ԼԵԶՈՒՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
Հազարամյակների խորքից եկող մեր լեզուն այսօր կրախ է ապրում։ Խորհրդային երկրի փլուզումից հետո անցած 25 տարիներին ոչ միայն հանրապետությունը արագորեն անկում ապրեց, այլև, որ ոչ պակաս մտահոգիչ է, հայոց լեզուն իջեցվեց ռաբիսի մակարդակի։ Եվ դրան տեր կանգնող չեղավ ավելի քան երկու տասնամյակ։ Մեր լեզուն, առավել քան երբևէ, խառնվելով ժամանակի խառնիճաղանջ իրադարձություններին, ինքն էլ կարծես խճճվել ու շփոթվել է՝ դառնալով այդ իրադարձությունների զոհը։ Այնինչ, ինչպես ընդունված է ասել լեզվաբանության մեջ՝ ,,Լեզուն մտածողության ձևավորման և հասարակական հաղորդակցման միջոցի ընդհանուր և միասնական համակարգ է,,։ Հիշենք այս արտահայտությունը՝ մտածողության ձևավորում։
Երբ Մեծն Մաշտոցը գտավ ու համակարգեց հայոց այբուբենը, դա ինքնանպատակ չէր։ Այդ իմաստուն այրը շատ լավ գիտեր լեզվի, իբրև ազգապահպանման միջոցի, կարևորությունը։ Եվ ազգը, անցնելով պատմական դժվարին քառուղիներով, գոյատևեց։ Դրանում, ինչ խոսք, իր դերն ունեցավ հայոց գիրը, լեզուն՝ իբրև հասարակական հաղորդակցման ու մտածողության ձևավորման միջոց։
Փորձենք տեսնել, թե ինչ վիճակում է այսօր մեր սիրելի մայրենին, որը նաև մեր գոյատևման երաշխավորն է։ Թող բնավ չնեղանան հատկապես մեր մայրաքաղաքի տիկնայք ու պարոնայք, եթե ասեմ, որ լեզվի աղավաղումը գալիս է հենց այնտեղից։ Կա այսպիսի արտահայտություն. ,,Այ ընկեր, քաղաքավարի խոսիր, մոտդ կին է կանգնած,,։ Ուշադրություն դարձրեք ,,քաղաքավարի,, բառին։ Ասել է թե՝ քաղաքային խոսքը մաքուրն ու անաղարտն է։ Ասել է թե՝ մայրաքաղաքն է, որ պիտի լինի գրական լեզվի պահպանման հիմնական հանգրվանը։ Սակայն այդպե՞ս է իրականում։ Տեսնենք։ Կազմենք մայրաքաղաքային բառերի կիրառմամբ մի երկխոսություն.
— Ապե, ուրդուց ես գալըմ։
— Դեմի մայլից, ապե։
— Արա բա իմացա՞ր ինձի ոնց ռասֆրենդ արին ֆեյսու՞մ։
— Հա դե մխտռվել են, ապ, սաղին խոմ դատափիտռել չենք կարա։
— Մի կառաբին ըլներ, էդ մունդառներին կգյուլլեի։
— Ապե, ո՛ր մի մունդառին գյուլլես, լիքը ման են գալիս մեր յաները, բիթի ե՞ս։
— Այ ցավդ տանեմ, լիքը քֆուր-քյաֆար ա…
— Փիլաքյանը ավիրված ա, բիթի կաց։
— Հա, մեր հայաթում էլ ա ըթենց։
Փորձեցի սխալ կիրառվող բառերը գլխատառերով ընդգծել, բայց տեսա, որ անիմաստ է, քանզի այդ դեպքում ամբողջ տեքստը պիտի գրվեր գլխատառերով։
Չգիտես ինչու, վերջերս չափազանց չարաշահվում է ,,Ռ,, տառը. կաՌաբին, ԵվՌոպա, միգՌանտ, եՌեխա, տաՌածք և այլն, և այլն։ Չգիտեմ այդ կոշտ տառի հնչեցմամբ փորձում են առնականությու՞ն ընդգծել, թե պարզապես չիմացության արգասիք է, սակայն պարզ է մի բան՝ դրանով մեր գեղեցիկ լեզուն զրկում են իր երբեմնի նրբությունից, քաղցրությունից։ Մի զարմանալի տենդենց էլ է նկատվում։ Հիասթափված լինելով ռուսական քաղաքականությունից, չգիտես ինչու սկսել են թշնամանք տածել անգամ ռուսերեն լեզվի նկատմամբ։ Հանրապետությունում ճանաչված մտավորականներից մեկը նույնիսկ ոգևորված կոչ էր անում դադարեցնել ռուսերեն լեզվով կինոցուցադրումները, ոչնչացնել գրքերը, թերթերը, այն ամենը, ինչ կապված է ռուսերենի հետ։ Պատկերացնու՞մ եք։ Դրա փոխարեն այսօր հաճույքով ,,պատճեն,, բառը փոխարինել են ,,քոփիփասթ,,-ով։ Լավ, ռուսերեն ,,կոպիա,, բառից հրաժարվեցիք՝ ճիշտ արեցիք, բա ինչու՞ անգլահունչ ու մեզ համար այդ խորթ բառը ներմուծեցիք՝ անգամ չհիշելով մեր գեղեցիկ ,,պատճեն,,։ Դե եթե ուզում եք հայ մնալ, մի խճճվեք այլ լեզուների լաբիրինթոսում։ Մեր լեզուն այնքան հարուստ բառաֆոնդ ունի, որ ուրիշներին էլ կբավի։
Ո՞ր մի բառին անդրադառնաս… ԱվԻրել, հաՅրուր, նախագԱ, մեխկել (խղճալ), ծնունդՏ, բաՌադի, յաբախտի, բիթում, հավայի…
Գուցե նաև սա է պատճառը, որ այսօր մեր երկիրն է՞լ ,,հավայի,, վիճակում է։ Չէ՞ որ լեզուն, ինչպես ասացինք, մտածողություն է ձևավորում։ Ասել է թե՝ ինչպես խոսում ենք, այնպես էլ մտածում ենք։ Ինչպես մտածում ենք, այնպես էլ գործում ենք։ Տեսնու՞մ եք, թե որպիսի սերտ կապ կա լեզվի, մտածողության ու գործելակերպի միջև։ Զարմանալի գրոհներ են կատարվում մեր լեզվի նկատմամբ։
Բանասիրական կրթությամբ մի ընկեր սոցցանցում առաջարկում էր հայերենի այբուբենից հանել 11 տառ։ Տվայտանքի էր նման և մտածեցի, որ դա, իհարկե, կողմնակիցներ չի ունենա։ Սակայն վերջերս նկատեցի, որ մեր գրավոր խոսքում բացակայում են որոշ հնչյուններ… Մի զարմացեք, ես չեմ կատակում։ Օգտվելով այն բանից, որ մեր բաղաձայնների եռաստիճանան համակարգը բավական հարուստ է (բգդձջ, պկտծճ, փքթցչ, վղզժ, ֆխսշհ, մնլրռյ), չգիտեմ հայրենասեր երևալու՞ մղումով, թե՞ հայերենում ռուսերենի թվացյալ հնչյուններից հրաժարվելու նպատակով շատերը դադարել են գործածել մեսրոպյան որոշ բաղաձայններ։ Այսպես, ,,տ,,-ին փոխարինել է ,,թ,,-ն, ,,կ,,-ն տեղը զիջել է ,,ք,,-ին, ,,փ,,-ն հաջողությամբ դուրս է մղել ,,պ,,-ին և այլն։ Մենք ե՞րբ ենք ֆուտբոլին ,,ֆութբոլ,, ասել, որ հիմա ասում ենք։ Լավ է, որ այդպես ասողները չգիտեն, որ ,,ֆ,,-ն Մեսրոպի հորինածը չէ, թէ չէ հաստատ ,,փութբոլ,, կասեին։ Երբ լսում եմ ,,հիփոթեք,, բառը, այն տպավորությունն եմ ունենում, թե խոսակցս ադրբեջանցի է։ Այսպիսով, ,,տ,, բաղաձայնը դարձրինք ,,թ,, և ,,սուտ,,-ը դարձավ ,,սութ,, , ,,պատեպատ,,-ը վերածվեց ,,պաթեպաթ,,-ի (կամ ՝փաթեփաթ-ի), ,,պատճեն,,-ը դարձավ ,,քոփիփասթ,, և էլի քանի-քանի բառեր ու բաղաձայններ փոխեցին իրենց կերպն ու հնչողությունը։ Զարմանալի է, որ ,,տեքստ,, փոխառությունը պահպանել է իր ծննդյան վկայականը, իսկ ,,տեստ,,-ը դարձել է ,,թեսթ,,։ Նոր լեզու ենք արմատավորում մեզանում։ Եվ հիմա ահով սպասում եմ, որ շուտով ,,ծ,,-ին փոխարինելու կգա ,,ց,,-ն, քանի որ ռուսերենի ,,ть,,-ն շատ է հիշեցնում մեր ծ-ին, որից հետո մեր ,,ծիծեռնակ,,-ը կդառնա ,,ցիցեռնակ,, , ,,ծիծաղախիտ,,-ը կդառնա ,,ցիցաղահիթ,, , «ծռել,,-ը կդառնա… (մաղայ աստծու), ,,ծռտել,,-ը կլինի ,,ցռթել,, , ,,ծավի,,-ն կվերածվի ,,ցավի,,… Եվ այսպիսի ցավով էլ մի օր կնկատենք, որ մեր հրաշալի այբուբենը աղքատացել, նիհարել է, իսկ երբեմնի գեղեցիկ լեզուն իր ,,փքթ,,-ներով կոշտացել ու գռեհկացել է տհաճության աստիճան։
Ինչպես գիտեք, սեռական հոլովն ունի 8 հոլովիչներ՝ ի, ու, ան, յան, ոջ, ո, վա, ց։ Գոյականների զգալի մասը սեռականում ենթարկվում է ,,ի,, արտաքին հոլովման. գնդակ-գնդակի, քար-քարի, հարս-հարսի, գիրք-գրքի և այլն։
,,Ի,, հոլովական վերջավորություն է ստանում նաև ՊԱՊ բառը։ Բայց, չգիտես ինչու, հատկապես մայրաքաղաքում, առհասարակ Արարատյան դաշտի բնակավայրերում, ընդունված է ՊԱՊ բառի սեռականին ավելացնել ,,ու,, վերջավորությունը։ Ստացվում է այսպիսի պատկեր. պապուս, պապուդ, պապու… պապուպցս, պապուցդ, պապուցը… Ասացեք, խնդրեմ, ձեր ականջը չի՞ սղոցում նման խոսելաձևը։ Զարմանալ կարելի է. մի՞թե այսպես խոսողները դպրոց չեն հաճախել։ Որքա՞ն կարելի է ասել՝ պետք է ճիշտ խոսել, ճիշտ կիրառել հոլովական վերջավորությունները, դիմորոշ հոդերը, որպեսզի չընկնեք այսպիսի հիմար կացության մեջ։
Իսկ լրատվամիջոցների որդեգրած լեզու՛ն։ Երբ սկսում ես ընթերցել ներքաղաքական թեմայով գրված որևէ լրատվություն, այն տպավորությունն ես ստանում, թե արտաքին իմաստի տակ թաքնված է գաղտնի մի հաղորդագրություն, որն ուղղված է կոնկրետ ռեզիդենտի, ով, գործի դնելով իր ճկուն միտքն ու կարողությունը, պետք է վերծանի այն։ Օրինակ. ,,Վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել են ՀԿԿ-ԲԿԿ-ների գործողությունները։ Այդ ֆոնի վրա շատացել են ՃՏՊ-ները, իսկ ԶԼՄ-ները շարունակում են եռանդուն գրոհները ՀՀԿ, ՀԱԿ, ՀԺԿ-ների նկատմամբ։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը երկարաձգել է խաղաղարարների մանդատը…,, և այլն, և այլն։ Իհարկե, գիտենք, որ հայերենի բառերի մի զգալի մասը երկարաշունչ են, քանզի, առավել ևս բարդ բառերը, շաղկապվում են ,,ա,, հոդակապով։ Բայց դա չի նշանակում լեզուն աղավաղել այնպես, որ ընթերցողը գլուխ կոտրի գրածը հասկանալու համար։ Մեր լեզուն ճկուն է, խոսքաշեն, և բնավ կարիք չկա այն գռեհկացնելու, նախադասությունների մեջ հապավումների այնպիսի կուտակում ստեղծելու, որ ակամայից հայտնվես անհասկանալի բառերի լաբիրինթոսում։ Այսպիսի ասացվածք կա՝ ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։ Ճիշտ այդպես էլ կարելի է ասել՝ մի երկու խոսք ասա, և կասեմ ով ես դու։
Ինչու՞ է այսպես։ Ինչու՞ է գրական լեզվով խոսելը դարձել ամոթալի կամ հեգնելի, ինչու՞ գրավոր խոսքում ,,Է,, օժանդակ բայն այդպես էլ վերացավ ՝ տեղը զիջելով ,,ա,,-ին (ասում ա, խոսում ա, գալիս ա, գնում ա)։ Ախր ,,ա,,-ն մեր լեզվում այլ գործառույթ է իրականացնում ՝ այն հոդակապ է։ Կամ ինչու՞ այդպես էլ հնարավոր չեղավ մարդկանց հասկացնել, թե ինչպես պիտի օգտագործվեն դիմորոշ հոդերը (ս, դ, ը, ն)։ Ինչու՞ պետք է ասել՝ ու՞մՆ են դիմավորում, ու՞մՆ են պատկանում… Ինչու՞ պետք է ասել՝ ոչ մեկ(ը) չգիտի, ոչ մեկ(ը) չի հասկանում, ինչու պետք է ,,խփվելու,, փոխարեն ասել՝ ,,խփնվել,,… Էլ չեմ խոսում դերանունների մասին՝ էսի, էդի, էնի…
Երբ այս մասին մի առիթով զրուցում էի երևանաբնակ մի ընկերոջ հետ, մի տեսակ հեգնախառն նետեց՝ իսկ գյուղերում լա՞վ են խոսում… Այո՛, հարգելիներս, գյուղերում լավ են խոսում, նրանք խոսում են իրենց լեզվով, խոսում են բարբառով, պահպանում են բարբառները, խոսվածքները, իսկ առանց դրանց գրական լեզուն զարգացում ապրել չի կարող։ Իզուր չի ասվում, թե բարբառները մայր գետը սնուցող վտակներն են։
Խորհրդային երկրի անկումից հետո ցավալիորեն բեկվել էր մեր ժողովրդի հոգեբանությունը։ Անկախության պարգևած հոգեցունց բերկրանքի՞, թե՞ երկրի իշխանությունների վարած ոչ ազգամետ քաղաքականության հետևանքով 25 տարի շարունակ շատ կարևոր արժեքներ մատնվեցին անուշադրության։ Դրա հետ նաև իջավ կրթական մակարդակը։ Եթե մինչ այդ մեր երկիրը համարվում էր գրագիտության ամենաբարձր աստիճանին կանգնած հանրապետություններից մեկը, թերևս նաև ամենաընթերցասերը ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից, ապա այսօր պատկերը միանգամայն փոխվել է։ Հուսանք, որ երկրում կատարված թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունների ամենօրյա հոգածության ներքո կգտնվեն նաև լեզվի հետ կապված խնդիրները։
Ազգը փրկում են ոչ միայն հրազենով, այլ նաև լեզվի պահպանմամբ։ Լեզուն, հիրավի, մտածողություն է ձևավորում, ուստի պետք է խոսել ճիշտ, մտածել ճիշտ, և գործելակերպն էլ կգտնի իր ճիշտ ուղին։