на русском — https://miaban.ru/info/armenia/wa_19-1-2020/
Հետևյալը Արևմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետի հայտարարությունն է ՝ կապված Հայաստանի Հանրապետության անկախության դե ֆակտո ճանաչման 100-ամյակի հետ:
2020 թվականի հունվարի 19-ին լրանում է Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչման 100-ամյակը։
Սա կարեւոր տարեթիվ է հիշեցնելու Միջազգային ընտանիքի հիմնական դերակատար պետություններին՝ կյանքի կոչելու եւ իրականացնելու նրանց իսկ կողմից 1918-1920 թթ․ հայ ժողովրդի իրավունքների վերաբերյալ կայացված բոլոր որոշումներն ու վճիռները։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո պատերազմում հաղթած պետությունները՝ պարտված պետությունների հետ խաղաղության պայմանագրեր մշակելու եւ կնքելու նպատակով հրավիրեցին Փարիզի Խաղաղության վեհաժողովը, որն ընդհատումներով տեղի ունեցավ 1919 թ. հունվարի 18-ից մինչեւ 1920 թ. հունվարի 21-ը:
Վեհաժողովին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Սերբերի, հորվաթների եւ սլովենների թագավորության, Ռումինիայի, Հեջազի եւ մյուս դաշնակից պետությունների ներկայացուցիչներ։ Խաղաղության հիմնական պայմանները ձեւակերպում Էին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը եւ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը։
1919 թ. սկզբին Փարիզում հրավիրվել է Հայ ազգային համագումար, որի կարեւոր ձեռնարկներից մեկը եղել է «Ամբողջական Հայաստանի պատվիրակության» ընտրությունը՝ Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ եւ նախապես պատրաստված ու 1919 թ. փետրվարի 12–ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի վավերացումը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը եւ ճշտում նրա տարածքը Արեւմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկիայի միացմամբ:
Միացյալ պատվիրակությունը փետրվարի 26-ին ներկայացավ Տասի խորհրդի նիստին` կրկնելով հուշագրի հիմնական պահանջները: Պատվիրակությանն ընդունեց նաեւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը (1919 թ. ապրիլի 17-ին) եւ հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար:
Հայկական միացյալ պատվիրակության ներկայացրած պահանջներին ի պատասխան Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը 1920 թ. հունվարի 19-ին կայացրել է հետեւյալ որոշումը եւ «դե ֆակտո» ճանաչել է Հայկական պետությունը.
- Հայկական պետության կառավարությունը ճանաչվում է, որպես կառավարություն,
- այս որոշումը չի կանխորորոշում Հայկական պետության սահմանների հարցը:
1920 թվականի հունվարի 27-ին Խաղաղության վեհաժողովի քարտուղարությունը այս երկու որոշումները պաշտոնապես ներկայացրել է Հայ Ազգային Միացյալ պատվիրակությանը:
Ուշագրավ է 1920 թ. հունվարի 19-ին Դաշնակիցների Գերագույն Խորհուրդի կայացրած որոշման 2-րդ կետը այն մասին, որ՝ «այս որոշումը չի կանխորորոշում Հայկական պետության սահմանների հարցը»։
Ըստ այդմ, հետագայում Հայկական պետության, կամ Հայաստան պետության սահմանները՝
1․ Թուրքիայի հետ որոշվում է ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի,
2․ իսկ Ադրբեջանի Հանրապետության հետ՝ Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ին ներկայացրած «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» որոշման համաձայն։
Հատկանշական է, որ երկու դեպքում էլ՝ եւ Իրավարար վճռի, եւ Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի որոշման վերաբերյալ հոդվածներն ամրագրվել են նաեւ Սեւրի խաղաղության պայմանագրում, որպես 89-րդ եւ 92-րդ հոդվածներ։
Սեւրի խաղաղության պայմանագրի 89-րդ հոդվածում նշված է․ «Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»:
Նույն պայմանագրի 92-րդ հոդվածում կարդում ենք․ «Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչեւ 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաեւ սահմանանշումը»:
Ըստ էության, հայ ժողովրդին տրված իրավունքների մասով 1920 թ. ընթացքում՝ Փարիզի Խաղաղության վեհաժողովում եւ Սան Ռեմոյի Կոնֆերանսում (Հաղթող տերությունների Գերագույն խորհրդի նիստը 1920 թ. ապրիլի 19-26-ը) ընդունվել են որոշումներ, որոնք հետագայում տեղ են գտել ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրում, այնպես էլ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում եւ այլ որոշումներում, որպես Հայաստան պետության վերաբերյալ կայացված որոշումներ, այդ թվում՝ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից Հայաստան պետության «դե յուրե» ճանաչումը 1920 թ. մայիս 11-ին:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) կարեւոր քայլեր է ձեռնարկել հայ ժողովրդին տրված իրավունքները միջազգային քաղաքականության հիմնական դերակատարներին հասցնելու եւ դրանց իրականացումը իրավաչափության ամուր դիրքերից հետապնդելու նպատակով:
Այդ նկատառումներից մեկնած, Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) 2018 եւ 2019 թթ․ ՄԱԿ-ին ուղղել է հետեւյալ դիմումնագրերը.
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ, 25 մայիս 2018 թ.:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ կյանքի կոչելու եւ իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա, 29 մայիս 2018 թ.:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ, 20 նոյեմբեր 2018 թ.։
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ, 7 օգոստոս 2019 թ․։
Որպես ամփոփում, ավելացնենք միայն, որ Մեծ Մերձավոր Արեւելքում երկարատեւ եւ կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրի եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի պահանջների, այնպես էլ Հայաստան պետության վերաբերյալ կայացված բոլոր որոշումների կյանքի կոչումն ու իրականացումը կյանքում:
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ
19.01.2020 թ.