Հայտարարություն. Հայկ Դեմոյանից պահանջում ենք հրապարակային ներողություն խնդրել ջավախահայությունից
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Օրերս առցանց մամուլում հրապարակվեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժ.պ. Հայկ Դեմոյանի հարցազրույցը, որը հերթական անգամ դուրս եկավ գիտական բանավեճի շրջանակներից (թեև, վաղուց հետևելով Հ. Դեմոյանի՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և վերջինիս տնօրենի հասցեին հրապարակած անանուն նյութերին և հրապարակումներին, խիստ հեռու ենք դրանք գիտական բանավեճ որակելու մտքից)։ Հարցազրույցից հասկացանք, որ Հ. Դեմոյանը գրախոսություն է գրել «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի վերաբերյալ։ Ծանոթանալով դրան՝ խիստ վտանգավոր երևույթ բացահայտեցինք: Պարզվեց, որ Հ. Դեմոյանը, կուրանալով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հանդեպ ունեցած իր չարությունից, իր այսպես կոչված «գրախոսականում» մեղադրում է նույն ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանին նաև այն բանի համար, որ վերջինս իր խմբագրած «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակում մեծապես տեղ է տվել Ջավախքին և, օրինակ, «…Անհասկանալի տրամաբանությամբ ռուսական զորքերի կողմից Ախալցխայի և Ախալքալակի (պետք է լինի՝ Ախալքալաքի) գրավման դրվագների մանրամասն նկարագրություններին ավելի շատ էջեր են տրամադրվել, քան, ասենք, Երևանի բերդի գրավման նկարագրությանը: Դրա ակունքները հասկանալի են: …Այսպիսով մանրակրկիտ տեղեկություններ են տրվում Ախալքալակ(ք)ի, Ջավախքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ու զարգացումների մասին՝ այսկերպ որոշակի անհամաչափություն ստեղծելով Հայաստանի մյուս շրջաններին վերաբերող պատմական դեպքերը նկարագրելիս…»:
Նախ նշենք, որ սույն և այլևայլ «մեղադրանքներին» ի պատասխան՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հրատարակած «Հայոց պատմություն» բազմահատորյակի հեղինակները (որոնց թվում նաև Ա. Մելքոնյանը) տվել են սպառիչ պատասխան (ցանկացողները դրան կարող են ծանոթանալ Պատմության ինստիտուտի կայքում)։ Հեղինակները գիտական պատշաճ մակարդակով հիմնավորել են նաև, թե Ջավախքի անցյալին վերաբերող պատմական այդ դրվագներն ինչու և ինչպես են տեղ գտել շարադրանքում: Այդ մասով, բնականաբար, մենք ավելացնելու ոչ մի բան չունենք: Մեզ լրջագույնս մտահոգում է մեկ այլ երևույթ. իրենց հայրենի հողում ապրող և ինչպես հայ և վրաց, այնպես էլ այլ ժողովուրդների քաղաքակրթության մեջ իր տեղն ու դերն ունեցած ջավախահայության անցյալի էջերը ինչու՞ պետք է լավագույնս չարտացոլվեին հայոց պատմության կամ «Հայոց պատմության» էջերում: Ինչու՞ պետք է հայոց ցեղասպանության մաս հանդիսացող 1918 և 1921 թթ. Ախալքալաքի գավառի արյունալի իրադարձությունները, հայոց ռազմարվեստի փառահեղ դրսևորման օրինակ հանդիսացող Ախալցխայի հերոսապատումը (1918 թ. առաջին կես, ի դեպ, հայությանը բնաջնջելու սովոր թուրքական կանոնավոր բանակը ստիպված էր 1918 թ. մայիսին պայմանագիր կնքել ախալցխահայության ինքնապաշտպանության ղեկավարության հետ, որը կարելի է համարել այդ ժամանակաշրջանի պատմության մեջ եզակի իրադարձություն) և նման այլևայլ դեպքեր չներգրավվեին հայոց ազգային ակադեմիական հրատարակություններում: Եվ վերջապես՝ ինչու՞ պետք է այդ առթիվ բողոքեր իրեն ազգությամբ հայ և մասնագիտությամբ պատմաբան համարող, Հայոց ցեղասպանության պատմությունն ուսումնասիրող հիմնարկի տնօրենի ժ.պ. հանդիսացող Հայկ Դեմոյանը… Այս պարոնին հայտնի չե՞ն արդյոք, թե ներկայում ինչ ծանր օրեր է ապրում ջավախահայությունը: Ծանր՝ ոչ սոցիալական, այլ բարոյահոգեբանական հողի վրա: Տեղյակ չէ՞ արդյոք, թե սահակաշվիլիական թրքամոլ քաղաքականության դրսևորումներն ինչ ավերներ են գործել Ջավախքում, և այնտեղ դեռ ծխում է այդ կրակը (մենք լավագույնս գիտակցում ենք, որ Վրաստանի ներկա իշխանությունները փորձում են շատ բան շտկել, այդուհանդերձ, դժվար է վերջնականորեն արմատախիլ անել նախորդ վարչախմբի հետքերը), տեղյակ չէ՞ արդյոք, որ 13.000 հայ մանուկներ, համընդհանուր գրքարգելքի պայմաններում, ոչ մի հատիկ դասագիրք չեն ստացել ՀՀ-ից՝ սերտելու մայրենին և հայ գրականությունը։ Ջավախահայությունն իրեն օտարված է զգում համազգային նախագծերից, տեղյակ չէ՞… Եվ փոխանակ, որպես հայ, որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ պատմաբան, Հ. Դեմոյանը գործեր հանուն մեր հայրենի Ջավախքի խնդիրների լուծման, ճիշտ հակառակը՝ հանգելով նաև հետևյալ եզրահանգմանը, այն է՝ «…Նյութի ոչ համաչափ մատուցման հետևանքով այս հատորի առաջին գիրքը վերածվել է ջավախքակենտրոն (պետք է լինի ջավախակենտրոն) մի պատմության շարադրանքի…», պահանջում է շրջանառությունից հանել «Հայոց պատմության» հատորները:
Մենք՝ ներքոստորագրյալներս, որպես ողջ գիտակցական կյանքն այդ երկրամասի խնդիրների լուծմանը նվիրած քաղաքացիներ, գտնում ենք, որ այս որակումները և ներկայացված պահանջները սովորական հերյուրանքներ չեն, որոնց, ինչպես նշեցինք, սպառիչ պատասխան են տվել «Հայոց պատմության» վաստակաշատ հեղինակները, այլ ծանրագույն վիրավորանք են` ուղղված նաև ջավախահայության հասցեին:
Մենք հաստատակամորեն հայտարարում ենք. օտար զավթիչները (հյուսիսկովկասյան ցեղեր, թուրքական խուժան և կանոնավոր զորքեր, Ալիև — Սահակաշվիլի – Թուրքիա դաշինք և այլն) տարբեր դարաշրջաներում և տարբեր մեթոդներով լծվել են ջնջելու ջավախահայության հետքը պատմության ասպարեզից, փորձել են, սակայն ապարդյուն, քանի որ այդ ժողովրդի ապրելու և արարելու կամքն անպարտելի է: Ջավախահայությունը հայ ժողովրդի մի մասնիկն է, որի անցյալի էջերը հաստատորեն կազմելու են հայ ժողովրդի պատմության մի էջը, կարևորագու՛յն, ոսկե՛ էջը, և ոչ մեկը, լինի դա Հայկ Դեմոյան կամ մեկ ուրիշը, ի զորու չէ պարտադրելու անկախ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային՝ «Հայոց պատմություն»-ից ջնջել այն:
Ելնելով վերոնշյալից՝ Հ. Դեմոյան պարոնից պահանջում ենք հրապարակային ներողություն խնդրել ջավախահայությունից և այդ մասով անհապաղ խմբագրել հերյուրանքների կույտ հիշեցնող իր գրախոսականը:
23 մարտի, 2017 թ.
Հ.Գ. Սույն տեքստի տակ, բնականաբար, կցանկանան ստորագրել շատերը, ուստի և հայտարարում ենք, որ այն բաց է բոլոր ցանկացողների համար:
1. Աբրահամյան Էդուարդ
Լեսթերի համալսարանի գիտաշխատող (Մեծ Բրիտանիա), պ.գ.թ.
2. Ալվրցյան Հայկազուն
«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն, բ.գ.թ.
3. Աղաբաբյան Արթուր
Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գ.թ., դոցենտ
4. Այվազյան Էդուարդ
«Սամցխե—Ջավախքի մեդիա» վերլուծական կենտրոնի տնօրեն, Akhaltskha.net լրատվական կայքի գլխավոր խմբագիր (ք. Ախալցխա)
5. Գաբրիելյան Արտակ
Սամցխե—Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող (ք. Ախալքալաք)
6. Գինոսյան Գագիկ
«Կարին» ավանդական երգի—պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
7. Խոդիկյան Կարինե
«Դրամատուրգիա» հանդեսի խմբագիր դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս,
8. Խումարյան Սամվել
հասարակական գործիչ (Ծալկայի շրջան)
9. Հովականյան Յուրա
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, փ.գ.թ.
10. Մելքոնյան Վարուժան
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր — նախագահ
11. Չախալյան Վահագն
հասարակական—քաղաքական գործիչ (ք. Ախալքալաք)
12. Պողոսյան Թովմաս
ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Սայաթ—Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, բ.գ.դ.
13. Պողոսյան Սամվել
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի փոխդեկան, պ.գ.դ.
14. Սարգսյան Դավիթ
գրող, հրապարակախոս
15. Սարգսյան Վահե
պատմական գիտությունների թեկնածու
16. Սիմոնյան Հակոբ
ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ—ի փոխտնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
17. Ստեփանյան Խաչատուր
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, պ.գ.թ.
18. Վարդապետյան Տաճատ
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ