ԼԱՅՔՈՐԸ
(իրական հեքիաթ)
Ֆեյսբուք կոչվող հանրապետությունում ապրում էր-չէր ապրում ՝մի Լայքյոր էր ապրում։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ չէր ապրում, քան ապրում էր։ Այս Լայքյորը մի սովորություն ուներ՝ առավոտ վաղ, աչքերը ճպռակոլոլ, դեռ անլվա, մի կերպ էր անում անկողնուց վեր կենա ու իրեն նետի այդ Ֆեյսբուք կոչվող հանրապետության լաբիրինթոսը։ Այս անգամ էլ նա վեր կացավ ու նստեց մոնիտոր կոչված սարքի առաջ, որի խորխորատներում գինու չհասունացած հումքի նման եռում էր հեքիաթային մի աշխարհ։ Մտքին երեկվա վեճն էր Հոռոմսիմ տիկնոջ տեսած երազի շուրջ, որի արդյունքում տասնյակ մեկնաբան -գուշակներ էին աշխարհ եկել։ ,,Մեկ է, իմ թեզը ամենաճիշտն է,- մտմտում էր Լայքյորը,- ես լա՛վ գիտեմ, որ երազում կնոջ ներքնաշոր տեսնելը ուրախության նշա՛ն է։ Օրինակ, անցյալ տարի մեր հարևան Հրուշի ներքնաշորը երազում տեսա, և նույն օրն ինձ հասարակ բանվորից բրիգադրիր նշանակեցին… բա որ իրականում տեսնեի՜,- խնդմնդաց Լայքյորը,- հո դիրեկտոր էի ու դիրեկտոր,,։
Նա բացեց էջը, գտավ երեկվա թեման ու զարմանքով նկատեց, որ գիշերը նոր գուշակներ են հայտնվել։ ,,Հը՛մ,- արհամարհանքով հըմմացրեց Լայքյորը,- հիմա տեսնենք, թե սրանք ինչ են ասում… Ահա, ինչ-որ մի Կառա մտածում է, թե նման երազը անվերապահ երջանիկ ամուսնություն է նշանակում… Ի՜նչ հիմարություն. կնոջ ներքնաշոր երազում տեսնում են ոչ միայն չամուսնացած տղամարդիկ, այլև 50-ամյա տղամարդիկ։ Գուցե ավելի հաճախ, քան ջահելները։ Ինչ է, ես թոռնատեր մարդ, նորից երջանիկ ամուսնությու՞ն պիտի ունենամ։ Հիմարություն։ Չէ, դու լայք չստացար, տիկին Կառա, դու հեչ։ Հիմա տեսնենք, թե էս մյուսն ով է… Ոնց որ անծանոթ է… Էս ինչ է գրում. ,,Այդ երազը նշանակում է, որ հարևանիդ ամուսինը քեզ վրա աչք ունի, տիկին Հոռոմսիմ,,… Հա, այ, դրան համաձայն եմ,- համարյա բարձրաձայնեց Լայքյորը,- էս քեզ մի ջիգյարով լա՛յք։ Հապա մի տեսնեմ ի՛նձ ովքեր են լայքել… Երեքը… Էս ովքեր են. Ֆլանը, Ֆստանն ու Մստանը… Վա՜յ, Ֆստան ջան, բա էս ոնց է ես քեզ լայք չեմ դրել… ա՛ռ քեզ մի յուղալի լայք,,։
Այսպես մտմտում էր Լայքյորը, երբ թիկունքից լսեց կնոջ քնաթաթախ ձայնը.
— Համբո…
— Հը։
— Այ տղա, ինչ է, գիշերը չես քնե՞լ…
— Քնել եմ, քնել, մի խանգարի… Հա, դու՞ ինչ կարծիքի ես, երազում կնոջ ներքնաշոր տեսնելն ի՞նչ կնշանակի։
— Նայած ու՛մ կնոջ,- խորհրդավոր ձայնով ու նաև մարտական կեցվածք ընդունելով ասաց կինը։
— Դե ինչ կարևոր է,- թոնթորաց Լայքյորը։
— Շա՛տ կարևոր է,- սառը տոնով ասաց կինը,- եթե սեփական կնոջն ես տեսել՝ ուրեմն լավ է, իսկ եթե հարևանի կնոջը, ուրեմն ցա՛վ է, հասկացա՞ր։
— Ես լավ գիտեմ, այ կնիկ, որ աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես։
— Ուրեմն իմացիր, որ բանդ էլ թեքեցիր՝ աչիդ տերը չե՛ս,- հոխորտաց կինը։
Լայքյորը հիշեց, որ երկար տարիների ընթացքում երբեք իր կնոջ ներքնաշորը երազում չի տեսել, բայց կյանքն այնքան էլ վատ չի անցել։
— Ճի՛շտ չէ,- առարկեց Համբոն,- դու լայք չստացար։
— Հենց չանես, որ միայն երազում տեսնես, հա՜,- սպառնաց կինը։
Համբոն խեղճացավ։
— Այ կնիկ, սա հո իսկական չի, ինչի ես նեղվում…
— Իսկականի հետ էն կուռը դեսն արի՜ր, հիմա էլ անիսկականին էս անցել,- հեգնեց կինն ու շրջվեց մի կողմի վրա, և քիչ անց լսվեց նրա խռմփոցը։ Լայքյորը թեթևացած շունչ քաշեց։
Այսպես անցնում էին օրերը, Լայքյորն ապրում էր իր անդրաշխարյան կյանքով, մինչև որ իսկապես երազում տեսավ իրենց գործատեղի հավաքարար Արմանուշ տատի բայկվի, երկարափողք ներքնաշորը։ Արթնացավ ուրախ, կայտառ տրամարդությամբ, նույնպիսի տրամադրությանբ էլ գործի շտապեց, հաստատ համոզված, որ օրը բարի է լինելու։ Հազիվ էր զգեստափոխվել, երբ շեֆի մոտ կանչեցին։
— Լսիր, այ ընկեր,- հոխորտաց շեֆը,- էս ինչ օրի էս հասցրել արտադրամասը։ Այսօրվանից իջեցվում ես բանվորի հաստիքի։
Գործից հետո Լայքյորը թարս-թարս նայեց Արմանուշ տատին ու քայլերն ուղղեց դեպի տուն։ Իսկ երեկոյան տիկին Հոռոմսիմի ստատուսի տակ գրեց իր հեղինակավոր, կյանքի փորձով իմաստնացած մեկնաբանությունը. ,,Երբեք չհավատա՛ք երազում տեսած կնոջ ներքնաշորի խորհրդի՛ն. դա սատանայական նախանշա՛ն է,,։ Սպասեց երկար, բայց այդպես էլ ոչ մի լայքի չարժանացավ։ Դեռ ավելին, մի կին խոշոր տառերով գրեց. ,,ԱՊՈՒ՛Շ,,։
Ահա այդպես էլ ապրում է մեր Լայքյորը՝ ինքն իր հետ ու աշխարհի հետ կռիվ տալով։