրահավաքում, խոսակցություններ են սկսվել այն մասին, որ Բաքվի հայերը փող են հավաքում Ղարաբաղի համար: Այդպիսի բան չի եղել, լկտի սուտ է, բայց, ահա, քաղաքում կտրուկ փոխվել է վերաբերմունքը հայերի նկատմամբ, սկսվել են զանգվածային ծեծկռտուքները տրանսպորտում ու փողոցներում: Հերիք չէր դերասան Մեջիդ Շամխալովի հետ նրան բռնեցին Փոխլուդարայի ինչ-որ փչացած կանանց որջում, թերթում խայտառակեցին, հերիք չէր Ռադիկ Գրիգորյանի քրոջ բռնաբարության այդ զզվելի պատմությունն ու նրա լպիրշ ոտնձգությունները՝ մահճակալին գամված մեր գրող ընկերոջ՝ Կասպարովի կնոջ նկատմամբ, հերիք չէր Հուրունցի նամակը՝ ուղարկված Սուրեն Կասպարովին, որ, ինչպես հետո պարզվեց, նրա տնից գողացավ, հանձնեց ԿԳԲ-ին… Այդքանը, այո, հերիք չէր, տես, հիմա էլ ինչ անամոթ քայլի են դիմել: Ես էլ, ես էլ եմ մեղավոր, Լեո, ասել եմ քեզ, ես նրան երաշխավորագիր տվեցի՝ գրողների միության շարքերն ընդունվելու համար: Մի խոսքով, Լեո ջան, – վերջում ավելացրեց նա, – դեռևս գալ պետք չէ, խորհուրդ չեմ տալիս, սպասիր տեսնենք ինչով է վերջանում այս ամենը, ես այստեղ մի կերպ յոլա կտանեմ»:
Երկրորդ ամսվա վերջին ես կրկին զանգեցի գլխավորին, բայց նրա հեռախոսը՝ ո՛չ աշխատավայրում և ո՛չ էլ տանը, չէր պատասխանում: Խմբագրության մյուս հեռախոսները ևս անջատված էին: Զանգեցի Սիավուշին, ինձ թվաց տրամադրությունը վատ չէր, հարցրի՝ «Ինչպե՞ս է կյանքը Բաքվում»: «Ոչինչ, – ասաց Սիավուշը և կատակի տվեց, – եթե խմիչք է ճարվում, ամեն ինչ լավ է թվում»:
Շաբաթվա վերջում կենտրոնական հեռուստատեսությամբ հաղորդում եղավ այն մասին, որ Բաքու քաղաքում կյանքը նորմալ հունի մեջ է մտնում, աշխատում են բոլոր գործարաններն ու հիմնարկ-ձեռնարկությունները, վերսկսվել են պարապմունքները ուսումնական հաստատություններում:
Ռոբերտի հետ վերջին հանդիպումից հետո հաստատ վճռեցի ոչինչ չասել մորս՝ Բաքու մեկնելու մասին: Զարմիկի հետ պայմանավորվեցինք միասին մեկնել: Նա ադրբեջանցու անուն ազգանունով անձնագիր ուներ, մաքուր խոսում էր ադրբեջաներեն, և Բաքու մեկնելը նրա համար խնդիր չէր: Ժամադրվեցինք և մյուս օրը, գնալով դրամարկղ, հունվարի տասներկուսի համար ինքնաթիռի տոմս առանք:
Ռոբերտը վերջ ի վերջո համոզեց:
– Քո մասնագիտությամբ, – ասաց նա, – դու այստեղ դժվար թե շուտ գործ ճարես: Այնտեղ, Բաքվում, ինքդ հո հիշում ես, քանի անգամ եղել ես մոտս, կապի նախարարությունում նստած ստից հաշվետվություններ էի գրում, բայց հիմա, տես, թե ինչով եմ զբաղված, կրպակում առևտուր եմ անում՝ ա՛ռ-տո՛ւր, ա՛ռ-տո՛ւր, հեշտ գործ, և տեսնում ես, որ ամենևին էլ դժգոհ չեմ, ընդհակառակը՝ շատ գոհ եմ: Այսպես որ գնաց՝ ի՞նչ Ամերիկա, ի՞նչ Միչիգան ու Լանսինգ: Գնա փողերդ հանիր, արի, հենց այստեղ, մետրոյի մոտ մի տեղ էլ քեզ համար կվերցնենք: Առանց փող, քեզ պարզ ասեմ, ոչինչ հնարավոր չէ անել, առնվազն մի ութ-տասը հազար դոլլար է պետք: Շուտ գնա ու, տես, երկար չմնաս: Ռենային զանգո՞ւմ ես գոնե: Թե՞ մոռացել ես արդեն:
– Մոռացել եմ, – ասացի ես նրա հանգով:
– Ո՞նց թե, – Ռոբերտը կասկածանքով նայեց ինձ, հետո ժպտաց, ասաց, – Լեո, մի երկու անգամ տեսել եմ՝ քեզ նայելիս: Երբ կինը կամ աջիկն այդպես հմայված նայում են որևէ մեկին, նշանակում է, որ հողագնդի վրա գտնվող մյուս՝ մոտ երեք միլիարդ տղամարդիկ, գոյություն չունեն նրա համար: Այդպիսի սերը, ախպերո, աստծու պարգև է, իսկ դու ասում ես՝ մոռացել եմ, կատակում ես, էլի, լսիր, նրան մոռանա՞լ կլինի: Լավ, չես ուզում՝ մի ասա: Կարճ՝ մինչև կվերադառնաս, ես այստեղ կպայմանավորվեմ մետրոպոլիտենի ղեկավարության հետ: Դա ես ինձ վրա եմ վերցնում:
Մորս՝ մեկնելուց մի երկու ժամ առաջ, ասացի միայն:
– Մամա, գնում եմ Բաքու:
– Բաքո՞ւ, – վախեցած հարցրեց նա, ասես առաջին անգամ էր խոսք բացվում Բաքու մեկնելու մասին, – ե՞րբ, – ավելացրեց նա, և նրա ձայնի մեջ անթաքույց տագնապ զգացի: – Բայց ի՞նչ են ասում, վիճակն ինչպե՞ս է էնտեղ:
– Ինչպե՞ս պիտի լինի՝ նորմալ, – հանգիստ ձայնով ասացի ես: – Թերթերը ոչինչ չեն գրում, հեռուստատեսությունը ոչինչ չի հաղորդում:
– Մի՞թե մեր մամուլին կարելի է հավատալ: Սումգայիթի դեպքերի ժամանակ նույնպես ոչինչ չէին գրում ու ոչինչ չէին հաղորդում:
– Դե, այն ժամանակ ուրիշ էր, – փորձեցի սիրտ տալ նրան: – Հին սխալները հո չե՞ն կրկնելու:
Ես նորից ու նորից էի հիշում Ռոբերտի խոսքերը Ռենայի մասին. «Կատակում ես, էլի, լսիր, նրան մոռանա՞լ կլինի»: Այն մտքից, որ շուտով հնարավորություն կունենամ տեսնելու Ռենային, գլուխս պտտվում էր երջանկությունից:
– Զգույշ մնա, մաման մատտաղ, – վերջին րոպեին կրկին զգուշացրեց մայրս, – տեղ հասար թե չէ՝ վերադարձիր, մնալու բան չկա:
Եվ հիմա օդանավը միալար, անդադրում գվվում էր, երբեմնակի ճոճվում, ծանր տարուբերվում էր՝ շարժիչների նույն միալար հռնդյունով ճեղքելով անծայրածիր երկինքը: Ճիշտ արեցի՞, արդյոք, որ այս անգամ չլսեցի մորս, ուշադրություն չդարձրի նրա խոսքերին՝ քիչ էլ սպասել: Բայց չէ՞ որ սպասել այլևս անհնարին էր, երրորդ ամիսն էր մայրս նույնն էր կրկնում՝ սպասիր, և ես՝ անսալով նրա տվայտանքներին, օր-օրի ետ գցելով, հետաձգում էի մեկնումը: Բայց, ի վերջո, սպասել այլևս հնարավոր չէր, ապրելու և զբաղեցրած սենյակի վարձը տալու փող էր պետք: Սակայն շարունակական ձգձգման պատճառը մորս հորդորները չէին միայն և ոչ էլ այն, որ աշխատանք էի որոնում, հիմնականը Բաքվում տիրող անորոշ վիճակն էր և այն, որ Ամերիկա գաղթելու թղթերը վաղուց հանձնել էինք դեսպանատուն, սպասում էինք պատասխանի: Համարյա օրումեջ, ինչպես որ մինչև անկետաները հանձնելը, գնում էի դեսպանատուն, ուր ինձ նման հարյուրավոր նախկին բաքվեցիներ էին հավաքվում՝ իմանալու ե՞րբ են կանչելու հարցազրույցի, որը, չգիտես ինչու, շարունակ ձգձգվում էր:
Ես լուսանցույցից նայում էի դուրս, ներքևում, ետ սլացող հատուկենտ ճերմակաթև ամպակտորների տակ, ալպիական լեռնալանջերն ի վար արծաթյա թելերի պես ձգվում էին գետակները: Այս ու այնտեղ, ասես լքված՝ մենավոր գյուղակներ էին երևում՝ կորած մշուշների մեջ:
– Ազա՞տ է ձեզ մոտ, – հարցրեց կանացի քնքուշ մի ձայն:
Բարեհամբույր ժպիտով, դուրեկան կազմվածքով, թարմ ու սրճագույն փայլուն մազերով դեռատի կին էր՝ քսան-քսանհինգ տարեկան: Մետաքսե կապույտ կոստյումը՝ ծալազարդ բոլորքով ու ծալազարդ օձիքով՝ ավելի էր ընդգծում նրա թխաթույր նրբագեղությունը:
Ես ետ նայեցի. Զարմիկը նստած էր ետևի շարքերից մեկում, տաք զրուցում էր ինչ-որ մեկի հետ:
– Նստեք, – ասացի ես:
– Շնորհակալություն: – Ժպտալիս դանդաղ բացվող շուրթերը ձգող, հրապուրիչ ինչ-որ բան ունեին:
– Առջևի ճամփորդասրահում շատ է աղմուկը, – քնքշաձայն ասաց նա, տեղավորվելով փափուկ թիկնաթոռին, – շարժիչներից հեռու հանգիստ է:– Նա մի կարճ պահ լռեց, տխրաձայն ու ցածրաձայն արտասանեց.
Прощай, Баку! Тебя я не увижу.
Теперь в душе печаль, теперь в душе испуг…*
– Դուք բաքվեցի՞ եք, – հարցրի ես:
– Բաքվեցի էի, – ափսոսանքով ասաց նա՝ մի տեսակ ամոթխած կիսաժպիտով: – Փոխանակման համար եմ գնում: Հարմար տարբերակ է, մերը չորս սենյականոց բնակարան է, կոոպերատիվ նոր շենքում, քաղաքի ամենակենտրոնական մասում:
———————————————————
*Մնաս բարով, Բաքու: Չեմ տեսնի ես քեզ էլ:
Վիշտն է հոգուս թառել, հոգուս ահ է պատել…
– Ո՞ր մասում է:
– Ապրիլի 28 փողոցում: Աերոդրամարկղի ինըհարկանի շենքում, վեցերորդ հարկում: Նոր էինք նորոգում կատարել: Երկու սենյակի հետ ենք փոխանակում, այն էլ Մոսկվայից ահագին հեռու, Օբնինսկ փոքրիկ քաղաքում, առաջին հարկ, առանց պատշգամբի, բետոնե
հատակով, պատկերացնո՞ւմ եք: Ի՞նչ արած, ուրիշները դա էլ չեն գտնում: Ում հետ փոխանակում ենք, ադրբեջանցի է, կինը՝ ռուս: Այդ ադրբեջանցու փոքր եղբոր հետ պիտի հանդիպենք, թղթերը ձևակերպենք, լիազորագիր է տվել եղբոր անունով: Դո՞ւք էլ Բաքվից եք:
– Այո, հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների կոմիտեում եմ աշխատում:
– Ճի՞շտ: Մեր կողքի հարևանուհին նույնպես այնտեղ է աշխատում: Դուք ո՞ր խմբագրությունում եք:
– Հայկական ծրագրերի խմբագրությունում:
– Ուրեմն իմ մորը պիտի ճանաչեք, գերագույն դատարանում էր աշխատում՝ Ռոզա Գրիգորյան, գերագույն դատարանի անդամ էր: Առաջ հայերից Արությունովն էր այնտեղ, հետո Առուշանովն էր, հետո՝ Վասիլի Անանյանը, Անանյանի սպանությունից հետո արդեն իմ մայրն էր:
– Գիտեմ, – ասացի ես, – նույնիսկ հաղորդում ենք տվել նրա մասին: Ղարաբաղի Ղարաղշլաղ գյուղից են ծնողները, բայց հետո գաղթել են Մարտակերտի շրջան՝ Զարդախաչ:
– Ճիշտ է, իմ մայրը հենց Զարդախաչում է ծնվել: Հետաքրքիր է, ծանոթներ դուրս եկանք: Կարինա է իմ անունը:
Ես ևս ասացի իմ անունը, իսկ հետո ավելացրի.
– Օդանավակայանից միասին կգնանք, մենք ձեզ կտանենք տուն:
– Շատ լավ, – խնդումնասիրտ ասաց Կարինան, սպիտակափայլ ատամները շողացին մի կարճ ակնթարթ, – ամուսինս շատ էր անհանգստանում: Ինքը չէր կարող գալ, նոր-նոր մի կերպ աշխատանքի էր տեղավորվել: Ասում են, ծածուկ հրահանգ կա՝ փախստականներին չգրանցել ու չվերցնել աշխատանքի: Ուղղակի սարսափելի է: Մնալո՞ւ եք, թե վերադառնալու եք Մոսկվա:
– Չէ, վերադառնալու եմ, – ասացի, – կարճ ժամանակով եմ գնում:
– Ես աերոդրամարկղի համարյա բոլոր աղջիկներին գիտեմ, եթե պետք լինի՝ ձեզ համար տոմս կվերցնեմ, – մանկան հոժարակամ անմիջականությամբ ասաց նա: – Կարող եք չանհանգստանալ:
Ես երկար ժամանակ մտորում էի՝ պատմե՞լ նրան Ռենայի մասին, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պատմել ու խնդրել նրա օգնությունը:
– Ես կօգնեմ, – ասաց նա, բարեսրտորեն ձեռքը դնելով իմ թևին: – Կզանգեմ, կպայմանավորվեմ հետը, որ գա մեր տուն: Ոչ, – արագ փոխելով միտքը, ասաց նա, քնքշահայաց նայելով ինձ, – ես իմ հեռախոսահամարը կտամ իրեն և կասեմ, որպեսզի որևէ տեղից զանգի ինձ: Այդպես ավելի ապահով է: Ես նրան ամեն ինչ կբացատրեմ: Վաղը ո՞ր ժամին է ձեզ հարմար: Ես կասեմ, և նա այդ ժամին կլինի մեր տանը: Գրեք իմ հեռախոսահամարը՝ 93-81-44: Տունը գիտեք, երկրորդ մուտք, վեցերորդ հարկ, ձախ դուռն է՝ քառասուներեքերրորդ բնակարանը: Հարմա՞ր է ժամը չորսին:
– Հարմար է:
– Ժամը չորսին նա մեր տանը կլինի, կարող եք չկասկածել:
«Աստված իմ, մի՞թե ես վաղը կտեսնեմ Ռենային», – բերկրանքով մտածեցի ես, զգալով, թե կրծքիս տակ ինչպիսի ուժգնությամբ սկսեց բաբախել սիրտս:
Օդանավի տակ միանգամից ընդառաջ նետվեց կարմիր լույսերով թռիչքուղին, անիվների տակ դղրդաց ու ետ սլացավ բետոնը:
Օդանավակայանի հրապարակում տաքսի վերցրինք: Զարմիկը նստեց վարորդի կողքին, ես ու Կարինան՝ մեքենայի ետնամասում:
– Ձեզ կթողնենք տանը, – ասացի ես Կարինային: – Վաղը չորսին կհանդիպենք:
Կարինան ժպտալով գլխով արեց, և ես կրկին անգամ նկատեցի, որ ժպտալիս դանդաղ բացվող նրա շուրթերը, իրոք, անչափ հրապուրիչ ինչ-որ բան ունեն:
* * * * *
– Մյան Նախըծվան բալասըյամ, ադըմ Զաքիր, սա՞ն հարալըսան*, – հարցրեց Զարմիկը վարորդին:
Մեծահասակ մարդ էր վարորդը՝ կիսաճաղատ, երկու ձեռքով ամուր կառչած ղեկին, լայն բացած զույգ աչքը հառած ճանապարհին:
– Սաբիրաբադի կողմերից եմ, – արձագանքեց նա, կողքանց նայելով Զարմիկին, – քաղցր նռան ու ձմերուկի տաք երկիր Սաբիրաբադից:
– Ի՞նչ ես կարծում, – ինձ աչքով անելով հարցրեց Զարմիկը: – Էս հայերը մեզնից ի՞նչ են ուզում:
– Էհ, մենք էլ ենք մեղք, նրանք էլ են մեղք, – ցավով արձագանքեց վարորդը, – մատը գցած՝ շարունակ խառնում են մեր մեջը: Ապշերոնի քարտուղար Զոհրաբ Մամեդովը Հայաստանից եկած փախստականներին ամեն առավոտ ավտոբուսները լցրած՝ ուղարկում էր Սումգայիթ, ցույցերի: Հատուկ նպատակով, իհարկե:
Ինքս եմ քանի անգամ տեսել ավտոբուսների ու մարդկանցով լցված բեռնատարների էդ քարավանները: Հեռուստատեսությամբ ասում էին, թերթերում էլ գրեցին, թե, իբր, կենտկոմի քարտուղար Հասան Հասանովը Աղդամում չոքել է ադրբեջանցիների առջև, որ
չգնան Ստեփանակերտի հայերի վրա, ասես Ստեփանակերտի հայերը գառներ են, իրենք՝ գայլեր, իսկ Խուրաման Աբբասովան, որին ռուս միամիտ բանաստեղծ Եվտուշենկոն, ոտանավոր նվիրեց, իբր թե լաչակը հանել, գցել է մարդկանց ոտքերի տակ, և նրանք կանգ են առել, չեն գնացել: Սուտ է: Ինչպես հետո պարզվեց՝ գնացել են, հասել են մինչև Ասկերան, և էն էլ մի քանի հազար հոգով՝ ճանապարհին ծեծելով ու հաշմանդամ դարձնելով մարդկանց, ավերելով ու այրելով ամեն ինչ: Ես իմ կարճ խելքով էսպես եմ մտածում՝ քանի որ, այնուամենայնիվ գնացել են, ուրեմն նրանք՝ էդ Հասանովն ու Աբասովան, ոչ թե թե կանգնեցրել, այլ
———————————————————————
*Ես Նախիջևանի զավակ եմ, անունս՝ Զաքիր, դո՞ւ որտեղից ես (ադրբ.)
կազմակերպել են էդ ամենը: Ամենաճիշտ եզրականությունը սա է, որովհետև ամբողջ աշխարհում մեզ խայտառակող Սումգայիթի տրաքոցն էդտեղից սկսվեց: – Նա քիչ լռեց, ասաց. – այ քիշի*, աշխատավոր մարդու համար ի՞նչ տարբերություն՝ հայ ես, ռուս ես, վրացի ես: Ինձ համար մե՞կ չի, թե ում եմ տանելու օդանավակայան կամ էնտեղից ում եմ բերելու, վարձս տալիս է՝ ալլահա շուքյուր**, շնորհակալ եմ: Հրեն Հայաստանի ադրբեջանցիները եկել, քաղաքը լցվել են: Ես ձեզ ասեմ, էստեղից, Բաքվից ովքե՞ր են գնում՝ իրենց հարմարավետ տները թողած՝ հայտնի բժիշկներ, դասախոսներ, գիտության և արվեստի գործիչներ, մանկավարժներ, երաժիշտներ, անուն հանած մարդիկ, ոսկի ձեռքերով արհեստավորներ: Էնտեղի՞ց ովքեր են գալիս՝ բազարներում կանաչի ծախող սպեկուլյանտներ ու հեռավոր գյուղերում կով ու ոչխար պահող անգրագետ գյուղացիներ, որ իրենց կյանքում երևի բաղնիք էլ չեն տեսել: Ուզում եք համաձայնեք հետս, ուզում եք՝ չէ, մեզ համար մի տեսակ խորթ են նրանք: Երկար փափախները դրած, անթրաշ, ոչխարի հոտը փչում է վրաներից: Բայց, դե, էստեղից գնացած հայերին էլ Երևանում չեն լավ ընդունում, ասում են՝ «շուռ տված»: Մտնում են խանութ՝ հաց չեն տալիս, ասում են՝ հայերեն խոսիր:
*քիշի (ադրբ.) – մարդ
**ալլահա շուքյուր (ադրբ.) – փառք Աստծո
Մարդը լեզուն չգիտի, ուրեմս մնա սովա՞ծ: Դրա համար էլ թողնում, գնում են Ռուսաստան, Ամերիկա: Բա կարելի՞ է էդպես:
– Չի կարելի, – լրջորեն ասաց Զարմիկը: – Ասում են, իբր, Գորբաչովը Ղարաբաղի հարցը լուծելու համար գնում է Ստալինի մոտ, խնդրում, որ օգնի: Ստալինը տեղն ու տեղն առաջարկում է Հայաստանն ու Ադրբեջանը միացնել ու մայրաքաղաքն էլ դարձնել Մագադանը:
Վարորդը քահ-քահ ծիծաղեց, ասաց.
————————————————-
*քիշի (ադրբ.) – մարդ
**ալլահա շուքյուր (ադրբ.) – փառք Աստծո
– Ադա, վալլահ*, լավ է ասել: Շատ լավ է ասել, մեզ էդպես էլ պետք է: Էն հեռու ժամանակներում, – շարունակեց նա, – էլի էսօրվա
նման օրեր էին: Անտառի մեջ մաուզերը կապած երկու մարդ հանդիպում են մի գյուղացու: «Բոլշևի՞կ ես, թե մենշևիկ», – հարցնում են: Գյուղացին մտածում է՝ ասի մենշևիկ եմ, կարող է սրանք բոլշևիկ լինեն՝ սպանեն, ասի բոլշևիկ եմ, կարող է սրանք մենշևիկ լինեն՝ էլի սպանեն: Ասում է՝ «Ո՛չ բոլշևիկ եմ, ո՛չ մենշևիկ,
ձեր դռան կապած շան թուլան եմ»: Էս մարդիկ ծիծաղում, ձիաները քշում, թողնում գնում են: Հիմի ճիշտ էդպիսի խառը ժամանակներ են:
Մեքենան թեքվեց աջ և, թեթև հռնդյունով հաղթահարելով վերելքը, Ռամանիի ուղղությամբ սլացավ դեպի քաղաք:
– Երբ Բրեժնևը վերջին անգամ եկել էր Բաքու, ի¯նչ էր կատարվում էս ճանապարհին, աման, ի¯նչ էր կատարվում, – նորից խոսեց վարորդը: – Շողոքորթությունն էլ սահման պիտի ունենա: Ամբողջ աշխարհի աչքի առաջ, ասես մի մեծ տերության կենտկոմի գլխավոր քարտուղար չէր, կնիկ էր կամ սիրուհի՝ Ալիևը մատանի հագցրեց նրա մատին, և էն էլ ի¯նչ մատանի՝ երկու հարյուր քսանվեց հազար ռուբլու արժողության ադամանդ: Սարքելը՝ սարքել էին տվել, բայց վճարելու մասին՝ ոչ մի խոսք: Ոսկերչական գործարանի տնօրենը, ասում են, կենտկոմի դռնից չէր հեռանում, հետո գտան իր կաբինետում կախված: Հա, ամեն ինչ սահման պիտի ունենա: Ալիևը խոստացել էր մեկ միլիոն մարդով
դիմավորել Բրեժնևին: Հանուն ինչի՞: Ո՞ւմ են պետք նրա տված փոխանցիկ կարմիր դրոշները, սուտ շքանշաններն ու կոչումները, երբ մարդկանց տներում ուտելու բան չկա, իսկ խանութները դափ-դատարկ են: Ինքս եմ հաշվել թերթում, պլենումի ժամանակ Ալիևը հարյուր յոթանասուն անգամ նշել էր Բրեժնևի անունը՝ է՛լ քսաներորդ դարի ամենաականավոր գործիչ, է՛լ հայրական հոգատարություն՝ Ադրբեջանի նկատմամբ, է՛լ «նոր Իլյիչ», ոնց որ Ախունդովն էր Խրուշչովին անվանում «Նոր Լենին», երևի նկատի ունենալով, որ նրանք երկուսն էլ քաչալ էին, – ծիծաղեց վարորդը: – ———————————————————————————————
*ադա, վալլահ (ադրբ.) – արա (այ մարդ), Աստված վկա
Վալլահ, ամբողջ իրիկունն ու գիշերը քաղաքից ու մոտիկ շրջաններից հա բերում էինք մարդկանց՝ ավտոբուսներով, բեռնատարներով, մեր էս տաքսիներով: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ասել է մեկ միլիոն մարդ՝ օդանավակայանից մինչև քաղաք ընկած ճանապարհի երկու կողմերին: Ու թարսի պես էլ, առավոտվա դեմ էնպիսի¯ մի վարար անձրև սկսեց, էնպիսի¯ մի տեղատարափ, որ նկարագրել հնարավոր չէ: Ու էդ ամբողջ ճանապարհին, տեսնում եք, պատսպարվելու ոչ մի տեղ, ոչ մի ծառ ու թուփ: Բրեժնևն ահագին ուշացումով առավոտյան ժամը տասին իր շքախմբով եկավ՝ վը¯շշշ, անցավ: Ու էդ ժողովրդի մասին այլևս մտածող չեղավ: Ո՛չ մի կաթիլ ջուր խմելու տեղ, ո՛չ մի զուգարան, էդքան ժողովուրդ՝ մոտ քսանհինգ կիլոմետր ճանապարհը ոտքով պիտի գնար մինչև քաղաք… Մարդ նայում էր ու չգիտեր՝ ծիծաղե՞ր, թե՞ լաց լիներ:
Զարմիկի հետ պայմանավորվելով վաղը ժամը չորսին հանդիպել Կարինայի մոտ՝ ես իջա մեքենայից: Բակում չհանդիպելով ոչ ոքի՝ բարձրացա տուն:
Երկար ժամանակ փակ մնացած սենյակի բարկ հոտը խփեց դեմքիս: Մտածում էի զանգել Սիավուշին, գլխավորին, մյուս տղաներին: Գոնե Ռենայի ձայնը լսեի, սակայն հեռախոսը չէր աշխատում: Մի պահ քայլում էի ետ ու առաջ՝ չիմանալով ինչով զբաղվել: Հանգչող արևի ճառագայթները թափանցում էին ապակիների միջով. այդ ճառագայթները լուսավորել էին բազմոցը, գրապահարանն ու գրասեղանը, որի վրա մի մատ փոշի էր նստել: Կառավարական տան կողմից կոչերի ձայներ էին հասնում, այնտեղ աղմկում, երբեմն ծափահարում էին: Երկար նայում էի լուսամուտից, երբեմնի սիրելի, հարազատ քաղաքը օտարացած էր թվում: Երևում էր ծովը, ուր նավով զբոսնում էինք Ռենայի հետ, Կիրովի անվան զբոսայգին էր երևում, այնտեղ, հենց Կիրովի անվան զբոսայգու բարձունքում, «Ազերինֆորմի» թղթակից Յաշար Խալիլովը մեզ միասին լուսանկարեց: Իսկ մինչ այդ, մենք հորդ անձրևի տակ էինք ընկել: Օրն արևոտ էր, բոլորովին անսպասելի, միանգամից որոտաց երկինքը, և այդպես միանգամից էլ սկսվեց տեղատարափ անձրևը: Մենք նույնիսկ չհասցրինք վազել մինչև զբոսայգի: Ահագին թրջվել էինք՝ մինչև հասանք մի ծառի: Ծառուղու վրա թեքված ձիթենի էր դա, համարյա չէր պատսպարում մեզ: Ես վախենում էի, թե Ռենան կարող է մրսել, իսկ նա շարունակ քրքջում էր՝ մերթ ընդ մերթ ուսով հրելով ինձ անձրևի տակ:
Ռենան հուզումնալիորեն գայթակղիչ ու ցանկալի էր այդ պահին: Ես նրան առա իմ գրկի մեջ, սակայն նա, հանկարծակի ծալծլվելով, դուրս սահեց իմ գրկից, մի ակնթարթում հայտնվեց հորդ անձրևի տակ: Դեմքը տեղացող անձրևին, անհոգ ծիծաղելով՝ Ռենան, ձեռքերը լայն տարածած, պտտվում էր տեղում՝ նրբազգայուն քթիկը սիրունիկ կնճռոտած, կիսաբաց հրավառ շուրթերով, որոնց արանքից ադամանդի պես փայլում էին ճերմակ ատամները: Նա ուզում էր, որ ես հիանամ իրենով, ու ես հիանում էի: «Ռենա, կմրսես, ի¯նչ ես անում», – ես նրան կրկին ետ բերեցի ծառի տակ, անձրևաջուրը ծլլում էր նրա վրայից, թաց շորը կպել էր մարմնին, և դա ավելի էր ուրվագծում նրա գեղասրունք վայելուչ ազդրերը, ձիգ իրանն ու սքանչելիորեն կլորիկ կրծքերը: Ռենան ամբողջ մարմնով քիփ սեղմվեց ինձ և, նուրբ մատներով անշտապ ետ տանելով մազերը, խորախորհուրդ ու ձգողական շողերով զվարթուն աչքերով նայեց շեղակի: Նրա մարմինը տաք էր, կրծքերը՝ թարմ թթխմորի պես փափուկ, նույնպես տաք էին, անձրևը շարունակում էր տեղալ, ես Ռենայի դեմքն առա իմ ձեռափերի մեջ, շուրթերս մեղմիվ սահեցին նրա շուրթերի վրայով. թեթև քամու, խոնավ պաղության ու սաստկացող անձրևի խշշոցի տակ դա հաճելի էր, Ռենային նույնպես, հավանաբար, դուր եկավ այդ խաղը… Մեր շուրթերը թեթև հպանքով անդադար սահում էին՝ քսվելով միմյանց, հետզհետե արագացող մեր շնչառությունը խառնվում էր, սակայն, չէ, չէինք համբուրվում, ես անասելի մեծ դժվարությամբ, բայց երկարաձգում էի այդ քաղցրանուշ պահը: Ալեկոծ հուզմունքից կքված իմ սիրաբաղձ շուրթերը դիմացան ևս մի քանի ակնթարթ, ի վերջո, ես անկարող եղա այլևս դիմանալու, իմ շուրթերը հուզագրգիռ անհամբերությամբ մխրճվեցին Ռենայի կրքոտ շուրթերի մեջ… Ես նրան համբուրում էի մի տեսակ անհագ տենչանքով, գուցեև կոպտորեն՝ խածնելով նրա գիրգ շուրթերը, որովհետև Ռենան, անկարող որևէ բառ արտաբերելու, աղերսող աչքերով ըմբոստացավ իմ մոլեգնության դեմ: Ես մեղմ, ընդհատ-ընդհատ համբույրների անցա, նայում էի Ռենային մի տեսակ վերացած ու իմ աչքերին չէի հավատում, չէի կարողանում հավատալ, որ հիմա, հենց այս վայրկյանին, իմ շուրթերը ձուլված են նրա վարդագեղ թրթռուն շուրթերին… Լեզուս համրանում էր ասես այդ մտքից, աչքերս մթագնում էին, ականջներս՝ վշշում արտասովոր ջերմությունից: Այդ ջերմությունը թափանցում, ներհոսում էր իմ մաշկի տակ՝ տարածվելով երակներովս ու ամբողջովին համակելով ինձ աննկարագրելի քաղցր անրջանքով:
Ես կրկին ու կրկին համբուրում էի Ռենային, Ռենան իմ այդ համբույրներին տրվում էր ինքնամոռաց քնքշանքով, առաջ մղվելով ու ինձ ավելի ու ավելի սեղմելով, ձգելով դեպի իրեն… Տեր Աստված, քնքուշ զգայականության ի¯նչ անուշ երանություն էր այդ, դրախտային ինչպիսի զմայլեցուցիչ պարգև՝ անդադար տեղացող այդ տաք անձրևի տակ:
Հետո, ինչպես միանգամից սկսվել, այդպես միանգամից էլ կտրվեց անձրևը, ձիթենու մանրիկ տերևների արանքից արևի պայծառ շողն ընկավ Ռենայի դեմքին, նա աչքերը կկոցեց արևից, ծիծաղեց արևոտ դյութիչ ծիծաղով, ես գրկեցի տաքություն բուրող նրա մերկ ուսերը, և մենք դուրս եկանք զբոսայգուց: Եվ այդտեղ, «Մոսկվա» հյուրանոցի մոտ, բարձունքում, պատահաբար տեսա Յաշարին՝ լուսանկարչական խցիկը վզից կախ: Մամլո ասուլիսից էր դուրս եկել: Ես նրան խնդրեցի լուսանկարել մեզ:
Սկզբում Ռենան իմ աջ կողմն էր կանգնած, հետո արագ փոխեց տեղը, կանգնեց ձախ կողմում՝ պատրաստ կրկին նկարվելու: «Այսպես ավելի մոտ եմ սրտիդ», – ծիծաղեց նա: Ռենան դա ասաց ոչ բարձր, բայց Յաշարը լսեց երևի, ժպտաց, մի անգամ ևս լուսանկարեց:
Երկու օր անց, երբ գունավոր լուսանկարները ցույց տվեցի Ռենային, նա մի պահ հմայված նայում էր, հետո անսպասելի հանդիմանեց. «Ինչո՞ւ է այսպես, – խռովկան ասաց նա, – ես թեթևամիտի պես ժպտում եմ, իսկ դու երկու նկարում էլ պարկեշտ տեսքով կանգնած ես… Ոնց որ թե նույնիսկ ուրախ չես, որ միասին նկարվում ենք: Չէի՞ր կարող ասել, որ ես էլ ինձ լուրջ պահեի: Տեսնողն ի՞նչ կասի»: «Ի՞նչ պիտի ասի, – կրծքիս սեղմելով նրան, ծիծաղեցի ես: – Պիտի ասի՝ այս սիրուն աղջիկն ի¯նչ սիրուն մազեր ունի, ի¯նչ սիրուն աչքեր, սիրուն ժպիտ ու սիրուն թալիսման ունի»: «Իրոք, – սրտանց ուրախացավ Ռենան: – Թալիսմանը լավ երևում է: Գլխավորը դա է», – լրացրեց նա խնդուն հրճվանքով: «Նայիր, – ասացի ես, – ամբողջ քաղաքն է երևում՝ ծովափնյա զբոսայգին, Կույսի աշտարակը, հեռուստակոմիտեի մեր շենքը, «Նոր ինտուրիստը», ծովը, հետո պիտի նայենք ու հիշենք, որ այդ ամենն անսահման հարազատ ու թանկ էր մեզ համար»: Այդպես ասացի ես Ռենային այն ժամանակ: Այնտեղ կան, մնում են ստվերախիտ մութ ծառուղիները, ուր համբուրվում էինք՝ ուրիշ աչքից թաքուն: Այդ ծանոթ, հարազատ վայրերի անհաղթահարելի կարոտը սողոսկում էր սիրտս, տակնուվրա անում հոգիս: Աստված իմ, մի՞թե այդ ամենը, իրոք, եղել է, և մի՞թե ես վաղը կհանդիպեմ իմ չքնաղ, իմ աննման Ռենային:
Սիմֆոնիկ երաժշտություն միացրի: Մեռյալ բնակարանն ասես շունչ առավ, կենդանացավ: Նվագի բոլոր գեղգեղանքներն ու որոտներն ասես երազի թևով ինձ տանում էին մի ուրիշ՝ զարմանահրաշ ու անիրական աշխարհ՝ անսպասելի որոտով ու տեղատարափ տաք անձրևով, ձյան աստղաթև փաթիլների հուշիկ վայրէջքով՝ Ռենայի անուշիկ դեմքին, երերուն մշուշի մեջ ղողանջում էր բխոված ձիու ոտնակապանքի զնգոցը, զանգուլակները զնգզնգում էին, երբ կովերը դանդաղ շարժվում էին անտառամերձ բացատում… Բազմաթիվ պատկերներ էին ստեղծվում՝ մեկ Ռենայի հետ Բիլգիայի ծովափին էինք, մեկ՝ Նաբրանում, մեկ նրա հետ քայլում էինք ծովափնյա զբոսայգում, և ես նրան սիրո քաղցր խոսքեր էի շշնջում: Մեղեդին մերթ հետզհետե իջնում, մարում էր տերևների սոսափյունի մեջ, մերթ զվարթ ու թեթև ճախրում, բարձրանում էր, ջրվեժի պես գահավիժում, մերթ ասես հովի թեթև հպանքով անցնելով անտառի վրայով, օրոր էր ասում նրան, և մենք Ռենայի հետ այդ անտառում էինք, և կարմիր կտուցով փոքրիկ թռչնակն անուշ դայլայլում էր հատուկ Ռենայի համար, և այդ թեթև, շնկշնկան հովից ծառերն օրորվում, հառաչում էին լարային նվագախմբի ձայներով, և այդ ամենը, հնչյունների այդ հեղեղն ու հոգեցունց ալեկոծումը ոչ թե մեկ ուրիշ տեղ, այլ իմ ներսում էր, իմ հոգու խորքում…
Ուշ պառկեցի քնելու, իսկ առավոտյան արթնացա ինչ-որ տարօրինակ ձայներից:
Ցուցարարների մի հոծ բազմություն խրոխտ բացականչություններով գնում էր ծովի կողմը, դեպի կառավարական տուն:
* * * * *
(301)
Հագնվելով, մի բաժակ սուրճ խմելուց հետո, գնացի խնայդրամարկղ: Հանձնելով խնայգրքույկս, սկսեցի սպասել: Սպասարկող կինը, խնայգրքույկս ձեռքին, սրահից վեր ելնող փայտե սանդուղքներով բարձրացավ երկրորդ հարկ, որոշ ժամանակ անց վերադարձավ, իմ նկատմամբ ընդգծված սիրալիր էր, նա գտավ իմ քարտը, գումարը գրեց թղթի վրա՝ 40917 ռուբլի, և մեկնեց ինձ:
– Լրացրեք ծախսի օրդերը, – ասաց նա նույն ընդգծված շողոմքոր սիրալիրությամբ, – և եկեք ընդմիջումից հետո՝ ժամը երեքին:
«Փողը կստանամ, սպիտակ վարդեր կառնեմ և՝ ուղիղ Կարինայի մոտ», – Ռենայի հետ մոտալուտ հանդիպման քաղցր անրջանքով ներշնչված՝ հրճվանքի դողով ու խանդավառությամբ մտածեցի ես, և այն մտքից, որ, իրոք, շուտով, շատ շուտով պիտի տեսնեմ Ռենային, ես պատրաստ էի ակնածանքի խոսքեր ասել այս անչափ բարի, սիրալիր կնոջը: Մտածում էի, փողը ստանալիս՝ անպայման մի երկու հարյուր ռուբլի թողնել նրան:
Ժամը երեքին մի քանի րոպե պակաս ես արդեն խնայդրամարկղի մոտ էի: Վերևից, Արմենիքենդի կողմից Լենինի պողոտայով ափերից ելած պղտոր սև գետի պես մի բազմամբոխ էր իջնում գոռում-գոչյուններով՝ «Ղարաբաղը մերն է, Ղարաբաղը մերն է», «Ալլահու աքբար, ալլահու աքբար, օրդումուզ դահիմա օլսուն մուզաֆար*», «Կեցցե Թուրքիան», «Վերադարձրեք Ալիևին», «Փառք Սումգայիթի հերոսներին»: Նրանց մեջ կանայք ու դպրոցահասակ երեխաներ կային:
Ես արագ անցա փողոցը և խնայդրամարկղի մուտքի մոտ, սանդուղքներին, տեսա ինձ ծանոթ կնոջը, որն այնպես հարգալից էր իմ հանդեպ: Նրա հայացքն ամբոխի կողմն էր, և ես տեսա, որ նա աչքերով ինձ էր ցույց տալիս:
Դա մի կիսավայրկյան տևեց միայն, հաջորդ վայրկյանին ամբոխից մի քանիսը շրջվեցին, նրան նայելով, և վազեցին իմ կողմը:
Ու դա այնպես արագ տեղի ունեցավ, որ ես չհասցրի անգամ նորից նայել այդ կնոջը: Առաջին հարվածը գլխիս իջավ: Ես իմ դեմքին զգացի արյան տաքությունը: Իրար հրմշտելով՝ նրանցից յուրաքանչյուրն ինքն էր ուզում ինձ խփել: Նորից հարվածեցին, այս անգամ դեմքիս, և զարմանալի էր, իմ միտքը գործում էր պարզ, հստակ: «Սպանում են, – մտածեցի, – հիմա կսպանեն…»:
Վախի, սարսափի ոչ մի զգացում: Եվ զարմանալի էր նաև, որ ցավ չէի զգում բոլորովին: Չորս կողմից հարվածներ էին տեղում:
Ինձ հրելով, ինձ հետ ընկնելով ու ելնելով, նրանք ինձ առաջ էին հրում դեպի փողոցի մեջտեղը: Ինչ-որ կարծր բանով խփեցին ձախ աչքիս, թվաց՝ աչքս պայթեց: Ես ջանք էի գործադրում բացել աչքս, բայց չէր հաջողվում: Նրանք միաժամանակ գոռգոռում, հայոյում էին, բայց ես ոչինչ չէի հասկանում նրանց ասածներից:
Հարվածում էին բոլոր կողմերից, ինձ թվաց բերանս աղի արյուն է լցվում: Դարձյալ զգացի տաք արյան հոսքը, բայց այս անգամ մարմնիս վրա: Ինչ-որ մեկը բարձրացրեց ձեռքի մետաղաձողը, ես մի կիսավայրկյան տեսա նրան՝ լողլող, լորձոտ բերանով, զայրագին ծռմռված այլայլված դեմքով, «Էրմյանի սյան՝ օլմյալի սյան**», – կատաղած ասաց նա, մետաղաձողը թափով իջեցրեց վրաս, ես խույս տվեցի, այն իջավ յուրայիններից մեկի գլխին, և նա վայրենի բղավոցով թավալվեց գետնին, հաջորդ հարվածը, բայց դա
——————————————————
*Բարձր է Ալլահը, Ալլահն՝ հզորազոր,
Հաղթանակը կուղեկցի բանակին մեր հզոր (ադրբ.)
**Հայ ես՝ պիտի մեռնես (ադրբ.)
երկաթաձողի հարված չէր, ես դա զգացի, կպավ ձեռքիս, մատիս մատանի կար, թռավ մի կողմ, մի քանիսը վազեցին մատանու ետևից: Ես ուզում էի օգտվել առիթից, պոկվել նրանցից, բայց չստացվեց, երեք հոգի պահում էին ինձ ու միաժամանակ խփում էին: Ես թափով շրջվեցի և այդ կարճ ակնթարթում տեսա խնայդրամարկղի կնոջը՝ սանդուղքներին կանգնած ժպտալիս:
«Նրանք այս ամենը գիտեին, – կայծակնային արագությամբ անցավ իմ մտքով: – Նրանք ամեն ինչ նախօրոք գիտեին»: Կատաղությունից մի տեսակ ասես ուժ առա, թափ տվեցի ինձ, երկուսը մի պահ պոկվեցին ինձնից, ընկան, բայց մեկը մնաց պինդ կառչած, որ չփախչեմ: Հագիս արտասահմանյան կոճակագամ բաճկոն էր, ես տառացիորեն դուրս սահեցի պիջակից ու բաճկոնից, դրանք մնացին ինձ պահող տղայի ձեռքին, և, օգտվելով վայրկենական իրարանցումից, երբ ինձ ծեծող այդ երեքը տարված էին իմ գրպանները խուզարկելով, մի մասը ուշքի էր բերում արյունաշաղախ ընկերոջը, իսկ մյուսները մատանին էին փնտրում, ես ինձ գցեցի դիմացի շենքի բակը: Ուշքի գալով՝ նրանք աղաղակելով վազեցին իմ ետևից, մատանի փնտրողներն էլ երևի հասան, բայց բակ չմտան, աղմկում էին մուտքի մոտ: Ամենայն հավանականությամբ, նրանք տեղանքին ծանոթ չէին, չգիտեին, որ
բակը թափանցանց ելք ունի դեպի Լենինի պողոտա:
Ձեռքով երեսիս արյունը սրբելով, այդ երկրորդ դռնով ես դուրս եկա փողոց և գլխակորույս վազեցի ուղիղ միլիցիայի ութերորդ բաժանմունք, որի մուտքի մոտ միլիցիոներ էր կանգնած և անտարբեր հայացքով դիտում էր այդ ամենը: Ես հասկացա, որ փրկության միակ ելքն այն է, որ չասեմ թե հայ եմ: «Ես հրեա եմ, – հասնելով միլիցիոներին՝ ասացի ես: – Նրանք կարծում էին, թե հայ եմ»: «Այսօր ամեն ինչ հնարավոր է», – պատասխանեց միլիցիոները՝ հրելով ինձ կողքի շքամուտքն ու իմ ետևից փակելով դուռը:
Ես լսեցի, թե ինչպես մի քանի հոգի, մոտ վազելով նրան, հարցրին. «Մի հայ չտեսա՞ր այստեղ»: «Ոչ», – ասաց միլիցիոները: «Բայց նա այս կողմ եկավ», – լսեցի ես: «Այստեղ ոչ մի հայ չկա», – կտրուկ պատասխանեց միլիցիոները:
Այդ պահին, մուտքից մի քանի քայլ այն կողմ, ամբոխը նոր զոհ գտավ: Դռան ճեղքից ես տեսա, թե ինչպես տասնյակ ոտքեր կոխկրտում էին գետնին ընկած մարդուն: Ինձ որոնողները ևս վազեցին դեպի հերթական զոհը:
Ես մի կերպ կանգնած դիմանում էի՝ մեջքով հենված շքամուտքի սառը պատին, ծնկածալերս սաստիկ դողում էին, գիտեի, որ եթե նստեմ կամ ընկնեմ գետնին, այլևս չեմ կարողանա ոտքի կանգնել: Ամբողջ մարմնով դողում, ցնցվում էի, ատամներս իրար էին խփվում, բայց չգիտեի՝ ցրտի՞ց էր դա, թե ստացված վերքերից:
– Ո՞ղջ ես դեռ, – արագ մտնելով ներս՝ հարցրեց միլիցիոները:
– Այո, – ասացի ես, – ողջ եմ:
– Հիմա ես շտապ օգնություն կկանչեմ: Հենց որ մեքենան եկավ, ես իսկույն կբացեմ դուռը, դու պետք է մի ակնթարթում հասցնես քեզ գցել մեքենայի մեջ, հասկացա՞ր:
– Հասկացա:
Միլիցիոները շտապ դուրս եկավ մուտքից, ես մնացի նույն դիրքում կանգնած: Լենինի պողոտան ի վար, սպիտակին տվող մետաղաձողերը գլխավերևներում թափահարելով, նոր բազմություն էր իջնում: Անթիվ, անհամար ոռնացող գազանների ոհմակ էր դա, նրանց վերջը չէր երևում, գալիս էին ու գալիս, նրանց գոռում-գոչյուններից, ճիչ ու աղաղակներից պատերը դղրդում էին՝ «Կեցցե Թուրքիան», «Գորբաչովը մեզ հետ է», «Գըրըն էրմանիլարի*», «Էրմանիլար ռադդ օլսուն**», «Մահ հայերին», «Փառք հերոս քաղաք Սումգայիթին»: Ինչ-որ մեկին գետնին տապալեցին, հետո նա հայտնվեց ամբոխի գլխավերևում, ասես բազմությունն ի վեր լողալով, նա գնում էր՝ խելագար աչքերով, բերանն անսովոր լայն բացած, մի կարճ ակնթարթ երևաց միայն, ջահել տղա էր, նրան նետեցին ցած, այդ տեղում մի պահ ժողովուրդը խտացավ, կանգ առավ, մի րոպե ևս՝ տղան փռված էր
————————————————-
*Կոտորեք հայերին (ադրբ.)
**Հայերը կորչեն (ադրբ.)
գետնին՝ գլուխն արյան լճում:
Միլիցիայի շենքի դիմաց, «Շաֆագ» կինոթատրոնին կպած տնից դղրդյունով դաշնամուր գցեցին ցած, դաշնամուրի ետևից՝ բազկաթոռի հետ ճերմակահեր մի կնոջ նետեցին ներքև: Կինն այդ ծվվոցով ընկավ ասֆալտին, բազկաթոռից երկու քայլ հեռու, արյան մեջ էր, բայց շարժվում էր. սողալով քիչ առաջ գնաց, հավանորեն ցնցակաթվածի մեջ՝ նա փորձում էր ելնել: Երկու տղա, մազերից
բռնած, կնոջը քարշ տվեցին դաշնամուրի մոտ, հրհռալով, դա նույնպես լսվում ու երևում էր, կապկպեցին դաշնամուրին, ինչ-որ մեկը բենզին լցրեց, և կինն ու դաշնամուրը միանգամից բոցավառվեցին: Վերևից, երկրորդ հարկի պատշգամբից, աղմուկ-աղաղակով գրքեր ու զանազան իրեր էին նետում խարույկի մեջ: Փողոցից թե մոտիկ տներից մերթ ընդ մերթ սարսափելի սուր, հուսահատական ճիչեր էին հասնում ինձ: Տղաների մի խումբ «Շաֆագի» առջև շրջապատեց մի ծեր կնոջ, կարծես թե հանգիստ խոսում էին, ես դա տեսնում էի, մի երկու րոպե անց տղաները հեռացան, իսկ ծեր կինը մնաց մայթին մեկնված: Դարձյալ կանացի աղիողորմ ճիչ լսվեց, մանկական աղեկտուր լացի, կրակոցների ձայներ եկան:
Դռան ճեղքից ես տեսա շտապ օգնության մեքենան, վարորդն արագորեն բաց արեց ետևի դռնակը, իսկ միլիցիոները, նույնպես արագորեն, շքամուտքի դուռը բացեց, և ես համարյա մի ոստյունով ինձ գցեցի մեքենայի մեջ: Հետագայում զարմանում էի ու հիմա էլ զարմանում եմ՝ որտեղի՞ց ուժասպառ ու արնաքամ մարդու մեջ այդ անբնական ուժը:
Շտապ օգնության վարորդն ուղղակի, առանց ետևի դուռը փակելու, միանգամից պոկվեց տեղից, և մեքենան քշեց երթևեկության դեմ հանդիման:
– Գազաններ են դրանք, – ասաց շտապ օգնության ռուս բժշկուհին, – մարդու տեսքով, բայց գազաններ: – Նա շրջվեց իմ կողմը, կարեկցանքով օրորեց գլուխը, ասաց, – դիմացեք, շուտով կհասնենք:
Զգում էի, որ ուժերը լքում են ինձ, կարծես թե արնաքամ էի լինում:
Նասիմիի կուսշրջկոմի շենքի մոտից տղա երեխայի սիրտ կտրատող ճիչ լսվեց: Մեքենան Լենինի պողոտայից կտրուկ թեքվեց դեպի Սուրեն Հովսեփյան փողոց և սլացավ վեր: Դարձյալ աղմուկ-աղաղակ էր, ես սեղմվեցի ապակուն և իսկույն էլ սարսափահար ետ քաշվեցի: Հովսեփյան-Բաքիխանով փողոցների խաչմերուկում, վերևի հարկից ոտքը կտրած մի մարդու նետեցին ցած, ես տեսա նրան. օդում գլխիվայր գնում էր դեպի ներքև՝ առանց ձեռքից բաց թողնելու անթացուպը: Երևանյան նրբանցքում՝ «Մուղան» ռեստորանի մոտ, մի մարդ կար ընկած, նա դանդաղ, չորեքթաթ տալով մի կերպ ելավ տեղից, բարձրացավ, մի պահ այդպես մնաց կանգնած՝ ամբողջովին արնաշաղախ, և տապալվող ծառի պես միանգամից երեսնիվայր փռվեց գետնին՝ ձեռքերն առաջ տարածած:
Շահումյանի անվան մշակույթի տան մոտ մեքենան թեքվեց ձախ և Չորրորդ Նագորնայա փողոցով, հենց տրամվայի գծերի վրայով, սլացավ դեպի Սեմաշկոյի անվան հիվանդանոց: Տների արանքով ինչ-որ տղաներ գրկած հեռուստացույց էին տանում, այս ու այնտեղ մարդիկ կային անշարժ ընկած: Սամեդ Վուրղուն փողոցի հատման կետում, Նասիմիի շրջգործկոմի շենքի մոտ, չորրորդ հարկի պատշգամբից ու պատուհաններից իրեր էին գցում ցած, ներքևում ամբոխը՝ մեծ ու փոքր, հինայած մազերով կանայք նույնպես կային, խլխլում էր ընկնող ճամպրուկները, գորգերն ու վազում: Այս ամենն ասես իրական կյանքում չէր տեղի ունենում, թվում էր երազ է, մղձավանջային սարսափելի երազ:
Ես շարունակ մտածում էի՝ ինչպե՞ս ներկայանալ հիվանդանոցում: Հայկական ազգանունով վտանգավոր էր, բայց ուրիշ ազգանուն տալ նույնպես չէի ուզում: Զարմանալի է, բայց ինձ այնքան մահը չէր սարսափեցնում, որքան այն, որ կարող էի մեռնել անհայտության մեջ, ուրիշի անուն-ազգանունով: Վերջապես վճռեցի իմ ազգանունն այնպիսի փոփոխության ենթարկել, որ ինձ իմացողն իսկույն հասկանար, թե ում մասին է խոսքը:
– Ազգությո՞ւնդ, – Սեմաշկոյի անվան հիվանդանոցի ընդունարանում դա էր ինձ տրված առաջին հարցը:
– Հրեա, – պատասխանեցի ես: – Ադունցման Լեո:
– Հայրանո՞ւն:
– Լեոնիդովիչ, – անվարան ասացի ես:
Բժշկուհին՝ տղամարդու պես մարմնեղ, հինայած մազերով, թերահավատությամբ նայեց ինձ:
– Լավ, – ասաց նա և, դառնալով, ինչ-որ մեկին կարգադրեց, – կանչիր հրեա բժիշկներից մեկնումեկին:
– Ինչո՞ւ, – հարցրեց մեկ ուրիշը:
– Թող հրեաների լեզվով խոսեն, – եղավ պատասխանը:
Պարզ էր, խոսքը եվրոպական հրեաների մասին էր, որոնց լեզուն իդիշն է՝ հիմնված գերմանական ինչ-որ բարբառի վրա: Դա ինձ բոլորովին չընկճեց, մի ժամանակ մտքիս դրել էի Գյոթեի «Ֆաուստը» կարդալ բնագրով, մի քանի ամիս լրջորեն գերմաներեն էի պարապում, նույնիսկ «Մարիենբադյան էլեգիան» անգիր գիտեի գերմաներեն: «Հրեաները խելացի ժողովուրդ են, – ոգի առա ես, – եթե ես գերմաներեն որոշ բառեր ասեմ, նա իսկույն կհասկանա իրադրությունը և կօգնի ինձ»:
Հրեա բժշկի ետևից ուղարկված սանիտարը վերադարձավ ձեռնունայն:
– Բոլոր հրեաները փախել են տները, – ասաց նա:
– Բոլո՞րը, – խստորեն հարցրեց բժշկուհին:
– Բոլորը, – հաստատեց սանիտարը:
– Լավ, – քիչ մտածելուց հետո տեղի տվեց բժշկուհին: – Երկուշաբթի կպարզենք: Չէ՞ որ երկուշաբթի առավոտյան, մեկ է, նրանք գալու են աշխատանքի:
Արյունաթաթախ շորերը լրիվ հանեցին վրայիցս, բայց փոխարենը ոչինչ չտվին: Մնացի կիսավարտիքով ու ոտաբոբիկ: Կանգնած եմ ցուրտ ընդունարանում, արյունը շարունակում է կաթկթել իմ գլխից ու կողքիցս: Շուրջը ժխոր է, լաց ու հառաչանք, վայնասուն:
– Բու էրմանիդի*, – անսպասելի ու ճվաղուն ձայնով ճչաց ==============================
*Սա հայ է (ադրբ.)
բուժքույրերից մեկը՝ մատը մեկնելով իմ կողմը, – էրմանիդի:
Բուժքրոջ լղար դեմքը՝ աչքերի ծակուն նայվածքով, ինձ նույնպես ծանոթ թվաց, բայց թե որտե՞ղ էի տեսել՝ մտաբերել չկարողացա:
– Սա հայ է, – կրկնում էր նա ցասումնալից պոռթկումով, – հայ է:
– Գուցե սխալվո՞ւմ ես, – ասաց նրան ինչ-որ կին: – Էդ տեսքով դու դրան ո՞նց ճանաչեցիր, դեմքը լրիվ ուռած, համարյա մի սաղ տեղ չունի:
– Նա ինձ շփոթում է ուրիշի հետ, – լիովին ուժահատ՝ փորձեցի պաշտպանվել:
– Ոչ, հայ է, էրմանիդի, – ատելությամբ կրկնում էր նա:-էրմանիդի: Եվ քանի որ հրեական իմ ծագումը, այնուամենայնիվ, բացառված չէր՝ չնայած բուժքրոջ բողոքներին, ինձ ուղարկեցին վիրահատական բաժանմունք:
Վիրաբույժը լեռնաբնակ հրեաներից էր: Նա անմիջապես սկսեց զբաղվել գլխիս վերքերով: Այդ պահին ներս խուժեց անդադրում բուժքույրը:
– Դա հայ է, – գոչեց նա նույն ճվաղուն, ծղրտան ձայնով: – Դրան պետք չէ վիրակապել:
– Թե ում պետք է ուղարկել ինձ մոտ՝ դա ոչ թե իմ, այլ ձեր գործն է, – անվրդով պատասխանեց վիրաբույժն առանց ընդհատելու վերքի
մշակումը: – Բայց եթե մարդն արդեն ընկել է այստեղ, թեկուզ և աֆրիկացի լինի, ես անելու եմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է:
– Շնից շուն է ծնվում, մարդուց՝ մարդ, – բուժքրոջ գնալուց հետո խորը հոգոցով ասաց բժիշկը: – Այդպիսներից գազան կարող է ծնվել միայն: Գազանից բացի ոչինչ չի ծնվի: Երկոտանի գազան, Բաքվի փողոցներն այսօր լիքն են դրանցով: Սրանց նմաններն են ցնկնել… Հիմնականը գլխի վերքերի մշակումն է, – ավելացրեց նա ուշացումով, – կողքիդ վերքը ես արդեն չեմ հասցնի մշակել, տեսնո՞ւմ ես ինչքան մարդ կա:
Միջանցքում ահավոր տեսարան էր. արյունաշաղախ, ցավից կիսախելագար մարդիկ՝ դեմքներին ծեծ ու ջարդի հետքեր, տնքոցներ, ճիչ, լաց ու շիվան:
– Այս բոլորը հիմնականում ձեր հայրենակիցներն են, – նորից խոսեց բժիշկը, – վախից թաքցնում են իրենց ազգությունը, բայց ձեր հայրենակիցներն են, – և կարճատև դադարից հետո, ասես ինքն իրեն, մրմնջաց, – Աստված ինչո՞ւ է նման ծանր փորձության ենթարկում իր հպատակներին, նրանց ո՞ր մեղքի համար:
Վիրաբույժը վեց տեղում կարեց գլուխս, մի քանի կար դրեց նաև աչքիս տակ ու ծնոտիս:
Դեռևս մերկ, ոտաբոբիկ՝ ես մի կերպ, դռներից կառչելով դուրս եկա միջանցք և, մեջքով պատին կպած, դանդաղ քաշվեցի մի կողմ: Ցուրտ էր, ողջ մարմնով մեկ դողում էի, երբեմն կարծես թե քունը հաղթում էր, մղձավանջ էր պարուրում, անդիմադրելի գայթակղությամբ քաշում, ձգում էր ինձ հատակը, բայց մնում էի կանգնած: Հետզհետե ուժերս չդիմացան, հոգնած, թուլացած՝ ծնկներս իրենք իրենց ծալվեցին, իջա հատակին, միանգամից զգալով նրա սառնությունը, ու մնացի այդպես նստած՝ մերկ ու ոտաբոբիկ: Ամբողջ մարմինս կոտրատվում էր, բերանս՝ շարունակ չորանում: Ուշադրություն դարձնող չկար: Կցկտուր խոսակցություններ էին հասնում՝ հայերով լցված ինչ-որ նավի խորտակման, Պերվոմայսկի նրբանցքում մորթոտված երեխաների ու առևանգված մի քանի տասնյակ փոքրահասակ գեղեցիկ հայ աղջիկների մասին, որոնց պիտի տանեին Թուրքիա՝ գիշերային ակումբների համար:
Ես մահու չափ հոգնել, ուժասպառ էի եղել այս անվերջ տառապանքից, անդադրում աղաղակներից, լացից, ծանր տնքոցներից ու բացականչություններից: Հետո այդ աղաղակները, տնքոցները, լացն ու բացականչությունները գնալով ձուլվում էին հեռավոր ու անորոշ ձայների մեջ: Ես պարզ տեսնում էի, որ գիտակցությունս երբեմն լքում է ինձ, և հասկանում էի նաև, որ իմ վերքից դանդաղ ծորում է արյունը, ես այդ արյան տաքությունը կարծես շարունակ զգում էի մարմնիս վրա: Ինձ թվաց, թե ինչ-որ մեկը տվեց իմ անունը: Ես ցնցվեցի, որովհետև ես իմ անունը չէի ասել բժիշկներին: Հետո սիրտս սկսեց խառնել, գլուխս տաքացավ, թմրեց, փափուկ կիսանիրհի, թմբիրի մեջ ես չափազանցված պարզությամբ կրկին տեսա խնայդրամարկղի կնոջը՝ սանդուղքներին կանգնած ժպտալիս, հետո վարագույրների հազիվ նշմարելի ծփանքից հովհարվեց դեմքս, հետո բուժքրոջ ու խնայդրամարկղի կնոջ դիմագծերը շարունակ խառնվում էին իրար, և ես ջանում ու չէի կարողանում զանազանել, թե նրանցից որն է բուժքույրը և որը՝ խնայդրամարկղի կինը, որն այնպես հարգալից, սիրալիր էր իմ նկատմամբ: Ես գտնվում էի տենդային, զառանցական ու կիսագիտակից վիճակում, երբեմն մոռանում էի, թե որտեղ եմ և այդ ինչ աղմուկ է շուրջս, թվում էր՝ երկար ժամանակ է, ինչ այստեղ եմ, երբեմն էլ թվում էր, թե շարունակ միևնույն օրն է ընթանում: Հետո օրը մթնեց, լուսացավ, նորից մթնեց, թե՞ լույսերն էին վառում-հանգցնում: Մեկ թվում էր՝ ինձ ուզում էին վերցնել ու տանել ինչ-որ տեղ, իմ պատճառով, կարծես թե վիճում, կռվում էին: Համապարփակ թմբիրի, նիրհի շղարշի միջից հեռվում, լուսամուտների մոտ հավաքված տղաների ու աղջիկների մի խումբ գծագրվեց՝ բոլորը սպիտակ խալաթներով: Ես, չգիտեմ ինչու, համոզված էի, որ բժշկական ինստիտուտի ուսանողներ են, և որ Ռենան նույնպես այնտեղ է… Այո, նա այնտեղ էր, ես տեսա նրան… միայն թե չգար, չգար այստեղ, չտեսներ ինձ… Հետո ինձ թվաց՝ ես պարզորոշ լսեցի Ռենայի ձայնը, Աստված իմ, ախր, ես չէի ուզում, որ նա ինձ տեսներ այս վիճակում, չէի ուզում, ես աչքերս չէի կարողանում բացել՝ նրան տեսնելու համար, ես միայն նրա ձայնն էի լսում: «Ես կարոտել եմ քեզ, – ասաց Ռենան, շատ հստակ լսեցի նրա ձայնը, – կարոտել եմ, – ասաց, – բայց, ահա, ոչինչ անել չեմ կարող, ձեռքս չի հասնում քեզ…»: Ռենայի ձայնը հեռանում էր և, չգիտես ինչու, ինձ թվաց վշտոտ էր նրա ձայնը: «Արի, արի ինձ հետ, – ասաց նա, – մենք կգնանք ուրիշ մոլորակ, այնտեղ, ուր օրենքները կլինեն ուրիշ, մարդիկ նույնպես ուրիշ կլինեն, և ոչ նման այս աշխարհի մարդկանց»: Ես ջանում էի ելնել, մոտենալ Ռենային, բայց ոտքերս չէին ենթարկվում: Հետո կարծես թե սգո երաժշտություն էր հնչում, ես ուզում էի կանչել, ետ պահել Ռենային, բայց չէի կարողանում, շուրթերս չէին բացվում, «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ», – մրմնջացի ես մարող հուսահատությամբ և զգացի նաև, որ այտիս վրայով արտասուք է հոսում՝ խոշոր, ծանր: Իսկ հետո միանգամից ամեն ինչ գահավիժեց, ընկղմվեց թանձր խավարի մեջ:
* * * * *
Ես ուշքի եկա հիվանդասենյակում: Ձախ աչքս չէր տեսնում, աջը՝ կիսախուփ թարթիչների արանքից միայն: Այո, հիվանդասենյակ էր, չորս մահճակալով, պատերը կրաշաղախով ներկված հիվանդասենյակ՝ կենտրոնում տեղ-տեղ մերկացած էլեկտրալարից կախված հարյուրհիսունվատտանոց լամպով: Բոլոր մահճակալները՝ պահարանիկներով, երկուսը պատի աջ կողմում, երկուսը՝ ձախ, զբաղված էին: Իմ մահճակալը դռան աջ կողմում էր: Ես հիվանդներին մտովի բաժանեցի ըստ թվերի: Դռան ձախ կողմում առաջինը՝ թիվ մեկ, նրա հաջորդը, դեպի պատուհանը՝ թիվ երկու: Թիվ երկուսի դիմաց, արդեն աջ կողմում՝ թիվ երեք: Ես թիվ չորրորդն էի:
– Այ Հաֆիզ, մի տես էս տղային ի՞նչ օրի են գցել, ոնց են նախշել, – մահճակալից իջնելով՝ ծիծաղելով ասաց թիվ մեկ հիվանդը: – Մի նայիր, վալլահ, ոնց որ թե մի հազար հատ մեղրաճանճ միանգամից թափված լինեն վրան:
– Այ Ալլահվերդի, Աթաղանըն ջանը*, մի տես ինչ ահավոր բան է Բաքվում հայ լինելը, և ոչ միայն հայ լինելը, այլև հայի նման լինելը: – Սա թիվ երկրորդ հիվանդն էր:
– Կարո՞ղ է՝ մեռած է: – Ալլահվերդի կոչվածը զգուշորեն մոտեցավ, քիչ կանգնեց ինձ մոտ: – Չէ, մեռած չի, շնչում է: Ջահել տղա է: Լավ դնքսել են: Կարծել են, թե հայ է:
Հողաթափերի քստքստոցից զգացի, որ կրկին ետ գնաց, նստեց իր մահճակալին:
*Աթաղանըն ջանը (ադրբ.) – Աթաղանի արևը վկա: Աթաղանը՝ Միր Մովսում իրական անվամբ, շիա մահմեդական հավատակիցների շրջանում հայտնի էր իբրև անոսկոր մարդ, ինչի համար կոչվում էր Աթաղան, այսինքն՝ միայն մսից կազմված, ապրել է 20-րդ դարում՝ Ապշերոնի թերակղզու Շուվելյան ավանում, որի գերեզմանատանն էլ թաղված է, վայելում է սրբի համբավ, որի անունով երդվում են, իսկ դամբարանի վերածված գերեզմանի մոտ մատաղ են անում:
– Աթաղանըն ջանը, քաղաքում ուժեղ ջարդ ու թալան է գնում: Մարդ կա՝ մի օրում միլիոնատեր է դառնում:
Ես արդեն նրանց ձայները զանազանում էի. սա Հաֆիզն էր:
– Հա, ուժեղ կոտորած ու թալան է, – հաստատեց Ալլահվերդին, ասես ափսոսալով, որ այսպիսի մի պատեհ ժամանակ իրենք հիվանդանոցում պառկած են: – Էստեղ չի, պիտի գնաս Ղարաբաղ՝ կոտորես: Աղդամում տասնմեկ հազար վագոն զենք կա՝ Իրանի դեմ: Եթե Աղդամում էդքան կա, պատկերացրու՝ ուրիշ տեղերում ինչքան է: Ահա էդ զենքը պետք է ուղղել ոչ թե Իրանի, այլ Ղարաբաղի խռովարար հայության դեմ: Ժաննա Գալուստյան,
Զորի Բալայան, Սերժ Սարկիսյան, Ռոբերթ Քոչարյան, Մաքսիմ Միրզոյան, Մանուչարով, Իգոր Մուրադյան, բոլորին կոտորես ու թալանես: Հարկավոր է գաղտնի կերպով մեկ-մեկ ոչնչացնել էդ սեպարատիստներին: Դրանք են ջուր պղտորողները: Եկել են՝ մեր հողում տեղ ենք տվել, հիմի էլ մտքներում դրել են տեր կանգնել էդ հողերին, միանալ Հայաստանին: Ինչ է, մեռե՞լ են էդ հողերի տերերը:
– Իհարկե, – լրացրեց Հաֆիզը: – Խաչքարերը ինքնաթիռներով բերում, անտառներում թափում են, հետո թե՝ մեր հողն է, տեսեք՝ պատմաճարտարապետական հուշարձաններ կան:
– Այ Հաֆիզ, ի՞նչ հուշարձան, ինչ բան: Պետք լինի՝ կպայթեցնենք, հողին կհավասարեցնենք, ոնց որ Ջուլֆայում, նայողն ո՞վ է: Ուժեղ ես՝ տերը դու ես, ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր: Թույլին, անզորին չկա ոչ մի տեղ սեր ու փրկություն: Սա ես չեմ ասում, Նեկրասովն է ասել անցյալ դարի կեսերին: Արիստոտելի խոսքը, թե՝ ճշմարտությունը վեր է ամեն ինչից, հիմարություն է: Հասկացիր, նավթը թանկ է ճշմարտությունից: Այդպես եղել է, այդպես էլ կլինի միշտ: Ղարաբաղի հարցն էլ Ղարաբաղը Ադրբեջանի մեջ պահելու խնդիր չէ սոսկ, չնայած քսան թվականի դեկտեմբերի մեկին Բաքվի խորհուրդների հանդիսավոր նիստում Նարիման Նարիմանովի և Օրջոնիկիձեի վերամբարձ հռետորությամբ արտասանած ճառերին ու հեղկոմի ընդունած դեկլարացիային, որ Խորհրդային Ադրբեջանը հոժար կամքով հրաժարվում է վիճելի գավառներից և հայտարարում է Զանգեզուրի, Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի հանձնումը Խորհրդային Հայաստանին, նույնիսկ Ստալինը «Պրավդայում» հանդես եկավ այդ առթիվ, իմացիր, այդ բոլորը, Հաֆիզ, զուտ դիվանագիտական քայլեր էին՝ հանրային կարծիք ստեղծելու համար, և, այո, այսօր Ղարաբաղը Ադրբեջանի մեջ պահելու խնդիր չէ միայն, այլ Զանգեզուրն Ադրբեջանին վերադարձնելու խնդիր, որով մենք վերջապես կհասնենք մեր նպատակներին՝ Զանգեզուրով միանալ մեր եղբայներին… Դեմիրելն ասում է, որ քսանմեկերորդ դարը թուրքերի դարն է, – մի փոքր դադարից հետո շարունակեց Ալլահվերդին, – մեր դարը, Հաֆիզ, որովհետև մենք ադրբեջանցի չենք, դա Ստալինի հորինածն է, Էլչիբեյն էլ է դա հաստատում, մենք թուրք ենք, ասիլ* թուրք, և ոչ թե ադրբեջանցի… Հարբեցողությունը, թմրամոլությունը, կաշառակերությունն ու բարոյականության անկումը կործանեց հզոր Բյուզանդիան՝ ճանապարհ բացելով թուրքերի համար: Այսօր նույն անփառունակ կործանման եզրին է կանգնած Ռուսաստանը: Ալեքսանդր Երկրորդ ցարը յոթ միլիոն դոլլարով Ալյասկան ծախեց Ամերիկային: Մեկուկես միլիոն քառակուսի կիլոմետր տարածք՝ ձկան ու ոսկու վիթխարի պաշարներով՝ մի այդպիսի չնչին գումարով: Էդպիսի պետությունից ի՞նչ ես սպասում: Ղրիմը տվեցին Ուկրաինային, հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետր տարածություններ՝ Ղազախստանին: Աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում: Ղարաբաղից վեց անգամ ավել և նավթով ու գազով հարուստ մի տարածք՝ Բերինգի ծովում, հենց վերջրերս Գորբաչովն ու Շևարդնաձեն նվիրեցին էդ նույն Ամերիկային: Ռուսաստանի վրա խաչ դիր, Ռուսաստան չկա: Սաղ ռուս ազգը խմած-փռված է պատերի տակ, ջահելությունը՝ տղա, աղջիկ, փրթվում են արաղից ու նարկոտիկից: Նրանց երգը երգված է. աճ չկա: Ռուս ազգաբնակչությունը տարեկան երկու-երեք միլիոնով պակասում է, իսկ դա, գիտե՞ս, ինչ է նշանակում. մի հիսուն-վաթսուն տարուց հետո նրանք այլևս մեծամասնություն չեն կազմի
——————————————————————————
*ասիլ (ադրբ.) – իսկական, զտարյուն
իրենց երկրում: Ահա թե որտեղ է մեր երկրորդ խնդիրը, ազիզըմ* Հաֆիզ… Այո, մեծ ապագա է սպասում մեզ քսանմեկերորդ դարում: Մեծ ու լուսավոր ապագա: Առայժմ մեզ խանգարողը մանկուրտ հայերն են… մեր ժամանակավոր հարևանները:
– Ախ, մերոնց ի¯նչն ասեմ, – տնքաց Հաֆիզը, – տասնհինգ-քսան թվերին ինչո՞ւ դրանց վերջը լրիվ չտվին, որ էսօր նորից գլուխ են բարձրացրել… 1942-ի հոկտեմբերի տասնյոթին Թուրքիան պիտի մտներ Հայաստան, Իսմեթ Իմենյուն բանակն արդեն սահմանագլխին պատրաստ կանգնեցրել էր, բայց Ստալինգրադն
ամեն ինչ փչացրեց… Աթաղանըն ջանը, ես հենց առաջին հեռագրասյունից կկախեի Զորի Բալայանին, երկրորդ հեռագրասյունից՝ Աբել Աղանբեկյանին, հետո՝ Սերո Խանզադյանին, Սիլվա Կապուտիկյանին, Բրուտենցին, Շահնազարովին, Թոքմաջյանին, Սիթարյանին, Քըրքորյանին, Շառլ Ազնավուրին, Գյուլբենկյանին, Ալիխանյանին, Խաչատուրովին…
– Նրանց մեծամեծ մարդիկ այնքան շատ են, որ ձեր հեռագրասյուները չեն հերիքի, – խոսակցությանը խառնվեց թիվ երրորդ հիվանդը:
– Ա¯, վեր եք կացել արդեն,– ասաց Ալլահվերդին:– Մենք էլ կարծում էինք՝ քնած եք:
– Որ կարծում էիք քնած եմ՝ ինչո՞ւ էիք այդքան բարձր խոսում, – դիտողություն արեց Երրորդը:
– Կներեք, ճիշտ եք ասում, – համաձայնեց Հաֆիզը: – Աթաղանըն ջանը, վալլահ, շատ ճիշտ եք ասում:
– Անունս Միրալի մուալլիմ է: – Երրորդը քիչ դադար տվեց, ասաց, – Միրալի Սեիդով: Ակադեմիայում եմ աշխատում: Ձեր անուններն ինչպե՞ս են:
Հաֆիզն ու Ալլահվերդին ասացին իրենց անուն-ազգանունները: Պարզվեց, որ Հաֆիզը տաքսամոտորային հավաքակայանում է
—————————————————-
*ազիզըմ (ադրբ.) – թանկագինս
աշխատում, իսկ Ալլահվերդին ինչ-որ հրատարակչությունում խմբագիր է:
– Երբ ինձ բերեցին, դուք քնած էիք, – ասաց Երրորդը հանդարտ ձայնով: – Վաղուց ե՞ք այստեղ:
– Մի երկու շաբաթ կլինի: Ես ու Հաֆիզը համարյա միասին ենք ընդունվել, երևի միասին էլ դուրս գրվենք, – լայն ժպտաց Ալլահվեր դին: – Ձանձրացել ենք արդեն, բուժումն էլ վերջանալու վրա է: Դեղեր են՝ տանն էլ կընդունենք:
– Իմը ճնշումս է, – բողոքեց Երրորդը՝ Միրալի մուալլիմը: – Պատահում է՝ երկու հարյուրից անցնում է: Սարսափելի բան է, վզիցս բռնում է, ա¯յ, էսպես գալիս, քիչ է մնում գլուխս տեղից պոկվի: Այս ընկերն ո՞վ է, – երևի իմ մասին հարցրեց: – Վիճակը վատ է երևում, շարունակ տնքում, զառանցում է:
– Ոնց որ թե ջուհուդ է: Նոր են բերել: Երկու օրվա մեջ այդ մահճակալին չորս հոգի գնացին էն աշխարհը: Բոլորն էլ հայեր, բոլորն էլ ծեծված, զզվելի կերպով այլանդակված: Մեկի անունը Վոլոդյա էր, ազգանունը Սարգիսյան, մեկի անունը՝ Միխայիլ Սարուխանյան, մեկն էլ լրիվ պառավ մարդ էր, փչեիր՝ քամին կտաներ, տվել աչքը տեղից հանել էին: Նրա անունն էլ Գալուստ էր, ազգանունն էլ Նալբանդյան: Մեկն էլ՝ Պյոտր Նալբանդյան էր: Անունները գրած մոտս կա, պիտի տամ տղերքին:
– Մի տես է, «նալբանդ» բառը մեզնից են գողացել, – հրհռաց Հաֆիզը: – Հետաքրքիր է, ի՞նչ են սրսկում դրանց, որ մի քանի ժամվա մեջ՝ հայդա, գնում են: Աթաղանըն ջանը, գլխավոր բժիշկ Ջհանգիր Հյուսեյնովին ազգային հերոսի կոչում պիտի տալ: Հաստատ:
– Կարծում էինք՝ դա էլ է մեռել, – ծիծաղեց Ալլահվերդին, – բայց տեսանք, որ չէ, շնչում է:
– Դե որ շնչում է՝ կարող է դեռ չի մեռել, – սրախոսեց Հաֆիզը, քահ-քահ ծիծաղեց իր սրամտության վրա: – Երևում է, լավ ջարդել են:
Մի պահ լռություն տիրեց: Այն երկուսին չէի տեսնում, բայց Ալլահվերդին իմ դիմացն էր, տեսնում էի: Հաստաշուրթ, բրդոտ հոնքերով, ասես հաշիշից ննջակոխ, պղտոր աչքերով, երեսունհինգին մոտ տղամարդ էր՝ ադամախնձորը ցցված, լայն ռունգերով: Նոսր մազերը գահավեժ իջնում էին գլխից, նա ձեռքով երբեմն ետ էր տանում դրանք: Խոսում էր դանդաղ, բառերն ասես ծուլորեն թափվում էին ծխախոտից դեղնած բեղերի տակից:
– Հաֆիզ, գնա՞նք ծխելու, – առաջարկեց Ալլահվերդին և դարձյալ հատակին քստքստացին հողաթափերը:
Հաֆիզին նույնպես տեսա՝ միջահասակ, մանր կնճիռներով ծածկված չորուկ դեմքով, էլեկտրական լամպի տակ շողշողացող սեխանման երկարուկ ճաղատ գլխով: Նրանք դուրս եկան: Երկարատև լռություն էր: Երրորդ հիվանդը, հավանաբար, խորասուզված էր ընթերցանության մեջ, հստակ լսվում էր, թե ինչպես էր շրջվում գրքի հերթական էջը:
* * * * *
– Յա ալլահի բիսմիլլահի ռահմանի ռահիմ*: Աթաղանըն ջանը, էս ինչե¯ր են պատմում, – որոշ ժամանակ անց ներս մտնելով՝ խանդավառ ոգևորությամբ ասաց Հաֆիզը: – Ծովափին, ոնց որ տասնութ թվի սեպտեմբերին, իրարանցում է, հարազատներն
իրար կորցնում են՝ ծնողներն իրենց երեխաներին, եղբայրը՝ քրոջը, ամուսինները՝ միմյանց: Ով փող չունի՝ նավի ետևից իրեն նետում է
ծովը, գլուխը կորցրած լողում նավի ետևից, խորտակվում: Հայերին վերևի հարկերից վառված շպրտում են ցած, սպանվածներին ինքնաթափ բեռնատարներով շտապ հավաքում են փողոցներից ու բակերից, իսկ Սաբունչու կայարանի առջևում, ասում են, հայ աղջիկներից խորոված սարքած՝ քեֆ են անում:
– Հայ գեղեցիկ աղջկա խորոված կերած կա՞ս, Հաֆիզ, – բեղի տակ ծիծաղելով՝ հարցրեց Ալլահվերդին:
– Չէ, – գլուխը տարուբերելով պատասխանեց Հաֆիզը և գնաց դեպի իր մահճակալը: – Հետաքրքիր է, ի՞նչ համ ունի, – արդեն այնտեղից եկավ նրա ձայնը: – Աթաղանըն ջանը, ո՛չ հայ աղջկա, և ո՛չ էլ խոզի խորոված՝ կերած չկամ, – քրքռաց նա: – Դրանց դա քիչ է դեռ, լրիվ պիտի վերացնես, գերմանական կայզեր Վիլհելմի ասած՝ թողնելով
——————————————————————————————*մահմեդական աղոթքի խոսքեր՝ նամազի ժամանակ, նշանակում է՝ հանուն մեծ ու բարեհոգի Աստծո (արաբ.)
**Հասարակական արտաքնոց (ռուս.)
միայն մեկին՝ որպես թանգարանային նմուշ:
– Եղբորս զանգեցի, – շարունակեց Ալլահվերդին: – Ասում է՝ 26 կոմիսարների հուշահամալիրը լրիվ քարուքանդ են արել, Մերկուրևի քանդակները կոտրատել, արդեն երկու ժամ է, ասում է, հայկական եկեղեցու դուռը ջարդում են, չի ջարդվում: Մի քանի հոգի տղաներից բարձրացել, պոկել են խաչը, վերևից մտել ներս, ամեն ինչ՝ խաչերով գրքեր, տարբեր նկարներ-բան, վերևից թափում են փողոց, վառում: Ասում է ինչ-որ մեկը ածուխով եկեղեցու պատին մեծ-մեծ տառերով գրել է. «Абшествении тувалет*»: Ժողովուրդը հավաքված ծափահարում, ծիծաղում են: Կիրովի ու
Լենինի արձաններն էլ են պոկել, գցել մի կողմ: Բայց ի¯նչ հոյակապ արձաններ էին… Ռուսներն էլ են փախչում:
– Ռուսնե՞րն ինչու: – Միրալի Սեիդովն էր:
– Որովհետև հասկանում են՝ հայերից հետո հերթն իրենցն է: Քաղաքում ապրող ռուսների ցուցակներն արդեն լրիվ պատրաստ են: Հատուկ կարգադրությամբ՝ երկրորդ ամիսն է թոշակ չեն ստանում, խանութներում, ինչպես հայերին՝ նրանց նույնպես հաց չեն վաճառում: Բա… Ով չգիտի, որ ռուսը թուրքի հավիտենական թշնամին է: Թող կորչեն, գնան իրենց երկիրը, սա մեր հողն է, մեր հողի վրա մենք պետք է ապրենք, ուրիշ ոչ ոք: Ամեն տեղ, ասում է, պատերին գրություններ են փակցված՝ «Ռուսներ, մի գնացեք, մեզ ճորտեր են պետք»: Լավ է, չէ՞… Եղբորս դուռ-դռան ռուս հարևանի դուռը փշրել, մտել են տուն, առաջ եղբորս մոտ էի ապրում, սաղին ճանաչում եմ, ամուսնու գլխին շրխկացրել են ու կնոջը՝ Գալինա Իլյինիչնային, ու տասներկու տարեկան աղջկան, Օլգա է անունը, շատ եմ տեսել, չտեսնված սիրուն աղջիկ է, վեց հոգով բռնաբարել են, չորս տարեկան մյուս աղջկան՝ Մարինային, մինչև դուռը ջարդում էին, հասցրել են թաքցնել խոհանոցի բազմոցի տակ, չեն տեսել: Մի երկու ռուս աղջկա էլ են բռնաբարել տարբեր տեղեր, մի քանի ռուս ընտանիք էլ բնակարաններից են վռնդել, քաղաքի կենտրոնում Ալեքսանդր Գավրյուշին անունով քառասուն տարեկան մի ռուս էլ են սպանել: Սա էլ իր բնակարանում, կացինն առած, իբր, ուզեցել է պաշտպան կանգնի կնոջն ու աղջկան, որոնց հետո քսան հոգով բռնաբարել են: Ախմախ ռուս է, էլի, ասա քսան հոգու դեմ դու ի՞նչ պիտի անես… Էդ պատճառով, ասում է, ռուսների մեջ խուճապ է ընկել: Ասում է էսօրվա հանրապետական թերթերում Բախտիար Վահաբզադեն դիմել է ռուսներին, որ չգնան:
– Իզուր, – տեղից խնդումնալից արձագանքեց Հաֆիզը: – Ավելի լավ, թող գնան: Նրանց տներն ու ունեցվածքն էլ կմնան մեզ:
– Մոռացա, ռուս ու արտասահմանյան ժուռնալիստների ձեռքից լուսանկարչական խցիկներն ու տեսախցիկները, ասում է, խլում, փշրում են: Էդ մեկը ճիշտ են անում, թե չէ, կտանեն աշխարհով մեկ սուտ-մուտ բաներ կտարածեն մեր մասին: Հա, – սրտանց ծիծաղեց Ալլահվերդին: – Կիրովաբադում էլ մարշալ Բաղրամյանի արձանն են քանդել, իսկ Շահումյանի արձանն էստեղ պոկել, տեղը մի շուն են կապել:
– Լավ են արել, – ուրախ վրա բերեց Հաֆիզը: – Կովկասի արտակարգ կոմիսար Շահումյան, դե, գնա կեր: Վալլահ, դա քիչ է, 26 կոմիսարների էդ համալիրն էլ պիտի քանդել, քանդել ու ասել՝ չկա, չեն սպանել, տասնութ թվի ամռանը բոլոր ութ հայ կոմիսարներին վերցրել, փախել է Հնդկաստան:
– Կիրովաբադում հաշմանդամների տնից տասներկու հայի՝ տասմեկ կին և մի տղամարդ, հանել, սաղ-սաղ թաղել են քաղաքից քառասուն կիլոմետր հեռու, Քուռ գետի ափին: Վեց հոգու էլ Հաջիքենդի մոտ են թաղել: Ասում է՝ ուղղաթիռից տեսնող է եղել, Խանլարի մոտերքում ծառերից մարդիկ կան կախված:
– Ադա, շատ էլ լավ են արել, – դարձյալ ուրախ, ոգևորությամբ արձագանքեց Հաֆիզը: – Հայկական գերեզմաններն էլ պիտի էստեղ քանդել, ավերել, մեր կառավարությունը, հաստատ համոզված եմ, էդ էլ կանի: Քաղաքի ու շրջակա բոլոր տեղանուններն ու փողոցների անվանումներն էլ պիտի անմիջապես փոխել, դարձնել ադրբեջանական: Ի՛նչ Զավակզալնի, Կանտապինսկի, Արուշանովսկի, Նագորնի, ռուսսկի, արմյանսկի, փոխել, ջնջել է պետք այդ ամենը, սա հայի ու ռուսի քաղաք չի, մեր քաղաքն է ու մեր արժանավոր մարդկանց անուններով պիտի կոչել էդ փողոցները: Ամեն ինչ կարվի:
– Բա ի՞նչ էին կարծում: Հաշվարկված է, մենակ Բաքու քաղաքում ու արվարձաններում իննսուներկու հազար տուն ու բնակարան է ազատվելու: – Ալլահվերդին էր: – Հայաստանից եկած մեր յուրաքանչյուր ադրբեջանցու ընտանիքին՝ երեք բնակարան: Թող ապրեն, քեֆ քաշեն հայերի տներում, հերիք է ինչքան նրանց ձեռքին տանջվել են… Պրոֆեսոր Վագիֆ Արզումանովը պատը քանդել, մտել է հայ հարևանի տուն, տնեցիներին քշել փողոց:
– Աթաղանըն ջանը, գնում եմ տուն, ես էլ բնակարանի կարիք ունեմ, – ասաց Հաֆիզը: – Հենց էսօր էլ դուրս կգրվեմ: Քաղխորհուրդը հատուկ որոշում է հանել՝ զբաղեցնել բոլոր հայերի տները: Գնամ մի տուն էլ ես վերցնեմ:
– Լսիր, Հաֆիզ, ծիծաղ բան: Երկրորդ հարկում տասնինը հայերի՝ կնիկ, տղամարդ, ծեծված, մարդու տեսքից ընկած, լցրել են համար վեց հիվանդասենյակը, կարո՞ղ ես պատկերացնել՝ տասնինն այլանդակված վիրավոր մարդ, հինգ-վեց տեղանոց հիվանդասենյակում: Իսկական խեղդոց, ո՛չ մի օգնություն, ո՛չ մի բան, բժշկական անձնակազմն ու ադրբեջանցի հիվանդները՝ տարբեր հարկերից, գալիս անպատվում, անխնա ծեծում են դրանց: Երկու տղամարդ և ութսուն տարեկան պառավ մի կնիկ էս գիշեր մեռան: Երևի խեղդվել են տոթից կամ էլ ծարավից են մեռել:
– Բա որ ասում եմ, – աշխուժորեն վրա բերեց Հաֆիզը, – գլխավոր բժշկին հերոսի կոչում պիտի տալ, թող էդպես բոլորը կոտորվեն: Մի թուրք մեռնելիս՝ մոլլա է կանչում, թե հավատս փոխիր, ուզում եմ հայանալ: Մոլլան սրա հավատը փոխում է, վերջին շնչում էս մարդն ասում է. «Ի¯նչ լավ եղավ, մի հայ էլ մեռավ»: – Ասաց ու երկար ծիծաղեց:
– Ներսից մահճակալ-բան դեմ են արել դռանը, – շարունակեց Ալլահվերդին, – բարիկադներ սարքել, որ ադբեջանցիները չկարողանան մտնել ներս…Ղարաբաղ էին ուզում՝ միասո¯ւն, միասո¯ւն, – ծոր տալով լրացրեց նա, – դե գնացեք, ահա, ձեզ միասուն:
– Ոչ թե միասուն, այլ միացում, – ուղղեց երրորդ հիվանդը: – Ճապոնիան նույնպես «միացում» է ուզում, պահանջում է Շիկոտանն ու Խոբամայի կղզեշարքը՝ Կունաշիր, Իտուրուպ, ետ տալ, ինչո՞ւ ռուսները ճապոնացիների կոտորած չեն սարքում: Ղրիմի ռուսները ցույց են կազմակերպել, պահանջում են Ղրիմը վերամիավորել Ռուսաստանի Դաշնությանը, Մոսկվայի շատ ճանաչված մարդիկ՝ Լուժկովը, ուրիշներ, պաշտպանում են նրանց այդ հարցում: Ինչո՞ւ ուկրաինացիները դրա համար չեն կոտորում ղրիմաբնակ ռուսներին: Բասկերը ինքնորոշում, անկախություն են պահանջում Իսպանիայում, բայց նրանց Իսպանիայում ոչ-ոք մատով չի կպչում: Նույնը և շոտլանդացիները՝ Մեծ Բրիտանիայում: Օրինակներ շատ կարելի է բերել, այս ամենը քաղաքակիրթ աշխարհում կասկած չի՞ հարուցում, արդյոք, որ ազգ ու ժողովուրդ չենք մենք, այլ կիսավայրենի խայտաբղետ ցեղերի հավաքածու: Ստեփանակերտում տեղի ունեցած ծնրադիր խաղաղ ցույցերին մենք պատասխանում ենք սումգայիթյան հրեշավոր եղեռնով, ծեր կանանց ու երեխաների անասնական բռնաբարություններով: Ի՞նչ կապ ունեին Սումգայիթի խեղճ ու կրակ բանվոր հայերն իրենցից չորսհարյուր կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցող հանրահավաքների հետ: Ոչ մի կապ:
– Ասկերանում երկու անմեղ ադրբեջանցի սպանվեցին, – փորձեց պաշտպանվել Ալլահվերդին:
– Ստույգ ապացույցներ ունե՞ս, որ հայերն են սպանել: Չունես… Որովհետև հայերը չեն սպանել նրանց, նրանց մերոնք են սպանել: Սումգայիթ կազմակերպելու համար պատրվակ, առիթ էր պետք: Հանրապետության ամբողջ ղեկավարությունը դեպքի օրն այնտեղ՝ Աղդամում էր, Ասկերանի կողքին, հաջորդ երեկոյան նույն կազմով՝ Բագիրով, Հասանով, Սեիդով, Ասադով և այլն, Սումգայիթում էին արդեն: Սա ձեզ ոչինչ չի՞ ասում… Իսկ այդ երկու անմեղ ադրբեջանցիները, հարց եմ տալիս քեզ, ի՞նչ էին անում այնտեղ, հայերը հարսանիքի՞ էին կանչել նրանց Ղարաբաղ: Նրանք մի քանի հազարանոց խաժամուժի հետ գնացել էին կոտորելու խաղաղ հայ բնակչությանը, որոնք կուսակցության մարզկոմի և մարզգործկոմի շենքի առաջ կանգնած, չխախտելով խորհրդային երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության, և ոչ մի կետը, դիմել են Ադրբեջանի և Հայաստանի գերագույն խորհուրդներին, խնդրելով, և ոչ թե պահանջելով, մարզը միացնել Հայաստանին, որովհետև, անցած վաթսունյոթ տարիներին՝ ո՛չ քաղբյուրոն, և ո՛չ էլ նրա գլխավոր քարտուղարը, չեն ժխտում դա, շարունակ ենթարկվել են խտրականության, հայ ազգաբնակչության իրավունքները մշտապես սահմանափակվել ու ոտնահարվել են: Ո՛չ Սումգայիթի հրեշագործության օրերին և ո՛չ էլ դրանից հետո հայերն իրենց թույլ չտվեցին հրահրել պատասխան կոտորած, ազգային գիտակցության ու հպարտության այնպիսի մակարդակ հանդես բերեցին, որը համանման էր տոտալիտարիզմի դեմ ուղղված լեհական ազգային դիմադրությանը: Ահա սա է ազգի մեծությունը, որովհետև ազգի մեծությունը ամենևին էլ նրա թվաքանակով չէ, որ չափվում է, ինչպես որ մարդու մեծությունը չի չափվում նրա հասակով:
– Բայց Ղափանում հո մերոնց կոտորեցի՞ն: – Սա դարձյալ Ալլահվերդին էր:
– Եթե մենք լուրջ մարդիկ ենք, – շատ հանգիստ ձայնով խոսեց Միալի մուալիմը, – և խոսում ենք լրջորեն, չպետք է զրույցի թեմա դարձնենք փողոցային հիմար ասեկոսեներն ու ոմանց միտումնավոր խզբզանքները՝ թերթերում: Կա փաստ և կա խորհրդածություններից հանած մտացածին ենթադրություն, դրանք տարբեր բաներ են, մենք պարտավոր ենք խոսել միայն փաստերի լեզվով: Այսպես, ուրեմն, ես, որպես գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, որպես յոթանասունամյա մի մարդ, որը մի քանի լեզու գիտե, այդ թվում նաև՝ հայերեն, նրանց մամուլն ու պատմիչներին կարդում է ոչ թե թարգմանությամբ՝ կանխամտածորեն վերափոխված ու գիտակցաբար աղավաղված, այսինքն՝ միտումնավոր խեղաթյուրված, այլ բնագրով, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ղափանում ոչ մի ադրբեջանցու սպանություն չի եղել: Սուտ է այդ բոլորը: Սումգայիթում, Կիրովաբադում ու մյուս վայրերում տեղի ունեցած հայկական կոտորածներից հետո Հայաստանի լեռնային Գուգարքի շրջանում ընդհարումներ են եղել, որի ժամանակ մի քանի հայեր ու ադրբեջանցիներ են սպանվել: Հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուր մահ ինքնին ողբերգություն է, ասեմ, որ Հայաստանի տարածքում, ուր մինչ այս դեպքերը հարյուր վաթսուն մեկ հազար ադրբեջանցիներ էին ապրում, քսաներեք ադրբեջանցի է զոհվել: Մեր պառլամենտում քանիցս նշվել է այդ թիվը: Այսքանն է: Այնինչ սպանված հայերի թիվը մեզ մոտ հարյուրների է հասնում: Միայն Բաքու քաղաքում, Կիրովաբադ, Սումգայիթ-բան չհաշված, չհաշված Լեռնային Ղարաբաղն ու շրջանները՝ Շամախի, Աղսու, Իսմայիլլի, Շամխոր, Շաքի, Դաշքեսան, Շահումյան, Խանլար և այլն, կես միլիոնից ավել հայ էր ապրում, այսինքն՝ մոտ երեք անգամ ավելի, քան Հայաստանի բոլոր ադրբեջանցիները միասին վերցրած: Իմ տղան, չեմ ասում որտեղ, բայց բարձր տեղ է աշխատում և, համոզված եղեք, որ նա գիտի ճշմարտությունը: Մնացածը՝ ինչ հեռուստատեսությունն է հաղորդում կամ թերթերում են մոգոնում, զուտ քաղաքակականություն է՝ հեռու ճշմարտությունից:
– Բայց դուք հո չե՞ք ժխտի, որ դաշնակները տասնութ-քսան թվականներին բռնություններ արեցին մեր դեմ, – ասաց Ալլահվերդին: – Անդրանիկը Ղարաբաղում ինչեր ասես, որ չարեց մեր խաղաղ բնակչության հետ: Ի միջի այլոց, Ռասուլ Ռզայի հայտնի բանաստեղծությունը՝ Անդրանիկի դեմ, ես եմ մտցրել նրա երկերի առաջին հատորի մեջ:
– Նախ՝ Անդրանիկը երբեք չի եղել Ղարաբաղում, երկրորդն էլ՝ քո ասածը մեր այս խոսակցության հետ ոչ մի կապ չունի, – մի տեսակ դժգոհ տոնով ասաց Միրալի մուալլիմը: – Բայց կպատասխանեմ: Այո՛, – հաստատեց նա, – բնավ չեմ ժխտում դա, Զանգեզուրում ադրբեջանական երեսուն գյուղ ավերվեց, չեմ ժխտում՝ չարիքը չարիք է հարուցում, սակայն եկեք հիշենք մուսավաթականների արածները, երբ նրանք, դավադիր թողտվությամբ վրացիների (որոնք, օգտվելով հայերի ծանր վիճակից, զավթեցին Ախալքալաքը, Ախալցխան ու Լոռու մեծ մասը), թուրքական Նուրի փաշայի զորքի հետ Թիֆլիսից Գյանջայի վրայով տասնութ թվի սեպտեմբերին եկան Բաքու՝ ճանապարհին ավարի ու ավերի ենթարկելով ինչ որ հայկական էր: Երեք օր ու երեք գիշեր ու դրանից էլ հետո, հայկական կոտորած էր այստեղ: Ի միջի այլոց, Բաքվի այդ կոտորածի համար մուսավաթական կառավարության ներքին գործերի նախարար Ջիվանշիր Բեհբուդխանին, որին, ընտանիքի հետ միասին, Շահումյանն իր տանը պատսպարել, փրկել էր մարտյան դեպքերի ժամանակ, և վարչապետ Խան-Խոյսկուն հայ վրիժառուները մահապատժի ենթարկեցին, Ջիվանշիրին՝ Ստամբուլում, Խան-Խոյսկուն՝ Թիֆլիսում, ինչպես որ տասնհինգ թվականի կոտորածների համար սպանեցին Թալեաթ փաշային, Էնվեր փաշային, Ջամալ փաշային, մեծ վեզիր ու վարչապետ Սայիդ Հալիմ փաշային ու մյուսներին… Ի դեպ, Թալեաթի մասունքները Թուրքիային են հանձնվել Հիտլերի կարգադրությամբ: Բաքվում այն ժամանակ էլ այսօրվա պես ավերում, այրում էին հայերի տները, հափշտակում նրանց ունեցվածքը, բռնաբարում կանանց ու երեխաներին՝ հինգ-վեց տարեկանից սկսած մինչև վաթսուն-վաթսունհինգ տարեկանները, և նրանց ձեռքը բռնող չկար: Ձեզ եմ պատմում, ուրիշ տեղ չեմ պատմի, որովհետև պատմելու բան չէ սա, պետական գաղտնի արխիվում եմ կարդացել: Հայերից այդ օրերին հինգ հարյուր յոթանասուներկու հոգի բռնաբարվել է, եղել են բազմաթիվ դեպքեր, երբ միևնույն անձնավորությունը բռնաբարվել է մի քանի անգամ և մի քանի մարդկանցից և կամ կողոպտիչների միևնույն խմբի կամ տարբեր խմբերի մարդկանց կողմից: Եղել են դեպքեր, երբ դեռահաս աղջիկներ՝ տասը, տասներկու, տասնչորս տարեկան, բռնաբարվել են ծնողների ներկայությամբ, եղել են դեպքեր, երբ մորը և աղջիկներին բռնաբարել են միաժամանակ և իրար ներկայությամբ, եղել են դեպքեր, երբ սրի են քաշել ընտանիքի տղամարդկանց և նրանց դիակների կողքին բռնաբարել նրանց կանանց, մայրերին, դստրերին, քույրերին…
– Սումգայիթում էլ է էդպես եղել, – արձագանքեց Ալլահվերդին, բերանը լայն բաց արած՝ ամբողջ դեմքով երկար հորանջեց: – Քաղբյուրոյի նիստում, այդ մասին ես կարդացել եմ, Յազովը նշում է, որ Սումգայիթում ադրբեջանցիները երկու հայ կնոջ կուրծք են կտրել, մի կնոջ էլ գլխատել են, իսկ մի հայ ջահել աղջկա, էդ սղագրության մեջ դա էլ կա նշված, ուղղակի մաշկահան են արել: Մեր ժողովուրդն էդպես է՝ արյան հոտ առավ, էլ չես կանգնեցնի…
– Եվ մենք կոչվում ենք ա՞զգ, – բորբոքվեց Միրալի մուալլիմը: – Կոչվում ենք մա՞րդ: Այդ դեպքում՝ ո՞րն է գազանը, եթե մենք մարդ ենք… Պաշտոնական թվերով, այդ տասնութ թվականին Բաքվում հազար հարյուր քառասուներկու հայ հարս ու աղջիկներ են առևանգվել երկու ամսվա մեջ, իսկ թե իրականում քանի հոգու են առևանգել, աստված գիտե: Նրանց թաքցնում էին Բաքվին մոտիկ արվարձաններում, դաչաներում, գյուղերում, մի մասը ծախել են Պարսկաստանի քուրդ բեկերին, մի մասը՝ տարել Թուրքիա և արաբական երկրներ: Բաքվի Հայոց ազգային խորհուրդը շատ է չարչարվել՝ գտնել ու փրկել նրանց, բայց, ապարդյուն, չեն կարողացել գտնել: Քաղաքի այն ժամանակվա հարյուր տասը հազար հայ ազգաբնակչության համարյա կեսը բնաջնջվեց այդ օրերին: Իսկ ի՞նչ եղան թուրքական զորքի առջևից փախած այն քսանհինգ հազար մերկ ու անոթի հայերը՝ Եվլախից, Գյոքչայից, Աղդաշից, Աղսուից, Շամախուց ու այլ տեղերից, որոնք ահավոր պայմաններում պատսպարվել էին մալականների գյուղերում՝ Մարազա-բան, ոչ ոք չգիտե, ինչպես որ անհայտ է նաև ավստրա-գերմանական ռազմաճակատից տուն վերադարձող տասը-տասներկու հազար այն հայ զինվորականների ճակատագիրը, ովքեր Շամխորի հունվարյան արյունոտ դեպքերից հետո, որում իրենց մեծ մեղքն ունեն նաև վրաց մենշևիկները, հատկապես Նոյ Ժորդանիան ու Ռամիշվիլին, ճանապարհները փակվելու պատճառով, մնացել էին Բաքվում: Ալյաթ կայարանից սկսած, երկաթուղու ամբողջ երկարությամբ՝ Քյուրդամիր, Լյաքի, Հաջիգաբուլ, Խալդան, Ուջար, մինչև Վրաստանի սահմանը՝ Փոյլու կայարան, համակենտրոնացման ճամբարներ էին ստեղծված, հազարավոր հայ տղամարդկանց գիշեր-ցերեկ բանեցնում էին այդ ճամբարներում, տանջամահ անելով սպանում: Բանտերը նույնպես լցված էին հայերով, որոնք անասելի կտտանքների էին ենթարկվում այնտեղ: Փողոցներից ու տներից, առանց որևէ պատճառի, տանում էին հայ մարդկանց և այլևս ոչ ոք չէր տեսնում նրանց: Ավաղ, անմեղ զոհերի արյամբ ստեղծվեց մեր առաջին պետությունը: 1916 թվականին Շաքիի տարածքում քառասունհինգ հազար հայ էր ապրում, Նուրի փաշայի զորքն այնտեղով անցնելուց հետո մնացել էր չորս հազար հայություն: Նույնը և մյուս տարածքներում, Շամախու տարածքում, ուր յոթանասուներկու հազար հայ էր ապրում, 1926 թվականի մարդահամարով մնացել էր տասներկու հազար, վաթսուն հազարը ոչնչացվել էր: Իսկ ի՞նչ արեցին մուսավաթականներն ու թուրքերը Ղուբայի, Խաչմազի ու Լենքորանի բազմահազար հայության հետ: Տասնյակ գյուղեր հայաթափ եղան այդ շրջաններում: Նուխիում մի քանի օրվա ընթացքում տասնմեկ հայկական գյուղ հրդեհվեց: Մի տասնամյակ հազիվ չանցած, կրկին անգամ ավերվեցին Նախիջևանի, Օրդուբադի, Արեշի, Ղազախի, Եվլախի, Գյոքչայի, Աղսուի, Աղդաշի բոլոր հայկական գյուղերն ու Ագուլիս քաղաքը: Միայն ներկայիս Շամախու շրջանում, ինչպես ասացի, քսանհինգ գյուղ ավերվեց, չհաշված Շամախու հայկական թաղամասը, չհաշված հենց Ղարաբաղի մոտ հարյուրի հասնող գյուղերն ու Շուշի քաղաքը: Վրացական «Ցկորի Ֆուրցելի» թերթը Շուշի քաղաքի ավերման մասին այդ օրերին գրել էր, թե Կովկասում մի ադամանդ կար, թուրքերը փշրեցին: Մեր խոսքն այդ մասին չէ այսօր:
– Բոլոր դեպքերում հայերը մեզնից չպետք է պահանջեին Ղարաբաղը, – մահճակալի վրա մեկնվելով ու վերստին ձայնեղ հորանջելով՝ ասաց Ալլահվերդին:
– Այս հարցում ես համակարծիք եմ քեզ, – վրա բերեց Միրալի մուալլիմը: – Ասեմ՝ ինչու:
Ալլահվերդին գլուխը թեքեց, ուշադիր նայեց զրուցակցի կողմը:
– Նախ, ասեմ, որ Ղարաբաղը մեզ համար զուտ տարածք է, նրանց համար սուրբ հայրենիք, երկրորդը՝ հայերը Ղարաբաղը մեզնից չպետք է պահանջեին, որովհետև Ղարաբաղը, ինչպես և Նախիջևանը, ոչ թե Ադրբեջանն է խլել Հայաստանից, – շարունակեց նա, – այլ Մոսկվան է նվիրել մեզ: Ճիշտ այդ ձևով, 1921 թվականին, համաձայն մոսկովյան պայմանագրի, Արարատ լեռը, մերձակա հայկական շրջանների հետ միասին, տրվեց Թուրքիային, փոխարենը ստանալով Բաթումին, որը միացվեց Վրաստանին: Դրա համար էլ, այստեղ ես համաձայն եմ քեզ հետ, հայերը Ղարաբաղը պետք է պահանջեն ոչ թե Ադրբեջանից, այլ Մոսկվայից, որը և հեղինակն է ազգամիջյան այս ընդհարումների և թշնամության: Ահա քեզ նոր ապացույց. ասօր Բաքու քաղաքում հայերին անխնա կոտորում են՝ Գորբաչովը Լեռնային Ղարաբաղում է անձնագրային ռեժիմ ու արտակարգ դրություն մտցնում, ուր ապաստան են գտել Սումգայիթից և այլ վայրերից փախած հայերը: Սումգայիթը նույնպես ոչ թե ադրբեջանցիները կազմակերպեցին, այլ ադրբեջանական կուսակցական մաֆիան՝ համաձայն Կրեմլից տրվող հրահանգների: Ինչո՞ւ չկանխվեց կոտորածը, ինչո՞ւ զորքը երեք օր պարապ կանգնած՝ չէր միջամտում: Ներքին գործերի նախարարի հրամանով մոտ օրերս բանտերից յոթհարյուր քրեական հանցագործներ ազատ են արձակվել, ինչո՞ւ: Պարզ է, թե ինչու: Գիտե՞ք, թե ժողովրդական ճակատի ղեկավարներից մեկին՝ Սամեդ Վուրղունի ավագ որդուն՝ Յուսիֆ Սամեդօղլուն ինչ է պատասխանել կուսակցության Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աբդուռահման Վեզիրովը: Սամեդօղլու հաղորդմանը, թե շաբաթ օրը, հունվարի տասներեքին, քաղաքում հայերի ջարդ է սպասվում, հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել, նա պատասխանել է. «Ոչինչ, թող տղերքը մի քիչ լիցքաթափվեն»:
Միրալի մուալլիմը քիչ լռեց, ասաց.
– Ահա թե ինչ է նշանակում հանգամանորեն կազմակերպված կոտորած: Այո, բոլոր նշաններով կազմակերպված կոտորած է՝ հովանավորված վերևից: Սա կայսրության հետևողական քաղաքականություն է՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով: Ինչո՞ւ սումգայիթյան ցեղասպանության, այդ ահավոր ոճրագործության կազմակերպիչներն ու իրագործողները չստացան իրենց արժանի պատիժը: Եթե ստանային՝ Բաքուն չէր լինի այսօր: Երկրի ղեկավարությունը ոչ պակաս ծանր հանցանք գործեց՝ Սումգայիթում, ըստ ազգային պատկանելության հայերի զանգվածային կոտորածը որակելով որպես քրեական սովորական հանցանք: Ինչո՞ւ հետաքննության ղեկավարումը հանձնարարվեց մեկին, ով մեղսակից էր այդ գործում: Մի՞թե պարզ չէր, որ այդ Կատուսևն ամեն ինչ պիտի աներ՝ գործը տապալելու համար: Ո՞վ պետք է պատասխան տա այս բոլորի համար: Ասեմ ձեզ՝ ոչ ոք: Որովհետև ազգամիջյան պառակտումն ու կոտորածները կատարում են նրանք, ովքեր դեմ են վերակառուցմանը, նրանք կկործանեն և՛ վերակառուցումը, և՛ Գորբաչովին, ինչպես ժամանակին կործանեցին Խրուշչովին, հրահրելով նրան հարձակվել մտավորականության վրա, դրանով իսկ զրկելով նրան երկրում իր վերջին համախոհից, այն համախոհից, որը երախտապարտ էր նրան ճամբարներից ազատելու համար: Վերակառուցման հակառակորդները չէի՞ն, արդյոք, որ քաղբյուրոյի փակ նիստում որոշեցին քաղբյուրոյի երկու անդամներին՝ Ալեքսանդր Յակովլևին և Եգոր Լիգաչովին ուղարկել Անդրկովկաս՝ մեզ մոտ: Յակովլևին՝ Երևան, ուր նա հայտարարեց, թե Ղարաբաղը Հայաստանի պատմական տարածքն է, Լիգաչովին՝ Բաքու, ուր նա ասաց բոլորովին հակառակը՝ «Ղարաբաղը կմնա Ադրբեջանին»: Եվ, ահա, այստեղ կրկին գլուխ բարձրացրին Սումգայիթի կազմակերպիչներն ու նրանք, ովքեր սիրում են էժանագին միավորներ հավաքել ժողովրդի մեջ: Չնայած, իրականում նրանք թքած ունեն ժողովրդի վրա: Քիչ առաջ ձեզնից ո՞րն էր՝ հեռագրասյուներից կախում էր Զորի Բալայանին, Սերո Խանզադյանին… Իսկ ոչ մի մեղք չունե՞ն, արդյոք, Զիա Բունիաթովը, որի առաջին կինը, ի միջի այլոց, հայուհի է, պատերազմի ժամանակ նա է հոսպիտալում մահից փրկել պատժիչ գումարտակի հրամանատար Բունիաթովին, նրանից նա մի տղա զավակ ունի, Բախտիար Վահաբզադեն, որի տատը նույնպես հայուհի է, Բայրամ Բայրամովը, Խալիլ Ռզան, Հասան Հասանովը, Սաբիր Ռուստամխանլին, Զեյնաբ Խանլարովան, Ազատ Շարիֆովը, մյուսները: 1905 թվականին, երբ Նիկոլայ Երկրորդը մեր երկու ժողովուրդներին դավադրաբար հանեց իրար դեմ, ու նմանապես տասնութ թվականին, Բաքվի կոմունայի պարտությունից հետո, մեր ժողովուրդների արժանավոր զավակները՝ Սաբիրը, Հովհաննես Թումանյանը, Ջաբար Ջաբարլին, ղարաբաղցի բանաստեղծ ու հայտնի բժիշկ Լևոն Աթաբեկյանը, որը մարտ ամսին սպանվեց սպիտակ դրոշը բռնած հաշտության գնալիս, ոտքի ելան ընդդեմ վայրագության՝ դատապարտելով դրանց կազմակերպիչներին ու հեղինակներին: Իսկ ի՞նչ են անում այսօրվա մեր գրողները, մշակույթի մեր գործիչները, նրանք զբաղված են մեր ժողովուրդներին իրար դեմ լարելով, կրքեր բորբոքելով: Դժբախտաբար, և՛ հայերը, և՛ ադրբեջանցիներս, շարունակ ճգնում ենք ապացուցել, թե ինչն է մեզ զատում իրարից, երբեք չմտածելով, որ մեզ միացնողը, իրար կապողը, ախր, ավելի շատ է, քան տարանջատողը: Չնչին բացառությամբ՝ նույնն են մեր ադաթները, երաժշտությունը, երգն ու պարը, համով-հոտով կերակուրները, հարգանքն ու պաշտամունքը՝ ծնողների և առհասարակ մեծերի ու կանանց հանդեպ, նույնն ենք ընտանեկան պատվի, հյուրասիրության, նամուսի ու բարոյականության հարցերում, նույնն են մեր հարսանիքները, սրտալի խոսքն ու զրույցը, ծիծաղն ու ուրախությունը, նույնն է համարյա ամեն ինչ՝ հարազատ ու սրտամոտ, պարզապես անտեսվում են այդ բոլորը, որովհետև Կրեմլին ու մեր վերնախավին ձեռնտու չէ դա:
Տիրեց լռություն:
– Անգլիացները հազարավոր մղոն հեռավորության վրա գտնվող Ֆոլկլենդի կղզիներ հասան երեք օրում, նույնքան ժամանակ պահանջվեց նաև մեր զորքերի համար, որպեսզի Սումգայիթի կողքին գտնվող Նասոսնի ռազմական բազայից հասնեն Սումգայիթ: Սումգայիթում երեք ժամ չէ, Գորբաչովը ստում էր՝ ինչպես միշտ, երեք օր ուշացավ զորքը, քանի՞ օր կուշանա այստեղ, Բաքվում՝ հայտնի չէ: Ամոթալի արարքներ գործող մարդկանցից շատերը պերճախոս ճառ ասողներ են լինում: Գորբաչովը դրանցից է… Այսօր 1990 թվականի հունվար ամիսն է, ես կասեի սև հունվար ամիսը, խոսքս լավ հիշեցեք, այս կոտորածը պատրվակ է՝ հատուկ կազմակերպված, զորքը Բաքու մտցնելու համար: Եվ այն էլ ոչ թե հայերին պաշտպանելու, այլ առաջիկա խորհրդարանական ընտրություններն արտակարգ դրության պայմաններում անցկացնելու, կոմունիստական ռեժիմը պահպանելու համար: Շուտով դուք դրա վկան կլինեք:
– Միրալի մուալլիմ, – նստելով մահճակալին, շողոմ ու խռպոտ ձայնով ասաց Ալլահվերդին: – Տեսնում եմ, ֆենոմենալ հիշողություն ունեք և պատմություն էլ լավ գիտեք: Ես էլ վատ չգիտեմ, բայց ես գրականության մասնագետ եմ, ի միջի այլոց, բանաստեղծությունների մի երկու գիրք եմ հրատարակել: Լսած կլինեք՝ Ալլահվերդի Մամեդլի: Մի խոսքով, պատմության մասնագետ չեմ: Ռասուլ Ռզայի երկերի վեցհատորյակը ես եմ խմբագրել, շատ անգամ եմ հանդիպել նրա հետ Պասսաժի՝ երկրորդ հարկի իր շքեղ տանը: Նա ասում էր, որ Ղարաբաղի հայերը եկվոր են, Գրիբոյեդովն է նրանց Իրանից փոխադրել մեզ մոտ՝ Ադրբեջան: Նա մի բան էլ է ասել, որ չի գնում իմ մտքից: Ասում էր՝ հողը, ձին և սեփական կնոջը ուրիշի տալ չի կարելի, դրանք, ասում էր, արյան գնով են նվաճվում:
– Ես եղել եմ Ֆրանսիայի ազգային գրադարանում, այնտեղ 17-րդ դարի մի հազվագյուտ քարտեզ է պահպանվում, իտալացի հայտնի քարտեզագետ Ջակոմա Կանտելլիի գծագրած քարտեզն է, ըստ որի՝ Արաքս գետից աջ ու ձախ ընկած տարածություններում, ընդհուպ մինչև Քուռ գետի աջափնյա ամբողջ տարածքը, հայեր են ապրել: Միայն հայեր: Մեր հետքն անգամ էդ տեղերում չի եղել: Այդ քարտեզում Հայաստանի մեջ են ընգրկված ոչ միայն Վանը, Կարինը, մեր լեզվով՝ Էրզրում, Ղարսն ու Անին, այլև Նախիջևանը, Շուշին ու Ջուղան, որ մենք հետագայում կոչեցինք Ջուլֆա: Ի՞նչ են գրում աշխարհի հանրագիտարանները մեր մասին: Ասեմ՝ ոչինչ չեն գրում: Բրիտանական հանրագիտարանի առաջին տպագրությունը թվագրվում է 18-րդ դարով: Ռուսական կայսրության Բրոքգաուզի ու Եֆրոնի հանրագիտարանը սկսել է տպվել 1890-ից և ավարտվել 1907-ին: Իսլամի թեմայով առաջին հանրագիտարանը հրատարակվել է 1913-ից: Հանրագիտարանների վրա աշխատել են տասնյակ մասնագետներից բաղկացած խմբեր լավագույն գիտական հաստատություններից: Հատկապես ուշագրավ է թվում Իսլամի հանրագիտարանը, որի առաջին հրատարակությունը տպվել է Նիդեռլանդների Լեյդեն քաղաքում, ուր Ադրբեջան անունը վերաբերում է բացառապես Իրանական Ատրպատականին: Որևէ Կովկասյան Ադրբեջանի մասին հանրագիտարանում խոսք չկա: Ըստ հանրագիտարանի՝ Ադրբեջանը հյուսիսից սահմանակից է Կովկասին: Այսինքն, հանրագիտարանի համաձայն, Կովկասում Ադրբեջան չկա, այլ միայն Կովկասից հարավ: Հանրագիտարանը որպես մահմեդական աշխարհի հետ շփումներ ունեցող և աշխարհագրորեն մոտ երկիր համապարփակ անդրադառնում է Հայաստանին: Ընդ որում, եթե Ատրպատական-Ադրբեջանի բաժինը գրքում զբաղեցնում է մեկուկես էջ, Հայաստանինը՝ տասնչորս էջ է, իսկ Ղարաբաղի մասով նշվում է, որ նախկինում այն հանդիսացել է Հայաստանի Արցախ նահանգը: Բրիտանական հանրագիտարանում նույնպես Կովկասյան Ադրբեջանի մասին հիշատակում չկա: Բրոքգաուզի և Եֆրոնի՝ Սանկտ-Պետերբուրգում հրատարակած «Մեծ հանրագիտարանում» քո հարցի պատասխանը կա: Բայց, ոչինչ, սպասիր մի ադելֆան խմեմ, պատասխանդ տամ, – երկար ընդմիջումից հետո խոսեց Միրալի մուալլիմը: – Ճնշումս մի քիչ բարձրացավ:
Ես լսեցի շշից բաժակի մեջ թափվող ջրի ձայնը: Երևի նա դեղահաբից հետո ջուր էր խմում: Պառկա՞ծ էր նա, թե նստած՝ չգիտեի, ես չէի տեսնում նրան: Ալլահվերդին՝ ձեռքը ծնոտի տակ, սպասում էր իր հարցի պատասխանին:
– Այդ հանրագիտարանում, – հանդարտ սկսեց Միրալի մուալլիմը, – «Ադրբեջանը» գործածված է որպես զուտ աշխարհագրական հասկացողություն և բնավ ոչ որպես երկիր, պետություն: Դու ճիշտ ես, – դառնալով Ալլահվերդուն, ասաց Միրալի մուալլիմը, – եթե բնությունն ինձ մի լավ բան է տվել, ապա դա, իրոք, բացառիկ հիշողությունն է, դրա համար հատորն էլ կարող եմ ասել, էջն էլ՝ երկրորդ հատոր, էջ՝ 212: Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ «Ադերբիջան, Ադերբեյջան, Ադերբայջան, Ազերբեյջան կամ Ազարբայջան՝ մարզ Պարսկաստանի հյուսիսային մասում, Ուրմիա մեծ լճով, հարավային սահմանագիծն է Կիզիլ-Ուզեն գետը, հյուսիսայինը՝ Արաքսը… բնակեցված գլխավորապես պարսիկներով, բայց կան և քոչվոր ցեղեր: Հայ և հունահռոմեական գրողներն այն կոչում են Ատրոպատեն»: Այսօրվա Ադրբեջանի մասին խոսք չկա, Հայաստանի մասին կա, այն էլ մի քանի էջ, Վրաստանի մասին կա, Դաղստանի մասին՝ նույնպես կա, ընդ որում՝ Քյուրինգի և Ղուբայի գավառները՝ Բաքու և Դերբենդ քաղաքներով, մտնում էին Հարավային Դաղստանի կազմի մեջ: Այդ ամենի մասին, այո, կա, բայց այսօրվա Ադբեջանի մասին՝ ոչ մի խոսք: Որովհետև, ինչպես մինչ այդ, այնպես էլ այն ժամանակ, այսինքն՝ ուղիղ հարյուր տարի առաջ, Արաքսից հյուսիս՝ Արևելյան Անդրկովկասի այս ամբողջ տարածքում, Ադրբեջան անունով երկիր չի եղել ու չկար, գոյություն չուներ: Տասնյոթերորդ դարի թուրք պատմիչ Չելեբին «Ջիհան-նյումա»-ում բերում է 1222 թվականին վախճանված Մակամատայի Շարնեշի խոսքերն այն մասին, որ Հայաստանը կազմված է երեք մասից, դրանցից առաջինը Դեբիլն է, Կալիկալան, Խլաթն ու Շեմիսաթը, երկրորդը՝ Պարտավը, Բայլականը, երրորդը՝ Նախիջևանը: Պարտավն ու Բայլականը ընդգրկում էին ողջ Կուր-արաքսյան միջագետքը, այսինքն՝ Առանը, որը, ըստ արաբ, պարսիկ, թուրք, եվրոպացի հեղինակների՝ Հայաստանի հյուսիս-արևելյան մասն էր կազմում: Առանի մայրաքաղաք Պարտավը, այսօրվա Բարդա քաղաքն այսինքն, միջնադարում Էրմյանի Շեհար* էր կոչվում, Բարդայի մոտ, հսկա չինարու տակ, այսօր էլ աղբյուր է բխում՝ Էրմյանի Բուլագ** անունով: – Մի խոսքով, – հանգիստ տոնով շարունակեց Միրալի մուալլիմը, – Ադրբեջան անունով երկիր չկար այս տեղերում, այն ստեղծվեց 1918 թվականին՝ մեծամասամբ Դաղստանի, Հայաստանի, Վրաստանի և Թալիշստանի հաշվին՝ մեր եղբայրակից թուրքերի, անգլիացիների և բոլշևիկների օգնությամբ: Ու նաև անձամբ Ստալինի ջանքերով, Ստալինի շնորհիվ, որովհետև Շահումյանին գնդակահարելուց հետո, որի մեջ, անշուշտ խառն էր Ստալինի մատը, Կովկասին վերաբերող բոլոր զեկույցները, բոլոր հարցերը Լենինը նրան էր մակագրում, նրա հետ էր խորհրդակցում: Մեզ հատկացված այդ տարածքների վրա ապրող ազգություններն ու քոչվոր մուսուլման ցեղերը՝ համշարի, թուրք, քուրդ, թարաքյամա, թաթար, քյոլանի, դաղլի, հյուսիսային շրջաններում բնակվող լազ, աղվան, լյազգի, իրանախոս թալիշ ու թաթ և այլն, նույն Ստալինի թելադրանքով նորաստեղծ երկրին տրված «Ադրբեջան» ժամանակավոր անունով երեսունվեց թվականից սկսեցին կոչվել ադրբեջանցիներ: Դե, եթե երկիրը կա, այդ երկրին պատմություն է պետք: Որոշվեց ստեղծել և այդ պատմությունը: Ստալինի առաջարկությամբ երեսունութ թվականին ռուս գիտնական Դյակոնովի գլխավորությամբ
————————————————————————————
*Էրմյանի Շեհար – Հայի քաղաք
**Էրմյանի Բուլագ – Հայի աղբյուր
հանձնաժողով ստեղծվեց, որի մեջ մտնում էր նաև հայ պատմաբան Սուրեն Երեմյանը: Նրանց գործն այնուհետև շարունակեց Յանպոլսկին, վաթսունական թվականներից սկսած Զիա Բունիաթովը և ուրիշներ: Սկզբում խոսք կար միդիացիներին համարել մեր նախահայրերը, հետո որոշվեց՝ աղվաններին: Մեզ մոտ՝ Բաքվում, քսաներեք թվականին գիրք է հրատարակվել «Համառոտ ակնարկ Ադրբեջանի պատմության»: Եվգենի
Պախոմովն է հեղինակը, ինչ որ ասում եմ, այնտեղ լրիվ կա, կարող եք կարդալ: Եթե գտնեք իհարկե… – Նա քիչ հապաղեց, ավելացրեց, – Ասենք, հազիվ թե գտնեք:
– Ինչո՞ւ, – տարակուսեց Ալլահվերդին:
– Սուլթան Աբդուլլա Համիդի՝ գրաքննության մասին հայտնի հրահանգի յոթերորդ հոդվածով Օսմանյան տերության մեջ արգելված էր «Հայկական լեռնաշխարհ», «Հայաստան» և պատմության ու աշխարհագրության վերաբերյալ նման այլ անունների հիշատակումը: Ես էլ եմ նույն հարցը տալիս՝ ինչո՞ւ:
Տիրեց լռություն:
– Իսկ Ռասուլ Ռզան քեզ չի՞ ասել, որ Բալաբեկ Լալաևի այդ շքեղ տան մեջ, ուր նա փառավորապես ապրում է, քսանչորս հոգու՝ բոլոր տնեցիներին, մանկահասակ երեխաների հետ միասին, իր եղբայրակիցները մորթոտել են հինգ թվականի փետրվարի իննին, իսկ իրեն՝ Լալաևին ու նրա կնոջը, ուղղակի տան սանդուղքների վրա գնդակահարել են՝ տիրելով նրա շքեղ տանն ու ունեցվածքին:
Նորից լռություն:
– Թե Ռասուլ Ռզան քեզ ինչ է ասել, ես չգիտեմ, քեզ է ասել, ինձ չի ասել, – ի վերջո կրկին խոսեց Միրալին մուալլիմը: – Ինչ վերաբերում է Գրիբոյեդովին, դա ճիշտ է: Նրա աջակցությամբ և անմիջական օգնությամբ, համաձայն Թուրքմենչայի պայմանագրի, քառասուն հազար հայեր փոխադրվել են Հայաստան, Արարատյան դաշտ: Բայց այդ հայերը ոչ թե տարաբնակեցվել են, այլ վերադարձել են Հայաստան, որտեղից 1604-1605 թվականներին նրանց քշել էր Շահ Աբբասը: Նա երեք հարյուր հիսուն հազար հայ էր քշել Պարսկաստան, ավերելով նրանց գյուղերն ու քաղաքները: Մի այդքան էլ Նադիր շահն է քշել 1734-ին: Այդ վերադարձած հայերով բնակեցված ընդամենը մի քանի գյուղ կա Ղարաբաղում: Մեկն էլ Շամախու շրջանում է՝ Մադրասան, Սաղյան հինավուրց գյուղի մոտ: Մեսրոպ Մաշտոցն այս Սաղյանում հայերեն դպրոց է հիմնել: Այն, ինչ կասեմ ձեզ, ինչպես քիչ առաջ ասացի, ես ուրիշ տեղ չեմ պատմի, իհարկե: Հայերն ասում են՝ շիտակ խոսողի ձին դուռնա պետք: Բայց ճշմարտությունն իմանալ պարտավոր ենք… Ղարաբաղի տարածքում, կամ ինչպես հնում էին ասում՝ Արցախում (տարբեր ժամանակներում կոչվել է նաև Օրխիստան, Ծավդեք, Փոքր Սյունիք, Հայոց Արևելից աշխարհ, Խաչեն), սկսած Սևանա լճի արևելյան ափից մինչև Արաքս ու Քուռ գետերը, այնտեղից էլ մինչև Վրաստանի հարավային սահմանները, հայերն ապրում են վաղնջական ժամանակներից և ոչ թե Գրիբոյեդովից հետո: Այլապես բյուզանդական թագավոր Կոնստանտինը տասերորդ դարի առաջին կեսին իր նամակը չէր հղի՝ «Հայաստան, Խաչենի իշխաններին»: Բնիկ շուշեցի, մեր դասական գրող Յուսիֆ Վեզիր Չեմենզամանլիի «Ալի և Նինո» վեպում մի հատված կա, ուր նկարագրվում է, թե ինչպես Բաքվից Շուշի հանգստանալու եկած Ալիին տանտեր ադրբեջանցին մանրամասնորեն պատմում է իրենց նախնիների Ղարաբաղ գալու մասին ու նաև բացատրում է, որ հնում Ղարաբաղը կոչվում էր Աղվանք, իսկ ավելի վաղ շրջանում՝ Արցախ: Կարդացեք Քսենոֆոն-Ստրաբոնից մինչև Մարկո Պոլո, Ալիշան ու Օրբելի, նմանապես արաբական ու հունա-հռոմեական բազմաթիվ հեղինակների երկերը, և դուք կտեսնեք, որ Քուռ գետի աջափնյա մշակութային միջավայրը եղել է հայկական, այդ միջավայրի ստեղծագործություններն էլ եղել են հայերեն: Հայկական են այդ ամբողջ տարածքի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, բերդամրոցները, դրանք ինքնաթիռներով փոխադրել հնարավոր չէ, պատմաճարտարապետական ու հնագիտական մյուս բոլոր հուշարձանները: Հայերեն տառերով ու հայոց լեզվով են փորագրված տասնյակ հազարավոր վիմագրությունները: Հայկական են նաև արձանագրություններում հիշատակվող դեպքերը, դեմքերը, իրադարձությունները՝ բազմիցս վկայված Համդալլահ Ղազվինիի, Շարաֆ-խան Բիթլիսիի, Ժան Շարդենի, Ջակոմա Քանտելլիի, Շառլ Դիլի, Տրեվերի, իբն Խաուկալի, էլ որ մեկն ասեմ՝ Վոլտեմարի, Ալ-Իստակամի, Լինչի, Ալ Մուգադասինի, Աբուլ-Ալ-Ֆարաջի, միջնադարյան հայ պատմիչների և այլոց երկերում, օտար հեղինակների աշխատություններում, այդ թվում նաև նախահեղափոխական շրջանի մեր բոլոր պատմաբանների գործերում: Ի վերջո, հայկական են նաև այդ հուշարձանների անունները:
– Ուրեմն նրանց Գրիբոյեդո՞վը չի բերել մեզ մոտ, – տեղից ասաց Հաֆիզը:
– Այսքանը բացատրելուց հետո, եթե դու այդպիսի հարց ես տալիս, արժե՞ որ ես շարունակեմ, – հոգնաձայն, մի տեսակ նեղացած, ասաց Միրալի մուալլիմը, սակայն, այնուամենայնիվ, շարունակեց: – Ղարաբաղի հայ մելիքները, սկսած տասնվեցերորդ դարի վերջերից, դիվանագիտական կապեր ունեին Եվրոպական մի շարք պետությունների ու Ռուսաստանի հետ: Հրատարակված են այդ հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթերը, որոնք վկայում են, որ Եվրոպական պետությունները Արցախ-Ղարաբաղի հայ մելիքներին ճանաչել են որպես ինքնուրույն, անկախ իշխանների: Պահպանվում են կաթողիկոս Եսայի ու հայ մելիքների նամակները՝ ուղված ինչպես Հռոմի Պապին, այնպես էլ Պետրոս Մեծին, գրված Գանձասարում 1701 թվականին, որտեղ նրանք օգնություն են խնդրում Պապից ու ռուսաց թագավորից, կա ևս երկու նամակ՝ գրված Շուշի բերդում 1726-ին և 1729-ին, Ղարաբաղ մտած թուրքական քառասուն հազարանոց զորքի մասին, կան Պետրոս Մեծի հրովարտակը, Պավելի կայսերական շնորհագիրը՝ ուղղված Ղարաբաղի մելիքներին, ուր կոնկրետ նշված է հայ բնակչության թիվը Ղարաբաղում՝ տասնմեկ հազար ընտանիք, եղել են նույնիսկ խոստումներ՝ Եկատերինա Երկրորդի կողմից՝ Արցախում վերաստեղծելու հայկական պետություն: Վերջապես, մինչև հիմա էլ կանգնած են չորրորդ դարում կառուցած Ամարասի վանքը, որտեղ նույնպես Մեսրոպ Մաշտոցը հինգերորդ դարի սկզբին հայերեն լեզվով դպրոց է բացել, Գտիչ վանքը՝ կառուցված իններորդ դարում, Գանձասարի վանքն ու Դադիվանքը՝ կառուցված տասներկուերորդ դարում, որոնք Յակոբսոնը հայ ճարտարապետության հանրագիտարան է համարում: Քո էդ ասած ժամանակում Շուշի քաղաքում արդեն հայերեն գրքեր ու պարբերականներ էին հրատարակվում:
– Բա մեր Փահան խա՞նը, Իբրահիմ խա՞նը, Մեհթի Գուլի խա՞նը, – նախահարձակ լինելու փորձ արեց Ալլահվերդին:
– Այ, դրանք արդեն եկվոր էին, – պատասխանը չուշացրեց Միրալի մուալլիմը: – Հենց նոր իմ նշած Պախոմովի մոտ հանգամանորեն կա այդ մասին: Օգտվելով հայ մելիքների ներքին երկպառակտությունից՝ Պարսկաստանից փախած միջինասիական քոչվոր սարաջալլու ցեղապետ Փանահ-Ալին բարեկամանում է Վարանդայի մելիք Շահնազար Երկրորդի հետ, որը սպանելով հարազատ եղբորը, տիրացել էր մելիքական ժառանգությանն ու տիտղոսին՝ առաջացնելով մյուս մելիքների թշնամանքն իր հանդեպ: Փանահ-Ալին մինչ այդ Նադիր շահի կողմից Պարսկաստանում գլխատման էր դատապարտված և փախել, պատսպարվում էր Ջրաբերդի հայ մելիք Ալլահղուլի-սուլթանի մոտ, ընդ որում, նա վերջում գլխատել տվեց իր փրկարարին, որը բազմիցս հաղորդել էր Նադիր շահին, թե իբր իր «աշխարում էդպիսի մարդ չկա»: Մելիք Շահնազարը, իրեն մատուցած ծառայությունների համար, Ավան յուզբաշու՝ 1720-ականներին կառուցած Շուշի բերդը, որն, ի միջի այլոց, մինչև բերդ դառնալը, Կարկառ անունով առևտրական քաղաք է եղել, նվիրում է իր նոր բարեկամին: Միջնադարի այդ Կարկառի մասին տեղեկություններ կարելի է գտնել ոչ միայն հայկական, այլ վրացական, պարսկական և արաբական աղբյուրներում: Երևանի Մատենադարանում Կարկառ բերդում ստեղծված ավետարան կա, իմ աչքով եմ տեսել: Ամրանալով տեղում, Փանահ-Ալին իրեն հռչակում է խան, չնայած, այդպես էլ մինչև վերջ Ղարաբաղի բոլոր մելիքները՝ և՛ Վարանդայի, և՛ Խաչենի, և՛ Դիզակի և՛ Ջրաբերդի, և՛ Գյուլիստանի, չեն ենթարկվում ո՛չ նրան և ո՛չ էլ նրա ժառանգներին՝ Իբրահիմ խանին ու Մեհթի խանին, որի փախուստով Պարսկաստան՝ 1822–ին, ավարտվում է մոտ յոթանասուն տարի տևող այդ խանությունը: Ղարաբաղի հայկական հինգ մելիքների տարածքում Փանահ խանը հայտնվել էր պատահականորեն: Նա նույնիսկ մի տեղ չուներ, որ ծառայեր նրանց որպես տոհմական գերեզմանոց: Խաչենի Հասան Ջալալյան իշխանները նրան հողամաս են տրամադրում այժմյան Աղդամի մոտ: Մինչև Փանահ խանը Ղարաբաղի ամբողջ տարածքում ոչ մի մուսուլմանական բնակավայր չի եղել: Դա չեն ժխտում նաև խանի գրագիրները: Նույնն է ասում և Չիչերինը: Նա Ռուսաստանի արտաքին գործոց կոմիսարն էր, Լենինին ուղարկած նամակում մատնանշում է, որ Ղարաբաղը բուն հայկական տարածք է, սակայն հարթավայրային մասում հայերին բնաջնջելուց հետո, գրում է նա, այնտեղ բնավորվել են թաթարները: Եվ պատահական չէ, որ մենք այդ ամբողջ տարածքում պատմաճարտարապետական ոչ մի հուշարձան չունենք, որովհետև մեր նախնիները ո՛չ քաղաքներ են հիմնել և ո՛չ էլ ամրոցներ կառուցել, այլ մի արոտավայրից տեղափոխվել են մի այլ արոտավայր… Ինչ վերաբերում է Կովկասյան Ալբանիային՝ այսինքն, այն հնուց ի վեր սահմանակից է եղել Հայաստանին, իսկ Քուռ գետը, որ հնում կոչվում էր նաև Կիրոս, Կիր, եղել է նրանց սահմանը: Այն մասին, որ Քուռ գետի աջափնյա ամբողջ տարածքը Հայաստան էր, իսկ ձախափնյա մասը՝ մինչև տասներորդ դարի սկզբները պատկանում էր Ալբանիային, որովհետև տասներորդ դարից հետո «Ալբանիա» այլևս գոյություն չուներ, կա և՛ Ստրաբոնի մոտ, ինչպես ասացի, և՛ Պլուտարքոսի մոտ, և՛ Դիոն Կասիոսի մոտ, ինչպես նաև անտիկ աշխարհի մի շարք պատմիչների մոտ, որոնք բոլորն էլ, որպես Ալբանիայի սահմաններ նշում են Կովկասյան լեռները, Կասպից ծովը, Քուռ և Արաքս գետերը: Հին ժամանակներից եկող առած կա, ասում է. «Քուռ գետն ի՞նչ ունի»: Պատասխանը. «Երկու ափ ունի՝ Հայաստանում է մեկը, մյուսը՝ ալանների մոտ»: Մի խոսքով, Կովկասյան Ալբանիան զբաղեցրել է Քուռ գետի ձախափնյա մասը, ուր բնակվում էին քսանվեց քրիստոնյա ցեղեր, որոնց հետագայում, ութերորդ դարում, արաբները կրոնափոխ արեցին: Մեսրոպ Մաշտոցը չորս հարյուր քսանական թվականներին այդ ցեղերից մեկի՝ գարգարացիների համար գրեր է ստեղծել, սակայն դրանք գործնական կիրառություն չեն ունեցել: Այն էլ ասեմ, որ, համաձայն հին աղբյուրներում պահպանվող նյութերի, Ղուբայում, Խաչմազում, Դյավաչիում, Կուտկաշենում, Վարդաշենում, Շաքիում ու Կովկասյան Ալբանիայի այլ տեղերում, տասնհինգ հազար ութհարյուր ծուխ հայեր ևս՝ բոլորն էլ տարբեր ժամանակներում Արցախ-Ղարաբաղի զանազան գյուղերից փոխադրված, նույնպես բռնի հավատափոխ են արվել:
– Ակադեմիկոս Զիա Բունիաթովը, Ֆարիդա Մամեդովան, Ախունդովը, Գյոյուշևը, մյուսները, այլ կարծիք ունեն: Մասնավորապես Ֆարիդա խանումը պնդում է, որ հայերը եկվոր, օտարամուտ ժողովուրդ են: Բայց սա թողնենք մի կողմ, – հաշտվողաբար ասաց Ալլահվերդին՝ բարձը դնելով պատի կողմն ու մեջքով հենվելով բարձին: – Ինչո՞ւ հայերն օսմանյան պետությունում ամեն անգամ դավաճանում էին թուրքերին, անցնում ռուսների կողմը:
– Ի՞նչ է ասում Ուինստոն Չերչիլը՝ «Չկան հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր»: Այդպես է, քաղաքականության մեջ չկան դավաճան կամ բարեկամ ազգեր, – նույն խաղաղ, անշտապ հանգստությամբ բացատրեց Միրալի մուալլիմը: – Կան միայն քաղաքական և ազգային շահեր: Հանուն այդ ազգային շահերի էլ տվյալ պետությունը կամ ժողովուրդը կառուցում ու վարում է այս կամ այն քաղաքականությունը: Ռուս-թուրքական բոլոր ընդհարումների ժամանակ, այո, հայերը մշտապես անցել են ռուսների կողմը՝ ընդդեմ թուրքերի: Ռուսները զանազան խոստումներով ու բացարձակ խաբեությամբ օգտագործում էին հայերին և միշտ էլ լքում՝ թողնելով նրանց հակառակորդի դեմ մեն-մենակ:
– Տասնհինգ թվի հայերի մեծ ջարդը հենց նրա համար էր, որ նորից չանցնեն ռուսների կողմը, – ոգևորված հարեց Ալլահվերդին: – Որովհետև Նիկոլայ Երկրորդ ցարը Թիֆլիսում՝ հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ, ոսկու սարեր էր խոստացել: Հայերը ոգևորված էին… Ճշմարիտ էր Տակիտոսը, երբ անվստահելի ժողովուրդ էր համարում նրանց, – ավելացրեց նա՝ աշխուժորեն շարժվելով տեղում:
– Եգիպտացի հայտնի պատմաբան Մուհամմեդ Ռեֆատ ալ-Իմամի խոսքերով, Օսմանյան տիրության մեջ հայ ժողովրդին կոչում էին «Միլլաթ Սադըկի», այսինքն՝ ազնիվ համայնք՝ երկրի ու սուլթանի հանդեպ ունեցած հենց այդ ազնվության ու հավատարմության համար: Ասեմ նաև, որ սուլթանի անձնական գանձերի և տիրության գանձատան նախարարությունը, մասնավորապես Աբդուլ Համիդ 2-րդի օրոք, հիմնականում վստահվել է միայն հայերին: Սա ի միջի այլոց… Քիչ առաջ դու վկայակոչում էիր Մամեդովային` հայերին համարելով եկվոր, օտարամուտ ժողովուրդ, – անկեղծ դառնությամբ խոսեց Միրալի մուալլիմը: – Իսկ ահա, հայոց քառասունմեկերորդ արքա Զարմայրը` Հայկ Նահապետի սերնդից, հայկական և եթովպիական զորքերին առաջնորդել է Տրոյայի պատերազմում` ընդդեմ հելլենների: Այդ պատերազմում Զարմայրը մահացու վիրավորվեց Աքիլլեսի արձակած նետից: Մի այլ օրինակ. գերմանացի Կարստեն Նիբուրն արտագրել, Գերմանիա է տարել Բեհիսթունի լեռանը փորագրված սեպագիր արձանագրությունը, այն վերծանելուց հետո քսանվեցերորդ պարագրաֆում կարդացել են` ես իմ հայ ծառա Դադարսիսին ուղարկեցի Հայաստան: Բեհիսթունյան սեպագիրը գրվել է մեզնից ավելի քան 2500 տարի առաջ: Դա հայերի մասին հնագույն արձանագրություններից է… Ինչպես Թիղլատպալասարը՝ մեր թվարկությունից առաջ տասներկուերորդ դարում, այնպես էլ հինգերորդ դարի սկզբին ծնված Հերոդոտոսն ու առաջին դարում ապրած քո այդ Տակիտոսը վկայում են, որ հայերն այստեղ գոյություն ունեին դեռևս մեր թվարկությունից շատ-շատ առաջ: Անդրադառնալով Հռոմի կայսր Տիբերիոսի եղբոր որդու՝ զորավար Գերմանիկի դեմ որոգայթներ լարող քաղաքագետներին, Տակիտոսը նշում է, որ Գերմանիկն իր առաջին հոգսը համարեց արագ հասնել հայերի մոտ, որոնց հողերը դարեր ի վեր, լավ լսիր, սա նրա խոսքերն են՝ դարեր ի վեր սահմանակից լինելով հռոմեական գավառներին, խոր սեպի պես խրված են միդիացիների տիրույթների մեջ… Յոթանասուն թվականնների մոտերքին, դարձյալ մեր թվարկությունից այն կողմ, Հայաստանը Մերձավոր Արևելքի ամենախոշոր տերություններից մեկն էր, գրավում էր ընդարձակ տարածքներ՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով ու Կովկասից մինչև Պաղեստին ու Կիլիկիա: Բաբելոնի՝ մինչև մեր օրերը հասած կավե քարտեզի վրա վեց երկիր է նշված ընդամենը, որից մեկը Հայաստանն է… Մեր շատ պատմաբաններ, այդ թվում և Բունիաթովի աշակերտուհի Մամեդովան, ըստ երևույթին, կարիք չեն զգում կարդալու օտարազգի հեղինակներին՝ իրենց, այսպես ասած, վերացական, անհիմն դատողություններով անհարմար դրության մեջ դնելով և՛ իրենց, և՛ մեզ: Եթե կարդային, ամենայն հավանականությամբ, կտեսնեին, որ ըստ Քսենոփոնի՝ միջին դարերում փակ համարվող Չինաստան միայն հայերը մուտքի իրավունք ունեին, այդ պատճառով էլ եվրոպացի ճանապարհորդները հագնվում էին հայ վաճառականների նման, որպիսզի նմանվելով հայերին՝ իրավունք ստանային մուտք գործել Չինաստանի մայրաքաղաք կամ մեծ քաղաքների շուկաներ: Կրկնում եմ, եթե կարդային, իրոք կտեսնեին, որ օտարազգի այդ հեղինակները անխտիր ոչ թե հայերին, այլ մեզ են օտարամուտ, եկվոր ցեղեր համարում: Իսկ իրողությունը, իրոք, այն է, որ մենք բնիկ ժողովուրդ չենք: Հայտնի կովկասագետ Բեյդենբաումի՝ 1917 թվականի «Կավկազսկի կալենդարում» տպագրված ծավալուն հետազոտությունն անհերքելիորեն ապացուցում է, որ Անդրկովկասի մահմեդականները ներկայացուցիչներն են մոնղոլական ռասայի, մնացուկները Բայկալի այն կողմերից եկած թյուրք-թաթարական ցեղերի, որոնց համար, որպես տափաստանային քոչվոր ցեղերի, այս տարածքները շատ բարենպաստ էին, և նրանք մնացին ու բազմացան այս տեղերում… Դառնալով հայերի մեծ ջարդին, – ավելացրեց նա հոգնաձայն, – վատ չէր լինի իմանայիք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին կանցլեր Ադենաուերը Երուսաղեմում, Լացի պատի առջև, ծնկաչոք ներողություն է խնդրել՝ հրեա ժողովրդի հանդեպ հիտլերյան ֆաշիզմի գործած ոճրագործության համար: Ընդ որում, այդ ոճրագործությունը տեղի է ունեցել ուրիշի երկրում՝ Գերմանիայում, այնինչ հայերին բնաջնջել են նրանց սեփական հայրենիքում, Արևմտյան Հայաստանում: Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման քաղաքականությունը որդեգրվել է դեռևս տասնիններորդ դարի վերջերին, այլ ոչ թե առաջին համաշխարհային պատերազմի սկզբին կամ 1915-ին: Աշխարհի բազմաթիվ պետություններ ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը, – շարունակեց նա: – Թուրքիան չի ուզում ընդունել: Պարզ է, այդ ո՞ր հանցագործն է կամովին ընդունում իր հանցանքը: Չի ուզում ընդունել, որովհետև շատերը նրանցից, ովքեր Աթաթուրքի կառավարությունում բարձր պաշտոններ էին վարում և այսօր ներկայացված են որպես ազգային հերոսներ, ոչ միայն մեղսակից են հայոց ցեղասպանության մեջ, այլև մեծ հարստություն են դիզել հարյուր հազարավոր սպանվածների հաշվին: Թուրքիան հայերից գողացել էր ոչ միայն նրանց հայրենիքը, այլև նրանց մանկանց, որոնց զրկել էր իրենց ծնողներից, պատկանելությունից, լեզվից, մշակույթից, կրոնից, տուն ու տեղից: Երկու դաշնակից պետություններ` Թուրքիան ու Գերմանիան, քսաներորդ դարում իրար քաջալերելով, իրագործեցին համայն մարդկության դեմ ուղղված ամենահրեշավոր ոճիրները՝ Հայոց Եղեռնն ու Հրեական Հոլոքոստը: Այո, Թուրքիան չի ուզում ընդունել հայոց ցեղասպանությունը, որովհետև ընդունելով՝ ստիպված պիտի լինի ետ տալ Հայաստանի հողերը՝ Արարատ լեռան հարակից տարածքները, Վանա ծովը, Մուշի և Սասունի լեռնային շրջաններն ու հյուսիս-արևելյան մի շարք վիլայեթներ, ինչպես նաև վերադարձնել սպանված հայերի՝ հարյուր միլիարդավոր դոլլարների հասնող դրամը՝ զանազան բանկերում, փոխհատուցել հայերին հասցված նյութական ու բարոյական ամբողջ վնասը: Ահա թե ինչու չի ընդունում: Լավ իմացեք, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել իր մեղքը և վերադարձրել հայկական հողերն ու կալվածքները ցեղասպանության զոհերի ժառանգներին, նա կշարունակի առճակատվել այլ երկրների լուրջ մարտահրավերներին և կզրկվի քաղաքակիրթ ազգերի ընտանիքում դասվելուց: Թուրքական կառավարությունը չի ընդունում, բայց թուրք առաջադեմ մարդիկ ընդունում են. համաշխարհային ճանաչում ունեցող գրող Նազիմ Հիքմաթը, շեյխ Ֆայազ էլ-Հյուսեյնը, ուրիշները… Ե՞րբ պիտի Թուրքիան ծնկաչոք ներողություն խնդրի հայերից՝ սուլթան Համիդից սկսած մինչև Թալեաթ ու Մուստաֆա Քեմալ, հայերի հանդեպ իրագործած ցեղասպանության համար, նաև այն հանցագործությունների համար, որ թուրքերի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցան մեզ մոտ հազար ինը հարյուր հինգ ու տասնութ-քսան թվերին: Իսկ ե՞րբ պետք է հայերի առջև մեղա գանք նաև մենք՝ այդ նույն հինգ ու տասնութ-քսան թվականների համար ու նաև այն ոճրագործությունների համար, որ տեղի ունեցան Սումգայիթում ու տեղի են ունենում այսօր՝ մեր աչքի առաջ: Այս գազանային կոտորածների հեղինակները վաղ թե ուշ կանգնելու են Աստծո և մարդկային դատաստանի առջև՝ իրենց աներևակայելի չարագործությունների համար պատասխան տալու համար: Սումգայիթում, ըստ Զիա Բունիաթովի, յոթ հարյուր հայ է զոհվել: Թե որքանով է դա ճիշտ, ստույգ ասել չեմ կարող, պաշտոնական տվյալներով՝ երեսուներկու զոհ է եղել ընդամենը, որը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության օպերատիվ քննչական խմբի շտաբի պետ Կրիվոպուսկովն իր հարցազրույցներից մեկում նույնն է նշում համարյա՝ որ Սումգայիթում սպանված հայերի թիվը մի քանի հարյուրի է հասնում: Սա նշանակում է, որ Բունիաթովի բերած թիվը՝ յոթ հարյուր զոհ, ամենայն հավանականությամբ, մոտ է ճշմարտությանը: Այն էլ ասեմ, որ աշխարհի ամենամեծ անամոթությունը սեփական մեղքերի ուրացումն է:
Կրկին ջրի կլկլոց լսվեց: Երևի դարձյալ դեղ էր խմում:
– Համաշխարային քաղաքակրթությունն անհնարին է պատկերացնել առանց հայերի, – քիչ անց շարունակեց Միրալի մուալլիմը: – Սա մենակ ես չեմ ասում, աշխարհի երևելի մարդիկ են ասել՝ սկսած Բայրոնից ու Մագդա Նեյմանից մինչև Մարի-Ֆելիստե Բրոսսե, մինչև Անդրեյ Սախարով, մինչև Դմիտրի Լիխաչով ու Դևիդ Լենգ: Հայերը երկու հազար տարվա թատրոն ունեն, իսկ մեր թատրոններում մինչև վերջերս տղամարդիկ էին խաղում կանանց դերերում, Մատենադարան ունեն, հոյակապ մանրանկարչություն, ճարտարապետություն ու միջնադարյան քնարական վեհասքանչ պոեզիա ունեն, որը Վալերի Բրյուսովը համաշխարհային գրականության մեծագույն նվաճումներից մեկն է համարում: Նրանք Թորոս Ռոսլին, Սայաթ-Նովա ու Փարաջանով են տվել աշխարհին, Զվարթնոց ու Գեղարդ են տվել, Նարեկացի ու Այվազովսկի են տվել, որը վեց հազար մեծարժեք կտավների հեղինակ է, ամբողջ աշխարհում առաջինը նրանք ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն, քրիստոնեությունն ընդունելուց ուղիղ ութսունվեց տարի հետո Պարսկաստանն ու Բյուզանդիան իրար մեջ բաժանեցին Հայաստանը, այնուհետև հայերը կորցրին իրենց պետականությունը, ոչնչացվեց նրանց գիրն ու գրականությունը, բայց հարյուր տարի հետո նրանք նոր այբուբեն ստեղծեցին, և դա հազար վեց հարյուր տարի առաջ էր, իսկ մենք, ահա, մինչ այսօր, ցավոք, սեփական այբուբեն էլ չունենք, կարճ ժամանակում ութ անգամ փոփոխել ենք մեր այբուբենը, ավելին ասեմ, թեկուզ դուք էլ դա լավ գիտեք: Հայրենական մեծ պատերազմի սկզբին ինչքա՞ն էր հայերի թիվը՝ մեկուկես միլիոն: Մեկուկես միլիոն հայությունը վեց հարյուր հազար զինվոր ուղարկեց ռազմաճակատ, որոնցից ուղիղ կեսը՝ երեք հարյուր հազարը, զոհվեց կռվում: Թվով մեզնից երեք անգամ քիչ բնակչություն ունենալով հանդերձ, Հայրենական մեծ պատերազմում հայերը Սովետական Միության հարյուրից ավել հերոս ու այդքան էլ գեներալներ տվեցին: Հաշվի առեք, բազմամիլիոն Միջին Ասիան ու Անդրկովկասը, Հյուսիսային Կովկասն էլ հետը, մարտական ոչ մի մարշալ չտվեց, իսկ հայերը տվեցին և այն էլ, տեսեք քանիսը՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով-Խանփերյանց, Իսակով, ի դեպ՝ բոլորն էլ ղարաբաղցի, իսկ մեր տված հերոսների թիվը, դժբախտաբար, չորս տասնյակից չի անցնում, ընդ որում, այդ չորս տասնյակի համարյա կեսը թալիշ են, լեզգի, ավարցի, քուրդ, թաթ և այլն: Իսկ մարտական գեներալ երկուսն ենք տվել ընդամենը՝ Հազի Ասլանովը և Մահմուդ Աբիլովը, մեկն ազգությամբ թալիշ, մյուսը՝ լեզգի: Ասացեք տեսնեմ, Սումգայիթի արյունախում բարբարոսներից ու 1966-ին Ղարաբաղի Կուրոպատկինո գյուղի դպրոցի երկրորդ դասարանում սովորող հայ տղա երեխային գազանաբար բռնաբարող ու մորթող նույն դպրոցի դիրեկտոր Արշադ Դաշտամիր-օղլը Մամեդովից բացի է՞լ ում ենք տվել աշխարհին:
– Նիզամի ենք տվել, – ուշացումով հարեց Ալլահվերդին:
– Նիզամին պարսիկ բանաստեղծ է, պարսկերեն է գրել, ծնվել է Պարսկաստանի Ղում քաղաքում՝ Թեհրանից երկու հարյուր կիլոմետր այն կողմ, Պարսկաստանում էլ թաղված է: Նա որ մերը լիներ, մեր մասին չէր գրի թե՝ պալատում խորթ է թուրքը մեր հոգուն, թուրքի խոսքը մեր ականջն է ծակում: Մեր ժողովրդի հետ նա ոչ մի կապ չունի, ինչպես որ մերը չեն նաև Բաբեկը, Նասիր-Էտդին Թուսին, Խագանին, Քաթրան Թավրիզին, Սաադին, Ֆիզուլին, Նասիմին, Ռիզայե Աբբասին, Բաբրակ Խուրամադդին, Շեյխ Մոհամմադ Խիաբանին, Ռաշիդ Էտդինը, Շահրիյարը, կարճ՝ արդեն մերը դարձրած արաբ ճանապարհորդ Աբդ ար-Ռաշիդ Բակուվից սկսած մինչև լեզգի Ուզեիր Հաջիբեկով ու ազգությամբ չեչեն պապ ու թոռ Մուսլիմ Մագոմաևներ, Թաիր Սալահով և շատ-շատ ուրիշներ: Հայերեն ու իրենց ժողովրդի՝ հայերի մասին են գրել Մովսես Կաղանկատվացին ու Կիրակոս Գանձակեցին, Դավթակ Քերթողն ու Մխիթար Գոշը և այլն: Ուրիշի պատմությունը, հուշարձաններն ու անվանի մարդկանց սեփականացնելուց ու նրանցով հպարտանալուց ավելի խայտառակ բան ես չեմ պատկերացնում: Հասկացեք, ուրիշների հաշվին պատմություն ու մշակույթ ստեղծել պետք չէ: Մեզ ոչ հնարովի, այս ու այնտեղից արտագրած կեղծ պատմություն է պետք և ոչ էլ կեղծ ու բանագող պատմաբաններ, ինչպես քո նշած այդ Բունիաթովն է, որը վերջերս արևմյան երկու հայտնի կովկասագետների՝ Դոուստիի և Ռոբերտ Խյուսենի հոդվածները թարգմանել էր ռուսերեն ու, առանց ամոթի, հրատարակել իր անունով, իհարկե, ինչպես միշտ, ամբողջապես աղավաղված վիճակում՝ «Հայաստան» անվանումներն ինքնակամ կերպով դարձնելով «Ադրբեջան»: Ծանոթանալով այդ հոդվածների բնագրերին՝ ես մնացել էի ապշած. նրանք գիտականորեն ապացուցում են, որ ինչպես իշխան Հասան Ջալալը, այնպես էլ նրա նախնիները՝ ընդհուպ մինչև չորրորդ դարը, զտարյուն հայեր են համարում իրենց, և որ Հասան Ջալալի՝ 1238-ին կառուցած Գանձասարի վանքի ու Ղարաբաղի տարածքում գտնվող պատմաճարտարապետական բոլոր հուշարձանների և իր՝ Հասան Ջալալի, Էրմիտաժում պահպանվող թրի վրա արված մակագրությունները հայերեն են և ալբանական ոչինչ չկա այնտեղ և չի էլ կարող լինել: Թարգմանությունների մեջ՝ լրիվ հակառակն է: Բունիաթովը նույն ձևով է վարվել նաև գերմանացի ճանապարհորդ Շիլդերբերգերի գրքի հետ, հայկական տեղանունները դարձնելով ադրբեջանական, Հայաստանը՝ Ադրբեջան: Ես ամենևին չեմ զարմանում, որովհետև նա ճիշտ այդպես է վարվել նաև մեր մեծ պատմաբան ու լուսավորիչ Աբբաս Կուլի-աղա Բաքիխանովի «Գյուլիստան-ի Իրեմ» աշխատության հետ, կանխամտածված կերպով լիովին աղավաղելով այն: Զայրացուցիչ ու զզվելի է այդ ամենը: Բունիաթովը Բաքիխանովի գրքից կրճատել է ոչ միայն այն, որ, ինչպես Արղուն խանի հետնորդ էմիրը, այնպես էլ Շահ Իսմայիլը Սիրիայից, Իրաքից ու Թուրքիայից երկու հարյուր հազար թուրք են փոխադրել Կովկաս ու բնակեցրել Էրիվանում, Գյանջայում ու Ղարաբաղում, ուր նրանք ժամանակի ընթացքում բազմացել են, այլև հանել է հայերով բնակեցված տարածքների հայկական անվանումների հիշատակումը, դրանով իսկ առհասարակ կեղծելով պատմությունն ու գրամ անգամ չհարգելով Բաքիխանովին, որի անունն է կրում Ադրբեջանի գիտությունների ակադեմիան, որտեղ նա աշխատում է որպես պատմության ինստիտուտի տնօրեն:
Տիրեց երկարատև լռություն:
– Զիա Բունիաթովը, դժբախտաբար, աչքի է ընկնում միայն նրանով, որ հակված է հավատալու այն ամենին, ինչին ինքն է ուզում հավատալ, – քիչ անց շարունակեց Միրալի մուալլիմը: – Օրինակ, թաթար-մոնղոլական արշավանքների ժամանակներում ապրած հայ վարդապետ Կիրակոս Գանձակեցուն համառորեն հայ պատմիչ չի համարում, նրա կարծիքով, Աղվանքի պատմությունը գրելով՝ Գանձակեցին մեր նախնիների պատմությունն է գրել, հետևաբար, նա մեր ժողովրդին է պատկանում: Եվս մի ապացույց, որ մենք շատ հաճախ մեր սնամեջ եզրահանգումներով փաստորեն հեղինակազրկում ենք ինքներս մեզ: Իրականում, Գանձակեցին ոչ թե մեր մասին, այլ՝ մեր դեմ է գրել. իր պատմության մեջ մեր նախնիներին վերաբերող գլուխը նա այսպես է կոչում. «Գլուխ այն մասին, թե ինչպես երևացին թաթարները, որպեսզի ապականեն, պղծեն ողջ աշխարհը»: Ռեյխսմարշալ Հերման Գյորինգն ասում է՝ ես խիղճ չունեմ, իմ խիղճը Հիտլերն է: Այսօրվա մեր մի շարք պատմաբանների խիղճը Զիա Բունիաթովն է, որի անարգ սադրանքները հայ ժողովրդի ու նրա պատմության հանդեպ ես սանձարձակ ավազակություն ու աճպարարություն կհամարեի: Մուսուլմանների գլխավոր սուրբ գիրքը` Ղուրանն ի՞նչ է ասում ստի մասին: Հիշեցնեմ, եթե չգիտեք կամ մոռացել եք: Ղուրանը սուտը սարսափելի մեղք է համարում, հաստատելով, որ մարդու կյանքի ընթացքում արտահայտած ամբողջ սուտը իր հետ կլինի Դատաստանի օրը: Սակայն դա, ըստ երևույթին, Զիա Բունիաթովին ու նրա համախոհներին քիչ է մտահոգում: Վերջերս էր, նոր տարվա նախօրյակին, ծովափնյա զբոսայգում ման էի գալիս, հանդիպեցի մեր հարգարժան գրողներից մեկին՝ Աքրամ Այլիսլիին: Խոսեցինք դեսից-դենից, Զիա Բունիաթովի մասին ևս խոսք եղավ… Աքրամը համոզված է, որ նա իր մահով չի մեռնելու, սպանելու են և, ամենայն հավանակայնությամբ, սպանողն էլ մերոնք՝ ադրբեջանցիներն են լինելու: Նա իրավացի է: Աբրահամ Լինկոլնի ասած՝ կարելի է մշտապես խաբել ազգի մի մասին, որոշ ժամանակ՝ ամբողջ ազգին, սակայն ողջ ազգին մշտապես խաբել՝ անհնար է…
Միրալի մուալլիմը քիչ դադար տվեց:
– Խիղճը մարդկային խառնվածքի զարդն է, – շարունակեց նա, – հադիսեում էլ նույնն է ասվում, որ խիղճը հավատի մի մասն է: Այդպես էլ կա, ու դա չպետք է մոռանալ, չպետք է մոռանալ և այն, որ չի կարելի ծառայել սեփական ժողովրդին՝ անարդար լինելով այլ ժողովրդի նկատմամբ: Ուրիշների պատմությունը մեզ պետք չէ, մերը պետք է ունենանք, մեր սեփականը: Պրոֆեսոր Միքաիլ Ռաֆիլի կար, այդ Ռաֆիլին դեռևս 1947-ին իր հոդվածներից մեկում, որ կոչվում է «Ադրբեջանական ժողովրդի մշակույթը մինչև Նիզամի», պնդում էր, որ Հոմերոսն իր «Ոդիսականում» նկարագրելով կիկլոպներին՝ նկատի ուներ ադրբեջանցիներին: Ստացվում է, որ հասարակական կյանքի վարք ու բարքից, օրենքներից հեռու, քարանձավներում ապրող մարդակեր կիկլոպներն են մեր նախնիները: Հեռու ինչո՞ւ եմ գնում. Նախիջևանի համալսարանի ռեկտոր Հաբիբեյլին վերջերս գրել էր, որ Նոյը համաշխարհային ջրհեղեղից հետո երկար ժամանակ ապրել է Նախիջևանում և որպես սովորական բանվոր աշխատել Դուզդաղի աղի հանքերում: Նա առաջարկում է թանգարան կառուցել ի պատիվ Նոյի: Այդ նույն Հաբիբեյլին գրում է, որ Հոմերոսն ադրբեջանական «Քիթաբի Դադա Գորգուդ» էպոսի ազդեցության տակ է հորինել «Ոդիսականը», իսկ շումերա-բաբելոնական «Գիլգամեշ» էպոսը, ուր համաշխարհային գրականության պատմության մեջ առաջին անգամ մահվան ողբերգական անխուսափելիությունը հաղթահարվում է մարդու հերոսական արարքների անմահությամբ և աշխարհի՝ մինչ այժմ գտնված ամենահին գրական ստեղծագործությունն է համարվում, ըստ նրա՝ բաբելացիները ադրբեջանցիներից են գողացել, որովհետև գիլգամեշ բառն, ասում է, ադրբեջանական ծագում ունի, գյամըշ* բառից է առաջացել: Այստեղ են ասել, որ հիմար մտքեր ունենում է ամեն մեկը, միայն թե խելացին դրանք չի արտահայտում: Ավելացնեմ նաև, որ ուրիշի Աստծուն հայհոյելով՝ քոնին ուժ չես տալիս, ինչպես որ հարևանի հորը հայհոյելով՝ չես ապացուցում, թե քո հորն ավելի ես սիրում:
Դարձյալ տիրեց երկարատև լռություն:
– Վերջին երեք հարյուր տարվա ընթացքում, վերադառնում եմ քո հարցին, – հավելեց նա, – Ալեքսեյ Միխայլովիչից սկսած՝ հայերը, այո, իրենց հայացքներն ուղղած են եղել դեպի Ռուսաստան, օգնություն են սպասել նրանից, բայց հայերի համար այդ բաղձալի օգնությունը Ռուսաստանից երբեք չի եղել ու չկա: Ընդհակառակը, Ռուսաստանը միշտ էլ վնասել է հայերին: Միայն մի փաստ, Ռուսաստանն ինչո՞վ վարձահատույց եղավ հայերին՝ տասնիներորդ դարի առաջին կեսին իր մղած չորս պատերազմներում հայության թափած արյանը: Համաձայն Գյուլիստանում կնքված պայմանագրի՝ Արևելյան Հայաստանի
—————————————————————————
*գյամըշ (ադրբ) – գոմեշ
(347)
զգալի տարածքներ դուրս եկան պարսկական տիրապետությունից: Ռուսաստանը հակվա՞ծ էր արդյոք վարչական մի միավորում կազմելով՝ վերականգնել հայկական պետականությունն ու մասնակիորեն լուծել հայկական հարցը, հանուն որի հայոց կամավորական դրուժինաները՝ շուրջ երեք հարյուր հազար կռվող տղամարդ, Բալկաններից մինչև թուրքական ճակատ, մասնակցում էին պատերազմական բոլոր գործողություններին՝ ցուցաբերելով անձնական հերոսություն ու
աննախադեպ նվիրվածություն: Իհարկե, ոչ: Ցարիզմը, կալվածատեր բեկերի ու մեր աղալարների կաշառմամբ,
հայկական տարածքները կցեց ուրիշ վարչական միավորումների, հայոց հողերը տարանջատվեցին՝ փաստորեն հայերին զրկելով այդ բարեբեր տարածքներում ապրելու իրավունքից: Նրանց այսօրվա վեճն ու կռիվն այդտեղից է գալիս: Մի ուրիշ փաստ. 1903 թվականին ռուսական կառավարությունը բռնագրավման ենթարկեց հայկական բոլոր եկեղեցիների հողերը, փակեց եկեղեցիները, դպրոցները, գրադարանները, բարեգործական, մարդասիրական ու մշակութային ընկերությունները: Այդքանով չբավարարվելով, ութ, ինը, տասը, տասներկու թվականներին, Ստոլիպինի ժամանակ, Ռուսաստանի բանտերը լցվեցին հայ մտավորականությամբ, որոնց մեջ էին Ալեքսանդր Շիրվանզադեն, Ավետիք Իսահակյանը, մեծանուն բանաստեղծ ու հաշտարար Հովհաննես Թումանյանը, որին փակ վագոնով տարան մինչև Պետերբուրգ: Մի խոսքով, չերկարացնեմ, վերցնենք քսան թվականի դեպքերը: Ինչո՞ւ Սովետական Ռուսաստանը հրաժարվեց հայոց տարածքներից՝ հօգուտ Թուրքիայի, ավելի քան երեք հարյուր հազար փախստական անզեն հայերի մեն-մենակ թողնելով Մուստաֆա Քեմալի բանակին դեմ հանդիման: Ո՞վ զինեց ու հրահրեց թուրքերին ընդդեմ հայերի՝ Ռուսաստանը: 1920 թվականին Հայաստանի տարածքը հասնում էր յոթանասունմեկ հազար քառակուսի կիլոմետրի, ընդ որում՝ Հայաստանի տարածքի մեջ էին մտնում նաև Ղարաբաղը, Բորչալլուն՝ Ղազախի, Շուլավերի, Ծալկայի, Դմանիսի, Աղստաֆայի ու Թոուզի հետ միասին, Սուրմալլուն, Շարուր-Նախիջևանը, Կարսը, Արդահանը, Ախալքալաքն ու Ախալցխան… Ըստ Սևրի դաշնագրի, Հայաստանի հողային տարածքի վրա ավելանում էր ևս իննսուն հազար քառակուսի կիլոմետր տարածություն, այսինքն՝ Արևմտյան Հայաստանի մի մասը՝ Վանի նահանգը, Էրզրումը, Բիթլիսը, Կարինը, Բաղեշը, Տրապիզոնը: Ռուսաստանի սադրանքով՝ անձամբ Լենինի և Լև Դավիդովիչ Բեռնշտեյն-Տրոցկու դրդմամբ, որը, իհարկե, ոչ առանց Լենինի գիտության ու, համաձայն Թալեաթի հետ ունեցած գաղտնի պայմանավորվածության, հրաման արձակեց Կովկասի ռազմաճակատից ռուսական զորքերի դուրսբերման մասին՝ թուրքերի համար ճանապարհ բացելով դեպի Կովկաս, ամենայն հավանականությամբ, փոխարենն իրավունք ստանալու Պաղեստինում Հրեական պետություն հիմնելու համար: Շնորհիվ նաև Ստալինի օգնության ու նրա անմիջական շահագրգռվածության, 1921-ի մարտի տասնվեցի ռուս-թուրքական պայմանագրով փաստորեն չեղյալ հայտարարվեց Սևրի դաշնագիրը, Հայաստանի տարածքը բաժանվեց Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև: Թուրքիային անցավ հարյուր տասներկու հազար քառակուսի կիլոմետր տարածք, Ադրբեջանին՝ տասնվեց հազար, Վրաստանին՝ չորս հազար քառակուսի կիլոմետր: Հայաստանին մնաց մոտ երեսուն հազար քառակուսի կիլոմետր, այսինքն՝ պատմական տարածքի մեկ տասներորդ մասը. ահա ձեզ ռուսական երախտագիտություն՝ Ռուսաստանի ու ռուս ժողովրդի հանդեպ ունեցած հայերի դարավոր նվիրվածության ու հավատարմության:
Միրալի մուալլիմը քիչ լռեց, հետո ասաց.
– Այդ տարածքի դիմաց Թուրքիան Հայաստանին նվեր ուղարկեց երեք վագոն աղ, երեք վագոն ալյուր, ութսուն ոչխար ու քառասուն կով:
Ալլահվերդին զարմանքով բարձրացրեց բրդոտ հոնքերը, ուռուգեր թաց շրթունքներն ավելի կախվեցին, նա ծանրաշարժ բարձրացավ տեղից և, ձեռքով հարվածելով ծնկանը, փորը բռնած ծիծաղեց: Երկար ժամանակ ծիծաղում էր ու այդպես ծիծաղելով էլ հարցրեց Հաֆիզին.
– Գագաշ*, ծխել չե՞ս ուզում:
– Աթաղանըն ջանը, ուզում եմ, – արձագանքեց Հաֆիզը: – Բա ո՞նց չեմ ուզում: Գնանք երկրորդ հարկ՝ տեսնենք չե՞ն կոտորել էդ վախկոտ հայերին: Մի քանի տասնյակ հայերի, ասում են, դուրս են բերել բոլոր բաժանմունքներից, տարել անհայտ ուղղությամբ:
Նրանք միասին ծիծաղելով դուրս եկան: Տիրեց լռություն:
– Ամեն ինչ ավերի ու սգի մեջ է, այստեղով մերոնք են անցել,– լռության մեջ անսպասելի լսվեց Միրալի Սեիդովի ձայնը, հետո նորից տիրեց լռություն:
Ինչ-որ տեղից ներս ընկած մի ճանճ միալար բզզոցով սրընթաց պտտվեց սենյակում, լսվում էր, թե մերթ ընդ մերթ ինչպես էր խփվում ապակիներին: Հետո ձայնը մարեց, երևի հաջողվեց փրկվել: Դարձյալ լռություն էր, անդորր: Միրալի մուալլիմը, հավանորեն, կրկին խորասուզված էր ընթերցանության մեջ, որովհետև երբեմնակի թղթերի շրշյուն էր լսվում:
Ես փորձեցի շարժվել տեղում, բայց դա անասելի դժվար էր, ցավերից շունչս ասես կանգ էր առնում: Ներքնակն արյունից թաց էր, ես դա մեջքով զգում էի: Բժիշկներից ոչ ոք չէր մոտենում ինձ: Ձեռքս տարա կողքիս, մատներս իսկույն խոնավացան արյան կաթիլներից: Ես չգիտեի՝ ինչ է սպասում ինձ: Կհասկանա՞, արդյոք, Զարմիկը, թե որտեղ եմ: Գիտե՞, արդյոք, ազգանունս: Ինքնաթիռի տոմս վերցնելիս նայեց իմ տոմսակը, բայց մտքում պահե՞լ է արդյոք ազգանունս: Եթե հանդիպել է Ռենային, Ռենան կասի նրան: Չէի ուզենա, որ Ռենան գար, տեսներ ինձ այս վիճակում: Ոչ մի դեպքում չէի ուզենա: Եթե նույնիսկ Զարմիկը գիտե ազգանունս, հազիվ թե հասկանա, որ ես եմ Ադունցմանը: Սիավուշը կհասկանար, իսկ նա՝ հազիվ թե: Գուցե Զարմիկն ինքը նույնպես ընկել է խուժանի ձեռքը, և ով գիտե՝ ո՞ղջ է արդյոք: Ճվաղուն բուժքրոջը, այնուամենայնիվ, հաջողվեց տարակուսանք հարուցել բուժաշխատողների մեջ, այլապես որևէ մեկը կմոտենար: Ինձ
—————————————————————————
*գագաշ (ադրբ., Բաքվի քաղաքային ժարգոն) – ապեր
թվաց՝ եթե ոչ մի բժիշկ չմոտենա մինչև առավոտ, ես արնաքամ կլինեմ: Ես կրկին ցանկացա շարժվել, բայց դա ինձ չհաջողվեց, ուժեղ ցավից կծկվեցի տեղում:
– Դուք վա՞տ եք զգում ձեզ, – լսեցի Միրալի մուալլիմի ձայնը:
Փորձ արեցի բերանս բացել, չստացվեց: Նրա ոտնաձայները դանդաղ մոտեցան ինձ:
Հաստ բեղերով ու հաստ շուրթերով, ճերմակած մազերով, մեծահասակ լիքը մարդ էր, կկոցված աչքերով նայում էր:
– Դուք վա՞տ եք զգում ձեզ, – կրկին անգամ հարցրեց նա: – Դուք ինձ տեսնո՞ւմ եք:
Ես գլխով արեցի, որ նշանակում էր՝ «այո, տեսնում եմ»:
– Ձերոնք գիտե՞ն, որ դուք այստեղ եք:
Գլխի շարժումով հասկացրի՝ «ոչ»:
– Հեռախոս ունե՞ք, տվեք համարը, ես կզանգեմ ձերոնց:
Ես լուռ նայեցի նրան, և նա, հավանաբար, ամեն ինչ հասկացավ:
– Կյանքը նման է թատրոնի, ամենալավ տեղերը հիմար մարդիկ են զբաղեցնում,– ասաց նա՝ մի պահ կարեկից հայացքով ուշադիր նայելով ինձ:– Ադրբեջանցի մոտ ընկեր չունե՞ք, ես կարող եմ զանգել:
Հույսի մի թույլ շող վետվետաց իմ հոգում, ես երախտագիտությամբ նայեցի նրան, ճիգով շարժելով շուրթերս՝ տվեցի Սիավուշի անունը:
– Դերասա՞ն Սիավուշը:
Ես տարուբերեցի գլուխս՝ «ոչ»:
– Սիավուշ Սարխանլի՞:
Դարձյալ գլխի բացասական շարժում՝ «ոչ»: Ու դարձյալ ճիգով, բերանիս անկյուններում սաստիկ ցավ զգալով, հազիվ լսելի արտաբերեցի Սիավուշի ազգանունը:
– Ա¯… – ուրախացավ Միրալի մուալլիմը: – Սիավուշ Մամեդզադե… Բա ոնս չէ, գիդեմ, շադ լավ դղա է, ջանաչում եմ: Անհոգ մնասեք, – հայերեն, մտերմիկ տոնով կամացուկ ասաց նա, – ես կզանգեմ: Հիշո՞ւմ ես հեռախոսը: Որ չհիշես էլ, պան չկա, ես կզանգեմ, կգտնեմ համարը: Դու անհոգ մնա, ամեն ինչ լավ գլինի:
Ես նրան մի կերպ հասկացրի, որ հիշում եմ հեռախոսահամարը, մատով օդում նկարեցի թվանշանները: Միրալի մուալլիմը, ուշադիր նայելով մատիս շարժումներին, գրի առավ թղթի վրա, ցույց տվեց՝ 96-46-58:
– Ջի՞շդ եմ գրել:
«Այո», – գլխով արեցի ես՝ շնորհակալությամբ նայելով նրան:
– Ես Սայաթ-Նովայի մասին մեծ գիրք ունեմ գրած, – նույն մտերմիկ տոնով, բայց արդեն ադրբեջաներեն, ասաց նա, պիջակը գցեց ուսերին, դուրս եկավ:
* * * * *
Ես կորցրել էի ժամանակի ու տարածության զգացողությունը, ես չգիտեի՝ ո՞ր ժամն է, որտե՞ղ եմ ես և ինչքա՞ն ժամանակ է, որ այստեղ եմ: Հիվանդասենյակում նույնպես կյանքն ասես կանգ էր առել: Իսկ ո՞ւր են նրանք, ինչո՞ւ ոչ ոք չկա այստեղ: Թե գիշե՞ր է՝ քնած են արդեն:
Մեկը մտավ՝ ջահել, սպիտակ խալաթով, գլխին նույն կտորից սպիտակ ցից գլխարկ: Ես նայում էի սպիտակ խալաթով տղային և սկզբում չնկատեցի Սիավուշին, որ ներս էր մտել նրա ետևից և ուշադիր նայում էր ինձ: Նա արդեն ետ էր դառնում, ուզում էր դուրս գալ:
– Ես եմ, Սիավուշ, ես եմ, – մի կերպ կարողացա հասկացնել, – ես եմ, օգնեցեք:
– Մենք հենց դրա համար էլ եկել ենք, – ժպտալով ասաց սպիտակ խալաթով տղան:
Սիավուշն արագորեն առաջ եկավ, համարյա չոքեց իմ առջև:
– Լեո, այս ի՞նչ են արել քեզ հետ, – ասաց նա, անկարող զսպելու արցունքներն ու զայրութը: – Ես քեզ չճանաչեցի: Ինչո՞ւ չէիր զանգում, մի՞թե դու այստեղ՝ քաղաքում էիր:
Չկարողացա խոսել, հասկացրի միայն, որ հետո, հետո կբացատրեմ ամեն ինչ:
– Երեկ շատ ուշ տուն հասա, կեսգիշերին, քրոջս տնից մինչև մեր տուն՝ ոտքով, պատկերացնո՞ւմ ես, տրանսպորտ-բան՝ ոչինչ չի աշխատում, – բացատրեց Սիավուշը: – Սարսափելի, ահավոր բաներ են կատարվում, Լեո, պատկերացնել չես կարող: Տուն եկա, Վալյան ասաց, որ Սեմաշկոյից զանգել են, շտապ պետք է գնալ՝ ո՛չ անուն-ազգանուն, ո՛չ բաժանմունք, ո՛չ հիվանդասենյակ: Նաթիգին գտա, բժիշկ է, այստեղ, մանկական բաժանմունքում է աշխատում, միասին եկանք, հիվանդների ընդունման մատյանը նայեցինք, մի կերպ գտանք՝ Ադունցման, իսկույն հասկացա, որ դու ես, – ժպտաց նա, – լավ էլ մտածել ես, այլապես բաժանմունքից-բաժանմունք պիտի փնտրեինք երկու օր:
Հիշեցի, որ Միրալի մուալլիմն իմ անուն-ազգանունը չէր հարցրել, ինքս էլ չէի կռահել ասել նրան: Միևնույն է, ես նրան անչափ երախտապարտ էի:
– Գլխիդ վերքերը տեսնում եմ, – ասաց Նաթիգը՝ աթոռակը մոտ քաշելով, – ուրիշ տե՞ղ էլ վերք ունես:
Ես ետ տարա խավակտորե ծածկոցը: Նա տեսավ վերքս, շուրթերը սեղմած օրորեց գլուխը:
– Ես դրանց բժիշկ ասողի մերը, – կատաղությունը բռնած ասաց նա: – Ես դրանց Հիպոկրատի գլխարկն ու դրանց փողով առած դիպլոմը, – չէր հանգստանում նա: – Դրանց մարդ ասողի մերը:
– Ամբողջ գիշեր արյուն էր գնում, – ասացի ես:
Նաթիգը դուրս եկավ, ինչ-որ տեղից բամբակ ու դեղորայք բերեց, սկսեց մշակել վերքը:
Սիավուշը նայում էր ինձ, ակնոցի տակից կարեկցական ժպտում:
– Բախտդ բերել է, – երկար զննելով վերքը, ասաց Նաթիգը: – Մի քանի միլիմետր աջ խփեր՝ մտնելու էր երիկամիդ մեջ: Այդ դեպքում դժվար թե ողջ մնայիր:
– Չգնա՞նք շնորհակալություն հայտնենք, – ծիծաղեց Սիավուշը:
Վերքը կապելուց հետո Նաթիգը գնաց պարզելու իրադրությունը:
– Այստեղ, վերակենդանացման բաժանմունքում գիտե՞ս ով է պառկած, – հանկարծակի հիշեց Սիավուշը:– Ասեմ, չես հավատա՝ կենտկոմի սեկտորի վարիչ Խեյրուլլա Ալիևը: Հիշո՞ւմ ես, զանգել էր քեզ՝ Ղարաբաղ մեկնելու կապակցությամբ: Կենտկոմը, Վեզիրովի առաջարկությամբ, նրան Ջալիլաբադի կուսշրջկոմի առաջին քարտուղար է նշանակել: Անվանի գրականագետ է, բոլորի կողմից հարգված, երկար տարիներ աշխատել է կենտկոմում, և ամենագլխավորը՝ բնիկ ջալիլաբադցի է: Մինչ այդ ժողովրդական ճակատի տեղական ղեկավարությունը շրջկոմի երեք քարտուղար է քշել՝ Գուրբանով, Աղաև, Գոջամանով, պատճառաբանելով, թե տեղացի չեն: Խեյրուլլան տեղ է հասել թե չէ՝ ժողովրդական ճակատի շրջանային մասնաճյուղի ղեկավար Միրալիմ Բահրամովը, որը մինչև այդ հայտնի էր Հայաստան մեկնող գնացքների թալանով ու էդ թալանած ապրանքի վաճառքով, կարգադրում է քշել նրան շրջանից, նրա հրամանով երկաթե լինգով տվել, Խեյրուլլայի կողաճաղերն ու գլուխը ջարդել են: Մի երկու ուսուցիչ, տեղական սեիդի օգնությամբ, մի կերպ նրան փրկել, արյունլվա հասցրել են Բաքու: Քիչ հապաղեին՝ վառված մեքենայի մեջ էին նետելու: Երկու շաբաթ է, գիտակցությունը կորցրած, ուշքի չի գալիս: Ի՞նչ կենտկոմ, ի՞նչ բան, ժողովրդական ճակատայիններն իրենց տեր ու տիրական են համարում հանրապետությունում… Նրանց թիկունքում անտեսանելի Հեյդար Ալիևն է կանգնած, Սուլեյման Դեմիրելն ու Թուրգութ Օզալն են կանգնած, Ալլահշուքյուր Փաշազադեն, Ռուսլան Խասբուլատովը, Վիկտոր Պոլյանիչկոն ու Հասան Հասանովն են կանգնած, ԿԳԲ-ի շեֆը՝ Կրյուչկովն է կանգնած, այլապես…
Նրա խոսքը մնաց կիսատ. պիջակը ուսերին՝ ներս մտավ Միրալի մուալլիմը և, տեսնելով Սիավուշին, ուրախ ողջունեց նրան:
– Եկե՞լ ես: Շատ լավ է, շատ լավ է, – ասաց նա, – ուրախ եմ, որ հաղորդել են: Նորից էի ուզում զանգել:
– Դուք էիք, հա՞, զանգել, Միրալի մուալլիմ, – տեղից արագ ելնելով ասաց Սիավուշը՝ հարգանքով սեղմելով նրա ձեռքը:– Շնորհակալ եմ: Դո՞ւք չէիք ասել, թե կինս էր շփոթել՝ ո՛չ անուն, ո՛չ բաժանմունք ու հիվանդասենյակ:
– Հա, ճիշտ է, ընկերոջ անունը մոռացել էի հարցնել, բայց հիվանդասենյակը, կարծեմ, ասել էի, երևի, շփոթել է: Բան չկա, կարևորն այն է, որ գտել ես:
Ես ևս իմ հերթին գլխի շարժումով շնորհակալություն հայտնեցի Միրալի մուալլիմին, հասկանալով, որ նրա արարքն ու բարի դեմքը կյանքում չեմ մոռանա երբեք:
– Ձե՞զ ինչ է պատահել, – հետաքրքրվեց Սիավուշը:
– Արյան բարձր ճնշման հիվանդություն ունեմ, այ Սիավուշ, հիպերտոնիկ եմ, – բացատրեց Միրալի մուալլիմը խոժոռվելով: – Ինշալլահ*, բուժում են, տեսնենք: Հանգիստ կյանք է պետք, բայց դե… ի՞նչ հանգիստ կյանքի մասին կարող է խոսք լինել, երբ շուրջդ անարխիա է… – Միրալի մուալլիմը քիչ լռեց, ասաց. – հազարավոր
անմեղ ու անպաշտպան մարդկանց արյունն անխնա հեղելով, գազանական սպանություններով, ծեր կանանց բռնաբարելով ու թալանելով ժողովրդական ճակատի ազգայնամոլներն անկախություն են ուզում ստեղծել: Նույն գազանություններով ու բռնաբարություններով ստեղծվեց մեր առաջին անկախությունը, ընդ որում՝ ոչ թե տասնութ թվականի մայիսի քսանութին, ինչպես նշում ենք, այլ հետո, երբ Կոմունան ընկավ և Բաքուն գրավվեց թուրքերի կողմից: Իսկ դա, բոլորին է հայտնի, հետո էր: Եվ մի՞թե սա է ազգային ինքնագիտակցությունն ու դեմոկրատիան, այ Սիավուշ: Եթե սա է, կներես, ես թքել եմ այդպիսի ինքնագիտակցության ու դեմոկրատիայի վրա: Չկա այնպիսի գաղտնիք, որ թև ու ոտք չունենա, և, ճիշտն ասած, ինձ շատ է զարմացնում այն փաստը, որ մեր այդ ազգայնամոլների մեծ մասը՝ Զիա Բունիաթով, Բախտիար Վահաբզադե, Իսկանդար Համիդով, Իսա Հումբաթով և շատ ուրիշներ, ովքեր իրենց կաշվից դուրս գալով պահանջում են՝ բոլոր նրանց, որոնց կանայք կամ մայրերը հայուհիներ են, վտարել աշխատանքից՝ իրենք էլ ադրբեջանցիներ չեն, համենայն դեպս, զտարյուն ադրբեջանցիներ չեն, այդ թվում և Հայաստանի Սիսիանի շրջանում ծնված Հեյդար Ալիևը, որի մայրը նույնպես հայուհի է: Նրանց ընտանիքը քսանիննի վերջերին, ավելի ճշգրիտ՝ հենց քսանինը թվականին, Սիսիանի Ջոմարդլի գյուղից տեղափոխվել է Նախիջևան: Ի դեպ , ասում են , որ նրա հորական տատը ևս հայուհի է, միայն թե` այդ նույն Սիսիանի շրջանի Ուրուդ գյուղի քրդացված հայերից: Հեյդար Ալիևի եղբոր`
Հասան Ալիևի մասին դեռևս 1938 թվականին «Բակինսկի Ռաբոչի»
———————————————————————
* ինշալլահ (արաբ.) – փառք Աստծու
թերթը, իսկ դրանից հետո նաև Նախիջևանի թերթերը, գրել են, որ նա ազգությամբ առաջին քուրդն է հանրապետությունում, ով դարձավ գիտությունների թեկնածու: Զտարյուն թուրքեր չէին Թալեաթ փաշան, որը ծնունդով բուլղարական գնչուներից էր, Էնվեր փաշան, որն ալբանացու և չերքեզի խառնուրդ էր, պանթուրքիզմի հիմնադիր ու ամենամեծ ջատագով Զիա Գյոգալփը Դիարբեքիրի քուրդ էր, զտարյուն թուրք չէր նաև Քեմալ Աթաթուրքը: Ով է ասել, չեմ հիշում, բայց ճշմարիտ է ասել, որ Աստծո ստեղծած մարդիկ իրենց մերկությունը երբեմն ծածկում են ժանդարմական գեներալների համազգեստներով ու դահճի մետաքսյա վերնաշապիկներով: Այս ամենը գարշելի ու անմարդկային է, – բորբոքված շարունակեց նա, – ես չգիտեմ նույնիսկ ինչ անուն տալ սրան: Ո՞վ փրկեց Բաքուն, երբ լեռնականների զինված հեծելազորը Իմամ Գոցինսկու գլխավորությամբ տասնութ թվականի մարտին հասել էր մինչև Բալաջարի և սպառնում էր մտնել քաղաք: Հայերը փրկեցին: Հայկական զորախմբերը՝ տասնվեց հազար մարտունակ զինվորով, հրամանատարությամբ Համազասպի, որին հետագայում բոլշևիկները կացնահարեցին Երևանի բերդում, կանգնեցին նրանց դեմ, ջարդեցին ու մինչև Դաղստան քշեցին նրանց: Այդ նույն մարտ ամսի վերջին Բաքվի բանվորական հեղափոխական կոմիտեի, «Կարմիր Գվարդիայի» ու Լենքորանից մեծահարուստ Հաջի-Զեյնալ Նաղիևի ինքնասպան եղած զինվոր որդու՝ Մուհամմեդի հուղարկավորությանը եկած «Վայրենի Դիվիզիայի» մարտիկների միջև տեղի ունեցած չորսօրյա արյունահեղ ընդհարումների ժամանակ հայերը տասներեքուկես հազար ադրբեջանցիների փրկեցին՝ նրանց թաքցնելով իրենց տներում: Մոտ վեց ամիս անց հայերի մարդկային այդ վսեմ արարքը փոխհատուցվեց նրանով, որ այդ նույն ադրբեջանցիները, քաղաք մտած թուրքական բանակին միացած՝ վայրագորեն կոտորեցին իրենց փրկարարներին՝ տիրելով նրանց ունեցվածքին: Առաջին նավթահորն այստեղ, Բիբի-Հեյբաթում, 1847-ին հայերը բացեցին, 1897-ի մարդահամարով Բաքվում յոթանասունինը հազար հայ էր ապրում, հայերը կառուցեցին առաջին դպրոցներն ու հիվանդանոցները, բացեցին առաջին գրադարաններն ու մշակութային մյուս օջախները, որովհետև մեր գրագետ մարդկանց մատների վրա կարելի էր հաշվել, մեր գերագույն խուրհրդի նախագահ Միր-Բաշիր Կասումովն իր ազգանունն անգամ գրել չգիտեր, դարասկզբին ու դրանից էլ դեռ շատ հետո, հայերն ու ռուսները Բաքվում միշտ մեծամասնություն են կազմել, Բաքվի ազգաբնակչության մեկ երրորդն էր մուսուլման, մնացածը ռուսներ ու հայեր էին, պատերազմի տարիներին շրջաններից տասնյակ ու տասնյակ հազարներով եկան լցվեցին գործարաններն ու նավթահանքերը՝ բրոն ստանալու, դրանից հետո անգամ, ադրբեջանցիները նվազ թիվ էին կազմում քաղաքում, ադրբեջանցիները փողոցում ամաչում էին անգամ ադրբեջաներեն խոսել: Բաքվում մենք միայն վերջերս մեծամասնություն կազմեցինք, յոթանասունական թվականների սկզբին, երբ մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված շրջակա բոլոր արվարձաններն ու գյուղերը Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ միացվեցին քաղաքին: Մի խոսքով, եթե Բաքուն այսօր ծաղկուն քաղաք է դարձել, ապա շնորհիվ նաև հայերի ստեղծարար ոսկի ձեռքերի ու նրանց մեծ տաղանդի, նմանապես նրանց ճարտարապետների՝ Տեր-Միքելովի, Բաևի, Սարգիսովի, Տեր-Հովհաննիսյանի, Կասպարովի: Նրանց կառուցած շենքերն այսօր էլ աչք են շոյում իրենց գեղեցկությամբ ու հարմարավետությամբ: Այդ նույն Տեր-Միքելովի նախագծով, հիսուն մետր ծովը ետ տալով, ստեղծվեց Բաքվի հրաշքը՝ ծովափնյա բուլվարը՝ բաքվեցիների ամենասիրելի զբոսանքի տեղն ու տեսարժան վայրը: Անխղճորեն սպանել մարդկանց՝ ըստ նրանց ազգային պատկանելության, քշել սեփական տներից, ուր նրանց հայրերն ու պապերն են ծնվել՝ անասելի մեծ հանցանք է արդարության ու Աստծու դեմ: – Միրալի մուալլիմը ծանր օրորեց գլուխը, դառնակսկիծ ասաց, – «Շաֆագ» կինոթատրոնում, քիչ առաջ էին պատմում, ուր այս ու այնտեղից հավաքում են ողջ մնացած հայերին՝ խեղված ու տանջահար, միլիցիան լկտիորեն խլում է նրանց զարդեղենն ու վերջին կոպեկը, անարգում ու պատառոտում անձնագրերն ու մյուս փաստաթղթերը: Մարդկանցից ամեն ինչ խլում են՝ թողնելով սոսկ մտածելու, տանջվելու իրավունքը: Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում, այ Սիավուշ, բան չեմ հասկանում: Աստված կների՞ սա, ուրիշները կներե՞ն մեզ:
– Ուրիշները՝ չգիտեմ, ինքներս մեզ ներելու իրավունք չունենք… Բայիլովում, Միրալի մուալլիմ, Սերգեյ Պետրոսով անունով ղարաբաղցի մի հայ ծանոթ ունեմ, կոնդիցիոներների գործարանում ինժեներ էր, հայտնի գյուտարար, անցած տարի հեռուստատեսությամբ հաղորդում եմ տվել իր մասին, մեկ թե երկու անգամ եղել եմ տանը: Կարճ, այս իմ ծանոթի քսանամյա մինուճար աղջկան, Լոլա է անունը, տեսել եմ, ուղղակի գեղեցկուհի, մայրն էլ լատիշուհի է, քաղաքի ամենակենտրոնական մասում, Նիզամի կինոթատրոնի առջև, հոծ բազմության ներկայությամբ, խմբովին բռնաբարել, գլխիվայր կախել են ծառից ու էն էլ աղջկա մորաքրոջ զույգ որդիների աչքի առջև, որոնց նույնպես ծեծելով սպանել, կախել են մայթի ծառերից: Անարը երեկ ահավոր բաներ էր պատմում: Ասում էր, իր աչքով է տեսել, թե ինչպես հայկական եկեղեցուց ոչ հեռու, Պարապետի այգում խարույկի վրա ողջ-ողջ այրեցին մի հայ ծերունու: Ասում էր…
Սիավուշի խոսքը մնաց կիսատ: Չգիտես ինչու, Նաթիգը վերադարձավ վրդովված, սակայն, երևի, Միրալի մուալլիմից զգուշանալով, ոչինչ չասաց:
– Ի՞նչ է պատահել, – հարցրեց Սիավուշը և, հասկանալով բանի էությունը, ներկայացրեց Միրալի մուալլիմին, բացատրելով, որ նա է զանգել իրենց տուն:
– Զզվելի մի բուժքույր կա այստեղ, – արդեն առանց քաշվելու ասաց Նաթիգը: – Շրջում է միջանցքներում և բոլորին բացատրում, որ բաժանմունքում վիրավոր հայ կա պառկած: Ժողովրդական ճակատի ներկայացուցիչներն արդեն գիտեն այդ մասին: Նրանցից մեկը նույնիսկ հայտարարել է, որ եթե բուժքրոջ ասածը ճիշտ է, պետք է վերացնել նրան:
– Ես կզանգեմ ուր որ պետք է, – իրար անցավ Սիավուշը:
– Ոչ, – ընդհատեց Նաթիգը: – Ես խոսեցի բժիշկ Մամեդյարովի հետ, Յունուսը մեր լավագույն տղաներից է, կտանենք նրա մոտ: Մեր տուն կտանեի, իհարկե, բայց ինձ մոտ հայի երկու ընտանիք կա արդեն:
– Իսկ ինչո՞ւ ոչ ինձ մոտ, – մի տեսակ նեղացավ Սիավուշը: – Վերջ ի վերջո, իմ ընկերն է, ես պարտավոր եմ…
– Քեզ մոտ չի կարելի, – նորից ընդհատեց Նաթիգը: – Առավոտից իրիկուն տունդ լցված է ցնդած բանաստեղծներով, կգնան կմատնեն: Յունուսի մոտ հարմար է, գիտեմ ինչ եմ ասում:
– Բայց իմ հագին շոր չկա, – թեկուզ ցածր, բայց լսելի ասացի ես: – Նրանց մոտ են շորերս:
Նաթիգը գնաց փրկելու իմ հագուստը, սակայն ետ եկավ ընկճված տրամադրությամբ:
– Նրանց հրամայված է արյունաթաթախ շորերը չտալ, – պարզաբանեց նա: – Վախենում են, թե կարող ես տանել Մոսկվա և ներկայացնել այնտեղ որպես ջարդերի ապացույց: Զոռով հաջողվեց մի զույգ կոշիկ պոկել՝ քառասունչորս համարի:
– Ոչինչ, իմ թիկնոցը կհագնի, – ասաց Սիավուշը՝ հանելով թիկնոցը: – Վաղը ես ուրիշ հագուստ կբերեմ:
– Դուրս կգանք ետևի դռնից, – զգուշացրեց Նաթիգը: – Միջանցքով ես առջևից կգնամ, դուք մի քիչ հեռվից կգաք իմ ետևից:
Մերկ մարմնիս վրա հագնելով Սիավուշի թիկնոցը, բոբիկ ոտքերիս՝ երկու համար մեծ սառը կոշիկները, ցավերից ու կորցրած արյունից ուժասպառ՝ ես Սիավուշի հետ դուրս եկա հիվանդասենյակից, վերջին պահին դռան մոտ ետ շրջվելով ու գլխով շնորհակալություն հայտնելով Միրալի Սեիդովին, որը մագաղաթյա անառողջ դեմքով, անքնությունից՝ աչքերի տակ սև շրջանակներ, լուռ, տրտում ու միայնակ կանգնած էր իր մահճակալի մոտ: Այն երկուսը չկային: Սիավուշին թևանցուկ, համարյա նրանից կախված, դուրս եկանք միջանցք և անթիվ, անհամար մարդկանց հառաչանքների, ցավագին տնքոցների ու լացի ուղեկցությամբ դանդաղ գնացինք բժիշկ Նաթիգի ետևից:
Նա մեքենան կանգնեցրել էր ուղղակի դռանը կպցրած: Մի կիսավայրկյան իմ հայացքն ընկավ բժշկական ինստիտուտից այն կողմ, բարձրահարկ շենքերից դեն՝ համարյա ամբողջապես հայերով բնակեցված ինքնաշեն տներով Խուտորի վրա. այս ու այնտեղ ծուխ էր բարձրանում, և թանձր այդ ծուխը ծածկել էր արևը… Այդտեղ էր, մայիս ամսին, ադրբեջանական ոհմակը, վայրենի հարայ-հրոցով՝ «Կորչեն հայերը», «Մահ հայերին», երկաթաձողերով զինված, ներխուժել էր ավան, Խուտոր թաղամասի երկրորդ փողոցում նրանք լցվել էին Ալյոշա Աղաբեկյանի փոքրիկ բակը, արդեն անխնա ծեծում էին նրա պատանի որդիներին, քաշքշում կնոջն ու դեռահաս աղջիկներին, տան կտուրից, որսորդական հրացանից Ալյոշայի արձակած գնդակը գետնին տապալեց խառնակույտի գլխավորին՝ քաղաքացիական հագուստով միլիցիայի մայոր Ֆազիլ Իսմայլովին, գազազած ոհմակը կանգ առավ, ահով ետ ընկրկեց ու զարհուրած դիմեց փախուստի: Նրանք ցաքուցրիվ փախչում էին ու գորգոռում՝ «Հայերը զինված են», «Նրանք մեզ կոտորում են»: Այդպես կանխվեց արյունահեղությունը, հետագայում այլևս ոչ ոք չհամարձակվեց մտնել Խուտոր: Հետաքրքիր է, ինչպե՞ս դասավորվեց այդ Ալյոշայի կյանքը, հաջողվե՞ց նրան փրկվել արդյոք…
– Նստիր, նստիր, ժամանակ չկա, – շտապեցրեց Նաթիգը:
Սիավուշն օգնեց, ես տեղավորվեցի մեքենայի ետնամասում:
– Հետևի նստատեղին պառկիր՝ մարդ չտեսնի, – շուրջը նայելով՝ կարգադրեց Նաթիգը: – Սիավուշ, նստիր առաջ, ինձ մոտ:
Հիվանդանոցից հաջողությամբ դուրս եկանք: Փողոցներում, ինչպես Սումգայիթում այն ժամանակ, այրված մեքենաներ կային, որ ծխում էին դեռևս: Արմենիքենդի շուկայի մոտ, տրամվայի գծերի վրա, շտապ օգնության մի մեքենա էր այրվում, բաց դռնից տղամարդու անշարժ ձեռք էր կախված: Փողոցներում, այս ու այնտեղ, խարույկներ էին վառվում, մի երկու տեղ շուռ տված կրպակներ կային: Ամբողջ Արմենիքենդը կորած էր ծխի մեջ: Արմենիքենդի շուկայից այն կողմ, Ֆաբրիցիուս փողոցով երկաթաձողերով զինված տղաների մի մեծ խումբ քսան-քսանհինգ աղջիկների՝ ներքնաշորերով ու համարյա կիսամերկ, փողոցն ի վար քշած տանում էին դեպի ներքև, կայարանի կողմը: Նաթիգը մեծ արագությամբ մեքենան քշեց վեր, Ինգլաբ փողոցում թեքվեց աջ, սլացավ ֆուտբոլի մարզադաշտի ուղղությամբ: Մարզադաշտին չհասած, տրամվայի հավաքակայանի մոտ լայն փողոցը սրընթաց հատելով, երկու աղջիկ անցան, մեկը՝ բոլորովին փոքր, քամուց ծփացող կարմիր շորով: Մեծը տրամվայի գծերի վրա սայթաքեց ու ծնկեց, բայց արագորեն ելավ՝ մի կիսակնթարթ սարսափահար սև աչքերով նայելով ետ: Նրանց ետևից տղաների մի ոհմակ էր գնում գոռում-գոչյուններով: Շնագայլային նրանց ոռնոցը՝ «ա¯-ա-ա», կորավ տների ետևում:
– Նաթիգ, – մռայլադեմ, ատամները սեղմած ասաց Սիավուշը, – ասա ինձ, մենք իրավո՞ւնք ունենք ապրելու այս աշխարհում:
– Մենք՝ այո, – արձագանքեց Նաթիգը: – Իսկ նրանք՝ ոչ: Նրանք և նրանց նմանները՝ ոչ, – ավելացրեց նա: – Եվ նրանք, ովքեր ցնկնել են նրանց, նույնպես ապրելու իրավունք չունեն:
Փողոցներով ու բակերով, ինչպես մղձավանջի միջով, խմբեր էին վազվզում այս ու այն կողմ: Ինչ-որ տեղից կանացի աղեկտուր ճիչ լսվեց:
Բժիշկ Յունուս Մամեդյարովն արդեն տանն էր: Նա մեզ դիմավորեց լուրջ անհանգստությամբ, ասաց, որ ժողովրդական ճակատի ջարդարարները մի քանի անգամ եկել են արդեն, տնետուն ստուգում են՝ հո թաքցրած հայեր չկա՞ն:
– Դե, նրանց մերն էլ, – կոպտորեն հայհոյեց Յունուսը՝ ուղեկցելով ինձ դեպի տան սենյակներից մեկը:
– Ես արդեն վիրակապել եմ, – գործնականորեն ասաց Նաթիգը: – Առավոտյան կգամ, կփոխեմ վիրակապը: Գլխի վերքերն էլ կնայեմ:
– Ես ինքս կփոխեմ, ինչ է, ես բժի՞շկ չեմ, – առարկեց Յունուսը:
– Բժիշկ ես, բայց պետք չէ, – բարեհոգի տեսքով ծիծաղեց Նաթիգը: – Մի՞թե որևէ բան կարելի է վստահել քեզ՝ քո այդ երկաթե մատներով: Ինքս կգամ, կանեմ:
Նաթիգի գործը փոքրիկների հետ էր, և վիրակապումը, իրոք, նա անում էր նուրբ վարվեցողությամբ: Հասկանալի էր, իհարկե, որ նրանք կատակում էին, իսկ գուցե կատակներով պարզապես փորձում էին փարատե՞լ իրենց հոգու խռովքն ու տագնապը:
Կարինայի հեռախոսահամարը մնացել էր բաճկոնիս գրպանում, ես Սիավուշին խնդրեցի գնալ աերոդրամարկղի շենք, քառասուներեքերրորդ բնակարան՝ մի տեղեկություն բերելու:
– Շատ լավ, – խոստացավ նա: – Ամեն ինչ կիմանամ: Առավոտյան շուտ Նաթիգի հետ կգանք:
Յունուսն ինձ համար ուտելիք բերեց, ամբողջ պատին դուռը ծածկող գորգ կախեց: Օտար մարդը հազիվ թե հասկանար, որ այդ պատի ետևում մի ուրիշ սենյակ էլ կա:
Յունուսի կանխատեսությունը ես հետո գնահատեցի, երբ միառժամանակ անց կրկին մի քանի հոգի եկան և սկսեցին հարցուփորձը. «Հայեր չկա՞ն»:
– Ոչ, չկան, – հանգիստ ձայնով պատասխանեց Յունուսը: – Կարող եք ստուգել:
– Իսկ եթե ստուգեցինք ու գտա՞նք, – սպառնաց մեկը:
– Որ չկան՝ որտեղի՞ց պիտի գտնես, – հաստատուն ու, ինձ թվաց, մի քիչ էլ կոպտորեն, պատասխանեց Յունուսը:
Պատի ետևում նստած՝ ես սրտատրոփ սպասում էի, թե ինչ կլինի հետո:
Ձայները հեռանալով մարեցին: Փառք աստծո, մտածեցի, գնացին:
Առավոտյան Սիավուշն ու Նաթիգը, ինչպես խոստացել էին, եկան: Բայց, աստված իմ, այս ի՞նչ տեսքով էր Նաթիգը: Նրա դեմքը, ամենայն հավանակությամբ, ոչնչով չէր տարբերվում իմից: Երեսն ուռած էր, աչքի տակին՝ խոշոր, սև այտուց:
Իսկույն հասկացա՝ բուժքրոջ արածն էր: Այդպես էլ կար: Այդ դաժան, անմարդկային, արյունռուշտ բուժքույրը… Նա էր հաղորդել ժողովրդական ճակատ, որ բժիշկ Նաթիգ Ռասուլզադեն ինչ-որ հայի վիրակապել, դուրս է բերել հիվանդանոցից: Մի քանի հոգով ներխուժել էին բաժանմունք, ոտնատակ տվել նրան, աթոռները փշրել գլխին:
Ես մեղավոր տեսքով նայեցի նրան:
– Դեռ ջահել ենք, – ուռած շուրթերով ժպտալով ինձ՝ ասաց Նաթիգը: – Մինչև հարսանիք ամեն ինչ կանցնի:
Սիավուշը պատմեց, որ եղել է աերոդրամարկղի շենքում, բայց քառասուներեքերրորդ բնակարանը փակ էր, ոչ ոք չկար: Չգիտեմ ինչու, ինձ այնպես թվաց, թե նա ինչ-որ բան թաքցրեց ինձնից: Մտածեցի՝ գուցե չի՞ եղել այնտեղ, ժամանակ չի ունեցել գնալու, բայց նա փարատեց իմ կասկածները:
– Գիտե՞ս, – հանկարծակի ասաց Սիավուշը: – Սաիդան նույնպես այդ շենքում է ապրում:
– Ո՞ր Սաիդան, – զարմանքով հարցրի ես:
– Սեիդոզաևան: Պատահաբար տեսա: Նույն հարկում է ապրում, քառասունհինգերորդ բնակարանում: Ասաց, որ մի տղա կա, քեզ ման է գալիս:
– Ի՞նձ:
– Այո: Զաքիր անունով ադրբեջանցի մի տղա: Ասում է Մոսկվայից քեզ հետ միասին է եկել:
– Այո, ճիշտ է: Հետաքրքիր է, որտե՞ղ է նա: – Ես անչափ ուրախացա, որ Զարմիկը ողջ-առողջ է:
– Ես Սաիդայի մոտ թողել եմ իմ հեռախոսահամարը: Ասացի՝ երևաց, թող զանգի: Ի միջի այլոց, Սաիդան շատ էր անհանգստացած քեզ համար, բայց ես նրան ոչինչ չասացի:
Նաթիգը երկու օր շարունակ գալիս էր վիրակապելու: Ես ինձ համեմատաբար լավ էի զգում արդեն, հարկավոր էր մեկնել, որովհետև քաղաքում ավերածություններն ու հայերի սպանությունները շարունակվում էին դեռ: Բայց ինչպե՞ս պիտի մեկնեի, եթե ոչ մի փաստաթուղթ չունեի, իմ անձնագիրն ու բոլոր թղթերը մնացին այնտեղ, խուժանի ձեռքին:
– Անհոգ մնա, ծերուկ, Սիավուշն ամեն ինչ մտածել է, – սիրտ տվեց Սիավուշը: – Քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալը մոտ մարդ է, ես նրա հետ կխոսեմ:
Հաջորդ օրը Սիավուշը եկավ բարվոք տրամադրությամբ, ասաց, որ պայմանավորվել է արդեն, առավոտյան ժամը վեցին գնում ենք Բինա՝ օդանավակայան:
Առավոտյան Սիավուշը նոր անակնկալ մատուցեց ինձ՝ իր հետ բերելով Զարմիկին: Դա ուրախացրեց ինձ: Մտածում էի որևէ բան իմանալ Ռենայի մասին ու նաև փող խնդրել նրանից:
– Եղե՞լ ես Կարինայի մոտ, – հարցրի ես: – Չգիտե՞ս, նա գտա՞վ Ռենային, թե՞ չի հաջողվել զանգել:
– Չի հաջողվել, – ասաց Զարմիկը: – Գիտե՞ս ինչքան եմ որոնել քեզ, – ավելացրեց նա արագորեն, – բոլոր հիվանդանոցներում եղել եմ, գնացել եմ դիարանները, նույնիսկ Մարդաքյան, հարյուրավոր սպանվածներ՝ կին, տղամարդ, երեխա, ոնց որ պահեստներում՝ իրար վրա դարսակույտերով շարված… Երեկ գնացել էի կառավարական տան մոտ. հանրահավաք էր: Ուզում էի տեսնել ինչ են խոսում: Հսկայական խարույկներ էին վառվում այս ու այնտեղ: Մառախուղ էր ու ցուրտ: Ծովից սառը քամի էր փչում: Որպեսզի տաքանամ՝ մոտեցա մի խմբի: Բարձրահասակ մի տղա պատմում էր. «Մենք մի 01 մեքենա կանգնեցրինք, այնտեղից մի հայ տղայի դուրս քաշեցինք և սկսեցինք ծեծել: Երբ այլևս ուժ չուներ դիմադրելու՝ մենք նրան հրեցինք խարույկի մեջ, իսկ երբ փորձեց ելնել, տղաներից մեկը սրած արմատուրան խրեց նրա կուրծքը: Եվ ամեն անգամ, երբ նա ճիգ էր անում դուրս գալ կրակից, երկաթե ձողն ավելի էր խրվում կրծքի մեջ, մինչև որ լրիվ բոցավառվեց»: Խարույկի շուրջ նստածները շարունակ հրհռում էին: Թողի հեռացա: Խագանի փողոցում, 26 կոմիսարների այգու մոտ, երկու պառավ կնոջ՝ մոր ու աղջկա, միասին վառեցին: Սարսափելի տեսարան էր: Իմ աչքով եմ տեսել. Բասին փողոցի ու Լենինի պողոտայի անկյունային շենքից, դեղատնից ձախ, ուր «Դինամո» սպորտխանութն է, մի կնոջ՝ երեխայի հետ, նետեցին ցած: Նույնը տեսա նաև այդտեղից մի քանի տասնյակ քայլ վերև, ռուսական եկեղեցու դիմաց գտնվող կոոպերատիվ շենքում: Լրիվ սպիտակած մազերով կիսամերկ մի կնոջ պատշգամբից քաշում էին ներս, նա ճչում, օգնություն էր խնդրում, հետո նրան ու մեծահասակ մի տղամարդու ցած նետեցին: Նույնն է ամբողջ քաղաքում՝ կենտրոնից սկսած մինչև հեռավոր ծայրամասերը: Ի՞նչ է կատարվում, խորհրդային երկի՞ր է սա, թե Օսվենցիմ ու Բուխենվալդ: Քանի օր է տներն ընկած անխնա կոտորում են հայ մարդկանց, թալանում, բռնաբարում են, տկլորացրած քշում փողոցներով, խարույկներ սարքած՝ վառում: Ո՞ւր է պետությունը, Գորբաչովը, մի՞թե Մոսկվան չի տեսնում սա…
– Մոսկվան է կազմակերպել, ինչո՞ւ չի տեսնում, – վրդովված վրա բերեց Սիավուշը: – Պրիմակով, Յազով, Բակատին, Գիրենկո՝ այստեղ, կենտկոմում նստած պլաններ են կազմում՝ ռեժիմը փրկելու համար: Մարդ միանգամայն անպաշտպան է պետության առաջ: Պետությունն ուզած պահին կարող է ջարդ ու կոտորած կազմակերպել, փոշի դարձնել ոչ միայն առանձին մարդկանց ու խմբեր, այլև մի ամբողջ ժողովուրդ՝ ըստ նրա ազգային պատկանելության, կրոնական, կուսակցական կամ մի այլ հատկանիշի, և հետո այդ ամենը որակել որպես ոմանց կողմից կազմակերպած խուլիգանական արարք: Պետության օրինավորությունն ամենից առաջ պետք է չափվի անձի կամ ազգային փոքրամասնության իսկական անվտանգությամբ, – շարունակեց Սիավուշը: – Եթե դա չկա, ուրեմն անբարոյական է այդպիսի պետության գոյությունը: Ժողովրդական ճակատի մարտիկները մտել են Սալյանսկիի զորանոցները, զենքը բռնագրավել: Վերևում սպասում են մինչև նրանք միլիցիայի մի երկու բաժանմունք ու շրջկոմ գրավեն, նոր մտցնեն զորքը, բացատրելով, որ զորքը մտցվում է հայերին պաշտպանելու համար՝ ժողովրդի մեջ կրկին անգամ ատելություն ու թշնամանք սերմանելով հայերի նկատմամբ: – Սիավուշը խորը հոգոց հանեց, ասաց, – իրոք, ճշմարիտ էր Իլյա Էրենբուրգը, երբ ասում էր, որ սարսափելի է այն երկիրը, որտեղ Կայենը և՛ օրենսդիր է, և՛ ժանդարմ, և՛ դատավոր:
Ճանապարհին ժողովրդական ճակատի ներկայացուցիչները միլիցիայի աշխատողների հետ միասին ստուգում էին մեքենաները: Մինչև օդանավակայան մի հինգ տեղ կանգնեցրին մեզ, բայց ամեն անգամ, ղեկի մոտ տեսնելով օդաչուական համազգեստով բարձրաստիճան պետին, թույլատրում էին անցնել՝ առանց ստուգման ենթարկելու: Օդանավակայանում վարչության պետի տեղակալը մեքենան անարգել քշեց ուղիղ թռիչքադաշտ, որտեղ հեռվում, թռիչքուղու վրա ինչ-որ ինքնաթիռ էր կանգնած՝ օդանավի սանդուղքի մոտ խռնված անձնակազմով:
Մի ուրիշ ոչ պակաս անակնկալ էլ այստեղ էր սպասում, պարզվեց որ ինքնաթիռը պատահաբար էր ընկել Բաքու, այն Լենինաբադից թռչում էր Մոսկվա, բայց, տեխնիկական ինչ-որ անսարքության պատճառով, ստիպված վայրէջք էր կատարել: Ամենագլխավորը՝ դուրս եկավ, որ օդանավի հրամանատարն ու վարչության պետի տեղակալը մոտ ընկերներ են, Վորոնեժի օդաչուական ուսումնարանում միասին են սովորել:
Ես խորին շնորհակալություն հայտնեցի պետի տեղակալին, գրկեցի Սիավուշին: «Ծերուկ, ամեն ինչ լավ կլինի», – արտասվախառն ասաց նա: Ես նույնպես չկարողացա պահել արցունքներս, վերջին պահին Սիավուշը փող խոթեց գրպանս: «Ներիր, հիսուն ռուբլի եմ վերցրել տնից, ավել չկար»: Նա նորից գրկեց ինձ: Զարմիկի օգնությամբ բարձրացա ինքնաթիռ: «Ես քեզ մի ուրիշ բան էլ պիտի ասեմ», – ասաց Զարմիկը՝ չգիտես ինչու հայացքը մի կողմ թեքելով:
– Ի՞նչ, – տարտամ անհագստությամբ ու ներքին երկյուղով հարցրի ես:
– Կարինային սպանեցին ադրբեջանցիները, – խլաձայն արտաբերեց նա:
– Ի¯նչ ես ասում…
– Այո: Վեցերորդ հարկից, ոտքերից բռնած սանդուղքներով քարշ տալով, գլուխը բազրիքներին ու քարերին զարկելով, իջեցրել են ցած, նետել խարույկի մեջ: Սաիդան, ձեր հաշվապահը, այդ բոլորը տեսել է, իր աչքի առաջ է եղել, ուզեցել է օգնել, բայց նրան ոչ ոք չի լսել, նույնիսկ խփել են մի երկու անգամ: Ես տեսա, աչքի մեկը հազիվ էր բացվում: Ես գնացել էի քեզ որոնելու, Ռենան ուղարկեց, նա շարունակ լաց էր լինում, նա համոզված էր, թե քեզ ինչ-որ վատ բան է պատահել, որովհետև ժամը հինգն էր արդեն, նա ինձ ուղարկեց քո բնակարանը, բայց բնակարանն արդեն գրավված էր…
– Ռենան այնտե՞ղ էր, – հուզահակ խզված ձայնով ասացի ես:
– Այո, այնտեղ էր, – ասաց Զարմիկը:
Աչքերը բարձրացնելով ինձ վրա և ուղիղ նայելով ինձ՝ նա ավելացրեց.
– Նրան նույնպես սպանեցին:
Առաջին պահին Զարմիկի ասածն ինձ չհասավ: Հանկարծ ցնցվեցի, կյանքը կանգ առավ, շունչս կտրվեց, ճակատս պատեց սառը քրտինքով: Այդ մի քանի վարկյանն ինձ համար անդունդի եզր էր՝ անցյալի ու գալիքի միջև: Ես կորցրի ինձ:
– Ի՞նչ ես ասում, Զարմիկ… – ցնցակաթվածի մեջ՝ ես բռունցքով խփեցի նրա կրծքին… – Ինչե՞ր ես խոսում…
– Այո, ես դա քեզ չէի ուզում ասել այնտեղ… Սաիդան պատմեց բոլորը, դա նրանց սանդղահարթակում էր տեղի ունեցել: Բանդիտներից մեկը, երևի նրանց գլխավորը, ձեռքը հանկարծ գցել, պոկել էր Ռենայի պարանոցի շղթայիկն ու կուլոնը, Ռենան այլայլված ապտակել է էդ տականքին, նա, ըստ երևույթին, իրոք նրանց գլխավորն էր, որովհետև նա էր կատաղած հրամայել՝ «յանդըրըն բունու*», այս ու այն կողմից սկսել էին հարվածել, Սաիդան բացականչել է, որ հայուհի չէ նա, ադրբեջանուհի է, բայց նրան դարձյալ չէին լսել, որովհետև Ռենան ինքը չէր հաստատել, որ հայուհի չէ, ինչ-որ մեկը նույնիսկ հարցրել է. «ադրբեջանուհի՞ ես», և նա, արյան մեջ կորած, կատաղած ասել է. «ո-ո¯չ»: «Եթե նրանց հետ է, – ասել է էդ գլխավորը, – ուրեմն նրանցից մեկն է: Նա ադրբեջանուհի չէ: Հայուհի է նա ու նրա հետ պիտի վարվել հենց այդպես՝ խոշտանգել, բռնաբարել ու այրել…»: Սաիդան տեսել էր, թե ինչպես էին նրան պատեպատ խփելով, գոռգոռոցով տանում դեպի առաջին հարկ…
– Նրան նույնպես այրեցին… Ես սա քեզ չէի ուզում ասել այնտեղ…
Կառչուն հեղձուկը խեղդում էր ինձ, տարօրինակ, դառը, խտղտացնող խեղդուկը փակում-բաց էր թողնում իմ կոկորդը, բութ սեղմող ծանրությունից սիրտս ցավագնորեն նվաղում, թալկանում էր, և ցուրտը, ամայության սարսռեցնող ցուրտը հետզհետե սողոսկում էր իմ հոգու խորքը…
Ձախից երևում էր օդանավակայանի շենքը, ահա այնտեղ, երկրորդ հարկի ապակե պատի ետևում էր կանգնած Ռենան՝ ճերմակաթույր զգեստով, մազերը ուսերին թափած, նա անդադար շարժում էր ձեռքը՝ ի նշան հրաժեշտի: «Հավերժակա¯ն հրաժեշտի», – կսկծալի անհուն ցավով մտածեցի ես, անսպասելիորեն մտաբերելով ոսկեհնչյուն ձայնով նրա խոսքերը՝ ես կանեմ, կանեմ դա, կտեսնես, կգնամ, էլ չեմ գա, թե որ այդպես ուզես, և աչքերս լցվեցին այրող արցունքներով…
Զարմիկը խոսում էր նույն խուլ ձայնով, նրա ձայնն ինչ-որ հեռու, շատ հեռու տեղից էր ինձ հասնում: Հետո նա ասաց.
——————————————————————
* այրեք դրան (ադրբ.)
Զարմիկը խոսում էր նույն խուլ ձայնով, նրա ձայնն ինչ-որ հեռու, շատ հեռու տեղից էր ինձ հասնում: Հետո նա ասաց.
– Դե, լավ, ես գնամ, տրապը վերցնում են…
Լսվեց դռան ծանր փակումը: Քիչ անց ինքնաթիռը երերաց՝ դանդաղ սահելով բետոնի վրայով, հետո կանգ առավ մի պահ, նորից երերաց և դղրդոցով սլանալով թռիչքուղու վրայով, միանգամից պոկվեց գետնից:
Ներքևում մեռած էր ամեն ինչ՝ ծովը, մերկ անտառները, լեռներն ու ձորերը, ուր անշարժ նստած էր թափանցիկ մշուշը, իրար հաջորդող ձյունածածկ ամայի հարթավայրերը, խամրած արևը, որ արյան գույն ուներ:
Դոմոդեդովոյի օդանավակայանում ես դուրս եկա փողոց, տաքսիների կանգառ: Միլիցիոներ մոտեցավ և, ձեռքը տանելով գլխարկին, ասաց. «Ձեր փաստաթղթերը»: Ես նրան բացատրեցի, որ սարսափելի կոտորածներ են Բաքվում, մահից հրաշքով եմ փրկվել, ոչ մի փաստաթուղթ չունեմ, ցույց տվի ունեցածս հիսուն ռուբլին, որ Սիավուշն էր տվել վերջին պահին: Նա վերցրեց փողը, շուռումուռ տվեց ձեռքում, ասաց. «Գոնե տասն էլ տուր, հավասար բաժանենք, երեք հոգով ենք»: Ես ետ նայեցի. քիչ հեռվում երկու միլիցիոներ էին կանգնած՝ սրա պես կուշտ, մեծածավալ, զգեստապահարանի բարձրության ու տարողության, և նայում էին մեր կողմը:
– Ես ոչինչ չունեմ, – հոգնած ասացի ես, – չէ՞ որ տեսնում եք՝ մահից եմ փրկվել:
– Դե, լավ, գնա, – թույլ տվեց միլիցիոները՝ առգրավելով իմ հիսուն ռուբլին:
Ես մնացի կանգնած՝ նվաստացած ու անարգված, և չգիտեի ինչ անել:
– Ո՞ւր ես ուզում գնալ, – հարցրեց ինչ-որ մեկը:
Ետ շրջվեցի ձայնի վրա: Կովկասցի էր, միջահասակ, սև բեղերով, հոնքերի տակից կարեկցությամբ նայող աչքերով:
– Ոչ մի տեղ, – ասացի ես: – Հենց այնպես կանգնած եմ:
– Ես տեսա, որ միլիցիոները վերցրեց քո փողը, – շարունակեց նա: – Նրանք էդպես կանգնած կողոպտում են եկող-գնացողներին: Գնանք, – առաջարկեց նա:
– Ո՞ւր: Ես փող չունեմ:
– Գիտեմ, որ չունես, – ասաց նա: – Ոչինչ, գնանք: Ես ավար եմ, Ռասուլ Համզատովի հայրենակիցը: Բան չկա, մի ուրիշ անգամ կտաս:
Դռան զանգի վրա մայրս բաց արեց դուռը, տարակուսանքով նայեց ինձ:
– Ո՞ւմ եք ուզում, – հարցրեց նա անվստահ վարանքով ու մի տեսակ վախվորած:
– Ես եմ, մամա, – ասացի ես: – Չե՞ս ճանաչում:
Նույնիսկ փորձեցի ժպտալ:
– Վո¯ւյ, աստված, – ճչաց մայրս,– էս ի՞նչ շորեր են հագիդ, ո՞ւր են քո շորերը, վա¯յ, էս ի՞նչ են արել քեզ, աստվա¯ծ, աստվա¯ծ, մազերդ սպիտակել են, – լաց լինելով ընկավ գիրկս, – էս ի՞նչ օրի ես, մաման մատտա¯ղ, էս ինչ օրի ես… Գնա¯նք, շուտ գնանք, – ասաց նա, – գնանք կորչենք, հեռանանք էս անիծված երկրից…
1990, մարտ-հոկտեմբեր
Լենինգրադ
===================
ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
Նախքան փախստական հայությունը, թողած տուն ու տեղ, լքյալ ու վշտաբեկ, ինչպես սովահար վայրի գազանից հալածված մի հոտ, կցրվեր աշխարհով մեկ՝ անհյուրընկալ ցրտաշունչ Ռուսաստանից մինչև Ամերիկայի հեռավոր նահանգները, նախքան նրանք, ովքեր անկարող դիմանալու արհավիրքներին, կմեռնեին ճանապարհներին, և մոռացության փոշին՝ հանց հավիտենական խավարչտին գիշեր, կծածկեր նրանց անունները, ինչպես անունները նրանց, որոնց դիակները շտապ հավաքվեցին Սումգայիթի և Բաքվի փողոցներից ու տներից, և նրանք այդպես էլ մնացին անհետ կորածների ցուցակներում…
Նախքան այդ Դեմիչևը, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Բագիրովի խնդրանքով, Սումգայիթ մտած զորքի հրամանատար Կրաևին կհրահանգեր զենք չգործադրել գազանացած մարդասպանների դեմ, և փողոցներով անցնող զրահամեքենաներից մի քանի քայլի վրա, բարձրահարկ շենքի բակում յոթանասուն տարեկան Փիրուզա Մելքումյանին՝ Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղից, պատշգամբից կախված հետաքրքրասեր հարևաններին ի տես, կստիպեին մերկ պարել՝ մինչև երկաթաձողը կխրվեր նրա մարմինը, և նրա աղեկտուր ճիչը լսելի կլիներ շատ հեռվից, նախքան գրազ գալով՝ դանակի մի հարվածով կպատռեին քսանվեցամյա հղի Լոլա Ավագյանի որովայնը՝ շահելու գրազը. տղա է, թե՞ աղջիկ, նախքան տրոլեյբուսի կանգառում սպանված Վիկա Մարկոսյանի ծծկեր մանկան պարանոցը փոկ գցած քարշ կտային փողոցներով, նախքան Հովհաննիսյանների բնակարանում, արյան մեջ կորած ամուսնու աչքի դեմ, կբռնաբարեին կնոջը, իսկ մանկավարժ ու ինժեներ որդիներին կստիպեին կենակցել սեփական մոր հետ և հրաժարական ստանալով, փողոց քարշ տրված հոր ու մոր աչքի առջև կնետեին նրանց խարույկի մեջ… նախքան նույնը կանեին և Մեջլումյանների հետ ու նաև նույնը՝ Մելքումյանների բնակարանում՝ զինվորներով լեցուն հանրակացարանի հարևանությամբ, բռնաբարելով ու մորթելով մի ողջ գերդաստան՝ ծնողների և զավակների հետ համատեղ, նախքան կթաղեին նրանց Բաքվի Գայլի Դրունք գերեզմանատանը, անձրև ու ցուրտ քամի մի օր, տանկերի ու ռուս զինվորների հսկողությամբ, և հրաշքով ողջ մնացած հարսներից մեկը քիչ հեռվում կանգնած միլիցիական մեքենան տեսնելով խուլ հեծկլտանքով կասեր՝ սրանք, սրանք արեցին այդ ամենը…
Եվ նախքան հայերի տներից թափած իրերը հապշտապ կայրեին քաղաքային աղբանոցներում ու նախքան ավերված բնակարանները կնորոգեին՝ նույն շտապողականթյամբ՝ ջարդերի հետքերը ծածկելու համար, որպեսզի չտեսներ Աստված այդ չարագործությունները և չասեր չարագործին՝ որովհետև արիր այս, դու անիծեալ լինես բոլոր անասուններից և դաշտի բոլոր կենդանիներից, փորիդ վերայ գնաս, և հող ուտես կյանքիդ բոլոր օրերում… Եվ նախքան կենտկոմի բյուրոյի նիստում, իսկ հաջորդ օրը պլենումում, Մուսլիմզադեն մեկ-մեկ կթվարկեր սումգայիթյան եղեռնագործության բոլոր կազմակերպիչների անունները, և այդ Կատուսևն անուշադրության կմատներ պլենումին մասնակցած հայերի հեռագիրը՝ ուղղված միութենական գերագույն դատարանի նախագահ Տերեբիլովին, և նախքան կխափաներ նա հետաքննությունը՝ գործերի մի մասն ուղարկելով հեռավոր քաղաքներ ու մի մասն էլ թողնելով Սումգայիթում, քաջ գիտենալով, որ սպանվածների հարազատներն ու տուժածները հնարավորություն չեն ունենա մեկնելու այդ հեռավոր քաղաքները, առավել ևս՝ Սումգայիթ, ուր գազանաբար խոշտանգվել ու խարույկների վրա այրվել էին նրանց հարազատները և ուր ապրում էին ոճրագործության բոլոր մասնակիցները…
Նախքան անպատիժ ջարդարարները Բաքվի հանրահավաքներում կհռչակվեին որպես ազգային հերոսներ, իսկ Սումգայիթը՝ հերոս քաղաք, նախքան եղեռնից մի քանի ամիս անց Մոսկվան, ասես, ի հեճուկս հայերի, երիտասարդությանը կոմունիստական ոգով դաստիարակելու բնագավառում ձեռք բերած, իբր թե, ակնառու հաջողությունների համար համամիութենական սոցմրցությունում Սումգայիթ քաղաքը հաղթող կճանաչեր, իսկ Գորբաչովը, որն այդպես էլ քաղաքական գնահատական չտվեց Սումգայիթի եղեռնագործությանն ու հարկ չհամարեց անգամ երկու բառով ցավակցություն հայտնել անմեղ զոհերի հարազատներին, կարժանանար խաղաղության Նոբելյան մրցանակի…
Եվ նախքան Աթաթյուրքի, Հեյդար Ալիևի ու սումգայիթյան եղեռնի հերոս Ահմադ Ահմադովի վիթխարածավալ դիմանկարներով զարդարված կառավարական տան հրապարակից հարյուր հիսուն հազարանոց խառնամբոխը չարագույժ սև հեղեղի պես կհոսեր դեպի հայոց տներն ու կսկսվեին Բաքվի զանգվածային կոտորածները, ուր դարձյալ խարույկների վրա կայրեին անմեղ մարդկանց, իսկ քաղաքի կայարանամերձ հրապարակում հայ աղջիկներից խորոված կսարքեին՝ հյուրասիրելով անցնող-դարձողներին, բարձր շենքերից ցած կնետեին պատերազմի հաշմանդամ ծերունիներին ու պառավ կանանց, տիրելով նրանց բնակարաններին, նախքան միլիցիայի աշխատողներն Արֆենյա Խաչիյանին՝ Սոլնցև փողոցի ութերորդ շենքից, վայրենորեն բռնաբարելուց հետո կնետեին ծով, ութսուն տարեկան Գեորգի Շաֆիրովին, Նիզամի փողոցի քսաներորդ շենքից, ծեծելով կսպանեին իր տան շքամուտքում, իսկ իննսունամյա Սոֆյա Բադալյանին ու Ելենա Վանեցյանին, պրոֆեսոր Նիկոլայ Դավթյանին ու Ադրբեջանի նկարիչների միության առաջին նախագահ Շմավոն Մանգասարովին, Սովետական Միության հերոս Հրանտ Ավագյանին, Բաքվի հայկական պետական թատրոնի նախկին գլխավոր նկարիչ Արսեն Հովհաննիսյանին ու շատ շատերին՝ կիսամերկ ու ոտաբոբիկ, ծեծելով փողոցներով կքշեին դեպի վերջին հանգրվան, նախքան Մոսկվայի մոտ մղված կռիվներում զոհված Սովետական Միության հերոս Հովհաննես Դանիելյանի կնոջը՝ Սաիդա Ավանեսյանին, անկողնուն գամված հաշմանդամ որդու աչքի առաջ գազանաբար կբռնաբարեին ժողովրդական ճակատի հերոս մարտիկները, նախքան սեփական բնակարաններում կմորթոտեին Խաչատուր Գրիգորյանին ու Գերման Օհանյանին, Իվան Խաչատուրովին ու Լենա Բադալյանին, մայր ու աղջիկ Զարվարդ ու Եվգենյա Փաշայաններին, խեղդամահ կանեին Գրիգոր Գրիգորյանին, մինչև այդ հոր աչքի առաջ խմբովին բռնաբարելով նրա դստերը՝ Նորա Գրիգորյանին, նախքան Աշխաբադից Ստավրոպոլ թռչող օդանավը պատահաբար վայրէջք կկատարեր Բաքվում, և Լեռնային Ղարաբաղում «Կոմունիստ» հայերեն թերթի սեփական թղթակից Մանվել Հովհաննիսյանի որդուն՝ Վալերի Հովհաննիսյանին, դուրս քաշելով օդանավից, կկողոպտեին ու երեք շաբաթ օրուգիշեր ծեծելով կխոշտանգեին, շնորհիվ փողի ու ընկերների, կազատվեր նա այդ զարհուրելի դժոխքից ու, մի կերպ հասնելով Պյատիգորսկ, այնտեղ կկնքեր իր մահկանացուն, նախքան կառավարական տան կողքին, գրողների կոոպերատիվ շենքում, դպրոցահասակ որդու, երկու դստեր ու ադրբեջանուհի կնոջ՝ Էլմիրա Ջավադովնա Հյուսեյնովայի աչքի առաջ կհոշոտեին այդ նույն «Կոմունիստ» թերթի աշխատակից, բանաստեղծ Արկադի Խաչատրյանին՝ Ասկերանի շրջանի Բադարա գյուղից, իսկ Ռաուֆ Ալի-օղլի Ալեսկերովին ոտնատակ կտային՝ պահանջելով հրաժարվել հայուհի մորից, նախքան Կրասնովոդսկի ճանապարհին լաստանավերից ծով կնետեին բռնաբարված կանանց ու աղջիկներին, նախքան կհանեին պարտիզանական միավորման նախկին հրամանատար Հարություն Սաղումյանի աչքերը, որպեսզի նա այլևս չկարողանար նայել դեպի Ալյաթ, ուր հանգչում էին տասնութ թվականի կոտորածի ժամանակ սպանված իր հարազատները և հետո կնետեին նրան ութերորդ հարկից, նախքան տասնհինգ-քսան հոգով՝ տասնչորս տարեկանից մինչև վաթսուն, կբռնաբարեին վաստակավոր լրագրողուհի Նորա Բաղդասարյանին, իսկ հրապարակախոս Խորեն Բոջիկյանի որդուն կքառատեին ռուս կնոջ, երեխաների ու հոր աչքի առաջ, պատվիրելով հորն ընդմիշտ հիշել այդ պահը… Եվ նախքան քաղաքի շուրջն անշարժ կանգնած զորքը յոթ օր ուշացումով կմտներ Բաքու՝ իբր թե փրկելու հայերին… Նախքան այդ զորքին դեմուդեմ դուրս կգար մարդակեր գազանների անհաշիվ ոհմակը՝ իրարից կապկպված անպաշտպան հայերին քշելով տանկերին ընդառաջ ու ետևից դավադրաբար կրակ բացելով տանկերի վրա, նախքան մարդակեր գազանների անհաշիվ ոհմակից քառասունինը կոչնչացվեին և, ասես որպես անարգանք հազարավոր անմեղ հայ զոհերի ու սպանված տասնյակ ռուս զինվորների հիշատակին, մարդասպանները կհորջորջվեին որպես սուրբ նահատակներ ու մեծ շուքով կթաղվեին հայ-ռուսական նախկին գերեզմանատանը՝ Կիրովի անվան զբոսայգու բարձունքում, նախքան բարբարոսները կավերեին Բաքվի հայ-ռուսական գերեզմանոցներն ու կասֆալտապատեին, իսկ մահարձանները կօգտագործեին քաղաքի փողոցների բարեկարգման ու մետրոյի երեսապատման համար…
Նախքան Հեյդար Ալիևը, ժողովրդական ճակատի, թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կառույցի անդամների ու Մոսկվայի իր համախոհների աջակցությամբ, Էլչիբեյի ու ղարաբաղյան կռիվների հերոս Սուրաթ Հյուսեյնովի հետ դաշնակցած՝ հայրենի Նախիջևանից հաղթական երթով կմտներ Բաքու, որպեսզի հետո նախագահ Աբուլֆազ Գադիրգուլի Ալիև-Բոյուքբեյ-Էլչիբեյին քշեր հեռավոր Օրդուբադի շրջանի հայաթափ Քաղաքիկ, այժմ թուրքացված Քելեքի գյուղ, իսկ Սուրաթ Հյուսեյնովին՝ Գոբուստանի բանտ… Նախքան Սումգայիթի բազմահազար հանրահավաքում նա կհետաքրքրվեր՝ «Բյաս հա՞նը բիզիմ Խըդըր*», և խարույկների վրա անպաշպան հայերին այրող այդ Խըդըր Ալոևը, նա ինքը՝ բանաստեղծ ու դպրոցի տնօրեն Խըդըր Ալոև-Ալովլըն**, արդեն առանց լայքայե թիկնոցի, մորուքի ու սև ակնոցի, դուրս գալով ամբոխի միջից, ծիծաղադեմ, հպարտ ու երջանիկ, կգնար փեյղամբարին*** ընդառաջ, և փեյղամբարը ջերմորեն կգրկեր, կթփթփացներ մեջքը և նրան Սումգայիթի քաղաքային գործադիր իշխանության ղեկավար ու Ազգային ժողովի՝ Միլլի Մեջլիսի պատգամավոր կկարգեր… Նախքան Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Վագիֆ Հյուսեյովն իր ձերբակալությունից օրեր առաջ, ակնարկելով Ադրբեջանի ժողովրդական ճակատի քաղաքական մի քանի գործիչների, կհայտարարեր, որ 1990 թվականի Բաքվի հունվարյան դեպքերն ու Խոջալուն միևնույն մարդկանց սարքած գործն է, իսկ հանրապետության նախկին գլխավոր դատախազ Իլյաս Իսմայիլովն այդ նույն Միլլի Մեջլիսի ամբիոնից կհայտարարեր, որ Սումգայիթի ու Բաքվի հայոց կոտորածների կազմակերպիչներն այսօր պատգամավորական
անձեռնմխելիության մանդատներով նստած են այս դահլիճում,
—————————————————————
* Իսկ ո՞ւր է մեր Խըդըրը (ադրբ.)
** ալովլը (ադրբ.) – կրակոտ
*** փեյղանբար (ադրբ.) – մարգարե
իսկ հանրահայտ Ջորջ Սորոսն իր «Գորբաչովի հայացքների համակարգը» գրքում կմատնանշեր, որ իրականությունից այնքան էլ հեռու չեն ենթադրություններն այն մասին, թե հայկական ջարդերն Ադրբեջանում ներշնչված են եղել տեղական մաֆիայի կողմից, որին ուղղորդում էր Հեյդար Ալիևն այն հաշվով, որպեսզի իրավիճակ ստեղծվեր Գորբաչովի համար ու նաև, իհարկե,
Ադրբեջանում իշխանությունը կրկին իր ձեռքը վերցնելու նպատակով, ինչին որ նա հասավ՝ Սումգայիթում, Բաքվում,
Կիրովաբադում և այլուր, հանուն իշխանության ու փառքի՝ անխնա հեղելով հազարավոր անմեղ մարդկանց արյունը, չխնայելով անգամ իր հայրենակիցների, թալիշների, լեզգիների, ավարների ու թուրք մեսխեթցիների արյունը՝ Խոջալու գյուղում ու Աղդամի մատույցներում… Նախքան այդ նույն Խոջալուի մասին ճշմարտությունն ասելու համար ադբեջանցի լրագրողներ Էլդար Հյուսեյնովը, Ալի Յակուբը, Ռաֆիկ Թաղին, Չինգիզ Մուստաֆաևն ու Աժդար Խանբաբաևը ճշմարտության զոհ կգնային, իսկ տասնյակ մարդիկ երկար տարիներով բանտ կնետվեին, այդ թվում նաև հանրաճանաչ Էյնուլլա Ֆաթուլլաևն՝ իր «Ղարաբաղյան օրագրի» համար, նախքան ադրբեջանցիները, միլիոններ ներդնելով, աշխարհով մեկ կթնդացնեին Խոջալուի շինծու պատմությունը՝ սքողելու համար սեփական ոճրագործությունները հայերի հանդեպ…
Եվ նախքան Կարմիր բանակը՝ Կիրովաբադի 23-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Բուդեյկինի անմիջական նախաձեռնությամբ ու ադրբեջանական ОМОН-ի, աֆղանական կիշլաղներում հարյուր հազարավոր անմեղ մարդկանց անխղճորեն կոտորած ու դրա համար հերոսի կոչման արժանացած Բորիս Գրոմովի սեփական պլանով ու գեներալ Շամանովի գլխախավորությամբ խորհրդային կործանիչների ու տանկերի ուղեկցությամբ կսկսեր «Կոլցո» հրեշավոր օպերացիան, որպես պետական տեռորիզմի ակտ՝ ընդդեմ Ղարաբաղի խաղաղ բնակչության, հայերից դատարկելով շուրջ հիսուն հայկական հինավուրց բնակավայրեր՝ Հյուսիսային Ղարաբաղում, ամբողջ Շահումյանն ու Մարտակերտի շրջանի տասնյակ գյուղեր՝ հողին հավասարեցնելով Վաղուհասն ու բնաջնջելով Մարաղան՝ չխնայելով ո՛չ ծերերին, և ո՛չ էլ մանկանց, իսկ ողջ մնացածներին կքշեին բանտերը, ուր նրանք ամենօրյա անլուր կտտանքների կենթարկվեին ու շատերն էլ անհետ կկորչեին, նախքան թալանելու, բռնաբարելու, հայերի տներին ու նրանց ունեցվածքին տիրանալու ավանդական մոլուցքով բոնկված՝ վայրենի ամբոխը խորհրդային զորքերի տանկերի հետևից կխուժեր այդ գյուղերը ու հրճվագին ոռնոցով ցաքուցրիվ կվազեր դեպի հայերի ունեցվածքը… Նախքան հայատյաց գոլիցինների, մեծ իշխան նիկոլաևների, լոբանով-ռոստովսկիների ու մի ոմն Վելիչկոյի արժանավոր հետնորդ, արնախում դահիճ Վլադիսլավ Սաֆոնովը զտման կետերն ու բանտերը կլցներ շրջափակված Ղարաբաղի խաղաղ բնակչությամբ, նախքան գիշեր ու զօր չորս կողմից կրակ կթափվեր պաշարված Ստեփանակերտի վրա, իսկ փոքրիկ օդանավակայանում ծեծի ու ստորացման կենթարկվեին հայ ուղևորները, նախքան Բաբրակ Քարմալի ու Նաջիբուլլայի հավատարիմ խորհրդական Վիկտոր Պետրովիչ Պոլյանիչկոն՝ մերօրյա այդ Թալեաթը, սովետա-ադրբեջանական հրոսակախմբերի գլուխն անցած՝ կավերեր Մարտակերտի, Հադրութի, Շահումյանի, Բերդաձորի ու Գետաշենի հազարամյա հայոց շեն գյուղերը, բնակչությանը ճզմելով տանկերի թրթուրների տակ, գլխամաշկ անելով հայ տղամարդկանց ու մատաղահաս հայ աղջիկներին արյան մեջ փռված ծնողների աչքի առաջ նվիրելով ժողովրդական ճակատի իր թուրք մտերիմներին, և նախքան այդ ամենի համար, երևի, բեհեղզեբուղ Գորբաչովը հեռագրով անձամբ կշնորհավորեր այդ հրեշին՝ նրա ծննդյան օրվա առթիվ, և նա կարժանար հերոսի կոչման, իսկ նրա մարդասպան զինակիցներից յոթ հոգու՝ ադրբեջանական «օմոն»-ից, կպարգևատրեր մարտական Կարմիր Աստղի շքանշանով…
Նախքան Օրուջ Հիդայաթովը, սումգայիթյան թատերականացվաց ցույցերի կազմակերպման գործում մատուցած ծառայությունների համար, կդառնար Հեյդար Ալիևի օգնականը՝ ազգային հարցերի գծով, Խուտոր ավանի հարյուրավոր հայերի փրկարար Ալյոշա Արմենակի Աղաբեկյանը՝ Աղսուի շրջանի Գյուրջևան հայկական գյուղից, Արտաշատի շրջանում՝ Գևորգ Աթաջանյանի ու Ռոբերտ Առաքելովի նման մեկի մատնությամբ բանտ կնետվեր՝ շարունակ մտածելով, որ շուտով իր եղբայրակիցները նրան էտապով հոշոտման կուղարկեն Բաքու, իսկ նրա Արեգ ավագ որդին՝ Ֆազիլ Իսմայիլովի բարեկամների կողմից վարձված հայի ձեռքով կսպանվեր Երևանի Լենինի հրապարակի մոտակայքում, անավարտ տան խոնավ նկուղում կմեռներ նրա կին Նինան, այդ մեծ վշտերին չդիմանալով՝ կմեռներ և ինքը՝ Ալյոշա Աղաբեկյանը՝ մոռացված, լքված աշխարհից ու մարդկանցից, նախքան Գևորգ Աթաջանյանը, հասնելով Երևան, կպատմեր այն մասին, թե ինչպիսի քաջազուն հերոս էր ինքը, անմեղսապարտ տառապյալ, և աշխատանքի կընդունվեր Հայաստանի գրողների միությունում՝ որպես գրական խորհրդական ու մինչև վերջ ձրի կապրեր քաղաքի հյուրանոցներից մեկում՝ այդ նույն գրողների միության հաշվին, իսկ նրա մտերիմ-գործակից Ռոբերտ Առաքելովը, դարձյալ որպես տառապյալ հայ, շրջագայելով Երևանում ու ամբողջ մի տարի՝ Ղարաբաղում, Պոլյանիչկոյի ու Սաֆոնովի հետ նույն ինքնաթիռով կփախչեր Բաքու, ուր ինը հազար անմեղ հայեր նահատակվեցին, և գրքեր կհերյուրեր՝ ընդդեմ հայերի, նախքան Ալեքսանդր Կատուսևն ինքնասպան կլիներ, իսկ Պոլյանիչկոն ու СМЕРШ-ի հերոս Զիա Բունիաթովը գետնին կփռվեին վրիժառուների գնդակից՝ մեկը Օսիայի լեռներում, մյուսը՝ սեփական տան շեմին…
Եվ նախքան համբերատար ու հերոսական Ղարաբաղը, կորցրած հույս ու հավատ՝ հանդեպ աշխարհի արդարության, ցասումնալից կմռնչար ու կելներ ոսոխի դեմ ի մահ՝ հանուն բնօրրանի ազատագրման՝ ոնց Սասուն ու Վասպուրական, ոնց Մուսա լեռ ու Սարդարապատ, կբռունցքվեր և կելներ ու շուրջ վեց հազար սիրասուն քաջ որդվոց արյան գնով կմարեր թշնամական բոլոր կրակակետերն ու գերությունից կազատեր իր սրբասուրբ հողը, և ասադովների՝ Սումգայիթում ու Բաքվում խեղճ ու կրակ ծերունիների ու անպաշտպան պառավ կանանց հետ հաշվեհարդար տեսնող հարյուրհազարանոց ցռան զորքը՝ մոջահեդ, թուրք, ուկրաինացի ու չեչեն ծախու վարձկանների հետ՝ գլխավորությամբ տխրահռչակ Շամիլ Բասաևի, Գելաևի, Խատաբի ու Սալման Ռադուևի, առանց ետ նայելու լեղապատառ կփախչեր մինչև Բաքու, ու այդ բարեհաջող փախուստի համար հարյուր քսան հոգի կարժանանային Ադրբեջանի ազգային հերոսի կոչման… Եվ նախքան բազմաչարչար ու բզկտված Արցախի հողը վերստին շունչ կառներ ու կծաղկեր, և հայրենական խաղաղ դաշտերի վրա կրկին կթևածեր պապենական հինավուրց ու անմահական հորովելը…
Եվ այսպես… նախքան փախստական հայերը, իրենց հոգում պահած սիրելի, հետզհետե հեռացող ջինջ ու լուսավոր այն եզերքի պատկերը, ուր նրանց տունն ու հայրենիքն էր, ինչպես սովահար վայրի գազանից հալածված մի հոտ, կցրվեին աշխարհով մեկ՝ անհյուրնկալ սառնաշունչ Ռուսաստանից մինչև հեռավոր Յուտա, Միչիգան, Տորոնտո ու Ռոդ-Այլենդ, և նախքան նրանք, ովքեր անկարող դիմանալու զրկանքներին ու արհավիրքներին, ինքնասպան կլինեին կամ սովից, ցրտից, չսպիացող վերքերից ու հիվանդություններից կմեռնեին ճանապարհներին, և մոռացության փոշին, հանց հավիտենական գիշեր, անհայտության խավարով կծածկեր նրանց սուրբ անունները, եղավ, ահա, այս պատմությունը՝ որպես հիմն ու սգերգ՝ սիրո և ողջակիզման…
=======================
ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ
«Հեռացող եզերքը» արդարև իրական պատմություն է: Եվ այն, որ ամբողջ պատումը տրված է առաջին դեմքով, պատահական չէ. իմ խաթարված կյանքի պատմությունն է դա, իմ թշվառ զրուցակիցներից յուրաքանչյուրի պատմությունը, որովհետև նրանց ընդհատված երազանքների ու անլուր տառապանքների մասին ու նրանց անունից է խոսում հեղինակը:
Վերապատմելով դրվագներ Լեոնիդ Հուրունցի՝ անզուգական այդ մեծ մարդու ու նվիրյալ հայրենասերի մասին, ես ուզում էի մի անգամ ևս հավաստել, թե ինչից ժայթքեց Ղարաբաղի ցասումն ընդդեմ ադրբեջանական հայատյաց սանձարձակության: Նա ասում էր, որ այն ամենը, ինչի մասին բորբոքված պատմում է, գրած ունի վաղուց, սակայն տպագրել չի հաջողվում և հույս էլ չկա, թե երբևէ կտպագրվի: Հետագայում նա կարողացա՞վ, արդյոք, հրատարակել այդ պատմությունները՝ չգիտեմ: Եթե ոչ, ապա իմ բերած դրվագները թող համարվեն որպես հարգանքի ու սիրո տուրք՝ անմոռանալի Հուրունցի անվանն ու անմեռ հիշատակին:
Ես իմ խորին երախտիքն եմ բերում քսաներկուամյա Մարինա Հովհաննիսյանին, որ Ստավրոպոլի Բուդյոնովսկ քաղաքում, ընկճված ու տրտմագին վերապրում էր Սումգայիթում իր գլխով անցածը. թե ինչպես իր ծննդյան օրը վերածվեց զարհուրելի մղձավանջի՝ մոր, կրտսեր քույրերի ու իր անասնական բռնաբարության, խոշտանգված հոր աչքի առաջ: Շնորհակալ եմ և Էմմա Սարգսյանին, որ վշտահար տեսքով անդադար պատմում ու պատմում էր ամուսնու ողբերգական սպանության մասին, լալիս ու շարունակ նույնն էր կրկնում, որ ամուսնու մահից հետո իր ապրելն իզուր է այս աշխարհում: Իմ երախտապարտությունը նաև իմ բարեկամ Բարմեն Բեդյանին՝ Սումգայիթի քաղկոմի շենքում այն օրերին արած իր պատմության համար: Ծեծ ու ջարդից այլանդակված, դեմքին լայնակի սև այտուցներ՝ նա արտասվախառն ձայնով պատմում էր՝ շինարարի իր կոշտուկավոր ձեռքերը ցուցադրելով, որ տասնյակ բնակելի շենքեր է կառուցել Սումգայիթում, և թե ինչպես էին միլիցիայի աշխատակիցները բռնել նրան ու հանձնել մարդասպան ամբոխին:
Հեղինակը շատ-շատերին է շնորհապարտ այս գրքի համար, այդ թվում և Վիլյամ Ռուսյանին՝ Բաքվի Լենինի պողոտայի 32-րդ շենքից: Նա ասում էր՝ նրանք, ովքեր չկարողացան դուրս պրծնել գազազած ոհմակի ճանկերից, ոչինչ չեն պատմի այլևս, իսկ նրանք, որոնց հաջողվեց կենդանի մնալ, մի բան կարող են ասել միայն՝ որ այդ գեհենից փրկվել են հրաշքով: Ու ես հորդորում էի նրան գրի առնել, անպայման գրի առնել այդ ամենը:
Նա ևս՝ Բաքվի զանգվածային սպանդից մազապուրծ՝ ականատեսի իր հավաստի պատմությամբ՝ կապված հունվարի տասներեքին սկսված հայոց կոտորածի հետ, օգնեց վերականգնելու Բաքվի ահավոր եղեռնի իրապատում պատկերը:
Հավերժ հիշատակ անանուն նահատակներին:
Հավերժ փառք տառապյալ ողջերին: