(139)
– Էլ մի ասա, – համաձայնեց Իրադան:– Էլ մի ասա, – համաձայնեց Իրադան:Բայց ժպտում էր:– Մեր հարևան շենքում, հինգերորդ հարկում, մի տղա կա, ֆիզկուլտ ինստիտուտում է սովորում, – դույզն անգամ չազդվելով նրանց խոսքերից՝ ասաց Էսմիրան մտասույզ, – աչքը գցած մեր պատշգամբին՝ առավոտից մինչև իրիկուն կիմոնո հագած ցատկոտում, մարզանք է անում: Դուք մարմնամարզությամբ զբաղվո՞ւմ եք, – դառնալով ինձ՝ անսպասելի հարցրեց նա:– Ինչի՞ համար:– Ինչպե՞ս թե ինչի՝ երկարակեցության:– Նապաստակն ամբողջ օրը ցատկոտում, վազվզում է այս ու այն կողմ՝ իսկական մարմնամարզիկ, ինքն էլ հումակեր, բայց ութ-տասը տարուց ավելի չի ապրում, իսկ այ, կրիան մարմնամարզությամբ չի զբաղվում, ծույլ ու դանդաղկոտ՝ ոչ մի տեղ չի շտապում, ուղարկում են ջրի, մի ժամ անց դժգոհում, որ մինչև հիմա չկա, դրսից ասում է՝ շատ խոսեք, չեմ էլ գնա ու, տես, չորս հարյուր հիսուն տարի ապրում է:Էսմիրան, ծիծաղեց, ծիծաղկուն աչքերով նայելով Ռենային, ասաց.– Ֆիզկուլտ ինստիտուտի էդ տղայի ուշքը գնում է քույրիկիս համար:Իմ սիրտն ալեկոծված բաբախեց:– Լեո, մի լսեք նրան, – շագանակացոլ խոշոր աչքերով մի կարճ ակնթարթ նայելով ինձ՝ խնդրեց Իրադան: – Ռենա, դու ճիշտ ես, մենք իզուր ենք նրան վերցրել հետներս:Էսմիրան աչքերին ձանձրացող մարդու արտահայտություն տվեց՝ կրկին ծուլորեն թափ տալով ձեռքը, այս անգամ ասես ճանճ էր քշում իրենից:– Իսկ իմ քույրիկի ուշքն էլ ձեզ համար է գնում, – ասաց նա՝ հեզանազ ժպտալով: – Կարդացե՞լ եք Կապուտիկյանի բանաստեղծությունը. «Թափառում ենք փողոցներում՝ ես քո սիրով, դու՝ ուրիշի, այրվում ենք հրդեհներում՝ ես քո սիրով, դու՝ ուրիշի», – արտասանեց նա, պաղպաղակի մելքիորե գդալիկը լիզելով՝ ելակով պաղպաղակից անցնելով շոկոլադին:Իրադան ծիծաղեց, օրորեց գլուխը՝ իբր, երեխա որ երեխա:– Գիտե՞ք, Զաուրն ինչ ասաց ամբողջ դասարանի առաջ: Մեկը կա, ասաց, եթե հրամայի՝ պատուհանից կանցնեմ դուրս և երրորդ հարկի քիվի վրայով աչքերս փակ շենքի մի ծայրից կգնամ մինչև մյուս ծայրը: Այս ու այն կողմից հարցրին՝ ո՞վ է այդ մեկը: Իսկ նա ասաց՝ Էսմիրան: Պատկերացնո՞ւմ եք: Սոնան մեռած էր ու թաղած չէր: Իսկ մինչ այդ, դրանից մի քանի րոպե առաջ, գիտե՞ք ինչ էր ասում այդ Սոնան՝ եթե նա առաջինն է, ասում էր, ում մասին մտածում ես, երբ արթնանում ես, միակը, երբ սթափ ես, և վեջինը, ում մասին դու մտածում ես քնելուց առաջ՝ դա արդեն սեր է: Զաուրի խոսքից հետո գույնը գցել էր: Պատի գույն: – Էսմիրան ժպտաց, գերպայծառ հայացքով կկոցուն նայեց ինձ: – Ի՞նչ եք կարծում, – քիչ անց ասաց նա, – արժե՞, որ ես Զաուրին ներեմ:– Իհարկե, – արագ ու հաստատուն ասացի ես:– Ոչ, չեմ ների,– շեշտակի և ուրախ նայելով ինձ՝ վճռական ասաց Էսմիրան, մի փոքր մտածեց, ավելացրեց, – թող ներողություն խնդրի:Հուզիչ էր նրա բարյացակամ անկեղծությունն ու միամիտ անաղարտությունը:– Կխնդրի, ի՞նչ պիտի անի, – ասացի ես ժպտալով:– Ես էլ եմ այդպես կարծում, – ակնհայտ գոհունակությամբ ժպտաց Էսմիրան: – Ես մտածում եմ, որ ներելով ուրիշներին՝ ինքդ քեզ ես ներում: Ինչպես նաև նսեմացնելով ուրիշներին՝ ինքդ քեզ ես նսեմացնում, հարգելով ու օգնելով ուրիշներին՝ ինքդ քեզ ես հարգում ու օգնում, պաշտպանելով ուրիշներին՝ ինքդ քեզ ես պաշտպանում: Եվ այդ ամենի համար անկախ քեզնից, ինքդ քո աչքին բարձրանում ես ու միանգամայն այլ ձևով ես զգում քեզ: Ադպես է, չէ՞, – հարցրեց ու, առանց պատասխանի սպասելու, ավելացրեց, – ինձ դուր է գալիս այստեղ, ոնց որ անտառում լինես. թռչունների ծլվլոց, սկյուռիկի վազք, երաժշտություն: Ռոք երաժշտությունը շատ է հոգեհարազատ ինձ, էթնիկ, ժողովրդական երաժշտություն ևս շատ եմ սիրում: Գիտե՞ք ժողովրդական ինչ երգ եմ ես շատ սիրում՝ «Քյուչալարա սու սափմըշամ՝ յար գյալանդա թոզ օլմասըն, յար գյալանդա թոզ օլմասըն », – կամացուկ երգեց նա: – Շատ լավ երգ է, չէ՞: Սիրո մասին է, ճիշտ է, բայց խորը թախիծ, տխրություն կա մեջը: Սիրտդ տակնուվրա է անում, հասկանում ես, որ նրա աչքը ճամփին է, շարունակ սպասում է, բայց սիրածը չկա և հույս էլ չկա, թե գալու է: Այսպիսի համեղ պաղպաղակ ես ոչ մի տեղ չեմ կերել, – հանկարծակի փոխելով թեման՝ ասաց նա:– Հաճելի է լսել, – ասացի ես:Էսմիրան նայեց ինձ մշուշոտ, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց երևի փոխեց միտքը, լռեց:– Տեսե՞լ ես՝ ինչ բուրմունք է, – չհամբերեց, ձգվեց, վիզը երկարեց դեպի Ռենան:– Ախ, ախ, ախ, – խնդումնասիրտ գլուխն օրորեց Ռենան:– Օխ, օխ, օխ, – կոտրատվեց Էսմիրան չափազանցված զվարճությամբ: – «Շանել № 5»: Մամայի օծանելիքն է, մի քիչ փչեցի վրաս: Գժվում եմ դրա բուրմունքից, – նա թեթևակի մի հառաչ արձակեց, թեքվեց դեպի ինձ, պարանոցը մոտեցրեց դեմքիս՝ ցփնելով ինձ իր զմայլեցուցիչ բույրերով, – հոտ քաշեք, – թույլատրեց նա: – Լավն է, չէ՞:Օդն անգամ աղջկական անուշահոտություն էր բուրում:– Աննման, – ասացի ես:– Գիտե՞ք ինչ, – պաղպաղակն ուտելով ասաց Էսմիրան, – տարօրինակ բան, երբ երջանիկ ես, լաց լինել ես ուզում, բայց, երբ տխուր ես, չես ուզում ծիծաղել… Դրա համար էլ, կարծում եմ, ավելիլավ է երջանիկ լինել: Ու ոչ ոքի չնախանձել: Ամենածանր բանը նախանձկոտ մարդու համար գիտե՞ք որն է. այն, որ նրան ոչ ոք չի նախանձում: Մեր դասարանի բոլոր աղջիկներն ինձ նախանձում են, – նա մի երկու վայրկյան դադար տվեց, հետո ասաց, – ես ընդհանրապես կարծում եմ, որ տղաներն ավելի կայուն ու հուսալիընկերներ են լինում, քան աղջիկները: Բայց, այնուամենայնիվ, ես չեմ հասկանում, թե ինչու են նախանձում: Ինչ հագնում եմ՝ լավ,վատ՝ նախանձում են, ուրախ ժամանակ տխուր ձևանամ, կամ տխուր ժամանակ՝ ուրախ, նախանձում են, տասներորդ դասարանի տղաներն ինձ նայում են կամ նամակ են գրում, կամ էլ, ասենք, պայուսակս վերցրած՝ ուղեկցում են, էլի նախանձում են: Փորձի համար՝ մազերս կտրեմ, համոզված եմ, իրենք էլ կկտրեն: Չգիտեմ ինչ անեմ, – իբր շատ մտահոգ՝ ուսերը թոթվեց նա: – Էհ, գիտե՞ք ինչ եմ մտածում, – ուրախ ավելացրեց,– ում չեն նախանձում, ուրեմն նա իրենից բան չի ներկայացնում: Թող նախանձեն, ավելի լավ է ինձ նախանձեն, քան ես նրանց, չէ՞… – նա դարձյալ քիչ դադար տվեց, ասաց, – ես բժշկական երբեք չեմ ուզենա՝ «Վարակիչ հիվանդությունների և նրանց հետ շփվող անձանց մեկուսացման ժամկետները», «Արյան համակարգի հիվանդություններ», «Կանխարգելիչ պատվաստումների օրացույց»՝ Ռենայի գրքերը որ նայում եմ՝ սիրտս խառնում է: Դպրոցն ավարտեմ՝ կընդունվեմ կոսմետոլոգիայի և գեղեցկության ինստիտուտ: Իմացել եմ՝ Լենինգրադում այդպիսի ինստիտուտ կա, հենց այդ ինստիտուտն էլ կընդունվեմ, – եզրափակեց Էսմիրան և անսպասելի ավելացրեց, – ես բանաստեղծություններ եմ գրում:– Ոչ թե բանաստեղծություններ, այլ ոտանավորներ, – խեթեց Ռենան:– Ի՞նչ տարբերություն, – գլուխը շրջելով քրոջ կողմը, ասաց Էսմիրան, սիրուն քթիկը կնճռոտելով:– Տարբերությունը չես հասկանում, դրա համար էլ ոտանավորներ ես գրում, – ժպտաց Ռենան:– Դուք կարծում եք մենակ դպրոցո՞ւմ են ինձ նախանձում՝ տեսնո՞ւմ եք:Այս անգամ բոլորս ծիծաղեցինք, և Էսմիրան էլ, իհարկե, մեզ հետ:Նույն ծառուղով զրուցելով քայլեցինք մինչև կանգառ, և Էսմիրան դարձյալ առջևից էր գնում՝ անհոգ ու թեթևաքայլ, գոտկատեղից աջ ու ձախ թեթևակի կոտրտվելով:Կանգնեցրի պատահած առաջին տաքսին:– Մենք տրոլեյբուսով կգնանք, – փորձեց առարկել Իրադան, – ութերորդ համարն ուղիղ Լենինի պալատ է գնում:– Էսմիրային պատի՞վ է բերում տրոլեյբուսով համերգ գնալը:– Կարծում եմ՝ ոչ, – հաստատեց Էսմիրան:– Վերջ ի վերջո, ի՞նչ կասի հակառակորդ կողմը, – ժպտացի ես:– Նրանք այդքան հեռուն չեն մտածում, – ծիծաղեց Էսմիրան, նստեց մեքենայի առաջնամասում, վարորդի մոտ, նստեց հանդիսավորությամբ, իսկ մինչ այդ, մինչ կնստեր, դարձյալ մեկնեց ձեռքը և, կկոցուն աչուկներով նայելով ինձ, ասաց, – ես ձեզնից բաժանվում եմ հաճելի տպավորությամբ:Ռենան ու Իրադան անկարող եղան զսպելու իրենց ծիծաղը:– Ես ցանկանում եմ, որպեսզի դու ոչ-ոքի չնախանձես կյանքում, – ժպտալով ասացի ես Էսմիրային: – Որովհետև նախանձը երջանիկների թշնամին է: Եվ համոզված եմ նաև, որ երբեք առիթ չես ունենա նախանձելու որևէ մեկին:– Ես էլ եմ այդպես կարծում, – ասաց Էսմիրան սիրագորով քնքշությամբ և, ի նշան հրաժեշտի, խաղացրեց նազուկ մատիկները:Երեկոյան ուշ Ռենան զանգեց ինձ, պատմեց համերգից ստացած տպավորությունների մասին, ոչ չարությամբ, իհարկե, գանգատվեց Էսմիրայի չարաճճիություններից և վերջում, համարյա շշուկով, ավելացրեց. «Մերոնց շատ դուր ես եկել: Էսմիրան շարունակ քեզնից էր խոսում, իսկ Իրադան ասաց, որ տղամարդկային արտակարգ հմայք կա քո մեջ… Համեմատությունների հիվանդ իմ քույրիկը գիտե՞ս քեզ ում հետ էր համեմատում»:– Գիտեմ:– Ո՞ւմ, – քաղցր կարկաչեց Ռենան:– Քվազիմոդոյի:Նա դարձյալ ծիծաղեց, ասաց.– Քեզ չե՞մ ասել, որ դու Քվազիմոդոյից ահագին սիրուն ես:– Ասել ես: Ուրախ եմ, որ հիշեցրիր: Ուրեմն՝ Չելենտանոյի:– Ո-ո¯չ, – կրկին անգամ ծիծաղեց Ռենան: – Դու Չելենտանոյից էլ սիրուն ես… Ոչ մի տեղ՝ ո՛չ ինստիտուտում, ո՛չ որևէ տեղ, չկա մեկը, որի հետ կարողանայի համեմատել քեզ. դու տղամարդու կատարելատիպն ես ինձ համար, մի՞թե չես հասկանում:– Դե լավ, ասա, ո՞ւմ հետ էր համեմատում:– Ջոն Լեննոնի:Ես ժպտացի. նա՝ Բրիջիդ Բարդո, ես՝ Ջոն Լեննոն: Հաճելի համեմատություն էր:Ասացի.– Ջոն Լեննոնը վեց տարով փոքր էր Բարդոյից:– Նույնքան էլ դու մեծ ես ինձնից, – ծիծաղեց Ռենան:Նա բարձր տրամադրությամբ էր, շարունակ հրճվում ու ծիծաղում էր.– Բայց դա մի՞թե խանգարում է, որ ես սիրեմ քեզ խենթորեն:– Խնդրում եմ, հայտնիր նրանց իմ շնորհակալությունը:– Չեմ հայտնի, – նորից ծիծաղեց Ռենան և բարի գիշեր մաղթեց ինձ, չմոռանալով, իհարկե, իր հայերենը՝ «Ցավեդ տանեմ»:* * *Բացօթյա սրճարան մենք հաջորդ օրն էլ գնացինք: Այս անգամ Արինայի ու Լորաննայի հետ: Արինան ավարտել էր նախկին գլխավորի հուշագրության մեքենագրությունը, և դա անհրաժեշտ էր նշել:– Այդ ծանր բեռից ազատվեցի՝ դա պետք է նշել, – ասաց Արինան: – Չեմ հավատում, թե դրա զզվելի մռութն այլևս չեմ տեսնելու: Վերջին օրը, փոխանակ շնորհակալություն հայտնելու, որ այդ ցանցառություններն առանց մի կոպեկի մեքենագրել եմ, ասաց. «Տառասխալներ ես թույլ տվել, մեր մեքենագրուհիներից մեկին յոթ տարով աքսորեցին Սիբիր, մյուսին՝ հինգ տարով: Եվ այդ ամենը մի-մի տառասխալի համար»:– Չասա՞ց ինչ տառասխալներ էին, – հետաքրքրվեց Լորաննան:– Ասաց: «Պոլկովոդեց» բառի փոխարեն մեքենագրել էր «Վոլկովոդեց»: Ստալինին վերաբերող տեքստում: Դա ռուսական հաղորդումների խմբագրության մեքենագրուհու մասին էր, իսկ հայկականն էլ մեքենագրել էր. «Սոցիալիստական աշխատանքի հերոս Բաստի Բագիրովան պլանային վաթսուն կիլոգրամի դիմաց, երեք հարյուրից-չորս հարյուր կիլոգրամ բամբակ է քաղում»: «Քաղում» բառում «ղ»-ի փոխարեն ուրիշ տառ էր տպել: Սրան էլ՝ հինգ տարի: Պատկերացնո՞ւմ եք, մի տառի համար: Իմ հարցին, թե օրգաններին ո՞վ հայտնեց այդ տառասխալների մասին, առանց ամոթի ասաց՝ ես: Պատկերացնո՞ւմ եք: Ասում է՝ չնայած տարբեր ժամանակ, բայց երկու դեպքն էլ իմ հերթապահության ժամանակ է եղել, իրավունք չունեի չհաղորդելու, դիտմամբ էին արել: Որ ասեմ էլ ինչ ասաց՝ կշշմեք:– Նրանից ամեն ինչ սպասելի է, – ասաց Լորաննան: – Ի՞նչ է ասել:– Ասում է՝ դիմել եմ քաղսովետ, որպեսզի հայկական եկեղեցու զանգը հանեն, ինձ խանգարում է:– Եվ այդպիսի մարդուն բարևում ենք, – ասաց Լորաննան վշտագին տեսքով, – աթոռ ենք առաջարկում, հարգում ենք ծերությունը:– Էլի ծերությունից էր խոսում, – ասաց Արինան: – Ավելի սարսափելի բան չկա, ասաց, քան այն, որ գիտես, որ արդեն ծեր ես: Ասում է՝ բոլորն ասում են ամուսնացիր, բա ո՞նց ամուսնանամ, ասում է, հիմա փոխադարձ սե՞ր կա որ, – սրտանց ծիծաղեց Արինան: – Ոտի մեկը գերեզմանում՝ փոխադարձ սիրուց է խոսում, մոխրվես դու: Գիտե՞ք էլ ինչ ասաց, – նորից ծիծաղեց Արինան իր անբռնազբոս ծիծաղով, – ասում է՝ Աթանես Սենալը մի կարգին բանաստեղծ չէր, բայց, տես, որտեղ է թաղված՝ հայկական գերեզմանատան մուտքի մոտ: Մի դրա բախտին նայիր, ասում է:– Աթանես Սենալն իրենից տասնհինգ տարով փոքր էր, կամավոր ռազմաճակատ է մեկնել ու իրենից էլ հազարապատիկ լավ բանաստեղծ էր: Մեռած մարդկանց էլ է նախանձում, ի՞նչ փչացած մարդ է: – Լորաննան շրջվեց Արինայի կողմը: – Արինա, բախտդ բերել է, ազատվել ես նրանից: Հրավիրում եմ, գնում ենք պաղպաղակ ուտելու: «Գրական Ադրբեջանի» վերջին համարում բանաստեղծություններս տպագրվել են, խմբագիրն ասաց, որ հանդեսի տպաքանակն այս տարի տասներկու հազար է, բայց կասկած չունի, ասաց, որ իմ բանաստեղծությունների շարքը տպագրելուց հետո տպաքանակը եկող տարի կհասնի տասնհինգ հազարի: – Նա ծիծաղեց, ավելացրեց, – այնպես որ, հոնարար եմ ստացել, ես եմ վճարում: Հանուն քո խաթեր, Արինա:– Ոչ, ես պիտի վճարեմ, – առարկեց Արինան:– Մի վիճեք, ինքս կվճարեմ, – ասացի ես: – Մի քանի տուգրիկն ինչ է, որ ես ափսոսամ Արինայի համար: Վեր կացեք:– Ոչ՝ ես, – դարձյալ ընդդիմացավ Արինան:Դուռն անսպասելիորեն բացվեց, ներս մտավ Թելման Կարաբաղլի-Չալյան-Սալվադոր Դալին՝ դեղին փողկապով, չգիտես ումից վերցրած չվառած սիգարետը մատների արանքում, մազերը ցից:Մշտական միջանցքում կանգնած՝ որևէ մեկից սիգարետ խնդրելու, մշտական պատրաստ՝ ծամածռված շուրթերով ժպտալու, կորամեջք խոնարհվելու, գլուխ տալու աջ ու ահյակ, կամացուկ բամբասելու դիմացից եկողին. «Օ¯հ, վա¯ր գիդաք դա հինչ փիս մարթ ա, ագնոցավոր օխցա, օխց», և դարձյալ, մինչև գետին քծնաժպիտ խոնարհվելով այդ նույն մարդուն՝ «նեջյա՞ սյան, ազիզըմ» ու դարձյալ, նրա անցնելուց հետո՝ «ո¯ւհ, թույնավոր գյուրզա օխցա, օխց»:– Էս հի՞նչ գռիվ ա, – հարցրեց նա՝ խոր ընկած աչքերը վազեցնելով սենյակում ու մի այնպիսի ստրկամիտ ժպիտով, որ չէր հասկացվում՝ իսկապես ժպտո՞ւմ է, թե ուզում է լալ:– Թելման Հայրապետովիչ, կռիվ չկա, վեճ է, – ասաց Լորաննան և հանկարծակի առկայծած ինչ-որ մտքից պայծառացած դեմքով ավելացրեց, – հոդված ենք ստացել, դրա շուրջն էր վեճը: Եվ դու, որպես հին դատավոր ու դատախազ, պետք է քո հեղինակավոր կարծիքն ասես՝ արժե՞ այն հաղորդել ռադիոյով:– Ես՝ բադրասդ, – ասաց Թելմանը՝ սպասողական դիրքով ու դեմքին մտածող մարդու արտահայտություն տալով:Լորաննան իր սեղանի վրայից ինչ-որ մեքենագիր թղթեր վերցրեց,մի երկու վայրկան պահեց աչքերի դեմ:– Սա, ճիշտն ասած, հոդված էլ չէ, որպես այդպիսին, դոկտորական դիսերտացիայից մի գլուխ է՝ նվիրված ժողովուրդների բարեկամությանը: Հեղինակը հայտնի մարդ է, դոցենտ:– Գարևոր չի, գարթա:– Կարդում եմ, սկիզբն ուշադիր լսիր:Թելմանը համակ ուշադրություն դարձած լսում էր:– Կարդում եմ, սկիզբն ուշադիր լսիր:Թելմանը համակ ուշադրություն դարձած լսում էր:– Վարդանանց պատերազմի ժամանակ Երևանի բերդի գրավումը իրականացվեց ռուսական բանակի, հայ կամավորական ջոկատների և վրացական միլիցիայի անձնազոհ մարտիկների արյան գնով, – դանդաղ, բառ առ բառ շեշտելով կարդաց Լորաննան, հետո աչքերը բարձրացրեց, նայեց Թելմանին: – Արժե՞ շարունակել:– Պա, իհարգե, – անվարան ասաց Թելմանը: – Պա, ոնս չարժի, ժողովուրթների պարեգամություն ա, չէ՞:– Իմ կարծիքով, – ասաց Լորաննան, և ես զարմացա, թե նա ինչպես էր կարողանում հանգիստ ձևանալ, թե իրոք ինչ-որ նյութ է կարդում, – ահա այստեղ, ուր խոսվում է վրացական միլիցիայի մասին, պետք է խոսվի նաև ադրբեջանական միլիցիայի սխրագործությունների մասին:– Ջիշդա, – գլխով արեց Թելմանը: – Մալադես, գլոխդ լավ ախշադումա, խելունք ըս նգադալ:– Լսիր շարունակությունը. այդ ժամանակ, այսինքն՝ չորս հարյուր հիսունմեկ թվականին, երբ ռուսները, հայ կամավորականները, վրացական և… ավելացնենք այստեղ՝ ադրբեջանական միլիցիայի մարտիկները, հերոսաբար կռվում էին բերդի պարիսպների մոտ, Հայաստանը դեռևս գտնվում էր Պարսկաստանի և Թուրքիայի լծի տակ:– Դա ջիշդ չի, – մտազբաղ, աչքերը առաստաղից իջեցնելով, իմաստուն տեսքով ասաց Թելմանը:«Փառք աստծո, վեջապես հասկացավ», – մտածեցի ես:– Հատկապես ի՞նչը, – վարանոտ հարցրեց Լորաննան՝ կրքոտ բերանը կիսաբաց, խաժ աչքերում ծիծաղ:– Բեդի լինի՝ ծա¯նդր լուձի դակ, – ասաց Թելմանը:– Ապրես, – գովեց Լորաննան, – դա կուղղեմ, մնացածը ոչի՞նչ, կարելի՞ է հաղորդել: Ամբողջ հոդվածն այս մակարդակով է գրված:– Ամբայման, – իր հեղինակավոր կարծիքն ասաց Թելմանը, – իրեք ազկերը միասին՝ ճագադ-ճագադի դված գռվում են, խելունք հոտվաձ ա, լավ գանարար բիդի տալ: – Ձեռքը դնելով լերկ գլխին, նա ավելացրեց, – հոկնաձ եմ, շադ հոկնաձ եմ, էս քիշեր չեմ քնալ, էրեխոսը համար կիրք եմ կիրում, էրգու հայրուր վասունվես էճ կիրալ եմ, մնասալ ա հայրուր տասներգուսը:Լորանան ժպտուն հետաքրքրասիրությամբ նայեց նրան:– Ի՞նչ գիրք է, – այնուամենայնիվ հարցրեց նա:– Գռվի մասին, բադերազմ, – երազկոտ, աչքերը կիսափակ մրմնջաց նա, – երգու զորքեր գադաղաձ իրար վրա գրագում են… հյունի գորիզներով:Լորանան կարկաչուն ծիծաղեց, ասաց.– Թելման, կներես, մի բան եմ ուզում հարցնել:– Դու քու էդ ղաշանգ աշկերովդ ինձ մի նայի, – կռվի ահեղ դաշտից վերադառնալով առօրյա կյանքին՝ արտասանեց Թելմանը: – Ղաշանգ աշկերիցը էլ վախում եմ: Սև օխցից վախաձ մարթը՝ սև չաթուից էլ ա վախում: Ասա, հի՞նչ ես ասում:– Ճիշտն ասա, Թելման, դու դպրոցն ավարտելուց հետո՞ ես համալսարան մտել, թե հենց ուղղակի մանկապարտեզից:– Այ ախճի, – ջղայնացավ Թելմանը, – խելք չունիս՝ թաքավոր ես, բադերազմի դարիներին հի՞նչ մանգաբարդեզ, հինչ պան, էն սով ժամանագ մանգաբարդեզ որդեղա՞ն: – Ասաց ու գնաց դեպի դուռը, հետո, դռան մոտ շրջվեց, ասաց, – փորս ու գլոխս շադ փիս սավում ա, առավոդը գանուխ քինասալըմ դոխտուրի մոդը, լավ դոխտուր ա, վաղուսվա հինգերներ ենք, մի դեղահադիկ երգու գես արեց, դվես ինձ, ասում ա՝ սա գլոխի համար ա, սա՝ փորի, բայս նայի, ասում ա, որ հանգարձ չխառնես: Խմալ եմ, բայց օգուդ չի դամ, էլի սավում ա: – Ասաց, գլուխը վշտագին օրորելով դուրս եկավ, մոռանալով, թե ինչու էր եկել:Ելնելով միջանցք, մենք քայլեցինք դեպի վերելակ:– Այդ ցնորված մանկուրտին գիտե՞ք ինչի են հանել դատախազի պաշտոնից, – ծիծաղելով ասաց Լորաննան: – Ռեստորանից հետո խմած, առանց խմելու էլ խեղկատակի մեկն է, պատկերացրեք՝ խմած ժամանակ ինչ վիճակում պիտի լինի, գլխարկն իր գլխին՝ հանդերձապահից պահանջել է գլխարկը, սպառնալով միլիցիայի կարգախումբ կանչել ու կալանքի ենթարկել բոլոր աշխատողներին: Շրջկոմի առաջին քարտուղարը հրավիրում է իր մոտ ու ասում՝ որպեսզի վաղը չտեսնեմ քեզ շրջանում:Մենք վերելակի չսպասեցինք, ոտքով սկսեցինք իջնել առաջին հարկ: Երրորդ հարկում, կիսամութ միջանցքի հենասյան ետևում, երկու հոգի կանգնած զրուցում էին: Լորաննան դանդաղեցրեց քայլը, չգիտես ինչու, ուշադիր նայելով այդ երկուսի կողմը: Ես նույնպես ակամա ետ նայեցի. մեր աշխատակից Գևորգ Աթաջանյանն էր մեկը, մյուսը՝ կանգնած էր թիկունքով դեպի մեզ: Գևորգը, դա պարզ երևաց, փորձ արեց անցնել հենասյան ետևը, բայց, ըստ երևույթին, հասկացավ, որ նկատել ենք իրեն, շփոթմունքը թաքցնելու նպատակով, սկսեց կենսախինդ տոնով.– Այս ո՞ւր ենք գնում այսպես խմբովին, ինձ էլ տանեիք ձեզ հետ կամովին:– Այնտեղ, ուր գնում ենք՝ տեղ չկա քեզ համար, – չգիտես ինչու, սառնորեն վրա բերեց Լորաննան:– Ինչո՞ւ, – գլուխը թեքած՝ շինծու զարմանք արտահայտեց Աթաջանյանը:– «Ինչու»-ի պատասխանն ինքդ մտածիր:– Նեղացնում ես, Լորիկ, կաղաչեմ՝ մի կոտրիր այն սիրտը, որի մեջ դու ես… – իբր իրոք նեղացած, բայց նույն շինծու ժպիտով՝ նա շարունակեց, – մի՞թե չգիտես, Լորիկ, որ ինձ համար աշխարհում ամեն ինչ քեզնով է ծաղկում ու բուրում, առանց քեզ՝ գիշերն աննինջ, օրս՝ անցնում է տրտում: Գևորգն է սա քեզ ասում, հավատա, առանց քո սիրուն անունի՝ արևն անգամ հմայք չունի…Առեղծվածային կիսաժպիտով՝ Լորաննան լուռ նայում էր նրան:– Օվսաննա մի երգիր ինձ, – ի վերջո ասաց նա,– գնա Նորա Բաղդասարյանին երգիր, նա քեզ գուցե հասկանա, ամուսնացած կին եմ ես…– Ա¯խ, դու ամուսնացած, ա¯խ, դու ուրիշի սիրած, – շարունակեց Աթաջանյանը նույն ոգով, – իսկ ես մենակ ու անտեր, ա¯խ, երազ իմ կորած, ա¯խ հույսի կանթեղ իմ մարած…Վերելակն անսպասելիորեն կանգ առավ երրորդ հարկում, մի կին դուրս եկավ այնտեղից, մենք արագ մտանք ներս:– Տանել չեմ կարող վավաշոտ ու ծախու սրիկաներին: Գիտե՞ք ում հետ էր կանգնած:– Ո՞ւմ հետ էր, – հետաքրքրվեց Արինան:– Թելմանի կնոջ սիրեկանի՝ Սաֆար Ալիևի հետ:– Տեսնես ո՞ւմ ոտքի տակն էր քանդում, – վշտոտ արձագանքեց Արինան:Մենք դուրս եկանք փողոց, անցնելով լայն պողոտան, մտանք զբոսայգի և զրուցելով գնացինք սրճարան՝ պաղպաղակ ուտելու: Մենք գտանք, որ նախկինի այրող հուշերից, նենգադավ Գևորգ Աթաջանյանից ու խեղկատակ Թելման Կարաբաղլի-Չալյանից հետո սառը պաղպաղակը սփոփիչ դարման է:Այդպես էլ կար:* * *Իմ օրերը, այո, չէին անցնում՝ թռչում էին, ինչպես իմ սիրավառ սիրտն էր անդիմադրելի մղումով թռչում իմ չքնաղագեղ Ռենային ընդառաջ:Արար աշխարհ՝ մարդիկ, որ ահա լողանում էին ծովում, ուրախ ձայնում իրար, ծիծաղում՝ ճողփյունով ընկնելով զովասուն ջրերի մեջ, բարձր ու ջինջ երկնքով հարավից հյուսիս անցնող կռունկների անկյունաշար շղթան՝ կարոտակեզ կանչերով, ժայռի բարձունքին համրորեն կանգնած մենավոր բարդին, որ ճկվում, թեթև տարուբերվում էր մեղմ զեփյուռից, և նրա տերևներն անընդհատ թրթռում էին, ամեն ինչ նոր իմաստ էր ստանում Ռենայի ներկայությամբ: Մինչ նա՝ այս ամենն անըմբռնելի էր ինձ համար, իսկ հիմա… ես այնքան երջանիկ եմ, որ չեմ կարող մտածել անգամ, թե այս երջանկությունը կարող էր չլինել:Ամբողջ Ապշերոնում Բիլգիան միակ տեղն է, ուր ծովափը ժայռոտ է, և մենք այստեղ եկանք լողանալու ու քաղաքից դուրս, ծովահայաց ժայռերի վրայից դիտելու անեզր ու անկնճիռ մաքուր ծովը, որի լազուր շողշողուն մակերեսին այս ու այնտեղ կոտորակվում, ճերմակին էին տալիս միանգամից հայտնվող ու կրկին անհետացող թափանցիկ արևով ողողված մեղմափրփուր կոհակները: Արծաթափայլ այդ կոհակները, հետզհետե փշրվելով, համբուրաձայն աղմուկով լիզում էին ափամերձ քարերը:Մենք մարդկանց աչքից հեռու, ժայռերի մոտ էինք լողանում, որովհետև ես չէի ուզում, որ ուրիշ որևէ մեկը նայեր Ռենային: Երփներանգ լողազգեստով ու «Մակնամարա» արևապաշտպան շքեղ ակնոցով, դեռևս չչորացած ջրի լուսավոր կաթիլներով առձիգ մարմինն արևայրուկից շոկոլադագույն, ծաղկապատվաստման գեղեցիկ հետքը գեղեցիկ թևին՝ սքանչելի էր նա:Ամրասրունք բարձր ոտքեր, նրբենի ուսեր ու լողազգեստի տակից պրկված գեղանի կուրծք, առասպելական բարակ մեջք ու նրբագեղ բերան՝ գրգասուն բոսոր շուրթերով. ասես ամբողջ լողափը շրջվեց մեր կողմը, երբ մենք հայտնվեցինք այնտեղ: Նրա ստվերն անգամ գեղեցիկ էր:– Գնանք ժայռերի մոտ, այնտեղ մարդ չկա, – ասացի ես:Իմ աննման Ռենան ակնթարթորեն հասկացավ իմ հոգու խռովքը և, դեմքին մի չքնաղ հեզություն ու նրբություն, ժպտալով ասաց.– Գնանք:Եվ դրա համար ես անչափ երախտապարտ էի նրան: Ես այդ գողունի հայացքները որսացի նաև խորովածանոցում, դա միանգամից ալեկոծեց ինձ: «Ռեն, եթե իմանամ, – կամացուկ, մի տեսակ խռպոտության փոխված ձայնով արտաբերեցի ես,շնչահեղձվելով իմ ներսում հետզհետե հորձանք տվող ամենակուլ կրքի ու խանդի խառնակ զգացմունքից, – եթե իմանամ, թե մեկի ձեռքը կպել է մարմնիդ, դանակով կկտրեմ այդ տեղը»: Ռենան, գրկելով իմ թևը, շշուկով ասաց.– Եթե ես քեզ հետ եմ, ուրեմն ինձ հարկավոր չէ ոչ ոք: Նա չէ երջանիկ, ով շատ երկրպագուներ ունի: Այլ նա, ով ունի մեկը, որից բացի ոչ ոք պետք չէ նրան: Մի խանդիր ինձ, Լեո, հասկացիր, ես երբեք ու ոչ մի անգամ այնպիսի բան չեմ անի, որ վիշտ պատճառի քեզ:Այդպես ասաց Ռենան ինձ այն ժամանակ:Մենք խոսում էինք հազար ու մի բանի մասին՝ կարևոր ու անկարևոր, շարունակ մի թեմայից անցնելով մյուսին, անհոգ ծիծաղով՝ իրար վրա ջուր էինք ցողում, արևի ու տաք ավազների միջով ձեռք-ձեռքի վազելով՝ մեզ նետում էինք ջուրը, մրցության մեջ մտած՝ ափից ահագին հեռանում ու նորից առաջկտրուկ ետ էինք լողում, կրկին մրցելով, թե ով առաջինը կհասնի ափ:Հետո մենք խոսեցինք Զիգմունդ Ֆրոյդի հոգեվարժության ըմբռնման մասին, ես ասացի, որ համաձայն եմ Ֆրոյդի այն կարծիքին, ըստ որի նախնադարյան մարդը շարունակում է ապրել մեր հոգեկերտվածքի անգիտակցական ոլորտում և ամեն մարդ օժտված է բնածին ագրեսիվ բնազդներով, ավերելու հակումներով:Ռենան առարկեց ինձ: Նա գտնում էր, որ ես դրանով իսկ արդարացնում եմ բռնությունը, ագրեսիան, ավերելու և սպանելու անասնական բնազդները: Նա օրինակ բերեց Ռասկոլնիկովին, հարցնելով, թե որտե՞ղ են նախնադարյանն ու անգիտակցականը նրա արարքների մեջ, նա մարդ է սպանել, երկու կնոջ, նա ասում է, որ ես ոչ թե նրանց, այլ ինքս ինձ սպանեցի, այդ սպանությունից հետո նա լիարժեք մարդու պես չի կարող ապրել, բայց մենք նույնպես նախկին ձևով ապրել այլևս չենք կարող:Հետո նորից ու նորից խոսում էինք, Ռենայի ձայնն անուշ մեղեդի էր ինձ համար: Հետո մենք անցանք ուրիշ թեմայի՝ երաժշտության: Ռենան ասաց, որ կարող է օրերով Ռավել ու Բախ լսել, ափսոսանքով նշեցինք, որ հավանորեն անկրկնելի լիներ նաև տասներորդ սիմֆոնիան՝ «Ֆաուստի» մոտիվներով, եթե Բեթհովենը հասցներ ավարտել: Հետո գեղանկարչության ու քանդակագործության մասին խոսք եղավ, և ես հարցրի Ռենային, գիտի՞ նա, արդյոք, որ Հայնեն գնում էր Լուվր և, ժամերով նստած Միլոսյան Վեներայի արձանի մոտ, լալիս էր անարգված մարդկային կատարելության համար:Հետո Ռենան ասաց, որ դեռևս չի եղել Էրմիտաժում և շատ կուզենար մի անգամ՝ արձակուրդներին, մեկնել Լենինգրադ, լինել Էրմիտաժում, Ռուսական թանգարանում ու նաև, իհարկե, առափնյա այն տանը՝ Մոյկայի վրա, ուր իր վերջին ժամերն էր ապրել Պուշկինը:«Միասին կգնանք», – մտովի ասացի նրան, և այդ մտքից սիրտս թպրտաց:– Դու կարդացե՞լ ես Պուշկինի նամակներն իր սիրած աղջկա՝ Նատալյա Գոնչարովայի մորը:Ես ծանոթ էի այդ նամակներին, կարդացել էի, բայց հատկապես ո՞ր նամակի մասին էր նրա խոսքը՝ չգիտեի:– Այնտեղ Պուշկինը գրում է, որ ինքը պատրաստ է մեռնելու Նատալյայի համար: Ամենավսեմ սերը, կարծում եմ, կարապների սերն է: Եթե նրանցից մեկը զոհվում է, մյուսը չի դիմանում դրան, քարափից իրեն նետում է ծովը… Դու կարող ե՞ս կյանքդ զոհել հանուն քո սիրած աղջկա, – անսպասելի հարցրեց Ռենան՝ կապուտակ աչքերը հառելով ինձ:– Ռենա, – ասացի ես՝ շոյելով ու համբուրելով արևի ոսկով օծված նրա գեղանի ուսերը, – ես իմ կյանքը կտամ քեզ առանց վայրկյան անգամ վարանելու:– Ես սիրում եմ քեզ, – նրա հրափափուկ կրակե շուրթերը թեթև հպանքով անցան իմ դեմքի վրայով, կանգ առան տոչորված շուրթերիս: – Ես սիրում եմ քեզ և դրա մեջ է իմ ամբողջ կյանքը, – շշնջաց Ռենան հազիվ լսելի:Ես համբուրում էի այդ բառերն արտաբերող շուրթերը, և հոգիս ցնծում էր երջանկությունից:Բարձր երկնքով կռունկների մի ուրիշ երամ էր անցնում՝ դարձյալ անկյունաշար շղթայով ու նույն թախծական կանչերով՝ կուռլո¯ւ, կուռ¬լո¯ւ, կուռլո¯ւ…Եվ ինձ համար միանգամայն անսպասելի՝ Ռենան արտասանեց Տերյանի տողերը.
Չի հասկանա ձեր հոգին և՛ ծույլ, և՛ օտար,Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար…
Ես զարմացած ու հիացմունքով նայեցի Ռենային, հիշեցի Էսմիրայի խաղացկուն ժպիտով ասված խոսքերը. «Նա հիմա հայ գրականություն է ուսումնասիրում», ժպտացի՝ լցված նրա հանդեպ քնքշանքով ու երախտագիտությամբ:– Հազարամյակների մշակույթի պատմություն ունի հայ ժողովուրդը, – ասաց Ռենան: – Ճիշտն ասած, Լեո, առաջ չգիտեի:– Այո, հազարամյակների մշակույթ ունենք մենք, – հաստատեցի ես, – և առաջին քաղաքակիրթ ազգը եղանք, որ ընդունեցինք քրիստոնեությունը, և մեր բոլոր դժբախտություններն այդտեղից են գալիս:– Ախր, ինչո՞ւ, ինչո՞ւ, – հանկարծակի ասաց Ռենան՝ շառագունած և մի տեսակ վշտագին ձայնով ու սրտառուչ անկեղծությամբ:«Նրանց տանը, ամենայն հավանականությամբ, խոսակցություններ են գնում այդ ուղղությամբ, – ցավով մտածեցի ես, – պարզապես չի ուզում ասել»:Մի պահ լուռ էինք, ձայնի մեջ սքողված թախիծ՝ Ռենան ասաց.– Աստված չանի, Լեո, մի բան պատահի քեզ՝ մի րոպե անգամ չեմ ապրի… – Նա քիչ դադար տվեց, ավելացրեց, – քեզ ունենալով՝ ես ունեմ ամեն ինչ, կորցնելով քեզ՝ ես կկորցնեմ ամեն ինչ:Ես գրկեցի նրան, տաքուկ մարմինը սեղմեցի ինձ և ոչինչ չգտա ասելու: Իսկ Ռենան ասաց.– Կուզենայի նորից այնպիսի մի տեղ լինեինք, ուր ծով լիներ, բայց և անտառներ լինեին, թավախիտ անտառներ, և որ ծովը հեռու չլիներ, շարունակ լսեինք նրա աղմուկը, – և անսպասելի ու չարաճճիորեն ավելացրեց, – ես հայերեն գիտեմ արդեն՝ ես ս-ե-ր-ր-ու-մ եմ կ-ե-զ… ես շ-ա-ա-տ ս-ե-ր-ր-ու-մ եմ կ-ե-զ… ես մ-ե-ր-ր-ն-ու-մ եմ… ես մ-ե-ր-ր-ն-ու-մ եմ կ-ե-զ համմար…Ես ծիծաղեցի:– Չծիծաղե¯ս, – ասես կաշեպատ դուռ էր ծեծում, բռունցքներով թմբկահարելով կուրծքս, շիկնահար այտերին լուսաժպիտ՝ ասաց նա, – սխա՞լ եմ խոսում, ասա, սխա՞լ եմ խոսում: – Իսկ հետո, իբր թե նեղացած, ստապատիր արցունքախառն աչքերով, ոսկեհնչյուն ծիծաղի միջից, – ես կանեմ, կանեմ դա, կտեսնես, կգնամ, էլ չեմ գա, թե որ այդպես ուզես…Աստված իմ, նա շարունակ իրեն սիրել է տալիս՝ առանց որևէ պատկերացում ունենալու այդ մասին:Ես Ռենային ավելի ամուր սեղմեցի ինձ, դողացող ձայնով ասացի.– Դու ինքդ էլ չգիտես, թե ինչքան քաղցրիկն ես…* * *Ռենայի հետ մեր հաջորդ հանդիպումը նույնպես ծովափին էր, առողջարանային Նաբրան անունով ոչ մեծ գյուղում, Բաքվից երկու հարյուր քսան կիլոմետր դեպի հյուսիս, համարյա Դաղստանի և Ադրբեջանի սահմանագծին, անտառների հարևանությամբ:Այդ անտառներն այստեղ Կովկասյան հեռու լեռների փեշերից տարածվում, հասնում էին ընդհուպ մինչև Կասպից ծովը: Երկինք հասնող վիթխարի ծառերով, մարգագետիններով, քչքչան գետակներով ու անթիվ, անհամար աղբյուրներով կուսական խիտ անտառներ, դրանք այնքան անեզր ու անծայրածիր էին, որ անծանոթ մարդը չէր համարձակվում խորանալ այնտեղ, կարող էր մոլորվել և կորչել մթին թավուտներում: Պիոներական տասնյակ ճամբարներ կային Նաբրանում ու դրանից այն կողմ, ծովափի երկարությամբ՝ մեկը մյուսին հաջորդող լեզգիական փոքրիկ գյուղերում՝ Առաջին Յալամա, Երկրորդ Յալամա, Երրորդ Յալամա, հինգից ավելի գյուղեր և բոլորն էլ նույն անունով՝ Յալամա, բայց թվերով տարբեր:Անցյալ տարի ամռանը, ռադիոհաղորդում պատրաստելու համար, մենք եղանք այդ ճամբարներից մեկում: Ճամբարը վրաններում էր տեղավորված, զովասուն անտառի մեջ, մի բարձրիկ տեղ, որտեղից մինչև ծով՝ մի հարյուր քայլ էր: Ամենուր մանկական զիլ ձայներ, ճիչ ու ծիծաղ էր, երգեր, որ թնդում էին անտառով մեկ: Այդտեղ ծանոթացանք խոհարարուհի Արաքսյայի հետ: Նրանց ընտանիքը միակ հայ ընտանիքն էր ամբողջ Նաբրանում: Սումգայիթից, հիվանդ աղջկա պատճառով, մի քանի տարի առաջ էին փոխադրվել այստեղ: Ե՛վ Արաքսյան, և՛ ամուսինը՝ Սարգիսը, փոքրամարմին, չնայած տարիքին, մազերը լրիվ սև մի մարդ, որը մասնագիտությամբ շինարար էր, ծեփագործ, հորս ճանաչում էին: Նրանք էլ էին Ղարաբաղից, հիսունական թվականներին հավաքագրման եկածներից: Տուն ունեին Նաբրանում, հենց նրանց հյուրընկալ տանն էլ ապրում էինք այդ օրերին: Մտերմացել էինք, բաժանվելիս Արաքսյան ասաց. «Երբ ուզենաք՝ եկեք, հաշվեք, որ հարազատի տուն եք գալիս»:Ահա թե ում հիշեցի ես, երբ Ռենան ասաց, որ կուզենար նորից այնպիսի մի տեղ լինեինք, ուր ծով լիներ, բայց և անտառներ լինեին, թավախիտ անտառներ, և դա լիներ ծովից ոչ հեռու: Բայց ես Ռենային ոչինչ չասացի, ուզում էի անակնկալ մատուցել: Չէի ասել նմանապես, որ մեքենա եմ առնում, փողն արդեն մուծված էր, մտածում էի նրա հետ իմ մեքենայով Նաբրան գնալ, եթե, իհարկե, Ռենային հաջողվեր թույլտվություն ստանալ տանը:Իմ մտերիմ ընկերոջ՝ Ռոբերտի հետ, որին գիտեի գյուղից (նրա քույր Մարիան՝ անսահման բարի, մոր պես մեղմ ու քնքույշ, աստվածային մի էակ, իմ ուսուցչուհին էր, երբ ես գյուղում սովորում էի, և Ռոբերտն ամառները Բաքվից գալիս էր գյուղ), գնացինք Բաքվին մերձակա Բալաջարի հանգուցային երկաթուղու կայարան՝ մեքենան ստանալու: Բայց իմ ուզած գույնը չկար, բոլոր «Վոլգաները» սև գույնի էին, ես սև գույնի չուզեցի, պայմանավորվեցինք սպասել, շուտով նորերը պիտի ստանային: Ես անհանգստացած էի, որովհետև ամառը վերջանում էր, շուտով ինստիտուտում պիտի սկսվեին պարապմունքները, և Ռենան այլևս չէր կարող ինձ հետ Նաբրան գնալ:– Ախպերո, իսկ դու ինչո՞ւ ես անհանգստանում, – սրտաշարժ ոգևորությամբ ասաց Ռոբերտը: – Ես իմ գազան «Ժիգուլիով» ձեզ երկու, շատ-շատ՝ երկուսուկես ժամում կհասցնեմ Նաբրան:– Իսկ ես քեզ խոստանում եմ չորս ձևի խորոված, – ուրախացած ասացի ես: – Խոզի, գառան, սևրյուգայի և օսետրինայի:– Խմիչքն ինձ ավելի է հետաքրքրում:– Ինչ խմիչք ուզում ես՝ պատրաստ եմ գնել քեզ համար:Գործունյա, սնդիկի պես շարժունակ Ռոբերտն իրար անցավ:– Գնում ենք: Ուրեմն այսպես: – Նա դեմքին լուրջ արտահայտություն տվեց: – Համեստ ժողովուրդ ենք, բավարարվենք քչով՝ սևրյուգա և գառան խորոված: Մանավանդ, օսետրինան շատ է յուղալի, իսկ խոզի խորովածն ամառ ժամանակ՝ չարժե: Ախպերո, կարճ՝ սպասում եմ զանգիդ:Ռենային հաջողվեց համոզել մորաքրոջ աղջկան՝ Դիլարային (նա քաղաքի հեռավոր արվարձաններից մեկում՝ Բինաղադի ավանում էր ապրում և, բարեբախտաբար, հեռախոս չուներ, ստուգել չէին կարող), աշխատանքի վայրից զանգել Ռենայի մորը և խնդրել, որպեսզի Ռենան մի օրով մնա իր մոտ: Ռենայի մայրը դժկամությամբ, բայց համաձայնել էր, պայմանով, որ կիրակի երեկոյան ժամը ութից ոչ ուշ Ռենան տանը լինի:Ռոբերտն իր խոսքի տերը եղավ. մենք Նաբրան հասանք համարյա երկուսուկես ժամում:Արաքսյան՝ լղար, երկար, մազերը ծոծրակին ոլորած, իրենց բակի ճյուղատարած ընկուզենու՝ փողոցի վրա սփռած ստվերում կանգնած, խաչած թևերը փորին, ասես մեզ էր սպասում: Բայց հանկարծակիի եկավ, երբ Ռոբերտը մեքենան արգելակեց նրա մոտ: Զարմանքն ու շփոթմունքը նա մի պահ չկարողացավ թաքցնել, հետո վերագտավ իրեն, չորուկ դեմքը սիրալիր ու հյուրընկալ արտահայտություն ստա¬ցավ:– Բարով եք եկել, – բարեհոգի ժպտալով ասաց նա: – Շատ բարով եք եկել:Ռենան նրան շատ դուր եկավ:– Ի¯նչ լավ նախշուն աղջիկ է, ասես թփից հենց նոր պոկած զրավարդ լինի, – ասաց նա՝ ոսկե ատամները բաց ժպտալով: – Մութ տեղը կանգնի՝ լույս կտա, – և, նայելով Ռենային, իր իմացած կիսառուսերենով ավելացրեց, – օչեն կրասիվի դեվուշկա:Ի պատասխան՝ Ռենան լուսաճաճանչ ժպտաց նրան:– Ձկան հարցը ո՞նց է ձեզ մոտ, – դուրս գալով մեքենայից և աջ ու ձախից մեքենան դիտելով՝ հարցրեց Ռոբերտը:Նա արդեն իր տարերքի մեջ էր:– Ձկան երկիր է՝ ոնց պիտի լինի, – նույն ոսկեատամ ժպիտով պատասխանեց Արաքսյան: – Սիրտդ ի՞նչ է ուզում՝ օսետրինա, սևրյուգա, բելուգա:– Մենք Լեոյի հետ արդեն պայմանավորվել ենք՝ սևրյուգա և մի սև չաղլիկ գառ:– Ձուկը կլինի առավոտյան շուտ, քեզ հետ մեքենայով կգնանք Երրորդ Յալամա, կբերենք: Նախօրոք իմանայի՝ կառնեի, իսկ գառը՝ երեկոյան ամուսինս կգա, կմորթենք:Ռոբերտը, գլուխը ետ գցած, երկար ծիծաղում էր:– Մենակ էդ խոսքի համար արժեր էստեղ գալ, – դեռևս ծիծաղելով ասաց նա: – Ամուսնուդ ինչո՞ւ ենք մորթում, ի՞նչ է արել:– Ամուսնուս չենք մորթում, – ինքն էլ ծիծաղելով՝ ասաց Արաքսյան: – Թեկուզ արժե մորթել: Ոչխարը դուրսն է, պիտի բերի:Տան ետևում, այգուց այն կողմ, խշշում էր անտառը:Կաղնու տերևի պես եզրը կտրտած կատարը ցից, աչքը՝ փողոցում, ճամփեզրի թանձր փոշու մեջ թավալվող իր հարեմին՝ ցանկապատի վրա հպարտորեն կանգնած, փետուրներով հուրհրատին էր տալիս շիկացած ածուխների շեղջի նման հրակարմիր աքաղաղը:Արաքսյան արագ սեղան գցեց:Տաքացրած թարմ կաթի բույրը տարածվել էր բակում:– Չէ, արժե գյուղում ապրել, – ասաց Ռոբերտը: – Ինչ ուզում եք ասեք՝ արժե:– Գյուղում ապրես, բայց չաշխատես, – ժպտալով ավելացրեց Արաքսյան:Ես նվերներ էի բերել, հանձնեցի Արաքսյային: Նա նեղացավ:– Ինչո՞ւ եք նեղություն քաշել, – ասաց: – Անհարմար վիճակի մեջ եք դնում մեզ:– Այս երկու բլոկ սիգարետն էլ կտաք ձեր ամուսնուն, – սիգարետները մեկնելով նրան՝ ասացի ես:– Ոչ մի դեպքում, – սիգարետները վերցնելով՝ ծիծաղելով ասաց Արաքսյան: – Նրան ոչ մի տուփ չեմ տա: Օրական տասը սիգարետ՝ այն էլ «Պամիր» կամ «Ավրորա», ավելի ծխելու իրավունք չունի:Արաքսյայի դուստրը՝ Ալվարդը, նստած էր տան պատշգամբում, այնտեղից նայում էր իր մեծ, նշաձև թախծոտ աչքերով, ժպտում մոր խոսքերի վրա. նա տեղից շարժվել չէր կարող:– Տասը սիգարետը շատ է, – մեջ ընկավ Ռոբերտը, – հինգն էլ բավական է:Ռենան մոտեցավ Ալվարդին, ծանոթացան: Երկար խոսում էին, և Ալվարդը նայելով նրան, մեղմ ժպտում էր նույն գեղեցիկ, թախծոտ ժպիտով:– Ռենա ջան, եկեք, ամեն ինչ պատրաստ է, – կանչեց Արաքսյան: – Լեո, արյունը քաղցր էդ գեղեցկուհուն որտեղի՞ց ես ճարել, ասես քաշած պատկերք լինի:– Իսկ ի՞նչ է, Լեոն պակա՞ս տղա է, – ինձ պաշտպան կանգնեց Ռոբերտը:– Իսկ ո՞վ ասաց, թե պակաս է: Պակաս չի, իրար էլ շատ լավ սազում են: Հա, թայը թային որ չգտավ՝ հարամ է: – Արաքսյան հիացած նայեց, ավելացրեց, – էդպիսի աղջիկներ կինոներում են ցույց տալիս մենակ:– Կինոյից է վերցրել, – կատակեց Ռոբերտը: – Բա զուր տե՞ղն է հեռուստատեսությունում աշխատում:– Դու էլ ե՞ս էնտեղ աշխատում, – հարցրեց Արաքսյան:– Ե՞ս… ես ադրբեջանական հանրապետության կապի մինիստրությունում եմ աշխատում: Ուզո՞ւմ ես տունդ հեռախոս անցկացնեմ:– Շնորհակալ եմ, – ժպտաց Արաքսյան, – հեռախոս ունենք, – և դարձյալ նայեց դեպի Ռենան: – Երևում է շատ բարի սիրտ ունի, – ինքնասույզ ու խորունկ տխրությամբ ավելացրեց նա՝ նայելով պատշգամբի հատակին անշարժ նստած դստեր կողմը:Ռենան մոտեցավ մեզ, և ես նրա աչքերում, մեկ ուրիշ աչքի համար աննկատելի, արցունքի շող տեսա:– Մեղք է, – շշնջաց նա, – համարյա իմ տարիքին է, տասնինը տարեկան:– Դու այդպիսի սրտով ո՞նց ես ուզում բժշկուհի դառնալ, – կամացուկ ասացի ես, – և այն էլ՝ մանկաբույժ:– Ինքս էլ չգիտեմ, – շշնջաց նա, գլուխը հակելով իմ ուսին: – Տասնինը տարի, սխալ բուժման պատճառով, անշարժ գամված է տեղում:– Նստեք, – մոտենալով՝ սեղանի մոտ հրավիրեց Արաքսյան: – Ամեն ինչ թարմ է՝ կաթը, ձուն, սերուցքը, յուղն ու մեղրը: Կաթը, յուղը, սերուցքը՝ մեր կովերն ենք կթում, ձուն՝ մեր հավերի ձուն է, մեղրը՝ մեր ճանճի մեղրն է: Մի քիչ կերեք, հանգստացեք, հետո կգնաք ծով, կգաք, ամեն ինչ պատրաստ կլինի: Գալիս չմոռանաք, խանութից հաց կբերեք: Ուրիշ ոչ մի բան պետք չէ: Ամեն ինչ կա:Ռոբերտը հիշեց, գնաց ավտոմեքենայի բեռնախցիկից հանեց ինչ բերել էինք՝ դեղնաթափանցիկ շահնա տեսակի քաղցր խաղող, ձմերուկ, սեխ, հանքային ջուր, չմոռանալով, իհարկե, իմ «Ախթամարն» ու իր սիրած օղու՝ «Գժելկայի» շշերը:«Էս «Գժելկայից» ես կգժվեմ մի օր», – ծիծաղեց Ռոբերտը:* * *Տնամերձ այգուց անտառի վրա բացվող դռնակ կար: Մեր ետևից խնամքով ծածկելով դռնակը՝ մենք տոփանված խոնավ արահետով, մի քանի անգամ անցնելով հորդահոս քչքչան առվակների վրայով, իջանք դեպի ծով, որտեղից փչող մարմանդ հովը շարժում էր մանրիկ թփերը՝ ասես շոյելով մեկ այս, մեկ այն տերևը:Արահետի երկու կողմերում, մինչև գոտկատեղ հասնող ծաղիկներին թավ բզզոցով նստել էին բոռերը, որոնց ծանրությունից ծաղիկները թեքվել էին գետնին ու հազիվ նշմարելի ճոճվում էին թեթև քամուց:Ինչ-որ տեղ, ոչ այնքան հեռու, արտույտը երգի անցավ ու լռեց:Խոտածածկ արահետի եզրից մի երաշտահավ վեր թռավ աղմուկով և միանգամից ճկելով՝ թեք սլացավ ծառերի արանքով: Մի մոշահավ ևս պոկվեց համարյա նույն տեղից, խոյընթաց սլացքով աղեղ տվեց լայն շրջանով, զիլ կչկչաց ու անհետացավ մթին շամբուտում: Շիկակարմիր մրջյունները, վազքի մեջ մտած, սուրում էին ծառերի բներին, միալար երգում էին ծղրիդները, մի թռչնակ ծլվլաց ու լռեց:– Լեո, նայիր, – Ռենան կանգ առավ, կիսաբաց շուրթերով ժպտում էր, – չե՞ս տեսնում:Ռոբերտը մեր կողմը չէր նայում, ձեռքերը բարձրացրած՝ մխրճվել էր մոշու կառչուն թփերի մեջ, մոշ էր ուտում:– Նայիր, մի՞թե չես տեսնում, – Ռենան, թևս մտած, ցույց էր տալիս դիմացի ոչ բարձր ծառը, որի սաղարթներում ցոլցլում էր արևի շողը: – Մեզ է նայում: Լավ նայիր, – բուռն խանդավառությամբ հրճվում էր նա:Ես տեսա ոչ միանգամից: Տերևների մեջ պտույտ գալով սկսեց ծլվլալ կարմիր բերանով բաց դարչնագույն մի փոքրիկ թռչնակ: Քիչ հեռվում կանչեց կկուն՝ խլաձայն ու թախծոտ: Նրա կանչը սրտի զարկերի էր նման: Հետո միանգամայն անսպասելի կլկլացրեց արու սոխակը, որին գեղ-գեղ ձայնակցեցին դեղձանիկն ու խլահավը, և անտառը ծայրեծայր լցվեց թռչունների զվարթ ծլվլոցով:Ամենուրեք իրենց դարն ապրած ու տապալված ծառեր կային՝ անտառային խոնավությունից սլկուն, զմրուխտե թավշի պես փայլուն մամուռով ու մամուռի տակ մնացած չեչոտ սուր ոստերով:Ծառերի արանքից շեղակի լույս էր հորդում, բացատ էր՝ ընդարձակ, քնած ու տաքուկ սաղարթախիտ անշարժ անտառով երիզված, կապտավուն երերուն մշուշի մեջ կովեր էին արածում՝ ծլնգացնելով զանգուլակները: Բխոված ձի էլ կար այնտեղ, որ չէր երևում, նրա երկաթե ոտնակապանքի զնգոցն էր միայն ղողանջում երբեմն:– Այս ի¯նչ հրաշք տեղեր են, Լեո, – երանությամբ շուրջը նայելով՝ շշնջաց Ռենան: – Ես սա չեմ մոռանա, երբեք չեմ մոռանա…Ասպիրակի արբեցնող բույրը, անցած տարվա փտած տերևների, խոնավ հողի ու կուսական ծմակների նախաստեղծ սուր հոտը, կեչու աստղիկները՝ անձրևներից գոյացած ջրափոսերում, վերսլաց կաղնիների բարձր սաղարթների արանքներից երևացող կտրատված երկինքը, – այդ ամենը հիշեցնում էր ինձ հեռու-հեռավոր այն օրը, երբ Հայրիկի հետ գնացել էինք Կղնախաչից այն կողմ՝ Բուրջալում գտնվող իրենց հին տնատեղերը տեսնելու:– Եկեք, սև մոշ եմ քաղել ձեզ համար, – առջևից կանչեց Ռոբերտը:Խճուղուց այն կողմ երևաց ծովը՝ անմարդ, խաղաղ, անեզր: Ծովն ու երկինքը միացել էին իրար, և հեռվից դժվար էր զանազանել՝ որտեղից էր սկսվում երկինքը և որտեղ վերջանում ծովը: Արևի շռայլ լույսով ողողված մանրիկ կոհակները միանգամից հայտնվում, ցոլցլում էին ծովի կապտակապույտ մակերեսին, անհայտանում, կրկին հայտնվում էին, շողշողում կուրացուցիչ փայլով:Ռենան, թևս գրկած, այտով իմ ուսին սեղմված, հիացմունքով նայում էր:Ծովը կանչում էր մեզ:Այդ կանչին անսալով` մենք ձեռք-ձեռքի իջանք ծովի կողմը: Ինչ անցավ Ռենայի մշտափոփոխ զվարթ մտքով, այդ պահին պարզ չէր, նա լուսատեսք ժպտաց, արագ հանեց կոշիկներն ու, մատները սահեցնելով դրանց մեջ, հապշտապ կտրեց խճուղին, ոտաբոբիկ վազելով գնաց դեպի լողափ:Եվ մինչ ես նոսր թփուտների արանքներով, սուրսայր մանր քարերի տակից ցայտող աղբյուրակները շրջանցելով, կհասնեի նրան, նա շորերն արդեն հանել, գցել էր ավազներին, լողազգեստով նետվել ջուրը, և հիմա, գեղասրունք ոտքերի ու ձեռքերի համաչափ շարժումներով ճեղքելով ջուրը, իրեն մղում էր առաջ` դեպի ծովի խորքը:– Հեռու մի՛ գնա, Ռե՛ն, – բարձր կանչեցի ես, – այնտեղ շնաձկներ կան:Սակայն ծովի խորքից եկող խուլ շառաչի, ալիքների ճողփյունի, ճայերի անվերջանալի կանչերի ներքո հազիվ թե նա ինձ լսեր:Շնաձկներ իսկապես կային, այն էլ` մի քանի հատ: Շրջան կազմած` մե՛կ գլխիվայր սուզվում էին ջրերի մեջ` մի կարճ պահ փոսորակներ թողնելով իրենց ետևից, մե՛կ ելնում էին` սև ձյութից էլ սևասև, դնչերով վեր փայլածում արեգակի պաղպաջուն ցոլքից:Ռոբերտը դեռևս չկար, նա այնտեղ մոշ ուտելով էր զբաղված երևի:Հեռվում, ուր կապույտ երկինքն իջել, ձուլվել էր ծովին, և, իրավ, զանազանել անկարելի էր, թե որտեղ էր վերջանում ծովը, և որտեղից սկսվում երկինքը, ճերմակաթույր նավ էր կանգնած: Գուցե կանգնած չէր, գուցե դանդաղ սահում էր առաջ, այստեղից չէր երևում: Ու չէր հասկացվում նույնիսկ մարդատար նավ էր դա` տախտակամածներով ու նավասենյակներով, թե ձկնորսանավ` խարիսխ ձգած այստեղից հեռու, ծովն ու երկինքը միացնող այդ կապտաշղարշ կետում:Ռենան հետ էր շրջվել և առաջվա պես, թևերով ճեղքելով ջուրը, լողում էր դեպի ափ: Արևը Ռենայի թիկունքում էր և ոսկեզօծ ճաճանչներով ողողել էր նրա մազերն ու գլուխը:– Արի՛, – ձայնեց նա հեռվից: – Դու կարծում ես ջուրը սա՞ռն է: Ամենևին: Մի՛ վախեցիր, արի:Նա ժպտում էր իր լուսաշող աչքերով, և դա ժպիտ չէր սոսկ, առինքնող կանչ էր ու հրավեր: Խանդավառ հիացմունքով նայում էի նրան, ինքս ինձ, իրոք, նախանձելով, որ իմն է նա: Ես արագ հանվեցի, մտա ջուրը, որ սկզբում թվաց շատ սառը, և լողալով գնացի Ռենային ընդառաջ: Երբ բոլորովին մոտ էի արդեն, նա ձեռքը պարզեց ինձ, բռնելով նրա մատները` ես Ռենային ձգեցի դեպի ինձ, պինդ սեղմեցի կրծքիս, և այդպես, ես նրան գրկած` ծովը մեզ օրորում էր արևից շողշող ջրերի վրա:– Ինչպիսի¯ երանություն, – հրճվագին ասաց Ռենան, և, հավանորեն, այդ երանությունից աչքերը փակ, նա գլուխը թեքած` դեմքով հպվեց իմ այտին:Նրա մեղրաբույր շնչառությունը խելացնոր էր և, նայելով նրան ու հմայվելով նրա թովիչ տեսքով, ես ժպտալով մտածեցի այն մասին, որ, ըստ երևույթին, երանության հմայքը աչքերը փակ կարելի է զգալ միայն:– Երանությունը հենց ինքը երջանկությունն է, – ի վերջո վճռական ասաց Ռենան:– Երևի:– Իսկ դու կարո՞ղ ես ասել, թե որտեղ է սկսվում երջանկությունը և որտեղ վերջանում:– Իմ անուշի՛կ Ռեն, – տոթակեզ շուրթերով հպվելով նրա մերկ ուսերին, ասացի ես, ներքուստ ապրելով սքանչելի այդ վայելքը անեզրական ծովում, – ինձ համար երջանկությունը քեզնով է սկսվում ու քեզնով վերջանում:Ռենան գթասիրտ նայեց ինձ, ասաց փաղաքշական ձայնով.– Ցավեդ տանեմ, բայց մի՞թե դու կարող ես ինձ նման սիրել, դու ինձ նման սիրել չես կարող, որովհետև կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են սիրում: Տղամարդու համար սերը իր կյանքի մի մասն է, իսկ կնոջ համար սերը նրա կյանքի մի մասը չէ, սերը ողջ իր կյանքն է:– Դրա համար կնոջը պիտի պաշտել, մանավանդ, որ նա ամենևին չգիտի իր գինը: Դու իմ կատարելիությունն ես, Ռեն: Դու իմ շունչն ես, իմ հոգին ու իմ ոգին ես: Դու երկրպագության ես արժանի միայն: Դու լսո՞ւմ ես ինձ:Ռենան խանդաբորբոք խլրտաց իմ գրկում` ասես ձգտելով ներթափանցել իմ մարմնի մեջ: Մեր շուրջը լուսաջինջ արևով ողողված ալիքները երբեմն երևում էին ճերմակափրփուր ծփանքով, երբեմն անհայտանում ու վերստին հայտնվում էին ծովի տարուբերվող մակերեսին` ցոլցլելով կուրացուցիչ լույսով:Ճայերն անդադար ճախրում էին, երբեմնակի ուղղահայաց իջնում, նստում էին ջրերին, ճոճվում ալիքների վրա:Ես խենթանում եմ նրա հանկարծակի նուրբ հպումից, թարթիչների տակից ինձ սևեռված ակնթարթային հայացքից, բուռն գրկախառնությունից: Ես շարունակում եմ գորովել նրան, շոյել ու համբուրել ողորկ ուսերը, ուր շողշողում էին ջրի թափանցիկ կաթիլները:– Չէ՛, ասա՛, դու գիտե՞ս, որ դա այդպես է:Ես հոժարակամ գլխով արեցի, ներողամիտ ժպիտով ասացի.– Իհարկե, գիտեմ: Տղամարդու համար սերը իր ողջ կյանքն է, իսկ կնոջ համար իր կյանքի մի մասը միայն, որովհետև նա ունի բազում այլ գործեր. կարող է ծիծաղել, երբ իրականում ուզում է լաց լինել, ժպտալ, երբ սաստիկ վախեցած է հարևանի մի թզաչափ շնիկի տեսքից:Ռենան կրկին խանդավառ խլրտաց, խայտաց իմ գրկում:– Տե՛ս ոնց էլ հնարում, վերափոխում է իմ ասածը, բառ առ բառ կրկնում, – ծիծաղեց նա: – Խորամանկիս նայի՛ր, իսկ երբ ձեռնտու չէ, բողոքում է հիշողությունից, – ասաց ու հավելեց խանդաղատանքով, – ես շարունակ ուզում եմ քեզ հետ լինել, Լեո՛: Ամեն մի սեր կատարյալ է ու գեղեցիկ յուրովի, միայն թե այն սրտի մեջ լինի, բխի միայն սրտից: Այդպես էլ կա, ես շարունակ ուզում եմ տեսնել քեզ, վայրկյաններ եմ հաշվում մինչև հանդիպում: Բաժանումը խենթացնում է ինձ, ու երբ քեզ մոտ եմ, քեզ հետ, ամեն ինչ մոռանում եմ աշխարհում, սկսում եմ հավատալ լավ բաների հնարավորությանը: Եվ այդ կյանք ասածը չնչին ու ոչինչ է թվում` երջանկության հետ համեմատած, և որ այդ երջանկությամբ պարուրված` գույնզգույն թիթեռնիկներ են ճախրում հիմա իմ հոգում…Ես միանգամից շրջեցի նրան դեպի ինձ` բուռն տենչանքով համբուրելով կամակոր շուրթերը, պարանոցը, աչքերը, կրկին ու դարձյալ հղկուն պարանոցն ու հրաբորբ շուրթերը… Հագենալ չէի կարողանում:Հետո մենք ձեռք-ձեռքի լողալով հասանք ափից հեռու, ծովի խորքում շարունակ ճոճվող խարսխավոր լողակին, որից այն կողմ անցնելը խստիվ արգելվում էր: Հետո դանդաղորեն ալիքվող ծովի մակերեսին մեջքի պառկած` երկար ժամանակ լողում էինք, և ծովը` խորունկ, մուգ կապույտ ու անեզր, մեզ մեղմ օրորում էր, մեր գլխավերևում կապտաժեռ երկինքն էր ամպի հատուկենտ մալանչներով, և ճայերը, որ շարունակ ուղեկցում էին մեզ` երբեմն ետ ընկնելով, երբեմն կրկին հասնելով մեզ իրենց կանչ ու ճռվողյունով: Հետո Ռենան, ապավինած իմ թևերին, սահում էր կուրացուցիչ ջրերի վրայով: Հետո մենք զուգահեռ լողում էինք` իմ աջ ու իր ձախ ձեռքերի մատներն իրար միահյուսած: Հետո Ռենան ասաց. «Իմ սերը քո հանդեպ ամեն օր ու ամեն ժամ ավելի ու ավելի է ուժգնանում, երբեմն թվում է` առանց քեզ սիրտս կտոր-կտոր կլինի կարոտից», և այդ փաղաքուշ խոսքից հոգին իմ փառավորվում էր, սիրտս անկանոն բաբախում կրծքիս տակ: Հետո Ռոբերտը կանչեց ափից: Նա մեզ համար մոշ էր բերել…* * *Ծովից վերադարձանք, երբ արևն իջել, նստել էր անտառների վրա և ծառերի բարձր կատարները վառվում, հուրհրատում էին հրացոլքի շերտավոր լույսից:– Ի¯նչ սքանչելի տեղեր են, Լեո, – ինչպես մինչև ծով մտնելը, երբ դեռևս կանգնած էինք խճուղուց այն կողմ, դարձյալ ասաց Ռենան, երախտագետ հայացքով նայելով ինձ: – Կյանքում երբեք չեմ մոռանա… Մի՞թե այսպիսի վայրեր կան մեր հանրապետությունում՝ չգիտեի:– Իսկ եթե Բելոկանում լինես կամ Լերիկում, Լենքորանից հիսունհինգ կիլոմետր դեպի լեռները: Գիտե՞ս ինչ տեղեր են: Հրա¯շք:Մենք գնացինք խանութի կողմը՝ հաց առնելու: Ռենան ու Ռոբերտը մնացին դրսում, ես մտա ներս: Այստեղ ամեն ինչ կար, խառն ապրանքի խանութ էր՝ ներծծված գյուղական խանութներին յուրահատուկ նամշահոտով: Գնեցի հացը, աչքի անցկացրի մյուս իրերը: Եվ այստեղ, ցուցափեղկին ֆրանսիական օծանելիքներ տեսա՝ «Շանել № 5»: Ինչքան ժամանակ էր՝ որոնում էի Էսմիրայի համար: Ռենայի համար «Քլիմա» գնեցի. դա նրա սիրելի օծանելիքն էր, քաղաքում դժվար էր ճարվում: Եվ, ո¯վ զարմանք, գործակատարուհին գեղեցիկ մի կուլոն ցույց տվեց ինձ: Ոսկյա կուլոն էր՝ կենտրոնում ասեղի գնդիկի մեծության կապուտաչյա ադամանդ: Շատ նուրբ աշխատանք էր, ես նույնիսկ չկարողացա թաքցնել հիացմունքս, որովհետև Ռենայի համար ծանոթ ոսկերչի մոտ հատուկ պատվերով «Լյուչիա» գործվածքի ոսկյա շղթայիկ վաղուց էի գնել, բայց կուլոն չէր հաջողվում գտնել: Առա և բարձր տրամադրությամբ դուրս եկա: Ռենան, հայացքը խանութի դռանը, սպասում էր, ինձ տեսնելով, լայն ժպիտը ծաղկելով տարածվեց դեմքին, ասես երկար ժամանակ ինձ չէր տեսել:– Հացի հե՞րթ էր, ինչ է, – զարմացավ Ռոբերտը:– Ռենա, տես քեզ համար ինչ եմ գնել, – մանրանրբին տուփը բացելով, ուրախ ասացի ես: – Տես ինչ սիրուն է: Սիրուն է, չէ՞:– Սիրուն է, – շնչահատ հիացմունքով գովեց Ռենան և, ամռան արևի պայծառ ցոլքը կապույտ աչքերում, նայեց ինձ: – Շնորհակալ եմ, սա ես կպահեմ որպես թալիսման, – ասաց նա և, կուլոնը ձեռքի մեջ սեղմած, աչքերը փակ, աղոթքի պես կամացուկ արտասանեց.
Храни меня, мой талисман,Храни меня во дни гоненья,Во дни раскаянья, волненья,Ты в день печали будь со мной…
Ռենան բաց արեց աչքերը՝ լուսապայծառ, ջինջ, նայեց ինձ բերկրալի ծիծաղկոտ հայացքով:– Իրոք, ի¯նչ սիրուն է, Լեո, – նորից հիացավ Ռենան, կուլոնը դրեց շուրթերին, – միշտ ինձ հետ կլինի, – քնքշանվաղուն շշնջաց նա, – և ամենուր, ուր էլ որ գնամ, ուր էլ որ լինեմ՝ մոտս կլինի, և կպահպանի ինձ չարից, միշտ կպահպանի ինձ… քեզ համար, – նա ժպտահայաց նայեց ինձ և անսպասելիորեն, խնդուն հրճվանքով միանգամից նետվեց գիրկս և, առանց Ռոբերտից քաշվելու, փափուկ տաք շուրթերով համբուրեց այտս: Հետո հանեց իմ նվիրած շղթայիկը, կուլոնը հագցրեց շղթայիկին: Ես օգնեցի նրան՝ պարանոցի վրա միացնելու հանգույցը:– Սա քեզ, իսկ սա Էսմիրային, – օծանելիքի տուփերը մեկնելով Ռենային` ժպտալով ասացի ես: – Հիշատակ Նաբրանից:Ռենան գորովասիրտ հայացքով նայեց ինձ, գլուխը սեղմեց իմ ուսին:– Շնորհավորում եմ, – ասաց Ռոբերտը: – Լեո, տեսնո՞ւմ ես ինչ խերով ոտք ունեմ: Գնացինք: Արաքսյայի ամուսինը հիմա կգա, հարկավոր է շուտ մորթել:– Լսիր, – ծիծաղեցի ես, – ի՞նչ եք կպել այդ մարդուն:Ռոբերտը նոր հասկացավ, որ ինքն էլ Արաքսյայի նման է արտահայտվել և բարձր ծիծաղեց:Արաքսյայի ամուսինը՝ Սարգիսը, արդեն եկել էր, ընկուզենու տակ կանգնած մեզ էր սպասում: Չնայած ամռան շոգին, չգիտես ինչու, ականջավոր գլխարկով էր նա: Գլխարկի մի ականջը ծիծաղելիորեն վեր էր տնկված, մյուսը՝ կախված, խոսելիս երկար քուղերը ծածանվում էին:Բարևեցինք: Ռոբերտը նրա հետ գնաց ընտրելու գառը:– Մի բան ուտեիք մինչև խորովածը, – առաջարկեց Արաքսյան: – Ծովից հետո քաղցած կլինեք:Մենք հրաժարվեցինք. քաղցած չէինք:– Դե եկեք ձեր սենյակները ցույց տամ, – ասաց Արաքսյան՝ ինձ ու Ռենային ուղեկցելով դեպի տան կից գտնվող երկհարկ նորակառույց սենյակները:Անցյալ տարի, երբ մենք այստեղ էինք, այս օժանդակ կառույցը չկար:– Տղաս է կառուցել, – անսքող հպարտությամբ բացատրեց Արաքսյան, իսկ Ռենային ասաց, – տղաս ու աղջիկս Սվերդլովսկում են ապրում: Ինստիտուտն ավարտել են, մնացել էնտեղ: Առևտրի բնագավառում են աշխատում, երկուսն էլ ամուսնացած են: Բայց՝ անհաջող, – հոգոցով ավելացրեց նա:Փայտե սանդուղքներով բարձրացանք վեր: Հյուրանոցային երկսենյականոց համարի էր նման՝ բոլոր հարմարություններով, կահավորված, այգու վրա բացվող լուսամուտներով, պատերին ու հատակին՝ սինթետիկ գորգեր: Հեռուստացույց ու մագնիտոֆոն էլ կար:Արաքսյան միացրեց հեռուստացույցը:– Դու հանգստացիր, ես գնամ Ռոբերտին օգնելու, – ասացի ես` խանդաղատանքով նայելով Ռենային:Աստված իմ, ինչքան եմ սիրում նրան, պատրաստ եմ չոքել առաջը, անհագ կարոտով համբուրել ձեռքերը:– Գնա, – ժպտաց նա, և ես դուրս եկա, թողնելով նրանց մենակ. Ռենային՝ լուսամուտի առջև կանգնած, Արաքսյային՝ գյուղական հուշերով տարված:Ռոբերտն ու Արաքսյայի ամուսինն աշխույժ զրույցի էին բռնված: Պարզվեց, որ նրանք ծնունդով հայրենակիցներ են, երկուսն էլ Շուշիի շրջանից. մեկը` Բերդաձորից, մյուսը՝ Քարինտակից: Սարգիսը ճանաչում էր Ռոբերտի հորը՝ էնկավեդեի մայոր Համբարձում Սևումովին: Ավելի ճիշտ, Սարգիսը՝ դեռ փոքր երեխա, շատ անգամ է նրան տեսել՝ կարճահասակ, մոնղոլական նեղակն մանրիկ աչքերով, թունդ հայհոյող ու դաժան այդ մարդուն:– Շատ խիստ մարդ էր, ահուդողի մեջ էր պահում մեր գյուղարանքը, – պատմում էր Սարգիսը, – որ Քարինտակ՝ մեր գյուղ էր գալիս, մարդկանց սիրտն ահ ու սարսափ էր ընկնում:– Ի՞նչ էր անում որ, – հետաքրքրվեց Ռոբերտը: – Ծեծո՞ւմ էր:– Բա ինչ էր անում՝ ծեծում էր, – խուլ արձագանքեց Սարգիսը: – Գյուղխորհրդի գրասենյակում ում ասես՝ բանտարկում էր: Նրա ահից, ճիշտն ասած, գողություն-բան չկար մեր կողմերում:– Ինձ էլ է շատ ծեծել, բան չկա, – ծիծաղեց Ռոբերտը: – Բռնիր ոտքը: Ահա այստեղից: Կուսակցությանը նվիրված մարդ էր, ասում էին պետք է ծեծել՝ ծեծում էր:Սև գառը գլխիվայր կախվեց կեռից: Ռոբերտը գնահատող հայացքով նայեց գառանը, դանակներն իրար քսելով սկսեց սրել:– Բայց, մեկ է, սիրտս գյուղի վրա է, – անսպասելի ասաց Սարգիսը: – Ճիշտ է, քշեցին բերին փեզո, սակայն մեր սիրտը գյուղից չկտրվեց, մնացինք գյուղին կարոտ: Մեկ է, ես էստեղ մնացողը չեմ, քյիսըմ գյուղ:– Ռոբերտ, – հեռվից կանչեց Արաքսյան, – խնդրում, աղաչում, պաղատում եմ, էդ մարդուն տարեք Բաքու, գնացքով ճանապարհ դրեք, մեղք է, թող գնա իրենց գյուղը:Սարգիսը ետ նայեց, խեղճ-խեղճ ժպտաց:– Երեսուն տարի է, նույն խոսքն եմ լսում՝ մեր շենը կարոտեսըմ, քիիս ըմ գիուղ, – բերանը թեք ծաղրեց նա: – Գնա, – հրամայողաբար ավելացրեց Արաքսյան: – Տան գործերը ես եմ անում, բոստանը ես եմ բեջարում, լոբին ես եմ ջրում, կովերը ես եմ կթում, ձեռքովը ոչ մի բան չի գալիս, հենց վաղը շալա-քյուլադ հավաքիր ու գնա: Մի տեսնեմ՝ ինձնից բացի քեզ ո՞վ պիտի պահի:Սարգիսը այտը ծուռ քմծիծաղեց բեղի տակ, կամաց ասաց.– Տղաս կպահի:Արաքսյան լսեց, չարախնդորեն ծիծաղելով ասաց.– Տղան քոնը չի, իմն է: Քո հույսին մնար՝ էն էլ չէր լինի, – ասաց, լիաթոք ծիծաղեց գլուխը ետ գցած: – Աստված չաներ՝ քեզ գար, քեզ նման անբանի մեկը կլիներ: Պիտի տավարի մոտ նստեր, բերանը բաց հորանջեր: Բայց էն մեծ քաղաքում մի ամբողջ գաստրոնոմ է ղեկավարում, և բոլորը գոհ են: Պատմիր նրանց, թե ոնց ես մեր տասներեք ոչխարը գողանալ տվել:– Էհ, զահլա տարավ, – կամացուկ, որպեսզի կինը չլսի, ասաց Սարգիսը՝ դարձյալ քմծիծաղ տալով բեղի տակ:– Օրը ցերեկով ոչխարն աչքի առաջից տարել են՝ չի տեսել:– Որ հրացան լիներ՝ չէին տանի, – արդարացավ Սարգիսը:– Հրացանն էլ կտանեին, – համոզված ասաց Արաքսյան: – Երանի թե ոչխարի հետ՝ քեզ էլ տանեին: Քեզ էլ որ տանեին, – ասաց նա, – կհաշվեինք՝ տասնչորս ոչխար են տարել:Ասաց ու բարձր ծիծաղեց:Սարգիսը ձեռքը թափ տվեց՝ դեմքի մի այնպիսի արտահայտությամբ, որ նշանակում էր՝ հավես չկա գլուխ դնելու քեզ հետ:Նա Ռոբերտից սիգարետ վերցրեց, ծխեց:– Մեր Քարինտակը հերոսական գյուղ է, – հպարտությամբ ասաց Սարգիսը: – Երգ էլ կա մեր գյուղի մասին.Քարինտակը խոր ծյորա,Քըրքարոտ հըղեյա, ծյորա,Յարիս ըսեցեք միշտ հիշի՝Կռեվներում ես կորա…Մերս երգում ու լաց էր լինում: Հայրենական պատերազմում ինչքան հայ է կորել՝ բոլորը Կերչում են խփվել: – Նա հուզված տարուբերեց գլուխը, մի պահ մնաց լուռ, հետո ասաց, – Քարինտակ են ասում մեր գյուղին, որովհետև քերծի տակ է, իսկ քերծի վրա Շուշի քաղաքն է: Էդ բարձունքից քանի-քանի անգամ քարեր ու վառված անվադողեր են գլորել գյուղի վրա: Մեր գյուղացիք, իմ մերս նույնպես, իրենց աչքով են տեսել՝ 1920-ի մարտին, երբ թուրքերը Շուշին վառել էին, էդ բարձունքից հայ կանանց ու երեխաներին նետում էին անդունդը: – Սարգիսը դարձյալ հուզվեց, քիչ լռեց: – Բայց պատմության մեջ չի եղել էնպիսի մի դեպք, որ կարողանային մեր գյուղը գրավել: Քարքարոտ է մեր գյուղը, բայց սիրուն, – երանությամբ ասաց նա: – Մեր գյուղացի Գերասիմ Սուլեյմանյանին, որը նամակ էր գրել Մոսկվա՝ Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու մասին, տարան աքսոր, գյուղից տանելիս արտասունքն աչքին ասել է. «Ախ, իմ ծնող քարեր, իմ ծնող աղբյուրներ, մնացիք անտեր»:– Աղբյուրներ շա՞տ կան ձեր գյուղում, – հարցրեց Ռոբերտը:– Շա¯տ, և ի¯նչ աղբյուրներ՝ սառնորակ, քչքչան ու գլգլան, – ոգևորվեց ու թախծեց Սարգիսը: – Օխնա աղբյուրը, Քարե աղբյուրը, Պեխին աղբյուրը, Որսի աստված աղբյուրը, Կրմնջին աղբյուրը՝ որ մեկը թվես: Լիպա անունով աղբյուր էլ կար, տաշած քարերով սարքած, վրան՝ հայերեն տառերով կամար: Կռվից առաջ քանդել, քարերը տարել են Շուշի՝ ռայկոմի համար շենք կառուցելու: Հոնուտի ձորում էլ լավ աղբյուր կա, Շոր աղբյուր ենք ասում, ջրից շալք է ելնում: Աղբյուրի վրա կառուցման թիվը կա՝ 1248 թիվ: Իսկ էդ աղբյուրից վերև Ծռտեն կարանն է, շա¯տ բարձր տեղ է, թուրքերն էդտեղից նույնպես շատ հայեր են թափել ձորը, և ոչ միայն հայ, տասնմեկ ռուս կնոջ ու մի աղջկա ևս գցել են անդունդը: Դուք տեսե՞լ եք Շուշվա ավերակները, – հարցրեց Սարգիսը և պատասխանի չսպասելով դառնությամբ ասաց, – ես տեսել եմ, էսօրվա պես միտս է, երկու շարքի քարե տներ՝ երկու, երեք, չորս հարկանի, բաց տանիքներով, կրակից սևացած պատերով: Տղաներով թութ, մոշ ու խամբար էինք տանում Շուշի, ծախում, հաշվել էինք, տետրակում գրել՝ յոթ հազարից ավելի այրված տուն կար: Հետո դրանք բուլդոզերներով քանդեցին, հողին հավասարեցրին: Ինչո՞ւ էդպես արին՝ անհասկանալի է, կարելի էր, չէ՞, վերանորոգել: Մի ամբողջ քաղաք հողին հավասարեցրին: Անմարդկային բան էր դա: Բայց ցուցումը, ասում էին, վերևից, Բաքվից էր եղել: Մարզկոմի քարտուղարն էդ ժամանակ Շահնազարովն էր, նրա օրոք է եղել:Ռոբերտը վարժ ու արագ շարժումներով մաշկում էր գառը: Նա քերթած, հակառակ կողմի վրա շրջած գառան մորթին մի գունդ արեց, որը շարունակ սահում, դուրս էր պրծնում ձեռքերի տակից, նայեց գիրուկ կողերին ու ճերմակ կլոր դմակին, գոհ ժպտաց:– Ախպերո, տեսնո՞ւմ ես ինչ տղա եմ, – նայելով ինձ՝ աչքերը լայնացրած ժպտաց Ռոբերտը: – Ամեն ինչ ձեռքովս գալիս է: Գալի՞ս է, թե ոչ:– Գալիս է, – համաձայնեց Սարգիսը, շարունակեց իր պատմությունը, – Աղա-Մուհամմեդ խանը 1795-ին ուղիղ չորս ամիս ուզում էր գրավել Շուշին ու էդպես էլ չի կարողանում գրավել, կատաղած գնում, կրակի է մատնում Թիֆլիսը: Իսկ 1826 թվականին, երբ պարսկական զորքերը շրջապատել էին Շուշին, մեր գյուղից մի աղջիկ, Իվետանց ազգից, անունը Խաթուհի, ձորի ջաղացում ալյուր է աղում, քերծի ծերպերի միջով հասցնում ռուսական ջոկատի սովյալ զինվորներին: Քառասունյոթ օր պաշարված մարդկանց թաքուն ալյուր է հասցնում: Հետագայում, ռուսների երաշխավորությամբ, նա մինչև իր կյանքի վերջը ցարի կողմից նշանակված թոշակ էր ստանում:– Քանի՞ տուն կա ձեր գյուղում, – հետաքրքրվեց Ռոբերտը:– Մինչև տասնութ թիվը երեք հարյուր տասը տուն կար, հիմա դրա կեսն է մնացել: Ես որ դպրոցում սովորում էի՝ երկու հարյուր վաթսուն աշակերտ ունեինք, հիմա հարյուր քսան աշակերտ է: Որ ֆաբրիկա կար՝ շատ լավ էր, մերս էլ էդ ֆաբրիկայում էր աշխատում, ստախանովական էր: Հիմի ֆաբրիկան փակել են, – տխրաձայն լրացրեց Սարգիսը: – Որ գործ չլինի՝ մարդ գյուղում ի՞նչ պիտի անի: Դրա համար էլ գնալով մարդիկ քչանում են: Յոթ հարյուր տարի առաջ մեր գյուղը հայոց բանակին շատ զինվոր է տվել: Ասկերանի կռվում չորսհարյուր ղարաբաղցիներ, որոնց մեջ նաև մեր գյուղացիք, կռվել են թուրքական բանակի դեմ ու հաղթել: Իսկ 1919-ի ամռանը, անգլիացիների թնդանոթներով զինված մուսավաթականները հարձակվում են մեր գյուղի վրա ու էլի պարտվում: Բաքվում տասնութ թվին քաղաքը թուրքերից պաշտպանելու համար մղված կռիվներին մեր գյուղից հարյուրից ավելի մարդ է մասնակցել: Էդ կռվում զոհված հայ հերոսները թաղված էին հայոց Մեծ եկեղեցու բակում, էն, որ հիմա կոնսերվատորիա է՝ էդ տեղում, եկեղեցին քանդեցին, գերեզմաններն էլ հետը: Չէ, պիտի գնամ, ես էստեղ մնացողը չեմ:– Այ մարդ, ի՞նչ ես կոտրած գդալի պես տվել մեջը, ի՞նչ ես լեզվիդ տալիս, – հեռվից կատաղած վրա տվեց Արաքսյան: – Ոնց որ երկու ամսական երեխան օրորոցում՝ քնած լինի, թե արթուն, սիգարետը սոսկայի պես բերանից չի հանում. մոր փորից էդպես պարավոզի նման ծուխ անելով է դուրս եկել: Վերցրու մի գործ արա, էդ անտեր գլխարկդ հանիր գլխիցդ, շամփուրները գտիր բեր, կրակը վառիր:Սարգիսը շփոթվեց, երևի անհարմար զգաց, խեղճ-խեղճ ժպտաց՝ նայելով մեկ ինձ, մեկ Ռոբերտին: Հետո շրջվեց, գլխահակ գնաց այգու կողմը: Արաքսյայի մոտով անցնելիս, առանց կանգ առնելու նա ցածր կշտամբեց կնոջը.– Ամոթ ասած բանը չունե՞ս դու: Էս օտար մարդկանց մո՞տ էլ պիտի քեզ ցույց տաս:– Էստեղ քեզանից բացի օտար մարդ չկա, – փութկոտ ու կայտառ արձագանքեց Արաքսյան՝ նվազագույնս անգամ ուշադրություն չդարձնելով նրա դիտողությանը, – մեկը կեր, մեկն էլ մատաղ տուր, որ նրանք էստեղ են, թե չէ՝ ցույց կտայի քեզ, – և միանգամայն անսպասելի, բազեի պես վրա հասնելով՝ այնպիսի թափով հարվածեց ամուսնու գլխին, որ նրա գլխարկը հրթիռի պես սլացավ ցանկապատի վրայով: – Քեզ չե՞ն ասում գլխարկդ հանիր, – իր արածից գոհ՝ սրտանց ծիծաղելով ավելացրեց նա:Սարգիսը մի պահ գունատված կանգնեց, այնուհետև սուս, գլուխն օրորելով դուրս եկավ բակից, գլխարկը գտավ, թափ տալով դրեց գլխին՝ դարձյալ մի ականջը վեր տնկված, մյուսը՝ կախված, և, առանց որևէ մեկին նայելու, լռին գնաց տան ետևը՝ երևի վառելափայտ բերելու:– Մինչև հինգ րոպեն կրակը վառած լինի, – ձեռքերը կողքերին կանթած՝ նրա ետևից հրահանգեց Արաքսյան:– Արաքսյա, – ասաց Ռոբերտը, – քաջ նախնիներ ունեցող էդ մարդուն ո՞նց ես էդպես խեղճացրել:– Որովհետև իմ նախնիներն ավելի քաջ են եղել, – խոսքի տակ չմնաց Արաքսյան:* * *Անհասկանալի էր՝ լուսնյակը մութ ծովի՞ց ելավ, թե՞ տնամերձ այգիների ետևում թաքնված էր՝ մենք Արաքսիայի բակից նրա վեհաշուք սահանքը դեպի ամառային մեծ, կայծկլտուն աստղերով լի երկինք՝ միանգամից տեսանք: Բարձրանում էր լուսնյակը դանդաղ հանդիսավորությամբ՝ իր արծաթե շողերը սփռելով գյուղական ամայի փողոցների ու քնած անտառների վրա: Լույսից խաբված՝ ոչ հեռու անտառում ու հենց մեր կողքին, այգու խորքում, սկսեցին երգել հավքերը: Երգում էին ձայն-ձայնի՝ առանց ընդմիջում տալու մեկը մյուսին: Ռենան ժպտում էր՝ ականջը նրանց ձայներին, երազկոտ հայացքը հեռավոր երկնքին:Այստեղից, սաղարթախիտ ընկուզենու տակից, հեռու-հեռու աստղազարդ երկնքում առկայծող աստղերը մոտ էին թվում իրար, այնինչ և՛ շողշողուն այդ աստղերը, և՛ Մեծ արջի համաստեղությունը, որի շուրջը նույնպես անընդհատ առկայծում, մարմրում էր աստղերի բույլը, իրականում միլիոնավոր պարսեկ հեռու էին Երկրից ու միմյանցից, և կապտամանուշակագույն այդ անծիր հեռուներից էին հղում իրենց անհատնում լույսը:Հեռու-հեռավոր այդ աստղացող լույսն էր հիմա արտացոլված Ռենայի լուսաշողշող աչքերում և, նայելով նրան, ես չէի կարողանում զսպել իմ հախուռն բերկրանքը նրա շլացուցիչ տեսքից և, հայացքս երկնքին, երախտիքի աղոթք էի խնկարկում մտովի առ Աստված, որ այսպիսի մեծ, անասելի մեծ երջանկություն է պարգևել ինձ:– Կախարդական երեկո է, – շշնջաց Ռենան, Արաքսյայի շալի մեջ փաթաթված՝ քիփ սեղմվելով ինձ. ծովից պաղ քամի էր փչում, Արաքսյան տնից շալը բերել, գցել էր նրա ուսերին:«Հանկարծ կմրսի», – մտերմիկ հարազատությամբ շշնջաց նա:– Սարգիս, կարո՞ղ ես մի բան երգել, – արդեն բավականին խմած՝ ասաց Ռոբերտը:Այդ ո՞ր խմած մարդը չի կարող երգել: Բայց, հավանաբար, Ռոբերտն ինքն էր ուզում երգել, պատրվակ էր հարկավոր:– Որևէ մի երգ, – ասաց Ռոբերտը:– Պետք չի, – բողոքեց Արաքսյան: – Նա երգել չգիտի:Ի հեճուկս կնոջ՝ Սարգիսն անսպասելի վիզը ձգեց, երգեց. «Ափսո¯ս, կյանքս, կյանքս գնաց, վերջացավ, հազար ափսոս, վաղ գարնան պես շուտ անցավ, ջահելության հավքս, ասեք՝ ե՞րբ երևաց, ե՞րբ ծլվլաց ու ե՞րբ չվեց՝ չիմացա»:Սրտանց էր երգում Սարգիսը և վատ չէր երգում: Չէի սպասում, զարմացած նայեցի նրան՝ փոքր-մոքր, անթրաշ, գունաթափ պիջակը թևատակի մոտ պատռված:– Տեսնո՞ւմ ես՝ ոնց է երգում, – գովեց Ռոբերտը, – իսկ դու ասում էիր՝ մորթենք: Բա էդ ձենով մարդուն կմորթե՞ն:Արաքսյան ծիծաղեց, ասաց.– Թաքնված տաղանդ է, տարեք, թող հեռուստատեսությամբ երգի: Փող կտա՞ն:Ռոբերտը գլխով արեց:– Դե որ կտան՝ ես էլ եմ երգում, – ասաց Արաքսյան և միանգամից երգեց՝ գլուխը տմբտմբացնելով.
Լուսնյակ գիշեր, բոլորովին քո¯ւն չունեմ,Ինձ տեսնողը կարծում է, թե՝ տո¯ւն չունեմ,Ա¯խ, տուն չունեմ, ա¯խ, տուն չունեմ…
Արաքսյան խորը շունչ քաշեց, աչքերը փակ շարունակեց՝ դարձյալ գլուխը տմբտմբացնելով.
Տուն էլ ունեմ, տեղ էլ ունեմ,Մենակ սիրած յա¯ր չունեմ,Ա¯խ, յար չունեմ, ա¯խ, յար չունեմ…
Նա հանկարծ արտասվեց և, մատներով սրբելով աչքերը, արցունքաժպիտ չանչ արեց ամուսնուն.– Առ է, թաղեմ իմ փայ սիրած յարը: Լավա մեր գյուղացի գիժ Ռոմային գնայի, քան քեզ:– Բա ուզելա՞, որ գնաս, – վրա բերեց Սարգիսը:Ռենան խնդումներես նայում էր:– Քիս իմ մեր շենը, – խմած ու խռպոտ արտասանեց Սարգիսը: – Ես մնաս չըմ ըստեղ :– Վեր կաց, Մոսկվա-Բաքու գնացքը Խուդաթ կայարանում ահագին կանգնում է, կհասցնես, ժամանակ կա դեռ, – ծիծաղեց Արաքսյան: – Գնա, մի երկու մուղղամմաթ կասես, առանց փող կտանեն:Ռոբերտն էլ երգեց, նրա երգն էլ սրտառուչ էր, իսկ վերջին բառերն արդեն սեփական հորինվածք էին: «Ա¯խ, ինչ լավ օր է, – երգի եղանակով ձգեց նա, – տանեմ ձեր ցավը, այսօրվա օրն է ամենից լավը»:Քանի գնում, գիշերվա զովն ավելի էր զգացնել տալիս իրեն:– Կմրսես, գնա ներս, – ասացի ես Ռենային անսահման քնքշանքով: – Արաքսյա, խնդրում եմ, տարեք սենյակ:– Աչքիս վրա, – խնդումնասիրտ անմիջականությամբ ասաց Արաքսյան, ջահելավարի ելավ տեղից, թևանցուկ արեց Ռենային: – Գնանք:Ռոբերտը կրկին լցրեց բաժակները:Սարգիսը նորից երգեց, և դա արդեն իր հայրենի քաղցրաբարբառով էր. «Սարի սեռին մի կարմյուր թոխպ՝ կամանց-կամանց սըվացավ. մարդի բախտը ըսօր՝ կարմյուր, էքյուց, տեսեր, սվացավ, – երգում էր Սարգիսը գլուխն օրորելով: – Ըսօր ջահիլ, էքյուց պառավ, էս հինչ յամա¯ն տնազ ա, էս աշխարհը լյուս ցերեկավ, պեց ըշկերավ արազա: Լո¯խ արազա»:Մենք դեռ երկար ժամանակ նստած էինք, թեպետ տեղս տեղ չեր տալիս, ուզում էի գնալ Ռենայի մոտ, պարզապես անհարմար էի զգում Ռոբերտին մենակ թողնել:– Դուք ջահել եք, իսկ ես պառավեցի, – մտամոլոր ասաց Սարգիսը: – Ես գյուղիս պարտք ունեմ տալու, ինձ ծնեց, սնեց-մեծացրեց, ու ես ոչինչ չարեցի նրա համար: – Ասաց ու վիզը կրկին ձգելով երգեց, – «Սայաթ-Նովա, տարիդ իլավ քառասուն, դուն մահի հիդ, մահը քեզ հիդ հաս-հաս է», – երգեց ու լաց եղավ:Հետո հանգստացավ, արդեն հանգիստ ձայնով, բայց մի տեսակ կարեկցանքով ու ներողամիտ ժպիտով ավելացրեց.– Տկլոր, սոված, մեր հերը ֆրոնտում կորած, երեք ախպորցով մեզ քշեցին փեզո ու հավիտյան մնացինք մեր սար ու ձորին կարոտ: Սումգայիթ շենք չկա, որտեղ աշխատած չլինեմ՝ սվաղող բանվոր եմ եղել, ծեփածո երեսապատվածք եմ արել, աբլիցովկա այսինքս, քանի-քանի շենքեր ենք սարքել, է¯, թիվ ու համբարք չկա: Բայց, դե, ո՞վ է գնահատողը, գնահատող չկա: Ի միջի այլոց, – ավելացրեց Սարգիսը, – էստեղ, Նաբրանի ծմակներում նույնպես հայկական տառերով գերեզմանատներ կան, հին-հին գյուղատեղեր, ինքս եմ տեսել… Էս կողքի Ղասումքենդում, շատ մեծ գյուղ է, Բաքվից ավտոբուս է գալիս՝ «Բաքու-Կասումքենդ», Ադրբեջանի մեջ չի՝ Դաղստանին է պատկանում, մեր հարևանն էդ գյուղից է, թաղում էինք գնացել, գերեզմանոցում մեծ թվով սրբատաշ տապանաքարեր կան՝ հայերեն մակագրություններով: Շա¯տ ծեր լեզգի մի մարդ ինձ ասաց, որ իրենց նախնիները հայեր են եղել: Հա, էդ քարերից մեկի վրա, երևի հարուստ մարդու քար է եղել, հետաքրքիր գրվածք կար, միտքն, ուրեմս, սա էր՝ այսինքս, ես էդպիսին էի՝ ինչպես դու հիմի, դու կդառնաս էնպիսին՝ ինչպես ես հիմի… Տեսնում եք՝ ինչ խոսք է: Էհ, ի՞նչ հասկացանք էս կյանքից, քամու բերանն ընկած չոր տերևի պես եկավ ու անցավ… – Սարգիսն անսպասելի կրկին երգի անցավ, – «Կերչի հողը քար ու ղռա, գյուլլեն գլխիս կփռփռա…»:Ռոբերտը Սարգսի հետ նույն սենյակում էին քնելու: Ի վերջո, ես նրանց թողեցի ընկուզենու տակ զրուցելիս, ինքս գնացի Ռենայի մոտ:Լույսերը մարած էին, բայց Ռենան քնած չէր: Հեռուստացույցից հորդող լույսի մեջ, ձյան պես սպիտակ անկողնում, ներքնաշորով կիսապառկած, գլուխը բազկին հենած ինչ-որ հաղորդում էր նայում: Տեսա՝ իմ անկողինը նույնպես կից սենյակում պատրաստ էր:– Չե՞ս քնել դեռ, – սիրով, անհուն հոգածությամբ հարցրի ես, կողպեցի դուռը, պիջակս անփութորեն նետեցի բազմոցին, մոտեցա նրան:Լուսափեղկը բաց էր, պարզ լսվում էր ծովի անհամաչափ ու խուլ շառաչը: Ինչպես սրբապատկերի առջև՝ ես չոքեցի Ռենայի դիմաց:Սիրտս անհանգիստ, հուզումնալից խփում էր:– Թե իմանայիր՝ կուլոնն ինչպես է սազում քո սիրուն պարանոցին…– Ճի՞շտ: – Ռենան՝ լույս ճառագող մարմնով, անկշիռ ու ճկուն, կիսաբարձրացավ տեղից, մանրիկ ալիքներով իջնող ոսկեզօծ խոպոպները ձեռքի վարժ շարժումով տանելով մի կողմ, շփոթված ժպտաց՝ քնքույշ ձեռքերով մեղմորեն գրկելով ինձ: – Գիտե՞ս Էսմիրան ինչ ասաց մի անգամ… Ես նստած դաշնամուր էի նվագում՝ Շուբերտի սերենադը, ինձ վրա զգացի մեկի հայացքը: Շրջվեցի՝ Էսմիրան, անաղմուկ ներս է մտել և, բազմոցին ծալապատիկ նստած, կատվիկի պես նայում է: Նրա կարծիքով, եթե ես, գրքերս, կոնսպեկտներս թողած՝ Շուբերտ եմ նվագում, ուրեմն, դարձյալ քո մասին եմ մտածում, կարոտել եմ: «Մի տանջվիր, զանգե՞մ խոսես հետը», – ծիծաղելով ասաց նա: Եթե նա իմանար՝ որտեղ եմ ես հիմա: Լեո, ինքս էլ չեմ հասկանում՝ ինչ եմ անում, խելքս կորցրել եմ լիովին: Աստված չանի, մերոնք իմանան իմ այս արածները, երկու հարյուր քսան կիլոմետր քաղաքից հեռու, իմանան՝ գիտե՞ս ինձ ի¯նչ կանեն… Բայց ես հո երջանիկ եմ, – տաք շնչով այրելով դեմքս՝ շշնջաց Ռենան: – Ես երանության մեջ եմ ուղ¬ակի… Չեմ կարողանում հավատալ, որ երազ չէ սա իրոք և ոչ էլ մտապատրանք, որ սա իրականություն է, որ դու, ահա, այստեղ ես, իմ կողքին, ես տեսնում եմ քեզ: Կասկածում եմ նույնիսկ, որովհետև այսքան մեծ երջանկություն մի մարդու չի կարող տրվել:Ես նայում էի շարունակ շարժվող նրա ատրագույն հույր շուրթերին, շուրթերին, շուրթերին, և հոգիս ափեափ լցվում էր խանդաղատանքով:– Անուշիկս, աննմանս, – թոթովեցի ես: – Աստված այս ինչպես է ստեղծել կնոջը, մինչև հիմա անհայտ մոգական ինչ հզոր ուժ է դրել նրա մեջ, որ նա, իր թուլությամբ հանդերձ, ամենազորեղ տղամարդուն անգամ կարող է հուզել, առինքնել լուսաշող մի նայվածքով: Եվ Արարչի միակ ավարտուն գործը գիտե՞ս որն է, այն, որ ստեղծել է կնոջը՝ այսքան սքանչելի, այսքան հրաշագեղ ու անթերի, – ես համբուրեցի նրա շուրթերը, – իմ քաղցրս, իմ հոգիս, բուրումնավետ մեղրախյուս է կաթում քո շուրթերից…Ես իմ պապակ շուրթերը չէի կարողանում կտրել ցանկագրգիռ այդ շուրթերից, հեռուստացույցի երբեմն մարող ու կրկին հորդող կարմրածիրանագույն լույսերից գունագեղված դեմքով՝ սքանչելի էր Ռենան, ես անկշտում համբուրում էի նրան, խենթանալով քաղցր խոնջանքից ու երջանկությունից, հետո լուսինը միանգամից դուրս եկավ տան ետևից, և նրա արծաթազօծ շողերը շռայլորեն լուսավորեցին և՛ մեզ, և՛ ամբողջ սենյակը:Հրաշք էր Ռենան այդ լուսնալույսի մեջ՝ ինքն էլ լուսնալույսից ելած աստվածուհի: Ժանյակավոր թափանցիկ կապույտ գիշերանոցի տակից ուրվագծվող կաթնահունց մարմինը՝ ելևէջ կորագծերով, արքայամորու պես մուգ վարդագույն պտուկներով պիրկ կրծքերը կանչում, ձգում էին: Երկար թարթիչներով կիսախուփ աչքերը, անհամբերությամբ կծկված բոցավառ շուրթերի տաք շշունջը. «Արի, արի ինձ մոտ, շուտ», նրա նրբատաշ մատների վարանոտ դողը՝ վերնաշապիկիս կոճակներին, արագացող շնչառությունը, երբ սիրագրգիռ քնքշանքով գրկել էի նրան, և իմ մարմինը զգում էր նրա ձեռքերի, քնքշանքով ու կրքով լեցուն ձույլ կրծքերի, շրջած ափսեի մեծության ողորկ փորիկի, ազդրերի, ամբողջ մարմնի արբեցնող հարազատ ջերմությունը, – այդ ամենը թվում էր երազային, անիրական: «Սիրելիս, սիրելիս, սիրելիս, – բեկբեկուն հառաչով շշնջում էին Ռենայի անարատ տաք շուրթերը, – ես քոնն եմ, սիրիր ինձ, ես ընդմիշտ քոնն եմ», – մարող շշուկով կրկնում էր նա: Իմ ձեռքերն անհագ գրգանքով փաղաքշում էին նրա հեզաճկուն բարալիկ մարմինը, որ այնպես սքանչելիորեն լայնանում էր բարեկազմ կոնքերի վրա, ես ուզում էի սիրել նրան, ձուլվել նրան իմ ամբողջ էությամբ, մարմնով, սիրով, խանդով, կրակոտ կրքերով, զգացմունքներով ու մտքերով, իմ ծնոտը, շուրթերը, իմ ամբողջ դեմքը քսվում էին նրա պրկված բարձր կրծքերին, վարդագույն շրջանակներով ցցուն պտուկները խռովկան ըմբոստանում էին ասես՝ ազատվելով իմ անհագուրդ շուրթերի բռնությունից: «Լսո՞ւմ ես, ես քոնն եմ, – կրկնում էր Ռենան շնչահատ, դողացող ձայնով, և նրա անուշահոտ փթթուն տաքուկ մարմինը, որ ասես մարում էր իմ ամեն մի հպումից, ակամայաբար մղվում էր ընդառաջ, – իմ սիրտը քեզ է պատկանում, ես քոնն եմ, ամբողջովին քեզ եմ պատկանում, արա ինձ հետ ինչ ուզում ես… Դու ես ինձ առաջինը համբուրել, և ես քոնն եմ հավիտյան»: «Ոչ, ոչ, ոչ, – շշնջում էի ես, շնչակտուր հևքով անհագորեն համբուրելով նրան՝ մետաքսյա մազերի ծայրից մինչև ոտնամատները, ու վերստին ու նորից՝ նազուկ ոտնամատներից մինչև ոսկեգույն թարթիչներով զմայլուն աչքերն ու կամար հոնքերը, միաժամանակ ձգտելով կասեցնել անբացատրելի տենդով բռնկված իմ արյան եռքը: – Ոչ ոք, ոչ ոք, ոչ ոք չի կարող դիմանալ քո հմայքին, Ռենա, վարդի պես բացված քո շուրթերի դյութանքին, քո մարմնի քաղցր կախարդանքին ոչ ոք չի դիմանա»: «Դու հո դիմանո՞ւմ ես»: ««Դժվարությամբ, Ռեն, դժվարությամբ»: «Գուցե չե՞ս սիրում ինձ, – տագնապած շշնջում էին Ռենայի շուրթերը: – Չե՞ս սիրում ինձ»: «Սիրում եմ, – ի պատասխան տենդոտ մրմնջում էին շուրթերս, – շատ եմ սիրում, Ռենա, շա¯տ, դրա համար էլ չեմ կարող դիպչել քեզ, քո պատիվը քո հարստությունն է, այն թանկ է ամեն ինչից»:Ես գուրգուրում, փայփայում, խելահեղ կրքով շարունակ ու անդադար համբուրում էի իմ չքնաղագեղ Կիթերուհուն, իմ Սուլամիթին, մինչև նա քնեց՝ գլուխը իմ կրծքին: Եվ ինձ դարձյալ հուզում էր այս ամենը՝ Ռենայի քնած տեսքը՝ քնի մեջ ժպտացող մարջանագույն կոկոնած շուրթերով, հանդարտված, հազիվ նկատելի շնչառությունը, ծղրիդների երգը՝ պատուհանի տակ, ծովի հեռացող ու մոտեցող անդադրում շառաչը՝ տան ետևում, ցանկապատից այն կողմ, ընկուզենու տերևների շարժուն շրշյունն ու խշշոցը՝ թեթև քամուց, գիշերային մշակի, այդ անտեսանելի գիշերահավքի ձայնը՝ անտառի հեռու խորքում, աքաղաղի՝ լուսայգն ավետող քնաթաթախ կանչը՝ գյուղի ծայրին, և նրա թրթռումնային բեկբեկուն զիլ արձագանքն այստեղից, Արաքսյայի բակից…* * *Առավոտյան, լույսը դեռ նոր բացված, արթնացա: Արևը դեռևս չէր երևում ծովի ետևից, բայց պատերին վետվետում էին ծիրանագույն լույսի քառակուսիները: Բազմերանգ գորգն ասես վառվում էր շերտավոր կարմիր լույսից: Ես մի թուղթ գտա, այնտեղ գրեցի Ռենայի սիրած երգերից մեկի սկզբնաբառերը՝ «Տխուր իմ երգով ես չեմ արթնացնի իմ գեղեցկուհուն, թող քաղցր քնի» և, թուղթը դնելով նրա կողքին, փոքրիկ սեղանին, զսպանակվող գորգի վրայով անշշուկ դուրս եկա ապակեպատ նեղլիկ պատշգամբ, իջա բակ:Ռոբերտն ու Արաքսյան մեքենայով գնացին մոտիկ Յալամա՝ ձուկ բերելու: Արաքսյայից թաքուն ես փող տվեցի Ռոբերտին՝ վճարելու ձկան ու երեկվա գառան համար, Ռոբերտը չէր ուզում փողը վերցնել, բայց ես ասացի, որ կնեղանամ, և նա տեղի տվեց:Սարգիսը նախիրն արդեն հանդ էր տարել, ու մենք այդպես էլ նրան չտեսանք այլևս:Այգու միջով անցա, մտա անտառ: Խոտերը ծածկված էին լուսաբացի արևոտ շողշողուն ցողով: Տերևների մեջ երգող կարմիր բերանով դարչնագույն փոքրիկ թռչնակը չկար: Գուցե կա՞ր, բայց չէր երգում: Երեկ նա հատուկ Ռենայի համար էր, երևի, դայլայլում: Հաճելի է անտառի լռությունը ոսկեվորված այգաբացին: Ինչ-որ անբացատրելի խորհուրդ կա այդ լռության մեջ: Դուրս գալով արահետից՝ ես խորացա անտառում: Փտած տերևների, խոնավ հողի ծանոթ սուր հոտը, տերևների տակ թաքնված առվակի մեղմ խոխոջյունը, կեռնեխի անդադրում երգն ու կկվի տրտում կանչը, իրոք, ակամա ինձ հեռավոր ու հեքիաթներով լի ուրիշ աշխարհ են տանում: Այդ հեռավոր աշխարհում էր ապրում Հայրիկը: Բարձրահասակ, շեկ ու նիհարավուն, սրբապատկերի պես անմեղ ու բարի դեմքով, երեսի սպիտակ, փափուկ մազը եկած իմ հոր հայրը, որին թոռները Հայրիկ էին կոչում: Կար և իմ Մաշո Մեծ մաման՝ հեզ ու խոնարհ, խեղճ ու կրակ մի կին, հորս մայրը: Նրանք հիմա էլ կան, տանջանքով ու տառապանքով ութ զավակ մեծացրած՝ չորս պատերի արանքում ապրում են նրանք մեն-մենակ, զուրկ ու չարքաշ՝ աչքները հեռու քաղաքներում մոլորված իրենց զավակների ու թոռների ճանապարհին:Այն ժամանակ ես վեցերորդն ավարտել, փոխադրվել էի յոթերորդ դասարան, հայրս պիտի գար իմ ետևից, որ տաներ Սումգայիթ, հետագա ուսումս այնտեղ պիտի շարունակեի: Ես դա չէի ուզում: Չէի ուզում մենակ թողնել Հայրիկին ու Մեծ մամային: Աշխարհի ողջ բարությունն իր մեջ ամփոփած իմ Մեծ մաման գարնան արևոտ մի օր, նայելով այգում ծաղկած ծառերին, ափսոսանքով ասաց. «Ապրելը պիտեր, մեռնելը չպիտեր»: Բնածին տաղանդ էր նա, Առաջաձոր գյուղի երկդաս վարժարանում որոշ ժամանակ սովորել էր, բայց ինչ անցել էին՝ անգիր գիտեր, հիշում էր: «Вставай, проклятьем заклейменный, весь мир голодных рабов », – արտասանում էր նա երանավետ անուշ հայացքով, իսկ ինչպիսի թրթռուն, քաղցր ձենով էր երգում.
Ամպի տակից ջուր է գալի,Դոշ է տալի, փըրփըրում.Էն ո՞ւմ յարն է նըստած լալիՀոնգուր-հոնգուր էն սարում:Այ պաղ ջուրեր, զուլալ ջուրեր,Որ գալիս եք սարերից,Գալիս՝ անցնում հանդ ու չոլեր,Յարս էլ խըմե՞ց էդ ջուրից:
Նույն թրթռուն ձայնով էր նաև արտասանում՝ «Ո՞ւր ես վազում, այդպես արագ, այ դու խելառ, սիրուն գետակ, կանգ առ, խաղանք էս ծառի տակ, կանգ առ խաղանք էն ծառի տակ: Չէ, փոքրիկս, գնամ պիտի, տես ջաղացը գյուղի մոտի, պիտի ուժ տամ, որ պտտի»:Արտասանում էր մի տեսակ վերացած, երգեցիկ ձայնով ու գլուխը մի կողմ թեքած: Իսկ ձմռանը, մի տաք օր, խոշոր փաթիլներով ձյուն էր տեղում, Մեծ մաման նայում էր թափվող փաթիլներին, հետո կամացուկ արտասանեց.
Երգինքը պարզ, գետինքը՝ ծյուն,Լուսննգյան՝ սիպտակ, ծյունը՝ սիպտակ,Հանդերը սուս մտալըն քունԾյունից կարած յորղանի տակ:
Այս տողերն են մնացել իմ հիշողության մեջ: Նա ոտանավորներ շատ էր հորինում, արտասանում էր ու հետո մոռանում: Նրա սև, վաղեմի գեղեցիկ, այժմ խամրած աչքերը կյանքում ավելի շատ արցունք էին տեսել, քան ծիծաղ: Նա մի անգամ ինձ իր հետ տարավ գերեզմանատուն:Ամռան շոգուտոթ օր էր, ճիճիները ձայն-ձայնի տված, խլացնում էին շրջապատի բոլոր շշուկները, տերևների սոսափն ու անտառից եկող կկվի թախծագորով կանչը: Նոր հասնող ցորենի զմրուխտ կանաչ արտը՝ ներկված կակաչի համատարած կարմիրով, թեթև քամուց ծփուն օրորվում էր քիչ այն կողմ, թրթռացող կիզիչ տապի հետ ալիքվելով գնո¯ւմ, գնում հասնում էր անտառի եզրին ու նորից ալիքվելո¯վ, ալիքվելո¯վ ետ էր գալիս դեպի գերեզմանոց:Գերեզմանաքարերի արանքում հովի շունչն առնում, երգաձայն օրորվում էին բազմաթիվ խատուտիկները՝ արևածաղկի պես հինա դրած դեղին գլխիկները տարուբերելով այս ու այն կողմ:Մեծ մաման երկար, շատ երկար լաց էր լինում Արկադյա և Ջիվան որդիների ու Զաբելա դստեր գերեզմաններին: Մեծ որդու անունն էր տալիս երբեմն: Ճերմակ մազերով գլուխն օրորելով ողբում էր. «Քո քաշած օրերը, Զաբել, որ հիշում եմ, գլուխս հեռում է, խոխեքդ մեծացել, թագավորի նման ապրում են, իսկ դու՝ անտուն, մի կտոր ցամաք չոր հացի կարոտ, այ իմ անբախտ բալա»: Իմ Մեծ տատի՝ Շահում այայի գերեզմանին նույնպես երկար լաց էր լինում: Ծննդյան ու մահվան թվերը փորագրված էին քարին՝ 1870-1972, վերջին թվից հանեցի առաջին թիվն ու տեսա, որ նա ուղիղ հարյուր երկու տարի ապրել է, միամտորեն հարցրի Մեծ մամային՝ մի՞թե պառավ մարդկանց համար էլ են լալիս: Նա տխուր նայեց ինձ, տխուր հայացքով նայեց, լացա¬խառն ասաց՝ ես նրա ապրած կյանքի համար եմ լաց լինում, նրա տաջված կյանքի համար…Մեծ մաման ինքն էլ աղքատության մեջ էր մեծացել, մորական կողմի ամբողջ ազգուտակը լրիվ զոհվել էր Շուշվա հրդեհի ու կոտորածի օրերին: Սահակ եղբայրը Բաքվում էր սպանվել անհայտ հանգամանքներում, նա այնտեղ նավթագործ ինժեներ էր, քույրերը՝ Հարուսյակն ու Զանանը Բաքվի տասնութ թվականի կոտորածի ժամանակ նավով մի կերպ հասնում են Էնզելի, այնտեղից անցնում են Միջին Ասիա, Սամարղանդ. նրանց կյանքն էլ այնտեղ է խավարեց: Մյուս եղբայրը՝ Գրիշան, պատերազմի ժամանակ, ֆիննական կռվում թե հետո՝ անհայտ կորավ, տասնհինգ տարի անց հեռավոր Վորկուտա ցուրտ քաղաքի աքսորավայրից, որտեղ տարվա տասներկու ամիսը ցուրտ ձմեռ է, մնացածը՝ ամառ, նամակ եկավ, ողջ է, ամուսնացել է մի ռուս կնոջ հետ, անունը՝ Շուրա:Աղքատ ու անտեր (տիրացու հորը նույնպես աքսորել էին), տասնչորս տարեկանում Շահում այան նրան ամուսնացրել էր, որ նա մի կտոր հացի տեր դառնար, բայց կոլեկտիվացման տարին ինչ կար՝ խլեցին տարան կոլխոզ, ու նա էլի մնաց նույնը՝ մի կտոր սև հացի կարոտ, ամբողջ կյանքը դժվարության ու կարիքի մեջ: «Լենինի մեջքը կոտրվեր ու Ստալինի մեջքն էլ հետը, – մի անգամ ջղային վիճակում ասաց Հայրիկը, – ամեն ինչ ունեինք՝ քառասունից ավել կով ու գոմշակով, հարյուրից ավել այծ ու ոչխար, լծկան եզներ ու ձիեր ունեինք, տասնյակ հեկտար հողեր, քանի հատ արոր ու գութան, մեղվի գվվոցը սարով մեկ կանգնած, խոզի սուրուները է¯ ծմակները լցած, խլեցին, համայնացրին, կապեցին սովի, ժմեխ ու հաճարկի կանաչ տերև էինք ուտում՝ ոնց տավար, թե ինչ է կոմունիզմ են կառուցում»: Այդ խոսակցությունից հետո էր, որ Հայրիկն ինձ տարավ Առաջաձորի կողմերը՝ Բուրջալի, իրենց նախկին հողերն ու հայրական տնատեղերը ցույց տալու:– Հեռո՞ւ է, – հարցրի ես Հայրիկին:– Մոտիկ չի, – ասաց նա, իսկ հետո բեղի տակ ժպտալով ավելացրեց, – ինչքան էլ երկար լինի ճանապարհը, միևնույն է, սկսվում է ճակատը ղաշղա մեր ձիու առաջին քայլից:Մենք ճանապարհ ընկանք առավոտ ծեգին: Ներքևում, տնամերձ այգին երիզող մամխի խիտ թփոտներում, նոր բացվող օրն էր ողջունում դարչնակարմրագույն թևիկներով անաջը՝ ճիտ-ճիճիտ, ճիտ-ճիճիտ, ճիտ-ճիճիտ… Նրա արծաթահունչ անընդմեջ կանչը՝ ճիտ-ճիճիտ, ճիտ-ճիճիտ, երկար ժամանակ ուղեկցում էր մեզ:Արևը նոր-նոր էր դուրս եկել, ձորերը լցված էին կաթնամշուշով, և արևածագի կամարաձև շողերը ոսկեզօծել էին հեռավոր սարերի կատարները:Գյուղական ոլորապտույտ, տոփանված ճամփան մեկ ճյուղավորվելով, մեկ նորից միանալով, մեզ տանում էր դեպի այդ սարերը: Այս ու այնտեղ, ճամփեզրի շամբուտներում երգում էին դեղձանիկները, կանչում էր կկուն, արտերի միջից ձայնակցում էր լորը՝ կախ-կղա, շահ-կղա:Ձորակների հետ իջնելով, վայրի ծաղիկներով ծածկված բլրակ¬ների հետ բարձրանալով՝ գնում էինք, չորս կողմ ափեափ ծփում էին արտերը, դադար տալով՝ արտորում էր արտույտը, օդում թրթռալով կախվում, անշարժանում էր տատրակը, տաքություն բուրող դեղնած արտերի վրայով, ուր ալիքաձև թափառում էր արծաթյա քամին, շրջան կազմած՝ թռչում էին ծտերի երամները:– Էս դաշտերի տեղը ծմակներ էին, – ասաց Հայրիկը: – Ինչքան աչքդ կտրում է՝ ծմակներ էին, էստեղ ու էնտեղ՝ հին գյուղատեղեր, կտրեցինք ծմակները, խմհատներ բացեցինք, առաջ ոչինչ չկար, մի քանի գոմեր էին՝ տարբեր տեղեր, սրանք բոլորը մեր Առաջաձորի հանդերն էին:Ճամփեզրին առավոտյան սյուքից թեթև օրորվում էին եռաբաժան տերևներով ու գնդաձև ծաղիկներով դաշտային երնջակը, շողավարդն ու կաթնախոտը, խոլորձն ու արևաքույրիկը, սպիտակ թերթիկներով դեղնագույն երիցուկն ու կարմիր կակաչը՝ պսակաթերթիկների հիմքում իրեն բնորոշ սև գույնով: Դրանց գլխավերևում, ամբողջ ճանապարհի երկայնքով, թևահարում, ճախրում էին գույնզգույն թիթեռները, ասես վախվորած՝ զգուշորեն նստելով ցողաթաթախ ծաղիկներին:Ձին դանդաղ էր գնում, թամբին ուղիղ նստած, Հայրիկը ճոճվում էր ընթացքի հետ, նրա քրտնահոտ տաք մեջքը գրկած՝ ես նույնպես ճոճվում էի:– Հանդերը բաց արինք՝ կացնով, ցաքատով, դժվարությամբ: Վարեցինք հանդերը, կարտոֆիլ էր դուրս գալիս՝ ամեն մինը կատվի ձագի մեծության: Ի¯նչ կարտոֆիլ էր՝ ձեռքիդ մեջ փշրվում էր, բա հա¯մը, էդ սերմն էլ չկա՝ ցորենի գույն ուներ: Կռվի տարիներին էդ կարտոֆիլը սովից փրկեց մեր էս վերին գյուղերի ժողովրդին, փրկեց, բայց դե, ավազակներն օր ու արև չէին տալիս:– Ի¯նչ ավազակներ, – զարմացած հարցրի ես:– Հա, – բարկացած ասաց Հայրիկը: – Ավազակ, բանդիտ հայ բոլշևիկները: Ժողովրդին բաժանել էին երկու անհավասար մասի, մեկում իրենք՝ բոլշևիկներն էին, որոնց տրված էին բոլոր իրավունքները, մյուսում՝ ամբողջ ժողովուրդը, որոնց վրա դրված էին բոլոր պարտականությունները… Հազար տարվա մեր Ղարաբաղը կապեցին Բաքվի քամակին ու էդ օրվանից օր ու արև չտեսանք: Հարկեր, հարկեր, հարկեր, հազարներով պարտադիր փոխառություն, տուգանք, նվիրված, լավ աշխատող մարդկանց քշեցին տարան անհետ կորցրին, անպետք, լոդր մարդկանց ղեկավար դրեցին, ասացին՝ տանջեք ժողովրդին, ու նրանք էլ տանջում էին, մարդկանց կաշին հանում էին, ո՞ւր փախչես՝ տեղ չկա ու պասպորտ էլ չկա՝ գերի ես, ստրուկ:Հայրիկը լռեց, քիչ անց նորից խոսեց.– Է¯, մարդ ի՞նչ կարող է անել, հաշտվում, համակերպվում է, ճարահատյալ ամեն ինչի ու ամեն բանի համակերպվում է՝ առանց համաձայն լինելու, և ամբողջ կյանքն էլ էդպես ապրում է ուրիշի օրենքով, ուրիշի ոչ ճիշտ խելքով, ուրիշի սխալ մտածողությամբ, ծնված օրից էդպես է ապրում մարդը: Աստված՝ անիմանալի ու անտեսանելի, երևի էնպես է ստեղծել կյանքը, որ մեկը հավիտյան տանջի, մյուսն էլ էդպես հավիտյան տանջվի… Չէ, ո՛չ երկնքում և ո՛չ էլ երկրի վրա արդարություն չկա:Հայրիկը դարձյալ քիչ լռեց, ասաց.– Առուշանանց Օսեփ կար, հիմիկվա ձեր դպրոցի դիրեկտոր Արամայիսի հերը: Ոսկի մարդ, ազնիվ, աշխատավոր մարդ, իր ժառանգներն էլ իր նման մաքուր դուրս եկան՝ Ժենյան, Արամայիսը, նրանց երեխեքը… Երեսունյոթ թվին տարան՝ ու էն տանելն էր: Շատ-շատերին տարան գյուղից, նրանցից ոչ ոք ետ չեկավ: Մեր Աթալամու աղջկա՝ Սոֆյայի ամուսնուն եկել էին, որ տանեն, տեսան հիվանդ պառկած: Անձրև օր էր, կտուրն էլ խոզանից փտել, կաթում է, մերկ, տկլոր երեխեքն էդ կաթոցի տակ: Որպես կուլակ տարան: Այ մարդ, ի՞նչ կուլակ, եթե մարդը մի կարգին տուն էլ չունի: Չորս երեխան՝ երկու տղա, երկու աղջիկ, (աղջիկներից մեկը՝ Էվելինան, սովից մահացավ) մնացին եթիմ, փեզո գրվեցին, գնացին Սումգայիթ: Բա որ ապրուստ լիներ, ես իմ փոքր աղջկորանցը կուղարկեի՞ փեզո: Չէի ուղարկի: Մինչև պատերազմը գյուղը ջահելներով լիքն էր, կռիվը սկսվեց, բոլորին տարան: Ադրբեջանի պլանը Ղարաբաղի հաշվին էր կատարվում, վերևից, իբր, էդպիսի հրաման կար: Մեկ էլ ջահելությունը շատացավ կռվից հետո: Դրանց էլ տարան փեզո՝ Բաքու, Սումգայիթ, Մինգեչաուր, էլի գյուղը դատարկվեց, եղած ուրախությունն էլ կտրվեց: Էստեղ, գյուղում էլ շահագռգռված մարդիկ կային, որ ջահելները չմնան գյուղում: Ղեկավարությունն էր դա: Կռվի ժամանակ նրանցից ոչ մեկը ճակատ չգնաց՝ էդ հերիք չի, իրենց կնանոնցը դուրս արեցին, ռազմաճակատ գնացածների ջահել կանանց հետ ամուսնացան: Միրումանց Հակոբն էր՝ Սիրանին առավ, կոլխոզի նախագահն էր, գյուղսովետի նախագահ Ղուգազանց Սամսոնը կնգանից բաժանվեց՝ մեր էս վերին հարևան Լևոնի կնգանը՝ Գյոզալին առավ, հաշվապահ կար, մոտիկ Գառնաքար գյուղից, Մանգասարյան ազգանունով, անունը Կրիքոր էր, և՛ հաշվապահ էր, և՛ դպրոցի դիրեկտոր, և՛ կոլխոզի կուսակցական կազմակերպության քարտուղար: Գյուղի տեր ու տիրականը: Հետո բռնեցին: Ասում էր՝ «Ուտենք, խմենք, քեֆ անենք, էսօր-էգուց մերոնք գալիս են»: Գերմանացիների մասին էր ասում: Բա ավազակ ու բանդիտներ չէին՝ ի՞նչ էին: Սաղ կոլխոզն իրենք թալանած ուտում էին՝ ոչինչ, կարելի է, բայց, ահա, սոված երեխային, որի հերն ու երկու ախպերը կռիվ էին գնացել, հնձած արտից մի քանի հասկ հավաքելու համար չորս տարով բանտ նստեցնել տվին:Արևը հասավ մեզ, և մենք հիմա ընթանում էինք վաղորդյան արևի միջով: Հովի հետ դանդաղ ալիք էր տալիս ծաղիկների բուրմունքը, իսկ շուրջբոլորը՝ ծայրեծայր ծղրիդների թախծալի զրնգոց էր. երկարաոտք ու կլոր աչքերով մորեխները աղեղնաձև կարճ ցատկումներով այս ու այն կողմ էին թռչում, արևի տակ տաքացող դեղնականաչ խլեզներն արագ թաքնվում էին ճամփեզրի ծաղկառատ փարթամ խոտերում: Բայց դա երկար չտևեց, ճանապարհը մտավ անտառ, և արևը հիմա ծառերի արանքներից էր մեկ-մեկ ծիկրակում:– Գիշեր-ցերեկ աշխատում էինք ոնց ճորտեր. ո՛չ տրակտոր կար, ո՛չ կոմբայն, ամեն ինչ ձեռքով, լապատկայով՝ անմշակ հանդ չկար, – կրկին խոսեց Հայրիկը: – Իսկ հիմա ամեն ինչ կա՝ հանդերը մոշը կոխած, տեր ու տիրական չկա… Սաղ տարին աշխատում էինք, վերջում՝ սոված, երեխեքը՝ տկլոր: Էս էր նրանց կոմունիզմը: Է¯, ոնց որ առաջ, հիմի էլ նույնն է՝ քարն էլ է իրենց ձեռքին, չուղուպուրն էլ. ուտողն ուտում է, նայողը՝ նայում:Անտառից դուրս եկանք Սառնատան աղեղնաձև բարձունքը: Զիլզիլան քամին՝ ուրցի, յուղածաղկի ու դաղձի բուրմունքով, խփեց մեր դեմքին: Այստեղից՝ Քարեն կըլխան, ծագող արեգակի ոսկով բեկված, կաթնավարդագույն, կիսաթափանցիկ մշուշի մեջ երևում էր ամբողջ գյուղը՝ ձորակներում և բլուրների վրա ծվարած փոքրիկ թաղամասերով: Այդ թաղամասերի շուրջն էին փռված կոլտնտեսության արտերը, որ հիմա դեղին էին ներկված: Արտերից այն կողմ, մինչև Խոր Ձորի գլխին, ձորից մինչև երկինք հասնող վիթխարի մեծության բլրի վրա կանգնած ավերակ Կարմիր եկեղեցին, Հնձախութի ու Ախպերքանի սարերն ու այնտեղից էլ անդին՝ մինչև Մեհմանա, անտառներ էին, ձորեր, որոնց միջով իրենց լռին, երբեմն էլ կարկաչուն ջրերն էին տանում լեռնային անանուն փոքրիկ գետակները:Հայրիկը ձիու գլուխը շրջել էր գյուղի կողմը, և մենք ուղղակի ձիու վրայից զմայլանքով դիտում էինք ներքևում, լուսաբացի ծիրանագույն շղարշի մեջ կորսված մեր բաժին հայրենիքը: Հեռվից, գյուղի կողմից, հեռացող ու թեթև քամու հետ վերստին ետ եկող ձայներ էին գալիս՝ գառան մայուն, աքլորի կանչ, աղջկա զնգուն ծիծաղ՝ աղբյուրի մոտ, շան բեկբեկուն կատաղի հաչոց, ձիու խրխնջոց…Լեռան դարչնաշեկ կրծքից երկու արծիվ պոկվեցին և, կեռ կտուցներն անդնդի վրա կախ, դանդաղասահ աղեղվեցին, կորան ուղղաբերձ ապառաժի ստվերներում, հետո կրկին հայտնվեցին արեգակի կարմրավուն շողերի մեջ, լայն շրջանով եկան, եկան ճոճվեցին կողքից-կողք ու դարձյալ զուգընթաց գնացին՝ սահուն, ազատ ու անկաշկանդ սլացքով, հետո այդպես երկար, դանդաղորեն պտտվում էին անդնդի վրա թեքված թեղիների, ժայռախորշերում բուսած կարճլիկ բոխիների, քարածերպերին կառչած մասրենիների ու Ղըրմա աղբյուրի դեղնականաչ անտառի վրայով: Ստվերախիտ ու զովասուն այդ թավ անտառում տղաներով մի քանի օր առաջ հաճարկենիներից մեկի գորշ բնին՝ բա¯րձր, շատ բարձր, դանակով դաջված անուններ տեսանք՝ «ՋԻՎԱՆ ԱԴ. 1946 թ. ամառ»: ԱԴ, այսինքն՝ Ադունց: Իմ Ջիվան հորեղբոր անունն էր դա: Դրանից քիչ ցածր հորս անունն էր՝ գրված տասը տարի անց. «Լ. ԱԴ. 1956 թ. ամառ»: Իսկ ավելի վեր, դա մենք հետո տեսանք, երկու մարդաբոյ դրանից բարձր, խոշոր տառերով՝ «ԱՍՅԱ»: Դա էլ հորաքրոջս անունն էր, ո՛չ մի տարեթիվ, ո՛չ մի այլ գրություն, միայն՝ ԱՍՅԱ: Ինչպե՞ս էր, աղջիկ տեղով, ողորկ ծառաբունն ի վեր մագլցել ու եղբորց անունների կողքին երեք հարյուր-չորս հարյուր տարով անմահացրել իր անունը՝ անհասկանելի էր: Նրանք այստեղ, կախարդական այս կիսամութ ծմակում, բնության հետ խառնված, նրա արքենի կանչերին մերված խոզ են պահել՝ իմ Ջիվան հորեղբայրը, նրա բանտարկությունից հետո՝ իմ հորաքույր Ասյան, նրանից հետո՝ հայրս: Հուզմունքը պատեց ինձ, ինչ-որ անհայտ բան, որտեղից-որտեղ՝ իմ ներսից բարձրանում, խեղդում էր ինձ… Տղաների ուսերին կանգնած՝ նույն ողորկ ծառաբնին, որտեղ դաջված էին իմ հորեղբոր, հորաքրոջ ու հոր անունները, դանակի ծայրով խոր փորագրեցի իմ անունը ևս՝ «ԼԵՈ ԱԴ. 1976 թ. օգոստոս»:Արծիվները հիմա երևի պտտվում էին նաև դեպի լույս ու արև միտող ծառերի վրայով, ծառերի վրա դայլայլող հավքերի, սառնորակ, արծաթահունչ հուշիկ քչքչոցով Ղըրմա աղբյուրի, վիթխարամեծ մամռապատ կանաչ քարերի, այդ քարերի արանքներով մտամոլոր վազող տերևածածկ արահետների վրայով: Այդ արահետները քարերի ու հաստաբուն ծառերի արանքներով ոլոր-մոլոր գնում, հասնում են միչև լեռան ստորոտը՝ Սառնատուն, ուր քարակոփ նեղլիկ խորշերում ամենաշոգ ամռանն անգամ սառույց է լինում…Արծիվները նորից ընկղմվեցին թանձր ստվերների մեջ ու նորից դուրս սահեցին այնտեղից, լայնատարած թևերով, և նրանց թևերը փայլածում էին Ղըրմա աղբյուրի մթնած ծմակի վրա:– Հայադ գյուղի պես Թխկոտն էլ դատարկվեց, Ախպերքանում մի երկու տուն էր մնացել, փոխադրվեցին Խոր Ձոր, – տխրությամբ, մտազբաղ ասաց Հայրիկը: – Վերին Չլդրանում էլ համարյա տուն չմնաց: Մեր գյուղերը դատարկվում են կամաց-կամաց: Անտեր ենք, – գլուխն օրորեց Հայրիկը, – տեր չունենք: Նայիր ձախ, – շարունակեց, – տես ո¯նց է շողշողում Մռավա սարը:Թարթառի ամբողջ ձորը մշուշով էր լցված, ոսկեշղարշ այդ մշուշի վրայով ես նայեցի հեռավոր Մռավա սարին, որի գագաթները ոչ այն է ձյունապատ էին, ոչ այն է ճերմակ ամպերի մեջ էին կորած՝ իրոք շողշողում էին:– Տասնհինգ տարի Մռավա սարում ու Մռավա սարից էս կողմ, Հաթերք գյուղից դեպի աջ՝ Բալին սարում, անասնապահ եմ եղել, – ասաց Հայրիկը, – կոլխոզի տավարն էի պահում: Շա¯տ գյուղատեղեր կան էնտեղ՝ Թրղե գետի երկու կողմերին, ընկուզենի ծառերով, կալատեղերով ու հորերով, հայկական գերեզմանատներով, ծմակների մեջ կորած, քանդված եկեղեցիներով, տների փլատակների մեջ ծառեր կան՝ երկնքի բոյին: Իմ պապն էդ գյուղերի անունները լրիվ գիտեր, անգիր ասում էր՝ Շուքավանք, Սրաշեն, Քարահունչ, Խոտորաշեն, Աստղաբլուր, Ական, Մասիս, Մթնաձոր, էդ Մթնաձորի շենատեղում մի շա¯տ լավ վարար աղբյուր կա, ջուրն անմահական, ուրիշ գյուղեր էլ կան, անուները մտիցս ընկել է, բայց դե, ամբողջապես ավեր: Ո՞վ է ավերել՝ հայտնի չի: Գուցե Չինգիզ խանի, Լենգ-Թեմուրի, Թոխտամիշ խանի ժամանակ, կամ էլ Շահ Աբբասն ու Նադիր շահն են արել, նրանք Ղարաբաղում՝ սկսած մեր սարերից մինչև Քուռ և Արաքս գետերը, հայոց գյուղերն ավերեցին, հայությունը քշեցին Պարսկաստան: Իմ պապն իր ախպորց հետ Ղարաբաղ մտած Աբաս-Միրզայի վաթսուն-հազարանոց զորքի դեմ կռվել է: Քո տարիքի տղա էի, հալա մի քիչ էլ կուճուր, ինքը պառաված, փոփ դառած, պատմում էր: Էդ կռվում, ասում էր, ռուսները՝ կազակները, մեզ օգնել են:Իմ հայացքը թափառում էր այդ մշուշների մեջ, ասես ձգտելով գտնել այն վայրերը, ուր հայկական ավերակ գյուղեր էին…– Տեսնո՞ւմ ես ա¯յ էն տունը, – Հայրիկը ձեռքը մեկնեց, հեռու բլրի վրա մի տուն ցույց տվեց: – Բալաբեկի տունն է: Գերի էր եղել, քառասունինը թվականի ամռանը մի օրվա մեջ մեր գյուղից մի տասը մարդու, որոնք կռվի ժամանակ գերի էին ընկել, տարան: Էդ ի¯նչ անաստված բան էր, ասում են, վեց միլիոն զինվոր մարդ, Ստալինի մեղքով, գերի էր ընկել, չհաշված խաղաղ բնակչությունը, որ մնացել էր գերմանացիների կողմից գրավված հողերում: Փոխանակ իրեն՝ Ստալինին կախելու էդ հանցագործության համար, ինքն էր կախում, աքսորում անմեղ մարդկանց: Էդ Բալաբեկի ամբողջ ընտանիքը՝ պառավ հոր, մոր ու փոքրիկ եղբոր՝ Մանվելի հետ միասին, տարան: Քույրը՝ Վիկտորյան, մեր էս մոտիկ Շահմասուր, Ծմակահող, թե Գառնաքար գյուղում՝ միտս չի հիմի, մոռացել եմ, նորավարտ վարժուհի էր, իրիկունը եկավ տեսավ տունը դատարկ, դուռը փակ, հավերը դռան տակը կուչ եկած: Մոտ երեսուն տարի է անցել, բայց մինչև հիմի էլ ձենն ականջումս է: Ո¯նց էր ծկլթում, ո¯նց էր իրեն սպանում, գոմշակովն էլ հանդից եկել, առանց կթելու տռնգում էր, ո¯նց էր տռնգում՝ սար ու ձոր դղրդում էր: Մարդու մազերը փշաքաղվում էին, սիրտը կտոր-կտոր էր լինում: Բա, էդպես ենք ապրել, բալաս… Է¯, ապրել կա, մեռնելուց վատ է:Հայրիկը լռեց, շրջեց ձիու գլուխը, և մենք նորից շարունակեցինք ճանապարհը:Հեքիաթային ճանապարհորդություն էր դա. անցանք Կըղնախաչը, որտեղից մի չնաշխարհիկ տեսարան էր բացվում դեպի Խաչենի հովիտը: Խաչենագետը Թարթառի պես թաքնված չէր մշուշների մեջ, արծաթե գոտու պես շողում, պսպղում էր արևի տակ: Այնտեղ, ոլործուն գետից այն կողմ, Քոլատակ գյուղի գլխին, Սուրբ Հակոբա վանքի ուղղությամբ, լեռների պռնկին թառած Կաչաղակաբերդի ծխապատ ու խոնավ հեռուներում ամպրոպներից ցնցվում, դղրդում էին երկինք ու երկիր, մերթընդմերթ, զիգզագաձև ճեղքվածքներ տալով, երկինքը պատռվում էր կայծակներից՝ մի կարճ ակնթարթ պղնձագույն ցոլքերով լուսավորելով շրջակայքը:Կըղնախաչից մենք թեքվեցինք աջ և հիմա շարունակ ընթանում էինք աջ, քար ու քռեջ ճամփով, միշտ դեպի աջ՝ մեկ մտնելով մթավուն ծմակուտի զովասուն ստվերների մեջ, մեկ դուրս գալով ազատ տարածություն, ուր սարալանջերն ի վեր ալյակ-ալյակ վեր ելնելով՝ դանդաղորեն տարուբերվում էր կարմրաթև ծաղկած ավելը:Մի կարճ պահ կրկին երևաց Կաչաղակաբերդը, այնտեղ, Կաչաղակաբերդից այն կողմ, թաց ջրաներկի յոթ գույներով աղեղված՝ երկնքի մի ծայրից մինչև մյուս ծայրը, կամար էր կապել շողշողուն ծիածանը՝ լեռ ու ձոր միացնելով իրար:– Քիչ է մնացել, հասել ենք արդեն, – ասաց Հայրիկը, երբ մենք, շրջանցելով փոքրիկ մի լճակ, որը խաղաղ էր այդ պահին և արտացոլում էր շրջակա ծառերը՝ գլխիվայր կախված թափանցիկ ջրի մեջ, դուրս եկանք ընդարձակ մի դաշտ՝ տանձի, խնձորի ու թթի ծառերով, այս ու այնտեղ՝ ոչ այնքան մեծ, անձրևներից գունաթափ դեզերով ու հնձած խոտի կախարդական բուրմունքով:Լռություն էր, չորս կողմը թրթռուն մշուշոտ արև, արևի մեջ վերձիգ մի տանձենի՝ հուրհրատող կարմիր տերևներով, նախշուն չարդը, բոլոր նրբերանգներով փայլող փետուրներով՝ կապույտից մինչև ոսկեգույնը, երևի ձիու ոտնաձայներից վախեցած՝ խուճապահար զիլ ծղրտոցով մի ծառից մյուսն էր անցնում:– Ահա և մեր հայրենիքը, – ասաց Հայրիկը՝ տրտմագին, տխուր ձայնով:Շուրջը սարերն ի վեր ելնող ու դեպի ձորակներն իջնող ամռան վերջի թափուր հանդեր էին, անդորրի մեջ կորած միջնահողեր՝ մենավոր կանգնած ընկուզենիներով, մանր, ծաղկեղեն անանուն մարգագետիններ, մի թմբի վրա՝ ավերակ տներ: Այդ տների մեջ բարձրացած ծառերի, մացառուտների, զրավարդի ու մոշի թփերի թագավորություն էր: Տանձենիների թավուտում հին գերեզմանաքարեր կային, ծռված, կիսով չափ հողի մեջ խրված: Ես մի քարի վրա, ուր ժանյակաձև զարդեր կային ու մամռապատ գրեր, դժվարությամբ, բայց կարդացի. «Այս է հանգիստ… ԱԾ ողորմի լուսահոգի Ադունց… ՉՂԳ… հայոց զորաց պետ իշխան… ջունգար ամս հինգ…»: Հայոց լեզվի և գրականության մեր ուսուցիչ Մանվել Առուշանյանը բացատրեց հետո այդ ՉՂԳ-ն, որ նշանակում էր 1244 թվական, բայց ո՞վ էր եղել այդ իշխանը Ադունց ցեղից, որ հինգ տարի պատերազմել էր Միջին Ասիայի կողմերից եկած մոնղոլ-ջունգարների դեմ՝ մնաց անհայտ: Գրերը ջնջված էին, ոչինչ չէր կարդացվում:– Էստեղ վարար աղբյուր էլ կա, – ասաց Հայրիկը:Մենք մի քիչ էլ առաջ անցանք, աղբյուրի մոտ իջանք ձիուց: Իրոք, կախարդական վայր էր: Ես տեսնում էի՝ Հայրիկը հուզված էր, բայց աշխատում էր թաքցնել հուզմունքը:– Էստեղ եմ ծնվել ես, – հանկարծ ասաց նա փոխված ձայնով, – ծառերից կապած ճոճքում՝ էստեղ է մերս ինձ օրոր ասել: Չորս եղբայր ու երկու քույր՝ բոլորս էլ էստեղ ենք ծնվել, էստեղ մեծացել: Էստեղից ենք քոչել Ղազարահող… Հե¯յ գիդի հա, հիմի տես, ամայի ավերակ է դարձել:Հայրիկը ձիուց իջեցրեց խուրջինը, ձին բաց թողեց, որ արածի: Նստեցինք աղբյուրի մոտ, ծաղիկների ու կանաչ խոտերի մեջ: Մեծ մաման ուտելիք էր դրել մեզ հետ. թոնրի մի հաց՝ բաժանած երկու մասի, երկուական խաշած ձու, մի քանի եփած կարտոֆիլ, կոտեմ ու մի քանի թև սոխ: Հաց կերանք: Հայրիկը երկու բաժակ օղի խմեց իր տափաշշից: Ես զարմացա, որովհետև նա մի բաժակից ավելի երբեք չէր խմում:– Ողորմի քեզ, որդիս, ներիր անբախտ հորդ, – մրմնջաց նա:Ո՞ւմ մասին էր խոսքը, չհասկացա, զարմացած նայեցի նրան, բայց ոչինչ չհարցրի, չէի ուզում ցավ պատճառել նրան. թե պետք լիներ՝ ինքը կասեր:– Էստեղից ասես ամբողջ Ղարաբաղն է աչքիդ առաջ, – խոսեց Հայրիկը: – Նայիր, տեսնո՞ւմ ես Շուշին:– Ո՞ւր է, – ես հուզվեցի, աչքերս կկոցած՝ լարեցի տեսողությունս:Եր¬կար նայելուց հետո միայն հեռու-հեռավոր կաթնագույն մուժի մեջ ինչ-որ ճանապարհ ուրվագծվեց, այդ ճանապարհի ուղղությամբ հայացքս գնաց, լեռան բարձրունքում լուցկու տուփի մեծության տներ տեսա, որ հազիվ էին երևում:– Քսան թվականի գարնանն էր, կարտոֆիլ էինք վարում էստեղ, լուսննգա տաք գիշեր էր, երբ տեսանք վառվող երկինքը: «Վայ մեր խեղճ ժողովուրդ, – ձեռքը ծնկանը խփելով ասաց մերս: – Շուշին էրվում է»: Երեք օր ու երեք գիշեր էրվում էր քաղաքը, մենք էստեղից տեսնում էինք… Երեսունհինգ հազար հայություն էր ապրում… Հազարներով մարդ զոհվեց: Քչերին է հաջողվել փրկվել էդ զուլումից: Իբր էդ քիչ էր, Ղարաբաղն էլ երկու կես արեցին, մի մասը դարձրին մարզ, մի մասն էլ Գյուլիստանի, Գետաշենի, Գյոգ-Գյոլի, որ հնում Ալհրակ էր կոչվում, Շամխորի, Դաշքեսանի ու Գետաբեկի ու շատ-շատ գյուղարանքի հետ մինչև Քռի ու Արաքսի կողմերը, միացրին թուրքերի շրջաններին, մարզի մեջ չմտցրին: Էդ օրվանից Ղարաբաղի մեջքը կոտրվեց: Մի նայիր էս կողմը՝ Ղուջուղուրդա սարերը տեսնո՞ւմ ես՝ Գանձասարի վանքից էն կողմ… Մենք էդ սարերով միացած էինք Հայաստանին, դա էլ էր մտնում Ղարաբաղի մեջ, էդտեղով, է¯, Քյալբաջար-Լաչինով սկսած մինչև Կուբաթլի ու Ջաբրաիլ, մինչև Զանգելան ու Փիզուլի, առաջ Կարյագինո էր կոչվում, մեր սարերն են, հետո ինչ կատարվեց, չհասկացանք, խաղեր խաղացին մեր գլխին, անջատեցին, կտրեցին մեզ Հայաստանից:Ես նայեցի նրա ձեռքի ուղղությամբ, տեսա այդ սարերը՝ դարձյալ մշուշի մեջ կորած:– Էդ սարերից էն կողմ Հայաստանն է:– Հայաստա՞նը, – անհանգիստ զարմանքով ասացի ես, ու սիրտս թրթռաց մի անհայտ բանից:Որտե՞ղ էի կարդացել՝ հիշել չկարողացա, շուրթերս իրենք իրենց ինքնաբերաբար մրմնջացին. «Հրազդան, գետակդ իմ հայրենի, Հրազդան, ջրերդ իմ անուշիկ»:– Հա, Հայաստանն էդ սարերից էն կողմ է: Քսան թվի ապրիլի կեսերին դաշնակցականները Դրոյի հետ էդ սարերով եկան մեզ օգնության, թե չէ թուրքերն ու մուսավաթը մեր հայերի գյուղերը հինգ-վեց թվերի պես թալանելով, մեկը մյուսի ետևից կրակ տալով գալիս էին ու ժողովրդին էլ անխնա կոտորում էին: Խնաբադն ու Խրամորթը լրիվ վառեցին: Մեր շրջանի ներքևի գյուղարանքը՝ Բեգում-Սարով, Չայլու, Սեյսուլան-բան, կորուստ շատ ունեցան, իսկ մեր էս վերին գյուղերին չկարողացան շատ վնաս տալ, ժողովուրդը համախմբված էր, իրար օգնության էին հասնում, մի քանի մարդ զոհվեցին Վանքից, Առաջաձորից, Չլդրանի մեր էս տեղամասում Սրխավանդի քյոլանի ավազակների կողմից մենակ մի մարդ սպանվեց՝ Մաքի Հարությունյանը: Ես էլ եմ կռվել, քանի տարեկան էի, չեմ հիշում, բայց արդեն ջահել տղա էի, ծմակներով, սար ու ձորերով ձիաները քշած գնում էինք… Մեր էս կողքի Պողոսագոմեր գյուղից Բախշի կար, ի¯նչ ազղուն մարդ էր, ի¯նչ կռվող էր, վերջերս մեռավ, նրա ջոկատում էինք կռվում: Մի անգամ անձրև ու թուխպ գիշեր ժամանակ, Թևանը եկավ մեզ մոտ, ժողով արեց: Նա, Դալի Ղազարը, Վարդանը, Նիկոլ Դումանն ու նրանց նմա¬ները թե չլինեին՝ Ղարաբաղը կորած էր: Էդպես էր, կռվով, զոհեր տալով պաշտպանեցինք մեր հողը:– Դու եղե՞լ ես Հայաստանում, – հարցրի:– Չէ, չեմ եղել: Իմ ախպեր Ակուփը եղել է: Նա գրագետ էր, կարդալ, գրել գիտեր, թուրքական ճակատում կռվել է: Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի տանն է եղել: Պատմում էր, որ շատ լավ, ժողովրդական մարդ էր: Վերադառնալիս Շամխորի մոտ գիշերը չորս կողմից մուսավաթականներն ու զինավորված թուրք ժողովուրդը հարձակվում են ռուսական էշելոնների վրա, մի քանի գնացք են վառում, իրարանցման ժամանակ ախպորս ու մեր կողմերից մի քանի հոգու հաջողվում է փրկվել, սառնամանիք հունվար ամսին, սարերով մի կերպ գալիս, հասնում են տուն, Ղազարահող: Ճանապարհը հատուկ քանդել էին, ասում էր, յոթանասուն էշելոն էր կանգնած, բոլորին թալանում են, զենքը գրավում, նրանց կանանց հետ շատ վատ բաներ անում, բոլորին կոտորում: Հազարավոր ռուսներ են սպանվել, ասում էր, էդտեղ:Հայրիկը ելավ, երկար շրջում էր տնատեղերում, ձեռքը դնում ծառերի բներին, մտախոհ կանգնում: Կարծես թե խոսում էր ծառերի հետ: Ի՞նչ էր մտածում, ի՞նչ էր խոսում՝ հնարավոր չէր հասկանալ: Հետո ետ եկավ, ասաց.– Գնանք:– Ո՞ւր:Նա չպատասխանեց, կրծքով ճեղքելով բարձր կռատուկները, ես լուռ գնացի նրա ետևից, ինչ-որ տեղ, երևի հաճարկենիների ամենաբարձր կատարներին, արևի թեք շողերի մեջ անուշաձայն ղունղունում էին աղունիկները, մի փոքրիկ բացատում, որի վրա հուրհրատում էր արևը, իսկ բացատն էլ ասես ծաղկավոր սավան լիներ՝ անթիվ, անհաշիվ ծաղիկներով, կանգ առանք: Թփուտների երկար շարքերի տակ խոխոջում էր խոտերով ու տերևներով կաշկանդված աղբյուրը, ջրափոսի խորքից մանրիկ չոր տերևները շրջապտույտ էին կատարում՝ անդադար իջնում ու կրկին ելնում էին: Աղբյուրի մոտ, ծառերի ճյուղերի արանքից, անհատնում լույս էր հորդում:Հայրիկը, հայացքը գետնին, լարված ինչ-որ բան էր փնտրում և տեսքից երևում էր՝ գտնել չէր կարողանում: Հետո նստեց, ձեռքով տփտփում էր գետինը, ետ-ետ տանում ծաղիկները, որ սփռված էին չորս բոլորը, սոթ տալով առաջ՝ որոնում էր ու գլուխն օրորելով ու անարցունք, խեղդված լաց լինելով ասում՝ Մհերիկ, Մհերիկ, պապան ցավդ տանի, Մհերիկ, պապադ մեռներ՝ քո մեռնելը չտեսներ, քոռանար՝ աչքը չտեսներ, ձեռքը կոտրեր՝ չբարձրանար…– Հայրիկ, ի՞նչ ես փնտրում, – անհանգիստ հարցրի ես:Նա ասես սթափվեց, շվար հայացքով նայեց ինձ, հետո ասաց.– Էստեղ էր, հիմի չեմ գտնում, ծաղիկների մեջ կորել է… Թե՞ տեղն եմ կորցրել՝ չեմ հասկանում…Շուրջը, իրոք, փարթամ ծաղիկներ էին՝ խատուտիկ ու վարդակակաչ, դեղին հիրիկ, կուժկոտրուկ ու կարմրավառ մեխակ, հոտավետ ասպիրակ ու մեղրուկ, երեքնուկ ու հափրուկ, շողավարդ ու զանգագածաղիկ, փնջերով աճած վայրի վարդ ու մանուշակ: Երկարուկ ցողուններին ճոճվում էին մազմզոտ բոռերը, իսկ ծաղիկների վրա պտտվող մեղուների խուլ գվվոցը բռնել էր շրջակայքը:– Քո հորեղբայրն էստեղ է թաղված, – միանգամից ասաց Հայրիկը, և նրա դեմքը լարվեց, ձգվեց, արցունքը լճացավ աչքերում: – Եկա տեսնեմ գերեզմանը ու քեզ էլ ցույց տամ, որ մեզանից հետո գոնե մեկն ու մեկը հիշի երեխիս, ես գուցե վերջին անգամ է, էլ չկարողանամ գալ, պառավել եմ: Բայց տեսնո՞ւմ ես, ոնց որ թե կորցրել եմ տեղը… Քարեր կային դրված, չկան…Ես սարսռած նայում էի, առանց որևէ բան հասկանալու. բայց չէ՞ որ իմ հորեղբայրը ռազմաճակատում անհետ կորել է, հայրս շատ անգամ է պատմել այդ մասին: Ասես կռահելով իմ մտքերը՝ նա ծանր հոգոցով ասաց.– Է¯, ոչ ոք չգիտի, ո¯չ ոք, չեչաքարի պես ծակծկված էս սրտում էսքան տարի պահել եմ, – նա չորչորուկ ձեռքը դրեց կրծքին, լռեց, հետո ասաց, – կրակն ընկած ներսս՝ էսքան տարի էրում, փթոթում, խորովում է, բայց ոչ ոքի չեմ պատմել… Էս ծմակներում երգող հավքերին լաց լինելով պատմել եմ, ծառերին, մամռոտ քարերին, ջրերին պատմել եմ, բայց մարդու՝ չէ, չեմ պատմել…Հայրիկը երկար ժամանակ լուռ էր, խորասուզված մտքերի մեջ: Վերջապես խոսեց.– Կամավոր գնաց ռազմաճակատ, տարիքը չէր բռնում, բայց գնաց… Ինչ-որ տեղ, Հյուսիսային Կովկասում թե որտեղ, ռմբակոծության ժամանակ գնացքից ետ է մնում, ասում են, դիտմամբ ես ետ մնացել, չեն հավատում, որ դիտմամբ չի արել, դիտմամբ անողը զոռով ճակատ չէր գնա, իրենցն ասում են, քոնը չեն լսում: Կալանում են, ծեծում, սպառնում են գնդակահարել: Մի խոսքով, փախչում է էդտեղից, Դաղստանի սարերով, ցերեկները թաքնվելով, գիշերները ճամփա ընկնելով, սոված, ծարավ, հասնում է էստեղ: – Հայրիկը նորից լռեց, նրա հոգին ալեկոծվում էր, ես դա հասկանում էի. ծանր էր շնչում: – Էս կողմերում տավար էի պահում, ձին նստած եկա՝ աղբյուրից ջուր խմելու, երևի հետևելիս է եղել, դուրս եկավ շամբուտից, երեսի մազը լրիվ եկած, շեկ միրուքով, նիհարած, պատառոտված երկար շորերով, ոտնամանների տակը պոկված… Շիմշաթ սիրուն երեխաս՝ ոնց որ մուրացկան: Սկզբում չճանաչեցի, իսկ որ ճանաչեցի՝ ոտքերս տակիս թուլացան: Քոռանա¯մ ես… Ասաց՝ պապա, երկու օր ոչինչ չեմ կերել… Ծմակներում, ասաց, ծառերի վրա, տերևների արանքում հատուկենտ միրգ էր լինում, մկան բներում ճուղուպուր, հաճարկ ու տկողեն էի գտնում, գյուղարանքի մոտերքում, հանդերում թաքուն կարտոֆիլ էի հանում, հում ուտում, մի կերպ դիմացել եմ, հասել էստեղ, բայց էս վերջին երկու օրը ուտելու համարյա ոչինչ չկար… Գիշերը ետ եկա, հաց ու շոր բերեցի: Խնդրում, համոզում էի գնալ ու հանձնվել իշխանությանը: Չէ ու չէ, չէր հավատում նրանց, չէր համաձայնում: Ես իմ ոտքով չեմ գնա նրանց մոտ, ասում էր, եթե մեր ընտանիքին վտանգ է սպասում, ոտքիս կրակիր, տար հանձնիր, ինքս չեմ գնա, դու չգիտես նրանց… Շրջանից սկսեցին մարդիկ գալ, տղադ բանակից փախել է, ասացին, կարող է էս կողմերում է, պետք է հանձնվի: Եթե հանձնվի, կուղարկենք տուգանային գումարտակ, թե չէ՝ բռնեցինք, տեղն ու տեղը գնդակահարելու ենք: Նրանց մեծը՝ էնկավեդեից, գալիֆեով, բոյը կարճ չար մարդ էր, նագանը կատաղած թափ տալով էդպես էլ ասում էր՝ որ բռնեցինք, աչքիդ առաջ շան պես սատկացնելու ենք, լեզուն չորանա, երեխուս մասին էդպես ասաց, քեզ էլ, ասաց, տնով-տեղով, որպես դեզերտիրի ընտանիք, քշելու ենք Սիբիր: Էդպիսի դեպք եղել էր, Հաթերք գյուղից երկու ընտանիք տարել էին… Գյուղի ակտիվիստների հետ փնտրեցին անտառներում, բայց գտնել չկարողացան: Ասացին էրկու օր հետո էլի են գալու… Շատ մտածեցի ու իմ կարճ խելքով որոշեցի կրակել ոտքին ու էդ ձևով հանձնել: Թող ուղարկեն տուգանային, մտածում էի, միայն թե ողջ մնա, չկորցնեմ որդուս ու մեզ էլ սաղ ընտանիքով Սիբիր չքշեն: Խելքս էդքանը կտրեց: – Հայրիկը շունչ քաշեց, միանգամից ասաց, – ինքն էստեղ, ծառերի ետևում, աղբյուրի մոտ կանգնած էր, մոսեննի թվանքով հեռվից աչքերս արուն կալած կրակեցի, բայց էդ րոպեին ոնց ստացվեց՝ մի աչքաճպելում նա թեքվել էր գետնին, թե ինչ՝ գնդակը ուրիշ տեղի կպավ… Հասա, ձեռքս կոտրվեր, գույնը գցած, շաղված աչքերով, ասես մի տեսակ ինձ հույս տալու ժպիտով՝ ձեռքը սեղմած կրծքին, գետնին ընկած նայում էր, ինչ-որ բան էր ուզում ասել, ասաց՝ մաման… Երկու անգամ ասաց՝ մաման, ու էդ էր, լեզուն կապ ընկավ, էլ չկարաց խոսել, ինչ էր ուզում ասել երեխաս՝ չիմացա, խոսքն էդպես էլ մնաց սրտում, շփոթված նայում էր, երևի ինքն էլ ոչինչ չհասկանալով, մատներս ափի մեջ երկու անգամ թույլ սեղմեց. հրաժեշտ էր տալիս երևի… Քանի տարի է, գիշեր թե ցերեկ՝ աչքիս առաջ… Սխալվելու համար, տես, մի րոպեն էլ բավական է, ափսոսալու ու հավետ տանջվելու համար ամբողջ կյանքն էլ քիչ է… Մարդ գիշերներն անքուն, աղ լցնելով իր վերքին, երկար հիշում է այն, ինչ ամենից շատ կուզենար մոռանալ… Ժամանակի ընթացքում ամեն ինչ գուցե թե կարելի է մոռանալ, բայց դե, զավակի կորուստը՝ չէ, զավակի կորուստը մինչև մահ-գերեզման մոռանալ չի լինի, դադարգյուն եղած երեխաս միշտ աչքիս առաջ՝ սիրտս կտոր-կտոր անելով էդպես խեղճ-խեղճ նայում է…Հայրիկը լուռ էր, երկար ժամանակ լուռ էր, այնուհետև մի տեսակ խզված ձայնով ասաց.– Հետո էլի եկան, նեղություն շատ տվին, գյուղի շուրջը ծմակներն ընկած, սար ու ձոր ընկած որոնեցին, բայց ում որոնեին, երեխաս չկար արդեն, ես նրան զոհ էի տվել: Էդպես է ստացվում: Մի տարի անց ձեռք քաշեցին, էլ չեկան: Է¯, ես Ղազարահողից իզուր տեղափոխվեցի Չլդրան, շա¯տ իզուր: Իմ ախպերք՝ Ջալալը, Ակուփը, Մուխանը, քուրս՝ Զառին, բոլորն էնտեղ էին՝ տնավորված, երեխոցով: Ես ինչո՞ւ եկա, ի՞նչ առաջ գցեցի, գդալ ու շերեփ շինելով, եղան ու թի շինելով, տաշտ ու տաշտակ շինելով ու էդ ամենը գիշերները ներքևի թուրքերում կորեկի ու գարու հետ փոխանակելով, շան քթից ջուր խմելով երեխա մեծացրի ու մեկ-մեկ կորցրի: Էս անարդար աշխարհում իմ արդար երեխոցս մեկ-մեկ կորցրի, անտեղի տեղը բոլորին կորցրի… Հարազատներիս մեջ, չէ, չէի կորցնի երեխոցս: Ես ծառերի վրա գրելով եմ տառերը սովորել, ուզում էի, որ երեխեքս անուսում չմնան, կրթություն ստանան, Ղազարահողում դպրոց չկար, էստեղ՝ կար… Կորցրածս շատ եղավ, գտածս՝ զերո…Արցունքները գլորվում էին Հայրիկի այտերի վրայով: Հետո հառաչեց, ասաց.– Ինչ ասեմ, էդպես եղավ… Է¯, ուրիշ ժամանակներ էին, ուրիշ աշխարհ: Ինքս ինձ հետ կռիվ տալով ապրել եմ: Ո՞ւմ պատմես և ի՞նչ պատմես, նույնն է, թեկուզ գայլի պես ձեն հանիր, գետնովը տուր քեզ, ի՞նչ կարող ես փոխել՝ ոչ մի բան…Որոշ ժամանակ լուռ նստած էինք: Հայրիկը, ձեռքերով գետնին հենվելով, բարձրացավ տեղից, ցրված հայացքով նայեց շուրջը: «Չեմ գտնում, երեխաս խառնվել է խոտ ու ծաղկին, խոտ ու ծաղիկ դառել», – ասաց և նույն խոտածածկ արահետով ծանր քայլեց դեպի տնատեղերը:Արևը վերստին հուրհրատում, այրում էր, այս ու այնտեղ քաղցր դայլայլում էին թռչունները, անդադրում երգում էր ճիճին:Հասանք նույն տեղը, ուր հաց էինք կերել: Երկար ժամանակ լուռ նստած էինք, հետո Հայրիկը պառկեց գետնին, խոտերի վրա՝ դեմքով դեպի իրենց տնատեղերը: Այդպես շատ երկար մնացինք: Մոտիկ տեղ տանձի ծառ կար, լսվում էր՝ տանձը շարունակ կաթուկ էր տալիս: Տապից երերում էր օդը: Ճիճիները դարձյալ ճտճտացնում էին անդադար: Քիչ այն կողմ, նարնջագույն հատապտուղներով մասրենու թփերում, կլկլացնում հա կլկլացնում էր կեռնեխը: Չգիտեի՝ քնա՞ծ է Հայրիկը, թե մտածում է: Չէի համարձակվում ելնել ու նայել նրան: Բայց երևի քնած չէր, որովհետև կողքի ծաղիկներին ոտքերը ծաղկաթաթախ դեղնակարմրավուն մեղրաճանճեր էին նստում, միալար գվվում, և նրա հարցն էլ այդ մեղրաճանճերի մասին եղավ: Ուրեմն քնած չէր: Մտածում էր:– Մեղուն գիտե՞ս ինչքան է ապրում, – երկար, շատ երկար լռությունից հետո հարցրեց Հայրիկը ու ինքն էլ պատասխանեց առանց ետ շրջվելու: – Երկու հարյուր քառասուն օր, այսինքս՝ ութ ամիս: Ութ ամսից հետո նա արդեն ծեր է, դուրս է գալիս փեթակից, թևերը հազիվ բացած ընկնում է խոտերի մեջ, որ չխանգարի ուրիշներին. գեղեցիկ ապրում է իր գեղեցիկ աշխարհում ու գեղեցիկ էլ մեռնում է, ասես ոչ թե մեղու է, այլ իսկական մարդ:Բավականին ուշ էր, երբ Հայրիկի հետ գյուղ հասանք: Ծառերի ստվերները երկարել, կոտորակվելով օրորվում էին ձորալանջերին: Մեր ստվերները նույնպես, մերթ մեծանալով, մերթ փոքրանալով՝ մեզ հետ գալիս էին գյուղ: Սարերից արդեն ոտքով էինք իջնում: Երկու մեծ խուրջին ընկույզ ու կուլենի տանձ էինք հավաքել, գցել ձիու վրա, ես առջևից էի քայլում՝ ձիու կապը բռնած, Հայրիկը՝ իր ծերունական գայ¬թուն քայլվածքով՝ ետևից: Գյուղավերևում, աղբյուրի մոտ, միանգամայն անսպասելի, տեսա Լյուդմիլա Առաքելյանին, որին ես վաղուց սիրում էի թաքուն: Սիրտս անհանգիստ սկսեց բաբախել: Նա գիտեր, որ ես շուտով մեկնելու եմ Սումգայիթ: Կուժն ուսին, թախծանուշ աչքերով երկար նայում էր: Չգիտեմ ինչու, ինձ թվաց, թե ես այլևս չեմ տեսնելու նրան, աչքերս լցվեցին: Եվ որպեսզի Լյուդիկը չտեսներ արցունքներս, ես շրջվեցի, նայեցի ետ. Կըղնախաչի միգապած սարերը ողողված էին մայր մտնող արևի ոսկեփայլով:* * *Մեքենայի երկար ազդանշաններից հասկացա, որ Ռոբերտն ու Արաքսյան վերադարձել են Յալամայից և ինձ են կանչում:– Ախպերո, էս որտե՞ղ ես, – ուրախ ու, ինչպես միշտ, շարժուն ու գործունյա, ժպտաց Ռոբերտը, թևքերը քշտած նայելով ինձ: – Մի տես ինչ ձուկ ենք բերել:Հսկայամեծ սևրյուգան ընկած էր տերևների վրա և բացուխուփում էր բերանը՝ ճիգով օդ որսալով:Ձայնի վրա Ռենան դուրս եկավ Ալվարդի սենյակից և պատշգամբում կանգնած, ասես, մի տեսակ չհամարձակվելով ու կարծես թե ամաչելով, նայեց ինձ, ժպտաց:Ես մի պահ նայեցի նրան՝ անկարող թաքցնելու հիացմունքս նրա ճառագուն տեսքից:– Դուք նախաճաշեք, գնացեք ծով, ես ձուկը կմաքրեմ, բաստուրմա կդնեմ, ծովից կգաք, կխորովենք, – խորհուրդ տվեց Արաքսյան և գնաց նախաճաշ պատրաստելու:– Ես կօգնեմ ձեզ,– պատրաստակամ ասաց Ռենան և գնաց նրա ետևից:Նաբրանից դուրս եկանք, երբ հովն ընկել էր արդեն և տեղ հասանք երեկոյան դեմ: Խաղաղ Նաբրանից հետո քաղաքը գվվացող վիթխարի մեղվափեթակ էր հիշեցնում:* * *Սեպտեմբերի մեկին Էսմիրան զանգեց ինձ: Հարյուրավոր ձայների մեջ անգամ անհնարին է չճանաչել նրա անուշիկ ձայնը:– Գիտե՞ք ինչի եմ զանգել, – հարցրեց նա:– Եթե չասես՝ երբեք չեմ իմանա, – կատակեցի ես:Նա ծիծաղեց, ասաց.– Որպեսզի շնորհակալություն հայտնեմ:– Իսկ ո՞վ է խանգարում, – նույն կատակախառն տոնով շարունակեցի ես: – Կարո՞ղ է՝ Զաուրը:– Չէ¯, – կարկաչուն ծիծաղեց: – Ոչ ոք, ուզում էի ասել… շնորհակալություն «Շանելի» համար: Ես դա կյանքում չեմ մոռանա:– Ես բոլոր տոներին քեզ համար «Շանել» կառնեմ, եթե քեզ այդքան դուր է գալիս այդ օծանելիքը: Ի՞նչ աղմուկ է այդտեղ:– Դպրոցից եմ զանգում, դասամիջոց է:– Ուզո՞ւմ ես քեզ մի անեկդոտ պատմեմ:– Պատմեք:– Դե, լսիր: Ութսուն տարեկան մի ծեր ղարաբաղցի քաղաքում մտնում է խանութ, գործակատարին ասում՝ երկու կոստյում տուր: Գործակատարն ասում է՝ ութսուն տարեկան մարդ ես, երկու կոստյումն ի՞նչ ես անում, մեկն էլ որ կարողանաս մաշել՝ լավ է: Չէ, ասում է, մեկն ինձ համար է, մեկը՝ հորս: Գործակատարն ասում է՝ եթե դու ութսուն տարեկան ես, ուրեմն, հերդ էլ կլինի հարյուր-հարյուր հինգ տարեկան, ճի՞շտ է: Ճիշտ է, ասում է ղարաբաղցին: Այդ տարիքում կոստյումը նրա ինչի՞ն է պետք, հարցնում է գործակատարը: Հորս հերը, իմ պապն՝ այսինքն, պսակվում է, բացատրում է նա, ուզում ենք նրա հարսանիքին լավ տեսքով լինենք: Ծիծաղից գործակատարի ուշքը քիչ է մնում գնա: Լսիր, ասում է, եթե դու ութսուն տարեկան ես, հերդ՝ հարյուր-հարյուր հինգ, ուրեմն պապդ կլինի մոտ հարյուր երեսունհինգ տարեկան: Եվ նա այդ տարիքում պսակվե՞լ է ուզում: Չէ, պատասխանում է մեր էս ղարաբաղցին, ինքը չի ուզում, ծնողներն են ստիպում:Էսմիրան քրքջաց, ասաց.– Բա դրա ծնողնե՞րը քանի տարեկան են:– Երևի մի հարյուր վաթսուն:– Չէ հա, մարդ այդքան ապրո՞ւմ է որ:– Ինչո՞ւ չի ապրում: Ադամը ինը հարյուր երեսուն տարի ապրեց:– Հնարում եք, – ծիծաղեց Էսմիրան:– Իսկ գիտե՞ս ինչքան է ապրել Նոյը:– Ինչքա՞ն:– Վեց հարյուր տարի մինչև ջրհեղեղը, որը տևեց ուղիղ հարյուր հիսուն օր, և երեք հարյուր հիսուն տարի՝ ջրհեղեղից հետո:– Չէ հա, – նորից ծիծաղեց Էսմիրան: – Չի կարող պատահել: Ես երբեք չեմ հավատա:– Հրեաների նախահայրերից Մաթուսաղան, Էսմիրա, ինը հարյուր վաթսունինը տարի ապրել է, վեց հարյուր տարեկանում նա այնքան առույգ, կենսախինդ ու հմայիչ էր, որ Հրեաստանի աղջիկներն առաջին հայացքից սիրահարվում էին, և ոչ ոք երեք հարյուր հիսունից ավելի տարիք չէր տալիս նրան:– Օ¯յ, օ¯յ, օ¯յ, – չգիտես զարմանքով, թե սրտաբուխ հրճվանքով ծիծաղեց Էսմիրան, և ես մի պահ պատկերացրի նրան՝ կիսաբաց հրաբոսոր շուրթիկներով, միահավասար ատամների արտակարգ ճերմակությամբ ու ծիծաղկուն աչքերի շողշողուն փայլով՝ գլուխն օրորելիս: – Չէ հա, սիրա¬հարվում էին… Հնարում եք, հնարում եք, հնարում եք, – դարձյալ ծիծաղեց նա: – Չեմ հավատա, երբեք չեմ հավատա, մենք այդպիսի բան չենք անցել դպրոցում, բայց կստուգեմ, անպայման կստուգեմ: Իսկ դուք գիտե՞ք այս անեկդոտը. հայկական ռադիոյին հարց են տալիս. «Ճի՞շտ է, որ Կարլ Մարքսն ու Ֆրիդրիխ Էնգելսը մարդ ու կին են»: Հայկական ռադիոն պատասխանում է. «Ոչ, դրանք չորս տարբեր մարդիկ են»: – Էսմիրան կրկին ծիծաղեց նույն սրտաբուխ հրճվանքով, ասաց, – սպասեք մեկն էլ պատմեմ… Բայց չէ, զանգը տվին, ափսոս: Դե լավ: Անչափ, անչափ, անչափ, անչափ շնորհակալ եմ, – նա դարձյալ կարկաչուն ծիծաղեց, կախեց հեռախոսը:Ես երկար ժպտում էի՝ լցված ինչ-որ անհայտ, պայծառ ուրախությամբ:* * *Ռենայի հետ, ինչպես և առաջ, հանդիպում էինք շաբաթ օրերին, մեքենայով շրջում էինք քաղաքում ու քաղաքից դուրս, այնտեղ, քաղաքից հեռու, Բինաղադիից այն կողմ, Նովխանիի ծովափ տանող ճանապարհին, ուր, համեմատաբար, մեքենաները քիչ էին, ճանապարհի երկու կողմերում նավթաշտարակների անկտիներն էին միայն վարուվերում՝ նավթ արտամղելով, ես Ռենային սովորեցնում էի մեքենա վարել, երբեմն թենիս էինք խաղում «Դինամո» սպորտընկերության բացօթյա ցանցապատ խաղադաշտում կամ հատուկ այցետոմսով փակ կինոնկարներ դիտում կառավարական շենքում: Ամենից անմոռացը նոր տարվա նախօրյակի երեկոն էր «Գյուլիստան» ռեստորանում:Անկրկնելի, անմոռանալի երեկո էր դա, ձյունառատ ու տաք երեկո: Դրսում սպասում էինք՝ մինչև Ռոբերտը կգար: Փետրաթեթև ձյուն էր տեղում անընդհատ: Ձյան խոշոր փաթիլները հարյուր հազարավոր, միլիոնավոր ճերմակ թիթեռնիկների պես ճախրում, գալարվում էին օդում, ասես ալարելով՝ դանդաղորեն իջնում ցած:Մեզնից քիչ հեռու, թեփուկատերև ձյունածածկ նոճիներից այն կողմ, ֆունիկուլյորն էր, թեք վերելքով ճռնչալով՝ դեպի Կիրովի զբոսայգի էր բարձրանում ձյան կապտաճերմակ թափանցիկ վարագույրով շղարշված լարավոր վագոնը: Հեռվում, իրիկնային աղոտ երկնքում կարմրավուն կրակներով լուսավորված՝ միայնակ կանգնած էր հեռուստատեսային աշտարակը:Ռենայի կիսամուշտակի տակից ես ձեռքերս մտցրել, գրկել էի նրա հեշտանքավառ խաղացկուն իրանը, ես նրան ձգում, սեղմում էի ինձ, շնչելով նրա ողորկ պարանոցի անուշաբույրը, և սիրտս խլրտում, հոգիս ցնծում էր այդ տաքուկ մերձեցումից: Նրա գլուխը թեթևակի ետ էր գցած, ձյան լայնշի փաթիլները թևավոր աստղերի պես անդադար իջնում էին նրա լուսավոր դեմքին, Ռենան՝ հուզիչ ու մատղաշ, դեռատի, ձեռնոցավոր ձեռքերը մտցրած մեկը մյուսի մորթավոր թևքը, քմահաճ աղջնակի նման հրճվալից ծիծաղում էր՝ լեզվի ծայրով որսալով այդ փաթիլները:Նեոնային լույսերի մեջ՝ գոլորշի էր ելնում նրա անուշիկ բերանից, ես նրան ավելի ու ավելի էի սեղմում ինձ, շարունակ մրմնջալով. «Ցավդ տանեմ, ցավդ տանեմ, ցավդ տանեմ», և աչքերս լցվում էին Ռենայի հանդեպ տածած անասելի մեծ սիրուց ու իմ սրտի խորքից ելնող խանդաղատանքի արցունքով:– Լեո, – ցածրիկ, մի տեսակ ասես զգուշավոր ձայնով շշնջաց Ռենան, – ամեն մի աղջիկ, կին՝ նշանակություն չունի, ուզում է իր կողքին տեսնել իսկական տղամարդու՝ ուժեղ, վճռական, բարի ու հասկացող, որպեսզի նրա հետ իրեն սիրված, ցանկալի ու պաշտպանված զգա: Կյանքում ամենից գլխավորն այն չէ, որ ունի մարդ: Առավել կարևոր է սերը, հավատը, անմնացորդ նվիրաբերումն այդ սիրուն: Մարդուն մի սիրտ է տրված ու այդ սրտում մի տեղ՝ միայն մեկի համար, և ես չեմ սխալվել՝ ընտրելով ու սիրելով քեզ, երբ այդ մասին մտածում եմ, ինքս ինձ նախանձում եմ, և միակ բանը, որ այս աշխարհում կարող եմ անել, քեզ սիրելն ու պաշտելն է, սիրել և խոնարհվել քո առջև, որպես միակի, որին ես հենց այս պահին կարող եմ նվիրաբերել իմ ամբողջ կյանքը՝ առանց մի վայրկյան անգամ մտածելու, առանց մի ակնթարթ անգամ տատանվելու:Ես բարձրացրի հայացքս և խանտաղատանքի բուռն զգացումը, ինչպես քիչ առաջ, համակեց ինձ. Ռենայի կապտակախարդիչ աչքերում նույնպես արցունք էր լճացել, որը շողշողում էր գույնզգույն լույսերից:– Ռենա, Ռենա, իմ աննման Ռենա, – բերկրանքից ու հուզմունքից շնչասպառ՝ արտասավոր ուժգնությամբ բաբախող սրտով ասացի ես, սակայն շարունակել չհասցրի, Ռոբերտի ձայնն ընդհատեց ինձ.– Ախպերո, – դուրս գալով մեքենայից, հեռվից ուրախաձայն բացականչեց Ռոբերտը: – Քեֆ անողին քեֆ չի պակսի, քեֆ ենք անելու, – ոգևորված ասաց նա: – Ձյունն ու ցուրտն ի զորու չեն խանգարելու մեզ՝ հասնելու մեր ազնիվ նպատակին:Առաջին հարկում, հանդերձարանում, մենք հանվեցինք, բարձրացանք ռեստորան, ուր Ռոբերտը նախօրոք սեղան էր պատվիրել: Ռոբերտը մենակ չէր, իր ընկերոջ՝ Զարմիկի հետ էր: Ռոբերտի նման դյուրաշարժ ու գործունյա՝ Զարմիկը նույնպես առաջ կապի նախարարությունում էր աշխատում, բայց հետո թողել, դուրս էր եկել այնտեղից և հիմա գործն առևտրի հետ էր՝ միրգ ու բանջարեղեն էր առաքում Մոսկվա:Հաստ ու թավ բեղերով՝ Զարմիկը բոլորովին նման չէր հայի, բնիկ նախիջևանցի էր և ադրբեջաներեն խոսում էր նախիջևանցիների առոգանությամբ՝ Նախիջևանն արտաբերելով՝ Նախծվան:«Ես Ագուլիսից եմ, – ասաց Զարմիկը: – Ագուլիսեցիները գիտե՞ք ինչով են հայտնի, – ծիծաղելով ասաց նա: – Պանիրը դնում ենք բանկայի մեջ, հացը քսում բանկային, ուտում»:Իրենց սիրած աղջիկների՝ Լիայի և Սիմայի հետ էին նրանք երկուսն էլ: Լիային ես շատ էի տեսել, նա և Ռոբերտը վաղուց էին հանդիպում, իսկ Սիմային՝ Բաքվին մերձակա Զաբրատ ավանից, ազգանունը՝ նույնպես Մահմուդովա, սպիտակամաշկ ու գեղաչյա, տեսնում էի առաջին անգամ: Երկրորդ հարկի ընդարձակ դահլիճում, որտեղից ամբողջ քաղաքը՝ իր առկայծող լույսերով, մեր աչքի առաջ էր, մենք ամբողջ երեկոն երգ ու նվագի տակ ինքնամոռաց պարում, անվերջ կատակում, անհոգ ծիծաղում էինք:Զարմիկը հեքիաթատիպ անեկդոտ պատմեց. «Մի օր մի մարդ գետում ձուկ բռնելիս հանկարծ արծաթե ձկնիկ է բռնում, – սկսեց նա: – Էս ձկնիկը մարդկային լեզու է առնում ու ասում. «Ախպեր ջան, ինձ բաց թող՝ մի ցանկությունդ կկատարեմ»: Էս մարդը հայրենասեր տղա է լինում ու արծաթե ձկնիկին Տիգրան Մեծի ժամանակների Հայաստանի քարտեզն է ցույց տալիս ու ասում. «Ուզում եմ ծովից-ծով Հայաստան»: Արծաթե ձկնիկը նայում է քարտեզին, մտքում գցում-բռնում է ներկա քաղաքական ու տարածաշրջանային իրավիճակն ու ասում. «Ցավդ տանեմ, էս գործի համար ոսկե ձկնիկի թափն ա պետք: Կներես, բայց ուրիշ բան ուզի»: Էս մարդը մի պահ ուզում է գժվի ու արծաթե ձկնիկին կուլ տա, բայց մի բան է հիշում ու ասում. «Տանը մնացած երեք աղջիկ ունեմ, որ մարդու տաս՝ նոր բաց կթողնեմ»: Արծաթե ձկնիկն ասում է. «Ցույց տուր աղջկերքիդ նկարները»: Էս մարդը ջեբից հանում է իր աղջիկների նկարները ու ցույց տալիս արծաթե ձկնիկին: Արծաթե ձկնիկը նայում է նկարներին, նայում է, նայում ու ասում. «Չէ, ախպեր ջան, ավելի լավ է քարտեզը տուր՝ տենամ ինչ եմ անում»:Մենք բոլորս բարձր ծիծաղեցինք, որովհետև և՛ անեկդոտն էր սրամիտ, և՛ Զարմիկն էր շատ համով պատմում:Հետո ես ու Ռենան իսպանական «Ֆլամինգո» պարեցինք և, հավանաբար, լավ էինք պարում, հատկապես Ռենան՝ խանդավառ ու չքնաղատեսք, ուղղակի մի աննման սքանչելիություն, լանջաբացվածք ունեցող վառ կարմիր շողշող երկար շորով, որովհետև մյուս պարողները շուտով ետ քաշվեցին՝ պարահրապարակը թողնելով ինձ ու Ռենային, և, շրջան կազմած, ռիթմիկ ծափերով քաջալերում էին մեզ:Ուրախ և հաճելի երեկո էր և չիմացանք, թե ինչպես անցավ ժամանակը:– Թող նոր տարին նոր ուրախություններ բերի մեզ բոլորիս, – վերջում իր կենաց-խոսքում ասաց Ռոբերտը: – Թող երջանկություն բերի բոլորիս, և համոզված եմ, որ այդպես էլ կլինի, բարեհաջող տարի կլինի: Կյանքը երբեմն մարդուն անկրկնելի, երջանիկ ակնթարթներ է պարգևում՝ ինչպես որ այսօր: Երջանկությունը վաղվա օր չունի, այն երեկվա օր նույնպես չունի, չի հիշում անցյալը, չի խորհում գալիքի մասին, այն միայն ունի ներկա, և դա էլ ոչ թե մի ամբողջ օր, այլ կարճ ժամեր, րոպեներ, գուցե և ակնթարթներ, և երջանկության գաղտնիքը նրանում է, որպեսզի այդ ակնթարթները, որ երբեմն մի ամբողջ կյանք արժեն, ինչքան հնարավոր է, հաճախակի կրկնվեն: Շնորհավոր ձեր Նոր տարին, սիրելիներս: Հանդիպում ենք այստեղ, այս շքեղ սրահում, փետրվարի քսաներեքին՝ Կարմիր բանակի օրը, երեկոյան ժամը վեցին: Համաձա՞յն եք:– Համաձայն ենք, – խնդուն բացականչություններով համաձայնվեցինք բոլորս և մեր բյուրեղյա ըմպանակները զվարթ զնգոցով բախվեցին իրար՝ ի նշան համաձայնության:* * *…Ավա¯ղ, մեզ չհաջողվեց հանդիպել փետրվարի քսաներեքին շքեղազարդ «Գյուլիստանում», ինչպես և չհաջողվեց կատարել Նոր տարվա գիշերը մորս տված խոստումը՝ Ռենային հյուր տանել նրանց մարտի ութի տոն օրը:Առհասարակ, նոր տարին այնքան էլ բարեհաջող չսկսվեց: Ռենան մրսել, հիվանդացել էր, ես շարունակ անտրամադիր էի, մինչև նա կազդուրվեց, և ես հնարավորություն ունեցա նրան տեսնելու:Հունվարի վերջերին խմբագրությունում մեծ կռիվ առաջացավ Թելման Կարաբաղլի-Չալյանի և նույն բաժնում աշխատող Գևորգ Աթաջանյանի միջև: «Գամ ես, գամ՝ նա, – ինչ-որ մեկից վերցրած չվառած սիգարետը մատների արանքում՝ միջանցքում հուզված այս ու այն կողմ գնալով, կրկնում էր Թելմանը: – Վսյո, երեսուներեք դոգոսանոս ալիմենդով մեձասող իմ էրգու ջոխդակ դղայիս գարմուր արևը, քինամ եմ նախագի մոդը: Մուգունը գուջուր մուգունա, բայս վար ինգնում ա օխտը կուժանոս գարասի մեջը, սաղ մուռդառում ա: Դա մուռդառ մուգուն ա: Դոնս քանդիս, գյանքս քանդիս, ինս շաքյարի հիվանտ շինիս, էդ լագոդը հո՞վ պերավ էսդեղ»:Բանն այն չէր միայն, որ նրանք՝ երկու մեծահասակ մարդ, ամբողջ կոլեկտիվի առաջ ամենավերջին խոսքերն էին ասել միմյանց: Նրանք երկուսն էլ՝ իրենց վարք ու բարքով, իրար արժեն, և նրանց վեճ ու կռիվն էլ սովորական, առօրյա երևույթ էր, ցավալին այն էր, որ այդ մասին իմացավ նաև կոմիտեի ղեկավարությունը:Տհաճ խոսակցություն եղավ նախագահ Էլշադ Գուլիևի առանձնասենյակում: Ներկա էին նախագահի տեղակալները, կոմիտեի բոլոր գլխավոր խմբագիրները, սկզբնական կուսկազմակերպության քարտուղարը, արհմիության նախագահը՝ շուրջ երեսուն մարդ:Նախագահը ջահել, բայց ծանրամարմին, գլուխն ուսերի մեջ խրված, տեղում նստած կարդաց Թելմանի բողոքը, երկար խոսում էր զայրացած տոնով ու ցնցուղային աստմայից ծանր շնչելով, կշտամբեց գլխավորին՝ այդպիսի նենգավուն մարդուն աշխատանքի ընդունելու համար: Նա կարդաց նաև Աթաջանյանի կնոջ՝ Ռոզալիա Ավետիսյանի նամակը, ուր նա պաղատագին խնդրում էր օգնել՝ ալիմենտ ստանալու: Կար և մի ուրիշ նամակ, ինչ-որ Ռիտա Գրիգորյանից: Սա բողոքում էր Աթաջանյանից, որը սուտ խոստումներով պատվազրկել է իրեն ու փախել:Ի վերջո, որոշում ընդունվեց, ըստ որի գլխավորին խիստ նկատողություն հայտարարվեց, իսկ Աթաջանյանը վտարվեց աշխատանքից: Ընկճված տրամադրությամբ մենք բարձրացանք խմբագրություն: Գլխավորը լուռ էր, չափազանց հուզված: «Մարդ չի, էլի, մարդ չի, – արդեն իր առանձնասենյակում կատաղի ասաց նա Աթաջանյանի հասցեին, – երախտամոռ անասուն է: Հիմա նրանք ի՞նչ պիտի մտածեն մեր մասին… Իմ ու նախկինի երաշխավորությամբ մի օրվա մեջ, պատկերացնո՞ւմ ես, Լեո, մի օրվա մեջ, գրողների միության շարքերն ընդունվեց, մարդիկ քսան տարի սպասում են, չեն կարողանում ընդունվել, նրան մի օրվա մեջ ընդունեցին, որպեսզի գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար նշանակեն: Վերևից հրահանգ կար՝ շտապ ընդունել: Ես հետո միայն իմացա, թե նա ինչ ճանապարհով էր դրան հասել: Մենակ հո դա՞ չի, Լևոն Ոսկանյանի խնդրանքով գրող Սուրեն Կասպարովն իր տանը գրանցեց նրան, «Գրական Ադրբեջանում» սրբագրիչ էր, հեռացնելուց հետո եկավ աղաչեց, դու էլ բարեխոսեցիր, հիշում եմ, գործի ընդունեցինք: Էլ ի՞նչ պիտի անեինք, ասա խնդրեմ, որպեսզի մարդավարի պահեր իրեն, չխայտառակեր մեզ: Բարձր հոնորար էինք նշանակում, մտածելով, որ ալիմենտ է վճարում երեխաներին: Տեսա՞ր, պարզվում է՝ ոչ մի կոպեկ էլ չի ուղարկում ընտանիքին: Չես հասկանում, ի՞նչ մարդ է դա:Անսպասելի ներս մտավ ինքը՝ Գևորգ Աթաջանյանը, ասես ոչինչ չէր եղել՝ անհոգ տեսքով, ծուռ ժպիտը դեմքին գնաց, նստեց բազմոցին:– Լսիր, ես քեզ չեմ հասկանում, – չդիմացավ գլխավորը: – Դու վերջիվերջո պիտի՞ հասկանաս, որ կան քայլեր, որոնք ներում չունեն, կան բառեր, որոնք հնարավոր չէ մոռանալ, կան արարմունքներ, որից հետո քեզ համար ամենաթանկ մարդն անգամ կարող է հավասարվել հողին: Դու քեզ այնպես ես պահում, ասես ինչ-որ մրցանակ ես ստացել կամ էլ առնվազն վիճակախաղի տոմս ես շահել:– Իսկ ի՞նչ է պատահել, – լկտիաբար նայելով գլխավորին՝ ամբարտավան տեսքով ասաց նա:– Էլ ի՞նչ պիտի պատահի, կոմիտեի նախագահի հրամանագրով ազատված ես աշխատանքից:– Հետո ի՞նչ, – ուսերն անտարբեր թոթվելով չարախինդ քմծիծաղով ասաց նա: – Կգնամ գերեզմանատներում փողով երգ կասեմ, ցախավելը վերցրած՝ փողոցները կավլեմ, միայն թե դուք գոհ լինեք: Ինչ է, կարո՞ղ է դադարել եմ կոմունիստ լինելուց:– Այ տղա, առաջին հերթին մարդ պետք է լինել: Ղարաբաղի գրողները քեզ բոյկոտի ենթարկեցին՝ ինչի՞ համար, – հարցրեց գլխավորն ու ինքն էլ պատասխանեց: – Ոչինչ չէիր անում՝ դրա համար: Ասեկոսություններով բոլորին իրարով էիր տվել՝ դրա համար: Մինչ այդ մարզային ռադիոյում էիր՝ այնտեղի՞ց ինչու հանեցին: Անբարոյականության համար: Թվե՞մ մեկ-մեկ: «Գրական Ադրբեջանում» մարդիկ ընդառաջեցին, օգնեցին գրանցվելու, ընդունեցին աշխատանքի: Իսկ դու ի՞նչ արեցիր: Կարիերայի սին մարմաջով տարված՝ սև ապերախտությամբ պատասխանեցիր նրանց լավությանը: Շարունակական բանսարկություններով պախարակեցիր հարգարժան մարդկանց: Այն մարդկանց, ովքեր օգնել էին քեզ, սատար կանգնել քո նեղ օրվան: Վաթսուն տարեկան մարդ ես, հարկավոր է մի քիչ լուրջ լինել:– Վաթսուն տարեկան մարդ եմ, բայց մի ընկած ատամ չունեմ, նա յիր, – շեռից հոտ քաշած մադյանի պես երախաբաց՝ իրար սեղմած ատամներն այս ու այն կողմ ցուցադրելով, ասաց Աթաջանյանը: – Մազերս տեղը, տղամարդկային արժանապատվությունս, փառք աստծո, տեղը, շենք ու շնորհքս տեղը, նայեք ու նախանձեք, նախանձից բացի ընդունա՞կ եք որևէ բանի: Չէ, իհարկե: Հետո էլ, մի հարցրու տես՝ քո խրատների կարիքը զգո՞ւմ եմ ես, – դեմքի ծամածռունքով նետեց նա:– Գորտի երեսին թքեցին, ասաց՝ ուխա¯յ, անձրև է գալիս: Գիտե՞ս ինչ եմ մտածում, – տեղից ելնելով՝ զայրացած ասաց գլխավորը: – Մտածում եմ, որ դու այդ ամենը միտումնավոր ես անում, հատուկ նպատակով, ուզում ես խայտառակել մեր հայ մտավորականությանը և, պետք է ասել, որ դա քեզ, դժբախտաբար, հաջողվում է: Այլապես ինչպե՞ս գնահատել քո արարմունքը, որ Ղարաբաղից, ոչ բարով-խերով, այստեղ գալուց հետո ոչ մի տեղ երկար չեն պահում քեզ: Ամեն տեղից վտարում են, ընդ որում՝ կռվով, խայտառակ ձևով: Մենք քո պատճառով քիչ է մնում գետինը մտնենք ամոթից, իսկ քեզ վրա, տեսնում եմ, ամենևին չի ազդում:– Չի ազդում, որովհետև ես ազնիվ մարդ եմ, – ձայնը չէր կտրում նա: – Որովհետև անազնիվ մարդկանց շրջապատում մեզ նմանների համար միշտ դժվար է եղել:– Մեզ նմանների համար… Ո՞ւմ նկատի ունես՝ քեզ և Ռոբերտ Առաքելովի՞ն:– Թեկուզ և նրան. գիտահետազոտական ինստիտուտում բաժնի վարիչ է, գիտությունների թեկնածու, հրաշալի բանաստեղծությունների հեղինակ, ինստիտուտի դիրեկտորի համար դոկտորական դիսերտացիա է գրել: Ումի՞ց է պակաս: Ինչ մնում է ինձ, այո, ես գերազնիվ մարդ եմ…– Այդ գերազնվությո՞ւնն է մղել քեզ Թելման Չալյանի կնոջը հրամցնես Սաֆար Ալիևին, – ակնհայտորեն նյարդանալով հարցրեց գլխավորը:Որքան ավելի էր գլխավորը հուզվում, Գևորգ Աթաջանյանն այնքան հանգիստ ու ծաղրական էր դառնում:– Դա իմ անձնական գործն է՝ ծանոթ կանանց ծանոթացնել ծանոթ տղամարդկանց հետ, և դա ոչ ոքի չի վերաբերում, – տարփափայլ ժպիտը տարածվեց նրա դեմքին: – Լավ եմ արել: – Աթաջանյանի բերանի անկյունները թրթռացին չարախինդ ծիծաղից:– Ախորժակն ում են տվել, փլավն՝ ում: Ցնդած Թելման Չալյանն ո՞վ է, որ վայելի էդպիսի կնոջը… Այո, լավ եմ արել, ի՞նչ է, հավատարմության գոտի՞ ես հագցնելու, թե՞ միջնադարյան ասպետ ես՝ կողպեք ես դնելու վրան: Ապրանքն իրենն է, ում ուզում՝ նրան էլ տալիս է, դո՞ւ ով ես:Գլխավորն ուշադրություն չդարձրեց նրա անվայելուչ խոսքերին:– Ամբողջ կյանքում, – նողկանքով ասաց նա, – որպես ծաղրածու՝ դատավոր-դատախազների, միլիցիոներների ետևից ընկած ծամածռություններ ես անում նրանց՝ մարդկանց ծախելով:– Դու էլ արա:– Ես դրան սովոր չեմ, դա քո արհեստն է: Քո և քո հարբեցող ընկերոջ՝ Ռոբերտ Առաքելովի արհեստը: Նրա հոր՝ Կարո Առաքելովի հետ աշխատել եմ «Կոմունիստի» խմբագրությունում, կեղտոտ արարածի մեկն էլ նա էր, և, տեսնում եմ, որ հայատյացությամբ՝ հորից շատ բան է ժառանգել որդին: Մանավանդ, որ ընկերն էլ դու ես՝ նմանն զնմանին գտանե, – ավելացրեց գլխավորը: – Գուրգեն Գաբրիելյանն ինչո՞ւ էր ապտակել քեզ՝ մարդկանց ներկայությամբ:– Քո գործը չէ:– Նրա քրոջ ամուսնացած աղջկան էստեղ՝ Բաքվում, անամոթաբար սիրահետել ես, դրա համար: «Ազերինֆորմի» թղթակից Ռադիկ Գրիգորյանի հետ ընկերություն էիր անում, – շարունակեց նա, – իսկ նրա քույրը քո դեմ բողոքի նամակ է գրել կոմիտեի ղեկավարությանը:– Շան պես հավատարիմ, շան պես արհամարված, – մանր կվթոցով գռմռաց Աթաջանյանը:– «Կոմունիստ» թերթի խմբագիր Հրանտ Բաբայանի եղբոր՝ Ժորայի հետ, իբր, ընկեր էիր, իսկ, ահա, Հրանտ Բաբայանի մասին կեղտոտ լուրեր ես տարածում, անանուն նամակներ ես հորինում: Ի՞նչ մարդ ես դու:– Հրանտ Բաբայանը, եթե կարգին մարդ լիներ, – ասաց նա և չարագույժ դեղին փայլով շողացին աչքերը, – ինձ աշխատանքի կընդուներ, բաժնի վարիչ կնշանակեր, և ես ստիպված չէի լինի դռներն ընկնել:– Ըստ երևույթին, Բաբայանը քեզ ավելի լավ էր ճանաչում, քան մենք, դրա համար էլ չի ընդունել:– Ոչինչ, նա չի ընդունել, նոր խմբագիր Էմիլ Գրիգորյանը կընդունի:– Այո, – քմծիծաղեց գլխավորը, – նոր մարդ է, քեզ չի ճանաչում, կարող է և ընդունի: Բայց միայն որպես սրբագրիչ կամ ցրիչ: Չնայած, ճիշտն ասած, դու դրան էլ արժանի չես:– Բայց ես հայ բանաստեղծ եմ… Աստված իմ, աստված, – արտիստորեն ձեռքերը վեր կարկառած՝ գոչեց Աթաջանյանը: – Բամբասում են անվերջ, չարախոսում անդուլ, բանսարկում են քինոտ, նախանձում ու խանդում, ի՞նչ եք ուզում ինձնից, չարախոսներ դուք իմ խեղճ ու կրակ: Որ թևերս ծալե՞մ, իմ հեռընթաց հրթիռի շարժիչները մարեմ ու ճռնչա՞մ՝ հին ճամփեքով շարժվող ձեր սայլերի նման, դե, եկ վարդապետ ու մի ցնորվիր: Դուք դա՞ եք ուզում, իմ ողորմելիներ, բայց չեք տեսնի բնավ, հայ բանաստեղծ եմ ես, և այն էլ շատ լավ:Գլխավորը մի պահ ուղիղ նայեց նրան, դառնորեն ասաց.– Դու ի՞նչ հայ բանաստեղծ ես, և այն էլ շատ լավ, եթե այդ տարիքում Հայաստանում բանաստեղծական մի տող անգամ չես տպագրել:– Քեզ նմաններն են խանգարել:– Մի լսեիր, թե Հուրունցն ինչ էր պատմում քո մասին:– Հուրո՞ւնցը: – Աթաջանյանը ցասկոտ վեր թռավ տեղից: – Գիտեմ, գիտեմ, լսել եմ, թե ինչեր է ասել այստեղ, ոչինչ, շուտով, հը, հը, հը, – խրխնջոցի պես ձայներ հանեց նա, – շուտով Հուրունցն էլ իր բաժինը կստանա, – թունոտ ու քինոտ հոխորտաց: – Հուրունցը չգիտի, որ ես տրխամաշ տեզ եմ, կպա, էլ պոկ չեմ գա, մինչև արյունը չծծեմ մինչև վերջ: Թելման Կարաբաղլին էլ չգիտեր՝ հիմա գիտի, – ասաց նա և, բեմական զբոսանքի քայլերով մոտենալով դռանը, առանց ետ նայելու, դուրս եկավ առանձնասենյակից:– Ոչնչություն ես դու, այլ ոչ թե հայ բանաստեղծ, – նրա ետևից այնուամենայնիվ նետեց գլխավորը: – Մի դրա ճոռոմ խոսելուն նայիր՝ հայ բանաստեղծ եմ և այն էլ շատ լավ… Սարսափելին այն չէ, որ մարդ հիմար է, այլ այն, որ նա ամենուր ցուցադրում է դա:* * *Մի անարխոժություն ևս եղավ, և դա կապված էր Արինայի հետ: Վերջին երկու օրը նա շարունակ անտրամադիր էր: Ասես նախկին ծիծաղկուն, կենսախինդ Արինան չլիներ: «Ի՞նչ է պատահել Արինա յին», – հարցրի Լորաննային: «Իր խելքից տանջվում է», – եղավ պատասխանը, որից ես, սակայն, ոչինչ չհասկացա: Մյուս օրն Արինան ինչ-որ հաղորդում բերեց ստորագրելու, դարձյալ տխուր էր, մտախոհ ու ինքնամփոփ, աչքերում անթաքույց թախիծ: «Ինչո՞ւ ես ընկճված: Ծիծաղն ու ժպիտը քեզ ավելի են սազում», – ասացի ես:Արինան ինձ նայեց արցունքաժպիտ աչքերով:– Ես քեզ դառնություն եմ բերում միշտ, – ասաց նա աչքերը փախցնելով: – Չգիտեմ նույնիսկ ինչ անեմ: Ես դա չեմ ուզում, բայց այդպես է ստացվում:– Ի՞նչն է այդպես ստացվում:– Այն, որ, հակառակ իմ կամքի, նորից քեզ վատություն եմ արել, – կիսաձայն ասաց Արինան: – Ներիր ինձ, խնդրում եմ:– Բայց ինչի՞ համար: Ես ոչինչ չեմ հասկանում:– Սիլվան ամուսնուն ասել է, թե ես եմ իրեն խանգարել, որ աշխատանքի վերցնեն այստեղ:– Բայց դու ասացիր, որ ամուսինը դեմ է… Ես այդպես էլ ասացի Սաիդային:– Այո, ասել եմ… – Արինան շառագունեց, շփոթված նայեց ինձ: – Նա ամուսնուն ասել է, թե իբր ես… կապված եմ քեզ հետ… նա էլ եկել, իմ ամուսնուն է ասել…Այդ պահին իմ առանձնասենյակի դուռը բացվեց, քսանհինգ-քսանվեց տարեկան մի տղա՝ սպիտակամաշկ, հուզմունքից գունատված դեմքով, մտավ ներս և, չնայելով իմ կողմը, կատաղի դիմեց Արինային.– Դու այստեղ ի՞նչ ես անում:Արինան մինչ այդ կանգնած էր սեղանի մոտ, իմ դիմաց: Նրա դեմքը քաթանի գույն ստացավ, նա ոչ թե նստեց, այլ ուղղակի փլվեց աթոռին:Ես, իհարկե, հասկացա, որ Արինայի ամուսինն է, և շատ կոպիտ ասացի.– Լսիր, ինչպե՞ս է քո անունը:– Հարութ, – շրջվելով՝ շուրթերը ցասումով կքած նետեց նա:– Հարութ, դու քո այդ հրամայական տոնով ձեր տանը կարող ես խոսել: Սա խմբագրություն է և բարի եղիր պահել քեզ ինչպես հարկն է:Արինան՝ վախեցած, բերանը կիսաբաց, աչքը չէր կտրում ամուսնուց՝ չհամարձակվելով մի խոսք անգամ արտաբերել:– Նա ի՞նչ է անում այստեղ, – արդեն ինձ դիմելով հարցրեց Հարութը՝ ծանր շնչելով:– Հաղորդում է բերել ստորագրելու, – ասացի ես չոր ու կոպիտ: – Իսկ եթե դա քեզ դուր չի գալիս, մենք նրան հենց այսօրվանից կարող ենք ազատել աշխատանքից: Բավարարվա՞ծ ես:– Ոչ, – նետեց Հարութը: – Ես հիմա նրան կտանեմ Սիլվայի մոտ, դուք գիտեք նրան, և, եթե Սիլվան նրա ներկայությամբ հաստատի այն ամենը, ինչ նա պատմել է Սիլվային, ուրեմն վճիռը պարզ է: – Արինայի ամուսինն ընդոստ մի շարժումով գրպանից զսպանակավոր դանակ հանեց, որի սայրը՝ կոճակի սեղմումով շխկոցով դուրս թռավ պատյանից: – Վճիռը պարզ է, – կրկնեց նա լայնացած ռունգերով, – ահա այս դանակով ես կսպանեմ և՛ նրան, և՛ ձեզ, և՛ ինձ:– Լսիր, – անսպասելի կատաղությամբ ասացի ես: – Դու լավ կանեիր՝ սկսեիր հենց քեզնից: Դուրս այստեղից:Արինան ակամա վեր թռավ տեղից, գլխահակ դուրս վազեց առանձնասենյակից:Հարութը սառնորեն նայեց և, առանց մի խոսք անգամ արտաբերելու, դանդաղ շարժումներով ծալեց սուրսայր դանակը և, խոթելով գրպանը, դռան մոտ մի անգամ ևս ետ նայեց ու դուրս եկավ:Այո, նոր տարին, իրոք, այնքան էլ բարեհաջող չսկսվեց: Իսկ փետրվարի քսանմեկի ուշ երեկոյան, միանգամայն անսպասելի, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի մշակույթի բաժնի վարիչ Ազեր Մուստաֆազադեն զանգեց: Ազերը մեզ մոտ՝ ռադիոյի ու հեռուստատեսության կոմիտեի ռուսական խմբագրությունում էր աշխատում: Հետո մի կարճ ժամանակ գրողների միության ներկայացուցիչն էր Մոսկվայում, դարձյալ կարճ ժամանակով՝ հանրապետության մամուլի կոմիտեի նախագահի տեղակալն էր: Առաջներում Սիավուշի, նրա ու գրող Սեյրան Սախավաթի հետ մի քանի անգամ եղել էինք ռեստորաններում, նույնիսկ մի անգամ Մոսկվայում էինք հանդիպել, ՑԴԼ-ի ռեստորանում, մտերիմ էինք:– Լեո, – ասաց Ազերը, – վաղը դու պետք է Ստեփանակերտում լինես: Ռամիզ Մեհթիևն այնտեղ է, կմտնես մարզկոմ՝ նրա մոտ, նա կասի, թե ինչ պետք է անել:Ռամիզ Մեհթիևը կենտկոմի քարտուղարներից էր, առաջներում նույնպես, պատահել էր, գործ էի ունեցել բարձր ղեկավարության հետ, նույնիսկ մի երկու անգամ Հեյդար Ալիևի հետ էի եղել շրջաններում՝ Ղազախում, Իսմայիլլիիում, Աղդամում ու Մարտունիում և տարօրինակ ոչինչ չէի տեսնում դրա մեջ:– Լավ, – ասացի, – այսօր ուշ է, վաղը կմեկնեմ:Սակայն նրա վերջին, հպանցիկ նախադասությունը՝ «Մի քանի ծերուկ բունտ են բարձրացրել այնտեղ, հարկավոր է համոզել, որ ձեռք քաշեն ծերունական զառանցանքներից», – ինձ անհասկանալի մնաց: Նա այդպես էլ ասաց՝ «ծերունական զառացանքներ»:– Չէ, ի¯նչ ես ասում, – առարկեց Ազերը, – այսօր է պետք ճանապարհվել: Թիֆլիս երկու գնացք է գնում՝ տասնմեկին և մեկ անց կեսին: Կգնաս մինչև Եվլախ, այնտեղից ի՞նչ է մնում՝ մի վաթսուն-յոթանասուն կիլոմետր ճանապարհ:Ազերի ի միջի այլոց ասած նախադասությունն ինձ հանգիստ չէր տալիս: Մտազբաղ ետուառաջ էի քայլում տանը: Իսկ Ստեփանակերտ մեկնել բոլորովին չէի ուզում: Որոշեցի զանգել գլխավորին, գուցե նա կոնկրետ որևէ բա՞ն գիտի: Գլխավորը չկար: «Վլադիմիրը հենց նոր գնաց, – տխրաձայն ու ափսոսանքով ասաց կինը՝ Գեղեցիկը, – նրան կենտկոմից շտապ Հադրութ ուղարկեցին»: Սկսեցի հավաքել Ազերի հեռախոսահամարը, ուզում էի նրան խնդրել, որ ազատի ինձ այդ հոգսից, սակայն նրա հեռախոսը շարունակ զբաղված էր: Փորձեցի ուրիշ բաժիններ զանգել՝ նույնը, կենտկոմի բոլոր հեռախոսները կա՛մ զբաղված էին, կա՛մ ոչ ոք չէր վերցնում խոսափողը: Գուցե Սիավո՞ւշը որևէ բան իմանա: Ոչ, նա Ստեփանակերտի մասին ոչինչ չգիտեր, ես նրան պատմեցի Ազերի հեռախոսազանգի մասին, ասացի, որ Ստեփանակերտ մեկնել չեմ ուզում: «Ծերուկ, ես քեզ հասկանում եմ, – ասաց Սիավուշը, – սպասիր, ես քեզ կզանգեմ»: Մի քանի րոպեից նա զանգեց և ասաց, որ Ստեփանակերտում, մարզկոմի շենքի առաջ ցույցեր են տեղի ունենում, պահանջում են Ղարաբաղը միացնել Հայաստանին: «Ես քեզ լավ եմ հասկանում, ծերուկ, – կրկին ասաց Սիավուշը, – բանն այն է, որ քո և՛ գնալն է վատ, և՛ մնալը՝ նայած որ կողմից ես նայում: Ազերը տեղում չէ, խորհրդակցություն է այնտեղ, սեկտորի վարիչ Խեյրուլլա Ալիևի հետ խոսեցի, բացատրեցի նրան բանի էությունը, ասաց, որ կզանգի քեզ»: Եվ, իրոք, քիչ անց Խեյրուլլան զանգեց, ասաց, որ ոչինչ անել հնարավոր չէ, անպայման պետք է մեկնել: «Ոչ մի տեղ չեմ գնա, – հաստատ որոշեցի ես և անջատեցի հեռախոսը, – թող ինչքան ուզում են՝ զանգեն»: Սակայն առավոտյան շուտ ինձ մոտ, տուն եկավ ինքը՝ Խեյրուլլան: Դռան զանգի վրա ես բացեցի դուռը և տեսա նրան՝ հաղթանդամ, ճերմակող ալեխառն մազերով, երկու մետրից քիչ բարձր բոյով:– Լեո, պետք է մեկնել, – առարկություն չվերցնող տոնով ասաց նա: – Ամբողջ կենտկոմն է մեկնում, քաղբյուրոյից էլ մարդիկ կան, շտապ գնա օդանավակայան, ժամը տասի ռեյսին պիտի հասնես: Իմ մեքենան մինչև «Աերոֆլոտ» կտանի քեզ:«Աերոֆլոտի» մոտ ես դիտմամբ մի երկու ավտոբուս բաց թողեցի, ուզում էի թռիչքից ուշանալ: Ուշացումով, տասին մի քանի րոպե պակաս, ես արդեն դեպուտատական սրահում էի:– Տեղ չկա, – ասացին այնտեղ: – Մի հատ տեղ անգամ չկա:«Ավելի լավ», – մտքում ասացի ես գոհ իմ բախտից: Հենց այդտեղից, դեպուտատական սրահից, զանգեցի կենտկոմ՝ Խեյրուլլա Ալիևին, ասացի, որ Ստեփանակերտ մեկնող օդանավում տեղ չկա:– Ի՞նչ է նշանակում՝ տեղ չկա, – զայրացավ Խեյրուլլան: – Լրացուցիչ օդանավ կլինի, հիմա մերոնք էլ կգան, սպասիր, նրանց հետ կմեկնես:Օդանավում ընդամենը յոթ-ութ հոգով էինք, ինձնից քիչ հեռու կենտկոմի հրահանգիչ Վալերի Աթաջանյանն էր նստած՝ մտախոհ, տխուր տեսքով: Մնացածներն անծանոթ էին, անհոգ կատակներով սուրճ էին խմում, քռքռում:Իմ տրամադրությունը քիչ բացվեց, երբ օդանավն անցավ Ստեփանակերտի վրայով և գնաց դեպի Խոջալու՝ վայրէջքի, որովհետև ես վերևից տեսա. մարզկոմի առջև, հրապարակում, ոչ ոք չկար: Օդանավակայանում դիմավորողներ կային, նրանք պատմեցին, որ Աղդամի կողմից ադրբեջանցիների մի հոծ բազմություն՝ կացիններով ու դանակներով, բրերով, դաշույններով, մահակներով ու քարերով զինված եկել են Ասկերանի վրա՝ ճանապարհին ավերելով ամեն ինչ, խաղողի այգիներում աշխատող տասնյակ հայերի ծեծել, խոշտանգել են, մի քանի տուն վառել Ասկերանի մոտ, բայց զինվորականներին՝ մոտ հազար հոգով, որոնց այստեղ, լեռնային պայմաններում, զորավարժում էին՝ Աֆղանստան ուղարկելու համար, հաջողվել էր մի կերպ կանգնեցնել խուժանին: Ամենից սարսափելին այն էր, որ երկու ադրբեջանցի էին սպանվել, սպանվողներից մեկի եղբայրը՝ Հաջիև ազգանունով, ասել էր, որ եղբոր վրա կրակողը ադրբեջանցի միլիցիոներ է եղել:Մարզկոմի առջև, հրապարակում, իրոք, մարդ չկար: Մենք բարձրացանք երկրորդ հարկ, այստեղ էին արդեն Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Քյամրան Բագիրովը, քաղբյուրոյի անդամ Գեորգի Ռազումովսկին, քաղբյուրոյի անդամության թեկնածու Պյոտր Դեմիչևը, ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ՝ համազգեստով ու առանց համազգեստի: Այստեղ էր Բորիս Կևորկովը: Ես հիշեցի Հուրունցի խոսքերը նրա մասին: Ահ ու սարսափ տարածող այդ մարդը հիմա մարզկոմի նիստերի դահլիճում նստած, վախեցած ու խեղճ այս ու այն կողմ էր նայում՝ հաստ ապակիներով ակնոցը ցուցամատով ստեպ-ստեպ հրելով վեր ու օգնություն հայցող աչքերով նայելով ելույթ ունեցողներին:Սակայն ոչ ոք չէր խղճում նրան և ոչ ոքի չէին խղճում: Կրակ էր ցայտում ելույթ ունեցողների կրակված շուրթերից:– Ժողովուրդների բարեկամության շինծու քողի տակ տարիներ ի վեր թշնամանք եք սերմանում իմ ժողովրդի դեմ, – գոչեց բանաստեղծ Վարդան Հակոբյանը Քյամրան Բագիրովի երեսին: – Տարիներ ի վեր սոցիալական կեղեքման ու ազգային հալածանքների եք ենթարկում մարզի աշխատավորությանը: Ի՞նչ բարեկամության մասին է խոսքը, երբ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի բաժնի վարիչ Ասադովը կուսակցության մարզկոմի բյուրոյի նիստում սպառնում է մեզ՝ հարյուր հազար ադրբեջանցիներով ներխուժել Ղարաբաղ և սրի քաշել ողջ բնակչությանը, և որ այդ հարյուր հազարը Ղարաբաղի սահմանագծին պատրաստ կանգնած՝ սպասում է հրամանի: Ուղիղ յոթանասուն տարի առաջ միաչքանի Սուլթանովն էր այդ նույն ձևով սպառնում՝ հարյուր հազար քուրդ ու թաթար խաժամուժով ներխուժել Ղարաբաղ, եթե Ղարաբաղը, ի վերջո, չհամաձայնի կամովին մտնել նորաստեղծ Ադրբեջանի կազմի մեջ: Ահա այստեղ ներկա է կուսակցության Շուշիի շրջկոմի առաջին քարտուղար Հաջիևը, հարցրեք՝ ինչո՞ւ են ավերել քաղաքի հայկական վեց գերեզմանատները, ինչո՞ւ են փշրել Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանը: Ասացեք՝ ինչո՞ւ մեր ազգային հերոս մարշալ Բաղրամյանի մահվան օրը հրավառություն էր Բաքվի փողոցներում, ինչո՞ւ ոչ մի հաղորդում չեղավ ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, ոչ մի թերթ մի տող անգամ չգրեց այդ մասին: Հակահայ այս քաղաքականությունը մի նպատակ չունի՞ միայն՝ Նախիջևանի նման Ղարաբաղը նույնպես դատարկել հայերից, և մեր մեղքն ա՞յն չէ լոկ, որ դարեր ի վեր հավատարիմ ենք մեր հինավուրց հողին ու ջրին, մեր մայրենի լեզվին ու մեր հավատին: Երկրորդ Նախիջևա՞ն եք ուզում՝ չի լինելու:– Այս ամբողջը Հեյդար Ալիևի սարքած գործն է, – վերջին շարքերից կատաղի բացականչեց ինչ-որ մեկը:Բոլորը ետ շրջվեցին. մարզկոմի հրահանգիչ Արմեն Հովհաննիսյանն էր՝ ճերմակած մազերով, նիհարավուն, հուզմունքից այլայլված ու գունատ:Խոսեց Ռազումովսկին, խոսեց և Դեմիչևը, և այնքան անճարակ էր նրանց խոսքը, և նրանք՝ այնքան անտեղյակ հիմնահարցին, որ ես սարսափեցի մի պահ՝ մի՞թե սրանք ու սրանց նմաններն են տնօրինում մարդկանց ու ժողովուրդների ճակատագիրը, և ես ցավով հասկացա նաև, որ այս խմորը ջուր շատ է տանելու, և որ մեծ արհավիրքներ են սպասում մեզ առջևում:Երբ դուրս եկանք նիստերի դահլիճից, հրապարակը փոթորկում էր արդեն, տասնյակ հազարավոր մարդիկ գետնին ծնկաչոք աղերսում էին՝ «Լենին, պարտիա, Գորբաչով»:Ամբողջ չորս օր՝ գիշեր ու ցերեկ, ես լսում էի նրանց չընդհատվող աղերսը՝ ուղղված քարացած Լենինին, խուլ ու համր պարտիային ու քամելեոն Գորբաչովին:– Հավատ ընծայել Գորբաչովին, նշանակում է՝ ոչինչ չհասկանալ նրա քաղաքականությունից, – ասաց Մաքսիմ Հովհաննիսյանը՝ սակավախոս ու անչափ հաճելի վեհանձն մի անձնավորություն, հեռավոր 1965 թվականին Մոսկվա ուղարկված հայտնի նամակի տակ ստորագրած տասներեք առաքյալներից մեկը, որն այդ ստորագրության համար բազում զրկանքներ կրեց կյանքում: – Երբեմն ուշադիր լսում ես նրա ելույթն ու այդպես էլ չես կարողանում ըմբռնել, թե կոնկրետ ինչի՞ մասին է նրա խոսքը: Ղարաբաղի հարցի հնարավոր լուծումը, ես համոզված եմ, նա դիտավորյալ կտանի փակուղի, որպեսզի վերակառուցման իր սնամեջ գաղափարի կործանումը կապի այդ շարժման հետ՝ իշխանության ու մամուլի ամբողջ ցասումն ուղղելով մեր դեմ:– Բայց մեզ կենտկոմում խոստացան օգնել, – ներողամիտ տոնով ասաց բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանը, ով մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի ու Վարդան Հակոբյանի հետ նոր էր վերադարձել Մոսկվայից և հավատում էր, որ Ղարաբաղի հարցն անպայման արդարացի լուծում կունենա: – Մենք այնտեղ պատմեցինք այն բոլոր անարդարությունների մասին, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար գործադրում է մարզի դեմ: Նրանք ասացին, որ արդարացի է մեր պահանջը:«Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրի առանձնասենյակից երևում էր ալեկոծվող հրապարակը:– Մոսկվային հավատալու համար կա՛մ չտես պիտի լինել, կա՛մ անմիտ լավատես, – իր կարծիքն ասաց խմբագրության բաժնի վարիչ Նվարդ Ավագյանը: – Մոսկվան դեմ է արցախահայության արդարացի պահանջին, նա ամեն ինչ կգործադրի՝ ձախողելու, վարկաբեկելու այդ շարժումը, որովհետև ինքնորոշման մեր պահանջը փաստորեն մերժում է 1918-1920 թվականներին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև 1921 թվի մարտի 16-ի հայադավ ու միանգամայն անարդարացի դաշնագիրը, որը ստորագրվել է ընդամենը 25 տարով՝ մինչև 1946 թվականը: Դրանով իսկ հնարավորություն է ընձեռնվում հասկանալու այդ պայմանագրի էությունը: Վերջ ի վերջո, Մոսկվան ե՞րբ է գնահատել հայի բազմադարյա հավատարմությունն ու նվիրվածությունը, որ հիմա գնահատի: Նայեք, տասնյակ հազարավոր մարդ կա հրապարակում, նրանց մեջ ադրբեջանցիներ կան, ոչ ոք նրանց մի ցուրտ խոսք չի ասում և չի ասի, բայց երեկ Մոսկվան հաղորդում տվեց՝ նրանց բոլորին անվանելով ծայրահեղականներ: Մի՞թե սա արդարություն է:– Այսօր այստեղ ինձ մոտ էր Լենինգրադի «Ավրորա» ամսագրի աշխատակից Ալեքսանդր Վասիլևսկին, – ասաց Մաքսիմ Հովհաննիսյանը՝ հայացքը հրապարակի բազմահազար բազմությանը: – Նա հանդիպել է Ասկերանի մոտ սպանված Ալի Հաջիևի հարազատ եղբոր՝ Արիֆ Հաջիևի հետ: Հաջիևը հաստատել է, որ, իրոք, իր եղբորն ադրբեջանցի միլիցիոներն է սպանել: Եղբոր ընկերոջ՝ Ուլվի Բահրամովի ներկայությամբ է եղել դա: Եղբոր ու միլիցիոների միջև վեճ է ծագել, և միլիցիոները, հանելով ատրճանակը, կրակել է նրա քսաներկուամյա եղբոր կրծքին: Եղբորը սպանող միլիցիոներին Ուլվին չի ճանաչում, ասել է, բայց աղդամցի միլիցիոներին, որը մարդասպանին իր մեքենայով իսկույն դուրս է բերել ամբոխի միջից, լավ ճանաչում է:– Այդ սպանությունը մի նպատակ ունի միայն, – խոսակցությանը խառնվեց Գուրգեն Գաբրիելյանը: – Լավ հիշեք ասածս, ի պատասխան մեր խաղաղ ցույցերի, հեռուստատեսությամբ կհաղորդվի, որ հայերը երկու ադրբեջանցի են սպանել: Մարզային հիվանդանոցը լցված մեր տասնյակ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվի, մեր ավերված տների, ջարդված ավտոբուսների և այրված մեքենաների մասին նույնպես ոչ մի խոսք չի լինի, բայց սպանության մասին կլինի: Նպատակը պարզ է՝ մեր երկու ժողովուրդներին հանել իրար դեմ, այնուհետև այդ հակամարտությունը վերածել ազգամիջյան կռիվների:– Իսկ հետո Բաքուն ու Մոսկվան միացյալ ուժերով կսկսեն տեղահանել հայերին, – միանգամայն անսպասելի ասաց ուսուցիչ Վաղարշակ Գաբրիելյանը՝ Քոլատակ գյուղից:Նա՝ նիհար ու բարձրահասակ, մինչ այդ լուռ կանգնած էր առանձնասենյակի մի անկյունում:– Եվ մենք ստիպված կլինենք դիմել ինքնապաշտպանության, – ավելացրեց նա հաստատուն տոնով՝ մի տեսակ հարու տալու պես ճակատն առաջ տված, հոնքերի տակից խուզարկու նայելով: – Փրկության ուրիշ ելք չկա: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հողը:Ես այս խոսակցությունը հիշեցի, երբ երկու օր անց, արդեն Բաքվում, երկաթուղային կայարանից տուն գնալիս տաքսու ադրբեջանցի վարորդն ասաց. «Երեկ ուշ երեկոյան Մոսկվայից հաղորդեցին, որ Ստեփանակերտում երկու ջահել ադրբեջանցի են սպանվել»:Տուն մտնելուն պես ես զանգեցի մերոնց՝ Սումգայիթ:– Ամեն ինչ կարգին է, – ասաց մայրս, – քաղկոմի առջև մի քանի տասնյակ մարդ կա, պատուհանից երևում է, խոսում են, բայց ոչինչ չի լսվում: Այդտեղ ինչպե՞ս է, միտինգ բան չկա՞:– Չէ, ոչ մի փոփոխություն, խաղաղ է, – ասացի ես:– Ե՞րբ ես գալու:Ես Ստեփանակերտից զանգահարել էի նրանց, գիտեին, որ այստեղ չեմ եղել: Ասացի, որ նոր եկա, այս շաբաթ չեմ կարող, եկող շաբաթ անպայման կգամ:Խմբագրությունում ևս ոչ մի փոփոխություն չկար՝ նույն ջուրն էր, նույն ջրաղացը:– Գլխավորին տեսե՞լ ես, – հարցրեց Լորաննան ծիծաղելով, – գնա տես:Բացելով գլխավորի առանձնասենյակի դուռը՝ մնացի կանգնած: Գլուխը վիրակապերի մեջ՝ նա ծիծաղելի տեսք ուներ:– Ի՞նչ է պատահել:– Էհ, Լեո ջան, մահից եմ փրկվել, – նա ծիծաղելով ելավ տեղից, ընդառաջ եկավ ինձ, – հաշվիր թե նոր եմ ծնվել: Նստիր:Գլխավորը նստեց իր տեղը, ես՝ նրա դիմաց: Մի աչքը նույնպես վնասվել էր: Ասես ոչ թե ինձ էր նայում, այլ իմ վրայով ինչ-որ տեղ:– Եվլախում նստեցի Հադրութ մեկնող ավտոբուսը, – սկսեց գլխավորը: – Հանգիստ, խաղաղ եկանք մինչև Աղդամ: Մի քսան-քսանհինգ ջահել լակոտներ, որտեղի՞ց դուրս եկան՝ չհասկացանք: Սկսեցին քարերով խփել. ապակի-բան՝ ջարդվեց, փշուր-փշուր եղավ: Բայց վարորդը, ապրի արևը, չկանգնեցրեց մեքենան, գազը սեղմեց, դուրս պրծավ: Ճանապարհի երկարությամբ, մինչև քաղաքից դուրս կգայինք, այս ու այն կողմից քարապրանուկ էր: Շատ մարդ վիրավորվեց, ես էլ նրանց մեջ, գլուխս երկու տեղից ճղվել է: Հասանք Մարտունի, հիվանդանոցում գլուխս վիրակապեցին, մի քանի հոգու վիճակը ծանր էր, պահեցին հիվանդանոցում: Դու ո՞նց հասար, ի՞նչ արեցիր:– Կառավարական պատվիրակության կազմում, – ծիծաղեցի ես, – սուրճ խմելով: Ռամիզ Մեհթիևին պիտի տեսնեի, բայց ի՞նչ Մեհթիև, ինչ բան՝ շունը տիրոջը չէր ճանաչում:– Ճիշտն ասած, նույնիսկ գոհ եմ, որ այս վիճակում եմ, – կամացուկ ասաց գլխավորը:– Ինչո՞ւ, – չհասկացա ես:– Դու կարծում ես մեզ ինչի՞ համար են ուղարկել Ղարաբաղ. որպեսզի գանք ու հեռուստատեսությամբ խելքի բերենք իբր բանականությունը կորցրած ղարաբաղցիներին, նրանց շարժումը բնութագրենք որպես ծայրահեղականների և ազգայնամոլների կազմակերպած գործ, այսինքն՝ հաստատենք կենտկոմի քաղբյուրոյի հայադավ որոշումը: Ասա, այս տեսքով ես կարո՞ղ եմ հեռուստատեսությամբ ելույթ ունենալ, – հաղթական ժպիտով ավարտեց գլխավորը:– Հեռուստատեսությամբ՝ չէ, – ծիծաղեցի, – բայց ռադիոյով կարող ես:Գլխավորը վախեցած նայեց ինձ.– Կարգին բան ասա, սիրտս մի ճաքացրու: Արի տես ինչ եմ ասում քեզ. գնա տուն, հեռախոսն անջատիր, մինչև տեսնենք ինչ է դառնում: Որ զանգեն՝ կասեմ չես եկել դեռ: Նայեցի՞ր գիշերվա հաղորդումը:– Գիշերը ես գնացքում էի, ո՞նց կարող էի նայել:– Միութենական դատախազի տեղակալ Ալեքսանդր Կատուսևը ելույթ ունեցավ: Մի՞թե արժեր աղդամցի այդ երկու պատանու զոհվելու մասին անստույգ տեղեկությունը հայտնել այս պայթուցիկ պահին, ընդ որում՝ նշելով նրանց անուն-ազգանունները, ծննդյան թվերը: Դրա մեջ դիտավորություն չե՞ս տեսնում արդյոք: Ես տեսնում եմ:– Ես էլ եմ տեսնում, – ասացի ես:Գլխավորի խորհրդով գնացի տուն: Ռենան, ամենայն հավանականությամբ, ինստիտուտից չի վերադարձել դեռ: Ես անջատեցի հեռախոսը: Միացրի միայն ժամը երեքն անց կեսին, մտածելով, որ նա արդեն տանն է:– Ալլո: – Ռենան էր:– Ողջույն, Ռեն, – արտաբերեցի ես հուզմունքով: – Ես եմ: Ինչպե՞ս ես:– Բարև, – ուշացումով պատասխանեց Ռենան: – Ես հենց նոր մտա տուն: Դու հանձնեցի՞ր ստուգարքը… Վաղը չէ մյուս օրը կհանդիպենք ինստիտուտում: – Նա արագ ցած դրեց հեռախոսը:Ես ժպտացի Ռենայի հնարամտության վրա: Պարզ է, չէր կարողանում խոսել: «Եղբայրը տանն էր», – մտածեցի: Քանի օր է՝ չէի տեսել, սաստիկ կարոտել էի: «Վաղը չէ մյուս օրը, պարապմունքներից հետո, քեզ կսպասեմ այգու մոտ», – մտովի ասացի ես՝ կրկին անջատելով հեռախոսը: Ամեն անգամ, բժշկական ինստիտուտից ոչ հեռու, այգու մոտ տեսնելով մեքենան, նա մի պահ կանգնում, ժպտալով նայում է, ապա, շտապ անցնելով տրամվայի գծերը, բերանը կիսաբաց, անուշ ժպիտը հրաշագեղ դեմքին, թեթևաքայլ մոտենում է: Ու ամեն անգամ ես ինձ բռնում եմ այն բանում, որ սարսափելիորեն, մթագնման աստիճանի խանդում եմ Ռենային. այնտեղ, ինստիտուտում, որևէ մեկը աչք չի՞ դրել, արդյոք, նրա վրա, ոչ ոք չի՞ սիրահետում նրան, այդ մտքից ես իմ ծնկներում սոսկալի թուլություն եմ զգում, սիրտս անկանոն, արագ-արագ սկսում է զարկել, շնչառությունս կանգ է առնում, արյունս ասես սառչում է… «Ցավետ տանեմ», – սա նրա սիրած ամենօրյա խոսքն է: Այս մի քանի օրվա մեջ երևի միլիոն անգամ մտածել եմ նրա մասին: «Թե իմանայիր ինչքան եմ սիրում քեզ, – դարձյալ մտովի ասացի ես Ռենային, – առանց քեզ օրը տարի է թվում ինձ»:Տեղական հեռուստատեսությամբ ոչինչ չկար Ղարաբաղի մասին: Բաքվեցի երկու հայ թոշակառու՝ պատերազմի հաշմանդամ Սերգեյ Խաչատուրովն էր մեկը, մյուսը՝ հայերեն «Կոմունիստ» թերթի նախկին աշխատակից Կարո Առաքելովը, իրար ընդհատելով խոսում էին բարեկամության մասին, պատմում, թե իրենք ինչքան երջանիկ են ապրում Ադրբեջանում:Ճոխ համերգ տրվեց, հայ երգիչներն ադրբեջանական երգեր էին երգում, ադրբեջանցի երգիչները՝ հայկական: Զեյնաբ Խանլարովան երգեց «Նունե» կատակային երգը. «Նունե, Նունե, Նունե, արի ինձի սիրե»: Տարօրինակ էր, բայց հաջորդ օրը երեկոյան նույնպես հայկական համերգ հաղորդվեց: Զեյնաբ Խանլարովան դարձյալ գեղգեղաց նույն երգը. «Հանդիպել եմ շատ շատերին, բայց սիրել եմ իմ Նունեին, իմ Նունեին փախցրին տարան, ես մնացի առանց Նունե»: Ընթերցանությամբ տարված, ուշ պառկեցի քնելու, իսկ առավոտյան արթնացա դռան զանգից: «Մի՞թե նորից Խեյրուլլան է, – անցավ իմ մտքով: – Եթե նա է, կասեմ, որ հենց նոր եկա»: Բարեբախտաբար, նա չէր, Սիավուշն էր: Ես ուրախ բացեցի դուռը:– Ծերուկ, դու այս մինչև քանի՞սն ես քնում:– Իսկ քանի՞սն է որ, – զարմացա ես:– Տասներկուսն անց է՝ քանի՞սն է: Խմելու բան ունե՞ս:– Առավոտ շուտ ի՞նչ ես անում խմելու բանը: Կոնյակ կխմե՞ս:– Բեր: «Լիտերատուրնի Ազերբայջան» ամսագրի վերջին համարը չե՞ս նայել:– Չէ, ի՞նչ կա այնտեղ:– Իմ բանաստեղծությունների շարքը՝ նվիրված քեզ:– Շնորհակալ եմ: Ցավում եմ, բայց չեմ կարդացել դեռ:– Ես մի օրինակ քեզ համար վերցրել եմ, կբերեմ:Ես սուրճ պատրաստեցի, կոնյակի կիսատ շիշը դրեցի սեղանին:– Մենակ մի բաժակ, – ասաց Սիավուշը, – ավել չեմ խմի:Մեկական բաժակ խմեցինք:– Ծերուկ, դու ե՞րբ ես ինձ սուրճ եփելը սովորեցնելու: Քո պատրաստած սուրճը շատ համով է լինում: Երևանում Հովհաննես Ղուկասյանի տանը նույնպես շատ լավ սուրճ մատուցեցին: Մոխրի թե ավազի մեջ են եփում: Ի միջի այլոց, հայկական մեծ շարք եմ գրել: Երբ գնացել էի Երևան, Թարգմանչաց տոնին, եղանք Գառնիում, Գեղարդում, Զվարթնոցում: Ցնցող տպավորություն թողեց: Այս ամենի մասին բանաստեղծություններ եմ գրել: Կոմիտասի մասին էլ պոեմանման մի բան եմ մտմտում, բայց չգիտեմ ինչպես կստացվի: Լսիր, – հանկարծ ինչ-որ բան հիշելով ասաց Սիա¬վուշը: – Քո հեռախոսը չի՞ աշխատում, ինչ է:– Աշխատում է: Պարզապես անջատել եմ, որպեսզի չկանչեն ելույթ ունենալու:– Բայց գոնե ինձ ասեիր: Գիտե՞ս ինչքան եմ զանգել քեզ: Ամբողջ երեկոյան: Տեսա՞ր ինչ արեց էդ պոռնիկ Կատուսևը:– Չեմ տեսել, լսել եմ: Դա չպետք է արվեր:– Խոսքով բոլոր մարդիկ միատեսակ են և միայն արարքներն են բացահայտում նրանց տարբերությունը: Նրա խիղճը, եթե այդպիսի պոռնիկը կարող է խիղճ ունենալ, շաղախված է անմեղ զոհերի արյամբ:– Ի՞նչ զոհեր, – զգաստացա ես:– Ինչ-որ հանրակացարանում, ասում են, ընդհարում է եղել, – խուսափողական ասաց Սիավուշը: – Զոհեր կան:– Այստեղ՝ Բաքվո՞ւմ:– Ոչ… Սումգայիթում:– Ի՞նչ ես ասում, – ես արագ միացրի հեռախոսը, հավաքեցի մերոնց հեռախոսահամարը:Ոչ ոք չէր պատասխանում:– Տանը մարդ չկա, – անհանգստացած ասացի ես: – Հետաքրքիր է, ո՞ւր են գնացել:– Ուզո՞ւմ ես գնանք Սումգայիթ, – անսպասելի առաջարկեց Սիավուշը: – Ծանոթ մի տղա կա՝ Զուլֆուգար Ալիև, այնտեղ, երաժշտական ուսումնարանի տնօրենն է, շարունակ հրավիրում է:– Գնանք, – ասացի ես: – Փառք աստծո, մեքենան բակում կանգնած է:– Քո մեքենայով չենք գնա, – վճռական ասաց Սիավուշը, վեր կացավ տեղից, մոտեցավ հեռախոսին, միացրեց: – Սպասիր մի տեղ զանգեմ: – Նա ինչ-որ հեռախոսահամար հավաքեց, քիչ սպասեց: – Այդին, Սիավուշն է, – ասաց նա: – Իհարկե: Կարո՞ղ ենք Սումգայիթ գնալ… Ճիշտն ասած, եթե հնարավոր լիներ, քեզ չէի անհանգստացնի: Շնորհակալ եմ: Վագիֆի փողոց, 30: Եղավ… Ուրիշ մեքենայով կգնանք, – դառնալով ինձ՝ ավելացրեց Սիավուշը: – Շուտով կգա:– Ես ճանաչո՞ւմ եմ նրան:– Չէ, ես էլ նոր եմ ծանոթացել: Գիրք է գրել՝ չեկիստների կյանքից, թարգմանում եմ ռուսերեն: Մոսկվայում պիտի տպագրվի, թեմատիկ պլանում կա, վավերագրական պատմվածքներ են ու մի վիպակ: Բարձր պաշտոն ունի, բայց հրաշալի տղա է:Մենք կրկին սուրճ խմեցինք, սպասելով Այդինին: Փողոցից մեքենայի ազդանշան լսելով՝ հասկացանք, որ նա է:– Եկավ: Գնացինք:Այդինը՝ բարձրաբերձ, թխադեմ, համակրելի դիմագծերով, մեքենայից արագ դուրս ելավ մեզ ընդառաջ, ծանոթացանք: Մեքենա նստելիս ես նկատեցի, որ նա, ձախ գոտկատեղից քիչ բարձր, ատրճանակ է կրում:Քաղաքից դուրս, Բալաջարից հետո, Խրդալանից անմիջապես այն կողմ, ամբողջ ճանապարհին, ընդհուպ մինչև այնտեղ, ուր Բաքու-Ռոստով մայրուղուց մի ճանապարհ անջատվում, թեքվում է դեպի աջ՝ Սումգայիթ, զինվորական ստորաբաժանումներ էին կանգնած, տանկեր ու զրահամեքենաներ, կանաչագույն ծածկով բեռնատար մեքենաներ՝ թափքերի աջ և ձախ կողմերին նստած զինվորներով, հրասայլեր:– Ինչո՞ւ են սրանք այսպես կանգնած, – հարցրեցի ես: – Զորավարժություննե՞ր են, ինչ է:– Լեո, – գրկելով իմ ուսը անսպասելի ասաց Սիավուշը մի տեսակ փոխված ձայնով, և նրա ձայնից ու տոնից ես հասկացա, որ ինչ-որ ծանր, դաժան բան պիտի ասի նա, ես ներքուստ զգացի դա, և ցուրտ մի դող անցավ իմ մարմնով: – Սումգայիթում վատ բաներ են կատարվում:– Ի՞նչ վատ բաներ, – հարցրի՝ ինքս անգամ չլսելով իմ ձայնը:– Անկարգություններ են այնտեղ: Զոհեր կան: Բայց ձերոնք լավ են, – փորձեց մխիթարել Սիավուշը: – Քեզ գտնել չէի կարողանում… Կարծում էի դու էլ Սումգայիթում ես, տաքսիով հասա մինչև Ջեյրանբաթան, բայց պահակակետում դեն անցնել չթողեցին, քաղաքացիական մեքենաները ետ էին տալիս: Այդինին գտա, միասին գնացինք: Նրա մեքենան չեն կանգնեցնում: Ուզում էի քաղաք բերել, մայրիկդ չհամաձայնվեց…– Նրանք որտե՞ղ են հիմա, – Սիավուշի ասածներն ինձ չէին հաս-նում: – Դու եղա՞ր մեր տանը:Սիավուշի հետ առաջ եղել էինք մեր տանը, նա գիտեր, որ քաղկոմի մոտ են ապրում իմ ծնողները:– Տանը եղել եմ, բայց… բոլոր հայերը հիմա պանսիոնատներում են, մի մասն էլ քաղկոմում են ու քաղկոմի դիմաց՝ կաուչուկի գործարանի ակումբում…Մեքենան մտավ քաղաք, այս ու այնտեղ փշրված մեքենաներ էին՝ բազմաթիվ վառված մեքենաներ, որոնցից դեռևս ծուխ էր բարձրանում, կողքի ընկած ավտոբուսներ կային՝ լրիվ սև, ավտոկայանի մոտ շուռ տված կրպակներ՝ ջարդված ապակիներով:Մտանք Խաղաղության փողոց: Մի շարք տների ապակիները՝ նույնպես ջարդված: Փողոցում վառված կահույքի մնացորդներ կային թափված, հեռուստացույցներ, այրված ներքնակներ, որոնք նույնպես մխում էին, մանկական իրեր կային ընկած ու նաև սառնարաններ, որ վերևի հարկերից էին, երևի, ցած գցել:– Այս ի՞նչ է կատարվել այստեղ, – հազիվ լսելի ասացի ես՝ շշմած ու սարսափած:Իրար ետևից զրահամեքենաներ էին անցնում:– Չեմ հասկանում, թե ինչպես կարող էր այսպիսի բան պատահել, – ի վերջո ասաց Այդինը, որն ամբողջ ճանապարհին լուռ էր: – Քսաներորդ դարի վերջում նախնադարյան այսպիսի բարբարոսություն՝ անհնարին է հավատալ:Խաղաղության ու Բարեկամության փողոցների խաչմերուկում զրահամեքենաներ էին կանգնած, իսկ բակերի խորքում, ես դա տեսա, ամբոխն ինչ-որ իրերի կույտ էր վառում:Թեքվելով աջ, անցանք կենտրոնական փոստի մոտով, հատելով տրամվայի գծերը, մտանք քաղկոմի հրապարակը՝ շրջապատված հարյուրավոր զինվորներով ու տասնյակ զրահամեքենաներով: Օտար մեքենաների մուտքն այստեղ արգելված էր, բայց Այդինին ոչ ոք չկանգնեցրեց:– Լեո, դու մտիր քաղկոմ, մենք հիմա կգանք, – ասաց Սիավուշը, երբ մեքենան կանգ առավ քաղկոմի շենքի առջև:Ես դուրս եկա մեքենայից, մտածելով, որ ծնողներս, հավանաբար, այստեղ՝ քաղկոմում են:Օդը չէր հերիքում: Ես մտա ներս ու մնացի դռների մոտ կանգնած. ամենուր՝ աղմուկ-աղաղակ, գետնին, քարե սանդուղքներին ու լուսամուտագոգերին, մարդիկ էին տեղավորված՝ ծեծված, վիրավոր, նստած, կիսաթեք պառկած՝ կիսամերկ, շատերը հողաթափերով, շատերը ոտաբոբիկ, խալաթով ու գիշերանոցով, արյունած ուռած դեմքերով: Ես երկար մնացի կանգնած՝ այդ դժոխքի դեմ հանդիման: Ինչ-որ մեկը՝ ջահել մի աղջիկ, լալիս, ցնցվում էր խուլ հեկեկանքից: Դանդաղ առաջանալով՝ ես աչքերով որոնում էի մերոնց: Հարյուրավոր մարդկանց արանքներով մի կերպ անցնելով՝ հասա մինչև չորրորդ հարկ: Բայց այդպես էլ չգտա մերոնց:– Իջեք երկրորդ հարկ, – խորհուրդ տվեց ինձ ռուս մի կին՝ դեմքին սև կապտուկներ ու այտույցներ: – Նրանց մոտ ցուցակներ կան, գուցե ցուցակներով գտնեք:Քաղկոմի առաջին քարտուղար Ջհանգիր Մուսլիմզադեի առանձնասենյակը նույնպես երկրորդ հարկում էր: Ընդունարանը ևս լցված էր այդ նույն մարդկանցով: Ոմանք լաց լինելով, ոմանք հազիվ կարողանալով ոտքի վրա կանգնել, սպասում էին հերթի: Ես նույնպես հերթ բռնեցի: Դռների մոտ միլիցիոներները սաստում էին նրանց լռել՝ սպառնալով դուրս հանել ընդունարանից: Դռան արանքից երևաց մի երկար սեղան, սեղանի գլխավերևում՝ Ադրբեջանի մինիստրների խորհրդի նախագահ Հասան Սեիդովը. ես նրան դեմքով ճանաչում էի: Ուրիշ մարդիկ էլ կային ներսում:– Ծննդատնից ոչ մի երեխա չեն նետել, – հեռախոսով բացատրում էր նա ինչ-որ մեկին, – դրանք մանկական խաղալիքներ են եղել:Իսկ թե մանկական խաղալիքներն ինչ կապ ունեին ծննդատան հետ՝ անհասկանալի էր:– Այս քաղաքը ես ահա այս ձեռքերով եմ կառուցել, – քիչ անց ասաց նրա առաջ կանգնած հիսունամյա մի մարդ: – Տասնյոթ տարեկանից կառուցում եմ, հիսուներկու տարեկան եմ, հաշվեք՝ ինչքա՞ն է անում՝ երեսունհինգ տարի: Ես երեսունհինգ տարի ձեզ համար տներ եմ կառուցել, դրա դիմաց ընդամենը մի խնդրանք ունեմ ձեզնից, ուզում եմ իմ մեքենայով Ստավրոպոլ գնալ, գազաններից հեռանալ, մարդկանց մոտ գնալ: Այնտեղ եմ ուզում գնալ, օգնեցեք ինձ գնամ:– Դու ինչ է, տղամա՞րդ չես, – ձայնը բարձրացրեց Սեիդովը: – Չե՞ս կարող քո մեքենայով գնալ: Դու պետք է, որ տղամարդու սիրտ ունենաս: Քսան հազար հայ է ապրում Սումգայիթում, հո բոլորին մեկ-մեկ չպիտի՞ ուղեկցենք: Ոչ մի օգնություն չի լինի, գնացեք ինչպես ուզում եք:– Դու մինիստր չես, սարի չոբան ես, – գոռաց մարդը և ուշակորույս ընկավ հատակին:Միլիցիոներներից երկուսը հապշտապ վազելով մտան ներս, մարդուն դուրս հանեցին ընդունարան, այնտեղից էլ՝ միջանցք: Քիչ անց նա ուշքի եկավ, հենց գետնին նստած, մեջքով հենված պատին, զսպված հեկեկանքով լաց եղավ: Դեմքն ամբողջովին խոշտանգված, այլանդակված էր, սև այտուցներից օղակներով շրջանակված կոպերի տակ աչքի մեկը համարյա չէր երևում, ճակատին երկու տեղ պատռվածք կար, շորերին ու գլխին՝ սև, չորացած արյուն: Ճակատից մինչև այտոսկորն ու քթից՝ քունքը, սևագորշ կապտուկ էր տարածված:– Էհ, էս ոնց որ թե Բարմենն է, – քիչ առաջ թեքված, ուշադիր նայելով նրան, ասաց երեսունամյա մի տղամարդ: – Դե, իհարկե, Բարմենն է, Բեդյան Բարմենը: Միասին աշխատել ենք: Բարմեն, դո՞ւ ես, – ավելի թեքվելով նրա վրա՝ հարցրեց տղան:– Հա, ես եմ: – Բարմենը կապտուկներով դեմքը շրջած (աչքի մեկը, հավանաբար, չէր տեսնում) թեքվեց ձայնի ուղղությամբ: – Կոստյա, դո՞ւ էլ ես էստեղ, – ասաց նա ու փղձկաց: – Տեսա՞ր մեր հայերին ինչ արեցին, – գլուխն օրորելով ասաց նա: – Մարդ չեն, գազան են, վայրենի գազան, գազանից էլ բեթար: Ինչ արեցին մեր ժողովրդի հետ, աղքատ ու չարքաշ մեր բանվոր ժողովրդին կոտորեցին՝ հեր, մեր, տղա, աղջիկ, պատվազրկեցին, ոչխարի պես մորթոտեցին, շատերին սաղ-սաղ այրեցին… Դու վրացի ես, Կոստյա, կարող է քեզ ոչինչ չանեն, բայց կինդ հայ է…– Իմ վիճակն էլ լավ չի, Բարմեն, քաղաքում կոտորածը շարունակվում է, միլիցիայի աշխատողները, բանդիտների հետ միացած, թալանում ու կոտորում են, զինվորականներն էլ չեն խառնվում, ասում են՝ հրաման չկա:– Բոլորին կոտորելուց հետո հրամանը կլինի, – ասաց ինչ-որ մեկը: – Այս ամբողջը նախօրոք պլանավորված էր, Մոսկվայի ու Բաքվի թուլտվությամբ է արվում: Ես խուժանից մի կերպ պրծա, փախա, միլիցիայի մեքենա էր գալիս, ուրախացա, երբ մեքենան կանգ առավ: Վազելով մոտեցա և այն պահին, երբ ձեռքս մեկնեցի դռան բռնակին, մեքենան պոկվեց տեղից: Իսկ մեր կողքի հարևան Վագիֆն ու իր քույր Սաբիրգյուլն առաջին հարկի լուսամուտից գոռում էին. «Բռնեք, սպանեք»:– Իսկ ինձ միլիցիան բռնեց, հանձնեց խուժանին, – ասաց Բարմենը: – Ես առաջին հարկից տեսա, թե ինչպես էդ խաժամուժը մտավ բակ, տան տակ ներքնահարկ ունենք, մուտք կա էդտեղի վրա, մերոնց բոլորին արագ իջեցրի ներքև, հնամաշ կարպետը գցեցի հատակին ու էդ պահին դուռը ջարդելով ներս մտան՝ տասը-տասնհինգ հոգով ու միանգամից գիշատիչ անգղների պես թափվեցին վրաս… Միջանցքի պատին սեղմած՝ կատաղի խփում էին, բայց ես ձեն չէի հանում, ամենից շատ վախենում էի տղաս ձայնս լսի, չհամբերի, դուրս գա, ընկնի գազանների ձեռքն ու մյուսների կյանքն էլ դնի վտանգի տակ: Ատամներս սեղմած դիմանում էի, մտածելով, որ հիմա կսպանեն ու մի բան էի ուզում մենակ, որ եթե սպանում են, թող փողոցում սպանեն, միայն թե մերոնք ոչինչ չլսեն: Էդ վայրենի բարբարոսների անողոք հարվածների տակ կիսաթեք՝ ես ինձ մի կերպ գցեցի բակ ու փախա՝ ոհմակը տանելով իմ հետևից: Ծեծված, աչքիս մեկն արյունով լցված փախչում էի, ամբոխը գոռում էր. «Բռնեք, վախկոտ հայ է, բռնեք»: Երկու միլիցիոներ բռնեցին, ծիծաղելով հանձնեցին խուժանին, մի վեդրո արյուն կորցրի էնտեղ: Նրանց թվաց՝ մեռած եմ, թողին գնացին: Մի ռուս պառավ կնիկ վախվխելով օգնեց, վեր կեցա, քարշ գալով հասա հիվանդանոց, ինչքան բուժքրոջը խնդրեցի՝ թույլ տա զանգեմ մերոնց, չգիտեի՝ սա՞ղ են, թե մեռած, չթողեց… Ամեն ինչ հատուկ կազմակերպած էր:– Այո, կազմակերպված էր, – հաստատեց վրացի Կոստյան: – Դե-ռևս փետրվարի քսանմեկին իմ աշխատանքային ընկերներիցս մեկը՝ Իլհամ Հումմաթովը, ասաց, որ ամսի վերջին հայերի դեմ ուղված մեծ ցույց է լինելու: Նրանք նախօրոք պատրաստվում էին, մեր գործարանում հատուկ կարգադրությամբ դանակներ, կացիններ ու մետաղաձողեր են պատրաստել, միկրոշրջաններում ինչ-որ տեղից ինքնաթափ մեքենաներով գետաքարեր են բերել թափել, տոննաներով բենզին բաժանել: Ադրբեջանցի վարորդներն ամբոխի մոտով անցնելիս երեք անգամ ազդանշան են տալիս, ձեռքը հանում, դա նշանակում է, որ յուրային է, բացի այդ, երեկոյան բոլոր ադրբեջանցիներն իրենց տներում լույսերը չպիտի մարեին: Սա չի նշանակո՞ւմ, որ ամեն ինչ կազմակերպված էր: Ես տեսա առաջին զոհին, – շարունակեց Կոստյան, – ես այստեղ, հրապարակում էի: Քաղկոմի երկրորդ քարտուղար Մալաք Բայրամովան ելույթ ունեցավ, ասաց որ հայերին կոտորել պետք չի, թողեք հեռանան, նրանց տներն ու ունեցվածքը կմնան ձեզ, բայց իրենք թող հեռանան: Մինչև նա, Ղափանից եկած մեկը ելույթ ունեցավ, այսինքն՝ իբր թե Ղափանից եկած: Բայց ոնց որ թե դերասան էր, դերասանի նման անգիր արած ասում էր: Ասաց, որ Ղափանում հայերն իր մորը մորթել են, մորթել են նաև կնոջ հորն ու մորը, բնակարաններն ու ունեցվածքը գրավել են, ասաց: Երկար դեմքով էր, սև ակնոցով, փոքր միրուք ուներ, բարակ բեղեր: Լայքայե թիկնոցով էր: Հետո Մուսլիմզադեն եկավ: Դա հաջորդ օրն էր: Ղափանցին դարձյալ ելույթ ունեցավ, կրկնեց նույնը: Բայց ավելացրեց, որ Ղափանում ադրբեջանուհիների հանրակացարան կա, հայերը, իբր, ներխուժել են այդ հանրակացարան, բռնաբարել ադրբեջանուհիներին, կտրել նրանց կրծքերը: Վերջում նա գոչեց. «Դուրս հայերին ադրբեջանական հողից: Փառք Թուրքիային»: Թե Թուրքիան ի՞նչ կապ ուներ այստեղ՝ անհասկանալի էր: Մուսլիմզադեն համարյա բառացի կրկնեց Բայրամովայի խոսքերը, ավելացրեց, որ Գորբաչովն ադրբեջանական ժողովրդի կողմն է: «Խնդրում եմ, – ասաց նա, – որպես մուսուլման, խնդրում եմ՝ թողեք հայերը հեռանան մեր քաղաքից»: Հրապարակը ցնծում էր, որովհետև, եթե մինչ այդ վախենում էին, թե իրենց կճնշեն այդ ցույցերի համար, այժմ պարզ տեսնում էին, որ ոչ մի ճնշում էլ չի լինելու, ընդհակառակը, քաղկոմի առաջին քարտուղարը ոչ թե սպառնում, այլ խնդրում է: Դրա համար էր ցնծում հրապարակը: Ինչ-որ մեկը գոռաց ամբոխի միջից. «Միքայիլ Մեհմեդ օղլի Գարբոչովա էշգ օլսուն »: Մուսլիմզադեն, չգիտես ինչու, խոսեց նաև տասնհինգ թվականի կոտորածների մասին, ասաց, որ ռուս-թուրքական բոլոր կռիվների ժամանակ հայերը միշտ դավաճանել են թուրքերին, անցել ռուսների կողմը, հարյուրավոր զինված ջոկատներով օգնել նրանց: Եվ դրա համար, ասաց, տասնհինգ թվականին ստացան իրենց արժանի պատիժը: Հետո նա իջավ ամբիոնից, վերցրեց ադրբեջանական դրոշը և քայլեց ամբոխի առջևից: Հենց այդտեղ, հրապարակի մոտ, սպանվեց առաջին հայը: Երկու հոգով էին նրանք՝ մեկը ջահել էր, տասնութ-քսան տարեկան, փախավ դեպի չորրորդ թաղամաս, դեպի Նարիմանովի փողոց, իսկ մյուսը՝ մեծահասակ մարդ, մնաց գետնին փռված:Կոստյան մի կարճ պահ լռեց, ասաց.– Այդ ղափանցուն ես դարձյալ տեսա: Պարզվեց, որ ղափանցի չէ, հայաստանցի քուրդ է, միջնակարգ դպրոցի դիրեկտոր, անունն էլ Խըդըր Ալոև: Խուժանը նրա գլխավորությամբ ջարդում էր կրպակները, ավերում խանութները, տներն էին խուժում, սպանում հայերին: Ես զանգեցի քաղկոմ. «Ի՞նչ անենք», – ասում եմ: Կարծում էին՝ հայ եմ. «Գնացեք քաղաքից», – ասում են: «Ինչպե՞ս գնանք, –ասում եմ, – օգնեք»: «Ինչպես ուզում եք, այնպես էլ գնացեք, – ասում են, – դրեք հեռախոսը, ասում են, օդը մի աղտոտեք»: Ես իմ ընտանիքը տարա ընկերոջս՝ Ադիլ Ալիզադեի տուն, նրա տանը մի ուրիշ հայի ընտանիք էլ կար: Հետո իմացել էին, թե կասկածել էին՝ չգիտեմ, Ադիլին ասել էին՝ գլուխդ պոկելու ենք: Մի խոսքով, Ադիլի հետ զինվեցինք սառը զենքով, գնացինք գործարան՝ բացակայության թույլտվություն վերցնելու: Հին երկաթուղային կայարանի մոտ երկու այրված «Իկարուս» տեսանք, մի այրված միկրոավտոբուս էլ կար, հետո մի «Ժիգուլի» տեսանք՝ ներսից ու դրսից վառված՝ մեջը այրված մի մարդ: Քիչ այն կողմ, եղեգների մեջ, մի ուրիշ «Ժիգուլի»՝ էլի վառված:– Շտապ օգնության բակում ես իմ աչքով տեսա, – ասաց Բարմենը: – Ամբողջ ընտանիքով մեքենայով ցանկացել էին փախչել, բռնել, վառել էին: Ես նայեցի, մեքենան բացարձակ սև էր, հնարավոր չէր հասկանալ՝ «Մոսկվիչ» է, թե՞ «Ժիգուլի», և մեքենայի մեջ՝ հինգ այրված դիակ: Ես դա իմ աչքով տեսա:– Գործարանից վերադառնալիս մտանք մեր ծանոթների մոտ, – շարունակեց Կոստյան: – Մեկի անունը Իգոր է, մյուսինը՝ Ռուսլան: Ռուսլանն ասաց, որ քաղկոմի դիմաց, կաուչուկագործների ակումբում էվակուացման կետ կա, բոլոր հայերին տանում են այնտեղ: Չորսով երկու ընտանիք բերեցինք էվակուացման կետ՝ իմ ընտանիքը բերեցինք և Ադիլի հարևանների ընտանիքը: Երբ վերադառնում էինք, առաջին միկրոշրջանի մոտ տեսանք, որ երկու զինվոր մի աղջկա բերում են դեպի էվակուացման կետ: Կյանքումս չեմ մոռանա դա: Աղջիկը կլիներ տասներկու-տասներեք տարեկան, ոտքերն ու ծնկները լրիվ արյունոտ, գիտակցությունը համարյա կորցրած: Զինվորներից մեկը նրա թևը մտած տանում էր, իսկ ետևից, մի քսան քայլի վրա, հիսուն տարեկան մի կին էր գնում, հիստերիկ ձայնով ողբում էր ու փետում մազերը: Տառացիորեն փետում էր, որովհետև մազերը փունջ-փունջ դեն էր նետում իրենից:– Զինվորները բռնում են բանդիտներին, հանձնում միլիցիային, իսկ միլիցիան նորից բաց է թողնում նրանց: – Բարմենն էր:Ինչ-որ մեկը կամացուկ քաշեց թևս, արագ ետ շրջվեցի. Սիավուշն էր: «Գնանք», – հայացքով ասաց նա: Ես նրա ետևից իջա ներքև և առաջին հարկում տեսա մորս՝ խեղճ, միանգամից պառաված, մազերը լրիվ սպիտակ:Նա տանջահար, մտախոհ տեսք ուներ, աչքերը կարմրած:Բերանս չորացավ, ծնկներս ասես թուլացան ու չհասկացա ինչպես հասա մորս, գրկեցի նրան: Մայրս թփրտում էր ձեռքերիս մեջ, դեմքը կրծքիս սեղմած լալիս էր՝ չկարողանալով մի խոսք անգամ արտասանել: Ես ուզում էի հարցնել հորս մասին՝ որտե՞ղ է նա:– Պապան չկա, Լեո, պապան չկա, – լացից աղավաղված դեմքով հանկարծ ասաց նա, – մեքենայի հետ միասին վառեցին, այրեցին պապայիդ, իմ կեսս էլ մեռած է արդեն… Պապան չկա, շտապ թաղեցինք…Ես մորս սեղմել էի կրծքիս, անկարող զսպելու արցունքներս, հեղձուկը խեղդում էր ինձ: Այդպես երկար մնացինք կանգնած՝ մայր ու որդի իրար գրկած: Հետո Սիավուշը մտավ թևս, ցածրաձայն ասաց. «Լեո, տղամարդ կաց, դու պետք է սիրտ տաս մորդ»:Մենք դուրս եկանք քաղկոմի շենքից:Հրապարակն առաջվա պես լիքն էր զինվորներով ու զրահամեքենաներով:– Եթե հնարավոր է, մի րոպեով մտնենք տուն, – ասաց մայրս խեղճացած՝ առանց բարձրացնելու գլուխը:Այդինի կարգադրությամբ՝ մեզ հետ մի քանի միլիցիոներ դրեցին: Սիավուշն էլ եկավ: Բոլոր լուսամուտները փշրված էին, մեր բազմոցը, որի վրա հայրս սիրում էր պառկած գիրք կարդալ, այրված, ընկած էր բակում: Գրքեր ու ուրիշ իրեր ևս կային, շատ բան՝ այրված: Բարձրացանք տուն: Դուռը կոտրված էր, տան մեջ ամեն ինչ ջարդուփշուր արված: Այստեղ-այնտեղ՝ ամանեղենի կտորտանք, փշրված, լարից կախված ջահ: Հեռուստացույցը, մորս կարի մեքենան, մագնիտոֆոնը, հատակի և պատի ձեռագործ գորգերը չկային: Ոչինչ չկար:– Տեսնո՞ւմ ես ինչ են արել, – լաց եղավ մայրս: – Երեսուն տարում ստեղծած մեր ունեցվածքը երեսուն րոպեում քամուն տվեցին: Գրքերը վառեցին, տետրերը վառեցին: – Մայրս թեքվեց, արտասվելով գետնից մի թուղթ վերցրեց: – Նայիր, հորդ ձեռքով է գրած: Քանի հատ տետր ուներ, մաքուր արտագրած, բոլորը ոչնչացրել են, չկա:Մորիցս վերցրի թուղթը: Բանաստեղծություն էր: Տեսնելով հորս ձեռագիրը, աչքերս կրկին լցվեցին: Այդպես մշուշված աչքերով էլ կարդացի նրա բանաստեղծությունը.
Հե¯յ, Կըղնախաչ,դրախտ երկիր, Կըղնախաչ…Շընշնկան հով,զիլզիլան զով,ծաղկած ծով…Խոտի շրշյուն,հավքի դայլայլ,կկվի կանչ…Քարեն կըլխան՝մղեղի մեջշինամաչ…Գառան մայուն,մեղվի գվվոց,խրխնջոց…Ինչ-որ ծիծաղ,զանգի ղողանջ,շնահաչ…Թեթև անձրև,գունեղ անձրև,սարից-սարԿամար կապածկընընչկարմյուրծիածան…Քամու թևին՝մայրական ձայն,անուշ ձայն.Կանչում է ինձ՝արի որդիս,արի տուն…
Լռին կանգնած՝ երկար արտասվում էի: Կոկորդս սեղմվում էր անագորույն կորստի ու հուսահատության չոր ջղակծկումից: Բանաստեղծությունը դրեցի գրպանս. հորիցս որպես հիշատակ դա էր մնացել:Ես դառնությամբ հիշեցի Արմենի խոսքը՝ քրեական հանցագործներին բանտերից ազատ արձակելու մասին ու նրա չարագուշակ կենացը ռեստորանում՝ «Թող մարդը բնավեր չդառնա և ոչ էլ ողբ ու լաց լինի անժամանակ կորստի համար»:– Գնանք, – ասացի ես՝ գրկելով մորս ուսերը:Դռան մոտ մենք վերջին անգամ նայեցինք ետ՝ մեր ավերված բնակարանին: Մայրս օրորեց գլուխը և, չկարողանալով զսպել իրեն, դարձյալ լաց եղավ:– Սիավուշ, – ասացի ես: – Այդինին հարցրու՝ հնարավո՞ր է գնանք գերեզմանատուն:– Իհարկե, կգնանք, – ասաց Սիավուշը: – Ի՞նչ խոսք կարող է լինել:– Մարդս մեռավ, ուրեմն կեսս մեռավ, – լացի միջից նորից ասաց մայրս: – Գնանք տեսնենք, շատ հնարավոր է, որ էլ չկարողանանք այցելել:Միլիցիոներներն իրենց մեքենայով եկան մինչև գերեզմանատուն:Ես ընկա հորս թարմ շիրիմին, դառնակսկիծ լաց եղա: Մայրս մղկտում էր, ասում էր, որ այսուհետև իր ապրելն անիմաստ է, հանդիմանում էր հորս, որ չլսեց իրեն, եթե լսեր, ասում էր, տնից դուրս չգար, գուցե նրան էլ հաջողվեր փրկվել:– Հա, չլսեց, չլսեց ինձ, – դառնությամբ ասաց մայրս քիչ հանգստացած, երբ մեքենան դուրս եկավ մայրուղի և սլացավ դեպի Բաքու: – Ախր, տեսնում էր, թե ինչ է կատարվում հրապարակում: Այնտեղ, ձեռքներին դրոշակներ բռնած, գոռգոռում էին՝ «Մահ հայերին»: Բոլորի առջևից քառասուն-քառասունհինգ տարեկան, մոխրագույն վերարկուով մի մարդ էր գնում, նա ինչ-որ բան էր ասում և բոլորը՝ ջահել տղաներ, նրա ետևից գոռում էին՝ «Ղարաբաղը չենք տա», «Մորթեք հայերին», «Կեցցե Թուրքիան»: Էսպես գոռում, բղավում էին, հետո էլ «ուռա» էին գոռում: Իսկ մարդիկ անընդհատ գալիս էին ու գալիս՝ գործարաններից, ֆաբրիկաներից, ուսումնարաններից, դրանց մեջ կանայք էլ կային: Այդ կանանցից մեկը, հետո իմացանք, թատրոնի դերասանուհի էր, սկսեց խոսել: Ավելի շուտ՝ գոռգոռում էր. «Էնտեղ մերոնց տկլորացնում են, ասում էր, սպանում, բռնաբարում են, դուք տղամարդ չեք, մերոնց սպանում են, իսկ էստեղ լռում եք»: Էդպես մարդկանց գրգռում էին, իսկ ես մի բան էի մտածում միայն, հանկարծ երեխաս, Լեոն այսինքս, չգա Բաքվից, չնայած ասել էր, որ էս շաբաթ չի գալու, բայց վախենում էի՝ կլսի ու կգա: Մի խոսքով, Սիավուշ եղբայր, մարդիկ գալիս են ու գալիս, իսկ ես վախեցած դես ու դեն եմ ընկնում: Դուրս եկա պատշգամբ, մյուս պատշգամբում էլ մեր հարևան ադրբեջանուհին է կանգնած: Ասում եմ՝ «Էս ի՞նչ բան է, ի՞նչ է պատահել»: Նա ասում է. «Ես էլ չգիտեմ ինչ է եղել»: Դեմքին գույն չկար, նա էլ ինձ նման հուզված էր: Նրանց՝ էդ տղաների ձեռքներին փայլուն բաներ կային, բոլորը նույն չափսի, հետո իմացանք՝ հատուկ պատրաստած, միջնամատի հաստության սրած երկաթե ձողեր էին, համարյա ամեն մեկի ձեռքին էլ կար: Գալիս էին ու էդ ձողերը թափահարելով գոռգոռում էին, առջևից գնացողն էլ, ոնց որ դրանց ղեկավարը, ձեռքին ձող ուներ: Մի տասը-տասնհինգ րոպեից ամուսինս եկավ: Հենց նա տուն մտավ, ասացի. «Վույ, վախենում եմ, մեզ սպանելու են»: Իսկ նա ասում է. «Ինչի՞ց ես վախենում, պրոֆտեխուսումնարաններում սովորող երեխեք են, վախենալու բան չկա»: Նա հաց էլ չկերավ, մի գիրք վերցրեց, գնաց դիվանին պառկեց: Էն որ բակում գցած էր, էդ դիվանին, ու էդ ժամանակ հեռուստացույցով հաղորդեցին, որ Ղարաբաղում, Ասկերանի մոտ հայերը երկու ադրբեջանցի են սպանել՝ մեկը քսաներկու, մյուսը՝ տասնվեց տարեկան: Ամուսինս ջղայնացավ, գիրքը մի կողմ գցեց: Նա հասկացավ, երևի, որ դա կազմակերպված բան է՝ էդ հաղորդումը: Ինձ բան չասաց, բայց տեսա՝ գույնը գցեց: Ես ինձ կորցրի: «Մեզ սպանելու են», – ասում եմ, իսկ նա էլի նույնը՝ «Ոչինչ չի լինի, մի վախենա»: Էդ հաղորդումից հետո հրապարակում կանայք սկսեցին ճվճվալ, չգիտեմ ինչ էին գոռում, ամուսինս պատուհանը փակեց: Էլ ոչինչ չէր լսվում: Հետո կարծես թե ամեն ինչ խաղաղվեց, բայց քնել չկարողացա: Մինչև գիշերվա երեքը պատուհանի մոտ կանգնած էի, հազար ու մի բան էի մտածում: Հեռախոսներն անջատված էին, ոչ մի տեղ հնարավոր չէր զանգել: – Մայրս շունչ քաշեց:Սիավուշը սիգարետը սիգարետից վառելով լուռ լսում էր՝ սիգարետի ծուխը պատուհանի ապակու վրայից դուրս փչելով: Ես մտքով հորս հետ էի, փակ աչքերով տեսնում էի նրան՝ դյուրահավատ, անմեղ ժպիտով, և սիրտս մղկտում էր նրա կարոտից ու իմ անզորությունից:– Հաջորդ օրը, այ Սիավուշ եղբայր, ամուսինս վեր կացավ, թեյ խմեց, ուզում էր դուրս գալ, ասացի. «Այ մարդ, ո՞ւր ես գնում, մի գնա»: Չլսեց: «Գործ կա, ասում է, պետք է գնամ»: «Դու քո ասածին ես, ասում եմ, որ ասել ես՝ գնալու ես, բայց գոնե մի անգամ լսիր ինձ, մեքենան մի հանիր գարաժից, մեքենայով մի գնա»: Իսկ նա ասում է. «Էհ, դուռը փակիր»: Հե¬տո աստիճանների վրա էլի ինչ-որ բան ասաց, չգիտեմ՝ վախկոտ անվանեց, թե ինչ՝ չլսեցի, ու գնաց: Ու էն գնալն էր: – Մայրս լուռ փղձկաց: – Մինչև ժամը մեկը մեզ մոտ ոնց որ խաղաղ էր, հարևանուհին ասաց, որ երեկ իրիկունը շատ տներ են ավերել, և դա հիմա էլ շարունակվում է, ասաց: «Ավտոկայանում, ասում է, մեքենաներ են վառում»: Ես հարցնում եմ. «Մե՞րն էլ»: «Չէ, չէ, չէ, ասում է, դրանք պետական մեքենաներ են, ավտոբուսներ»: Բայց ամուսինս չկա ու չկա: Արդեն ժամը հինգն էր, վեցը՝ չկա: Յոթը դառավ, բայց էլի չկա: «Չէ, սպանել են», մտածում եմ: Քաղաքում մեքենաների դողեր էին վառում, սև ծուխը բռնել էր շուրջը, երկինքը՝ մթնել: Պատշգամբում կանգնել, դողում եմ, ամբողջ մարմնով դողում եմ: Վայ, աստված, մտածում եմ, ամուսնուս սպանել են, հաստատ սպանել են, մտածում եմ: Ժամը քանիսն էր, չեմ հիշում, տեսնեմ մեր դիմացի շենքի երկրորդ հարկից տան եղած-չեղածը թափում են ներքև: Ներքևում էդ բոլորը վառում են, իսկ միլիցիոներները՝ մի տասը-տասնհինգ հոգի, կամ գուցե ավելի, կանգնած նայում են, ծիծաղում: Ու զարմանալի բան: Նրանք՝ էդ տղաները, բոլորն էլ սև էին հագած: Սև, մուգ գույնի շորեր: Գուցե էն նպատակով, որ չշփոթեն իրար, կամ գուցե որ բոլորն ընկալվեն որպես ինչ-որ սև, չարագույժ զանգված և անհնարին լինի առանձին մարդկանց մտապահել, չգիտեմ: Հեռուստացույց նետեցին ցած, ոնց ռումբ պայթեց: Մեր երրորդ հարկի ադրբեջանցի հարևանուհին՝ Խանում Իսմայլովան, դուրս եկավ պատշգամբ ու գոռաց. «Էս ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք վառում, մարդիկ իրենց բերանից կտրել են, որ տուն-տեղ դնեն: Ինչո՞ւ եք վառում»: Իսկ ներքևից նրա վրա գոռում են. «Դու ավելի լավ է ասա՝ դրանցից էդտեղ ապրո՞ւմ են, թե չէ»: Նրանք մեզ՝ հայերիս նկատի ունեին: «Չէ, չէ, չէ, չկան»: Հետո վազելով եկավ ինձ մոտ, ասում է. «Բանալիները տուր ինձ, գնա, մեզ մոտ, որ եկան՝ կասեմ քրոջս բնակարանն է, կասեմ նրանք հյուր են գնացել»: Ես բանալիները նրան տվի, գնացի նրա տուն: Իսկ այդ ժամանակ մեր բակում երկու եղբոր միասին սպանեցին: Լեոն գիտի նրանց՝ Վալերան ու Ալիկը: Չդիմացա, իջա բակ, տեսա մեր հարևանի տղան կանգնած: Ադրբեջանցի է: «Արի, ասում եմ, գնանք գարաժը նայենք, գուցե ամուսինս էնտեղ մեռած-ընկած է»: Նա ինձ չթողեց, ինքը գնաց, ետ եկավ, ասում է. «Էնտեղ մարդ չկա, գարաժը փակ է: Ալիկին արդեն սպանեցին, ասում է, իսկ Վալերան էնտեղ խրխռացնում է»: Անհեր մեծացած խելոք երեխեք: Ուզեցել է մոտենալ, օգնել Վալերային, մոտ ընկերներ են եղել, ախր, չէին թողել: Իսկ միլիցիան նայում էր ու հրհռում: Ես բարձրացա տուն՝ Խանումի մոտ: Հետո խուժանը վազելով մտավ մեր մուտքը: Լենա Ավանեսյանը մեր մուտքում էր ապրում, նրանց դուռը ջարդեցին, ամանեղենի փշրվելու ձայն լսեցինք, ճիչ ու ծվվոց էր, ասես ամբողջ շենքը ցնցվում էր: Լենային ու նրա ամուսնուն՝ Սաշիկին, քարշ տալով հանեցին փողոց: Խփում էին մահակներով, երկաթե էդ ձողերով: Մենք լսում էինք, մի հարկ ներքև ավերածություն էր, նրանց աղջիկը՝ Իրան, նրա ծննդյան օրն էր այդ օրը, գզգզված դուրս եկավ պատշգամբ, այլայլված, դանակը ձեռքին: «Մոտ չգաս, – գոռում էր նա ինչ-որ մեկին, – մոտ չգաս»: Իսկ մարդիկ կանգնած նայում էին, ոնց որ գեղարվեստական կինո, ու ոչ մի տղամարդ չէր ասում՝ «Էդ ի՞նչ եք անում, ամո՞թ չի ձեզ, դուք գազանից ինչո՞վ եք տարբերվում»: Հետո իմացանք, որ Իրային ու երկու քույրերին տասը-քսան հոգով բռնաբարել էին, տկլոր հանեցին փողոց: Նրանք Բաքվից հյուրեր էին ունեցել, չէին կարողացել վերադառնալ, որովհետև ավտոկայանն արդեն փակ էր: Հյուր եկած աղջկան, անունը Աիդա, նույնպես բռնաբարել էին, դանակը խրել փորը, ներբանները կտրել, ականջօղերը մսի հետ պոկել: Եվ այդ ամենը հոր աչքի առաջ, ու նրանց մեջ՝ քառասուն-հիսուն տարեկան մարդիկ, և քսանհինգերորդ դպրոցի դիրեկտոր Խըդըր Ալոևն էլ նրանց հետ, իսկ հորը չէին սպանել, ասել էին՝ «Էդքանը դրան հերիք է, թող տանջվի»: Նրանց բոլորին զինվորականները փրկեցին: Զինվորներից մեկը, տեսնելով նրանց էդ վիճակում, ուշաթափվել էր:Մայրս լաց եղավ: Իմ արցունքները ևս հոսում էին անզորությունից ու խղճահարությունից:– Ոչինչ մի պատմիր, մամ, մի պատմիր, – խնդրեցի ես:Բայց նա չլսեց ինձ, շարունակեց.– Աստված պահի Խանումկային: Խանում Իսմայլովա: Քառասունվեց բնակարանից: Հարևանները՝ հաղթանդամ տղամարդիկ, օգնության չեկան, չօգնեցին: Իսկ երեսունհինգամյա էդ միայնակ կինը պատրաստ էր զոհաբերելու իրեն և մեզ փրկելու: Նրանից էլ ոսկին հանեցին՝ հարսանեկան մատանին: Մի քանի անգամ խփեցին: Նույնիսկ դանակով սպառնացին: Մենք դա լսում էինք: Ավանեսյանների ու Գրիգորյանների ընտանիքները նա թաքցրեց երկրորդ հարկի քառասունմեկերորդ բնակարանում: Սվետա Մամեդովայի բնակարանում: Սվետան այդ օրը տանը չէր, Լենքորան՝ թաղման էին գնացել ամուսնու հետ, բանալին թողել էին Խանումկային, որ ծաղիկները ջրի, և ահա, Խանումը շատերին այդ տանը թաքցրեց: Կյանքը վտանգելով, նա տներից ու բակից հավաքում էր ծեծված հայերին, տեղավորում իր տանը: Քանի անգամ եկան բանդիտները, նրանցից մեկը խփեց Խանումկայի դեմքին, բայց Խանումկան չվախեցավ, կտրեց երակը, ասաց՝ «Արյո՞ւն եք ուզում, ահա, իմ արյունը»: Իգոր Աղաևն էր օգնում նրան, Լեոն գիտի, նույն դպրոցում են սովորել: Գաբրիելյանների ընտանիքն էլ նրանց աղջիկներից մեկի պետը՝ Մամեդովը փրկեց, բերեց ակումբ: Ուրշան Մամեդովը՝ Լենքորանից: Իսկ մինչ էդ նրանց՝ գազանաբար բռնաբարված, հարևանները՝ Քյարամովը, Սալիման ու Սաբիրը թաքցրեցին իրենց բնակարաններում: Բայց, ահա, երկրորդ շենքում ոչ ոք չպաշտպանեց Մելքումյաններին, վեց հոգու՝ մեկն էլ հյուր էր, սպանեցին և ինչպես սպանեցին, ի¯նչ խոշտանգումների ենթարկեցին, սաղ-սաղ նետեցին կրակի մեջ, նրանց որդին՝ Էդիկը, շատ լավ, բարի սրտով տղա, ուզում էր կրակից դուրս գալ, երկաթի ձողերով հրում էին կրակի մեջ, քրոջը՝ Իրինային, մի հրաշք գեղեցկուհի, կողքի դեղատանն էր աշխատում, նույնպես այրեցին, խեղճ աղջիկը պատշգամբով անցել էր հարևանի տուն, բայց տանտիրուհի Սևիլն ու իր երկու անչափահաս տղաները նրան դուրս հրեցին բնակարանից, գցեցին գազազած գայլերի բերանը: Էդ Սևիլի ախպերը պատուհանից գոռում էր. «Ծեծելը քիչ է, սպանեք, այրեք»: Հոշոտեցին խեղճ Իրինային, ողջ-ողջ նետեցին կրակի մեջ, խորովեցին, կերան: Մինչ այդ նրանց տանն ինչ եղել էր` կացին, դանակ, մկրատ, նույնիսկ աթոռի ոտք ձեռքներին` դիմադրություն էին ցույց տվել, երբ գազանների կատաղի ոհմակը` տասնհինգ-քսան հոգով, դուռը ջարդել խուժել էր ներս: Ու ինչ այլանդակ բաներ ասես, որ չեն արել նրանց հետ: Հրաշքով փրկված նրանց հարս Կարինեն էր լաց լինելով պատմում ակումբում, էդ անիծյալ Խըդըր Ալոևն, ասում էր, սրած մետաղաձողը ձեռքում խաղացնելով` նրա սկեսուր Ռաիսային ասել է` տղաներիցդ մեկին քեզ եմ բաշխում, ընտրի՛ր, որին ես զոհ տալիս: Սկեսրոջ լեզուն կապվել է, հարսն ասում էր` գույնը գցած, ոնց որ ջրից հանած ձուկ` բերանը բացվում-փակվում էր, ձեն չէր լսվում: Ալոևի հրահանգով հենց մոր աչքի առաջ դանակահարել են խոշտանգված զավակներին: Ուշաթափված մորն ու մնացածներին ծեծելով դուրս են քաշել բակ, մենք վերևից քար կտրած նայում, տեսնում էինք էդ ամենը, ողջ ընտանիքը` հեր, մեր, երեխեք, հյուրն էլ հետները, ընկած էին բակում` մեկը մյուսից մի քանի մետր հեռավորության վրա, ու տասը-տասներկու տարեկան անչափահաս լակոտներ բահերով ու մետաղաձողերով անխնա հարվածում էին, մինչև նրանց կնետեին խարույկի մեջ: Վեց հոգու մի ընտանիքից, իսկ հարևանները պատուհաններից ու պատշգամբից նայում էին, ծիծաղում: Էդպես էր: Մենք, էդ բոլորն, այո, տեսանք վարագույրների ետևից: Քսանհինգերորդ դպրոցի էդ Խըդըր Ալոևը դուրս էր եկել նրանց պատշգամբ ու էնտեղից Լենինի պես ձեռքն առաջ մեկնած՝ գոռում էր. «Գըրըն, գըրըն »: Բա էդպիսի դիրեկտո՞ր կլինի: Մեր դիմացի տասներկու հարկանի շենքում ադրբեջանցիներն իջան բակ և չթողեցին, որ խուժանը մտնի իրենց մուտքը, այդպես նրանք երկու հայ ընտանիք փրկեցին իրենց շենքում: Այդպես վարվեց նաև կողքի շենքից մի ջահել ադրբեջանուհի, անունը չգիտեմ, նա սկզբից պատուհանից հայհոյեց խուժանին, հետո իջավ բակ և մուտքի առաջ կանգնելով ասաց. «Դուք իմ դիակի վրայով կանցնեք, կամ չեք մտնի այս մուտքը», իսկ այդ մուտքում նույնպես երկու հայ ընտանիք էր ապրում: Շնորհակալություն քեզ, անծանոթ աղջիկ, և քեզ շնորհակալություն, Խանում, մենք քեզ կյանքով ենք պարտական: Մինչև վերջ նստեց մեզ հետ, բոլորին փրկեց, կերակրեց, ուղարկեց էվակուացման կետ: Իսկ մինչ էդ, մեր տունը նույնպես այրեցին, բոլոր գրքերը՝ երկու հազար հատ, մեր բակում այրեցին: Նրանք հայերի ցուցակներն ունեին, այդ ցուցակներով էին գտնում մեր տները: Որ տեսնեիք վաթսուն տարեկան Էմմա Գրիգորյանին ինչպես սպանեցին, ինչպես տանջեցին խեղճ կնոջը: Տկլորցրած, մեջքին խփելով տանում էին բակով, իսկ նա ձեռքերով կրծքերն էր ծածկում: Ինչո՞վ էր մեղավոր այդ հավաքարարուհի կինը: Բա Հերսիլյա Մովսեսովան, աստվա¯ծ, աստված, ի¯նչ արեցին խեղճ կնոջը: Բաքվից հյուր էր եկել բարեկամներին, ութանասունվեց տարեկան պառավ կնիկ, հիվանդանոցում բժիշկն ասաց, որ դանակի երեսունվեց հարված կար մարմնին: Գազանը գազան տեղով էդպիսի բա՞ն կանի: Գազանը չի անի, բայց ահա մարդն արել է: Սովետական մարդը:տեղով էդպիսի բա՞ն կանի: Գազանը չի անի, բայց ահա մարդն արել է: Սովետական մարդը:Մայրս լռեց: Սիավուշը ետ շրջվեց, բռնեց ձեռքս՝ այսինքն արիացիր: Ես նրա աչքերում արցունք տեսա:– Աստված մարդուն իր պատկերով ստեղծեց, – նորից խոսեց մայրս, – ստացվում է, որ մարդկանց սպանելով, նրանց անխղճորեն մորթելով՝ Աստծուն են սպանում ու մորթում: Բա էդ ո՞նց կլինի:Քիչ անց նա դարձյալ խոսեց, խոսեց ծանր, ասես ինքն իրեն էր խոսում.– Զարմանալի է, բայց բոլոր սպանվածներն ու տուժածները հայեր էին: Միայն հայեր՝ կամ մեզ նման փեզո եկած, կամ էլ նրանց անմեղ զավակները: Սա ի՞նչ բան է, անհասկանալի է… Առավոտյան ժամը յոթին երեք միլիցիոներ եկան ակումբ՝ շտապ օգնության հիվանդանոցի բուժքրոջ հետ: Ես քանի տարի էդ հիվանդանոցում էի աշխատում, բուժքրոջը բերել էին, որ գտնի ինձ հինգ հազար մարդու մեջ: Չորս հայրուր տեղանոց ակումբում, դուք տեսաք, հինգ հազար մարդ՝ մեծ, փոքր, ջարդված, վիրավոր, իրար վրա թափված՝ գետնին, նստարանների վրա ու նստարանների տակ: Ո՛չ ջուր կա, ո՛չ լույս՝ հակասանիտարական վիճակ: Երեք շարք զինվորներով, տանկերով պաշտպանում են, որ խուժանը չհարձակվի: Դե դա դուք նույնպես տեսաք: Ինձ տարան հիվանդանոց: Ճանապարհին տեսա, ավերված բնակարանները շտապ նորոգում էին: Ինձ տարան հիվանդանոց, ու ես հասկացա, որ ամուսինս չկա արդեն: «Սառա բաջի, ասում եմ բուժքրոջը, մեռածների մե՞ջ է ամուսինս»: «Չէ, ասում է, ի՞նչ ես ասում»: Նա ամուսնուս, իհարկե, ճանաչում էր, քանի անգամ հիվանդանոցի նորոգման ժամանակ օգնել է: Գլխավոր բժշկին ասում եմ. «Դոկտոր, ասա, խնդրում եմ, ամուսինս մեռա՞ծ է»: «Ի՞նչ ես, ասում է, անընդհատ՝ մեռած է, հա, մեռած է»: «Աղաչում եմ, ասում եմ, ասա»: Եվ նա ասաց: Ես լալիս էի, ճչում, գոռում էի հենց նրա առանձնասենյակում: Նա ասում է՝ «Գնա մի քիչ հանգստացիր»: Հետո ինձ տարան մորգ: Էնտեղ այրված մարդիկ կային, այդ թվում կանայք ու մի երեխա: Երևի մի տասը տարեկան կլիներ էդ երեխան: Ես որ էդ ամենը տեսա՝ ոնց որ թե խելագարվեցի: Ասացի չեմ կարող նայել, չէ, չեմ կարող: Քննիչ կար, էդ քննիչն ասում է. «Նա մի հատուկ նշա՞ն ունի»: Ասում եմ. «Ձեռքի մատի՝ բութ մատի կեսը չկա: Աշխատանքի վայրում է վնասել: Տվեք շորերը, ասում եմ, կամ էլ կոշիկը տվեք, գուլպան, ես կճանաչեմ»: Բերեցին շապիկի մի թևքն ու նրա հագի սվիտերը… բոլորը վառված… Ես դա հենց տեսա, գոռացի՝ վա¯յ, գազաններ, նրան վառել են: Ես ճչում էի, լաց լինում, չգիտեմ՝ հատակին էի ընկել… թե նստած էի, չեմ հիշում: Իսկ քննիչն ասում է. «Դե, լավ, լավ, ուրեմն ճշտեցինք, որ դա նրա հագուստն է, ձեռքի բութ մատն էլ կտրված»: Հետո մեր գլխավոր բժիշկն ասաց, որ հարկավոր է շուտ թաղել, չի իմացվի, հետո ինչ կկատարվի: Բա ասում եմ՝ ո՞նց կլինի, տղաս չկա, աղջիկներիս մեկը Չարենցավանում է, մյուսը՝ Ստավրոպոլում, ո՞նց կլինի դա: Քույրեր ու եղբայր ունի, հեր, մեր: Էդպիսի պատվավոր մարդուս էդպես անպատիվ թաղեցինք: Վախենում էինք, որ գերեզմանի վրա էլ կարող են հարձակվել, շտապ-շտապ թաղեցինք, բժիշկը շատ օգնեց, աստված պահի նրա երեխաներին: Աստված ձեզ էլ պահի-պահպանի, որ էս նեղ օրը երկու անգամ եկաք Սումգայիթ, հենարան եք կանգնել որդուս: Մինչև երկինք շնորհակալ եմ:– Իսկ քեռի Աբբասը չի՞ երևացել, – երկար լռությունից հետո հարցրեցի ես:– Քեռի Աբբասը հիվանդանոցում պառկած էր՝ վերակենդանացման բաժնում: Հենց առաջին իրիկունը «Բահար» ռեստորանի մոտ խուժանը հարձակվել էր տրոլեյբուսի վրա, պահանջել, որ հայերն իջնեն: Կռվի մեջ էր մտել՝ հայերին պաշտպանել, երկաթե ձողով մի քանի անգամ խփել էին, երկու օր ուշքի չէր եկել: Ձեռքն էլ կոտրված է: Բա նա հորդ մենակ կթողնե՞ր որ… Էդպես էր, լավերը տուժում էին, վատերն՝ օգտվում: Աստված քոռ է, չի տեսնում, որպեսզի մարդկանց ըստ իրենց սրտի գնահատի, լավին՝ լավ, վատին՝ վատ, բայց դե, տեսնում ենք, որ ճիշտ հակառակն է անում:– Լեո, ընդունիր իմ ցավակցությունը, – բաժանվելիս ասաց Սիավուշը, – և իմացած եղիր, որ Սումգայիթի այս հրեշավոր ոճրագործությունն ադրբեջանական ժողովուրդը չի կազմակերպել, այլ կուսակցական-կառավարական ադրբեջանական մաֆիան՝ հենվելով խաժամուժի վրա: Ազգայնական կուսակցական այդ մաֆիայի թիկունքին կանգնած է կենտրոնական համամիութենականը: Բոլոր նշաններով հանգամանորեն կազմակերպված կոտորած է սա: – Սիավուշը հոգոց հանեց, ասաց, – այո, մաֆիան իրականացրեց այս ցեղասպանությունը՝ խրախուսվելով Կրեմլի վերակառուցման ու հրապարակայնության հակառակորդներից: Մոսկվան չի վճռի Ղարաբաղյան հարցը, – շարունակեց Սիավուշը: – Կրեմլն ազգային լարվածության կետեր է ստեղծում ոչ թե հանուն կամ ընդդեմ որևէ հանրապետության, այլ հանուն կայսրության պահպանման և ամենասարսափելին մեզ համար գիտե՞ս որն է, Լեո, – դարձյալ հոգոցով ասաց նա, – չգիտեմ, դու մտածե՞լ ես այդ մասին, թե՞ ոչ, ես շատ եմ մտածել, ամենասարսափելին մեզ համար այն է, որ նոր սերունդ կգա, տարված ազգայնամոլա-հայրենասիրական հովերով, և չի իմանա, երբեք չի իմանա, որ իրենցից առաջ կային մարդիկ, և շատ էին նրանք, որոնց համար ազգ ու ազգություն չկար, նրանք վեր էին կանգնած այդ ամենից, չեն իմանա, թե ինչքան էինք կապված միմյանց, ինչպես էինք իրար սիրում: Այ, դա է ամենասարսափելին: – Նա նայեց ինձ կարեկցությամբ ու տրտում, ավելացրեց, – մի անգամ ևս, խնդրում եմ, ընդունիր իմ ցավակցությունը: Ես կզանգեմ քեզ:* * *Մայրս Բաքվում մնալ չէր ուզում:– Չէ, չեմ մնա էստեղ, չեմ կարող, – ասաց նա: – Ուղարկիր քույրերիդ մոտ՝ Ստավրոպոլ կամ Չարենցավան: Ինձ համար այլևս Սումգայիթ քաղաք գոյություն չունի:Փորձեցի զանգել Չարենցավան, ոչինչ չստացվեց: Իսկ Ստավրոպոլի հետ միացա առանց դժվարության: Քույրս երկար լաց էր լինում, ոչ մի կերպ չէի կարողանում սփոփել նրան: Ի վերջո, լսափողը տվեցի մորս: Սկզբում նա հանգիստ խոսում էր, հետո չդիմացավ, սկսեց լաց լինել և այդպես լաց լինելով պատմում էր հորս ողբերգական մահվան մասին: «Կյանք չունեմ էլ, մատտաղ, – ասաց նա, – հորիցդ հետո իմ ապրելն արդեն իզուր է»: Չարենցավան նույնպես հաջողվեց զանգել, բայց դա ուշ ստացվեց, համարյա գիշերվա տասներկուսի մոտերքը:Առավոտյան գլխավորը զանգեց, ցավակցություն հայտնեց, ասաց, որ շատ է վշտացած: Հետո հարցրեց՝ հո ոչ մի տեղ չե՞ս գնում:– Ոչ, – ասացի, – տանն եմ:Նա եկավ Լորաննայի և Արինայի հետ: Ընկճված տեսքով էին երեքն էլ: Գլխավորն առանց վիրակապերի էր, աչքի տակը՝ լայնակի սև այտուցով: Գրկեց ինձ, մի տեսակ փոխված ձայնով ասաց՝ «Պինդ կաց»: Լորաննան թեթևակի սեղմեց ձեռքս, ցածրաձայն ասաց՝ «Ցավակցում եմ», իսկ Արինան կանգնել էր միջանցքում, փոքր-ինչ շփոթահար տեսքով, ուղիղ նայում էր՝ ասես չհամարձակվելով առաջ անցնել:– Ներս արի, Արինա, ինչո՞ւ ես կանգնել, – ասացի ես փորձելով ժպտալ և մեկնեցի ձեռքս:Նա իր փոքրիկ սառը մատներով սեղմեց ձեռքս, առաջ եկավ: Նրա սև, շողշողուն աչքերում փայլատակեց արցունքը, և ես խորապես զգացի նրա անհուն կարեկցանքն իմ հանդեպ, նրա անկեղծ ձգտումը՝ հաղորդակից լինել իմ դժբախտությանը: Իսկ գուցե դա նրանի՞ց է, որ ինքը՝ Արինան, մանկուց էր զրկվել մորից և գիտեր, թե ինչ ծանր բան է ծնող կորցնելը: Նրանք մորս նույնպես ցավակցություն հայտնեցին:– Ինձ համար այլևս Սումգայիթ քաղաք գոյություն չունի, – դարձյալ ասաց մայրս: – Էդ քաղաքն արատավորված է մեր՝ հայերի արյունով: Անմեղ մարդկանց արյունով:– Մի՞թե կազմակերպված էր այդ ամենը, – հենց այնպես հարցրեց գլխավորը:– Կազմակերպված էր, – հանգիստ ասաց մայրս: – Սուտ լուրերով մարդկանց գրգռեցին, լցրին փողոցները: Բա, իհարկե, կազմակերպված էր: Նախօրոք լավ կազմակերպված էր, իսկ մենք ոչինչ չգիտեինք: Բոլոր հայերին աշխատանքի վայրից ուղարկում էին տները՝ ինչո՞ւ: Ինչո՞ւ էին հեռախոսներն անջատել: Որտեղի՞ց նրանց հայերի ցուցակները: Եվ ինչո՞ւ միլիցիան ու շտապ օգնությունը չէին արձագանքում մեր կանչերին: Զրահամեքենաները քաղաքում շրջում էին, հարյուր մետրի վրա մարդկանց սպանում էին, բայց նրանք չէին միջամտում՝ հրաման չկար: Ինչո՞ւ էր էդպես: Երևի, կքննեն, կպարզեն ճշմարտությունը, էդպես չի մնա:– Ցավալի է, շատ է ցավալի, որ մեր երկրում, ուր ժողովուրդների բարեկամությունն անսասան սրբության նման մի բան է համարվում, օրը ցերեկով մարդուն կարող են սպանել այն բանի համար, որ նա մի այլ ազգության է պատկանում, – հոգոցով ասաց գլխավորը: – Սումգայիթը մեզ հազար տարով քաղաքակրթությունից ետ մղեց դեպի վայրենություն:– Հազար տարի առաջ կրակի վրա մա՞րդ էին խորովում, ուտում, – միամիտ հարցրեց մայրս, և գլխավորը ոչինչ չգտավ պատասխանելու:– Գոնե կարեկցողներ կայի՞ն ադրբեջանցիների մեջ, – հարցրեց Լորաննան, – օգնո՞ւմ էին որևէ բանում:– Կային, իհարկե, կային, օգնում էին, – պատասխանեց մայրս: – Լեզգիները, թալիշները, իրենք` ադրբեջանցիները… Առանց նրանց օգնության շատ մարդ կզոհվեր, շա¯տ: Բայց քիչ էին դրանք: Հիմնականում բոլորը ջարդարարների կողմն էին, նրանց միացած սպանում ու թալանում էին, կամ էլ իրենց պատշգամբներին կանգնած, առանց տոմսի թատրոն էր. նայում էին, թե ոնց են այրում մարդկանց: Աստված գազա՛ն մարդու մեջ պիտի խիղճ դնի, խեղճ մարդու խիղճն ո՞ւմ է պետք: Աստված ո՞նց է էդ բոլորը տեսնում ու համբերում: Էհ, գուցե հենց Աստված էլ չկա, գուցե էդ էլ է սուտ… Լավ, էս ինչո՞ւ եմ էսպես նստել:Մայրս գնաց խոհանոց՝ սեղան գցելու: Լորաննան ու Արինան իսկույն ելան տեղից՝ նրան օգնելու:– Ախպեր, դիմացիր, կյանք է, – սիրտ տվեց գլխավորը: – Մյուս աշխատողներն էլ էին ուզում գալ՝ Միշա Հաջիյանը, Նորան, Մնացականը, Բոջիկյանը, Հախումյանը, Յուրի Պողոսյանը, մյուսները: Բայց ես հարմար չգտա: – Նա քիչ լռեց, ասաց, – Ես էլ եմ փոքրուց ծնող կորցրել: Է¯հ, քանի տարի է անցել, բայց մոռանալ չեմ կարողանում: Ծնողին մոռանալ չի լինի:Երկար լուռ էինք երկուսս էլ, հետո գլխավորն ասաց.– Լեո, մայրդ ասում է՝ կքննեն, կպարզեն ճշմարտությունը: Նա հավատում է, որ այդպես էլ կլինի: Բայց, ահա, ես չեմ հավատում՝ չի լինի դա: Դաշքեսանի շրջանի երկուհազար բնակիչ ունեցող Բանանց գյուղում Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան էր կանգնեցվել: Այդ գյուղից կռվի դաշտում ավելի շատ մարդ է զոհվել, քան շրջանի բոլոր ադրբեջանական գյուղերից՝ միասին վերցրած: Կարճ՝ շրջանի ղեկավարության ու մշակույթի նախարարի առաջին տեղակալ Թեյմուր Սուլեյմանովիչ Ալիևի գլխավորությամբ մի գիշերվա մեջ հուշարձանը ջարդուփշուր արվեց: Որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞ց դրա համար: Ընդհակառակը, ընդհարում եղավ այդ հողի վրա և տասնյակ հայ պատանիներ բանտ նետվեցին: Նույնը կատարվեց նաև իմ հայրենի Շամխորի շրջանում, երկու հազար տարվա պատմություն ունեցող Չարդախլու գյուղում, որը երեք հազարից ավելի հայ բնակիչ ունի: Դա այն գյուղն է, որը Խորհրդային Միության երկու մարշալ, տասնյակ գեներալներ ու հերոսներ է տվել: Պատերազմ մեկնած հազար երկու հարյուր հիսուն մարդուց չորս հարյուր հիսուներկուսը չեն վերադարձել: Ո՞վ պատասխան տվեց: Ոչ ոք: Շրջկոմի առաջին քարտուղար Ասադովն արժանացավ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման և առաջ քաշվեց: Հիմա կենտկոմի բաժնի վարիչ է և սպառնալիքներ է հղում Ղարաբաղին: Խոսք կա, որ այս երկու օրը ներքին գործերի նախարար է նշանակվում: Շահումյանի շրջանի հողատարածությունները տարեցտարի խլում, տալիս են ադրբեջանական շրջաններին՝ ջախջախիչ հարված հասցնելով հայկական տնտեսություններին: Սովետական Միության երեք հերոսի ու ադմիրալ Իսակովի ծննդավայր Գետաշեն գյուղը, որն ավելի քան հազար հինգ հարյուր զինվոր ուղարկեց ռազմաճակատ ու նրանց կեսն այդպես էլ չվերադարձավ տուն, հարթավայրային մասում ահագին հողեր ուներ, գյուղ էլ կար՝ Չալաբերդը, մի երկու անգամ եղել եմ այնտեղ, ուղղակի դրախտ, վերջերս վերցրել, ինքնակամ կերպով կցել են Կասում Իսմայլովի շրջանին: Ո՞ւմ են կանչել դրա համար պատասխանատվության՝ դարձյալ ոչ ոքի: Սումգայիթի եղեռնագործությունն իր ողջ ճշմարտությամբ չի բացահայտվի երբեք: Ճշմարտությունը պարզելու համար նախ պետք է հասկանալ, թե ում է դա ձեռնտու: Սումգայիթն իսկական ցեղասպանություն էր՝ ծանրագույն հանցանք մարդկության դեմ: Բայց ուրիշ բան կա դրա տակ, Լեո, ոչ պակաս սարսափելի: Իմ կարծիքով, դա վիթխարի այսբերգի տեսանելի կողմն է միայն, քաղաքական կողմը՝ սարսափ ներշնչել հայությանը, կաշկանդել նրա կամքն արյունալի նոր ոճիրների հնարավոր հեռանկարով, ստիպել, որպեսզի հայ ժողովուրդը ետ կանգնի Ղարաբաղյան շարժումից: Բայց, կրկնում եմ, դա այսբերգի տեսանելի կողմն է միայն:Գլխավորը բազմանշանակ ժպտաց, ասաց.– Իսկ անտեսանելի կողմում, ահա, թե ինչեր կան: Ասեմ, հիշիր՝ ըստ իս, սա Գորբաչովի ու նրա շրջապատի՝ Լիգաչով, Կրյուչկով, Յազով, Պուգո, Շատալին, Լուկյանով-Մուկյանովի կանխապես պատրաստած գործն է, հետագա իրադարձությունները, համոզված եմ, կհաստատեն դա: Պարզապես Ղարաբաղը հարմար կռվախնձոր էր՝ երկու հարևան ժողովուրդներին իրար դեմ հանելու համար: Հինգ թվականին ճիշտ նույն ձևով վարվեց նաև Նիկոլայ երկրորդ ցարը: Այստեղ զարմանալի ոչինչ չկա: Լևոն Շանթն իր նամակներից մեկում նշում է, որ քաղաքականությունը ստի ու խաբեության հյուսվածք է: Այդպես էլ կա, քաղաքականությունը կեղտոտ գործ է, քաղաքագետները՝ անամոթ ու խարդախ մարդիկ: Ստալինը հեղափոխական գործիչ էր, բայց միաժամանակ թուրքական ու ցարական հակահետախուզությունների գործակալ էր, Բերիաշվիլի անվան տակ երկու տարի թաքնված ապրել է Թուրքիայում: Բերիան մուսավաթական կուսակցության ամենաակտիվ անդամներից մեկն էր, մասնակցել է Բաքվի 26 կոմիսարների բանտարկությանն ու գնդակահարությանը Ախչա-Կույմայում: Մոսկվան շատ լավ գիտեր այս ամենը, և՝ ոչինչ: Մի խոսքով, շատ հնարավոր է, որ Գորբաչովն արևմտյան տերությունների, առանձնապես ամերիկյան կողմի ոչ անշահախնդիր հովանավորությամբ հեռահար նպատակ է հետապնդում՝ քայքայել, մասնատել խորհրդային հզոր պետությունը: Համաձա՞յն չես այս տեսակետին: Մոսկվայից միութենական դատախազի՝ առանձնահատուկ գործերի գծով օգնական Ասլախանովի գլխավորությամբ երկու ամիս առաջ քննչական հանձնաժողով է եկել այստեղ՝ ստուգելու Հեյդար Ալիևի գործնեությունը՝ զանգվածային հավելագրումներ, անհիմն բանտարկություններ, սպանություններ, այդ թվում և Քյուրդամիրի կուսշրջկոմի առաջին քարտուղար Մամեդովի սպանությունը, պետական մասշտաբի զանազան զեղծարարություններ, անսահման չափերի հասնող կաշառք և այլն: Պարզ է, խոսքն այն տարիների մասին է, երբ Ալիևը գլխավորում էր Ադրբեջանի կուսակցական կազմակերպությունը, այսինքն՝ երբ նա հանրապետության ղեկավարն էր: Երեք հյուրանոց՝ «Ազերբայջան», «Ապշերոն» ու «Յուժնայա», լցված են մոսկովյան քննիչներով: Կարճ՝ Թելման Գդլյանի ու Իվանովի ուզբեկական հանձնախմբի տարբերակն Ադրբեջանում: Եթե Ուզբեկստանում հափշտակումները միլիոնների էին հասնում, այստեղ միլիարդներից են խոսում: Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, գլուխներ են թռչելու, և այն էլ ի¯նչ գլուխներ: Բանտերը կլցվեն նրանցով, ովքեր երկար տարիներ անխնա թալանում, կողոպտում էին հանրապետությունն ու հիմա էլ անպատիժ շարունակում են նույն թալանն ու կողոպուտը: Այս ամենը չի՞ կազմակերպվել, արդյոք՝ ձախողելու, խափանելու քննչական հանձնախմբի աշխատանքները: Միտինգներում արդեն խստորեն պահանջ է դրվում՝ հանձնախումբն անհապաղ հեռացնել Ադրբեջանից, որովհետև նրա ներկայությունը, իբր, ապակողմնորոշում է իրադրությունը հանրապետությունում: Ուժեղ է, չէ՞: Մի ուրիշ տեսակետ՝ Հեյդար Ալիևը, դու էլ գիտես, այն մարդը չէ, որ կարողանա ներել նրանց, ովքեր պատճառ եղան իր քաղաքական պարտությանը: Այդ շարքում Գորբաչովը նրա թիվ մեկ թշնամին է: Որովհետև Գորբաչովն էր, որ նրան խայտառակաբար վտարեց քաղբյուրոյից, և որի պատճառով նա ծանր ինֆարկտ տարավ, համամիութենական մամուլում, այդ թվում և «Պրավդայում», քանիցս պախարակեցին, որ, իբր, հիվանդության կեղծ փաստաթղթեր սարքելով՝ 41-ին խուսափել է պատերազմից: Կների՞ Ալիևը նրան՝ երբեք: Պետանվտանգության իր համախոհների հետ նա կազմակերպեց այս ամենը՝ նախ Գորբաչովին տապալելու նպատակով, երկրորդը՝ ճանապարհ հարթելու՝ նորից իշխանության գլուխ անցնելու համար: Վստահելի մարդուց եմ լսել, ասում է՝ նախքան Սումգայիթի դեպքերը, ժողովրդական ճակատի վարչության երեք անդամներ՝ Էլչիբեյը, Նեյմաթ Փանահովն ու Էհթիբար Մամեդովը մեկնել են Մոսկվա՝ Հեյդար Ալիևի հետ հանդիպման. իմացիր, առանց նրա ոչինչ չի արվում, այս բոլորը նրա վերադարձի համար է արվում: Այդ վերադարձը Բաքու՝ կլինի, Լեո, ես մեռած, դու՝ սաղ, հիշիր, կլինի, և նա իր այդ հաղթական երթը կսկսի հայրենի Նախիջևանից:Բաժանվեցինք բավականին ուշ: Դուրս եկա ճանապարհելու, Լորաննան կամացուկ ասաց. «Ռենան էր եկել, քեզ էր հարցնում: Ասում էր՝ հեռախոսդ չի պատասխանում: Չէ՞ր աշխատում հեռախոսդ»:– Հիմա աշխատում է, – ասացի ես:– Ես նրան ասացի հորդ սպանության մասին: Ինձ Սիավուշն էր ասել: Չգիտեր: Գունատվեց, Լեո, նայում էր ինձ մի տեսակ ցրված ու ասես ոչինչ չէր հասկանում:– Նա լա՞ց էր լինում:– Այո… լաց եղավ: Ինչի՞ց իմացար:– Սիրտս ծակում էր:Լորաննան անվճռական նայեց ինձ, օրորեց գլուխը:– Ի՞նչ պիտի լինի ձեր վիճակը սրանից հետո, չգիտեմ:Երկուսս էլ լուռ էինք:– Ներիր, Լեո, բայց զգում եմ, որ ծանր, դժվարին օրեր են սպասում քեզ, – երկարատև լռությունից հետո խոսեց Լորաննան վհատ ձայնով: – Պատրաստ եմ անգամ ծնրադիր խոնարհվել քո այդ անխուսափելի տառապանքի առջև:– Լսիր, Լորաննա, – չգիտեմ ինչու ակամա բարկանալով՝ ասացի ես, – դու հայր Զոսիման չես և ոչ էլ ես՝ Միտյա Կարամազովը:– Իսկ Սոնեչկա Մարմելադովա՞, – սեթևեթեց նա:– Ոչ էլ Սոնեչկա Մարմելադովան:– Բայց չէ՞ որ նա նույնպես կանխազգաց Ռասկոլնիկովի մոտալուտ տաժանակիր ողբերգությունը:– Սոնեչկա Մարմելադովան այս աշխարհից չէր, այլապես կամավոր չէր գնա հեռու Սիբիր՝ ութ երկար տարիներ կիսելու Ռասկոլնիկովի տառապանքը:– Ավաղ, ինձ վիճակված չէ կիսելու քո տառապանքը, Լեո, – Լորաննան դառնադառը նայեց ինձ: – Բայց դու գիտես, որ ես մեծագույն հոժարությամբ պատրաստ եմ օգտակար լինել քեզ: Դրա համար էլ շատ կուզենայի, չնայած լավ գիտեմ քեզ, հասկանում եմ, որ անհնարին բան եմ ասում, սակայն, կրկնում եմ, շատ կուզենայի, որ թողնեիր այդ ադրբեջանուհուն: Դու էլ տեսնում ես, թե գնալով ինչպիսի անդունդ է առաջանում մեր երկու ժողովուրդների միջև, թե օրեցօր ու ժամ առ ժամ ինչպես է շիկանում մթնոլորտը: Մի՞թե այդքան դժվար է նրան թողնելը:Լորաննան ուղիղ նայեց իմ աչքերին:– Թողնելը դժվար է, մոռանալը՝ անհնարին: Ռոմեոն կասեր՝ նա, ում սիրում եմ, հիատեսիլ ու շլացուցիչ է, մի ուղի ցույց տուր, որ կարողանամ նրան մոռանալ:Ճակատը կնճռոտած՝ Լորաննան ուշադիր նայեց իմ աչքերին ոչ այն է տխրությամբ, ոչ այն է ներողամտությամբ: Առհասարակ տարօրինակ ձևով էր նայում Լորաննան, աչքերը կկոցած՝ կարծես շատ մանր, պետիտ շարվածքի տող էր կարդում քո աչքերում: Նա մի րոպե տատանվեց, ասես կշռադատելով այն, ինչ պիտի ասեր, հետո ասաց անհուսալի քնքշությամբ.– Ի՞նչ ուղի ցույց տամ, սիրելիս, մի՞թե այս ամենի կազմակերպված բնույթն ու նպատակը չես տեսնում: Դավեր նյութելով՝ դեպի պատերազմ են տանում մեզ: Դու հայ ես, նա՝ ադրբեջանուհի, դատապարտված է ձեր սերը, Լեո, ի՞նչ ուղի ցույց տամ… Այո, հիատեսիլ ու շլացուցիչ է, գեղեցկությունն էլ հազվագյուտ գեղեցկություն է, նայելիս, անկախ քեզնից, շփոթվում ես, և հասկանում եմ նաև, որ ամբողջ կյանքում նրա կարոտն այրելու է հոգիդ, բայց, միևնույն է, թո՛ղ նրան, Լեո, լսիր ինձ՝ թո՛ղ: Մի՞թե ուրիշ աղջիկներ չկան:– Չկան, – անվիճելի հաստատակամությամբ ասացի ես: – Նրանից բացի ոչ ոք գոյություն չունի ինձ համար: Վանգան գտնում է, որ ինչ ի վերուստ գրված է մեր ճակատին՝ այն էլ կլինի: Սուրբ գրքում ի՞նչ է ասված՝ մարդուս սիրտը խորհում է իր ճանապարհը, բայց նորա քայլերը Տերն է հաստատում: Աստված ողորմած է:– Ողորմած է, բաց ոչ մեզ համար:– Մեղք մի գործիր, Լորաննա, և մի խռովիր սիրտդ, հավատա՝ ամենայն լավն ու բարին մեկ անգամ ու մեկընդմիշտ Տիրոջ կամոք է արարված, Աստված մեծ է իր աստվածային զորությամբ, օրհնեալ է Նա այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից… Աստծու փառքը մեծ է:– Աստծու փառքը մեծ է, կտրած փոսը՝ խոր:– Դարձյալ մեղք ես գործում: Աստված ամենակարող է ու հզոր:– Ամենակարող է ու հզոր… Տեր, եկուսցե արքայություն քո, – մրմնջաց նա և ավելացրեց ինչ-որ չարախինդ հուսաբեկությամբ, – ողբ էր, լաց և կոծ Ռամայի մեջ, Ռաքելն իր որդկանց վրա լաց էր լինում և չէր կամենում մխիթարվել, որովհետև չկա՛ն նրանք… Եթե այդքան ամենակարող է Աստված ու հզոր, ինչո՞ւ աշխարհից իսպառ չի վերացնում վիշտն ու մորմոքը, չէ՞ որ նա կարող է դա անել, ինչո՞ւ չի արել մինչև հիմա և ինչո՞ւ չի անում այժմ: Նա ավելի հզոր է, քան Աստված:– Ո՞վ՝ նա:– Գազանը, – ասաց Լորաննան: – Մարդ գազանը: Բերանն արնոտ մարդակեր գազանը, որ հազար տարում հազիվ դառավ մարդասպան և ձեռքերն արնոտ գնում է դեռ կամկար ու հեռու է մինչև մարդն իր ճամփան: Շա¯տ է հեռու, – ավելացրեց նա: – Դուք չգիտեմ ինչպես, բայց ես այստեղ չեմ մնա:* * *Ռենան տանն էր, սակայն, ըստ երևույթին, դարձյալ մենակ չէր: Խոսում էր ոչ բարձր, ասես ձեռքով ծածկելով մեմբրանը:– Ես եմ, Ռենա:– Բարև, – ցածր, նվաղուն ձայնով արձագանքեց նա: – Քո հեռախոսը չէր աշխատում, ես զանգել եմ… ես շատ եմ զանգել… Ես ցավակցում եմ… Ես շատ եմ ուզում տեսնել քեզ… Լսո՞ւմ ես, – ավելի ցածրացնելով ձայնը՝ ասաց Ռենան: – Ես սիրում եմ քեզ, ավելի շատ եմ սիրում, քան առաջ… Ես առանց քեզ չեմ կարող ապրել…Նա համարյա այդ նույնն ասաց նաև խմբագրությունում, արցունքն աչքերին խոստովանեց, որ ամենուր՝ տանը, փողոցում, պարապմունքների ժամանակ, տրանսպորտում՝ շարունակ իմ մասին է մտածում:Որոշ դադարից հետո.– Մարդու սիրտն օրական հարյուր հազար զարկ ունի: Օրական հարյուր հազար անգամ իմ սիրտը բաբախում է քեզ համար, Լեո… Ես վախենում եմ քեզ կորցնելուց:Ես ներողամտաբար ժպտացի նրան. ի՞նչ կարող էի ասել: Ոչինչ: Համարյա ոչինչ:– Հնար լիներ՝ մի ուրիշ մոլորակ գնայինք, ուրիշ մոլորակում ապրեինք, – ասաց Ռենան՝ միաժամանակ ժպտալով ու արտասվելով: – Բոլորը դեմ են, որ ես սիրեմ քեզ, նրանք չեն հասկանում, որ ինչքան շատ ես սիրում, այնքան շատ ես տանջվում, չեն հասկանում, որ արգելքներն ավելի են սաստկացնում սերը: Արար աշխարհը դեմ է, բայց ես ոչինչ չեմ կարող անել ինձ հետ, դա իմ ուժերից վեր է, ոչ ոք չի կարող հասկանալ դա: Ոչ ոք չի ուզում հասկանալ: – Արցունքի լույս կաթիլը սահեց այտն ի վար:Դարձյալ որոշ դադարից հետո.– Իսկ դու գիտե՞ս, որ Շեքսպիրը ոչինչ չի հորինել: Ռոմեոն և Ջուլիետն իրոք եղել են: Նրանց սիրո պատմությունն էլ իրական պատմություն է: Վերոնայում մնում է դեռ Ջուլիետի պատշգամբը, հազարներով զբոսաշրջիկներ են գալիս աշխարհի տարբեր ծայրերից՝ տեսնելու այդ պատշգամբը: Եվ այն, որ նրանց ծնողները պատկանում էին երկու հակառակորդ գերդաստանների, որոնց մեջ տոհմական հինավուրց քեն, թշնամություն կար, որ երբեմն բորբոքվում էր զանազան սադրանքներով՝ նույնպես եղելություն է, – և արցունքաշաղ աչքերով նայելով՝ վհատորեն ավելացրեց, – ոչինչ չի փոխվել… ոչինչ չի փոխվում…Մի ուրիշ անգամ.– Ինչո՞ւ է այսպես, Լեո: Ես հիմա կյանքին մի տեսակ ուրիշ ձևի եմ նայում: Առաջ նման բաներին ուշադրություն չէի դարձնում… Մեր կուրսում շատերն արդեն գիտեն, թե որտեղ են աշխատելու ավարտելուց հետո՝ մեկը բաժանմունքի վարիչ, մյուսը՝ գլխավոր բժիշկ, մեկ ուրիշը՝ առողջապահության նախարարի տեղակալ: Ծնողները կենտկոմում ու նախարարների խորհրդում են աշխատում, բարձր պաշտոններ են վարում, իսկ իրենք օրերով պարապմունքների չեն գալիս, և դասախոսները վախենում են անգամ դիտողություն անել: Վերջերս Այթմատովի մի գիրքն էի կարդում՝ «Սպիտակ շոգենավը»: Պատանի հերոսն իրեն նետում է գետը, որովհետև կեղտին ու չարիքին չվարժված նրա մանկական դյուրազգացողությունն անկարող է դիմանալ շրջապատի ստին, կեղծիքին ու անարդարությանը: Իրոք, ինչո՞ւ է այդպես:Ռենան նայեց ինձ, բայց պատասխան չէր սպասում ինձնից:– Կգա ժամանակ, բոլոր մարդիկ եղբայր կլինեն, – ասաց նա դառնորեն ժպտալով: – Լեզուն, դավանանքը, մաշկի գույնը՝ դարերով մարդկանց կաշկանդած բոլոր այս նախապաշարումները, կվերանան… Բայց ե՞րբ, ե՞րբ կլինի, ե՞րբ կգա այդ ոսկեդարը, Լեո, երբ մենք չե՞նք լինի…* * *Անսալով մորս թախանձանքին, ես նրան գնացքով ուղարկեցի Ստավրոպոլ՝ քրոջս մոտ:Մանր անձրև էր տեղում, գորշագույն մթնաշաղի միջից հազիվ էին երևում կայարանամերձ տների աղոտ լույսերն ու կայարանից այն կողմ, բլրակի վրա միայնակ կանգնած տուրիստական հյուրանոցի ստորին հարկերը: Գնացքի ճանապարհվելուն մի երկու րոպե էր մնացել, և մայրս, ինձ համար բոլորովին անսպասելի, խոսք բացեց Ռենայի մասին: Հորս սպանությունից հետո նա երբեք չէր խոսել նրա մասին, անունը երբեք չէր տվել:– Էդպես էլ չտեսա Ռենային, – սրտաշարժ ափսոսանքով ասաց նա, տրտմալի շարժելով գլուխը: – Պապան շատ էր ուզում տեսնել… Անհարմար էր զգում, երևի, քեզ ասել, ինձ էր ստիպում, որ խոսեմ հետդ՝ հյուր բերես նրան Սումգայիթ: Իսկ երբ իմացավ, որ մարտի ութին գալու եք, ուրախացավ, երեխի պես հուզվել էր… Էհ, ամեն ինչ փոխվեց, ամեն ինչ սրտներումս մնաց…– Ռենան նմանապես շատ էր հուզվում, – կարճ լռությունից հետո ասացի ես և, չնայած Լորաննայից բացի երբեք ու ոչ ոքի չէի պատմել Ռենայի հանդեպ ունեցած իմ անեղծ սիրո մասին, հանկարծորեն իմ մեջ ցանկություն առաջացավ մորս հետ խոսել նրա մասին, և, չգիտեմ ինչու, այդ մտքից անգամ անասելի հաճույք զգացի, և ինքս էլ զարմացա, թե որտեղից հայտնվեց զվարթուն սենտիմենտալության այդ անհասկանալի հուզիչ զգացողությունը:– Պապային շատ դուր կգար նա, – քնքշահույզ շշուկով ասացի ես, – և դու նույնպես, մամա, կսիրեիր նրան, որովհետև շա¯տ, շատ լավիկն է…Մայրս կողքանց նայեց ինձ, արցունքների միջից ժպտաց.– Նկարից երևում է, մաման մատտաղ: Նկարից երևում է:– Կյանքում ավելի լավն է, քան նկարում, – ասացի ես և իմ սեփական խոսքերից սիրտս անուշ ու խորունկ կարոտից սկսեց արագ-արագ զարկել: – Իսկ թե իմանաս՝ ի¯նչ ոսկի բնավորություն ունի, մամ… Ոնց որ թե այս աշխարհից չլինի՝ անկեղծ, անարատ, սիրտը մաքուր, սուրբ ու պաշտելի…– Հոգու գեղեցկությունը դեմքի գեղեցկությունից թանկ է, մաման մատտաղ: Նկարից էդ էլ է երևում, – արցունքաժպիտ աչքերով նայելով՝ նա այտը գգվանքով սեղմեց ուսիս: – Հա, շատ լավն է, նայում ես ու աչքդ չի կշտանում, ուզում ես նորից ու նորից նայես… Քույրդ շատ խնդրեց նկարը տանեմ, թող տեսնի…Մայրս դադար տվեց, ապա ավելացրեց հոգոցով.– Ի¯նչ ասեմ, որդիս… Աստված թող քո սրտի ուզածը կատարի…«Էստեղ՝ Բաքվում, խաղաղ է, ոչինչ չկա, – արդեն վագոնի փակ հարթակում կանգնած ասաց նա, – բայց, միևնույն է, ծախիր մեքենան, նրանով ոչ մի տեղ չգնաս»: Նա մինչև այդ մի քանի անգամ ասել էր այդ մասին, բայց հարկ համարեց վերջին րոպեին նորից հիշեցնել. «Ես կզանգեմ էնտեղից, թե որ ծախած չլինես՝ կնեղանամ քեզնից»:Ռոբերտն օգնեց ինձ այդ հարցում: Գնորդ գտավ՝ Գադիր անունով նիհարավուն մի տղայի՝ Բայիլովից: Միասին գնացինք խնայդրամարկղ, Գադիրը փողը՝ քսանյոթ հազար ռուբլի, մտցրեց իմ հաշվի մեջ: Խնայգրքույկում ես փող ունեի՝ հոնորարներից ետ էի գցել, միասին ստացվեց քառասուն հազար ռուբլի:– Ախպերո, հարուստ մարդ ես, քեզ հետ խոսել չի լինի, – ծիծաղեց Ռոբերտը:Երեկոյան զանգեցի մորս, որպեսզի նա այլևս չանհանգստանա:– Երևի չմնամ այստեղ, – ասաց Ռոբերտը, – Զարմիկը հրավիրում է Մոսկվա: Կարելի է և Ամերիկա մեկնել: Շատերն են ուզում մեկնել: Ես որ գնամ, Մոսկվայում ամերիկյան դեսպանատնից քեզ համար էլ անկետաներ կվերցնեմ:* * *Սումգայիթից հետո կյանքն ասես գլխիվայր շուռ եկավ մեզ համար: Հեռուստատեսությամբ հաղորդումներ էին տրվում, թե այդ ամենը սելավի նման մի բան էր, եկավ ու անցավ, և որ մեղավորներն անպայման կստանան իրենց արժանի պատիժը:Հետո միառժամանակ հանգիստ էր, ոնց որ սպասողական վիճակ, ոչինչ չէր հաղորդվում ու չէր գրվում Սումգայիթի մասին, բացի պաշտոնական կարճառոտ հաղորդագրություններից՝ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի բյուրոն կուսակցական խիստ նկատողություն հայտարարեց Մուսլիմզադեին՝ ազատելով նրան զբաղեցրած պաշտոնից: Լենինի անվան խողովակագլանման գործարանի դիրեկտոր Աբդուլլաևը նախազգուշացվեց՝ գործարանի մեքենայական արտադրամասում հատուկ պատվերով մետաղաձողեր, դանակներ, դաշույններ, կացիններ ու այլ իրեր պատրաստելու համար: Կուսակցության Սումգայիթի քաղաքային բյուրոն խիստ նկատողություն հայտարարեց քաղգործկոմի նախագահի առաջին տեղակալ Հասանովին և նախագահի տեղակալ Թաղիևին: Հայտարարվեց, որ զանգվածային անկարգություններին մասնակցած իննսունչորս պատանիներ ձերբակալված են, միութենական դատախազության կողմից ստեղծված է քննչական հանձնախումբ, որը գլխավորում է… Ալեքսանդր Կատուսևը: Այն նույն Կատուսևը, որի մեղքով միանգամայն անմեղ մարդիկ զոհ գնացին ոճրագործությանը:– Ամեն ինչ կարվի, որպեսզի թաքցվի անլուր հանցանքի իմաստն ու կազմակերպված բնույթը, – եզրակացրեց Սաղումյանը:Սաղումյանը չէր սխալվում. քրեական գործերը մասնատվեցին՝ ըստ դրվագների, և հետաքննության ուղարկվեցին երկրի տարբեր քաղաքներ՝ Մոսկվա, Սարատով, Կույբիշև, Վորոնեժ և այլն: Գործերի հիմնական մասը մնաց Սումգայիթում, մի մասն էլ՝ Բաքվում: Պարզ հասկացվեց. ոչ ոք ոչ մի պատիժ էլ չի ստանա: Սումգայիթի ցեղասպանության կազմակերպիչներն ու ոգեշնչողները դուրս եկան թաքստոցից և սկսեցին գործել: Թերթերն ու հեռուստատեսությունը հեղեղվեցին ճշմարտությունը խեղաթյուրող հոդվածներով ու հաղորդումներով: Կարճատև ընդհատակից իր գլուխը հանեց և սումգայիթյան եղեռնագործության ամենաակտիվ կազմակերպիչներից մեկը՝ ակադեմիկոս Զիա Բունիաթովը, որը մինչ այդ հայտնի էր հայոց պատմության զեղծարարությամբ, և ակադեմիական «Էլմ» թերթում հրապարակեց անպատկառ ստերից, կեղծիքից ու հարատև մաղձից հերյուրված ծրագրային երկէջ մի ստոր զրպարտագիր՝ «Ինչո՞ւ Սումգայիթը» վերտառությամբ, ուր նա անամոթաբար այդ եղեռնի մեջ մեղադրում էր… ոճրագործության զոհերին:Խմբագրությունում խոսք ու զրույցը շարունակ Սումգայիթի ու Ղարաբաղի մասին էր:– Հայերս միշտ էլ լավ դիվանագետներ ենք ունեցել, բայց լավ դիվանագիտություն՝ երբեք, – ինչպես միշտ հանգիստ, խաղաղ տոնով ասաց Սաղումյանը: – Հետամուտ եղե՞լ ենք երբևէ փոքր հաղթանակներ շահելու շղթայով մեծ հարցեր լուծելու քաղաքականությանը, փոխանակ նախընտրելու առճակատման ձևը՝ չհաղթելու դեպքում գլխովին նահատակվելու նշանաբանով:Ինչպե՞ս վարվեցին մուսավաթականները քսան թվականին. թուրքերի հրահանգով՝ առանց մի գնդակ անգամ արձակելու, դիմավորեցին բոլշևիկներին ու միացան նրանց՝ շարունակելով մուսավաթականների քաղաքականությունը, և Խորհրդային Ռուսաստանն ամեն կերպ աջակցում էր նրանց: Ինչպե՞ս վարվեցին հայերը: Հեղկոմն ու բոլշևիկները ելան հայ բանվորների ու գյուղացիության դեմ, իրենց բարբարոս գործունեությամբ մղելով նրանց ապստամբության, և հերթական անգամ գետի պես հոսեց հայոց արյունը: Բոլշևիկներն ավերեցին ողջ Ղարաբաղն ու Հայաստանի հարյուրավոր գյուղեր, բանտերը լցվեցին հայ քաղաքական, մտավորական ու զինվորական առաջնորդներով: Հայկական բանակի բոլոր սպաներին՝ հազար երկու հարյուր հոգու, տասնհինգ գեներալներով ու քսանհինգ գնդապետներով, գլխավորությամբ ազգային բանակի սպարապետ Նազարբեկյանի, հավաքեցին Հայաստանի խորհրդարանի շենքում և, դավադրաբար ձերբակալելով, փետրվար ցրտաշունչ ամսին, Սևանի վրայով ոտքով քշեցին մինչև Ղազախ, այնտեղից՝ ապրանքատար փակ վագոններով ուղարկեցին Բաքվի բանտերը, իսկ այստեղից էլ՝ Վրաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի հայ սպաների հետ, որոնք նույնպես ռուսական բանակի կազմում մարտնչել էին ավստրա-գերմանական ռազմաճակատում, կռվել թուրքական ճակատում ու Սարդարապատում, ուղիղ՝ Ռյազանի համակենտրոնացման ճամբար: Նրանց մեջ էին նաև զորավարներ Սիլիկյանը, Հախվերդյանը, Ղամազյանը: Սրի քաշվեցին հայկական բանակի յոթանասուն բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ ազգային հերոս Համազասպը: Բոլշևիկներն օգտագործեցին այդ առճակատումը և, համաշխարհային հեղափոխության սին մարմաջով տարված՝ տասը միլիոն ոսկի փողով ու ռազմամթերքով օգնեցին Թուրքիային, հրահրելով նրան մտնելու Հայաստան, բնաջնջելու ողջ մնացած նրա բնակչությունն ու գրավելու նոր տարածքներ: Առաջին համաշխարհայինում պարտված պետությունների մեջ Թուրքիան միակն էր, որ շնորհիվ բոլշևիկների, նոր տարածքներ զավթեց՝ հասնելով մինչև Բաքու, և հենց բոլշևիկներն էին, որ առաջինը ճանաչեցին քեմալականներին: Գուցե այդ առճակատումն էր նաև պատճառը 1921-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման, որով Հայաստանի տարածքը մաս-մաս բաժանվեց հարևաններին: Ընդ որում, Նախիջևանը Լենինն Ադրբեջանին նվիրեց Ստալինի թելադրանքով ու Մուստաֆա Քեմալի խնդրանքով: Ղարաբաղի հարցում նույնպես այսօր նույն սխալներն ենք անում, – շարունակեց Սաղումյանը: – Հարկավոր էր մի քիչ սպասել, որովհետև հարցը բարձրացվեց հապշտապ, տարերայնորեն, առանց այդ ազնիվ ու դժվարին նպատակին հասնելու տևական գործողությունների մշակված ծրագրի, առանց ճշգրիտ ուսումնասիրելու պրոբլեմի լուծման հնարավոր ուղիները: Ի՞նչ պիտի լինի Բաքվի, Կիրովաբադի, Հյուսիսային Ղարաբաղի ու մյուս շրջաններում ապրող կես միլիոնից ավել հայության վիճակը, որևէ մեկը մտածե՞լ է այդ մասին: Դա նույնն է, թե զորքը մտցնես պատերազմի դաշտ ու նոր միայն սկսես ուսումնասիրել տեղանքը: Չէ՞ որ այդօրինակ անհեռատես եղանակով կարող ենք շատ բան կորցնել: Նորից դառնանք Ադրբեջանի օրինակին: Հայտնի է, որ մինչև քսան թվականը Նախիջևանում հիսունչորս հազար հայ էր ապրում, վաթսունից ավելի գյուղ կար, նույնը և Կիրովաբադում, ուր նախկինում յոթանասուն հազար հայ էր ապրում: Ադրբեջանի ղեկավարությունը ոչ թե գնաց առճակատման, այլ որդեգրելով մանր հաղթանակների գումարման քաղաքականությունը՝ կազմեց այդ երկրամասը հայերից դատարկելու ծրագիր և հաջողությամբ իրագործեց այն: Լուկուլլոս զորավարը՝ վաթսունինը թվականին Տիգրանակերտի ճակատամարտում խայտառակ պարտության մատնեց Տիգրան Մեծ արքայի բանակին և ոգևորված շարունակեց արշավանքը դեպի Արտաշատ: Սակայն, – շունչ առնելով շարունակեց Սաղումյանը, – նա քաղաքի մատույցները հասավ այնպիսի վիճակում, որ չհամարձակվեց կռվել քաղաքի գրավման համար: Բանն այն է, որ Լուկուլլոսի բանակը Տիգրանակերտից մինչև Արտաշատ՝ չտալով և ոչ մի ճակատամարտ, հալվել էր: Այդ ամբողջ ճանապարհին հայկական ոչ մի գունդ դուրս չէր եկել նրան առճակատման, բայց ամեն մի գիշերատեղում կամ նեղ ձորերով անցնելիս անսպասելի կորուստներ է ունեցել: Այդ կորուստները, պարզ է, առանձին-առանձին մեծ չէին, բայց միասին վերցրած մի ամբողջ բանակի, այն էլ հզոր բանակի, կորստյան պատճառ էին դարձել: Արտաշատի մատույցներից Լուկուլլոսը բռնել է ետդարձի ճամփան, որը վերածվել է խուճապահար փախուստի՝ նման Նապոլեոնի փախուստին Ռուսաստանից: Մենք շարունակ հպարտանում ենք Ավարայրի ճակատամարտում ունեցած մեր բարոյական հաղթանակով, Տղմուտ գետի մոտ հերոսաբար զոհված քաջ հրամանատար Վարդան Մամիկոնյանով ու հազար երեսունվեց սուրբ նահատակներով, այնինչ ուսանելի է Լուկուլլոսի պատմությունը՝ ճիշտ գնահատել ժամանակն ու ուժերի հարաբերակցությունը և փոքր հաղթանակներով հասնել մեծ արդյունքի:* * *Լորաննան իր խոսքի տերը եղավ: Մեր խմբագրությունից առաջինը նա թողեց Բաքուն: Նրա ամուսինը քաղաքային պետավտոտեսչությունում էր աշխատում, ավտոտեսչության պետն էլ գնեց նրանց բնակարանը:– Լեո, ցավում եմ, որ չկարողացա տեսնել քեզ վերջին անգամ, – հեռախոսով ասաց նա: – Մտածում էի գալ ու բոլորիդ հրաժեշտ տալ, հատկապես քեզ, բայց չստացվեց, կներես, շատ եմ խնդրում: Մեր ամբողջ կյանքը պատահական հանդիպումների ու իրարամերժ երևույթների հերթականություն է, Լեո, անկանխատեսելի շրջադարձերի մի երկար շղթա՝ լի բազմաթիվ դժբախտ ու երբեմն նաև երջանիկ պատահականություններով, անախորժություններով, լի թախիծով ու անցողիկ բերկրանքով, լի անհուն սիրով ու անհուն ատելությամբ… Այո, դու ինչ ուզում ես, ասա, բայց սա է իրական կյանքը, Լեո, որ հորդահոս վարար գետի պես տանում է մեզ իր հետ, և այն իրոք լի է հակասական ճշմարտություններով: Ու դժվար է ըմբռնել, հասկանալ, թե այդ ճշմարտություններից որն է առավել ճշմարիտ, մի բան պարզ է սակայն, որ առջևում անթափանց խավար է ու այլևս հույս ու հավատ չկա, սիրելիս, թե երբևէ կյանքը վերստին լուսաշող եդեմ կդառնա մեզ համար… Գուցե չհանդիպենք այլևս… – նա մի պահ լռեց, հետո արագ ավելացրեց, – հաջողություն եմ ցանկանում՝ քեզ բաժին ընկած քո դժվարին ճանապարհին… Առայժմ Երևան ենք գնում, թե ուր կգնանք այնտեղից՝ աստված գիտի: Մնաս բարով, Լեո, հիշո՞ւմ ես Իրասեկի թանկան, միասին կարդացինք. «Կանգ են առնում նրանք իրենց վշտալի ճանապարհին և արցունքով լեցուն աչքերով նայում ետ՝ սիրելի, օրհնված այն երկրին, ուր նրանց տունն ու հայրենիքն էր»: Ո՞վ կմտածեր, որ մեզ հետ էլ նույնը կպատահի: Մնաս բարով, սիրելիս, ես քեզ կհիշեմ միշտ…Նա արագ ցած դրեց հեռախոսը, և ես մի անասելի դատարկություն ու ամայություն զգացի, կյանքն ասես մի տեսակ կանգ առավ, կորցրեց իմաստը:Հաջորդը Ռոբերտն էր: Նրա գնալը, սակայն, ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ: Գուցե պատճառն այն էր, որ նա պարզապես արձակուրդ էր վերցրել և պետք է վերադառնար: Նա մի անգամ զանգեց, խորհուրդ էր տալիս նույնպես արձակուրդ վերցնել և գնալ իր մոտ: «Արի, չես փոշմանի, – ասաց նա, – Մոսկվայի հմայքն ուրիշ է»:Մյուս օրն ինձ մոտ՝ խմբագրություն եկավ Էսմիրան: Կրակացայտ աչքերով, բարակիրան ու սլացիկ՝ ինչպես մատղաշ բարդի, կանգնել էր նա իմ դիմաց շառագունած, այլայլված դեմքով:– Ի՞նչ է պատահել, Էսմիրա, – վախեցած հարցրի ես, – որտե՞ղ է Ռենան:– Ռենան տանն է, – աչքերը փախցնելով ասաց Էսմիրան: – Ես ձեզ մոտ մի խնդրանքով եմ եկել, – արագ արտաբերեց նա:– Ասա, ի՞նչ խնդրանք է, – քիչ հանգստացած ասացի ես:– Մի պայմանով, որ Ռենան չպիտի իմանա դա:– Ի՞նչ չպիտի իմանա:– Այն որ… որ ես եկել եմ այստեղ, ձեզ մոտ… Խոսք տվեք, որ նա չի իմանա այդ մասին՝ երբեք-երբեք:– Խոսք եմ տալիս:– Ոչ, երդվեք, – անդրդվելի ասաց Էսմիրան՝ ավելի շառագունելով:– Երդվում եմ:– Ոչ, ամենասուրբ բանով երդվեք: Ես ձեզ խնդրում եմ… այն, ինչ ես պիտի ասեմ ձեզ, դուք չպետք է Ռենային ասեք՝ հանուն նրա հանդեպ ունեցած… ձեր զգացմունքի:– Ասա, Էսմիրա, մի տանջիր ինձ:– Իրադան ներքևում սպասում է: Սկզբում խոստացել էր, որ միասին կբարձրանանք ձեզ մոտ, բայց վերջին պահին չկարողացավ, ինձ ուղարկեց: Դուք այլևս չպետք է զանգեք Ռենային, – ասաց նա և, ասես ծանր բեռից ազատված, խորը շունչ քաշեց:– Ինչո՞ւ:– Չգիտեմ, – դարձյալ աչքերը փախցնելով՝ արտասանեց Էսմիրան: – Չեմ կարող ձեզ ասել… Քույրիկս ձեզ, հավանաբար, ոչինչ չի ասում, բայց նրա համար շատ է ծանր… Եղբայրս կարող է սպանել նրան, հասկանո՞ւմ եք… Դուք չգիտեք, թե ինչ է կատարվում մեր տանը, ես ձեզ ամեն ինչ ասել չեմ կարող… Նրա ամեն մի քայլափոխը հսկողության տակ կլինի այսուհետև… Մի զանգեք նրան, ձեր զանգը մահ է նրա համար, խնդրում, աղաչում եմ, երդվեք, որ չեք զանգի:– Չեմ զանգի, – ծանր արտաբերեցի ես: – Երդվում եմ:– Շնորհակալություն, – շշնջաց Էսմիրան: – Ես… մենք ձեզ երբեք չենք մոռանա: Երբեք-երբեք, – ավելացրեց նա հանկարծական շիկնանքով և այտերն ի վար հոսող արցունքները մատներով սրբելով՝ արագ դուրս եկավ առանձնասենյակից:Հետո նրա ոտնաձայները, որպես հուսահատության վերջին հնչյուններ, հանգան, մարեցին: Հետո լսվեց վերելակի աղմուկն ու երկաթե դռան ծանր շրխկոցը միջանցքի հեռու ծայրում: Հետո եղավ լռություն: Երկարատև քարացած լռություն:
* * *
(265)