ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրություններ անցկացնելու մասին
Հարգելի հայրենակիցներ
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրություններին, որը տեղի կունենա համացանցում հետեւյալ հասցեով՝ www.elections-western-armenia.info, 2023 թ. օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 3-ը:
Համաձայն ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 21-րդ հոդվածի եւ «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի հոդվածների՝
2013 թ․ նոյեմբերին, առաջին անգամ, համացանցում՝ էլեկտրոնային ուղղակի քվեարկության միջոցով, անցկացվել են Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների ընտրություններ: Ընտրություններին մասնակցել են 17.837 ընտրող՝ 41 երկրներից, ընտրվել են 64 պատգամավոր:
2018 թ. սեպտեմբերի 1-5-ը կայացել են Խորհրդարանի 2-րդ գումարման ընտրություններ, որին մասնակցել են 51.500 ընտրող՝ 47 երկրից, միասնական ցուցակով ընտրել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 101 պատգամավոր:
Ներկայիս Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) նախագահը Ռադիկ Խամոյանն է, վարչապետը՝ Տիգրան Փաշաբեզյանը, Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահը՝ Արմեն Տեր-Սարգսյանը:
Տեղեկացնենք, որ Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության կայքը գործում է հետեւյալ հասցեով՝ www.citizenship-western-armenia.info, որտեղ կարող եք գրանցվել ու դիմել Արեւմտյան Հայաստանի հայերի քաղաքացիություն ստանալու համար:
Դառնալով Արեւմտյան Հայաստանի քաղաքացի՝ իրավունք եք ստանում մասնակցելու ընտրություններին եւ հանրաքվեներին, ընտրելու եւ ընտրվելու, ինչպես նաեւ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի աշխատանքներին:
Ձեր ակտիվ մասնակցությունը, Ձեր քվեն՝ կարեւոր է, ինչպես հայերին տրված իրավունքները միջազգային հարթակներում վեր հանելու ու պաշտպանելու, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցների իրավաչափությունը պահպանելու եւ ուժականությունը զարգացնելու տեսակետից, ում վրա այս պահին դրված է այդ իրավունքները հետապնդելու խնդիրը:
Իրավունքի, օրենքի եւ իրավաչափության գերակայությունը, հայերի ու երկրի պաշտպանությունը չափազանց կարեւոր սկզբունքներ ու գործընթացներ են, սակայն դրանք բավարար չեն, եթե չեն ձեռնարկվել հայ ժողովրդին տրված իրավունքների կյանքի կոչման ու իրականացման գործողությունններ։ Այժմ շատերին է հայտնի, որ Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ ընդունվեցին մի շարք որոշումներ հայ ժողովրդի անժամանացելի ու անբեկանելի իրավունքների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) 2018 թ․ սկսած ձեռնարկել այդ ուղղությամբ տարվող հիմնարար աշխատանքներ։ Հինգ դիմումնագիր է ուղղվել ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Մշտական Անդամ պետություններին, դիմում է ուղարկվել Եվրախորդարանին, ընդունվել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին որոշում։
Ստորեւ ներկայացնենք այդ դիմումնագրերի վերնագրերն ու ժամանակագրությունը։
1) Դիմում ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ՝ «Միավորված Ազգերի Կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ», 25 մայիս 2018 թ.:
2) Դիմում ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ՝ «ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճռի իրականացման մասին, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների Նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»», 29 մայիս 2018 թ.։
3) Դիմում ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ՝ «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ», 20 նոյեմբեր 2018 թ.։
4) Դիմում ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ՝ «Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ», 7 օգոստոս 2019 թ.:
5) Դիմում Եվրոպական Խորհրդարանին՝ «Եվրոպական խորհրդարանի 18 Հունիս 1987 թ․ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում տեղ գտած սխալների, վրիպումների եւ անընդունելի ձեւակերպումների, եւ այն խմբագրելու եւ վերաշարադրելու վերաբերյալ», 5 դեկտեմբեր 2020 թ․։
6) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Հռչակագիր ուղղված ՄԱԿ-ին եւ պետությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ Թուրքիայի Հանրապետության հետ պետական սահմանի վերաբերյալ», 15 մայիս 2022 թ․։
7) Դիմում ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ՝ «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների հատուցման վերաբերյալ», 25 սեպտեմբեր 2022 թ.։
8) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) Որոշում «Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին», 22 փետրվար 2023 թ․։
Նշված բոլոր գործընթացները շարունակվում են եւ հարկ եղած դեպքում դրանք տեղափոխվելու են համապատասխան միջազգային ատյաններ, այդ թվում՝ դատական։ Մեջբերված բոլոր փաստերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ իրավունքների պաշտպանության սույն ժողովածու-ուղեցույցի մեջ։
Մենք հավատում ենք, որ հայ ժողովրդի ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքների համար մղվող այս դժվարին, բայց արդարացի պայքարում անպայման հաղթելու ենք:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրությունների պատշաճ անցկացումը, դրանցում Ձեր ակտիվ մասնակցությունը, նոր լիցք է հաղորդելու հայ ժողովրդի իրավունքների համար տարվող աշխատանքներին:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մամլո ծառայություն
08.06.2023 թ.
***
Կից ներկայացնում ենք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Նախագահի 8 հունիսի 2023 թ. № 05/2023 Հրամանագիրը Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորական ընտրություններն անցկացնելու մասին
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր
Հիմնվելով՝
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւավորման մասին հռչակագրի, 24 մայիսի 2013 թ.,
- «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» օրենքի,
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 4-րդ նստաշրջանի որոշմամբ, 06.06.2023 թ.:
Հաստատել.
1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության 07.06.2023 թ. առաջարկները Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրություններ անցկացնելու նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, այդ թվում, պատգամավորների ընտրությունների անցկացման ամսաթիվն ու վայրը:
2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրություններն անցկացնել համացանցում հետեւյալ հասցեով՝ www.elections-western-armenia.info, 2023 թ. օգոստոսի 29-ից ժամը 00-01-ից մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 3-ը ժամը 24:00, Երեւանի ժամանակով:
3. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների թեկնածուների առաջադրումն ու նախընտրական արշավի քարոզչությունը սկսել 2023 թ. հուլիսի 10-ից մինչեւ 2023 թ. օգոստոսի 28-ը:
4. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների թեկնածուների պաշտոնական գրանցումն իրականացնել 2023 թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2023 թ. օգոստոսի 28-ը:
5. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու թեկնածուների առաջադրումը կատարվում է՝
- քաղաքացու կողմից, ինքն իր թեկնածությունը առաջադրելու միջոցով,
- հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպությունների եւ միությունների կողմից:
6. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուն պարտավոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետեւյալ ցանկը.
Սահմանված նմուշով` ԱՀ ԱԺ պատգամավորի թեկնածուի լրացված հարցաթերթիկ,
Լուսանկար,
Անձը հաստատող փաստաթուղթ – անձնագիր,
Ինքնակենսագրություն (նշել արմատները, ներկայացնել ընտանիքի պատմությունը, ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով կրած մարդկային, նյութական եւ այլ կորուստները),
Նախընտրական ծրագիր,
100 (հարյուր) Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների ստորագրությունների ցուցակ, ովքեր առաջադրում են նրա թեկնածությունը` որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր:
7. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուն գրանցման համար անհրաժեշտ վերոնշյալ փաստաթղթերը ուղարկելու է Խորհրդարանի պաշտոնական հասցեին՝ E-mail: parliamentwesternarmenia@gmail.com:
8. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում՝ elections-western-armenia.info, www.parliament-wa.info, www.gov-wa.info, www.citizenship-western-armenia.info, հրապարակել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուի հարցաթերթը հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն եւ արաբերեն լեզուներով:
9. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու համար պատգամավորության թեկնածուները պարտավոր են ունենալ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) քաղաքացիություն եւ սահմանված կարգով գրանցուել վերոնշյալ պաշտոնական կայքերում:
10. Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահության կողմից ներկայացված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրությունների եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 1-ին նստաշրջանի անցկացման բյուջեն:
11. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պաշտոնական կայքում հրապարակել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների ցանկը, որպեսզի թեկնածուն հնարավորություն ունենա ընտրություն կատարելու Խորհրդարանի մեկ, կամ մեկից աւելի հանձնաժողովներում իր մասնակցությունն ապահովելու եւ գործունեություն ծաւալելու համար:
12. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) քաղաքացիների գրանցման գործընթացն իրականացնել 2023 թ. հուլիսի 1-ից մինչեւ ընտրությունների ավարտը՝ 2023 թ. սեպտեմբերի 3-ը ներառյալ:
13. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) քաղաքացիների գրանցումը կատարել վերոհիշյալ պաշտոնական կայքերում՝ elections-western-armenia.info, www.parliament-wa.info, www.gov-wa.info, www.citizenship-western-armenia.info։
14. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան) ձեւավորող Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) լիազորել կազմակերպել եւ անցկացնել ընտրական ողջ գործընթացը:
15. Ընտրությունների արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատվում եւ հրապարակվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) հետեւյալ պաշտոնական կայքերում՝ elections-western-armenia.info, www.parliament-wa.info, www.gov-wa.info, www.citizenship-western-armenia.info, մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 12-ը:
16. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 1-ին նստաշրջանը անցկացնել ընտրությունների ավարտից հետո, մեկ ամսվա ընթացքում:
17. Սույն հրամանագիրը հրապարակել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պաշտոնական կայքերում:
18. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ
8 հունիսի 2023 թ.