ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ — ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ — 3
(265) Խմբագրությունում խոսակցությունները դարձյալ ու կրկին Սումգայիթի ու Ղարաբաղի մասին էին: Հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ բանաստեղծ Սաբիր Ռուստամխանլին հեռուստադիտողներին լրջորեն բացատրում էր, որ Ղարաբաղի տարածքում պատմաճարտարապետական ոչ մի հուշարձան չի եղել, այդ ամենը Հայաստանից ինքնաթիռներով ու ուղղաթիռներով բերում, թափում են Ղարաբաղի անտառներում: «Տարօրինակ ոչինչ չկա, – հաղորդումը մեկնաբանեց գլխավորը: – Ըստ Գեբբելսի, ամենակեղտոտ ու զզվելի սուտն անգամ բազմիցս կրկնվելով՝ մարդկանց հասկացողության մեջ ընկալվում է որպես ճշմարտության փաստ: Հենց այդ նշանաբանով է գործում Զիա Բունիաթովը»: Երևանի ադրբեջանական թատրոնի նախկին դիրեկտոր Օրուջ Հիդայաթովը, որն այժմ «Գյանջլիք» հրատարակչության գլխավոր խմբագիրն էր, հանրապետական երիտասարդական թերթում հանդես եկավ մի հոդվածով, ուր, խոսելով Ղափանում ապրող ադրբեջանցիների […]