Նման հայեցակարգ մշակելու համար անհրաժեշտ է դրսեւորել ժամանակակից ազգային–պետական քաղաքական մտածողություն, հիմնված վերջին՝ առնվազն 150 տարիների հայոց քաղաքական պատմության գիտական իրատես անաչառ վերագնահատման վրա։
Նման մտածողությունն անխուսափելիորեն հանգում է հետեւյալ դրույթներին եւ եզրակացություններին:
Հայոց հարցը ներկա պատմական փուլում ունի երկու՝ արեւելահայ եւ արեւմտահայ ասպեկտներ.
Ա. Հայկական պետականության վերականգնումը, կայացումը, հեռանկարային զարգացումը, հզորացումը, նրա՝ հնարավորին չափ տարածքային ամբողջականության վերականգնումը, առնվազն Արցախի դե-յուրե վերամիացումը ՀՀ -ի հետ:
Բ. Արեւմտահայերի՝ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների անտեսված շահերի պաշտպանությունը, նրանց կորցրած իրավունքների վերականգնումը, Մեծ եղեռնի հետեւանքով կրած բարոյական, նյութական եւ տարածքային վնասների հատուցման Պահանջագրի պատրաստելը, Արեւմտահայոց Լիազոր Ներկայացուցչական Մարմնի կողմից այդ Պահանջագրի ներկայացնելը ներկայիս թուրքական պետությանը եւ նրանից համապատասխան հատուցում ստանալը:
1. Հայոց առնվազն 150 տարվա քաղաքական պատմագրության մեջ գրանցված համազգային ճակատագրական նշանակություն ունեցող պարտությունների եւ կորուստների մեջ, հայությունը, հանձինս նրա ազգային վերնախավի (էլիտայի), ունի իր պատասխանատվության չափը:
2. Հայոց Մեծ եղեռնը եւ 1920-21 թթ. պարտությունները եւ կորուստները անխուսափելի դարձան ի հետեւանք բացակայության՝ սպառնացող մարտահրավերներին դիմագրավող համապատասխան մարմնի, պատասխանատու քաղաքական կազմակերպության, որ ներկայացներ համայն հայության հավաքական կամքը եւ միտքը՝ ի դեմս նրա ազգային վերնախավի, ազգային կապիտալի եւ ազգային մտավորականության ներկայացուցիչների, եւ իրատեսորեն ու լրջորեն տնօրիներ ազգի ճակատագիրը:
3. Այդ պատասխանատվության, թույլ տված սխալների չափի գիտակցումը եւ ընդունումը, նոր սխալներ չգործելու համար, ավելի կարեւոր է, քան կրած պարտությունների եւ կորուստների մեջ ամեն գնով ինքնարդարացում փնտրելը, առասպելներ հորինելը եւ զոհի բարդույթի ներարկումը, ինչը արվում է տասնամյակներով։
4. Իսրայել Օրուց հետո մինչեւ այսօր հայոց ազգային քաղաքական մտածելակերպի եւ գործելակերպի մեջ, բացառություններով հանդերձ, գերիշխում է այն տեսակետը, որ հայերն առանց դրսի օգնության ընդունակ չեն իրենք իրենց ճակատագիրը տնօրինել:
5. Վերջին հայոց պետության՝ Կիլիկիայի հայոց թագավորության կորստից հետո հայ ազգային վերնախավը մինչեւ այսօր չի ստեղծել ազգային քաղաքական կազմակերպություն, կազմված կայացած եւ կարող հայերով, համապատասխան էրուդիցիայով, ազգային բարձր ինքնագիտակցությամբ եւ բարոյականությամբ, հետեւողականությամբ, նվիրվածությամբ, զինված սեփական հզոր միջոցներով, որ կարողանար մշակել եւ ընդունել գիտական մակարդակի լուրջ, պատասխանատու, իրականանալի ծրագիր, իրատես քաղաքական վարդապետություն (դոկտրին)՝ հայության ներկան եւ ապագան վտանգներից ապահովելու, առավել եւս՝ հայոց պետականությունը վերականգնելու համար:
6. Հայոց Մեծ եղեռնից խուսափելու համար ավելի կարեւոր էր նման դոկտրին եւ նրա կրողը ունենալ, քան թե մեղադրելը, որ հետամնաց թշնամին այդքան դաժան էր։ Գերմանացիներն աշխարհի ամենաառաջադեմ ազգերից մեկն են, բայց դաժանորեն վեց միլիոն հրեա կոտորեցին։
7. 1918 -20թթ. Հայաստանի Հանրապետության կործանման եւ նրա տարածքների կորստյան հիմնական պատճառը հանդիսացավ հայության երկու հատվածների՝ արեւելահայերի (ռուսահայերի) եւ արեւմտահայերի (թուրքահայերի) ղեկավարների հակամարտությունը եւ անմիաբանությունը: «Հայ- հայկական» բանակցությունները (Երեւան, 1919 թ. հոկտեմբեր 29 – նոյեմբեր 16) ձախողվեցին, չհաջողվեց ձեւավորել միացյալ կառավարություն արեւմտահայերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը պարտավոր էր ապահովել արտերկրի հայության ընդգրկումը՝ պետականության, հատկապես բանակի կայացման եւ հզորացման գործին: Ժամանակի վատնում է գրել, խոսել, թե մեր պարտության գլխավոր պատճառը մեծ տերությունների դավաճանությունն ու բոլշեւիկ-թուրք բարբարոսությունն էր։
8. Խորհրդային Միության փլուզումը հայությանը նոր հնարավորություն տվեց շարունակել 1921-ին ընդհատված հայոց պետականության վերականգնման բարդ եւ դժվար գործընթացը: Բարդությունը կայանում է նրանում, որ թե 1918-ին եւ թե 1991-ին հայերը պատրաստված չէին համապատասխան այդ առաքելությանը: Առաջին դեպքում իշխանության եկավ Ռուսահայերի Ազգային Խորհուրդը, որ հիմնադրվել էր 1917 թ. Թիֆլիսում Ռուսահայերի Համագումարում՝ միացյալ եւ անբաժանելի Ռուսաստանում այդ երկրի հայ քաղաքացիների շահերը եւ իրավունքները պաշտպանելու համար, իսկ 1991- ին «Ղարաբաղ Կոմիտե -ՀՀՇ» -ն, որ նույնպես նման առաքելության համապատասխան պատրաստականություն, կարողություններ եւ ծրագրեր չուներ:
9. Տարերայնորեն առաջացած «Ղարաբաղյան շարժումը» (ինչպես, այսպես կոչված՝ «կամավորական շարժումը», կազմակերպված Թիֆլիսում, Ազգային Բյուրոյի կողմից, 1914թ.) դատապարտված էր վերջանալու հայկական նոր արհավիրքով՝ «Օպերացիա Կոլցո» -ի ամբողջացմամբ, եթե հազվադեպ անգամ պատմության մեջ ճակատագիրը չժպտար հայերին: 1991 թ. օգոստոսի 21-ի պետական հեղաշրջումը քանդեց ԽՍՀՄ-ը, Խորհրդային Հայաստանը անկախացավ, Խորհրդային բանակը, միակ գրավականը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, լքեց տարածաշրջանը, եւ հայերին հաջողվեց հրաշքով, ազգային ոգու գերագույն լարումով ազատագրել Արցախը հարակից տարածքներով:
10. ՀՀ -ի անկախությունը, նրա՝ հնարավորին չափ տարածքային ամբողջականության վերականգնումը եւ պահպանումը, պետականության կայացումը, զարգացումը եւ հզորացումն անհնար է առանց համազգային ջանքերի, համահայկական ռեսուրսները մոբիլիզացնելու: Հայության հիմնական ներուժը Սփյուռքն է, որ գլխավորապես հետեւանքն է Մեծ եղեռնի, եւ որ իրենից այսօր ներկայացնում է աշխարհով մեկ սփռված յոթ միլիոն արեւմտահայերին՝ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգներին:
11. 1917 եւ 1919 թթ. Երեւանում կայացած Արեւմտահայերի Առաջին եւ Երկրորդ Համագումարներից հետո, 1919 – 1920 թթ. Փարիզում կայացած Հայ Ազգային Համագումարից հետո, Հայաստանի Հանրապետության անկախության կորստից հետո, սառը պատերազմի տարիներին արեւմտահայությանը, սփյուռքահայությանը հայտնի պատճառներով չի հաջողվել իր առաքելությանը համապատասխան ինքնակազմակերպվածություն եւ ինքնակառավարելիություն ապահովել, լիազոր ներկայացուցչական մարմին ստեղծել։
12. Արեւմտահայերի Երրորդ Համագումարը 2011 թ. դեկտեմբերի 10-11-ին Փարիզում (Սեւրում) հիմնադրեց Արեւմտահայոց Ազգային Համագումար (ԱԱՀ) միջազգային հասարակական ոչ կառավարական կազմակերպությունը, իբրեւ Արեւմտահայերի Լիազոր Ներկայացուցչական Մարմին արտերկրում՝ նրանց շահերը պաշտպանելու եւ իրավունքները վերականգնելու համար: Արեւմտահայերը իրենց առաջիկա համագումարում կընդունեն Պահանջագիր՝ ուղղված Թուրքիայի իշխանություններին, ստանալու համար հատուցում Մեծ եղեռնի հետեւանքով հասցված բարոյական, մարդկային, նյութական եւ տարածքային վնասների դիմաց։
13. ԱԱՀ-ը իր առաքելությունն իրականացնելու համար հիմնադրելու է իր մասնաճյուղերն աշխարհի հայ համայնքներում, նպատակ ունենալով ձեռք բերել համասփյուռքյան կարգավիճակ, մաքսիմում հնարավոր մեծաքանակ անդամներով եւ նրանց անդամավճարներով (ազգային տուրքով), որ հնարավորություն կստեղծի ձեւավորել ԱԱՀ-ի բյուջեն, համապատասխան իր առաքելությանը եւ համազգային նպատակներին: 14. Քանի դեռ ՀՀ-ն իր Սահմանադրությամբ հանդիսանում է Խորհրդային Հայաստանի իրավահաջորդը, արեւմտահայության կողմից լիազորված չէ նրա շահերը ներկայացնել եւ իրավունքները պաշտպանել միջազգային հարաբերություններում, ապա Հայոց հարցը պատմական այս փուլում արդյունավետ հետապնդելու համար անհրաժեշտ է աշխատանքի բաժանում եւ դերերի բաշխում համաշխարհային հայությունը ներկայացնող նրա երկու հատվածների ներկայացուցիչների՝ ՀՀ -ի իշխանության եւ Արեւմտահայության Լիազոր Ներկայացուցչական Մարմնի միջեւ:
15. Համաշխարհային հայության հատվածների համաձայնեցված, համակարգված, միասնական եւ միակամ գործակցությունը հնարավորություն կընձեռի այնպիսի մեծածավալ, ճակատագրական նշանակություն ունեցող համազգային ծրագրերի համատեղ մշակման եւ իրագործման, որոնք կհանգեցնեն Ինքնուրույն Հզոր Հայկական Գործոնի ձեւավորմանը միջազգային կյանքում, որը կապահովի Հայաստանի Հանրապետության՝ Արցախի հետ դինամիկ եւ հեռանկարային զարգացումը եւ հզորացումը, Սփյուռքում հայությանը սպառնացող ուծացման դիմագրավումը, հայապահպանումը, հայրենադարձության կազմակերպումը եւ որը, ի վերջո, կապահովի ազգին իր ճակատագիրը իր ձեռքը վերցնելու:
ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հրապարակախոս, Մոսկվա
«Առավոտ» օրաթերթ 25.10.2014