Շուշիի հայերի ցեղասպանություն (Վիքի)
Աշոտ Հարությունյան
1920-ի մարտի 23-ին Այսրկովկասի մարգարիտ համարվող Շուշի քաղաքը դարձավ Թուրքիայի և Ադրբեջանի բանակների կողմից կազմակերպված ցեղասպանության զոհ[47]: Մի քանի օրում հրո ճարակ դարձավ շուրջ երկու դարերի ընթացքում շուշեցի հայերի ստեղծած համամարդկային արժեքներ, հայ ժողովրդի մշակութային ժառանգության բացառիկ գոհարներ, ճարտարապետական կոթողներ, այդ թվում շուրջ 7.000 տարաբնույթ շինություններ[48], որոնց արժեքը մինչ այսօր դեռ չի գնահատված ֆինանսական տեսանկյունից։
Թուրք-մուսավաթական զորքերը ոչնչացրին շուրջ 8 հազար հայ խաղաղ բնակիչների, առևանգեցին և բռնի մահմեդականցրին հազարավոր հայ երեխաների, բանտարկեցին հազարավոր անմեղ մարդկանց։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով, Ադրբեջանական մուսավաթական կառավարության մայրամուտին հայերի ինքնապաշտպանության դիմելը սխալ էր և ժամանակ շահելու դեպքում հնարավոր էր խուսափել Շուշիի ավերումից և հայ բնակչության կոտորածից։ Սակայն, բազմաթիվ փաստեր հաստատում են, որ Սուլթանովը և Ադրբեջանի կառավարությունը ակտիվորեն նախապատրաստվում էին Արցախը նվաճելուն, իսկ այդ նպատակի համար գլխավոր թիրախ էր ընտրված հենց Շուշի քաղաքը։ «Հուսով եմ, որ Շուշի քաղաքում Կենտրոնի և հայկական շարժման պաշտոնական ենթարկեցման հետ, Ղարաբաղում հայերի ենթարկեցման հարցը արագ կընդունի բարեհաջող վերջավորություն»-Ադրբեջանի նախարարների խորհրդի նախագահին հասցեագրված զեկույցում գրել է տխրահռչակ Սուլթանովը[49]:
Իրադարձությունների զարգացումը հասցրեց նրան, որ Ադրբեջանը բացահայտ ինտերվենցիա սկսեց անկախ Արցախի դեմ։ Ադրբեջանը արցախյան ռազմաճակատ էր նետել իր բանակի ողջ անձնակազմի շուրջ 80 ٪, ինչի հետևանքով էլ, թերևս, ապրիլի 28-ին 11-րդ կարմիր բանակը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, մտել էր Բաքու։ Ըստ ժամանակակցի վկայության, ադրբեջանական զավթիչները «մարտի 20-ին ազգաբնակչությանը զինաթափվելու վերջնագիր ներկայացրին»[50]: «Մարտ ամսվա սկզբներին, նոր համալրումներով կրկին ուժեղացվեցին Շուշիի, Խանքենդու և Աղդամի կայազորները։ Շուշիում երևացին թուրք սպաներ, գեներալ Խալիլ փաշայի գլխավորությամբ»[51] Մինչ այդ, Շուշի էին ժամանել զորավար Նուրի Փաշան[52] և Նովրուզովը։
Ադրբեջանի կառավարությունը նրանց հրահանգել էր գործել «լայն մասշտաբով և ենթարկեցնել Ղարաբաղ-Զանգեզուրը»[53]: Այս հանցավոր հրահանգը թաքցնելու նպատակով 1920 թ. ապրիլի 1-ին Ադրբեջանի պառլամենտը ցինիկաբար մեղադրել է հայերին «ապստամբություն» կազմակերպելու համար և սպառնացել, որ «հետագայում ավելին կարվի, եթե Ղարաբաղի հայությունը խոհեմ ու հնազանդ չպահի իրեն»[54] «Ապստամբության և դրան ի պատասխան հայերի բնաջնջման» առասպելը թուրք պատմաբանների կողմից օգտագործվել է նաև 1915 թ. 1,5 միլիոն հայերի բնաջնջումը արդարացնելու նպատակով։ Իրականում, Ադրբեջանական գաղութատերերի պատժիչ գործողությունները կասեցնելու համար հայերը ստիպված են եղել ապստամբել։ «Սուլթանովը հրամայել է զորքին հարվածել հայության գլխավոր կենտրոնին՝ Շուշիին»[55]:
Միաժամանակ բանակային հզոր զորարշավ է սկսվել Ասկերան-Խոջալու-Խանքենդ-Շուշի խճուղով։ Թվարկելով հակառակորդի ագրեսիվ գործողությունները և ներկայացնելով վճռական բախման անխուսափելիությունը. Արսեն Միքայելյանը փաստել է, որ բավարար ուժեր կային բնակչության ինքնապաշտպանության ու անվտանգության ապահովման համար, սակայն առկա հնարավորությունները չոգտագործվեցին։«Քաղաքի Ինքնապաշտպանության Մարմնի և նախօրոք եղած առաջարկների հիման վրա, դեպքերի ժամանակ, Ղարաբաղի Ինքն. Կեդր. Մարմինը կատարում է իր վրա դրված պարտականությունները, քաղաք ուղարկելով Վարանդայի երկու շրջանի ոստիկանապետներին իրենց զինված ոստիկաններով (90) հոգի, 160 զինված գյուղացիներ՝ Ն. Ա.-ի և Գ.-ի ղեկավարությամբ…Քաղաքն ուներ …400 զինված կռվողներ»[56]
Շուշին սակայն չկարողացավ օգտագործել այդ ուժերը։ Ադրբեջանի կողմնակիցները թրքամոլ Գիգի աղայի գլխավորությամբ խանգարեցին, որ ներս մտնող հայկական ուժերը գրավեն գերիշխող դիրքերը։ Հայկական թաղամասի տներում տեղավորված ադրբեջանական բանակի սպաներն ու զինվորները հրդեհում են իրենց բնակած վայրերը։ Առաջացած խուճապի պխատճառով ազգաբնակչությունը սկսում է փախչել դեպի գավառ՝ Քարին տակի արահետով։ Հայերին գլխովին կոտորվելուց փրկել է մառախուղը[57] և ինքնապաշտպանության պատանիների կազմակերպած դիմադրությունը[58]: