https://miaban.ru/about/levon-adyan/
ՀԱՅՐԸ, ՏՂԱՆ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԺԱՊԱՎԵՆՆԵՐՈՎ ԱՂՋԻԿԸ
Սուրեն Կասպարովին
Գնդակն իսկական էր, բնական կաշվից, ու երբ դիպչում էր լուսամուտներին, ապակիները զրնգոցով ջարդուփշուր էին լինում։ Բնակիչների բողոքներից հետո խաղահրապարակը վերջերս անջրպետվել էր մետաղյա բարձր ցանցով։
Տղան նստում էր ցանցի այս կողմ, ծառերի տակ դրված փայտե նստարանին, և հետևում էր խաղին։
Բակի տղաներն էին խաղում, իր հասակակիցները։ Եվ նրանցից ոչ մեկը տղային խաղի չէր կանչում, նույնիսկ չէին հրավիրում կանգնել դարպասում, թեպետ դարպասապահի քրոնիկ պակասություն էր զգացվում բակում. ամենքն ուզում էր գոլ խփել։ Դրա համար էլ բոլոր խաղացողները հերթով կանգնում էին դարպասում՝ յուրաքանչյուր նոր գոլից հետո փոխելով միմյաց։ Սակայն դատավոր նրան էին ընտրում։ Պարզապես մոտենում էին և ասում.
-Վարո՞ւմ ես խաղը։
Տղան գլխով էր անում, հետո գրպանից հանում էր պլաստմասսայից պատրաստված կարմիր սուլիչը։
Տղան ժամացույց նույնպես ուներ։ Հոր հին ժամացույցն էր, իր՝ տասներեք տարեկանի համար, մի քիչ մեծավուն։ Նա երկար նայում էր ոսկեզօծ սլաքներին, հավաստանշելով ժամանակը, հետո, զիլ սուլոցի հետ միաժամանակ, թափով բարձրացնում էր ձեռքը։ Եվ խաղը սկսվում էր։
Բայց, պատահում էր, խաղը վարել նույնպես մերժում էին նրան։ Որովհետև, հաճախաբար, չափից դուրս տարվելով, ճիշտ չէր դատում։
Ֆուտբոլի մասին տղան ամեն ինչ գիտեր. երբ և որտեղ է այն սկիզբ առել, ֆուտբոլիստներից՝ թե մեր, թե արտասահմանյան, ով՝ ինչպիսի թիմերի կազմում է հանդես եկել, քանի գնդակ է խփել ինքը և քանի գնդակ է խփվել նրա փոխանցումով։ Վերջին հինգ տարիների խաղարկության աղյուսակները անգիր գիտեր և ուշադրությամբ հետևում էր ֆուտբոլային բոլոր տեսություններին։
Տղան նույնիսկ սեփական գնդակ ուներ՝ »Рollena», կարմիր դրոշմակնիքով լեհական վանդականախշ գնդակ էր և դեռ ոչ մի անգամ գետնին չէր կպել։ Մոտ մի ամիս տղան այն պահում էր իր մոտ, հետո տվեց հորը, թող դնի իր կանաչ »Ժիգուլու» ետնամասում. հիմա դա մոդա է։
Նա խաղի ամբողջ նրբություններին տեղյակ էր, կարող էր ժամերով դիտել հեռուստատեսությամբ ցուցադրվող մրցախաղերը, իսկ մյուս օրը մինչև խռպոտելը վիճել՝ վերլուծելով հանդիպումն իր բոլոր մանրամասնություններով։ Իսկ եթե, բան է, վիճաբանելու համար թեկնածու չէր լինում, նա պարզապես յուրաքանչյուրին, ով մտնում էր շքամուտք կամ դուրս էր գալիս այնտեղից, միևնույն է, թե ով՝ թոռան հետ զբոսանքի դուրս եկած յոթանասունամյա պառավ լինի, թե պարապմուն- քի շտապող ջահել ուսանող, հարցնում էր.
-Երեկվա ֆուտբոլը նայե՞լ ես հեռուստատեսությամբ։
Եթե դա պառավ կին էր լինում, մի պահ տարակուսանքով նայում էր տղային, ասես իրեն Վեներայի մթնոլորտի քիմիական բաղադրության մասին են հարց տվել, իսկ հետո, գլխի ընկնելով, թե ինչի մասին է խոսքը, արձագանքում էր.
-Չէ, որդիս, ախր ես ֆուտբոլից բան չեմ հասկանում։
Իսկ եթե ջահել տղա էր լինում, ապա հապճեպորեն պատասխանում էր.
-Հա, նայել եմ։ Բայց հետո, հետո, հիմա ժամանակ չունեմ։
Տղան ափսոսանքով նայում էր թե մեկի և թե մյուսի ետևից, և հայացքով որոնում էր երրորդին,որի հետ վերջապես հնարավոր կլիներ ինչպես պետքն է վիճել։
Սկզբում անկարելի էր կասկածել նրան դատավորական անկողմնակալության մեջ։Սակայն այդ անկողմնակալությունը երկար չէր տևում, և տղան սկսում էր խորամանկել, առանձնապես, երբ մի բակի տղաները մրցում էին մյուս բակի տղաների հետ։ Խորամանկում էր տղան, իհարկե, հօգուտ »իր» թիմի (նա ասում էր. »Մենք հաղթում ենք» կամ՝ »Մենք տանուլ ենք տալիս»)։ Ու երբ, պատահում էր, տղան չափից դուրս շատ էր հեռուն գնում իր կանխակալ մոլությամբ, մյուս թիմի խաղացողները փորձում էին հեռվից, ցանցի այն կողմից կարգի հրավիրել նրան։ Իսկ եթե դա չէր օգնում, ապա մեկնումեկը, վերջնականապես կորցնելով համբերությունը, վազելով հասնում էր նրա մոտ և կատաղի բարձրացնում բռունցքը՝ պատրաստ հարվածելու նրան, հատկապես, երբ թիմը տարվում էր, կամ խաղը ոչ մի կերպ չէր ստացվում, և բոլորը նյարդային վիճակում էին։
Տղան հանգիստ նայում էր այդ բռունցքված մատներին և թեթևակի ժպտում էր։ Եվ նրա ժպիտը մի տեսակ հանդուգն էր։ Եվ անհասկանալի էր՝ ուզո՞ւմ էր նա, արդյոք, թե ոչ, որ հարվածեն իրեն, որ իր և այդ տղաների միջև կռիվ ծագի, այնպիսի կռիվ, ինչպիսին լինում է մյուս տղաների միջև, երբ մի անհաջող փոխանցման պատճառով կպչում են իրար և սկսում է անողոք ծեծկռտուքը՝ մի առժամանակ մոռացնել տալով խաղի մասին ։
Տղան հաստատ գիտեր. ոչ մի կռիվ չի լինելու, իր գլխավերևում պարզած բռունցքը այնպես էլ կմնա օդում կախված… Եվ աչքի տակով նա տեսնում էր, թե ինչպես տղաները՝ ինչպես իրենց, այնպես էլ մյուս բակից, թողնելով խաղը, դանդաղ մոտենում են նրան, ով համարձակվել է բարձրացնել ձեռքը՝ խփելու իրեն։ Եվ գիտեր նաև, որ եթե հանկարծ դրա խելքին փչի խփել, մյուսները տեղնուտեղը կջարդեն նրան։
Տղան այդ մեկն էլ գիտեր, և դա նրան չէր ուրախացնում։ Որով-հետև, եթե ձեռք են բարձրացնում մեկի վրա՝ լինի դա »իրենցից» թե »նրանցից», միևնույն է, ապա մյուսները մոտենում են ոչ թե ջարդելու, այլ պարզապես ազնիվ մենամարտ են սպասում, մենակռվի մենամարտ։
Իսկ, ահա, իր հետ երբեք այդպիսի բան չի լինում, և առհասարակ ոչ մի մենամարտ էլ չի լինում։ Հիմա նույնպես չի լինելու։ Ու երբ նա, ով բարձրացրել է ձեռքը՝ տղային հարվածելու համար, այդպես էլ առանց հարվածելու, ափսոսանքով թափ տալով ձեռքը հեռանում է, տղայի այտամկանը սկսում է ցնցվել, նա խոնարհում է գլուխը և արցունքները որոշ ժամանակ խանգարում են նրան ժամացույցի թվահարթակի վրա տեսնել սլաքները։ Որովհետև նրա համար վիրավորական է, և այդ վիրավորականն այն է, որ նույնիսկ, եթե ինքը հազար անգամ մեղավոր էլ լինի տղաների առաջ, միևնույն է, ոչ մի կռիվ չի լինելու իր հետ։ Եվ չի էլ կարող լինել։ Ու եթե լինի էլ՝ իր փոխարեն ուրիշներն են կռվելու…
Եվ այդպիսի անարդարության համար տղան սկսում է վրեժխնդիր լինել և յուրայիններից, և ուրիշներից, վրեժխնդիր լինել ճակատագրի ընձեռած միակ զենքով՝ իր անձեռնամխելիությամբ։
Նա տուգանային հարվածներ է նշանակում այն դեպքում, երբ խաղի կանոնների ոչ մի խախտում էլ չկա, և չի կանգնեցնում խաղը, երբ խախտումն ակնհայտ է. տղան դիտավորյալ խառնում է խփված ու բաց թողնված գնդակների հաշիվը՝ մի թիմի խփած գնդակները վերագրելով մյուս թիմին, վիրավորական մականուններ է կպցնում խաղացողներին կամ խայթիչ խոսքերով մեկնաբանում է խաղը, չնկատելով այն, որ նրան, իբրև դատավորի, այլևս ոչ ոք չի լսում և որ խաղը հենց այնպես, ինքն իրեն ընթանում է։ Իսկ նրա կծու դիտողություններն ու բացականչությունները խաղացողների մեջ լոկ զիջողամտական ժպիտ են առաջացնում՝ իբր, քեզ լսողն ով է։
Բոլորը կարծում են՝ տղան բարկացած է այն բանի համար, որ ինչ որ մեկը փորձ է արել իրեն խփելու։ Եվ ոչ ոք չգիտի, որ նա, իրոք, բարկացած է, բայց ոչ նրա համար, որ փորձել են խփել, այլ որ ձեռք են բարձրացրել՝ խփելու ու չեն խփել։ Որովհետև իրեն խփել չի կարելի։ Որովհետև անձեռնամխելիության նզովք կա իր վրա, իսկ տղան ուզում է լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են. չի ուզում դատավոր լինել ու նստել մետաղյա ցանցից այն կողմ, չի ուզում մրցախաղի չար մեկնաբան լինել ու թունոտ մականուններ կպցնել խաղացողներին, քաջ գիտենալով, որ դրա համար իրեն ոչինչ չի լինելու, այլ ուզում է խաղալ անիծյալ ցանցից այն կողմ, հարվածել դեպի դարպասը ( երկու անթուրծ աղյուս՝ վեց ոտնաքայլ տարածության աջ և ձախ կողմերին), գոլ խփել. չէ՞ որ ինքը գերազանց գիտի, թե դա ինչպես պետք է անել, ինչպես անվրեպ փոխանցել և ընդունել գնդակը, ջարդուփշուր անել հարևանի ապակիները, իսկ հետո, բոլորի հետ միասին, ծլկել հնոցատան ետևը՝ մինչև փշրված ապակիների տերը՝ զոլավոր տնազգեստը հագին, կհասցնի վազել բակ և բոլոր հարևաններին կհրավիրի վկա լինելու նման մի չլսված անկարգության։
Սակայն խաղացողները չգիտեն այս բոլորը, շարունակում են զայրանալ անարդար դատավարության վրա և, ի վերջո, հրաժարվում են նրանից։ Իրենք խաղում են, իրենք էլ դատում՝ կոլեկտիվ կերպով։ Մինչ այդ, տղան վերջնականապես խաղաղվում է։ Անցել է նրա չարությունը։ Ամեն ինչ անցել է։ Անլուսաշող, ահավոր մենության զգացումն է լոկ մնացել այս մեծ, մանկանց զվարթ կանչերով լի գեղեցիկ ու լուսավոր աշխարհում։
Եվ տղան լուռ ու ինքնամփոփ, անկարեկից այն ամենին, ինչ տեղի է ունենում ցանցից այն կողմ, երկար նստում է փայտե նստարանին և թախիծով մեկ իր ժամացույցին է նայում, մեկ՝ բակի հեռավոր ծայրին, մեկ՝ դիմացի շենքին։ Այդ շենքի չորրորդ հարկում իր տարիքի մի աղջիկ է ապրում։ Նա երբեմն ելնում է պատշգամբ, և, նայելով նրան, տղան հուզվում է։ Նրան հուզմունք է պատում նաև, երբ մոտենում է դպրոցից աղջկա տուն վերադառնալու ժամանակը։ Տղան ներքուստ զգում է այդ պահը, և սիրտը արագ-արագ սկսում է խփել։ Պայուսակը ճոճելով, անհոգ և քմահաճ՝ աղջիկը երևում է հեռվից, կարմիր ժապավենները հյուսքերին, գեղասրունք ու բարակիրան ինչպես մատղաշ բարդի, հրացայտ սև աչքերով ու կրակի շեղջի պես հուրհրատին տվող վարդագույն ուռուցիկ շուրթերով՝ նա ժպտալով անցնում է տղայի կողքով, առանց կանգ առնելու, և տղան ամբողջ օրը մտքից չէր կարողանում հանել նրան։
Եվ ահա վերջապես շենքի հետևից հայտնվում է հոր կանաչ »Ժիգուլին»։ Անշտապ թեքվելով բակի կողմը, այն դանդաղ ընթացքով մոտենում է շքամուտքին, կանգ առնում։ Փափուկ չխկում է դռնակը, մեքենայից ելնում է հայրը։ Նա դեռևս ջահել է, բայց արդեն ճերմակած մազերով, և դեմքը նրա հոգնած է։ Բայց աչքերը նայում են հանգիստ ու հաստատուն։ Նա մոտենում է որդուն, ողջունում է նրան՝ ինչպես մեծի։ Հետո նայում է նրանց, ովքեր խաղում են մետաղյա ցանցից այն կողմ։
Դիմելով որդուն.
-Այսօր չե՞ս վարում խաղը։
Տղան հեռացնում է աչքերը և ասում.
-Նրանք չեն ուզում որ ես վարեմ։
-Ինչու՞։-Հայրը նրան նայում է խիստ ու պահանջկոտ, ասես կանխապես դատապարտելով իր հարցի պատասխանը։
— Ինչո՞ւ չեն ուզում,-կրկնում է նա իր հարցը։ Նա երբեք որդուն փաղաքշական խոսքերով չի դիմում։
-Ես այնպես չեմ վարում ինչպես պետք է,-խորը շնչելով՝ արտաբերում է տղան։
-Իմ կարծիքով, նրանք ճիշտ են։ Խաղն անհրաժեշտ է արդարացի վարել։ Թե դու համաձա՞յն չես։
Տղան սկզբում լուռ է, այնուհետև երկչոտաբար նայում է հորը և ասում.
-Համաձայն եմ։
Եվ ժպտում է։ Հոր ներկայությամբ նրա համար հեշտ է ժպտալը։ Ոչ մի բռնազբոսիկություն։
-Ուրեմն շատ գեղեցիկ։ Իսկ այժմ կարդա այս նամակը։
Հայրը ծոցագրպանից բացված մի նամակ է հանում, մեկնում որդուն։ Հեռավոր Կուրգան քաղաքից է նամակը։ Տղան սկսում է կարդալ և նրա դեմքը հետզհետե ողողվում է լուսապայծառ ժպիտով։ Տղան հավատում է Նրա ամենակարող մեծազորությանը, ով գրել է այդ նամակը։
-Ե՞րբ ենք գնում,- հարցնում է տղան՝ անթաքույց անհամբերությամբ։
-Շուտով,- պատասխանում է հայրը, նույնպես ժպտալով։ — Չե՞ս ուզում գնանք քաղաքից դուրս,-իբր, իմիջիայլոց , հարցնում է նա։
-Ուզում եմ։ — Տղան նայում է նրանց կողմը, ովքեր խաղահրապարակում են։ -Միայն արի շատ մնանք այնտեղ, մինչև բոլորը կգնան իրենց տները։
-Կմնանք այնքան, ինչքան կհերիքի ժամանակս,-ասում է հայրը։-Բայց հեռու կգնանք։ Այնտեղ, քաղաքից հեռու, վերջերս մի լավ աղբյուր եմ գտել։ Կնստենք այդ աղբյուրի մոտ և պանիր հաց կուտենք: Գնացի՞նք։
-Գնացինք,-դարձյալ ժպտում է տղան։ Հայրը վերցնում է նստարանի տակ դրված զույգ հենակները, տալիս է որդուն և օգնում նրան՝ տեղից ելնելու։ Հետո գնում, նստում է ղեկի մոտ։ Նա գիտի, որդին ինքը կհասնի մեքենային. մինչև մեքենա չորս քայլ է։ Սումգայիթ անիծյալ քաղաքում ադրբեջանցի գազանացած խուժանը նրան մոր հետ հինգերորդ հարկի իրենց տան պատշգամբից նետել էր ցած: Տղան ողջ է մնացել: Հինգ վիրահատությունից հետո նա սովորել է կատարել այդ չորս քայլը։ Ու նաև մտածել։ Մտածել ու հուսալ…